ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏԵԱՆ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ

Հ. Յովհաննու Զօհրապեան վարդապետ

ԱՌ ՏԻՄՈԹԷՈՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ[4964]

1
Գլուխ Ա

գկ 1 Պաւղոս առաքեալ Յիսուսի Քրիստոսի կամօքն Աստուծոյ, ըստ աւետեա՛ց կենացն որ ՚ի Քրիստոս Յիսուս[4965]. 2 Տիմոթեայ որդւոյ սիրելւոյ, շնորհք ողորմութիւն, եւ խաղաղութիւն յԱստուծոյ Հօրէ՝ եւ ՚ի Քրիստոսէ Յիսուսէ Տեառնէ մերմէ։

Ա 3 Շնո՛րհ ունիմ Աստուծոյ զոր պաշտեմն ՚ի նախնեաց մտօ՛ք սրբովք, իբրեւ զի անպակա՛ս ունիմ զքէն յիշատակ յաղօ՛թս իմ. զցայգ եւ զցերեկ 4 ցանկացեա՛լ եմ տեսանել զքեզ, յիշատակեալ զարտասուսն քո, զի լցա՛յց ուրախութեամբ[4966]. 5 զմտաւ ածեալ զանխի՛ղճ հաւատսն որ են ՚ի քեզ. որ յառաջագոյն բնակեցաւ ՚ի հանո՛յ քում Լաւոդեայ, եւ ՚ի մօ՛ր քում Եւնիկեայ. հաստատեա՛լ եմ թէ եւ ՚ի քե՛զ է[4967]։ 6 Վասն որոյ յիշեցուցանեմ քեզ արծարծե՛լ զշնորհսն Աստուծոյ՝ որ են ՚ի քեզ ՚ի ձեռնադրութենէ իմմէ։ 7 Զի ո՛չ ետ մեզ Աստուած հոգի վհատութեան, այլ զօրութեա՛ն, եւ սիրոյ, եւ զգաստութեան։ 8 Մի՛ այսուհետեւ ամօթ համարիցիս զվկայութիւնն Տեառն մերոյ, եւ մի՛ զիս զկապեալ նորա. այլ կցո՛րդ լեր չարչարանաց աւետարանին՝ ըստ զօրութեանն Աստուծոյ[4968], 9 որ փրկեացն զմեզ, եւ կոչեաց ՚ի կոչումն սուրբ. ո՛չ ըստ գործոց մերոց, այլ ըստ իւրում յառաջադրութեանն, եւ շնորհացն որ տուաւ մեզ ՚ի Քրիստոս Յիսուս՝ յառաջ քան զժամանակսն յաւիտենից[4969]։ գդ 10 Բայց յայտնեցա՛ւ այժմիկ՝ յերեւել Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի. որ խափանեաց զմահ՝ եւ լուսաւո՛ր արար զկեանս եւ զանեղծութիւն ՚ի ձեռն աւետարանին. 11 որոյ եդայ ես քարո՛զ եւ առաքեալ՝ եւ վարդապետ հեթանոսաց[4970]։ 12 Վասն որոյ եւ զայս չարչարանս կրեմ, այլ ո՛չի՛նչ ամօթ համարիմ. քանզի գիտե՛մ յո հաւատացեալն եմ. եւ հաստատեալ եմ, թէ կարօղ է զաւանդն իմ պահե՛լ յաւուրն յայն[4971]։ 13 Ունիցի՛ս օրինակ ողջմտութեան բանիցն զորս յինէն լուար, հաւատո՛վք եւ սիրով որ ՚ի Քրիստոս Յիսուս[4972]։ 14 Զբարւոք աւանդն պահեսջի՛ր ՚ի ձեռն Հոգւոյն Սրբոյ ՚ի մեզ բնակելոյ[4973]։

Բ 15 Զա՛յս գիտասջիր՝ զի մեկնեցան ՚ի մէնջ ամենեքին՝ որ էին յԱսիա, որոց սակի՛ են Փիգելո՛ս եւ Հերմոգենէս[4974]։ 16 Տացէ Աստուած ողորմութիւն տանն Ոնեսիփորայ. զի բազո՛ւմ անգամ հանգոյց զիս, եւ զկապանս իմ ո՛չ ամօթ համարեցաւ. 17 այլ իբրեւ եկն ՚ի Հռովմ, պնդագո՛յնս խնդրեաց զիս՝ եւ եգիտ. 18 տացէ նմա Տէր ողորմութի՛ւն գտանել ՚ի Տեառնէ յաւո՛ւրն յայնմիկ. եւ որչափ ինչ միանգամ յԵփեսոս սպա՛ս կալաւ ինձ, զայն դո՛ւ ինքնին քաջ գիտես[4975]։

2
Գլուխ Բ

1 Այլ դու որդեա՛կ իմ զօրացի՛ր շնորհօքն՝ որ ՚ի Քրիստոս Յիսուս։ 2 Եւ զոր լուար յինէն բազում վկայիւք, զայն աւանդեսցես հաւատարիմ մարդոց, որք բաւական իցեն եւ զա՛յլս ուսուցանել[4976]։

Գ գզ 3 Վշտակի՛ց լեր իբրեւ զբարւոք զինուոր Քրիստոսի Յիսուսի[4977]։ 4 Ո՛չ ոք զինուորեալ աստէն ընդ կեանս աշխարհիս պատաղի, եթէ զօրավարին հաճո՛յ լինիցի[4978]։ 5 Եւ եթէ մարտիկ ոք իցէ՝ ո՛չ պսակի եթէ ոչ ըստ օրինին մարտիցէ։ 6 Եւ հողագործին աշխատելոյ, պարտ է նախ ՚ի պտղոյն վայելե՛լ։ 7 Իմա՛ց զինչ ասեմս. տացէ՛ քեզ Տէր իմաստութի՛ւն յամենայնի[4979]։

Դ 8 Յիշեա՛ զՔրիստոս Յիսուս յարուցեալ ՚ի մեռելոց՝ ՚ի զաւակէ Դաւթի, ըստ աւետարանիս իմում[4980]. 9 յորում չարչարիմ կապանօք չափ իբրեւ զչարագործ. այլ բանն Աստուծոյ՝ ո՛չ եթէ կապեալ իցէ[4981]։ 10 Վասն այնորիկ ամենայնի համբերեմ վասն ընտրելոցն, զի եւ նոքա փրկութեանն հասանիցեն՝ որ ՚ի Քրիստոս Յիսուս երկնաւոր փառօքն հանդերձ[4982]։ 11 Հաւատարի՛մ է բանս. զի եթէ ընդ նմա մեռաք, ընդ նմին եւ կեցցո՛ւք[4983]. 12 եթէ համբերեմք, ընդ նմին եւ թագաւորեսցո՛ւք. եւ եթէ ուրանամք՝ եւ նա՛ ուրանայ զմեզ[4984]. 13 եւ եթէ չհաւատամք, նա հաւատարի՛մ մնայ, ուրանալ զանձն իւր ո՛չ կարէ[4985]։

Ե Կիր 14 Զայս յո՛ւշ արասջիր՝ վկայութիւն եդեալ առաջի Աստուծոյ. մի՛ բանակռի՛ւ լինել յոչինչ պէտս ՚ի կործանումն լսողաց։ 15 Փութացի՛ր զանձն քո ընտի՛ր կացուցանել առաջի Աստուծոյ, մշակ առանց ամօթո՛յ. ուղի՛ղ համառօտել զբանն ճշմարտութեան[4986]։ 16 Այլ ՚ի պղծոց եւ ՚ի սնոտի խօսից մերժեսջի՛ր. զի առաւել յառաջ գայցեն յամպարշտութիւնս[4987]. 17 եւ բանք նոցա իբրեւ զքաղցկե՛ղ ճարակ գտանեն. որոց սակի՛ են Հիմենոս՝ եւ Փիլետոս[4988]. 18 որք վրիպեցան ՚ի ճշմարտութենէն, եւ ասեն եթէ յարութիւն մեռելոց արդէ՛ն իսկ եղեալ է. եւ կործանե՛ն զհաւատս ոմանց[4989]։ 19 Այլ հաստատուն հիմն Աստուծոյ կայ եւ ունի՛ զկնի՛քս զայս, թէ. Ծանեաւ Տէր զայնոսիկ՝ որ ի՛ւրն են։ Եւ. ՚Ի բա՛ց լիցի յանիրաւութենէ՝ ամենայն որ անուանէ զանուն Տեառն[4990]։ 20 Այլ ՚ի տա՛ն մեծի ո՛չ միայն են անօթք ոսկեղէնք եւ արծաթեղէնք, այլ եւ փայտեղէնք եւ խեցեղէնք. են որ ՚ի պատուի՛ են, եւ են որ յանարգութեան[4991]։ 21 Եթէ ոք սրբեսցէ զանձն իւր յայնպիսեա՛ց անտի, եղիցի անօթ պատուակա՛ն, սրբեա՛լ եւ պիտանի՛ Տեառն իւրում՝ յամենա՛յն գործս բարութեան պատրաստեալ։ 22 Այլ յերիտասարդական ցանկութեանցն փախի՛ր. եւ երթ զհետ արդարութեան, զհաւատոց, զսիրո՛յ, զխաղաղութեա՛ն, զսրբութեա՛ն, ընդ այնոսիկ որ կարդան զանուն Տեառն սուրբ սրտիւք[4992]։ 23 Այլ ՚ի յիմա՛ր եւ յանխրատ խնդրոց հրաժարեա՛. գիտասջի՛ր՝ թէ անտի ծնանին կռիւք[4993]. 24 բայց ծառայի Տեառն ո՛չ է պարտ կռուել, այլ հե՛զ լինել առ ամենեսեան, ուսուցի՛չ, անոխակա՛լ[4994]. 25 հանդարտութեամբ խրատել զհակառակօղսն. թերեւս տացէ նոցա Աստուած ապաշխարութիւն՝ ՚ի գիտութիւն ճշմարտութեան[4995]. 26 եւ սթափեսցի՛ն յորոգայթից Սատանայի, որսացեա՛լք ՚ի նմանէ ՚ի նորա կամսն[4996]։

3
Գլուխ Գ

Զ Կիր 1 Զա՛յս գիտասջիր, եթէ յաւուրս յետինս եկեսցեն ժամանակք չա՛րք[4997]. 2 զի եղիցին մարդիկ անձնասէ՛րք, արծաթասէ՛րք, հպա՛րտք, ամբարտաւա՛նք, հայհոյի՛չք, անհաւա՛նք ծնողաց, անշնո՛րհք, անսո՛ւրբք[4998], 3 աննուէ՛րք, անգո՛ւթք, բանսարկո՛ւք, անժո՛յժք, վէ՛սք, անբարեսէրք, 4 մատնի՛չք, յանդգո՛ւնք, ամպարհաւա՛ճք. ցանկասէրք՝ մանաւանդ քան աստուածասէրք[4999]. 5 որ ունիցին զկերպարա՛նս աստուածպաշտութեան, եւ ՚ի զօրութենէ անտի նորա ուրացեա՛լ իցեն. եւ խորշեսջի՛ր ՚ի նոցանէ[5000]։ 6 Զի ՚ի նոցանէ՛ են՝ որ մտանեն տանէ ՚ի տուն, եւ գերեն զկանա՛յս շեղջակուտեալս մեղօք, վարեալս ՚ի պէսպէ՛ս ցանկութիւնս[5001]. 7 որ յամենայն ժամ ուսանին, եւ երբէք ՚ի գիտութիւն ճշմարտութեան ո՛չ հասանեն[5002]։ 8 Այլ որպէս Յանէսն եւ Յամրէս հակառակ կացին Մովսիսի. նո՛յնպէս եւ սոքա հակառա՛կ կան ճշմարտութեանն. մարդք ապականեա՛լք մտօք, անպիտա՛նք ՚ի հաւատս[5003]։ 9 Այլ ո՛չ երբէք գայցեն յառաջ ՚ի լա՛ւ անդր. քանզի անմտութիւն սոցա յայտնի՛ լիցի ամենեցուն, որպէս եւ նոցա՛յն իսկ եղեւ[5004]։

Է 10 Այլ դու զհե՛տ եկիր վարդապետութեան իմոյ, առաջնորդութեան, յօժարութեան, հաւատո՛ց, երկայնմտութեա՛ն, սիրո՛յ, համբերութեան[5005], 11 հալածանա՛ց, չարչարանա՛ց. որպիսիք եղե՛ն ինձ յԱնտիոք, եւ ՚ի յԻկոնիոն, եւ ՚ի Լիւստրոս. որպիսի հալածանաց համբերի, եւ յամենայնէ փրկեա՛ց զիս Տէր[5006]։ 12 Եւ ամենեքին որ կամիցին աստուածպաշտութեամբ կեալ ՚ի Քրիստոս Յիսուս, ՚ի հալածա՛նս կացցեն[5007]։ 13 Այլ մա՛րդք չարք եւ կախարդք, յառա՛ջ եկեսցեն ՚ի չար անդր. մոլորեալք՝ եւ մոլորեցուցանիցե՛ն։ 14 Այլ դու՝ հաստատո՛ւն կաց յոր ուսարդ, եւ հաւատարի՛մ եղեր. գիտե՛ս ուստի ուսար[5008]. 15 զի ՚ի մանկութենէ՛ զգիրս սուրբս գիտես, որ կարօղ են իմաստուն առնել զքեզ ՚ի փրկութիւն՝ ՚ի ձե՛ռն հաւատոցն որ ՚ի Քրիստոս Յիսուս[5009]։ դշ 16 Ամենա՛յն գիրք Աստուածաշունչք եւ օգտակարք, ՚ի վարդապետութիւն են՝ եւ ՚ի յանդիմանութիւն, եւ յուղղութիւն, եւ ՚ի խրա՛տ արդարութեան[5010]. 17 զի կատարեալ իցէ մարդն Աստուծոյ, յամենայն գործս բարութեան հաստատեալ[5011]։

4
Գլուխ Դ

Ը 1 Զա՛յս վկայութիւն դնեմ առաջի Աստուծոյ, եւ Յիսուսի Քրիստոսի, որ դատելո՛ց է զկենդանիս եւ զմեռեալս ՚ի յայտնութեա՛ն իւրում եւ յարքայութեան[5012]. 2 եւ դու քարոզեա՛ զբանն, հա՛ս ՚ի վերայ ժամու եւ տարաժամու, յանդիմանեա՛, սաստեա՛, մխիթարեա՛, ամենայն երկայնմտութեամբ եւ վարդապետութեամբ։ 3 Քանզի եկեսցէ ժամանակ՝ զի ողջմտութեան վարդապետութեանն ո՛չ անսայցեն. այլ ըստ իւրաքանչի՛ւր ցանկութեանց կուտեսցեն իւրեանց վարդապե՛տս՝ ըստ մարմաջելոյ լսելեա՛ց իւրեանց[5013]. 4 եւ ՚ի ճշմարտութենէ անտի դարձուցանիցեն զլսելիս՝ եւ յառասպե՛լս կործանեսցին[5014]։ 5 Այլ դու՝ զուա՛րթ կաց յամենայնի, ճգնեա՛ց, զգործս աւետարանչի գործեա. զպաշտօնդ քո կատարեալ կալ[5015]։

Թ 6 Զի ես՝ այսուհետեւ նուիրեա՛լ եմ, եւ ժամանակ դարձի իմոյ հասեա՛լ կայ։ 7 Զբարւոք պատերազմ պատերազմեցա՛յ, զընթացսն կատարեցի՛, զհաւատսն պահեցի՛։ 8 Այսուհետեւ կայ մնայ ինձ արդարութեան պսակն, զոր հատուսցէ՛ ինձ Տէր յաւուր յայնմիկ արդարն Դատաւոր. ո՛չ միայն ինձ, այլ եւ ամենեցո՛ւն որ սիրեցին զյայտնութիւն նորա։ զշ Փութասջի՛ր գալ առ իս վաղվաղակի[5016]. 9 զի Դեմաս եթող զիս՝ եւ սիրեաց զաշխարհ, եւ գնա՛ց ՚ի Թեսաղոնիկէ[5017]. 10 Կրեսկէս՝ ՚ի Գալիլեա, Տիտոս ՚ի Դաղմատիա՛[5018]. 11 Ղուկաս միայն է ընդ իս։ ԶՄարկոս առեալ ընդ քեզ ածիցես, զի է ինձ պիտանի ՚ի սպասաւորութիւն։ 12 ԶՏիւքիկոս առաքեցի՛ յԵփեսոս։ 13 ԶՓիլոնն թողի՛ ՚ի Տրովադայ առ Կարպիոսի. յորժամ գայցես՝ բերջի՛ր եւ զգիրսն, մանաւանդ զմատեանսն[5019]։ 14 Աղէքսանդրոս բազում չարչարանս եցոյց ինձ. հատուսցէ՛ նմա Տէր ըստ գործս նորա[5020]։ 15 Յորմէ եւ դո՛ւ անձնապա՛հ լինիջի՛ր. զի շա՛տ հակառակ եկաց բանից մերոց[5021]։ 16 Յառաջնում ատենին, ո՛չ ոք ինձ ՚ի թիկունս եկաց, այլ ամենեքի՛ն թողին զիս. մի՛ համարեսցի նոցա այն[5022]։ 17 Այլ Տէր օգնեա՛ց ինձ եւ զօրացո՛յց զիս, զի ինեւ՛ քարոզութիւնն հաստատեսցի, եւ լուիցե՛ն ամենայն հեթանոսք. եւ ապրեցա՛յ ե՛ս ՚ի բերանոյ առիւծուն[5023]։ 18 Փրկեսցէ՛ զիս Տէր յամենայն գործոց չարեաց, եւ զերծուսցէ՛ զիս յարքայութիւն իւր որ յերկինս է, որում փա՛ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն[5024]։ 19 Ողջո՛յն տաջիր Պրիսկեա՛յ եւ Ակիւղեայ, եւ Ոնիսիփորայ տանն[5025]։ 20 Երաստոս մնաց ՚ի Կորնթոս. զՏրոփիմոս թողի՛ ՚ի Մելիտոս հիւանդագին։ 21 Փութասջի՛ր յառաջ քան զձմեռն գալ։ Ողջո՛յն տան քեզ Եւբուղոս եւ Պուդէս եւ Ղինոս եւ Կղաւդիա, եւ եղբարք ամենեքեան[5026]։ 22 Տէր Յիսուս Քրիստոս ընդ ոգւոյդ քում։ Շնո՛րհք ընդ քեզ[5027]։

Առ Տիմոթէոս երկրորդ թուղթ, որ էր Եփեսացւոց եկեղեցւոյն եպիսկոպոս առաջին ձեռնադրեալ. գրեցաւ ՚ի Հռովմէ՝ յորժամ երկրորդ անգամ եկաց յատենի Պաւղոս առաջի Ներոնի կայսեր Հռոմայ։ Տունք ճհ̃[5028]։

[4964] ՚Ի վերնագրիս ոմանք. Թուղթ առ Տիմոթէոս երկրորդ։

[4965] Ոմանք. Պաւղոս կապեալ Յիսուսի Քրիստոսի։

[4966] Ոմանք. Յիշատակել զար՛՛։

[4967] Ոմանք. Զմտաւ ածել... ՚ի հանոյ քում Լաւոդիա եւ ՚ի մօր քո Եւնիկեայ, եւ հաստ՛՛։

[4968] Ոմանք. Զկապեալս նորա։

[4969] Ոմանք. Փրկեաց զմեզ... եւ շնորհաց, որ... զժամանակն յաւ՛՛։

[4970] Ոմանք. Յորոյ եղէ ես սպասաւոր եւ առաքեալ։

[4971] Բազումք. Պահել յաւրն յայն։

[4972] Ոմանք. Եւ սիրով ՚ի Քրիստոս Յիսուս։

[4973] Ոմանք. Աւանդդ պահեսջիր։

[4974] Ոմանք. Պիգեղոս եւ Հերմո՛՛։

[4975] Ոմանք. Յաւուր յայնմիկ, եւ որ ինչ յԵփեսոս։ Ոմանք. Ինքնին իսկ քաջ գի՛՛։

[4976] Ոմանք. Եւ զայլսն ուսու՛՛։

[4977] Ոմանք. Զինուոր Յիսուսի Քրիստոսի։

[4978] Ոմանք. Թէ զօրա՛՛... լիցի։

[4979] Ոմանք. Իմա՛ զինչ ասեմս։

[4980] Ոմանք. ԶՅիսուս Քրիստոս զյարուցեալն ՚ի մեռելոց։ Ոսկան. Աւետարանիս իմոյ։

[4981] Ոմանք. Չարչարիմս կապա՛՛։

[4982] Ոմանք. Համբերեմք վասն... փրկութեան հասանիցեն ՚ի Քրիստոս։

[4983] Ոմանք. Զի թէ ընդ նմին։

[4984] Ոմանք. Եւ եթէ համբե՛՛։

[4985] Ոմանք. Եւ թէ չհաւա՛՛։ Օրինակ մի. Ուրանալ զինքն ոչ կարէ։

[4986] Բազումք. Փութասջիր զանձն քո։

[4987] Ոմանք. ՚Ի պիղծ եւ ՚ի սնոտի։ Օրինակ մի. Յառաջագայցեն յամբա՛՛։

[4988] Ոմանք. Հիւմենոս եւ Փիղիտոս. եւ օրինակ մի. Հոմերոս եւ Փիլիտոս։

[4989] Ոմանք. ՚Ի ճշմարտութենէ, եւ ասեն թէ յա՛՛։

[4990] Ոմանք. Եթէ ծանեաւ Տէր... եւ ՚ի բաց լինի յանիրաւութենէ անտի։

[4991] Ոսկան. Մեծի ոչ են միայն։

[4992] Ոմանք. Ցանկութեանց փախի՛ր... սուրբ սրտիւ։

[4993] Ոմանք. Այլ յիմար... հրաժարեա՛ց, գիտացիր զի անտի։

[4994] Ոմանք. Առ ամենեսին։

[4995] Ոմանք. Խրատել զհակառակորդսն։ Օրինակ մի. Տէր Աստուած ապաշ՛՛. ՚ի գիտութիւն իմաստութեան։

[4996] Ոմանք. Որսացեալքն ՚ի նմանէ ՚ի նորա կամս։

[4997] Ոմանք. Գիտասջիք թէ յա՛՛... եղիցին ժամանակք։

[4998] Ոմանք. Անշնորհք, անսուրբք։

[4999] Ոմանք. Ամբարհաւաճք։

[5000] Ոմանք. Ուրացեալք են, եւ խորշիջի՛ր ՚ի նոցանէ։

[5001] Բազումք. Քանզի ՚ի նոցանէ են։ Ոմանք. Վարեալք ՚ի պէսպէս։

[5002] Ոմանք. Եւ երբեմն ՚ի գիտութիւն ճշմարտութեան։

[5003] Ոմանք. Նոյնպէս եւ նոքա հակա՛՛։

[5004] Ոմանք. Յառաջ գայցեն ՚ի լաւ... անմտութիւն նոցա յայտնի լինիցի ամե՛՛։

[5005] Օրինակ մի. Զհե՛տ եկ վարդա՛՛։

[5006] Ոմանք. Եւ յԻկոնիոն եւ ՚ի Լիստրոս... հալածանաց համբերէի. կամ՝ եւ համբերեցի, եւ յամենայնի փրկեաց։ Ուր Ոսկան. Եւ ՚ի Լիւստրայ։ Յայս համար՝ ամենայն գրչագիրք համաձայն մերումս ՚ի լուս՛՛. նշանակեն՝ զԹեկղի չարչարանսն ասէ։

[5007] Ոմանք. Եւ ամենեքեան... կալ ՚ի Քրիստոս Յիսուս, ՚ի հալածանս կայցեն։

[5008] Ոմանք. Յորս ուսարդ... ուստի ուսարդ։

[5009] Ոմանք. Որ կորողն է իմաս՛՛։

[5010] Ոմանք. Եւ յանդիմանութիւն։

[5011] Ոմանք. Զի կատարեալ լիցի։

[5012] Ոմանք. Եւ Քրիստոսի Յիսուսի որ դատելոցն է... ՚ի յայտնութեանն իւ՛՛։

[5013] Օրինակ մի. Ըստ մարմնաջելոյ լսելեաց։

[5014] Ոմանք. Դարձուցանեն զլս՛՛։

[5015] Ոմանք. Յամենայնի ճգնեա՛. զգործ աւետարանչին... զպաշտօն քո։

[5016] Ոմանք. Կայ եւ մնայ ինձ... ինձ յաւուրն յայնմիկ արդար Դատաւորն։ Ոսկան. Եւ ոչ միայն ինձ։

[5017] Ոմանք. Եւ սիրեաց զաշխարհս։

[5018] Յօրինակին. Կրկէս ՚ի Գալիլ՛՛։

[5019] Բազումք. Առ Կարպոսի. եւ ոմանք. Կարպոսիւ։ Յայս համար ամենայն գրչագիրք համաձայն մերումս ՚ի լուս՛՛. նշանակեն. Մատեանք էին Հրէիցն գալարելով. զայնմանէ ասէ։

[5020] Ոսկան յաւելու. Աղէքսանդրոս դարբին բազում չար՛՛։ Ոմանք. Տէր ըստ գործս նորա. եւ ոմանք. Տէր զգործս նորա։

[5021] Ոմանք. Բանից իմոց։

[5022] Ոմանք. Յառաջնումն ատենի։

[5023] Յօրինակին պակասէր. Ապրեցայ ես ՚ի բե՛՛։

[5024] Ոմանք. Եւ փրկեսցէ... գործոց չարաց։

[5025] Բազումք. Եւ Ոնեսիփորայ։

[5026] Յոմանս պակասի. Կղաւդիս, եւ եղբարք ա՛՛։

[5027] Ոսկան յաւելու. Ընդ քեզ. ամէն

[5028] ՚Ի վախճանի ոմանք. Առաջին ձեռնադրեալ եպիսկոպոս... կաց յատե՛՛... կայսեր Հոռոմոց։

Ցանկ

Նախորդ էջ Ցանկ Հաջորդ էջ