ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏԵԱՆ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ

Հ. Յովհաննու Զօհրապեան վարդապետ

ԱՌ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ[4615]

1
Գլուխ Ա

դկ 1 Պաւղոս եւ Սիղուանո՛ս եւ Տիմոթէոս՝ եկեղեցւոյդ Թեսաղոնիկեցւոց՝ յԱստուած Հա՛յր մեր, եւ ՚ի Տէր Յիսուս Քրիստոս[4616]։ 2 Շնո՛րհք ընդ ձեզ եւ խաղաղութի՛ւն յԱստուծոյ Հօրէ մերմէ, եւ ՚ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ։

Ա 3 Գոհանա՛լ պարտիմք զԱստուծոյ յամենայն ժամ վասն ձեր ե՛ղբարք՝ որպէս եւ արժան իսկ է. զի եւ՛ս քան զեւս աճեն հաւատքդ ձեր, եւ յաճախէ՛ սէր իւրաքանչի՛ւր ձեր ամենեցուն առ միմեանս[4617]։ 4 Որպէս եւ մեզ ձեւք պարծել յեկեղեցի՛սն Աստուծոյ՝ վասն համբերութեան ձերոյ եւ հաւատոց՝ յամենայն հալածանս ձեր եւ ՚ի նեղութիւնս, որում դո՛ւքն համբերէք[4618]. 5 յօրինա՛կ արդա՛ր դատաստանին Աստուծոյ. արժանի՛ լինել ձեզ արքայութեանն Աստուծոյ, վասն որոյ եւ զճգնութիւնդ կրէք[4619]. 6 եթէ պա՛րտ է առաջի Աստուծոյ՝ հատուցանել նեղչա՛ցն ձերոց նեղութիւն[4620]. 7 եւ ձեզ նեղելոցդ հանգի՛ստ ընդ մեզ՝ ՚ի յայտնութեանն Տեառն մերոյ Յիսուսի, յերկնից հրեշտակօք զօրութեան իւրոյ[4621]. 8 ՚ի բո՛ց հրոյ առնուլ զվրէժս յայնցանէ ոյք ո՛չ ճանաչեն զԱստուած, եւ որ ո՛չ հնազանդին աւետարանին Տեառն մերոյ Յիսուսի[4622]։ 9 Որք տայցեն վրէ՛ժս ՚ի սատակումն յաւիտենից՝ յերեսաց Տեառն՝ եւ ՚ի փառաց զօրութեան նորա[4623]. 10 յորժամ գայցէ փառաւո՛ր լինել ՚ի մէջ սրբոց իւրոց, եւ սքանչելի ՚ի մէջ ամենայն հաւատացելոց. զի հաւատարի՛մ եղեւ վկայութիւնն մեր ՚ի վերայ ձեր յաւուր յայնմիկ[4624]։ 11 Յոր եւ աղօթս առնեմք վասն ձեր յամենայն ժամ. զի զձեզ արժանիս արասցէ կոչմանն ձերում Աստուած, մինչեւ լցցէ՛ զամենայն հաճութիւն բարութեան, եւ զգո՛րծս հաւատոցն զօրութեամբ[4625]. 12 զի փառաւո՛ր լիցի անուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ՚ի ձեզ, եւ դուք ՚ի նմա, ըստ շնորհացն Աստուծոյ մերոյ եւ Տեառն Յիսուսի Քրիստոսի[4626]։

2
Գլուխ Բ

Բ դդ 1 Աղաչեմ զձեզ ե՛ղբարք՝ վասն գալստեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ մերոյ ժողովելոյն առ նա[4627]. 2 մի՛ վաղվաղակի խռովել ձեզ ՚ի մտաց՝ եւ մի՛ զարհուրել, մի՛ հոգւով, եւ մի՛ բանիւ, եւ մի՛ թղթովք՝ իբրեւ թէ ՚ի մէնջ. որպէս թէ եկեալ հասեալ իցէ օր Տեառն[4628]։ 3 Մի՛ ոք զձեզ խաբեսցէ՝ եւ մի՛ իւիք իրօք. զի եթէ ոչ նախ եկեսցէ ապստամբութիւնն, եւ յայտնեսցի մա՛րդն անօրէնութեան՝ որդին կորստեան[4629], 4 հակառակորդն հպարտացեա՛լ ՚ի վերայ ամենայնի՝ որ անուանեալ իցէ Աստուած՝ կամ պաշտօն. մինչեւ նստել նմա ՚ի տաճարին Աստուծոյ, եւ ցուցանել զանձն՝ թէ Աստուած իցէ[4630]։ 5 Ո՞չ յիշիցէք՝ զի մինչ առ ձե՛զն իսկ էի՝ ասէի զայս[4631]։ 6 Եւ արդ դո՛ւք ինքնին գիտէք զայն, որ ունին, յայտնե՛լ նմա յիւրում ժամանակի[4632]։ 7 Զի խորհուրդն անօրէնութեան արդէն իսկ զօրանա՛յ. բայց յայնժամ, մինչ ՚ի միջոյ բարձցի՛ որ այժմդ ունի[4633]։ 8 Եւ ապա՛ յայտնեսցի անօրէնն. զոր Տէր Յիսուս սատակեսցէ հոգւով բերանոյ իւրոյ, եւ խափանեսցէ յայտնութեամբ գալստեանն իւրոյ[4634]։ 9 Որոյ գալուստն ըստ ազդեցութեա՛ն Սատանայի է, ամենայն զօրութեամբ եւ նշանօք եւ արուեստիւք ստո՛վք, 10 եւ ամենայն պատրանօք անիրաւութեան ՚ի վերայ կորուսելոցն. փոխանակ զի զսէրն ճշմարտութեան ո՛չ ընկալան՝ զի ապրեսցին, եւ վասն այնորիկ առաքեսցէ նոցա Աստուած ազդեցութիւն մոլորութեան՝ հաւատալ նոցա ստութեանն[4635]. 11 զի դատապարտեսցի՛ն ամենեքեան որ ո՛չ հաւատացին ճշմարտութեանն, այլ հաճեցա՛ն ընդ անօրէնութիւնն[4636]։

Գ 12 Այլ մեք պարտիմք գոհանա՛լ զԱստուծոյ յամենայն ժամ՝ վասն ձեր եղբա՛րք սիրեցեալք ՚ի Տեառնէ. զի ընտրեաց զմեզ Աստուած իսկզբանէ ՚ի փրկութիւն՝ սրբութեամբ Հոգւոյն, եւ հաւատովքն ճշմարտութեան[4637]. 13 յոր եւ կոչեաց զձեզ աւետարանաւն մերով ՚ի փրկութիւն՝ փառացն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի[4638]։ 14 Այսուհետեւ ե՛ղբարք հաստատո՛ւն կացէք՝ եւ պի՛նդ կալարուք զաւանդութիւնսն՝ զոր ուսարուք, եթէ բանիւ, եւ եթէ թղթով մերով[4639]։ 15 Այլ ինքն Տէր մեր Յիսուս Քրիստոս, եւ Աստուած Հայր մեր, որ սիրեացն զմեզ՝ եւ ետ մեզ մխիթարութիւն յաւիտենի՛ց՝ եւ յոյս բարեաց շնորհօք[4640], 16 մխիթարեսցէ զսիրտս ձեր, եւ հաստատեսցէ՛ յամենայն բանս եւ ՚ի գործս բարութեան։

3
Գլուխ Գ

Դ դզ 1 Այսուհետեւ ե՛ղբարք՝ աղօ՛թս արարէք ՚ի վերայ մեր, զի բա՛նն Տեառն ընթանայցէ. եւ փառաւո՛ր լինիցի յամենայն տեղիս՝ որպէս եւ առ ձեզդ[4641]. 2 զի ապրեսցո՛ւք յանօրինաց եւ յանզգամա՛ց մարդոց. զի ո՛չ ամենեցուն են հաւատք[4642]։ 3 Այլ հաւատարիմ է Տէր, որ եւ հաստատեսցէ զձեզ, եւ պահեսցէ ՚ի չարէ անտի[4643]։ 4 Վստա՛հ եմք ՚ի ձեզ Տէրամբ, թէ զոր պատուիրեցաքն ձեզ, եւ առնէք՝ եւ առնիցէ՛ք[4644]։ 5 Այլ Տէր ուղղեսցէ՛ զսի՛րտս ձեր ՚ի սէրն Աստուծոյ՝ եւ ՚ի համբերութիւնն Քրիստոսի[4645]։

Ե 6 Պատուիրեմ ձեզ ե՛ղբարք՝ յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, խորշե՛լ ձեզ յամենայն եղբօրէ՝ որ ստահա՛կսն գնայցեն. եւ ո՛չ ըստ աւանդութեանն զոր ընկալարուք ՚ի մէնջ[4646]։ 7 Զի դուք ինքնի՛ն գիտէք՝ թէ ո՛րպէս պա՛րտ է ձեզ նմանել մեզ. զի ո՛չ երբէք ստահակեցաք առ ձեզ[4647]. 8 եւ ո՛չ ձրի զուրուք հաց կերաք. այլ ջանիւ եւ վաստակով զցայգ եւ զցերեկ գործեաք՝ վասն չծանրանալո՛յ ումեք ՚ի ձէնջ. 9 ո՛չ եթէ չունեաք իշխանութիւն. այլ զի զանձինս օրինա՛կ արասցուք ձեզ նմանօղս լինել մեզ[4648]։ 10 Քանզի մինչ առ ձեզն իսկ էաք՝ զայս պատուիրեաք ձեզ, թէ որ ո՛չն կամիցի գործել՝ եւ կերիցէ մի՛[4649]։ 11 Արդ՝ լսեմք զոմանց ՚ի ձէնջ՝ թէ ստահակութեա՛մբ գնան. գործ ինչ ո՛չ գործեն, այլ յուլացեա՛լք հետաքրքի՛րք շրջին[4650]։ 12 Այնպիսեացն պատուէր տամք՝ եւ աղաչեմք ՚ի Տէր Յիսուս Քրիստոս, զի հանդարտութեամբ գործեսցեն՝ եւ զիւրեա՛նց հաց կերիցեն[4651]։ 13 Այլ դուք ե՛ղբարք՝ մի՛ ձանձրանայք զբարիս գործել։ 14 Ապա եթէ ոչ ոք հնազանդեսցի բանիս մերում թղթովդ այդուիկ, դո՛ւք նշանակեսջի՛ք զնա. եւ մի՛ խառնակեսջիք ընդ նմա, զի պատկառեսցէ՛[4652]։ 15 Բայց մի՛ իբրեւ զթշնամի համարեսջիք, այլ խրատեսջի՛ք իբրեւ զեղբա՛յր[4653]։

Զ 16 Եւ ինքն Տէր խաղաղութեան, տացէ ձեզ խաղաղութիւն յամենայն ժամ յամենա՛յն իրս։ Տէր ընդ ամենեսին ընդ ձեզ։ 17 Ողջոյնս՝ իմո՛յ ձեռին Պաւղոսի է, որ է նշանակ յամենա՛յն թուղթս այսպէս գրեմ։ 18 Շնո՛րհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ամենեսին ձեզ[4654]։

Առ Թեսաղոնիկեցիս երկրորդ՝ գրեցաւ յԱթենայ։ Տունք ճզ̃[4655]։

[4615] ՚Ի վերնագրիս՝ ոմանք. Առ Թեսաղոնիկեցիս թուղթ երկրորդ։

[4616] Ոմանք. Սիւղուիանոս։

[4617] Ոմանք. Հաւատք ձեր... ամենեցուն ձեր։

[4618] Ոմանք. Որպէս եւ մեք ձեւք... յեկեղեցիս Աստուծոյ։ Ոսկան. Որոց դուքն համ՛՛։

[4619] Ոմանք. Արքայութեան Աստուծոյ... եւ զճգնութիւնսդ կրէք։

[4620] Ոմանք. Թէ պարտ է։

[4621] Ոմանք. ՚Ի յայտնութիւն Տեառն Յիսուսի։

[4622] Ոմանք. Վրէժս ՚ի նոցանէ որք... եւ ոչ հնա՛՛. Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։

[4623] Ոմանք. Որք տացեն վր՛՛... յերեսաց ահի Տեառն՝ եւ ՚ի։

[4624] Ոմանք. Վկայութիւն մեր... յաւուրն յայնմիկ։

[4625] Ոսկան յաւելու. Աստուած մեր մինչեւ լցցէ զամենայն զհաճութիւն։

[4626] Ոմանք. Փառաւոր լինիցի անուն։

[4627] Ոմանք. Աղաչեմ զձեզ... վասն գալստեանն Տեառն։

[4628] Ոմանք. Եւ մի՛ թղթով... իցէ օրն Տեառն։

[4629] Ոմանք. Զի թէ ոչ նախ։

[4630] Ոմանք. Նստեալ նմա ՚ի տաճարին, եւ... եթէ Աստուած իցէ։

[4631] Ոմանք. Ոչ յիշէք՝ զի մինչ առ ձեզն իսկ էաք՝ ասէաք։

[4632] Ոսկան. Որ ունի յայտնիլ յիւ՛՛։

[4633] Ոմանք. Բայց ցայն ժամ՝ մինչեւ ՚ի միջոյ։

[4634] Ոմանք. Հոգւով բերանով իւ՛՛... գալստեան իւ՛՛։

[4635] Ոմանք. Ապրեսցեն. վասն այնորիկ։

[4636] Ոմանք. Հաճեցան ընդ անիրաւութիւնն։

[4637] Ոմանք. Սրբութեան Հոգւոյն, հաւատովք ճշմարտութեամբ։

[4638] Ոմանք. Աւետարանաւ մերով։

[4639] Ոմանք. Զաւանդութիւնն զոր... եւ եթէ թղթովք մերովք։

[4640] Ոսկան. Եւ Աստուած եւ Հայր մեր։

[4641] Ոմանք. Եւ ՚ի մեր վերայ... եւ փառաւոր լիցի... եւ առ ձեզ։

[4642] Օրինակ մի. Յանօրինաց եւ յապստամբաց մարդոց։

[4643] Ոմանք. Այլ եւ հաւատարիմ է Աստուած որ հաստատեսցէ զձեզ, եւ պահեսցէ զձեզ ՚ի։

[4644] Ոմանք. Վստահ եմ ՚ի ձեզ Տէրամբ՝ եթէ զոր... ձեզ, առնէք եւ։

[4645] Ոմանք. Ուղղեսցէ զձեզ ՚ի... եւ ՚ի համբերութիւն Քրիստոսի։

[4646] Ոմանք. Ստահակն գնայցեն։

[4647] Ոմանք. Եթէ որպէս պարտ իցէ ձեզ նմա՛՛։ Այլք. Եւ ոչ երբէք ստա՛՛։

[4648] Ոմանք. Ոչ թէ չունէաք... նմանողք լինել մեզ։

[4649] Բազումք. Քանզի մինչդեռ առ ձեզ։ Ոմանք. Եթէ որ ոչ... գործել, կերիցէ մի։

[4650] Բազումք. Յուլացեալ հետաքրքիր շրջին։

[4651] Ոմանք. Պատուէր տամ եւ աղաչեմ ՚ի Տէր Յիսուս, զի... գործիցեն։

[4652] Ոմանք. Ապա թէ ոք ոչ հնա՛՛... Եւ մի՛ խառնեսջիք ընդ։

[4653] Օրինակ մի. Համարիցիք. այլ մխիթարեսջիք իբրեւ։

[4654] Ոսկան յաւելու. Ընդ ամենեսին ձեզ. ամէն։

[4655] Ամենայն գրչագիրք մեր՝ ընդ Հելլենական հնագոյն եւ ընտրելագոյն օրինակաց՝ աստանօր յետ Երկրորդ Թեսաղոնիկեցւոցն կարգեն զԹուղթն առ Եբրայեցիս. եւ ապա Առ Տիմոթէոս Առաջին, եւ այլն. աւարտեալ զչորեքտասան թուղթսն առաքելոյն Թղթովն Փիլիմոնի։ Ուր Ոսկան ըստ կարգի Լատինականին՝ հուսկ յետոյ եթող զԹուղթն առ Եբրայեցիս։

Ցանկ

Նախորդ էջ Ցանկ Հաջորդ էջ