ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏԵԱՆ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ

Հ. Յովհաննու Զօհրապեան վարդապետ

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՆԱՒՈՒՄԱՅ[10676]

1
Գլուխ Ա

1 Առած Նինուէի։ Գիրք տեսլեան Նաւումայ Եղկէսացւոյ[10677]։

Ա 2 Աստուած նախանձո՛տ՝ եւ վրէժխնդիր Տէր, վրէժխնդիր է Տէր բարկութեամբ. եւ խնդրէ Տէր վրէ՛ժ ՚ի հակառակորդաց իւրոց. եւ բառնա՛յ ինքն զթշնամիս իւր[10678]։ 3 Տէր երկայնամիտ՝ եւ մե՛ծ է զօրութիւն նորա. եւ արդարացուցանելով ո՛չ արդարացուցանէ Տէր. վախճանա՛ւ եւ շարժմա՛մբ է ճանապարհ նորա. հողմ երիվար նորա, եւ ամպք փոշի ոտի՛ց նորա[10679]։ 4 Սաստէ՛ ծովու՝ եւ ցամաքեցուցանէ զնա. եւ զամենայն գետս աւերէ. նուազեաց Բասանացին եւ Կարմելոս. եւ ամենայն ծաղիկք Լիբանանու պակասեցին[10680]։ 5 Լերինք շարժեցա՛ն ՚ի նմանէ, եւ բլուրք սասանեցա՛ն. խախտեցա՛ւ երկիր յերեսաց նորա, եւ համօրէն ամենայն բնակիչք նորա։ 6 Առաջի բարկութեան նորա ո՛ հանդարտեսցէ, եւ ո՞ կայցէ ընդդէմ բարկութեան սրտմտութեան նորա. սրտմտութիւն նորա հալէ զիշխանութիւնս. եւ վէմք խորտակեցան ՚ի նմանէ[10681]։ 7 Քա՛ղցր է Տէր որոց սպասեն նմա յաւո՛ւր նեղութեան. եւ ճանաչէ զերկիւղածս իւր։ 8 Եւ հեղեղաւ ճանապարհաց արասցէ վախճա՛ն յարուցելոց ՚ի վերայ. եւ զթշնամիս նորա խաւա՛ր հալածեսցէ[10682]։ 9 Զինչ խորհի՛ք զՏեառնէ, կատարած ինքն արասցէ. եւ ո՛չ խնդրեսցէ կրկին զնոյն վրէժխնդրութիւն ՚ի նեղութեան։ 10 Զի մինչեւ ՚ի հիմն իւրեանց խոպանասցին. իբրեւ զգեղձ պատեալ կերիցի. եւ իբրեւ զեղէգն լի երաշտութեամբ։ 11 ՚Ի քէ՛ն ելցէ խորհուրդ զՏեառնէ, չարի՛ս խորհել հակառակութեամբ։ 12 Ա՛յսպէս ասէ Տէր ՚ի վերայ իշխանաց ջուրց բազմաց. Ա՛յնպէս զատուսցին. եւ լուր քո ո՛չ եւս լուիցի։ 13 Եւ արդ խորտակեցից զգաւազան նորա ՚ի քէն, եւ զկապանս քո խզեցի՛ց։ 14 Եւ պատուիրեսցէ վասն քո Տէր. եւ ո՛չ եւս սե՛րմանեսցի յանուանէ քումմէ. ՚ի տանէ Աստուծոյ քումմէ ջնջեցից զդրօշեալս, եւ զձուլածոյսն արարից ՚ի գերեզմա՛ն քեզ[10683]։

Բ 15 Զի ահա երա՛գ են ՚ի վերայ լերանց ոտք աւետարանչին, եւ որ պատմէ զխաղաղութիւն։ Տօնեա՛ զտօնս քո Յուդա. հատո՛ զուխտս քո. զի ո՛չ եւս յաւելցին անցանել ՚ի հնանալ. վախճանեցա՛ւ՝ մաշեցաւ եւ բարձաւ[10684]։

2
Գլուխ Բ

1 Քանզի ե՛լ որ փչէ ընդ երեսս քո, եւ ապրեցուցանէ ՚ի նեղութենէ. դիտեա՛ ճանապարհ, պնդեա՛ զմէջ. զօրացի՛ր զօրութեամբ յոյժ[10685]։ 2 Զի դարձոյց Տէր զհպարտութիւնն Յակովբայ՝ իբրեւ զհպարտութիւնն Իսրայէլի։ Զի թօթափելով թօթափեցին զնոսա, եւ զո՛ւռս նորա ապականեցին[10686] 3 զզէն զօրութեան նորա ՚ի մարդկանէ. զարս հզօրս որ խաղացին ընդ հրոյ. երասանակք կառաց նոցա խռովեսցին հեծեալք ՚ի ճանապարհս[10687]. 4 եւ խռովե՛սցին ՚ի հրապարակս. տեսիլ նորա իբրեւ զլամբարաց հրոյ, եւ իբրեւ զփայլակն յա՛յսկոյս եւ յա՛յնկոյս ընթանան[10688]։ 5 Յիշեսցեն մեծամեծք նորա՝ եւ փախիցեն ՚ի տուէ. եւ կասեսցին ՚ի ճանապարհս իւրեանց. եւ փութասցին ՚ի պարիսպս, եւ պատրաստեսցեն զառաջապահս իւրեանց[10689]։ 6 Դրունք քաղաքաց բացան. եւ կործանեցան արքունիք. 7 եւ ստացուածք յայտնեցան։ Ինքն ելանէր, եւ նաժիշտք իւր առաջի գային, իբրեւ զաղաւնիս ՚ի սրտից իւրեանց մնչէին։ 8 Եւ ջուրք Նինուէի իբրեւ զջուրս աւազանի. եւ նոքա փախեան ՚ի քէն՝ եւ ո՛չ կալան զտեղի, եւ ո՛չ ոք էր որ հայէր։ 9 Յափշտակէին զարծաթ. յափշտակէին զոսկի. եւ ո՛չ գոյր չափ զարդու նորա. ծանրացա՛ն քան զամենայն սպասք նորա ցանկալիք։ 10 Թօթափումն եւ ձգտումն եւ սոսկումն սրտի՝ եւ լքումն ծնգաց. եւ երկունք ՚ի վերայ ամենայն միջոյ. եւ երեսք ամենեցուն իբրեւ զայրեցած պուտան[10690]։ 11 Ո՞ւր են մայրիք առիւծուցն եւ որսք կորեանց նոցա. ուր չոգա՛ւ առեւծն մտանել, կորիւն առիւծուն՝ եւ ո՛չ ոք էր որ զարհուրեցուցանէր[10691]։ 12 Առեւծ որսացա՛ւ բաւական կորեանց իւրոց, եւ հեղձո՛յց կորեանց իւրոց. եւ ելից զմայրիս իւր որսով, եւ զբնակութիւն իւր յափշտակութեամբ։ 13 Ահաւասիկ ե՛ս ՚ի վերայ քո՝ ասէ Տէր ամենակալ, եւ այրեցի՛ց ծխով զբազմութիւն քո՝ եւ կերիցէ սուր զառեւծս քո. եւ բարձից յերկրէ զորս քո. եւ ո՛չ եւս լուիցին գո՛րծք քո[10692]։

3
Գլուխ Գ

Գ 1 Ո՛ քաղաք արեանց, ամենեւին սուտ՝ լի՛ անիրաւութեամբ. որոյ զննեսցի որսդ[10693]։ 2 Ձա՛յն հարուածոյ, ձա՛յն շարժման անուոյ, շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց[10694], 3 փայլի՛ւն զինու, շողալ սուսերի. թաւալգլոր խաղալ վիրաւորաց, եւ ո՛չ գոյր չափ ազգաց նոցա. եւ տկարասցին ՚ի մարմինս իւրեանց[10695] 4 ՚ի բազում պոռնկութենէ։ Պոռնի՛կ գեղապանձ. գլուխ կախարդաց, որ վաճառէ՛ր զազգս ՚ի պոռնկութեան իւրում, եւ զտոհմս կախարդանօք իւրովք։ 5 Ահաւասիկ ե՛ս ՚ի վերայ քո՝ ասէ Տէր Աստուած ամենակալ. եւ յայտնեցից զյետուստ քո, եւ արկից զերեսօք քովք. եւ ցուցից ազգաց զամօթ քո, եւ թագաւորութեանց զանարգանս քո։ 6 Եւ ընկեցից ՚ի վերայ քո զպղծութիւնս եւ զաղտեղութիւնս քո. եւ արարից զքեզ խայտառա՛կ։ 7 Եւ եղիցի ամենայն որ տեսանիցէ զքեզ՝ զիջանիցէ՛ եւ ասասցէ. Եղո՛ւկ դու Նինուէ, ո՞վ իցէ որ հեծիցէ վասն քո. ուստի՞ խնդրեսցուք քեզ մխիթարութիւն[10696]։ 8 Պատրաստեա՛ բաժին՝ կազմեա՛ ջնար վիճակդ Ովնայ. որ բնակեալ է ՚ի մէջ գետոց, եւ ջո՛ւրք շուրջ զնովաւ. որոյ սկիզբն ծով՝ եւ ջուրք պարիսպ նորա[10697]։ 9 Եթւովպացիք եւ Եգիպտոս զօրութիւն նորա, եւ չի՛ք չափ փախստեան նորա. եւ Լիբէացիք եղեն օգնականք նորա։ 10 Սակայն եւ նա յողդողդեալ գերի՛ գնայցէ. եւ զտղայս նորա զքարի՛ հարցեն, իսկզբան ճանապարհաց նորա. եւ ՚ի վերայ ամենայն պատուականաց նորա վիճա՛կս արկանիցեն. եւ ամենայն մեծամեծք նորա ձեռակապովք կապեսցին[10698]։ 11 Եւ դու արբցես եւ յիմարեսցիս. եւ խնդրեսցես քեզ ոտնկայ ՚ի թշնամեաց քոց[10699]։ 12 Եւ ամենայն ամուրք քո իբրեւ զդիտակ թզոյ, որ թէ շարժեսցի՝ անկցի՛ ՚ի բերան ուտելեաց[10700]։ 13 Ահա ազգք քո իբրեւ զկանայս են ՚ի քեզ. թշնամեաց քոց բացցին բանալով դրունք երկրին քոյ, եւ կերիցէ հուր զնիգս քո։ 14 Լի՛ց քեզ ջուր պաշարման, եւ պնդեա՛ զամուրս քո. մո՛ւտ ՚ի կաւ՝ եւ կոխեա՛ ընդ յարդի, եւ պնդեա՛ քան զաղիւս[10701]. 15 ա՛նդ կերիցէ զքեզ հուր, եւ սատակեսցէ զքեզ սուր. եւ կերիցէ զքեզ իբրեւ զմարախ, եւ ծարաւեսցի իբրեւ զջորեակ[10702]։ 16 Բազմացուցեր զվաճառս քո իբրեւ զաստեղս երկնից. դիմեա՛ց ջորեակ՝ եւ թռեաւ, 17 խաղաց իբրեւ զգրուիճ. եւ խառնիճաղանջն քո իբրեւ զմարախ մածեալ զցանգով յաւուր ցրտոյ. ծագեա՛ց արեւ՝ եւ խաղաց, եւ ոչ ծանեաւ զտեղի իւր։ Վա՛յ նոցա[10703]. 18 նիրհեցին հովիւք քո. թագաւորն Ասորեստանեայց կոտորեաց զզօրս քո. չուեաց ազգ քո ՚ի լերինս, եւ ո՛չ ոք էր որ մնայր[10704]։ 19 Թարախեցա՛ն վէրք քո, եւ չի՛ք բժշկութիւն բեկման քում. ամենեքին որ լուան զգոյժ քո՝ ծա՛փս հարցեն ՚ի վերայ բեկման քոյ. քանզի յո՞յր վերայ ո՛չ չոգաւ չարութիւն քո հանապազ[10705]։

Կատարումն Մարգարէութեանն Նաւումայ:

[10676] Յօրինակին՝ ՚ի ստորին կողմ իջիցն նշանակեալ էր կարմրադեղով. Յաւուրս Եզեկիայ էր Նաւում։

[10677] Յօրինակին. Եղկեսասացւոյ։

[10678] Ոսկան. Եւ վրէժխնդիր է Տէր բարկութեամբ. եւ խնդրէ Տէր զվրէժ։

[10679] Ոմանք. Հողմք երիվար է նորա։ Ուր Ոսկան. Հողմք երիվարք են նորա։

[10680] Ոմանք. Լիբանանու պակասեսցին։

[10681] Ոմանք. Եւ ո՞ կացցէ ընդդէմ։

[10682] Ոմանք. Յարուցելոց ՚ի վերայ նորա։

[10683] Ոսկան. Եւ պատուիրեսցէ վասն Տեառն։ ՚Ի լուս՛՛. Եւ ո՛չ եւս ցրուեսցի յանուանէ։ Ուր ոմանք. եւ ոչ եւս սերմանեսցէ յան՛՛։

[10684] Ոմանք. Ոտք աւետարանչաց ՚ի վերայ լերանց... հատո՛ զուխտ քո... յաւելցին յանցանել ՚ի հնանալ. վախճանաւ մաշե՛՛։

[10685] Ոմանք. Որ փչէր ընդ երեսս։

[10686] ՚Ի լուս՛՛. Զի դարձոյց Տէր զփառսն Յակո՛՛։

[10687] Ոմանք յաւելուն. Զի զէն զօրութեան նորա ՚ի մարդկա՛՛... որ խաղային ընդ հրոյ... կառաց նոցա յաւուր պատրաստութեան նոցա. խռովեսցին։

[10688] ՚Ի լուս՛՛. Եւ շաղեսցին ՚ի հրապարակս։ Ուր ոմանք. Եւ խռնեսցին ՚ի հրապարակս. տեսիլ նոցա իբրեւ լամպարաց հրոյ։

[10689] Ոմանք. Եւ պատրաստեսցես զառա՛՛։

[10690] Ոմանք. Եւ ձկտումն եւ սոսկումն։

[10691] Ոմանք. Եւ ոչ ոք էր որ երկեցուցանէր։

[10692] Ոսկան. Զորսս քո։ Ուր օրինակ մի. Զօրս քո։

[10693] Ոսկան. Ոհ քաղաք արեանց։

[10694] Ոմանք. Ձայն հարուածոց։ Ոսկան. Շարժման անուոց։

[10695] Ոմանք. Չափ ազգաց նորա։

[10696] Ոմանք. Տեսանիցէ զքեզ՝ իջանիցէ եւ ասիցէ։

[10697] ՚Ի լուս՛՛. Վիճակդ Ամովնայ. համաձայն բազմաց ՚ի բնաբ՛՛։ Ոմանք. Պարիսպք նորա։

[10698] Ոմանք. Գերի գնասցէ, եւ զտղայս նոցա։ Օրինակ մի. Մեծամեծք նորա ՚ի ձեռս կապովք կապեսցին։

[10699] Ոմանք. Եւ դու արբեսցիս եւ յիմա՛՛... ՚ի թշնամեաց։

[10700] Ոմանք. Որ թէ շարժեսցին անկանիցին ՚ի բե՛՛։ Ոսկան. ՚Ի բերան ուտողաց։

[10701] Ոսկան. Լից ՚ի քեզ ջուր։

[10702] Այլք. Եւ ծանրասցի իբրեւ զջորեակ։

[10703] Ոմանք. Յաւուրս ցրտոյ. ծագեաց արեւ, խաղաց՝ եւ ծանեաւ զտեղի իւր։

[10704] Օրինակ մի. Չուեաց աղխք քո։

[10705] Ոմանք. Ծափս հարցեն ՚ի վերայ քո։

Ցանկ

Նախորդ էջ Ցանկ Հաջորդ էջ