ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏԵԱՆ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ

Հ. Յովհաննու Զօհրապեան վարդապետ

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՍՈՓՈՆԻԱՅ

1
Գլուխ Ա

1 Բանն որ եղեւ առ Սոփոնիա Քուսեայ, որդւոյ Գողգողիայ, Ամարեայ՝ Եզեկիայ՝ յաւուրս Յովսիայ որդւոյ Ամովնայ արքայի Յուդայ[10739]։

Ա 2 Պակասելով պակասեսցէ ամենայն յերեսաց երկրէ՝ ասէ Տէր։ 3 Պակասեսցէ մարդ եւ անասուն. պակասեսցեն թռչունք երկնից, եւ ձկունք ծովու. եւ տկարասցին ամպարիշտք. եւ բարձից զանօրէնս յերեսաց երկրէ՝ ասէ՛ Տէր։ 4 Եւ ձգեցից զձեռն իմ ՚ի վերայ Յուդայ, եւ ՚ի վերայ ամենայն բնակչաց Երուսաղեմի. եւ բարձի՛ց ՚ի տեղւոջէդ յայդմանէ զանուն Բահաղու. եւ զանուն քրմացն հանդերձ քահանայիւքն[10740], 5 որ երկի՛ր պագանեն ՚ի տանիս զօրութեանց երկնից. եւ որք երդնուին յանուն Տեառն՝ արքային իւրեանց, եւ որք խոտորէին ՚ի Տեառնէ. 6 եւ որք ո՛չ խնդրէին զՏէր. եւ որք ո՛չ ՚ի Տեառն կո՛ղմն լինէին[10741]։ 7 Երկերո՛ւք յերեսաց Տեառն Աստուծոյ. զի մերձ է օ՛ր Տեառն. զի պատրաստեաց Տէր զզոհս իւր, եւ հրաւիրեաց զկոչնականս իւր։ 8 Եւ եղիցի յաւուր զոհի Տեառն՝ խնդրեցի՛ց զվրէժ յիշխանաց՝ եւ ՚ի տանէ թագաւորին, եւ յամենայնէ որ զգեցեալ են զհանդերձս օտարս[10742]։ 9 Եւ խնդրեցից վրէժ յայտնապէս յամենեցունց առաջի դրանդեացն յաւուր յայնմիկ. որք լնուին զտուն Տեառն Աստուծոյ իւրեանց ամպարշտութեամբ եւ նենգութեամբ։ 10 Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր. ձա՛յն աղաղակի ՚ի դրանէ խոցոտելոցն, եւ գոյժ յերկրորդ դրանէն. եւ բեկումն մե՛ծ ՚ի բլրոց։ 11 Ողբացէ՛ք բնակիչք կոտորելոց. զի նմանեցաւ ամենայն ժողովուրդդ Քանանացւոց. սատակեցան ամենեքեան որ հպարտացեալ էին արծաթով[10743]։ 12 Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ քննեցից զԵրուսաղէմ ճրագաւ, եւ խնդրեցից վրէժ յարանցն որ արհամարհեցին զպահպանութիւնս իւրեանց. որ ասէին ՚ի սիրտս իւրեանց. Ո՛չ բարի ինչ առնէ Տէր, եւ ո՛չ չար։ 13 Եւ եղիցի զօրութիւն նոցա ՚ի յափշտակութիւն, եւ տունք նոցա յապականութիւն. շինեսցեն տունս եւ մի՛ բնակեսցեն ՚ի նմա. տնկեսցեն այգիս եւ մի՛ արբցեն զգինի նոցա[10744]։ 14 Զի մե՛րձ է օր Տեառն մեծն, մե՛րձ է եւ արագ յոյժ. ձա՛յն աւուր Տեառն խի՛ստ եւ դառն. կարգեալ զօրաւոր[10745]։ 15 Օր բարկութեան օրն այն. օր նեղութեան եւ վտանգի. օր թշուառութեան եւ ապականութեան. օր խաւարի եւ միգի. օր ամպոյ եւ մառախղոյ. 16 օր փողոյ եւ աղաղակի ՚ի վերայ ամուր քաղաքաց, եւ ՚ի վերայ անկեանց բարձանց։ 17 Եւ նեղեցից զմարդիկ, եւ գնասցեն իբրեւ զկոյրս. զի Տեառն մեղան, եւ առին զանուն նորա ՚ի վերայ սնոտեաց. որք ո՛չ ինչ կարասցեն օգնել նոցա. եւ հեղցէ զարիւն նոցա իբրեւ զհող, եւ զմարմինս նոցա իբրեւ զաղբ[10746]։ 18 Արծաթ նոցա եւ ոսկի մի՛ կարասցեն փրկել զնոսա յաւուր բարկութեան Տեառն. եւ հրով նախանձու նորա մաշեսցի ամենայն երկիր. զի վախճան եւ տագնա՛պ արասցէ ՚ի վերայ ամենայն բնակչաց երկրի[10747]։

2
Գլուխ Բ

1 Ժողովեցարո՛ւք եւ խնդրեցէ՛ք ա՛զգք անխրատք. 2 մինչչեւ՛ եղեալ իցէք իբրեւ զծաղիկ անցաւոր, մինչչեւ՛ եկեալ իցէ օր բարկութեան սրտմտութեան Տեառն։ 3 Խնդրեցէ՛ք զՏէր ամենայն խոնարհք երկրի. իրաւունս արարէ՛ք եւ զարդարութիւն խնդրեցէ՛ք. եւ տո՛ւք պատասխանի նոցա, զի ծածկեսջիք յաւուր բարկութեան Տեառն։

Բ 4 Զի Գազա յափշտակեալ լիցի. եւ Ասկաղոն յապականութիւն. եւ Ազովտոս ՚ի միջօրէի կործանեսցի եւ Ակկարոն յարմատո՛յ խլեսցի[10748]։ 5 Վա՛յ որ բնակեալդ էք ՚ի վիճակս ծովու բնակիչք Կրետացւոց։ Պատգամ Տեառն ՚ի վերայ ձեր Քանան՝ երկի՛րդ այլազգեաց. եւ կորուսից զձեզ ՚ի բնակութենէ։ 6 Եւ եղիցի Կրետ՝ ճարակք հօտից, եւ գոմք խաշանց[10749]։ 7 Եւ եղիցի վիճակ ծովուն մնացորդաց տա՛նն Յուդայ, եւ ՚ի նոսա՛ ճարակեսցին. եւ ՚ի տունս Ասկաղոնայ առ օ՛թ դադարեսցեն յերեսաց որդւոցն Յուդայ. զի ելեալ է նոցա յա՛յց Տէր Աստուած իւրեանց. եւ դարձո՛յց զգերութիւն նոցա[10750]։ 8 Լուա՛յ զնախատինս Մովաբու, եւ զկռփանս որդւոցն Ամոնայ որովք նախատէին զժողովուրդ իմ, եւ մեծաբանէին ՚ի վերայ սահմանաց իմոց։ 9 Վասն այնորիկ կենդանի՛ եմ ես՝ ասէ Տէր Աստուած զօրութեանց՝ Աստուած Իսրայէլի. զի Մովաբ՝ իբրեւ զՍոդոմ եղիցի, եւ որդիքն Ամոնայ իբրեւ զԳոմոր. եւ Դամասկոս լքեալ իբրեւ զշեղջ կալոյ՝ եւ ապականեալ յաւիտեան. մնացորդք ժողովրդեան իմոյ յափշտակեսցեն զնոսա, եւ մնացորդք ազգի իմոյ ժառանգեսցեն զնոսա[10751]։ 10 Եւ ա՛յն նոցա փոխանակ հպարտութեան նոցա. զի նախատեցին եւ մեծաբանեցին ՚ի վերայ Տեառն ամենակալի[10752]։ 11 Երեւեսցի՛ Տէր ՚ի վերայ նոցա, եւ սատակեսցէ զամենայն աստուածս ազգաց. եւ երկի՛ր պագցեն նմա իւրաքանչիւր ՚ի տեղւոջէ իւրեանց՝ ամենայն կղզիք ազգաց։ 12 Եւ դուք Եթւովպացիք հարեա՛լք սուսերի իմոյ էք[10753]. 13 եւ ձգեցից զձեռն իմ ՚ի վերայ հիւսւսոյ, եւ սատակեցից զԱսորեստանեայն, եւ եդից զՆինուէ յապականութիւն. անջրդի իբրեւ զանապատ[10754]. 14 եւ արածեսցին ՚ի միջի նորա հօտք եւ ամենայն գազանք երկրի, եւ գետնառեւծք՝ եւ ոզնիք ՚ի յարկս նորա բնակեսցեն. եւ գազանք գոչեսցեն ՚ի նկո՛ւղս նորա. եւ սակռուք ՚ի դրունս նորա. քանզի իբրեւ զմա՛յր է բարձրութիւն նորա[10755]։ 15 Ա՛յս քաղաք վրիժագործ բնակեալ յուսով. որ ասէր ՚ի սրտի իւրում. Ե՛ս եմ, եւ ո՛չ եւս ոք իցէ յետ իմ. զիա՞րդ եղեւ յապականութիւն ճարա՛կ գազանաց. ամենայն որ անցանիցէ ընդ նա, շչեսցէ եւ շարժեսցէ զգլուխ իւր[10756]։

3
Գլուխ Գ

1 Ո՛վ երեւելիդ փրկեալ քաղաք Յովնանու[10757]. 2 ո՛չ լուաւ ձայնի, եւ ո՛չ ընկալաւ զխրատ. ՚ի Տէր ո՛չ յուսացաւ, եւ առ Աստուած ո՛չ մերձեցաւ[10758]։ 3 Իշխանք նորա իբրեւ առիւծունք գոչեսցեն, եւ դատաւորք նորա իբրեւ զգայլս Արաբացւոց, որ ո՛չ թողուն ինչ ՚ի վաղիւ[10759]։ 4 Մարգարէք նորա այսակիրք, արհամարհօղք. քահանայք նորա պղծեն զսրբութիւնս, եւ ամպարշտեն յօրէնս[10760]։ 5 Այլ Տէր արդա՛ր է ՚ի միջի նորա, եւ ո՛չ արասցէ անիրաւութիւն. ընդ առաւօտս կանխաւ տացէ զիրաւունս իմ ՚ի լոյս, եւ ո՛չ թաքիցէ. եւ ո՛չ ծանիցէ զանիրաւութիւն ՚ի պահանջել[10761]. 6 եւ ո՛չ ՚ի սպառ զանօրէնութիւնս. ապականութեամբ կործանեսցէ զամբարտաւանս։ Ապականեցան անկիւնք նոցա. աւերեցից զճանապարհս նորա, ամենեւին մի՛ եւս գնա՛լ ընդ նոսա. պակասեսցին քաղաքք նոցա առ ՚ի չգոյէ բնակչաց[10762]։ 7 Ասացի թէ երկերո՛ւք յինէն՝ եւ ընկալարո՛ւք զխրատ. եւ ո՛չ սատակեսջիք յերեսաց նորա ըստ ամենայնի որչափ ինչ առից վրէժ ՚ի նմանէ։ Պատրաստեա՛ կանխեաց ընդ առաւօտս. պակասեցան ամենայն ճիռք նորա[10763]. 8 վասն այդորիկ սպասեա՛ ինձ՝ ասէ Տէր՝ յաւուր յարութեան իմոյ ՚ի վկայութիւն։ Զի դատաստանք իմ ՚ի վերայ ազգաց յըմբռնե՛լ զթագաւորս, ՚ի հեղուլ ՚ի վերայ նոցա զբարկութիւն իմ, զամենայն բարկութիւն սրտմտութեան իմոյ. զի հրո՛վ նախանձու իմոյ մաշեսցի՛ ամենայն երկիր[10764]։ 9 Զի յա՛յնժամ դարձուցից ՚ի վերայ ժողովրդոց լեզու յազգս նոցա, ՚ի կարդալ ամենեցուն զանուն Տեառն, ՚ի ծառայել նոցա նմա ընդ միո՛վ լծով. 10 ՚ի գետոյն Եթւովպացւոց ընկալայց զնոսա ընդ ցրուեալսն, մատուցանիցեն ինձ պատարագ[10765]։ 11 Յաւուր յայնմիկ ո՛չ ամաչեսցես յամենայն գործոց քոց, որովք ամպարշտեցեր առ իս. զի յայնժամ զերծից ՚ի քէն զչարութիւն ամբարտաւանութեան քոյ, եւ ո՛չ եւս յաւելցես մեծաբանել ՚ի վերայ լերին սրբութեան իմոյ։ 12 Թողի՛ց քեզ ժողովուրդ հեզ եւ խոնարհ, եւ երկիցեն յանուանէ Տեառն[10766] 13 մնացորդք Իսրայէլի. եւ ո՛չ արասցեն անիրաւութիւն, եւ ո՛չ խօսիցին սնոտիս. եւ ո՛չ գտցի ՚ի բերան նոցա լեզու նենգաւոր. զի նոքա արածեսցեն եւ մակաղեսցին. եւ ո՛չ ոք իցէ որ զարհուրեցուցանիցէ զնոսա[10767]։

Գ 14 Ուրա՛խ լեր յոյժ դուստր Սիովնի, եւ քարոզեա՛ Երուսաղէմ. ուրա՛խ լեր՝ եւ զուարճացի՛ր յամենայն սրտէ քումմէ դուստր Երուսաղեմի։ 15 Զի եհան ՚ի քէն Տէր շուրջ զանիրաւութիւնս. փրկեա՛ց զքեզ Տէր ՚ի ձեռաց թշնամեաց քոց. Թագաւոր Իսրայէլի Տէր ՚ի միջի քում, եւ ո՛չ եւս տեսցես զչարիս։ 16 ՚Ի ժամանակին յայնմիկ ասէ Տէր ցԵրուսաղէմ. Քաջալերեա՛ց Սիոն՝ մի՛ լքցին ձեռք քո[10768]։ 17 Տէր Աստուած ՚ի քե՛զ է հզօրն, եւ փրկեսցէ՛ զքեզ. ածցէ՛ ՚ի վերայ քո ուրախութիւն, եւ նորոգեսցէ զքեզ սիրով իւրով. եւ ուրա՛խ լիցի ՚ի քեզ զուարճութեամբ իբրեւ յաւուր տօնի[10769]. 18 եւ ժողովեցից զմանրեալսն քո։ Վա՛յ որ նախատիցէ զնա։ 19 Ահաւասիկ ես առնեմ վասն քո ՚ի ժամանակին յայնմիկ. եւ փրկեցի՛ց զճնշեալն, եւ զմերժեալն ընկալա՛յց. եւ արարից զնոսա ՚ի պարծանս, եւ անուանի՛ս ընդ ամենայն երկիր։ 20 Եւ ամաչեսցեն ՚ի ժամանակին յայնմիկ՝ յորժամ բարի՛ արարից ձեզ, եւ ՚ի ժամանակի յորժամ ընկալա՛յց զձեզ. զի տա՛ց զձեզ անուանիս եւ ՚ի պարծանս ընդ ամենայն ազգս երկրի. ՚ի դարձուցանե՛լ ինձ զգերութիւն ձեր առաջի ձեր՝ ասէ Տէր[10770]։

Կատարումն Մարգարէութեանն Սոփոնիայ:

[10739] Բազումք. Բան Տեառն որ եղեւ... Քուսեայ որդւոյ Գոդողիայ։ Ուր Ոսկան. որդի Քուսայ... որդւոյ Ամարայ որդւոյ Եզեկիայ։

[10740] Ոմանք. Եւ զանունս քրմանցն։ Ուր Ոսկան. Եւ զանուանս քր՛՛։

[10741] Ոմանք. ՚Ի Տեառն կողմն էին։

[10742] Յօրինակին պակասէր. Յիշխանաց՝ եւ ՚ի տանէ։

[10743] ՚Ի լուս՛՛. Սատակեսցին ամենեքեան. համաձայն ոմանց ՚ի բնաբ՛՛։ Ոմանք. Որ հպարտացեալ են։

[10744] Ոմանք. Զօրութիւն նորա ՚ի յափշ՛՛... եւ մի՛ բնակեսցեն ՚ի նոսա։

[10745] Ոմանք. Մերձ եւ արագ։

[10746] Ոմանք. Ոչինչ կարացին օգ՛՛։

[10747] Ոմանք. Մի՛ կարասցէ փրկել։

[10748] Ոմանք. ՚Ի մէջօրէի կոր՛՛... յարմատոց խլես՛՛։

[10749] Ոմանք. Եւ եղիցի Կրիտէս ճարակ հօտից։

[10750] Ոմանք. Եւ ՚ի տունս Ասկաղովնիայ։

[10751] Ոմանք. Ասէ Տէր զօրութեանց... եւ մնացորդք ժողովր՛՛։

[10752] Ոսկան յաւելու. Եւ նոցա եկեսցէ փոխանակ հպ՛՛։ Ոմանք. ՚Ի վերայ Տեառն Աստուծոյ ամենակա՛՛։

[10753] Ոմանք. Հարեալք սուսերոյ իմոյ։

[10754] Ոմանք. Եւ անջրդի իբրեւ։

[10755] Ոմանք. Գոչեսցեն ՚ի նկողս նորա։ ՚Ի լուս՛՛. Եւ ագռաւք ՚ի դրունս նորա. համաձայն ոմանց ՚ի բնաբ՛՛։

[10756] Ոմանք. Եւ ոչ ոք եւս իցէ յետ իմ։

[10757] Ոմանք. Ո՛հ երեւելիդ փրկ՛՛։ ՚Ի լուս՛՛. Փրկեալ քաղաք աղաւնի. համաձայն ոմանց ՚ի բն՛՛։

[10758] Ոմանք. Եւ առ Աստուած իւր ոչ մեր՛՛։

[10759] Ոմանք. Իշխանք նորա ՚ի նմա իբրեւ... որ ոչ թողին ինչ ՚ի վաղիւ։

[10760] Ոմանք. Պղծեսցեն զսրբութիւնս։

[10761] Ոմանք. Զանիրաւութիւն պահանջել։

[10762] Ոմանք. Եւ ոչ իսպառ զանիրաւութիւն. ապակա՛՛... աւերեցից զճանապարհս նոցա... պակասեցին քաղաքք նոցա։

[10763] Ոմանք. Կանխել ընդ առաւօտս ապականեցան ամենայն ճիռք։

[10764] Ոմանք. Ըմբռնել զթագաւորս... եւ զամենայն բարկութիւն։

[10765] Ոմանք. Ինձ պատարագս։

[10766] Ոսկան. Եւ թողից քեզ ժողովուրդ։

[10767] Ոսկան. Իսրայէլի ոչ արասցեն զանիրաւութիւն։ Բազումք. Զի նոքա արածեսցին։

[10768] Ոմանք. ՚Ի ժամանակի յայնմիկ։

[10769] Ոմանք. ՚Ի վերայ քո ուրախութիւնս։

[10770] Ոմանք. Անուանիս ՚ի պարծանս։

Ցանկ

Նախորդ էջ Ցանկ Հաջորդ էջ