Եկեղեցական տոներ և սրբոց հիշատակության օրեր


ՃՐԱԳԱԼՈՒՅՑ Ս. ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ
Հունվարի 5

Ճրագալույցի խորհուրդը հույժ գեղեցիկ է: Այն նախատոնակն է ու կարապետը հետագա ութ օրերի պաշտամունքների, որով և լինում է ինը տոնական օր: Որովհետև սա նշանակն է այն հավիտենականության, որը կար մինչև աշխարհի լինելը:

Ադամի՝ Դրախտից դուրս ելնելուց շուրջ հինգ հազար տարի անց Աստված երևաց մարմնավորված, այդ պատճառով այսօր նախատոնակ է, որը Եկեղեցին սկսում է գիշերը՝ Կույս Մարիամի ավետյաց երգով: Եվ գիշերն ենք սկսում, որն օրինակն է Տիրոջ վերջին գալստյան, որովհետև ասված է, որ այն գիշերն է լինելու: Նաև ըստ մարգարեության՝ լույս ծագեց կռապաշտության և անգիտության խավարում, որի պատճառով էլ այսուհետև խավարը տեղի է տալիս և բազմանում լույսը՝ ըստ Եսայի մարգարեի խոսքի. «Թագավորները գալու են դեպի Քո լույսը, հեթանոսները՝ դեպի Քո լույսի փայլը» (Եսայի Կ 3): Նաև Մաղաքիան է ասում. «Արդարության Արեգակը պիտի ծագի» (Մաղաք. Դ 2): Զաքարիան Արևածագ է անվանում Նրան, իսկ Դավիթն ասում է. «Լո՜ւյս տուր, Տե՜ր, իմ աչքերին» (Սաղմ. ԺԲ 4): Եվ աստղի լույսով մոգերն առաջնորդվեցին՝ գալով դեպի ծագած Լույսը՝ ըստ այն խոսքի, թե՝ «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. Դ 16):

Այս իմանալի և անճառելի Լույսի ծագման համար այսօր մենք վառում ենք լապտերներն ու կանթեղները և անվանում այս օրը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածհայտնության ճրագալույցը, որը խորհրդանշում է լույսի աղոտ ծագումը: Ըստ Հովհաննես ավետարանչի՝ Հովհաննես Մկրտիչը ճրագ է կոչվում, իսկ աղոտ ծագումը մարգարեներն են, ովքեր եղան մինչև Հովհաննեսը, որոնցով աղոտ կերպով ծագում էին Տիրոջ գալստյան հանգամանքները, որովհետև Տերը ոչինչ չի անում առանց Իր ծառաներին հայտնելու: Եվ այս օրը կարապետն ու նախատոնակն է հաջորդ՝ գալիք օրվա, երբ ծագելու է մեծ Լույսը, ինչպես որ թագավորի գալուստից առաջ նրա սիրելիները խնդությամբ պատրաստություն են տեսնում և ջահերով ընդառաջ ելնում:

Արամ Դիլանյան


Ս. ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, իսկ Կաթոլիկ Եկեղեցին նույն օրը տոնում է Քրիստոսի Աստվածահայտնության ու մկրտության տոնը։ Հիսուս Քրիստոսի Ծննդյան պատմությունը բոլորս էլ գիտենք, սակայն մի քանի մանրամասներ կարող են մեզ համար ավելի ընկալելի դարձնել այս հրաշալի իրադարձությունը: Երբ Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին, նա հարցրեց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Աստված ընտրել էր ամենախոնարհ և ամենահեզ, ամենաառաքինի և Տիրոջը ամենահավատարիմ կնոջը, և Սուրբ Կույսի այս հարցը ոչ թե թերահավատությունից էր, այլ ճշմարտությունն իմանալու համար էր: Եվ հրեշտակի բացատրությունը լսելուց հետո Սուրբ Մարիամն ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը» (Ղուկ. 1.30-38): Այսօր, ցավոք, կան մարդիկ, ովքեր այս հարցը տալիս են առաջին հերթին թերահավատությամբ և երբեմն էլ ծաղրանքով. «Ինչպե՞ս կարող է կույսը որդի ունենալ»: Աստված միշտ նախապատրաստել է մարդկանց այսպիսի մեծ իրադարձությունների և հրաշքների, որպեսզի երբ դրանք տեղի ունենան, մարդիկ չընկնեն գայթակղության մեջ: Շատ դեպքեր, որոնք կատարվել են Հին Կտակարանում, նախօրինակը և ստվերն էին այն մեծ իրադարձությունների, որոնք կատարվելու էին Նոր Կտակարանում: Աշխարհի արարման ժամանակ առանց սերմի և առանց աշխատանքի, միայն Աստծո խոսքով երկիրը բույսեր աճեցրեց և պտղաբերեց (Ծննդ. 1.11): Ճիշտ նույն կերպ էլ այս դեպքում առանց մարդկային սերմի, միայն Աստծո զորությամբ կույսը հղիացավ և որդի ծնեց:

Քրիստոս ծնվեց Բեթղեհեմում: Ավետարանում այս մասին գրված է, որ երբ Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ հասան, Մարիամի ծննդաբերելու օրերը լրացան, և նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց Նրան ու դրեց մսուրի մեջ (Ղուկ. 2.7): Այն փաստից, որ ծննդաբերության ժամանակ որևէ կողմնակի անձի ներկայություն չի հիշատակվում և նշվում է, որ Աստվածամայրն ինքը մանկանը խանձարուրի մեջ փաթաթեց, Եկեղեցու Հայրերը հետևյալ եզրակացությունն են արել: Աստվածամայրը միայնակ ծնեց իր Որդուն առանց կողմնակի օգնության, և այդ ծննդաբերությունը Սուրբ Կույսի համար չէր ուղեկցվում ծննդաբերող կանանց հատուկ ցավերով: Քրիստոս ծնվեց մսուրի մեջ` քարայրում: Այդ քարայրի վրա հետագայում Հեղինե թագուհին Աստվածածնի պատվին տաճար կառուցեց:

Որոշ Եկեղեցիներում Քրիստոսի Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին: Այս տարբեր ամսաթվերի գոյության պատճառը հետևյալն է: Նախկինում Սուրբ Ծննդյան և Մկրտության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին, բայց հետո դա փոխվեց Բեթղեհեմի և Հորդանանի` միմյանցից հեռու լինելու պատճառով: Հունվարի 6-ին մարդիկ գնում էին ուխտի Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարելու` նույն օրը երկու վայրերն էլ այցելել չկարողանալու պատճառով: Դրա համար երուսաղեմացիները Ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին: Նաև հեթանոսական ժամանակներում արևին նվիրված տոն կար դեկտեմբերի 25-ին, և մարդիկ այդ օրը, ըստ հաստատված սովորության, տոնախմբություն էին անում: Եվ հեթանոսական տոնախմբությունը քրիստոնեականով փոխարինելու համար Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխվեց դեկտեմբերի 25: Իսկ հայ քրիստոնյաները, ինչպես սկզբից սովորեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչից, այդպես էլ պահեցին` շարունակելով Փրկչի Ծննդյան և Աստվածահայտնության տոները տոնել ճշգրիտ օրը` հունվարի 6-ին:

Աստվածահայտնություն ասելով` հիշատակում ենք Փրկչի մկրտությունը: Աստվածահայտնությունն այն է, որ Քրիստոսի մկրտության ժամանակ հայտնվեցին աստվածային երեք Անձերը` Սուրբ Հոգին` Քրիստոսի վրա աղավնակերպ իջմամբ (Մատթ. 3.16, Մարկ. 1.10, Ղուկ. 3.22), Հայրը` ի վերուստ հնչող ձայնով. «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3.17, Մարկ. 1.11, Ղուկ. 3.22):

Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը


Ննջեցյալների հիշատակության օր (մեռելոց)

Տաղավար տոների երկրորդ օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին, ովքեր այս բոլոր հանդիսավոր օրերին մեզ տոնակից են լինում, բարեխոսում են մեզ համար, և նրանց աղոթքները ելնում է Աստծու առջև (տե՛ս Հայտ. Ը 4): Թեպետ արդարների հոգիներն ունեն անմահության հաստատ հույսը և գտնվում են Աստծու ձեռքում, խաղաղության մեջ (տե՛ս Իմաստ. Գ 1), սակայն նրանք պսակի դեռևս չեն արժանացել (տե՛ս Հայտ. Զ 9-11), ինչպես և մեղավորները՝ տանջանքների (տե՛ս Բ Պետ. Բ 4,9), մինչև որ բոլորս էլ մեր վախճանին հասնենք՝ ըստ առաքյալի խոսքի. «Սրանք ամենքը հավատի մեջ վկայված լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը: Աստված մեզ համար ավելի լավն էր նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն» (Եբր. ԺԱ 39-40): Քանի որ որդեսեր Հայրը սպասում է, մինչև որ Իր բոլոր զավակները կհավաքվեն և այնժամ յուրաքանչյուրիս կտա իր հասանելիքը:

Առայժմ ննջեցյալները կարիք ունեն մեր աղոթքների՝ իրենց ներելի և անգիտությամբ գործած մեղքերի թողության համար, և հույսով սպասում են իրենց հոգիների հանգստության համար մեր հիշատակություներին: Ինչպես Հուդա Մակաբայեցին փող հավաքեց և ուղարկեց Երուսաղեմ՝ ննջեցյալների մեղքերի համար պատարագ մատուցելու (տե՛ս Բ Մակաբ. ԺԲ 43-46), և Բոոսն էր մեռելների և կենդանիների համար ողորմություն անում (տե՛ս Հռութ Բ 20), այդպես էլ ննջեցյալների հարազատները ողորմություն են տալիս կարոտյալներին և պատվիրում քահանաներին իրենց հարազատների անունները հիշատակել սուրբ Պատարագի մեջ:

Սուրբ Պատարագով ոչ միայն ողջերի համար է փրկություն լինում, ովքեր հավատով են հաղորդվում, այլև՝ նրանց, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս: Որովհետև Քրիստոսի մահը ոչ միայն ողջերի համար փրկություն եղավ, այլև՝ ննջեցյալների, ինչպես ասում է Պետրոսը. «Գնաց ավետարանեց հոգիներին, որոնք դժոխքում էին» (Ա Պետ. Գ 19): Սակայն սուրբ Պատարագը չի փրկում հեթանոսներին, անհավատներին և բոլոր նրանց, ովքեր անզիղջ ու անտրտում թավալվում են մեղքերի ու չարիքների մեջ և չեն հիշում դատաստանի օրն ու տանջանքների սարսափը: Այսպիսիների համար օգուտ չէ պատարագ մատուցելը կամ էլ ողորմություն անելը:

Այդ պատճառով, տաղավար տոների հաջորդ օրը, եկեղեցիներում մատուցվում է սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան պաշտոն՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, և պատարագի մեջ, Աստծու առջև, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42): Ամեն նման դեպքում ննջեցյալների վրա կենաց ցող է իջնում, որը մեծ ուրախություն է պատճառում երկնային զորքերին, նաև նրանց, ովքեր ուղիղ սրտով, ճշմարիտ հավատով, ողջամիտ հույսով և սուրբ սիրով հիշատակում են սրբերին, քանի որ հանգուցյալների հիշատակությունը մեծ շահ է և կատարյալ օգուտ:

Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները և պատվիրում քահանաներին օրհնել այն, որով ավետում ենք ննջեցյալներին Տիրոջ Երկրորդ գալստյան և մեռելների հարության հույսը:

Հատված՝ Արամ Դիլանյանի «Հայստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները» գրքից


Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն

Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Փրկչի Ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին:

Հրեշտակի խոսքին հավատարիմ լինելով՝ Սուրբ Աստվածածինը եւ Հովսեփը Հիսուս Քրիստոսին ութ օրականում թլփատում եւ անունը դնում են Հիսուս: Այս Անունը մարդկության համար մի նոր էջ բացեց, որպեսզի. «Ով հավատա Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանքը ժառանգի»: Այն նաեւ Նոր Կտակարանում մկրտության խորհուրդն ունի: Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հաստատած կանոնի, ութ օրականում մկրտում են նորածին մանկանը՝ Հիսուսի թլփատության խորհրդով, եւ անվանակոչում՝ Հիսուսի անվանակոչության խորհրդով: Հետեւենք մեր տիրահաստատ Եկեղեցու կանոններին եւ նորից պատվաստվենք Կյանքի Ծառին՝ Քրիստոսին, դեռ փոքրիկ հասակում մկրտության շնորհներով զարդարենք մեր երեխաներին, եւ անվանակոչենք անարատ անուններով:

Մարդու անունը մեծ դեր է ունենում նրա ողջ կյանքի ընթացքում: Տիրոջ անվանակոչությամբ կարեւորվեց նաեւ մարդու անունը եւ անվան խորհրդանիշը: Դեռեւս Հին Ուխտում արդեն այդ ամենը արտացոլված էր, սակայն Տիրոջ Անվանակոչությամբ վերահաստատվեց այդ ամենը: Եւ այսօր էլ ժամանակն է, որպեսզի մենք էլ, հետեւելով Աստվածաշնչյան ավանդույթներին,՝ սուրբերի աստվածադիր անունների, մեր Փրկչի անվանակոչության եւ Տիրոջ կողմից առաքյալներին նոր անուններով օժտելու փաստին, մեր զավակների անունները դնենք հենց այդ խորհրդով: Անունը մեծ ազդեցություն է ունենում մարդու ողջ կյանքի վրա: Նախակոմունիստական շրջանում մեր պապերը հենց այդպես էլ վարվում էին, սակայն կտրվեց այս սուրբ խորհրդի իսկությունը: Եթե մենք մեր զավակներին կոչենք սուրբերի անուններով, նրանք մշտապես բարեխոս կլինեն նրանց համար, եւ մեր հույսը չի կտրվի: Ամեն մարդ, որ աշխարհ է գալիս, ունենում է իր էությունը, իր մատնահետքերը, իր կյանքը եւ վերջապես՝ իր հոգեբանական կառուցվածքն ու անհատականությունը: Այս ամենից երեւում է, որ յուրաքանչյուր ծնունդ խորքում աստվածային ուղղակի միջնորդության արդյունք է: Տիրոջ անվանակոչությունը մի նոր օրհնություն է մարդկանց որդիների համար, նամանավանդ նրանց համար, ովքեր հավատարիմ են Աստծո խոսքին: Մաղթում ենք, որ այս սուրբ տոնի առթիվ, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս ձեզ իմաստության ու հավատքի հոգով պարուրի, որպեսզի հստակորեն զգաք Նրա ներգործող Աջի զորությունը եւ հաստատուն նվիրումով առաջնորդվեք դեպի հավիտենական կյանքի հանգրվանները:


Սբ. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

Հունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի`Կարապետի (որն ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը) ծննդյան տոնը: Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և կասկածամտության համար, որպես պատիժ, մինչև իր որդու ծնունդը դառնում է համր:

Հովհաննես Մկրտիչը, որը պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Սբ. Մկրտչի մորն, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի՜ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»:


Առաջավորաց պահք

Առաջավորաց պահքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:

Այս պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո: Ինչպես վկայում են եկեղեցական հայրեր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ թագավորին մկրտելուց առաջ, 65 օր գիշեր-ցերեկ շարունակ քարոզեց, խրատեց, սովորեցրեց, գոտեպնդեց` իմաստուն բժշկի պես ջանալով գտնել օգտակար դեղը, աղոթքով հայ ժողովրդին պատրաստեց Ավետարանի վեհ պատգամների համար, ապա սահմանեց հնգօրյա ծոմապահություն՝ ի հիշատակ Հայաստանի լուսավորության: Թագավորներն ու նախարարները, հինգ օր ծոմ պահելով, փրկվեցին իրենց տանջող ցավերից ու հիվանդություններից: Գրիգոր Լուսավորիչը հաստատեց այն ի հիշատակ վերոհիշյալ փրկչական ծոմապահության և պատվիրեց ամեն տարի շարունակեն նույնությամբ: Եվ քանի որ այս պահքը առաջինը եղավ Հայաստանում, ուստի կոչվեց «Առաջավորաց պահք» և համարվեց հայոց առաջին ազգային պահքը: Այս պահքի հինգերորդ՝ ուրբաթ օրը, պահոց օր լինելով հանդերձ, Հովնան մարգարեի հիշատակության օրն է՝ իբրև ապաշխարության և ծոմապահության օրինակ: Իսկ հաջորդ՝ շաբաթ օրը, տոնում ենք Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը: Այստեղից էլ առաջացել է Առաջավորաց պահքի թյուրիմացաբար Սուրբ Սարգսի պահք անվանումը: Քանի որ ըստ եկեղեցական կանոնի՝ սրբերի տոների համար պահք չի սահմանված, հետևաբար Սուրբ Սարգսի տոնը չի կարող պահք ունենալ, բայց ընդհանրացված թյուրիմացությունը շարունակվում է գործածվել: Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը բարեկենդան է:

Ի տարբերություն մյուս պահքերի՝ Առաջավորաց պահքի ընթացքում եկեղեցում Սուրբ Գիրք կամ Ավետարան չի կարդացվում և Սբ. Պատարագ չի մատուցվում, որովհետև այս պահքի մեջ խորհրդաբար Ադամի անկումն է հիշատակվում: Ադամի և նահապետների ժամանակ «Գիրք և Մարգարէք» գոյություն չունեին: Եվ քանի որ այս պահքը կարգվեց նահապետների կողմից, ովքեր Գրքերից, Օրենքից և Ավետարանից առաջ կային, ուստի այս պահքը պահում ենք առանց ընթերցումների ու Պատարագների: Իսկ ուրբաթ օրը կարդացվում է Հովնանի մարգարեությունը՝ Նինվեի ազատության համար:

Ինչպես նշվեց Առաջավորաց պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և հայ ժողովուրդը հինգ օր ապաշխարության պահքի մեջ եղան: Բացի նշված բացատրությունից եկեղեցու հայրերը հնգօրյա պահքի հետևյալ բացատրություններն են տալիս:

Հնգօրյա պահքը զգայարանների սրբության համար է, որոնցով մեղքն առաջին անգամ մտավ մարդու մեջ, և հաջորդեց մահը: Որովհետև Ադամն իր աչքերով՝ տեսողության զգայարանով, տեսավ ծառն ու այն ցանկացավ, ականջով լսեց խաբողի ձայնը, որն իրեն հաճելի թվաց, ապա ոտքով գնաց դեպի ծառը, շոշափելիքով հպվեց պտուղին ու քաղեց այն: Այնուհետև ռունգերով զգաց անուշահոտությունը, ճաշակելիքով՝ քաղցրությունը, և դատապարտվեց: Այսպես էլ այժմ մենք ենք հինգ զգայարաններով գործում բոլոր մեղքերը, որոնց համար էլ հնգօրյա պահքով սրբում ենք մեր զգայարանները:

Ռուբեն վարդապետ Զարգարյան


Սուրբ Սարգսի տոնի մասին

Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետեւորդ էր եւ հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար պատժվում է եւ 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաև Սուրբ Սարգիսը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է եւ այս տարի (2019) նշվում է փետրվարի 16-ին:

Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայված նվիրումն առ Աստված, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա:

Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը:

Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի եւ նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է եւ աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տեւում է հինգ օր:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:

Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս եւս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, եւ աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչեւ այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որեւէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն եւ ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց եւ տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով եւ խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով եւ արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին եւ մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:

Ժողովրդական սովորություններից է նաեւ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:

Աղբյուր՝ qahana.am

Հեղինակ` Արմեն սարկավագ Բայադյան


Սուրբ Ատոմյանց հիշատակության օր

Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում Հազկերտ կռապաշտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտն սկսում է հալածել քրիստոնյաներին, Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու համար: Ատոմյանց Քրիստոսադավան զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտից, որով վերջինս նրանց իրենց զորագնդերով հանդերձ կանչում է արքունիք` դավանափոխ անելու մտադրությամբ:

Հայոց զորավարներն սկզբում հնազանդվում են, սակայն, քաջատեղյակ լինելով թագավորի նախապատրաստած որոգայթին, հայրենիք են վերադառնում եւ ապաստանում Անձեւացյաց գավառում: Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված մի լեռնաբնակ ճգնակյաց սրբի մարգարեությամբ և Ատոմի գիշերային տեսիլքով, որոշում են կամավոր նահատակվել: Պարսից զորքը հասնելով հայոց զորավարներին, շրջապատում և սրախողխող է անում Քրիստոսին խոստովանող և փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սրբերին: Իսկ Մանաճիհր Ռշտունին իր ուղեկիցներով հասնում է հայրենի Ռշտունիք և 449 թվականին նահատակվում:


Ս. Սուքիասյանց քահանաներ 

Անվանումն ստացել են իրենց առաջնորդ Սուքիասի անունից: Ըստ վկայաբանության՝ Սուքիասյաք ալանաց իշխաններ էին, Սաթենիկ թագուհու ազգակիցները, և ապրել են հայոց արքունիքում: Ոսկյանների քարոզությամբ նրանք դավանափոխ են եղել և մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով: Ոսկյանց նահատակությունից հետո արքունիքը լքած Սուքիասյանք առանձնացել են Բագրեվանդ գավառի Ջրաբաշխ լեռան ստորոտում, որը, ինչպես կարծում են, հետագայում նրանց անվամբ կոչվել է Սուկավ կամ Սուկավետ: 44 տարի անց Սուքիասյանք նահատակվել են Ալանաց թագավոր Գիգիանոսի մարդկանց ձեռքով: Վկայաբանության մեջ հանվանե հիշատակված են սրանց մկրտական անունները. Սուքիաս, Ղուկիանոս, Պողիքտես, Կոդրատոս, Անտիոքոս, Իքսորոն, Մեմնաս, Փոկաս, Սերգիոս, Դոմետիոս, Ադրանիոս, Զոսիմոս, Բիկտորիոս, Թալկիսոս, Հորդանես, Անաստաս, Թեոդորոս և այլն (մոտ 60–70 հոգի): Ըստ Հայսմավուրքի՝ Գրիգոր Ա Լուսավորիչը նրանց վկայության վայրում կառուցել է եկեղեցի: VII– IX դդ. Սուքիասյանց վկայաբանությունը թարգմանվել է վրացերեն:

Հայ եկեղեցին ս. Սուքիասյանց հիշատակը տոնում է Առաջավորաց պահքին հաջորդող երեքշաբթի օրը, իսկ երբ հիշյալ օրը տոնվում է Տյառնընդառաջը՝ ս. Ատոմյանց հիշատակի հետ: Սուքիասյանց նվիրվել է շարական՝ «Շարական սրբոց Սուքիասանց». «Ստուգութեամբ տեղեկացեալ հարցանելով զմարգարէն, ով ելցէ ի լեառըն տեառն սրբութեան: Ահա տեսաք զՍուկաւետ լեառըն դիտակ և բնակարան վըկայեացն…» (Շարական, ԿՊ, 1853, Էջ 634):

Պատրաստեց Քնարիկ Տեր-Դավթյանը,
Աղբյուր՝ Ք. Հ. հանրագիտարան, Երևան, էջ՝ 945


Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օր

Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված հինգ դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Ս. Թադեոս առաքյալին և նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է քահանա: Ս. Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետևում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները` Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ տասնութ պալատականներ, ովքեր մկրտվում են Եփրատ գետում և Ոսկյանների հետ հեռանում են լեռներ: Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց: Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունն ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը կամ Սուքիասյանց տոնի հետ միասին:


Տեառնընդառաջ կամ Հիսուսի Տաճարին ընծայման տոն 

Արդ, Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար… Եւ նրան Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչեւ որ տեսներ Տիրոջ Օծյալին: (Ղուկ. 2: 25-30)

Նա Հոգով առաջնորդված՝ եկավ տաճար, եւ երբ ծնողներները բերեցին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու այն, ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը Նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն եւ ասաց. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությա՛մբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խոսքի. որովհետեւ աչքերս տեսան փրկությունը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար եւ փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար»:

Տերունի տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը: Ըստ հրեական օրենքի, ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես եւ սուրբ Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը (Ղուկ. 2;22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաեւ Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչեւ Տիրոջ Օծյալին տեսնելը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»


Ս. Սահակ Պարթև Հայրապետ

Սահակ հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի (353-373) որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի (301-325) տան վերջին ներկայացուցիչը: Շատ վաղ հասակից երանաշնորհ հայրապետը, զրկվելով մայրական խնամքից, փոխադրվում է Տարոն և մեծանում ու դաստիարակվում Մամիկոնյան իշխանների` իր մոր կողմից ազգականների հոգածության ներքո:

Նախնական կրթությունն ստանում է Հայաստանում, ապա ուսանում Կեսարիայում և Կ. Պոլսում` կատարելապես հմտանալով երաժշտական, հռետորական ատենաբանության, իմաստասիրության ու լեզվագիտության մեջ:

387 թ. Խոսրով Գ արքայի (385-388) կամքով բազմում է Ամենայն Հայոց հայրապետական գահին: Իր 52-ամյա (387-439) հայրապետական գործունեությամբ Մեսրոպ Մաշտոցի հետ լծվում է Հայոց Եկեղեցու պայծառացման: Հայկական գրերի ստեղծումից հետո ասորերենից թարգմանում է Ս. Գիրքը, որը համարվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհին:

Վախճանվում է 440 թ., նավասարդ ամսվա վերջին օրը, այսինքն` սեպտեմբերի 9-ին` նույն օրը, որ ծնվել էր: Թաղվում է Տարոնի Աշտիշատ գյուղում:


Ս. Ղևոնդյանց քահանաներ, նահատակներ 

Այս անվան տակ ճանաչվում են այն հոգևորականները, ովքեր Վարդանանց պատերազմից հետո, Ատրորմիզդ մարզպանի դրդումով, պարսից Հազկերտ Բ-ի հրամանով ձերբակալվում են` Հայոց երկիրն ապստամբական նոր խլրտումներից զերծ պահելու համար, և տարվում Ապար աշխարհի Նյուշապուհ բերդը: Այնտեղ նրանց առաջարկվում է ընդունել մազդեզական կրոնը` իրենց կյանքը փրկելու համար: Ղևոնդյանք մերժում են այդ առաջարկը:

454 թ. քուշանների դեմ մղած մարտերում պարսիկները պարտություն են կրում: Մոգերն այս պարտության պատճառը վերագրում են Ղևոնդյաններին, որի հետևանքով էլ նրանք նահատակվում են:

Պատմությունը հիշում է նրանց անունները. Հովսեփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղևոնդ երեց, Մուշե քահանա, Արշեն երեց, Քաջաջ սարկավագ:

Սրանց հետ էին նաև Աբրահամ և Խորեն Երեցները, որոնց աքսորում են: Որոշ ժամանակ անց, չդիմանալով Ասորեստանի տոթակեզ եղանակներին, Խորենը մահանում է: Աբրահամը հետագայում թույլտվություն է ստանում հայրենիք վերադառնալու և ձեռնադրվում է Բզնունիքի եպիսկոպոս: Նրան է վերագրվում ասորական «Վկայք Արևելից» երկի հայերեն թարգմանությունը:


Սուրբ Վարդանանց

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը:

Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին», — գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին: Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:


Բուն Բարեկենդան
(Մեծ պահքի առաջին կիրակի)

Մեծ պահքի առաջին կիրակին ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը և կոչվում է «Բուն բարեկենդան»: Ինչպես Դրախտում, մինչև անհնազանդությունը, «առաջին պատմուճանով» զարդարված նախաստեղծները ճաշակում էին Եդեմի անուշահամ պտուղները և ուրախանում հրեշտակների հետ, այդպես էլ այսօր Եկեղեցու զավակները, զարդարված Աստծու օրենքներով և ճաշակելով Աստծու պատվիրանները, ցնծում են և հոգևոր օրհնություններ վերառաքում:

Բուն բարեկենդանի նախորդ օրը՝ Երեկոյան ժամերգությանը, վարագույրով ծածկում են եկեղեցու բեմը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը Դրախտից, և այնուհետև՝ մինչև Ծաղկազարդ, Ավետարանը չի համբուրվում և «Հաւատամքի» ու «Կեցցոյի» ժամանակ չի բարձրացվում՝ ի տես ժողովրդին: Եկեղեցու խորհուրդները նման են ծածկված գանձի, և ով փնտրի, նա կգտնի այն ու կհանի հին ու նոր մեկնություններ՝ համաձայն Տիրոջ խոսքի. «Երկնքի արքայությանն աշակերտած ամեն մի օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձերից հանում է նորն ու հինը» (Մատթ. ԺԳ 44, 52): Սա ճիշտ է նաև բարեկենդանի խորհրդի համար, որը պահքի սկիզբն է:

Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը պատվիրան ստացավ Տիրոջից Դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք» (Ծննդ. Բ 16-17): Եվ ըստ այդ օրենքի՝ ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը Դրախտի մեջտեղում է, խորհրդանշում է պահքը, որը Բուն բարեկենդանի և Զատկի մեջտեղում է:

Սուրբ հայրերն ավանդում են, որ բարեկենդանը Դրախտի փափկության օրինակն է, իսկ նրանում եղող ծառերն ու բողբոջները՝ Եկեղեցու զավակների օրինակը: Կենաց ծառը, որը Դրախտի մեջտեղում է, Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու զանազան երփներանգ, անուշահոտ բույրով ծաղիկները առաքյալներն են, մարգարեները և ավետարանիչները, ինչպես նաև Եկեղեցու սուրբ վարդապետները, ովքեր փայլում են նոր զգեստներով: Նրանք Քրիստոսի անուշ բուրմունքն են՝ ըստ Պողոսի խոսքի. «Քրիստոսի անուշ բուրմունքն ենք Աստծու առջև» (Բ Կորնթ. Բ 15):

Արդ՝ Բուն բարեկենդանի ու Զատկի օրերը պահքի հետ միասին կազմում են հիսուն օր, իսկ հիսունը հոբելյանական թիվ է և խորհրդանշում է մեր ազատությունը մեղքերի ծառայությունից ու դարձը դեպի մեր հայրենին՝ ըստ հոբելյանի օրենքի (տե՜ս Ղևտ. ԻԵ 10): Բուն բարեկենդանը ցույց է տալիս մեր այս կյանքից ելնելը, ինչպես բարեկենդանի օրը ելնում ենք մարմնավոր կերակուրներից, քանզի մինչև Զատիկ այլևս չենք ուտելու, իսկ Զատիկը ցույց է տալիս կյանքի մեջ մտնելը, քանզի այդ օրը ճաշակում ենք երկնային Գառը, որը ցույց է տալիս, որ Քրիստոսի չարչարանքների միջոցով արժանանում ենք վերին խորանին և Նրա անպատում բարիքներին:

Բուն բարեկենդանի օրը փակվում է Եկեղեցու վարագույրը՝ Ադամի Դրախտից ելնելու խորհրդով, և մինչև Զատիկ Ավետարանն այլևս չի համբուրվում, ինչպես Ադամը զրկվեց Կենաց ծառի ճաշակումից: Այսօր վանքերում ամենուր չափավոր վայելքներ են թույլատրվում, քանզի հաջորդ օրն այլևս հրաման չկա ուտելու: Սա վերցված է Եղիային ուղղված հրեշտակի խոսքից. «Ելի՜ր, կե՜ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագ. ԺԹ 7), և այդ երկար ճանապարհը քառասնօրյա պահքի շրջանն է: Այդպես էլ այսօր մեզ համար կան մարմնավոր կերակուրներ, քանզի առջևում մեզ երկար պահք է սպասվում: Ինչպես օրինակ՝ հասնելով լեռան ստորոտին՝ գրաստի վրայից վերցնում ենք բեռները՝ թույլ տալով մի որոշ ժամանակ արածել, նույնպես և վարվում ենք բարեկենդանի ժամանակ, քանի որ պահքի լեռն ենք բարձրանալու:

Բարեկենդանն արձակումն է պահքի նեղություններից, որը նշանակում է փոփոխություն՝ ի հակադրություն ծոմի ու ծարավի, այսինքն՝ մատնացուցում է ուտելն ու խմելը՝ իբրև անցում սուգից դեպի ուրախություն, տքնությունից՝ փափկակեցություն, չարչարանքից՝ հանգստություն և այլն: Բարեկենդանը խորհրդանշում է նաև Դրախտի կյանքն առանց որևէ կարոտության, իսկ պահքն այս կյանքի կարոտություններն է խորհրդանշում:

Եվ դարձյալ՝ բարեկենդանը խորհրդանշում է հոգու ամբողջովին փարթամացած առաքինությունները, իսկ պահքը՝ չարությունը, որովհետև չարությունից հոգին նվազում է ու կարոտում ամեն տեսակ բարիքների, ինչպես որ պահքից մարմինն է նվազում:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի


Արտաքսման կիրակի
(Մեծ պահքի Երկրորդ կիրակի)

Մեծ պահքի երկրորդ կիրակին ունի արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Արտաքսման կիրակի»: Սա մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին, և հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին:

Եթե առաջին կիրակի օրը, պահքի մեջ մտնելու պատճառով, ընթերցվածները սպառնալից են, ապա երկրորդ կիրակի օրն ընդհակառակը՝ աղերսական են:

ԱՐՏԱՔՍՈՒՄ

Ադամը, իր անձնիշխան կամքով և ինքնահոժար մտքով չպահելով Տիրոջ պատվիրանները, զրկվեց աստվածային վայելուչ փառքից, արտաքսվեց Դրախտից և իջավ այս աշխարհը, որտեղ ենթարկվելով իր թշնամու՝ սատանայի հարձակումներին՝ հայտնվեց թշվառ ու կիսամեռ վիճակում, ինչպես այն առակի հերոսը, ով Երուսաղեմից իջնում էր Երիքով՝ ըստ այս խոսքի. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը» (Ղուկ. Ժ 30):

Այստեղ Երուսաղեմը, որ թարգմանվում է խաղաղություն, Դրախտի օրինակն է, և քանի դեռ մարդը Դրախտում էր, խաղաղության մեջ էր, իսկ երբ այնտեղից ելավ, խռովության մեջ ընկավ և մատնվեց մահվան: Իսկ Երիքովը, որ թարգմանվում է լուսին, խորհրդանշում է այս աշխարհը, որը լուսնի նման փոփոխական է: Ավազակները դևերի զորքերն են, իսկ մարդը՝ մարդկային բնությունը, որն ընկավ սատանայի ձեռքը: Չնայած որ Ադամը որպես ընկեր ուներ Եվային, բայց քանի որ Աստված հեռացել էր նրանից, նա մենակ էր մնացել, այդ պատճառով էլ ասում է «մի մարդ»: «Որոնք նրան մերկացրին, վիրավորեցին» (Ղուկ. Ժ 30): Ադամը նախ մերկացավ Դրախտում իր սկզբնական զարդերից՝ արդարությունից, խոնարհությունից, հնազանդությունից և պահեցողությունից, իսկ այնուհետև աշխարհում մեղքերը նրան մերկացրին հոգու մյուս զարդերից ևս, և այն, ինչ Աստված չասաց Դրախտում, հետագայում այստեղ ասաց. «Իմ Հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են» (Ծննդ. Զ 3): «Վիրավորեցին» ասելով հայտնում է պիղծ ոգիների գազանությունը, թե նրանք ինչպիսի թշվառության կարող են հասցնել իրենց հետևորդներին: «Եվ կիսամեռ թողեցին ու գնացին» (Ղուկ. Ժ 30): Երբ սատանան մարդուն խոցում է մեղքի պես-պես ախտերով, դրանից մարդը կիսամեռ է դառնում, քանզի մեղսագործ մարդը մեռած է հոգով և կենդանի է միայն մարմնով: Թեև սատանան ուզում էր մեր ամբողջ բնությունը կործանել, սակայն Աստծու ողորմությամբ ամբողջը չմահացավ, այլ ամեն դարում մի արդար էր ելնում՝ նմանությամբ Նոյի, Մելքիսեդեկի ու Աբրահամի: «Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի. նրան տեսավ և թողեց անցավ: Նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս տեսավ և թողեց անցավ» (Ղուկ. Ժ 31-32): Շատ մարգարեներ եկան նույն Ադամի բնությամբ, ունենալով նույն կարիքները, սակայն նրանք մեծ դժվարությամբ իրենց զերծ պահեցին մահաբեր մեղքերից և ընկածին օգնել չկարողացան: Այստեղ քահանան Ահարոնն է, իսկ ղևտացին՝ Մովսեսը, ովքեր չկարողացան մեր բովանդակ բնությունը բժշկել, թեպետև Օրենքի միջոցով որոշ գործեր արեցին: Դարձյալ՝ քահանան Հին օրենքն է, իսկ ղևտացին՝ մարգարեությունները, որոնց դեղերը չկարողացան բուժել մարդուն: Եվ մարդը Տիրոջ գալստյամբ միայն ողջացավ: «Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց» (Ղուկ. Ժ 33): «Սամարացի» նշանակում է պահպանող: Այստեղ սամարացին Քրիստոս է, Ում հրեաները նախատելու համար Սամարացի անվանեցին: Եվ Տերը, Ով մաքրում է ամենքիս, չգարշեց այս անունից: Նա ևս անցավ նույն ճանապարհով՝ ինչից մենք էինք սկսել. որպես մարդ կնոջից ծնվելով՝ եկավ երկիր և այստեղ գտավ մեր կիսամեռ ու զարկված բնությունը: Թեև Նա որպես Աստված կարող էր մեզ մեկ այլ կերպ փրկել, սակայն կամեցավ մեզ իրավունքով ապրեցնել, ինչ պատճառով էլ վերցնելով մեր բնությունը՝ հատուցեց մեր բոլոր պարտքերը: «Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց» (Ղուկ. Ժ 34): Սամարացին նախ նայեց կիսամեռ մարդուն, գթաց նրան, ապա մոտեցավ և նրա վերքերն օծեց ձեթով ու գինով: Այստեղ ձեթը խորհրդանշում է լույսը, իսկ ձեթով օծելը՝ հավատը, հույսը և սերը: Գինով օծումը խորհրդանշում է ահն ու երկյուղը, քանզի գինին կսկծեցնում է վերքը: Վերքերը կապելը խորհրդանշում է Տիրոջ՝ տասը պատվիրաններն ու Եկեղեցու յոթ խորհուրդները տալը: Տերը մեր փրկության համար ընդհանուր դեղ պատրաստեց՝ ձեթը՝ Հոգու մկրտության, իսկ գինին՝ Տիրոջ Արյանը հաղորդվելու համար: Սրանցով մեր հոգու վերքերը բուժվեցին, մեղքերում մեռածներս կենդանացանք, և մեզ համար բացվեցին արքայության դռները: «Դրեց նրան իր գրաստի վրա» (Ղուկ. Ժ 34): «Գրաստը», որի վրա դրեց խոշտանգվածին, Տիրոջ Մարմինն է, որով վերացրեց աշխարհի մեղքերը: Այսինքն՝ Քրիստոս Իր վրա վերցրեց մեր պարտքերը և մեզ հանեց այնտեղից, ուր ընկել էինք: Այստեղ «գրաստ» ասելով ի նկատի ունի նաև հույսը: «Տարավ մի իջևան և խնամեց նրան» (Ղուկ. Ժ 34): Տերը ոչ միայն բուժեց հիվանդի վերքերը, այլև տարավ իջևանատուն, այսինքն՝ Եկեղեցի, քանզի երկրի վրա ավելի սուրբ տեղ չկա, քան Եկեղեցին, որը Նրա զինվորյալ արքայությունն է: Տերը, Եկեղեցին հիմնելով, այնտեղ առաքյալներ, մարգարեներ, վարդապետներ և հովիվներ կարգեց, որոնց մոտ է հավաքում բոլոր ընկածներին ու վիրավորներին: Սրանց ևս Ինքն է կենդանացրել, մաքրել մեղքերից և օրհնելով կարգել Եկեղեցու առաջնորդ, որպեսզի լինեն մեր վերակացուները, տեսուչներն ու խնամողները, որ մեզ այլևս ավազակները չտիրեն ու իսպառ չոչնչացնեն:

«Իջևանատիրոջը երկու դահեկան տվեց» (Ղուկ. Ժ 35): «Իջևանատերը» Եկեղեցու եպիսկոպոսներն են, որոնց Տերը հանձնել է Իր հոտը, ինչպես Իր սիրելի մոր խնամքը հանձնեց Իր աշակերտին (տե՜ս Հովհ. ԺԹ 27): Երկու դահեկանները երկու Կտակարաններն են՝ Հինն ու Նորը, ինչպես նաև՝ սիրո երկու պատվիրանները՝ ըստ այս խոսքի. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»: Այս է մեծը և առաջին Եկեղեցու խորհուրդները նման են ծածկված գանձի, և ով փնտրի, նա կգտնի այն ու կհանի հին ու նոր մեկնություններ՝ համաձայն Տիրոջ խոսքի. «Երկնքի արքայությանն աշակերտած ամեն մի օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձերից հանում է նորն ու հինը» (Մատթ. ԺԳ 44, 52): Սա ճիշտ է նաև բարեկենդանի խորհրդի համար, որը պահքի սկիզբն է:

Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը պատվիրան ստացավ Տիրոջից Դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք» (Ծննդ. Բ 16-17): Եվ ըստ այդ օրենքի՝ ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը Դրախտի մեջտեղում է, խորհրդանշում է պահքը, որը Բուն բարեկենդանի և Զատկի մեջտեղում է:

Սուրբ հայրերն ավանդում են, որ բարեկենդանը Դրախտի փափկության օրինակն է, իսկ նրանում եղող ծառերն ու բողբոջները՝ Եկեղեցու զավակների օրինակը: Կենաց ծառը, որը Դրախտի մեջտեղում է, Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու զանազան երփներանգ, անուշահոտ բույրով ծաղիկները առաքյալներն են, մարգարեները և ավետարանիչները, ինչպես նաև Եկեղեցու սուրբ վարդապետները, ովքեր փայլում են նոր պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ «Օրենքը և մարգարեները» (տե՜ս Մատթ. ԻԲ 37-40): «Եվ ասաց. խնամի՜ր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ» (Ղուկ. Ժ 35): Ավելին ծախսելու օրինակը մեզ տվեց Պողոսը, ով ծառայում էր Աստծուն առանց ժողովրդից ինչ որ բան վերցնելու, թեպետև ուներ դրա հրամանը (տե՜ս Ա Տիմ. Ե 18): Այսպես անում են նաև Եկեղեցու շատ պաշտոնյաներ՝ առանց վարձքի աշխատելով ժողովրդի համար, որից սակայն նրանք չեն տրտմում, քանզի վարձքն Աստծուց պիտի ստանան: Սա նաև նրանց է վերաբերվում, ովքեր տասը պատվիրանները պահելուց զատ թողեցին ամեն ինչ ու գնացին Տիրոջ ետևից:

Իսկ սամարացու «մյուս անգամ գալուստը» Քրիստոսի Երկրորդ գալուստն է խորհրդանշում, երբ յուրաքանչյուրին պիտի հատուցի ըստ իրենց գործերի: Արդարև, մեծ վարձքի պիտի արժանանան նրանք, ովքեր հավատարմորեն պիտի սպասեն Տիրոջ Երկրորդ գալուստին:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի


Անառակի կիրակի
(Մեծ պահքի Երրորդ կիրակի)

Մեծ պահքի երրորդ կիրակին ունի արարչության երրորդ օրվա ու այս կյանքի երրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Անառակի կիրակի»: Այս անունը վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ պատմվում է, թե ինչպես անսկիզբ Հայրն Իր Միածին Որդուն առաքեց աշխարհ՝ գտնելու Իր կորուսյալ պատկերը՝ մարդկային բնությունը, և մեղքերից ետ դարձնելու անառակ որդուն: Եվ Աստծու Որդին, ավլելով Իր տունը՝ մեղսալից աշխարհը, գտավ կորուսյալ դրամը՝ մոլորված ոչխարին, այսինքն՝ մարդուն, և նրան Իր ուսերի վրա դնելով, որտեղ խաչն էր՝ հանեց երկինք:

Անցյալ կիրակիներից հայտնի է, որ առաջին կիրակիի ընթերցումները սպառնալիքներ էին Տիրոջ կողմից՝ ասված Եսայի մարգարեի ու առաքյալների միջոցով, իսկ երկրորդինը՝ համակ հանձնառություն և աղերսանք: Իսկ այս կիրակի Տիրոջ անունից հայտնություն է տրվում հնազանդվածներին՝ ուշք դարձնելով մեր Տիրոջ հարության մեծ օրվան, թե ինչպես մոր որովայնում, այնպես էլ պահքի արգանդում կարող ենք սրտով աչալուրջ լինել ահավոր Քահանայապետի առջև:

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ԱՌԱԿԸ

Մի մարդ երկու որդի ուներ. նրանցից կրտսերը հորն ասաց. «հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»: Եւ նա ունեցվածքը բաժանեց նրանց: Քիչ օրեր հետո, կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում: Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ: Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, և սա ուղարկեց նրան իր ագարակը` խոզեր արածեցնելու: Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: Ապա խելքի եկավ եւ ասաց. «քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛վ իբրեւ քո աշխատավորներից մեկը»: Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գթաց. վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով եւ համբուրեց նրան: Եւ որդին ասաց նրան. «հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու»: Հայրը իր ծառաներին ասաց. «անմիջապես հանեցե՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրե՛ք նրան, մատանին նրա մատը դրեք եւ նրա ոտքերին` կոշիկներ. բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց». եւ սկսեցին ուրախանալ: Իսկ նրա ավագ որդին ագարակում էր. և մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը. և իր մոտ կանչելով ծառաներից մեկին` հարցրեց, թե այդ ի՞նչ է: Եվ սա նրան ասաց. «քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան»: Նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով` աղաչում էր նրան: Որդին պատասխանեց եւ ասաց հորը. «այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի: Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»: Հայրը նրան ասաց. «որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց»:

Մեր Տերը, հաստատելով լսողների միտքը նրանում, որ երկնքում ուրախություն է լինում յուրաքանչյուր ապաշխարողի համար, մեզ հորդորում է ապաշխարել՝ պատմելով այս առակը. «Մի մարդ երկու որդի ուներ» (Ղուկ. ԺԵ 11): «Մի մարդ» ասելով Աստված Իրեն մարդ է կոչում, ինչպես մեկ այլ առակում Իրեն հովիվ կոչեց, իսկ հրեշտակներին ու մարդկանց ոչխարներ (տե՜ս Ղուկ. ԺԵ 3-7), և սրանով ամենակալ Հայրը բարձրությունից դեպի մեզ է խոնարհվում: Ադամն այդ առակում հարյուր ոչխարներից մեկն էր, ում Տերը գտնելով դրեց Իր ուսերի վրա, որտեղ և խաչն էր, տարավ ու խառնեց Իր հոտին: Իսկ «Տասը դրամների» առակում (տե՜ս Ղուկ. ԺԵ 8-10) Իրեն «կին» է կոչում Իր արարածների նկատմամբ ունեցած առատ գթության պատճառով: Այստեղ կորած դրամը մարդկային ցեղն է, իսկ մնացած ինը դրամները՝ հրեշտակների ինը դասերը: Ասելով, թե «ճրագ վառեց»՝ հայտնում է, որ Իր Մարմինը վառեց աստվածային լույսով: Տունն ավլելով՝ մաքրեց ողջ աշխարհը, գտավ Իր կորսված պատկերը և ուրախացավ մարդկային ցեղի վերականգնման համար: Իսկ այս առակում մարդուն առանձնահատուկ պատվի է արժանացնում՝ Աստծու որդի անվանելով: «Երկու որդի» ասելով ի նկատի ունի հրեշտակներին և մարդկանց, քանզի որդիները կրում են իրենց հոր պատկերը, և էականներից միայն սրանք էին կրում Հոր պատկերը՝ լինելով անձնիշխան և իմացական, ինչպես Աստված: Այս պատճառով էլ Տերը մեզ հրամայեց կանչել. «Հայր մեր, որ երկնքում ես…»: Աստված մեր Հայրն է. նախ՝ որովհետև ստեղծեց մեզ՝ ըստ այս խոսքի. «Մի՞թե Նա այն Հայրը չէ, որ քեզ շահեց, քեզ արարեց ու հաստատեց» (Բ Օրենք ԼԲ 6), ապա՝ որովհետև մկրտության շնորհով մեզ Իրեն որդի դարձրեց՝ ըստ այս խոսքի. «Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր» (Գաղատ. Դ 6): «Նրանցից կրտսերը հորն ասաց»: Այստեղ կրտսեր որդին մարդն է: Նախ՝ ժամանակային առումով, քանզի հրեշտակներն արարչության առաջին օրը լույսի հետ արարվեցին, ինչ պատճառով կոչվում են երեց և ծեր, իսկ մարդիկ՝ միայն վեցերորդ օրը: Երկրորդ՝ հրեշտակներն ավելի պատվական են բնությամբ, քան մարդիկ՝ ըստ այս խոսքի. «Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան և փառք ու պատվով պսակեցիր» (Սաղմ. Ը 6): «Հա՜յր, տո՜ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»: Կրտսերը խնդրեց իր բաժինը, քանզի կամեցավ իր կամքով ապրել և ոչ թե հոր հրամաններով:

«Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց»: Ամեն էակ գոյանալով՝ իր բաժինն է ստանում Աստծուց: Աստված Իր բանական որդիների մեջ բաժանեց Իր տունը՝ տալով հրեշտակներին վերին երկինքը, քանզի բարձր են բնությամբ և անմարմին լինելով՝ Աստծուն ավելի մոտիկ: Իսկ մարդուն տվեց Դրախտը, որը երկրի և երկնքի միջև է, քանզի մարդը գտնվում է անմահության և մահվան միջև: Ապա մարդուն լցրեց Սուրբ Հոգով, զարդարեց մարգարեությամբ, սկզբնական արդարությամբ և վառեց Իր սիրով:

«Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ»: Դժվար է մարդու համար մեղք գործել, երբ միշտ իր աչքի առջև, մտքում ու խորհուրդներում Աստծուն ունի: Իսկ երբ մտքով հեռանում է և երես դարձնում Նրանից, ապա համարձակորեն մեղքեր է գործում:

Մարդը երկար չմնաց Դրախտում, այլ Աստծու պատվիրաններից անցնելուն պես արտաքսվեց և գնաց անասունների համար նախատեսված աշխարհը: Չկա Աստծուց հեռու որևէ տեղ, այլ մահացու մեղքն է մարդուն հեռացնում Նրանից, քանզի Աստված ամենուր մեզ հետ է՝ ըստ այս խոսքի. «Ես մերձավոր Աստված եմ և ոչ թե հեռավոր» (Երեմ. ԻԳ 23), և՝ «Ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև» (Եսայի ԾԹ 2):

«Այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում»: Ունեցվածքի վատնելն աստվածային շնորհներից զրկվելն է: Ադամը դեռևս Դրախտում կորցրեց իր սկզբնական արդարությունը, որն անմեղության պատմուճանն է, ապա՝ Աստծու սերը, օրհնությունը, Նրա ներկայությունը, ինչպես նաև՝ իշխանությունը գազանների վրա և վերջապես՝ Դրախտը: Դրախտից ելնելուց հետո էլ դեռևս որոշ ժամանակ Սուրբ Հոգու շնորհները մարդու հետ էր, որը պետք է պահեր մաքուր վարքով, ինչպես պահեցին Աբելը, Ենովսը, Ենոքը և Նոյը: Սակայն մարդն անառակությամբ սա էլ վատնեց, դարձավ թշվառական և թափուր գտնվեց Հոգու բոլոր պարգևներից:

«Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ»: «Սաստիկ սով» ասելով պետք է հասկանալ հոգու սովը, որն աստվածային գիտության և առաքինի վարքի պակասությունն է: Ինչպես մարգարեն է ասում. «Ահա օրեր պիտի գան, -ասում է Տեր Աստվածը, -և Ես սով պիտի ուղարկեմ այդ երկիրը, ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով» (Ամոս Ը 11): Որքան մեծ է հոգին մարմնից, այնքան մեծ է հոգու քաղցը մարմնականից:

«Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին»: Աստծուց հեռացողները դևերին են ընկեր դառնում, քանզի այդ աշխարհի քաղաքացիները դևերն էին, իսկ իշխանը՝ սատանան՝ ըստ այս խոսքի. «Գալիս է աշխարհի իշխանը» (Հովհ. ԺԴ 30): Եվ դևերը, մարդուն Աստծուց օտարացնելով, նրան լցնում են խավարով, տգիտությամբ ու ախտերով, ապա ծառա դարձնում և Աստծու փոխարեն իրենց են պաշտել տալիս: Դրանից մեղավորը հասնում է մինչև չարության խորքերը ու ավելի սանձարձակ դառնում:

«Եվ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու»: Սատանան, կամենալով անարգել մարդուն, նրան ուղարկեց խոզեր արածեցնելու: Սատանայի ագարակն այն վայրն է, ուր կան ծառեր, որոնք երկնավոր Հայրը չտնկեց, և ուր կան խոզեր, որոնք տրորում են մարգարիտը: Նա խոզեր էր արածեցնում, այսինքն՝ այնպիսիներին, ովքեր մարմնական ցանկություններն են կատարում և թավալվում են մարդկային ախտի ժանտահոտության մեջ, նաև այնպիսիներին, ովքեր պիղծ հոգով են լցված և պարարտացնում են մարմինը, բայց ոչ՝ հոգին, քանզի խոզը բղջախոհների օրինակն է: Դևերը մարդկանց մղում են բղջախոհության, որովհետև սա մարդկանց սրտերն ամբողջովին շրջում է Աստծու սիրուց: Սա է պատճառը, որ դևերն ավելի շատ բնակվում են բղջախոհների մեջ, քան մյուսների: Եվ այս պատճառով դևերը խնդրեցին Տիրոջից բնակվել խոզերի մեջ (տե՜ս Մատթ. Ը 31):

«Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս»: Բանական հոգին ցանկանում է վարդապետություն, թեկուզև ոչ բարի խոսքից, միայն թե լինի վարդապետական խոսք, այդ պատճառով էլ սատանայի տված կերակուրներով չի հագենում և որքան ուտում, այնքան ավելի է քաղցում և իր ցանկությունների մեջ հալվում ու մաշվում: Եղջերենու պտուղն ունի քաղցր համ և պարարտացնում է մարմինը, սակայն ուտելուց հետո պատճառ է դառնում որովայնի ցավի և աղիների խցանման, որով և այդ պտուղը նմանվում է մեղքին, որը նախ մեղրի նման ծորում է, իսկ հետո դառնանում օշինդրի պես: «Եվ ոչ ոք այդ նրան չէր տալիս»: Հետինները խախտված ուսմունքը չեն ավանդում բարին փնտրողներին, որպեսզի չհանդիմանվեն: Խոզապետը, որը սատանան է, երբ տեսավ, որ անառակը թափուր գտնվեց բոլոր բարիքներից, լքեց նրան: «Ապա խելքի եկավ և ասաց»: Երբ դևը հեռանում է, դիվահարը զգաստանում է ու սկսում խորհել: Անառակը հաց էր ցանկանում, և երբ նրան եղջերենու պտուղ չտվեցին, հիշեց իր հոր տունը, որը լի էր հացով: Այսպես Աստծու նախախնամությամբ խոզապետը զլացավ եղջերենու պտուղ տալ անառակին և լքեց նրան, որից անառակը խելքի եկավ և իմացավ, թե փառքի ինչպիսի աստիճանից անարգության ինչպիսի աստիճան ընկավ. «Դրախտի պահապան էի, իսկ այժմ խոզերի պահապան եմ: Լինելով երկնավոր Հոր որդին՝ այժմ խոզերից վատթար եղա»:

Երեքն են, որ մարդուն ապուշացնում են՝ դևերը, մեղքերը և մարդկանց չարությունները, մանավանդ բղջախոհությունը: Երբ անառակը թևաթափ եղավ, Աստված նրան բանական սիրտ տվեց՝ տեսնելու իր թշվառությունը, և մարդու միտքը դեպի Աստված դարձավ:

Այսպիսով՝ մարդկային բնությունը, կռապաշտությամբ պոռնկանալով սատանայի հետ և զանազան պատիժներից նեղվելով, տեսնում է, որ հանգստություն չկա մեղքերում: «Քանի՛ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ»: Վարձկանները հրեշտակներն են, ովքեր որպես վարձ միշտ ունեն Աստծու տեսությունը և իրենց փառքը: Իսկ «առատ հաց ունենալը» նշանակում է, որ առատությամբ լցված են Աստծու շնորհներով: «Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ՝ հա՜յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ»: Սա ևս Աստծու նախախնամությամբ է. չնայած որ դյուրությամբ ենք ընկնում մեղքի մեջ, սակայն առանց ուսանելու գտնում ենք ապաշխարության ճանապարհը: «Այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»: Մարդը մեղանչելով զրկվում է երկնային Հոր որդեգրությունից և սատանայի որդի դառնում՝ ըստ այս խոսքի. «Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել» (Հովհ. Ը 44): Քրիստոս Իր ողորմությամբ մեզ հանձնարարեց Արարչին Հայր անվանել, այն դեպքում, երբ անգամ ծառա կոչվելու արժանի չենք: «Վեր կացավ եկավ իր հոր մոտ. և մինչդեռ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց»: Ելավ մահաբեր քնից և խոր մեղքերի մեջ ընկած տեղից: Հայրը, հեռվից նրան տեսնելով, գթաց, քանզի տեսավ նրան մերկ, աղքատ ու ամոթահար: Նախ հա՜յրը տեսավ որդուն, ինչը ցույց է տալիս, թե երբ մեղավորն ամբողջ սրտով դառնում է Աստծուն, Աստված իսկույն սկսում է քաղցրությամբ նայել նրան:

«Վեր կացավ և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան»: Երբ զղջմամբ դիմում ենք Աստծուն, Նա էլ մեզ է դիմում Իր շնորհներով: Որդին տակավին հեռու էր, որովհետև հանցանքներից դեռ չէր ձերբազատվել: Եվ քանի որ զղջալով շտապում էր հոր մոտ, հայրը տեսավ նրան, ընկավ նրա պարանոցով, որովհետև նա ազատվել էր սատանայի լծից, և նրան համբույր տվեց՝ խորհրդանշելով Իր միավորությունը որդու հետ:

«Որդին ասաց նրան. «Հա՜յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»: Անառակը խոնարհ մնաց անգամ մեծարանքները տեսնելուց հետո: Որքան մենք խոնարհում ենք մեր անձը, Աստված այնքան այն բարձրացնում է: Թեպետ Հայրը հիշաչար չէ և ներում է մեր մեղքերը, սակայն անառակը խոստովանում է իր հանցանքները, քանզի մարդը չպետք է մոռանա իր անիրավությունները: «Երկինք» ասելով Դրախտը նկատի ունի, որտեղ մարդը գործեց իր առաջին հանցանքը, և որից այսքան ապականություններ հեղվեցին մեր բնության վրա: Ասում է նաև «Աստծու առջև», քանզի մեղքը գործվեց Տիրոջ ամենատես աչքի առջև: «Հայրն իր ծառաներին ասաց. «Անմիջապես հանեցե՜ք նրա նախկին պատմուճանը և հագցրե՜ք նրան, մատանին նրա մա՜տը դրեք և նրա ոտքերին՝ կոշիկներ»: Նա, ով մերկացավ անհնազանդությամբ, այժմ զգեստավորվում է հնազանդությամբ»: Երբ Ադամը Դրախտում մեղանչեց, կորցրեց իր պատմուճանը՝ սկզբնական արդարությունը՝ ըստ այս խոսքի. «Երկուսի աչքերն էլ բացվեցին, և նրանք հասկացան, որ մերկ են» (Ծննդ. Գ 7): Այժմ Տերը մեր նախկին պատմուճանը մեզ է վերադարձնում՝ մկրտության Ավազանի շնորհով: Այստեղ ծառաները հրեշտակներն են, քանզի նրանց միջնորդությամբ է Աստված շնորհները տալիս:

Մատանին սիրո և միավորության նշանն է, ինչպես օրինակ՝ փեսայի միավորության նշանը հարսի հետ: Իսկ այստեղ՝ Աստծու սիրո և մարդու հետ միավորության նշանն է: Այսինքն՝ երկնավոր Հայրը Հարսին՝ Եկեղեցուն, մատանի տվեց, ի դեմս Քրիստոս Փեսայի: Իսկ եպիսկոպոսի մատանին եպիսկոպոսի՝ իր թեմի հետ միավորության նշանն է: Ընդ որում մատանին նաև իշխանության նշան է: Հայրը, Իր մեծ սիրով որդու մատին մատանի դնելով, նրան իշխան է կարգում ծառաների վրա: Մատանին նշանակն է նաև գործնական առաքինության:

Կոշիկը ոչ միայն պահպանում է ոտքը կամակոր օձից, այլև իշխանություն է տալիս կոխոտել օձերին, կարիճներին ու թշնամու ողջ զորությունները, ինչպես նաև գեղեցկացնում է կրողին՝ ըստ այս խոսքի. «Որքա՛ն գեղեցիկ է քո քայլքը կոշիկներով» (Երգ Է 1): Սա նաև սուրբ Ավետարանի քարոզչության համար է (տե՜ս Եփես. Զ 15): «Բերե՜ք պարարտ եզը, մորթեցե՜ք, ուտենք և ուրախ լինենք»: Այլաբանորեն եզը մեր Տեր Հիսուս Քրիստոս է, իսկ եզի մորթվելը Տիրոջ խաչվելն է խորհրդանշում: Քանզի եզը հեզ ու սուրբ կենդանի է, ինչպես և մեր Տերը, Ով պարարտ է Աստվածությամբ ու լիուլի՝ Հոգու շնորհներով: Երկնավոր Հայրը հրամայեց մորթել եզը, քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց (տե՜ս Հովհ. Գ 16):

Մորթելուց հետո ասաց. «Ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»: Մարդը մեռած էր հոգով և կորած գեհենում: Աստված Իր անառակ ծառայի փրկության համար Իր սիրելի Որդուն որպես հորթ տվեց մորթելու, որը, սակայն, չարեց հարկադրաբար, որևէ մեկից բռնադատված և ոչ էլ տրտմությամբ, այլ ուրախությամբ, ինչ պատճառով էլ ասում է. «Ուտենք և ուրախ լինենք»: «Իսկ նրա ավագ որդին ագարակում էր»: Ավագ որդին հրեշտակն է՝ այն բանական բնությունը, որ մեղք չի գործել, այլ եղել է բարի մշակ՝ պարարտ անդաստանում՝ հակառակ այն անդաստանին, ուր խոզեր կան: «Եվ մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայն»: Հայրը ցնծում է, քանզի գտավ Իր որդուն: Որդին ցնծում է, քանզի գտնվեց, իսկ մարդկային բնությունը ցնծում է, որովհետև զգեստավորվեց Սուրբ Հոգով՝ ըստ այս խոսքի. «Ես պիտի հրճվեմ Տիրոջով, որովհետև Նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին, և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով» (Եսայի ԿԱ 10):

«Եվ իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե այդ ի՞նչ է»: Ծառաները հրեշտակների ցածր դասերն են: Վերին զվարթունները տեղյակ չէին Տիրոջ մարդեղության խորհրդին, դրա համար ցածր դասերից էին հարցնում: Մարդեղության խորհուրդը բոլոր հրեշտակներն էլ Եկեղեցուց սովորեցին, այսինքն՝ Քրիստոսից, Ով գլուխն է Եկեղեցու՝ ըստ այս խոսքի. «Այն խորհուրդը, որ ծածկված էր դարերից և սերունդներից և որ այժմ հայտնվեց իր սրբերին» (Կողոս. Ա 26): Դարձյալ՝ «Որպեսզի Եկեղեցու միջոցով հայտնի լինի այժմ երկնային իշխանություններին և պետություններին Աստծու բազմապատիկ իմաստությունը» (Եփես. Գ 10): «Եվ սա նրան ասաց. «Քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ-առողջ ընդունեց նրան»: Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան»: Երբ հրեշտակներն իմացան, որ Տերը բոլոր մարդկանց հոգիները հանել է դժոխքից և դեպի երկինք ճանապարհել, բարկացան: Նրանք տեղյակ չէին մարդկային բնության նկատմամբ Աստծու անչափ գթությանը, Աստծու անոխակալությանը և սիրուն, այդ պատճառով անիրավացի էին համարում, որ այդպիսի անառակը՝ մարդը, միայն մեղա գալով այսպիսի փառքի արժանանա: «Որդին պատասխանեց և ասաց հորը. «Այս քանի՛ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի»: Հրեշտակները խորհում էին իրենց մտքում, որ եթե սա անառակ լինելով այսպիսի փառքի արժանացավ, ապա որքա՜ն առավել փառքի իրենք են արժանի, քանզի երբեք Տիրոջ պատվիրաններից չեն անցել, սակայն մինչև այժմ դրա դիմաց իրենց ունեցած պատիվը դեռևս չի ավելացել, ուստի ասացին. «Ինձ երբեք մի ուլ չտվիր»: Սակայն նրանք չիմացան, որ իրենց մեծ պատիվը միշտ Աստծուն մոտ լինելն է:

Հրեշտակների համար կարիք չկար եզ մորթելու, քանզի նրանք անմեղ էին, կենդանի և միշտ Աստծու մոտ, իսկ մարդը մեռած էր մեղքերի մեջ, Աստծուց հեռացած և կարիք ուներ զոհաբերության: «Երբ եկավ քո այս որդին, որ քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, ընդունեցիր»: «Պոռնիկները» նյութական և մարմնական կյանքի զանազան չարություններն են:

«Հայրը նրան ասաց. «Որդյա՜կ, դու միշտ ինձ հետ ես»: Հայրը վկայում է, որ ավագ որդին երբեք չհեռացավ բարուց: «Եվ ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»: «Մեռած էր», քանի որ անառակությամբ ապրելով վատնեց կենդանարար գոյացությունը: «Կորած էր», քանի որ կորստյան տանող «լայն և ընդարձակ ճանապարհով» էր գնում (տե՜ս Մատթ. Է 13): Իսկ մտադրվելով հոր մոտ գալ՝ կենդանացավ ու գտնվեց՝ թոթափելով մեռելությունն ու կորուստը:

Հայրն ուրախանում է ամեն մի մեղավորի համար, որն ապաշխարում է, և մեծ տոնախմբություն անում: Եվ այս տոնը ծննդյան տոն է, քանզի մեղավորը, որ սատանայի որդի էր, Աստծու որդի դարձավ՝ վերստին ծնվելով մկրտության Ավազանից: Սա նաև հարության տոն է, քանզի մեղավորը մահացու մեղքերից հարություն առավ և կենդանացավ հոգով: Եվ երրորդ՝ նաև հոգեգալստյան տոն է, քանզի ընդունում է Սուրբ Հոգուն այնպես, ինչպես առաքյալները Վերնատանն ընդունեցին:

Հատված Արամ Դիլանյանի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները» գրքից


Տնտեսի կիրակի
(Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Մեծ պահքի չորրորդ կիրակին ունի արարչության չորրորդ օրվա ու այս կյանքի չորրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Տնտեսի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ խորհրդավոր կերպով պատմվում է, թե ինչպես իրապես Հարուստը՝ Աստված, արարեց իմանալի աշխարհը և այնտեղ տնտեսներ կարգեց հրեղեններին, ապա ստեղծեց զգալի աշխարհը և այստեղ տնտես կարգեց մարդուն, իսկ այնուհետև՝ Իր կողից բխած սուրբ Արյամբ հիմնեց Եկեղեցին և այնտեղ տնտեսներ կարգեց առաքյալներին ու նրանց հետևորդներին:

Սքանչելի ու հիանալի համեմատությամբ են միմյանց հետ կապված Քառասնորդաց պահքի զորությունները, ինչպես ցույց են տալիս և ուսուցանում ընթերցվածները: Իսկ չորրորդ կիրակիի խորհուրդը բազմանշանակ է, ինչպես բազմանշանակ են չորս թվի խորհուրդները:

ԱՆԻՐԱՎ ՏՆՏԵՍԻ ԱՌԱԿԸ

Եվ Հիսուս իր աշակերտներին ասաց. «մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ. և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը: Տերը կանչեց նրան եւ ասաց. “այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛վր քո տնտեսութեան հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող”: Տնտեսը իր մտքում ասաց. “ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս ինձնից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի, երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները”: Եւ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով` առաջինին ասում է` “իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես”: Եվ սա ասում է` “հարյուր տակառիկ ձեթ”. և տնտեսը նրան ասում է` “ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր` հիսուն”: Ապա դարձեալ մյուսին ասում է` “դու ինչքա՞ն պարտք ունես”. և սա ասաց` “հինգ հարյուր պարկ ցորեն”: Տնտեսը նրան ասաց` “ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր` չորս հարյուր”: Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ»:

Անցյալ կիրակի օրն Ավետարանից ընթերցվեց, թե Նրա մոտ էին հավաքվել մաքսավորներն ու մեղավորները, որպեսզի կորուսյալ ոչխարին փնտրող Հովվից լսեն հարյուր ոչխարների և տասը դրամների առակը: Իսկ այս կիրակի նույն խորհուրդը բուռն կերպով առաջ է մղվում մեծահարուստի՝ Արարչի, ու տնտեսի՝ մեր բնության մասին պատմությամբ: Այնտեղ մեր բնությունն անառակ որդու միջոցով էր խոսում, իսկ այստեղ պատմվում է, թե ինչ է անում տնտեսը՝ պարտատերերի կողմից ամբաստանվելուց հետո: Այնտեղ հայրն ընդառաջ է գնում և համբուրում կորած որդուն, իսկ այստեղ տերը գովում է անիրավ տնտեսին: Այնտեղ հայրն անառակ որդու մատին մատանի, ոտքերին կոշիկ է հագցնում և մորթում պարարտ եզը, իսկ այստեղ Տերն ասում է, որ այս աշխարհի որդիներն ավելի իմաստուն են, քան լույսի որդիները:

«Եվ Հիսուս Իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ»: Մեծահարուստ մարդն այստեղ մարդացած Աստված է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս: Եվ իրավ, միայն Նա է ճշմարիտ Մարդ: Մեծահարուստ է կոչվում, քանզի Նա առավել հարուստ է, քան ամբողջ աշխարհը, Նրա տունը երկինքն է ու երկիրը:

Աստված երեք տուն կառուցեց. նախ՝ երկինքը՝ իմանալի աշխարհը. «Իմաստությունը շինեց իր տունը» (Առակ. Թ 1): Այստեղ տնտես հաստատեց հրեղեններին, որոնց դեմ երբ ամբաստանություն եղավ, նրանց զրկեց տնտեսությունից և խավարի կապանքներով շղթայելով՝ փակեց սանդարամետում՝ ըստ այս խոսքի. «Եվ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանությունը, այլ լքեցին իրենց բնակության տեղը, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց Դատաստանի մեծ օրվա համար» (Հուդա Ա 6): Տուն է կոչվում նաև Եդեմի պարտեզը, որտեղ տնտես կարգեց առաջին մարդուն՝ Ադամին: Եվ երբ նրա հասցեին ամբաստանություն եղավ, նրան էլ դուրս հանեց Իր տանից՝ Դրախտից:

Տուն է կոչում նաև Եկեղեցին՝ Նոր Սիոնը: Տերը մեր բնությունն արդարացնելուց հետո մեզ համար շինեց Եկեղեցին, որտեղ տնտեսներ եղան նախ՝ մարգարեները, ապա՝ առաքյալները, այնուհետև՝ վարդապետները, հայրապետները, հովիվները և առաջնորդները:

Տուն է կոչվում նաև յուրաքանչյուր առանձին մարդ, ում մեջ տնտեսը նրա միտքն է: Նաև տուն է զգալի աշխարհը, որտեղ տնտեսներ են թագավորները:

Քանի որ տնտեսը չունի իր սեփականությունը, այլ ամեն ինչ տիրոջ կողմից է նրան վստահվել, այդ պատճառով նա բազում հատկություններ պետք է ունենա: Նախ պետք է իր գործը միշտ ջանասիրությամբ կատարի և երբեք չծուլանա, ժամանակին կերակուր պատրաստի և հոգա իր ծառայակիցների մասին: Իսկ եթե չլինի ջանասեր կամ էլ գող լինի և տիրոջ ունեցվածքը մսխի, լինի չարաբարո, անհնազանդ, անհամբեր, ժլատ և պղծություններ գործի, ապա կարող է զրկվել տնտեսությունից:

Տնտեսի նման՝ մարդն էլ ոչինչ չունի և ամեն ինչ Աստծուց է ստացել՝ ըստ այս խոսքի. «Ի՞նչ բան ունես, որ ստացած չլինես. և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պես» (Ա Կորնթ. Դ 7): Մարդը բոլոր պարգևներն Աստծուց է ստացել՝ և՜ քահանայությունը, և՜ մնացած ամեն ինչ, որպեսզի փոքրերի մեջ հավատարիմ լինելով՝ մեծին ու անճառելիին արժանանա: Արդ՝ ամեն ոք, ով Աստծուց շնորհ է ստանում, այդ շնորհի տնտեսն է և պարտավոր է տնտեսին վայել գործել, հակառակ դեպքում կզրկվի ունեցվածքից:

«Եվ նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը»: Ունեցվածքը երկու տեսակ է լինում՝ հոգևոր ու մարմնավոր, և սրանք բոլորն էլ Աստծունն են: Երկու կերպ է հնարավոր զրկվել տնտեսությունից, մեկը՝ երբ զրկվում ես պաշտոնից, մյուսը՝ կյանքից:

Թեև Աստված ամենատես է և կարիք չունի ամբաստանություններ լսելու, սակայն մարդիկ, ձանձրանալով տիրող անօրենություններից հաճախ բողոքում են Աստծուն: Նաև հրեշտակները, տեսնելով ամբարիշտների գործերը, նրանց ամբաստանում են Աստծու առջև:

«Տերը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՜ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Այսպես ասաց, որպեսզի մեզ սովորեցնի, որ առանց քննության որևէ մեկին չի դատում: Եվ ով հաստատվում է չարության մեջ, այլևս չի կարողանում բարին գործել:

«Տնտեսն իր մտքում ասաց. «Ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս ինձնից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ»: Պաշտոնից զրկվածն իսկապես այլևս չի կարողանում գործել և ամաչում է մուրալ: Կյանքից զրկվածը նույնպես այլևս չի կարողանում գործել, քանզի գործելու ժամանակն անցել է, և չկա այլևս ապաշխարության ժամանակ, որ քերի իր հոգու ախտերը և չարի փոխարեն բարին անի: Իսկ մահանալուց հետո մուրալն ամոթ է, քանզի հանդերձյալ կյանքում մուրալու տեղ չկա, և ոչ ոք չի տա խնդրվածքը, ինչպես հիմար կույսերն իմաստուններից յուղ խնդրեցին և չստացան (տե՜ս Մատթ. ԻԵ 8-9):

«Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի, երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները»: Տնտեսը փորձում է իր տիրոջ ունեցվածքով բարեկամներ շահել: Այն, ինչ ագահությամբ ժողովեց, այժմ փութապես կամենում է տալ աղքատներին և արտասուքով ու խոստովանությամբ ընկնելով Աստծու առջև՝ հառաչանքով Նրանից թողություն է խնդրում:

«Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասում է. «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Եվ սա ասում է. «Հարյուր տակառիկ ձեթ». և տնտեսը նրան ասում է. «Ա՜ռ քո մուրհակը և նստի՜ր ու անմիջապես գրի՜ր՝ հիսուն»: Ապա դարձյալ մյուսին ասում է. «Դու ինչքա՞ն պարտք ունես». և սա ասում է. «Հարյուր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասում է. «Ա՜ռ քո մուրհակը և նստի՜ր ու գրի՜ր՝ ութսուն»: Թեև տնտեսն անիրավ էր, սակայն իր ունեցվածքից բաշխելով աղքատներին՝ դրանով բարեկամներ շահեց: Մուրհակները նրանց ձեռքը տվեց և հրամայեց պարտքը նվազեցնել, որպեսզի նրանք բարեկամանան իր հետ և իրեն ընդունեն իրենց տանը, այսինքն՝ Երկնքի արքայությունում, որն աղքատների տունն է՝ ըստ այս խոսքի. «Երանի՛ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը» (Մատթ. Ե 3):

«Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց»: Թեև տնտեսը վատնում է Տիրոջ ունեցվածքը, սակայն այս անգամ իմաստությամբ է գործում, որովհետև բարեկամներ է շահում և գովության արժանանում: Քանզի քաջալերեց հոգուն և մարմնին՝ հուսալ Աստծու ողորմությանը, նրանով, որ եթե ինքը կեսը թողեց, ապա եթե նրանք դիմեն Տիրոջը, Նա ամբողջը կթողնի: Սա չկարողացան անել չար հրեշտակները, երբ Տերը նրանց զրկեց իրենց տնտեսությունից:

«Քանի որ այս աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են, քան լույսի որդիներն իրենց սերնդի մեջ»: Լույսի որդիները հրեշտակներն են, քանզի լույսից արարվեցին: Մարդկանց ավելի իմաստուն է ասում, քան հրեշտակներին, որովհետև մարդիկ փառքից զրկվելուց և Աստծուց օտարանալուց հետո հնար գտան ապաշխարությամբ փնտրելու Աստծուն ու Նրան մոտենալու, իսկ հրեշտակների դասերից շեղվածները՝ է՜լ ավելի չարացան և չիմացան, որ Նա, Ով հանցանքների պատճառով իրենց բարձունքից վայր է գցել, զորություն ունի նաև դատելու: Սրանք այս մասին խորհելու փոխարեն՝ անմտորեն պատերազմեցին Աստծու պատկերի՝ մարդու դեմ և նրան խաբեությամբ համոզեցին գործակից լինել իրենց անօրենություններին: Սրանով մեր բնությունն ապականեցրին, Աստծու Որդուն դեպի խաչը բերեցին, որով պարտական մնացին մեզ համար խաչված Աստծու անմահ մահվանը և մեզ համար հեղված Նրա անպարտ Արյանը, և Աստծու վրեժխնդրությունը հարուցեցին: Եթե սրանք հանցանքից անմիջապես հետո ապաշխարեին և Աստծուն հնազանդվեին, ապա մեր բնությունը չէր ապականվի, և ահեղ դատաստանը նրանց չէր սպառնա: Եթե իմաստուն լինեին, ապա երանելի կլինեին, քանզի ունեին անմահ և անապական բնություն, որը նրանցից չվերցվեց նրանց անկման ժամանակ: Սրանք են հրեշտակների անմտությունը և մարդկանց իմաստությունը, որովհետև մարդը գիտի վտանգի պահին Աստծուն դառնալ, Արարչից խնամք գտնել և թողության հույս ունենալ: Քանզի ավելի իմաստուն են նրանք, ովքեր գտնում են հնար փրկության, քան նրանք, ովքեր հոգ չեն տանում իրենց փրկության համար:

«Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ»: Այստեղ մամոնային անիրավ է ասում ոչ թե նրա համար, որ բնությամբ չար է, այլ որ ունեցվածքի տերն այն անիրավությամբ է ժողովել: Նաև երբ մեկն իր տիրոջ ունեցվածքն է տալիս աղքատին, դարձյալ անիրավությամբ է դա անում, սակայն քանի որ աղքատին է տալիս, գովության է արժանանում: Սրա համար Տերը գովեց անիրավ տնտեսին, որ կորստյան մատնված արծաթով աղքատներից իրեն բարեկամներ շահեց, նրանց միջոցով էլ՝ Քրիստոսին:

Խորհրդով տնտեսը մարդու միտքն է, իսկ երկու պարտապաններից մեկը հոգին է, իսկ մյուսը՝ մարմինը: Միտքը, լինելով կառավարիչ, իր ձեռքում է պահում մուրհակները, որոնցով Աստծու առջև մեր հանցավոր լինելն է երևում: Քանի դեռ մեր ախտակիր բնությունն աշխարհի սիրով է տոգորված, միտքը չի հոգում Աստծու դատաստանի սպառնալիքների մասին և չի էլ կամենում մուրհակները տալ պարտապանների ձեռքը, որպեսզի նրանք խոստովանությամբ ու ապաշխարությամբ դրանք պատռեն, այլ մեկ այլ առակի տնտեսի նման ծեծում է իր ծառայակիցներին՝ հոգուն և մարմնին, և խնջույք անում անառակների հետ (տե՜ս Ղուկ. ԺԲ 45): Իսկ երբ գալիս է պահանջատերը, վերանում են նրա աշխարհիկ ցանկությունները, և նա անմիջապես կանչում է հոգուն ու մարմնին և նրանց տալիս մուրհակները, որպեսզի ազատվի սպառնացող վտանգից:

Նախ հոգուն է հարցնում, թե որքա՞ն մեղք է գործել: Հոգին «հարյուր» ասելով հայտնում է, որ լիուլի գործել է բոլոր մեղքերը, քանի որ հարյուրը կատարյալ թիվ է: Հոգու մեղքերի կեսը կրճատվում է, քանզի հոգին դյուրությամբ է մեղքերի մեջ ընկնում: Մարդու հոգին պարտք էր հարյուր տակառիկ ձեթ, այսինքն՝ ծայրագույն աստիճանի պարտական էր Սուրբ Հոգուն, որը ձեթով է խորհրդանշվում:

Հարցնում է նաև մարմնին, թե սա որքա՞ն մեղք է գործել: Մարմինը ևս «հարյուր» ասելով հայտնում է, որ գործել է բոլոր մարմնական մեղքերը: Մարմնի մեղքերի միայն հինգերորդ մասն է կրճատում, քանզի այն կարող էր խուսափել մեղքերից, եթե կամենար, սակայն դա անելու փոխարեն՝ օրենքը ոտնատակ է տվել: Մարմնի մեղքերի հինգերորդ մասը ներվում է զղջմամբ, իսկ մնացածը՝ խոստովանությամբ և աղքատներին ողորմություն տալով: Մարմինը հարյուր պարկ ցորեն էր պարտք, այսինքն՝ կատարելապես պարտական էր Տիրոջ Մարմնին, քանզի Տիրոջ Մարմինը ցորենից է փոխակերպվում:

Դարձյալ՝ մարմինը, տկար լինելով, որքան ջանում է լավ պատրաստվել սուրբ Խորհրդին, վերստին անկատար է մնում, ինչ պատճառով մնացած պարտքը մի մեղայով է նրան ներվում: Իսկ հոգին, իմացական լինելով, անձնիշխանաբար Հոգու շնորհների դեմ է մեղանչում, այդ պատճառով մնում է ծանր պարտքերի տակ: Ուստի նրան քաջալերելու համար կեսը ներվում է, որպեսզի նաև մնացածի ներվելու հույսով դիմի Տիրոջ ողորմությանը:

Դարձյալ՝ այն, ինչը ստացանք Ավազանի միջոցով և որի դեմ մեղանչեցինք, դրա կեսը ներվում է, իսկ անամոթությամբ Տիրոջ Մարմնին մոտենալը դժվար ներելի է, այդ պատճառով հինգից միայն մեկն է ներվում՝ ըստ այս խոսքի. «Ով որ ուտի այս Հացը կամ խմի Տիրոջ այս Բաժակն անարժանորեն, պարտական պիտի լինի Տիրոջ Մարմնին և Արյանը: Որովհետև ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ Մարմինը» (Ա Կորնթ. ԺԱ 27, 29):

Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մեղավորներին, ովքեր ներում են իրենց պարտապանների պարտքերը և աղքատներին առատապես բաշխում իրենց սիրելի մամոնաին՝ հարստությունն ու ունեցվածքը, կամ էլ, ներելով պարտքերը, իրենց սիրելիներ են դարձնում հրեշտակներին ու արդարներին:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի


Միջինք

Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։

Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծեսը․ երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրում էր։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնից որ նշանը դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր համարվում։

Հին Ջուղայում հավատում էին, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ, նշանը դիպչեր դանակին, ընտանիքի ապրուստի աղբյուրը հողն էր լինելու. դանակը նույնացվում էր գութանի խոփի հետ։ Այժմ տարածված պատկերացման համաձայն` նման պարագայում հաջողությունը վերագրվում է ընտանիքի բոլոր անդամներին։

Միջինքին ինչպե՞ս են լուծում պահքը:

Միջինքի օրը պահքն չի լուծվում, այլ պահվում է նույն խստությամբ: Կարելի է Միջինքին, ազգային սովորույթը հարգելով, պասուց գաթա թխել և ճաշակել՝ առանց գուշակության միտումների:

Նյութի մեջբերումները qahana.am կայքից


Քառասուն մանուկների վկայաբանությունը

Սուրբ և փառավորյալ քառասուն վկաների անուններն են` Դոմետիանոս, Կյուրղիոս, Վաղես, Եւտիդես, Հյուսիքոս, Նոյիկոս, Ելիանոս, Փլավիոս, Սպառագդոս, Քսանթիոս, Սիսիանոս, Ղևոնտիոս, Մելիտոն, Սևերիանոս, Փիլիկտիմոն, Անկեաս, Իրակլիաս, Եկդիաս, Կիպփոն, Ավետիս, Աղեքսանդրոս, Ակակիոս, Վաղերիոս, Նիկողայոս, Եւտիգես, Բիբիանոս, Հոհաննես, Քուդիմոս, Լուսիմաքոս, Գայիոս, Ագղիոս, Իլիոգոս, Գոմնիոս, Աթանասիոս, Պրիսկոս, Կանդիտոս, Սակերդոն, Գորգիանոս, Ադղավիդոս, Գրատիանոս, Թեոդուլոս, Թեոփիլոս:

Նրանք Կապադովկիայից էին: Եվ Լիկիանոս անօրեն արքայի գնդերից մեկում զորական էին կարգված: Հավատով քրիստոնյաներ էին: Այդ պատճառով անօրեն դատավորը նրանց բռնադատում էր ուրանալ Քրիստոսին, զոհ մատուցել կուռքերին և հեռանալ Քրիստոսի սիրուց: Եվ բազում ողոքումներից ու սպառնալիքներից հետո սրբերին նետեցին բանտ, որտեղ երևաց Քրիստոս ու քաջալերեց նրանց: Ութ օր հետո եկավ Կեսարիայի դուքսը և դատավորի հետ միասին ատյանի նստեց: Սրբերին տանելով կանգնեցրին նրանց առաջ ու հարցրին Քրիստոսի հավատքի մասին: ԵՎ նրանք միաբերան դավանեցին Քրիստոսին Աստված ու հանդիմանեցին կռապաշտների անաստված մոլորությունը: Իսկ դուքսը հրամայեց քարերով հարվածել սրբերի բերաններին: Բայց քարերը նրանց չէին դիպչում, այլ ետ գալով ` նետողներին էին հարվածում: Իսկ դուքսը ավելի մեծ քար էր ցանկանում նետել, բայց տալով ջարդեց դատավորի երեսը:

Եվ նորից բանտարկեցին նրանց: Իսկ գիշերը, երբ աղոթում էին սրբերը, երևաց նրանց նրանց Փրկիչն ու ասաց. «Ով հավատա Ինձ, թեպետև մեռնի` կապրի: Զորացե՛ք և մի՛ երկնչեք նրանց չարչարանքներից, քանզի դրանք ժամանակավոր են: սակավ համբերե՛ք և կընդունեք երկնավոր պսակը» : Եվ նրանք խոնարհվելով` երկրպագում էին Քրիստոսին, գոհանալով փառք մատուցում Նրան: Իսկ Տեր Քրիստոս, քաջալերելով նրանց, վերացավ երկինք:

Եվ հաջորդ օրը նորից սրբերին կանգնեցրին դատավորի առաջ` ստիպելով ուրանալ Քրիստոսին: Իսկ մանուկներն ասացին. «Ինչ որ անելու եք, շտապ արե՛ք, քանզի մենք Քրիստոսին չենք ուրանա ու ձեր կուռքերին զոհ չենք մատուցի»: Իսկ նրանք բարկանալով` սրբերի ձեռքերը պարանոցներին կապեցին և մերկացրած տարան նետեցին քաղաքի մոտ գտնվող լիճը: Իսկ սրբերը քաջալերում էին միմյանց և ասում. «Պի՛նդ կացեք, եղբայրնե՛ր, քանզի նրանք երեքով են մարտնչում մեր դեմ` սատանա’ն, դու’քսը, և դատավո’րը: Մենք` քառասունս, Քրիստոսի օգնականությամբ կհաղթե՛նք նրանց»:

Այսպես լճի մեջ օրհնում էին Աստծուն: Եվ օդի խստությունից սառեց ջուրը, և սառույցները պատռեցին սրբերի մարմինները: Գիշերվա առաջին պահից մինչև առավոտ հեղվեց նրանց արյունը, բայց սրրբերը աղոթելուց և Աստծուն փառաբանելուց չէին դադարում: Նրանցից մեկը չկարողացավ դիմանալ սաստիկ ցրտին և լճից ելավ ու մտավ բաղնիքը, որը նրանց գայթակղելու համար լճի եզրին պատրաստել ու ջեռուցել էին անօրենները: Եվ որոշ ժամանակ անց նա բաղնիքի ջերմությունից հալվեց:

Գիշերվա երրորդ պահին արևը, ինչպես ամռանը, ծագեց սրբերի վրա: Եվ ջերմությունից հալվեցին ջրերի սառույցները: Եվ զորականները հսկում էին, որ սրբերից ոչ ոք լճից չփախչի. նրանցից մեկն արթուն էր և նկատելով լույսը ` ցանկացավ տեսնել, թե որտեղից է սուրբ լույսը ծագում: Նա տեսավ 39 պսակներ, որոնք իջնում էին սուրբ մարտիրոսների վրա: Եվ հասկացավ, որ դեպի բաղնիք փախչող 40-րդը զրկվեց պսակից: Եվ ձայն տալով ընկերներին` արթնացրեց նրանց, իսկ ինքը մերկացած վազեց դեպի լճի մեջ գտնվող սրբերը` աղաղակելով . «Ե՛ս էլ եմ քրիստոնյա»:

Եվ լուսադեմին նրանց մարմինները ափ հանեցին և հաստ բրերով ջարդեցին բոլորի ոսկորները և խորտակեցին/…/: Եվ դրանից հետո վերջնականապես բարի հավատով սրբերն իրենց հոգիներն առ Աստված ավանդեցին:

Բայց նրանց մեջ Մելիտոն անունով մի պատանի դեռևս կենդանի էր: Նրան հսկողները հավաստիացնում էին նրան, որ կդարմանեն նրա վերքերը, իսկ Մելիտոնի մայրը մոտենալով աղաչում ու խրատում էր որդուն` ասելով. «Քաղցրի՜կ որդյակ իմ, մի փոքր համբերիր և կմիանաս սրբերին: Զորացի՛ր, որդյակ իմ, և մի՛ երկնչիր, քանզի ահա Քրիստոսը հասնում է քեզ օգնության»:

Բոլոր սրբերի մարմինները դրեցին մի սայլի վրա և տարան այրելու, բացի Մելիտոնից: Բայց Մելիտոնի մայրը, մոռացած կանացի տկարությունը, վերցրեց որդուն իր ուսերին և վազեց սայլի հետևից: Եվ մինչդեռ մոր ուսերին էր` սուրբն ուրախությամբ ավանդեց իր հոգին առ Ատված: Մայրը որդու մարմինը տարավ և դրեց սրբերի կողքին:

Մարմինները տարան Ալիս գետի մոտ, և այրեցին, իսկ մնացած ոսկորները մոխրի հետ գետը լցրին: Բայց նրանց նշխարները ցրիվ չեկան, այլ հավաքվեցին մեկտեղ: Եվ երեք օրից հետո գիշերով սուրբ վկաները տեսիլքով հայտնվեցին Սեբաստիայի եպիսկոպոսին և հայտնեցին իրենց ոսկորների տեղն` ասելով. «Եկ և հանիր մեզ այնտեղից»:

Եվ եպիսկոպոսը եկեղեցու ուխտի միաբանների հետ գիշերով գաղտնի գնաց գետափ: Նրանք տեսան, որ սրբերի ոսկրերի նշխարները ջրի մեջ փայլում էին որպես աստղեր: Եվ թե գետի տղմի և ջրիմուռների մեջ որտեղ էին խրվել դրանք, կարելի էր գլխի ընկնել լույսի ճաճանչներից: Միաբանները, որոնք Սեբաստիայի ավագների որդիներն էին` զինվորագրված մի գնդում, թվով 100 հոգի, մեծ փափագով դրանք հավաքեցին տապանի մեջ և մեծ պատվով տարան , ամփոփեցին եկեղեցում: Եվ ուխտ արած` որոշեցին միասին մարտիրոսվել և վկայել Քրիստոսի մասին: Կանգնելով բռնավորի առաջ` նրանք հայտնեցին իրենց հավատքը: Նրանց աղոթքի մեջ առաջնորդում էր սուրբ Կյուրոնը, իսկ բռնավորին պատասխանելիս` սուրբ Կանդիտոսը, որ իր ընկերներին ասում էր. «Պինդ կացեք, եղբայրներ, որովհետև երեքն են մեր դեմ մարտնչում`սատանան, դուքսը և դատավորը, և քանի որ մենք խնդրում ենք, դուք կհաղթեք նրանց»:

Այսպիսի նահատակությամբ միաբանված` նրանք մարտիրոսվեցին Կոստանդիանոս Մեծի փեսա Լիկիանոս պիղծ թագավորի օրոք, մարտ ամսին: Նրա օրոք էլ քառասուն մանուկների վրա կառուցվեց վայելուչ եկեղեցի` ի փառս մեր Քրիստոս Աստծո: Թող Աստված պահպանի ստացողի հոգին քառասուն հաղթող նահատակների բարեխոսությոամբ:

Թարգմ.` Հայսմավուրքից. Գ. Մանուկյան


Դատավորի կիրակի
(Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Մեծ պահքի հինգերորդ կիրակին ունի արարչության հինգերորդ օրվա ու այս կյանքի հինգերորդ դարի խորհուրդը և կոչվում է «Դատավորի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից: Այստեղ խորհրդավոր կերպով պատմվում է, որ Աստված՝ արդար Դատավորը, ամբողջ մարդկային բնության վրա միտքը որպես դատավոր հաստատեց՝ արդարությամբ դատելու Քրիստոսի օրինակով, սակայն այս դատավորը, լինելով անպատկառ և չունենալով Աստծու սուրբ երկյուղը, չէր տեսնում զրկվածի դատը: Այդ պատճառով մեր այրի հոգիները պաղատում են անմահ Փեսային՝ Աստծուն, Տիրոջ իրավունքն ուսուցանել այս դատավորին՝ արդար դատաստան տեսնելու մեր ոսոխի հանդեպ:

Ինչպես որ դարերի ու ժամանակների խորհուրդն է ահավոր ու մեծ, այդպես էլ Աղուհացի (Մեծ պահքի) խորհուրդը: Հինգերորդ կիրակին մեր հինգ զգայարաններին կյանքի մաքրության, սրբության ու արդարության դեղն է տալիս՝ հինգ շարահյուսված կիրակիները միմյանց հետ համադրելով:

ԱՆԻՐԱՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԱՌԱԿԸ

«Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան»: Բարեխնամ և ամենագութ Աստված միշտ կամենում է ապրեցնել մարդկանց հոգիները և ոխ չի պահում մեր անօրենությունների պատճառով: Ուստի՝ այսօր Տերը մեր առջև է դնում դատաստանի ահը և պատմում գալիք արհավիրքների մասին: Նախ ասում է, որ պետք է աղոթել և չձանձրանալ: Ամեն ժամ աղոթելու համար Եկեղեցին սահմանել է ինն ընդհանրական աղոթքի ժամեր, և մնացած ժամանակն էլ մենք Աստծուն միշտ պետք է ունենանք մեր մտքում, գոհանանք Նրանից և մեր խնդրվածքները ստանալու համար հարատև աղոթենք: «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում»: Քաղաքը մարդն է, իսկ դատավորը՝ մարդու միտքը, որպեսզի միշտ քննի չարն ու բարին և չարից խուսափելով՝ ձգտի դեպի բարին, քանզի միտքն ազատ է և ծառա չէ:

Դատավորի գործն է լսել դատախազի խոսքը, քննել լսածը, փնտրել վկաներ, ապա վճիռ կայացնել: Սակայն մարդու միտքը, մանկությունից դաստիարակվելով չարի կողմից, առավել խնամք է տանում մարմնի, քան թե հոգու համար: Գործած մեղքերը հիմարացնում են միտքը, որի պատճառով սկսում է թյուրել դատաստանը, սրան ավելանում են նաև մեղսալից հաճույքները, որոնք կաշառքի նման փակում են նրա բերանը: Թեպետև միտքը գիտի Աստծու արդարության մասին, սակայն մարմնի նկատմամբ սերը նրան թույլ չի տալիս վախենալ Աստծուց և մարդկանցից ամաչել: Աստծուց չի վախենում նաև այն պատճառով, որ Աստված իրեն տեսանելի չէ, իսկ մարդկանցից չի ամաչում, որովհետև միտքը մարդկանց անտեսանելի է:

Երկյուղը մտքի սանձն է, որը հեռացնում է չարից, իսկ ամոթն առագաստ է, որով թաքնվում ենք մեղքից: Եթե սրանք չլինեն, ապա միտքը սանձարձակ կերպով կխաղա մեղքերի ոլորտում՝ զրկելով հոգուն և պարարտացնելով մարմինը:

«Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Մարդը կազմված է իմանալի հոգուց և գեղեցիկ մարմնից: Այստեղ այրին հոգին է, իսկ նրա ոսոխը՝ մարմինը՝ ըստ այս խոսքի. «Քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը» (Գաղատ. Ե 17): Հոգին մարմնի հետ միավորվելու պահից և՜ բազում բարիքներ է վայելում, և՜ բազում վտանգների ենթարկվում մարմնի կողմից: Այդ պատճառով Աստված միտքը իշխան ու դատավոր կանգնեցրեց հոգու և մարմնի վրա, որպեսզի անիրավությամբ միմյանց չզրկեն. ո՜չ հոգին՝ մարմնին, և ո՜չ էլ մարմինը՝ հոգուն: Այստեղ հոգին այրի է կոչվում, որովհետև մեղքի պատճառով բաժանվել է երկնային Փեսայից՝ Հիսուսից:

Դարձյալ՝ միտքն այր է երկու կանանց միջև՝ հոգու և մարմնի: Երբ մեկի ցանկությունները կատարվում են, մյուսն այրի է մնում: Այրին գալիս է դատավորի մոտ, երբ հոգին, խղճից մղվելով, առարկում է մտքին՝ նրան հիշեցնելով գործած մեղքերն ու անիրավությունները: Մտքի դատելն այն պիտի լինի, որ մարմնին տա միայն նրա բնության կարողության չափով և մարմնի վրա չհեղի կրքերի վայրագ ցանկություններ, իսկ հոգուն տա պատշաճ առաքինություն, որով հոգին և՜ կենդանի կմնա, և՜ մահացու մեղքեր չի կրի:

«Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում դատը տեսնել»: Որովհետև միտքը, մարմնական հաճույքներից թմրած, ննջում էր և չէր կամենում զգաստանալ: Բայց քանի որ Արարիչը մարդու մեջ խիղճը դրել է որպես անաչառ և անդուլ կշտամբիչ, որպեսզի դրանով մարդուն միշտ անհանգստացնի, և մարդը, գործած մեղքերի հիշողություններից գիշեր-ցերեկ տանջվելով՝ եթե ոչ Աստծու փառքի համար կամ էլ գութից մղված, ապա գոնե խղճի խայթոցներից ազատվելու համար, որոշի տեսնել հոգու դատը: Այսպես շատ մեղավորներ են ապաշխարում:

«Դրանից հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»: Սա այն դեպքում է լինում, երբ մարդը, խղճմտանքից տագնապահար, չդիմանալով նեղսրտությանն ու տրտմությանը, որոնք առաջանում են մեղքերը հիշելուց, դիմում է դեպի բարին: Լինում են և այնպիսիներ, ովքեր հուսահատությունից անձնասպան են լինում՝ չդիմանալով խղճի խայթոցներին: Այսպես զորավոր է հոգու թախանձելը:

«Լսեցե՜ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի Իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՜, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի»: Այս առակը խրատում է, որ պետք է անձանձրույթ աղոթել Աստծուն: Քանզի եթե անիրավ դատավորը, որ ոչ Աստծուց էր երկնչում և ոչ էլ մարդկանցից ամաչում, այրու տևապես հաճախելու և թախանձելու պատճառով նրա դատը տեսավ, որչափ ևս առավել Քրիստոս՝ Արդարության Արեգակը և Դատավորը, պիտի լսի նրանց աղաչանքներն ու պաղատանքները, ովքեր ամեն օր աղաչում և պաղատում են Իրեն:

Արամ Դիլանյանի


Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար: Եթե մեկն Ինձ ծառայի,Իմ հետեւից կգա. եւ ուր Ես եմ, այնտեղ կլինի եւ Իմ ծառան. եթե մեկը Ինձ ծառայի, նրան կպատվի Իմ Հայրը: (Հովհ. 12: 24-26)

Հայ եկեղեցու առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից այս տոնը տարվա մեջ առաջինն է:

Ըստ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը (այս տարի ապրիլի 6-ին): Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների:

Ինչպես վկայում է Ագաթանգեղոս պատմիչը, երբ Տրդատ Գ Հայոց արքան հաջողությամբ դուրս է մղում թշնամիներին մեր հայրենիքից եւ նստում հոր՝ Խոսրովի մահից հետո թափուր մնացած գահին, նրա հետ Հայաստան է վերադառնում նաեւ քրիստոնեական կրթություն ստացած Գրիգոր իշխանը, որն իր հավատի զորությամբ եւ կենդանի նահատակությամբ պիտի դառնար Հայոց երկրորդ Լուսավորիչը Հայ Եկեղեցու հիմնադիրներ Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալներից շուրջ 250 տարի հետո:

Հրաժարվելով երկրպագել Անահիտ դիցուհուն՝ Գրիգոր Լուսավորիչը ենթարկվում է սոսկալի չարչարանքների, բայց հավատարիմ է մնում Աստծուն՝ աշխարհի Փրկչին, եւ արքայի կամքով նետվում է Արտաշատի մոտ գտնվող մահապարտների համար նախատեսված վիրապը, ուր մնում է 13 տարի: Համաձայն Հայոց ավանդության, Լուսավորչի վիրապը այնտեղ էր, որտեղ, հազարամյակներ առաջ Արարատից իջնելով, Նոյը զոհասեղան կանգնեցրեց Աստծուն՝ փառաբանելով Տիրոջը իր եւ իր ընտանիքի փրկության համար:

13 տարի շարունակ սուրբ Լուսավորչի անչար հոգուց եւ անքեն շուրթերից առ Աստված բարձրացած աղոթքով մահվան գուբը դարձավ դեպի փըրկություն առաջնորդող աստվածգիտության լույսի ճառագման ակունք:

Բանտարկության բոլոր տարիներին Աստված չլքեց ու միայնակ չթողեց նրան՝ պարուրելով Իր հուսատու եւ փրկիչ ներկայությամբ, առանց որի անհնար կլիներ ողջ մնալ թունավոր սողունների, ցրտի ու խոնավության մեջ, թեկուզ եւ բարեպաշտ մի կին՝ երազում Աստծուց հրաման առնելով, հոգում էր նրա կերակրի մասին՝ ամեն օր մի նկանակ պատրաստելով եւ վիրապի մուտքից ներս գցելով: Առավել եւս անհնար պիտի լիներ պահպանել սթափ միտքն ու հոգու կորովը, ինչին զարմանալիորեն ականատես եղան մարդիկ, երբ տարիներ անց նրան դուրս բերեցին Խոր Վիրապից:

Ըստ Ագաթանգեղոսի, Աստված գթալով այցելեց մեզ, մեծամեծ հրաշքներ ցույց տվեց մի մարդու ձեռքով, ով համբերությամբ ու հաղթությամբ տարավ բազում ու տեսակ-տեսակ փորձություններ եւ կաշկանդող վշտի մեջ Արտաշատ քաղաքում մենամարտիկ եղավ երկպատիկ բռնության դեմ, հանուն Քրիստոսի հաջողությամբ դիմացավ եւ նահատակի անուն ժառանգեց: Հասավ մինչեւ մահ եւ, Աստծո կամքով ետ դառնալով այնտեղից, եպիսկոպոս եւ հայրապետ ձեռնադրվեց, դարձավ Քրիստոսի վարդապետության պատգամավորը: Նա իր վրա վերցրեց առաքելական շնորհները եւ Թորգոմյան ազգին վարդապետեց Քրիստոսի լույսի ավետիսը: Նա հրեշտակային անարատ ու առաքինի վարք ու բարքի ու մեծ համբերության տեր այր էր, որ Քրիստոսի խոստովանողը եղավ եւ ճշմարտության վկան: Նա Հայոց աշխարհից վերացրեց կուռքերի ունայն ու սնոտի պաշտամունքը եւ փարատեց դիվապաշտության խավարը Քրիստոսի զորությամբ, հիմնեց եկեղեցիներ մեհյանների փոխարեն եւ հայ ազգին դարձրեց ճշմարիտ աստվածպաշտության:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ճգնություններին եւ անսահման համբերությանը ականատես Տրդատը, ով ստիպում էր Կենդանի Աստծո անձնուրաց ծառային երկրպագել չաստվածներին, ինքն է հրամայում քանդել մեհյանները եւ դրանց տեղում եկեղեցիներ կառուցել: Նախկին զինվորականը՝ Քրիստոսով զգեստավորված եւ ճշմարիտ Աստծո հավատով զինավառված, ոչ միայն ամբողջ արքունիքը, այլեւ բազմահազար ժողովրդին զինվորագրում է Քրիստոսի բանակին՝ մկրտելով Արածանի գետում:

Հողին ի պահ տրված ցորենի հատիկը պտղաբերեց բազմապատիկ անգամ, բազմություններին կշտացրեց հոգեւոր հացով: Սուրբ Գրիգոր Լուսավորչի ճգնություններից ծնունդ առան հայոց նշանագրերը, նրա մաքառումներից՝ մեր անպարտելի Ավարայրները:

Ոչ ոք այնքան պատկերավոր չի նկարագրել Սուրբ Գրիգոր Լուսավորչի կատարած գործը, որքան Հովհաննես Թումանյանը, քանզի իրապես Լուսավորիչը հայոց «մթնած երկնքից» իր հավատի, համբերության եւ անտրտունջ բարեխոսության ամուր պարանով կախեց Քրիստոսի հավատի անշեջ լույսը ճառագող մի կանթեղ, որի շողերի ներքո միայն պարզ կարելի է տեսնել հայ ազգի ապագայի պայծառ տեսիլքը: Այդ տեսիլքը իրականություն կդարձնի միայն նա, ով նկատում է այդ կանթեղը եւ նրանից ճառագող լույսը, այսինքն՝ ով ըստ պատշաճի է գնահատում մեր ազգի մեծագույն Լուսավորչի՝ Սուրբ Գրիգորի անանց վաստակը:

Այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ հողին հանձնված ցորենի հատիկի՝ Լուսավորչի գերմարդկային, անգամ հրեշտակների զարմանքը շարժած տքնություններից վերածնված հասկի մի նոր ցորենի հատիկ՝ լի նոր կյանքով, նոր ավյունով, նոր հույսերով եւ հնարավորութ յուններով, նոր նվիրումներով եւ զոհողություններով:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» N 37


Գալստյան կիրակի
(Մեծ պահքի վեցերորդ կիրակի)

Մեծ պահքի վեցերորդ կիրակին կոչվում է «Գալստյան կիրակի»: Այս անունը մեզ պատմում է Քրիստոսի առաջին գալստյան մասին՝ որպես Փրկիչ, ծառայի կերպարանքով, և ապա հայտնում Տիրոջ Երկրորդ գալստյան լուրը՝ այս անգամ արդեն որպես ահեղ Թագավոր:

Ինչպես նախկին հինգ կիրակիները, այդպես էլ վեցերորդ կիրակին նույն շղթայի մասն է կազմում, որը վեցօրյա արարչության և վեց դարերի կատարյալ տիպն է:

ՏԻՐՈՋ ԳԱԼՈՒՍՏԸ

Տիրոջ առաջին գալուստը շնորհի ու ողորմության համար էր, որը եղավ ծածուկ, հեզությամբ ու խոնարհությամբ, առանց ոտնաձայների՝ ինչպես անձրևը գեղմի վրա, իսկ երկրորդը՝ արդարության ու տանջանքների, որը լինելու է բացահայտ՝ Հոր փառքով, լուսեղեն ամպով, հրեղեն կառքով, չորեքկերպյան աթոռով ու բարկությամբ՝ ըստ այս խոսքի. «Մեր Աստվածը պիտի գա հայտնապես, և մեր Աստվածը պիտի չլռի, Նրա առջև հուր պիտի բորբոքվի, և Նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ» (Սաղմ. ԽԹ 3): Առաջին գալուստը մեղմ եղավ, ինչպես Եղիային մոտեցավ մեղմ օդի ձայնով (տե՜ս Գ Թագ. ԺԹ 12), իսկ երկրորդը լինելու է խստաշունչ հողմով, որը լեռներ է քանդելու և վեմեր խորտակելու:

Տիրոջ Երկրորդ գալստյան օրն անհայտ է մարդկանց՝ ըստ այս խոսքի. «Այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի. ո՜չ երկնքի հրեշտակները և ո՜չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. ԻԴ 36): Քրիստոսի առաջին գալստյան ժամանակը հայտնի էր Սուրբ Գրքից՝ ըստ այս խոսքի. «Երուսաղեմի շինվելուց մինչև առաջին օծումը կա յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ, որպեսզի վերաշինվեն հրապարակներն ու պարիսպները և նորոգվեն ժամանակները: Վաթսուներկու յոթնյակից հետո կվերանա օծումը, արդարություն չի լինի նրա մեջ» (Դան. Թ 25-26): Սակայն մարդիկ ծուլության պատճառով չկարողացան դա իմանալ՝ ըստ այս խոսքի. «Քո այցելության ժամանակը չճանաչեցիր» (Ղուկ. ԺԹ 44): Եվ երբ Քրիստոս եկավ, Նրան չընդունեցին, այլ նախատեցին ու սպանեցին: Այս պատճառով Երկրորդ գալստյան ժամանակը թաքցրեց մարդկանցից, որպեսզի հանկարծակի հասնի նրանց վրա:

Մինչ Քրիստոսի Երկրորդ գալուստը պիտի գա նեռը, թլփատվելով պիտի պահի Մովսեսի օրենքն ու խաբի մարդկանց՝ ասելով, թե ինքն է Քրիստոս, և հրեաները նրան պիտի հավատան: Իսկ ովքեր նրան չհավատան, նրանց տանջամահ պիտի անի: Ապա Քրիստոս Իր գալստյամբ սատկեցնելու է այդ գազանին:

Տիրոջ գալստյամբ պիտի բացվի երկինքը, որից պիտի սասանվեն ու հալվեն լեռները, ինչպես մոմը կրակից (տե՜ս Եսայի ԿԴ 1): «Արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը պիտի չտա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն» (Մատթ. ԻԴ 29): Երկնքի զորությունները և անմահների բյուրավոր բանակները պիտի շարժվեն, քանզի Թագավորը շարժվեց, և մեծ պիտի լինի Նրա բարկությունը: Երկինքը շառաչյունով պիտի անցնի ու չքանա, հրով կիզված տարրերը պիտի լուծվեն, և երկիրն ու ամեն գործեր, որ կան նրա վրա, հայտնի պիտի դառնան (տե՜ս Բ Պետ. Գ 10): Իսկ Եսային ասում է. «Երկինքը մագաղաթի պես պիտի գալարվի, և կլինեն նոր երկինք և նոր երկիր» (Եսայի ԼԴ 4): Ապա պիտի գան հրեղեն կառքերը, որոնց մեջ պիտի լինի Տերը (տե՜ս Սաղմ. ԿԷ 18): Նրա շուրջ լինելու են մրրիկ, որոտ ու երկնային զորքերի բարբառ: Նրա առջևից լափող կրակն է գնալու, իսկ ետևից՝ բորբոքված բոցը (տե՜ս Հովել Բ 3):

Ավետարանում ասված է. «Որովհետև ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, Մարդու Որդու գալուստն այդպես կլինի» (Մատթ. ԻԴ 27): Ինչպես փայլակն է ահեղ զորությամբ հայտնվում, այդպես էլ մեր Տերը պիտի հայտնվի մեծ զորությամբ ու բազում փառքով: Ինչպես փայլակը որոտմամբ է հայտնվում, այդպես էլ Տերը պիտի գա փողի ձայնով, և ինչպես փայլակի լույսը հալածում է խավարը, այդպես էլ Տիրոջ լույսը պիտի հալածի մեղքերի խավարը: Ինչպես նախ փայլակն ենք տեսնում և ապա լսում նրա ձայնը, այդպես էլ Տիրոջ գալստյամբ՝ նախ խաչը պիտի երևա և ապա Տերը պիտի հայտնվի:

Նախքան Դատաստանը մեծ ու սաստիկ հուր է լինելու, այն սփռվելու է ամբողջ աշխարհի վրա, ջրերի նման տարածվելով՝ ծածկելու է լեռները, ինչպես եղավ ջրհեղեղի ժամանակ, և այրելով մաքրելու է ողջ աշխարհն աղտեղություններից՝ ըստ այս խոսքի. «Նրա առջևից հուր պիտի ընթանա՝ այրելով Իր շուրջ եղող թշնամիներին» (Սաղմ. ՂԶ 3):

Աթոռները պիտի դրվեն, և Հինավուրցն այնտեղ պիտի նստի (տե՜ս Դան. Է 9-10), Նրա առջևից հոսելու է կրակե հորդ մի գետ, և Նրան շրջապատելու են բյուրավոր հրեշտակներ: Հինավուրցն անսկիզբ Հայրն է, Ով հնացնում է օրերն ու ժամանակները: Նա պիտի նստի ատյանում, և պիտի բացվեն գրքերը, որտեղ աշխարհի մեղքերն են գրված: Կրակե գետը Հինավուրցի սրտմտությունն է, քանզի կրակով է դատելու աշխարհը: Այս գետը գումարվել է աշխարհի սկզբից մինչև վախճանը կուտակված մեղքերի կաթիլներից: Այսօր Աստծու և Գառան աթոռից ելնում է ողորմության ու շնորհի գետը՝ մեղքերի լվացման, հոգու զվարթության և ուրախության համար՝ ըստ այս խոսքի. «Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև սառնորակ Կենդանի ջրի մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից» (Հայտ. ԻԲ 1): Սակայն վերջին օրը ողորմության գետի փոխարեն լինելու է արդարության հրեղեն գետը, որից դժոխքի լիճն է գոյանալու: Ապա երկնքի ամպերի միջից գալու է Մարդու Որդին (տե՜ս Դան. Է 13), Ում տրվելու են իշխանություն ու պատիվ: Սա այն է, ինչի մասին ասաց Տերը. «Սակայն Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է Իր Որդուն, որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը» (Հովհ. Ե 22):

Երկրորդ գալստյամբ Քրիստոս նորոգելու է տիեզերքը և պսակելու Իր սրբերին: Նա պիտի ուղարկի Իր հրեշտակներին մեծ շեփորով՝ հավաքելու Նրա ընտրյալներին աշխարհի չորս կողմերից (Մատթ. ԻԴ 31): Ննջածների հոգիները, Նրան նախընթաց լինելով, արծվի նման սլանալով, պիտի հասնեն իրենց մարմիններին և ապա պիտի վեր թռչեն դեպի ամպը՝ ընդառաջ գնալով Քրիստոսին:

Քրիստոսի գալստյամբ բոլոր մարդիկ փողի ձայնով դատաստանի են կանչվելու և հավաքվելու այնտեղ, ուր խաչվեց Տերը: Ապա Քրիստոս Դատավորը նստելու է ատյանում՝ հարցաքննելու յուրաքանչյուրին: Բացվելու են գրքերը, որից բացվելու են մեր աչքերը՝ ճանաչելու չարն ու բարին, և մենք պատասխան պիտի տանք մեր գործերի, խոսքերի ու խորհուրդների համար: Եվ այստեղ պիտի երևա Դատավորի նրբատեսությունը, քանզի Նապետք է ցույց տա անգամ այնպիսիների մեղքերը, որոնց մենք արդար էինք կարծում: Եթե միայն Տիրոջ փառքի ծագումից հովիվները երկյուղեցին (տե՜ս Ղուկ. Բ 9), իսկ մի հրեշտակի իջնելը գերեզմանի վրա ահաբեկեց պահապաններին (տե՜ս Մատթ. ԻԸ 4), ապա որքան առավել կահաբեկվեն մեղավորները, երբ փառքերի Տերն Իր զորքերով մեր աչքի առջև երևա՝ դատելու մեզ:

Քրիստոսի գալուստը դատաստանի համար երկու կերպ է լինում: Առաջինը՝ երբ գալիս է յուրաքանչյուր մարդու մահվան օրը՝ առանձնական դատաստանի համար, իսկ երկրորդը՝ երբ գալիս է վերջին օրը համընդհանուր դատաստանի համար: Առաջինի համար ասում է. «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. թե չէ Ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի ուր Ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք» (Հովհ. ԺԴ 2): Իսկ վերջին օրը Քրիստոսի գալուստը նմանեցվում է փայլակի ճայթյունին: «Եվ ապա երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երևա, և այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով» (Մատթ. ԻԴ 30): Այստեղ Մարդու Որդու նշանը խաչն է: Ինչպես համբարձման ժամանակ ասվեց. «Ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք Ա 9), այդպես էլ Երկրորդ գալստյան ժամանակ ամպով է գալու Տերը:

Ինչպես այն ամպի սյունը, որը երբ հովանի էր լինում Իսրայելի որդիների վրա, խռովեցնում էր փարավոնի զորքին (տե՜ս Ելից ԺԴ 24), այդպես էլ Տիրոջ գալստյան օրն աջակողմյանները պիտի ասեն. «Օրհնյա՛լ է Նա, Ով գալիս է Տիրոջ անունով» (Մատթ. ԻԱ 9), իսկ ձախակողմյաններն ասելու են լեռներին. «Ընկե՜ք մեզ վրա, և բլուրներին, թե՝ ծածկեցե՜ք մեզ» (տե՜ս Ղուկ. ԻԳ 30), քանզի եկել է Տիրոջ բարկության օրը, և ո՞վ կարող է կանգնել Նրա առջև: Քրիստոսի աթոռը Բաբելոնի հնոցի նման է լինելու, որում երեք պատանիները, այսինքն՝ աջակողմյանները, Աստծուն են օրհնելու, իսկ կրակի բոցը, գետի նման ծավալվելով, այրելու է ձախակողմյաններին, այսինքն՝ մեղավորներին (տե՜ս Դան. Գ 24):

Տերունական Խաչը երևալով գնալու է ու կանգնելու Երուսաղեմում, ուր Տերը խաչվեց, և բոլոր արարածները, Խաչին հետևելով, գնալու են Երուսաղեմ: Ապա հնչելու են փողերը, դրվելու են աթոռները, որից հետո գալու են հրեշտակները և Խաչի առջև են ժողովելու Ադամի սերնդին: Գալու են սուրբ մարգարեները՝ հրեղեն կառքերով, ապա՝ առաքյալները և բաժանելու են հավատացյալներին անհավատներից, իսկ հրեշտակները պատրաստելու են մեղավորների տանջանքի տեղը: Սրանից հետո լինելու է Սուրբ Երրորդության գալուստը: Հրեշտակները, մարգարեները և առաքյալները Նրան ընդառաջ են ելնելու, և Սուրբ Երրորդությունն իջնելու է Երուսաղեմում, ուր սկսվելու է անաչառ դատաստանը: Հայրն իջնելու է տաճարում, Որդին՝ Գողգոթայի վրա, իսկ Սուրբ Հոգին՝ Վերնատանը:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի


Ղազարոսի հարության հիշատակը

Այսօր հիշատակն է Ղազարոսի՝ Քրիստոսի սիրելի բարեկամի, ում Տերը մահվանից չորս օր հետո գերեզմանից հարություն տվեց..:

Ղազարոսի հարությունը տոնում ենք պահքի առաջին քառասունքի ավարտին՝ Մեծ պահքի վեցերորդ շաբաթի շաբաթ օրը, քանզի պահքն ու աղոթքը մեզ չարչարանակից են անում Քրիստոսին և մեր հոգին կենդանացնում պես-պես ախտերից, ինչպես Ղազարոսը հարություն առավ գերեզմանից:

Բոլոր աստվածային նշանները մեր Տեր Հիսուս Քրիստոսինն են: Դրանց մի մասը կարևոր են, իսկ մյուս մասը՝ առավել կարևոր: Եվ այս ամենով մեզ տրվում է հույս և երկնային մխիթարություն: Նշաններից առաջինով Տերը ջուրը գինի դարձրեց, ապա բուժեց խեղանդամներին, հալածեց դևերին, իսկ երբ հասավ ժամանակը, Ղազարոսին հարություն տալով եզրափակեց նշանագործությունը:

Այս մասնավոր հարությունը խորհրդանշում է. նախ՝ մարդկային բնության նորոգությունը և բժշկությունը մեռելության ախտերից, ապա՝ համընդհանուր հարությունը՝ Տիրոջ մյուս անգամ գալստյամբ: Հավիտենական Կյանքը կամեցավ մեր ապականացու բնությանը հաղորդել Իր անմահությունը՝ ոչ միայն հոգով, այլև մարմնով, այդ պատճառով էլ սկզբում բժշկեց մարմնի փոքրագույն անդամները՝ չորացած ձեռքերը, ոտքերը, տեսողությունը, լսողությունը, ապա՝ ամբողջ մարմինը՝ բորոտությունից, անշարժությունից, այնուհետև հարություն տվեց Հայրոսի աղջկան ու նայինցի պատանուն, իսկ վերջում՝ գերեզմանից կանչեց չորսօրյա մեռած Ղազարոսին, որը բոլոր մարմինների հարության առհավատչյան է:

Այստեղից հարց է ծագում. առաջին՝ ինչո՞ւ է Տիրոջ հարությունը ներկայացվում որպես համընդհանուր հարության օրինակ. քանի որ ինչպես Տերը Հայրոսի դստերը, այրու որդուն և Ղազարոսին հարություն տվեց, այնպես էլ աշխարհի վախճանին հարություն կտա բոլորին:

Չնայած որ նրանք հարություն էին առել Տիրոջ հրամանով, սակայն դարձյալ մահանալու էին, այդ պատճառով նրանց որպես հարության օրինակ չբերեց: Իսկ հավատարիմ և մեծագույն վկան ասում է. «Գիտենք, որ Քրիստոս, մեռելներից հարություն առած լինելով, այսուհետև չի մեռնի, և մահը նրան այլևս չի տիրի» (Հռոմ. Զ 9): Եվ մենք էլ հասարակաց հարության ժամանակ անմահությամբ ենք հարություն առնելու:

Երկրորդ հարց. եթե միշտ և բոլորից էլ զորավոր է հարություն Տվողը, ապա ինչո՞ւ է աշխարհի վախճանին անմահության հարություն տալիս, իսկ այժմ Նրա հրամանով հարություն առածները կրկին մահանում են:

Որովհետև դեռևս Իր մահն ուներ առջևում, դրա համար էլ սրանք պետք է մահանային, իսկ Նրա հարությունից հետո, երբ մահը Նրան այլևս չի տիրում, Նրա հրամանով մահացածներն անմահության հարությամբ պիտի հարություն առնեն: Որպեսզի Ինքը լինի ամեն ինչում առաջինը, և մեր հարությունը Նրա հարությունից բխի, որովհետև Նա է ննջեցյալների առաջին Պտուղը և Անդրանիկը՝ մեռելներից (տե’ս Ա Կորնթ. ԺԵ 20, Կողոս. Ա 18):

Տերը, Ղազարոսի հարությամբ ցույց տալով Իր զորությունը հրեաներին, ցույց տվեց նաև, թե ինչպես Իր մյուս անգամ գալստյան ժամանակ բոլոր մեռելներին պիտի կանչի և հարություն տա մի ակնթարթում, առանց ապականության:

ՂԱԶԱՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ (Հովհ. ԺԱ 1-46)

Եւ մի հիվանդ կար, Ղազարոս անունով, Բեթանիայից` Մարիամի եւ նրա քույր Մարթայի գյուղից: Սա այն Մարիամն էր, որ յուղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը: Եւ սրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր: Սրա քույրերը նրա մոտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «տե՛ր, ահավասիկ նա, ում դու սիրում էիր, հիվանդացել է»: Երբ Հիսուս լսեց, ասաց. «այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»: Հիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը` Մարթային, եւ Ղազարոսին: Լսելուց հետո, թե Ղազարոսը հիվանդացել է, նա տակավին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնվում էր: Ապա դրանից հետո իր աշակերտներին ասաց. «եկե՛ք վերստին գնանք Հրեաստան»: Աշակերտները նրան ասացին. «ռաբբի՛, հրյաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»: Հիսուս պատասխանեց. «ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լույսը տեսնում է, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լույս չունի»: Այս բաներն ասելուց հետո նորից ասաց նրանց. «մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»: Աշակերտները նրան ասացին. «տե՛ր, եթե ննջել է, ապա կ՚առողջանա»: Բայց Հիսուս նրա մահվան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպես թվաց, թե նա քնով ննջելու մասին է խոսում: Այն ժամանակ Հիսուս նրանց հայտնապես ասաց. «ղազարոսը մեռավ. բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպեսզի դուք ինձ հավատաք: Արդ, եկե՛ք գնանք նրա մոտ»: Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»: Հիսուս եկավ, նրան գտավ չորս օրից ի վեր գերեզմանի մեջ: Եւ Բեթանիան Երուսաղեմի մոտ էր շուրջ երեք կիլոմետր: Հրյաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեն իրենց եղբոր մահվան համար: Երբ Մարթան լսեց, որ Հիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր: Մարթան Հիսուսին ասաց. «տե՛ր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստված քեզ կտայ»: Հիսուս նրան ասաց. «քո եղբայրը հարություն կ՚առնի»: Մարթան նրան ասաց. «գիտեմ, որ հարության ժամանակ վերջին օրը հարություն կ՚առնի»:

Հիսուս նրան ասաց. «ես իսկ եմ հարություն եւ կյանք. ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի, կ՚ապրի. եւ ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի: Հավատո՞ւմ ես այս բանին»: Նա ասաց նրան. «այո՛, Տե՛ր, ես հավատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը` Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»: Եւ այս ասելուց հետո, գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը` Մարիամին եւ ասաց. «վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»: Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ եւ եկավ նրա մոտ: Հիսուս դեռ գյուղ չէր հասել, այլ դեռեւս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել: Իսկ այն հրյաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացավ իսկույն ու գնաց, իրենք եւս նրա հետեւից գնացին. կարծում էին, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի: Իսկ Մարիամը, երբ եկավ այնտեղ, ուր Հիսուս կանգնած էր, ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «տե՛ր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»: Երբ Հիսուս տեսավ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրյաներն էլ լալիս են, սաստիկ խռովվեց իր հոգում եւ ասաց. «ո՞ւր դրիք նրան»: Նրան ասացին. «տե՛ր, արի՛ եւ տե՛ս»:

Եւ Հիսուս արտասվեց: Հրյաներն ասացին. «տեսե՛ք ինչքան էր սիրում նրան»: Նրանցից ոմանք ասում էին. «սա, որ կույրի աչքերը բացեց, չե՞ր կարող նաեւ այնպես անել, որ սա չմեռներ»: Հիսուս, դարձյալ խռովվելով ինքն իր մեջ, եկավ գերեզմանը: Սա մի քարայր էր, որի վրա մի քար էր դրված: Եւ Հիսուս ասաց. «այդ քարը մի կողմ դրեք»: Մարթան` մեռածի քույրը, նրան ասաց. «տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ չորս օրվա է»: Հիսուս նրան ասաց. «քեզ չասացի՞. եթե հավատաս, կտեսնես Աստծու փառքը»: Երբ քարը վերցրին, Հիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «հա՛յր, գոհություն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. եւ ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»: Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: Եւ մեռելը ելավ` կապված ոտքերով, ձեռքերը երիզով ամրացված եւ երեսը վարշամակով պատած: Եւ Հիսուս նրանց ասաց. «արձակեցե՛ք դրան եւ թողե՛ք, որ գնայ»:

Հրյաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մոտ, երբ տեսան, ինչ որ Հիսուս արեց, հավատացին նրան: Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մոտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Հիսուս արեց:

Ավետարանի մեկնությունը (Հովհ. ԺԱ 1-46)

Իսկ թե ի՞նչ խորհուրդ ունեն Ղազարոսի հարությունը կամ Նրա քույրերի աղաչանքները և կամ Տիրոջ՝ Բեթանիա գալը և հարություն տալը, այս մասին Ավետարանը պատասխանում է հստակ կերպով:

«Եվ մի հիվանդ կար Ղազարոս անունով, Բեթանիայից՝ Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից»: Մարդկանցից շատերը, երբ տեսնում են, որ Աստծուն հաճելի անձինք ու սրբերը չարչարվում են կամ հիվանդանում կամ էլ չքավորության մեջ ապրում, գայթակղվում են՝ չիմանալով, որ Աստծու բարեկամները, ովքեր այսպիսի փորձությունների մեջ են լինում, առավել պիտի պայծառանան փառքով, ինչպես պայծառացան Հոբն ու առաքյալները և նրանց նմանները:

Հիվանդ Ղազարոսը մարդկային բնությունն է խորհրդանշում, որը բազում ժամանակներ ընկղմվելով մարմնական հաճույքների ու մեղքերի մեջ՝ հիվանդացավ: Իսկ հիվանդությունը մարդկային ցեղի մեղքն է խորհրդանշում, մահանալը՝ մեղքերի մահը՝ ըստ հետևյալ խոսքի. «Մեղավորի մահը չար է» (Սաղմ. ԼԳ 22): Հիվանդի՝ Բեթանիայում լինելը հետևյալ նշանակությունն ունի: Նախ՝ Բեթանիան թարգմանվում է չարչարանքների ու սգի տուն, որն ամբողջ աշխարհի օրինակն է, ուր բնակվում են մարդիկ: Այն իսկապես չարչարանքների, հիվանդության ու մահվան տուն է՝ Ադամի հանցանքների պատճառով Աստծու վճռի համաձայն կայացված. «Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, ցավերով երեխաներ պիտի ծնես, քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ» (Ծննդ. Գ 16-19): Դրախտի վայելչությունից ու կենդանությունից Ադամի անկման համար նրան սգակից են բոլոր արարածները, ինչպես ասում է առաքյալը. «Բոլոր ստեղծվածները հեծեծում են և երկունքի ցավի մեջ են մինչև այժմ» (Հռոմ. Ը 22): Եվ կարոտ էր աշխարհն իր Հարազատի սիրուն և օժանդակությանը, այսինքն՝ Քրիստոսի, Ով խափանեց կայացրած վճիռը և անեծքը փոխեց օրհնության:

«Մարիամի ու Մարթայի գյուղից»: Ըստ պատմագիրների ու ավետարանիչների սովորության, որպեսզի բացահայտվեն բոլոր հանգամանքները, նշվում են նաև բնակավայրերը՝ ասված խոսքի հավաստիությունը հաստատելու համար: Իսկ թե ինչո՞ւ գյուղը կոչեց կանանց և ոչ թե Ղազարոսի անունով, ապա պետք է ասել, որ թեպետ բնակավայրն ընդհանուր էր նրանց համար, սակայն Ղազարոսի անունով պետք էր կոչել, բայց այս դեպքում տեղին էր բնակավայրը կենդանի եղողների անունով կոչել, քան մահացածի:

«Նրանց եղբայր Ղազարոսը հիվանդ էր»: «Ղազարոս» եբրայեցերեն նշանակում է օգնել, իսկ «Մարիամ» նշանակում է լուսավորել, ով էլ լուսավորվեց Տիրոջ լույսով և գալստյամբ: Սա այն Մարիամն էր, ով օծեց Տիրոջը յուղով, և ոչ այն մեկը, ում հիշում են մյուս երեք ավետարանիչները (Մատթ. ԻԶ 6-13, Մարկ. ԺԴ 3-9, Հովհ. ԺԲ 1-8): Այն մեկը պոռնիկ կին էր, իսկ սա սուրբ էր և պատրաստ ընդունելու Քրիստոսին: «Մարթա» նշանակում է տերունական, Տիրոջ գալստյամբ բերկրած:

Ղազարոսի քույրերն արդար և օրինավոր էին, որով և հաճելի եղան Աստծուն, ինչպես Աբրահամը, Մովսեսը և մյուս մարգարեները, ովքեր արտասվալից պաղատանքներով ու աղերսական ձայնով իրենց հառաչանքներն էին առաքում առ Աստված ու ասում. «Տե՜ր, նրան, ում սիրեցիր և Քո պատկերով ստեղծեցիր, ահա հիվանդ է և դրված է չարաչար մեղքերի մահճում»:

«Քույրերը մարդ ուղարկեցին Նրա մոտ»: Սա խորհրդանշում է մարգարեների դասերը: Ինչո՞ւ չթողեցին հիվանդին, ինչպես արեցին հարյուրապետն (տե՜ս Մատթ. Ը 5) ու թագավորազնը, և իրենք անձամբ չգնացին, այլ պատգամավորի միջոցով դիմեցին Տիրոջը: Որովհետև վստահաբար հույս ունեին և անհոգ էին ջերմ բարեկամության պատճառով, նաև տկար կանայք էին և սգում էին: Նրանք մարդ ուղարկեցին՝ հղելով իրենց ջերմ սերը բազում աղաչանքներով, և աղերսեցին մեծ թախանձանքով՝ հավատալով, որ Նա է մեռելների Հարությունը, սակայն մարդկորեն խորհելով՝ շտապում էին և ալեկոծվում իրենց մտքում, որպեսզի շտապ հասնի բուժումը, քանի դեռ հիվանդը չի վախճանվել: Նրանք Հիսուսին իբրև Աստծու հավատացին և որպես ճշմարիտ բժշկի՝ հիվանդի մոտ կանչեցին:

Հիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, ու Ղազարոսին և բաշխում պարգևներ Իր բարեկամներին՝ ըստ առակագրի խոսքի, որ ասվում է Քրիստոսի համար. «Ես սիրում եմ նրանց, ովքեր սիրում են Ինձ» (Առակ. Ը 17): Մինչ Տերը Եգիպտոս էր իջնում, սրանք արդեն այնտեղ էին և շատ անգամ սիրով ընդունել և իրենց ձեռքերին կրել էին բոլորիս Կրողին՝ Հոր Միածնին, և վերցրել էին իրենց բազուկների վրա՝ Իր խոսքի զորությամբ բոլորիս Վերցնողին: Եգիպտոսից Տիրոջ վերադարձից հետո նրանք ևս վերադարձան Հովսեփի և Կույս Մարիամի ընկերակցությամբ և հաստատվեցին Բեթանիայում:

«Տե՜ր, ահավասիկ նա, ում Դու սիրում էիր, հիվանդացել է»: Թեպետ դեռևս չունեին հաստատուն հավատ, սակայն սերը հիշատակելով՝ խորհում էին Նրան մեջ գութ առաջացնել իրենց եղբոր հանդեպ:

«Երբ Հիսուս լսեց, թե Ղազարոսը հիվանդացել է»: Լսեց՝ գթալով հիվանդին, և թույլ տվեց մահվանն իշխել նրա վրա ու մահացնել: Հիսուս ոչինչ չպատասխանեց. ո՜չ գնալու ու բժշկելու մասին ասաց և ո՜չ էլ չգնալու և չբժշկելու: Լուր բերողները հիվանդի անունը հայտնեցին և որպես պատասխան՝ Աստծու փառքի մասին լսեցին ու տրտմությամբ վերադարձան:

«Այդ հիվանդությունը մահաբեր չէ»: Այս խոսքը ցույց է տալիս, որ այս հիվանդությունը չունի նրան մահացնելու իշխանություն, այլ միայն մի փոքր ժամանակով, որպեսզի դրանով քարոզվի Աստծու փառքը: Կարծես թե Տերը հեռվից շոշափեց հիվանդի զարկերակը և ստուգապես զննեց այն ամենայն մանրամասնությամբ: Իսկ մարդիկ չարախոսում էին Նրան, որ չկարողացավ օգնել Իր սիրեցյալին: Եվ ո՞րն է ավելի դյուրին. մեռելին ոտքի կանգնեցնե՞լը, թե՞ կենդանի մարդուն քնից արթնացնելը:

«Աստծու փառքի համար է»: Թվում է, թե ժխտող հրեաների պատճառով է Հոր կողմը դարձնում խոսքը, ինչպես արեց նաև գերեզմանի վրա աղոթելիս, որովհետև հրեաները Հիսուսին Հորը հակառակ էին կարծում: Եվ ապա հայտնում է, որ աստվածային հրամանով է կանչելու մեռածին՝ դրանով հայտնելով Հոր և Իր կամքի միությունը և փառակցությունը:

Այնպիսի խոսք, որ Տերն ասաց կույրի համար. «Ոչ դրա մեղքն է և ոչ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն» (Հովհ. Թ 3), ճիշտ նման մի խոսք էլ ասաց նաև Ղազարոսի համար. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի» (Հովհ. ԺԱ 4):

«Հիսուս, լսելուց հետո, թե Ղազարոսը հիվանդացել է, տակավին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնվում էր»: Երկու օր մնաց այնտեղ՝ թույլ տալով ավազակին մտնել Իր սիրելիի տունը և այնտեղ խռովություն ու ապականություն գործել, և մահը գոռոզանալով իր կամքը կատարեց: Սա նաև մոլեգնոտ հրեաների հանդգնության պատճառով արվեց, որպեսզի հրապարակավ տեսնեն սքանչելիքը Ղազարոսի հարության:

«Եվ երկու օր մնաց այնտեղ»: Եվ ինչո՞ւ երկու օր ընդմիջեց և ապա՜ մարմնով երևաց: Որովհետև այդ ժամանակներում մարդիկ տակավին մանուկներ էին, ուսման մեջ՝ անկատար ու անկարգ, չէին փնտրում փրկություն ու չունեին հույս, այդ պատճառով էլ հապաղեց, որպեսզի չարի փորձություններից նեղվելով ու մեղքերից չարչարվելով՝ կարոտեն Նրա փրկական գալստյանն ու Օրենքով խրատվելով՝ կարողանան ընդունել կատարյալ գիտությունը: Եվ երբ կարոտեցին, այդժամ էլ երևաց Փրկիչը:

«Երկու օր» ասելով՝ նկատի ունի առաջին օրը Մովսեսից մինչև Դավիթ, իսկ երկրորդ օրը՝ Դավթից մինչև Հովհաննես: Եվ երբ ժամանակը հասավ իր լրմանը, և հասավ աշխարհի փրկությունը, եկավ Տերն անապատից, այսինքն՝ սուրբ արգանդից, ու գտավ մեզ մեղքերի մեջ մեռած, նեխած ու հոտած ժանտահոտ ախտերով, և ո՜չ թե չորս օր, այլ շատ ժամանակ: Դարձյալ՝ Տերը մահվան ժամին չհասավ Ղազարոսի գյուղը, որպեսզի հրեաները չասեն, թե նախապես պայմանավորված էին միմյանց հետ:

«Ապա դրանից հետո Իր աշակերտներին ասաց. «Եկե՜ք վերստին գնանք Հրեաստան»: Մահվան երկյուղը եկավ այնտեղ և չարաչար տագնապեցրեց աշակերտներին՝ առավել, քան Ղազարոսի քույրերին: Եվ աշակերտներն այնչափ զարհուրեցին ու դողացին, կարծես դուրս էին ելնում իրենց մարմիններից, և այդ նրանք էին, ովքեր լսեցին Տիրոջից. «Մի՜ վախեցեք նրանից, որ մարմինն է սպանում, բայց հոգին սպանել չի կարող» (Մատթ. Ժ 28):

«Աշակերտները Նրան ասացին. «Ռաբբի՜, հրեաները դեռ նոր էին ուզում Քեզ քարկոծել, և նորից այնտե՞ղ ես գնում»: Աշակերտները տարուբերվում էին այս ու այն կողմ: Տերը չկամեցավ նրանց հայտնել խորհուրդը, որովհետև տեսան հարության հրաշքը և չհավատացին Նրան, Ով հոգին ու մարմինն ապրեցնում է և՜ այստեղ, և՜ հանդերձյալում, և կարող է բոլոր ննջեցյալներին հարություն տալ: Տերը նախ տասներկուամյա մի աղջկա՝ Հայրոսի դստերը, հարություն տվեց, ապա Նային քաղաքում՝ մի պատանու: Եվ Նա, Ով ուրիշների մահը հալածեց, առավել ևս Իր աշակերտներինը կհալածի: Աշակերտները Թաբոր լեռան վրա լսեցին. «Դա՜ է Իմ սիրելի Որդին, Որին հավանեցի, Դրա՜ն լսեցեք» (Մատթ. ԺԷ 5), սակայն նրանք, փոխանակ լսելու, դեռ հրամայում էին Նրան չգնալ: Եվ եթե նրանց անգամ հայտներ Ղազարոսի խորհուրդը, միևնույն է, չէին հավատալու իրենց մտքի տկարության պատճառով:

Փրկիչը չուներ սովորություն նախապես ծանոթանալ այն տեղերին, ուր գնալու էր, այլ գնում էր այնտեղ, ուր կար չարչարանք: Իր քարկոծողների մոտ էր գնում, որպեսզի նրանք, փոխանակ Իրեն գահավեժ անելու, լինեն Նրա թարգմանները, և այնտեղ շատերը Նրան հավատացին:

Հիսուս ասում է. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև հետը լույս չունի»: Ամբողջ օրվա համար է հայտնում, որովհետև Տիրոջ օրով լուծարվում է կռապաշտության խավարը նրանց համար, ովքեր Նրանով են ընթանում: «Օր» բառը եբրայեցերեն նաև լույս է նշանակում, և Քրիստոս է աշխարհի Լույսը, որ լուսավորում է:

«Եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում», ապա որքան առավել նրանք, ովքեր Նրա հետ էին՝ աշխարհի Լույսի: Պետք չէ իմանալ որպես մարմնավոր աչքի լույս, այլ հոգու աչքի՝ հավատի լույս: Նա, ով հոգու տեսողություն չունի, անգամ եթե միջօրեին քայլի, կսայթաքի, և խավարը միշտ նրա հետ կլինի: Այսպես Տերը խոսքով որոշ չափով կրթեց աշակերտների միտքը, քանի դեռ չէր մեռել խաչի վրա և իջել գերեզման:

Այս խոսքերն ասելուց հետո նորից դիմեց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն Ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»: Տերն արհամարհեց մահն աշակերտների առջև՝ այն նինջ համարելով: Աշակերտներին ասելով, թե Ղազարոսը ննջել է՝ դրանով հայտնեց, որ մահը նինջ է նրանց համար, ովքեր հավատում են:

Տերը կաթով էր սնում աշակերտներին՝ իբրև մանուկների մայրաբար ծնելով ու դայակաբար սնուցանելով, և նրանց տգիտությունը ծածկում Իր իմաստությամբ: Արդար գառների նման անմեղ էին առաքյալները. ինչպես տեսնում էին, այնպես էլ իմանում էին, Տիրոջից ինչ լսում էին, հավատում էին, սակայն չէին կարողանում հասու լինել աստվածային խորհրդին:

Աշակերտները կարծեցին, թե առակներով է խոսում, ինչպես շատ անգամ էր արել: Իսկ արթնացնելն այն է, որ զարթնեց Տերը և եկավ մեզ ապրեցնելու: Որովհետև Տերը եկավ ու գտավ մեզ մեղքերում մեռած և ժանտահարությամբ նեխած, և ոչ թե չորս օր, այլ շատ ժամանակներ: Ղազարոսը մահանալուց հետո դժոխք գնաց՝ սատանայի իշխանության ներքո, և մինչև նա՝ դեռ ոչ ոք չէր ելել այդ արգելավայրից, որովհետև ով այդ դռների սեմից ներս էր մտնում, այլևս հնար չէր ունենում այնտեղից դուրս գալու:

«Աշակերտները Նրան ասացին. «Տե՜ր, եթե ննջել է, ապա կառողջանա»: Շատ հիվանդներ են ննջել ու չեն ապրել, և կան, որ ննջել են ու ապրել: Աշակերտներն այսպիսի խոսքերով կամենում էին սփոփել Ծածկատեսին: Նրանք գիտեին, որ Տերը սիրում է Ղազարոսին, և չէին կամենում, որ նրա ընտանիքին որևէ վիշտ հասնի, ննջելն առողջանալու նշան էին կարծում և ասում էին, որ կարիք չկա շտապ գնալու:

«Այն ժամանակ Հիսուս նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ»: Տերը բացահայտեց ծածուկ խորհուրդը, որպեսզի հանկարծակի գալով չցնցվեն ճչալով կամ կոծելով: Բոլոր բժիշկներն էլ մինչև մարդու մահանալն աշխատում են բոլոր դեղամիջոցներով փրկել հիվանդին, իսկ Ղազարոսի Բժիշկը թույլ տվեց նրան մահանալ, որպեսզի նրա մահով ցույց տա Իր զորությունը: Տերը չգնաց իբրև բժիշկ՝ հիվանդությունը բուժելու, որովհետև Նա՝ որպես Աստված, պետք է ապրեցներ հիվանդին:

«Ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպեսզի դուք Ինձ հավատաք»: Եթե ուրախ էր, ապա ինչո՞ւ էր լալիս, երբ գնաց այնտեղ: Բայց պետք է տեսնել, թե մինչ այս պահը Նրա մերձավորները որչափ հեռու էին և՜ Նրանից, և՜ կատարյալ հավատից:

Սրանք մանվածապատ խոսքեր էին և չէին կարող հասանելի լինել: Մահվան անունը և ուրախությունը նրանց լսելիքի համար հռչակվեցին, և աշակերտները, զարմացած, չէին կարողանում հասու լինել երկիմաստ խոսքին: Տերը պարծենալու համար չէր նրան հարություն տալիս, այլ աշակերտների հավատի հաստատության, և ուրախ էր, որ տեսնելու են Իր զորության չափը: Եվ երկչոտ Թովմասը մեզ տեղեկացնում է նրանց անմտության մասին:

«Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկեք մենք է՜լ գնանք, որ Նրա հետ մեռնենք»: Նա գնաց մեռելին հարություն տալու, իսկ կենդանի աշակերտները՝ իրենց մահվան մատնելու, քանզի այս պահի համար տարակուսում էին: Երկրագործ մշակների համար ավելի դյուրին է կոշտացած հողը կակղեցնել, քան գիտուններին՝ հավանություն գտնել տգետների մոտ: Մշակը քիչ է աշխատում հողի վրա, սակայն բազում պտուղներ է ակնկալում, իսկ կույր մտքով տգետին միայն Աստված կարող է գիտություն տալ: Աշակերտները ստուգվեցին, որ պատրաստ են գնալու և Նրա հետ քարկոծվելու, որի համար Տերը նրանց մխիթարեց ու քաջալերեց և նրանցից երկյուղը վանեց:

«Հիսուս եկավ, նրան գտավ չորս օրից ի վեր գերեզմանի մեջ»: Որովհետև մոտ է Բեթանիան Երուսաղեմին, և սուգն էլ մոտ էր ուրախությանն ու խաղաղությանը:

«Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ»: Նրանց գալն աստվածային տեսությամբ պետք է իմանալ, որպեսզի տեսնողները զվարճանան աստվածային նշաններով, քանզի նրանցից ոմանք օգուտ ստացան՝ Քրիստոսի վրա խարսխված իրենց հավատը հաստատելով: Իսկ ինչո՞ւ եկան. չէ՞ որ հրեաներն ուխտել էին, որ եթե որևէ մեկը Նրան Քրիստոս խոստովանի, ապա ժողովրդի միջից դուրս պիտի մղվի: Միգուցե եկել էին տրտմության տագնապից մղված, կամ էլ միգուցե Մարիամի ընտանիքն ազնվական էր, և նրանք աչառություն էին անում: Եվ կամ այնպիսիներ էին, որոնցում չկա խորամանկություն, քանի որ շատերը կարծում էին, թե կարող են մխիթարել սգավորներին:

Այդ օրերին ագարակը քաղաք էր դարձել, և քաղաքը՝ ագարակ, որովհետև վշտի պատճառով ողջ քաղաքն այդտեղ էր հավաքվել: Մեր բնության սովորությունն է, և սիրում ենք մտնել սգո տուն՝ լսելով այլոց բոթը, քան թե ուրախության տուն: Ոմանք եկել էին լկտիությունից մղված, ոմանք էլ՝ ոտնահարելու, իսկ շատերն էլ՝ շատախոսելու, և քչերն էին մասնակից լինում տրտմությանը: Որովհետև բոլոր մխիթարողներն էլ անձամբ լի էին տրտմությամբ, և քանի որ տրտումը տրտմածին չի կարող մխիթարել, ապա և սգավորն էլ սգավորին չի մխիթարի, եթե սգի վրա սուգ չավելացնի: Մեկն ասում էր. «Մի՜ տրտմիր, իմ եղբայրը մանուկ հասակում մահացավ», և այսպես յուրաքանչյուրը մի տարաժամ մահ էր պատմում, որից ավելի է բեկվում սիրտը, և աղիքները՝ գալարվում: Այս ամբոխին թողեց Մարթան և ընդառաջ գնաց Հիսուսին:

«Մարթան երբ լսեց, որ Հիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր»: Մարթան ընդառաջ գնաց Օրենքի ու մարգարեների օրինակով, ովքեր կանխասելով ցույց տվեցին Հիսուսին որպես աշխարհի Փրկչի: Մեկը եղավ իբրև բերանի խոսք, իսկ մյուսը՝ սրտի խորհուրդների շտեմարան: Երկուսն էլ գովելի օրհնության մեջ էին: Սիրտն իր տեղում հաստատուն մնաց, իսկ խոսքը՝ սրտի խորհուրդների թարգմանը, առաջ գնաց՝ պատմելու զգալի սրտի պաղատանքները Նրա լսելիքին, Ով կարող էր վերացնել տխրությունն Իր սիրելիների տնից:

Մարթայի սերն առավել էր եռում, քան Մարիամինը, որովհետև մինչ այս ամենը, երբ Հիսուս եկավ նրանց մոտ, Մարթան սպասավորություն էր անում՝ Տիրոջն ասելով. «Տե՜ր, Քեզ փույթ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել ծառայության գործի մեջ. արդ, ասա՜ դրան, որ օգնի ինձ» (Ղուկ. Ժ 40): Եվ երկրորդ անգամ ևս, երբ Տերը եկավ Ղազարոսին կենդանացնելու, Մարթան առաջինը Նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը մնաց տանը:

«Ասում է Մարթան Հիսուսին. «Տե՜ր, եթե Դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»: «Ով մարգարեին ընդունում է իբրև մարգարե, մարգարեի վարձք կստանա» (Մատթ. Ժ 41), իսկ ով Աստծուն է ընդունում, աստվածային փառք կժառանգի: Մարգարեացավ Մարթան, որ ուր կենդանությունն է, այնտեղ մահը չի մտնում: Տերը բազում անգամ մտել էր Մարթայի ու Մարիամի տունը, և մահը գյուղից հալածական էր եղել, որովհետև ուր կա հոգևոր իմաստություն, այնտեղ կան և աստվածային սեր, ճշմարիտ հավատ և ստույգ մարգարեություն: Քանզի հոգևոր իմաստությունը, աստվածային սերը, ճշմարիտ հավատը և անսուտ մարգարեությունը չորս հարազատ եղբայրներ են, և մեկն է նրանց շարժողը՝ Աստված: Ինչպես երաժիշտը բերանով փչելով երգեհոնը՝ բազում փողերից տարբեր ձայներ է արձակում՝ մեկը՝ նուրբ, մյուսը՝ թավ, մեկ ուրիշը՝ ավելի թանձր, նմանապես Մարթան, Մարիամը, Ղազարոսը և բոլոր նրանք, ովքեր նրանց տանն էին, նույն հավատն ու նույն սերն ունեին:

Քանզի երբ հրավիրեցին Նրան, և Նա չկամեցավ գալ, իմացան, որ Տիրոջ կամքն է, որ Ղազարոսը մահանա, որովհետև ոչ Ինքը եկավ և ոչ էլ մեկին ուղարկեց, որպեսզի բժշկի, քանզի լսել էին Նրա առաքյալներից, որ երբ Հիսուս նավում ննջեց, ծովի ալիքները քնից արթնացան՝ այնքան ժամանակ, քանի դեռ Տերը ննջում էր (տե՜ս Մատթ. Ը 23-26): Եվ ալիքները խռովվելով խոսեցին մարդու նման, թե ուր լույսն է, այնտեղ չի մտնի խավարը, և ուր կյանքն է, այնտեղ մահը չի համարձակվի մտնել:

«Գիտեմ, որ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստված Քեզ կտա»: Մարգարեացավ կինը ոչ թե մեկ մեռելի հարության համար, այլ որ Տերը դարեր առաջ մեռածներին էլ կարող է հարություն տալ՝ կամակցությամբ Հոր և Սուրբ Հոգու:

«Հիսուս նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»: Տերը հայտնեց նրան եղբոր առաջին և վերջին հարության մասին: «Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ վերջին օրը հարություն կառնի»: Բացվեցին երկնքի դռներն այդ կնոջ համար, և նա տեսավ անստվեր Լույսն իր աչքերով, հասավ անմատչելի տեղերին և հավասարվեց Զեբեդեոսի որդիներին: Նա չընկավ Քրիստոսի մարմնական լանջով, սակայն զորացավ Աստծու իմաստությամբ, շոշափեց Կենաց Խոսքն ու փոխվեց աստվածային կյանքի: Բացվեցին նրա մտքի աչքերը, և լուսավորվեց ներքին մարդը: Նա եկավ արտասուքով և գնաց խնդությամբ: Բերկրեց վշտացածը, և զվարթացավ նրա երեսի գույնը, երբ լսեց հարության մասին: Մինչև հարուցյալ եղբորը տեսնելը՝ տեսավ մեռելներին հարություն Տվողին:

«Հիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ հարություն և կյանք»: Նա է Պարգևատուն, Նրանից են պարգևները, սակայն խնդրել է պետք: Եղիան հարություն տվեց մի մեռելի, որը դարձյալ մահացավ: Եղիսեեն երկու հոգու հարություն տվեց, և նրանք նույնպես մահացան: Իսկ համընդհանուր հարության ժամանակ Տերը հարություն է տալու ու հավիտյանս անմահացնելու:

«Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի»: Ինչպես աչքով տեսածին են հավատում, այդպես էլ Նրան հավատացողը հավիտյան չի մեռնի: Իսկ հարության ժամանակ կմեռնեն կենդանի անհավատներն ու ամբարիշտները:

«Եվ ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի»: Եվ այժմ, ով կենդանի է ու հավատում է Նրան, կենդանի կլինի իր մահվան մեջ և հավիտյան կենդանի կմնա: Հավիտյանս մահվան ձեռքը չի տիրի նրա վրա: Բայց ոմանք սա ասում են աշխարհի վախճանի համար, թե նրանք, ովքեր ողջ են և հասնելու են մինչև Տիրոջ գալստյան օրը, չեն մահանալու, ինչպես և առաքյալն է ասում. «Ովքեր կենդանի մնացած պիտի լինեն գալստյան ժամանակ, չպիտի ննջեն» (Ա Թես. Դ 16):

«Հավատո՞ւմ ես այս բանին»: Հույժ դժվարիմաց խոսք ասաց Փրկիչը, և այդ պատճառով լսողները Նրանից բացատրություն խնդրեցին: Թեպետև երկիմաստ էր խոսքը, սակայն հուսաց Մարթան:

«Մարթան ասաց Նրան. «Այո՜, Տե՜ր, ես հավատում եմ, որ Դո՜ւ ես Քրիստոս՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»: Մարգարեների խոսքերը հավատացրին նրան այնպես, ինչպես սամարացի կնոջը. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչվածը, կգա. երբ Նա գա, մեզ ամեն ինչ կպատմի» (Հովհ. Դ 25): Կուսական Ծնունդն ակնարկեց Երկրորդ գալստյան մասին: Մարթան մեծամեծ խոսքեր լսեց ու ամբողջ տնօրինությանը տեղեկացավ, եկավ տրտմած և գնաց ուրախացած՝ իբրև Աստծու հրեշտակ:

«Եվ այս ասելուց հետո գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին, և ասաց. «Վարդապետն է եկել և քեզ է կանչում»: Արդարև, ճշմարիտ վարդապետն առանց այբ, բեն, գիմի է ուսուցանում և կատարում ուսուցման բոլոր պահանջները, և Մարթան, վարդապետ ասելով, ինքն էլ անցավ աշակերտների կարգը: Աշակերտեց և Մարիամը նույն վարդապետությանը՝ հեշտակամ ու դյուրությամբ հավատալով, որովհետև նույն մաղթանքներն ասաց Տիրոջը՝ գութ հայցելով Քրիստոսից՝ եղբորը կենդանացնելու համար:

«Երբ Մարիամը լսեց, վեր կացավ և եկավ Նրա մոտ»: Նույն տեղում նույն ուրախությունը հայտնվեց նույն Ուսուցչի հանդեպ, մեկը՝ ծածկաբար, իսկ մյուսը՝ հայտնապես: Տերը ձգեց երկուսին էլ սգավոր աշխարհից դեպի երկնային անտրտում ուրախությունը, և Մարիամը գնաց Նրա մոտ, Ում առաջ էլ ճանաչում էր՝ ասելով. «Ով իմ բազում մեղքերը ներեց, կարող է նաև փարատել իմ ծանր սուգը»:

«Հիսուս դեռ գյուղ չէր հասել, այլ դեռևս այնտեղ էր, ուր Մարթան Նրան ընդառաջ էր եկել»: Իսկ ինչո՞ւ անմիջապես չգնաց գերեզման: Որովհետև Նրա գալստյան լուրը տեղ հասնելուն պես ժողովրդից մի «ատյան» կազմվեց, և բոլորն էլ շտապում էին տեսնել աստվածագործ նշանը: Հրեաները, ովքեր եկել էին քույրերին մխիթարելու, իրենք էին թափուր մնացել երկնային մխիթարությունից և թաղված սգի ու նույն տրտմության մեջ, արտասուք շաղ տալով՝ նստել էին տանը:

«Երբ հրեաները տեսան Մարիամին, որ իսկույն վեր կացավ ու գնաց, իրենք ևս նրա ետևից գնացին»: Հրեաները հարությունը տեսնելու համար չգնացին, այլ դեպի մեռելի գերեզմանը: Ասված է. «Ով ունի, նրան պիտի տրվի և պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցածն էլ» (Մատթ. ԺԳ 12): Եվ սա ո՜չ թե Տվողի ագահության պատճառով, այլ ընդունողի անարժանության, ինչպես երևաց առաքյալների ու Հուդայի պարագայում:

«Կարծում էին, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի»: Որովհետև նրանք միշտ էլ գերեզմանասեր են եղել, և ոչ միայն մարդկանց, այլև սուտ աստվածների, ինչպես Եզեկիել մարգարեն է ասում. «Ահա այնտեղ նստած էին կանայք ու ողբում էին Թամուզին» (Եզեկ. Ը 14): Սրանց միջից ելավ Մարիամը և գնաց Նրա մոտ, Ով ներեց նրա բազում մեղքերը և կարող է նաև ծանրատաղտուկ տրտմությունը փարատել:

«Իսկ Մարիամը, երբ եկավ այնտեղ, ուր Հիսուս կանգնած էր, ու տեսավ Նրան, ընկավ Նրա ոտքերը»: Երբ սգավորները տեսնում են ծանոթներից որևէ մեկին, սկսում են կոծել, իսկ Մարիամը դրա փոխարեն Վարդապետին հավատաց ու փառավորեց, և դրանով ի հայտ եկավ Մարիամի ու Մարթայի հավատը, քանի որ նրանք Տիրոջը երկրպագում էին ու խոստովանում նրանց առջև, ովքեր չէին հավատում:

«Տե՜ր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»: Ինչպես նույն դպրոցի մանուկները միաբանված նույն լեզվով են խոսում, այդպես էլ սրանք, վարդապետի կամքից հորդորված, խոսում էին աստվածային ուսումից: Եվ երկու քույրերն էլ նույն կենդանի որսը եղան ու նույն սիրով սիրեցին Տիրոջը: Նույն աղբյուրից Կենդանի ջուր խմեցին ու տեսան մարմնացած Աստծուն ու հավատացին ամենքիս Տիրոջը: Թվում էր, թե նախապես պայմանավորվել էին Հիսուսից խնդրել, որ իրենց եղբորը կենդանություն տա: Իրենց մերձավոր հանգուցյալի համար երկուսն էլ նույն խոսքերն արտասանեցին՝ ասելով. «Տե՜ր, եթե անտես չանեիր մարդկային ցեղը, ապա նրանք չէին մահանա մեղքի մահով»: Իսկ մարգարեն ասում է. «Եվ ահա Դու բարկացար, որովհետև մենք մեղք գործեցինք» (Եսայի ԿԴ 5):

«Երբ Հիսուս տեսավ, որ նա լալիս է, և նրա հետ եղող հրեաներն էլ են լալիս»: Աշխատելիս մարմնից քրտինք է ծորում, և հուզված սրտից աչքն արտասուք է հեղում, արտասվում ենք նաև մեռելների վրա և հեռուներից եկող սիրելիի համար: Տեսավ Մարիամը Հիսուսին, և եղբոր նկատմամբ ունեցած գութը ստիպեց նրան հիշել մահացածին, սակայն այլևս չճչաց ըստ աշխարհի կարգի, այլ ցածրաձայն արտասվեց Ողորմածի առջև, մինչև որ բոլորն էլ բարձրաձայն լացեցին:

Խռովվեց Հիսուս Իր հոգում, կարծես Իր ամբողջ զորությամբ տրտմեց և չկարողացավ պարզ ասել, թե. «Ո՞ւր դրիք նրան», այլ ասես մռնչալով ասաց, կես խոսքով: Տերը եղավ մասնակից նրանց սգին, որպեսզի մարդիկ լինեն Աստծուց մխիթարված: Կամ էլ մռնչաց սատանայի վրա, ինչպես առյուծը՝ որսի վրա:

«Եվ Հիսուս արտասվեց»: Մարմինը ոչ միայն աչքերով է արտասվում, այլև ամբողջովին քրտնում է, ինչպես Տերը շատ անգամ վարվեց աշխարհում, որպեսզի իր վշտակցությամբ՝ մեզ հետ Իր ազգակցությունը ցույց տա: Եվ սրանով Տերը սահմանեց հավատացյալներին միայն այդքան արտասվել, որովհետև նրանք ունեն հարության հույսը: Տեսնելով մեռելի՝ պետք է արտասվել մարդու վրա ընդհանրապես, որ սկզբից ևեթ մահ ժառանգեց մեր բնության համար: Տերն արտասվեց նաև հրեաների անհավատության պատճառով, ովքեր ետ էին կանգնել աստվածագործ նշաններից ու դարձել էին գեհենի ժառանգներ…:

«Եկավ գերեզման: Սա մի քարայր էր, որի վրա մի քար էր դրված»: Նախնիների մոտ սովորություն էր ամրացնել գերեզմանը, քանի որ հեռու էր նրանցից հարության հույսը: Սա էին նրանք կյանք համարում, իսկ այն՝ մահվան դառնություն: Մեռածների հիշատակը շիրիմն էին համարում: Մովսեսը թույլ էր տալիս, որ եթե մեկն անզավակ մահանա, ապա նրա եղբայրը վերցնի նրա կնոջը և զավակ հասցնի մահացածի անունով: Սա երկրի ժառանգության համար էր արվում: Քարը կափարիչ է և նշանակում է, որ սատանան դժոխքի ելքը փակել էր և իր ունեցած իշխանությամբ հոգիներին պահում էր այնտեղ:

«Եվ Հիսուս ասաց. «Այդ քարը մի կո՜ղմ դրեք»: Ի՞նչ կարիք կար քարը վերցնելու, երբ Նրա հրամանով դժոխքը մեռածին փսխեց: Այդ փոքր քարի համար Իր բերանով Նա է օգնություն խնդրում տկար մարդկանցից, Ումից դողում է երկիրը, և հալվում են քարերը: Սակայն Նա օգնության համար չի ասում, այլ դրանով նրանց հարության վկա է դարձնում, որպեսզի հրեաները, քարը վերցնելով, իրենց աչքերով նայեն գերեզմանի մեջ, ու գարշահոտությունը հասնի նրանց ռունգներին, և նրանց աչքերն ու թիկունքը վկայեն, որ ճանաչեցին այդ վեմը: Սա արվեց ժխտող հրեաների համար, որ եթե անգամ ուրանան հրաշքը, ապա նրանց ձեռքերը հանդիմանեն նրանց թերահավատությունը: Որովհետև Տերը գիտեր նրանց չարանախանձ սովորությունը և դրա համար զգուշանում էր բոլոր կողմերից:

Դարձյալ՝ վեմը ծանրալուծ սատանան է՝ մեղքերի պահակը, ով մահվան իշխանությամբ արգելելով պահում էր բազում մեղավորների: Տերը վերցնում է դևերի բռնակալության վեմը, որպեսզի մարդիկ հեշտությամբ բարձրանան մեղքերից Քրիստոսի գալստից հետո: Նա, Ով հարություն է տալիս մեռածներին և ետ դարձնում նրանց մեջ շունչը, կարող էր բացել նաև գերեզմանը և մի կողմ գցել վեմը, մանավանդ որ ասաց աշակերտներին. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք՝ տեղափոխվի՜ր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի. և որևէ բան ձեզ համար անհնարին չի լինի» (Մատթ. ԺԷ 19): Մանավանդ որ, խաչի վրա լինելով Իր ձայնով պատռեց վեմերը և գերեզմանները: Սրանով Տերը նաև հրամայում է հեթանոսներին թիկունքից մի կողմ գցել անհավատության վեմը:

«Մարթան՝ մեռածի քույրը, Նրան ասաց. «Տե՜ր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ չորս օրվա է»: Նեխած հոտը գալիս է մեռելներից, իսկ Աստծուն հասնում է մեր մեղքերի գարշահոտությունը: Մարդկային ցեղը մարմնավոր ու հոգևոր մեղքերի պատճառով ամբողջովին նեխել ու հոտել էր՝ ըստ մարգարեի խոսքի. «Նեխեցին և փտեցին իմ վերքերը» (Սաղմ. ԼԷ 6): Սա դեռ բավական չէր, մի վիմաքար էլ դրվել էր նրանց պարանոցի վրա, իսկ հեթանոսների թիկունքին դրվել էին նաև կռամոլության ծառայությունները, և նրանք ծածկվել էին անգիտության խավարով, որպեսզի չծագի աստվածգիտության լույսը նրանց սրտում: Սակայն Տերը չգարշեց ու երես չդարձրեց մեզանից, այլ Իր անուշահոտությամբ համեմեց մարդկանց անհամությունը:

Չորսօրյա ասելն այն խորհուրդն ունի, որ չորս նյութից գոյացած մարդու մարմինը՝ չարի խաբեությամբ ամբողջովին ապականվել էր, և չկար կենդանության որևէ նշույլ:

«Հիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞, եթե հավատաս, կտեսնես Աստծու փառքը»: Հավատից էր բուսնելու մարդկային անապական կյանքը, բուրելու կենդանության անուշ հոտը, և հայտնվելու Աստծու փառքը: Հավատն է բոլոր զարկված մարմինների անուշացնող աղը, հավատը նաև թափանցիկ լույս է կուրացած աչքերի ու ձայն՝ խլացած ականջների համար:

«Երբ քարը վերցրին»: Մինչ վեմի վերցվելը Ղազարոսը գերեզմանում արդեն հարություն էր առել:

«Հիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց»: Հիսուս մինչ աչքերը վեր բարձրացնելը տեսնում էր Հորը:

«Հա՜յր, գոհություն եմ տալիս Քեզ, որ Ինձ լսեցիր»: Հորը կանչելով՝ Ծնողի հետ Իր համակամությունը և մեր փրկության կամակից լինելն է ցույց տալիս: Հորից Իր բնությամբ էր գոհանում՝ ըստ այս խոսքի. «Գոհություն եմ հայտնում Քեզ, Հա՜յր, Տե՜ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանն իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին» (Մատթ. ԺԱ 25): Մինչ ձայնով կանչելը Հայրը լսեց Նրան:

«Ամեն ժամ լսում ես Ինձ»: Տերը Հայրոսի դստերը հարություն տվեց մեռելներից՝ առանց աղաչելու, Հորը կանչելու ու երկինք նայելու, այլ միայն նայեց մեռածին ու ասաց. «Աղջի՜կ, դո՜ւ, քե՜զ եմ ասում, վե՜ր կաց» (Մարկ. Ե 41): Նմանապես և Նային քաղաքում, ուր մեծ ամբոխ էր կուտակված, Նրան ոչ ոք չթախանձեց, և ոչ էլ Նա Հորը կանչեց, այլ միայն ձեռքը երկարացրեց դեպի դագաղը, և մեռածը կենդանացավ: Սրանցով Տերը ցույց տվեց Իր աստվածային զորությունը, իսկ այստեղ Հորը կանչելով՝ Իր սերն ու Հոր հետ միակամությունն է ցույց տալիս:

«Սա անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար»: Ինքն է մեկնում Իր խոսքը, որովհետև Աստված այնքան չի նայում Իր պատվին, որքան մեր փրկությանը: Որովհետև երբ Իրեն Աստծուն հավասար էր ցույց տալիս և մեղքերը ներում, հրեաները Նրան հայհոյիչ ու դիվահար էին կոչում: Իսկ ովքեր Նրա շուրջն էին, Նրան որպես Հորը հավասար ու մեռելներին հարություն տվող էին ընդունում:

«Որպեսզի հավատան, որ Դո՜ւ Ինձ ուղարկեցիր»: Հրեաները Հիսուսին Հորը հակառակ եղող ու հայհոյիչ էին համարում: Այստեղ Տերը Հորը կոչում է գործակցության, հավատացյալներին հաստատելու և անհավատներին հանդիմանելու համար, ցույց տալով, որ Հայրը գործակից չի լինի նրան, ով հակառակ է Իրեն:

«Երբ Հիսուս այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց և ասաց»: Աղաղակեց, որպեսզի բոլորի ականջներն ու աչքերը դեպի Իրեն դարձնի: Ապա հեռացավ գերեզմանից տասներկու կանգուն և առանց մեռածին մերձենալու, փոխանակ ձեռքը մեկնելու՝ ձայնը սաստկացրեց: Տերը ձայնով մտավ գերեզման, բռնեց Ղազարոսի ձեռքից և մեռածի գարշահոտությունը փոխեց անուշահոտության՝ մեռելին կենդանացնելով:

Քրիստոսի ձայնն աստվածային զորությամբ բանսարկուի ձեռքից վերցրեց Ղազարոսի հոգին ու այն կապեց նրա մեռած մարմնին: Տերն այս անգամ Իր ձեռքով մարդ չստեղծեց, ինչպես արարչության օրը, այլ կանչեց սոսկ անունով, և Ղազարոսը փութով դուրս ելավ: Քանի որ ձայները մեռելի զգայարանների վրա չեն ազդում, դրա համար Տերը աստվածային հրամանի ձայնով ազդեց ներկաների լսողության վրա, որպեսզի հայտնապես երևա, որ Նրա հրամանով մեռելը դուրս եկավ գերեզմանից:

«Ղազարո՜ս, վե՜ր կաց, դո՜ւրս արի»: Շատ մեռածներ էին դրված գերեզմանում, բայց այստեղ միայն մեկին պետք էր դուրս կանչել: Եթե Տերն առանց անունը տալու կանչեր, ապա մեռածներից ո՞վ կիմանար, թե որը պետք է դուրս գա: Շատ Ղազարներ կային այնտեղ, սակայն Նա միայն մեկին կանչեց, նրան, ում սիրում էր, Մարիամի ու Մարթայի եղբորը, ովքեր իրենց աղաչանքներով դիմեցին Հիսուսին, և այժմ միայն այս Ղազարոսը դուրս եկավ, որպեսզի նրանով այլոց համար հույս լինի: Եթե անունով չկանչեր Ղազարոսին, ապա Քրիստոսի ձայնի զորությունը կքանդեր բոլոր գերեզմանները: Հիսուս ուրիշի անունով չկանչեց մեռածին, այն դեպքում, երբ մարգարեները Տիրոջ անունով էին կանչում, իսկ առաքյալները՝ Հիսուս Քրիստոսի անունով, որովհետև նրանք ծառաներ էին, իսկ Հիսուս Տերն է և Իր հզոր ու իշխանական ձայնով է տալիս հրամանը:

«Դո՜ւրս արի»: Տերն Իր կենարար ձայնով ազդարարում է մեզ. «Դո՜ւրս արի քո արգելավայրից»: Ըստ որում նաև Պողոսը՝ Տարսոնացի փողն է գոչում. «Վեր կաց, դո՜ւ, որ ննջում ես, կանգնի՜ր մեռելների միջից, և Քրիստոս պիտի լուսավորի քեզ» (Եփես. Ե 14):

Այստեղ Տերն աստվածաբար լուծարում է մահվան իշխանությունը և նրանով բռնվածին հոգով ու մարմնով կենդանացնում: Ինչպես ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանի շունչ ունեցող զեռուններ» (Ծննդ. Ա 20), և դրանք ասելուն պես եղան, այդպես էլ գերեզմանին հրամայեց:

Երբ բացվում են գերեզմանի դռները, սատանան ականջ է դնում՝ իմանալու, թե այդ ով է ավելանում իր մեռելներին: Նա բոլոր մեռելներին պահում էր դժոխքում և չէր կարծում, որ որևէ մեռել կարող է դուրս գալ նրա դռնից ու ազատվել կապանքներից: Նա իր ձեռքի տակ ուներ և՜ հեթանոսներ, և՜ հրեաներ, նաև թագավորներ ու իշխաններ, մեծամեծներ ու զորավարներ, նախահայրեր ու նահապետներ, քահանաներ ու մարգարեներ, ազնվականներ ու ռամիկներ: Այդտեղ էին կապված բոլոր գովելիներն ու երևելիները՝ Ադամը, Սեթը, Նոյը, Աբրահամը և ուրիշները:

Սատանան վստահ էր, որ բոլոր նրանք, ովքեր գալիս են այստեղ, այլևս չեն ելնելու, և ամենևին չէր կարծում, որ մեռելներից որևէ մեկը կելնի իր բանտից: Իսկ երբ մեր Տերն Իր մեծ ձայնով կանչեց մեռելին ու ասաց. «Ղազարո՜ս, վե՜ր կաց, դո՜ւրս արի», մեռելը զորացավ: Տիրոջ ձայնը Ղազարոսին կենդանություն տվեց, և նա ընդառաջ գնաց Աստծու Որդուն: Մահն այս տեսնելով ապշեց, սկսեց սարսելով դողալ և զարմացած ասաց. «Սա ո՞վ է, որ կամենում է դուրս ելնել ու պրծնել իմ բանտից: Ա՜յ քեզ չքնաղ ու զարմանալի նորություն. մեռելը դուրս է գալիս իմ ապարանքից: Միգուցե մեռած չէ, իսկ ես նրան մեռած կարծեցի: Տեսքը կարծես մեռածի է, սակայն ընթացքը՝ կենդանի եղողի: Կապված է երիզներով ու դեմքը ծածկված վարշամակով, սակայն ընթանում է ազատի նման: Սա կարծես Ղազարոսն է, սակայն ընթացքն օտար մեկինն է, և ո՞վ է՝ չգիտեմ: Այդ ո՞վ է լսել ու տեսել, որ մեռելը հոտելուց հետո կենդանանա, և կապվածն ու պատանվածը գնա. ո՜չ ոք: Սրան արգելելը մեծ ահ է ինձ համար, գուցե այստեղ մտնի Նա, Ով կանչեց սրան: Եթե ես սրան արգելեմ, վախենում եմ, որ այստեղ կգա սրան Կանչողը և առհասարակ մեծ ավար կառնի դժոխքիս բոլոր սենյակներից: Չեմ համարձակվում արգելել, գուցե մեկ անգամ ևս ձայն տա սրան և ամբողջովին քանդելով իմ ամրոցը՝ հիմքից ավերի: Եթե սրան կրկին կանչի Իր ձայնով, ո՞վ կկանգնի Նրան հակառակ: Գուցե հաջորդ անգամ լսելով Նրա ձայնը՝ բոլոր նրանք, ովքեր իմ ապարանքում՝ իմ ձեռքի տակ են, դուրս գան այստեղից, որովհետև Նրա մեկ ձայնից սարսռաց իմ անձը, և իմ լեգեոնները սասանվեցին: Եթե Նա կրկնի Իր հրամանը, ապա սարսուռով կսասանի դժոխքի բարապաններին ու այն կկործանի հիմքից: Թողնեմ, թող սա դուրս գա, որովհետև մեկ մեռելի պակասելով չեմ աղքատանա»:

Այսպես և առավել քան այսպես, սատանան տագնապած վարանելով խոսում էր ինքն իր հետ: Նա ապշել էր հոտած ու որդնած մեռելի կենդանացումից և զարմացել, որ կապվածը գնում է: Ծածկված էր մեռելի երեսը, սակայն նա ուղիղ դուրս եկավ դռնից: Նրա ոտքերը կապված էին, սակայն չէր սայթաքում: Ղազարոսը, կապված ոտքերով և ծածկված երեսով, ուղիղ գնում էր դեպի իրեն կյանքի Կոչողը՝ դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսը:

«Եվ մեռելն ելավ՝ կապված ոտքերով, ձեռքերը երիզով ամրացված և երեսը վարշամակով պատված»: Հրեշտակն Ամբակումին հացով, թանով և բոլոր կերակուրները կողին տալով, մազերից բռնելով՝ ամբողջ մարմինը տարավ Բաբելոն (տե՜ս Դան. ԺԴ 32-35): Եվ քանի որ Աստծու խոսքն առավել հզոր է և ավելի արագ է գործում, քան երկնքի հրեշտակները, Հիսուս միայն ձայնով, մի ակնթարթում, հոգին հեռվից բերեց ու միացրեց լուծարված մարմնին և առանց մի քայլ փոխելու՝ ոտքի կանգնեցրեց մեռածին: Կտավե պատանքն արգելք չեղավ տերունական հրամանի կատարմանը, այլ սա լուծարեց իր կամքը՝ կատարելու համար Արարչի կամքը: Իսկ մահը ծառայաբար հնազանդվեց Տիրոջ հրամանին:

«Եվ Հիսուս նրանց ասաց. «Արձակեցե՜ք դրան և թողե՜ք, որ գնա»: Ղազարոսին արձակեցին նրանք, ովքեր կապել էին, որպեսզի ճանաչեն իրենց ձեռքերի գործերը և ստույգ իմանան, որ սա այն Ղազարոսն է, ում իրենք պատանել էին: Սրանով Տերը խոսեց նրանց սրտի հետ՝ ասելով. «Մի՜ գարշեք, նրանից գարշահոտություն չի բուրում, մի՜ խորշեք, նա մեռած չէ՜, այլ կենդանի է: Տեսե՜ք ձեր նշանները, ճանաչեցե՜ք նրան, ում պատանեցիք: Բացե՜ք ձեր փակ բերանները և եղե՜ք նրա մահվան մյուս վկաների հետ: Բոլորդ էլ վայելե՜ք այն հարությունը, որ տեսաք»:

Քանի որ պատանողներն անամոթ էին և միշտ ջանում էին հերքել ճշմարիտ նշանները, դրա համար էլ Տերը նրանց է հրամայում քանդել պատանքը, որպեսզի նրանց ձեռքերը, հոտոտելիքը և աչքերը դառնան իրենց համար միաժամանակ և՜ դատախազ, և՜ վկա:

Հրեաներից շատերը, ովքեր եկել էին Մարիամի ու Մարթայի մոտ, երբ տեսան, թե ինչ արեց Տերը, հավատացին Նրան, թեպետև մի մասը հետո ուրացավ: Ովքեր եկել էին մխիթարելու սգավորներին, իրենց անձերը մխիթարեցին անտրտում ուրախությամբ և այլոց համար էլ ավետիս տարան քաղաք: Ոմանք գնացին փարիսեցիների մոտ ու նրանց պատմեցին այն, ինչ Տերն արեց: Իսկ քանի որ նրանցից ոմանք մոլորված էին դևերից, գնացին սադուկեցիների մոտ ու նրանց ասացին. «Շատերը Նրան հավատացին, արդ՝ աճապարե՜նք լռեցնել նորասքանչ նշանների զորությունը»:

Ղազարոսն իր հարությունից հետո ապրեց ևս տասնհինգ տարի, սակայն իր կենդանության հետագա օրերին՝ այդ տասնհինգ տարիների ընթացքում, այլևս չծիծաղեց և անգամ չժպտաց հոգևոր ահից:

Հոգեգալուստից հետո Ղազարոսը Պետրոսի ձեռքով եպիսկոպոս օծվեց ու գնաց Կիպրոս՝ քարոզության: Նա դարձավ կղզու Կիտվան քաղաքի հոգևոր հովիվը և բարվոք հովվելով իր ժողովրդին՝ խաղաղությամբ վախճանվեց ի Քրիստոս, իր հարությունից տասնհինգ տարի անց:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի


Ծաղկազարդ
(Տիրոջ մուտքը Երուսաղեմ)

Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին:

Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մատթ 21:9): Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը:

Տերն այսօր Երուսաղեմ գալով՝ դնում է Իր փրկագործության սկիզբը, վերստին ներգործելով արարածների վրա, որի մասին մարգարեն ասում է. «Սա է օրն այն, որ Տերն ստեղծեց. եկե՜ք ցնծանք և ուրախանանք այսօր» (Սաղմ. ՃԺԷ 24): Նաև՝ «Մե՜ր Տեր Աստվածն երևաց մեզ, կատարեցե՜ք տոնն ուրախության մատղաշ ճյուղերով՝ մուտքից մինչև անկյունները սեղանի» (Սաղմ. ՃԺԷ 27): Իսկ մեկ այլ տեղում ասում է. «Թող այնժամ ցնծան անտառի բոլոր ծառերը Տիրոջ առջև, որ գալիս է» (Սաղմ. ՂԵ 13):

Նախ տեսնենք, թե ինչո՞ւ Քրիստոս այսօր եկավ Երուսաղեմ, Իր չարչարանքների վայրը: Վարդապետներն ասում են, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծու Գառը, Ով կամենում է պատարագվել մարդկանց փրկության համար: Դրա օրինակը բերված է «Ելից» գրքում: Աստված հրամայում է, որ նիսան ամսվա տասներորդ օրը Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը վերցնի մեկ տարեկան, անարատ և արու գառ, և պահի այն մինչև այդ ամսվա տասնչորսերորդ օրը, ապա երեկոյան զոհաբերի (տե՜ս Ելք ԺԲ 4-6): Այս օրինակից հայտնի է դառնում, որ հրեաները զատկական գառը՝ Զատկի տոնից հինգ օր առաջ տանում էին տուն: Եվ Հիսուս Քրիստոս՝ Աստծու Որդին՝ Հայր Աստծու Գառը, տոնից հինգ օր առաջ եկավ Երուսաղեմ: Ըստ Հովհաննեսի վկայության՝ «Հիսուս Զատկից վեց օր առաջ եկավ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել» (Հովհ. ԺԲ 1), և այդ օրը շաբաթ էր: Հաջորդ օրը Հիսուս գնում է Երուսաղեմ, որը լուսնի տասներորդ օրն էր: Իսկ հիգշաբթի օրը լուսնի տասնչորսերորդ օրն էր: Քանի որ հրեաները գառնուկին մորթում էին երեկոյան, այդ պատճառով էլ Նրան ձերբակալում են գիշերամիջին, մերկացնում ու նախատում, ինչին Հիսուս համբերում է գառան հեզությամբ: Այդ մասին վկայում է Եսային. «Ինչպես ոչխար՝ Նա մորթվելու տարվեց, և ինչպես գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջ և նրա նման Իր բերանը չի բացում» (Եսայի ԾԳ 7):

Պետք է նաև այն իմանալ, որ հրեաները շատ անգամ էին ցանկացել բռնել Նրան ու սպանել, սակայն Քրիստոս խույս էր տվել նրանցից, որովհետև Իր ժամը դեռ չէր հասել: Իսկ այսօր, երբ հասնում է ժամը, Իր կամքով գալիս է Երուսաղեմ՝ չարչարանքների վայրը, որպեսզի Իր մահով փրկի աշխարհը:

Հարց. -Ինչո՞ւ այսօր Տերը մեծ պատիվ ընդունեց հրեաներից:

Պատասխան. -Քրիստոս Իր մահվանը մոտենալով, այդ պատիվը նախատինքով հանձն առավ և գործով ցույց տվեց, որ աշխարհի փառքի վախճանը նախատինքն է: Նա այդ օրն ութ պատիվ ընդունեց հրեաներից, իսկ Ավագ ուրբաթ, դրա փոխարեն, ութ նախատինք կրեց:

Առաջին՝ որ այսօր Նրան մեծ պատվով դիմավորեցին Երուսաղեմում, իսկ ավագ ուրբաթ օրը, նույն Երուսաղեմում, անարգանքով խաչը հանեցին: Երկրորդ՝ այսօր Նրա աշակերտները հնազանդ էին ու կատարում էին Նրա հրամանները, իսկ ուրբաթ օրը թողեցին ու փախան: Երրորդ՝ այսօր հրեաները տարածում էին իրենց հանդերձները Հիսուսի ոտքերի առջև, իսկ ուրբաթ օրը Հիսուսին մերկացրին: Չորրորդ՝ այսօր օրհնում էին Նրան ասելով՝ «Օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով», իսկ ուրբաթ օրը՝ անիծում և ասում՝ «Վա՜հ, Դու որ քանդում էիր տաճարը և երեք օրից այն շինում» (Մատթ. ԻԷ 40): Հինգերորդ՝ այսօր ծառի ոստեր էին մատուցում Նրան, իսկ ուրբաթ օրը, կապելով քարե սյանը, ծեծում: Վեցերորդ՝ այսօր իրենց զգեստները գցում էին ավանակի վրա, իսկ ուրբաթ օրը՝ կոպտությամբ բևեռեցին խաչի վրա: Յոթերորդ՝ այսօր Նրան թագավոր էին ասում. «Օվսաննա՛, օրհնեա՛լ լինես Դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՜վ Թագավոր Իսրայելի» (Հովհ. ԺԲ 13), իսկ ուրբաթ օրն ուրացան Նրան ու ասացին. «Չունենք մենք այլ թագավոր, բացի կայսրից» (Հովհ. ԺԹ 15): Ութերորդ՝ այսօր Նրան Փրկիչ էին կոչում՝ ասելով. «Օվսաննա՛», որ թարգմանվում է «փրկի՜ր մեզ», իսկ ուրբաթ օրը Նրան մոլորեցնող էին անվանում ու ասում. «Ուրիշներին փրկեց, Ինքն Իրեն չի կարողանում փրկել» (Մատթ. ԻԷ 42):

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչեւ Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:

Ծաղկազարդի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր:

Հատված՝ Արամ Դիլանյանի «Տերունական տոներ» գրքից և «Սյունյաց կանթեղ» (ամսաթերթ)-ից


ԶԱՏԻԿ, Հիսուս Քրիստոսի Հարության տոն

«Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Նկատի ունի Իսրայելի որդիների չարչարանքները փարավոնից, հորթին երկրպագելուց (տե՜ս Ելք ԼԲ 19-20), փորձության ջրից (տե՜ս Ելք ԺԷ 6-7), օձերի խայթոցներից (տե՜ս Թվեր ԻԱ 6), Կորխի ապստամբությունից (տե՜ս Թվեր ԺԶ 33-35), և զանազան պատերազմներից: Չարչարանք էր նաև Գաղգաղայում թլփատվելը (տե՜ս Հեսու Ե 2) և մանանայի պակասելը (տե՜ս Հեսու Ե 12), քանզի այնուհետև նրանք պետք է իրենց ճակատի քրտինքով հացը վաստակեին: Այդ պատճառով էլ հրեաները Զատկի տոնակատարության ժամանակ յոթ օր դառնահամ բույսեր և բաղարջ՝ չարչարանացհաց են ուտում՝ որպես հիշատակ իրենց կրած չարչարանքների (տե՜ս Բ Օրենք ԺԶ 3):

Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք:

Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից:

Հարություն

Հարության խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների:

Անժամանակ Որդին, փառքերի Լույսը և Հոր Էության նկարագիրը, անճառելի ու անհասանելի Բանն Աստված, Ով Իր անսկիզբ Էությամբ ի սկզբանե Հոր մոտ էր և Համագո է Սուրբ Հոգուն, կամեցավ գտնել կորսվածներին, ժողովել ցրվածներին, դարձի բերել մոլորյալներին, կանգնեցնել գլորվածներին և օտարացածներին վերընծայել Փառքերի Հորը: Այդ պատճառով Քաջ Հովիվն Իր մոլորված ոչխարների համար Իր անձը տվեց:

Եվ այսօր Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը: Այսօր երկիրը երկինք դարձավ: Ներքին աշխարհի բնակիչները դարձան երգակից վերին հոգեղեններին: Այսօր վերին հրաբուն զորքերն ավետիս են տալիս երկրավորներին, որ Հիսուսի հարությամբ լուծարվեց մահկանացուների մահը: Այսօր Հարսին՝ Եկեղեցուն, որ նստել էր սգի մեջ, լուսեղենների լուսազգեստ հույլերը ավետիս են տալիս, որ նրա Փեսան հարություն է առել և գալիս է Եկեղեցուն Իր փառքին պսակելու:

Այսօր զվարթունների դասերը խնդությամբ երևում են տրտմազգեստներին՝ առաքելով նրանց քարոզելու աշխարհին, որ հարություն առավ միշտ Կենդանի Եղողը, ըստ Իր անսուտ խոսքի:

Սա օր է Նոր Արարչության, որը ոչնչով չի զիջում այն օրվան, երբ երկիրը արարչագործվեց: Եթե այն օրն աշխարհը ոչնչից ստեղծվեց, ապա այսօր մեղքերով եղծվածը վերստին արարվեց՝ առավել հրաշափառ քան նախորդ անգամ: Քանզի այս հրաշալի օրը իրենում ունի պատկերն այն Մեծ Միաշաբաթի, երբ Տերը երկինքն ու երկիրը հաստատեց: Այն աշխարհաստեղծ միաշաբաթին հալածվեց զգալի խավարը և ծագեց մեծապայծառ լույսը, իսկ այս միաշաբաթին հալածվեց անգիտության աղջամուղջը, որ ծավալվել էր երկրի վրա, և ամենուր սփռվեց ճշմարիտ աստվածգիտության լույսը: Քանզի Ճշմարիտ լույսը ծագեց խավար գերեզմանում և լուսավորեց խավարում նստածներիս:

Եթե ուրբաթ օրը միջօրեն նսեմացավ և զգալի խավարն ամենուր սփռվեց, ապա այսօր՝ գիշերամիջին, Արդարության Արեգակը գերեզմանից ծագելով՝ անգիտության խավարը հալածեց և աստվածգիտության ճառագայթներն ամենուր ծավալեց:

Անցյալ օրը Հարսը, տխրելով իր Փեսայի մահվան պատճառով, նստել էր անմխիթար, և նրան սգակից էին բոլոր արարածները. լուսատուները՝ խավարումով, երկիրը՝ շարժվելով, վեմերը՝ պատռվելով, վարագույրը՝ կիսվելով, օդը՝ խավարելով: Իսկ այսօր Հարսը զարդարված պայծառ վայելչությամբ՝ զվարճալի դեմքով դիմավորում է գերեզմանից ելնող Փեսային, Նրա հետ ուրախությամբ նստելով հարսանեկան առագաստում՝ օրիորդներով հանդերձ, ինչպես հարսնության օրը (տե՜ս Երգ Ա 1-3): Եվ բոլոր նրանք, ովքեր կցորդ եղան տխրությանը, այսօր հաղորդվում են ուրախությանն ու ցնծում: Քանզի այժմ երկինքն ավելի պայծառ է, արեգակը՝ ավելի բարձր, օդը՝ ավելի մաքուր, հրեշտակներն ու կանայք՝ ավետաբեր, գերեզմանները բացված են, մեռելները՝ հարություն առած, իսկ առաքյալները՝ լցված հանդիպման անասանելի խնդությամբ, և գրեթե բոլորը՝ երկրավորներն ու երկնավորները, բանականներն ու անբանները, իմանալիներն ու զգալիները, զվարճանում են և ուրախության տոն են տոնում, ինչին և մենք ենք հանդիսակից՝ վայելելով անճառելի շնորհները: Եվ փառքերի Տերը՝ անժամանակն Աստված, մահը ոտնատակ տալով, դժոխքն ավերելով և նախաստեղծներին էլ ավելի հրաշափառ լույսերով զարդարելով՝ կատարեց աշխարհակեցուցիչ տնօրինության խորհուրդը, ինչի համար առաքվել էր Հոր ծոցից:

Աշակերտները գնում են Գալիլիա, դեպի այն լեռը, ուր Հիսուս իրենց հետ ժամադրվել էր: Գալիլիա ասելով պետք է հասկանալ ոչ թե այն գավառը, որը հեռու էր Երուսաղեմից երկու-երեք օրվա ճանապարհով, այլ՝ Ձիթենյաց լեռան վրա գտնվող այն վայրը, որտեղից Տերը երկինք համբարձվեց: Իսկ «ժամադրվել» ասելով այն է հայտնում, ինչ հինգշաբթի երեկոյան Տերն ասաց աշակերտներին. «Բայց Իմ հարությունից հետո ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ» (Մարկ. ԺԴ 28): Այդ մասին նաև հրեշտակները յուղաբերների միջոցով հայտնեցին առաքյալներին, որպեսզի այնտեղ գնան և տեսնեն Տիրոջը: Աշակերտների հանդիպումը Տիրոջ հետ եղավ նույն կիրակի օրը՝ երեկոյան, երբ Տերը հարություն առավ:

Նույն օրը աշակերտներից երկուսը գնացին մի գյուղ, որի անունն Էմմավուս էր (տե՜ս Ղուկ. ԻԴ 13), և ճանապարհին նրանց հանդիպեց Հիսուս ու շատ բան պատմեց նրանց Իր չարչարանքների մասին: Եվ երբ սեղան նստեցին, Տերը վերցրեց հացը, օրհնեց, բեկանեց և տվեց նրանց, և նրանք կարծես քնից արթնանալով՝ ճանաչեցին Նրան, իսկ Նա աներևութացավ: Եվ նրանք անմիջապես վերադարձան Երուսաղեմ և տասնմեկ աշակերտներին գտան «Գալիլիայում»: Նրանք եկան պատմելու տասնմեկին, որ Տերը հարություն է առել, և իրենք տեսել են Նրան, և Նա շատ բաներ է խոսել իրենց հետ, և հացը բեկանելու ժամանակ ճանաչել են Տիրոջը: Իսկ աշակերտները հաստատեցին, որ Տերը ճշմարտապես հարություն է առել և երևացել Պետրոսին:

Հարց. -Իսկ երբ և որտե՞ղ է Տերը երևաց Պետրոսին:

Պատասխան. -Երբ Պետրոսն ու Հովհաննեսը վերադառնում էին գերեզմանից: Ինչպես գերեզման գնալիս Հովհաննեսն առաջ էր անցնել Պետրոսից, այդպես էլ վերադարձի ճանապարհին եղավ: Եվ Տերը ճանապարհին երևալով Պետրոսին, սիրով ողջույն տվեց նրան, որպեսզի վերացնի այն տրտմությունը, որը նրան պատել էր ուրացության պատճառով:

Մարմնավոր հարությունը երկու կերպ է լինում՝ անկատար և կատարյալ: Անկատար է, երբ հարությունից հետո դարձյալ մահանում են, ինչպես այն վեց հոգին, ովքեր հարություն առան մինչև Քրիստոսի հարությունը: Եղիան մի հոգու հարություն տվեց, Եղիսեեն երկու հոգու, և երեք հոգու էլ Քրիստոս հարություն տվեց, բայց դրանք բոլորն էլ մահացան:

Իսկ եթե մեկը մի անգամ հարություն առնի և այլևս չմահանա, ապա դա կատարյալ հարություն է: Այդպիսին է Քրիստոսի հարությունը, և այդպիսին է լինելու համընդհանուր հարությունը: Հարությունն այն է, երբ մեկը մահանում է մարմնով և ապա վերստին անմահություն է ստանում հավիտենական կյանքում:

Նախ մարգարեներն են վկայում. «Երկրի վրա վերջ տվին Նրա կյանքին. Տերը կամենում է մաքրել Նրան վերքերից, ցույց տալ Նրան լույս» (Եսայի ԾԳ 9-11), սա հարության մասին է ասում: Նաև Դավիթն է ասում. «Մարմինն Իմ կհանգստանա հույսով. քանզի դժոխքում չես թողնի Դու Ինձ, և Քո Սրբին ապականություն տեսնել չես տա» (Սաղմ. ԺԵ 9-10):

Երկրորդ՝ օրինակներով է հաստատվում. ինչպես Հովնանը կետի փորում երեք օր ու գիշեր մնաց և դուրս եկավ, այդպես էլ Քրիստոս մեռավ և երեք օր հետո հարություն առավ: Դարձյալ՝ Մովսեսը տեսավ, որ մորենին այրվում է և չի սպառվում, և դա խորհրդանշում է Քրիստոսի Մարմինը, որը մեռած էր գերեզմանում, սակայն կենդանի էր, ինչը ցույց տվեցին Նրա կողից բխած երկու վտակները՝ ջուրը և արյունը:

Երրորդ՝ Տերն Ինքը վկայեց Իր մասին ասելով. «Պետք է, որ Ինքը Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի և անարգվի քահանայապետերից, օրենսգետներից, ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի» (Մատթ. ԺԶ 21):

Չորրորդ՝ հաստատվում է հրեշտակների խոսքերով, երբ նրանք յուղաբեր կանանց ասացին. «Դուք Հիսուսին ե՞ք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. Նա հարություն առավ, այստեղ չէ» (Մարկ. ԺԶ 6):

Հինգերորդ՝ հաստատվում է կանանց վկայությամբ, ովքեր միաբան հարության լուրը տվեցին առաքյալներին:

Վեցերորդ՝ հաստատվում է գերեզմանը պահպանող զինվորների վկայությամբ: Քահանաները զինվորներին արծաթ տալով՝ իրենք էլ հաստատեցին հարությունը:

Յոթերորդ՝ հաստատվում է այն սուրբ մեռելների կողմից, ովքեր Քրիստոսի հետ հարություն առան գերեզմաններից և մտան սուրբ քաղաքը (տե՜ս Մատթ. ԻԷ 52-53):

Ութերորդ՝ հաստատվում է կնքված գերեզմանով և պատանքներով:

Իններորդ՝ հաստատվում է ականատեսների վկայությամբ, ովքեր տեսան հարուցյալ Քրիստոսին մարմնավոր աչքերով:

Տերը հարության օրը հինգ անգամ երևաց յուրայիններին: Նախ երևաց կանանց, երբ նրանք վերադառնում էին գերեզմանից: Երկրորդ՝ Մարիամ Մագդաղենացուն: Տերը նախ կանանց երևաց, քանի որ մահաբեր գույժը կնոջ ձեռքով մտավ բնության մեջ, դրա համար էլ պետք էր, որ մարդկանց կյանքի փրկության ավետիսը նրանցով լիներ: Երրորդ՝ երևաց Պետրոսին, ինչպես Ղուկասն է պատմում: Եվ այս եղավ երկու պատճառով, մեկը՝ որպեսզի Պետրոսը չհուսահատվի ուրացության պատճառով, և երկրորդ՝ հայտնելու համար Աստվածային ողորմությունը մեղավորներին: Չորրորդ՝ երևաց երկու աշակերտներին, ովքեր գնում էին Էմմավուս, ինչպես պատմում է Ղուկասը (տե՜ս Ղուկ. ԻԴ 13): Հինգերորդ՝ նույն երեկոյան փակ դռներով անցնելով՝ երևաց բոլոր աշակերտներին, բացի Թովմասից, և դա կատարվեց կամ «Գալիլիայում»՝ իրենց հավաքատեղիում, կամ Վերնատանը:

Տասներորդ՝ հաստատում է հենց Ինքը՝ Քրիստոս, քանի որ հարությունից հետո Նա կերավ ու խմեց աշակերտների հետ, խոսեց նրանց հետ, առաքեց նրանց մկրտելու, օրհնեց նրանց ու նրանց առջև երկինք համբարձվեց:

Հարց. -Ո՞ր ժամին հարություն առավ Քրիստոս:

Պատասխան. -Քրիստոս հարություն առավ կիրակի օրը գիշերամիջին, որը հաստատվում է բազում վկայություններով: Նախ Մատթեոսն է ասում. «Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր» (տե՜ս Մատթ. ԻԸ 1), այսինքն՝ գիշերվա սկզբի ու վախճանի միջնամասում:

Երկրորդ՝ Դավիթը Տիրոջ անունից ասում է. «Կեսգիշերին ելնում էի գոհություն մատուցելու քեզ» (Սաղմ. ՃԺԸ 62):

Երրորդ՝ Տերը գիշերամիջին ծնվեց կուսական արգանդից և նույն ժամին էլ հարություն առավ կույս գերեզմանից:

Չորրորդ՝ Տերը գիշերամիջին ձերբակալվեց ու կապվեց և նույն ժամին էլ արձակվեց մահվան կապանքներից ու հարություն առավ:

Հինգերորդ՝ Քրիստոսի հարությունը պատճառն է մեր հարության:

Քրիստոսի հարությունից հետո օրվա սկիզբը համարվեց կեսգիշերը, քանի որ հարությունից հետո խավարից դեպի լույս ենք գնում:

Հարց. -Քանի՞ ժամ մեռած մնաց Քրիստոս:

Պատասխան. -Վարդապետներն ասում են, որ Տերը երեսուներեք ու կես ժամ մնաց դժոխքում: Քանի որ ուրբաթ օրն իններորդ ժամին մեռավ և հոգով իջավ դժոխք, իսկ երեկոյան՝ արևամուտին, Մարմինն իջավ գերեզման: Արդ՝ շաբաթ գիշերը ցերեկվա հետ լինում է քսանչորս ժամ, վեց ժամ էլ կիրակի օրը՝ մինչև գիշերվա կեսը, ստացվում է երեսուն ժամ, և երեք ու կես ժամ էլ ուրբաթ օրը՝ ստացվում է երեսուներեք ու կես: Այսինքն՝ երեսուներեք ու կես տարի Տերը Մարմնով քարոզեց մարմնավորներին և նույնքան ժամ էլ հոգով քարոզեց հոգիներին:

Իսկ Մարմինը երեսուն ժամ մնաց գերեզմանում: Քանի որ ինչպես երեսուն տարեկանում մկրտվեց և դուրս ելավ ջրից, նույնպես և Մարմինը՝ թաղումից երեսուն ժամ հետո հարություն առավ և դուրս ելավ գերեզմանից: Եվ ինչպես Ադամը երեսուն տարեկան ստեղծվեց, այդպես էլ մենք համընդհանուր հարության ժամանակ երեսնամյա ենք հարություն առնելու:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի


Ս. Հովհաննես Մկրտչի գլխատումը

«Եւ Հերովդէս արքան լսեց այս բաները, որովհետեւ Յիսուսի անունը յայտնի էր դարձել. եւ նա ասաց. «Յովհաննէս Մկրտիչը յարութիւն է առել մեռելներից, եւ դրա համար զօրութիւններ են գործւում նրա միջոցով»։ Ուրիշներ ասում էին, թէ՝ Եղիան է. իսկ միւսները, թէ՝ մարգարէ է կամ թէ՝ մարգարէների նման մէկը։ Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. մեռելներից յարութիւն է առել»։ Արդարեւ, ինքը՝ Հերովդէսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Յովհաննէսին, կապել նրան ու բանտարկել՝ իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հերովդէսը նրան իրեն կին էր դարձրել, եւ քանի որ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր. «Քո եղբօր կնոջը քեզ կին առնելը օրինաւոր չէ»։ Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում, որովհետեւ Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար եւ սուրբ մարդու, եւ նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում եւ քաղցրութեամբ լսում էր նրան։

Սակայն մի յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին եւ հազարապետներին։ Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ եւ սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին եւ սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ քեզ կը տամ»։ Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կը տամ քեզ, մինչեւ իսկ իմ թագաւորութեան կէսը։ Աղջիկը դուրս գնալով իր մօրն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եւ սա ասաց՝ Յովհաննէս Մկրտչի գլուխը։ Եւ աղջիկը շտապով վերստին մտնելով թագաւորի մօտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրայ Յովհաննէս Մկրտչի գլուխը»։ Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել։ Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը։ Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց եւ տուեց աղջկան, եւ աղջիկը տարաւ տուեց իր մօրը։ Երբ Յովհաննէսի աշակերտները լսեցին, եկան վերցրին մարմինը եւ դրեցին գերեզմանի մէջ։» (Մարկ. Զ 14-29):


Աշխարհամատրան կիրակի կամ Կանաչ կիրակի
(երրորդ կիրակի)

Այս կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: «Աշխարհամատուռ» նշանակում է բոլոր քրիստոնյաների մատուռը, որը Երուսաղեմի առաջին եկեղեցին է, հիմնված առաքյալների կողմից: Իսկ «Կանաչ» ասելով՝ նկատի ունենք ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և անմահությունը:

Ինչպես Մեծ պահքի կիրակիներն իրենց կարգն ունեին, այդպես էլ Հինանց կիրակիները:

Աշխարհամատրան կիրակին տոնն է Ընդհանրական Եկեղեցու, քանզի այս կիրակի օրը հիմնարկվեց, հաստատվեց ու տարածվեց Քրիստոսի Եկեղեցին ողջ աշխարհում:

Սա տոնն է աշխարհի Եկեղեցու և ոչ թե աշխարհի եկեղեցիների, քանզի Եկեղեցին մեկ է՝ թեև բազում մասերի բաժանված լինի, ինչի մասին ասում է Սողոմոնը. «Թող վաթսուն թագուհի և ութսուն հարճ լինեն, թող ազնիվ օրիորդներ ունենա արքան, մինչդեռ մե՜կն է իմ աղավնին, իմ կատարյալը» (Երգ Զ 7-8):

Այսօր նաև Եկեղեցու նավակատիքն է, որն ավելի պայծառ է, քան Եկեղեցու մյուս նավակատիքները, քանզի սա անմիջապես հաջորդում է Նոր կիրակիին, որում մեր Տերը նորոգեց Եկեղեցին, քանզի նավակատիքը տաճարի նորոգման տոնահանդեսն է:

Եկեղեցին լինելով մեկ՝ խորհրդով երկու մաս ունի՝ հին ու նոր: Հինը ձևավորվել է Դրախտում՝ վերցվելով Ադամի կողից, և աճել մինչև Քրիստոս, իսկ Նորը շինվեց Գողգոթայի վրա՝ Քրիստոսի կողից, և աճելու է մինչև աշխարհի վախճանը: Ինչպես Հին եկեղեցին Ադամի զորությամբ էր, այդպես էլ Նորը՝ Քրիստոսի: Հին եկեղեցու մասին ասված է. «Աներևույթ էր ու անպատրաստ» (Ծննդ. Ա 2), իսկ Նորի համար ասված է. «Աստված ասաց Լույս լինի և եղավ» (Ծննդ. Ա 3): Հնում եկեղեցին անտեսանելի էր ու զուրկ գեղեցկությունից և միայն Հրեաստանում էր երևելի, իսկ Նորը Սուրբ Հոգու իջմամբ գեղեցկացավ, Քրիստոսի հավատով լուսավորվեց և եղավ երևելի բոլոր ազգերի մեջ:

Եկեղեցին, հնի ու նորի բաժանվելով, չի կորցնում իր միությունը, քանզի Հին եկեղեցում կատարվող կարգերը ստվերներն էին Նոր եկեղեցու կարգերի՝ ըստ այս խոսքի. «Արդարև, Օրենքը հանդերձյալ բարիքների ստվերն էր, և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը» (Եբր. Ժ 1): Անմահ Գառան մորթվելով՝ ստվերական օրենքներն ինքըստինքյան վերացան, ինչպես արեգակի ծագումով չքանում են ստվերները:

Եկեղեցին նաև նյութական բաժանումներ ունի, որոնց մեջ առաջինը կոչվում է Աշխարհամատրան, այսինքն՝ մայր բոլոր եկեղեցիների, և կարգված է բոլոր հավատացյալների համար: Ժամանակային առումով առաջինը կառուցվել է Սուրբ Էջմիածինը՝ Տրդատ արքայի կողմից, ապա Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը՝ Հեղինե թագուհու կողմից: Այնուհետև Կոստանդիանոս կայսրը Հռոմում կառուցում է Սուրբ Պետրոս եկեղեցին: Չնայած որ Սուրբ Հարության տաճարն առաջինը չի կառուցվել, սակայն Խաչյալի զորությամբ այն գերազանց է մյուս եկեղեցիներից: Քանի որ Սողոմոնի տաճարի փոխարեն կառուցվեց, ինչպես և Սիոնը՝ Սինա լեռան փոխարեն եղավ: Եվ որ ավելի կարևոր է, կառուցվել է Գողգոթայի վրա և սրբվել Տիրոջ Արյամբ: Սա ևս կոչվում է Աշխարհամատուռ, ինչպես Նոյյան տապանը, քանի որ այն ընդհանուր է բոլոր քրիստոնյաների համար:

Երուսաղեմի տաճարը կառուցելուց հետո հայրապետները հաստատեցին Կաթողիկե Եկեղեցու տոները՝ մեկն այս գարնանային ժամանակներում և մեկն էլ՝ աշնանը:

Արամ Դիլանյանի


Կարմիր կիրակի
(չորրորդ կիրակի)

Այս կիրակին կոչվում է Կարմիր, քանզի Եկեղեցին ոռոգվում է ու ծաղկում Քրիստոսի Արյամբ: Կարմիրը նաև մարտիրոսների հեղված արյունն է խորհրդանշում: Ըստ Հինանց կիրակիների կարգի, երրորդ կիրակի օրը, աշակերտների միջոցով, հաստատվում է Քրիստոսի Եկեղեցին, և զղջացողներն ընդունվում են Եկեղեցու մեջ, ինչը խորհրդով համապատասխանում է Պահոց «Անառակի կիրակիին», իսկ Հինանց չորրորդ կիրակի օրը ընդունվում են Եկեղեցու կարգերը, ինչը խորհրդով համապատասխանում է Պահոց «Տնտեսի կիրակիին»: Եվ այսօրվա ընթերցվածում Պետրոսը՝ որպես Եկեղեցու տնտես, երեցներին պատվիրում է, որ յուրաքանչյուրն ըստ իր շնորհների, բարությամբ հովվի իրեն վստահված հոտը:

Պողոս առաքյալը՝ ըստ արժանվույն գնահատելով վարդապետների ու հոգևոր հովիվների անհրաժեշտությունը Եկեղեցու կյանքում, նրանց իրեն պատվակից է անում՝ ասելով. «Եվ ում որ Աստված կարգեց Եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներ, երկրորդ՝ մարգարեներ, երրորդ՝ վարդապետներ, ապա՝ զորավոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խոսելու շնորհներ, լեզուների թարգմանության շնորհներ» (Ա Կորնթ. ԺԲ 28): Նաև պատճառաբանում է՝ ասելով. «Հաստատելու համար սրբերին իրենց պաշտոնի կատարման մեջ, ի շինություն Քրիստոսի Մարմնի» (Եփես. Դ 12): Քանզի ինչպես քարերի մի շարքով տաճար չի կառուցվում, և մի ծաղկով գարուն չի գալիս, այդպես էլ մի խումբ հովիվներով Եկեղեցին անխախտ չի պահվում: Տիրոջ միայն մի երևումը բավարար չեղավ՝ հաստատելու Նրա հարությունը, այդ պատճառով էլ մինչև համբարձումը հաճախակի գալիս էր աշակերտների մոտ, որպեսզի աստիճանաբար հաստատի նրանց, քանզի Տիրոջ մարդեղության ամբողջ նպատակը կայանում էր Իր Եկեղեցին հաստատելու մեջ: Այդ պատճառով Տերը, Տիբերական ծովեզերքին երևալով Իր աշակերտներին, երեք անգամ ասաց Պետրոսին. «Արածեցրո՜ւ Իմ ոչխարներին» (Հովհ. ԻԱ 15): Եվ ինչպես Նոր կիրակի օրը Տերը, ձեռնարկելով Եկեղեցու հաստատումը, հաստատեց առաքյալներին, նույնպես և այսօր հովիվներին հաստատելով՝ Եկեղեցին հաստատված համարեց: Աստված Եկեղեցու մեջ կարգեց նախ առաքյալներին, ապա՝ մարգարեներին, այնուհետև՝ վարդապետներին, հետո՝ հովիվներին, որոնց Պետրոսը երիցակիցներ է կոչում: Տերը Եկեղեցին հաստատուն պահելու համար նրանում միշտ վարդապետներ ու հովիվներ է կարգում: Եվ Պետրոսն էլ իմանալով, որ Ճշմարիտ դավանության վեմի վրա է շինվում Եկեղեցին, նախանձախնդրությամբ վառվելով հոտի փրկության համար, այս կիրակի օրն աղաչում է բանական հոտի հովիվներին. «Ուրեմն՝ աղաչում եմ երեցներին, ես էլ նույնպես լինելով երեց ու վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության» (Ա Պետ. Ե 1): Եվ դիմելով Աստծու կողմից հոտի վրա հաստատված եպիսկոպոսներին՝ ավելացնում է. «Զգո՜ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու համար Տիրոջ ժողովրդին, որին Նա փրկեց Իր Արյունով» (Գործք Ի 28):

Պետրոսը նույնպիսի հավատարմություն է պահանջում նաև եպիսկոպոսներից՝ իբրև երիցակիցներից և Քրիստոսի չարչարանքների վկաներից: Քանի որ եպիսկոպոսները հաղորդ են առաքյալների աստիճանին ու փառքին, ուստի Եկեղեցու հաստատության համար հարկավոր են ինչպես առաքյալներ, այնպես էլ՝ եպիսկոպոսներ: Այդ պատճառով առաքյալը պատվիրում է Տիմոթեոսին, որպեսզի նա օրինակ լինի հավատացյալներին՝ ասելով. «Օրինա՜կ եղիր հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ» (Ա Տիմ. Դ 12): Քանի որ ինչպես աղբյուրն է պարտեզի համար, և ամպը՝ անջրդի հանդերի, նույնն է և առաջնորդը հոտի համար: Աղբյուրի ու ամպի պակասությունը Աստծու մեծ ցասումն է ցույց տալիս, ինչի մասին ասում է Եսային. «Կլքեմ Իմ այգին, թող չէտվի ու չփորվի, թող նրա մեջ փուշ բուսնի, ինչպես խոպան տեղում, և կպատվիրեմ Իմ ամպերին, որ չանձրևեն Իմ այգում» (Եսայի Ե 6): Դրան հակառակ Աստծու մեծ բարեհաճության նշան է աղբյուրների առատությունը. իմաստունների բազմությունը և հանճարեղ թագավորները, քանզի եպիսկոպոսները հոգևոր թագավորներ են: Երբ ժողովուրդը հաճելի է Աստծուն, Աստված նրանց մեջ բարի ու հանճարեղ մարդիկ է կարգում, իսկ երբ ոչ՝ իմաստուներին վերցնում է ժողովրդի միջից:

Երբ Մովսեսը մի փոքր հապաղեց լեռան վրա, հրեաները մեծ փութով ընկան կռապաշտության գիրկը (տե՜ս Ելք ԼԲ 1): Այդ պատճառով Զաքարիան ասում է. «Արթնացի՜ր, ո՜վ սուր, Իմ հովվի վրա և նրա ընկեր տղամարդու վրա, Ես պիտի հարվածեմ Իմ հովվին, և Իմ հոտերը պիտի ցրվեն, Ես Իմ ձեռքը պիտի դնեմ իմ հովիվների վրա» (Զաքար. ԺԳ 7): Այսինքն՝ հովվին հարվածելով՝ հոտը ցրվում է, ինչպես և՝ երբ վերցնում են առաջնորդին, ժողովուրդն իսկույն ցրվում է: Այդպես Հեսուի ու Եղիազար քահանայի մահանալուց հետո ժողովուրդն ընկավ կռապաշտության մեջ (տե՜ս Հեսու ԻԴ 30-33) մինչև Սամվել մարգարեի գալուստը, ով նրանց դարձի բերեց (տե՜ս Ա Թագ. Է 3):

Ինչպես քանոնի ծռվելով ծռվում է գիծը, այնպես էլ քահանայապետի վարքի կամ դավանության ծռվելով ծռվում է և ժողովուրդը: Այսպես՝ Ահարոնի ծռվելով ժողովրդի մեծ մասը տրվեց կռապաշտության, և եթե Մովսեսը մի փոքր էլ հապաղեր, ապա ամբողջ Եկեղեցին «կծռվեր»: Այդ պատճառով էլ Պետրոսն ասում է երեցներին. «Արածեցրե՜ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված՝ վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ հոժարությամբ. ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, որպեսզի երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակն ընդունեք» (Ա Պետ. Ե 2-4):

Եվ ինչպես մեծ է քահանայապետի պատիվը, նույնպես և մեծ է գործած մեղքը և հավասար՝ ողջ ժողովրդի գործած մեղքին: Քանի որ Աստված պատվիրեց քահանայի գործած մեղքերի համար մատուցել նույն պատարագը, ինչ ամբողջ ժողովրդի գործած մեղքերի համար (տե՜ս Ղևտ. Դ 4, 13):

Հատված Արամ Դիլանյանի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները» գրքից


Տոն Սուրբ խաչի երևման

Մայիսի 19-ին Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սուրբ Խաչի երեւման տոնը՝ մեկ անգամ եւս հիշելով Տիրոջ չարչարանքները, նրա խաչելությունը, եւ խաչի վրա նրա թափած անմեղ արյան շնորհիվ մարդկային ցեղի փրկությունը:

Այս տոնը պատմական մի դեպքի հիշատակությունն է, երբ 351 թ. մայիսին, Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի օրոք, օրվա երրորդ ժամին (ժամը 9-ին) երկնքում երեւում է Փրկչի խաչի նշանը՝ տարածվելով Գողգոթայից մինչեւ Ձիթենյաց լեռը:

Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները, այլեւ տարբեր դավանանքներին ու կրոններին պատկանող մարդիկ: Խաչի պայծառ երեւումից անգամ արեգակն է մթագնում: Բոլորը շտապում են եկեղեցի, ի խորոց սրտի աղոթում առ Աստված՝ գոհություն հայտնելով Բարձրյալին՝ այս մեծ շնորհին արժանացնելու համար:

Երկնային հրաշքի շնորհիվ շատեր հավատում են Հիսուսին, մկրտվում սուրբ Կյուրեղի ձեռքով՝ անդամագրվելով Քրիստոսի Եկեղեցուն: Այս դեպքի առթիվ Կյուրեղ հայրապետը մի նամակ է գրում Բյուզանդիայի Կոստանդին կայսրին, որը Մեծն Կոստանդիանոսի որդին էր: Նամակում սուրբը պատմում է Երուսաղեմում խաչի երեւման մասին՝ հորդորելով, որ վերջինս անհողդողդ մնա իր քրիստոնեական ճշմարիտ հավատի մեջ, ինչպես նաեւ հավատարիմ՝ նիկիական դավանությանը:

Մեր բազմադարյան պատմությամն մեջ էլ քիչ չեն խաչի երեւումները: Երանելի Կորյունը, ինչպես նաեւ քերթողահայր Մովսես Խորենացին, Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մահվան եւ թաղման կապակցությամբ արձանագրում են, որ Վաղարշապատ քաղաքում օրեր շարունակ խաչի լուսապայծառ նշանը փայլել է այն տան վրա, ուր սուրբն ավանդել էր իր հոգին: Այդ նույն նշանն էլ առաջնորդ է եղել բազմությանն ամբողջ հուղարկավորության ընթացքում: Խաչը Հռոմեական կայսրության ժամանակ մահապարտներին անարգելու եւ նախատելու համար էր: Հին Ուխտում էլ կարդում ենք. «Անիծված է նա, ով կախված է փայտից» (Բ Օր. 21; 23):

Աստվածորդին միացավ խաչափայտին՝ սրբագործելով այն եւ Իր Սուրբ Արյամբ մեզ ազատեց սատանայի գերությունից: Եթե մինչեւ Քրիստոսի Խաչն անարգանքի եւ նախատինքի նշանն էր, ապա Տիրոջ խաչելությամբ նրա մեջ դրվեց կյանքի խորհուրդը, եւ մարդ արարած հնարավորություն ստացավ նոր արարած լինելու. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, ապա նա նոր արարած է» (Բ Կորնթ. 5:17): Քրիստոս խաչի վրա ներեց մեզ, ջնջեց մեր մեղքերի պարտամուրհակը՝ գամելով այն խաչափայտին:

Մարդկության փրկության համար մարմնացած Աստված խաչվեց, թաղվեց, բայց երրորդ օրը հրաշափառապես հարություն առավ մեռելներից՝ քանդելով մահվան կապանքները: Այո՛, հարություն առավ Տերը, որովհետեւ Լույսը չէր կարող գերեզմանի մթության մեջ մնալ: Եվ այս իրողությունը նկատի ունենալով է, որ սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին ասում է. «Դավանում եմ Խաչը, քանզի գիտեմ Հարությունը»: Հետեւաբար խաչը մեզ համար հույսի, սիրո, հաղթանակի եւ փրկության նշանն է, որի վրա Աստվածորդին պարտության մատնեց սատանային` մեր առաջ բացելով երկնքի դռները, որ մինչ այդ փակված էին մեր նախածնողներ Ադամի ու Եվայի անհնազանդության պատճառով: Հիսուս խաչի վրա ցույց տվեց իր անհուն սերն ու անբավ ողորմածությունն ադամորդիներիս նկատմամբ: Տերն իր փրկագործության խորհըրդով խաչը վերածեց հաղթության նշանի: Ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6; 14): Այո՛, տերունական նշանը ճշմարիտ քրիստոնյաներիս համար պարծանքների պարծանքն ու Աստծո անսահման սիրո արտահայտությունն է անկյալ մարդու նկատմամբ: Ճիշտ է, անհավատ ու Տիրոջը չճաշակած մարդկանց համար խաչի վրա Քրիստոսի այս զոհողությունն անիմաստ եւ անհասկանալի է թվում, բայց մեզ համար, որ մեր սրտերի մեջ ընդունել ենք ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին, Խաչը դարձել է փրկության գրավականը: Անգիտության խավարում խարխափող այս մարդկանց մասին է առաքյալի խոսքը. «Շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ եւ այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստն է, նրանց աստվածն իրենց որովայնն է, եւ փառքը՝ իրենց ամոթը: Նրանք միայն երկրավոր բաներ են խորհում» (Փիլիպ. 3; 18-19)

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»


Համբարձման տոն

«Ապա նրանց տարավ հանեց մինչեւ Բեթանիա եւ, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց: Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից եւ դեպի երկինք էր վերանում» (Ղուկ. 24.50:51):

Այս տարի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Մայիսի 30-ին է:

Հարությունից 40-օր շարունակ երեւաց աշակերտներինն՝ նրանց հաստատելով իրենց առաքելության մեջ, ինչպես նշված է Գործք առաքելոցում. «Իրեն կենդանի ներկայացրեց նրանք առաջ շատ ապացույցներով՝ քառասուն օրերի ընթացքում խոսելով Ասուծո արքայության մասին» (Գործք. 1:3-4): Այնուհետեւ 40-րդ օրը, աշակերտներին օրհնելով, բարձրացավ երկինք: Հիսուս դառնալով Իր աշակերտներին ասաց. «Խաղաղություն ընդ ձեզ, իմ եղբայրներ», ապա խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա. ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացեք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. 28 18-20): եւ երբ այս ասաց, հրեշտակների գնդերը Նրա փառքի առջեւ խոնարհվեցին, և համբարձվեց երկինք:

Պատմությունից արդեն մեզ հայտնի է, որ Հիսուսի երկու աշակերտները՝ Թադեոսն ու Բարդուղիեմոսը, եկան Հայաստան եւ Տիրոջ ճշմարիտ լույսը տարածեցին:

Տեր Հիսուս համբարձվեց ցնծությամբ եւ ուրախությամբ, ինչպես Դավիթ սաղմոսերգուն է ասում. «Համբարձվեց Աստված օրհնությամբ, եւ մեր Տերը՝ շեփորի ձայնով» (Սաղմ. 46:6)

Քրիստոսի համբարձումը չէր նշանակում Աստծո եւ մարդու հարաբերությունների խզում, քանի որ ինչպես ինքն է ասել. «Եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (Հովհ. 16:7):

Հիսուս համբարձվեց երկինք, որտեղից որ եկել էր մեղավոր մարդկության փրկության համար:

Ցայսօր էլ Փրկիչը մեզ հետ է մեր կյանքի բոլոր օրերում, միայն թե ապավինենք Նրա սիրուն եւ Նա իր ամենազոր թեւերով կպաշտպանի մեզ ամեն տեսակ վտանգներից եւ վերահաս պատժից:

Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «վիճակ կամ «ջանգյուլում անուններով»

Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերեւներ եւ աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետեւ դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները եւ շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում երգերով, կատակներով եւ դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվում:

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Պատմական հանգամանքների թելադրանքով 484թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թվականին, Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգայինեկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց աստվածահաստատ Ս. Էջմիածնում, ուր իջել էր Հիսուս Քրիստոս, եւ որտեղից դարեր շարունակ հայ ժողովրդին եւ Հայ Եկեղեցուն բաշխվում էր այն փառքի լույսը, որը Քրիստոս հանձնել էր հայոց հողին:


Հոգեգալուստ

Սուրբ Հոգու աստվածային գալուստը քարոզվել է բոլոր մարգարեների կողմից, բայց կատարելապես Նրա գալստյան մասին առաքյալներին պատմեց Փրկիչը, մինչ Իր տնօրինական փրկարար չարչարանքները, որպեսզի ճանաչեցնի Հոգու էությանը և մխիթարի նրանց: Իսկ երբ մոտենում էր գրավոր Օրենքի հնանալու և Նոր Ուխտի հաստատվելու ժամերը, ասաց. «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին» (Հովհ. ԺԴ 15-17): Եվ դարձյալ՝ «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. ԺԴ 26): Սրանով հայտնում է, որ Սուրբ Հոգին Հորից էր գալու: Տերն ասաց. «Լավ է ձեզ համար, որ Ես գնամ. որովհետև եթե Ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. ԺԶ 5-7): Ասաց նաև՝ «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել: Երբ որ գա Նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կառաջնորդի ձեզ» (Հովհ. ԺԶ 12-13): Մանավանդ զգուշացրեց. «Ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի: Եվ ով որ Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՜չ այս աշխարհում և ո՜չ էլ հանդերձյալում» (Մատթ. ԺԲ 31-32): Հարությունից հետո Որդին փչմամբ նախաճառեց Սուրբ Հոգու մասին՝ ասելով. «Առե՜ք Սուրբ Հոգին…» (Հովհ. Ի 22), իսկ համբարձումից առաջ պատվիրեց նստել Երուսաղեմում, մինչև երկնքից զորություն ստանալը:

Տերն Իր հրաշափառ Հարությունից քառասուն օր անց համբարձվեց և ինն օր հրեշտակների ինը դասերում պաշտվելուց հետո տասներորդ օրը նստեց Հոր աջ կողմում և առաքյալների դասերի վրա առաքեց խոստացած Պարգևը՝ Սուրբ Հոգին, որպեսզի առաքյալները, Սուրբ Հոգին կարոտով ու զգուշությամբ ընդունելով, Նրանով առաջնորդվեն դեպի Ավետյաց երկիր, ինչպես ասում է Դավիթը. «Քո բարի Հոգին ինձ պիտի առաջնորդի դեպի արդար երկիր» (Սաղմ. ՃԽԲ 10):

Թեպետ մինչ այդ առաքյալները տիեզերքի Փրկչից ստացան քահանայապետությունը, սակայն առանց Սուրբ Հոգու ընդունելության տակավին անկատար էին, չնայած այն նշանները, որ նրանք գործում էին, քանի դեռ իրենց հետ էր Քրիստոս, առանց Սուրբ Հոգու չէին լինում: Առաքյալներն այսօր կատարելապես ընդունեցին Սուրբ Հոգին, Ով ոչ թե ազդմամբ, ինչպես մարգարեներին, այլ անբաժանելիորեն նրանց միացավ: Հոգին չեկավ ծածուկ և աներևույթ, այլ իբրև սաստիկ հողմ և լցրեց ամենքին: Սուրբ Հոգին Իր էջքով նոր սքանչելիք գործեց՝ կյանքի հոտ ու անմահության բույր հեղելով Երուսաղեմի վրա և լիացնելով քաղաքը: Եվ առաքյալների միջոցով Սուրբ Հոգու անուշահոտությունը լցվեց ամբողջ տիեզերքը, ինչպես և Պողոսն է ասում. «Քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ և՜ փրկվածների մեջ, և՜ կորստյան մատնվածների մեջ» (Բ Կորնթ. Բ 15):

Այս տոնը լրումն է տերունական տոների: Ինչպես տնօրինության սկզբում Սուրբ Հոգին եկավ Կույս Մարիամի մոտ, այդպես էլ այսօր Հոգին եկավ Վերնատուն և հրով զինեց առաքյալներին:

Այս տոնն ազատարար է և պարգևիչ, քանզի մեզ ազատեց ապականության ծառայությունից և վերադարձրեց մեր հայրենի ժառանգությունը՝ Դրախտը: Մենք Սուրբ Հոգու գալուստը տոնում ենք ութ օր շարունակ (ինչպես Ծննդյան ու Հարության տոները) սակայն տոնում ենք պահքով, քանի որ երբ Տերը մկրտվեց, Հոգին Նրան տարավ անապատ, և այնտեղ Տերը քառասուն օր ու քառասուն գիշեր պահքի մեջ էր, այդ պատճառով էլ մենք Հոգեգալուստը պահքով ենք տոնում:

Քանի դեռ Հոգին չէր իջել, զուգապատիվ Երրորդության մեր խոստովանությունը թերի էր, որովհետև իսրայելացիները միայն Հորը գիտեին Աստված, ինչպես և ասում էին, թե մեկ է մեր Հայր Աստվածը, ըստ Մովսեսի խոսքի. «Լսի՜ր, Իսրայե՜լ, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է» (Բ Օրենք Զ 4): Մովսեսը ժողովրդին բազմաստվածությունից ետ պահելու պատճառով այդպես ասաց, որպեսզի մեկ իշխանությամբ գրավի նրանց, թեպետև անգետ չէր Երրորդության խորհրդին, քանզի գրեց. «Աստված ասաց. «Մարդ ստեղծենք Մեր կերպարանքով ու նմանությամբ» (Ծննդ. Ա 26): Դրանով հայտնեց, որ Հայրը Որդու և Սուրբ Հոգու մասին խոսեց:

Աստծու Հոգին բանական է, մտավոր, կենդանի և կենդանացնող, որով զարդարվում և կառավարվում են բոլոր բանականները, երկնավորներն ու երկրավորները: Նա «Սուրբ Հոգի» է կոչվում, որպեսզի խոսքի մեջ զանազանվի հրեշտակների և մարդկանց հոգիներից: Թեպետ հրեշտակները սրբություն ունեն, ինչպես և մեր հոգիները, որ Արարչից բարի ստեղծվեցին և բարի Աստծու պատկերն են, սակայն զանազանվում է արարածների սրբությունը Սուրբ Հոգու սրբությունից: Քանզի Աստծու Հոգին բնությամբ է սուրբ, իսկ հրեշտակները և մեր հոգիները՝ դրությամբ: Ըստ որում Սուրբ Հոգին անեղ է ու ամենևին սուրբ, և հստակ ու պարզ է Նրա էությունը, իսկ մեր հոգին եղական է, ստեղծված և կապված է մարմնին:

Մի է անուշաբույր Արարիչ Սուրբ Հոգին, Ով արարչության օրերին շրջում էր ջրերի վրա, և Նրանով բացվեցին ու փակվեցին երկնքի սահմանները, և բաժանվեցին լեզուներն աշտարակաշինության ժամանակ: Նա հանեց Իսրայելին Եգիպտոսից և առաջնորդեց Ավետյաց երկիր, լցրեց Մովսեսին և տարածվեց յոթանասուներկու ծերերի վրա (տե՜ս Թվեր ԺԱ 25-29): Նա հովիվներին մարգարեներ դարձրեց, տգետներին՝ ավետարանիչներ, ձկնորսներին՝ քարոզիչներ, իսկ հեթանոսներին՝ վարդապետներ ու նրանց առաքեց աշխարհով մեկ: Նա բաժանված լեզուները կրկին միավորեց ու վերստին նորոգեց: Նա է խուլերին լսել տալիս և համրերին՝ խոսել, անմիտներին իմաստուն է դարձնում և մանուկներին հավատի մեջ հաստատում: Նա է վերստին հոգևոր ծնունդ Տվողը՝ Իր գութը սփռելով ծնվածների վրա, օրըստօրե մարդասիրաբար մաքրելով նրանց հնության տկարությունից: Նրանով է լինելու նաև համընդհանուր հարությունը, և Նա է արդարների ու մեղավորների համար արժանի տեղեր պատրաստում:

Եվ ինչպես Աստված փակեց Դրախտը բոցեղեն սրով և պահեց Կենաց ծառի ճանապարհը, այդպես էլ այսօր առաքեց Սուրբ Հոգին կրակի նմանությամբ՝ պահելու և պարսպապատելու համար սուրբ Եկեղեցին, որպեսզի սատանան այնտեղ չմտնի և ավերածություն չգործի, քանզի սատանան Սուրբ Հոգու կրակից հույժ սարսափում է:

Արամ Դիլանյան


Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսեր (նահ. 301, Վաղարշապատ), տոնելի քրիստոնյա վկայուհիներ, նահատակներ: Հռիփսիմյանց կույսեր առաքինազարդ վանական կյանք են վարել Հռոմում, իրենց մայրապետի՝ Գայանե կույսի առաջնորդությամբ: Հռոմեկան Դիոկղետիանոս կայսրի (284–305) հալածանքներից խուսափելով՝ ի վերջո ապաստանել են Հայաստանում (Վաղարշապատի Հնձանք կոչված վայրում): Ավանդությունը հալածանքների պատճառ է համարում այն, որ կույսերից գեղեցկագույնը՝ երկնավոր հարս Հռիփսիմեն, հրաժարվել է Դիոկղետիանոս կայսրի առաջարկներից՝ դառնալու նրա կինը և Հռոմեկանա կայսրության թագուհին: Կայսրը լուր է հղել Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին, որ գտնի Հայաստանում ապաստանած կույսերին և վերադարձնի Հռոմ, բայց եթե ուզենա, կարող է և կնության առնել Հռիփսիմեին: Տրդատ թագավորը, գտնելով կույսերին ու տեսնելով Հռիփսիմեի գեղեցկությունը, ինքն էլ է ցանկությամբ համակվել: Հռիփսիմեն հրաժարվել է Տրդատից ևս: Դրա համար նրան ենթարկել են անլուր չարչարանքների, կտրել լեզուն, հանել աչքերը և քառատելով այրել: Սրահար են արել նաև Հռիփսիմեի 32 հավատակից վկայուհիներին: Սրբուհիների մարմինները 9 օր մնացել են անթաղ, մինչև որ Խոր վիրապից դուրս եկած Գրիգոր Ա Լուսավորիչը ամփոփել է նրանց մարմինները տապաններում ու թաղել իրենց նահատակության տեղերում՝ Հռիփսիմեին՝ իր հավատակիցների հետ, Գայանյանց կույսերին՝ առանձին, իսկ հիվանդության պատճառով Հնձանք վայրում միայնակ մնացած կույսին՝ Հնձանքում, որտեղ հետագայում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը կառուցել է Ս. Շողակաթ վանքը:

Ս. Հռիփսիմեի վկայարանի վրա Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը 618-ին կառուցել է Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցին, որի խորանի գետնահարկ մատուռի մեջ ցայսօր զետեղված է մնում սրբուհու տապանը: Իսկ Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը Ս. Գայանյանց կույսերի մատուռի տեղում բարձրացրել է Էջմիածնի Ս. Գայանե վանքը:

Ըստ Մ. Օրմանյանի, Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե տաճարների ներքո մեծամեծ քարերով շինված գետնափորեր կան, որտեղ ամփոփված են կույսերի ոսկորները: Հայաստան եկած կույսերի թիվը ըստ Ագաթանգեղոսի, 70-ից ավելի էր, նահատակվածներինը՝ 37: Հանվանե հիշատակված են Հռիփսիմեն, Գայանեն և Մարիանեն: Գրիգոր Ա Լուսավորիչը Հռիփսիմյանց կույսերին դասել է սրբերի շարքը: Որպես սրբեր Հռիփսիմեն և Գայանեն նշվում են ոչ միայն հայերեն, այլև հունական, լատինական, արաբական, ղպտիական, ռուսական Հայսմավուրքներում:

Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը հիմք է հանդիսացել հայ քրիստոնեական գրականության վաղ հուշարձաններից մեկի՝ Հռիփսիմյանց վկայաբանության համար, որը, անցնելով Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու Պատմությունների մեջ, լայն տարածում է ստացել ինչպես հայ, այնպես էլ ողջ միջնադարյան քրիստոնեական գրականության էջերում:

Ս. Հռիփսիմե վանքի օծման կապակցությամբ 618-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը գրել է ս. Հռիփսիմյանց կույսերին նվիրված շարականը. Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի, Երկնաւոր նահատակք և կուսանք իմաստունք… (Շարակնոց, 1853, էջ 487):

Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան, Հեղինակ՝ Լևոն Սարգսյան


ԳԱՅԱՆՅԱՆՑ ԿՈՒՅՍԵՐ

Սուրբ Հռիփսիմյանց եվ սուրբ Գայանյանց կույսեր (նահ. 301, Վաղարշապատ), տոնելի քրիստոնյա վկայուհիներ, նահատակներ: Մարտիրոսական պսակ են ընդունել Հռիփսիմյանց կույսերից հետո՝ մեկ օր անց, Հայոց թագավորի՝ Տրդատ Գ Մեծի հրամանով: Գայանյանց կույսերն են կոչվել իրենց ընդհանուր դաստիարակի և մայրապետի՝ ս. Գայանեի պատվին, սակայն ավանդաբար հայտնի են առավելապես ս. Հռիփսիմեի անունով: Գայանեին չարչարել են, ապա՝ գլխատել: Նրա մարմինը Գրիգոր Ա Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, ապա և քահանայական հայրապետական կնիքով: Նրա վկայարանի տեղում հետագայում կառուցվել է Էջմիածնի Ս. Գայանե վանքը: Գայանյանց կույսերին (և ընդհանրապես՝ ս. Հռիփսիմյանց կույսերին) է նվիրված Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի՝ հայոց այբուբենի տառերի հերթականությամբ գրած «Անձինք նուիրեալք» շարականը:

Հայ եկեղեցին ս. Գայանյանց կույսերի հիշատակը տոնում է ս. Զատկին հաջորդող առաջին կիրակիից հետո, երեքշաբթի օրը՝ ս. Հռիփսիմյանց կույսերին նվիրված տոնից մեկ օր անց:

Լևոն Սարգսյան


Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը, հողի մեջ ընկնելով, չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հովհ. 12;24-25):

Երբ սերմնացանը ոչինչ չունի, ոչ իսկ մեկ հատիկ սերմ՝ հողին հանձնելու համար, նա կորցնում է նաեւ հանապազօրյա հաց ունենալու հույսը:

Այսպես է նաեւ հոգեւոր կյանքում, թե´ յուրաքանչյուր մարդու, եւ թե´ ամեն մի ազգի պարագայում: Սակայն Աստված չզրկեց հայ ազգին ո´չ հոգեւոր ծննդից, ոչ էլ՝ սննդից: Հունիսի 22-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից: Տոնը 301 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի :

Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան եւ Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն նույն Տրդատի կողմից Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եւ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց մեծագույն սուրբը: Սուրբ Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի՝ քրիստոնեական քարոզչության լծակիցը: Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր, իսկ հետագայում կառուցվում են Աստծո փառքին արժանի հոյակերտ սրբավայրեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում է Հռիփսիմյան եւ Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից ելնելու տոնի հաջորդ օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը:

Ըստ ավանդության, Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը՝ ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաեւ Տրդատ թագավորը եւ Աշխեն թագուհին՝ չխորշելով իրենց արքայական հագուստներով շինանյութ մատակարարել:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ որպես մի արգասավոր սերմ, սուրբ ճգնություններով հավատքի բերք՝ հոգեւոր հաց տվեց հայոց ազգին՝ բոլոր դարերի համար, ինչպես ասում է Սուրբ Գիրքը.«Արդարը իր հավատով պիտի ապրի» (Ամբ.2;4, Հռոմ.1;17), եւ հզոր զենք՝ ընդդեմ բոլոր հոգեկործան ոտնձգությունների. «Եւ այս բոլորի վրա, առե՜ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը». (Եփես.6;16): Խավարի ծառաները զուրկ են այդ սպառազինությունից, «իսկ մենք, որ ցերեկվա որդիներ ենք, արթո՜ւն լինենք եւ սիրո ու հավատի զրահները հագնենք եւ փրկության հույսի սաղավարտը դնենք». (Ա Թես.5;8), որովհետեւ «ա՜յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. 5; 4):

Սյունյաց Կանթեղ N 29


Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

Առաջին նախամարգարեն՝ Մովսեսը, երբ կանգնեցրեց Աստծու խորանը, այն օծելուց ու սրբագործելուց հետո հավաքեց ժողովրդին ու կատարեց խորանի նավակատիքը: Այդ առիթով Իսրայելի իշխանները՝ նահապետական ընտանիքների տասներկու հրամանատարները, նվերներ մատուցեցին Տիրոջը: Տիրոջ հրամանով օրական միայն մի իշխան էր նվեր մատուցում զոհասեղանի նավակատիքին և այդ օրը միայն այդ իշխանի ցեղն էր տոնում (տե՜ս Թվեր 7): Այդպիսով Իսրայելի ամեն մի ցեղ միայն մեկ օր էր տոնում, և նավակատիքի տոնը տևում էր տասներկու օր:

Մենք ևս ամբողջ տարվա ընթացքում սուրբ Եկեղեցուն նվիրված տասներկու տոն ենք կատարում: Դրանք են՝ «Աշխարհամատրան» կիրակին, Սուրբ Հոգու գալուստը, «Էջ Միածնի» տոնը, սուրբ Տապանակի տոնը, որը Վարդավառի նավակատիքն է, «Շողակաթը», որն Աստվածածնի վերափոխման տոնի նավակատիքն է, Սուրբ Եկեղեցու տոնը, որը Խաչվերացի նավակատիքն է, Խաչվերացի տոնին հաջորդող վեց տոնական օրերից երեքը, որոնք կոչվում են «Եկեղեցու տոն», «Տյառնընդառաջը», «Ծաղկազարդը» և «Նոր կիրակին»: Դրանց մի մասը այլևայլ տոներ լինելուց բացի միաժամանակ նաև սուրբ Եկեղեցու տոներն են:

Սուրբ Էջմիածնի տոնը

Հոգեգալստյան երկրորդ շաբաթը կոչվում է «Արարատյան դաշտի տոն», որովհետև այս շաբաթ են տոնվում հայոց նվիրական տոներից մի քանիսը. երկուշաբթի տոնվում է Հռիփսիմյանց կույսերի տոնը, երեքշաբթի՝ Գայանյանց կույսերի, հինգշաբթի՝ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որոնց նշխարները սուրբ Գրիգոր Լուսավորիչը զետեղեց Տարոն գավառի Մուշ գյուղաքաղաքում իր կառուցած եկեղեցում: Շաբաթ օրը սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելնելու տոնն է, իսկ կիրակի՝ Սուրբ Էջմիածնի տոնը: Սրանք այն սրբերն են, որոնց ճգնությամբ, հեղած արյամբ և սուրբ նշխարների վրա հաստատվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այդ պատճառով նրանց տոները նախորդում են Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, որը կարգել է հոգեկիր և առաքելաշնորհ սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Վիրապից ելնելուց, մեզ կենարար Ավետարանի ճշմարտության խոսքով լուսավորելուց, բագինները կործանելուց, դիվական տոները խափանելուց և տաճարը շինելուց հետո: Այդ պատճառով այն միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է տոնում, Պենտեկոստեին հաջորդող երկրորդ կիրակի օրը:

Այս տոնը նաև սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի համաձայն կառուցված սուրբ Էջմիածնի տաճարի նավակատիքի տոնակատարությունն է և տեսիլքի հիշատակը: Ըստ այդ տեսիլքի՝ երկինքը բացվում է և Աստծու Միածին Որդին Իր հրաթև ու լուսեղեն զորքերի ուղեկցությամբ իջնում է Վաղարշապատ քաղաքի շեն տեղը, մուրճով հարվածում է սանդարամետի մեհյանին և այն ջախջախելով խորտակում: Ապա սուրբը տեսնում է նախկին մեհյանի տեղում կանգնած ամպեղեն ու լուսեղեն մի տաճար՝ սյուներով ու կամարներով կառուցված: Արդյունքում՝ հայոց մեջ վերջնականապես ջնջվում է կռապաշտությունը և փոխարենը կանգնեցվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Եկեղեցու հայրապետական իշխանությունը, որով մարմնավորվում է Հայաստանում երեք դար շարունակ առաքելական քարոզությամբ ձևավորված հավատը:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի


Հիշատակ Ս. Նունե և Մանե կույսերի

Ս. Նունեն և Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանե կույսն «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը և հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»:

Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որ պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323թ.): Իսկ Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում:

Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում են արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից, քարոզում Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծու զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին: Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին և Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու և սպասավորելու ժողովրդին: Այսպիսով սուրբ Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին:


Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

Հայոց ամբողջական դարձից և Հայրապետական գահի նորոգությունից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն անցկացնում է առանձնության մեջ` Սեպուհ լեռան Մանյա այրում, որտեղ էլ 325 թ. ի Տեր խաղաղությամբ ավանդում է իր հոգին:

Ավանդության համաձայն, Սեպուհ լեռան շուրջը դեգերող հովիվները, պատահաբար մտնելով Հայոց Հայրապետի ճգնարանը, գտնում են նրա անշնչացած մարմինը և, չիմանալով անձի ով լինելը, ծածկում են քարակույտի տակ: Ս. Գրիգոր Լուսավորիչի աշակերտներից Գառնիկ Բասենցուն տեսիլքով հայտնվում է նշխարների տեղը: Այս գյուտից հետո Ս. Հայրապետի նշխարները տեղափոխվում ու ամփոփվում են Բարձր Հայքի Դարանաղի գավառի Թորդան գյուղում:

Ս. Գրիգոր Լուսավորչի բոլոր նշխարները չէ, որ ամփոփվել են Թորդանում, այլ ոսկորների մի մասը տարվել է քաղաքամայր Վաղարշապատ և այլ վայրեր, մինչև անգամ Բյուզանդիոն և Իտալիա: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորչի` Վաղարշապատ տարված նշխարներից պատրաստվում է արծաթե Ս. Աջը, որը պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. այն սրբալույս մյուռոնի օրհնության գլխավոր սրբություններից մեկն է:


Տոն Սուրբ թագմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի

Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: «Թարգմանիչ» անպաճույճ ու պարզ բառով են մեծարվում հայ ազգի նվիրյալ զավակները՝ սուրբ Սահակ Պարթև հայրապետը եւ սուրբ Մեսրոպ Մաշտոցը՝ իրենց ավագ եւ կրտսեր աշակերտներով:

Այս տարի այս ազգային-եկեղեցական մեծագույն օրը նշվում է հուլիսի 11-ին: Հայոց մեծ դարձից՝ Քրիստոսի Ճշմարիտ Լույսով լուսավորվելուց հետո Աստված նոր դարձ պարգեւեց մեզ, նոր լուսավորություն շնորհեց մեր ազգին, որպեսզի պահպանենք մեր ինքությունը եւ մեծագույն հավատով փառաբանենք ամենքի Արարչին:

Ո՛չ ոք չի կարող ժխտել, որ մեր պատմության ամենանշանակալի իրադարձությունը հայերեն նշանագրերի ստեղծումն է կամ հայ գրերի գյուտը, գյուտը մեր ինքնության պահպանման բանալու, որով բացում կամ փակում ենք հայ ազգի հավերժության դուռը: Հայոց այբուբենի տառերը կոչվել են նաեւ զինվորներ:

Մաշտոցը, լինելով նախկին զինվորական, Կորյունի խոսքերով` «Իր սուրբ աջով, հայրաբար ծնեց հայոց նշանագրերը», ստեղծեց երեսունվեց անխոնջ ու զգոն զինվորներից բաղկացած մի ամբողջ զորք, որը դարեր ի վեր պահպանում է մեր հայ հոգու սահմանները օտար մտազավթիչներից, որով մենք կրկին ու կրկին վերանվաճում ենք մեր վստահությունն ու հավատն առ Աստված, քանզի հայերեն գրերի գյուտից հետո էր, որ Աստծո Խոսքը իրապես դարձավ մերը, իսկ մենք վստահորեն դարձանք Նրանը` Քրիստոսինը:

Այս դարակազմիկ իրադարձությունից հետո սկիզբ դրվեց հայ թարգմանական եւ ինքնուրույն գրականությանը: Մեսրոպ Մաշտոցը դարձավ հայերենի առաջին ուսուցիչը, իսկ նրա ավագ եւ կրտսեր աշակերտները դարձան հայ ազգի օրինակելի պարծանքը: Այն ամենը, ինչ արել են նրանք, կարող է անել մեզանից յուրաքանչյուրը, եթե նորից ղեկավարի Աստծուց մեզ շնորհված երկնառաք զորքը` մեր այբուբենը, որը սոսկ այբուբեն չէ, այն մեր Աստծուն` Սուրբ Երրորդությանն ուղղված մի հիասքանչ օրհներգ է: Մեր լեզուն եւ գիրը միայն ի փառս Աստծո կիրարկելով է, որ կկարողանանք բացահայտել մեզ համար կյանքի ճիշտ իմաստը, ճշմարիտ կերպը եւ ճշմարտություն նպատակը: Պատահական ոչինչ չի լինում, եւ պատահական չէ նաեւ տառերի քանակը մեսրոպատառ այբուբենում. երեսունվեց տառ, որոնցով հյուսվում է մարդկային հոգին վերառաքող մի օրհներգ այն դեպքում, երբ մեկից երեսունվեց թվանշանների գումարում ստացվում է մի թիվ, որը խորհրդանշում է մարդկային հոգու եւ էության ստորացումը եւ անկումը:

Այսօր, այս խելահեղ ու խառնաշփոթ աշխարհում մեր գերխնդիրն է հայ լինելը եւ հայ մնալը, մենք չպետք է այլեւս նահանջենք, այլ պետք է վերանվաճենք մեր կորցրած մտահոգությունը մեր իսկ ինքնության հանդեպ: Մենք ունենք մեր պատմությունը, որը այսօր լոկ հիշողություն է, պատմագրություն, պարզապես անցյալ: Կերտողները մեր անցած գնացած պատմության` այսօր իրենք հմտորեն կերտված հուշարձաններ են` մեր հպարտության առարկաները: Մենք հպարտանում ենք մեր անցյալով. դրանով է սահմանափակվում մեր հարգանքի տուրքը նրանց հանդեպ, ում պարտական ենք թեկուզ սոսկ մեր գոյությամբ: Այսօր մենք առավել պատրաստակամ ենք հայ կոչվելու, քան թե լինելու հայ: Ինչու Տիգրան Մեծը ստեղծեց ծովից ծով Հայաստան, անշուշտ ոչ այն բանի համար, որ սահմանափակվենք միայն հայ կոչվելով, ինչու Տրդատ Մեծը հայ ազգին իբրև քրիստոնյա մկրտեց, անշուշտ ոչ այն բանի համար, որ 2001 թվականին մի քանի օր հանդիսավոր կերպով նշենք այդ իրադարձության 1700 ամյակը, ինչու Վարդան Մամիկոնյանը իր քաջերով նահատակվեց հայոց Ավարարյում, անշուշտ ոչ այն բանի համար, որ թութակի նման կրկնենք.«Մահ ոչ իմացեալ մահ է» եւ շարունակենք խեղդամահ լինել քաղքենիության եւ օտարամոլության ճահճում, ինչու Խորենացին գրեց Հայ ազգի ամբողջական պատմությունը, հաստատ ոչ այն բանի համար, որ այսօր մասնատվենք ամերիկաների եւ եւրոպաների միջեւ:

Եկեք չբավարարվենք միայն միայն հիշելով եւ ի պատիվ նրանց հուշակոթողներ կանգնեցնելով. նրանք ոչ միայն մեր պատմության խոշորագույն գործիչներն են, նրանք մեր ինքնության կերտողները, կրողները եւ անփոփոխ կերպով այն մեզ փոխանցողներն են, քանզի ինքնությունը չի կարող հնանալ եւ փոխարինվել մեկ ուրիշով: Հետեւաբար այդ անփոփոխելի եւ անփոխարինելի ժառանգությունը ստացողներս պետք է ապրենք ու շնչենք նրանց հավատամքով եւ առաջնորդվենք նրանց համոզմունքներով: Հավատարիմ մնալ սեփական ինքնությանը, նշանակում է պայքարել կեղծ արժեհամակարգի եւ շինծու չափանիշների դեմ, որոնք առերես ընդգծելով անհատի ինքնատիպությունը` դիմազրկում են այնուամենայնիվ որոշակի ընդհանրություններ ունեցող անհատներից բաղկացած ազգը: Մի առիթով Սուրբ Գրքում ասվում է.«Եւ հնարավոր չէ, որ Գիրը ջնջվի» (Հովհ. 10;35), խոսքը այստեղ իհարկե Սուրբ Գրքի մասին է, սակայն հասկանում ենք նաեւ, որ գրավոր խոսքը ոչ միայն ժամանակակից ունկնդիրների եւ ընթերցողների համար է, այլեւ դարերի եւ սերունդների: Լեզուն մտածողություն է, գիրը` այդ մտածողությունը ամրագրելու, զարգացնելու, վեհացնելու միջոց:

Այդ համոզմունքով սուրբ վարդապետ Մեսրոպ Մաշտոցը, աղոթքով, պահքով եւ անքուն գիշերներ անցկացնելով, տքնեց եւ աստվածային օգնականությամբ հեղինակեց հայոց գրերը: Նա գտավ այն, ինչ պետք էր հենց մեր ազգին, քանզի այդ ազգի մտածողության կրողն էր: Նա փնտրեց եւ ի վերջո գտավ իր փնտրածը, որովհետեւ փնտրեց ճիշտ տեղում` տիեզերքի Ճարտարապետի` Իմաստության մոտ: Մենք այն մեծ ծառի ճյուղերն ենք, որի արմատները հաստատված են Իմաստության վրա եւ սնվում են հավերժության ակունքներից, հետեւա բար պետք է պտղաբերենք` արժանի մնալով այդ արմատներին:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ», հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան


Առաքյալների մասին

ԱՌԱՔՅԱԼՆԵՐ (հուն. απόστολος – առաքյալ՝ ուղարկված, պատգամավոր), Հիսուս Քրիստոսի կողմից ուղարկվածներ՝ քարոզելու բարի լուրը՝ Աստծո թագավորության հաստատումը երկրի վրա:

Ս. Գրքում առկա են առաքելության բազում և տարբեր օրինակներ, ինչպես՝ մարգարեների առաքումը՝ որևէ հանձնարարությամբ, կամ Գաբրիել հրեշտակապետի առաքումը Մարիամ Աստվածածնի մոտ, Հովհաննես Մկրտչի առաքումը Հիսուսի առջևից՝ մարդկանց համար նախապես ապաշխարության ճանապարհը բացելու և այլն: Աստծո գերագույն առաքյալը, սակայն, Աստծո Որդին էր՝ Հիսուս Քրիստոսը, «…որին Աստված ուղարկեց՝ լինելու Քահանայապետն այն հավատի, որ խոստովանում ենք մենք» (Եբր. 3.1):

Հիսուսն իր համար Առաքյալներ ընտրեց Հայր Աստծո կամքի համաձայն. նախ, նրանց արդարացրեց իր՝ Հայր Աստծուց ուղարկվածի նկատմամբ հավատքով, այնուհետև փրկագործեց ու մաքրագործեց նրանց. սովորեցրեց իր երկնային պատվիրանները, պատրաստեց իբրև անոթներ՝ իրենց մեջ կրելու Աստծո Խոսքը. տվեց նրանց «իշխանություն պիղծ դևերի վրա» և իր անունով հիվանդություններ բուժելու զորություն (Մատթ. 10.1): Իր մարմնի՝ որպես երկնավոր հացի, և իր արյան՝ որպես երկնավոր գինու բաշխումը կատարեց նրանց մեջ, հարություն առնելով՝ նրանց օծեց երկնքում և երկրի վրա մեղքերը կապելու և արձակելու արտոնությամբ՝ նրանց վրա Սուրբ Հոգու փչմամբ (Հովհ. 20.21–23), ապա, հարությունից հիսուն օր հետո, երբ արդեն համբարձվել էր, նրանց մկրտեց Հորից շնորհված Սուրբ Հոգով ու հրով, որից հետո միայն զորություն հագնելով, նրանք կարողացան կատարել Հիսուսից տրված առաքելական հանձնարարությունը. «…Գնացե՜ք ուրեմն աշակերտ դարձրե՜ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՜ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28.18–19, տես նաև Մարկ. 16.14–20, Ղուկ. 24.46–48, Հովհ. 20.19–23, Գործք 1.6–8): Հոգեգալստից ի վեր մարդու եկեղեցագործումը կատարում է աշխարհ առաքված Սուրբ Հոգին:

Հիսուսի ընտրած և նրա հետ շրջող Առաքյալները տասներկուսն էին: Նրանք կոչվում են մեծ Առաքյալներ:

Պետրոս առաքյալ (հուն. Պետրոս նշանակում է վեմ), թլփատության անունը՝ Շմավոն, հունացած ձևով՝ Սիմոն կամ Սիմեոն, Հովնանի որդին, Անդրեաս առաքյալի եղբայրը: Հիսուսը նրան անվանել է Կեփաս (արամեերեն՝ վեմ, ժայռ: Հովհ. 1.42): Ծնվել է Բեթսայիդայում, ապրել՝ Կափառնայում քաղաքում: Եղել է ձկնորս: Քարոզել է Հուդայում, Անտիոքում, Հռոմում: Նահատակվել է Հռոմում՝ գլխիվայր խաչվելով (ենթադրաբար՝ 64-ին): Ավանդության համաձայն՝ Հռոմում է նահատակվել նաև նրա կինը: Պետրոս առաքյալից ավանդված գրվածքներն են առաջին և երկրորդ Ընդհանրական թղթերը՝ ուղղված հրեական սփյուռքի հավատացյալներին:

Պետրոս առաքյալն ի սկզբանե Հիսուսին ճանաչեց որպես Աստծո Որդի (Մատթ. 16.15–17, Մարկ. 8.27–29, Ղուկ. 9.18–21), Հովհաննես և Հակոբոս Ա-ի հետ շնորհ ունեցավ Հիսուսից՝ ներկա լինելու Հայրոսի աղջկա հարությանը (Մարկ. 5.35–42, Մատթ. 9.18–26, Ղուկ. 8.40–56), Հիսուսի պայծառակերպմանը Թաբոր լեռան վրա (Մատթ. 17.1–13, Մարկ. 9.1–7, Ղուկ. 9.28–36) և Գեթսեմանիի պարտեզում Փրկչի աղոթքին՝ մահվանից առաջ (Մարկ. 14.32–42, Մատթ. 26.36–46): Թեև երեք անգամ ուրացավ Հիսուսին, ըստ Տիրոջ կանխասացության, բայց վերահաստատվեց առաքելական շնորհի մեջ և հաստատեց իր անունը՝ Վեմ, քանի որ եղավ Երուսաղեմի առաջին քրիստոնեական համայնքի, իսկ հետագայում՝ Պողոս առաքյալի հետ՝ Հռոմի եկեղեցու հիմքը: Նրա գերեզմանի վրա է կառուցվել Հռոմի Ս. Պետրոս եկեղեցին:

Հայ եկեղեցին Պետրոս առաքյալի հիշատակը տոնում է Պողոս առաքյալի հետ, Սուրբ Ծնունդը կանխող Ավագ տոների շարքում, «Գլխավոր առաքյալներ» անվան ներքո:

Անդրեաս առաքյալ, Պետրոս առաքյալի եղբայրը, նույնպես՝ ձկնորս: Սկզբում աշակերտել է Հովհաննես Մկրտչին, ապա եղբոր հետ առաջինն է հետևել Հիսուսին (Մատթ. 4.18–22, Մարկ. 1.16–20, Ղուկ. 5.1–11): Քարոզել է Սկյութիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում (ավանդություն): Նահատակվել է խաչի մահվամբ (ըստ որոշ աղբյուրների՝ Հունաստանում). ըստ ավանդության՝ նրան խաչել են լատ. X տառի ձևով, որը հայտնի է «Անդրեաս սրբի խաչ» անունով:

Հայ եկեղեցին Անդրեասին հիշատակում է Փիլիպպոս առաքյալի հետ, ս. Խաչվերացի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

Հովհաննես առաքյալ եվ ավետարանիչ, Աառաքյալներից ամենակրտսերն է: Նրան և եղբորը՝ Հակոբոս առաքյալին, Հիսուսն անվանել է Բաներեգես՝ Որոտման որդիներ (Մարկ. 3.13–19): Որդիներն էին Զեբեդեոսի և Սալոմեի (Սողոմեի): Ծնվել է Բեթսայիդայում, ապրել Երուսաղեմում: Եղել է ձկնորս: Հովհաննեսը գործունեություն է ծավալել Փոքր Ասիայի եկեղեցիներում և Եփեսոսում: 95-ին աքսորվել է Պատմոս կղզի, այստեղ ունեցել Հայտնության մեջ նկարագրած տեսիլները: Ըստ ավանդության՝ աքսորից վերադարձել է և վախճանվել բնական մահով՝ 94 կամ 95 տարեկան հասակում, մոտ 100-ին: Ասվում է, որ նա, արդեն ալեհեր, շարունակ հորդորել է. «Զավակնե՜րս, սիրեցե՜ք միմյանց»: Հեղինակն է Ավետարաններից մեկի, երեք Ընդհանրականթղթերի և Հայտնության: Հովհաննեսը կոչվել է «սիրեցյալ աշակերտ Հիսուսի»: Նա հետևել է Հիսուսին՝ չարչարանաց գիշերից մինչև Գողգոթա: Խաչի վրայից Հիսուսը Հովհաննեսին արժանացրել է գերագույն շնորհի՝ Մարիամ Աստվածածնին նրա խնամակալությանը հանձնելով: Մինչև Հիսուսին հետևելը աշակերտել է Հովհաննես Մկրտչին: Իր եղբոր՝ Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ ներկա է եղել Հայրոսի աղջկա հարությանը, Հիսուսի պայծառակերպմանը Թաբոր լեռան վրա և նրա վերջին աղոթքին՝ Գեթսեմանիի պարտեզում: Նա էր, որ կիրակի առավոտյան Պետրոսի հետ գնաց Տիրոջ գերեզմանը և, այն թափուր գտնելով, հավատաց Հիսուսի հարությանը՝ նրան դեռ չտեսած:

Հովհաննեսն իր եղբայր Հակոբոսի և Պետրոսի հետ եղել է Երուսաղեմի առաջին եկեղեցու սյուներից մեկը:

Հայ եկեղեցին Հովհաննես առաքյալի տոնը նշում է մյուս երեք ավետարանիչների հետ՝ ս. Խաչվերացի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը, նաև՝ եղբոր՝ Հակոբոս առաքյալի հետ:

Հակոբոս առաքյալ (Հակոբոս Զեբեդյան), Հովհաննես առաքյալի եղբայրը (կոչվում է նաև Ավագ կամ Երեց՝ ի տարբերություն մյուս՝ Հակոբոս Կրտսեր առաքյալի): Ծնվել է Բեթսայիդայում, ապրել Երուսաղեմում: Եղբոր հետ կոչվել է Բաներեգես: Երբ սամարացիներից ոմանք չուզեցին ընդունել Քրիստոսին, Հակոբոսն ու Հովհաննեսը խնդրեցին նրան, որ թույլ տա իրենց երկնքից հուր իջեցնել և այրել նրանց: Ըստ մեկնություններից մեկի՝ այդ պատճառով է Քրիստոսը նրանց անվանել Բաներեգես՝ Որոտման որդիք: Նա Հովհաննես և Պետրոս առաքյալների հետ կազմել է այն առանձնաշնորհյալ եռյակը, որն ավելի մերձ էր Հիսուսին, և ներկա է եղել Տիրոջ ամենախորհրդավոր սքանչելագործություններին: Միակ առաքյալն է, որի նահատակությունը նշված է Գործք առաքելոցում (Գործք 12.1–2): Գլխատվել է Հերովդեսի հրամանով՝ 44-ին, Երուսաղեմում: Հակոբոսը քարոզել է Երուսաղեմում և Հուդայում: Ըստ ավանդության՝ նրա մարմինը նետել են ծովը, և ալիքներն այն դուրս են բերել Իսպանիայի ծովեզերք (Իսպանիայում Հակոբոսը, որպես պաշտելի սուրբ, մեծ ժողովրդականություն ունի):

Հայոց մեջ Հակոբոսը կոչվել է Գլխադիր առաքյալ: Ըստ ավանդության՝ Հակոբոսի գլուխը հանձնվել է Հակոբոս Տյառնեղբայր կամ Կրտսեր կոչված առաքյալին, որն էլ գլուխը թաղել է իր տան պարտեզում: Այս տան տեղում կառուցվել է Երուսաղեմի հայկական Սրբոց Հակոբյանց Մայր տաճարը, որտեղ ցայսօր ի ցույց է դրվում Հակոբոսի գլխի գերեզմանը, այսինքն՝ գլխադիրը: Դա էլ մակդիր է դարձել առաքյալի համար:

Հայ եկեղեցին Հակոբոս առաքյալի հիշատակը տոնում է եղբոր՝ Հովհաննես առաքյալի հետ՝ Սուրբ Ծնունդը կանխող Ավագ տոներին՝ իբրև վերջինը:

Փիլիպպոս առաքյալը Բեթսայիդայից էր: Քարոզել է Փռյուգիայում: Ըստ ավանդության՝ նահատակվել է խաչի մահվամբ՝ Եփեսոսում կամ Փռյուգիայի Հիերապոլիս քաղաքում: Հայ եկեղեցին Փիլիպպոս առաքյալի հիշատակը տոնում է ս. Խաչվերացի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը՝ Անդրեաս առաքյալի հետ:

Բարդուղիմեոս կամ Բարդողիմեոս առաքյալը Գալիլիայի Կանա քաղաքից էր: Հովհաննեսի Ավետարանում հիշվում է միայն իր սկզբնական՝ Նաթանայել անունով: Թադեոս առաքյալի հետ համարվում է Հայ եկեղեցու հիմնադիրը: Նահատակվել է մորթազերծումով, 66-ին, Վասպուրականի Աղբակ գավառում:

Թադեոս, Ղեբեոս կամ Հուդա առաքյալ, Բարդուղիմեոսից առաջ քարոզել է նաև Հայաստանում (հիմնականում՝ Արտազ գավառում): Հովհաննես ավետարանիչը նրան կոչում է այսպես՝ «Հուդան (ոչ Իսկարիովտացին)» (Հովհ. 14.22): Մատթեոս առաքյալն իր Ավետարանում գրում է. «… Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբէոս, որ Թադէոս կոչվեց» (10.3). այս պատճառով էլ կոչվել է նաև Ալփյան՝ եղբոր՝ Հակոբոս Ալփյանի հետ: Նա գալիլիացի էր, Ալփեոսի (կամ Կղեոպասի) և Մարիամի որդին: Նահատակվել է քարկոծմամբ, Հայաստանում, Հայոց Սանատրուկ թագավորի հրամանով, 46-ին: Հեղինակ է (Հուդա անունով) բոլոր քրիստոնյաներին ուղղված Ընդհանրական մեկ թղթի, որտեղ նշավակվում է հերձվածողությունը:

Հակոբոս առաքյալ (Հակոբոս Ալփյան), Թադեոս (Հուդա) առաքյալի եղբայրը, նույնպես ծնվել է Գալիլիայում: Ալփեոսի և Մարիամի որդին: Կոչվել է Հակոբոս Կրտսեր՝ ի տարբերություն Հակոբոս Ավագ առաքյալի: Հակոբոս Ալփյանը սուրբ էր ծննդյան իսկ օրից, և այդ պատճառով միայն նրան է թույլատրվել մտնել Երուսաղեմի տաճարի սրբարանը՝ ժողովրդի համար Աստծուն աղոթելու: Եղել է Երուսաղեմի Մայր եկեղեցու առաջին եպիսկոպոսը: Քարոզել է Եգիպտոսում և Պաղեստինում, նահատակվել 63-ին՝ քարոզելիս (վայր են նետել Երուսաղեմի տաճարի տանիքից): Հակոբոսի անունով առկա է մեկ Ընդհանրական թուղթ: Նրա անունով է ավանդված նաև ս. Պատարագի տեքստը: Հայ եկեղեցին Հակոբոս առաքյալի հիշատակը տոնում է Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը՝ Շմավոն (Սիմոն) առաքյալի հետ:

Մատթեոս առաքյալը եվ ավետարանիչը նախապես եղել է մաքսավոր հայրենի քաղաքում՝ Կափառնայումում: Նրա հրեական անունն էր Ղևի կամ Լևի, որդին էր Ալփեոսի, որի համար էլ կոչվել է Ղևի Ալփյան: Հիսուսը նրան կանչեց հետևելու իրեն, երբ նա մաքսատանը գործի վրա էր: Նա անմիջապես թողեց գործը և հնազանդվեց Տիրոջը (Մատթ. 9.9–13, Մարկ. 2.13–17, Ղուկ. 5.27–32): Ղևին վերանվանվել է Մատթեոս, որը նշանակում է «պարգև»: Նա իր տանը մեծ ընդունելություն է ցույց տվել Հիսուսին ու նրա աշակերտներին, հրավիրելով նաև պաշտոնակիցների՝ մաքսավորների, հարկահավաքների: Փարիսեցիներն ու դպիրները մեղադրել են Հիսուսին, թե ինչո՜ւ է նա մաքսավորների ու մեղավորների հետ սեղան նստել: Այստեղ է Հիսուսը տվել իր նշանավոր պատասխանը, թե՝ «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին», և թե՝ «…ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ…» (Մատթ. 9.11–13): Մատթեոս առաքյալը Տիրոջ խոսքը քարոզել է պաղեստինյան հրեաներին, ապա մեկնել Աֆրիկա, քարոզել և, ըստ ավանդության, մեծ չարչարանքների ենթարկվելով, նահատակվել Եթովպիայում: Մատթեոս առաքյալը հեղինակ է Նոր կտակարանի առաջին գրքի՝ Մատթեոսի Ավետարանի:

Հայ եկեղեցին Մատթեոս առաքյալի ու ավետարանչի հիշատակը նշում է մյուս երեք ավետարանիչների հետ՝ ս. Խաչվերացի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

Թովմաս առաքյալը, Երկվորյակը (հուն. Դիդիմոս՝ երկվորյակ. ավանդության համաձայն՝ այդպես է կոչվել Թադեոսի կամ մեկ այլ աշակերտի եղբայրը լինելու պատճառով) Գալիլիայից էր: Նրա մասին ակնարկված է երեք Ավետարաններում (Մատթ. 10.1–4, Մարկ. 3.13–19, Ղուկ. 6.12–16), իսկ Հովհաննեսի Ավետարանում հիշատակվում է Ղազարոսին հարություն տալու առնչությամբ, երբ Հիսուսն աշակերտներին առաջարկել է գնալ Բեթանիա՝ մեռած Ղազարոսին «արթնացնելու»: Այս անձնուրաց և Հիսուսին մինչև մահ հետևելու պատրաստ Թովմասը, սակայն, թերհավատություն ցուցաբերեց հարուցյալ Հիսուսի նկատմամբ և մինչև իր աչքով չտեսավ Հիսուսին մարմնով հարություն առած, չհավատաց, բայց և տեսնելուց հետո ասաց. «… Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ» (Հովհ. 20.24–29): Քարոզել է Սիրիայում, Պարսկաստանում և Հնդկաստանում, որտեղ և նահատակվել է՝ աղոթքի ժամանակ նետահարվելով (ավանդություն): Ցայսօր էլ Արևելյան Հնդկաստանում կան իրենց «Թովմաս առաքյալի քրիստոնյաներ» կոչող հավատացյալներ: Գերեզմանը ցույց է տրվում Մադրաս քաղաքի մոտ:

Հայ եկեղեցին Թովմաս առաքյալի հիշատակը տոնում է Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

Սիմոն կամ Շմավոն առաքյալ՝ Նախանձահույզ կոչված (հավանաբար՝ Նախանձահույզների շարժմանը հարած լինելու պատճառով): Կանա քաղաքից էր: Անվանվել է նաև Սիմոն Կանանացի: Ըստ Հույն եկեղեցու ավանդության՝ նա էր Կանայի հարսանիքի փեսան: Հարսանիքին Աստվածամոր հետ ներկա է եղել Հիսուսը և գործել առաջին հրաշքը՝ ջուրը վերածելով գինու (Հովհ. 2.): Մեկ այլ ավանդության համաձայն՝ նա քարոզել է Աֆրիկայում, Մեծ Բրիտանիայում, Պարսկաստանում, որտեղ և նահատակվել է խաչի մահվամբ:

Հայ եկեղեցին Սիմոն կամ Շմավոն առաքյալի հիշատակը տոնում է Հակոբոս առաքյալի հետ՝ Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

Հուդա Իսկարիովտացին իր սուրբ կոչումից ընկավ և առաքյալ չկոչվեց, այլ՝ մատնիչ և դավաճան: Նա ընտրված էր և շրջում էր Հիսուսի աշակերտների հետ՝ պահելով նվիրատվությունների համար նախատեսված գանձարկղը: Նրա մասին մատնության գիշերը Հիսուսն ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Հովհ. 13.21): Հուդան 30 արծաթով մատնել է Հիսուսին անհավատ հրեաների ձեռքը (Մատթ. 26.47–56, Մարկ. 14.43–50, Ղուկ. 22.47–53, Հովհ. 13.3–11) և ապա, արծաթ դրամը նետելով եկեղեցու մեջ, ինքնասպան եղել: Նրա զըղջումն ընդունելի չեղավ Աստծուն: Եկեղեցու մեկնաբանական ընթերցվածքի համաձայն՝ նա ինքն իրեն սպանել է ոչ թե ճշմարիտ զղջումից ելնելով, այլ՝ չարության հարուցած հուսահատությունից, ստանալով իր անիրավության վարձը: Պետրոս առաքյալը Հուդայի վերաբերյալ բերում է սաղմոսների մարգարեական խոսքերը. «Թող նրա տունը ավերակ լինի, և չգտնվի մեկը, որ նրա մեջ բնակվի» և՝ «Նրա պաշտոնը թող ուրիշն առնի» (Գործք 1.15–26): առաքյալները, Պետրոս առաքյալի առաջնորդությամբ, վիճակ գցելով, «կորստյան որդու»՝ Հուդա Իսկարիովտացու փոխարեն ընտրել են Մատաթիային:

Մատաթիա («Տիրոջ պարգև») առաքյալը հիշված է Գործք առաքելոցում (Գործք 1.15–26): Վիճակահանությամբ ժամանակավորապես դասվել է տասնմեկ առաքյալների շարքը՝ որպես տասներկուերորդը: Նա Հուդայից էր, հետևորդը Հիսուսի՝ Հորդանան գետում նրա մկրտությունից մինչև համբարձվելը: Հավանաբար քարոզել է Հրեաստանում և Եթովպիայում (ավանդություն), նահատակվել՝ քարկոծմամբ: Պողոս առաքյալի՝ աստվածային հայտնությամբ ընտրվելուց հետո Մատաթիան դասվել է Քրիստոսի 70 (72) աշակերտների շարքը:

Հայ եկեղեցին Մատաթիա առաքյալի հիշատակը տոնում է ս. Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ Անանիայի, Փիլիպպոսի և մյուս սրբերի հետ:

Պողոս առաքյալը, որը համարվում է 13-րդը, ծնունդով Կիլիկիայի Տարսոն քաղաքից էր, որի համար էլ կոչվել է Տարսոնացի: Հրեական անունը՝ Սավուղ (հունական ձևով՝ Սողոս): Հռոմի քաղաքացի էր, կրթությամբ ու դավանանքով՝ փարիսեցի, արհեստով՝ վրանագործ: Ելնելով հայրենի օրենքի և ավանդույթի հանդեպ նախանձախնդրությունից՝ հալածել է քրիստոնյաներին, նրանց մատնել աքսորի և սպանության: Նա մասնակից էր Ստեփանոս Նախավկայի սպանությանը (Գործք 7.54–59): Սակայն Սավուղը կամ Սողոսը (Գործք 9.) Դամասկոս մեկնելու ճանապարհին հանդիպել է հարուցյալ Հիսուսին, որը նրան կարգել է հեթանոսների առաքյալ: Հիսուսին որպես Աստծո Որդի և Փրկիչ ընդունելուց հետո նա, Սուրբ Հոգով լցված, քարոզել է Դամասկոսում, Երուսաղեմում, Անտիոքում, Կիպրոսում, Պամփյուլիայում, Լյուստրիայում (Իկոնիոն), Փռյուգիայում, Հունաստանում, Հռոմում և այլուր՝ ենթարկվելով բազում հալածանքների, չարչարանքների, աքսորի, արկածների, բանտարկության ևն: Պողոս առաքյալը հեղինակ է 14 առաքելական թղթերի, որոնք Ընդհանրական եկեղեցին դիտում է որպես ուղեցույց թղթեր՝ Քրիստոսի վարդապետության ճշմարիտ ընկալման առումով: Դրանք ուղղված են հռոմեացիներին, կորնթացիներին, եբրայեցիներին, հեթանոս նորադարձներին և սփյուռքի հավատացյալ հրեաներին: Պողոս առաքյալի թղթերը համարվում են քրիստոնեական մտքի ռահվիրաներ՝ գրված ավելի վաղ, քան Ավետարանները: Նա Հռոմում, 67 կամ 68-ին, Ներոն կայսրի օրոք, մարտիրոսական պսակ է ընդունել՝ գլխատվելով:

Հայ եկեղեցին Պողոս առաքյալի հիշատակը տոնում է Պետրոս առաքյալի հետ, Ավագ տոների ընթացքում (Սուրբ Ծննդից շուրջ 10 օր առաջ):

Հայ եկեղեցին Քրիստոսի առքյալների հիշատակը տոնում է նաև միասին՝ Հոգեգալստյան վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը («Սրբոց երկոտասան առաքելոցն Քրիստոսի և Սրբոյն Պողոսի երեքտասաներորդ առաքելոյն»):

Յոթանասուն կամ յոթանասուներկու աշակերտներ կամ առաքյալներ:

Բացի տասներկուսից Հիսուսն ընտրեց նաև յոթանասունին (ըստ այլ հաշվարկների՝ յոթանասուներկուսին), որոնց ևս տվեց իշխանություն՝ Ավետարանը քարոզելու, մարդկանց միջից դևեր հանելու և զանազան բժշկումներ կատարելու (Ղուկ. 10.1–24): Նրանց անունները ստույգ հայտնի չեն, թեև կան որոշ պարականոն զրույցներ, որոնցում հիշատակվում են ինչ-ինչ անուններ ու վարքաբան. դրվագներ: Սակայն ամենահավաստի իրողությունն այն է, որ դա եղել է առանձին խումբ՝ Աստծո Որդու թագավորության բարի լուրը քարոզելու և Սուրբ Հոգով բժշկելու համար: Ի տարբերություն տասներկուսի, որոնք միշտ Հիսուսի հետ են շրջել, նրանք գործել են նաև առանձին-առանձին՝ ուղարկվելով Հրեաստանի տարբեր գավառներ, իսկ Հիսուսի խաչելությունից ու համբարձվելուց հետո՝ նաև աշխարհի տարբեր երկրներ:

Ըստ եկեղեցու մեկնողական ընթերցման՝ Հին ուխտում նկարագրված տասներկու աղբյուրները խորհրդանշում են տասներկու աշակերտներին, յոթանասուն կամ յոթանասուներկու արմավենիները՝ յոթանասուն (յոթանասուներկու) աշակերտներին (Ելք 15.27), իսկ երկու խմբերը, իրենց թվաքանակով, Հիսուսից (իբրև Կենտրոնից) մերձ կամ հեռու լինելով, կարծես խորհրդանշում են երկնային ու տիեզերական իրողություններ:

Յոթանասնից առաջ սրբերի առանձին խումբ են նկատվում Բեթղեհեմի մանուկները: Գործքում և առաքելական թղթերում հիշատակվում են առաքելություն ունեցող այլ անձինք ևս (Բառնաբաս, Շիղա և ուրիշներ): Ավետարաններում առկա են և ակնարկվում են նաև այլ խմբեր ու առանձին անձեր, որոնց անունները և գործունեությունը գաղտնի են (լրիվ կամ մասամբ): Դրանցից մեկն է մեծահարուստ Հովսեփ Արիմաթացին՝ Հիսուսի ծածուկ աշակերտներից մեկը, որը երևում է միայն Հիսուսին խաչից իջեցնելու ու թաղելու ժամանակ (Մատթ. 27.57–58, Մարկ. 15.42–43, Ղուկ. 23.50–53, Հովհ. 19.38): Ավետարաններում առկա են նաև այլ խորհրդավոր դրվագներ ու անձեր (ինչպես, օրինակ, զատկական ընթրիքի համար իր վերնատունը տրամադրող անձը), որոնք ունեցել են աստվածային որոշակի պատվեր և որոշակի առաքելություն:

Հայ եկեղեցին Յոթանասնից հիշատակը նշում է ս. Խաչվերացի չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան


Վարդավառ 

Ինչո՞ւ ենք Պայծառակերպության տոնը Վարդավառ կոչում

Պատասխան. Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը, այդպես էլ Տերը նախքան Իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը բացվելով բոլորին հայտնապես երևում է, այդպես էլ մեր Տերն այսօր պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը:

Վարդը փշերի մեջ է բուսնում, այդպես էլ մեր տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին Նրան: Վարդն անուշահոտություն է բուրում, այդպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով ընկան խոր քնի մեջ:

Իսկ նախնիներն այդ տոնը Վարդավառ անվանեցին, որովհետև վարդը քանի դեռ կոկոն է, ո՜չ իր գեղեցկությունը և ո՜չ էլ իր անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես քաղցրությունից շարժվելով փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում: Այդպես էլ Քրիստոս կուսական արգանդում սնվեց ու զարգացավ ինչպես կոկոն և ապա ծնվելով՝ աստղերով ու հրեշտակներով հայտնվեց մոգերին ու հովիվներին, իսկ հասնելով կատարյալ հասակին՝ հայտնվեց մարդկանց՝ նշաններով ու սքանչելիքներով:

Տերը մարմնի վարագույրով ծածկվելով ինչպես կոկոն, այսօր բացվելով հայտնեց հայրենի փառքը, իսկ անուշահոտության բուրմունքով՝ Աստվածությունը:

Վարդն ունի երեք որակ. կարմրություն, սպիտակություն և անուշահոտություն, ինչը խորհրդանշում է Երրորդությունը: Իսկ Քրիստոսի տնտեսության խորհրդում կարմրությունը խաչի վրա թափված արյունն է, սպիտակությունը՝ անմեղությունը, իսկ անուշահոտությունը՝ Հոգին, որ փչեց առաքյալների վրա՝ ասելով. «Առե՜ք Սուրբ Հոգին»: Եվ դա ըստ այս խոսքի. «Իմ սիրեցյալը սպիտակ է և կարմիր, ընտրյալ է՝ տասը հազարից» (Երգ Ե 10):

Այսօր առաքյալները կարգվեցին ուսուցիչ ու վարդապետ ողջ աշխարհի համար, և Տերն այսօր համբերության ու աղքատության դաս տվեց աշակերտներին Մովսեսի ու Եղիայի միջոցով, որպեսզի աշակերտները նրանց նման լինեն:

Հարց. -Ինչո՞ւ ենք Վարդավառը տոնում Հարությունից ու Համբարձումից հետո, քանզի Տերը խաչելությունից քառասուն օր առաջ պայծառակերպվեց:

Պատասխան. -Քանզի Ինքն ասաց, որ Իր մասին չպատմենք մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը (տե՜ս Մատթ. ԺԷ 9), այդ պատճառով Հարության տոնը կատարելուց հետո ենք Վարդավառը տոնում:

Այն բանից հետո, երբ մեռելները հարություն առան, մտան քաղաք և շատերին հանդիպեցին, ժողովուրդը հավատաց, որ Վարդապետը բերել է Եղիային և Մովսեսին հարություն է տվել: Իսկ երբ տեսան կատարվածները. երկրաշարժը, արեգակի խավարումը, Տիրոջ Հարությունը և Սուրբ Հոգու գալուստը, հավատացին, որ Տերը պայծառակերպվել է:

Հիսուսի պայծառակերպությունը

(Մատթ. ԺԷ 1-13, Մարկ. Թ 2-12, Ղուկ. Թ 28-36)

«Վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին, և նրանց հանեց առանձին, մի բարձր լեռ և նրանց առաջ պայծառակերպվեց. և Նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը» (Մատթ. ԺԷ 1-2):

Այն այրերին, որոնց ասաց, որ մահ չեն ճաշակելու մինչև Իր գալստյան նշանը տեսնելը, հանեց լեռան գագաթը և ցույց տվեց, թե ինչպես է Ինքը գալու վերջին օրը՝ Աստվածության փառքով ու Մարմնով: Նրանց լեռը հանեց, որպեսզի ցույց տա, թե Ով է Ինքը կամ՝ Ով է Որդին: Որովհետև մարդիկ Նրա մասին ասում էին, թե Հովհաննես Մկրտիչն է, իսկ ուրիշները՝ Եղիան, ոմանք էլ թե՝ Երեմիան, կամ մարգարեներից մեկը, այդ պատճառով էլ այսօր նրանց լեռը բարձրացրեց, որպեսզի ցույց տա նրանց, որ Ինքը Եղիան չէ, այլ Եղիայի Աստվածը, և Երեմիան չէ, այլ Նա, Ով սրբեց Երեմիային որովայնից (տե՜ս Երեմ. Ա 4): Եվ ոչ էլ մարգարեներից մեկն է, այլ մարգարեների Տերը, Ով առաքեց նրանց: Եվ որպեսզի ցույց տա նրանց, որ Ինքն է Արարիչը երկնքի ու երկրի և Տերը՝ ողջերի ու մեռելների: Ինքն է հավիտենականությունից առաջ Հորից ծնված Աստծու Որդին, այնպես, ինչպես Ինքը գիտի, առանց սերմի ծնվելով և անապական պահելով Իր ծնողի կուսությունը:

Լեռը տարավ, որպեսզի ցույց տա Իր Աստվածության փառքը և ճանաչեցնի նրանց, թե Ինքը Նա է, Ով փրկելու է Իսրայելը, ինչպես որ մարգարեների միջոցով էր հայտնել, որպեսզի աշակերտները չգայթակղվեն՝ տեսնելով Նրա կամավոր չարչարանքները, որն Իր մարդեղությամբ կրելու էր մեր փրկության համար:

Աշակերտները Նրան որպես մարդ էին ճանաչում և չգիտեին, որ Նա Աստված է: Ճանաչում էին Նրան որպես Մարիամի որդի, բայց Տերը նրանց հայտնեց, որ Ինքն Աստծու Որդին է: Տեսնում էին Նրան, որ ուտում է և ըմպում, հոգնում ու չարչարվում, տքնում ու ննջում, երկնչում ու քրտնում և խորհում էին, որ սա չի վայելում աստվածային բնությանը, այլ՝ մարդկային բնությանը: Այդ պատճառով էլ հանեց նրանց լեռան գագաթը, որպեսզի ցույց տա Իր թագավորությունը մինչ Իր մահանալը, որովհետև Հայրը ձայն պիտի տար Որդուն և հայտներ աշակերտներին Իր փառքը, որ Նա Իր Որդին է ճշմարտությամբ ու Աստվածությամբ: Տերը ցույց տվեց նրանց Իր զորությունն ու փառքը, մինչ Իր անարգվելը և Իր պատիվը, նախքան նախատվելը, որպեսզի երբ հրեաների կողմից ձերբակալվի ու խաչվի, իմանան, որ Իր տկարության պատճառով չխաչվեց, այլ կամովին և հաճությամբ, որպեսզի աշխարհը փրկի:

Այն մեծ խորհուրդը, որ կատարեց Քրիստոս Թաբոր լեռան վրա, մինչ այդ երբեք չէր եղել, քանզի բոլոր տեղերից այնտեղ հավաքվեցին. երկնքից երևաց Սուրբ Երրորդությունը՝ Հայրը ձայնով, Սուրբ Հոգին՝ լուսավոր ամպով, իսկ Որդին՝ պայծառակերպված, դժոխքից եկավ Մովսեսը, իսկ Դրախտից՝ Եղիան: Եղիան նաև մարդկանց կողմից եկավ: Այդտեղ էին նաև Քրիստոսի աշակերտները, ովքեր դեռևս չունեին բավարար միտք:

Ամբողջ ժամանակ, որ մեր Տերն աշխարհում շրջեց, առավելապես ըստ մարդկային խոնարհության անցկացրեց, իսկ այդ լեռան վրա Իր ահավորությամբ հրեշտակներին էլ գերազանցեց: Ոչ միայն, որ լուսեղեն փառքով երևաց, այլ նաև, որ խորտակեց մահվան դռներն ու իրականացրեց առաքյալներին տված Իր խոստումները:

Այդտեղ ճշմարիտ արքայությունն էր, քանի որ այդտեղ միասնական Երրորդությունը լիալիր էր: Աստված ինչ-որ վայրում չի լինում, սակայն երևաց մարմնավորներին՝ ինչպես տարածական: Ու այն տեղը, ուր Աստված հայտնվեց, առանց վարանելու կարելի է արքայություն կոչել, քանի որ արքայությունը այն է, ուր Աստվածությունն է երևում:

Արամ Դիլանյան


Տոն Շողակաթի
(Նավակատիք Աստվածածնի Վերափոխման տոնի)

Այս տոնը հիշատակն է սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, ըստ որի՝ Աստծու Միածին Որդին, ոսկե ուռը ձեռքին՝ իջավ Վաղարշապատ քաղաքը և Նրա իջման տեղում (որը կոչվեց Էջմիածին) կաթեց աստվածեղեն շողը և լուսեղեն տեսիլքով գծագրվեց Մայր եկեղեցու շինության ձևը: Այդ պատճառով էլ այս տոնը կոչվում է Շողակաթ: Շողակաթ է կոչվում նաև Լուսավորչի կառուցած երեք տաճարներից այն մեկը, որի կառուցման տեղի վրա երևացել էր լույսի առաջին ծագումը, նախքան Մայր տաճարի տեղում լուսեղեն շինության գծագրումը:

Այս տոնը կատարվում է Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը և հանդիսանում է Վերափոխման նավակատիքը: Քանի որ Քրիստոսի շնորհական մայրը՝ սուրբ Եկեղեցին, ամեն օր ծնում է Քրիստոսին իր սրտում՝ սուրբ Սեղանի վրա, այդ պատճառով էլ սուրբ Գրիգորի կողմից Սուրբ Էջմիածնի տաճարի ավագ խորանն Աստվածածին է կոչվում: Դա է պատճառը, որ Աստվածածնի պատկերը դրվում է եկեղեցիների սուրբ Սեղանների վրա:

Երբ Նոյը ելնում է տապանից, իջնում է Արարատյան դաշտ և այնտեղ, ուր հետագայում Վաղարշապատ քաղաքն էր կառուցվելու, սեղան է պատրաստում և Աստծուն ողջակեզ մատուցում՝ որպես հաշտության պատարագ: Այնուհետև՝ Նոյից շատ տարիներ անց, Աստված ծագեցնում է տիեզերքի արփիական լույսին՝ սուրբ Գրիգորին, ով ծաղկազարդելով պայծառացնում է մեր մարդկային հոգիները: Նա ելնելով Վիրապից՝ գալիս է Վաղարշապատ, ուր նախ ամփոփում է Հռիփսիմյանց սուրբ կույսերի նշխարները (ովքեր տակավին անթաղ էին մնացել), ապա ուղղաշավիղ վարդապետությամբ լուսավորում հավատացյալներին և մշտամաքուր սրտով ու հրեշտակային վարքով, հորդառատ ու մարգարեական խոսքերով ժողովրդին ուսուցանում աստվածային պատգամները՝ նրանց խավարամած կռապաշտությունից դեպի աստվածպաշտության լույսը տանելով և իր զվարթալույս խոսքերով նրանց փշոտ ու տատասկոտ ճանապարհներից հանելով՝ երկնքի ճանապարհին է մերձեցնում: Ինչպես հնում Մովսեսն արեց Իսրայելի համար, այնպես էլ նորում Գրիգորն է անում՝ բոլորիս Արարչին մեզ հետ հաշտեցնելով և զարմացնելով երկնային զորքերին: Նա ցերեկը վարդապետելով քարոզում էր, իսկ գիշերներն աղոթքով անցկացնում:

Վիրապից ելնելուց երեսուն օր անց տեսնում է հրաշալի ու սքանչելի, ահեղ ու զարմանալի մի տեսիլք, քանզի Տերը չէր կամենում անտեսել Իր ճշմարիտ ծառային, ով Իր անվան համար բազում չարչարանքներ կրեց:

Այդ տեսիլքի մասին Ագաթանգեղոսն այսպես է գրում. «Գիշերվա կեսին հանկարծակի սաստիկ ձայն եղավ, որոտման թնդյուն: Բացվեց երկնքի հաստատության խորանաշեն ծածկը և մի այր իջավ լույսի կերպարանքով, կանչեց իմ անունն ու ասաց. «Գրիգո՜ր»: Նայեցի, տեսա նրա կերպարանքը և զարհուրած դողալով գետին ընկա: Նա ասաց ինձ. «Դու վեր նայիր և տես հրաշքները, որ քեզ ցույց եմ տալու»: Եվ ես նայեցի ու տեսա երկնքի հաստատությունը բացված, և նրա վրայի ջրերը՝ ճեղքված և ձորերի ու լեռների կատարների նման այս ու այն կողմ բաժանված ու դիզված, աչքի տեսողության համար անբավ ու անկշռելի: Իսկ լույսը վերևից ներքև հոսելով մինչև երկիր էր հասնում. և լույսի մեջ տեսա անչափ զորք, որոնք լուսեղեն էին, երկթև և մարդկային կերպարանք ունեին և որոնց թևերը կրակի նման էին: Նրանք մանր փոշու հյուլեների նմանություն ունեին, որ արեգակնակեզ գարնան ժամանակ պատուհանների կամ երդիկների լույսնացույցի վրա շողերի մեջ խաղում է:

Տեսա մարդկային մի ահավոր կերպարանք, բարձր ու ահեղ, որն առջևից էր ընթանում և վերևից մինչև ներքև վայրէջքի առաջապահն էր: Նա ձեռքին ուներ ոսկե մի մեծ մուրճ, և բոլորը Նրա ետևից էին գալիս: Ինքը գալիս էր սլանալով, խոյանալով արագաթև արծվի նմանությամբ ու իջավ հասավ մինչև երկրի հատակը, քաղաքի մեջտեղը, խփեց լայնատարած գետնին, որից մեծ ու անչափ թնդյուններ հնչեցին անդունդների սանդարամետից: Ամբողջ երևացող երկիրը, աչքին տեսանելի լինելու չափ, հարթ հավասար դաշտաձև տափակացավ: Եվ տեսա քաղաքի մեջ, արքունի ապարանքի մոտ, ճախարակաձև ոսկե խարիսխ, խոշոր բլրի մեծությամբ և նրա վրա հույժ բարձր հրեղեն սյուն, իսկ վրան՝ ամպե խոյակ՝ լուսեղեն խաչով:

Նայեցի և տեսա երեք այլ խարիսխներ ևս. մեկն այն տեղում, ուր նահատակվեց սուրբ Գայանեն՝ երկու ընկերների հետ, մյուսն այն տեղում, ուր սուրբ Հռիփսիմեն նահատակվեց երեսուներկու ընկերների հետ և մեկն էլ՝ հնձանի տեղում: Այդ խարիսխները կարմիր էին արյան գույնով, սյուներն ամպեղեն էին, և խոյակները՝ հրեղեն: Երեք սյուների վրա կային լուսեղեն խաչեր՝ տերունական խաչի նմանությամբ, և այս սյուների խաչերը նման էին այն լուսեղեն սյունի խոյակին, որը նրանցից բարձր էր: Չորս սյուների խաչերի վրա զարմանատես կամարներ միմյանց կապվեցին և դրա վրա գմբեթաձև խորանարդ ու աստվածակերտ, զարմանալի ամպեղեն շինվածք տեսա: Խորանից ներքև կամարների վրա տեսա այս երեսունյոթ սուրբ վկաներին՝ սպիտակ հանդերձների լուսավոր կերպարանքով, որն անկարող եմ պատմել:

Շինվածքի կատարին տեսա զարմանալի, աստվածակերտ, սքանչելի, հրեղեն աթոռ, և նրա վրա կար տերունական խաչը: Համատարած լույսը նրան պարուրելով խառնվեց խաչի ճառագայթներին և կպչելով միաձուլվեց: Շողացող լույսը սյուն դառնալով ցայտեց խարիսխների ներքին սյուների մեջ:

Եվ հորդաբուխ աղբյուր բխեց, հոսեց ու ծավալվեց բոլոր դաշտերում և ամեն ինչ լցրեց, որչափ աչքը տեսնում էր: Եղավ լի ու կապտագույն ծով, և դաշտերն առհասարակ երկնագույն երևացին: Տեսա հրեղեն սեղաններ, անչափ բազմությամբ և ամեն մի սեղանի վրա՝ մեկական սյուն՝ վրան մեկական խաչով, որոնք իբրև աստղերի բազմություն երևացին և անչափ փայլեցին:

Տեսա և սև գույնի այծերի անթիվ հոտեր, որոնք ջուրն անցնելով ոչխարներ դարձան, և նրանց գույնը սպիտակության փոխվեց: Ոչխարների լուսեղեն բուրդը փայլում էր, ու նրա ճառագայթները փայլատակում էին: Մինչդեռ նորից նայում էի, հոտերը հանկարծակի ծնվեցին ու բազմացան, ծնունդներն ամեն կողմ լցրին, և ծնված գառներն ամենքն էլ լուսագեղմ էին: Հանկարծ այլ ծնունդներ շատացան, բազմացան, և կեսն ընկնելով գետի մեջ, ջրի այն կողմը ելան: Գառները դառան թուխ գայլեր և գնացին հարձակվեցին հոտերի վրա, սկսեցին կոտորել, և արյան ճապաղիք եղավ: Մինչդեռ նայում էի, տեսա, որ հոտերին թևեր աճեցին և դարձան թևավորներ ու վերացան, խառնվեցին լուսեղեն զորքերին: Ապա հրեղեն հեղեղ բարձրացավ ու վերցրեց տարավ գայլերին»:

Ըստ տեսիլքի երկնքի հաստատաշեն խորանի բացվելը նշանակում է Աստծու մարդասիրության հայտնվելը ստորիններին: Մեծ թնդյունը նշանակում է, որ աստվածային ողորմության անձրևը վերստին ցողվում է մարդկանց վրա: Իսկ բացված հաստատությունը և ջրերի բազմությունը, որ կուտակված կային այս և այն կողմում, ցույց է տալիս, որ մարդկանց համար բացվել է երկինք ելնելու ճանապարհը: Լույսի սաստիկ հեղումը բարձունքից, որը լցնում է ամբողջ երկիրը, նշանակում է Լույսի քարոզությունը և Ավետարանի տարածումը ստորինների մեջ: Իսկ լուսեղեն զորքը, որ իջնում է լույսի հետ միասին, երևաց ի պատիվ վկաների, նաև մարդկանց խրախուսելու ու մեզ հետ լինելու համար:

Ահավոր ու շքեղ Այրը, Ով գնում էր լույսի առջևից և Իր ձեռքի ոսկի մուրճով հարվածեց սանդարամետին, Դա Աստծու Միածին Որդին է, Ում հայացքից դղրդում է երկիրը և մոտենալուց ծխում են լեռները, և անդունդներում սուզվում սատանայի մոլորագնդերը: Երկրի հնչելը նշանակում է մարդկանց հնազանդությունը Կենաց խոսքի քարոզությանը:

Սյունը, որի խարիսխը ոսկի է, և ինքը՝ հրեղեն, խոյակն ամպեղեն և վրան լուսեղեն խաչ, Կաթողիկե Եկեղեցին է, որն իր թևերի տակ հավաքում է բոլոր ժողովուրդներին հավատի մի միության մեջ: Ոսկյա խարիսխը հաստատության անշարժ վեմն է: Ամպեղեն խոյակը նշանակում է, որ արդարներն ամպով են վերանալու Քրիստոսին ընդառաջ, ինչպես ասում է առաքյալը (տե՜ս Ա Թեսաղ. Դ 16): Իսկ լուսեղեն խաչը մեծ քահանայապետությունն է ժողովրդի մեջ և օրինակն է Քրիստոսի մարմնացյալ պատկերի, Աստվածորդու քահանայապետության: Այդ տեղում Աստծու տաճարն է, բոլոր հավատացյալների աղոթքի ու խնդրանքների տունը և քահանայապետության աթոռը:

Երեք խարիսխները, որոնք արնագույն կարմիր էին, նահատակների նեղությունների, չարչարանքների ու մահվան համբերությունն են խորհրդանշում, քանզի իրենց մահը հավատի ճշմարտության խարիսխ դարձրին՝ իրենց արյունը թափելով: Ամպեղեն սյուները երևացին, որովհետև ամպը հարության, երկինք վերանալու թեթև արագություն ունի: Հրեղեն խոյակը նշանակում է, որ նրանց բնակությունն աստվածային լույսի հրի մեջ է լինելու: Խաչերը խորհրդանշում են նահատակների չարչարանքները, որոնք նման են Տիրոջ չարչարանքներին, քանի որ Աստծով ապրեցին և Քրիստոսի հետ խաչվեցին, և Քրիստոս կենդանի է նրանց ոսկորներում: Քանզի նրանք իրենց մարմինը կախեցին տերունական խաչից. և ինչպես չարչարանակից եղան իրենց Տիրոջը, այդպես և հաղորդակից են լինելու Նրա փառքին ու զորությանը:

Առաջին խաչը քահանայապետության պարծանքն է՝ Քրիստոսի խաչի փառավորությամբ, իսկ մյուս երեքը հայտնում են սրբերի հանգստարանների տեղերը: Առաջին սյունը բարձր երևաց, քանի որ այն պատիվն է Կաթողիկե Եկեղեցու, որը շինվեց Քրիստոսի Արյամբ և մեծ է, քան բոլոր մեծությունները: Իսկ կամարները, որոնք սյուները կապում են միմյանց, ցույց են տալիս Եկեղեցու միասնությունը, որոնք շինվեցին տիեզերքի տարբեր ծայրերում նույնադավան խոստովանությամբ: Իսկ վերին խորանը խորհրդանշում է վերին մայրաքաղաքը՝ Երկնքի արքայությունը, որում բնակվում են Աստծու վկաները: Նրա վրա ցույց տրվեց Աստծու աթոռը, որն Եկեղեցու գլուխն է:

Խաչին փարված լույսն Աստծու Հոգին է, Ով փառավորում է Որդուն: Այն խառնվեց ճառագայթին, քանզի Նա Որդուց է վերցնում և պատմում Իրեն սիրողներին: Դրանք իրար միացան, քանզի մեկ է Աստվածության էությունը, մեկ է գիտությունը և դավանությունը, որը սովորեցինք Որդուց և ընդունեցինք Հոգուց: Սյուների մեջ լույս ծագեց, որտեղից և հորդաբուխ աղբյուր բխեց, քանզի Կաթողիկե Եկեղեցուց են շնորհները, իսկ նահատակների ու քահանայության մեջ բխելու է մկրտության աղբյուրը՝ լվանալու համար հոգու ախտը մարմնականով հանդերձ: Իսկ այն, որ հորդեց և լցրեց շատ վայրեր, նշանակում է, որ մկրտությամբ բազմաթիվ ժողովուրդների փրկություն է լինելու: Դաշտերը երկնագույն երևացին, քանզի երկիրն երկնքի նման է լինելու, ինչպես հրեշտակների ու մարդկանց հավասարություն:

Հրեղեն սեղանների բազմությունն Աստծու սեղաններն են, որոնք քավություն կբաշխեն բոլորին: Հրեղեն են սեղանները, որպեսզի Հոգու պաշտամունքը փառքով լինի: Սեղանների վրայի մեկական սյուները քահանայական պաշտամունքներն են, իսկ վրայի խաչերը՝ Քրիստոսի անունն ամենուր փառավորելու նշանակներն են: Նրանք երկնքի աստղերի նման բազում էին, որովհետև սրբության պաշտամունքն աստղերի նման պիտի բազմանա:

Սև այծերի բազում հոտերը, որոնք ջուրը մտնելով դարձան սպիտակ ոչխարներ, նշանակում են, որ աստվածային շնորհների աջը քահանայության միջոցով է հասնելու, որի ձեռքը բխեցնելու է մկրտության աղբյուր՝ բազում մեղավորների թողության ու քավության համար: Մկրտության խորհրդով փոխվելու է ոչ թե մարդկանց բնությունը, այլ բարքերը և վարքը, դեպի լուսափայլ սպիտակություն: Մկրտվածները զգեստավորվելու են լույսով և արժանի են լինելու խոստացված արքայությանը: Իսկ որ հոտերը ծնեցին, բազմացան ու լցրեցին բոլոր տեղերը, դա նշանակում է, որ երկար ժամանակ աճելու է Ավետարանի քարոզությունը, և լինելու են նոր ծնունդներ, և բազմանալու է Քրիստոսի հոտը: Իսկ ոչխարների այն մասը, որ հետո դարձավ իր նախկին սևությանը, նրանք են, ովքեր ետ դարձան աստվածային սրբությունից, դարձան գայլեր և Քրիստոսի հոտը կոտորողներ: Իսկ հոտի մնացած մասը, թևեր ստանալով, վերանալու է երկինք: Դրանք իրենց արյամբ վկայողներն են, և նրանք, ովքեր ամեն օր արյուն թափելու չափ պատերազմում են ընդդեմ երևացող և աներևույթ հակառակորդի, որոնց ճգնաջան աշխատությամբ կառուցվեց Կաթողիկե Եկեղեցին:

Ապա Տերն ասում է Գրիգորին, որպեսզի նա լինի պինդ, քաջ և զգույշ, և հրամայում է Իր ցույց տված տեղում կառուցել տաճար Աստծու անվան համար, ինչպես նաև սրբերի վկայարաններ՝ նրանց զոհվելու վայրերում, որպեսզի բժշկվեն զարկվածները, Ավետարանի քարոզությունն օրըստօրե առաջադիմի, և Քրիստոսի հավատի մեջ բոլորը չափահաս դառնան: Դրանով տեսիլքն ավարտվում է:

Տեսիլքից հետո Լուսավորիչը շարունակում է ուսուցանել ժողովրդին և ասում Տրդատ թագավորին, որպեսզի գան և կառուցեն լույսի սուրբ Խորանը, ըստ տեսիլքի օրինակի: Եվ Հայաստանում, այն տեղում, ուր Տերը հարվածեց ոսկյա մուրճով, կանգնեցվում է Կաթողիկե եկեղեցին: Այդ խորանով ուրախանում են և՜ երկնավորները, և՜ երկրավորները, և այդտեղ է լինում Աստվածորդու հարսանյաց խրախճանքը, ուր Հայրն առատ սեղան պատրաստեց և հրավիրեց ճանապարհի եզրերի բոլոր նստածներին ու դևերից տուժածներին (տե՜ս Մատթ. ԻԲ 10) և այդտեղ արեց Իր օթևանն Իր Որդու և Սուրբ Հոգու հետ միասին, ըստ Իր խոստման: Այդպիսով՝ փրկվում են Հայոց աշխարհի հոգիները ծովահեղձ սատակումից, քանզի Տերը, ախտերից սևացած մարդկանց մտցնելով իր հրախառն սենյակները, նրանց մաքրազարդեց իբրև լուսատեսիլ հրեշտակներ և լուսապաճույճ գեղեցկությամբ զարդարելով՝ դարձրեց Վերին Երուսաղեմի որդիներ:

Այդ եկեղեցին գերազանց է իր խորհրդով, քան նախկին Տապանակը, քանզի Տապանակով միայն Դագոնի կուռքը խորտակվեց, իսկ եկեղեցով անդունդի խորքերում խորտակվեցին բագինների դիվանվեր պետերը՝ իրենց զոհասեղաններով ու պաշտամունքով հանդերձ: Այդտեղ Տերը փառավոր ու ճոխ իշխանական պերճությամբ երևաց, և այդ պատճառով դա տուն է փառավորության և ազատության: Սուրբ էջմիածնի Մայր Տաճարը գլուխն է Հայաստան աշխարհի եկեղեցիների, քանզի լուսո այս խորանով են պայծառանում հայոց եկեղեցիները, և Հայոց աշխարհը Միածնաէջ այս սրբավայրով է լուսավորվում աստվածգիտության լույսով:

Արամ Դիլանյան


Աստվածածնի Վերափոխման տոն

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայոց Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում: Այն Տիրամորը նվիրված տոներից ամենահինն է և Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորորդը: Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։ Այս տարի տոնը նշվում է օգոստոսի 18-ին: Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին եկեղեցիներում Պատարագ է մատուցվում ու կատարվում խաղողի օրհնության կարգը:

Ի տարբերություն մյուս տոների, այս տոնը չի հիմնված Աստվածաշունչ Մատյանի տեղեկությունների, այլ սրբազան Ավանդության վրա: Քրիստոսի համբարձվելուց հետո, առաքյալները, ըստ Փրկչի հրամանի, գնում են տարբեր երկրներ Ավետարանը քարոզելու, իսկ Քրիստոսի Մայրը՝ Մարիամը, մնում է Երուսաղեմում Հովհաննես առաքյալի խնամակալության ներքո ըստ Քրիստոսի հրամանի (Յովհ. ԺԹ 26–27): Ավանդության համաձայն՝ Հիսուս Քրիստոսի համբարձումից 12 տարի (ըստ որոշ աղբյուրների՝ 15 տարի) անց Գաբրիել հրեշտակապետը առաքվում է Տիրամորը՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը հայտնելու։

Մարիամը հրեշտակապետի այս այցելության մասին հայտնում է Հովհաննեսին ու հարազատներին:  Ապա սուրբ Կույսն աղոթքով խնդրում է Տիրոջից տեսնել ու հրաժեշտ տալ առաքյալներին, քանի որ նրանք գնացել էին աշխարհի տարբեր ծայրերը՝ փրկության Ավետարանը քարոզելու: Եւ Վերնատանը Պատարագ տեսնելով առաքյալների ու հավատացյալների հետ, Մարիամը, փառաբանելով Աստծուն, ավանդում է հոգին: Այնուհետև առաքյալները, սաղմոսներով ու օրհնություններով, Մարիամի մարմինը դնում են գերեզման, ինչպես հարկն էր հրեաների մոտ:

Առաքյալները Տիրամորը հուղարկավորում են Գեթսեմանիի պարտեզում և մի քանի օր մնում Երուսաղեմում: Բարդուղիմեոս առաքյալը (ըստ որոշ աղբյուրների՝ Թովմաս առաքյալը), որ ներկա չի եղել հուղարկավորությանը, և միայն երեք օր հետո է վերադառնում Երուսաղեմ, ստիպում է առաքյալներին բացել գերեզմանը, որ գոնե Տիրամոր դեմքը տեսնի և նրան վերջին հրաժեշտը տա։ Առաքյալները բացելովգերեզմանը, որ ժայռի մեջ էր, չեն գտնում Մարիամի մարմինը, այդպես և հասկանում են, որ Հիսուսը իր մորը չի թողել գերեզմանում, այլ, իր խոստման համաձայն, հարություն է տվել ու տարել իր մոտ։

Հայկական ավանդույթի համաձայն, Տիրամոր պատկերը, որը կերպարաձևել էր Հովհաննես առաքյալը, տրվում է Բարդուղիմեոս առաքյալին, որն էլ այն բերում է Հայք:

Հայերը տոնում են ոչ թե Աստվածամոր ննջումը, այլ հրաշալիորեն իր Միածին Որդու մոտ վերափոխումը:  Սուրբ Աստվածածնի երկրավոր կյանքի վախճանը «ննջում» և ոչ թե «մահ» բառով որակավորումը խորհրդանշական է, քանի որ Տիրամայրը աստվածային զորությամբ և հրեշտակային օրհներգությամբ վերափոխվեց Երկինք: Ուղղափառների մոտ այն ընդունված է կոչել Աստվածամոր ննջում (Κοίμησις τῆς Θεοτόκου, Успение Богородицы), որի տակ հասկանում են մահը: Սակայն ըստ Ուղղափառ եկեղեցիների ավանդության, Մարիամ Աստվածածինը իր մահվանից երեք օր հետո հարություն է առնում և վերափոխվում Երկինք հոգով ու մարմնով (после Своего Успения была вознесена на Небо с душой и телом): Իսկ Կաթոլիկ եկեղեցին Կ. Մարիամի հոգով և մարմնով երկինք վերափոխումը (Assumptio Beatae Mariae Virginis) ընդունում է որպես եկեղեցու ուսմունք (դոգմա, 1950 թ.): Ըստ նշված ուսմունքի, անարատ Կույսը, որին Աստված զերծ է պահել սկզբնական մեղքից, իր երկրային կյանքը ավարտելուց հետո, մարմնով ու հոգով վերափոխվում է Երկինք, և Տիրոջ կողմից պսակվում Տիեզերքի Թագուհի: Տիրամոր վերափոխումը եզակի մասնակցություն է իր Որդու հարության և կանխակատարումը մյուս քրիստոնյաների հարության:

Վերափոխման տոնը ժողովրդական ամենասիրված, տարածված ու նվիրական տոներից է: Այս տոնին, սբ. Պատարագից հետո կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, ապա օրհնված ողկույզները բաժանում են ժողովրդին: Հովհաննեսի ավետարանում Քրիստոսն իրեն համեմատում է խաղողի վազի՝ որթատունկի հետ. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Վերջին ընթրիքի ժամանակ խաղողից պատրաստված գինին տալիս է աշակերտներին ասելով. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար» (Մտթ. ԻԶ 28): Եկեղեցին օրհնելով խաղողը, խաղողի միջոցով օրհնում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Խաղողօրհնեքի ընթացքում կատարվում է «Փառք Սուրբ Խաչի» շարականը, ապա ընթերցվում է սբ. Ներսես Շնորհալու խաղողի օրհնության աղոթքը:

Տոնի հաջորդ օրը Մեռելոց է: Եկեղեցիներում կմատուցվի հոգեհանգստյան սբ. Պատարագ հանգուցյլաների հոգիների խաղաղության համար, որից հետո մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմներին:

Հ. Հովսեփ Մելիքսեթյան


Սբ. Աստվածածնի ծննդյան տոն

Սեպտեմբերի 8-ը սուրբ Կույսի ծննդյան տոնն է:

Աննայի՝ սուրբ Կույսի մոր, հրաշափառ հղությունից յոթ ամիս և յոթ օր հետո ծնվեց օրհնյալ պտուղը՝ Դավիթ թագավորի դուստրը, և նրան անվանեցին Մարիամ, որը նշանակում է լուսավորյալ, և նրանով օրհնվեցին երկրի բոլոր ազգերը: Դրանով կատարվեց Աստծու խոստումը՝ տրված նահապետներին, ըստ որի՝ նրանց Զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը: Եվ այսօր նրանց արմատից բխեց սուրբ Կույսը, ով ծնեց Բանն Աստծուն՝ նախահոր մեղքերը վերցնողին: Նա, Ով անէությունից ստեղծեց ամբողջ աշխարհը, այսօր, մարդասիրաբար տնօրինելով, նոր աշխարհի հիմքը դրեց Աննայով՝ սուրբ Կույսի ծնողից: Այսօր Աննայից բուսնեց Անկեզ մորենին՝ Մարիամը, ով վառվեց աստվածային Հրով: Այսօր Հովակիմն ու Աննան մեզ տվեցին Գեղմն իմանալի, ումից հոսեց կյանքի Անձրևը:

Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ամբողջ Հրեաստանում, և բոլոր լսողներն օրհնեցին Աստծուն, ինչպես մարգարեացել էր Եսային՝ սուրբ Կույսի և առաքյալների մասին. «Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ և նրանց սերունդները՝ ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն, թե՝ «Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են», ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն ի Տեր» (Եսայի ԿԱ 9):

Եթե Երեմիան ընտրվել էր մինչև իր ծնվելը՝ ըստ այս խոսքի. «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ Ես ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ» (Երեմ. Ա 5), իսկ առաքյալները աշխարհի լինելուց առաջ ընտրվեցին՝ «Աստված… ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք Նրա առաջ սիրով» (Եփես. Ա 3-4), ապա որքան առավել սուրբ Կույսն է ընտրյալ, ով կոչվում է Դրախտ աստվածային և Արևելք իմանալի, և ում մասին ասում է Սողոմոնը. «Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից: Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա և ոչ էլ սին գեղեցկություն» (Առակ. ԼԱ 29-30):

Արամ Դիլանյանի


Խաչվերաց

Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Ապա թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի տասներեքին տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի տասնչորսին՝ Խաչի տոնը: Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»:

Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումն ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը և նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը և պաշտել իրեն: Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ, և վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից:

Այդ օրերին Տիրոջ բարկությունը եկավ Երուսաղեմ սուրբ քաղաքի վրա, և Խոռեմ զորավարը 614 թվականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը և փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Դա թվով չորրորդ բարկությունն էր, որ եկավ Երուսաղեմի վրա: Առաջինը Նաբուքոդանոսորի միջոցով էր, երկրորդը՝ Անտիոքոսի (տե՜ս Ա Մակաբ. Ա), երրորդը՝ Վեսպասիանոսի և չորրորդը՝ վերը նշվածը, որն ամենածանրն էր ու ամենաչարը, ըստ Դանիելի տեսիլքի չորրորդ գազանի, որն ուտում էր, մանրում և մնացածն էլ ոտնատակ տալիս (տե՜ս Դան. Է 7):

Երբ պարսից զորքը մտավ քաղաք, սրի քաշվեց ողջ բնակչությունը: Կոտորվեց 57 000 մարդ և գերի վերցվեց 35 000: Այդ թվում նաև Զաքարիա հայրապետը գերեվարվեց: Ապա պարսիկները մտան սուրբ Հարության տաճարը, բռնագրավեցին Աստվածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները, իսկ քաղաքը այրեցին: Հետո զորավարը գերիներին հրամայեց քաղաքը վերստին կառուցել և բոլոր հրեաներին արտաքսել, իսկ ինքը պատվական Խաչը տարավ Պարսկաստան: Երբ զորքը մոտենում էր թագավորանիստ քաղաքին, Խոսրով թագավորն ընդառաջ ելավ՝ դիմավորելու Տերունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամա փառավորվեց: Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատվով մտավ քաղաք, պարսից թագավորն այն մեծ պատվով պահեց իր գանձարանում և Խաչի առջև մի անշեջ կանթեղ էր մշտապես պահում:

Քրիստոնյաները, զրկվելով իրենց սրբությունից, հայտնվեցին այնպիսի անմխիթար վիճակում, ինչպես ժամանակին հայտնվել էին հրեաները, երբ փղշտացիները գերեվարել էին Աստծու Ուխտի տապանակը: Սակայն Տիրոջ խաչը, հայտնվելով Պարսկաստանում, մեծ փառքի արժանացավ, ինչպես և Տապանակն Ազոտոսում (տե՜ս Ա Թագ. Ե): Տեղաբնակները Տիրոջ խաչին վերաբերվում էին մեծ երկյուղածությամբ և ասում, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց մոտ եկել: Դրանից նրանց սրտերն այնպիսի ահով էին տոգորվում, որ հեթանոս լինելով հանդերձ՝ չէին համարձակվում վնասել խաչափայտը, և նույնիսկ վրան եղած թանկարժեք զարդերին չէին դիպչում: Շատերն էլ այդ ահից դիմում էին տեղաբնակ քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը, քրիստոնեություն ընդունում:

Այնուհետև Հերակլ կայսրն օգնության կանչեց ճենաց Խական թագավորին: Հերակլին իր ռազմական օժանդակությունն էր բերում նաև հայկական կողմը՝ զորավար Մժեժ Գնունու գլխավորությամբ, ում միացան նաև պարսկահպատակ հայերը: Սակայն Խոսրով թագավորի հզոր բանակի ճնշման տակ ճենաց թագավորն անցավ Խոսրովի կողմը, և Հերակլ կայսրը մեծ պարտություն կրեց: Այդ պարտությունից հետո նա քուրձ հագավ, հանեց իր թագն ու թագավորական ծիրանին և մոխրի վրա ընկնելով՝ երեք օր շարունակ աղոթեց՝ բարեխոս ունենալով Մարիամ Աստվածածնին: Չորրորդ օրը նա ստացավ աղոթքի պտուղը. տեսիլքով նրան հայտնվեց, որ պետք է հաղթի այդ պատերազմում: Եվ իսկապես, ճակատամարտում Հերակլը հաղթեց, Խոսրովը սպանվեց, իսկ նրա բանակի մնացորդը փախավ: Հերակլ կայսրը մեծ զորքով գալիս է արևելք և պահանջում սուրբ Խաչը, որն անմիջապես տրվում է:

Սկզբում Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով փոխադրվում է հայոց Կարին քաղաքը, ապա այնտեղից՝ Կոստանդնուպոլիս և հետո՝ Երուսաղեմ: Խաչափայտն աննկարագրելիորեն մխիթարում ու ոգևորում է բարեպաշտ հավատացյալներին: Գերեդարձության ճանապարհին Խաչը գրեթե ամեն տեղ բարձրացվում է և ամենուր ցնծություն առաջացնում, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի հարության: Այդ դեպքերն էլ պատճառ դարձան «Խաչվերացի» տոնի հաստատման համար:

Այդ առիթով է Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ կոչվում: Այդ լեռան սարահարթի վրա բխում է սառնորակ ջրի աղբյուր, որը ուխտատեղի է դարձել: Տեղական ավանդությունը պատմում է, որ խաչը հանձնելուց հետո պարսիկները կրկին փորձում են այն ետ վերցնել: Հայերը, խաչափայտն այնտեղ թողնելով, ետ են մղում պարսկական կողմի հարձակումը և երբ վերադառնում են խաչափայտը վերցնելու, տեսնում են, որ Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում: Նույնանուն լեռների ստորոտում կա Խաչկա վանքը, ուր Խաչվերացի սքանչելի տոնի առիթով ժամանակին բազում ուխտավորներ էին այցելում:

Խաչվերացի տոնը կատարվում է մեծ հանդեսով: Երեկոյան մի ափսեի վրա բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով և վրան վարդաջուր ցողում: Ապա խաչը թափորով բերում են եկեղեցու գավիթ և դրանով տյառնագրում աշխարհի չորս կողմերը: Այսօր ուրախանում է երկինքը, ցնծում երկիրը և պայծառանում մայր Եկեղեցին, քանզի քառաթև վայելչական պսակով զարդարեց իր գլուխը, որը սրսկված է Աստծու Որդու Արյամբ: Աստվածային նշանը՝ տիեզերքի փրկագործ ու աշխարհակեցուցիչ Խաչը, կանգնեց տիեզերքի մեջ, ցոլացած բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա, արփիափայլ ճառագայթներով փայլեց Երուսաղեմում, ավելի պայծառ քան արեգակը, և տարածելով բոցաճաճանչ ճառագայթափայլ հրանյութ թևերը՝ լցրեց տիեզերքի բոլոր ոլորտները՝ իր ամենահաղթ ու պահապան զորությամբ ծածկելով բոլոր հեթանոսներին: Նրա գերահրաշ և սոսկալի փառքից դողալով զարհուրեցին սանդարամետական զորքերի լեգեոնները, քանզի խաչի վրա բազկատարած բևեռված տեսան անմահ ու անժամանակ Աստծու Էակից Որդուն՝ ճշմարիտ մարդեղությամբ: Հրեշտակների սուրբ բանակներն ահով հիացած զարմանում էին, սերովբեները՝ սարսափում, գերագույն պետություններն ու վերին իշխանությունները՝ սքանչանալով զարմանում: Արեգակը տեսնելով իր Արարչի չարչարանքները՝ մթնեցրեց իր ոսկեճաճանչ ճառագայթները, լուսինը քողի տակ ծածկեց իր տեսքը, և աստղերի հրճվալի բազմությունն անհայտացավ: Կարծր և անտաշ վեմերը ճեղքվելով պատռվեցին, երկիրը դղրդաց, և աշխարհը ողբաց եբրայական ազգի վրա, քանզի աստվածամարտ եղան և չճանաչեցին Իսրայելի փրկությունը: Իսկ հավատացյալներին խաչով շնորհվեց զվարճատեսիլ տունկ և նշան փրկության, ճյուղ՝ լի բողբոջած ծաղիկներով ու անթառամ տերևներով, ծառ՝ հրաշափառ տեսքով և տունկ պարգևաբաշխ: Արմատ, որով Աստվածային սիրո շնորհն աշխարհում տարածվելով աղբյուրացավ: Ճյուղ երևաց Երուսաղեմում, որը խաչի վրա պատարագվեց, և մարդկային քաղցած ցեղին հագեցրեց երկնքից իջած Հացով: Փրկության նշան երևաց, որը նախաստեղծներին պճնելով զարդարեց: Ծառ երևաց, որ փարթամացրեց մարդկային տնանկ ցեղը: Կենագործող շառավիղ երևաց, քանզի խաչի միջոցով Աստծու Իմաստության ծածկված գանձը տրվեց մարդկային ցեղին: Խաչը չորս տեսակի ծառերից կազմվեց, ինչպես ասում է Եսային. «Լիբանանի փառքը դեպի Քեզ է գալու՝ դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով, որպեսզի լիապես փառավորեն Իմ սրբարանի տեղը, և Ես փառավորեմ Իմ ոտքերի տեղը» (Եսայի Կ 13): Խաչը երկնքից իջած անմահացնող Հացի անպարտելի սեղանն է: Խաչը Աստվածության անտանելի հուրն իր վրա կրելով, բացեց Դրախտի սերովբեափակ դուռը: Խաչը Եկեղեցու հիմքում հավատի վեմն է և տիեզերքի ամրության պարիսպը, որը քանդեց կուռքերի պաշտամունքը: Խաչին կաշկանդվելով կապվեց բանսարկուն, և ազատվեցին նրա կողմից բռնվածները: Խաչն է մեր պահապանը գիշեր ու ցերեկ և պահապանը՝ ողջերի և մեռելների:

Խաչը մեզ շնորհված չբթացող զենք է՝ սրված Տիրոջ անապական Արյամբ, քանզի խաչն է հույսը և ապավենը մարդկային ցեղի, որով վերցվեց դատապարտության կնիքը, և որի մասին Դավիթն ասաց. «Երկյուղածներիդ նշան Դու տվիր, որ փրկություն գտնեն աղեղից» (Սաղմ. ԾԹ 6): Ասաց նաև. «Քո երեսի լույսը ծագեց մեզ վրա, և ուրախություն տվիր մեր սրտերին, ցորենի, գինու, ձեթի բարիքով հագեցրիր նրանց» (Սաղմ. Դ 7-8), «Ինձ բարության նշա՜ն ցույց տուր. թող ատելիներն իմ տեսնեն ու ամոթահար լինեն, որ Դու, Տե՜ր, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ» (Սաղմ. ՁԵ 17):

Խաչը հրեաների համար գայթակղություն է և հեթանոսների համար՝ հիմարություն, իսկ իրեն երկրպագողների համար՝ պարծանք: Եվ երևալու է արփիահրաշ ճառագայթներով՝ արևելյան կողմից, երկնքի ամպերի հետ՝ հաղթելով արեգակի ճառագայթները, անհավատներին գցելու է անշեջ հնոցը, իսկ իրեն երկրպագողներին վեր բարձրացնելով՝ տանելու է Վերին Երուսաղեմ:

Խաչը նահապետների ցանկությունն է, մարգարեների կանխասացությունը, առաքյալների քարոզությունը և հայրապետների դավանությունը: Խաչը մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը: Խաչը թագավորների թագն է և իշխանների իշխանությունը: Խաչը կույսերի սրբությունն է և ամուսնացածների ողջախոհությունը: Խաչն այրերի շնորհն է և կանանց բարեզարդությունը: Խաչը ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստության գավազանը: Խաչը Կենաց ծառն է և անմահության պտուղը: Խաչն անմեղների խրատն է և մեղավորների քավիչը: Խաչը մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը: Խաչը նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը: Խաչն երկնավորների ցնծությունն է և երկրավորների զվարճությունը: Խաչը սանդարամետականների սարսափն է և երկրայիններին սաստողը: Խաչը Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը: Խաչը հոգևոր զենք է և չբթացող սուր: Խաչը դժոխքի ավերողն է և գերյալներին ազատողը: Խաչը գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը: Խաչը Դրախտի բացողն է և արքայությունն որպես ժառանգություն տվողը: Խաչը Քրիստոսի կարապետն է և հարության հրավերը: Խաչն անհավատների կուրությունն է, հավատացյալների զորությունը, և իրեն երկրպագողներին պայծառացնելով՝ կանգնեցնում է մեր Քրիստոս Աստծու աջ կողմում:

Խաչի չորս թևերը միմյանցից տարբեր ուղղություններով են ներգործում: Խաչի ներքևի պատվանդանն ավերում է դժոխքը, վերևի գլուխը՝ Դրախտի դուռն է բացում, աջ թևը՝ մարդկային ցեղին շնորհներ է բաշխում, իսկ ձախը՝ սաստում և պատուհասում դևերին:

Մարգարեները խաչը «հեռվից» քարոզեցին, և երջանիկ առաքյալները խաչով երևացին ահավոր դևերին: Սուրբ վկաները խաչով հաղթեցին անօրեն բռնավորներին, և անապատաբնակները խաչով կրոնավորելով պահպանվեցին: Սուրբ և պարկեշտ կույսերը խաչով են զգաստանում, և քահանաները խաչով են կարգը կատարում:

Նախաստեղծն իր ձեռքը Գիտության ծառին ձգելով՝ մեզ համար մահ քաղեց, իսկ անճառելի Բանն Աստված Իր աշխարհակեցուցիչ բազուկները տարածելով խաչի վրա՝ վերստին զգեստավորեց մերկացած մարդկային ցեղը՝ ըստ այս խոսքի. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք» զարդափայլ անկողոպտելի պատմուճանով (Գաղատ. Գ 27): Ադամը ճաշակելով Գիտության ծառից՝ հեռացավ Դրախտից, և սերովբեն փակեց տենչալի Կենաց ծառի ճանապարհը, իսկ հավատացյալները, ովքեր ճաշակում են խաչի վրա պատարագված Կենաց Պտղից, առանց երկյուղի մոտենում են ու հպվում տենչալի Կենաց ծառին:

Մովսեսի գավազանը խաչի օրինակով բաժանեց Կարմիր ծովը, ճանապարհ բացեց եբրայեցիների բանակի համար և խրոխտացած փարավոնին իր կառքերով ու զորքերով ջրասույզ արեց: Իսկ խաչը Հորդանանում բացեց Մկրտության ավազանը, փոխադրեց հավատացյալներին Վերին Երուսաղեմ, անմարմին փարավոնի՝ կամակոր վիշապի գլուխը ջախջախելով փշրեց իր լեգեոնով հանդերձ և տարտարոսում խորտակեց:

Խաչի օրինակն էր նաև Մեռայում դառնահամ ջրի աղբյուրի մեջ գցած Մովսեսի փայտը, որից ջուրը քաղցրահամ դարձավ (տե՜ս Ելք ԺԵ 25): Իսկ խաչից բխած կողահոս ջրով մաքրվեցին բոլոր ջրերը, բացվեց արգանդը մկրտության սուրբ Ավազանի, և քաղցրացավ անիծված ծառի դառնությունը:

Խաչի օրինակն էր այն գավազանը, որով Մովսեսը հարվածեց ապառաժին և ջուր հոսեցրեց Իսրայելի որդիների համար: Իսկ խաչից բխած կողահոս աղբյուրից ամբողջ տիեզերքը խմեց, ինչի մասին Պողոս առաքյալն ասում է. «Խմում էին հոգևոր այն Վեմից, որ գնում էր նրանց հետ, և այն վեմն Ինքը՝ Քրիստոս էր» (Ա Կորնթ. Ժ 4):

Ամաղեկի դեմ պատերազմելիս Մովսեսը լեռան վրա ձեռքերը վեր բարձրացնելով խաչի կերպարանքն ընդունեց, որը եղավ պահապան ու ապավեն Իսրայելի բանակին և որով կործանեցին հակառակորդին (տե՜ս Ելք ԺԷ 11): Իսկ Աստծու անսկիզբ Խոսքն Իր ճշմարիտ մարդեղությամբ, Գողգոթայի սուրբ գագաթին Իր անարատ և աշխարհակեցուցիչ բազուկները տարածելով, պատժեց անմարմին Ամաղեկին և ամբողջ տիեզերքը կանչեց փրկության:

Արամ Դիլանյանի


Սուրբ Գևորգ զորավարի մասին

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության օրերը ոչ սկիզբ և ոչ վերջ ունեն. իսկ փառավորյալ ծնունդը և Մարիամ Աստվածածին կույսից մարդանալը, հայտնությամբ երևաց ամբողջ տիեզերքին, սուրբ առաքյալների ճշմարիտ քարոզությամբ, որոնք արժանի եղան սրբերի վիճակի և ճշմարիտ հավատքի շնորհների: Իսկ շատերը հավատքի ճշմարտությունը անհավատալի համարեցին. դրանք մոլորության ծառաներն են, որ բռնված են այս աշխարհի սնափառությամբ և մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղությունը զառանցանք են համարում, որ արդարև հրեաների գայթակղությունն է և հեթանոսների հիմարությունը: Իսկ Աստված կամեցավ իր բոլոր ծառաներին միավորել ի փրկություն ճշմարիտ աստվածպաշտության:

Այդ ժամանակ եղավ Դիոկղետիանոսի խիստ կռապաշտությունը Հռոմայեցոց աշխարհում. մի ժանտ ու գազանաբարո մարդ էր, քրիստոնյա հավատքին դեմ և խիստ պարտված սնոտի կուռքերի խաբեության մոլորությունից, անաստվածության մեջ ունենալով մի սիրելի համամիտ, որի անունն էր Մանգնենտիոս, երկրորդը նրա թագավորության մեջ և մոլեգնում էր քրիստոնյաների դեմ` կուռքերի ամբարշտությամբ զայրագնած: Սրանք միասին անպատկառություն մտածեցին` արմատապես վերացնել քրիստոնյաների պաշտամունքը և բոլորին ստիպում էին պաշտել կուռքերի պատկերները: Որովհետև [Դիոկղետիանոսը] իր ծնունդից ապականված էր կուռքերի մոլորությամբ, մանավանդ Ապողոնի արձանով: Միասին նստած մտածում էին հրովարտակ գրել թագավորի անունից այսպես. «Դիոկղետիանոս, պատվված և մեծ թագավոր Հռոմայեցոց. ամբողջ աշխարհի իշխաններին, զորավարներին, դատավորներին և պետերին, որ իմ ձեռքի տակ եք, ողջույն:

Որովհետև մեր աստվածային լսելիքին լուր հասավ և անչափ խռովեց մեզ, որ քրիստոնյաների ամբարշտության հերձվածը զորանում, է և մի ոմն հրեա կնոջ Մարիամից ծնվածին, որի անունը Հիսուս է, երկրպագում են իբրև աստծու: Իսկ մեծ աստված Ապողոնին և Երմինին և Դիոնիսիոսին, Երակլեսին, Դիաին, որոնք մեր աշխարհին խաղաղություն են պարգևում` թշնամանում են ու հայհոյում, իսկ Քրիստոս կոչվածին իբրև Աստված պատվում են, որին հրեաները խաչեցին որպես մահապարտի և մոգի: Սրա համար հրամայում ենք` բոլոր քրիստոնյաներին, ուր և գտնվեն, այրերին և կանանց բոլոր քաղաքներում և գավառներում դառն խոշտանգման ենթարկել, որպեսզի զոհ մատուցեն մեր աստվածներին և ուրանան այն մոլորությունը: Ովքեր հոժարեն` արժանացնել թողության, իսկ եթե ոչ` դժնդակ մահով հրի ու սրի մատնել նրանց, թող գիտենան, որ անփոփոխելի է մեր հրամանը, և եթե մեկը մեր աստվածային հրամանը դանդաղի կատարել` [այս] վճիռը նրանց վրա [տարածվի]»:

Երբ այսպիսի գիր ու հրաման հասավ` ամեն տեղ մեծ հալածանք հարուցվեց քրիստոնյաների դեմ, որ շատ նշանավոր մարդիկ սաստիկ տանջանքներից թուլացան: Դիոկղետիանոսը առավել ևս մոլեգնեց, իր մոտ կանչեց ամբողջ արքունիքն ու զորքը, նորից խորհրդակցեց, որ բոլոր քրիստոնյաներին ոչնչացնեն: Ովքեր թագավորի մոտ էին, երկյուղով մտածում էին օրենքով շարժվել: Իսկ Դիոկղետիանոսը ճառեց և ասաց. «Ինձ այսպես է թվում, սիրելինե՛րս, թե չկա այլ պատվական բան, քան մեր աստվածներին պաշտելը, որովհետև նրանք են տվել մեզ թագավորություն և բոլոր մարդկանց փրկություն, որի համար իրավացի եմ համարում այսուհետև մեր աստվածներին զոհ մատուցել մշտապես: Իսկ եթե գտնվեն մեր աստվածներին թշնամանող քրիստոնյաներ` ամեն հնարքով տանջանքի ենթարկել, մինչև նրանց դժնդակ կրոնը վերանա և նրանց հիշատակը մահվան միջոցով կորչի»: Միաբան պատասխանեցին թագավորին և ասացին. «Մենք հոժարությամբ ընդունում ենք ձեր մեծ թագավորության աստվածային հրամանները և խնամքը, ուզում ենք պատվել մեր անմահ աստվածներին, ինչպես և ձեր զորությունը: Այսուհետև, եթե գտնվի մեկը, որ թեկուզ մտքում տա Քրիստոսի անունը` կմատնվի մահի»: Այս ամբարշտության և անիրավության խորհուրդները մտածեց բռնավորը հրապարակում: Թագավորի հրամանով առաջնորդվելով` քրիստոնյաների հանդիպելիս համարում էին թագավորի թշնամիներ, որպեսզի տանջեին խոշտանգելով:

Այնժամ խավար գիշերում լուսավոր ու մեծապայծառ աստղի նման ծագեց Քրիստոսի պատվական մարգարիտը` Գեորգիոս անունով Քրիստոսի զորականը, փարատելու բազմաստվածության մեգն ու մառախուղը և սնոտի կուռքերի մոլորությունը: Երկնային խորհրդով և փրկարար քարոզությամբ սատարեց բոլոր արժանավորներին` իր ճգնության միջոցով: Քանի որ արհամարհեց պիղծ Դիոկղետիանոսի սպառնալիքը, իշխանների և զորավարների մոլորությունը և բնավ ուշադրություն չդարձրեց սպասվող տանջանքներին, այլ հայհոյեց բոլորին, որոնց պատվում էին, աստվածասեր սրտով ասում էր ինքն իրեն. «Գեորգիոս, ինչո՞ւ ես դատարկ, ահա Տերը կանչում է Իր հարսանիքին մտնելու, առագաստը բացված է, ընթրիքը պատրաստ է, ինչո՞ւ ես հապաղում, մտիր նախքան կփակվի դուռը, քանի որ մեզ մոտիկ է Քրիստոս, որ մեզ համար խաչին համբերեց, աղաղակում և ասում է. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, իսկ ոգին չեն կարող սպանել» (Մատթ. Ժ. 28:): Հիշի՛ր, Գեորգիո՛ս, ավետարանական վարդապետությունը և Տերունական անսուտ ավետիսը, որ ասաց. «Ով Ինձ խոստովանի մարդկանց առջև` կխոստովանեմ և ես նրան Իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 32, Ղուկ. ԺԲ. 8): Մի՛ նայիր, Գեորգիոս, ժամանակավոր, անցավոր աշխարհիս, որ երկնային կյանքի ստվերն է, և աշխարհի ընդունայն փառքին, երկնային հույսի համեմատ: Չէ՞ որ մարդու ամեն փառք ծաղկի ու խոտի նման է, մի քիչ համբերիր և հրեշտակների հետ հավերժական կյանքին կդասվես»: Այսպես խոսեց ինքնիրեն փոքրիշատե հնչեց ձայնը նրա և այսպիսի բարի խրատով հաստատվելով ոչ միայն չվախեցավ բռնավորների սպառնալիքներից, այլև քարոզում էր ճշմարտության խոսքը և սպասվող տանջանքները ծաղրելով, ճգնությամբ հանդերձ մեծ վարդապետությունը Աստծու սուրբ եկեղեցուն գեղեցիկ հիշատակ էր թողնում:

Քրիստոսի սուրբ վկան Գամիրքից էր, ազատ տոհմից և շատ հարուստ, զարդարված աստվածային իմաստությամբ և բազում անգամ տրիբունական իշխանություն էր վարել երևելի պատվով և Անիկորոն գնդից էր: Այնուհետև իր բազում քաջության համար թագավորները նրան կոմսության պատիվ էին տվել: Երբ նա տեսավ անչափ մոլորությունը, որ գործում էին Քրիստոսի դեմ նրանք, որ կուռքերի պաշտոնյա էին, շտապ իր ինչքն ու ունեցվածքը բաժանեց և տվեց աղքատներին և տնանկներին և որպես ճգնավոր մերկացավ ամեն ինչից: Թագավորական ատյանում և արքունի հրապարակում բոլոր զորավարների մեջ, որ նստած էին ատյանում և այլ իշխանների, որ թագավորի առջև էին, հոժարակամ բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ես քրիստոնյա եմ, թագավո՛ր, և խրախուսվեցի ճշմարիտ ու երկնային Թագավորից` Հիսուս Քրիստոսից, և ձեր մեջ եմ զարմացած ձեր այդչափ մոլորությանը, որ ունեք կուռքերի հանդեպ և չեք ճանաչում միակ կենդանի Աստծուն, բոլոր արարածների արարչին, որև այդ թագավորությունը տվել է ձեզ: Արդ, ո՛վ թագավոր և բոլոր աթոռակիցներդ, մի՛ մոլորվեք դևերի խաբկանքից, քանզի աստվածները, որ չեն ստեղծել երկինքն ու երկիրը` կկորչեն (Եսայի, Ժ. 11): Իսկ քրիստոնյաները միակ Հայր Աստծուն են երկրպագում և միակ Տեր Հիսուս Քրիստոսին` Աստծու Որդուն, որով ամեն ինչ եղավ, և Սուրբ Հոգի Աստծուն, կատարյալ Երրորդություն մի աստվածության և թագավորության մեջ, որով այստեղ ապրում ենք բարեպաշտությամբ, իսկ վախճանվելուց հետո ակնկալում ենք հավիտենական կյանք: Իսկ ձեր պաշտամունքը ստուգապես արժանի է այպանելու, քանի որ դևերի բարբաջանք է և չկա դրա մեջ ճշմարտություն: Դա սատանայի գործ է, որ ընկղմում է իր երկրպագուներին սատակման ու կորստյան»:

Այնժամ Մանգնենտիոսը, որ թագավորի երկրորդն էր և սիրելին, նայեց նրան և ասաց. «Ինչ է քո անունը, և կամ ո՞վ ես դու, որ այսքան հանդգնություն ունես»: Սուրբ Գեորգիոսը պատասխանեց. «Նախ և առաջ իմ անունը քրիստոնյա է, բայց մարդկանցից կոչվում եմ Գեորգիոս»: Դիոկղետիանոս թագավորը` անդնդային վիշապը, նայեց նրան և ասաց. «Գեորգիո՛ս, մենք իմացել ենք քո մասին, որ իմաստության և քաջության մեջ ընտիր ես միշտ և արժանացել ես մեր արքունական խնամքի պատվին: Ուստի մոտեցիր, զոհ մատուցիր աստվածներին, որ չարաչար չկորչես, այլ մանավանդ վայելես մեր սերը պատվով և առավել ևս մեր խնամածությունը` և մեր ներկայությամբ համարձակություն ունենալով: Իսկ քո այդ ունայն համարձակությունը քեզ օգուտ չէ»:

Սուրբ Գեորգիոսն ասաց. «Թագավոր, երանի թե լսեիր դու ինձ և ճանաչեիր միակ ճշմարիտ Աստծուն` երկնքի արքայությանը արժանի լինեիր: Բայց հիմա քո իշխանությունը ժամանակավոր է, և քո խոստումներն ու ողոքանքը անզոր են հանելու ինձ իմ Աստծու բարեպաշտությունից: Քո պատիվը քեզ լինի և քո խոստմունքը` քեզ հավանողներին, բայց ես Քրիստոսին ունեմ երկնային Թագավոր, որ ինձ փառք է տալիս և հաղթություն հակառակորդի և նրա պաշտոնյաների նկատմամբ»: Եւ զայրացած թագավորը հրամայեց կախել նրան փայտից և գեղարդով հարվածել նրա որովայնին ու նրան գցել գետնին: Երբ այդ արեցին, նրա մարմնից արյուն ցայտեց, բայց գեղարդը անագի պես հետ ծալվեց: Այնժամ սուրբ Գեորգիոսն ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Քրիստոս, որ սատանայի պաշտոնյաների սուրը իսպառ ետ դարձրիր և այդ բռնավորի զայրույթը իմ դեմ քանդեցիր»:

Եւ Դիոկղետիանոսը, բարկությամբ լցված, հրամայեց իջեցնել փայտից և բանտ տանել, նրա ոտքերը չարաչար պնդել կոճղի մեջ, նրա կրծքին մեծ քար դնել, որպեսզի քարը չորս մարդու աշխատանքով դրվի: Եւ երբ քարը դրին նրա կրծքին, սուրբ Գեորգիոսը մեծ ձայնով աղաղակեց և ասաց. «Գոհանում եմ Քեզնից, բարձրյալ Աստված, որ արժանացա ծանր բեռ կրել իմ սրտի վրա, որ հաստատում է անփոփոխելի խոստովանությունս Քեզ»:

Մյուս օրը սատանան Դիոկղետիանոսին և նրա աթոռակիցներին հուշում է, և նրանք հրամայեցին ամեն տեսակ հնարքներով կազմած մեծ անիվ սարքել և արեցին. հյուսնի մամուլի նման, ամեն կողմից սրով կազմած: Եւ անօրեն բռնավորը հրամայեց բերել անիվը: Եւ քաշելով բերին այնտեղ, նա նայեց այն դժնդակ մեքենային` կազմված սատանայական արվեստով, ասաց. «Տեր Հիսուս Քրիստոս, գոհանում եմ Քեզնից, որ ինձ կոչեցիր այս վիճակին: Դու, որ երկու ավազակների մեջտեղը խաչվեցիր և մահ ճաշակեցիր, ինչո՞ւ փրկես մարդուն մահից. այս ժամիս ինձ տուր անվեհեր խոստովանություն և պահպանիր հոգիս բանսարկուի հնարներից»: Այս ասելով գցվեց անիվի մեջ, և չարաչար կոտորվեց նրա մարմինը:

Թագավորը Մանգնենտիոսի հետ տեսավ, ձայն բարձրացրեց և ասաց. «Բոլորդ իմացեք, որ չկա այլ աստված, բացի Ապողոնից, Պսղիդոնից, Հերակլեսից, Դիաից և մեծն Արտեմիսից: Արդ, ո՞ւր է Գեորգիոսի Աստվածը, ինչու չեկավ և նրան չփրկեց իմ ձեռքից»: Եւ հրամայեց այնպես թողնել նրան տանջարան անիվի մեջ և ինքը գնաց ճաշելու:

Իսկ տասներորդ ժամին մեծ հնչում և ձայն եղավ երկնքից, որ ասում էր. «Քաջալերվի՛ր, Գեորգիոս, և եղիր աներկյուղ, որովհետև բազում մարդիկ քեզնով հավատալու են Ինձ»: Իսկ նրան պահող դահիճները հնչած ձայնից զարհուրած` երկյուղով փախան: Եւ Տիրոջ հրեշտակը իջավ, ազատեց նրան այն տանջարանից և ողջանդամ հաստատեց նրա մարմինը, ողջունեց նրան ու ասաց. «Ուրախ եղիր, Գեորգիո՛ս, և հավատա քո զորացուցչին և շարունակիր քո ընթացքը, որովհետև ահա մենք քեզ տալու ենք կատարյալ խոստովանության պսակը»: Եւ սուրբ Գեորգիոսը ուրախությամբ ելավ, գոհացավ Տիրոջից ու շրջում էր սաղմոսելով. «Բարձրացնում եմ քեզ Աստված իմ և թագավոր իմ, և հավիտյան օրհնում Քո անունը» (Սաղմ. ՃԽԴ. 1), և` «Ուղի՛ղ արա իմ ընթացքը, Տե՛ր, և չտիրեն ինձ ամեն անօրինությունները» (Սաղմ. ՃԺԸ, 133):

Եւ եկավ մի տեղ, ուր կար Ապողոնի արձանը, այնտեղ գտավ թագավորին և Մանգնենտիոսին ու թագավորի բոլոր բարեկամներին` կուռքին զոհ մատուցելիս և երկրպագելիս: Գեորգիոսը մոտեցավ և աղաղակելով ասաց. «Ճանաչի՛ր ինձ, թագավոր, և իմ ավետարանած Աստծուն, որ ինձ փրկեց քո ձեռքից ու մահաբեր տանջանքներից, որ պատրաստեցիր իմ կորստյան համար, կարծելով կորցնել, քանի որ մոլորված ես այդ կուռքին զոհ մատուցելով»:

Նրան նայելով թագավորն ասաց. «Ո՞վ ես դու»: Սուրբն ասաց. «Ես Գեորգիոսն եմ, որ քո հրամանով պրկվեցի անիվին, և ինձ թողիր անիվի մեջ` մեռած կարծելով: Այժմ եկա ցույց տալու քեզ` իմ Աստվածը կարող է փրկել ինձ մահից, որ դու թշնամանքով պատրաստեցիր»: Այնժամ թագավորը հրամայեց բռնել նրան և մոտեցնել: Նայեց նրան և ասաց. «Թվում է, թե բռնամահ եղածի ստվերն է, և խաբում է մեզ»: Իսկ Մանգնենտիոսը` «Նման է նրան»: Սուրբ Գեորգիոսն ասաց. «Ես Քրիստոսի ծառա Գեորգիոսն եմ, մի՛ մոլորվեք կուռքով, այլ իմացեք, որ կարող է Քրիստոս մեռելներից հարություն տալ նրանց, ովքեր հույս են տածում դեպի Նա, և ձեր ձեռքից փրկել»:

Նրան տեսան և նրանից այս լսեցին Անատոլիս և Պրոտողիոն ստրատելատները, որ կոչվում են զորավար, իրենց ամբողջ ընտանիքներով հավատացին Աստծուն և ասացին. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, միայն Նա է Աստված` օրհնյալ հավիտյան»: Երբ այս լսեց թագավորը, հրամայեց նրանց բոլորին տանել քաղաքից դուրս, անապատ մի վայր և կոտորել: Եւ երբ նրանք գնում էին սպանության տեղը, միաբան աղաղակում էին ասելով. «Տեր Հիսուս Քրիստոս, մեր հոգիներն ընդունիր խաղաղությամբ և կարգիր Քո անփոփոխելի անանց արքայության մեջ, ընդունիր մեզ Քո հավատի մի փոքր խոստովանությամբ` արդարության ու մեր մեղքերի թողության համար»: Եւ այդպես կատարվեց նրանց վկայությունը ի Քրիստոս Հիսուս:

Այնժամ նաև Աղեքսանդրա թագուհին լսեց սուրբ Գեորգիոսի մասին, ինքը հավատաց Տիրոջը, եկավ թագավորի մոտ, համարձակ աղաղակով ասաց. «Ես քրիստոնյա եմ, Աստծու սուրբ Գեորգիոսի աղախինը»: Թագուհու այս խոսքին պատասխանեց Մանգնենտիոսը և ասաց. «Ասա մեզ, թագուհի Աղեքսանդրա, ինչո՞ւ Քրիստոսին գովեցիր և աստվածներին արհամարհեցիր»: Իսկ նա ասաց. «Մեծագույնին փափագելով` պակասն արհամարհեցի»: Այս ասելով գնաց, մտքում ունենալով Աստծու երկյուղը և անշարժ հավատքը, իսկ թագավորը զայրացավ, հրամայեց, սուրբ Գեորգիոսին գցել կրի հորը, որ նույն ժամին իջեցրին և թաղեցին կրի մեջ երեք օր ու գիշեր, և հրաման տվեց պահապաններին, որ հսկեն, որ ոչ ոք չհամարձակվի նրան հանել այնտեղից: «Երեք օր հետո, -ասաց թագավորը,- զորականները կգնան և կհանեն բռնամահի ոսկորները և կպահեն զգուշությամբ, որ ոչ ոք չիմանա այդ մասին»: Երբ զինվորները գնացին կրի հորի մոտ, ուրիշ շատերը ևս եկան տեսնելու: Եւ երբ հեռացրին կիրը, գտնվեց սուրբ վկան առանց իր մարմնի վրա որևէ արատ ունենալու, որովհետև Տիրոջ հրեշտակը նրա հետ էր, լինելով նրան օգնական Քրիստոսի հրամանով: Երբ նրան տեսան, բոլորն աղաղակելով ասացին. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը»: Այս լսեց Աղեքսանդրա թագուհին, նա ևս աղաղակելով եկավ այնտեղ. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, և չկա բացի Նրանից մի ուրիշը»: Հավատացին զորականները, որ թագավորից ուղարկվել էին սրբին կրի հորից հանելու:

Երբ այս լսեց թագավորը, հրամայեց զորքին գնալ և բռնել սրբին, բերել իր մոտ: Երբ սրբին բերին, թագավորը նստեց ատյանում` իր մեծամեծներով հանդերձ և հարցրեց նրան. «Ասա մեզ, ո՞վ կենդանացրեց քեզ»: Սուրբ վկան պատասխանեց նրան. «Գուցե լսեք դարձյալ ու չհավատաք, բայց իմացի՛ր, թագավո՛ր, որ Հիսուս Քրիստոս Աստծու Որդին պահում է ինձ քո բոլոր տանջանքներից, և բոլորին, ովքեր դիմում են Նրան, փրկում է սատանայի որոգայթներից»:

Այն ժամանակ թագավորը հրամայեց պատրաստել երկաթե կոշիկներ, սուր մեխերով, ուղիղ, և շիկացնել, ունելիով բռնել և հագցնել սրբին ու քայլեցնել նրան: Իսկ սուրբ վկան չկարողանալով գնալ, ասում է ինքնիրեն. «Ընթացիր, Գեորգիոս, դեպի քեզ պահված վիճակը»,- և արտասուքով աղոթում էր. «Տեր Աստված իմ, մեռյալների փրկիչ, հալածվածների ապավեն, Քո անվան համար չարչարվողների համբերություն, մի՛ թող ինձ, այլ շնորհիր ինձ համբերություն մինչև վերջ»: Եւ երբ նա ավարտեց աղոթքը, երկնքից ձայն եկավ նրան, որ ասում էր. «Քաջալերվիր, Գեորգիոս, որովհետև Ես քեզ հետ եմ, քեզ փրկելու համար»: Նույն պահին նրա մարմինը բժշկվեց: Եւ թագավորը հրամայեց նրան տանել բանտ, իսկ առավոտյան թագավորն ասաց նրան. «Մինչև ե՞րբ կախարդությամբ սրտապնդված կդիմանաս տանջանքներին, և մանավանդ դևերի օգնության մոգությամբ, համաձայնիր ինձ հետ, այսուհետև զոհ մատուցիր աստվածներին»:

Սուրբը ասաց թագավորին և նրա հետիններին. «Ես ստանալով իմ Աստծու օգնությունը, ընդունելով ձեր բոլոր տանջանքները, ձեր առջև ողջ մնացի` վկայելով միակ Աստծու զորությունը, և պատրաստ եմ դարձյալ ձեր բոլոր տանջանքներին` Քրիստոսի հավատի համար: Իսկ դուք ի՞նչ հույս ունեք, որ ընդունայն պաշտում եք անշունչ, պիղծ կուռքերին, որ ոչինչ են, և նրանց կորստյան հաղորդ եք լինում: Ամաչեցեք այսուհետև դրանց աստված անվանելուց, որոնք գիճությամբ և արբեցությամբ, պատերազմով ու սպանությամբ մի փոքր ապրել են այս աշխարհում և հավիտյան տանջվելու են անշեջ հրում, որ կա, մնում է բոլորի համար, ովքեր պաշտում են դրանց»:

Թագավորը և ամբողջ արքունիքը լսեցին դա, հրամայեցին արջառաջիլով անխնա հարվածել նրա մարմնին, և երբ ծեծեցին նրան բազում ժամեր, թագավորն ասաց նրան. «Թշվառական, մինչև ե՞րբ չես հավանելու և զոհ չես մատուցելու մեծ աստվածներին, որ մեծ պատվի արժանանաս և ապրես»: Իսկ սուրբն ասաց. «Ես հանապազ օրհնության պատարագ եմ մատուցում կենդանի Աստծուն, որը փրկում է ինձ ձեր ձեռքերից և կարժանացնի երկնային փառքի ու պատվի: Երանի թե դուք ինձ հավատայիք և երկրպագեիք միակ ճշմարիտ Աստծուն»:

Այնժամ թագավորը հրամայեց բանտ նետել նրան ու ինքը գնաց արքունիք: Երբ սուրբը բանտում էր, բոլոր հավատացյալները գիշերով գալիս էին նրա մոտ, բանտապետին ինչք տալով մտնում էին և նրանից սովորում հավատն առ Քրիստոս: Եւ ովքեր հիվանդություն ունեին, պեսպես ցավով բռնված, կույրերին էին բերում նրա մոտ, և նա աղոթքով բուժում էր նրանց: Ոմն աշխարհական Գլյուկերի տեսավ բուժումները, որ անում էր, եկավ, ընկավ նրա առաջ, աղաղակելով ասաց. «Հավատում եմ քո Աստծուն, որովհետև Նա է Աստվածը, և ուրիշը չկա բացի Նրանից»: Նույն պահին դահիճներն ու զորականները բռնեցին նրան, տարան թագավորի մոտ` եղածի համար: Իսկ թագավորը զայրացած անունն անգամ չուզեց հարցնել, այլ հրամայեց անդամ-անդամ կտրատել նրան: Իսկ նա, խոստովանելով Քրիստոսին, աղաղակեց. «Աստված ճշմարիտ, որ ստեղծեցիր ամեն բան, մի՛ անտեսիր ինձ, որպես անպիտան անոթ, որովհետև հավատացի Քեզ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, և վախենում եմ, քանի որ առանց սուրբ մկրտության եմ, ուզեցի մկրտվել, բայց չհասցրի: Քո կամքով, Տեր, կփրկվեմ, որի համար աղաչում եմ Քեզ, Տեր Հիսուս, իմ զոհվելու արյունը ինձ մկրտություն համարիր, քանի որ սրտագետ Աստված ես, գաղտնիքների և մտքի հոժարության քննող»: Եւ նրան ձայն հասավ երկնքից, ասելով. «Արի՛, Գլյուկերի, ինձ մոտ ուրախությամբ»: Եւ այսպես զոհվեց սուրբը:

Եւ դարձյալ գնացին Դիոկղետիանոսին ասացին, թե շատերը գնալով բանտ Գեորգիոսից ուսանում, են և բոլորին իր կողմն է ձգում, բուժելով բազում ծանր հիվանդների: Այնժամ հրամայեց իր մոտ բերել Գեորգիոսին, իսկ Մանգնենտիոսն ասաց թագավորին. «Քրիստոնյա ազգը դժվարամահ է և վիճող, ուստի աղաչիր ողոքանքով այս մարդուն, որ թերևս քո խորհրդով աստվածներին զոհ մատուցի, և նրան պատիվներով բերկրեցնես»: Իսկ սուրբ Գեորգիոսը եկավ արքունիք, սաղմոսելով ասաց. «Աստված, նայիր ինձ օգնելու» (Սաղմ. ԻԱ. 20, ԼԹ. 14, ԿԹ. 2), — և` «Տեր, փութա ինձ ընկերանալու» (Սաղմ. ԿԹ. 2):

Այն ժամանակ թագավորն սկսեց աղաչել նրան. «Տեր արեգակով և բոլոր աստվածներով [երդվում եմ], եթե ինձ լսես, Գեորգիոս, զոհ մատուցես մեր աստվածներին, քեզ բազում բաներ կնվիրեմ, և թագավորությանս մեջ իմ երկրորդը կճանաչվես, քանի որ խնայում եմ քեզ և ափսոսում, ավելի ցանկանալով քո կյանքը, քան չարաչար մահը` ինձ չլսելուդ պատճառով»: Իսկ սուրբ վկան ասաց. «Լավ ասացիր այժմ: Ինչու չասացիր ինձ այդպիսի բաներ ավելի շուտ. այսքան չարչարանքներից [հետո], ո՞ւր թողնեմ իմ թշնամանքը»: Թագավորն ասում է. «Ինձ` քո հորը վերագրիր այս հանցանքը, զոհ մատուցիր աստվածներին և ինձ հետ կպատվվես արքունիքում»: Իսկ սուրբ Գեորգիոսն ասաց. «Որովհետև իմ պատճառով զղջացիր, թագավոր, այժմ ես կհավանեմ քո մտքին. ուր են քո աստվածները, գնանք նրանց մոտ»: Եւ թագավորը խիստ ուրախացավ և հրամայեց բոլոր պետերին ու զորքին ամբողջ հրապարակով գալ կուռքերի տաճարը, և այսպես քարոզեց. «Ահա Գալիլեացիների գաղափարակից Գեորգիոսը համաձայնեց զոհ մատուցել մեծ Ապողոնին»: Իսկ բոլոր հեթանոսները ոգևորված աղաղակեցին. «Ապողոնը հաղթեց, Դիոկղետիանոս թագավոր, թագավորիր հավիտյանս: Մեծ են թագավորի աստվածները»:

Նրանք մտան կուռքի տաճարը, և երբ բոլորը լռեցին, կանգնեց սուրբ Գեորգիոսը, նայեց Ապողոնի արձանին, ասաց. «Դու աստվա՞ծ ես, և քեզ մարդիկ պիտի պաշտե՞ն»: Իսկ պիղծ ոգին, որ պատկերի մեջ էր, գոչեց ասելով. «Ես աստված չեմ, և ոչ նա, որ ինձ հետ է, այլ ճշմարիտ Աստված մեկ է, որ ստեղծեց ամեն ինչ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոս և Սուրբ Հոգին: Իսկ մենք Նրա հրեշտակներն ենք, ապստամբած Նրանից, կոչվում ենք դև»: Սուրբ Գեորգիոսն ասաց. «Եւ եթե աստված չեք, ինչո՞ւ եք մոլորեցնում մարդկանց և հիմա ինչպես եք համարձակվում լինել այստեղ, [երբ] եկել եմ այստեղ ես` ծառան Աստծու, որ կոչվում է Քրիստոս, Աստծու ճշմարիտ Որդի»: Եւ նույն պահին եղավ մեծ խռովություն և դևերի ողբի գոչյուն, և տաճարի բոլոր կուռքերն ընկան, փշրվեցին, նա Քրիստոսի նշանն արեց ձեռքով ու խոսքով: Եւ հեթանոսների քուրմերը եղածը տեսան, մոտեցան սուրբ Գեորգիոսին, բռնեցին նրան աղաղակելով. «Վերացրու այս կախարդին, որ մոլեգնությամբ բոլորին մոլորեցրեց և կործանեց աստվածներին»:

Թագավորը զայրացավ, դևերի օգնությամբ և քուրմերի առաջնորդությամբ ասաց սրբին. «Չարագլուխ, լի ամեն տեսակ կախարդությամբ ու մոլորությամբ, ինձ չխոստացա՞ր զոհ մատուցել Ապողոնին»: Սուրբ վկան ասաց. «Անմիտ և անամոթ, ես իմ պատարագը կատարեցի առ Քրիստոս ճշմարիտ Աստվածն իմ, այդ պատճառով ձեր բոլոր աստվածները ապականվեցին: Գոնե այժմ հասկացիր, թագավոր, որ [դրանք] ո՛չ իրենց, ո՛չ ուրիշի կարող են օգնել, քանի որ կուռքերը անմռունչ, իսկ դևերը անմիտ մարդկանց մոլորեցնող են և այժմ Քրիստոսի ծառայի միջոցով կործանվեցին»: Այնժամ Աղեքսանդրիա թագուհին լսեց եղածը, գնաց թագավորի մոտ և նրա առջև աղաղակելով ասաց. «Սուրբ Գեորգիոսի` Քո անհաղթ զորականի Աստված, քավիր իմ մեղքերը և մի՛ հիշիր իմ անզգամ գործերը, Տեր Աստված, այլ հիշիր իմ փոփոխությունը և քրիստոնյաների ու Քո ծառա Գեորգիոսի հետ ինձ մասն ու բաժին տուր»: Նաև բազում ուրիշներ հավատացին Տիրոջը:

Այնժամ թագավորը բարկացավ, վճիռ կայացրեց սուրբ Գեորգիոսի և Աղեքսանդրայի համար, սուրբ վկային ասելով. «Ահա, ամենաչար Գեորգիոս, նաև թագուհուն մոլորեցրիր և ենթարկեցիր մահվան: Արդ, գնա՛ դու նրա հետ աստվածների հայհոյության համար արժանի դատաստան ստացիր»: Եւ այսպիսի վճիռ կայացրին. «Գեորգիոսին` Գալիլեացիների խորհրդակցին, Ապողոնին չերկրպագելու համար, և որ թագուհուն ևս իր հետ մոլորեցրեց հայհոյելու աստվածներին, այս վճիռն եմ կարդում` հրամայում եմ սրով կտրել նրա գլուխը: Նաև` նրա մոլորեցրած Աղեքսանդրային»: Եւ իսկույն զինվորներն առան նրանց, քաղաքից դուրս տարան: Հոժարությամբ գնալով սպանման ասպարեզ Աղեքսանդրան սուրբ վկայի հետ մտքում աղոթելով Տիրոջը, միայն շրթունքները շարժելով և աչերը երկինք հառնելով, նստեց մի տեղ իր հոգին արձակեց խաղաղությամբ:

Իսկ սուրբ Գեորգիոսին տարան սպանման տեղը, և ասաց զորականներին. «Մի փոքր սպասեցեք, եղբայրներ, որպեսզի աղոթք անեմ»: Եւ երբ թողին նրան, երկինք նայելով տարածեց ձեռքերը, մեծապես հառաչեց ու ասաց. «Տեր Աստված իմ, որ ամբողջ հավերժից առաջ ես, որին ես ապավինեցի իմ մանկությունից քրիստոնյաների գեղեցիկ և ճշմարիտ ակնկալությամբ և Քո ծառաների անսուտ խոստումով անանց գանձ, որ մեր խնդրելուց առաջ շնորհում ես մեզ Քո ձրի պարգևները, լսիր ինձ, Տեր, և տուր վկայությանս խոստովանությանը մինչև վերջ համբերել: Եւ այժմ ընդունիր իմ հոգին և փրկիր ինձ հողեղեն և պիղծ հոգուց և ի հաճույս Քո ինձ հանգեցրու Քո սրբերի մեջ և թողություն շնորհիր այս հեթանոսներին, որ չարչարեցին ինձ, իսկ Քո ծառաներին, որ դիմում են Քո անվանը, լուսավորիր ճշմարտության գիտությամբ: Չէ որ կամենում ես, որ բոլորը ապրեն. օգնություն առաքիր նրանց, ովքեր դիմում են Քո անվանը, նրանց տուր Քո երկյուղը և ցանկություն, սեր սրբերի նկատմամբ, որպեսզի նրանց հիշատակը կատարելով նմանվեմ նրանց հավատին, որպեսզի արժանի լինեմ նրանց հետ երկնավոր կյանքին և հավիտենից արքայությանը, զի Քոնն է Հոր և Սուրբ Հոգու արքայությունը և փառքը. հավիտյանս ամեն»:

Աղոթելուց հետո ծունր իջավ, պարանոցը ձգեց և ասաց. «Կատարեցեք թագավորի հրամանը»: Զորականի սրի հարվածով նահատակվեց ի Տեր սուրբ վկան Քրիստոսի Գեորգիոս, մեհեկի ամսի քսաներեքին, ուրբաթ օրը, յոթերորդ ժամին, ի փառս ամենասուրբ Երրորդության, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Ես` Պասիկրատես, սուրբ Գեորգիոսի ծառա, գնալով իմ տիրոջ հետ` ամենայն ստուգությամբ գրեցի հիշատակարանս:

Այս սքանչելիքի գործը կատարվեց Հունաց կայսր Փոկաս Տյուրանոսի ժամանակ: Եւ հունարենից հայերեն թարգմանեց Մեծ Հայքի սուրբ քահանայապետ Գրիգորիոս Վկայասերը, որին և պսակակից անի Քրիստոսը սուրբ վկային և բոլոր սրբերի աղոթքով, և ինքը լինի օրհնյալ. հավիտյանս ամեն:

Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա — Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2009


Տոն Վարագա Սուրբ Խաչի

Խաչվերացի երրորդ կիրակին Վարագա սուրբ խաչի տոնն է:

Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, ընդունելով Հակոբոս Տյառնեղբոր ձեռքից խաչափայտի սուրբ մասունքը, այն Հռոմ է տանում: Որից հետո այդ սուրբ մասունքը, սերնդեսերունդ ժառանգաբար փոխանցվելով, հասավ սուրբ կույս Հռիփսիմեին, ով Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու սերնդից էր:

Սուրբ կույսն իր պարանոցից մշտապես կախած էր պահում այդ սուրբ մասունքը, որի վրա թափվել էր Տիրոջ Արյունը: Նա քրիստոնյա ծնողների զավակ էր և կրոնավորում էր Հռոմի Սուրբ Պողոս հռչակավոր վանքի կուսանոցում, որի մայրապետն էր սուրբ Գայանեն, ով շուրջ երեք հարյուր կույսերի դաստիարակում էր Աստծու երկյուղով:

Այդ ժամանակներում էր, երբ Դիոկղետիանոս կայսրը կամեցավ իրեն կնության առնել սուրբ Հռիփսիմեին, բայց նա հրաժարվելով՝ յոթանասուն կույսերի հետ միասին, իրենց քահանաներով հանդերձ, փախավ Եգիպտոս, ապա՝ այնտեղից Երուսաղեմ, որտեղ նրանք այցելեցին Քրիստոսի տնօրինական վայրերը և սուրբ Աստվածամոր գերեզմանի վրա աղոթելիս հրաման ստացան գնալ Թադեոս առաքյալի վիճակը: Հնազանդվելով հրամանին՝ նրանք գնացին Եդեսիա, ուր գտնվում էր Փրկչի պատկերը: Նրանցից շատերը մնացին Եդեսիայում, իսկ մյուսները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Արարատ: Ովքեր մնացին Եդեսիայում, հետագայում սպանվեցին Դիոկղետիանոսի հրամանով:

Սուրբ Գայանեի խումբը, շրջելով Հայաստանի գավառներում, սուրբ մասունքի միջոցով ամենուր մեծամեծ նշաններ էր գործում: Նրանք մաքրում էին ախտացյալ ջրերը, հալածում դևերին, բժշկում հիվանդներին: Սուրբ Գայանեն և իր խումբը մի որոշ ժամանակ հանգրվանեցին Հոգյաց վանքում, ուր գտնվում էր ամենօրհնյալ սուրբ Կույսի պատկերը: Հետո գնացին Վարագա լեռը և հաստատվեցին այնտեղ: Լեռան գագաթին, որը կոչվում է Գալիլիա, ամփոփեցին սուրբ Նշանը, որպես մեծ պարգև՝ թողնելով Հայաստան աշխարհին: Եվ դա իրենց կամքով չարեցին, այլ՝ Աստծու նախախնամությամբ: Նրանցից ոմանք մնացին լեռնագագաթին՝ սպասավորելու սուրբ Նշանը, իսկ սուրբ Գայանեն և սուրբ Հռիփսիմեն, երեք քահանաներով և քառասուն կույսերով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ գնացին Վաղարշապատ, որտեղ և նահատակվեցին: Իսկ նրանք, ովքեր մնացին Վարագա լեռան վրա, և որոնցից երկուսը քահանաներ էին, քաջալերվելով սուրբ Գրիգորի՝ Վիրապից ելնելուց հետո իրենց կատարած այցելությունից, այդտեղ եկեղեցի հաստատեցին, որը հետագայում տեղի խստաշունչ եղանակի պատճառով անբնակ մնաց:

Հայոց աշխարհում գիտեին, որ Վարագա լեռան վրա է պահված սուրբ Նշանը, բայց մինչև իշխանաց իշխան մեծն Վարդ պատրիկ Ռշտունու և Ներսես Շինող կաթողիկոսի հայրապետության ժամանակները չէին կարողանում գտնել այն: 653 թ. Թոդիկ անունով մի կրոնավոր, իր սրբասեր աշակերտի՝ Հովելի հետ միասին գնում է ճգնելու Վարագա լեռան վրա և հաստատվում այն վայրում, ուր բնակվել էին սուրբ կույսերը: Նրանց իղձն էր գտնել սուրբ մասունքը: Երկար ճգնությունից հետո ավելի է բորբոքվում նրանց սիրտը Քրիստոսի սիրով և սուրբ Նշանի փափագով: Եվ ճգնավորներն էլ ավելի են խստացնում իրենց ճգնությունը և տասներկու օր շարունակվող անսվաղ ծոմապահությամբ հայցում Տիրոջից՝ տեսնել իրենց փափագածը: Եվ մարդասերն Աստված, Ով կատարում է Իր երկյուղածների կամքը, լսում է նրանց և գիշերամիջին, երբ նրանք աղոթում էին, լեռան գագաթից, որտեղ պահված էր սուրբ Նշանը, ահավոր ձայնով նրանց նշան տալիս, ինչից զարմացած նրանք նայում են դեպի լեռան գագաթը և այնտեղ տեսնում պայծառ լույս: Լույսն իր չափով ու ձևով այնպիսին էր, ինչպիսին այդտեղ գտնվող մասունքը: Ճգնավորները շարունակում են զարմացած նայել լույսին, որն աստիճանաբար պայծառանում էր և լուսավորում ամբողջ լեռը, առավել քան արեգակի լույսը, որով սքանչանալով փառավորում են Աստծուն: Ապա տեսնում են լույսի տասներկու սյուներ, որոնք վեր էին խոյացել երկրից մինչև երկինք: Ամբողջ լեռը լցվում է անուշահոտությամբ ու հրեշտակների օրհնության երգերով:

Մինչ կրոնավորները վայելում էին այդ սքանչելիքը, որը տևեց կեսգիշերից մինչև օրվա վեցերորդ ժամը, սուրբ մասունքն իր մասնատուփով հանդերձ ելնում է վեմից և լույսերի մեջ վեր բարձրանալով ու ցոլարձակելով՝ գալիս ու մտնում է եկեղեցի և վերաբերվում սուրբ Սեղանին՝ լույս ճառագայթելով վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը: Մինչ ճգնավորները զարմանքի մեջ էին, խաչանիշ լույսից նրանց ձայն է հասնում, որն ասում է. «Քրիստոս հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար»: Եվ նրանք առաջ գալով՝ մեծ ահով ու դողով տեսնում են սուրբ Նշանը՝ սուրբ Սեղանի վրա լույսով պարուրված: Ապա այն վերցնելով իրենց ձեռքը՝ արտասվալից համբուրում են ու գոհանում Տիրոջից:

Այդ սքանչելի տեսիլքը ոչ միայն նրանց էր երևում, այլև լեռան շրջակայքում բնակվող բոլոր մարդկանց, ովքեր ակներև տեսնում էին լույսը, որը ծագեց Վարագա լեռան Գալիլիա կոչվող գագաթից: Տասներկու օր շարունակ լույսի սյուները շրջապատում են լեռան գագաթը: Ժողովուրդն եպիսկոպոսներով ու քահանաներով հանդերձ բարձրանում է լեռը, որոնց հետ նաև Վարդ իշխանն իր զորքով, և հարցնում ճգնավորներին տեսիլքի ու լուսեղեն սյուների մասին: Նրանք էլ կարգով պատմում են ամեն ինչ, մեկ առ մեկ, և ցույց տալիս եկեղեցու Սեղանին վերաբերված սուրբ Նշանը, որին ժողովուրդը երկրպագում էր և փառք տալիս Աստծուն: Իսկ անուշահոտության բուրումը դեռ երկար ժամանակ շարունակում էր բազմությանը զմայլել, ովքեր էլ հիացած օրհնում էին ու փառաբանում Աստծուն սուրբ Խաչի երևման համար:

Այս ամենից հետո Ներսես Գ Տայեցի (Շինող) հայրապետը կարգ է սահմանում՝ ամեն տարի այդ օրը տոնել «Վարագա սուրբ խաչի տոնը»՝ Քրիստոսի և Նրա սուրբ Խաչի փառքի համար: Ապա տասներկու եկեղեցիներ են կառուցում՝ տասներկու լուսեղեն սյուների երևման տեղում, իսկ այն եկեղեցին, ուր եկավ և հանգեց սուրբ Նշանը, ընդարձակելով նորոգում են և տեղում վանք հիմնում:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի


Սրբոց Թարգմանչաց տոն

Ամեն ժողովուրդ իր ազգային եկեղեցական տոներն ունի: Հայ ժողովուրդն էլ այլ տոների շարքում ունի իր լեզվի ու մշակույթի տոնը: Ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին տոնում է ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնը:

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

(Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը):

Դպրոցական տարիներից բոլորը գիտեն հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը, բայց քչերին է հայտնի, որ այդ նախադասությունը Աստվածաշունչ մատյանից է, որ հայերեն գրերը Աստծու պարգևն են հայ ժողովրդին…

Հայաստան աշխարհի քրիստոնեացումից մինչև 5-րդ դար հայ եկեղեցին տակավին չէր հայացել, որովհետև չուներ սեփական գիր ու գրականություն: Քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունելուց մոտ մեկ դար էր անցել:

Վանքերում և եկեղեցիներում կանոնավոր արարողություններ էին կատարվում, ընթերցվում էր Սուրբ Գիրքը, սակայն ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր այդ ամենը, քանզի հայերեն գրերի բացակայության պայմաններում եկեղեցական լեզուն ասորերենն էր: Ուստի և, Աստծու խոսքը շատերի սրտերին չէր հասնում:

Ահա այս պայմաններում էր, որ Սուրբ Մեսրոպ վարդապետը, Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը: Երկար փնտրումներից ու այլ ազգերի տառերը հայերեն լեզվի համապատասխանեցնելու անհաջող փորձերից հետո Մաշտոցը տրվեց աղոթքին ու խոկմանը, և Աստված լսեց նրա աղոթքները: Մաշտոցը, ոչ այն է երազով՝ քնի մեջ, ոչ այն է տեսլիքով՝ արթմնի, տեսավ, թե ինչպես մի ձեռք տառեր է գրում ու տառերը պահպանում են իրենց ձևը, ինչպես ձյան վրա: Աղոթքից վեր կենալով, Մաշտոց վարդապետը գրի առավ մեր նշագրերը: 1600 տարի է անցել այդ օրվանից, բայց հայ գրերը չեն փոփոխվել ու պահպանել են իրենց նախնական տեսքը, քանի որ հույժ կատարյալ են, ինչպես Աստծու ստեղծած ամեն ինչ:

Ապա սկսվեց Աստվածաշունչ մատյանի ամբողջական թարգմանությունը, որ մշակումներով ու լրացումներով տևեց շուրջ 30 տարի: Աստվածաշունչն այլևս հայերեն էր, Աստված խոսում էր հայերեն: Ս. Սահակ Պարթևն ու Ս. Մեսրոպ Մաշտոցը, Եզնիկ Կողբացին ու Հովսեփ Պաղունացին, Կորյունը, Ղևոնդ Վանանդեցին և մյուսներն իրենց հոգու ամբողջ ջերմությունը ներդրեցին, իրենց հոգին նվիրեցին Աստվածաշնչի թարգմանության սրբազան գործին: Նրանց անկրկնելի թարգմանության շնորհիվ Աստվածաշնչի հայերեն օրինակը բոլոր ազգերի կողմից անվանվեց ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻ: Շուտով բացվեցին դպրոցներ, սկիզբ դրվեց հայ դպրությանը: Գրվեցին աղոթքներ, հոգեզմայլ շարականներ, զարկ տրվեց թարգմանական և ինքնուրույն գրականությանը, մարդկային բազմություններով լցվեցին եկեղեցիները, ճոխացան Փրկչի տոները: Եվ լուսավորվեց ողջ Հայոց աշխարհը: Հայ գրերի գյուտով և Աստվածաշնչի թարգմանությամբ հիմք դրվեց հայ հոգևոր-մշակութային նոր շարժման, որ մեր ազգի ՈՍԿԵԴԱՐԸ դարձավ:

Թարգմանիչ բառը ներկայիս առօրյա խոսակցական իմաստով նշանակում է լոկ մի լեզվից մի այլ լեզվի թարգմանող անձ: Սակայն մեր հայրերը ոչ միայն թարգմանեցին Աստվածաշունչը, այլ ապրեցին ու այն հայացրին: Սուրբ Գիրքը հայ ժողովրդի համար կյանքի ձև ստացավ: Նրանք Աստծուն իջեցրին հայ մարդու հոգու մեջ:

Քրիստոնեությունը միս ու արյուն դարձավ հայի համար, դարձավ զորություն և հային հայ պահեց բոլոր ժամանակներում:

Սուրբ թարգմանիչները իրենց կյանքով դարձան հայ ժողովրդի թարգմանը Աստծու մոտ: Այսօր էլ նրանք շարունակում են իբրև փարոս լուսավորել հայոց ապագան: Թարգմանչաց տոնը հայ հոգու պանծացման տոնն է: Մեր եկեղեցու հայրերն այսօր էլ կարծես խոսում են մեզ հետ: Ս. Սահակը սովորեցնում է մեզ մեծ լինել և խոնարհ, Ս. Մաշտոցը՝ չվախենալ և աղոթքով հաղթահարել դժվարությունները, Եզնիկը ուղեցույց է հավատքը պաշտպանելու, Եղիշեն հայրենասիրությամբ է լցնում մեզ, Խորենացին ուսուցանում է հայոց պատմությունը, Շիրակացին առաջնորդում է բնության և տիեզերքի գաղտնիքների մեջ, Գրիգոր Նարեկացին մեր հոգին բարձրացնում է դեպի Աստված, Շնորհալին հայ հավատքի բանաձևն է տալիս և սովորեցնում Աստծու փառքը երգել … «Թարգմանիչներ» անվանված հոգևոր մշակութային հզոր շարժումն անկրկնելի երևույթ էր հայոց պատմության մեջ: Թարգմանիչները հիմք դրեցին ազգային ինքնուրույն գրականության, ճարտարապետության, պատմագրության, բժշկության, փիլիսոփայության, աստվածաբանության, երաժշտության, որով մենք քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամը դարձանք: Այդ նրանք էին, որ գրեթե ոչնչից ստեղծեցին ինքնատիպ մի մշակույթ, որ ուրիշ ոչ մեկ ազգի հետ չես շփոթի: Այդ նրանց ջանքերով էր, որ ազգը համախմբվեց միասնական մեկ հավատքի շուրջ և կարողացավ ետ վանել ճակատագրի դառը փորձությունները:

Հազար ու մի փոթորիկներ անցան հայ ժողովրդի վրայով, բայց ոչ մի արհավիրք չկարողացավ հայ ժողովրդի հոգուց խլել իր սեփական մայրենի լեզուն և իր արյունով գնված քրիստոնեական հավատքը, որ մեր պապերը կտակեցին մեզ: Նրանք կտակեցին չբաժանվել մեր Մայր եկեղեցուց, որ ծննդավայրն է հայ լեզվի և հայ մշակույթի:

Այսօր մեզ մնում է աղոթել Աստծուն և մաղթել, որ Թարգմանչաց ոգին և նրանց շնորհները մնան հայ ազգի յուրաքանչյուր անհատի հետ:


Գյուտ խաչի տոն

Որովհետեւ Աստվածության լրիվ ամբողջությունը նրա՛ մեջ հաճեց բնակվել եւ նրանո՛վ հաշտեցնել ամեն ինչ իր հետ՝ խաղաղություն անելով խաչի վրա թափած իր արյամբ ե՛ւ երկրի վրա, ե՛ւ երկնքում եղածների համար:

Խաչելությունից եւ Հարությունից հետո Քրիստոսի դատարկ գերեզմանն ու Խաչը Քրիստոսից մնացած տեսանելի առարկաներից էին, եւ դրանց վրա կենտրոնացավ քրիստոնյաների մասնահատուկ ուշադրությունը, հարգանքն ու հոգածությունը:

Ըստ ավանդության` Հռոմի Կլավդիոս կայսեր (41-54թթ.) կինը` Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, որտեղ հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Տյառնեղբայր Հակոբոս առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը եւ Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը, Նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ, ծածկել էին հողով` հսկելով ու արգելելով մոտենալ դրանց: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ սուրբ խաչերը հանում են հողի տակից եւ որոշելու համար, թե որն է Քրիստոսինը` դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես եւ ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում եւ, ըստ ավանդության, այդ առթիվ երգում. «Խաչի Քո, Քրիստոս, երկիրպագանեմք» (Շարականը): Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է` փառավորվելով հավատավոր զավակների կողմից: Նրանցից շատերը վկաներն են լինում նաեւ Խաչափայտի վրա շողացող պայծառ լույսի: Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Հակոբոս Տյառնեղբայրը նրան է նվիրում Խաչից մի մաս, որը կայսրուհին տանում է Հռոմ: Նվիրական Խաչափայտի անգին այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով եւ իր հետ այն բերում է Հայաստան:

Կլավդիոս կայսեր եւ Պատրոնիկե կայսրուհու մահից հետո հրեաները սպանում են Հակոբոս Տյառնեղբորը եւ Քրիստոսի Խաչը մյուս խաչերի հետ թաղում Գողգոթայի մոտ մի վայրում, վրան աղբ կուտակում` վայրը վերածելով աղբանոցի: 313 թ. Կոստանդիանոս Մեծ կայսեր (305-337 թթ.) Միլանի հրովարտակով քրիստոնեությունը ստանում է ազատորեն դավանվելու հնարավորություն: Կայսեր մայրը` Հեղինեն, 327 թ. գալիս է Երուսաղեմ, եւ մեծ ջանքեր գործադրելով, ցանկանում գտնել Քրիստոսի Խաչը: Խաչափայտի տեղը հայտնի էր միայն Հուդա անունով մի հրեայի, ով իր նախնիների գրավոր ավանդություններից գիտեր խաչերի թաղման վայրը: Սկզբում ընդդիմանալով, վեց օր ցամաքած ջրհորի հատակում քաղցած մնալուց հետո նա, ի վերջո, ցույց է տալիս խաչերի թաղման տեղը: Փորելով` դրանք հանում են աղբի տակից, գտնվում է անգամ Պիղատոսի հրամանով Հիսուսի գլխավերեւում ամրացված եռալեզու տախտակը, որը, սակայն, պոկված էր խաչից: Եվ նորից Քրիստոսի Խաչը որոշվում է կատարած հրաշքի շնորհիվ. խաչափայտի հպումից կենդանանում է մեռած մի պատանի, եւ հիվանդություններից բժշկվում մահամերձ մի կին: Այդ հրաշքների ազդեցությամբ շատերը քրիստոնեություն են ընդունում, որոնց թվում եւ` Հուդան, ով հետագայում նահատակվում է Քրիստոսի անվան համար: Հեղինե թագուհու կողմից 335 թ. Գողգոթայում կառուցվում է Սուրբ. Հարություն տաճարը, որտեղ եւ կանգնեցվում է Քրիստոսի Խաչը` այն հանդիսավորապես փառավորելով արդեն երկրորդ անգամ: Փրկչական Խաչի գյուտի հիշատակը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է հոկտեմբերի 29-ին մերձակա կիրակի օրը:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ N 57» ամսաթերթ


Սուրբ Հովհան Ոսկեբերան 

Տոնելի սուրբ հայրերից է, որոնք հայտնի են «երկոտ ասան վարդապետք» անունով: Կ. Պոլսի պատրիարք (398-404) Անտիոքի Մելետիոս հայրապետը (ազգությամբ` հայ) նախ` Հովհան Ոսկեբերանին, ապա և ծնողներին քրիստոնյա է մկրտել: Մելետիոսի հսկողությամբ Հովհան Ոսկեբերանը ուսանել է Անտիոքի նոր մկրտվածների դպրոցում: Քրիստոնեության դասերին զուգընթաց նշանավոր հռետորների և իմաստասերների մոտ հետևել է փիլիսոփայության և արտաքին գիտությունների դասընթացներին, այնուհետև Աթենքում փիլիսոփայության ուսումնասիրությունը շարուն ակել Անթոմիոս փիլիսոփայի մոտ: Տասնութ տարեկանում եռանդով ու հետևողականորեն սկսել է զբաղվել Սուրբ Գրքի և աստվածաբանության ուսումնասիրությամբ, ապա Անտիոքի մոտակա լեռներում` քարայրի մեջ, երկու տարի անձնատուր եղել ճգնավորական խստակեցության: 381 թվականին Հովհան Ոսկեբերանը ձեռնադրվել է սարկավագ, 386 թվականին` քահանա և կարգվել Անտիոքի գլխավոր եկեղեցու քարոզիչ: Հովհան Ոսկեբերանի քարոզներն աչքի են ընկնել հռետորական բարձր արվեստով, հոգեբանականնրբին թափանցումներով: Իր հոգեղեն քարոզների և պերճախոսության համար կոչվել է «Ոսկի բերան»: Հովհան Ոսկեբերանը ծավալել է նաև աղքատախնամ գործունեություն: Անտիոքի եկեղեցում նրա հոգածությամբ ամեն օր կերակրվել են շուրջ երեք հազար որբեր, այրիներ, բանտարկյալներ: Իր կամքին հակառակ ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք: Իրեն հատուկ ուղղամիտ համարձակությամբ դատապարտել է հասարակության, հատկապես` արքունիքի հոռի բարքերը: Նրա դեմ կազմվել է հակառակորդների զորեղ խումբ, որը ստոր միջոցներով անվանարկել է նրան ու տապալել:

403 թվականին Քաղկեդոնի մոտ Կաղնյաց ժողովը աթոռազրկել է Հովհան Ոսկեբերանին, աքսորել Բյութանիա (Կ. Պոլսի մոտ): Մեկ օր անց ժողովրդի պահանջով հովվապետը վերադարձել է Կ.Պոլիս: Սակայն կրկին դառնալով արքունիքի խարդավանքների զոհ` աքսորվել է Փոքր Հայքի Կոկիսոն քաղաքը. «առեալ տարան յանապատն Հայոց», որտեղ մնացել է երեք տարի: Այդ ընթացքում ուխտավորների անընդմեջ շարք է ձգվել Անտիոքից դեպի Կոկիսոնի հայոց եկեղեցի: Տեսնելով Հովհան Ոսկեբերանի աճող հեղինակությունը` թշնամիները խնդրել են Արկադիոս կայսրին աքսորել նրան մերձսևծովյան Պիտիոս անմարդաբնակ վայրը: Հովհան Ոսկեբերանը ենթարկվել է ծանր տաժանակրության. ցուրտ ձմռանը ճանապարհի մեծ մասն անցել է հետիոտն և Պոնտոսի Կոմանա քաղաքի մոտ, աքսորավայր չհասած, վախճանվել:

Հովհան Ոսկեբերանը թողել է մատենագրական հարուստ ժառանգություն (մեկնություններ, դավանաբանական և հակաճառական գրվածքներ, ճառեր, քարոզներ, ներբողներ, թղթեր և այլն), որը կարևոր դեր է կատարել քրիստոնեական մտքի պատմության մեջ: Հովհան Ոսկեբերանի երկերն իրենց բովանդակությամբ ու ձևով միջնադարում եղել են հռետորական խոսքի ու ոճի, եկեղեցական բեմբասացության դասական չափօրինակ: Նրա անունով մեզ են հասել Հին և Նոր Կտակարանների քարոզ-մեկնություններ: Մեկնել է (386-388) Ծննդոցի 1-28 գլուխները, սաղմոսներ, որտեղ անդրադարձել է առաքինության և մոլորության խնդրին, ճշմարիտ աղոթքի կարևորությանը, եկեղեցիներում սաղմոս երգության կարգին, քահանայական պաշտոնի վեհությանը և այլ թեմաների: Սաղմոսների քարոզ-մեկնություններում կան նաև հակաճառություններ արիոսականության, մանիքեության, Պողոս Սամոսատցու մոլորությունների դեմ: Հին Կտակարանից մեկնել է նաև Եսայու, Երեմիայի, Դանիելի մարգարեությունները, Առակների և Հոբի գրքերը, Ա Թագավորությունից որոշ հատվածներ:

Նոր Կտակարանից Հովհան Ոսկեբերանը մեկնել է բոլոր չորս Ավետարանները. մեզ են հասել միայն հատվ ածներ Մատթեոսի (390) և Հովհաննեսի (391) Ավետարաններից: Մատթեոսի Ավետարանը մեկնելիս մերժել է մանիքեական աղանդավորների այն սխալ կարծիքը, թե Հին և Նոր Կտակարանները խորապես տարբերվում են միմյանցից, ցույց տվել, որ Հին և Նոր Կտակարանների Աստվածը նույն օրենսդիրն է: Մատթեոսի Ավետարանի մեկնությունն ուղեկցվում է մյուս Ավետարանների համապատասխան տեղիների համադրական բացատրությամբ: Յուրաքանչյուր համարի բացատրությանը հետևում է հորդորակը,որը տվյալ համարում արծարծված հարցերի բարոյաբանական եզրակացությունն է: Հովհաննեսի Ավետարանի մեկնություն-ճառերն արտասանվել են առավոտյան ժամերգության ընթացքում, կրում են հակաճառական բնույթ և ուղղված են ընդդեմ արիոսականների: Հովհան Ոսկեբերանը այդ ճառերում ապացուցել է, որ ավետարանական բնագրերը կատարելապես համաձայն են եկեղեցու դավանած ճշմարիտ վարդապետությանը: Հովհաննեսի Ավետարանի մեկնություններն ունեն քրիստոսաբանական նկարագիր և իրենց ձևով ու բովանդակությամբ տարբերվում են հեղինակի մյուս մեկնություններից: Գործք առաքելոցի մեկնության ճառերը, Հովհան Ոսկեբերանի իսկ վկայությամբ, գրվել են Կ. Պոլսում 400 թվականին հոգեկան տագնապների, եկեղեցական-քաղաքական հուզումների պայմաններում: Նա նշել է, որ Գործքը լեցուն է քրիստոնեական իմաստությամբ և հստակ վարդապետությամբ, ուստի նախաձեռնել է գրքի մեկնությունը, որպեսզի այդ գանձն անթեղված չմնա: Հովհան Ոսկեբերանը ընդհանրապես կարևորել է Սուրբ Գրքի ուսումնասիրման անհրաժեշտությունը: Նրա մեկնողական վաստակի մեծագույն մասը նվիրված է Պողոս առաքյալի կյանքին, գործունեությանը և թղթերի մեկնությանը: Պողոս առաքյալի «Առ Հռովմայեցիս» թղթի երեսուներկու ճառ-մեկնությունները համարվում են նրա նույն թղթի վրա գրված հայրաբանական մեկնությունների ամենանշանավոր և ամենագեղեցիկ գործը, իսկ քսաներեքերորդ ճառը` քրիստոնեական քաղաքական մտածողության ամենակուռ և փայլուն գրվածքը: Հովհան Ոոսկեբերանի մեկնությունները շարադրված են Անտիոքի աստվածաբանական դպրոցին հատուկ եղանակով և առանձնանում են պատմաբանասիրական, լեզվաքերականական ուրույն հատկանիշներով: Հինկտակարանային մեկնություններում Աստվածաշնչի հունարեն «Յոթանասնից» թարգմանությունը հաճախ համեմատել է այլ թարգմանությունների հետ, բացահայտել մեկնաբանվող համարի իմաստային նրբերանգները: Պատմաբանասիրական մեկնաբանման այս եղանակն է կիրառել նաև Նոր Կտակարանը բացատրելիս: Հովհան Ոսկեբերանին են վերագրվում բազում ճառեր, սակայն ոչ բոլորն են նրա գրչին պատկանում: Դավանական և հակաճառական բնույթի ճառաշար է գրել «Յաղագս անճառելի բնութեանն Աստուծոյ» թեմայով, որտեղ պաշտպանել է Աստուծո անճառելի, անըմբռնելի և անիմանալի բնությունը` ընդդեմ հերետիկոսների բնապաշտական հակումների, որոնք ժխտել են քրիստոնեական կրոնի անդրանցականությունը և Որդու բնության հավասարությունը Հոր բնությանը: Նշանավոր են քահանայական ծառայությանը վերաբերող ճառերը: «Յաղագս անդրիանդաց» և անտիոքյան շրջանի այլ երկերում գերակշռում է քրիստոնեական սիրո գաղափարը:« Ընդդեմ հրեաների և հրեացող քրիստոնյաների» ճառը Անտիոքի պատրիարքի թողտվությամբ գործող հրեաների ու նրանց ազդեցությանը ենթարկվող քրիսոնյաների դեմ է: Բարոյախոսական ճառերում նա գովաբանում ու բարձրացնում է ողորմածասիրության քրիստոնեական առաքինությունը` «Լավ է տալն, քան զառնուլն» առաքելական սկզբունքով (Ա Կորնթ. ԺԶ 1-4): Դրա համար էլ նրան կոչել են նաև «Սուրբ Հովհ աննես Ողորմած»: Ճարտասանական արվեստի ընտիր նմուշ է Անտիոքի ժողովրդին ուղղած «Յաղագս անդրիանդաց» ճառը: Գրել է նաև ներբողներ` նվիրված Հին Կտակարանի մեծ սրբերին, Անտիոքի եկեղեցու նշանավոր հայրապետներին:

Հովհան Ոսկեբերանի կյանքը և մատենագրական վաստակը մի շարք կողմերով կապված է հայ իրականության հետ: Նրա երկերի մեծ մասը թարգմանել են հայ վարդապետները հինգերորդ դարում` գրերի գյուտից և Աստվածաշնչի թարգմանությունից անմիջապես հետո: Թարգմանությունների լեզուն և ոճը համարվում են դասական` իրենց հստակությամբ, ճշգրտությամբ ու գեղեցկությամբ: Միայն Երևանի Մատենադարանում նրա երկերի ամբողջական կամ հատվածական բազում ձեռագիր թարգմանություններ են պահվում: Առաջին տպագիր երկը` «Մեկնութիւն սրբոյ Աւետարանին` ըստ Յօհաննու» (1717), բաղկացած է ութսունյոթ ճառից և «յորդորակներից», ընդ որում, յուրաքանչյուր ճառ համարվում է «աստվածախօս» մի գիրք: Տպագրվել են սուրբ Գրիգոր Ա Լուսավորչին նվիրված «Ներբող եանք…»-ը (1734), որոնք Հովհան Ոսկեբերանը գրել է աքսորավայրում, Կոկիոսի հայության խնդրանքով, և արտասանել «յոգնախումբ բազմութեանն» առաջ. «Երանելի՛ քեզ, անապատ Հայաստանեայց, որ ժողովեցեր զարեգակնդ բազմաճառագայթ ի ծոց քո և լուսաւորեցեր արփիափայլ նշուլիւք դորա» (էջ 110-115):

Տպագրված գործերի շարքում իր ուրույն տեղն ունի «Հատընտիր գիրք և ճառք և ներբողեանքը» (հ. 1-2, 1818): Հովհան Ոսկեբերանի մատենագրական վաստակի հայերեն թարգմանված և տպագրված գործերի մեջ կարևոր տեղ են գրավում նաև Մատթեոսի Ավետարանի («յԱւետարանագիրն Մատթեոս, գիրք 1, 2, 1826) և Պողոս առաքյալի թղթերի («Մեկնութիւն Թղթոցն Պաւղոսի», հ. 1, 2, 1862) մեկնությունների վենետիկյան հրատարակությունները: Միջազգային բանասիրության համար խիստ կարևոր է Եսայու մարգարեության մեկնության (հունարեն բնագրի մեծ մասը կորած է) հայերեն թարգմանությունը (հրտ. 1880): Միայն հայերենով են պահպանվել նաև Եզեկիելի, Ամբակումի մարգարեությունների, Մարկոսի, Ղուկասի Ավետարանների, Կաթողիկե թղթերի հատվածական մեկնությունները, բազմաթիվ ճառեր: Մեզ է հասել Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերի թարգմանությամբ Հովհան Ոսկեբերանի վարքը, որը տպագրվել է 1751 թվականին Վենետիկում` «Պատմութիւն վարուց» խորագրով: Հովհան Ոսկեբերանի երկերի հայերեն թարգմանությունները լայնորեն օգտագործվել են հայ մեկնողական (Անանիա Սանահնեցու, Սարգիս Կունդի, Գևորգ Սկևռացու, Վարդան Արևելցու խմբագիր մեկնություններ), դավանաբանական («Կնիք հաւատոյ», «Արմատ հաւատոյ» և այլ) գրականության մեջ:

Սույն ճառերի ընտրանին հայերեն է թարգմանվում առաջին անգամ:

Հ. Քյոսեյան


ՏՈՆ ԲՈԼՈՐ ՍՐԲԵՐԻ՝ ՀՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԵՐԻ, ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏՆԵՐԻ

Աթոսի վանականներից մեկը՝ սբ. Պորփյուրիոսը, պատմում է մի ճգնավորի մասին: Նրա անունը Դիմաս էր: Նա միայնակ ապրում էր հինավուրց խցում: Ամբողջ կյանքում այդ Դիմասն, ըստ էության, անհայտ է մնացել: Ոչ ոք չի հիշատակել ո՛չ նրա անունը, ո՛չ էլ շնորհները: Նա ապրել է ճգնությամբ ու աստվածպաշտությամբ զարդարված անձնուրաց կյանքով՝ առանց դույզն-ինչ մարդահաճության: Ծառան՝ Տիրոջ առջև: Եվ ով գիտի՝ երբ է նա մահացել: Ըստ սբ. Պորփյուրիոսի՝ այդպիսի անապատականներին հաճախ գտնում էին նրանց ննջումից մի քանի ամիս անց: Նրանց անուններն անհայտ են, չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում (տե՛ս Ելք 32:33, Հայտ. 3:5, 20:12): Նրանք չեն փառավորվում և հիշատակվում մարդկանց կողմից, բայց անդադար փառավորում են Աստծուն և վայելում Նրա ներկայությունը:

Հովհաննեսի Հայտնության գրքում նկարագրված են ճերմակազգեստ մարդկիք բոլոր ազգերից ու ժողովուրդներից, որոնք Երկնքի Արքայության մեջ անդադար երկրպագում ու փառավորում են Հայր Աստծուն և Գառանը՝ Հիսուս Քրիստոսին. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից,- բացատրում է երեցն առաքյալին,- և իրենց զգեստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով։ Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծո աթոռի առաջ և զօր ու գիշեր պաշտում են նրան իր տաճարի մեջ։ Եվ նա, որ նստում է աթոռի վրա, բնակվում է նրանց մեջ» (Հայտ. 7:9-16)։ Այսպես, քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են անցել կրակի ու սրի միջով, անպարտելի քաջությամբ և անգայթ զգաստությամբ դիմադրել հալածանքին, բայց, ցավոք, մնացել են մեզ անհայտ: Հենց նրանց տոնն ենք տոնում ամեն տարի Գյուտ Խաչի տոնին հաջորդող Ը կիրակիի նախորդ շաբաթ օրը, նրանց, որոնք, ըստ սբ. Գրիգոր Նարեկացու.

«Որպես աշակերտ առաքյալների
Ու չարչարակից, իրենց գործերով
Կատարելապես նրանց հավասար,
Պարում են հիմա խրախճանքներում
Հավիտենական երանության մեջ» (Բան ՁԱ):

Քրիստոսի Եկեղեցին մի է: Քրիստոնյաներն էլ, որ Քրիստոսի Մարմնի անդամներն են (Հռոմ. 12:1-5), մի են Քրիստոսով: Այդ միությունը չի կարող խաթարվել մահվամբ, որովհետև «եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ» (Ա Կորնթ. 15:19): Եվ քանի որ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, և բոլորը նրա համար կենդանի են (հմմտ. Ղուկ. 20, 38), առաջ են գալիս երկու կարևոր հասկացություններ՝ «Հաղթանակած Եկեղեցի», որ ի Տեր հանգած արդար քրիստոնյաներն են, և «Զինվորյալ Եկեղեցի», որի անդամը լինելու կոչումն ունենք մենք՝ հոգևոր սպառազինությամբ (Հաղորդություն, պահք, աղոթք և այլն) չարի դեմ պայքարողներս, որ ձգտում ենք միաբանվելու բոլոր՝ հին ու նոր, հայտնի և անհայտ սրբերի հետ:

Այս միաբանությունն սկսվում է ոչ միայն այն ժամանակ, երբ մենք էլ երանությունը կունենանք թողնելու այս աշխարհը և դառնալու Երկնքի Արքայության քաղաքացի, այլ յուրաքանչյուր վայրկյան Եկեղեցին ապրում է սրբերի բարեխոս ներկայությամբ: Հայտնության գրքում պատմվում է, թե Երկնքի Արքայության մեջ ինչպես են սրբերն ու երկնային զորքերը միասնաբար պաշտամունք մատուցում և հաղթական երգերով փառավորում Աստծուն (տե՛ս 4, 19:1-4): Ըստ այսմ՝ մենք էլ, հրեղենների և Հաղթանակած եկեղեցու հետ միաբան, դաս առ դաս ձայնակցում ենք ժամերգությունների՝ ընդհանրական աղոթքների ընթացքում, հիշելով, որ «աղոթքի մեջ կարևոր է և օգտակար դիմել Աստծո սրբերին՝ բարեխոսելու առ Աստված» (Բարսեղ Մաշկևորցի):

Կարող է հարց առաջանալ. եթե Քրիստոս երկրորդ անգամ չի եկել և չի կայացրել իր ահեղ Դատաստանը, ո՛չ սրբերն են Երկնքի արքայության արժանացել, ո՛չ էլ մեղավորները պատժվել հավիտենական հրով (հմմտ. Եսայի 66:15-16, Մատթ. 16:27, Հովհ. 5:22, 14:2, Բ Թես. 1:7-9), ապա որտե՞ղ են կատարվում նկարագրյալ փառաբանությունները, ինչ կացության մեջ է Հաղթանակած եկեղեցին այժմ: Քանի որ այս հարցումը չափազանց կարևոր է, մի փոքր շեղվելով պետք է փորձենք պատասխանել:

Ցավոք, Քրիստոսի Եկեղեցին վարդապետական ինչ-ինչ հարցերում չկարողացավ միաբան մնալ: Այս պարագային, Լատին (Կաթոլիկ) և Ուղղափառ ընտանիքի եկեղեցիների տեսակետը տարբերվում է Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետից (որն, ըստ էության, վաղ եկեղեցու տեսակետն է, պարզապես մեզ մոտ երբեք չի փոփոխվել): Այսպես, Լատին և Ուղղափառ եկեղեցիներն առաջ են քաշել քրիստոնեության առաջին դարերի Հայրերին անհայտ «առանձնական դատաստան»-ի մասին ուսմունքը, ըստ որի արդար հոգիների համար զրկանք կլինի, եթե նրանք չվարձատրվեն իրենց մահից անմիջապես հետո, այլ սպասեն վերջին դատաստանին՝ անորոշության և անձկության մեջ: Ուրեմն՝ անհրաժեշտ է, որ հոգիներն անմիջապես արժանան իրենց վարձքին կամ պատժին, իսկ ժամանակի լրումին նոր մարմնով հարություն առնեն և ենթարկվեն վերջնական՝ Ահեղ Դատաստանին: Այս վարդապետության 3 սուրբգրային փաստարկներն էլ թերի են և կարող են վիճարկվել.

«Մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան» (եբր. 9:27), սակայն «այնուհետև» բառը պարտադիր չէ «անմիջապես հետո» իմաստով հասկանալ: Այս բառը կարող է ցույց տալ նաև գալիք Ահեղ Դատաստանը:

Աղքատ Ղազարոսի և մեծահարուստի առակում մեծահարուստը մեռնելուց հետո դժոխքում «բարձրացրեց իր աչքերը և հեռվից տեսավ Աբրահամին ու Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգչելիս» (տե՛ս Ղուկ. 16:19-31): Սակայն, ինչպես իրավացիորեն նկատում է Շնորհք պատրիարք Գալուստյանը, «պատմվածքը առակ է լոկ, և ոչ թե հայտնություն… Բացի այդ, պետք է գիտենալ, որ հայերեն «դժոխք» բառը համապատասխանում է եբրայերեն «շեհոլ» և հունարեն «հադես» բառերին, որոնք անպատճառ տանջավայրեր չեն նշանակում, այլ հոգվոց կայարան: Արդարև, հունարեն բնագրում այս առակի «դժոխք» բառի դեմ կա «հադես» բառը, իսկ բուն տանջավայրի համար գործածված բառը թե՛ եբրայեցերենում և թե՛ հունարենում «գեհեն»-ն է… Դրանից բացի, առակի խոսվելու ժամանակ փրկագործությունը դեռ չէր կատարվել, քանի որ Հիսուս դեռ չէր խաչվել, ուստի արքայության ճամփան դեռ բացված չէր: Հետևաբար՝ առակի մեջ «դժոխք» և «գոգն Աբրահամու» բառերը պարզապես նշանակում են մեղավորների կայան և արդարների կայան»: Այս մասին է վկայում նաև մեր շարականներից մեկը՝ սույն առակի մեջ տեսնելով Ահեղ Դատաստանի օրինակը. «Որ զհամօրեն (ոչ թե առանձնական – Թ. Ա.) դատաստանին օրինակ նշանակեցեր առ մեծատունն և զՂազարոս ներհակաբար տալով զոր աստ ընկալան»:

«Այսօր ինձ հետ դրախտում կլինես»,- ասում է Քրիստոս աջակողմյան ավազակին (Ղուկ. 23:43), և կարող է տպավորություն ստեղծվել, թե Քրիստոս հենց նույն օրը վարձատրեց փրկված ավազակին: Սակայն Եկեղեցու վարդապետության համաձայն Քրիստոս մեռնելուց հետո ոչ թե դրախտ, այլ դժոխք գնաց՝ այն ավերելու. «Հոգւովն իջեալ ի դժոխս… քարոզեալ հոգւոցն» (հմմտ. Ա Պետ. 3:19): Այս մասին դարձյալ պետք է մեջբերենք Շնորհք պատրիարքի խոսքը. «Հիսուս նրան (ավազակին – Թ. Ա.) ոչ թե Արքայություն է խոստանում, այլ դրախտ, որ անմեղների կայանն է»:

Հայ Եկեղեցու որդեգրած վարդապետությունն այս հարցում հետևյալն է. առանձնական դատաստան լինել չի կարող, որովհետև այն նսեմացնում է Ահեղ Դատաստանի նշանակությունը, դարձնում այն ձևական իրողություն: Մահից հետո հոգիների կացության մասին Աստվածաշունչը լռում է, ոչ մի հստակ հայտնություն չունենք: Սակայն Քրիստոս ասաց. «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. թե չէ Ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի ուր Ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք» (Հովհ. ԺԴ 2): Ըստ այսմ՝ հավատում ենք, որ սրբերը արդարների օթևաններում են: Կան նաև մեղավորների օթևաններ: Հոգիներն իրենց կացությանն անտեղյակ չեն. արդարները հույսով հրճվում են, իսկ մեղավորները՝ հատուցման ակնկալությամբ տանջվում: Իսկ մենք՝ սբ. Ներսես Շնորհալու խոսքերով աղոթում ենք և խնդրում. «Հանգչիլ յուսով բարեաց յօթեւանս արդարոց մինչեւ յօր մեծի գալստեան Քոյ» և վերադառնում մեր բուն թեմային, որից հարկադրաբար շեղվեցինք:

Հետաքրքրական և կարևոր է այն հանգամանքը, որ մեր հնագույն տոնացույցներում բոլոր սրբերի տոնը չկա: Կաթոլիկ եկեղեցում այն հնուց ի վեր տոնվել է (նոյեմբերի 1-ին): Իսկ մենք ունեցել ենք հինավուրց մեկ այլ տոն՝ «Յիշատակ Տապանակին հնոյ եւ տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ», որի խորհուրդը նման է խնդրո առարկա տոնի իմաստին. Տապանակը խորհրդանշում է Հին Ուխտի եկեղեցին, որն իր լրմանն է հասել Նոր Ուխտի Եկեղեցում: Իսկ Եկեղեցին սրբերի ժողովն է (տե՛ս Հայտ. 7, Ա Կորնթ. 9:1): Ուստի այս տոնի ընթացքում մենք դարձյալ հիշատակել և հիշատակում ենք, ինչպես մի շարք Վարք սրբոցներ էլ վկայում են, բոլոր սրբերին «որք արք են և կանայք, ուստերք և դստերք, յամենայն հասակէ և յաստիճանէ, սկսեալ յանմեղ մանկանց մինչև ցկատարեալս աւուրք և արդեամբք, յաղքատաց մինչև ի հարուստս՝ աղքատ հոգւով, ի հպատակաց մինչև ի թագաւորս» (Լիակատար վարք սրբոց, Վենետիկ, 1810): Այս հանգամանքը հուշում է, որ տոնի ակունքները պետք է փնտրել Արևմտյան եկեղեցում: Եվ իրապես, Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի (1763-1780 թթ.) մշակած նշանավոր տոնացույցի մեջ մենք առաջին անգամ ենք հանդիպում Աստվածամորը նվիրված և Կաթոլիկ եկեղեցուց ներմուծված ,Գիւտ գօտւոյե, ,Գիւտ տփոյե և ,Ամենայն սրբոցե տոներին, ինչն էլ հիմնավորում է մեր ենթադրությունները տոնի ակունքների մասին: Վերոշարադրյալից երևում է, որ Հայոց եկեղեցին թեև օգտվել և օգտվում է մյուս եկեղեցիների ձեռքբերումներից՝ տոներ, սովորություններ, գործնական իրողություններ, սակայն երբեք պատրաստ չէ մեկ նշանախեց իսկ փոխել առաքյալներից ստածած իր ուղղադավան վարդապետության մեջ:

Քրիստոնեության պատմության առաջին նահատակը սբ. Ստեփանոսն է (տե՛ս Գործք 7:54-59): Հայազգի առաջին նահատակ է համարվում Սանատրուկ արքայի դուստր սբ. Սանդուխտը (Ա դար), իսկ տոնացույցում տեղ գտած վերջին սրբերն են սբ. Հովհաննես Որոտնեցի և սբ. Գրիգոր Տաթևացի վարդապետները: Ավելի ուշ` ԺԸ դարում, Պատարագի ընթացքում սկսվեց հիշատակվել Մովսես Գ Տաթևացու անունը։ 2015 թ. սրբադասվեցին Մեծ Եղեռնի զոհ դարձած նահատակները: Սակայն մեր եկեղեցին չի ունեցել սրբերի կանոնականացման այնպիսի կարծր օրենքներ, որպիսիք ուներ Հռոմեակաթոլիկ եկեղեցին։ Ուղղափառ ընտանիքի եկեղեցում, որպես կանոն, կանոնականացման հիմք է ծառայում տեղական պաշտամունքը, իսկ վճիռը կայացնում է կա՛մ եկեղեցու առաջնորդը, կա՛մ եկեղեցական ժողովը։ Սրբադասման կարգը նշվում է հանդիսավոր արարողությամբ և սրբի անվան ներմուծմամբ տոնացույցների և Հայսմավուրքների մեջ՝ ամենամյա հիշատակման համար։

Սրբադասումն, ըստ էության, իր դիմագիծն ուներ արդեն Բ դարում: Առաքելական հայրերից սբ. Պողիկարպոս Զմյուռնացու վկայաբանությունը գրվել է նրա մահից (156 թ.) քիչ անց և համարվում է մինչ օրս պահպանվածներից հնագույնը: Այստեղ արդեն խոսվում է սրբերի հանդեպ մեծագույն պատկառանքի մասին (գլ. ԺԸ). նահատակի մահվան տարելիցին քրիստոնյաները հավաքվում էին «ցնծությամբ և ուրախությամբ, ի հիշատակ նախկին նահատակների և ի վարժություն ու պատրաստություն ապագա նահատկների…»: Սուրբ մասունքները բնութագրվում են որպես «թանկարժեք քարերից առավել թանկ և առավել փորձված քան ոսկին»: Միաժամանակ, հատուկ տարբերություն է նկատվում Քրիստոսին տրվող երկրպագության և «նահատակների՝ Տիրոջ աշակերտների և հետևորդների հանդեպ սիրոյն» միջև:

Դարեր անց քրիստոնյաներս դարձյալ պատվում և մեծարում ենք սրբերին: Ի մասնավորի այս տոնը եկեղեցում յուրահատուկ ծիսակարգ ունի: Գիշերային ժամերգությանը երգվող Օրհնությունն առաքյալների կանոնից է, իսկ առավոտյան ժամերգության շարականները բաժանված են հետևյալ կարգավորությամբ. Հարց շարականը երգվում է հայրապետների կանոնից, Մեծացուսցեն՝ նահապետների, Ողորմյան՝ մարգարեների, Տեր հերկնիցը՝ վարդապետների, Մանկունքը՝ կույսերի, Պատարագին երգվող Ճաշու շարականը՝ թագավորների: Այսպիսով՝ մենք հիշատակում ենք բոլոր սրբերին, որոնց սակայն ո՛չ թե պաշտոնն ու կոչումն է սրբացնում, այլ «ընտրութիւն նոցա և ընտիր վարքն, որ և ի թիւ և ի դասս մուծանէ ամենայն սրբոց տօնելեաց յերկինս և յերկրի, փառաւորելոց յԱստուծոյ և ի մարդկանէ» (Լիակատար վարք սրբոց):

Ուրեմն, ունկնդիր լինենք սբ. Հովհան Ոսկեբերանի հորդորին, ով իր «Բոլոր սրբերի և նահատակների մասին» քարոզում խորհուրդ է տալիս ո՛չ միայն խնդրել սրբոց բարեխոսությունը, այլ նաև նմանվել նրանց, ո՛չ միայն գովերգել, այլ գովելի վարքով դասակից լինել սրբերին: Իսկ դեպի սրբություն ճանապարհը սկսվում է հավատքի և լրանում սիրո մեջ, քանի որ «հավատքն ու սերը սկիզբն ու ավարտն են. հավատքը սկիզբն է, իսկ սերը՝ ավարտը: Ուր այս երկուսը միասին են, այնտեղ են նաև Աստված և մյուս բոլոր բարի գործերն ու առաքինությունները» (սբ. Իգնատիոս Անտիոքացի, Եփես. ԺԴ):

Հավարտ մեր հոդվածի՝ ուզում ենք հարցնել. սիրելի՛ ընթերցող, այդո՞ք խելամիտ է այս համատեքստում, այս տոնի հետ կապել Հելոուին (Halloween — All Hallows՚ Eve (բոլոր սրբերի երեկո)) կոչված կելտական տոնը: Մենք այս տոնին ոչ մի որակում չենք տա, բայց պարզապես կնշենք. այս տոնի ո՛չ խորհուրդը, ո՛չ տրամադրությունը և ո՛չ էլ էությունը քրիստոնեության հետ կապ չունի: Թող յուրաքանչյուր քրիստոնյա Սբ. Գրքի շնչով զգա, թե ինչպե՞ս է վայելում մեզ անցկացնել բոլոր սրբերի տոնը՝ վհուկների, դևերի և չար ոգիների հանդերձանքո՞վ, թե՞ աղոթքով և հոգևոր խնդությամբ: Ամեն դեպքում թող սրբերը բարեխոս լինեն բոլորիս համար, որպեսզի նրանց պես զինվենք հավատով, սիրով, քաջությամբ և իմաստությամբ՝ հասնելու համար մեր հույս և փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Փառաւորեալ Տէր,
Ընկալ զաղաչանս ծառայի քո
Եւ կատարեա ի բարի զխնդրուածս իմ
Բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին,
Եւ Յովհաննու Մկրտչին,
Եւ սրբոյն Ստեփաննոսի Նախավկային,
Եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին,
Եւ սրբոց առաքելոց, մարգարէից,
Վարդապետաց, մարտիրոսաց
Եւ սրբոց հայրապետաց, ճգնաւորաց
Կուսանաց եւ ամենայն սրբոց քոց՝
Երկնաւորաց եւ երկրաւորաց:
Եւ քեզ փառք եւ երկրպագութիւն
Անբաժանելի սուրբ Երրորդութեանդ,
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Սբ. Ներսես Շնորհալի)

Հոդվածը պատրաստեց Թովմաս դպիր Առաքելյանը


Հրեշտակների մասին

Հրեշտակներն արարվել են աշխարհի ստեղծման ամենասկզբում: Նրանք Աստծո հավատարիմ սպասավորներն են եւ գտնվում են Նրա մշտնջենական ծառայության մեջ՝ անդադար վայելելով Նրանից ճառագող շնորհն ու երանությունը:

Հրեշտակներ էին նաեւ սատանան ու դեւերը, որոնք չփառավորեցին Աստծուն, գերադասեցին իրենց կամքն ու փառքը եւ գահավիժեցին երկնքից: Նրանք Աստծո ստեղծած անհամար հրեշտակների փոքր մասն էին: Մյուսները, ընտրելով առ Աստված հնազանդությունը, հավիտենապես հաստատվեցին բարու մեջ: Նրանք, ի տարբերություն սատանայի ու դեւերի, անդադար փառաբանում եւ ծառայում են Աստծուն՝ սպասավորելով մարդկանց եւ ամեն կերպ նպաստելով մեր փրկությանը:

Հրեշտակների թիվն անհամար է, սակայն գոյություն ունի որոշակի դասակարգում, որի մասին հայտնությամբ գրել է ս. Դիոնեսիոս Արեոպագացին:

Ըստ այդ դասակարգման՝ հրեշտակները կամ երկնային զորությունները բաժանվում են 9 դասի, որոնք միմյանցից տարբերվում են իրենց դիրքով եւ նշանակությամբ. դրանք են՝ աթոռք, քերովբեներ, սերովբեներ, տերություններ, զորություններ, իշխանություններ, պետություններ, հրեշտակապետներ, հրեշտակներ:

Առաջին երեքը ամենամերձն են Աստծուն եւ անմիջականորեն լցվում են Նրանից ճառագող շնորհներով:

Հաջորդ երեքը միջին դիրք են գրավում. նրանք իրենց շնորհի լույսը ստանում են առաջին դասերի միջոցով եւ այն հաղորդում ստորիններին:

Իսկ վերջին երեքը առավել մերձ են մեզ. վերեւի դասերից ստանալով շնորհ եւ զորություն՝ փոխանցում են մեզ եւ սպասավորում ողջ մարդկությանը՝ ի վերուստ տրված հրամանների համաձայն: Այս պատճառով մեզ առավել հայտնի են ամենավերջին դասի հրեշտակապետներն ու հրեշտակները:

Հրեշտակապետները հիմնականում ամբողջական ազգերի պահապաններ են, իսկ հրեշտակները՝ անհատ մարդկանց: Յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որն անտեսանելիորեն, անդադար հուշում է նրան բարի խորհուրդներ, պատսպարում դեւերի հարձակումներից, հեռու պահում փորձություններից եւ պահպանում աղետներից:

Սուրբ Գրքից իրենց անուններով մեզ հայտնի են մի քանի հրեշտակապետներ, ինչպիսիք են Գաբրիելը,Gabriel hreshtakapet – Հրեշտակների մասին որը Սուրբ Գրքից հայտնի 7 հրեշտակապետներից մեկն է եւ համարվում է մարդկանց աղոթքները Աստծուն հասցնող հրեշտակը: Նրա անունը եբրայերեն նշանակում է Աստծո զորություն:

Դեռեւս հին ուխտում Գաբրիելը հանդես է գալիս Փրկչի գալստյանն առնչվող խորհուրդները մարգարեներին բացահայտելով եւ մեկնաբանելով նրանց տեսիլքները, ինչպես որ այդ արեց Դանիել մարգարեի եւ Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի հետ: Այնուհետեւ Գաբրիել հրեշտակապետը դարձավ Քրիստոսի փրկագործության վկան եւ մասնակիցը՝ իր այցելությամբ երկնային ավետիսը բերելով ս. Մարիամ Աստվածածնին: եւ Միքայելը,Miqayel – Հրեշտակների մասին որը Սուրբ Գրքից մեզ հայտնի է իբրեւ Իսրայելի ժողովրդի իշխանը, որ մարտնչում էր նրա թշնամիների դեմ: Որպես երկնային զորքերի հրամանատար՝ նա, ինչպես հին ուխտում՝ Իսրայելի, այնպես էլ նորում՝ Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելի կերպով մարտնչում է սատանայի դեմ: Ս. Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքում նկարագրված է նրա պատերազմը երկնքում եւ հաղթանակը վիշապի՝ սատանայի, եւ նրա չար զորակիցների նկատմամբ:

Միքայել հրեշտակապետին Եկեղեցին պատվում է հնագույն ժամանակներից ի վեր՝ նրա հիշատակը տոնելով Գաբրիել հրեշտակապետի եւ բոլոր հրեշտակների հետ մեկտեղ:

Եկեղեցին անբաժան է հրեշտակներից. նրանք երկնքում սրբերի հետ անդադար աղոթում եւ օժանդակում են մեզ: Ուստի Եկեղեցում հաստատված են նաեւ հրեշտակներին նվիրված տոներ, որոնցում հիշատակվում են նրանց առնչվող իրադարձությունները, եւ հայցվում է նրանց բարեխոսությունը:

Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան:


Աստվածածնի տաճարին ընծայումը

Նոյեմբերի 21-ին երեքամյա սուրբ Կույսի տաճարին ընծայելու տոնն է: Մարիամի ծնողները ուխտել էին, որ իրենց զավակին ընծայելու են Տիրոջը: Երբ լրացավ Մարիամի առաջին տարին, ծնողները նրան նվերներով հանդերձ տարան տաճար Աստծուն ընծայելու: Իսկ երբ լրացավ երրորդ տարին, ծնողները, կրկին վերցնելով իրենց հետ ընծաներ, տարան տաճար՝ և հանձնեցին նրան Զաքարիա քահանայապետին: Երբ երեքամյա Մարիամը մտավ տաճար, առանց օգնության բարձրացավ տաճարի տասնհինգ աստիճաններով, (որոնք տանում էին դեպի Մեծ սեղանը) և բոլորին զարմացրեց: Եվ ամեն տարի ծնողները Մարիամին տանում էին տաճար, մինչև լրացավ նրա յոթը տարին: Նրա մասին է երգել Սողոմոնը. ՙԱրքան ինձ Իր սենյակը տարավ՚ (Երգ Ա 3): Մեծ Արքայի սենյակը անմեկնելի լույսերի խորանն է, որը կոչվում նաև «վարագույրի ներսի կողմ»: Դրա օրինակն է Սրբության սրբոցը, ուր տարին մեկ անգամ մտնում էր քահանայապետը, քավելու իր և ամբողջ ժողովրդի այդ տարում գործած մեղքերը:

Ինչպես Աբրահամը, երբ իր որդուն տանում էր ողջակիզման (տե՜ս Ծննդ. ԻԲ 1-4), երրորդ օրը տեսավ Մորիա լեռը, ուր պետք է զոհաբերվեր Իսահակը (տե՜ս Ծննդ. ԻԲ 4), այդպես էլ այսօր սրբուհի Կույսը, իր կյանքի երրորդ տարում, տարվեց տաճար՝ տեսնելու այն տեղը, որտեղ զոհաբերվում էին գառներն ու ոչխարները, որոնք օրինակն էին Քրիստոսի՝ իր ապագա Զավակի՝ Աստծու Գառի:

Մտավ սուրբ Կույսը տաճար այնպես, ինչպես Ուխտի տապանակը մտավ Վկայության խորան: Սակայն այդ ժամանակ Ուխտի տապանակն արդեն խորանում չէր, քանզի վաղուց ի վեր Երեմիան այն թաքցրել էր Սինա լեռան մեջ: Ուխտի տապանակը Իսրայելի փառքն էր և երբ՝ Հեղի քահանայապետի օրոք, այն գերվեց, ասացին. «Իսրայելի փառքը վերացավ» (Ա Թագ. Դ 22): Այսօր Տերը կամենալով կրկին փառավորել Իսրայելը, տաճար տարավ Աստվածածին Կույսին, որպեսզի այն փառավորվի Մարիամով՝ Խորհրդական տապանակով:

Մարիամը յոթ ամսական է ծնվել, և յոթ ամսականում դուրս եկան նրա առաջին ատամները: Յոթ ամսականում առաջին անգամ նա քայլեց՝ յոթ քայլ, և յոթ տարեկանից սկսեց ապրել տաճարում: Նա արժանապես ընդունեց Սուրբ Հոգու յոթնարփյա շնորհները՝ զարդարվելով յոթ առաքինություններով: Ամենագով մանուկը բնակվեց տաճարում իբրև անբիծ աղավնի, աճեց ու զարգացավ հասակով և իմաստությամբ: Եվ հրեշտակներն աղավնակերպ իջնում էին տաճարի մեջ և Մարիամին կերակրում: Մարիամն իր առաքինի վարքով մնաց տաճարում յոթը տարի և ամեն օր հոգով կրթվում էր պարկեշտության մեջ:

Սուրբ Կույսի հանձնումը Հովսեփին

Երբ լրացավ Մարիամի տասնչորս տարին, քահանայապետը նրան հրամայեց ամուսնանալ, ինչպես մյուս կույսերին, սակայն նա չհամաձայնեց՝ ասելով, որ իր ծնողներն իրեն նվիրել են տաճարին, և ինքն Աստծուն ուխտել է կույս մնալ: Քահանայապետերը սկսեցին փնտրել պարկեշտ ու Աստծու երկյուղն ունեցող, ամեն տեսակ չարությունից զերծ, բոլոր մարդկանցից վկայված մի այր մարդու, որպեսզի Կույսին նրա պահպանությանը հանձնեն, որպեսզի պահպանվի Բանն Աստծու բնակարանը, ըստ Եզեկիել մարգարեի տեսիլքի. «Տեսնում էի մի փակ ու կնքված դուռ, և ոչ ոք չէր մտնում և դուրս չէր գալիս նրանով, բայց միայն Իսրայելի Տեր Աստվածը» (տե՜ս Եզեկ. ԽԴ 2):

Քահանաները դիմեցին Աստծուն, որ Նա Ինքը ցույց տա այդ մարդուն: Եվ երկնքից մի ձայն ասաց. «Հավաքիր Իսրայելի բարեպաշտ որդիների գավազանները և դրանք դիր խորանում և ում գավազանը որ կծաղկի, նրան էլ տուր այս կույսին»: Այդ ժամանակ քահանայապետը հավաքեց գավազանները և դրանք դրեց խորանում: Մի որոշ ժամանակ անց Հովսեփի գավազանը ծաղկեց, և Հոգու շնորհը երևաց նրա վրա: Այն օրերին Հովսեփը քառասունմեկ տարեկան էր: Սակայն, քանի որ Հովսեփը հանձն չէր առնում ընդունել Մարիամին, քահանաները նրան ասացին. «Ո՜վ մարդ, Աստծուն մի՜ հակառակվիր, հիշիր Կորխին ու Դադանին, քանզի Տիրոջից է, որ վիճակը քեզ է ընկել»:

Ապա քահանայապետն օրհնեց Կույսին և նրան հանձնեց Հովսեփին, ով էլ հնազանդորեն առնելով Մարիամին, այսինքն՝ ի պահպանության վերցնելով Բանն Աստծու տաճարը, տարավ Նազարեթ՝ իր տունը, որը Գալիլիայի կողմերում է, և կարգեց իր զավակների հետ: Կույսը չորս ամիս նրա տանն ապրելուց հետո հրեշտակից ընդունեց հղության ավետիսը:

Հովսեփը նախկինում ամուսնական պարկեշտ կյանքով էր ապրել, բայց երկար ժամանակից ի վեր ամուրի էր: Նա իր առաջին ամուսնությունից չորս որդի ուներ՝ Հակոբոսը, Հովսեն, Սիմոնը և Հուդան, և երեք դուստր՝ Մարթան, Եսթերը և Սաղոմեն՝ Հովհաննեսի և Հակոբի մայրը՝ Զեբեդիայի կինը: Հովհաննեսը Քրիստոսի քրոջ որդի էր կոչվում, այնպես ինչպես Հովսեփի որդիները Քրիստոսի եղբայրներ էին ասվում, իսկ դուստրերը՝ քույրեր: Հովսեփն ու Կղեոպասը եղբայրներ էին, և Կղեոպասի դուստր Մարիամը քույր է ասվում Աստվածածնին: Այդ պատճառով էլ Հովհաննես ավետարանիչն ասում է. «Խաչի մոտ կանգնած էին Նրա մայրը և մորաքույրը՝ Կղեոպասի Մարիամը» (Հովհ. ԺԹ 25):

Եսային մարգարեացել էր Հովսեփի և անարատ Կույսի մասին՝ ասելով. «Նամակը պիտի տան գրագետ մարդու և ասեն նրան՝ ընթերցի՜ր: Իսկ նա պիտի ասի. «Չեմ կարող ընթերցել, որովհետև կնքված է» (հմմտ. Եսայի ԻԹ 11): Մարգարեն Հովսեփին գրագետ մարդ է անվանում, քանզի նա ամուսնական կյանքի փորձ ուներ: Իսկ «Կնքված գիր» ասելով Մարիամի անխախտելի կուսությունն է ակնարկում: Հովսեփը խոստովանեց, որ չի կարող ընթերցել նամակը, քանզի գիրը կնքված էր սերովբեների Արքայի համար: Մարիամի մասին, ով ընդունողն եղավ Աստծու անճառելի Խոսքի, նաև ասվում է. «Փակված պարտեզ և կնքված աղբյուր» (Երգ Դ 12):

Հովսեփը մեծ երկյուղով ծառայում էր Կույսին, մինչև մեր Կենարարի երեսունմեկ տարին լրանալը, և ապա փոխվեց այս աշխարհից յոթանասուներկու տարեկան հասակում:

Հատված Արամ Դիլանյանի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները» գրքից


Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ

Նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

Քրիստոսի Համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի, Նրա աշակերտները տարածվեցին աշխարհով մեկ՝ ուսուցանելու բոլոր հեթանոս ազգերին քրիստոնեական վարդապետությունը: Առաքյալներն ընդամենը 12-ն էին և նրանցից երկուսը եկան Հայաստան ու նահատակվեցին Հայաստան աշխարհում: Հայոց հողը սնվեց առաքյալների արյունով … Երբ Սանատրուկ թագավորի հրամանով սպանում են Թադեոս առաքյալին՝ բացվում է ժայռը, որում և ամփոփում են առաքյալի մարմինը: Այսօր այդ ժայռի վրա է գտնվում Ս. Թադեի վանքը …

Մենք մեր եկեղեցին առաքելական ենք կոչում և դրանով իսկ հավաստում, որ քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին իսկ դարից՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների միջոցով:

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները քրիստոնեության առաջին ուսուցիչները եղան Հայաստան աշխարհում: Նրանց կյանքն ու քարոզչությունը լավագույն օրինակը հանդիսացավ քրիստոնեության զորության և կենսունակության: Հեթանոսական ցոփ ու շվայտ կենցաղավարության, կռապաշտութայն խավարի մեջ թաղված:

Հայաստանը տեղի տվեց ճշմարիտ լույսի առջև: Մենք 301 թ. ենք համարում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու տարեթիվ, սակայն մինչ այդ առաքյալների ցանած սերմերն էին արդեն ծլարձակել: Առաքյալների քարոզչությամբ արդեն պարարտ հող էր նախապատրաստվել հայ ժողովրդի դարձի համար:


Սուրբ Կույսի հղացման տոն:
Դեկտեմբերի 9-ը 

Քրիստոսի մայրը՝ ամենագովելի սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը ծնվել է ամուլ ծնողներից: Նա աստվածատուր է, որովայնից ընտրյալ զավակ, և նրա ծնունդը հրեշտակն է ավետել: Մարիամը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, քանզի Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր:

Մարիամի հայրը՝ Հովակիմը, Հուդայի թագավորական ցեղից էր, իսկ մայրը՝ Աննան՝ Ղևիի ցեղից էր, Ահարոնի զարմերից՝ Մաթան քահանայի դուստրը: Մաթան քահանան երեք դուստր ուներ: Առաջինի անունը Մարիամ էր, Հովսեփ աստվածահոր որդիների մայրը, ով ծնեց Սաղոմեին, սուրբ Կույսի մանկաբարձուհուն, երկրորդը՝ Սովյուեն էր, նա ծնեց Եղիսաբեթին՝ Հովհաննես Մկրտչի մորը, իսկ երրորդը՝ կրտսերը՝ Աննան էր, ով Գալիլիայում ամուսնացավ Հովակիմի հետ և ծնեց հրաշագեղ Մարիամին: Այս երեքը՝ Մարիամը, Եղիսաբեթը և Սաղոմեն երեք քույրերի դուստրեր էին:

Հովակիմն Իսրայելի որդիների տոհմից էր, Հուդայի ցեղից, Դավթի թագավորական տնից: Նա բարեպաշտ, բոլորի կողմից սիրված, Աստծու երկյուղն ունեցող անձնավորություն էր, և սուրբ սրտով, անկեղծ մտքով ու հոժար կամքով ծառայում էր Աստծուն: Աննան ու Հովակիմը, լինելով պարկեշտ ամուսնության մեջ, երկար տարիներ զավակ չէին ունենում, քանզի Աննան ամուլ էր:

Սուրբ Աննան տրտմում էր, քանի որ զավակ չունենալը ամոթ էր Իսրայելում: Հովակիմն ու Աննան արտասուքով և աղաղակներով անընդհատ Տիրոջից զավակ էին խնդրում:

Հովակիմը հույժ հարուստ էր և Աստծուն կրկնակի ընծաներ էր մատուցում: Մի օր էլ, երբ Իսրայելի որդիներն ընծաներ էին մատուցում Տիրոջը, և Հովակիմն էլ նրանց հետ էր, Ռուփիմ քահանան նրան ասաց. «Դու իրավունք չունես առաջինը ընծաներ մատուցել Աստծուն, որովհետև չունես զավակ Իսրայելի մեջ»: Հովակիմը տխրեց և դուրս գալով Տիրոջ տաճարից՝ գնաց լեռները՝ հովիվների մոտ, որոշելով այլևս տուն չվերադառնալ, չուտել ու չխմել, մինչև որ Աստված չողորմի իրեն: Նա աղոթքն իր համար կերակուր դարձրեց և իր արտասուքը խմեց: Այդ իմանալով նրա կինը՝ Աննան, սգի հագուստներ հագավ և օր ու գիշեր արտասվում էր:

Մի օր, իններորդ ժամին, Աննան աղոթքի է կանգնում Տիրոջ առջև ու ասում. «Հիշի՜ր, Տեր, Քո աղախնու տառապանքները և օրհնիր ինձ, ինչպես օրհնեցիր Սառայի արգանդը, տալով նրա Իսահակ որդուն»: Այդպես աղոթում էր և երկինք նայելով լալիս: Այդ ժամանակ Տիրոջ հրեշտակը երևաց նրան ու ասաց. «Աննա՜, Աննա՜, Աստված լսեց քո աղոթքը, և ահա դու պիտի հղանաս և մի դուստր պիտի ծնես, ում անունը տարածվելու է ամբողջ երկրում, և նրան պիտի նվիրես Տիրոջը՝ Աստծու տաճարին: Եվ ահա քո Հովակիմ ամուսինը գալիս է խոյերով, նոխազներով ու զվարակներով, քանզի Տերը լսել է նրա աղոթքները»:

Հովակիմը նույնպես Տիրոջ հրեշտակից ավետիս էր ընդունել, և վերցնելով ընտիր ու անարատ տասը ոչխար՝ Տիրոջն ընծայելու համար, տասներկու զվարակներ՝ քահանաների ու ծերերի համար, և հարյուր այծեր էլ՝ ժողովրդի համար, իջնում է սարից և ընծաները մատուցելուց հետո գնում իր տունը, և նրա կինը՝ Աննան, հղիանում է:

Հետագայում Աննան արժանանում է նաև իր Թոռան՝ Հիսուսի տեսությանը, սակայն այդ ժամանակ Հովակիմն արդեն մահացել էր:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի


Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի

Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Սբ. Հակոբը մեր առաջին Հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ հետ տեղափոխվում է Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը` դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին` հանդիպել Մարուգե ճգնավորին, որն հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը` տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության, Սբ. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին:

Ս. Մարուգե ճգնավորը եղել է Հակոբ Մծբնեցու աշակերտը։

Քրիստոնեություն է քարոզել Ասորիքում և հայկական Միջագետքում։ Ս. Մելիտոսը՝ Անտիոքի եպիսկոպոսը († 381), ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում և եղել Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը 358 թ., ապա 360 թ. գահակալել է Անտիոքի Աթոռին։ Եղել է Բարսեղ Մեծի ընկերը, պայքարել է արիոսականների դեմ, որի պատճառով հերետիկոսների սադրանքով երիցս աքսորվել է։ Նախագահել է 381 թ. Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովը, սակայն մահացել է ժողովի ավարտից առաջ։


ԱՎԱԳ ՏՈՆԵՐ

Ծննդյան տոնից առաջ, սուրբ Հովհաննես Օձնեցի հայրապետի կարգադրությամբ, տոնում ենք չորս տոն, որոնք և կոչվում են Ավագ տոներ: Սրանք կատարվում են նախատոնակներով և առանձին հանդեսներով:

Սուրբ Եկեղեցու վարդապետները Սուրբ Հոգու առաջնորդությամբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնից առաջ կարգեցին ևս չորս տոն Եկեղեցու յոթ գլխավոր այրերի համար՝ որպես սուրբ Եկեղեցու հավատի շինության անկյան վեմերի: Նախ կարգեցին Դավիթ Աստվածահոր և Հակոբոս Տյառնեղբոր հիշատակության օրը, ապա՝ սուրբ Ստեփաննոս Նախավկայի, այնուհետև՝ առաքյալներից գլխավորների՝ Պետրոսի ու Պողոսի, և ապա՝ Որոտման որդիների՝ Հակոբոսի ու Հովհաննեսի տոները, ովքեր և յոթ սյուներ եղան, ըստ որի՝ հիմնարկվել են Եկեղեցու չորս անկյուններն ու յոթ սյուները:

Նա, ով կամենում է արքունիք կազմել, այն կառուցում է հաստատուն ու կարծր հիմքի՝ անսասան վեմի վրա, որի մասին Տերն առակով ասաց Ավետարանում. «Պիտի հաստատեմ Եկեղեցին հավատի վեմի վրա» (հմմտ. Մատթ. ԺԶ 18): Քանի որ Եկեղեցին հաստատված է մարգարեական ու առաքելական հիմքի վրա՝ անկյան գլուխ ունենալով Քրիստոսին, դրա համար էլ մարգարեների և առաքյալների հետ միասին ենք տոնում այս տոնը, որովհետև այն, ինչը մարգարեները Հոգով տեսնելով պատմեցին, առաքյալներն ականատես լինելով քարոզեցին:

Եվ դարձյալ՝ նրանց համար, ովքեր դժվարահավատ են, և նրանց հավատարիմ վկաներ են հարկավոր, ինչպես Քրիստոս Իր Աստվածության համար Հորն է վկա բերում, ինչպես նաև Մովսեսին ու Եղիային՝ Իր չարչարանքներից առաջ Թաբոր լեռան վրա բերեց, այսպես և մենք մեր Փրկչի ծննդյան հավատարիմ վկաներ ունենք Դավթին ու Հակոբոսին: Քանզի Հին ուխտում չկար ավելի պատվական մեկը, քան Դավիթը, ում հրեաներն ավելի պատվեին, իսկ Նոր ուխտում առաքյալները Հակոբոս Տյառնեղբորը կարգեցին որպես առաջին եպիսկոպոս Երուսաղեմի, ով բոլորի կողմից Արդար կոչվեց:

Մատթեոսը Դավթին աստվածահայր է կոչում՝ ասելով. «Գիրք ծննդյան Դավթի որդու» (Մատթ. Ա 1), իսկ Պողոսն իր խոսքում Հակոբոսին Տիրոջ եղբայր է անվանում. «Առաքյալներից ոչ ոքի չտեսա, բացի Հակոբոսից՝ Տիրոջ եղբորից» (Գաղատ. Ա 19): Եվ կա՞ արդյոք ավելի արժանահավատ վկա, քան հայրը և եղբայրը: Եվ Քրիստոսի ծնունդով մեկ եղան մարգարեները և առաքյալները:

Ինչպես երկրի թագավորները սովորություն ունեն իրենց խորհուրդները և գանձերը հույժ հավատարիմ և վստահելի այրերին ավանդելու, այսպես և երկնային Արքան Իր տնօրինության խորհուրդը նրանց վստահեց, մանավանդ Դավթին, ում համար ասաց. «Գտա Հեսսեի որդի Դավթին՝ Իմ սրտով մի մարդու» (Գործք ԺԳ 22): Ով էլ Աստծու «սիրտ» և «կամք» կոչվեց: Իսկ Դավիթն ասաց. «Քո խոսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ Քո դեմ» (Սաղմ. ՃԺԸ 11): Իսկ Հակոբոսին պարիսպ են անվանում, որովհետև Տիրոջ գանձն անդրժելիորեն պահեց: Նաև՝ նա մոտ է Տիրոջը եղբայրական համարձակությամբ:

Օրինակ՝ եթե մի անծանոթ մարդ կամենա թագավորի մոտ մտնել, նախ կմոտենա թագավորի մերձավորին, նրանից կիմանա թագավորին պատվելու հանգամանքները և ապա կհամարձակվի մոտենալ թագավորին: Արդ՝ երկնային Թագավորի, Նրա արքունիքի, գահի, տնօրինական խորհրդի ու մեծ քաղաքի՝ սուրբ Եկեղեցու փառքի առջև գալու համար առավել ևս պարտավոր ենք մի քանի օր առաջ մտնել թագավորական արքունիքի գավիթ՝ սովորելու տերունական հանգամանքները:

Հակոբոս Տյառնեղբայրը, Տիրոջ հետ հիշատակվելով, պատվի է արժանանում: Եվ ի՞նչ ավելի մեծ պատիվ կա, քան Աստծու եղբայր կոչվելը: Այն, ինչ Դավիթը մարգարեական հոգով աստվածաբանեց Քրիստոսի մասին, այդ ամենը՝ տնօրինության սկզբից մինչև ավարտը, Հակոբոսը տեսավ, քանզի Տիրոջ եղբայրը լինելով՝ միշտ շրջում էր Նրա հետ: Նաև Հովսեփն իր մահից առաջ սուրբ Կույսին հանձնել էր Հակոբոսի խնամքին, մինչև որ խաչի վրա Փրկիչը Կույսին հանձնեց Հովհաննեսի խնամակալությանը:

Դավիթ մարգարեի ու Հակոբոս Տյառնեղբոր, Ստեփաննոս Նախավկայի, Պողոսի ու Պետրոսի և Հովհաննես ու Հակոբոս առաքյալների տոները միմյանց հաջորդելով ենք տոնում ո՜չ ըստ նրանց վախճանվելու կարգի, քանզի Դավիթը Քրիստոսի գալուստից հազար տարի առաջ է վախճանվել, Հակոբոս Տյառնեղբայրը՝ Տիրոջ չարչարանքներից երեսուն տարի անց՝ Ներոնի թագավորության յոթերորդ տարում, իսկ Պետրոսն ու Պողոսը Հռոմում նահատակվել են Ներոն կայսեր թագավորության 13-րդ և Տիրոջ չարչարանքների 36-րդ տարում: Հովհաննեսը, հասնելով խորին ծերության, Տիրոջ չարչարանքներից 72 տարի անց, Ենոքի և Եղիայի նման կենդանի, տեղափոխվեց երկինք: Իսկ Հակոբոսը՝ նրա եղբայրը, Տիրոջ չարչարանքներից չորս տարի անց սպանվեց Ագրիպպասից, որը Հերովդես կոչվեց (տե՜ս Գործք ԺԲ 12): Հակոբոսը դարձի է բերել Հերմոգինես կախարդին, նրա Փիլոդեոս աշակերտին, Օվսիա դպրին և նրանց հետ նաև բազում մարդկանց, մեծամեծ նշաններով ու իմաստությամբ, այդ պատճառով էլ Աբիաթար քահանայապետը և բոլոր հրեաներն աղաչեցին Հերովդեսին գլխատել նրան:

Հույժ խորհրդաբար և իմաստությամբ են ի մի հավաքվել նրանց տոները Քրիստոսի Ծննդյան տոնից առաջ, քանզի Քրիստոսի գալուստը դատաստանի, դատապարտության և իրավունքի համար էր: Սատանայի դատաստանի, դժոխքի դատապարտության, ինչպես նաև մարդկային բնության իրավունքի և ողորմածության համար, ինչպես Ինքն ասաց. «Դատաստանի համար եկա այս աշխարհը» (Հովհ. Թ 39), և դարձյալ. «Հիմա՜ է այս աշխարհի դատաստանը, հիմա՜ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կնետվի» (Հովհ. ԺԲ 31): Նաև Դավիթն է ասում. «Գիտեմ՝ Դո՜ւ, Տե՜ր, աղքատի արդար դատաստանն ես անում և տնանկի իրավունքն ես պաշտպանում» (Սաղմ. ՃԼԹ 13): Արդ՝ թեպետ Տերը խոնարհությամբ եկավ աշխարհ՝ ծառայի կերպարանքով, սակայն սիրում է թագավորի իրավունքը և պատիվը: Եվ փոխանակ հրեղեն ու անմերձենալի աթոռի, Եկեղեցին պատրաստեց չորեքկերպյան աթոռի նմանությամբ, որ տեսավ Եզեկիելը մարդու կերպարանքով, առյուծի ձևով, եզի օրինակով և արծվի վերսլացությամբ (տե՜ս Եզեկ. Ա 5):

Աստվածության այս չորս տոների խորհուրդն ավելի արժանավոր է և զարմանալի, քան վերին աթոռինը, որովհետև մինչ այս աթոռին նստելը՝ Նրան միայն երկնայիններն էին փառաբանում, իսկ երբ մարգարեներին ու առաքյալներին Իր Աստվածության համար որպես աթոռ պատրաստեց, ամբողջ երկիրը լցվեց նրանց բարբառով, և վերիններն ու ներքիններն ընդհանրապես լցվեցին գիտությամբ ու Նրա փառքով, որովհետև սրանց միջոցով հայտնվեց Աստծու բազմապատիկ իմաստությունը:

Արդ՝ այս տոների խորհրդին են վերաբերում աստվածաբարձ այս կենդանիները: Այսպես, առյուծի նմանությունը պատշաճում է Դավթին՝ թագավորական պատվի համար, ում Հակոբ նահապետը վկայում է՝ ասելով. «Հուդա՜, կորյուն առյուծի, իմ շառավղից ելար, որդյա՜կ իմ, ելար, բազմեցիր, ննջեցիր դու որպես առյուծ» (Ծննդ. ԽԹ 9): Այս խոսքերը՝ որպես մարգարեություն, նախ Դավթի մասին ասվեցին, իսկ այնուհետև՝ Քրիստոսի: Հակոբոս Տյառնեղբայրը նույնպես նույն թագավորական ցեղից էր՝ մաքրությամբ առյուծացած ընդդեմ ախտերի:

Իսկ մարդու նմանությունը Ստեփաննոսի համար պետք է իմանալ, որպես այր Քրիստոսի կատարյալ չափի հասակով: Եվ նա տեսավ երկինքը մեծ հանդիսությամբ բացված և մարդացյալ Աստծուն՝ Հոր աջ կողմում:

Եզի կերպարանքը խորհրդանշում է հավատի ամրությունը, որն ունեն Քրիստոսի աներեր աշակերտները, Եկեղեցու հաստատուն սյուները՝ Պետրոսն ու Պողոսը: Սրանք առաքելաջան աշխատությամբ ընթացան տիեզերքի բոլոր ոլորտներում և մեր բնության անդաստանը վարեցին Ավետարանի արորով: Նրանք, քաղհանելով փուշն ու մեղքերի սեզը, հրով այրեցին որոմնաբեր արմատը և հոգևոր սերմերով լցրին ամբողջ տիեզերքը՝ սկսած Երուսաղեմից: Նրանց այսպիսի առատաբեր ավետարանչության մասին Դավիթը կանխավ երգաբանեց՝ ասելով. «Ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց, և մինչև աշխարհի ծայրն են հասել խոսքերը նրանց» (Սաղմ. ԺԸ 5): Նրանք են Աստծուն հաճելի եզները, որոնք կանգնեցին ազգերի ու թագավորների առջև:

Արծվի ձևով երևացին երանելի ավետարանիչները՝ Որոտման որդիները, ովքեր բարձրաթռիչ աստվածաբանությամբ հասան Սուրբ Հոգու խորություններին և արծվաթռիչ սլացքով պատռեցին կռապաշտության թանձրամած խավարը և ցրեցին նրա ոհմակը՝ դևերի ժողովն ու սևագունդը, և նրանց աշխարհալած անելով՝ ազատեցին մարդկային ցեղը, որը նեխել էր զանազան ախտերով լցված լեշի նման, ինչպես գրված է. «Ուր դիակն է, այնտեղ կհավաքվեն արծիվները» (Մատթ. ԻԴ 28): Որովհետև աղվեսների բզկտող և ամենակեր ոհմակների նման, ամենաչար և մեղսասեր դևերը, որոնք կերակրվում են հոտած և նեխած լեշերով, հեռու փախան մարդկանցից, և մարդկային նեխած բնությունը համեմվեց ճշմարտության աղով՝ լվացվելով Ավազանի միջոցով, և Կենդանարար Հոգով վերստին եղան Լույսի որդիներ:

Սրանք են չորս կենդանակերպերի տիպերը, որոնք լծված են Տերունական աթոռին: Նույնը և Դանիելն է ասում. «Նայում էի, մինչև աթոռները դրվեցին և Հինավուրցը նստեց» (Դան. Է 9), որը շատ դիպուկ է, որովհետև Եկեղեցին սպասում է երկնային Թագավորի գալստյանը, Ում համար նախ աթոռն է պատրաստվում, որպեսզի գա և մտնի Իր սրբության սենյակը՝ խորհրդի անարատ առագաստը, առաքելաքարոզ ավանդությունը , որը չի սուզվում հերձվածողների պղտորումներում, այլ միշտ աճում է ու զորանում, ինչպես Պետրոսը հավատի հիմքը լսեց Տիրոջից. ՙԴու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին, ու դժոխքի դռներն այն չպիտի հաղթահարեն՚ (Մատթ. ԺԶ 18): Սրա համար էլ երանելի Պողոսը հավելյալ նեղություններ է կրում Եկեղեցու օգուտի համար:

Արդ՝ գալիս է Հինավուրցն Աստված մանկացած ու բազմում Իր աթոռին, և աթոռը դրված է Դավթի տանը:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի


Տօն անարատ յղութեան Սրբոյ Կուսին Մարիամու Աստուածածնի
Դեկտեմբեր 9

Որքան հինաւուրց է, այնքան մերօրեայ է այս տօնը, ուստի, միշտ կ՛արժէ եւ պէտք է խօսիլ անոր պարունակին ճշմարտութեան մասին, քանի անոր հերոսուհին` Նազարէթի Կոյսը, որուն «անունն էր Մարիամ» (Ղկ. 1,27), միշտ նո՛ր է, յար գեղատեսի՛լ է, յաւերժօրէն սո՛ւրբ եւ սրբափա՛յլ է` ի հեճուկս դարերու հոլովոյթին:
Ճիշդ է, այսօր կարդացուած աւետարանը (Ղկ. 1,26-31) ամենասուրբ երրորդութեան երկրորդ անձին աւետումն է, այսինքն` Որդիին մարդեղութեան մասին տրուած ուրախ լուրն է, բայց նոյնքան ճիշդ է այն նկատումը, որ նաեւ Աստուած-Որդիին ըլլալիք Մօր` Մարիամի անարատ յղութեան խորհրդասքող բացայայտումն է աստուածաշնչական:
Մարիամի միշտ նո՛ր, յար գեղատեսի՛լ, յաւերժօրէն սո՛ւրբ եւ սրբափա՛յլ վիճակը, ներքին եւ արտաքին, շնորհք է` տրուած Աստուծմէ, որ գլխագիր Շնորհքն է:
Մարիամի միշտ նո՛ր, յար գեղատեսի՛լ, յաւերժօրէն սո՛ւրբ եւ սրբափա՛յլ վիճակը, ներքին եւ արտաքին, սէր է` տրուած Աստուծմէ, որ մեծատառ Սէրն է:
Մարիամ այն անձն է, որ շնորհքով եւ սիրով «ի յաւիտենից» օժտուեցաւ Աստուծմէ, որ կը յայտարարէ.«Կ՛ողորմիմ, որուն կ՛ողորմիմ» (Ել. 33,19): Այսինքն` այլ թարգմանութեամբ. «Շնորհք կու տամ անոր, որուն Ես կ՛ուզեմ» (Վուլկադա, Ել. 33,19):
Դարձեալ կ՛ըսէ Մարիամին` Շնորհքէն ու «շնորհքներով լեցուն» Բերկրեալին եւ Անարատ Յղացեալին. «Յաւիտենական սիրով սիրեցի քեզ» (Եր. 31,1), «որովհետեւ շնորհք գտար դուն իմ առջեւս, եւ Ես կը ճանչնամ քեզ` բոլորէն ալ աւելի» (Ել. 33,17):
Աստուծոյ սէրէն եւ շնորհքէն լիովին կը բացատրուի Մարիամ, որուն մեծութիւնը, գեղեցկութիւնն ու սրբութիւնը կը գտնուին այս սիրոյն եւ շնորհքին մէջ:
Այս ճշմարտութենէն մեկնելով` ժամանակը պիտի գայ, երբ գիտակցաբար մարդեր պիտի վերադառնան անոր, որ ամէնէն աւելի Հաճելին ու Մերձաւորն է Աստուծոյ: «Անոր, որ Մարիամ է, որովհետեւ ան է ՛՛շնորհքներով լեցուն՛՛-ը» (Շարլ Փեկի):
Այո՛, Մարիամ Մարի՛ամ է, որովհետեւ Սիրով ու Շնորհքէն ա՛ն է Ակաղձունը, որ իրապէս եւ առաքեալէն առաջ կրնար կրկնել անոր խօսքը. «Ինչ որ եմ, Աստուծոյ շնորհքովն եմ, եւ Աստուծոյ շնորհքը ամուլ չմնաց իմ մէջս» (1 Կոր. 15,10):
Ի՞նչ է այն «կոյսը, որուն անունն էր Մարիամ»…: Պատասխանը կը պարտադրէ մեզ վերադառնալու հրեշտակապետ Գաբրիէլի ողջոյնին, որուն մէջ պարփակուած են սէրը, շնորհքը, գեղեցկութիւնն ու սրբութիւնը, ինչպէս նաեւ ու չորսէն ալ առաջ` անոնց գլխատառերը` Սէրը, Շնորհքը, Գեղեցկութիւնն ու Սրբութիւնը:
Մարիամ պիտի բերկրիս, որովհետեւ դո՛ւն ես «շնորհքներով լեցուն»-ը (Ղկ. 1,28), Անարատ Յղացեալը: Մարիամ, դուն պիտի շնորհիանաս, «որովհետեւ Տիրոջ առջեւ շնորհք գտար» (Ղկ. 1,31), հանդիսանալով Աստուծոյ Առանձնաշնորհեալը: Մարիամ, պիտի Աստուածամայրանաս, որովհետեւ «Տէրը քեզի հետ է» (Ղկ. 1,28), որ Աստուծոյ Սիրելին ես եւ ուստի` Աստուծմէ Անբաժանելին:
Սէրն ու շնորհքը, որոնք տրուեցան հրեշտակներուն, նահապետներուն, մարգարէներուն, առաքեալներուն եւ սուրբերուն, ի՞նչ են այն սիրոյն ու շնորհքին քով, զորս Աստուած պարգեւեց Մարիամին: Որո՞ւ հետ Աստուած աւելի էր, քան` այն անձին, որուն հրեշտակապետը հաստատեց, թէ` «Տէրը քեզի հետ է»:
Ուշադրութի՛ւն: Աստուած միայն նախախնամութեամբ ու զօրութեամբ չէր Մարիամի մէջ, այլ նաեւ ան իբրեւ անձ ներկայ էր Կոյսին մէջ: Աստուած իր Ս. Հոգին չղրկեց լոկ եւ միայն իր սէրն ու շնորհքը չտուաւ Մարիամին, այլ նաեւ ինքզինքը` իր սեփական ու միածին Որդիին մէջ:
«Տէրը քեզի հետ է»: Եթէ յայտնեալ ճշմարտութիւնն է, ապա նաեւ թանձրացեալ պատմութիւնն է: Մարիամի կապակցութեամբ, այս վկայութիւնն ունի իր այն տարողութիւնը, որ կարելի չէ գտնել ուրիշ անձի մը համար:
Ո՞վ աւելի բարձրագոյնին առանձնաշնորհնեալ է Մարիամէն, որ Անարատ Յղացեալն է: Աստուծոյ մարդեղութեան հրաշքէն ո՞վ աւելի սրբագոյնին ընտրուած է, քան Մարիամ, որ Աստուածածինը, Աստուածամայրն է:
Այս ճշմարտութեան եւ պատմութեան արդիւնքը այն է, որ սէրն ու շնորհքը, որմէ եւ որով լեցուած է Մարիամ, կ՛արտացոլան արտաքուստ ալ: Մարիամ գեղեցիկ է, գեղաշող է: Մարիամ Կոյսը, Կուսամայրն ունի այն արտաքին ու ներքին գեղեցկութիւնը, որ սրբութիւնն է:
Հոս, «Երգ երգոց»-էն փոխ առնելով` եկեղեցիին հետ կը հռչակենք Մարիամը. «Դուն գեղեցիկ ես, դուն անբիծ ես, դուն կատարեալ ես» (Ե. Ե. 4,1 եւ 5,2): Որովհետեւ Մարիամ Աստուծմէ ընտրուած է աննախընթացութեամբ եւ անկրկնելիութեամբ սիրոյն ու շնորհքին, գեղեցիկ է, սուրբ է ան:
Մարիամ գեղեցիկ է, որովհետեւ Աստուած սիրեց զայն: Մարիամ սուրբ է, որովհետեւ Աստուած ընտրեց զայն: Մարիամ անարատ է, որովհետեւ Աստուած շնորհազարդեց զայն:
Այո՛, այս գեղեցկութիւնը, որ կը կայանայ Մարիամի սրբութեան, ընտրուածութեան եւ շնորհազարդումին մէջ, կը գերազանցէ ամէն գեղեցկութիւն, զոր ոեւէ մարդ մը կրնայ ունենալ դարերու մէջ, քանի այս գեղեցկութիւնը առանց մեղքի, առանց բիծի, առանց արատի գեղն է:
Մարիամի այս արտաքին ու ներքին իրավիճակը կը կոչենք «Անարատ Յղութիւն», ինչպէս թէ՛ եկեղեցին սահմանեց 1854-ին եւ թէ՛ Լուրտի Տեսլամայրը ինքզինքն անուանեց 1858-ին:
Սէրէն ընտրուած եւ Շնորհքով օժտուած սրբագեղ Տիրամօր հետ եւ եկեղեցիին մէջ մենք ալ, որ կը կազմենք Մարիամի Որդիին` Յիսուս Քրիստոսի «խորհրդական մարմինը», կանչուած ենք ըլլալու «բոլորովին պայծառ, անբիծ, առանց կնճիռի կամ նման բանի, բոլորովին սուրբ եւ անարատ» (Եփ. 5,27):
Ահա, այս մեր կանչուածութեան մէջ է «Անարատ Յղութեան Սրբոյ Կուսին Մարիամու Աստուածածնի» տօնին մերօրեայ այժմէականութիւնը, մշտակայ մարտահրաւէրը:

Մեսրոպ Հայունի, radiovaticana.va


Քրիստոսի անվան մասին

Մանուկ Հիսուսին ծննդյան ութերորդ օրը տաճարում թլփատեցին և անուն դրեցին (Ղուկ. 2.21)։ Ըստ հրեական օրենքի` ութ օրեկանը լրացած երեխաներին տանում էին տաճար, արու զավակներին թլփատում և անվանակոչում։ Թլփատությունը հուշում էր, որ մարդը պետք է հեռու մնա իր մարմնի մեղավոր հաճույքներից և կրքերից.

Հին Կտակարանի մարդը նախ մարմնականին վերաբերող ըմբռնումների միջոցով պետք է բարձրանար դեպի հոգևորը։ Սակայն այժմ, երբ Նոր Կտակարանի ժամանակներում մենք ունենք սրտի թլփատությունը, այսինքն` այն գիտակցությունը, որ պետք է հրաժարվենք մեղավոր ու ստոր հաճույքներից, այլևս կարիք չունենք մարմնավոր թլփատության, ինչպես որ ուսուցանում է Պողոս առաքյալը` հիմնվելով մարգարեի խոսքերի վրա, թե` ձեր սրտի անթլփատությո՜ւնը թլփատեցեք (Հռ. 2.29, Երեմ. 4.4)։ Ավետարանում գրված է, որ մանկացյալ Աստվածորդուն կոչեցին Հիսուս, ինչպես, որ պատվիրել էր հրեշտակը (Մատթ. 1.21)։ Հիսուս անունը հրեական Հեսու անվան հունարեն տարբերակն է։ Հեսու անունով Հին Կտակարանից հայտնի է հրեաների ամենամեծ գործիչներից մեկը` Նավեի որդի Հեսուն։ Նրա սկզբնական անունն էր Օսես, որը նշանակում է ազատություն: Նա քանանացիների երկիր ուղարկված հետախույզներից էր (Թվեր 13.9), Մովսեսի կողմից ընտրվել էր իբրև իր օգնականը։ Հետագայում աստվածային հայտնությամբ Մովսեսն իմացավ, որ Հեսուն է հաջորդելու իրեն և նա պետք է հրեաներին առաջնորդի ավետյաց երկիր։ Եվ Մովսեսն անվանափոխեց իր օգնականին (Թվեր 13.17)` նրա Օսիա կամ Օսես անվանն ավելացնելով Աստծո Եհովա անունը, որով առաջացավ Հեսու անունը կամ եբրայական ավելի ճիշտ արտասանությամբ` Հեշուա, որ նշանակում է Տերը փրկում է։ Իսկ Քրիստոս նշանակում է օծյալ։ Հետևաբար Տիրոջ Հիսուս Քրիստոս անունը ևս ցույց տալիս, որ Նա է օծյալ Փրկիչը համայն մարդկության։ Եկեղեցական հեղինակները նմանություն են տեսնում Հիսուս Քիստոսի և Հեսուի միջև։ Ըստ նրանց` Հեսուի առաջնորդությամբ հրեաների մուտքը ավետյաց երկիր խորհրդանշում էր Քրիստոսի առաջնորդությամբ հավատացյալների մուտքը Երկնքի Արքայություն։

Մեր Եկեղեցու աստվածաբան հեղինակներից Կաթողիկոս Ղազար Ջահկեցին հատուկ ուշադրություն է հրավիրում Տիրոջ անվան արտասանության վրա։ Նա գրում է, որ մեր Եկեղեցու վարդապետության համաձայն` չի կարելի Փրկչին կոչել միայն Հիսուս անունով, որովհետև այդ անունը գործածվում է նաև հասարակ մարդկանց համար։ Այս անունը կարող են ունենալ նաև սովորական ավազակները, և մենք պետք է հատուկ ձևով գործածենք Հիսուս անունը` ցույց տալու համար նրա աստվածությունը կամ տարբերությունը սովորական մարդկանցից։ Սա շատ լավ երևում է հատկապես Պիղատոսի խոսքերից. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ. Հեսու Բարաբբայի՞ն, թէ՞ Հիսուսին` Քրիստոս կոչվածին» (Մատթ. 27.17): Զարմանալի է, բայց զուգադիպությամբ Քրիստոսի փոխարեն ազատ արձակվող ավազակ Բարաբբայի անունը ևս ՀեսուՀիսուս էր: Ինչպես նաև Բարաբբայի անվան նմանությունը Տիրոջ անվանը երևում է ավազակի անվան թարգմանությունից: Եբրայերենում բար նշանակում է որդի, իսկ աբբա` հայր, հետևաբար, Բարաբբա թարգմանվում է հոր որդի, և Քրիստոս ևս ճանաչվում է որպես Բարձրյալ Հոր Որդի:

Հիսուս անունը Տիրոջ համար պարզ մարդկային ձևով օգտագործում են հատկապես Քրիստոսի անձի մեջ երկու բնություն դավանող քաղկեդոնական վարդապետության հետևորդները` կաթոլիկները, ուղղափառները, բողոքականները, որովհետև նրանց համար արտառոց ոչինչ չկա Փրկչին սովորական մարդու պես կոչելու մեջ: Նրանց վարդապետության համաձայն` Քրիստոս ունի երկու բնություն` մարդկային և աստվածային, և Հիսուս մարդկային անունով ակնարկվում է մարդկային բնությունը։ Ղազար Ջահկեցին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քրիստոսաբանության վրա հիմնվելով, սովորեցնում է, որ պետք է անպայման ասենք Տեր Հիսուս կամ Հիսուս Փրկիչ կամ Հիսուս Քրիստոս` շեշտելու համար, որ Քրիստոս մարդ է, միաժամանակ նաև` Աստված։

Ցավոք, այսօր մի արատավոր երևույթ է տարածված մեր ժողովրդի մեջ։ Շատեր, իբրև զարմանքի կամ բացականչության նշան, անփութությամբ օգտագործում են Տիրոջ անունը։ Օրինակ` երբ մեկն ինչ-որ բանից զարմանում է կամ որևէ երևույթից ազդված պետք է բացականչի, ասում է` Հիսո՛ւս Քրիստոս կամ Հիսուս քեզ Քրիստոս։ Ոմանք էլ նման դեպքերում ավելին` աղավաղված ձևով են ասում` Իսո՛ս։ Սա հավանաբար առաջացել է բարեպաշտական սովորությունից, որով դժվարության մեջ հայտնվելիս օգնության համար Քրիստոսի անունն են կանչում: Սակայն մարդկային չապաշխարած մեղքերի հետ միասին Աստված շատ մեծ խստությամբ պիտի դատապարտի և պիտի պատժի մեր Տիրոջ անունն այսպես անփութությամբ կամ աղավաղված ձևով գործածելու համար։

Ադամ քահանա Մակարյան, «Քրիստոնեության իսկությունը» (գիտելիքներ հավատացյալներին)


Սուրբ Աստվածածնի Ավետման տոն

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը կատարվում է ապրիլի 7-ին: Մարգարեներն արժանացան Աստծու բարեհաճությանը, քանի որ Սուրբ Հոգով լցված՝ քարոզեցին Աստծու գալուստը: Երջանկացան առաքյալները, քանի որ մարմնացած Բանն Աստծուն երկրի վրա տեսան և շոշափեցին Կենաց Խոսքը: Իսկ Տիրուհին՝ Մարիամը, առավել գերազանց և հրաշափառ երանությունների արժանացավ, քանի որ Բանն Աստված, Ով վեր է, քան միտքը, հրեշտակների ու մարդկանց խոսքերը, նրանից ծնվեց: Նա, Ով նախքան ժամանակները Հորից է ծնվել, և Ում ծնունդը միայն Հայրը գիտի, Ով արշալույսից առաջ արգանդից ծնված Որդին է Հոր էությունից և փառքով աթոռակից է Նրան, Ով անստվեր Լույսն է և անմատույց Լույսի Հոր Ճառագայթը, նաև Ծնողի էության Կերպարանքն է, Նկարագիրը և աներևույթ Աստծու փառքի Ծագումը, Անսկիզբ Բանն՝ անսկզբնական Հորից, Աստված՝ Աստծուց, Տեր՝ Տիրոջից, Ում փառքը ցանկալի էր անմահների դասերին և բաղձալի՝ աստվածասեր մարգարեներին, Ում արդարները, թագավորներն ու նահապետները ցանկանում էին գոնե աղոտ կերպով տեսնել, բայց չկարողացան:

Ամենաօրհնյալ Սրբուհին անբովանդակելի Աստվածության Հուրն առանց այրվելու իր որովայնում կրեց, քանի որ Հորից անբաժանելի Որդին, ինչպես անձրև, երկնքից իջավ Կույսի մաքրափայլ որովայնը: Ինչպես Ադամից ոչինչ չպակասեց, երբ Աստված նրանից վերցնելով կողոսկրը ստեղծեց Եվային, որպես կատարյալ մարդ՝ բնությամբ ու գոյությամբ, այդպես էլ Բանն Աստված վերցնելով սուրբ Կույսի արյունից՝ միավորեց Իր Աստվածությանը, և Կույսից ոչինչ չպակասեց: Սուրբ Աստվածամոր մեջ մարդկային բնությունը միացավ Աստվածային բնության հետ, առանց երկրավոր հոր միջամտության, քանզի Նրան, Ում Հայրը նախքան հավիտյանները Որդի ծնեց, և Ում հետ Հայրը խոսեց, թե՝ «Քեզանով է սկսվում զորացումն Իմ օրերի» (Սաղմ. ՃԹ 3), Նույնին, ժամանակի մեջ, անճառաբար ծնեց Կույս Մարիամը: Սուրբ Կույսը սկիզբն է Անսկզբնականի, ժամանակը` Անժամանակի և մարդկանց հանդեպ իր ունեցած գութով մոտենում է Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

Կույսն ավելի վեր է, քան մարգարեները, առաքյալները, նախահայրերը, մարտիրոսներն ու վարդապետները և վեր, քան Իշխանություններն ու Պետությունները, Սերովբեներն ու Քերովբեները, և ավելի վեր է բարձրացել, քան երկնային բոլոր զորքերը: Զիջում է նա միայն Արարչին՝ Անեղ Բնությանը՝ գերազանց և աներևույթ Աստվածությանը:

Արդ՝ Սրբուհու միջոցով Խաչը ծագեց աշխարհի մեջ՝ որպես զորության գավազան և կնիք ամենքի համար՝ պահպանելու մեր ելն ու մուտը: Աստվածածնի միջոցով մահը մեռավ, դժոխքը կործանվեց, սատանան պարտվեց, և նրա զորությունները սանդարամետում փակվեցին: Նրա միջոցով բացվեց Կենաց ծառի ճանապարհը՝ վերցվեց բոցեղեն սուրը, և հաստատվեց Մկրտության ավազանը:

Նա եղավ եդեմական Շնչավոր դրախտ, որտեղից բխեց մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ Կենաց Աղբյուրը՝ չորս գետերի բաժանված, ինչն ավետարանիչների քարոզությունն է աշխարհի չորս կողմերում՝ լցված հավատով ու Սուրբ Հոգով:
Սրբուհին եղավ Նոյյան տապան, և եթե այն տապանը միայն մի ընտանիք ազատեց ջրհեղեղից, ապա Կույսի միջոցով ողջ աշխարհը փրկվեց:
Նա եղավ Անկեզ մորենի, քանզի աստվածության Հուրը բնակվեց նրա Սուրբ որովայնում և չայրեց: Եվ ոչ թե մեկ Մովսես առաքվեց Եգիպտոս՝ փարավոնին պատժելու և Իսրայելն ազատելու, այլ տասներկու առաքյալներ՝ ուսուցանելու ամբողջ աշխարհին, ովքեր կործանեցին անմարմին փարավոնին՝ իր զորքերով հանդերձ, և հեթանոսներին փրկելով՝ անմահ կյանքի կոչեցին:

Նա եղավ Ուխտի տապանակ, որն իր մեջ կրեց անպարագրելի Բանն Աստծուն, Ով ոչ միայն Իսրայելի որդիներին Սինայի անապատից դեպի Ավետյաց երկիրն առաջնորդեց, այլև ամբողջ մարդկային ցեղը՝ դեպի երկնային Երուսաղեմ:
Նա եղավ Ոսկյա սափոր, և իր մեջ կրեց Հոր անժամանակ Խոսքը՝ Կենաց Մանանան, որով ոչ միայն ապերախտ Իսրայելին կերակրեց, այլև ամբողջ աշխարհին:

Նա եղավ Ծաղկած գավազան Հեսսեի արմատից. ըստ Հակոբ նահապետի մարգարեության՝ «Շառավղից որդի ելավ» (տե՜ս Ծննդ. ԽԹ 9), և մեզ ինչպես կյանքի ողկույզ ընծայվեց, և լի բարությամբ ու իմաստությամբ՝ տարածվեց ամբողջ աշխարհում:

Նա եղավ Ոսկեձույլ աշտանակ, որն իր վրա, ինչպես վառվող ճրագ, կրեց մարդացած Բանն Աստծուն (հմմտ. Հայտ. Ա 13): Աշտանակի ճրագի յոթ լեզուները Սուրբ Հոգու յոթնարփյան շնորհներն են, իսկ երկու ձիթենիները՝ մեկն աջից և մյուսը ձախից, Հին ու Նոր Կտակարանները (հմմտ. Զաքար. Դ 2-3):

Նրանով վերցվեց Ադամի անեծքը, և փարատվեց Եվայի տաժանելի երկունքը: Եվ կոչեցին ամենասուրբ Աստվածամորն այգի վայելուչ, վեմ ջրածին, աղբյուր կնքած, բույս բարի, տեղ շափյուղայի, քաղաք Աստծու, բլուր կնդրուկի, հովիտ շուշանի, անապատ անկոխ, գիր անընթեռնելի, երկիր բանավոր, առավոտ խաղաղության:

Հիսուսի ծննդյան ավետումը
(Ղուկ. Ա 26-38)

Կույսը չորս ամիս Հովսեփի տանն ապրելուց հետո հրեշտակից ընդունեց հղության ավետիսը:
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր» (Ղուկ. Ա 26-27):

Վեցերորդ ամիսը նիսան է կոչվում, բայց դա տարվա ոչ թե վեցերորդ, այլ առաջին ամիսն է՝ ըստ այս խոսքի. «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի» (Ելք ԺԲ 2): Այստեղ, վեցերորդ ասելով, պետք է իմանալ Զաքարիայի ավետումից վեց ամիս անց, քանզի թշրին ամսին՝ Քավության տոնին, տրվեց ավետիսը Զաքարիային, որից վեց ամիս հետո հրեշտակն առաքվեց ավետելու Կույսին:
Այդ ամիսը սկիզբն է հրեաների բոլոր ամիսների, և այդ ամսին էր սկիզբը բոլոր արարչագործությունների: Ջրհեղեղի օրերին այդ ամսին իջավ ջրի մակարդակը, և այդ ամսին կանգնեցվեց Վկայության խորանը: Հրեաները այդ ամսին դուրս եկան Եգիպտոսից ու ազատվեցին ծառայությունից, նաև հեթանոսներն այդ ամսին Կենարարի մահվամբ ազատություն ստացան: Այդ ամսին հանգստացան չարչարվածները, ովքեր աշխատում էին առանց վարձք ստանալու, և այդ ամսին արարածներն ազատվեցին սատանայից: Այդ ամսին գերիները մտան հանգստի մեջ, և մերկերը զգեստավորվեցին փառքով: Այդ ամսին Իսրայելի որդիները ճանապարհվեցին դեպի անապատ: Այդ ամսին մորթվեց խորհրդի գառը, և այդ ամսին հղացվեց Աստծու Գառը Կույսի արգանդում: Այդ ամսին լույսը հաղթեց խավարին, և ծագեց մեր Լույսը՝ Քրիստոս: Այդ ամսին կանգնեցվեց կենարար խաչը, և այդ ամսին Տերը թաղվեց ու Հարություն առավ:

Ավետարանիչը նախ հայտնում է երկրի մասին և ապա գյուղի ու տան, որտեղ բնակվում էր Կույսը: Ամենասրբուհին Դավթի տնից էր, որից և նրա նշանածը՝ Հովսեփն էր սերում, քանզի ըստ Օրենքի՝ ամուսինները նույն ցեղից պետք է լինեին: Դրանով կատարվեց մարգարեությունը, ըստ որի՝ Քրիստոս Դավթի տնից պիտի ծնվեր: Եվ որպեսզի իմանանք, որ Հովսեփից չէր Մանուկը, Մատթեոս ավետարանիչն ասում է. «Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ. Նրա մայրը՝ Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց» (Մատթ. Ա 18):

Մարիամի՝ Հովսեփի տուն գալուց չորս ամիս անց Աստված հիշում է Իր ուխտը և ողորմությունն առաջին արդարներին, և Գաբրիել հրեշտակապետը ծերի կերպարանքով ջրհորի մոտ խոսում է Մարիամի հետ, ինչպես Հակոբն ու Մովսեսն աղբյուրի մոտ խոսեցին. մեկը՝ Ռաքելի (տե՜ս Ծննդ. ԻԲ 10-12), իսկ մյուսը՝ Սեփորայի հետ (տե՜ս Ելք Բ 16-22):

Հարց. -Ինչո՞ւ Մարիամը նշանվեց Հովսեփի հետ:
Պատասխան. -Ասենք, որ դա Աստվածային Նախախնամությամբ եղավ: Հրեաների մեջ կինն առանց ամուսնանալու զավակ չէր կարող ունենալ, իսկ եթե ունենար, ըստ Օրենքի, պիտի քարկոծվեր (տե՜ս Բ Օրենք ԻԲ 21): Իսկ երբ կինն ամուսնացած էր, ապա այդ դեպքում ոչ ոք իրավունք չուներ քննելու նրա գործերը, բացի նրա ամուսնուց: Բացի այդ՝ պետք է կատարվեին մարգարեությունները, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը Բեթղեհեմում, քառասնօրյա գալուստը տաճար, փախուստը Եգիպտոս և վերադարձը Նազարեթ: Այդ ամենը սուրբ Կույսը չէր կարող միայնակ կատարել:

Հարց. -Ինչո՞ւ Տերն Իրենից առաջ հրեշտակին ուղարկեց՝ ողջունելու և ավետարանելու սուրբ Կույսին Իր գալուստը:

Պատասխան. -Թերևս, որպեսզի չզարհուրի Օրիորդ Մայրը, երբ որովայնում տեսնի Մանկանը առանց սերմի, և որպեսզի իմանա, թե Ում է կրում իր կուսությամբ, և Ով է բնակվում իր մեջ: Նաև՝ Մովսեսը նախ ժողովրդին լուր բերեց, թե իջնում է Բարձրյալը, և երբ ժողովրդի ծերերն ու Մովսեսը սրբվեցին, այնժամ Բարձրյալն իջավ Սինա լեռան վրա (տե՜ս Ելք ԺԹ 9-20): Ճիշտ այդպես էլ Գաբրիելն ավետեց, և սուրբ Կույսը մաքրվեց Սուրբ Հոգով և աստվածաբնակ տաճար դարձավ:

«Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՜ր, ո՜վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկ. Ա 28):

Ասելով՝ «Ուրախացի՜ր, ո՜վ շնորհընկալ», վերացնում է Եվայի՝ տրտմությամբ ծնելու դատապարտությունը: Ասում է. «Տերը քեզ հետ է», որովհետև Տերը հեռացել էր նախաստեղծներից: Մարիամն այս խոսքերից խռովվում է և իր մտքում խորհում, թե ի՞նչ կարող են նշանակել այդ խոսքերը, և սափորն առնելով՝ շտապ դառնում է տուն: Տանը հրեշտակի խոսքերից զարհուրած շարունակում է ինքնիրեն խորհել, թե ինչպե՞ս է ինքը շնորհընկալ, և ինչպե՞ս է Տերն իր հետ:

Եվ մինչ նա խորհում էր, Գաբրիելը, երիտասարդի կերպարանքով, հանկարծակի գալիս է տուն՝ Կույսի մոտ ու ասում.

«Ողջույն քեզ, Մարիամ, ո՛վ շնորհընկալ: Ուրախացի՜ր բերկրյալ, Տերը քեզ հետ է»:

Սուրբ Կույսը դարձյալ խռովվում է իր մտքում, և դրան որպես պատասխան հրեշտակը կարծես ասում է. «Մի՜ երկնչիր, Մարիամ, քանզի չեկա քեզ խաբելու, ինչպես օձը Եվային, իմ խոսքերը պատրանք չեն, այլ ավետիս: Չեմ խոսում քեզ խաբելու համար, այլ ավետիս եմ տալիս»:
«Նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը»:

Մարիամը զարհուրել էր հրեշտակի հայտնվելուց ու տագնապել ողջույնի խոսքից: Իսկ երբ լսեց Տիրոջ անունը, կարծես սարսուռ անցավ նրա հոդերի միջով: Այդ պատճառով է ավետարանիչը գրում, թե նա մտքում խորհում էր, թե ինչ է նշանակում այս ողջույնը:
Հրեշտակը, տեսնելով նրա երկյուղը, ասաց.

«Մի՜ վախեցիր, Մարիա՜մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար»:

Հեզ ու հանդարտ խոսքերով հրեշտակը նախ հանդարտեցնում է Կույսի խռովված միտքը, որպեսզի հնարավոր լինի պատգամը ամբողջովին հաղորդել նրան, և կարծես ասում է. «Ահավասիկ շնորհ գտար ոչ բարի գործերիդ համար և ոչ էլ արդարության, այլ սա բարերար Աստծու պարգևն է: Թեպետև ունես բարի գործեր և արժանավոր ես, սակայն դա չի կարող համեմատվել այն պարգևի հետ, որն առաքվեց քեզ երկնքից: Եթե Աստծուց շնորհ ես գտել, ուրեմն Նրանն է ողջույնը: Հիրավի, սա շնորհ է, քանզի պարգևը պարտքի դիմաց չի տրվում և ոչ էլ մարդկային արժանիքների չափով, այլ եղածներից առավել մեծությամբ ու սքանչելիքներով»:
«Եվ ահա՜ դու կհղանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես»:

Սովորական հղության մասին չի ասում, ինչն օրենք էր բոլոր կանանց համար, այլ վեր այդ օրենքից և Աստվածային:
Այս խոսքով փակում է նրանց բերանները, ովքեր համարձակվում են ասել, թե Տերը մարմին չառավ կույսից, այլ միայն նրանով անցավ: Ասելով թե՝ պիտի հղանաս, ցույց է տալիս, որ հղությունը նրա բնությունից է լինելու, քանզի միայն «անցնելու» դեպքում հղություն չէր ասի, և ծնունդն իրական չէր լինի:
Հարց. -Իսկ ինչո՞ւ Եսային Նրան անվանեց Էմմանուել (տե՜ս Եսայի Է 14), մարգարեները անվանեցին Քրիստոս, իսկ հրեշտակը Նրան Հիսուս է կոչում:

Պատասխան. -Որպեսզի հանկարծ Տերը չամբաստանվի, թե Իրեն չպատկանող անուն է վերցնում մարգարեություններից: Այդ պատճառով էլ միառժամանակ ծածկում է մարգարեությունը՝ պարսավողներից թաքցնելով Իր անունը:

Հիսուս անունը մարգարեացվել էր դեռևս Մովսեսի կողմից, երբ նա, որպես իրեն փոխարինող՝ ժողովրդի առաջնորդ ու վերակացու, նշանակեց Օսեսին և նրան Հեսու անվանեց (տե՜ս Թվեր ԺԳ 17)՝ այս անունով նշանակելով աշխարհի ճշմարիտ Փրկչին:

Երբ Մարիամը լսում է հրեշտակից, որ ինքը պիտի հղանա կուսությամբ, տարակուսում է: Կույսը երբեք չէր լսել, որ առանց այր մարդու կինը ծնի:
Գաբրիելն ասաց Մարիամին. «Այն Հոգին, Ով Եգիպտոսում փոխեց բնությունը, Նա էլ Քո կուսությունը կդարձնի հղության, և առանց սերմի կծնես մարդկային բնության Արարչին: Նա Աբրահամի զավակ կկոչվի, սակայն նրա որդին չի լինի: Հնազանդվեց Հուդայի թագավորությունը հռոմեացիների առյուծի կորյունին, սակայն քո Որդուն տրվելու է ոչ թե Հուդայի ազգը և ոչ էլ Իսրայելի զավակները, այլ Դավթի աթոռը, որն Աստված Հակոբին խոստացավ: Եվ ոչ Երուսաղեմի մեկ սերունդ միայն, և ոչ էլ այնպես, ինչպես Դավթին տվեց, այլ անվախճան ու հավիտյան»:
«Նա մեծ կլինի»:

«Մեծը» չափի համար չի ասում: Քանի որ Տիրոջ մեծության չափը չէր կարող խոսքով հայտնել, այդ պատճառով էլ այդպես ասաց: Այդպես նաև մարգարեներն են ասում. «Մեծ է մեր Տերը, և մեծ է Նրա զորությունը» (Սաղմ. ՃԽԶ 5), նաև. «Մեծ է Տերը, և Տերը մեծ է բոլոր կուռքերից» (Սաղմ. ՃԼԴ 5):

Աստծու Որդու մեծությունն ի հայտ էր գալու Նրա ճանաչվելուց հետո, որը հավիտենականությունից առաջ ուներ՝ ըստ այս խոսքի. «Քեզանից ինձ Իշխան է ելնելու, Ում ելքն աշխարհի սկզբից է» (Միքիա Ե 2): Այսինքն՝ ժամանակին՝ երբ հավատան, Նրան մեծ են խոստովանելու:

«Բարձրյալի Որդի կկոչվի»:

Սրանով հայտնում է Հիսուսի վերին փառքի Տեր և աստվածային Ծնունդ լինելը, քանզի Բարձրյալի Որդի ասելով հայտնեց, որ Հոր հետ նույն բնությունից է: Այդ պատճառով էլ Հովհաննեսը վկայում է. «Սկզբից էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր» (Հովհ. Ա 1):
«Տեր Աստված նրան կտա Նրա հոր՝ Դավթի աթոռը, և Նա հավիտյան պիտի թագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»:

Սա Մարիամի մեջ տարակուսելու առիթ է տալիս, քանզի մի խոսքը երկնքից է ասում, իսկ մյուսը՝ երկրից: Մեկ ասում է Դավթի Որդի, մեկ էլ թե՝ Նրա թագավորությունն անվախճան է լինելու: Թագավորներից ո՞վ անվախճան մնաց երկրի վրա: Բոլորն էլ մահացան և դժոխք գնացին, իսկ նրանց մարմինները որդերը մաշեցրին: Եվ ինչպե՞ս է Դավիթը լինելու Մարիամի Որդու հայրը, չէ՞ որ նա մահացավ ու թաղվեց: Եվ ինչպե՞ս է, որ միայն նրա Որդին է թագավորելու հավիտյան:

Հրեշտակն Ում մասին ասաց «Բարձրյալի Որդի»՝ հայտնելով Աստվածությունը, Նույնի մասին ասում է նաև «Դավթի Որդի»՝ հաստատելով մարդկությունը: Սրանով հայտնում է, որ Նա ոչ լոկ Աստված է և ոչ էլ սոսկ մարդ:

Դրանից պարզվում է, որ Տիրոջ խոստացածը Դավթին պիտի կատարվեր կուսական Ծնունդի միջոցով՝ ըստ այս խոսքի. «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին» (Սաղմ. ՃԼԱ 11): Եվ որպեսզի ոչ ոք չկարծի, թե Նա Դավթի որդի է ըստ բնության, ասվում է նաև. «Նրա սերունդը հավիտյան կմնա, և ինչպես արև, ինչպես լուսին, Նրա աթոռն Իմ առջև հավերժ հաստատված կմնա երկնքում, որպես հավատարիմ վկա» (Սաղմ. ՂԸ 37-38): Այսինքն՝ այդ թագավորությունը ժամանակավոր չպիտի լինի, այլ մշտնջենավոր: Ուրեմն՝ այն թագավորությունը, որի մասին ասաց հրեշտակը, մարմնավոր չէ, այլ միավորությամբ Բանին: Եվ ասելով, թե Տեր Աստված Նրան տալու է Իր հոր՝ Դավթի աթոռը, հայտնում է, որ Տերը իջնելու է երկնքից, իսկ Դավթի Որդի ասելով հայտնում, որ Նա նորոգելու է Դավթի կործանված թագավորությունը:

Քանի որ Մարիամը չէր կարողանում ընկալել այս բարձրագույն ավետարանչությունը, այդ պատճառով հրեշտակը պարզեցնում է իր խոսքը, նախ խաղաղության ողջույն տալով, և ապա աստիճանաբար դեպի վեր, դեպի բարձրագույն խորհուրդը նրա միտքը ձգելով: Ասում է, որ Ծնվածը Բարձրյալի Որդի պետք է կոչվի, քանի որ Հորից անմայր Ծնվածը Մարիամից անհայր պիտի ծնվի: «Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»:

Այս խոսքն է, որ հաստատում է կուսությամբ հղությունը: Մարիամը գիտեր կանանց բնության կարգը, որ առանց այր մարդու ոչ ոք չի ծնել, և տեսնում էր, որ ասված խոսքերը մեծամեծ ու զարմանալի են: Կամենում էր իմանալ, թե այն ըստ համընդհանուր կարգի՞ է լինելու, թե դա մեկ այլ հիանալի ծնունդ է, բնական կրքերից դուրս: Հրեշտակը տեսնելով նրա միտքը՝ ասում է Մարիամին, որ նրա հղությունը Սուրբ Հոգով և Բարձրյալի զորությամբ է լինելու, ինչն իրեն համար նույնպես անիմանալի է:

«Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ»:
Հրեշտակը հայտնում է, որ հղությունը լինելու է առանց մարմնական ցանկությունների և ամենայն մաքրությամբ:

Հետագայում հրեշտակը նաև Հովսեփին է ասում, որ Մարիամից Ծնվածը Սուրբ Հոգուց է: Ամենուր սովորում ենք, որ ոչինչ չի բաժանված Հոր, Որդու և Սուրբ Հոգու միջև: Քանի որ ինչպես սկզբում Հոգին Գործակից էր արարածներին ստեղծելիս՝ շրջում էր արարածների վրա (տե՜ս Ծննդ. Ա 1), գուրգուրում և տալիս զորություն երկնելու և ծնելու, նույնպես և այս դեպքում է Գործակից Որդու աստվածային Մարմնի արարչագործության մեջ, այդ պատճառով հովանի է լինում Կույսի վրա և սրբում նրա բոլոր մարմնական ցանկությունները: Թեև մաքուր էր Մարիամը ամեն ինչից, սակայն մարդ էր՝ ախտի ծնունդ, և նրանում ևս կային ցանկություններ: Ուստի Հոգին նախ գալիս և մաքրում է նրան:

Տերը նախ մարդ չստեղծեց և հետո Աստվածությունը մտավ ու բնակվեց այդ մարդու մեջ, այլ՝ Աստվածությունը մաս վերցնելով Կույսի արյունից՝ գոյացավ մարմնում, ըստ այն խոսքի՝ «Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ» (Հովհ. Ա 14): Քանի որ Կենդանի Աստվածությունն իջավ Կույսի արգանդը և մեր բնությունից մաս վերցնելով, հրացած Աստվածությամբ ձևավորեց Իր Մարմինը, ըստ Իր բնության: Եվ ինչպես մարմինը Բանին խառնվելով չդադարեց մարմին լինելուց, այլ եղավ անշփոթելի մարմին, նույնպես և Աստվածությունը միանալով մարմնին՝ եղավ մարդ, առանց ապականության կրքերի և պահեց Իր իմանալի Բնությունն անպարագրելի ու անփոփոխ: Եվ այս ամենը եղավ Հոգու գործակցությամբ:

«Նա, Ով քեզնից է ծնվելու, Սուրբ է և Աստծու Որդի կկոչվի»:

Ասելով, թե Նա, Ով ծնվելու է քեզանից, Սուրբ է, դրանով հակադրում է անվայելուչ կարծիքներին: Ինչպես Հոգին Սուրբ է և չունի կարիք մաքրվելու, այնպես էլ Որդին չունի կարիք, որովհետև բնությամբ է սուրբ, ըստ անեղական Աստվածության:
Մարիամը նույն ժամին երկու ավետիս ստացավ: Հրեշտակը Կույսին ավետարանեց կուսական հղության և կուսական ծննդյան մասին, հայտնելով նաև Եղիսաբեթի հղության մասին:

«Ահավասի՜կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»:

Մարիամը մարմնական հաճույք չէր խնդրում, այլ միայն այն, ինչ ավետարանվեց, և աղոթում է, որպեսզի դա անվրեպորեն հաստատվի: Կույսը հնազանդության խոսք ասաց և իր անձը պատրաստեց հավատի համար:

Ինչպես առաջին Ադամին ստեղծեց օրհնված ու անապական երկրի կավից, առանց ամուսնական գործակցության, այդպես էլ Երկրորդ Ադամը, առանց ամուսնական գործակցության, ստեղծվեց օրհնյալ Կույսից: Հրեշտակի ողջույնով վերցվեց տրտմությամբ ծնելու անեծքը, ինչը Եվայի անհնազանդության պատճառով էր, որպեսզի սուրբ Կույսը «իմանալի» օրհնված երկիր լինի Երկրորդ Ադամի համար:
Ավետիսը տալուց հետո հրեշտակը հեռացավ, սակայն ոչ այնպես, ինչպես մարդիկ են հեռանում, այլ անտեսանելի դարձավ, որպեսզի Կույսն իմանա, որ իր մոտ եկողը հրեշտակ էր և ոչ թե մարդ:

Մարիամի այցելությունը Եղիսաբեթին

Մարիամը հրեշտակի մասին չպատմեց Հովսեփին ու նրա զավակներին, այլ թույլտվություն խնդրեց Հրեաստան՝ Եղիսաբեթի մոտ գնալու: Հովսեփն էլ իր որդիներից ու դուստրերից մի երկուսի ուղեկցությամբ ճանապարհեց Մարիամին:
Երբ Մարիամը ողջունեց Եղիսաբեթին, վերջինիս մանուկը խաղաց որովայնում, ինչպես Դավիթը պարեց Տիրոջ Տապանակի առջև (տե՜ս Բ Թագ. Զ 16): Երբ Եղիսաբեթը տեսավ Կույսին, ընկավ նրա առջև և օրհնեց նրան Եվայի բոլոր դուստրերի մեջ, (ինչպես և նրա Որդին է օրհնյալ Ադամի բոլոր որդիների մեջ): Եվ Ահարոնի դուստրը սկսեց մեծաձայն երգել հանդերձյալի մասին՝ ասելով. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ գա»:

Իսկ Զաքարիան՝ նրա ամուսինը, դեռևս չէր կարողանում խոսել: Ամուսինները Կույսին մեծարանքով՝ երեք ամիս իրենց մոտ պահեցին, և Զաքարիան նրան պատվով կարգեց կույսերի տեղում: Իսկ երբ մոտեցավ Եղիսաբեթի ծննդաբերելու օրերը, Մարիամը վերադարձավ իր տուն:

Նրա ուղեկիցներն այս ամենից զարմանում են և ամեն ինչ պատմում Հովսեփին, որից նա հիանում է, քանի որ տեսնում էր նրա երեսը՝ Սուրբ Հոգով լի, պատկառելի ու տեսնողներին բաղձալի: Հովսեփը սքանչանում էր նրա պարկեշտ վարքով, քանզի սուրբ Կույսը մանուկ լինելով՝ ծերերից ու կատարյալներից անցել էր իր առաքինությամբ:

Վեցերորդ ամսին հայտնապես երևաց Մարիամի հրաշափառ հղությունը, սակայն նա պատկառանքից չհամարձակվեց Հովսեփին ասել հրեշտակի ավետիսի մասին, այլ ծածուկ աղոթում էր իր Որդուն՝ Աստծուն, որպեսզի Հովսեփին չզրկի Նրա հայրն անվանվելուց և Իրեն սպասավորելուց: Հովսեփը նայելով նրա հեզությանն ու ամոթխածությանը զարմանում էր հղության վրա: Մտածում էր չհանդիմանել սրբուհուն, սակայն տեսնում էր, որ շատերն են մատնացույց անում նրան: Եվ Հովսեփը խորհում էր նրան գաղտնի արձակել՝ երկու պատճառով. եթե նա հանցավոր է, ապա իր տանը չպիտի մնա, իսկ եթե Պտուղը Սուրբ Հոգուց է, ապա ինքն արժանի չէ Նրա հետ բնակվել: Այդ պատճառով էլ ասաց Մարիամին. «Երդվեցնում եմ քեզ Իսրայելի Տեր Աստծով. պատմի՜ր ինձ քեզ հետ պատահածը»:

Երբ Կույսը Հովսեփին պատմեց հրեշտակապետի ավետիսը, վերջինս ասաց. «Ո՞վ կարող է հավատալ այդպիսի խոսքերի, քանզի դրան նմանվող օրինակ չկա: Ո՞վ է տեսել կուսությունն ու մանկանը նույն որովայնում, հավիտենությունից ի վեր այդ չի եղել կանանց մեջ, որ կույսը հղանա առանց տղամարդու: Ինձ դժվար է հավատալ այդ նոր և օտար գործին, որի մասին ո՜չ բնությունն է վկայում և ո՜չ Գրքերը»:

Կույսը պատասխանեց. «Իմ խոսքերի վկայությունը դյուրությամբ կիմանաս և՜ Գրքերից, և՜ բնությունից: Ո՞վ ամուսնացավ կույս հողի հետ, որ ծնեց Ադամին: Եվ ինքը՝ Ադամը, ո՞ւմ մերձավորությամբ ծնեց Եվային: Ո՞վ ամուսնացավ ծառի հետ, որ ծնեց խոյին (տե՜ս Ծննդ. ԻԲ 13), և կամ ո՞վ մերձեցավ ժայռին, որից ջուր բխեց (տե՜ս Ելք ԺԷ 6): Ո՞ր հողը հղացրեց գավազանը խորանում (տե՜ս Թվեր ԺԷ 8), և կամ ո՞ւմ զորությամբ ջուր բխեց էշի ծնոտից (տե՜ս Դատ. ԺԵ 19): Եվ եթե բնությանը չես հավատում, որ ճշմարիտ է, լսիր սուրբ Գրքերին և հոգեշունչ մարգարեներին. «Ահա կույսը պիտի հղանա ու Որդի ծնի, և Նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի Է 14):

Հովսեփը հավատաց Մարիամին ու փառավորեց հրաշագործ Աստծուն, և ինչպես Պետրոսը Հիսուսի ծնկների առջև ընկավ ու ասաց. «Ինձանից հեռո՜ւ գնա, Տե՜ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ» (Ղուկ. Ե 8), այդպես էլ Հովսեփն էր խորհում. «Երբ Օզիան մոտեցավ Աստծու Տապանակին՝ ուղղելու համար, իսկույն մեռավ (տե՜ս Բ Թագ. Զ 6), և երբ Ահարոնի որդիներն օտար կրակ բերեցին խորան, բոցակեզ եղան (տե՜ս Ղևտ. ԺԶ 16): Արդ՝ եթե Մարիամը մնա իմ տան մեջ, ես և իմ որդիները կմեռնենք, իսկ եթե պատմեմ հրեաներին, չեն հավատա, քանի որ մարգարեներին էլ չհավատացին, այլ նրանց չարչարեցին և Աստծու բարկությունը բերեցին Իսրայելի վրա: Ավելի լավ է լուռ արձակեմ նրան և Սուրբ Հոգին, որ նրա վրա հովանի է, կպահի նրան»:
Եվ մինչ նա այդպես էր մտածում, Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց.

«Հովսե՜փ, Դավթի՜ որդի, մի՜ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է» (Մատթ. Ա 20):

Խոսքի սկզբում մխիթարում է Հովսեփին՝ նրան Դավթի որդի ասելով: Հրեշտակը որոշ նշանակությամբ է Մարիամին «Հովսեփի կին» ասում: Ինչպես և Քրիստոս խաչի վրա ասաց Մարիամին. «Ո՜վ կին, ահա՜ քո որդին», ապա դառնալով Հովհաննեսին՝ շարունակեց. «Ահա՜ քո մայրը» (Հովհ. ԺԹ 26-27): Հովհաննեսն ու Մարիամը ո՜չ թե բնությամբ էին մայր ու որդի, այլ դրության բերումով: Նույնն էր և այս դեպքում: Եվ քանի որ Հովսեփը զարհուրել էր այդ սքանչելիքներից, դրա համար էլ ասաց «քո կինը» այն իմաստով, թե ինչպես որևէ այր առանց երկյուղի բնակվում է իր կնոջ հետ, նույն հարկի տակ, այնպես էլ դու նրա հետ բնակվի՜ր:

Երբ Հովսեփը իմացավ, որ չի կարելի արձակել Մարիամին, սկսեց նրան սպասավորել մեծ երկյուղածությամբ, ինչպես աստվածաբնակ տաճարի, և հակառակում էր բամբասող հրեաներին, վկայելով Մարիամի սրբությունը: Երբ Կույսի հղության լուրը հասավ քահանաներին, Հովսեփին ու Մարիամին տաճար կանչեցին՝ որպեսզի Հովսեփին հրապարակավ խոշտանգեն: Բայց նա արդարացրեց իր անձը և պատմեց Տիրոջ հրաշալիքների մասին: Քահանաները նույնը լսեցին նաև Մարիամի բերանից, սակայն չհավատացին, այլ տվեցին նրան ըմպելու հանդիմանության ջուրը , որն ատյանի առջև ըմպելով՝ անարատ գտնվեց, և ողջ Երուսաղեմը հիացավ:

Եվ համբերեց Կույսն ինն ամիս և հինգ օր, ըստ անդրանիկների հղացման տասնամսյա օրերի թվի: Քանզի Սողոմոնը մարգարեացել էր. «Ես մարմին եմ առել մոր որովայնում տասնամսյա ժամանակի մեջ» (Իմաստ. Է 2): Քանի որ Սողոմոնն անդրանիկ չէր, հետևաբար այդ խոսքը Քրիստոսի մասին էր ասել:

Հովհաննեսի ծննդյան օրը բացվեց Զաքարիայի բերանը և նա Տիրոջ անճառելի ծնունդից հետո Մարիամին տարավ տաճար ու կարգեց կույսերի տեղում, քանի որ ճշմարտապես անխախտելի պահվեց Մարիամի կուսությունը:

Դա առաջացրեց հրեաների ատելությունը: Բացի դրանից Զաքարիան վաստակեց նաև Հերովդեսի թշնամությունը, քանզի չկամեցավ Սրբության սրբոց մտնելու համար կաշառք տալ նրան: Հերովդեսն անօրենությամբ թագավորությունը վերցնելուց հետո տիրեց սրբությունների վրա և Օրենքը ոտնահարելով՝ ամեն տարի նոր քահանայապետ էր նշանակում և առանց կաշառքի թույլ չէր տալիս նրանց Սրբության սրբոց մտնել: Իսկ ըստ Օրենքի՝ մինչև քահանայապետի վախճանվելը՝ ոչ ոք իրավունք չուներ նրա տեղը գրավել: Բեթղեհեմի մանուկներին կոտորելուց հետո Հերովդեսը կամեցավ սպանել նաև Զաքարիայի որդուն՝ Հովհաննեսին, սակայն Զաքարիան նրան չհայտնեց մանկան տեղը և սպանվեց տաճարում՝ սուրբ Սեղանի առջև: Դրանից հետո տաճարում այլևս տեսիլքներ և հայտնություններ չէին լինում, և ժողովուրդն այլևս չէր ստանում իր հարցերի պատասխանները: Եվ այդ մասին է ասում Տերը. «Ես ձեզ մոտ ուղարկում եմ մարգարեներ, իմաստուններ ու օրենսգետներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանեք և խաչը պիտի հանեք. նրանցից ոմանց էլ պիտի տանջեք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածեք, որպեսզի ձեր վրա ընկնի մեղքը երկրի վրա թափված ամեն արդար արյան՝ արդար Աբելի արյունից մինչև արյունը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի միջև» (Մատթ. ԻԳ 34-35):

Սուրբ Աստվածամայրը մայրն է բոլոր քրիստոնյաների և ծնողը Ընդհանրական Սուրբ Եկեղեցու, քանզի սկիզբն է սուրբ ծննդյան Ավազանի: Քանի որ ինչպես Կույսից և Սուրբ Հոգուց ծնվեց Քրիստոս, նույնպես ջրից և Սուրբ Հոգուց ծնվում են բոլոր քրիստոնյաները: Եվ ինչպես անհնար էր կնոջ համար առանց այր մարդու մանուկ ծնել, սակայն Կույսը ծնեց Հոգով, այդպես էլ անհնար էր ջրի համար մարդիկ ծնել, և ջուրը ծնեց Հոգով:

Դարձյալ՝ ինչպես զորացավ սուրբ Կույսը և ծնեց Աստծու Որդուն, այդպես էլ զորացավ Ավազանի արգանդը և ծնեց մեզ՝ դարձնելով Աստծու որդիներ: Հայտնի է, որ Կույսը եղավ սկիզբը և բացողը հոգևոր ծննդյան Ավազանի, քանզի նա ծնեց Աստծուն բնությամբ և մեր Եղբորը՝ մարմնով: Երբ մենք ծնվում ենք Ավազանից, ապա Տերն այլևս ամոթ չի համարում կոչվել մեր Եղբայրը:

Արդ՝ ինչպես Քրիստոս կոչվում է մեր Եղբայրը, այդպես էլ Նրա Հայրը՝ Աստված, մեր Հայրն է կոչվում, և Նրա մայրը՝ Աստվածածինը՝ մեր մայրը: Եվ նա՝ որպես մայր, սիրով կապված է բոլոր հավատացյալներին և անդադար բարեխոսում է մեզ համար՝ իբրև իր կրտսեր որդիների, և Ինքը՝ Միածին Որդին, հնազանդությամբ լսում է Իր մոր աղաչանքները, Իր անվանական եղբայրների համար:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի


Աղբյուրներ

Տեր Համբարձում – ter-hambardzum.net կայք
Արամ Դիլանյանի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները»
«Սյունյաց կանթեղ» ամսաթերթ
Ք. Հ. հանրագիտարան
qahana.am կայք
«Սրբազան ժառանգություն» հանրագիտարան