ԱՄԵՆՕՐՅԱ ԱՂՈԹՔՆԵՐ

Խաչակնքում
Յանուն Հօր, եւ Որդւոյ, եւ Հոգւոյն սրբոյ:

Տերունական Աղոթք

Հա՛յր մեր, որ յերկինս ես, սո՛ւրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ՛ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս` եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

(արևելահայերեն)
Հա՛յր մեր, որ երկնքում ես, Քո անունը սու՛րբ լինի, Քո թագավորությունը գա՛, Քո կամքը լինի՛ Ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր Եվ մեզ ներիր մեր պարտքերը, Ինչպես մենք կներենք մեր պարտապաններին Ու մեզ փորձության մի տանի, Այլ փրկիր մեզ չարից, Քանի որ քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից, ամեն։

(արևմտահայերեն)
Հա՛յր մեր, որ երկինքն ես, Քու անունդ սուրբ ըլլայ. Քու թագաւորութիւնդ գայ. Քու կամքդ ըլլայ, Ինչպէս երկինքը՝ նոյնպէս երկրի վրայ։ Մեր ամէնօրեայ հացը՝ մեզի տո՛ւր այսօր. Մեզի ներէ՛ մեր պարտքերը, Ինչպէս մենք ալ կը ներենք մեր պարտապաններուն. Ու մեզ մի՛ տանիր փորձութեան, Հապա մեզ ազատէ՛ Չարէն։ Որովհետեւ քո՛ւկդ են թագաւորութիւնը, զօրութիւնը եւ փառքը յաւիտեան. ամէն:

Հրեշտակի ողջույնը Մարիամին

Ողջոյն քեզ, Մարիամ, լի շնորհոք, Տէրն ընդ քեզ. օրհնեալ ես դու ի կանայս եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո՝ Յիսուս։ Սրբուհի Մարիամ, մայր Աստուծոյ, բարեխօսեա՛ վասն մեր՝ մեղաւորացս, այժմ եւ ի ժամու մահուան մերոյ. Ամէն:


† Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես,  բերանն իմ կերգի օրհնությունը քո: Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

***

Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատիր և աջակցիր ինձ: Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրու ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա: Ղեկավարիր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ խոսքերում և գործերում: Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի թույլ տուր ինձ մոռանալ, որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից: Սովորեցրու ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ վարվել, չվշտացնելով ու չվրդովվեցնելով և ոչ մեկին: Տեր, ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա հոգնություններն ու բոլոր դիպվածները: Ղեկավարիր իմ կամքը, և սովորեցրու ինձ աղոթել, հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել. ամեն:

Երեկոյան աղոթք

Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ, օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ եւ խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին։ Այժմ խնդրում եմ, որ Դու Քո ամենազոր աջով կնքես Քո ծառայի տեղն ու հարկը, ելքն ու մուտքը, որ ննջեմ ապահով ու աներկյուղ, խաղաղությամբ եւ առանց փորձանքների։ Ամեն:

***

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ Արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր Քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՛ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն. եւ հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ ու, Ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտեցածից էլ ավելի: Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին Քե՜զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն:

***

Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից: Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին: Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում: Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին: Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները: Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից: Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս. ամեն:

Հաւատոյ Հանգանակ

Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի և երկրի, երևելեաց և աներևութից։ և ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ. ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ և ո՛չ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր. որով ամենայն ինչ եղև յերկինս և ի վերայ երկրի, երևելիք և աներևոյթք։ Որ յաղագս մեր մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն սրբով. որով էառ զմարմին, զհոգի և զմիտ, և զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս և ո՛չ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնով՝ նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեանն ո՛չ գոյ վախճան։ Հաւատամք և ի սուրբ Հոգին, յանեղն և ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս և ի մարգարէս և յաւետարանս. որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն, և բնակեցաւ ի սուրբսն։ Հաւատամք և ի մի միայն ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցի. ի մի մկրտութիւն, յապաշխարհութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց. ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց՝ յարքայութիւնն երկնից, և ի կեանսն յաւիտենականս։

Հաւատոյ Հանգանակ (աշխարհաբար)

Հավատում ենք մեկ Աստծո՝ ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին։ և մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն՝ Հոր էությունից։ Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե՝ արարած։ Նույն ինքը՝ Հոր բնությունից, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա՝ երևելիներն ու անևերույթները։ Որ հանուն մեզ՝ մարդկանց ու մեր փրկության համար՝ իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, ծնվեց կատարելապես Ս. Կույս Մարիամից Ս. Հոգով։ Որով՝ ճշմարտապես, և ոչ կարծեցյալ կերպով առավ մարմին, հոգի և միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ։ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը Հարություն առավ, նույն մարմնով բարձրացավ երկինք, նստեց Հոր աջ կողմում։ Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մահացածներին։ Նրա թագավորությունը չունի վախճան։ Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն՝ անեղ և կատարյալ, որը խոսեց Օրենքի, մարգարեների և ավետարանների միջոցով։ Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակություն հաստատեց սրբերի մեջ։ Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության։ Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի։

Աղոթք ճաշից առաջ

Օրհնյալ ես, ո՜վ Տեր Աստված մեր, որ կերակրում ես մեզ մանկությունից սկսյալ, և կերակուր ես շնորհում բոլոր մարմնավորներին. մեր սրտերը ուրախությամբ ու բերկրանքով լցրու, որպեսզի լիանանք՝ ուղարկվելով բարիք գործելու ի Հիսուս Քրիստոս ի Տեր մեր, Որին վայել է փառք, շխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

† Խաղաղությամբ ճաշակե՛նք այս կերակուրները, որ պարգևվված են մեզ Տիրոջից. օրհնեա՛լ է Տերն Իր պարգևներում. ամեն:

***

Աղոթք ճաշից հետո

Փա՜ռք Քեզ, Տե՛ր, Փա՜ռք Քեզ, փառա՛ց Թագավոր, որ տվեցիր մեզ ուրախության կերակուր և Քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրեցիր մեր սրտերը:  Այժմ լցրու՛ մեզ նաև Քո Սուրբ Հոգով, որպեսզի ընդունելի լինենք Քո առաջ և ոչ` ամոթահար, քանզի Դու գալիս ես և հատուցում յուրաքանչյուրին ըստ իր գործերի: Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից. ամեն:

Փա՜ռք տիեզերքի Կերակրողին, որ կերակրեց մեզ և լիացրեց, Նրան փառք հավիտյանս. ամեն:

Աղոթք ննջեցյալների համար

Ո՛վ բազմագութ Աստված, աղաչում և խնդրում եմ Քեզ մեր ազգի բոլոր հին ու նոր, հավատով և հույսով ի Քեզ ննջածների համար: Մանավանդ, Քեզ մոտ ննջող իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների, բարեկամների, բարու մեջ կրթող հոգևոր վարդպետների, ուսուցիչների, մեր բոլոր աշխատավորների և երախտավորների համար, որպեսզի Քո գալստյան մեծ օրը ողորմությամբ հիշես և թողություն շնորհես նրանց բոլոր մեղքերին ու սխալներին և Քո աջակողմյան դասի սրբերի հետ դասես ու թույլ տաս լսել Քո երանավետ խոսքը, թե` «Եկե՛ք իմ Հոր օրհնածներ»: Եվ, ըստ մեր հանդեպ կատարած նրանց երախտիքների` մեկի փոխարեն բյուրապատիկ հատուցես նրանց հոգիներին, իսկ մեզ նրանց պարտքերից անպարտ դարձնես: Քեզ փառք հավիտյանս հավիտենից. ամեն:

Յանուն Հօր, եւ Որդւոյ, եւ Հոգւոյն սրբոյ:

Տերունական Աղոթք

Հա՛յր մեր, որ յերկինս ես, սո՛ւրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ՛ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս` եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

(աշխարհաբար)
Հա՛յր մեր, որ երկնքում ես, Քո անունը սու՛րբ լինի, Քո թագավորությունը գա՛, Քո կամքը լինի՛ Ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր Եվ մեզ ներիր մեր պարտքերը, Ինչպես մենք կներենք մեր պարտապաններին Ու մեզ փորձության մի տանի, Այլ փրկիր մեզ չարից, Քանի որ քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից, ամեն։

Պահապան Հրեշտակ իմ սիրելի, ճշմարիտ բարեկամ, հավատարիմ ընկեր և վստահելի ու ապահով առաջնորդ, ես շնորհակալություն եմ հայտնում քեզ այն անսպառ սիրո, խնամքի ու համբերության համար, որոնցով ինձ օգնել ու օժանդակել ես և անդադար օգնում ու օժանդակում ես իմ հոգևոր ու մարմնավոր կարիքներում: Ներողություն եմ խնդրում այն բազմաթիվ անգամների համար, որ քեզ տհաճություն եմ պատճառել՝ չհետևելով քո սիրալիր խորհուրդներին, ընդդիմանալով քո ողջամիտ ու փրկարար հորդորներին ու զգուշացումներին, և այսքա՜ն սակավ օգուտ քաղած լինելով քո սուրբ ներշնչումներից: Խնդրում եմ քեզ, ամբողջ կյանքիս ընթացքում շարունակիր բարեգթորեն պահպանել ինձ, որպեսզի ես կարողանամ, քո հետ միասին, գոհաբանել, փառավորել և օրհնել մեր ընդհանուր Տիրոջը՝ Ամենասուրբ Երրորդությանը. Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս: Ամեն: