Մայր Թերեզայի աղոթքը

Արժանացրու ինձ լինել Քո խաղաղության գործիքը

Ուժ ամեն օրվա համար

Սուրբ Հաղորդություն ստանալուց հետո

Մոր աղոթքը

Աղոթք ընտանիքի համար

Չարի հնարքների դեմ աղոթք

Ճանապարհի համար

Բժշկության աղոթք

Զինվորի աղոթքը

Աղոթք խաղաղության համար

Աղոթք թշնամիների համար

Երիտասարդի աղոթք

Զինվորի մոր աղոթքը

Աղօթքը ճանապարհի համար

Աղոթք ընդդեմ դևերի

Աղոթք դժվարածին կանանց համար

Տուր ինձ մինչև վերջ գնալու ուժը

Նշանվածների աղոթքը

Հիսուս, Քեզ եմ վստահում

Տեր Հիսուս, Քեզ եմ վստահում

Օգնիր ինձ, Տեր

Օգնիր ինձ, Հիսուս

Աղոթք ընտանիքի համար

Հիսուս, ամրապնդիր իմ սերը

 

Մայր Թերեզայի աղոթքը

Ասված իմ, երբ ես սոված եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ կերակրել, իսկ երբ ես ուզում եմ խմել, ուղարկիր ինձ նրան, ում կարող եմ ջուր տալ: Երբ ինձ համար ցուրտ է, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ ջերմացնել, երբ ես թախծում եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ մխիթարել: Իսկ երբ իմ խաչը շատ ծանր լինի  եւ ես չկարողանամ տանել այն, երբ ինձ օգնական անհրաժեշտ լինի, իսկ կողքիս ոչ ոք չլինի, թեթեւացրու իմ ծանր խաչը, եւ տուր ինձ ինչ որ մեկին, ով արժանի է սիրո, ինչպես ես, տուր ինձ ինչ որ մեկին, ում ես կարող եմ ծառայել: Երբ ինձ ժամանակ անհրաժեշտ լինի, թույլ տուր ինձ նստել ինչ որ մեկի կողքին, իսկ երբ սրտումս ծանրություն լինի, գտիր ինձ համար մեկին, ում ես կստիպեմ ժպտալ: Երբ ինձ օգնություն անհրաժեշտ լինի, ցույց տուր ինձ նրան, ում մասին ես կարող եմ հոգ տանել: Երբ ես մտածեմ միայն իմ մասին, իմ մտքերը թող լինեն միայն նրանց մասին, ովքեր բարի են: Երբ ես աղքատանամ, ուղարկիր ինձ կարիքավորներին: Երբ իմ աչքերը դադարեն տեսնել այն, ինչ սուրբ է, թույլ տուր ինձ տեսնել Քրիստոսին յուրաքանչյուրի աչքերում, ում ես կերակրում եմ …

Մայր Թերեզա

 

Արժանացրու ինձ լինել Քո խաղաղության գործիքը

Տեր իմ, արժանացրու ինձ լինել Քո խաղաղության գործիքը.
Որպեսզի սեր բերեմ այնտեղ, որտեղ ատելությունն է,
Որպեսզի ներեմ, երբ վիրավորում են,
Որպեսզի հաշտեցնեմ, երբ վիճում են,
Որպեսզի ասեմ ճշմարտությունը մոլորության ժամին,
Որպեսզի ամրապնդեմ հավատը, երբ կա կասկած,
Որպեսզի հույս արթնացնեմ, երբ հուսահատությունն է տիրում,
Որպեսզի լույս բերեմ այնտեղ, որտեղ մութ է,
Որպեսզի ուրախություն բերեմ այնտեղ, որտեղ կա վիշտ:
Տեր իմ, արժանացրու, որ ոչ թե ինձ սփոփեն, այլ ես սփոփեմ,
Ոչ թե ինչ հասկանան, այլ ես հասկանամ,
Ոչ թե ինձ սիրեն, այլ ես սիրեմ,
Քանզի ով տալիս է, նա ստանում է,
Ով իրեն մոռանում է, նա ձեռք է բերում,
Ով ներում է, նրան ներվում է,
Ով մահանում է, արթնանում է հավիտենական կյանքում:

Մայր Թերեզա

 

Ուժ ամեն օրվա համար

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ եւ տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու՛ ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու՛ ինձ հետեւողական եւ պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների եւ փորձի առջեւ, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրի՛ր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին եւ ապա՝ երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն եւ զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ եւ չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը ողջ ընթացքով, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնի՛ր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, եւ ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնի՛ր ինձ լինել այստեղ եւ հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարեւորն ու գլխավորը: Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տու՛ր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները եւ անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում: Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկի՛ր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տու՛ր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի եւ քնքուշ այդ նվերին: Դարձրու՛ ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքեւում են: Պահպանի՛ր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տու՛ր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Անտուան Դ՛ը Սենտ Էքզյուպերի

 

Սուրբ Հաղորդություն ստանալուց հետո

Դու, որ մեր տկար բնության փորձառությունը ունեցար, ո՜վ մեր քահանայապետ Հիսուս, Քեզ ենք նայում: Դու, որ մեզ համար մեղքի պատարագ եղար, որպեսզի մենք քեզ համար արդար լինենք, Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք քեզ համար երկնավոր լինենք, Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք Քեզ ճաշակելով սրբվենք, տո՛ւր վշտերով լեցուն քո մարմինը, որպեսզի բոլոր սրտերը քեզ ճաշակեն եւ սրբվեն: Մատռվակի՛ր վտակի պես կաթկթող քո անմեղ արյունը, որպեսզի մարդիկ անմեղությամբ հագենան: Երկարի՛ր փրկարար խաչդ` այս աշխարհի ծովում լողացողներիս, մեզ վեր` դեպի Քեզ բարձրացնելու համար: Շնորհքի կարոտ ենք, սփռի՜ր, հոգնած ենք մեղանչելուց, քավի՛ր, խավարի մեջ ենք խարխափում, ճառագայթի՛ր. մեր հավատքից տապալվել ենք, հաստատի՛ր:

Դո՛ւ ես հույսը, Դո՛ւ ես լույսը, Դո՛ւ ես կյանքը, Դո՛ւ ես քավությունը, Դու ինքդ ես անմահությունը, Քե՛զ ենք սպասում, քո շնորհի կռթնածներս, Քեզնից փրկություն ստանալու կարոտ ենք Քո մարմնին միացածներս: Քե՛զ որպես քավիչ քահանա ունենք. մենք` Քո արյունով գնված հոտդ:
Նայի՛ր բոլորիս, սփոփիր մեր տարակուսանքները Քո փրկագործությամբ, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունները Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնած հոգիները Քո օթեւանների մեջ, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, եւ նույնը մեզ խոստացար: Եվ արժանացրո՛ւ մեզ` քեզ պատկանողներիս, որ փառավորենք Քեզ, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին` հավիտյանս հավիտենից. Ամեն:

Ներսես Լամբրոնացի

 

Մոր աղոթքը

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգեւեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետեւ Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով եւ վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ:

Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ եւ երեխաներիս դաստիարակության գործում երբեւէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով եւ թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Մի զրկիր նրանց հանապազորյա հացից, այլ պարգեւիր նրանց ամեն անհրաժեշտն իր ժամանակին, եւ ինչ էլ որ պարգեւես, թող հավիտենական կյանքի համար գործածեն:

Եվ եթե մեղանչեն Քո առաջ, քանի որ մարդ են՝ մեղանչական բնույթով՝ ողորմած եղիր նրանց հանդեպ: Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները: Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին եւ հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ եւ պահպանի նրանց ամեն դժբախտությունից եւ չար ճանապարհից:

Բարերար Աստված, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում եւ լինեն հենարանն իմ ծերության:

Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու. «Ահա ես եւ իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»:

Եվ նրանց հետ միասնաբար փառավորենք անճառելի բարությունդ, հավերժական սերդ եւ սուրբ անունդ հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

Աղոթք ընտանիքի համար

Սիրող եւ ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին: Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի: Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով: Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք: Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն. ամեն:

 

Չարի հնարքների դեմ աղոթք

Շնորհատու՛ բարիքների, Տե՜ր, աղաչում եմ Քեզ, փարատի՜ր մեր սրտերի աղջամուղջը եւ հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները. պահպանի՜ր բանսարկուի պատրանքներից եւ շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ, հավիտեանս հավիտենից: Ամեն:

 

Ճանապարհի համար

Առաջնորդ կյանքի եւ ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, Մովսեսին` Սինա լեռը եւ ժողովրդին` ավետյաց երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ եւ մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երեւելի ու աներեւույթ թշնամիներից եւ խաղաղությամբ առաջնորդիր այնտեղ, ուր գնում ենք, քանի որ դու ես Ճանապարհը, Ճշմարտությունը եւ Կյանքը, եւ քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Բժշկության աղոթք

Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը եւ բժշկիր : Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները եւ դատապարտեցիր մեր թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին եւ ազատում հիվանդություններից. ամեն:

 

Զինվորի աղոթք

Ամենակարող Տե´ր Հիսուս Քրիստոս, Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ, Տուր ինձ վճռականություն սուրբ Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու: Քո հոգեւոր սպառազինությամբ դարձրու ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր: Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու եւ պահպանիր զինակիցներիս, հրամանատարներիս ու ինձ: Քո Սուրբ Աջի եւ բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց: Եվ Քեզ փառք Հոր եւ Սուրբ Հոգու հետ. ամեն:

 

Աղոթք խաղաղության համար

Քո խաղաղությամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խոսքերից, զորացրու մեզ եւ աներկյուղ պահիր ամեն տեսակի չարից։ Մեզ հավասարեցրու Քո ճշմարիտ երկրպագողներին, որոնք հոգով եւ ճշմարտությամբ կերկրպագեն Քեզ։ Որովհետեւ Ամենասուրբ Երրորդությանդ վայել են փառքը, իշխանությունը եւ պատիվը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգեւում: Պարգեւիր նաեւ Քո խաղաղությունը համայն արարածներիդ եւ հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երեւելի ու աներեւույթ բոլոր թշնամիներից. ամեն:

 

Աղոթք թշնամիների համար 

Արդ, ո՜վ ողորմած եւ բազմագութ Աստված իմ Հիսուս Քրիստոս, իմ հարազատների եւ բարեկամների համար բարիքներ եւ ողորմություն խնդրեցի Քեզանից, ինչպես որ հարկն է, եւ պահանջում է մեր բնության օրենքը: Այժմ աղաչում եմ Քեզ նաեւ իմ թշնամիների համար, ինչպես որ Դո՛ւ ասացիր օրհնյալ բերանովդ, թե՝ «Բարի՛ք գործեք ձեզ ատողներին»: Ուրեմն, ընկնելով Քո առաջ, խնդրում եմ ամենառատ ողորմությունիցդ, որ ողորմես նաեւ իմ բոլոր թշնամիներին եւ ատողներին, չարակամներին ու վնասատուներին եւ բոլոր մյուսներին, ովքեր Քո ծառայի հանդեպ չարն են խորհում, խոսում, գործում եւ կամենում գործել, ովքեր բամբասում, վատաբանում եւ հայհոյում են ինձ՝ թե՛ իրավամբ եւ թե՛ անիրաւամբ, մի՛ բարկացիր, Տե՛ր իմ, նրանց վրա իմ պատճառով, այլ ների՛ր եւ թողությո՛ւն տուր նրանց մեղքերին:

Քանզի նրանք մեղանչում են իմ հանդեպ, որովհետեւ հիրավի մեղավոր եմ եւ արժանի ամենայն բամբասանքի ու նախատինքի: Ես մեղանչում եմ Քո հանդեպ, որ արդար ես ամեն ինչում եւ միշտ բարերար իմ հանդէպ: Ուրեմն, եթե նրանք արժանի են Քո բարկությանը, ապա ես բյուրապատի՛կ բարկության որդի եմ եւ պատժի արժանի, քան նրանք:

Այս պատճառով աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ, որ բոլոր բարիքների աղբյուր ես եւ անհուն ողորմության ծով, որ ողորմես նրանց եւ ինձ՝ նրանց հետ, եւ ներես իմ հանդեպ [ունեցած] բոլոր սխալները եւ ետ դարձնես նրանց չարից՝ փոխարկելով բարու: Որպեսզի ամենքս զգաստանալով ընթանանք ըստ Քո կամքի եւ փառք վերառաքենք Քեզ Հոր եւ Սուրբ Հոգուդ այժմ եւ միշտ եւ հավիտեանս հավիտենից. ամեն:

 

Երիտասարդի աղոթք

Տէ՛ր Աստուած իմ, հզօր եւ գթած, Դու, որ անսահման սիրով ինձ ոչնչից ստեղծեցիր Քո անիմանալի պատկերով ու բարի պարգեւներով հոգում ես իմ բոլոր կարիքները, ամբողջ սրտով շնորհակալութիւն եմ յայտնում Քեզ ամէն բանի համար, որ տուեցիր ինձ ծննդեանս օրուանից մինչեւ այսօր։ Բայց, որովհետեւ մարդկային հանցանքների բերումով տկար ու սխալ վիճակ ունեմ, աղաչում եմ Քեզ, տուր ինձ շնորհք, իմաստութիւն ու Քո զօրութիւնը, որպէսզի կարողանամ միշտ Քո պատուիրանների փրկարար ճանապարհով կամքիդ համաձայն քայլել, զերծ մնալ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից եւ փորձանքներից, մարդկային սխալներից, ցանկութիւններից ու քմահաճոյքներից։ Դրոշմի՛ր հոգուս մէջ Քո երկիւղը, որպէսզի Քե՛զ ունենալով մտքիս մէջ ապրեմ մաքրութեամբ ու արդարութեամբ։ Իմ կամքը զօրացրու, որպէսզի բարին գործեմ, ուղղի՛ր իմ խօսքերը, որպէսզի միշտ լաւն ու գեղեցիկը ընտրեմ։ Մի՛ մատնիր իմ տկար անձը այս աշխարհի փորձանքներին ու տագնապներին։ Սրտիս մէջ սերմանիր բոլոր առաքինութիւնների ծիլերը, որպէսզի ապրեմ արդարօրէն եւ մաքուր կեանքով։

Օրհնի՛ր, Տէր Աստուած, որ միշտ խոնարհ լինեմ, վարքով՝ հեզ եւ համեստ, ճշմարտախօս՝ խօսքով ու գործով, ուրիշին չվնասեմ, այլ հաւատարիմ եւ աշխատասէր լինեմ պարտականութիւններիս կատարման մէջ։

Քո անհուն բարութեամբ օգտակար եղիր իմ հոգեւոր ու մարմնաւոր կարիքներին։ Թոյլ տուր, որ միշտ շնորհակալութիւն յայտնեմ Քեզ տուածդ պարգեւների համար եւ բաւարարուեմ իմ վիճակով ու պայմաններով։ Հեռո՛ւ պահիր ինձ ծուլութիւնից եւ պարապութիւնից։ Փրկի՛ր ինձ չար ընկերներից, բոլոր վտանգներից եւ փորձութիւններից։ Ընդունի՛ր իմ խնդրանքը հօրս եւ մօրս, եղբայրներիս ու քոյրերիս, ամբողջ ընտանիքիս եւ բարեկամներիս, ինչպէս նաեւ բոլոր մարդկանց համար, յիշիր նրանց Քո սիրով եւ առատօրէն բաշխիր Քո բարի պարգեւները, թէ՛ այստեղ եւ թէ՛ յաւիտենական կեանքում, որովհետեւ Քո՛նն են փառքը, պատիւն ու իշխանութիւնը յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

Զարեհ Արք․ Ազնավորյան

 

Զինվորի մոր աղոթքը

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՝ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը որդուս (անունը), որ այժմ ծառայում է Հայոց բանակում։ Մարդասեր Տեր, նախ խնդրում եմ ներիր նրա կամա եւ ակամա մեղքերը, որ գործել է Քո առջեւ, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։ Այժմ տուր նրան խոհեմություն եւ իմաստություն, որ բարին եւ օգտակարը կարողանա ընտրել եւ քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից եւ դիվական ազդեցություններից։ Շնորհիր որդուս քաջառողջություն եւ հնազանդություն իր հրամանատարական անձնակազմին եւ զինվորական կարգ ու կանոնին, իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։ Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զինվորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գեւորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ. ամեն։

 

Աղօթքը ճանապարհի համար

Առաջնո՛րդ կեանքի, ճանապա՛րհ ճշմարտութեան, Տէ՛ր մեր Յիսուս Քրիստոս, որ առաջնորդեցիր Յովսէփին Եգիպտոս, իսրայէլցիներին՝ Կարմիր ծովի միջով, Մովսէսին՝ դէպի Սինա լեռը, [Իսրայէլի] ժողովուրդին՝ աւետեաց երկիր եւ Կղէովպասենց ուղեկցեցիր Էմմաուս, աղաչում եմ Քեզ, Տէ՛ր, առաջնորդի՛ր նաեւ ինձ եւ իմ եղբայրներին՝ խաղաղութեամբ գնալու առաջիկայ ընթացքը, փրկի՛ր երեւելի եւ աներեւոյթ թշնամուց եւ բարի՛ առաջնորդիր նպատակավայրը հասնելու համար: Քանզի Դո՛ւ ես մեր ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը, եւ Քեզ փա՜ռք եւ երկրպագութի՜ւն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Յովհաննես Գառնեցի

 

Աղոթք ընդդեմ դեւերի

Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, որ քննում ես սրտերն ու երիկամները, երկնքի քո սրբությունից նայիր եւ տես եղկելիիս տարակուսած հոգին: Հանցանքներից ազատիր պարտականիս եւ մեղքերից մաքրիր բազմամեղիս: Քո աչքից մի՛ գցիր ինձ, Տե՛ր, եւ իզուր մի՛ խփիր ինձ հանցանքներիս համար: Արդ, աղաչում եմ քեզ, Տե՛ր, իմ վախճանի օրը ըստ արժանվույն արա, եւ խաղաղության հրեշտակ առաքիր ինձ` ծառայիդ, իմ հոգեվարքը թեթեւ արա եւ իմ հոգին խաղաղությամբ անցկացրու չարությունից դեւերի, որ կան երկնի ներքո: Թող խավարեն նրանց աչքերը, որ չտեսնեն, եւ կործանի՛ր  նրանց  չարությունը,  Տե՛ր:  Քո սրտի  սաստիկ  վրդովմունքով,  Տե՛ր,  թող սպառվեն  նրանց  սպառնալիքները,  բռնվի նրանց զարհուրանքը, գանահարվի նրանց ընթացքը, բռնվի նրանց բռնությունը, խափանվեն  նրանց  չար  խորհուրդները,  տոչորվեն նրանց տարափները, ջարդվեն նրանց խմբերը, կռփահարվեն նրանց գանգերը, ջնջվեն նրանց ջանքերը, եւ ջարդվեն բանակները, զարհուրեն զորքերը, մարեն շշունջները, պարտվեն պատերազմները, հարձակումները քարանան, անարգվեն զենքերը, աղարտվեն աղաղակները, մանրանան գործիքները, սպառվի սպառազինությունը, ցասումն իջնի, մեկնազենները մորմոքեն, ամբարտավանությունը ամաչի, քաջերն արհամարհվեն, լրբությունները լլկվեն, եւ նրանց ամբողջ միաբանությունը մարդասպանի հետ միանգամից ցրվի: Ա՛ռ քո զենքն ու ասպարը եւ հասիր օգնելու վտանգվածիս, հանիր քո սուրը եւ նրանց հեռացրու ինձնից, Տե՛ր իմ եւ Աստված իմ, զորությո՛ւն տուր քո ծառային, որ թշնամին չասի` հաղթեցի նրան: Ինձ բարության նշան արա քո խաչի նշանով, Տե՛ր, խոցոտիր նրանց սուր մեխերով, կոտրի՛ր նրանց բանակը, կարմիր քղամիդով ըմբերանիր նրանց, ապա եղեգնի հարվածներով գանահարիր նրանց, փշե պսակով նետահարիր նրանց, լեղիով ու քացախով, որ խմեցիր, կսկծեցրու նրանց, սուրբ արյանդ բխումով հերքի՛ր նրանց բազմությունը, քո սոսկալի չարչարանքով չարչարիր նրանց, «Էլի, Էլի» ձայնով հրդեհի՛ր նրանց, տեգով, որով խոցվեցիր, հեռացրու նրանց եւ ուրիշ տնօրինական տանջանքներով կործանի՛ր Բելիարին եւ նրանց ամբողջ չարությունը: Եվ ինձ` քո ծառային, Տե՛ր, անդրդվելի ու անդողալի պահիր նրանց երկյուղից, եւ նրանց բոլոր պատրանքներից ամրացրո՛ւ երեւելիների ու աներեւույթների մեջ, որ քեզնով պահպանված ու պարսպված` փառավորեմ տերությունդ հավիտյանս հավիտենից. ամեն:

Յովհաննես Գառնեցի

 

Աղոթք դժվարածին կանանց համար

Ով մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս՝ բարձրյալ եւ մեծ, անայլայլելի, անփոփոխելի եւ մշտնջենավոր. դու, որ երկնքից իջար եւ Սուրբ Հոգու միջոցով սուրբ Կույս Մարիամից ծնվեցիր եւ քո Աստվածությամբ սրբեցիր նախահոր հանցանքի հետեւանքը՝ մեղքով ապականված մեր բնությունը, որով կանացի բնությունը ցավերով եւ տրտմությամբ զավակ ծնելու անեծք ու պատիժ էր ստացել: Արդ աղաչում ենք քեզ, մարդասեր Թագավոր, դու, որ մեր ստեղծիչն ու նորոգողը եւ մեր հիվանդությունների բժիշկն ես, բժշկի՛ր քո (անունը) աղախնուն / ծառային: Քո սուրբ բնակությունից օգնի՛ր եւ զորացրո՛ւ նրան, որպեսզի իր զավակն ունենա եւ նրան՝ իբրեւ իր որովայնի պտուղ, Սուրբ Ավազանից ծնունդով ամեն արատներից մաքրելով՝ Քո սուրբ Եկեղեցուն ընծայի: Շնորհի՛ր, որ այս զույգը հանդարտությամբ եւ առանց փորձանքի հասնի ցանկալի ուրախության, եւ բոլոր հավատացյալ տները աճեն ու բազմանան քո փառքի համար, ո՛վ Տեր, որպես կատարում աստվածային քո խոսքի. «Աճեցե՛ք եւ բազմացե՛ք»: Այո՛, Տեր մեր Աստված, այս պահին լսիր քո անարժան ծառայի (եւ բոլոր այստեղ գտնվողների) խնդրանքը անարատ ծնողիդ՝ սուրբ Աստվածածնի եւ բոլոր սրբերիդ բարեխոսությամբ. որովհետեւ քեզ՝ Միածին Որդուդ, եւ անսկիզբ ու համագո քո Հոր եւ կենդանարար ու ամենասուրբ Հոգուդ են վայել փառքը, պատիվն ու երկրպագությունը այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն:

Մաշտոց ծիսամատյանից

 

ՏՈՒՐ ԻՆՁ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԳՆԱԼՈՒ ՈՒԺԸ

Ո՜վ Սուրբ Հոգի,
տուր ինձ մինչև վերջ գնալու ուժը:

Երբ տեսնում եմ, որ իմ կարիքն ունեն:
Երբ լսում եմ, որ կարող եմ օգտակար լինել:
Երբ ինչ որ մի գործ եմ հանձն առնում:
Երբ կարիքը կա իմ խոսքի:
Երբ կարիքը կա իմ լռության:
Երբ կարող եմ ուրախություն պարգևել:
Երբ հարկավոր է ինչ որ մի վիշտ կիսել:
Երբ գիտեմ, որ բարին դա է:

Նույնիսկ եթե ես միակն եմ, որ գործի է լծվում:
Նույնիսկ եթե վախենում եմ:
Նույնիսկ եթե դժվար է:
Նույնիսկ եթե ամեն ինչ չէ, որ հասկանում եմ:

Ո՜վ Սուրբ Հոգի, տուր ինձ մինչև վերջ գնալու ուժը:
Ամեն:

Մայր Թերեզա

 

 

Նշանվածների աղոթքը

Իմ սրտում, Տեր Աստված իմ,
սեր է բորբոքվել մեկի նկատմամբ,
ում Դու նույնպես ճանաչում ես ու սիրում։

Շնորհակալություն եմ հայտնում Քեզ այս պարգևի համար,
որն հոգիս պարուրում է վառ ուրախությամբ,
ինձ դարձնում է Քո նման, Քո, որ Սերն ես,
և ինձ ըմբռնել է տալիս կյանքի արժեքը, որ պարգևել ես ինձ։

Օգնիր ինձ չվատնել այս անծայրածիր հարստությունը,
որով լիացրեցիր իմ սիրտը.
միշտ հիշեցրու ինձ, որ սերը պարգև է
և չի կարող խառնվել եսապաշտության հետ.
որ սերը մաքուր և ջինջ է
և չի կարող համատեղվել ստորությունների հետ.
որ սերն արգասավոր է
և այսօրվանից իսկ պետք է մի նոր կյանք արթնացնի
ինձնում և ինձ ընտրածի հոգում։

Աղերսում եմ Քեզ նրա համար,
որ սպասում է ինձ և իմ մասին մտածում,
որ իմ մեջ է տեսնում իր ամբողջ ապագան։
Մեկս մյուսիս արժանի դարձրու։
Պատրաստիր մեզ ամուսնության, նրա վեհությանը,
նրա պատասխանատվություններին,
որպեսզի մեր հոգիներն ու մեր սրտերը
այժմվանից արդեն միացած լինեն միևնույն սիրո մեջ։

Ամեն։

 

Հիսուս, Քեզ եմ վստահում

Տե՜ր Հիսուս, հաղորդակից դարձրու,
աղաչում եմ Քեզ, Քո Հոգին իմ հոգուն.
վերստին նորոգիր Մկրտությանս խորհուրդը,
Քո սուրբ Արյամբ ինձ սրբելով:
Միացրու ինձ Սուրբ Պատարագի մեջ Քո ինքնանվիրմանը.
միշտ ավելի մեծ շնորհներով հարստացրու հոգիս.
և հատկապես պարգևիր ինձ շնորհը
ճշմարիտ ու հարատև աղոթքի:
Մի նոր սիրտ պարգևիր ինձ,
սիրույդ բոցերի մեջ մաքրագործված սիրտ,
որի գորովն ու զգացմունքները,
նույնիսկ եթե միջակ են, հաճո կլինեն Քեզ:
Այցելիր, Տեր իմ, իմ այս խեղճ սրտին,
և այն ընտրության անոթի վերածիր:
Ուղղիր իմ դիտավորությունները,
որպեսզի մոլի կամ չափազանց մարդկային չլինեն,
և թող որ իմ գործերը համապատասխան լինեն Քո կամքին:
Ինձ Քեզ նման դարձրու համբերության մեջ,
որպեսզի իմ համար սիրելի լինի
Քո հետ միասին չարչարվելն ու հոգնելը:
Թող որ ես խոսեմ, Տեր, Քո Հոգու համաձայն.
թող որ խոսքերս փառավորեն Քեզ
և օգտակար լինեն մերձավորներիս հոգևոր բարիքին:
Էությունս ամբողջովին Քեզ եմ հանձնում ու վստահում,
որպեսզի Սուրբ Հոգու միջոցով այն կերպարանավորես,
այն վերանորոգես ու փոխակերպես,
անմնացորդ կերպով Քեզ նմանեցնելով:
Ամեն:

Եր. Էլենա Գուերրա

 

Տեր Հիսուս, Քեզ եմ վստահում

Տեր Հիսուս,
Դու ինձնից միայն ակնկալում ես,
որ հավատամ Քեզ, որ վստահեմ Քեզ,
որ չվախենամ կյանքի փոթորիկներից։
Դու ինձ ասում ես,
որ Դու իմ կյանքում ներկա ես, ի՛նչ էլ որ պատահի։
Եվ ես գիտակից եմ դրան։ Զգում եմ, որ ներկա ես։ …
Եվ սակայն, Քեզ վստահելը այնքան էլ հեշտ չէ,
ու բնավ չի ստացվում ինքնաբերաբար։
Բայց Դու պնդում ես եւ ինձ ասում ես,
որ եթե չվստահեմ Քեզ,
չեմ կարողանա երբևէ սիրել Քեզ։
Դու շատ լավ գիտես, Տեր իմ,
թե որքա՜ն ջանք է պահանջում ինձնից
ոստում կատարելը հավատքի մթության մեջ,
հանձնելը ինձ Քեզ, ամբողջովին,
փակ աչքերով ու լիովին խաղաղ սրտով։
Դու շատ լավ գիտես սա, Տեր իմ,
և սրա համար է, որ շշնջում ես սրտիս ականջին.
«Զավակս, վստահիր ինձ։
Ես ներկա եմ և կփրկեմ քեզ։
Մի՛ վախեցիր։
Նույնիսկ եթե նավակդ չդիմանա փոթորկին,
նույնիսկ եթե սուզվես,
քարաբեկորի նման ընկղմվես կյանքի կոհակների տակ,
ես քո հետ եմ լինելու, միշտ։
Երբեք չեմ թողնելու քեզ մենակ։
Ես այնտեղ եմ լինելու.
քո ծովի ամենախորին հատակին,
քո վախերի ամենախավար անդնդի խորքում,
ամենակործանարար հուսահատություններիցդ յուրաքանչյուրի վերջում,
ես հենց այնտեղ եմ։
Քո սպիտակ ծովափն եմ մայրամուտին,
քո անսահմանափակ հորիզոնն եմ,
քո Կիրակին եմ, քո Հացն եմ։
Վստահիր ինձ։
Եվ կկարողանաս սիրել ինձ ընդմիշտ»։
Տեր Հիսուս, ես վստահում եմ Քեզ։
Ամեն։

 

Օգնիր ինձ, Տեր

Կյանքն իմ առջևում է, Տեր,
հրապուրիչ պտուղի նման,
բայց հաճախ կյանքն ինձ վախեցնում է,
որովհետև նրա պտուղները քաղելու համար
հարկավոր է դուրս գալ տնից,
քայլել Ճանապարհի երկայնքին,
քայլել, քայլել տակավին,
բայց ճանապարհների երկայնքին, որոնք լի են դարձվածքներով,
և հնարավորություն չեն տալիս մեր առջևում նկատելու
ո՛չ տեսարանը, որ սպասում է մեզ,
ո՛չ ծածուկ խոչընդոտը,
ո՛չ դեպի մեզ երկարող ձեռքերը,
կամ դեմքերը, որ ուրիշ կողմ են դառնում։

Ճանապարհ ընկնել, մեկնել, ո՜վ Տեր,
խանդավառող արկածախնդրություն է:
Կյանքի կամքն ու փափաքն ունեմ …
բայց, հաճախ, վախն ունեմ:

Վախն ունեմ մտնելու, վաղը, այն հսկայական շինհրապարակից ներս,
ուր քրտինք է թափում աշխարհը կառուցողների բազմությունը:
Մի տեղ կգտնե՞մ այնտեղ:
Բազմաթի՜վ նոր ձեռքեր մնում են անգործ
ու բազմաթի՜վ ընդունակ ուղեղներ
սպասում են աշխատելու:

Վախն ունեմ այս խորհրդավոր աշխարհի,
որ հմայում է ինձ և սարսափեցնում է ինձ,
որովհետև լսում եմ ծիծաղի պոռթկումները
և տեսնում եմ հաճույքները,
որ հեռվից աչքով են անում,
բայց լսում եմ նաև
մարդկային տառապանքների անծայրածիր գոչյունը
և այդ աղաղակները տհաճ են ինձ,
որովհետև դրանք լռեցնել ես չեմ կարող:

Վախենում եմ այս սիրուց,
որ արշալույսի կենսուրախության մեջ
նույնքան, որքան գիշերվա դատարկության մեջ
իմ ամբողջ էությամբ փափաքում եմ:
Խորհրդավոր ուժ, որ տարածվում է ամբողջ սրտովս մեկ
և այնտեղից առատորեն հեղվում է մարմնիցս դուրս:
Մտահալած փափաք, երբ երկարում են օրերը,
վերջապես հանդիպելու մի դեմքի,
մի դեմք, որ ճանաչեմ և որ ճանաչի ինձ
որպես միակ փնտրվածը:
Ծարավ՝ շոյելու այդ դեմքն իմ հայացքով,
քնքշությամբ ձեռքերիս ափերի մեջ ամփոփելու,
մի պահ հետո իր շուրթերը համտեսելու
և իմ շուրթերը համտեսել տալու համար:
Արդեն իսկ ծարավ, որ մեր այս սերը
մի օր դառնա մարմին,
ու արձակի մի ճիչ,
ճիչը նորածին կյանքի,
երբ սերը տալիս է իր պտուղը:

Ես փափաքում եմ, բայց վախենում եմ, Տեր:
Բազմաթի՜վ սերեր ձախողվեցին աչքիս առաջ,
երջանկության խաբկանքներ,
օճառի պղպջակներ, որ պայթում են:
Դժվարությամբ հառաջ քայլող բազմաթի՜վ սերեր,
շարունակ վտանգի մատնված:
Ընկերներիս բազմաթի՜վ զույգեր,
որ կարծում էին իրենց ընդմիշտ միացած,
բայց այսքա՜ն շուտով միմյանցից հեռացան:

Այո՛, վախն ունեմ, Տեր,
և քաջությունն ունեմ ընդունելու սա,
և քաջությունն ունեմ Քեզ պատմելու:
Եվ եթե այսօր փակում եմ աչքերս,
առջևս ընկած ճանապարհին Դիտել մերժելու համար չէ,
այլ՝ հանդիպելու համար Քեզ, աղոթելու համար Քեզ,
որովհետև կյանքի փափաքն ունեմ, Տեր,
փափաքն ունեմ, և վստահում եմ Քեզ:

Ա՜հ, Աստված իմ,
այնպես արա, որ ես երբեք չմոռանամ
երախտագիտությունս հայտնել Քեզ կյանքիս համար:
Որովհետև կյանքը Քոնն է,
Դու Հայրն ես և Հայրն ես ամբողջ կյանքի,
Դու կամեցար ինձ իբրև որդի,
որդի, որ ծնվել է Բերկրանքի համար:

Տուր ինձ մարդ լինելու պարծանքը,
ոտքի կանգնած մարդ, ինչպես որ Դու կամենում ես,
որ Քեզնից ընդունում է հրաշալի առաքելությունը՝
ինքնուրույն կազմավորվելու,
վեր խոյանալու, աճելու,
արժեքներով հարուստ և ազատ քայլելու համար
այս ճանապարհով, որ իմ առջևում է:

Պարգևիր ինձ շնորհն՝ ընդունելու կյանքը
ամբողջ սրտով, բազուկներիս ամբողջ կարողությամբ,
որովհետև ծնողներս կյանքն ավանդեցին ինձ սիրով,
նույնիսկ եթե դա սեր էր թերևս տկար ու դյուրաբեկ,
և ես պատասխանատու եմ այս կյանքի համար,
որովհետև այն ինձ պարգևել են:

Օգնիր ինձ երբեք չմսխել կյանքս,
կյանքը մարմնի, որ աճում է,
և հոգու, որ ցրվում է:
Եվ որպեսզի չհափշտակեմ կյանքն ուրիշների,
այլ միմիայն ընդունեմ, փարվեմ,
երբ ուրիշներն այն նվիրում են ինձ:
Եվ որպեսզի այն փակ չպահեմ սրտիցս ներս,
փոխանակ նվիրելու մերձավորներիս, որոնք զուրկ են նրանից,
քանի դեռ այն չեմ կիսում նրանց հետ:
Հեղիր իմ մեջ Քեզ մշտապես փնտրելու փափաքը,
Քեզ հանդիպելու, Քեզ ճանաչելու և Քեզ սիրելու համար,
և Քո հետ դառնալու համար այն մտերիմ ընկերը, որ Դու փափաքում ես,
ընդունելով Քո Կյանքը իմ կյանքի մեջ,
որպեսզի իմ ծաղիկներն ու իմ պտուղները
լինեն նաև Քոնը, իմը լինելուց բացի:

Օգնիր ինձ քայլել առանց ցանկանալու իմանալ,
թե յուրաքանչյուր դարձվածքի ետևում
ի՛նչ է ինձ վերապահում Ճանապարհը.
ո՛չ թե միտքս ամպերի մեջ,
այլ՝ ոտքերս գետնին ամուր դրած,
իսկ ձեռքս՝ Քո ձեռքին տված:

Այսպես, Տեր, տնից դուրս կգամ վստահ ու զուարթ
և անվախ կընթանամ անհայտ Ճանապարհով,
որովհետև կյանքն իմ առջևում է,
բայց Դու իմ հետ ես քայլում:

Հայր Միշել Քուասթ

 

Օգնիր ինձ, Հիսուս

Օգնիր ինձ, Տեր,
օգնիր մեղմել ձայնս, երբ խոսում եմ.
օգնիր գտնել լռությունը, իմ մեջ և ինձնից դուրս.
օգնիր լսել շշուկով ասված խոսքերը.
օգնիր զգալ հազիվ բացված ծաղկի բույրը.
օգնիր զանազանել բարին չարից.
օգնիր բարի խոսքեր ասելու, մի՛շտ.
օգնիր օրհնելու, չարախոսելու ու անիծելու փոխարեն.
օգնիր խորապես հասկանալ մարդկանց սրտերում թաքնված երազներն ու փափաքները.
օգնիր ծունկի գալու Քո Սուրբ Մարմնի առաջ.
օգնիր լինելու մի մարդ, որի ձեռքերը կոպտացել են աշխատանքից, բայց որի սիրտը փափկել է սիրուց.
օգնիր տեսնել և միշտ ընդունել սխալներս.
օգնիր կյանքիցս իսպառ ջնջել հպարտությունն ու գոռոզությունը.
օգնիր ամեն օր կրել իմ խաչը.
օգնիր ճանաչել Քեզ յուրաքանչյուր մարդու դեմքում.
օգնիր սիրել կնոջս (* ամուսնուս) հավիտենական և միշտ նոր սիրով.
օգնիր հասկանալ և ընդունել, որ զավակներս ինձ պատկանող ապրանք չեն.
օգնիր ամենուր լինել Քո բերկրանքի արտահայտությունը.
օգնիր ինձ, Տեր, միշտ ճանաչելու Քո ձայնը։
Ամեն։

 

Աղոթք ընտանիքի համար

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ:
Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին:
Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի:
Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով:
Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք:
Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝
փառք տալով Հորը, Որդուն և Ս. Հոգուն: Ամեն

 

Հիսուս, ամրապնդիր իմ սերը

Տեր իմ Հիսուս, Դու կանչել ես մեզ ապրելու սիրո մեջ։
Խոնարհ սրտով խոստովանում եմ, որ իմ սերը շա՜տ տկար է։
Բժշկիր անձս սիրո պակասի պատճառով ստացածս վերքերից, մեղքերից,
որոնք խոչընդոտում են սրտիս սլացքը և թույլ չեն տալիս սիրել Քեզ ամեն ինչից գերիվեր։
Բժշկիր հոգիս երիտասարդությանս օրերին կուտակածս բոլոր բեռներից։
Այնպես արա, որ սիրո հուրը հեռացնի ինձնից խավարը ու հալեցնի չարի սառույցը։
Զորավոր դարձրու իմ սերը, որպեսզի կարողանա ամբողջ սրտով սիրել յուրաքանչյուր մարդու,
նաև նրանց, ովքեր ինչ որ կերպ վիրավորել կամ վշտացրել են ինձ։
Ներիր ինձ այն նախանձի համար, որով անտանելի եմ դարձրել իմ և ուրիշների կյանքը։
Այնպես արա, որ Քո հանդեպ վստահության շնորհը հեռացնի ինձնից
ամեն տեսակ անվստահություններն ու վախի բոլոր աղբյուրները։
Բժշկիր ինձ թերահավատությունիցս, որն արտահայտում եմ
խոսքերիս, մտքերիս, գործերիս ընդմիջով։
Հիսուս, բժշկիր սերը իմ ընտանիքում,
որպեսզի նմանվի Քո Սուրբ Ընտանիքում տիրող սիրույն։
Բժշկիր սերը ամուսինների միջև, զավակների ու ծնողների միջև։
Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց, որ ապրում են այս աշխարհում։
Ամեն։