Մխիթար Սեբաստացու սրբադասման վերաբացումը
Երեքշաբթի, սեպտեմբերի 8-ին, Աստվածածնա ծննդյան տոնի ու Մխիթարյան միաբանության 320-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության հիմնադիր՝ Աստծո Ծառա Մխիթար Սեբաստացի աբբահոր երանացման ու սրբադասման դատի վերաբացման արարողությունը:
Արարողությունը տեղի ունեցավ Վենետիկի սբ. Մարտին եկեղեցում (San Martino), նախագահությամբ Վենետիկի Պատրիարք՝ Գերպ. Տ. Փրանկչեսկո Մորալիայի: Արարողության ընթացքում տեղի ունեցավ նաև պաշտոնական տեսուչների երդման ծիսակարգը, այդ թվում՝ Պատրիարքի, պրոֆեսոր հ. Բենեդիկ Էժեհի, պրոֆեսոր հ. Պիերպաոլո Դալ Կորսոի, դոկտ. Վ. Ջակոմելլիի, դոկտ. Ա. Ջակոմելլիի և դատի փաստաբան՝ դոկտ. Վ. Կարախանյանի: Արարողությանը ներկա էին Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Գերպ. Տ. Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, մխիթարյան հայրերը և այլ կրոնական ու քաղաքացիական իշխանության ներկայացուցիչներ:
Մխիթար Սեբաստացին (7.2.1676, Սեբաստիա – 27.4.1749, Վենետիկ, ամփոփված է Ս. Ղազար կղզում), գիտամշակութային, եկեղեցական, հասարակական գործիչ է, Մխիթարյան միաբանության հիմնադիրը:
Քսան տարեկանում հղացել է հոգևոր նոր միաբանություն հիմնելու գաղափարը. նպատակն էր աջակցել ազգի հոգևոր և իմացական վերելքին, ծավալել ուսումնակրթ., գիտ. և մշակութ. գործունեություն: 1700-ին Կ. Պոլսում, դավան. հակամարտությունների այդ կենտրոնում, Մ. Ս. իր շուրջն է համախմբել 8 աշակերտի և գաղտնի կաթոլիկություն քարոզել նրանց, հիմնել իր վանական միաբանությունը և հրատարակել կրոն. բնույթի 4 գիրք:
Դավան. հալածանքներից խույս տալու համար նա երկու տարի անց միաբանությունը տեղափոխել է Եվրոպա՝ Վենետիկի հասարակապետության տիրապետության ներքո գտնվող Մեթոն բերդաքաղաքը: Կրելով բազում դժվարություններ՝ Մեթոնում կառուցել է առաջին հայկ. եկեղեցին: 1712-ին Հռոմի պապը վավերացրել է միաբանության սահմանադրությունը, որի հիմքում դրվել են Բենեդիկտոսի կանոնները, իսկ Մ. Ս-ուն շնորհել է «աբբահայր» տիտղոս:
1717-ին Ծերակույտի հրովարտակով Մխիթարյան միաբանությանը շնորհվել է քաղաքամերձ Ս. Ղազար կղզին: 1717-ի սեպտեմբերի 8-ին Մ. Ս. իր 16 աշակերտներով ոտք է դրել բորոտների այդ բուժարանը, որը շուտով դարձել է հայաշունչ մենաստան: Այստեղ նրա բազմարդյուն գործունեությունը տվել է իր պտուղները: Ս. Ղազարում կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, որին ինքը «համալսարան» է կոչել: Ուս. ծրագրերի հիմքում դրել է աստվածաբանությունը, միաժամանակ աշակերտներին տվել բազմակողմանի կրթություն: Մ. Ս. հիմնել է մատենադարան, դրել հայ հին ձեռագրերի հավաքման և ուսումնասիրման սկիզբը, կազմել դասագրքեր: Մ. Ս. հրատարակել է շուրջ 50 հատոր գիրք (14-ը՝ ինքնագիր), որոնց մեծ մասը կոչված էր քարոզելու քրիստ. վարդապետությունը:
Քարոզներում նա շարունակ եղբայրության ու խաղաղության կոչ է արել, մերժել կրոն. երկպառակությունը հայոց մեջ, իր հրատարակած գրքերի տիտղոսաթերթերի վրա միշտ նշել տվյալ ժամանակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, կտրականապես դեմ եղել կաթոլիկ հայերի առանձին կաթողիկոսություն ունենալուն: Մ. Ս. իր կազմակերպ. ջանքերի շնորհիվ կարողացել է շարունակելի դարձնել միաբանությունը: Պատահական չէ, որ դեռ կենդանության օրոք նրան կնքել են «Երկրորդ Լուսավորիչ ազգիս», «Երկրորդ Մեսրոպ» և նմանօրինակ այլ անուններով: Մահվանից հետո միաբանությունը կոչել են նրա անունով, սկսած գործը շարունակել աշակերտները: Նրանք ընդարձակել ու խորացրել են իրենց ուսուցչապետի ազգօգուտ ծրագիրը՝ երեք դար շարունակ հաստատ պահելով «Մխիթարի տան» ավանդույթները:
Թողնել պատասխան