Զանազան աղոթքներ

 

Մայր Թերեզայի աղոթքը
Ասված իմ, երբ ես սոված եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ կերակրել, իսկ երբ ես ուզում եմ խմել, ուղարկիր ինձ նրան, ում կարող եմ ջուր տալ: Երբ ինձ համար ցուրտ է, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ ջերմացնել, երբ ես թախծում եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ մխիթարել: Իսկ երբ իմ խաչը շատ ծանր լինի  եւ ես չկարողանամ տանել այն, երբ ինձ օգնական անհրաժեշտ լինի, իսկ կողքիս ոչ ոք չլինի, թեթեւացրու իմ ծանր խաչը, եւ տուր ինձ ինչ որ մեկին, ով արժանի է սիրո, ինչպես ես, տուր ինձ ինչ որ մեկին, ում ես կարող եմ ծառայել: Երբ ինձ ժամանակ անհրաժեշտ լինի, թույլ տուր ինձ նստել ինչ որ մեկի կողքին, իսկ երբ սրտումս ծանրություն լինի, գտիր ինձ համար մեկին, ում ես կստիպեմ ժպտալ: Երբ ինձ օգնություն անհրաժեշտ լինի, ցույց տուր ինձ նրան, ում մասին ես կարող եմ հոգ տանել: Երբ ես մտածեմ միայն իմ մասին, իմ մտքերը թող լինեն միայն նրանց մասին, ովքեր բարի են: Երբ ես աղքատանամ, ուղարկիր ինձ կարիքավորներին: Երբ իմ աչքերը դադարեն տեսնել այն, ինչ սուրբ է, թույլ տուր ինձ տեսնել Քրիստոսին յուրաքանչյուրի աչքերում, ում ես կերակրում եմ …

Մայր Թերեզա

Արժանացրու ինձ լինել Քո խաղաղության գործիքը
Տեր իմ, արժանացրու ինձ լինել Քո խաղաղության գործիքը.
Որպեսզի սեր բերեմ այնտեղ, որտեղ ատելությունն է,
Որպեսզի ներեմ, երբ վիրավորում են,
Որպեսզի հաշտեցնեմ, երբ վիճում են,
Որպեսզի ասեմ ճշմարտությունը մոլորության ժամին,
Որպեսզի ամրապնդեմ հավատը, երբ կա կասկած,
Որպեսզի հույս արթնացնեմ, երբ հուսահատությունն է տիրում,
Որպեսզի լույս բերեմ այնտեղ, որտեղ մութ է,
Որպեսզի ուրախություն բերեմ այնտեղ, որտեղ կա վիշտ:
Տեր իմ, արժանացրու, որ ոչ թե ինձ սփոփեն, այլ ես սփոփեմ,
Ոչ թե ինչ հասկանան, այլ ես հասկանամ,
Ոչ թե ինձ սիրեն, այլ ես սիրեմ,
Քանզի ով տալիս է, նա ստանում է,
Ով իրեն մոռանում է, նա ձեռք է բերում,
Ով ներում է, նրան ներվում է,
Ով մահանում է, արթնանում է հավիտենական կյանքում:

Մայր Թերեզա

 

Ուժ ամեն օրվա համար
Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ եւ տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու՛ ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու՛ ինձ հետեւողական եւ պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների եւ փորձի առջեւ, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրի՛ր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին եւ ապա՝ երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն եւ զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ եւ չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը ողջ ընթացքով, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնի՛ր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, եւ ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնի՛ր ինձ լինել այստեղ եւ հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարեւորն ու գլխավորը: Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տու՛ր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները եւ անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում: Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկի՛ր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տու՛ր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի եւ քնքուշ այդ նվերին: Դարձրու՛ ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքեւում են: Պահպանի՛ր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տու՛ր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Անտուան Դ՛ը Սենտ Էքզյուպերի

 

Սուրբ Հաղորդություն ստանալուց հետո

Դու, որ մեր տկար բնության փորձառությունը ունեցար, ո՜վ մեր քահանայապետ Հիսուս, Քեզ ենք նայում: Դու, որ մեզ համար մեղքի պատարագ եղար, որպեսզի մենք քեզ համար արդար լինենք, Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք քեզ համար երկնավոր լինենք, Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք Քեզ ճաշակելով սրբվենք, տո՛ւր վշտերով լեցուն քո մարմինը, որպեսզի բոլոր սրտերը քեզ ճաշակեն եւ սրբվեն: Մատռվակի՛ր վտակի պես կաթկթող քո անմեղ արյունը, որպեսզի մարդիկ անմեղությամբ հագենան: Երկարի՛ր փրկարար խաչդ` այս աշխարհի ծովում լողացողներիս, մեզ վեր` դեպի Քեզ բարձրացնելու համար: Շնորհքի կարոտ ենք, սփռի՜ր, հոգնած ենք մեղանչելուց, քավի՛ր, խավարի մեջ ենք խարխափում, ճառագայթի՛ր. մեր հավատքից տապալվել ենք, հաստատի՛ր:
Դո՛ւ ես հույսը, Դո՛ւ ես լույսը, Դո՛ւ ես կյանքը, Դո՛ւ ես քավությունը, Դու ինքդ ես անմահությունը, Քե՛զ ենք սպասում, քո շնորհի կռթնածներս, Քեզնից փրկություն ստանալու կարոտ ենք Քո մարմնին միացածներս: Քե՛զ որպես քավիչ քահանա ունենք. մենք` Քո արյունով գնված հոտդ:
Նայի՛ր բոլորիս, սփոփիր մեր տարակուսանքները Քո փրկագործությամբ, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունները Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնած հոգիները Քո օթեւանների մեջ, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, եւ նույնը մեզ խոստացար: Եվ արժանացրո՛ւ մեզ` քեզ պատկանողներիս, որ փառավորենք Քեզ, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին` հավիտյանս հավիտենից. Ամեն:

Ներսես Լամբրոնացի

 

Մոր աղոթքը

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգեւեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետեւ Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով եւ վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ:

Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ եւ երեխաներիս դաստիարակության գործում երբեւէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով եւ թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Մի զրկիր նրանց հանապազորյա հացից, այլ պարգեւիր նրանց ամեն անհրաժեշտն իր ժամանակին, եւ ինչ էլ որ պարգեւես, թող հավիտենական կյանքի համար գործածեն:

Եվ եթե մեղանչեն Քո առաջ, քանի որ մարդ են՝ մեղանչական բնույթով՝ ողորմած եղիր նրանց հանդեպ: Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները: Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին եւ հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ եւ պահպանի նրանց ամեն դժբախտությունից եւ չար ճանապարհից:

Բարերար Աստված, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում եւ լինեն հենարանն իմ ծերության:

Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու. «Ահա ես եւ իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»:

Եվ նրանց հետ միասնաբար փառավորենք անճառելի բարությունդ, հավերժական սերդ եւ սուրբ անունդ հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

Աղոթք ընտանիքի համար

Սիրող եւ ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին: Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի: Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով: Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք: Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով Հորը, Որդուն եւ Ս. Հոգուն. ամեն:

 

Չարի հնարքների դեմ աղոթք

Շնորհատու՛ բարիքների, Տե՜ր, աղաչում եմ Քեզ, փարատի՜ր մեր սրտերի աղջամուղջը եւ հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները. պահպանի՜ր բանսարկուի պատրանքներից եւ շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ, հավիտեանս հավիտենից: Ամեն:

 

Ճանապարհի համար

Առաջնորդ կյանքի եւ ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, Մովսեսին` Սինա լեռը եւ ժողովրդին` ավետյաց երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ եւ մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երեւելի ու աներեւույթ թշնամիներից եւ խաղաղությամբ առաջնորդիր այնտեղ, ուր գնում ենք, քանի որ դու ես Ճանապարհը, Ճշմարտությունը եւ Կյանքը, եւ քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Բժշկության աղոթք

Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը եւ բժշկիր : Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները եւ դատապարտեցիր մեր թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին եւ ազատում հիվանդություններից. ամեն:

 

Զինվորի աղոթք

Ամենակարող Տե´ր Հիսուս Քրիստոս, Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ, Տուր ինձ վճռականություն սուրբ Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու: Քո հոգեւոր սպառազինությամբ դարձրու ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր: Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու եւ պահպանիր զինակիցներիս, հրամանատարներիս ու ինձ: Քո Սուրբ Աջի եւ բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց: Եվ Քեզ փառք Հոր եւ Սուրբ Հոգու հետ. ամեն:

 

Աղոթք խաղաղության համար

Քո խաղաղությամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խոսքերից, զորացրու մեզ եւ աներկյուղ պահիր ամեն տեսակի չարից։ Մեզ հավասարեցրու Քո ճշմարիտ երկրպագողներին, որոնք հոգով եւ ճշմարտությամբ կերկրպագեն Քեզ։ Որովհետեւ Ամենասուրբ Երրորդությանդ վայել են փառքը, իշխանությունը եւ պատիվը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգեւում: Պարգեւիր նաեւ Քո խաղաղությունը համայն արարածներիդ եւ հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երեւելի ու աներեւույթ բոլոր թշնամիներից. ամեն:

 

Աղոթք թշնամիների համար 

Արդ, ո՜վ ողորմած եւ բազմագութ Աստված իմ Հիսուս Քրիստոս, իմ հարազատների եւ բարեկամների համար բարիքներ եւ ողորմություն խնդրեցի Քեզանից, ինչպես որ հարկն է, եւ պահանջում է մեր բնության օրենքը: Այժմ աղաչում եմ Քեզ նաեւ իմ թշնամիների համար, ինչպես որ Դո՛ւ ասացիր օրհնյալ բերանովդ, թե՝ «Բարի՛ք գործեք ձեզ ատողներին»: Ուրեմն, ընկնելով Քո առաջ, խնդրում եմ ամենառատ ողորմությունիցդ, որ ողորմես նաեւ իմ բոլոր թշնամիներին եւ ատողներին, չարակամներին ու վնասատուներին եւ բոլոր մյուսներին, ովքեր Քո ծառայի հանդեպ չարն են խորհում, խոսում, գործում եւ կամենում գործել, ովքեր բամբասում, վատաբանում եւ հայհոյում են ինձ՝ թե՛ իրավամբ եւ թե՛ անիրաւամբ, մի՛ բարկացիր, Տե՛ր իմ, նրանց վրա իմ պատճառով, այլ ների՛ր եւ թողությո՛ւն տուր նրանց մեղքերին:

Քանզի նրանք մեղանչում են իմ հանդեպ, որովհետեւ հիրավի մեղավոր եմ եւ արժանի ամենայն բամբասանքի ու նախատինքի: Ես մեղանչում եմ Քո հանդեպ, որ արդար ես ամեն ինչում եւ միշտ բարերար իմ հանդէպ: Ուրեմն, եթե նրանք արժանի են Քո բարկությանը, ապա ես բյուրապատի՛կ բարկության որդի եմ եւ պատժի արժանի, քան նրանք:

Այս պատճառով աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ, որ բոլոր բարիքների աղբյուր ես եւ անհուն ողորմության ծով, որ ողորմես նրանց եւ ինձ՝ նրանց հետ, եւ ներես իմ հանդեպ [ունեցած] բոլոր սխալները եւ ետ դարձնես նրանց չարից՝ փոխարկելով բարու: Որպեսզի ամենքս զգաստանալով ընթանանք ըստ Քո կամքի եւ փառք վերառաքենք Քեզ Հոր եւ Սուրբ Հոգուդ այժմ եւ միշտ եւ հավիտեանս հավիտենից. ամեն:

 

Երիտասարդի աղոթք

Տէ՛ր Աստուած իմ, հզօր եւ գթած, Դու, որ անսահման սիրով ինձ ոչնչից ստեղծեցիր Քո անիմանալի պատկերով ու բարի պարգեւներով հոգում ես իմ բոլոր կարիքները, ամբողջ սրտով շնորհակալութիւն եմ յայտնում Քեզ ամէն բանի համար, որ տուեցիր ինձ ծննդեանս օրուանից մինչեւ այսօր։ Բայց, որովհետեւ մարդկային հանցանքների բերումով տկար ու սխալ վիճակ ունեմ, աղաչում եմ Քեզ, տուր ինձ շնորհք, իմաստութիւն ու Քո զօրութիւնը, որպէսզի կարողանամ միշտ Քո պատուիրանների փրկարար ճանապարհով կամքիդ համաձայն քայլել, զերծ մնալ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից եւ փորձանքներից, մարդկային սխալներից, ցանկութիւններից ու քմահաճոյքներից։Դրոշմի՛ր հոգուս մէջ Քո երկիւղը, որպէսզի Քե՛զ ունենալով մտքիս մէջ ապրեմ մաքրութեամբ ու արդարութեամբ։ Իմ կամքը զօրացրու, որպէսզի բարին գործեմ, ուղղի՛ր իմ խօսքերը, որպէսզի միշտ լաւն ու գեղեցիկը ընտրեմ։ Մի՛ մատնիր իմ տկար անձը այս աշխարհի փորձանքներին ու տագնապներին։ Սրտիս մէջ սերմանիր բոլոր առաքինութիւնների ծիլերը, որպէսզի ապրեմ արդարօրէն եւ մաքուր կեանքով։
Օրհնի՛ր, Տէր Աստուած, որ միշտ խոնարհ լինեմ, վարքով՝ հեզ եւ համեստ, ճշմարտախօս՝ խօսքով ու գործով,, ուրիշին չվնասեմ, այլ հաւատարիմ եւ աշխատասէր լինեմ պարտականութիւններիս կատարման մէջ։
Քո անհուն բարութեամբ օգտակար եղիր իմ հոգեւոր ու մարմնաւոր կարիքներին։ Թոյլ տուր, որ միշտ շնորհակալութիւն յայտնեմ Քեզ տուածդ պարգեւների համար եւ բաւարարուեմ իմ վիճակով ու պայմաններով։ Հեռո՛ւ պահիր ինձ ծուլութիւնից եւ պարապութիւնից։ Փրկի՛ր ինձ չար ընկերներից, բոլոր վտանգներից եւ փորձութիւններից։ Ընդունի՛ր իմ խնդրանքը հօրս եւ մօրս, եղբայրներիս ու քոյրերիս, ամբողջ ընտանիքիս եւ բարեկամներիս, ինչպէս նաեւ բոլոր մարդկանց համար, յիշիր նրանց Քո սիրով եւ առատօրէն բաշխիր Քո բարի պարգեւները, թէ՛ այստեղ եւ թէ՛ յաւիտենական կեանքում, որովհետեւ Քո՛նն են փառքը, պատիւն ու իշխանութիւնը յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
Զարեհ Արք․ Ազնավորյան

Զինվորի մոր աղոթքը

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՝ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը որդուս (անունը), որ այժմ ծառայում է Հայոց բանակում։ Մարդասեր Տեր, նախ խնդրում եմ ներիր նրա կամա եւ ակամա մեղքերը, որ գործել է Քո առջեւ, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։ Այժմ տուր նրան խոհեմություն եւ իմաստություն, որ բարին եւ օգտակարը կարողանա ընտրել եւ քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից եւ դիվական ազդեցություններից։ Շնորհիր որդուս քաջառողջություն եւ հնազանդություն իր հրամանատարական անձնակազմին եւ զինվորական կարգ ու կանոնին, իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։ Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զինվորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գեւորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ. ամեն։

 

Աղօթքը ճանապարհի համար

Առաջնո՛րդ կեանքի, ճանապա՛րհ ճշմարտութեան, Տէ՛ր մեր Յիսուս Քրիստոս, որ առաջնորդեցիր Յովսէփին Եգիպտոս, իսրայէլցիներին՝ Կարմիր ծովի միջով, Մովսէսին՝ դէպի Սինա լեռը, [Իսրայէլի] ժողովուրդին՝ աւետեաց երկիր եւ Կղէովպասենց ուղեկցեցիր Էմմաուս, աղաչում եմ Քեզ, Տէ՛ր, առաջնորդի՛ր նաեւ ինձ եւ իմ եղբայրներին՝ խաղաղութեամբ գնալու առաջիկայ ընթացքը, փրկի՛ր երեւելի եւ աներեւոյթ թշնամուց եւ բարի՛ առաջնորդիր նպատակավայրը հասնելու համար: Քանզի Դո՛ւ ես մեր ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը, եւ Քեզ փա՜ռք եւ երկրպագութի՜ւն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Յովհաննես Գառնեցի

Աղոթք ընդդեմ դեւերի

Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, որ քննում ես սրտերն ու երիկամները, երկնքի քո սրբությունից նայիր եւ տես եղկելիիս տարակուսած հոգին: Հանցանքներից ազատիր պարտականիս եւ մեղքերից մաքրիր բազմամեղիս: Քո աչքից մի՛ գցիր ինձ, Տե՛ր, եւ իզուր մի՛ խփիր ինձ հանցանքներիս համար: Արդ, աղաչում եմ քեզ, Տե՛ր, իմ վախճանի օրը ըստ արժանվույն արա, եւ խաղաղության հրեշտակ առաքիր ինձ` ծառայիդ, իմ հոգեվարքը թեթեւ արա եւ իմ հոգին խաղաղությամբ անցկացրու չարությունից դեւերի, որ կան երկնի ներքո: Թող խավարեն նրանց աչքերը, որ չտեսնեն, եւ կործանի՛ր  նրանց  չարությունը,  Տե՛ր:  Քո սրտի  սաստիկ  վրդովմունքով,  Տե՛ր,  թող սպառվեն  նրանց  սպառնալիքները,  բռնվի նրանց զարհուրանքը, գանահարվի նրանց ընթացքը, բռնվի նրանց բռնությունը, խափանվեն  նրանց  չար  խորհուրդները,  տոչորվեն նրանց տարափները, ջարդվեն նրանց խմբերը, կռփահարվեն նրանց գանգերը, ջնջվեն նրանց ջանքերը, եւ ջարդվեն բանակները, զարհուրեն զորքերը, մարեն շշունջները, պարտվեն պատերազմները, հարձակումները քարանան, անարգվեն զենքերը, աղարտվեն աղաղակները, մանրանան գործիքները, սպառվի սպառազինությունը, ցասումն իջնի, մեկնազենները մորմոքեն, ամբարտավանությունը ամաչի, քաջերն արհամարհվեն, լրբությունները լլկվեն, եւ նրանց ամբողջ միաբանությունը մարդասպանի հետ միանգամից ցրվի: Ա՛ռ քո զենքն ու ասպարը եւ հասիր օգնելու վտանգվածիս, հանիր քո սուրը եւ նրանց հեռացրու ինձնից, Տե՛ր իմ եւ Աստված իմ, զորությո՛ւն տուր քո ծառային, որ թշնամին չասի` հաղթեցի նրան: Ինձ բարության նշան արա քո խաչի նշանով, Տե՛ր, խոցոտիր նրանց սուր մեխերով, կոտրի՛ր նրանց բանակը, կարմիր քղամիդով ըմբերանիր նրանց, ապա եղեգնի հարվածներով գանահարիր նրանց, փշե պսակով նետահարիր նրանց, լեղիով ու քացախով, որ խմեցիր, կսկծեցրու նրանց, սուրբ արյանդ բխումով հերքի՛ր նրանց բազմությունը, քո սոսկալի չարչարանքով չարչարիր նրանց, «Էլի, Էլի» ձայնով հրդեհի՛ր նրանց, տեգով, որով խոցվեցիր, հեռացրու նրանց եւ ուրիշ տնօրինական տանջանքներով կործանի՛ր Բելիարին եւ նրանց ամբողջ չարությունը: Եվ ինձ` քո ծառային, Տե՛ր, անդրդվելի ու անդողալի պահիր նրանց երկյուղից, եւ նրանց բոլոր պատրանքներից ամրացրո՛ւ երեւելիների ու աներեւույթների մեջ, որ քեզնով պահպանված ու պարսպված` փառավորեմ տերությունդ հավիտյանս հավիտենից. ամեն:

Յովհաննես Գառնեցի

 

Աղոթք դժվարածին կանանց համար

Ով մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս՝ բարձրյալ եւ մեծ, անայլայլելի, անփոփոխելի եւ մշտնջենավոր. դու, որ երկնքից իջար եւ Սուրբ Հոգու միջոցով սուրբ Կույս Մարիամից ծնվեցիր եւ քո Աստվածությամբ սրբեցիր նախահոր հանցանքի հետեւանքը՝ մեղքով ապականված մեր բնությունը, որով կանացի բնությունը ցավերով եւ տրտմությամբ զավակ ծնելու անեծք ու պատիժ էր ստացել: Արդ աղաչում ենք քեզ, մարդասեր Թագավոր, դու, որ մեր ստեղծիչն ու նորոգողը եւ մեր հիվանդությունների բժիշկն ես, բժշկի՛ր քո (անունը) աղախնուն / ծառային: Քո սուրբ բնակությունից օգնի՛ր եւ զորացրո՛ւ նրան, որպեսզի իր զավակն ունենա եւ նրան՝ իբրեւ իր որովայնի պտուղ, Սուրբ Ավազանից ծնունդով ամեն արատներից մաքրելով՝ Քո սուրբ Եկեղեցուն ընծայի: Շնորհի՛ր, որ այս զույգը հանդարտությամբ եւ առանց փորձանքի հասնի ցանկալի ուրախության, եւ բոլոր հավատացյալ տները աճեն ու բազմանան քո փառքի համար, ո՛վ Տեր, որպես կատարում աստվածային քո խոսքի. «Աճեցե՛ք եւ բազմացե՛ք»: Այո՛, Տեր մեր Աստված, այս պահին լսիր քո անարժան ծառայի (եւ բոլոր այստեղ գտնվողների) խնդրանքը անարատ ծնողիդ՝ սուրբ Աստվածածնի եւ բոլոր սրբերիդ բարեխոսությամբ. որովհետեւ քեզ՝ Միածին Որդուդ, եւ անսկիզբ ու համագո քո Հոր եւ կենդանարար ու ամենասուրբ Հոգուդ են վայել փառքը, պատիվն ու երկրպագությունը այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն:

Մաշտոց ծիսամատյանից