Հայր Ղևոնդ Ալիշան
Այս տարի լրանում է (հուլիսի 6) նշանավոր գրող, պատմաբան, բանաստեղծ, աշխարհագետ, բանահավաք, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի (իսկական անունը՝ Քերովբե Ալիշանյան, 1820-1901) ծննդյան 200 ամյակը։
Ծնվել է Կոստանդնուպոլսում և այնտեղ էլ ստացել է նախնական կրթությունը։ 12 տարեկանում՝ 1832-ին նրան ուղարկում են Վենետիկի Սուրբ Ղազար կղզին (իր եղբոր՝ Սերովբեի և ուրիշ «բազմաթիվ ընկերներու» հետ միասին)։ Ալիշանը չորս տարի շարունակ ուսանում է վանքի դպրոցում՝ «Ընծայարանում», այնուհետև փոխադրվում է այնտեղի «բարձրագույն կրթարանը», որտեղից և սկսվում է նրա գրական ու գիտական գործունեությունը։ Նա վերցրել է Ավարայրի (451 թ. մայիսի 26)՝ հայ ժողովրդի ազգային ազատագրական ճակատամարտի պատմիչի՝ Ղևոնդի անունը, որն էլ նրան ուղեկցեց ամբողջ կյանքում։ 1838-ից Ղևոնդ Ալիշանը Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր։ Աշխատել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Ռափայելյան վարժարանում (1866-1872)՝ որպես ուսուցիչ։ 1849-1851 թթ. խմբագրել է «Բազմավեպ» հանդեսը, 1859-1861 թթ. Փարիզի Մուրադյան վարժարանում աշխատել է որպես տեսուչ։ Ղևոնդ Ալիշանը գրեթե իր ամբողջ կյանքը անցկացրեց Մխիթարյան միաբանությունում, դառնալով հայագիտության մշակներից մեկը։ Այստեղ էլ տպագրվեցին Ղ. Ալիշանի հայագիտական արժեքավոր աշխատությունները՝ «Տեղագիր հայոց մեծաց» (1855), «Շիրակ» (1881), «Սիսուան» (1885), «Այրարատ» (1890), «Սիսական» (1893) , «Հայ–Վենետ» (1896) և ուրիշ գործեր, որոնք փառք ու պատիվ բերեցին նրան։ Հայագիտության համար խիստ արժեքավոր են Ղևոնդ Ալիշանի ճամփորդական նոթերը, հատկապես այն իմաստով, որ նա ո՛չ միայն սովորական ճանապարհորդ էր, այլ հմուտ մասնագետ՝ պատմաբան, աշխարհագրագետ, հնագետ, ազգագրագետ և այդ ընթացքում բավականին հետազոտություններ է կատարել, որոնք աղբյուրագիտական հենք են ծառայել իր աշխատությունների համար։ Դրանք հայագիտական մնայուն արժեքներ են։
Մխիթարյան հայրերը ներկայացնում են հայր Ալիշանի կյանքի կարևոր դրվագները տեսահոլովակներով: Հետևեք այս էջին շարունակությունը դիտելու համար:
Մեկնաբանություններ (2)
Հրաշալի է,շնորհակալություն,կարելի է ձեր հղումներով կիսվել և ուսուցանել մեր աշակերտներին:Ես Ալիշանի անվան դպրոցի ուսուցչուհի եմ:Մենք նույնպես պատրաստվում ենք Ալիշանի մասին մեծ միջոցառում անել:Ձեր նյութերը շատ կօգնեն մեզ:
Ուրախ ենք ?
Կարող եք նաև հետևել Ալիշանին նվիրված ՖԲ էջին
https://www.facebook.com/Fr.GevondAlishan/