«Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար: Աղոթքի հետ՝ աշխատանք, առաքինության հետ՝ հայրենասիրություն, հավատքի հետ՝ գաղափարական սևեռակետ, և միշտ Հայաստան, ամեն ինչ Հայրենիքին համար, հայ ժողովուրդին համար»․ Մխիթար Սեբաստացի
Սուրբ Ղազար կղզին, նախքան հայերին անցնելը, եղել է բորոտավորների կղզի, և իր անունն էլ ստացել բորոտավորների հովանավոր Սուրբ Ղազարից: 1717-ին Վենետիկի խորհուրդը նվիրել է այն հայ վանական Մխիթարին, ով 20 հայ վարդապետների հետ տեղափոխվել է այստեղ, կառուցել վանքը՝ այն դարձնելով հայ ժողովրդի մշակութային և հոգևոր վերածննդի կենտրոն՝ կղզու տարածքն ընդլայնելով մինչև 30 000 քմ: Անգամ Նապոլեոնն իր արշավանքի ժամանակ տպավորվել է հայկական վանական համալիրով և 1797 թվականին Սուրբ Ղազարը հռչակել ակադեմիական հաստատություն՝ փրկելով այն ավերումից:
Այսօր Սուրբ Ղազար կղզում բնակվում է 12 վարդապետ և հինգ նորեկ, ովքեր էլ պահպանում են վանքի 200 հազար գքերը, 4,5 հազար հազվագյուտ ձեռագրերը և էզոտերիկ գանձերի անօրինակ հավաքածուն: Մխիթարյան միաբանության ոգին կազմում են նրա երեք գրադարանները՝ գլխավոր գրադարանը, որտեղ փայտյա գրադարակների վրա շարված են եվրոպական գրականության հազվագյուտ հատորներ բոլոր ոլորտների վերաբերյալ, Բայրոնի սենյակը և Ձեռագրերի կլոր սենյակը, ուր պահվում է հայկական ձեռագրերի կարևորագույն հավաքածուներից մեկն աշխարհում: Մխիթարյանների միաբանությունում է գտնվում նաև Հեսիոդոսի, Հովհաննես Ոսկեբերանի և Փիլոն Ալեքսանդրացու հայերեն վաղ թարգամնությունները, որոնց բնօրինակները կորսված են:
Սուրբ Ղազար կղզում հայկական եկեղեցու ներսը
Վանքի փակ պատերի ներսում է գտնվում վանականների գաղտնի պարտեզը՝ հասարակության աչքից հեռու: «Եթե սուրբ գրությունները ճիշտ են մեկնաբանվում, ապա Հայաստանում է գտնվել դրախտը»,- 1817 թվականին գրել է Լորդ Բայրոնը: «Եվ իսկապես, ամռանն այցելելով Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ կարելի է համտեսել հայ միաբանների անձնական «Եդեմից» քաղված վարդի մուրաբան։
Մխիթարյան միաբանության թանգարանի «Լորդ Բայրոնի սենյակը», ուր անգլիացի բանաստեղծը Հ. Հարություն Ավգերյանի օգնությամբ հայերեն է սովորել
Իր ստեղծման օրվանից Մխիթարյան միաբանությունը ծավալել է հայագիտական-բանասիրական և մշակութային բուռն գործունեություն: 18-րդ դարի 1-ին կեսին Մխիթարյան միաբանության հայագիտական գործունեության նշանակալից երևույթը Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» բացատրական բառարանի հրատարակումն էր: Վենետիկի Մխիթարյանների տպարանը հիմնվել է 1789-ին: Մխիթարյանների հրատարակչական գործունեությունը սերտորեն առնչվել է իրենց տպարանի աշխատանքի հետ: Առաջին տարում տպարանը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու երկերը՝ «Գիրք աղօթից» («Մատեան ողբերգութեան») և «Մեկնութիուն Երգոց երգոյն Սողովմոնի», ապա՝ Մխիթար Գոշի առակները, Ղազար Փարպեցու «Պատմութիուն Հայոց»-ը, Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք պիտոյից»-ը և բազում այլ աշխատություններ։
Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն, եվրոպական մոնումենտալ գրադարան
19-րդ դարում բեղմնավոր էր նաև Մխիթարյան միաբանության գրական-գեղարվեստական գործունեությունը, որի հիմքը դրել էր Մխիթար Սեբաստացին իր «Տաղարան» (1727) բանաստեղծությունների ժողովածուով, որը կլասիցիզմի առաջին ամբողջական դրսեվորումն է հայ գեղարվեստական գրականության մեջ: 19-րդ դարի 2-րդ կեսից կլասիցիզմին փոխարինել է ռոմանտիզմը, որի հիմնադիրը Ղ. Ալիշանն է: Մխիթար Սեբաստացու ջանքերով, նրա անձնական գրադարանի հիմքի վրա Ս. Ղազար կղզում հիմնադրվել է Վենետիկի մատենադարանը, որը սկզբում համալրվել է նվիրատվություններով, հետագայում՝ նաև գնումներով։
Վենետիկի Սուրբ Ղազար կղզին ու Մխիթարյան միաբանությունը
Մխիթարյան միաբանությունը, Վենետիկի և Վիեննայի պատմական զույգ ճյուղավորումներով, երկարատև բանակցություններից և քննարկումներից հետո Վենետիկի Սուրբ Ղազար Մայրավանքում 2000 թվականին կազմակերպել է միացյալ ընդհանուր արտակարգ ժողով, որին մասնակից երկու հաստատությունների բոլոր միաբանները որոշել են միավորվել՝ ստեղծելով Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտր. վարչությունով:
Վենետիկի Ս. Ղազար Մայրավանքը Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին է, Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը, որը պետք է ունենա տեղական աբբահայր տիտղոսը կրող մի վանահայր:
«Նարեկ»-ին առընթեր տիտղոսաթերթը
Ավետարանագիր
Մխիթարյան միաբանությունը հայ գիտամշակութային կյանքում անգնահատելի կարևոր ներդրումն է ունեցել իր պարբերական մամուլով: 1843-ից անընդմեջ Վենետիկի Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը ներկայումս հրատարակվող հայ ամենահին պարբերականն է: Վիեննայի Մխիթարյանները հրատարակել են «Եվրոպա» շաբաթաթերթը, «Հանդես ամսօրյա» ամսագիրը: Մխիթարյանների հրատարակած պարբերականներից առավել հայտնի են նաև՝ «Եղանակ բյուզանդյան», «Դիտակ բյուզանդյան», «Հայ ընտանիք»,«Մխիթարյան ընտանիք» հանդեսները:
Պետք է նշել, որ Սուրբ Ղազարը Վենետիկում միակ հայկական կետը չէ։ նմանատիպ շատ վայրեր կան, որոնք հիմնականում ստեղծվել են Վենետիկի և Կիլիկիայի առևտրականների միջև ստեղծված բարեկամական կապերի շնորհիվ։ Վենետիկում կա լավ պահպանված հայկական փողոց և Սուրբ Խաչ եկեղեցին, որը քաղաքի սրտում է։
Վենետիկի հայկական թաղամասի մուտքը
Սուրբ Խաչը Իտալիայում միակ միջնադարյան եկեղեցին է, որ գործում է մինչ օրս։ Վենետիկի աշխարհահռչակ Սուրբ Մակոսի տաճարում, որի հրապարակը հանրահայտ է աղավնիների հետ զբոսաշրջիկների լուսանկարներով, 12-րդ դարից մեզ հասած հայկական վիմագրություն կա, որը գտնվում է տաճարի սյուներից մեկի վրա։ Այստեղ է նաև Կիլիկյան Հայաստանի վերջին տիտղոսավոր թագուհու՝ Շառլոտ դե Լյուսինյանի գերեզմանը՝ Վենետիկի Սուրբ Սալվադոր տաճարում` տապանաքարին համապատասխան գրությամբ:
Վենետիկի Սուրբ Խաչ եկեղեցու խորանը
1850 թվականից Վենետիկի ամենագեղեցիկ, Tiepolo–ի ու Louis Dorigny-ի որմնանկարներով հարուստ Պալացցո Զենոբիո (Palazzo Zenobio) պալատում է գտնվում Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, որը Մխիթարյան միաբանության կողմից հիմնադրված, մեծ հեղինակություն վայելող, հայագիտության հանճար հսկայական աշխատանք կատարած կրթօջախներից է։ Բազում հայորդիներ դաստիարակվել են այստեղ «Հայրենիքի և Աստծո փառքի համար»։ Ուշագրավ է պալատի «Հայելիների սրահը», որտեղ նկարահանվել են համաշխարհային համբավ վայելող ֆիլմեր։
Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի «հայելիների սրահի» վեհաշուք տեսարանները՝ Արամ Խաչատրյանի հնչյունների ներքո, դիտեք ստորև ներկայացված տեսանյութում․
Նշենք, որ այստեղ են սովորել նաև հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը, դերասան Վահրամ Փափազյանը, երաժիշտ Գուրգեն Ալեմշահը և շատ ու շատ ուրիշ մեծանուն հայ մտավորականներ։
Նյութի հեղինակային իրավունքները՝ © Peoplemedia.am