Պահոց աղոթքներ
Մեծ Պահոց ամենօրեայ աղօթք Ղուկաս Ինճիճեան (Ինճիճի) |
Աղօթք ի Մեծ Պահս Դաւիթ Ուզունեան |
Խաչի ճանապարհ Արևմտահայերեն |
Խաչի ճանապարհ Արևելահայերեն |
Աղոթք Աստվածամոր յոթ վերքերի Արևելահայերեն/Արևմտահայերեն |
Ժամերգութիւն Մեծի պահոց — Արեւագալի |
Ժամերգութիւն Մեծի պահոց — Խաղաղական |
Ժամերգութիւն Մեծի պահոց — Հանգստեան |
ՄԵԾ ՊԱՀՔ – եկեղեցու օրինադրած պահքերից ամենաերկարը (ինչի համար կոչվում է մեծ): Տևում է 48 օր (այստեղից էլ՝ քառասնորդական կամ քառասնօրյա անունը)՝ Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթի օրվանից մինչ Ավագ շաբաթ օրը, որին հաջորդում է Զատիկը: Մեծ պահքի օրերը կոչվում են աղուհացի օրեր, որովհետև նախկինում Մեծ պահքի որոշ օրերին միայն աղ ու հաց էին ուտում, այդպես էին վարվում հատկապես ճգնավորներն ու անապատականները:
Պահոց օրերը, մասնավորապես Մեծ պահքի օրերը, բացի որոշ կերակուրներից հրաժարվելուց, ծոմապահությունից (վերջինս շաբաթ և կիրակի օրերին չի պահվում) և ժուժկալությունից, հոգևոր, ներանձնական խոկումի, ինքնաքննության, զղջումի, աղոթքի, ապաշխարության, բարոյական կատարելագործման, գործած մեղքերի թողության ու քավության շրջան է: Քառասուն օրը խորհրդանշում է անապատ քաշված Քրիստոսի քառասնօրյա ծոմ ապահության շրջանը, ինչպես նաև Սուրբ Գրքում հաճախակի հիշվող 40 խորհրդանշական թիվը: Քրիստոսի քառասնօրյա առանձնացումը աղոթքի, ծոմապահության և ապաշխարության, իր հրապարակային գործունեության պատրաստության շրջանն էր: Քառասունօրյա պահքի մասին խոսվում է Առաքելականկանոններում, ինչպես նաև տեղական և ազգային եկեղեցական ժողովների կանոններում: Մեծ պահքի շաբաթ օրերին տոնվում է սրբոց հիշատակը: Երբ Մեծ պահքին զուգադիպում են Տյառնընդառաջի և Ավետման (տես Աստվածածնի տոներ հոդվածում) տոները, Մեծ պահքի բոլոր ծիսական պահանջները դադարում են. եկեղեցու վարագույրը բացվում է, և Պատարագ է մատուցվում, բայց կերակրի պահեցողությունը չի խախտվում:
Մեծ պահքի շրջանում փակվում է եկեղեցու խորանի վարագույրը, մատուցվում է փակ Պատարագ, ամուսնություններ տեղի չեն ունենում, մինչդեռ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:
Մեծ պահքի շրջանին հատուկ են ապաշխարության շարականները (վերագրվում են Մեսրոպ Մաշտոցին), ինչպես նաև Մեծ պահքի կամ աղուհացի կիրակիների շարականների ամբողջ կանոնը (հեղինակն է Ներսես Շնորհալին): Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակի նվիրված է սուրբգրային որևէ դեպքի ու գաղափարի և նրանց անուններով էլ կոչվում է Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան (տես Կիրակի հոդվածում):
Աղբյուրը՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 712-713:
Մեծ պահքի 7 կիրակիներ
Հայ Եկեղեցում տարվա կեսը պահոց օրեր են: Սակայն դրանք սննդամթերքի որոշ տեսակներից հրաժարվելու օրեր չեն միայն, այլ մեզ հաճույքներից և վայելքներից հեռու պահելու, նաև խոկումի, ինքնաքննության, բարեգործության, զղջումի և ապաշխարության, մեղքերից ազատման և հոգիների մաքրման օրեր, որպեսզի առավել ևս խորացնենք մեր հավատքը և Քրիստոսով վերարժևորենք մեր կյանքը:
Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ ի փառս Աստծո: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: Եթե մեկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրության, կեղծավորության կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարության նպատակով չէ:
Մարդը հոգի է և մարմին, և ինչպես որ ուտելիքը մարմնին է հաճելի, նույնպես և պահքը` հոգուն: Պահքը հոգին սնուցելու միջոց է. շարականներ, հոգևոր մեղեդիներ, ավետարանական ընթերցումներ, աղոթքներ. ահա այն ամենը, ինչով սնվելու է հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում:
Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակիներ, որոնք կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (I դար) և Կյուրեղ Երուսաղեմացին (IV դար): Այդ կիրակիները Բուն բարեկենդանը, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակիներն և Ծաղկազարդի տոնը և միասնաբար կազմում են «ոսկե շղթա»:
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, այսինքն` աշխարհիկ իմաստով` ուրախություն, վայելք, իսկ հոգևոր իմաստը մեզ հիշեցնում է դրախտային երանական այն կյանքը, բարի կենդանությունը, որով ապրում էին Ադամն ու Եվան մինչև մեղանչումով դրախտից վտարումը:
Մինչև մեղանչելը մարդը մարմնով անմահ էր: Նրա զգացողությունն անհամեմատ նուրբ էր, գործողությունների հնարավորությունն` ավելի լայն ու ազատ: Ինչպես Եկեղեցու հայրերն են բացատրում՝ նախամարդու հոգին ու մարմինն այնքան նրբորեն էին միահյուսված, որ մարդը, օժտված լինելով այդպիսի աստվածատուր շնորհներով, առանց որևէ արգելքի շփման մեջ էր մտնում ո՛չ միայն հրեշտակների և երկնային զորությունների հետ, այլև՝ Աստծո: Այսպիսի կյանքը երանություն էր նախամարդու համար, որովհետև Աստծո ներկայությունը կյանք էր, կենդանություն, կարելի է ասել՝ բարի կենդանություն: Չկար ոչինչ, որ տրտմեցներ նրան, ընդհակառակը` նա ապրում էր այնպիսի կյանքով, որն անսպառ ուրախություն էր: Եվ այդ ամենը մարդու համար ապահովված էր Աստծո անմիջական ներկայությամբ: Երբ մարդն արհամարհեց իր ունեցած ուրախությունն ու հետևեց փորձիչի` սատանայի խոսքին, ոչ միայն նոր ձեռքբերումներ չունեցավ, այլև կորցրեց այն, ինչ ուներ: Այդ կորուստն անկում էր նրա համար:
Մարդը փոփոխություններ կրեց և՛ հոգեպես, և՛ մարմնապես: Այլևս նա չուներ հոգևոր այն նրբազգացությունը, որով կարողանար մասնակից լինել երկնային հավիտենական ուրախությանը: Նա սկսեց ապրել մարմնական, կենդանական կյանքով: Իրականության մեջ անկումը միաժամանակ նաև մահ էր մարդու համար, քանի որ կորցրեց այն բարի կենդանությունը, որը վայելում էր դրախտում: Ահա` բարեկենդանը այս բարի կենդանությունն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Իսկ մենք այսօր, տոնելով և հիշատակելով բարեկենդանի օրը, բնականաբար չենք կարող այն անցկացնել այնպես, ինչպես նախամարդը դրախտում, քանի որ միայն Աստծո սրբերին է հատուկ զգալ դրախտային այն երանությունը, որ ճաշակում էին Արարչի ձեռքով ստեղծված Ադամն ու Եվան:
Մեղանչական մարդն իր անկյալ վիճակին համապատասխան չի կարողանում իր ուրախությունը դրսևորել միայն հոգեպես, այլ հաճախ հոգևորին շաղկապում է մարմնականը, նյութականը, այդ պատճառով աշխարհը մեր հոգևոր այս ուրախությանը միախառնում է սեղանների ճոխություն ու վայելքներ, իսկ այդ շռայլությանը որպես հակակշիռ` Եկեղեցին հորդորում է չափավորություն: Երբեմն մարդիկ Մեծ պահքից առաջ` Բուն բարեկենդանին, հաշվի առնելով պահքի երկարաձիգ շրջանը, իրենց որկորը խճողում են կերակուրների այնպիսի բազմազանությամբ, որ արդյունքը բնավ հաճելի լինել չի կարող:
Արտաքսման կիրակին խորհրդանշում է Ադամի արտաքսումը դրախտից: Ադամը և Եվան դրախտի երանության մեջ երկար չմնացին. գործած մեղքերի պատճառով նրանք դարձան մահկանացու և անհնազանդության պատճառով արտաքսվեցին ու դատապարտվեցին քրտնաջան աշխատանքով իրենց ամենօրյա հացը վաստակել: Սակայն Երկրորդ Ադամի` Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ մարդկանց առջև վերստին բացվեց դրախտի ճանապարհը, և մարդիկ, զղջումով, ապաշխարությամբ և առաքինի վարքով մեղքերից մաքրվելով, վերստին արժանացան դրախտային երանությանը:
Անառակի կիրակին այսպես է կոչվում, որովհետև այդ օրն ընթերցվող ավետարանական առակը պատմում է անառակ որդու մասին (Ղուկ. 15:11-32): Այս առակը մարդկությանը տալիս է բարոյական մեծագույն դաս: Մարդ արարածն իր կյանքում կամա թե ակամա մեղքեր է գործում: Սակայն երանելի է այն մարդը, ով կունենա քաջություն, ինչպես անառակ որդին, զղջալ և գործած մեղքերի համար Աստծուց ներողություն խնդրել` ասելով. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ» (Ղուկ. 15:21): Հայրը պատրաստ է ներել զղջացողին և արժանացնել նախկին փառքին ու պատվին: Այս առակը հստակ պատմում է, որ կարող ենք մխիթարվել Աստծո հայրական գթառատ սիրով և ուրախությամբ ընդունվել Նրա արքայության մեջ, եթե ապաշխարությամբ դառնանք դեպի Աստված:
Տնտեսի կիրակին այսպես է կոչվում, որովհետև այդ օրն ընթերցվող ավետարանական առակը պատմում է, թե ինչպես մի մեծահարուստ գովասանքի է արժանացնում իր անիրավ տնտեսին, ով հնարամտությամբ օգտագործում է իրեն վստահված նյութական հնարավորությունները` կարգավորելով իր կյանքի հետագա ընթացքը (Ղուկ. 16:1-8): Մենք այս աշխարհում Աստծո կողմից տնտես ենք նշանակված, ուստի անհրաժեշտ է, որ լավագույնս տնօրինենք մեր հնարավորությունները` անիրավ տնտեսից տարբերվելով նրանով, որ այդ հնարավորությունները պարտավոր ենք օգտագործել ո՛չ թե ի շահ անձնական բարեկեցության, այլ՝ ի շահ անանձնական բարիքի: Անիրավ տնտեսը գովասանքի է արժանանում իր տիրոջ կողմից, որովհետև մտածում է իր ապագայի մասին, բայց բարի տնտեսի ապագան ո՛չ թե վստահված տնտեսությունը (նաև նյութական հնարավորությունները) արհամարհելն է, այլ իրեն վստահվածն ի շահ անանձնական բարիքի ծառայեցնելը՝ գիտակցելով, որ մի օր հաշիվ պիտի տալ Աստծուն:
Մեծ պահքի քսանչորսերորդ օրը կոչվում է Միջինք: Այն ազդարարում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:
Անիրավ դատավորի կիրակի օրվա խորհուրդը վերցված է Ավետարանից (Ղուկ. 18:1-8): Մարդը հաճախ հայտնվում է Անիրավ դատավորի առակի դատավորի դերում, նաև պատահում է հակառակը, երբ մարդը հանդես է գալիս այրի կնոջ փոխարեն: Հիսուս այս առակով ցույց է տալիս, որ պետք է նմանվել այրի կնոջը, ով առանց ձանձրանալու աղոթք մատուցեց Աստծուն, հարատևորեն հետապնդեց իր դատը` ակնկալությամբ և վստահությամբ, որ մի օր հնարավոր կլինի վերագտնել կորցրածը և անտեսված իրավունքը:
Գալստյան կիրակին եզրափակում է Մեծ պահքի «ոսկե շղթան»: Սրանով քրիստոնեական Եկեղեցին իր հավատացյալներին հրավիրում է ըմբռնել Քրիստոսի Երկրորդ գալստյան խորհուրդը: Քրիստոս Իր Առաջին գալուստով քանդեց դժոխքի կապանքները և բացեց դրախտի դռները, իսկ Երկրորդ գալուստով պիտի մեղավորներին դատի և արդարներին երկնքի արքայությանն արժանացնի:
Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը , որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Oվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանիշ: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, Ով մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի Ս. Պատարագի ընթացքում բոլոր եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:
Մեծ պահքի ընթացքում հավատացյալներին առիթ է ընծայվում մտածել փրկագործության խորհրդի մասին: Անհրաժեշտ է, որ մարդիկ գիտակցեն իրենց ընծայված այս պարգևի արժեքը: Մեծ պահքը հոգևոր յուրահատուկ ճանապարհորդություն է, որն ամեն տարի մեզ առաջնորդում է դեպի Սուրբ Զատիկ և արժանացնում տոնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Եվ այսպես, Բուն Բարեկենդանին հաջորդած պահքը լուծում ենք Սուրբ Հարության տոնից մեկ օր առաջ` շաբաթ երեկոյան, Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո: Պահքի և ապաշխարության խորհուրդը ճանապարհ է, որի հանգրվանը հարության ուրախությունն է:
Աղբյուրը՝
www.qahana.am