Վարդավառ
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով, Հայ Եկեղեցու հինգ տաղավար (մեծագույն) տոներից երրորդն է: Ըստ ավետարանական պատմության, Հիսուսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Ավետարանիչները պատմում են, որ այդ ժամանակ Քրիստոսի երկու կողմերում հայտնվեցին Մովսեսն ու Եղիան և զրուցում էին Նրա հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը` Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին` մինչև Աստծո Որդու փառավորվելը:
Հայերի մոտ տոնի պատմությունը գալիս է հեթանոսական ժամանակներից։ Նախաքրիստոնեական շրջանում Վարդավառի տոնը կապված էր ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության դիցուհի՝ Աստղիկի հետ։ Տոնը նշելով մեծ հանդիսություններով՝ Աստղիկին վարդեր էին նվիրաբերում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Վարդեր նվիրելով և ջուր լցնելով` Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը:
Տոնի ժողովրդական սովորությունները հենված են և այլ ավանդույթների վրա: Վարդավառի ժողովրդական տոնակատարուումը կապված են նաև Ջրհեղեղի և Նոյի տապանից իջնելու հետ, միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը` դիտելով իբրև Ջրհեղեղից ազատվելու արարողություն: Ըստ ավանդության, երբ Նոյը ջրհեղեղի ժամանակ հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը:
Հին դարերից քրիստոնեական աշխարհը տոնում է Քրիստոսի պայծառակերպությունը, որը Փրկչի աստուածութեան յայտնութեան յիշատակն է: Այսօր քրիստոնեա եկեղեցիների մոտ այս տոնը կկոչվի այլակերպություն, իսկ հայ եկեղեցում ընդունված է պայծառակերպությունն անունը գործածել: Ինչպես այն ժամանակ աշակերտները, այնպես էլ այժմ Եկեղեցին Պայծառակերպության տոնին սքանչանում է Քրիստոսի փառքով՝ հիշելով, որ Նրան փառակից են լինելու Իր հավատարիմ ծառաները, որոնք պիտի պայծառակերպվեն երկնքի արքայության մեջ և հավիտենապես զմայլվեն Սուրբ Երրորդությունից ճառագող անճառելի լույսով:
Ժողովուրդը և Եկեղեցու հայրերը Վարդավառին նվիրված բազմաթիվ ժողովրդական խաղիկներ, ծիսական երգեր, տաղեր ու բանաստեղծություններ ունի: Հայ մատենագրության մեջ Վարդավառին նվիրված առավել հայտնի երկերից են Մովսես Խորենացու անվամբ կենցաղավարած «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» (Մովսես Խորենացի, «Մատենագրութիւնք»), «Ի մեծի աւուր տապանակին…, որ ի Կարիաթարիմ, որ բերէ զտօն Վարդավառի» («Սոփերք հայկականք») ճառերը, Գրիգոր Նարեկացու նշանավոր տաղը («Գոհար վարդն…»), Ներսես Շնորհալու տաղերը («Արփիական լոյսն…» և այլն): Վարդավառի տոնին անդրադարձել են նաև տարբեր հայ բանաստեղծներ:
Գրիգոր Նարեկացի
«Տաղ Վարդավառի»
Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին. շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղն սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին, զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու տօսախ ծառերդ վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արօսդ զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն հով հարեալ գոհար շուշանին.
Յայն հարաւային լեռնէն քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ,շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին, շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին, դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ, յօրինուած երկնից շուրջանակ:
Փառք Հօր և Որդւոյն յաւէտ, սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:
Ներսես Շնորհալի
«Տաղ Վարդավառին»
Արփիական լոյսն.
Որ ի ծոց Հաւր իջեալ յերկնից ծածկեցաւ մարմնով,
Մարմնով ծածկեալ լոյսն
Այսաւր փայլեաց փառաւք ի Թաբաւր լերինն:
Լերինք ցընծասցեն այսաւր
Առաջի Տեառն` Հերմոն եւ Թաբաւր:
Ի Թաբաւր պարեն,
Դասք առաքելոցն այսաւր եւ մարգարէիցն:
Մարգարէքն Մովսէս եւ Հեղիաս
Եկին ի տեսանել` որում ցանկային:
Ցանկալին էից, Հայր
Ի բարձանց աղաղակէր. Դա է Որդի իմ սիրելի:
Սիրող Որդւոյ, վէմն
Յաւրինէր երիս տաղաւարս` Տեառն եւ ծառայիցն:
Ծառայքս ելցուք ի լեառըն,
Տեառըն երկիր պագցուք` ի նմա ծագեալ լուսոյն:
Լուսաւորե’ա ըզմեզ, Քրիստոս,
Յորժամ գաս հայրենի փառաւք ի նորոգել զերկիրս
Երկիրս ընդ երկնայնոցն
Մատուցանեմք քեզ, Տէր, փառս ի յաւիտեանս, ամէն:
Հովհ. Թումանյան
«Հիմն Աստղիկին»
Ելնում է ահա նազելի փառքով
Երկնի խորքերից Սիրո Դիցուհին,
Պճնված կույսի ճերմակ շղարշով,
Վառվելով իր սուրբ շողերի միջին:
Արեւաշող աղբյուր` հույզերի,
Աստղաբույլ կերոն` սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:
Ելնում է շռայլ իր փառքից շիկնած,
Ցոլուն աչքերը ներքեւ խոնարհում,
Թեեւ նրանց մեջ երկնքից ծագած
Ամենից պայծառ ճաճանչն է բերում:
Արեւաշող աղբյուր` հույզերի,
Աստղաբույլ կերոն` սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:
Թողնել պատասխան