Ճրագալույց Սուրբ Ծննդյան
Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է սուրբ Պատարագ: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է Ճրագալույց կատարվում` սուրբ Ծննդյան և սուրբ Հարության նախատոնակներին, որովհետև այս տոների նավակատիքները մեր բնության նորոգման ու փրկության հիշատակներն են:
Հոգևոր պաշտոն կատարելիս նախ ընթերցելում ենք մարգարեներին` որպես կանխասացների, ովքեր վկայում ու ավետում են մեզ գալիքը: Ընթերցվում է Հիսուսի ծնունդն ավետող դրվագները Ղուկասի ավետարանից (Ղուկաս 1.26-38, 2.8-20) և Մատթեոսի ավետարաններից (1.18-25): Բեմը նախապես վարագույրով ծածկված է լինում: Այսպիսով, Հինը Նորի հետ խառնելով` միասին տոնախմբում ենք: Եվ մինչ կավարտվեն հոգևոր խրախճանքները, վայելում ենք նաև մարմնավոր սեղանից, սակայն առանց միս ուտելու: Ո՛չ սգի ու ո՛չ էլ պահքի մեջ է, և ո՛չ էլ կատարյալ խրախճանքի մեջ, ինչպես գալիք, վաղվա օրն է լինելու Արքայի գալստյամբ, այլ մնում ենք պահքի ու կատարյալ խրախճանքի միջև:
Սուրբ Ծննդյան ճրագալույցը Հայ կաթոլիկ եկեղեցին անփոփոխ նշում է դեկտեմբերի 24-ին, իսկ Հայ առաոելական եկեղեցին հունվարի 5-ին։ Կաթոլիկները Սուրբ Ծննդյան նախապատրաստությունը սկսվում են նոյեմբերի 30-ին և ավարտվում դեկտեմբերի 24-ին՝ ծննդյան ճրագալույցի օրը: Վրաստանում հայ կաթոլիկները այս ջերմեռանդության ժամանակ սովորաբար աղոթում են նաև Վարդարանը, Լիթանիան ու ’Մայր Սուրբ բարեխոսեա՛ երգը: Ճրագալույցի օրը կատարվում է մեկ անգամ ”Աղօթք երեկոյի Ճրագալուցին” աղոթքը, որով ավարտվում է այս 25 օրվա ջերմեռանդությունը: Հայ առաքելական եկեղեցին այս պատրաստությունը սկսում է դեկտեմբերի 29-ին Ծննդյան պահքի Բարեկենդանով, իսկ հաջորդ օրն սկսվում է Սուրբ Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Ամանորը։ Պահքից դուրս են գալիս հունվարի 5-ին, և այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի սուրբ Պատարագ։
Ծննդեան Ճրագալույցի Շարական
Զանճառելի լուսոյ Մայր
Զանճառելի լուսոյ Մայր եւ զբնակարան անսկզբնակից Որդւոյն. օրհնութեամբ մեծացուցանեմք: Զանհաս տնօրինութեան Մայր եւ զանձնաւոր տաճար Աստուծոյ Բանին. օրհնութեամբ մեծացուցանեմք: Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն: Զբոլորից փրկութեան Մայր, որ զանտանելին յէից ի յարգանդի եբարձ. օրհնութեամբ մեծացուցանեմք:
Ուրախացիր, սրբուհի
Ուրախացիր, սրբուհի, Գաբրիելի աւետեօքն. որ քարոզեացն զգալուստ արքային Տեառն ի յերկնից: Ողջոյն ընդ քեզ, Մարիամ, ի քեզ Սուրբ Հոգին եկեսցէ. եւ զօրութիւն Բարձրելոյն ի վերայ քո հովանասցի: Որ ծնանելոցն է ի քէն Իսրայելի առաջնորդ. եւ ընդհանուր քարոզի Աստուած հզօր անմահ Բանն: Ուրախ լեր բերկրեալ ամենասուրբ կոյս. որ ծնար աշխարհի զարդարութեան արեգակն. որ լուսաւորեաց զազգս որդւոց մարդկան:
Մայր Սուրբ բարեխոսեա
Մայր սուրբ սքանչելի լուսոյն, որ զԱստուածն ամենայն յաւիտեանց յորովայնի քում կրեցեր, եւ ցնծութիւն աշխարհի ծնար զԲանն Աստուած, աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:
Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, որ խոնարհեցաւ ի հայրական ծոցոյ, էառ մարմին ըստ մարդկային բնութեանս. առնել խաղաղութիւն յերկինս եւ յերկրի. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:
Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, ներել մեզ, անտես առնել զյանցանս մեր, եւ տալ օգնականութիւն ընդդիմակաց լինիլ հակառակամարտի՛ցն ի պատերազմի. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:
Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի լռեսցին պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր եւ արդարութիւն ի յերկրի. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:
Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած աճեցուցանել յերկրի մերում զքաղցր բղխումն աղբերաց, զառատ պտղաբերութիւն բուսոց եւ տնկոց, առ ի զուարճալի լինիլ ամենայն հարկաւոր պիտոյից մերոց. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:
Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի միաբանեսցէ զեկեղեցի իւր սուրբ, շինեալ ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից, պահել անարատ մինչեւ յօր երեւելոյ գալստեան իւրոյ. աղաչեմք: Մայր սուրբ բարեխօսեա՛:
Աղաչեա՛ վասն մեր Սրբուհի զՄիածին քո զորդին: Եւ վասն հոգւոցն հանգուցելոց, ընդունիլ յարքայութիւն երկնից եւ տալ մասն եւ բաժին ընդ սուրբս ամենայն. աղաչեմք: Յիշեա Տէր եւ ողորմեա՛:
Եւ եւս առաւե՛լ զյորդորումն սիրոյ, եւ զգործս բարեաց պարգեւել մեզ խնդրեմք: Տուր մեզ Տէր Աստուած:
Զանձինըս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցո՛ւք: Քեզ Տեառնդ յանձն եղիցուք:
Ողորմեաց մեզ տէր Աստուած մեր ըստ մեծի ողորմութեան քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ: Տէր ողորմեա, Տէր ողորմեա, լուր Տէր եւ ողորմեա:
Աղօթք երեկոյի Ճրագալուցին
Ո՛վ հզօր դշխոյ հրեշտակաց, սրբուհի և մայր Քրիստոսի, գթած և ողորմած տիրուհի, անարժան ծառայս (կամ աղախինս) խոնարհեալ յամենասուրբ ոտս քո՝ աղաչեմ զքեզ, ընկալ յինեն ’ի տառապեալ և ’ի մեղուցեալ ծառայէ քումմէ զհնգեսին զուրախական խորհուրդս սուրբ վարդարանի քո, և զհազար ողջոյնսն՝ հանդերձ օրէնութեամբքն, զորս մատուցի անարժանապէս քում մեծութեանդ։ Եւ այժմ աղաչեմ քեզ, տիրամայր և կոյս, ընկալ վասն իմ ՚ի նորածին որդւոյ քումմէ շնորհս փոխանակ հազարացն, զի ՚ի կենդանութեան զղջացեալ ’ի բոլոր սրտէ, եւ ՚ի մահու հասից անվտանգ ՚ի կեանսն յաւիտենից։
Թողնել պատասխան