ԿԱՐԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՀԱՍԱՐԱԿԱՑ ԱՂՕԹԻՑ | ԺԱՄԱԳԻՐՔ

Առաւօտ լուսոյ

Աշխարհ ամենայն

Փառք ի բարձունս Աստուծոյ

Ժամագիրք – Գիշերային ժամ

Ժամագիրք – Առավոտյան ժամ

Ժամագիրք – Երեկոյի ժամ

Ժամերգութիւն Մեծի պահոց – Արեւագալի

Ժամերգութիւն Մեծի պահոց – Խաղաղական

Ժամերգութիւն Մեծի պահոց – Հանգստեան

Չարից պաշտպանվելու ընդհանրական աղոթք

ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ծեսի և աստվածապաշտության բաղկացուցիչ հիմնական բաժիններից է ու հանապազօրյա պաշտոներգություն ըստ եկեղեցական օրվա տարբեր աղոթաժամերի: Ժամերգությունը նշանակում է ժամ երգել, այսինքն՝ օրվա որոշ ժամերին կարգավորված (ժամակարգված) եկեղեցական արարողություն կամ պաշտամունք կատարել: Ժողովրդական լեզվով «ժամ» նշանակում է նաև եկեղեցի, այստեղից էլ՝ ժամ գնալ (ծիսական արարողությանը մասնակցել, ներկա գտնվել) արտահայտությունը, ժամվոր (Ժ-յանը ներկա գտնվող հավատացյալները), ժամկոչ (եկեղեցու կոչնակը կամ զանգը հնչեցնող և հավատացյալներին արարողության հրավիրող), ժամատուն բառերը: Ժամերգություների կարգավորությունը և դրանց հատուկ երգեցողությունները (աղոթքներ, քարոզներ, հոգևոր երգեր, բացառությամբ՝ շարականների) պարունակող գիրքը կոչվում է Ժամագիրք:

Ժամագրքով առաջնորդուելու համար առաջին հերթին պէտք է իմանալ, թէ տուեալ օրը ի՞նչ օր է՝ տէրունի, սրբոց, թէ՝ պահոց: Այնուհետեւ եկեղեցու ամենամեայ հրատարակուող օրացոյցով պէտք է գտնել տուեալ օրուայ ձայնը:

Տէրունի են համարւում այն օրերը, որոնք կապ ունեն մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի անձի, տնօրինութիւնների, աւետարաններում նկարագրուած դրուագների հետ: Տէրունի են համարւում տարուայ բոլոր  կիրակի օրերը, սբ. Ծնունդը, Անուանակոչութիւնը՝ Ծննդեան ութերորդ օրը, Քառասուներորդ օրը՝ Տեառնընդառաջը, Ծաղկազարդը, Վերջին ընթրիքը, Մատնութիւնը, Խաչելութիւնը, Թաղումը, Յարութիւնը՝ Զատիկը, Համբարձումը, Հոգեգալուստը, Պայծառակերպութիւնը՝ Վարդավառը, սբ. Խաչին, եկեղեցուն եւ սբ. Աստուածածնին նուիրուած տօները:

Սրբոց օրեր են համարւում Յովհաննէս Մկրտչի, Աստուածամօր ծնողների՝ Յովակիմի եւ Աննայի, սբ. Ստեփաննոսի, առաքեալների, մարգարէների, հայրապետերի եւ այլ սուրբերի յիշատակներին նուիրո ւած օրերը:

Պահոց են համարւում է Առաջաւորաց պահքի, Մեծ պահքի, Եղիական պահքի օրերը, ինչպէս նաեւ սբ. Գրիգոր Լուսաւորչի, Վարդավառի, սբ. Աստուածածնի, Խաչվերացի, Վարագայ սբ.  Խաչի, Յիսնակաց, սբ. Յակոբի եւ սբ. Ծննդեան տօներին նախորդող հինգ օրերը: Պահոց են համարւում նաեւ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը. չորեքշաբթին՝ սբ. Աստուա ծածնին, իսկ  ուրբաթը՝ սբ. Խաչին  նուիրուած:  Այս հաշուարկով տարուայ մէջ միջին հաշուով 158­160 օր պահոց օրեր են լինում:

Շարականները, որպէս կանոն, երգւում են համաձայն ութ ձայնի կամ եղանակի, որոնք ունեն իրենց յատուկ անունները.

1. ԱՁ.՝ այբ ձա կամ առաջին ձայն, 2. ԱԿ.՝ այբ կէն կամ երկրորդ ձայն, 3. ԲՁ.՝ բէն ձա կամ երրորդ ձայն, 4. ԲԿ.՝ բէն  կէն  կամ  չորրորդ ձայն, 5. ԳՁ.՝ գիմ  ձա կամ հինգերորդ ձայն, 6. ԳԿ.՝ գիմ կէն կամ վեցերորդ ձայն, 7. ԴՁ.՝ դա ձա կամ եօթերորդ ձայն, 8. ԴԿ.՝ դա կէն կամ ութերորդ ձայն:

Օրուայ ձայները փոխւում են յաջորդաբար՝ ԱՁ.­ ից սկսուած մինչեւ ԴԿ. եւ այդպէս շարունակ: Բացառութիւն է Մեծ պահքի առաջին կիրակին՝ Բուն բարեկենդանը, որի ձայնը, անկախ նախորդ օրուայ ձայնից, ընդունւում է ԴԿ.: Այդպէս է արւում, որպէսզի Յարութեան օրուայ՝ Զատկի ձայնը միշտ լինի առաջին ձայն՝ ԱՁ.:

Մաղթանքը ժամօրհնող հոգեւորականի կարճ աղօթքմաղթանքն է: Քարոզ բառը նշանակում է մունետիկ, բարձրաձայն յայտարարուող խօսք: Քարոզները ընթերցում է սարկաւագը: Այն ժողովրդին ուղղուած զգաստութեան կոչ է: Քարոզները նախապատրաստում են հաւատացեալներին  աղօթքի եւ հիմականում գրուած են յորդորական ոճով: Քարոզներին, որպէս կանոն, յաջորդում են աղօթքները:

Ժամերգութիւնները, որպէս կանոն, սկսւում են Հայր մեր Տէրունական աղօթքով, որն արտասանում է ժամօրհնողը՝ դասի աւագ հոգեւորականը, որին յաջորդում են մաղթանքները, սաղմոսասացութիւնները, քարոզները, աղօթքները, աւետարանական ընթերցումերը եւ այլն: Սաղմոսասացութիւնները եւ քարոզները սարկաւագների դասի պարտականութիւնն է, աղօթքները, աւետարանական ընթերցումերը՝ քահանայի, մաղթանքները՝ ժամօրհնող հոգեւորականի: Մեր եկեղեցում ընդունուած կարգի համաձայն «Հայր մեր»­ի, քահանայի աղօթքների եւ աւետարանի ընթերցանութեան ժամանակ ժամերգութեանը ներկայ ժողովուրդը պէտք է ոտքի կանգնի:

Հայ եկեղեցու ծիսակարգում ժամերգութիւնների թիւը ինն է. 1. գիշերային ժամերգութիւն, 2. առաւօտեան ժամերգութիւն, 3. արեւագալի ժամերգութիւն, 4ճաշու երրորդ ժամի ժամերգութիւն, 5. ճաշու վեցերորդ ժամերգութիւն, 6. ճաշու իններորդ ժամերգութիւն, 7. երեկոյեան ժամերգութիւն, 8. խաղաղական ժամերգութիւն, 9. հանգստեան ժամերգութիւն: Վերոյիշյալ 9 ժամերգութիւնները հնում կատարւում էին ամէն օր: Այժմ ամէն օր կատարւում են գիշերային եւ առաւօտեան ժամերգութիւնները միասին՝ առաւօտեան, եւ երեկոյեան ժամերգութիւնը՝ երեկոյեան: Մեծ պահոց օրերին, բացի շաբաթ­կիրակի օրերից, կատարւում են նաեւ միւս ժամերգութիւնները, ըստ հետեւեալ կարգի. գիշերային, առաւօտեան, արեւագալի ժամերգութիւնները՝ առաւօտեան, ճաշու երրորդ, վեցերորդ, իններորդ եւ երեկոյեան ժամերգութիւնները՝ կէսօրին, խաղաղականը՝ երեկոյեան (երկուշաբթի, երեքշաբթի եւ հինգշաբթի), հանգստեանը՝ երեկոյեան (չորեքշաբթի եւ ուրբաթ):

  1. ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ: Կատարւում է ի դէմս Հայր Աստուծոյ: Հնում այն կատարւում էր կէս գիշերին: Քունը Աստծու կողմից մեզ շնորհուած բարիք է եւ մենք շնորհակալութիւն եւ գոհութիւն ենք յայտնում Աստծուն՝ այդ շնորհած բարիքի  համար եւ խնդրում, որ գիշերուայ շարունակութիւնը անցնի խաղաղ, իսկ յաջորդ օրը՝ առաքինի եւ անարատ: Այսօր գիշերային ժամերգութիւնը կատարւում է առաւօտեան:

  2. ԱՌԱՒ0ՏԵԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ: Եկեղեցու հնագոյն ծիսական ամենօրեայ արարողութիւններից է: Կատարւում է ի դէմս Որդի Աստծու: Այն կատարւում է արշալոյսին  եւ խորհրդանշում է Քրիստոսի երեւալը իւղաբեր կանանց, հռչակում Քրիստոսի յարութեան աւետիսը եւ փրկագործութեան խորհուրդը:

  3. ԱՐԵՒԱԳԱԼԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ: Նախկինում եղել է առաւօտեան ժամերգութեան մի մասը: Արեւագալի ժամերգութիւնը կատարւում է  արեւածագին՝ «Արեւագալի ժամին», «ի դէմս Հոգւոյն  Աստուծոյ»: Տնօրինական խորհուրդն է Քրիստոսի յարութիւնը եւ երեւումը աշակերտներին: Ժամերգութեան ընթացքում Քրիստոսի յարութիւնը նոյնացւում է արեւի ծագմանը: Հաստատուել է Եզր կաթողիկոսի (630-­641 թթ.) կողմից եւ ճոխացուել ԺԲ դարում՝ սբ. Ներսէս Շնորհալու գրած երգերով:

  4. ՃԱՇՈՒ ԵՐՐՈՐԴ ԺԱՄԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ: Կատարւում է ի դէմս Սուրբ Հոգու իջման, խորհր­ դանշում է Եւայի ճաշակումը արգելուած պտուղից եւ Քրիստոսով դատապարտութիւնից ազատագրումը, ինչպէս ասում ժամագրքի խրատը՝ «ի դէմս իջման Հոգւոյն Սրբոյ եւ ի դէմս նախամօրն ճաշակման, եւ ազատութեանն Քրիստոսի»: Կատարման ժամանակը առաւօտեան ժամը 9-­ն է: Ժամերգութիւնը նաեւ ապաշխարութեան խորհուրդ պարունակող մի արարողութիւն է:
    Այս ժամերգութիւնը հնում կատարւում  էր  ամէն օր: Ինչպէս այս, այնպէս էլ յաջորդող վեցերորդ եւ իններորդ ժամի ժամերգութիւնները ապաշխարութեան յատուկ իմաստներով լի արարողութիւններ են, որոնց հիմական գաղափարը ամփոփուած է «Ողորմեա ինձ Աստուած» սաղմոսի մէջ: Դրա համար էլ յաճախ այս երեք ժամերգութիւնները կոչւում են «երեք ողորմեա»­ներ անունով:

  5. ՃԱՇՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ԺԱՄԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ: Կատարւում է ի դէմս Հայր Աստծու եւ խորհրդանշում է յիշատակը Քրիստոսի խաչելութեան եւ չարչարանքների, ինչպէս ասում է ժամագրքի խրատը՝ «ի դէմս Հօր Աստուծոյ եւ ի դէմս չարչարանաց եւ խաչելութեան Որդւոյն Աստուծոյ»: Կատարման ժամանակը ցերեկուայ ժամը 12­-ն է: Այս ժամերգութեամբ հաւատացեալը Աստծուց խնդրում է օգնութիւն իր մարդկային տկար բնութեան համար:

  6. ՃԱՇՈՒ ԻՆՆԵՐՈՐԴ ԺԱՄԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ: Կատարւում է ի դէմս Որդի Աստծու եւ խորհր­ դանշում է Քրիստոսի մահը, որով եւ մարդկութեան ազատագրումը դժոխքի իշխանութիւնից, ինչպէս ասում է ժամագրքի խրատը՝ «ի դէմս Որդւոյն Աստուծոյ, այլ եւ ի դէմս մահուանն եւ բանական հոգւոյն աւանդմանն»: Այն կատարւում է ժամը 15-­ին:
    Ճաշու այս երեք ժամերգութիւնները այսօր կատարւում են միասին, Հայաստանում՝ Մեծ պահոց օրերին, իսկ Սփիւռքի որոշ գաղութներում՝ կիրակի օրերին, ս. պատարագից առաջ:

  7. ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ: Կատարւում է մայրամուտից առաջ, իններորդ ժամի ժամերգութիւնից յետոյ ընկած ժամանակամիջոցին, երեկոյի ժամին՝ ըստ Ժամագրքի բացատրութեան: Ուղղուած ի դէմս Որդի Աստծու: Տնօրինական յիշատակն է Քրիստոսի խաչից իջեցուելը եւ պատանքով գերեզման դրուելը, այսինքն՝ թաղումը: Այս հարուստ բովանդակութեան եւ մանաւանդ սքանչելի կարգաւորութեան պատճառով երեկոյեան ժամերգութիւնը իր մէջ ունի պարզ եւ հակիրճ, գրաւիչ եւ առինքնող մի զօրութիւն, որին ենթարկւում է գիտակից իւրաքանչիւր  հաւատացեալ:

  8. ԽԱՂԱՂԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ: Կատարւում է ի դէմս Սուրբ Հոգու՝ մայրամուտից յետոյ՝ քնելուց առաջ: Խորհրդանշում է Քրիստոսի գերեզման դնելը, դժոխքի աւերումը եւ արդարների հոգիներին խաղաղութիւն տալը: Նպատակն է անդորրութիւն եւ խաղաղութիւն բերել ամենօրեայ մեղքերով ծանրաբեռնուած մարդու հոգուն:

  9. ՀԱՆԳՍՏԵԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ: «Հասարակաց աղօթից ժամեգութեանց» շարքից վերջինն է հանգստեան ժամերգութիւնը՝ ուղղուած ի դէմս Հօր Աստուծոյ: Իբրեւ տնօրինական խորհուրդ գտնում ենք հետեւեալ բացատրութիւնը. «Զի պահպանողական աջով Միածնի պահեսցի զմեզ ի խաւարային գիշերիս»:

Աղբյուրը՝
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչութիւն