Բազմավեպ
«Բազմավեպը» («Բազմավէպ») Մխիթարյան միաբանության կողմից հրատարակվող հայագիտական, բանասիրական, գրական հանդես է։ Լույս է տեսնում 1843 թ-ից Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Համարվում է ցայսօր հրատարակված հայերեն պարբերականներից ամենաերկարակյացը։
«Բազմավեպ»-ի հիմնադիր-խմբագիրը Գաբրիել Այվազովսկին էր՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը, ով ուրիշ վարդապետների օժանդակությամբ 1843 թ. հիմնեց «Բազմավեպ» հանդեսը՝ աչքի առաջ ունենալով Հ. Ղուկաս Ինճիճյանի հրապարակագրական բուռն ճիգերով առաջին անգամ կյանք առած «Տարեգրութիւնք», «Եղանակ Բիւզանդեան» և «Դիտակ Բիւզանդեան» թերթերի փորձը։
Հայագիտության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող այս հանդեսը ունեցել է ավելի քան 40 տասնյակ խմբագրապետ, ովքեր իրենց անմնացորդ աշխատանքով ապացուցել են, որ եվրոպական միտքն ու գաղափարները նաև իրենց շնորհիվ է, որ ներմուծվել են հայկական մշակույթ: Միաժամանակ «Բազմավեպում» օտար լեզուներով տպագրված հայագիտական հոդվածները եվրոպացիներին ծանոթացնում են հայ ազգի անցյալին, ներկային ու մշակույթին: Անուրանալի է «Բազմավեպի» կատարած կարևորագույն դերը հայագիտության համար: Այսօր ևս հանդեսի էջերում կան հայ գաղթօջախների, արևմտահայ գրականության, պատմության և մշակութային արժեքների հետազոտության համար վավերագրական և աղբյուրագիտական անփոխարինելի հսկայական նյութեր: Մեծ էր «Բազմավէպի» ներդրումն անցած սերունդների ստեղծագործական ժառանգության պահպանման, զարգացման և փոխանցման հարցում: