Խոսքին հավատարիմ. Ճշմարտությունը Եհովայի Վկաների մասին
Որպես գնահատման ապահով կանոն, Եհովայի Վկաների վերաբերյալ մենք գործածելու ենք մեծ մասամբ իրենց իսկ հրատարակությունները: Դրանցում է ամփոփված իրենց պաշտոնական ուսմունքը, ուստի դրանք են «դատողության հեղինակային միջոցները» և «գնահատման այնպիսի կանոնները, որոնք չեն կարող կեղծ լինել» այս աղանդի (սեկտայի), – բայց ավելի ճիշտ կլինի ասել՝ հերետիկոսության, – ճանաչման գործում: Դրանց խաղաղ սրտով և պատվով գործածումը թույլ է տալիս բացահայտել, որ Եհովայի Վկաների կրոնը, կրոն – թեկուզև կեղծ կրոն – լինելուց չափազանց հեռու, պարզապես առևտրական իրականություն է և լրտեսական ցանց, կրոնի դիմակով ծպտված:
Բայց Եհովայի Վկաների շարքերում կան նաև ազնիվ ու անկեղծ հոգիներ, որոնք պարզապես խաբված լինելով, կարծում են, թե իսկապես ծառայում են Աստծուն, երբ կատարում են Բրուքլինի Ղեկավար Մարմնի կողմից ստացված հրամանները: Այդպիսիք սովորաբար կրոնական աղքատ կրթություն և հոգեբանական թույլ կազմվածք ունեցող անձինք են, որոնց որսալը բավական հեշտ է եղել Եհովայի Վկաների համար: Այդ անձանց հոգիներում հարգում եմ իրենց անկեղծությունը, որով կամենում են ծառայել Աստծուն և հասնել հավիտենական կյանքին: Այդ հոգիները իմ եղբայրներն ու քույրերն են, որոնց սիրում եմ ողջ սըրտով և որոնց համար կտայի ամբողջ ժամանակս և ուժերս, նրանց խաղաղ, հոգեպես երջանիկ և ճշմարտության մեջ տեսնելու համար: Ահա նրանց համար է, որ աշխատել եմ. նրանց համար է, որ աղոթում եմ:
Բայց անշուշտ, գրությանս որպես առաջին հասցեատերեր ճանաչում եմ Հայ Եկեղեցու հավատարիմ զավակներին, որոնք ներկա դժվարությունների մեջ, հայրենիքի տնտեսական աղքատության պայմաններում, Հայ Եկեղեցու ներքին ու արտաքին նեղությունների ներքո կքված, շարունակում են հետևել իրենց միակ Ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին, և օտարներին չեն վաճառում ո՛չ իրենց հոգիները, ո՛չ իրենց անձերը, ո՛չ իրենց հայրենիքն ու ժողովուրդը, ո՛չ էլ իրենց Մայր Եկեղեցին: Հայ Եկեղեցու այս հավատարիմ զավակներին քաջալերում եմ իրենց ընթացքի մեջ, բայց տեղին եմ համարում տալ նաև մի քանի խորհուրդներ:
Սույն գրքի տիտղոսը («Խոսքին Հավատարիմ») ներշնչված է Նոր Կտակարանից. մենք Աստծո Խոսքի ծառաներն ենք (Ղուկասի Ավետարան 1, 2), կրթված ենք Աստծո Խոսքով (Պողոս Առաքյալի Նամակը Գաղատացիներին 6, 6), հարատևում ենք Աստծո Խոսքի մեջ (Հովհաննեսի Ավետարան 8, 31; 15, 20; 17, 6; Հովհաննես Առաքյալի Ընդհանրական Առաջին նամակը 2, 5): Տնտեսը, ծառան նախևառաջ պետք է հավատարիմ լինի (Մատթեոսի Ավետարան 24, 45; Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Կորընթացիներին 4, 2; Պողոս Առաքյալի Նամակը Կողոսացիներին 1, 7; 2Տմ 2, 2): Գրված Խոսքը հավատարիմ է, այսինքն՝ ճշմարտախոս (Հովհաննեսի Հայտնություն 21, 5; 22, 6), և հավատարմությունը, կամ՝ հավատքը, պտուղներից մեկն է այն Հոգու (Պողոս Առաքյալի Նամակը Գաղատացիներին 5, 22), որին Եհովայի Վկաները չեն ճանաչում: Եհովայի Վկաները «նենգում են Խոսքը» (Պողոս Առաքյալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին 4, 2), ինչպես կտեսնենք հետագա էջերում:
Թողնել պատասխան