Աստվածաշնչի ընդհանուր ներածություն
Աստվածաշունչը, կամ Սուրբ Գիրքը, հավաքածոն է այն գրքերի, որոնք Սուրբ Հոգու ներշնչմամբ շարադրված լինելով, իրենց որպես հեղինակ ունեն Աստծուն, և որպես այդպիսիք հանձնվել են Եկեղեցուն:
Աստվածաշունչը Աստծո մասին չի խոսում մոտավոր կերպով, ինչպես մյուս գրքերը, այլ՝ նրանում Աստված Ինքն է, որ խոսում է Իր մասին: Հին և Նոր Կտակարանները Աստծո Խոսքն են, կենդանի և կենարար Խոսքը: Պատմական դեպքերի ու իրադարձությունների նկարագրություններից բացի, Աստվածաշնչում անշուշտ գոյություն ունի վեհ ուսուցումների մի ամբողջական զանգված, որից հնարավոր է քաղել իմաստասիրական (փիլիսոփայական) խորիմաստ սկզբունքներ և բարոյական ապահով կանոններ: Բայց ճշմարտության այս գանձի ներկայացումը կատարվում է թանձրացյալ (կոնկրետ), կենսալի եղանակով, որովհետև այն սերտորեն կապված է իրական իրադարձություններին, պատմությունից ներս Աստծո միջամտություններին. այսպես, օրինակի համար, Ծննդոց գրքի առաջին գլուխները, որոնցում պատմվում է աշխարհի և մարդու առաջացումը, իրենց մեջ բովանդակում են ո՛չ միայն գերբնական, այլ նաև բնական կարգի խորիմաստ ուսուցումներ, ինչպիսին է Աստծո կողմից բոլոր արարածների արարումը ոչնչից: Երբ կարդում ենք, թե Աստված ստեղծել է երկինքն ու երկիրը, իսկույն հասկանում ենք, որ Տերը աշխարհի վերանցական, անդրանցական Արարիչն է և որ մարդը Նրա ձեռքերի գործն է:
Աստվածաշունչը փրկության պատմությունն է կամ պատմությունն այն բոլոր գործերի, որոնք Աստված կատարեց մարդկանց աստվածային փրկության համար: Այս պատմության կենտրոնում գտնվում է այն ըմբռնելու բանալին. Հիսուսի մահն ու հարությունը: Խաչն, արդարև, այն վսեմագույն իրադարձությունն է, որով բացատրվում է փրկության ամբողջ պատմությունը. աշխարհի փրկության համար Աստված մարդանում է, հանձն է առնում ոճրագործի նման մահանալ Խաչի վրա և երրորդ օրն հարություն է առնում մահից. այսպես Աստված մարդկությունը փրկում է մեղքի, սատանայի ու մահվան ստրկությունից:
Աստվածաշնչի ներշնչվածությունը կարող է ներկայացվել հետևյալ կերպ. ա) ներգործական (ակտիվ) իմաստով, որպես Աստծուց բխող, որը գերբնական ազդեցություն է կիրառում սրբազան հեղինակի վրա. բ) կրավորական (պասսիվ) իմաստով, որպես սրբազան հեղինակներին տրված պարգևաշնորհ, որոնք գրում են Աստծուց բխող ներշնչման ներքո. գ) վերջավորության իմաստով, հաշվի առնելով աստվածային ազդեցության արդյունքը, որը սրբազան գրքերն են:
Աստվածաշնչի գրքերը շարադրվել են Աստծո կողմից գերբնական ներգործության կամ ազդեցության ներքո. ուստի, Աստված նրանց գլխավոր հեղինակն է, մինչ սրբազան հեղինակները՝ նրանք նույնպես իրական և ճշմարիտ հեղինակներն են, բայց երկրորդական:
[tnc-pdf-viewer-iframe file=”https://hycatholic.ru/img/pdf/astvatsashnchineratsutiun.pdf” width=”100%” height=”600″ download=”true” print=”false” fullscreen=”true” share=”true” zoom=”true” open=”true” pagenav=”false” logo=”false” find=”true” current_view=”false” rotate=”false” handtool=”true” doc_prop=”false” toggle_menu=”true” toggle_left=”true” scroll=”true” spread=”true” default_scroll=”0″ default_spread=”0″ language=”hy-AM” page=”” default_zoom=”page-width” pagemode=”none” iframe_title=””]
Թողնել պատասխան