Աղոթքի մասին

Ամեն հավատացյալ մարդ ցանկանում է, որ իր աղոթքը լինի աստվածահաճո ու լսելի: Աստվածաշունչը մեզ տալիս է բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես աղոթել: Այսպես, Սուրբ գրությունն ասում է. «արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է» (Յակ 5:16), «Տիրոջ աչքերն ուղղուած են արդարներին, իսկ ականջները՝ նրանց աղօթքին» (Սաղմ 33:16): Աղոթքը փրկեց բարեպաշտ Դանիելին առյուծի փոսից (Դան 7:11), իսկ ամուլ Աննան համառ ու խոնարհ աղոթքների շնորհիվ հղիացավ ու ծնեց Սամուէլին (1Թագ 1:20): Ակնհայտ է, որ Աստծո արդար զավակների նախանձախնդիր աղոթքները կարող են շատ բան անել (Թվեր 11:2):

Անշուշտ, Աստված լսում է մեր աղոթքները։ Սակայն պետք է համոզվենք, որ մեր աղոթքները համապատասխանում են Աստծո կամքին։ Աղոթողը ունի այն վստահությունը, որ ինչ էլ խնդրի ըստ Աստծո կամքի, նրա աղոթքը կլսվի (1Հովհ 5:14): Եթե մեկն ուզում է, որ Աստված լսի իր աղոթքները, թող նախ ճիշտ ապրի: Պետք է, որ աղոթքով փնտրենք Աստծո արքայությունը և արդարությունը, և ինչպես Տերունական աղոթքում ենք ասում՝ թող կատարվի Աստծո կամքը:

Աստծուն սիրող և հավատացող յուրաքանչյուր անձ կարիք ունի Աստծո հետ հաղորդվելու ու աղոթելու: Ինչպես ասում է Հովհան Ոսկեբերանը, առանց աղոթքի հոգևոր կյանքը թոշնում, ծարավում ու մեռնում է: Աղոթքը մեկտեղ Աստծո մասին հիշողություն է, մտածմունք ու վստահություն:

Հավատացյալի համար խրատների ակունքը Սուրբ Գիրքն է, ստորև ներկայացնում ենք քաղվածքներ Աստվածաշնչից, որոնք սովորեցնում են աղոթել, որ մեր աղոթքը լսելի լինի…

Ինչպես աղոթել
«Տէ՛ր, մեզ աղօթել սովորեցրո՛ւ, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին» (Ղուկ. 11:1): «Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։ Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծու կամքի է բարեխօսում սրբերի համար» (Հռոմ. 8:26, 27): «Ամէն ինչի վախճանը մօտեցել է։ Զգաստացէ՛ք ուրեմն եւ արթո՛ւն եղէք աղօթքի համար» (1Պետ. 4:6): «Յաճա՛խ աղօթեցէք՝ աղօթքի մէջ արթուն մնալով գոհութեամբ» (Կողոս. 4:2): «Աղոթք անելիս շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի համար լսելի կլինեն» (Մատթ. 6:7)

Հավատք և աղոթք
«Ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կը ստանաք» (Մատ. 6:6): «Բարի են աղօթքները՝ պահեցողութիւններով, ողորմութիւններով եւ արդարութիւններով. բարի է քիչ ունեցուածքը արդարութեամբ, քան շատը՝ անիրաւութեամբ. լաւ է ողորմութիւններ անել, քան ոսկու գանձ կուտակել» (Տոբ. 12:8): «Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ» (Յակ. 1:6–7): «Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ» (Մարկ. 11:24): «Հաւատով եղած աղօթքը կը փրկի հիւանդին, ու Տէրը նրան ոտքի կը կանգնեցնի։ Եւ եթէ մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներուի» (Յակ. 5:15):

Աղոթքի կարևորությունը
«Անդադար աղօթեցէ՛ք» (1Թես. 5:17): «Յոյսո՛վ ուրախացէ՛ք. նեղութեան համբերեցէ՛ք, յաճախակի աղօթեցէ՛ք» (Հռոմ. 12:12): «Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք» (Ղուկ. 21:36): «Ես, Տէ՛ր, առ քեզ աղաղակեցի, առաւօտեան իմ աղօթքը քեզ պիտի հասնի» (Սաղմ. 87:14): «Տէ՛ր, եւ ո՛ւշ դարձրու աղաղակիս, ընդունի՛ր ձայնն աղօթքներիս, Թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ» (Սաղմ. 5:2-3): «Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն» (Փիլ. 4:6): «Ուրա՛խ եղէք միշտ, անդադար աղօթեցէ՛ք, ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս» (1Թես. 5:16–18): «Ընդունելի ժամին ես աղօթում էի քեզ, Տէ՛ր: Լսի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո առատ ողորմութեամբ, քո փրկութեան ճշմարտութեամբ» (Սաղմ. 68:14): «Լսի՛ր աղօթքս, քանզի քեզ մօտ է գալու ամէն մարմին» (Սաղմ. 64:3):

Խոնարհ աղոթքը
«Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը» (Մատ. 6:5): «Դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս» (Մատ. 6:6): «Տնանկների ցանկութիւնը լսեցիր, Տէ՛ր, քո ականջը ուշ դարձրեց նրանց սրտի պատրաստակամութեանը» (Սաղ. 9:38): «Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում» (Սաղ. 50:20):

Քրիստոսի աղոթքը
«Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր» (Մարկ. 1:35): «Իսկ Նա խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր եւ աղօթքի էր կանգնում» (Ղուկ. 5:16): «Եւ այդ օրերին Յիսուս լեռ բարձրացաւ աղօթելու եւ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղօթելով» (Ղուկ. 6:12): «Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ» (Մատ. 14:23):

Աղոթքը և մերձավորները
«Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է» (Յակ. 5:16): «Ով պատւում է հօրը, ինքն էլ կ՚ուրախանայ իր որդիներով, եւ նրա աղօթքը լսելի կը լինի» (Սիր. 3:4): «Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար» (1Տիմ. 2:1): «Եւ հաւատով եղած աղօթքը կը փրկի հիւանդին, ու Տէրը նրան ոտքի կը կանգնեցնի։ Եւ եթէ մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներուի» (Յակ 5:14-15): «Ների՛ր քո եղբօր անիրաւութիւնը, եւ միայն այն ժամանակ աղօթելիս քո մեղքերը կը ներուեն» (Սիր. 28(27):3): «Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները» (Մարկ. 11:25): «Սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է» (Մատ. 5:44-45):

Աղոթք ամեն դրության մեջ
«Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք» (Մատ. 26:41): «Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան» (Ղուկ. 18:1): «Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ» (Ղուկ. 21:36):

Հոգով աղոթքը
«Ամենայն աղօթքներով եւ աղաչանքներով ամէն ժամ աղօթեցէ՛ք Հոգով» (Եփես. 6:18): «Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին։ (Յակ. 4:3): «Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը» (Առակ. 15:29):

Աստված լսում է մեր աղոթքը
«Եթէ իմ ժողովուրդը, որի վրայ իմ անունն է դրուած, զղջայ, աղօթի եւ իմ երեսը փնտռի ու յետ դառնայ իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կը լսեմ, կը ներեմ նրանց եւ կը բուժեմ նրանց երկիրը» (2Մնաց. 7:14): «Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ՚անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով» (Յովհ. 14:13): «Աստված ուշ դարձրեց խեղճերի աղօթքին, եւ չարհամարհեց խնդրանքը նրանց» (Սաղմ. 101:17): «Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի» (Յովհ. 15:7): «Աստուած մեղաւորներին չի լսում, բայց եթէ մէկը աստուածապաշտ է եւ նրա կամքը կատարում է, նրան լսում է» (Յովհ. 9:31):

  1. Անփութորեն ու ծուլությամբ կատարված աղոթքը դատարկախոսություն է (Անտոն Անապատական):
  2. Դռների ետևում են մնում այն աղոթքները (չեն հասնում Աստծուն), որոնք իրենց մեջ սեր չեն պարունակում, որովհետև միայն սերն է բացում աղոթքի դռները (Եփրեմ Ասորի):
  3. Թող քո շուրթերը միշտ սաղմոսեն, որովհետև Աստծո անվան արտաբերումը փախուստի է մատնում դևերին: Եթե ձեռքերդ աշխատում են, թող լեզուդ սաղմոսի, իսկ միտքդ աղոթի (Եփրեմ Ասորի):
  4. Երբ միտքը սկսում է կենտրոնացած կերպով, առանց ցրվածության աղոթել, այն ժամ պատերազմի ուղղությունը փոխվում է, և այն գիշեր ու զօր սկսվում է մղվել անձի ջղագրգիռ կողմի վրա (Եվագր Պոնտացի):
  5. Երբ միտքը աղոթքի պահին չի պատկերացնում ոչ մի աշխարհային բան, ուրեմն նա ամրապնդվել է (Եվագր Պոնտացի):
  6. Մեծ բան է, երբ աղոթում ես անզբաղ, բայց առավել մեծ բան է, երբ երգում կամ սաղմոսում ես անզբաղ (Եվագր Պոնտացի):
  7. Սաղմոսների բառերը ոչ միայն լեզվով արտաբերիր, այլև երգիր սրտիդ մեջ (Եվագր Պոնտացի):
  8. Անցկացրու գիշերը աղոթական ջանքերով, և հոգիդ ձեռք կբերի մխիթարություն (Եվագր Պոնտացի):
  9. Հարկադրիր քեզ գիշերվա մեջ բազում աղոթքների, քանզի աղոթքը լույս է քո անձին: Հանապազ խորհի՛ր, թե որտեղ ես սայթաքել, և եթե աղոթես դրանց համար, Աստված քեզ թողություն կշնորհի (Հայր Սրապիոն):
  10. Եթե քեզ մոտենա մտքիդ հետ պատերազմող խորհուրդ, զգո՛ւյշ եղիր, որպեսզի աղոթքի մեջ անհրաժեշտի փոխարեն այլ բան չխնդրես, այլ աղոթքիդ սուրը սրի՛ր ընդդեմ թշնամու՝ նրա հետ ընդդիմամարտելու համար (Եպիփան Կիպրացի):
  11. Աղոթքով փնտրե՛ք Աստծո թագավորությունը և Նրա արդարությունը, որ մեր ներսում է (Մարկոս Ճգնավոր):
  12. Ո՛չ թե մարմնի կեցվածքով և մեծաձայն խոսքերով, այլ կամավոր հոժարությա՛մբ աղոթք մատուցենք: Ո՛չ թե հանդուգն աղաղակով և ի ցույց մարդկանց, այլ հեզությամբ ու հանդարտությամբ, մտքերի ստըրջանքով ու մեղմ արտասուքով պետք է սիրտն արթնացնել Հովհան Ոսկեբերան):
  13. Առանց աղոթքի մեր հոգևոր կյանքը թոշնում, ծարավում ու մեռնում է (Հովհան Ոսկեբերան):
  14. Ոմանց շրթունքներին մաքսավորի խոսքն է, բայց սիրտն ու մտքերը՝ փարիսեցունը (Գրիգոր Երկխոս):
  15. Ով սրտում մի բան ունի, իսկ լեզվին՝ մի ուրիշ, նրա ջանքերն ու աղոթքներն իզուր են (Հայր Եսայի):
  16. Նա է կարողանում լավ ապրել, ով կարողանում է լավ աղոթել (Օգոստինոս Երանելի):
  17. Ինչպես տեսողությունը պատվական է բոլոր զգայարանների մեջ, այնպես էլ աղոթքը ամենաբարձրն է առաքինությունների մեջ (Նեղոս Սինայեցի):
  18. Ջանա աղոթքի ժամանակ միտքդ խուլ ու համր պահել, անսայթաք մնալ ամեն տեսակ արկածներից, որպեսզի աղոթքն ընդունելի լինի (Նեղոս Սինայեցի):
  19. Աղոթքը հեզության, անբարկության, անհիշաչարության և սիրո բխումն է (Նեղոս Սինայեցի):
  20. Աղոթքը տրտմության, տարակուսանքների և վշտերի հրաժարադեղ ու սփոփանք է (Նեղոս Սինայեցի):
  21. Ցանկանո՞ւմ ես աղոթել ինչպես պետք է, մի՛ տրտմեցրու որևէ մեկի անձը, ապա թե ոչ՝ ունայն կլինի քո վաստակը և այդ ընթացքը (Նեղոս Սինայեցի):
  22. Զգո՛ւյշ եղիր, միգուցե, փորձելով բժշկել ուրիշներին, քեզ անբժշկելի դարձնես Տիրոջ առաջ և խափանես քո աղոթքը (Նեղոս Սինայեցի):
  23. Եթե ցանկանում ես աղոթել, հրաժարվի՛ր ամեն ինչից, որպեսզի շահես այն (Նեղոս Սինայեցի):
  24. Աղոթիր նախ՝ ախտերից սրբվելու, երկրորդ՝ անգիտությունից և մոռացումից, երրորդ՝ բոլոր փորձություններից և ծուլությունից ազատվելու համար (Նեղոս Սինայեցի):
  25. Ով սիրում է Աստծուն, Նրա՝ որպես Հոր հետ միշտ զրուցում է՝ հեռանալով բոլոր ախտավոր խորհուրդներից դեպի հոգևորը (Նեղոս Սինայեցի):
  26. Չես կարող մաքուր աղոթել՝ պաղատելով մարմնավոր իրեր, քանզի աղոթքը հեռացնում է այս աշխարհի նյութական ակնկալությունից (Նեղոս Սինայեցի):
  27. Ոչ թե փարիսեցու պես, այլ մաքսավորի պես աղոթի՛ր տաճարում, որպեսզի դու էլ արդարանաս Աստծուց (Նեղոս Սինայեցի):
  28. Եթե կամենում ես հոգով աղոթել, ոչ մեկին մի՛ ատիր և չես ունենա մառախուղ, որ դիմադրում է քեզ աղոթքի լուսավորության ժամին (Նեղոս Սինայեցի):
  29. Եթե կանգնել ես աղոթելու ամենակալ Աստծո և Արարչի առջև, ինչո՞ւ ես այդպես անասնաբար կանգնել. մի կողմ ես թողել Նրա երկյուղը և ճանճից ու մժեղից ես երկնչում: Կամ չե՞ս լսել՝ «Քո Տիրոջից երկյուղիր» (Բ Օր. 10:20) (ՆԵղոս Սինայեցի):
  30. Ով հոգ է տանում մաքուր աղոթքի համար, նա կլսի դևերի ճայթյուններ, թնդյուններ, սոսափյուններ և խշխշոցներ և դիվային հեծեծանքներ, սակայն չպետք է վարանի և մատնվի այդ խորհուրդներին, այլ ասի Տիրոջը. «Չերկյուղեցի չարից, քանզի Դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 22:4): Ինչպես նաև սրանց նման աղոթքի խոսքեր (Նեղոս Սինայեցի):
  31. Եթե դևերը հանկարծակի երևալով, սպառնան և զարհուրեցնեն քեզ և հափշտակեն միտքդ կամ գազանների պես վնասեն մարմինդ, մի՛ սարսափիր նրանցից և ուշադրություն մի՛ դարձրու նրանց սպառնալիքներին, քանզի փորձելով վախեցնում են. արդյոք ուշադրության կարժանացնե՞ս նրանց, թե՞ արհամարհում ես (Նեղոս Սինայեցի):
  32. Երբ աղոթելիս զգում ես ուրախություն, որ վեր է այս աշխարհի ուրախություններից, այնժամ իսկապես ձեռք ես բերում սուրբ աղոթքը, որ կատարվում է ի փառս Ամենասուրբ Երրորդության այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն (Նեղոս Սինայեցի):
  33. Թեպետև բարձրանաս առաքինության բոլոր աստիճաններով, աղոթի՛ր մեղքերիդ թողության համար, ինչպես լսեցիր Պողոսից, որն աղաղակում էր մեղավորների մասին, որոնց առաջինը ես եմ (Ա Տիմ. 1:15) (Հովհաննես Սանդուղք):
  34. Ա՛յլ է աղոթքի աղտեղությունը, ա՛յլ՝ խանգարումը, ա՛յլ՝ գողացումը և ա՛յլ՝ բիծը: Աղոթքի աղտեղությունը Աստծո առջև կանգնելն ու չար խորհուրդներ խորհելն է: Խանգարումն աղոթքի ժամին սնոտի հոգսերից գերված մտքերն են: Գողացումը՝ միտքն անզգայացնելն (անուշադիր դարձնել, թմրեցնել, բթացնել) ու ցրելն է: Եվ բիծն այն ժամին մեզ մերձեցած ունայն խորհուրդներն են (Հովհաննես Սանդուղք):
  35. Սրտում վառվող սիրո հուրը հարություն է տալիս աղոթքին, իսկ երբ հարուցյալ աղոթքը երկինք է ելնում, աստվածային լույսն իջնում է հոգու տաղավարը (Հովհաննես Սանդուղք):
  36. Երբ գնաս կանգնելու Տիրոջ առջև, թող քո հոգու հարսանյաց հանդերձն անհիշաչարությամբ հյուսված լինի, ապա թե ոչ՝ նման աղոթքից ոչ մի օգուտ չկա (Հովհաննես Սանդուղք):
  37. Մեր մաղթանքների գործվածքներում ամենից առաջ հոժարությամբ գրենք գոհությունը, երկրորդ տողում՝ խոստովանությունը, երրորդում՝ հոգու և զգայարանների զղջումը, ապա միայն խնդրվածքները ծանուցենք ամենքի Տիրոջն ու Աստծուն, քանի որ աղոթքի ընտրված կարգն այս է՝ ինչպես ոմն եղբոր ծանուցվեց Աստծո հրեշտակից (Հովհաննես Սանդուղք):
  38. Եթե քաղցրանում է աղոթքը և կամ զղջում ես ապրում այդ պահին աղոթքի խոսքերում, մի դադարեցրու և շա՛տ կրկնիր խոսքը, քանզի այդ պահին մեր պահապանը (պահապան հրեշտակը) մեր աղոթակիցն է (Հովհաննես Սանդուղք):
  39. Աղոթքի սկիզբն ընդդիմակաց խորհուրդների արտաքսումն է, միջինը՝ միտքն ու ուշադրությունը սևեռելը, իսկ աղոթքի կատարելությունը՝ առ Աստված հափշտակությունն է (Հովհաննես Սանդուղք):
  40. Սթափությամբ քննիր քեզ աղոթքից հետո, և կտեսնես, որ աղոթքի ժամանակ մեր կողմից պարտված դևերի ոհմակները ջանում են աղոթքից հետո պղծել մեզ անմաքուր անուրջներով (Հովհաննես Սանդուղք):
  41. Ես տեսել եմ, որ շատերը սրտանց աղոթել են իրենց սիրելիների համար՝ առաջնորդվելով վավաշոտության դևից, և կարծել են, թե կատարում են հիշատակի և սիրո օրենքը (Հովհաննես Սանդուղք):
  42. Երբ աղոթքի ժամանակ թեթևություն, ջերմություն և քաղցրություն ես զգում, դա ցույց է տալիս, որ Աստված մխիթարում և պարգևատրում է այդ ջանքի համար, իսկ եթե ծանրություն, մռայլություն և չորություն, ապա դա նշանակում է, որ Աստված մաքրում և զորացնում է հոգին և այդ օգտակար համբերությամբ փրկում նրան, պատրաստելով խոնարհությամբ հաղորդ լինելու գալիք փորձություններին (Աբբա Դիադոխ):
  43. Քեզ համար որպես քաղցր աղոթքի պահ ընտրիր մշտական գիշերային հսկումը, որով բոլոր հայրերը ձերբազատվեցին հին մարդուց և հասան մտքի նորոգման: Այդ գիշերային ժամերին անձը զգում է անմահ կյանքը, թոթափում է իր վրայից խավարային հանդերձը և ընդունում Սուրբ Հոգուն (Հարանց վարք):
  44. Աղոթքը և Աստծո մասին հիշողությունը միմյանց համազոր են: Կարելի է քայլել կամ ինչ-որ բան անել և մտածել Աստծո մասին. սա նույնպես աղոթք է (Հովհաննես Միայնակյաց):
  45. Մի անտեսեք սաղմոսերգությունը, որովհետև սաղմոսները վանում են հոգուց նենգ ոգիներին և ներբնակեցնում Սուրբ Հոգուն («Հարց և պատասխան» գրքից):
  46. Հրեշտակները, ննջեցյալ արդարները աղոթում են ողջերի համար և այդ իսկ հիմքն է սրբոց բարեխոսության: Այս մտքով կարելի է մեկնել նաև Հայտնության այն խոսքը, ուր նկարագրված են քսանչորս երեցները, որոնք իրենց ձեռքերում ունեն «խնկով լի ոսկե բուրվառ, որ սրբերի աղոթքներն են» (Հայտ. 5:8) (Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան):
  47. Աղոթքների մեջ Տերունական աղոթքից ավելի մեծը չկա, այսինքն՝ «Հայր մերից», որ նույն Ինքը Քրիստոս՝ մեր Տերն ուսուցանեց, որից հետո՝ սաղմոսները, որ Դավիթ մարգարեն գրեց Սուրբ Հոգու ազդմամբ, ապա՝ եկեղեցական աղոթքներն ու երգերը, որ սուրբ հայրերը սուրբ Հոգու շնորհով խորհրդաբար կարգեցին:
  48. Եվ թեպետ աղոթքները հույժ բազում են, բայց նրանց մեջ արեգակի պես փայլում է մեր սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթական մատյանը: Ազդու է և պարզ սուրբ Շնորհալու «Հավատով խոստովանիմը», որը թե՛ տղամարդ և թե՛ կին պարտավոր են ուսանել և նրանով առ Աստված աղոթել ամեն օր, ուր էլ գտնվեն (Պողոս Պատրիարք):
  49. Մարմնական տրտմություններն ու կենցաղի հոգսերը խափանում են աղոթքի զորությունը և անպտուղ դարձնում այն: Իսկ մեղքերի համար զղջացող սրտից ելնող տրտմությունն՝ ապաշխարության կանոնի հետ օգնում է աղոթքի զորությանը և արդյունավորում շնորհների պարգևները (Պողոս Պատրիարք):
  50. Առանձնական աղոթքը հույժ օգտակար է, բայց անհրաժեշտ է նախ հրապարակայինը կատարել եկեղեցում և ապա՝ առանձնականը: Իսկ եթե որևէ մեկը ծուլության պատճառով չգնա եկեղեցի և համարի, որ առանձնական աղոթքով ազատվում է պարտքերից, մեծապես խաբվում է, քանզի եթե կա եկեղեցին, և ինքը կարող է գնալ այնտեղ, ապա զանց առնելով՝ մեղանչում է (Պողոս Պատրիարք):
  51. Որքան մարդիկ օտարանում են աղոթքից, այնքան Աստծո շնորհը հեռանում է նրանցից՝ մինչև մեծամեծ մեղքերի մեջ ընկնելը, որ հոգու մահն է (Պողոս Պատրիարք):
  52. Ով չի աղոթում Աստծուն, անբաններից էլ անբան է, անարժան՝ Աստծո խնամքին, ապերախտ և ապաշնորհ՝ իր Բարերարի հանդեպ, քանզի ստանում է բարիքներն ու վայելում և չի ճանաչում բարիքները Տվողին ու չի փառավորում (Պողոս Պատրիարք):
  53. Աղոթքն անպարտելի զենք է դևերի դեմ պատերազմում, և քանզի դևերը գիտեն, թե աղոթքով պարտվում են մարդկանցից, այդ իսկ պատճառով առավելապես ջանում են խափանել կամ անպտուղ դարձնել մարդկանց աղոթքը:
  54. Ուստի, ով աղոթելիս ինչ-ինչ ձանձրույթ և նեղություն է զգում, թող գիտենա, այն դևերի որոգայթն, է և ոչ մի դեպքում չթուլանա աղոթելուց, այլ առավել ջանք անելով զորանա՝ օգնություն հայցելով Տիրոջից: Եվ Աստված, որ մերձ է նրանց, ովքեր փշրված սրտով են աղոթում Իրեն, անմիջապես օգնության կհասնի, իսկ դևերն իսկույն կհալածվեն ու կչքվեն (Պողոս Պատրիարք):
  55. Աղոթքի մեջ կարևոր է և օգտակար դիմել Աստծո սուրբերին՝ բարեխոսելու առ Աստված, մանավանդ, սուրբ Աստվածածնին: Ուստի և Եկեղեցին իր բոլոր պաշտամունքներում կարգել է արժանավոր մաղթանքներ սուրբ Աստվածածնին՝ ապավինելով նրա անդառնալի բարեխոսությանը (Պողոս Պատրիարք):
  56. Երբ աղոթում ես, նպատակդ որոշի՛ր, ապա սաղմոսիր (Եզնիկ Կողբացի):
  57. Եթե մեկից որևէ բան ես ստանում, հիշի՛ր սովորական աղոթքի մեջ (Եզնիկ Կողբացի):
  58. Աղոթականին պետք չեն շատ խոսքերի հյուսվածքներ. մաքսավորը մի բարբառ արձակեց, և նրա աղոթքն ընդունելի եղավ, և մեղքերի բազմաքանքար բեռները թեթևացրեց (Հովհան Մանդակունի):
  59. Շատերը բազում բարիքներ ստացան աղոթքի միջոցով և հաճելի եղան Աստծուն, որով մեղքերի թողություն և հոգիների փրկություն գտան: Եվ մանավանդ նրանք, ովքեր արտասուքներով և տնանկներին գթալով են աղոթում, ոչ միայն մեղքերի թողություն են գտնում, այլև ստանում են մարմնի խնդրանքները և երկնքի բարիքները (Հովհան Մանդակունի):
  60. Ահա Եղիայի աղոթքը երկինքը փակեց ու բացեց, Դավթի աղոթքը հրեշտակի սուրը կանգնեցրեց, Հովնանի աղոթքն իրեն կենդանի հանեց կետի փորից, քանանացու աղոթքը հալածեց դևին իր դստեր միջից, աղոթքը սրբեց պոռնիկներին, բժշկեց հիվանդներին, մաքրեց բորոտներին, լուսավորեց կույրերին և արդարացրեց մեղավորներին (Հովհան Մանդակունի):
  61. Ով քեն ունենա ընկերոջ նկատմամբ, անհնար է, որ նրա աղոթքները ելնեն առ Աստված (Հովհան Մանդակունի):
  62. Այսպես պետք է հուսալ և հավատալ սուրբերի ժողովին և բարեխոսություններին՝ որպես քահանաների, որոնք կանգնած են Նրա առջև, ով նստած է Հոր աջ կողմում, և թող յուրաքանչյուրին աղոթքով պատարագ ընծայեն՝ կենդանի և վախճանված հավատացյալ ժողովրդի կամա և ակամա սխալների հաշտության համար (Գրիգոր Լուսավորիչ):
  63. Ամենուր հոգևորապես, անխափան կատարի՛ր աղոթքի ծառայությունդ՝ թե՝ տանը նստած, թե՛ ճանապարհ գնալիս, թե՛ աշխատելիս, թե՛ ննջելիս և թե՛ արթնանալիս (Գրիգոր Լուսավորիչ):
  64. Դու աղոթում ես, որ թողնվի քեզ և խոստովանում, որ դու ևս թողնում ես: Խորհի՛ր քո մտքում նախ՝ թողնո՞ւմ ես դու, և սուտ մի՛ լինիր Աստծո առաջ՝ ասելով՝ թողնում եմ, բայց չես թողնում: Մի՞թե մարդ է քեզ համար Աստված, որ ստում ես Նրան: Եթե մարդ իր ընկերոջ դեմ մեղք է գործում, Տիրոջից է խնդրում քավություն, ապա եթե Աստծո դեմ մեղք գործի, ումի՞ց խնդրի քավություն: Մի՛ դատապարտիր անձդ քո աղոթքներով (Հակոբ Մծբնա Հայրապետ):
  65. Աղոթքի ժամանակ հեռու չես հրեշտակներից, այլ նրանց հետ ես, որպեսզի նրանց հետ փառավորես Աստծուն. ինչպես որ դու նրանց հետ ես միաբանվում, նույնպես էլ նրանք քեզ հետ երգակից են լինում աղոթքների և օրհնությունների ժամանակ (Եղիշե):
  66. Մի՛ շտապեք (աղոթքի ժամանակ) մարմնավոր աչքով տեսնել Աստծուն, որպեսզի տարաժամ չկործանվեք (Եղիշե):
  67. Եթե Պողոսն աշակերտների աղոթքների կարիքն ուներ, որչափ առավել ևս մենք կարիք ունենք միմյանց համար աղոթելու: Ուրիշների համար աղոթելով, ուրիշների աղոթքները կշահենք մեզ համար (Խոսրով Անձևացի):
  68. Աղոթքն առավել հարազատ և մերձավոր է Աստծուն, քան ամեն մի առաքինություն, քանզի բոլոր մյուսները որպես հանդերձանք և պատրաստություն են Աստծո մոտ մուտք գործելու համար, իսկ սա դեմ-հանդիման խոսակցություն է Աստծո հետ (Գրիգոր Նարեկացի):
  69. Ուսուցանելիս ասաց. «Մի՛ եղեք շատախոս հեթանոսների պես» (Մատթ. 6:7), և որպեսզի չկարծեն, թե երկար աղոթելն անշնորհ բան է, նույնիսկ Ինքը, որ աղոթքի կարիք չուներ, ողջ գիշեր աղոթում էր Աստծուն, որպեսզի սովորենք, թե շատախոսություն է ոչ թե բազում աղերսները, այլ՝ դատարկ և անհաճ բարբառելը (Իգնատիոս վարդապետ):
  70. Աղոթենք անդադար, քանզի սա է անուշահոտ խունկը, որ ծխվում է Աստծո առաջ ոսկե բուրվառով, որն էլ հաճելի է Աստծուն: Աղոթքով միշտ բախենք Արարչի գթառատության դուռը: Աղոթքը սանդուղք է երկրից մինչև երկինք, լույս է խավար ճանապարհին, մնայուն պաշար է մշտնջենավոր կյանքի համար: Ուստի ջանանք սուրբ մտքով արիաբար աղոթել այս կյանքում, որպեսզի սրանից հետո արժանանանք անպատում բարիքներին ու հավիտենական կյանքին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով ու մարդասիրությամբ (Վարդան Այգեկցի):
  71. Աստված կամենում և ուրախանում է, երբ մենք աղոթում ենք ողջ աշխարհի համար՝ արդարների ու մեղավորների, կենդանիների, ննջեցյալների, հեռավորների ու մերձավորների, առավել ևս՝ նրանց համար, ովքեր չարիք են կամենում կամ գործում մեր նկատմամբ (Վարդան Այգեկցի):
  72. Աղոթքով մարդ զրուցում է Աստծո հետ և հավասարվում հրեշտակներին: Առավել ևս այն ժամանակ, երբ ջերմ արծաթափայլ արտասուքը բխելով իջնում և լվանում է աչքն ու մորուքը և միևնույն ժամանակ ջնջում մարդու ներսում եղած մեղքերի շարավը: Եվ սիրտն սկսում է փղձկալ և ճմլվել և բորբոքվել Աստծո սիրո կրակով: Ապա միտքը, համբառնալով առ Աստված, տեսնում է հանդերձյալ աշխարհն ու արդարների հանգիստը (Վարդան Այգեկցի):
  73. Աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստի և պետք է միշտ եռանդուն լինել աղոթելու մեջ, իսկ եթե աղոթքը դադարում է, նշանակում է, թե մեռած է հոգին (Գրիգոր Տաթևացի):
  74. Մեր բոլոր գործերն աղոթքներով հաջողվում են և կատարվում, քանի որ ամեն գործում մարդ օգնականի կարիք է զգում, և երբ աղոթում ենք, Աստված օգնական է լինում՝ լինի վաստակ, թե՛ ձեռագործ, թե՛ ճանապարհ և այլն: Իսկ եթե չենք աղոթում, սատանան ամեն գործում հակառակում և խանգարում է (Գրիգոր Տաթևացի):
  75. Չպետք է ննջել աղոթքի տեղում, այլ՝ արթուն մնալ, ըստ այնմ՝ «Արթուն կացեք, քանի որ չգիտեք…»: Եվ եթե այնտեղ ննջում ես, ի՞նչ տարբերություն տանը ննջելուց, եթե քնի համար ես գալիս՝ ավելի լավ է չգաս (Գրիգոր Տաթևացի):
  76. Չպետք է առանձնական աղոթքն աղաղակելով ասել, այլ՝ սրտում գոչել, ինչպես Մովսեսը ծնկեց երեսն ի վայր և սրտում աղոթեց. և այս մասի՛ն է ասում. «Ինչո՞ւ ես աղաղակում ինձ» (Ելից. 4: 5) (Գրիգոր Տաթևացի):
  77. Խոսքերի տեղեկությամբ աշխատում ենք մեր անձերում ճանապարհ բացել իղձերի ու փափագման, հառաչման ու արտասուքների համար. որպեսզի չլինի թե միայն լեզվով լինենք աղոթքի մեջ և մտքով անպտուղ մնանք նրանից, այլ, մտքի տեսության առջև քննելով աղոթքի վայելչությունը, թերևս, ցանկանք ձեռք բերել այն մտքի մաքրությամբ, հառաչմամբ և արտասուքով (Ներսես Լամբրոնացի):
  78. Աղոթքներում չճառենք ունայն խոսքերով, ինչպես արձագանքների սոսկ հնչումը, կամ կապիկների պես՝ ըստ սովորության, միշտ բերանով պաղատելով, այլ հոգով և մտքով Աստծո կամքի համաձա՛յն պատրաստենք մեզ աղոթքի ժամին: Քանզի նա, ով աղոթքի վայրում մարմնով լինի, իսկ մտքով՝ անկապ, անասունների պես դրսում թափառի, ոչ միայն աղոթքից վարձք չի ստանա, այլև կդատապարտվի անզգույշ աղոթքի համար (Խոսրով Անձևացի):
  79. Ուր պետք էր մեղքերը քավել և հաճոյական աղոթքով Աստծուն հաշտեցնել, այնտեղ շատախոսությամբ և ծաղրածությամբ բարկացնում են Աստծուն և դատապարտված դուրս գալիս աղոթարանից՝ վարձք ստանալու և հոգևոր շնորհներ շահելու փոխարեն: Էլ չեմ ասում աղոթքի ժամին հակառակությամբ և նախանձով, նաև կեղծավորությամբ ու փառասիրությամբ միմյանց հանդեպ վարվելու մասին կամ չարությամբ լռելու, կամ երգերը նախանձով եղանակելու: Աստված աղոթքների այդպիսի պտուղները չի ընդունում, այլ առավել զայրանում է և դատապարտում (Խոսրով Անձևացի):
  80. Հարաժամ աղոթքի փութալը տերունական պատվեր է, միշտ և անդադար պետք է աղոթել Նրան: Քանզի, թեպետ այլ առաքինությունների համար չափ և սահման ունենք, այսինքն՝ պահոց պնդությունն ու մարմնի ճնշումը ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ժամանակի պատշաճության, սակայն աղոթքի պտուղը Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում (Խոսրով Անձևացի):
  81. Աղոթքը սանդարամետական դևերի հալածիչ է, Բելիարին, ջախջախող, բանսարկուին, կործանող, նրա բոլոր արկածները խափանող: Եվ քանի որ սատանան գիտի, որ մարդն աղոթելիս շնորհ է ստանում Աստծուց, ուստի ջանում է աղոթքի ժամին ցնորել մարդկանց մտքերը, որպեսզի զրկի շնորհներից, որոնք մարդ ստանում է մաքուր աղոթելիս (Խոսրով Անձևացի):
  82. Այսպես պետք է ընտրողաբար խնդրել և աղոթել: Եվ Ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ առատաձեռն է յուրաքանչյուրիս բարիքներ շնորհելու մեջ, որ փոքր խնդրանքի դիմաց մեծամեծ պարգևներ է տալիս, որ գիտե նախքան մեր խնդրելը և պարգևում է նախքան աղերսելը, մեր բոլոր խնդրվածքները թող ի բարին կատարի: Քանզի տեսնում է անհոգներիս և մեր միտքն ու կամքը դեպի բարին շարժում: Եվ թող Իր արարչական խնամքով թողնի մեր հանցանքները և բոլորիս առատապես լցնի հոգևոր ու մարմնավոր բարիքներով. և Նրան Փա՜ռք և գոհությո՜ւն և երկրպագություն Իր Հոր և Ամենասուրբ Հոգու հետ: Ամեն (Գրիգոր Տաթևացի):

Նյութերը աղբյուրը՝ «Խրատանի ապաշխարության» մատենաշար

1.  Այսպիսի բան իմացանք Հովհաննեսի մասին, որ գուբի մեջ հանդարտում էր (խաղաղությամբ ճգնում էր), որ մանուկ էր հասակով, առույգ՝ շնորհով, կամավորապես միայնացյալ և անքակտելի՝ Աստծո կցորդությունից: Դևը վիշապի տեսքով փաթաթվել էր նրան, ծամում էր նրա մարմինը և սաստիկ փսխում երեսին, իսկ նա իր ընթացքից (աղոթքից) ամենևին չէր սասանվում (Նեղոս Սինայեցի):

2.  Ընթերցե՞լ ես արդյոք տաբենեսացի միայնակյացների վարքը, ինչպես պատմում են՝ մինչդեռ Աբբա Թեոդորոսը խոսում էր եղբայրների հետ և ուսուցանում, երկու իժ եկան, մնացին նրա ոտքերի մոտ, իսկ նա անխռով մնալով, դնելով ոտքը նրանց վրա, անշարժ մնաց մինչև հոգևոր խրատների ու աղոթքի ավարտը, և ապա ցույց տվեց նրանց եղբայրներին և պատմեց այնպիսի բաներ, որ չգիտեին (Նեղոս Սինայեցի):

3.  Լսեցինք, որ սուրբերից մեկը, երբ աղոթքի էր կանգնում, չարն այնքան էր հակառակում, որ երբ նա (աղոթքի ժամանակ) տարածում էր ձեռքերը, առյուծի տեսք էր ստանում և, կանգնելով նրա դիմաց, իր ճիրանները երկու կողմից խրում էր ջանացողի ցցված թիակների մեջ և չէր ուզում անջատվել նրանից, մինչև ձեռքերը չիջեցնի: Իսկ սուրբը բնավ չէր զիջում, քանի դեռ սովորական աղոթքն էր կատարում (Նեղոս Սինայեցի):

4.  Դարձյալ մեկ այլ հոգևոր եղբոր մասին ընթերցեցինք, թե աղոթելիս մի իժ եկավ, մերձեցավ նրա ոտքերին, իսկ նա չիջեցրեց ձեռքերը՝ մինչև սովորական աղոթքը ավարտելը և բոլորովին չվնասվեց, քանզի Աստծուն իրենից առավել սիրեց (Նեղոս Սինայեցի):

5. Երկու աբեղա գիշերը մտել էին իրենց անկողինները և աղոթքի գիշերային կարգն էին կատարում: Եվ ահա հայտնվեց սատանան, սաստիկ գարշահոտությամբ լցնելով սենյակն ասաց. «Նման աղոթական կարգին, նման խնկարկություն է վայել» (Հայելի Վարուց):

6.  Մի սրբասեր և աստվածահաճո քարոզիչ էշով շրջում էր գյուղեգյուղ և Կենաց խոսքը սերմանում: Մի օր մտել էր եկեղեցի և էշը թողել էր դռանը: Մինչ «Հայր մեր» էր ասում, նրա միտքը մի քանի անգամ շեղվեց աղոթքից՝ էշի մասին մտածումներով. «Միգուցե մեկը կգողանա»: Այս և նման խորհուրդները խափանում էին նրա աղոթքը: Տեսնելով այս, նա ելավ եկեղեցուց և էժան գնով վաճառեց էշը: Նա չէր կամենում, որ իր միտքը աղոթքի ժամին զբաղված լինի և իրեն հեռացնի Աստծուց (Հայելի Վարուց):

7.  Մի վանահայր ունենալով հոգևոր տեսության շնորհ, եկեղեցի գնալու ճանապարհին անցնում է մի խցի մոտով, որտեղ ապրում էր մի եղբայր: Նա այնտեղ տեսնում է նաև բազմաթիվ դևեր՝ կանացի տեսքով և տարբեր գայթակղիչ տեսակներով: Նրանք խոսում էին անպիտան բաներ, ծիծաղում և ցնծում էին: Ծերը հոգոց հանելով ինքն իրեն ասաց. «Այս եղբայրը տրվել է ծուլությանը և դրա համար էլ չար ոգիները շրջապատել են նրան և դարձրել իրենց ձեռքի խաղալիք»:

Ավարտելով աստվածային պատարագը, հետդարձի ճանապարհին ծերը մտնում է եղբոր խուցը և ասում. «Եղբայր իմ, ես մի վիշտ ունեմ, բայց հավատում եմ իմ Աստծուն, որ նա ինձ կազատի այդ վշտից, եթե դու ինձ համար աղոթք անես»: Այս խոսքերից եղբայրն ընկնում է մտածմունքի մեջ և ասում ծերին. «Հայր, արժան չեմ քեզ համար աղոթելու»:

Սակայն ծերն սկսում է համոզել նրան ասելով. «Չեմ հեռանա քեզանից, եթե դու խոսք չտաս ինձ համար աղոթք անել գիշերները»:

Եվ եղբայրը խոստանում է կատարել ծերի խնդրանքը:

Այդպես արեց ծերը, որպեսզի նրան դնի Աստվածային վարքի ճանապարհին և հաստատի գիշերային աղոթքի մեջ:

Առաջին իսկ գիշերը եղբայրը ելավ քնից, որպեսզի ծերի համար աղոթք անի: Աղոթքի վերջում վանականն ասաց ինքն իրեն. «Անձ իմ եղկելի, ծերի համար աղոթք արեցիր, իսկ քեզ համար ինչո՞ւ չես աղոթում Աստծուն»:

Եվ իսկույն իր համար էլ սկսեց աղոթք անել:

Այսպես նա վարվեց մի շաբաթ. մի աղոթք ծերի համար անելով, մի աղոթք՝ իր համար: Հաջորդ կիրակի եկեղեցի գնալիս, ծերը դարձյալ տեսավ դևերին, արդեն մի տեսակ ձանձրույթի մեջ ընկած:

Ծերը հասկացավ, որ եղբոր աղոթքը դևերին վշտացրել է: Նա մտնելով եղբոր խուցը, խնդրեց, որ ամեն գիշեր երկու աղոթք անի իր համար: Եղբայրը երկու աղոթք սկսեց անել ծերի համար, և նորից ինքն իրեն ասաց. «Օ՜, թշվառ անձ, մի աղոթք էլ ավելացրու քեզ համար»:

Եվ այսպես անցկացրեց ևս մեկ շաբաթ:

Հաջորդ անգամ անցնելիս, ծերը տեսավ դևերին ավելի վհատված և պապանձված: Գոհանալով Աստծուց նա մտավ եղբոր մոտ և ասաց, որ նորից մի աղոթք ավելացնի իր համար: Այսպես մեկ շաբաթվա ընթացքում վեցական աղոթք արեց եղբայրը իր և ծերի համար: Եվ նորից ծերը եկավ եղբոր մոտ: Այնժամ դևերը բարկացան ծերի վրա եղբոր փրկության համար, իսկ նա փառավորեց Աստծուն, մտավ եղբոր մոտ, սովորեցրեց նրան չծուլանալ և անդադար աղոթք անել Աստծուն: Իսկ դևերը տեսնելով, որ եղբայրը հաստատվել է աղոթքի և ճգնության մեջ, հեռացան նրա խցից (Հարանց Վարք):

8.  Մի վանական իր խցում կատարում էր իր ամենօրյա աղոթական կարգը, հանկարծ նրա մոտ ահավոր գլխացավ սկսվեց, և միանգամից բարձրացավ ջերմությունը, ու ամբողջ մարմինը բռնվեց ցավով: Վանականը կարծեց, որ սա մահվան հիվանդություն է, սակայն մտածեց, որ եթե պիտի մահանա, գոնե աղոթական կարգը մի կերպ ավարտին հասցնի: Եվ երբ վերջացրեց, նույն պահին ցավերն ու ջերմությունն անցան, և նա հասկացավ, որ սա թշնամական հարձակման արդյունք էր, որպեսզի իրեն շեղի աղոթական կարգից (Հարանց Վարք):

Աղբյուրը՝  www.surbzoravor.am

Ի՞նչ է աղոթքը։
— Աղոթքը հավատացյալների՝ Աստծուն ուղղած խոսքերն են։

Ինչպե՞ս են Աստծուն ուղղվում այդ խոսքերը։
— Հայտնի կամ ծածուկ, այսինքն, հավատացյալներն աղոթում են հրապարակավ կամ առանձին։

Ո՞րն է հրապարակային աղոթքը։
— Աղոթքը հրապարակային է, երբ հավատացյալները հավաքվում են եկեղեցում կամ եկեղեցու չգոյության դեպքում որևէ տեղ և աղոթում միասին։ Աղոթքը ծածուկ է, երբ հավատացյալներն աղոթում են առանձին՝ տանը, դաշտում, լեռան վրա, աշխատանքի վայրում, ծովում և այլուր (խոսքը հրատպ աղոթքի մասին է)։

Ինչպիսի՞ն պետք է լինի աղոթքի բովանդակությունը։
— Մեր Տեր Հիսուս Քրիստոս «Հայր մեր»-ով սովորեցրեց, թե ինչպես պետք է աղոթել։ «Հայր մեր»-ը կոչվում է Տերունական աղոթք, այն է. «Հա՜յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս և յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տո՜ւր մեզ այսօր և թո՜ղ մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի՜ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՜ զմեզ ի չարէ, զի Քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յաւիտեանս. ամէն»։

Կարո՞ղ ես բացատրել այս աղոթքը։
— Քրիստոնյաները պետք է հավատան և գիտենան, որ Աստված իրենց երկնավոր Հայրն է, Ում անունը սուրբ է, Ում թագավորությունը պետք է տիրի մարդկանց մեջ, Ում կամքը պետք է գործադրվի ամեն տեղ։ Մեր ամենօրյա հացը կամ սնունդը Նա է տալիս մեզ։ Նա է ներում մեզ մեր հանցանքները, և մենք էլ իրար պիտի ներենք և պիտի խնդրենք Նրանից՝ հեռու պահել մեզ փորձություններից և փրկել չարից, որովհետև Նրանն է իշխանությունը, կարողությունը և հավիտենական փառքը։

Ո՞րն է հրապարակային աղոթքի ձևը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում։
— Ամեն օր, նշանակված ժամին, հավատացյալները հավաքվում են եկեղեցում և հոգևոր պաշտոնյաների առաջնորդությամբ ժամերգություն կատարում, որի ժամանակ մատուցվում են աղոթքներ, երգվում շարականներ, ընթերցվում է Սուրբ Գիրքը և այլն։

Ի՞նչ է նշանակում արարողություն և ծես։
— Արարողություն և ծես գրեթե միևնույն նշանակությունն ունեն, այսինքն՝ խորհրդավոր պաշտամունք անել՝ համաձայն որոշված կանոնների և ձևերի։

Ինչպիսի՞ գրքեր են գործածվում եկեղեցում՝ աստվածային պաշտամունք կատարելու համար։
— Տարբեր գրքեր, դրանք են.
1. Ժամագիրք, որ բովանդակում է օրվա ժամերգությունների կարգը։
2. Շարակնոց, որ բովանդակում է Հայ Եկեղեցու հոգևոր երգերն ըստ կանոնների։
3. Ճաշոց գիրք, քանի որ մեր Եկեղեցում Սուրբ Գրքի ընթերցումը կատարվում է ճաշի ժամին, այսինքն՝ կեսօրին մոտ, այդ պատճառով այդ գիրքը Ճաշոց է կոչվում, որ բովանդակում է Հին և Նոր Կտակարաններից ընտրված ընթերցումները ամբողջ տարվա յուրաքանչյուր օրվա համար։
4. Տոնացույց, որ ցույց է տալիս տոն օրերի շարքը մեր Եկեղեցում և աստվածային պաշտամունքի ամենօրյա կարգը, այսինքն՝ օրվա ընթերցվածները, շարականները, աղոթքները և այլն։ Հայաստանյայց Եկեղեցում Տոնացույցն աստվածային պաշտամունքի ընդհանուր ուղեցույցը կամ հայտագիրն է։
5. Մաշտոց, որ բովանդակում է խորհուրդների և այլ սրբազան արարողությունների կատարման կարգավորությունը և արարողական ու ծիսական խրատները։ Այս է պատճառը, որ Մաշտոցը կոչվել է նաև Ծիսարան։
6. Պատարագամատույց կամ Խորհրդատետր՝ սուրբ Պատարագի խորհուրդի գիրքը, որ Պատարագի ժամին դրվում է սուրբ Սեղանի վրա։
7. Տաղարան, որ բովանդակում է բազմաթիվ տաղեր կամ երգեր, ինչպես նաև սուրբ Պատարագի երգեցողության մասը։

Ընդհանուր աղօթքն անհրաժե՞շտ է:
— Ընդհանուր, միացեալ աղօթքը եկեղեցու կեանքի կարեւոր մասն է, ինչպէս երկրպագութիւնը, առողջ վարդապետութիւնը, հաղորդութիւնը եւ ընկերակցութիւնը: Վաղ եկեղեցին պարբերաբար ժողովւում էր առաքեալների վարդապետութիւնը սովորելու, հաց կտրելու եւ միատեղ աղօթելու (Գործք 2.42): Հաւատացեալների համատեղ աղօթքը կարող է շատ արդիւնաւոր լինել: Այդպիսի աղօթքը շինութիւն եւ միութիւն է բերում մեզ, երբ մէկմէկու հաղորդակցում ենք մեր հաւատքը: Նոյն Սուրբ Հոգին, ով բնակւում է իւրաքանչիւր հաւատացեալիս մէջ, ցնծութեամբ է լցնում մեր սրտերը, երբ փառաբանութիւն ենք լսում մեր Տիրոջն ու Փրկչին՝ միահիւսելով մեզ ընկերակցութեան այնպիսի ուրոյն կապով, որ կեանքում որեւէ այլ տեղ գոյութիւն չունի:

Արդեօ՞ք ընդունելի է շարունակ աղօթել միեւնոյն բանի համար:
— Ղուկաս 18, 1-7-ում Յիսուս մի առակի օրինակով բացատրում է աղօթքի մէջ յարատեւելու կարեւորութիւնը: Պատմում է մի այրի կնոջ մասին, ով գալիս է մի անիրաւ դատաւորի մօտ իր հակառակորդի դէմ արդարութիւն որոնելու: Կնոջ ամառութեան շնորհիւ դատաւորի գութը շարժւում է: Յիսուս ուզում է ասել, որ եթէ մի անիրաւ դատաւոր ի վերջոյ բաւարարում է յամառ խնդրառուի արդարութեան պահանջը, որքա՜ն առաւել մեզ՝ «իր ընտրեալներին» (18. 7) սիրող Աստուած կպատասխանի մեր աղօթքին, եթէ շարունակ աղօթենք: Առակը չի ասում (ինչպէս սխալաբար կարծում են), որ եթէ մի բանի համար անդադար աղօթենք, Աստուած պարտաւորուած կլինի տալու մեզ մեր խնդրածը: Փոխարենը Աստուած խոստանում է լուծել իրենների վրէժը, պաշտպանել նրանց դատը, ուղղել նրանց սխալները, արդարութիւն անել նրանց եւ ազատել իրենց հակառակորդներից: Նա այս ամենն անում է ի սէր իր արդարամտութեան եւ սրբութեան, որովհետեւ ատում է մեղքը. աղօթքին պատասխանելով՝ Նա պահում է իր խոստումը եւ դրսեւորում է իր իշխանութիւնը:

Ինչպէ՞ս կարող եմ աղօթքիս պատասխան ստանալ Աստծուց:
— Շատերի համոզմամբ՝ պատասխանի արժանացած աղօթքն այն է, երբ Աստուած բաւարարում է իրեն ուղղուած աղօթքի խնդրանքը: Եթէ խնդրանքը բաւարարուած չէ, ապա դա հասկանում են իբրեւ «չպատասխանուած» աղօթք: Բայց սա աղօթքի սխալ ըմբռնում է: Աստուած պատասխանում է իրեն արուած ամէն աղօթքի. երբեմն պատասխանում է «ո՛չ», երբեմն՝ «սպասի՛ր»: Աստուած խոստանում է բաւարարել մեր այն աղօթքները, որոնք իր կամքի համաձայն են: «Եւ սա է այն համարձակութիւնը, որ Նրա նկատմամբ ունենք, թէ ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ: Եւ եթէ գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաեւ, որ Նրանից ստանում ենք մեր խնդրածները» (Ա Յովհ 5.14-15):

Ի՞նչ է նշանակում աղօթել Աստուծոյ կամքի համաձայն:
— Աստուծոյ կամքի համաձայն աղօթել՝ նշանակում է աղօթել այնպիսի բաների համար, որոնք պատւում եւ փառաւորում են Աստծուն, կամ որոնք յստակօրէն Աստուծոյ կամքն են ըստ Սուրբ Գրքի: Եթէ աղօթում ենք մի բանի համար, որ չի պատւում Աստծուն կամ Նրա կամքը չէ մեր կեանքի համար, Աստուած չի տայ մեր խնդրածը: Իսկ ինչպէ՞ս իմանանք՝ որն է Աստուծոյ կամքը: Աստուած մեզ խոստանում է իմաստութիւն տալ, եթէ խնդրենք այն: Յակոբոս 1, 5-ն ասում է. «Եթէ ձեզանից մէկն իմաստութեան պակասութիւն ունի, թող խնդրի Աստծուց, որ բոլորին առատութեամբ տալիս է ու չի նախատում, ու նրան կտրուի»: Լաւ մեկնակէտ է Ա Թեսաղոնիկեցիս 5, 12-24 հատուածը, որտեղ ամփոփ բերւում են շատ բաներ, որոնք Աստուծոյ կամքն են մեզ համար: Որքան լաւ հասկանանք Աստուծոյ Խօսքը, այնքան լաւ կիմանանք, թէ ինչի համար աղօթենք (Յովհ 15.7): Որքան լաւ իմանանք՝ ինչի համար պիտի աղօթենք, այնքան յաճախ Աստուծոյ պատասխանը «այո» կլինի մեր խնդրանքներին:

Աղբյուր՝
Քրիստոնեական: Հանրամատչելի գիտելիքներ բոլորի համար
www.gotquestions.org

Աղոթքի վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ սխալ պատկերացումներ: 

Դրանք խոչընդոտում են ամբողջությամբ ընկղմվելուն այս գործողության՝ աղոթքի մեջ, որին ցանկանում է մասնակցել Աստվածը: Չափազանց հաճախ մենք աղոթքին նայում ենք որպես բարեհունչ նրբագեղ մենախոսության, որի մեջ օգտագործում ենք «քանզի»-ներ ու «եղիցի»ներ ու դրանով ինչ-որ բան ենք խնդրում Աստծուց:

Եվ մոռանում ենք աղոթքի իրական նշանակությունն ու նպատակը:
Ահա հինգ սխալ պատկերացումներ, որոնք ուղղելու կարիք են զգում.

1. Աղոթքը չի փոխում Աստծուն, աղոթքը փոխում է մեզ: Մենք չպետք է պատկերացնենք, թե Աստված մեր առաջ է, որպեսզի Նրան տեղյակ պահենք մեր գործերի մասին, կամ հուշենք Նրան, թե ինչ պետք է անի: Աստված ամենուր է և ամենագետ: Նա գիտի մեր կարիքները:

Աղոթքի ընթացքում Աստված մեզ համար բացահայտում է իր տեսիլքը: Աղոթքի ընթացքում տեղի է ունենում մեր մտքի ու սրտի փոփոխություն: Մենք օժտվում ենք Աստծո կամքով աղոթելու ընդունակությամբ: Մենք պետք է ձգտենք, որ կատարվի ոչ թե մեր կամքը, այլ Իր կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:

2. Աղոթքը մեր կարիքները Աստծուն հայտնելը չէ: Աղոթելիս մենք առաջին հերթին պետք է փնտրենք Աստծո կամքը, որպեսզի իմանանք, թե ինչ ուղղությամբ գործադրենք մեր հավատը:

Շատերը աղոթում են, վստահ չլինելով, որ Աստված պատասխանելու է: Որպեսզի մեր աղոթքը հաջող լինի, անհրաժեշտ է, որ այն հագեցված լինի հավատով, ինչն անհնար է, եթե մեր աղոթքը չի համապատասխանում Նրա ցանկություններին:

Որպես ելակետ պետք լինի Աստծուն ուղղված հարցը մեր կյանքի գորշ կողմերի մասին: Մենք պետք է Աստծուց Իր կամքը խնդրենք: Երբ մեզ հայտնի կդառնա Նրա կամքը, կմնա միայն դրան ավելացնել մեր հավատը, վստահորեն գիտենալ, որ Աստծո պատասխանը շուտով լինելու է, քանի որ Նա մեզ համար բացահայտել է Իր կամքը:

3. Մի՛ աղոթեք միայն ձեզ համար: Մի՛ մոռացեք աղոթել նաև ուրիշների համար: Բավականին հեշտ է միայն սեփական գանգատների և խնդրանքների վրա կենտրոնանալը, սակայն Աստված կամենում է, որ մենք ուրիշներին մեզնից բարձր դասենք:

Դա Ասում է Աստվածաշունչը: Կա՞ այս պայմանը կատարելու ուրիշ, ավելի լավ եղանակ, քան առաջին հերթին ուրիշի համար աղոթելը:
4. Աղոթքը Աստծուն ուղղված մենախոսություն չէ, այլ զրույց Աստծո հետ: Ունկնդրել Աստծոն՝ սա աղոթքի կարևորագույն մասն է: Աղոթքի մի մասը պետք է հատկացնել լսելուն ու խորհելուն, այլ ոչ թե աղոթքը վերածել սեփական մենախոսության:

Որքան տհաճ է հաղորդակցվել մեկի հետ, ով զրույցը վերածում է մենախոսության՝ ճնշելով զրուցակցի վրա: Սա ճշմարիտ է նաև աղոթքի դեպքում: Աստված կամենում է դիմել մեզ:

Մենք պետք է ամբողջովին լսողություն դառնանք և ինքներս մեզ վարժեցնենք լռությանն ու Աստծո առաջ հանգստությանը: Եվ երբ կսկսեք այսպես վարվել, կզարմանաք, թե որքան հաճախ Աստծո ձայնը հնչում է մեղմ ու խաղաղ, քան թե որպես ամպրոպաձայն շեփոր:

5. Աղոթը նվիրված է ոչ միայն ապագային: Կենաց չափ կարևոր է Աստծուն երախտապարտ լինելն այն ամենի համար, ինչն արդեն կատարվել է:

Իհարկե հեշտ է սեփական կարիքների վրա կենտրոնանալը, բայց մենք պարտավոր ենք աղոթքի մի մասն էլ հատկացնել Աստծուն մեր շնորհակալությունը հայտնելուն, որ նա լսել է մեզ և արդեն պատասխան է տվել՝ լրացնելով մեր առօրյա կարիքները:

Երբ կարողանանք խորությամբ գիտակցել այս ճշմարտություններն աղոթքի մասին, կսկսենք ավելի կատարյալ ձևով մեր սրտերն ու խոսքերը համաձայնեցնել Աաստծո կամքի հետ ու կհաղթահարենք այն ամենը, ինչը խոչընդոտում էր Քրիստոսի հետ անձնական հարաբերություններին: Աստված մեզ օժտել է Իր հետ հաղորդակցության նկատմամբ սիրով և ձգտում է մեզ հետ ամենամտերմիկ հարաբերությունների:

Հեղինակ՝ Ջեյ Լոուդեր

Աղբյուրը՝ protestant.am

ՏԷՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՕԹՔԸ
«ՀԱՅՐ ՄԵՐ»

Հա՛յր մեր, որ յերկինս ես, սո՛ւրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ՛ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս` եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

«Յիսուս տեղ մը կեցած կ’աղօթէր: Երբ աղօթքը աւարտեց, աշակերտներէն մին ըսաւ օր մը անոր. Տէ՛ր, մեզի աղօթել սորվեցու՛ր» (Ղուկ 11, 1): Եւ Յիսուս անոր խընդրանքին ընդառաջելով՝ «Հայր Մեր»ը սորվեցուց: Աշակերտները, իրենց ժամանակի եբրայական աղօթքին հմտացած ըլլալնուն հակառակ, իրենց Վարդապետին աղօթելու եզական բնոյթէն խորապէս տպաւորուեցան: Արդարեւ Յիսուս անդադա՛ր կ’աղօթէր (Ղուկ 5, 16): Աղօ՛թքը անոր կեանքին կարեւորագոյն պահերուն կ’ընկերակցի. Յիսուս կ’աղօթէ Յորդանանի մէջ Իր մկրտութեան պահուն (Ղուկ 3, 21), կ’աղօթէ առաքեալները կանչելէ առաջ (Ղուկ 6, 12), կ’աղօթէ Պայծառակերպութենէն առաջ (Ղուկ 9, 28), կ’աղօթէ Պետրոսի հաւատքին համար (Ղուկ 22, 3132), Սուրբ Հոգիին առաքումին համար (Յովհ 14, 15-17): Կ’աղօթէ Ղազարոսին յարութիւն տալէ առաջ (Յովհ 11, 41), Երուսաղէմ Իր յաղթական մուտքէն առաջ (Յովհ 12, 27), Վերջին Ընթրիքին՝ Հօր կ’աղօթէ Իր փառաւորումին համար (Յովհ 17, 15), Իր աշակերտներուն համար (Յովհ 17, 619) եւ բոլոր հաւատացեալներուն համար (Յովհ 17, 2026): Կ’աղօթէ Իր չարչարանքներէն առաջ (Ղուկ 22, 3946), Իր մահուան ժամուն՝ կ’աղօթէ Իր թշնամիներուն համար (Ղուկ 23, 34): Յիսուսին աղօթքը Հօր ուղղուած է երկխօսութեամբ կատարուող հնազանդութեամբ, որ Իր առաքելութիւնը կը կենսագործէ. «Իմ կերակուրս՝ Զիս Ղրկողին կամքը գործադրել եւ Անոր գործերը կատարել է» (Յովհ 4, 34): Հօր հետ այս սերտ հաղորդակցութիւնը Յիսուսի համար ուրախութեան եւ գովաբանութեան աղբիւր է. «Կը գովաբանեմ Քեզ, Հա՛յր … Որդին եթէ ոչ՝ Հայրը եւ ո՛չ ոք կը ճանչնայ Հայրը եթէ ոչ՝ Որդին եւ ան՝ որուն Որդին կը հաճի յայտնել» (Մտթ 11, 25. 27): Հօր ուղղած աղօթքը Յիսուսի երկրաւոր գոյութեան շնչառութիւնն էր: Յիսուս թէեւ եկաւ եւ մեր մէջ բնակեցաւ, սակայն երբեք չհեռացաւ Հօր տունէն, այսինքն՝ Հօր հետ աղօթքի միջոցով Իր ունեցած հաղորդակցութենէն: Հօր հետ այս որդիական մտերմութեամբ հանդերձ, Յիսուս Իր եղբայրներուն հետ Իր  փրկչագործ եւ գթառատ մօտիկութիւնը պահպանեց մինչեւ խաչին գերագոյն զոհաբերումը:  Յիսուսի աղօթքը այսօր եւս կը շարունակուի (Եբր 7, 25): Գոհութեան Խորհուրդին մէջ, Քրիստոս որպէս գերագոյն քահանայապետ՝ Իր փրկչագործ զոհաբերումը Հօր կ’ընծայէ միասնաբար Իր Մարմինին հետ, որ Եկեղեցին է: Մեր մատուցած աղօթքներուն իւրաքանչիւրը դէպի Հայր կը բարձրանայ «մեր Տէր Քրիստոսով»: Քրիստոսի աղօթքը նեցուկ է մեր սրտերէն ու շրթներէն բխող մեր բոլոր աղօթքներուն: Երբ Եկեղեցին կ’աղօթէ, Որդի՛ն է որ Հօր ծունկերուն կը փարի: Որդիներուն աղօթքը Հօր կը բարձրանայ Անոր անդրանիկ Որդիին ձայնով: Աղօթելու, գովաբանելու եւ աղաչելու համար տարածուող բազուկներն են, բայց անոնց բոլորին կանչը նո՛յնն է. Որդիի՛ն կանչն է: Իւղանկարը ցոյց կու տայ  Գեթսեմանիի մէջ աղօթող Յիսուսը: Ան չարչարանքի դառնագոյն բաժակը մարդոց փրկութեան համար կ’ընդունի՝ Հօր հանդէպ գերագոյն հնազանդութեամբ:

578  Ի՞նչ է Հայր Մեր աղօթքին ծագումը:
Յիսուս «Հայր Մեր»ը, այս անփոխարինելի քրիստոնէական աղօթքը մեզի սորվեցուց, երբ աշակերտ մը, Իր աղօթելը տեսնելով՝ Իրմէ խնդրեց. «Մեզի աղօթել սորվեցու՛ր» (Ղուկ 11,1): Ծիսական աւանդութիւնը միշտ Մատթէոսի բնագիրը գործածած է (Մտթ 6, 9-13):

579  Ո՞րն է «Հայր Մեր»ին տեղը Սուրբ Գիրքին մէջ:
«Հայր Մեր»ը «ամբողջ Աւետարանին համադրումն է» (Տերտուղիանոս), «աղօթքներուն ամենակատարեալն է» (Ս. Թովմաս Աքուինացի): Լերան Քարոզին կեդրոնը գրաւող այս աղօթքը (Մտթ 5, 7) իր մէջ կը բովանդակէ Աւետարանին էական մասերը:

 580  Ինչու՞ «տէրունական աղօթք» կոչուած է:
 «Հայր Մեր»ը «տէրունական», այսինքն՝ «Տիրոջ աղօթք» կոչուած է, որովհետեւ Տէրը անձամբ զայն մեզի սորվեցուց:

581  «Հայր Մեր»ը Եկեղեցւոյ աղօթքին մէջ ի՞նչ տեղ կը գրաւէ:
Եկեղեցւոյ համար առանձնայատուկ եղող «Հայր Մեր» աղօթքը Մկրտութեամբ եւ Դրոշմով մեզի « փոխանձնուած է» յայտնելու համար Աստուծոյ զաւակներուն վերածնունդը աստուածային կեանքին մէջ: Սուրբ Հաղորդութիւնը այս աղօթքին ամբողջական իմաստը կը բացայայտէ, քանի որ այս աղօթքին խնդրանքները, փրկչական արդէն իրագործուած խորհուրդին վրայ հիմնուելով, լիուլի պիտի իրականանան Տիրոջ գալստեան ժամանակ: «Հայր Մեր»ը Ժամասացութեան  բաղադրիչ մէկ մասն է:

582  Ի նչու՞ կրնանք «համարձակիլ ամենայն վստահութեամբ մօտենալ» մեր Հօր:
Որովհետեւ Յիսուս մեր Փրկիչը՝ մեզ Հօր հետ՝ դէմ առ դէմ կը հանէ, իսկ Իր Հոգին՝ մեզ որդիներ կ’ընէ: Այսպէս՝ մենք կարող կը դառնանք «Հայր Մեր»ը աղօթել պարզ եւ որդիական վստահութեամբ, զուարթամիտ ապահովութեամբ եւ խոնարհ համարձակութեամբ, ապահով ըլլալով որ մենք սիրուածներ ենք եւ մեր աղօթքները  լսելի կ’ըլլան:

583  Ինչպէ՞ս կարելի է զԱստուած  «Հայր» կոչել:
Կարելի է «Հայր» կոչել, որովհետեւ Աստուծոյ մարդացած Որդին՝ Զինք  մեզի այսպէս յայտնեց, իսկ Անոր Հոգին ալ՝ Զինք մեզի այսպէս ճանչցուց: Հայրը կանչելը՝ մեզ վերանորոգ սքանչացումով Իր խորհուրդին մէջ կը ներմուծէ եւ հետը որպէս որդիներ վարուելու փափաքը կը հրահրէ մեր մէջ: Տէրունական աղօթքով՝ գիտակից կը դառնանք, թէ մենք եւս Հօր զաւակներ ենք՝ Որդիին միջոցով:

584  Ինչու՞ Հայր «մե՛ր» կ’ըսենք:
«Մեր» բառը՝ Աստուծոյ հետ ամբողջովին նոր յարաբերութեան մը արտայայտութիւնն է: Հօր աղօթելով, մենք կ’երկրպագենք եւ կը փառաբանենք նաեւ Որդին  եւ Հոգին: Քրիստոսով՝ մենք «Ի՛ր» ժողովուրդն  ենք, իսկ Ինք «մե՛ր» Աստուածը, այժմ եւ յաւիտեանս: Մենք Հայրը «մե՛րը» կը կոչենք, որովհետեւ Քրիստոսի Եկեղեցին փոխադարձ հաղորդակցութիւնն է բազմաթիւ եղբայրներու, որոնք «մէկ սիրտ եւ մէկ հոգի» (Գործ 4, 32) կը կազմեն:

585   Հաղորդակցութեան եւ առաքելագործութեան ի՞նչպիսի հոգիով Հայր «մե՛ր»ը կ’աղօթենք:
Հայր «մե՛ր» աղօթելը՝ մկրտուածներուն հասարակաց բարիքն է, ուստի ասոնք ջերմ պահանջքը կը զգան մասնակցելու Յիսուսին Իր աշակերտներուն միութեան համար կատարած աղօթքին: «Հայր Մեր» աղօթելը՝ բոլոր մարդոց հետ եւ բոլոր մարդոց համար աղօթել է, որպէսզի բոլորը միակ եւ ճշմարիտ Աստուածը ճանչնան եւ մէ՛կ միութիւն կազմեն:

586  Ի՞նչ կը նշանակէ «որ երկինքն ես»:
Սուրբ Գրային այս ասոյթը  ո՛չ թէ վայր մը կը նշանակէ, այլ լինելու ձեւ մը, քանի որ Աստուած ամէն բանէ անդին եւ վեր է: Այս ասոյթը կ’արտայայտէ Աստուծոյ մեծվայելչութիւնն ու սրբութիւնը, ինչպէս նաեւ Անոր ներկայութիւնը արդարներուն հոգիներուն մէջ: Երկինքը, կամ Հօր Տունը, կը հանդիսանայ այն  իսկակա՛ն հայրենիքը, որուն լիայոյս կը ձգտինք, մինչ տակաւին երկրիս վրայ կը գտնուինք: Մենք արդէն իսկ հո՛ն կ’ապրինք, «թաքնուած, Քրիստոսով՝ Աստուծոյ մէջ» (Կող 3, 3):

587  Տէրունական աղօթքը ի՞նչ մասերէ կը բաղկանայ:
Ան կը պարունակէ Հօր Աստուծոյ ուղղուած եօթը խնդրանքներ, որոնցմէ առաջին երեքը՝ աւելի աստուածաբանական են եւ մեզ դէպի Իրեն կը տանին, Իր փառքին համար: Սիրոյ յատուկ է նախ եւ առաջ իր սիրածին մտածել: Երեք խնդրանքները մեզի ցոյց կու տան, թէ ամէն բանէ առաջ ինչ պէտք է խնդրենք. որ սու՛րբ ըլլայ Իր Անունը, որ գա՛յ Իր Արքայութիւնը եւ կատարուի՛ Իր կամքը: Միւս վերջին չորս խնդրանքները՝ մեր խեղճութիւններն ու մեր ակնկալութիւնները կը ներկայացնեն գթութեան Հօր եւ Անկէ կը հայցեն մեր սնունդը, մեր ներումը, փորձութեան մէջ օգնութիւնը եւ Չարէն ազատումը:

588  Ի՞նչ կը նշանակէ «Անունդ սուրբ ըլլայ»:
Աստուծոյ Անունին սրբացումը՝ նախ եւ առաջ գովաբանութիւն է, որ զԱստուած որպէս Սուրբ կը դաւանի: Աստւած Իր սուրբ Անունը Մովսէսին յայտնեց եւ ուզեց որ Իր ժողովուրդը Իրեն նուիրագործուի իբր սուրբ ազգ մը, որուն մէջ Ինք  կը բնակի:

589  Աստուծոյ Անունը ինչպէ՞ս կը սրբանայ մեր եւ աշխարհի մէջ:
Մեզ «սրբութեան» կանչող (Ա Թես 4, 7) Աստուծոյ Անունը սրբացնել՝ կը նշանակէ փափաքիլ որ Մկրտութեան օծումը մեր ամբողջ կեանքը կենսաւորէ: Ապա կը նշանակէ խնդրել՝ մեր կեանքին եւ մեր աղօթքին միջոցով, որ Աստուծոյ Անունը բոլոր մարդերէն ճանչցուի եւ օրհնաբանուի:

590  Եկեղեցին ի՞նչ կը խնդրէ երբ «Թող քու Թագաւորութիւնդ գայ» աղօթէ:
Եկեղեցին կը հայցէ, որ Աստուծոյ Թագաւորութիւնը վերջնականապէս գայ՝ Քրիստոսի փառքով վերադարձին ընդմէջէն: Բայց Եկեղեցին նաեւ կ’աղօթէ որ Աստուծոյ Թագաւորութիւնը այժմէն իսկ ծաւալի շնորհիւ Հոգիին միջոցով մարդոց սրբացումին, շնորհիւ նաեւ արդարութեան եւ խաղաղութեան համար անոնց թափած ջանքերուն, հետեւողութեամբ Երանութիւններուն հոգիին: Այս խընդրանքը Հոգիին եւ Հարսին արձակած կանչն է. «Եկու՛ր, Տէ՛ր Յիսուս» (Յայտ 22, 20):

590  Եկեղեցին ի՞նչ կը խնդրէ երբ «Թող քու Թագաւորութիւնդ գայ» աղօթէ:
Եկեղեցին կը հայցէ, որ Աստուծոյ Թագաւորութիւնը վերջնականապէս գայ՝ Քրիստոսի փառքով վերադարձին ընդմէջէն: Բայց Եկեղեցին նաեւ կ’աղօթէ որ Աստուծոյ Թագաւորութիւնը այժմէն իսկ ծաւալի շնորհիւ Հոգիին միջոցով մարդոց սրբացումին, շնորհիւ նաեւ արդարութեան եւ խաղաղութեան համար անոնց թափած ջանքերուն, հետեւողութեամբ Երանութիւններուն հոգիին: Այս խընդրանքը Հոգիին եւ Հարսին արձակած կանչն է. «Եկու՛ր, Տէ՛ր Յիսուս» (Յայտ 22, 20):

591  Ինչու՞ կը խնդրենք, որ «Քու կամքդ կատարուի երկրի վրայ ինչպէս երկինքի մէջ»:
Մեր Հօր կամքն է, որ «բոլոր մարդիկը փրկուին» (Ա Տիմ 2, 3): Ասոր համար՝ Յիսուս եկաւ. որ Հօր փրկչագործ Կամքը կատարեալ կերպով իրագործէ: Մենք Հօր Աստուծոյ կ’աղօթենք, որ մեր կամքը Իր Որդիին կամքին միացնէ, Սուրբ Կոյս Մարիամին եւ սուրբերուն նման: Կ’ուզենք որ Իր սիրոյ բարեացակամ ծրագիրը լման գործադրուի, երկրիս վրայ ինչպէս երկինքի մէջ: Աղօթքի միջոցով է, որ մենք կարող կը դառնանք «գիտնալ Աստուծոյ կամքը» (Հռ 12, 2) եւ զայն «գործադրելու յարատեւութիւնը» (Եբր 10, 36) ընդունիլ:

592  Ի՞նչ կը նշանակէ «մեր ամէնօրեայ հացը տո՛ւր մեզի այսօր»:
Մեր բոլորին անհրաժեշտ ամէնօրեայ սնունդը երբ Աստուծմէ որդիական վստահութեամբ կը խնդրենք, կը դաւանինք թէ մեր Հօր Աստուծոյ բարութիւնը կը գլէ կ’անցնի ամէն չափ ու սահման: Միանգամայն կը խնդրենք  շնորհքը, որ գիտնանք ա՛յնպէս վարուիլ, որ արդարութիւնը եւ բաժնեկցութիւնը հնարաւոր դարձնեն բաժին հանելու առատօրէն ունեցողներէն՝ չունեցողներուն:

593  Այս խնդրանքը քրիստոնեային համար յատուկ նշանակութիւն մըն ալ  ունի՞:
Քանի որ «մարդը միայն հացով չ’ապրիր, այլ ամէն խօսքով որ կ’ելլէ Աստուծոյ բերնէն» (Մտթ 4, 4), հետեւաբար այս խնդրանքը հաւասարապէս կը զօրէ նաեւ Աստուծոյ Խօսքին քաղցին եւ Գոհութեան Խորհուրդով տրուած Քրիստոսի Մարմինին, ինչպէս նաեւ Սուրբ Հոգիին քաղցին: Զայն կը խնդրենք ամենայն վստահութեամբ այսօր, Աստուծո՛յ այսօրին համար, եւ ասիկա մեզի տրուած է յատկապէս Սուրբ Հաղորդութեամբ, որ գալիք Թագաւորութեան խնջոյքին նախաճաշակն է:

594  Ինչու՞ կ’ըսենք «Ներէ՛ մեզի մեր պարտքերը, ինչպէս որ մենք կը ներենք մեր պարտապաններուն»:
Հօր Աստուծմէ խնդրելով որ մեզի ներէ, մենք մեզ Իր առջեւ մեղաւոր կը ճանչնանք, միանգամայն Իր բարեգթութիւնը կը հռչակենք, քանի որ Իր Որդիին եւ Սուրբ Խորհուրդներուն միջոցով՝ «մենք ունինք փրկութիւնն ու մեղքերուն թողութիւնը» (Կող 1, 14): Բայց մեր խնդրանքը ընդունելի պիտի ըլլայ եթէ մենք ալ մեր կողմէն նախապէս ուրիշին ներենք:

595  Ներումը ինչպէ՞ս կարելի է գործադրել:
Բարեգթութիւնը մեր սրտերէն ներս կը թափանցէ միայն ա՛յն ատեն՝ երբ մենք ալ կը գիտնանք նոյնիսկ մեր թշնամիներուն ներել: Այս նախապայմանը գոհացնելը՝ նոյնիսկ եթէ անկարելի կը թուի մարդուն համար, սակայն ինքզինք Սուրբ Հոգիին նուիրող սիրտը կրնայ, Քրիստոսի նման, ծայրագոյն սիրով սիրել, վէրքը վերածել գթածութեան եւ վիրաւորանքը բարեխօսութեան: Ներելը՝ մասնակցիլ է Աստուծոյ բարեգթութեան եւ ասիկա՝ քրիստոնեայ աղօթքին գագաթնակէտերէն մին է:

596  Ի՞նչ կը նշանակէ «Մի՛ ենթարկեր մեզ փորձութեան»:
Մեր Հօր Աստուծմէ կը խնդրենք, որ  փորձութեան մէջ մեզ առանձին չթողու: Իսկ Հոգիէն կը խնդրենք որ կարենանք իրարմէ զանազանել մէկ կողմէն՝ նեղութիւնը որ մեզ բարիքին մէջ  կ’աճեցնէ եւ փորձութիւնը որ մեզ մեղքի եւ մահուան կը տանի, իսկ միւս կողմէն՝ զանազանենք փորձութեան ենթարկուիլը՝ փորձութեան տեղի տալէն: Այս խնդրանքը մեզ կը զօդէ Յիսուսին, որ Իր աղօթքին միջոցով փորձութեան յաղթեց: Այս խնդրանքը կը հայցէ նաեւ զգօնութեան եւ ցվերջ յարատեւութեան շնորհքը:

597  Ինչու՞ վերջաւորութեան կ’ըսենք. «Փրկէ՛ մեզ Չարէն»:
Չարը կը մատնանշէ Աստուծոյ դէմ կեցող Սատանան, որ «մոլորեցուց ամբողջ տիեզերքը» (Յայտ 12, 9): Քրիստոս Սատանային դէմ արդէն յաղթանակ տարած է: Սակայն մենք կ’աղօթենք որ մարդկային ընտանիքը ազատագրուի Սատանայէն եւ անոր գործերէն: Կը խնդրենք նաեւ խաղաղութեան թանկարժէք պարգեւը եւ Քրիստոսի գալուստին յարատեւութեամբ սպասելու շնորհքը: Ան մեզ վերջնականապէս պիտի ազատէ Չարէն:

598  Ի՞նչ կը նշանակէ վերջին «Ամէն»ը:
Յետոյ, աղօթքին աւարտին՝ կը գոչես Ամէն, եւ այս Ամէնով, որ  կը նշանակէ «թո՛ղ ըլլայ», Աստուծոյ մեզի սորվեցուցած աղօթքին բովանդակութիւնը կը ստորագրես (Ս. Կիւրեղ Երուսաղէմացի):

Աղբյուրը՝ ՀԱՄԱՌՕՏ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՒՈՅ


Մեկնաբանություն (1)

  • Fatus Renaud Պատասխանել

    Բարի առավոտ
    Կներեք ձեզ ֆրանսերեն գրելու համար…
    Il manque 2 gros morceaux dans la bible en arménien occidental :
    — le 2 livre d’Esdras (annoncé dans la page de liste mais introuvable) ;
    — les 7 premiers chapitres et le début du 8e chapitre pour 1 Rois (Գ. ԳԻՐՔ ԹԱԳԱՒՈՐԱՑ) ;
    et 8 livres sont listés mais sans lien (ni données) : ՅՈՒԴԻԹ, ՏՈԲԻԹ, Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ, Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ, Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ, ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ, ՍԻՐԱՔ et ԲԱՐՈՒՔ.
    Les données correspondantes seraient-elles pourtant disponibles, chez vous ou quelque part ailleurs ?
    Par ailleurs, je n’ai pas trouvé l’explication des doubles numérotages de versets (par exemple Nombres 13, 1Samuel 24, Osée 12, Matthieu 17, Marc 9, Luc 4, Jean 6, Actes 14 etc). A quelles références différentes se rapportent-ils ?
    Avec tous mes remerciements — Շատ շնորհակալությամբ
    Renaud

    27 Հոկտեմբերի, 2023 at 1:44 ե.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով