ՀԱՄԱՌՈՏ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Խաչակնքում
† Յանուն Հօր, եւ Որդւոյ, եւ Հոգւոյն սրբոյ:
Տերունական Աղոթք
(գրաբար)
Հա՛յր մեր, որ յերկինս ես, սո՛ւրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ՛ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս` եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:
(արևելահայերեն)
Հա՛յր մեր, որ երկնքում ես, Քո անունը սո՛ւրբ լինի, Քո թագավորությունը գա՛, Քո կամքը լինի՛ Ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր Եվ մեզ ներիր մեր պարտքերը, Ինչպես մենք կներենք մեր պարտապաններին Ու մեզ փորձության մի տանի, Այլ փրկիր մեզ չարից, Քանի որ քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից, ամեն։
Հաւատոյ Հանգանակ
(գրաբար)
Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի եւ երկրի՝ երեւելեաց եւ աներեւութից:
Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ` Միածին, այսինքն՝ յէութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, Լոյս ի Լոսոյ, Աստուած ճշմարիտ, յԱստուծոյ ճշմարտէ, Ծնունդ եւ ո՛չ արարած: Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի՝ երեւելիք եւ աներեւոյթք Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից, մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ Կուսէն՝ Հոգւովն սրբով: Որով էառ մարմին, հոգի եւ միտս եւ զամենայն, որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք: Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն՝ նստաւ ընդ աջմէ հօր: Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր՝ ի դատել զկենդանիս եւ զմեռեալս: Որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան:
Հաւատամք եւ ի սուրբ Հոգին՝ յԱնեղն եւ ի Կատարեալն: Որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս: Որ էջն ի Յորդանան, քարոզեաց յառաքեալսն եւ բնակեցաւ ի սուրբսն:
Հաւատամք եւ ի մի միայն յընդհանրական եւ յԱռաքելական սուրբ Եկեղեցի: Ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց: Ի յարութիւն մեռելոց: Ի դատաստանսն յաւիտենից, հոգւոց եւ մարմնոց: Յարքայութիւնն երկնից եւ ի կեանսն յաւիտենականս:
(արևելահայերեն)
Հավատում ենք մի Աստծո, Ամենակալ Հորը, երկնքի երկրի, երևելիների և աներևույթների Արարչին:
Եվ մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ Միածին, այսինքն՝ Հոր էությունից։ Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, Ճշմարիտ Աստված՝ Ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած։ Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա՝ երևելիներ և աներևույթներ։ Ով մեզ՝ մարդկանցս համար և հանուն մեր փրկության՝ երկնքից իջնելով՝ մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից։ Որով առավ մարմին, հոգի ու միտք և ամեն ինչ ուր ունի մարդը՝ ճշմարտապես և ոչ կարծյոք։ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց Հոր Աջ կողմում։ Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մեռածներին, Ում թագավորությունը չունի վախճան։
Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ Անեղին և Կատարյալին, որ խոսեց Օրենքներում, մարգարեներում և Ավետարաններում։ Ով իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սուրբերի մեջ։
Հավատում ենք նաև միայն Մի Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մի մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանը և թողությանը, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, Երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին։
Հրեշտակի ողջույնը Մարիամին
Ողջո՛յն քեզ, Մարիամ, լի շնորհոք, Տէրն ընդ քեզ. օրհնեալ ես դու ի կանայս եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո՝ Յիսուս։ Սրբուհի Մարիամ, մայր Աստուծոյ, բարեխօսեա՛ վասն մեր՝ մեղաւորացս, այժմ եւ ի ժամու մահուան մերոյ. Ամէն:
(արևելահայերեն)
Ողջո՛ւյն քեզ, Մարիամ, շնորհքներով լի, Տերը քեզ հետ է, օրհնված ես դու կանանց մէջ եւ օրհնված է քո ծոցի պտուղը՝ Յիսուսը: Սրբուհի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսի՛ր մեզ՝ մեղավորներիս համար, հիմա եւ մեր մահուան ժամուն. ամեն:
† Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հրեշտակ Տեառն
Հրեշտակ Տեառն աւետեաց Սրբոյ Կուսին Մարիամու, և յղացաւ ի Հոգւոյն Սրբոյ:
Ողջո՛յն քեզ, Մարիամ…
Ահաւասիկ կամ աղախին Տեառն, եղիցի ինձ ըստ բանի քում:
Ողջո՛յն քեզ, Մարիամ…
և Բանն մարմին եղև, և բնակեաց ի մեզ:
Ողջո՛յն քեզ, Մարիամ…
— Աղաչեա՛ վասն մեր, Սուրբ Աստուածածին.
— Զի արժանի լիցուք խոստմանցն Քրիստոսի:
Զշնորհս քո աղաչեմք, Տէ՛ր հե՛ղ ի միտս մեր զի որք հրեշտակին աւետեօք զմարդեղութիւնն Որդւոյ քո Քրիստոսի ծանեաք, ի ձեռն չարչարանաց և խաչի նորա ժամանեսցուք ի փառս յարութեան: Տերամբ Մերով Յիսուսիւ Քրիստոսիւ: Ամէն:
Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒՍՄՈՒՆՔԸ
ԱՍՏԾՈ ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ
1. Ե՛ս Եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ մի՛ ունեցիր:
2. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը մի՛ արտասանիր:
3. Տիրոջ օրը սուրբ պահի՛ր:
4. Պատվի՛ր հայրդ և մայրդ:
5. Մի՛ սպանիր:
6. Մի՛ շնացիր (այսինքն՝ անբարո գործեր մի՛ արա):
7. Մի՛ գողացիր:
8. Սուտ վկայություն մի՛ տուր քո մերձավորի մասին:
9. Քո մերձավորի կնոջը մի՛ ցանկանցիր:
10. Քո մերձավորի ունեցվածքին մի՛ ցանկացիր:
ՍԻՐՈ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ
1. Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով:
2. Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը:
ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ
1. Կիրակի ու պարտավոր տոներին մասնակցել ս. Պատարագին:
2. Խոստովանվել առնվազն տարին մեկ անգամ:
3. Սուրբ Հաղորդությանը մասնակցել առնվազն տարին մեկ անգամ:
4. Եկեղեցու կողմից սահմանված ծոմն ու պահքը պահել:
5. Օժանդակել Եկեղեցուն՝ յուրաքանչյուրն ըստ իր կարողության:
ԵԿԵՂԵՑՈՒ ՅՈԹ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
1. Մկրտություն:
3. Դրոշմ:
3. Հաղորդություն:
4. Ապաշխարություն:
5. Հիվանդների օծում:
6. Քահանայություն:
7. Ամուսնություն:
ՀԱՎԱՏԻ ՎԵՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Միայն մեկ Աստված կա:
2. Աստված արդար դատավոր է, բարին վարձատրում է և չարը պատժում:
3. Երեքն են Աստվածային Անձինք. Հայր Աստված, Որդի Աստված ու Հոգի Սուրբ Աստված:
4. Աստծո Որդին Մարդ դարձավ ու մեռավ խաչի վրա մեր փրկության համար:
5. Մարդու հոգին անմահ է:
6. Փրկության համար անհրաժեշտ է Աստծո շնորհը:
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՅՈԹ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
Իմաստություն:
Հանճար:
Խորհուրդ:
Զորություն:
Գիտություն:
Երկյուղ:
Աստվածապաշտություն:
Երանությունները (Մատթ 5, 3. 12)
Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը կժառանգեն։
Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան։
Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։
Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։
Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդի կկոչվեն։
Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և ստելով ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ պատճառով։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում։
Ոսկե օրենք (Մատթ 7, 12)
Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց։
Աստվածաբանական երեք առաքինությունները
1. Հավատ:
2. Հույս:
3. Սեր:
Չորս գլխավոր առաքինությունները
1. Խոհեմություն:
2. Արդարություն:
3. Արիություն:
4. Զսպվածություն:
Սուրբ Հոգու յոթ պարգևները
1. Իմաստություն:
2. Հանճար:
3. Խրատ:
4. Զորություն:
5. Գիտություն:
6. Աստվածապաշտություն:
7. Աստծո երկյուղ:
Սուրբ Հոգու տասներկու պտուղները
1. Սեր:
2. Ուրախություն:
3. Հեզություն:
4. Խաղաղություն:
5. Համբերություն:
6. Երկայնամտություն:
7. Բարեսրտություն:
8. Քաղցրություն:
9. Հավատարմություն:
10. Համեստություն:
11. Զսպվածություն:
12. Ողջախոհություն:
Յոթ հոգևոր բարեգործությունները
1. Տարակուսողներին խրատ տալ:
2. Տգետներին ուսուցանել:
3. Մեղավորներին հանդիմանել:
4. Վշտացյալներին մխիթարել:
5. Վիրավորանքները ներել:
6. Ձանձրալի մարդկանց համբերել:
7. Կենդանիների ու ննջեցյալների համար աղոթել:
Յոթ մարմնավոր բարեգործությունները
1. Սովածներին կերակրել:
2. Ծարավներին հագեցնել:
3. Մերկերին հագցնել:
4. Ուխտավորին ապաստան տալ:
5. Հիվանդներին այցելել:
6. Բանտարկյալին այցելել:
7. Մահացածներին թաղել:
Յոթ գլխավոր մեղքերը
1. Հպարտություն:
2. Ագահություն:
3. Նախանձ:
4. Բարկություն:
5. Անմաքրություն:
6. Որկրամոլություն:
7. Ծուլություն:
ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Հայր մեր – Հիսուսի սիրած Աստծո պատկերը` Հոր պատկերն է: Հայր բառը գործածում է բազմաթիվ անգամ ու ներկայացնում Աստծուն որպես Հայր: Այդ բարի լուրն է, որ Հիսուսը հայտնում է մեզ: Աստվածաշնչյան Հայրը արարիչ է ու զորեղ, մեկտեղ՝ սիրող, հոգատար ու խնամող, ներողամիտ ու բարի: Հիսուսն ուսուցանում է մեզ անդրադառնալ Աստծուն որդիական սիրով ու կոչել Նրան Աբբա-Հայր: Այդ խոսքը առաջացնում է մեր մեջ սեր, աղոթք, վստահություն: Եվ եթե Հիսուսը հայտնեց մեզ Աստծո այդպիսի պատկերը, դրա հետ մեկտեղ հանձնեց նույնպես մարդու պատկերը, այն, որ մենք երեխաներն ենք միակ Աստծո: Հովհաննես առաքյալն այդ այսպես է ներկայացնում. «Տեսե՛ք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ» (1Յովհ 3.1): Պետք է հիշել, որ եթե կոչում ենք Աստծուն Հայր, պարտավոր ենք ապրել որպես Աստծո երեխաներ:
Որ յերկինս ես – խոսքը չի նշանակում մի վայր կամ հեռավորություն, այլ Աստծո զորությունը, փառքը, բարձրությունը և սրբությունը: Երկինքը հանդիսանում է մեր հայրենիքը, որին մենք ձգտում ենք մեր ամբողջ ցանկությամբ:
Սո՛ւրբ եղիցի անուն Քո – Աստվածն իր անունն ամենից առաջ հայտնեց Մովսեսին, հետո Հիսուսը հայտնեց Աստծո անունը ու դրա հետ մեկտեղ նրա էությունը: Խնդրում ենք, որ Աստված սուրբ լինի ամեն ինչում և մեր մեջ: Պարտավոր ենք սրբացնել կամ սուրբ պահել Աստծո անունը, ինչը նշանակում է ապրել ու գործել ըստ Տիրոջ կամքի ու հաճության:
Եկեսցէ արքայութիւն քո – Աստծո արքայություն խոսքի տակ կարող ենք հասկանալ Քրիստոսին: Տերունական աղոթքում այս խոսքը վերաբերում է նաև Քրիստոսի գալուն: Եկեղեցին այն առաջին դարից ի վեր օգտագործում է աղոթքի մեջ ու տալիս կարևոր նշանակություն: Մարանաթա` ե՛կ Տեր Հիսուս, այդ աղոթքն ու հառաչանքն է բոլոր ժամանակների քրիստոնյաների:
Եղիցին կամք Քո որպէս յերկինս` եւ յերկրի – Աղոթքի շնորհիվ կարող ենք ճանաչել Աստծո կամքն ու այն իրականացնել մեր կյանքում: Հիսուսը ասում է, որ Աստծո արքայություն կմտնենք ոչ թե շնորհիվ մարդկային շատախոսության, այլ Հոր կամքը կատարելով: Քրիստոսը կատարելապես իրագործեց Հոր փրկչագործ կամքը՝ զոհաբերելով իր կյանքը մարդկության փրկության համար: Հովհաննես առաքյալը գրում է, որ Աստծո կամքը այն է, որ մենք միմյանց սիրենք: Աստծո կամքը միշտ բարի է, և հարկավոր է մեզ այն իրականացնել մեր կյանքի ընթացքում, որպեսզի արժանի լինենք երկնային արքայությանը:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր – Sուր մեզ, այդպես ենք խնդրում, որովհետև վստահ ենք, ու սպասում ենք ամեն ինչ Արարչից: Ինքներս չենք կարող հագեցնել մեր պակասը, դրա համար էլ խնդրում ենք Նրանից, ով ամենակարող է ու պատրաստ է լսել մեր խնդրանքը, և ում վստահությամբ կոչում ենք Հայր:
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց – Ս. Գիրքը հայտնում է, որ մահը հատուցումն է մեղքի դիմաց: Մեղքն առաջացնում է տառապանք, որովհետև այն Աստծո կամքին ընդիմություն է: Այս խնդրանքով դիմում ենք Աստծուն, որովհետև մենք մեզ ներելու հնարավորություն չունենք, ոչ էլ ազատվելու այն պատիժներից, որոնք մեղքերի հետևանքներն են: Սակայն Աստված ներում է մեզ Հիսուս Քրիստոսի մեջ և ոչ թե միայն փրկում տառապանքներից, այլ արժանացնում է հավիտենական ուրախության: Հետևապես մեր կողմից հարկավոր է ներել մեզ վշտացողներին ու չարիք պատճառողներին: Աստված խրատում է ներել ու աղոթել թշնամիների համար ու ոչ մեկին չարիք չհատուցել: Պիտի ունենանք նույն հատկությունները, ինչ որ ունի Հիսուս Քրիստոս և լինենք գթասիրտ, ինչպես Հայրն է գթասիրտ: Ավետարանը ասում է, թե եթե մենք չներենք, Աստված էլ մեզ չի ների:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն – Չի կամենում Աստված, որ փորձվենք, հակառակը, նրա կամքն է փրկելը բոլորիս: Մարդն ունի ազատ կամք և փորձության ժամանակ կատարում է ընտրություն բարու ու չարի միջև: Մեր անձնական տկարությունը շատ անգամ սխալ ըտնրության պատճառ է դառնում, սակայն գիտակցելով դրանք, կարող ենք հաղթահարել թերությունները: Քանի որ մենք մեզ չենք կարող դարձնել կատարյալ, պարտավոր ենք վստահել Աստծուն, որ մեզ զերծ պահի մեղքի վտանգներից, ուժ տա դիմադրելու ու շնորհ՝ հաղթահարելու բոլոր փորձությունները:
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ – Այս վերջի խնդրանքն է Տերունական աղոթքում: Չարը դա անձնավորություն է, որին կոչում ենք սատանա, նրա միջոցով մեղքն ու մահը մտան աշխարհ: Դրա համար էլ մարդը մարտնչում է նրա դեմ ու խնդրում օգնություն Աստծուց` չարին հաղթահարելու համար: Այստեղ խնդրում ենք ոչ թե միայն մեզ համար, այլ ամբողջ մարդկության, որ փրկվենք չարիքներից ու ունենանք խաղաղություն:
ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
«Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ 28, 19-20):
Մկրտությունը հոգևոր վերածննդի խորհուրդն է, որի միջոցով մասնակցում ենք աստվածային կյանքին որպես Աստծո ժառանգներ: Սա ամենաանհրաժեշտ Խորհուրդն է, հարկավոր է փրկության համար: Մկրտությունը ջնջում է սկզբնական մեղքը, բոլոր մեղքերը և նրանց հետևանքները: Մկրտվողը ստանում է մասնակի շնորհներ և դառնում Եկեղեցու անդամ: Ըստ ծիսակատարության, մկրտվողի գլխին ջուր է լցվում, կամ մկրտվողն ընկղմվում է ավազանի մեջ երեք անգամ, որը նշանակում է, թե Քրիստոսի թաղման օրինակով մկրտվողի մեղքերն էլ են թաղվում: Մկրտել կարող է քահանան, իսկ անհրաժեշտության դեպքում` ամեն մարդ: Մկրտողը իսկապես կամք պիտի ունենա մկրտելու, մկրտվողին ջրի մեջ ընկղմելով կամ նրա գլխին ջուր հոսեցնելով արտասանում է. ,,...Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ”: Եթե մկրտվողը չափահաս է, պետք է ծանոթացած ու սովորած լինի քրիստոնեական վարդապետության կարևոր մասերը, իսկ մկրտվելու ժամանակ սրտանց զղջա իր մեղքերը և հավատի դավանություն անի: Մկրտվողի ծնողները ու կնքահայրը պատասխանատվություն են վերցնում օգնել մկրտվողին ապրել քրիստոնեական հավատի մեջ: Ըստ Վատիկանի Երկրորդ Ժողովի՝ բոլոր նրանք, ովքեր մարտիրոսական մահ կունենան, մկրտության պատրաստվողները և բոլոր մարդիք, որոնք շնորհի ազդեցությամբ` ազնվությամբ փնտրում են Աստծուն և աշխատում են կատարել նրա կամքը` փրկվում են, եթե նույնիսկ չեն ընդունել մկրտության խորհուրդը:
ԴՐՈՇՄ
«Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ են ընդունել Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին, որոնք, իջնելով, աղոթում էին նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին. քանի որ մինչ այդ նրանցից և ոչ մեկի վրա Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտվել էին Տեր Հիսուսի անունով։ Այն ժամանակ ձեռքերը նրանց վրա դրեցին, և նրանք ստացան Սուրբ Հոգին» (Գործ 8, 14-17):
Դրոշմը լիացնում է Մկրտության Խորհուրդը: Ս. Գրքից գիտենք, որ առաքյալները դրոշմում էին: Նրանք դա կարող էին անել միայն Քրիստոսից նման պատվեր ստացած լինելու դեպքում: Դրոշմը այն Խորհուրդն է, որը զորացնում է հոգու միությունը Աստծո հետ, ամրապնդում է Սուրբ Հոգու շնորհներով, զորացնում է մեր հավատը ու տալիս անհրաժեշտ շնորհներ քրիստոնեական կյանքի մեջ զորանալու, կյանքի բոլոր փորձություններին ընդդիմանալու համար։ Դրոշմը իր կնիքն է դնում քրիստոնիայի վրա, դրա համար էլ այս խորհուրդը կարող ենք ընդունել միայն մեկ անգամ: Դրոշմի Խորհուրդը հայկական ծեսով կարող է տալ քահանան մկրտությունից անմիջապես հետո: Դրոշմի խորհուրդը դրվում է սուրբ մեռոնով օծելով ճակատը, աչքերը, ականջները, քիթը, բերանը, ձեռքերը, սիրտը, մեջքը ու ոտքերը: Լատինական ծեսով դրոշմը կատարվում է խաչաձև օծելով ճակատը։
ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ
«Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես տալու եմ աշխարհի կյանքի համար։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն կտամ» (Յովհ 6, 51.54):
Հիսուս Քրիստոսը Հաղորդության Խորհուրդը հաստատեց վերջին ընթրիքի ժամանակ` մինչ իր մատնվելը: Այսպես զոհաբերեց իր Մարմինը և Արյունը, որ դրա միջոցով մինչև իր գալը կատարվի մարդկության փրկության Խորհուրդը: Հիսուսը վերջին ընթրիքի ժամանակ հացը փոխեց իր Մարմնի և գինին` իր Արյան հետ: Երբ Հիսուսն ասաց. ,,ա՛յս արեք իմ հիշատակի համար”, տվեց առաքյալներին իշխանություն փոխել հացը իր Մարմնով և գինին իր Արյամբ: Այս իշխանությունը կոչվում է սրբագործության իշխանություն, իսկ հացը և գինին Հիսուսի Մարմնի ու Արյան փոխելը կոչվում է գոյացափոխություն: Ուստի, փոխվում է ոչ թե հացի ու գինու արտաքին էությունը, այն մնում է նույնը, այլ փոխվում է իր ներքին էությունը, այսինքն սրբագործված հացն ու գինին իրենց մեջ ընդունում են Փրկչի հոգևոր ներկայությունը: Հիսուսը թաքնված է և զգացմունքներով անըմբռնելի, դրա համար էլ միայն հավատով կարող ենք հասկանալ Խորհուրդը: Մանդակունին, V-րդ դարի հայ պատրիարքը ասում է. ,,Ճշմարիտ հավատքով կիմանանք, թէ՝ Քրիստոս ներկա է Խորանի վրայ, իրեն կմերձենանք, իրեն կտեսնենք, իրեն կշոշափենք, իրեն կհամբուրենք, իրեն կընդունենք մեր մեջ”: Այս Խորհրդի մատուցանումը առաքյալները փոխանցեցին եպիսկոպոսներին ու քահանաներին: Հիսուսը Պատարագի Խորհուրդը հաստատեց, որպեսզի ինքը մեզ համար զոհվի, մեզ հետ միանա և ապրի մեր մեջ: Հիսուս Քրիստոսի Խաչի Զոհը արդիականանում է յուրաքանչյուր Պատարագով: Պատարագի ժամանակ Քրիստոսն ինքն իրեն զոհաբերում է Երկնավոր Հորը հացի ու գինու տեսակների ներքո: Պատարագի սուրբ Զոհը մատուցվում է բոլոր հավատացյալների, կենդանիների ու ննջեցյալների համար, ինչպես նաև որպես ողջակիզություն, գոհություն, փառաբանություն, իբրև զոհ պաղատանքի ու քավության: Ս. Պատարագի գլխավոր մասերն են` նվիրում, սրբագործում, ճաշակում: Հավատացյալները պարտական են ուշադրությամբ սուրբ Պատարագին հետևել և վերապրել ամենակատարյալ ձևով: Հաղորդությունը տալիս է հետևյալ շնորհները. սերտ կապում է մեզ Հիսուսի հետ, աճեցնում սրբարար շնորհքները, կասեցնում չար ունակությունները և առաջնորդում դեպի բարին: Հիսուս Քրիսոտոսի խոստմամբ, այն հարկավոր է մեզ հավիտենական կյանքի հասնելու համար: Ս. Հաղորդությանը պիտի մասնակցենք խոստովանվելով, կամ այն դեպքում, երբ ծանր մեղքերից ազատ ենք: Եկեղեցին կոչ է անում Պատարագին լիովին մասնակցել ամեն կիրակի ու տոն օրերին, և գոնե տարին մեկ անգամ ընդունենք սուրբ Հաղորդությունը:
ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ
«Յիսուսը առաքեալների վրա փչեց ու ասաց. ”Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի”» (Յովհ 20, 22-23):
Յիսուսը Ապաշխարության Խորհուրդը հաստատելով իշխանություն տվեց իր առաքյլաներին այն կատարելու, իսկ նրանցից այդ իշխանությունը անցավ եպիսկոպոսներին ու քահանաներին: Այս Խորհուրդը տալիս է հետևյալ շնորհքները. ջնջում է մեղքը ու մեղքի պատիժը, տալիս է սրբարար շնորհ ու ներգործական շնորհ աստվածահաճո կյանք ունենալու համար: Ապաշխարության Խորհուրդը լրիվ ու արժանավոր կերպով ընդունելու համար հարկավոր է. ա) քննել խիղճը, բ) զղջում կատարել Աստծո հանդեպ, գ) բարի ու անկեղծ առաջադրություն կատարել, դ) մեղքերը ամբողջությամբ խոստովանել քահանայի մոտ, ե) խոստովանահոր սահմանած ապաշխարությունը կատարել:
Կատարյալ խոստովանանքի համար հարկավոր է մեզ Աստծո շնորհը, հետևաբար այն հարկավոր է խնդրել: Կարելի է աղոթել սեփական խոսքերով կամ ասել հետևյալ աղոթքը. Ով Սուրբ Հոգի, լուսավորի՛ր միտքս ու հոգիս, որ ճանաչեմ մեղքերս, որոնցով վշտացրել եմ Քո անսահման բարությունը, և տո՛ւր ինձ շնորհքը կատարյալ զղջման ու ցավի բոլոր մեղքերիս վրա:
Խղճի քննություն
Մեղքերը Աստծո պատվիրանների դեմ.
-
Աստծուն չհավատալ, տարակուսել Աստծո հայտնության ու Եկեղեցու վարդապետության վրա
-
Աստծո սերն ու բարությունը մոռացության տալ
-
Չկատարել այնպիսի պարտականություններ, ինչպիսիք են՝ գոհունակություն, փառաբանություն, աղոթք
-
Հավատի բաները սովորելու հոգ չտանել
-
Մարդկային վախի պատճառով հավատը ուրանալ
-
Կախարդություններ անել կամ դրանց հավատալ
-
Սնահավատություն, գուշակություն, սրբապղծություն
-
Տարակուսել Աստծո գթության վրա, կամ Աստծո գթությանը վստահելով չար բան անել
-
Ջերմեռանդներին ու բարեպաշտներին ծաղրել
-
Սուրբ անունները թեթևամտությամբ ու բարկությամբ արտասանել
-
Առանց հարկավորության երդվել, ուխտեր անել ու չկատարել
-
Կիրակի ու տոն օրերին Պատարագի չմասնակցել
-
Կիրակի ու տոն օրերին առանց հարկավորության ծանր գործ անել
-
Ծնողներին ու մեծերին չհնազանդվել, նրանց հանդեպ կոշտ վարվել, չհարգել, ծաղրել, արհամարհել, բամբասել
-
Ծնողներին ծերության ու հիվանդության ժամանակ չխնամել, չօգնել
-
Կյանքը թեթևամտորեն վտանգի ենթարկել
-
Կռիվներ անել, ուրիշին վիրավորել, վշտացնել, զարկել, սպանել
-
Ատել մեկին ու հաշտվել չուզենալ
-
Խռովություն ու թշնամություն սերմանել
-
Գայթակղության պատճառ լինել, մեկին մեղքի դրդել
-
Ուրիշին ատել, առանց գթության քննադատել ու դատապարտել
-
Սպանություն, ինքնասպանություն, վիժում` չծնված մանուկին մահ պատճառել
-
Էվտանազյա՝ հիվանդին մահացու դեղամիջոց անցավ և արագ մահ պատճառել
-
Ալկոհոլը չափազանցությամբ գործածել, թմրանյութեր օգտագործել
-
Անպարկեշտ բաներ հաճույքով դիտել, լսել, ընթերցել, անել
-
Անպարկեշտ հագնվել, ուրիշին մեղքի հրահանգել
-
Ամուսնական հավատարմությունը չպահել, սեռական անբարոյականություն
-
Ուրիշի ունեցվացքը հափշտակել, գողանալ
-
Առևտրի ժամանակ խաբել, խարդախություն անել, անիրավ շահույթ ունենալ
-
Անպատշաճ միջոցներով բան ստանալ
-
Ուրիշի սեփականությանը կամավորապես վնաս պատճառել
-
Սուտ խոսել, կեղծավորություն անել
-
Ուրիշին զրպարտել, բանսարկել, բամբասել, վատ բաներ հնարել
Մեղքեր Եկեղեցու պատվիրանների դեմ.
-
Կիրակի ու տոն օրերը չպահել, ծանր աշխատանք անել առանց հարկավորության կամ Եկեղեցու թույլտվության, Պատարագի չմասնակցել
-
Հրամայված ծոմերն ու պահքերը չպահել
-
Չխոստովանվել ու չհաղորդվել գոնե տարեկան մեկ անգամ
-
Աղքատներին ողորմություն չտալ, Եկեղեցուն չօգնել
Յոթը մահացու մեղքերը.
– Հպարտություն
Ունեցած բոլոր շնորհքներն ու բարիքները փոխանակ աստծուն վերագրելու, մարդը ինքը իրեն է վերագրում: Ինքդ քեզ այն աստիճան հավանել ու սիրել, և դրանով ուրիշին խոնարհեցնել, արհամարհել:
– Ագահություն
Աղքատին ու չունևորին չօգնել, ուրիշի ունեցվացքը անարդար ցանկանալ կամ տիրապետել: Հարստության չափազանց մեծ ձգտում, որը մոռացության է տալիս կարևոր անհրաժեշտությունները կամ արժեքները, հարստությանը վստահել: Հարգել միայն նրանց, ովքեր հարուստ են կամ կարող են հարստահարել:
– Բղջախոհություն
Վատ ու անմաքուր բաների վրա մտածել, հաճենալ, անամոթ դրսևորել, հագնվել:
– Նախանձ
Ուրիշի հոգևոր և մարմնավոր բարիքների վրա տխրել, չցանկանալ մեկ ուրիշին հաջողություն կամ բարիքներ նախանձության պատճառով:
– Որկրամոլություն
Չափից ավելի ուտել ու խմել, գինովնալով ինքդ քեզ կորցնել: Եկեղեցու նշած ծոմը չպահել:
– Բարկություն
աստծուն ու մարդկանց նախատել, անիծել, ատել, վնասել, վիրավորել, չներել, վրեժ լուծել, չարություն ցանկանալ:
– Ծուլություն
Ժամանակը պարապ անցկացնել, դժվարությունների ժամանակ թուլակամ ու անհավես լինել, պարզապես աշխատել չուզենալ, անհետաքրքրություն կյանքի նպատակների հանդեպ:
Խղճի քննություն ըստ սբ. Իգնատիոս Լոյոլացու
Խղճի քննության այս տեսակը շատ օգտակար է հոգևոր կատարելության հասնելու համար, այն կարելի է կատարել ամեն օր երեկոյան՝ օրվա մայրամուտին: Հարկավոր է դրան հատկացնել մինչև տասնհինգ րոպե ժամանակ, սակայն պետք է հավատարիմ մնալ նախորոշված ժամանակահատվածին: Այս մեթոդը խղճի քննության նույնպես իր բարի պտուղներն է տալիս խոստովանանքի համար:
Կետ 1. Շնորհակալ լինել Աստծուց ստացած շնորհների ու ողորմության համար: Խղճի քննության առաջին կետում ս. Իգնատիոսը առաջարկում է շնորհակալ լինել ստացած բարիքների համար: Այս միտքը ներշնչում է Պողոս առաքյալը. ,,ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետև ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս” (1Թես 5, 18): Պետք է մտաբերել Աստծո արած բարիքները և ողորմությունները, շնորհակալ լինել ու փառաբանել: Կարճ կանգ առնել այն շնորհքների վրա որոնք ստացել ենք: Տեսնել, որ Աստված Իր բարությամբ ու հայրական սիրով միշտ մեզ հետ է: Լավ գիտակցել, որ Աստված մեզ սիրում է, Նրա Նախախնամությունը մեզ առաջնորդում է, մենք Նրա սիրելի զավակներն ենք, դրա համար էլ ստանում ենք ամեն ինչ, որ մեզ հարկավոր է: Մեր շնորհակալությունը պետք է, որ լինի կոնկրետ ու ազնիվ:
Կետ 2. Խնդրել շնորհ, որ ճանաչենք մեր մեղքերը և ազատվենք դրանից: Գտնվելով մեր անձնական տկարության առջև, ջերմ խնդրել Տիրոջից լույս ու շնորհ, որ տեսնենք մեր ցավերը, մեղքերը, հոգու վիճակը: Հասկանալու համար, թե ի՞նչ պատճառով ենք այն կատարել ու խուսափել Աստծո կամքը կատարելուց: Միտքը այն է, որ մեր հայացքը և գործնեությունը ընկղմենք Քրիստոսի Հոգու մեջ ու տանք ճշմարիտ պատասխան: Խնդրել զղջում, զզվանք, ամոթ՝ գործած չարության համար:
Կետ 3. Հաշիվ առնել հոգուց զարթնելու պահից մինչև սույն քննությունը: Կատարել այն շարժվելով ժամ առ ժամ կամ օրվա մի պահից քայլելով դեպի մյուսը, դիտելով առաջին հերթին մտքերը, հետո խոսքերը ու վերջում գործերը: Մեր նպատակն է դիտել մեր ընտրած ժամանակաշրջանը: Սրա համար հարկավոր է տալ հետևյալ հարցերը. ի՞նչ է ինձ հետ կատարվել, ի՞նչ ցանկություններ են առաջացել իմ մեջ, ի՞նչ կատարեց իմ մեջ Աստված, ի՞նչ է ինձանից սպասում Աստված: Խոնարհությամբ ստուգել ուշադրություն դարձնելով կարևոր ու կոնկրետ պատճառների վրա, որոնք ինչ որ հետևանք են առաջացրել մեր մեջ: Խղճին թույլ տալ, որ զգա ու տեսնի թերությունները այնտեղ, որտեղ չենք կատարել Աստծո կամքը, ուշադրություն դարձնել հիմքերի ու պատճառների վրա: Այսպիսի ստուգումը չի նշանակում ինքնաքննադատում ու չպիտի տանի հուսահատության: Դրա նպատակն է Ավետարանի լույսի ներքո ընդունել ճշմարտությունը մեր մասին:
Կետ 4. Խնդրել, որ Տեր Աստված թողություն տա մեր մեղքերին: Աստված միշտ գրկաբաց սպասում է մեզ, քանի որ սիրում է մեզ ու կամենում վերադարձնել մեր արժանապատվությունը, դրա համար էլ անհրաժեշտ է վճռաբար մեղքերի թողություն խնդրել` հուսալով Նրա անսահման բարությանը և սիրոն: Հիշելով գթասիրտ հորը Հիսուսի առակը, որը համբերությամբ սպասում էր անառակ որդուն, կարող ենք հասկանալ ամենօրյա խղճի քննությունը, որտեղ վերապրում ենք ճշմարիտ զղջում անհավատարմության համար, և որով մեր կյանքը հեռացրել ենք Աստծո ճանապարհից: Վերապրել իսկական սրտի ճմլում ու ազնիվ զղջում:
Կետ 5. Առաջադրում կատարել` Աստծո շնորհներով ուղղվելու: Ինքներս տկար ու անկարող ենք, դրա համար էլ մանուկ երեխայի հատուկ սիրով դառնանք դեպի Հայրը և Նրա գթասրտության մեջ գտնենք ամբողջ փրկությունը: Կամք ունենալ առաջիկայում փոխվելու համար՝ կանգ առնելով տվյալ թերության վրա: Վերջում հիշենք Պողոս առաքյալի խոսքերը. Եղբայրնե՛ր, ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց բանն այն է, որ հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները. ուշադիր կերպով վազում եմ դեպի նպատակակետը, որին Աստված մեզ կոչել է Քրիստոս Հիսուսով։ (Փիլիպ 3, 13): Վերջում ասել Հայր մեր աղոթքը:
ՎԵՐՋԻՆ ՕԾՈՒՄ
«Եթե հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն և յուղով օծեն նրան Տիրոջ անունով։ Հավատով արված աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի, իսկ գործած մեղքն էլ նրան կներվի» (Յակոբ 5, 14-15):
Վերջին օծումը տալիս է մեզ հետևյալ շնորհքները. ջնջում է մեղքը ու մեղքի պատիժը, տալիս է սրբարար շնորհ ու մարմնի առողջություն, զորացնում է վշտերի ու փորձանքների հանդեպ, մանավանդ մահվան ժամանակ: Քահանան Վերջին օծումը մատուցում է հիվանդին՝ յուղով օծելով հիվանդի աչքերը, ականջները, քիթը, բերանը, ձեռքերը, ոտքերը, մեջքը` միաժամանակ աղոթելով. “Սովին սուրբ օծութեամբս, և իւրով ամենագութ ողորմութան, թողցէ քեզ Տէր զոր ինչ յանցեար տեսանելեօք, լսելեօք, ճաշակելեօք, հոտոտելեօք, և շօշափելեօքդ. և յամենայն չարէ աղատեսցէ զքեզ Տէր Յիսուս Քրիստոս. Ամէն”: Քանի որ Վերջին օծումը մեծամեծ շնորհներ է տալիս հոգուն ու մարմնին, դրա համար անհրաժեշտ է այս սուրբ Խորհուրդը ընդունել: Խորհուրդն ընդունելու համար հիվանդը պետք է հնարավորինս պատրաստվի խոստովանվելով, իսկ եթե այն անհնար է, գոնե մեղքերի վրա զղջալով ու Աստծո վրա հաստատակամորեն վստահելով:
ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅՈՒՆ
«Հիշեցնում եմ քեզ, որ վառ պահես Աստծու շնորհը, որ քեզ տրվեց իմ ձեռնադրության միջոցով» (2Տիմ 1,6): «Սրա համար քեզ թողեցի Կրետեում, որպեսզի պակաս բաները շտկես և յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես որ պատվիրեցի քեզ» (Տիտ 1,5):
Արդեն Հին Կտակարանի ժամանակից գոյություն ուներ քահանայությունը, որը ժառանգաբար փոխանցվում էր: Հիսուս Քրիստոսը Նոր Կտակարանում հանդես է գալիս որպես Քահանայապետ, և ինքն իրեն զոհ է մատուցում խորանի վրա ամբողջ մարդկության համար: Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսն իր առաքյալներին իշխանություն տվեց Պատարագ մատուցելու, իսկ իր հարությունից հետո հանձնարարեց նրանց մեղքեր արձակել ու այլ խորհուրդներ մատակարարել: Այս իշխանությունը առաքյալներից անցավ եպիսկոպոսներին ու քահանաներին: Քահանա կարող է ձեռնադրել միայն եպիսկոպոսը: Քահանայական ձեռնադրությունից առաջ գոյություն ունեն փոքր աստիճաններ, կիսասարկավակություն ու սարկավակություն, իսկ քահանայական կարգի ամենաբարձր աստիճանը եպիսկոպոսությունն է: Ձեռնադրված քահանան օժտված է Սուրբ Հոգու պարգևներով, որը նրան տալիս է սրբազան իշխանություն Քրիստոսի անունով ծառայել Աստծո ժողովուրդին: Քահանան ամրապնդում է Աստծո ու մարդկանց կապը, մերձեցնում մարդուն Աստծո հետ, փոխանցում է մարդկանց այն, ինչ որ աստվածային է, և Աստծուն է հանձնում խնդրանքները մարդկանց, և հատկապես զոհակատարում է նրանց մեղքերի համար: Հովհաննես Ոսկեբերանը ասում է, որ քահանան գտնվում է Աստծո և մարդկանց բնության մեջտեղում, բերում է Աստծո շնորհները և տանում մարդկանց խնդրանքը: Քահանայի առաջին հիմնական պարտականությունն է սովորեցնել հավատի ճշմարտությունը: Հիսուսը պատվիրում է սովորեցնել ժողովրդին ու տարածել Ավետարանը: Ավետարանի քարոզումը Եկեղեցու հիմնական նպատակն է, այս գործում պիտի մասնակցեն նույնպես բոլոր հավատացյալները: Երկրորդ պարտականությունը դա խորհուրդների մատակարարումն է: Խորհուրդների միջոցով հոսում է առատ շնորհ, որ կյանք ունենանք Քրիստոսի մեջ: Երրորդ հերթին՝ քահանայի պարտականությունն է ծառայել մարդկանց: Քրիստոսը հրամայում է ուսուցանել այն, ինչ որ ինքը պատվիրել է, իրագործել այն բոլոր ծառայությունը և օգնությունը, որ իրականացնի հիմնական նպատակը՝ հոգիների փրկությունը: Քահանայական կոչումը Աստծո ամենագեղեցիկ պարգևներից է: Աստված կոչում է մարդուն, որ ամբողջ կյանքը նվիրի ու ծառայի Աստծուն ու մերձավորին` մարդկանց: Հիսուսը ինքը ներկա է քահանայի մեջ այն ժամանակ, երբ նա Պատարագ է մատուցում, քահանան կարող է խորհուրդները մատակարարել, որովհետև Քրիստոսի Հոգին հատուկ ձևով առաջնորդում է նրան: Ամեն կոչում իրեն հատուկ բարձր է ու գեղեցիկ, սակայն այս մեկը դրանց միջից բարձրագույնն է, որովհետև իր էությամբ ուղղված է Քրիստոսին ու մարդկանց ծառայության:
ՊՍԱԿ
«Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով ստեղծեց, հենց սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2), և ասաց. “Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն” (Ծնն. 2.24)։ Ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ 19, 4-6):
Ամուսնությունը Աստված հաստատում է արդեն դրախտում, երբ ստեղծում է առաջին մարդկանց` Ադամին ու Եվային: Դրախտի մեջ այն ամուսնական դաշինք էր բոլոր պարագաներով կատարյալ: Այս ամուսնական միությունը, որ Արարչի կողմից հիմնված ու դասած է Աստծո օրենքի վրա, կարգավորված է ամուսիններին միության և բարիքին, զավակներ ունենալու ու նրանց դաստիարակելու համար: Սակայն դարերի ընթացքում ամուսնության իմաստը փոխվում է և այն անկում է ապրում: Հիսուս Քրիստոսը ամուսնությունը բարձրացնում է Խորհրդի և դրանով տալիս շնորհ ու սկզբնական արժեքը: Ամուսնացողները պարտական են սիրով ու հավատարմությամբ միասին ապրել, իրենց զավակներին Աստծո երկյուղի մեջ մեծացնել և հոգ տանել նրանց քրիստոնեական դաստիրակությանը: Ըստ աստվածային սկզբնական ծրագրի, ամուսնական միությունը անլուծարելի է, ինչ որ Հիսուս Քրիստոսը ևս հաստատեց. «ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»: Ուստի հարկավոր է հասնել պսակի բարձրությանը ու սրբությանը, դրան պատասխանատվությամբ պատրաստվել, ցուցաբերել համբերություն ու սեր: Ամուսնության էությունը կազմում են միությունը, անբաժանելիությունը, բազմացումը: Այն անձինք, ովքեր բաժանված են ու ստեղծել են նոր ամուսնական միություն, չեն գտնվում Եկեղեցուց դուրս, սակայն նրանց արգելված է սուրբ Հաղորդությունը ստանալ: Ամուսնությունը պիտի լինի երկու կողմից ազատակամ, նախքան Պսակը ամուսինները պետք է լրջորեն խորհած ու պատրաստված լինեն: Այսպես, Պսակն ու Խորհուրդը պատահական չէ, որ միացված են. Եկեղեցու այս օրենսդրությունը, որ հենված է Քրիստոսի տված իշխանությանը, ունի իր մեջ զորություն: Իսկ Խորհրդի ճշմարիտ մատուցողները Պսակ վերցնողներն են, որոնք իրար շնորհ են փոխանցում, քահանան պարզապես պաշտոնական վկան է Եկեղեցու օրենքին համաձայն:
ԱՍՏԾՈ ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ
1. Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի ունենաս:
Առաջին պատվիրանը կոչ է անում մարդուն Աստծո հավատալու, պաշտելու, Նրան վստահելու ու ամբողջ էությամբ Աստծուն սիրելու: Սակայն առաջինը, որ պատվիրանը բացում է մեր առջև, դա Աստծո ճանաչումն է: Հավիտենական Աստված հայտնվում է մեր առջև որպես գթասիրտ ու զորեղ Աստված, որը չունի իրեն հավասարը և չի էլ կարող ունենալ: Աստվածաշունչը գլխավոր աղբյուրն է Աստծո ճանաչման: Ճանաչումը և հավատը սերտ կապված են իրար հետ, իսկ դրանից էլ առաջանում է սերը: Հավատը պիտի լինի ազատակամ և գիտակցաբար: Չենք կարող մեկ լինել հավատացող ու մեկ էլ անհավատ: Այս պատվիրանը արգելում է ու մեղք է համարում հավատի ուրացումը, տարակուսանքը հավատի ճշմարտությունների վրա, կռապաշտությունը, կախարդությունը և գուշակությամբ զբաղվելը, հերետիկոսությունը, երբ մեկը ուսուցանում է հակառակ եկեղեցու վարդապետության, անջատողությունը, երբ մեկը չի ենթարկվում եկեղեցուն ու անջատվում է, ավելորդապաշտությունը, երբ ինչ որ մի բանի կվերագրվի այնպիսի մի ծածուկ զորություն, որը Աստված չի տվել: Մարիամ Աստվածածնի, սրբերի ու հրեշտակների հարգելը ու պատվելը այս պատվիրանի դեմ չեն:
2. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես:
Աստծո անունը սուրբ է, ուստի պետք է այն պատվենք այնպես, ինչպես ասում ենք Տերունական աղոթքում. ,,սուրբ եղիցի անուն քո”: Մկրտության ժամանակ մարդը լուսավորվում է Սուրբ Երրորդության անունով` Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Աստծո անունը պարտավոր ենք պատվել ու հարգել, մարդը չի կարող այն անպատվել կամ չարաբանել, որովհետև դա մեղք է Արարչի դեմ: Այս պատվիրանը արգելում է Աստծո անունը թեթևամտությամբ արտասանելը, այն արհամարհելը, անիծելը, սուտ երդում տալը, ինչպես նաև հայհոյելը: Հայհոյանքը դա արտասանություն է ներքնապես թե արտաքնապես՝ հայհոյող խոսքեր, ատելություն, մեղադրում ու չարախոսում Աստծո դեմ: Հակոբոս առաքյալի թղթի մեջ կարդում ենք. «Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը (Հիսուս Քրիստոսի), որով կոչված եք դուք» (Հակոբ 2, 7)։ Հայհոյանքի արգելումը տարածվում է նույնպես Եկեղեցու, սրբերի, մարդկանց ու սուրբ իրերի վրա: Սուտ երդում է նշանակում այն, երբ ստախոսության դեպքում Աստծուն վկա է կանչվում, իբրև թե ճշմարտությունն է խոսվում, կամ առանց հարկավորության Աստված վկա է կանչվում: Սուրբ Իգնատիոսը ասում է. ”մի՛ երդվիր ոչ Աստծո վրա և ոչ էլ արարվածների, այլ միայն այն դեպքում, եթե կա այդպիսի հարկավորություն՚՚:
3. Տիրոջ օրը սուրբ պիտի պահես:
Իսրայելացիների համար շաբաթն էր Աստծո օրը: Նոր Ուխտի մեջ կիրակին է Աստծո օրը, որովհետև այդ օրն է Հիսուսի հարության: Կարևոր է և Եկեղեցու համար կիրակին, քանի որ այս օրը Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա: Գործք առաքելոց գրքի մեջ կարդում ենք, որ վաղ եկեղեցին հավաքվում էր ութերորդ օրը, այսինքն կիրակի, որ փառաբաներ Հիսուսի մահն ու Նրա փառավոր հարությունը: Կիրակին պետք է սրբացնենք ծառայական գործերից, ծանր աշխատանքներից հետ մնալով և ս. Պատարագին մասնակցելով: Միայն այն գործերն են արտոնված, երբ անհետաձգելի այդպիսի պահանջ կա: Կիրակի օրվա նշանակությունը հանգստանալն է ու հոգևոր պահանջների կատարումը: Ս. Պատարագին ներկա լինելը կիրակի օրվա գլխավոր պահանջն է: Պատարագը գտնվում է Եկեղեցու կյանքի կենտրոնում: Կիրակի ու մյուս հրամայված տոն օրերը քրիստոնյաները պարտական են մասնակցել ս. Պատարագին, եթե լուրջ պատճառներով ազատ չեն այս պարտականությունից: Կիրակնօրյա Պատարագի ընդհանուր տոնակատարությանը մասնակցելը վկայում է Քրիստոսին և Նրա Եկեղեցուն պատկանելությունը և հավատարմությունը: Հավատացյալները այսպիսով հաստատում են իրենց հաղորդությունը հավատքի և սիրո մեջ: Նրանք միասին վկայում են Աստծո սրբության և փրկության իրենց հույսի մասին: Նրանք աջակցում են միմյանց Սուրբ Հոգու առաջնորդությամբ:
4. Պատվի՛ր հայրդ և մայրդ:
Հիսուսը արտահայտեց այս պատվիրանի կարևորությունը լինելով հնազանդ իր ծնողներին: Իսկ Պողոս առաքյալը այսպես է խրատում. «Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, որովհետև դա է ճիշտը։ «Պատվի՛ր քո հորն ու մորը,- սա առաջին պատվիրանն է, որ խոստում ունի,- որպեսզի բարիք գտնես, և երկրի վրա կյանքդ երկար լինի» (Ելք 20, 12)» (Եփես 6 1-3): Այս պատվիրանում Աստված հրամայում է հարգել, սիրել ու հնազանդվել մեր ծնողներին: Նրանք Աստծո ներկայացուցիչներն են մեզ համար: Աստված նրանց մեզ տվել է մեր բարիքի համար: Դրա համար էլ Նրա ցանկությունն է հարգել մեր ծնողներին: Մարդը պարտական է իր ծնողներին շնորհակալություն, հարգանք, խնամք ու հնազանդություն տալ: Ծնողներն էլ պատասխանատու են իրենց հերթին դաստիրակել երեխաներին ճշմարիտ հավատի ու առաքինության մեջ: Ըստ իրենց հնարավորության պարտական են տալ իրենց երեխաներին նյութական թե հոգևոր օգնություն: Բացի մեր ծնողներից պարտական ենք նույնպես հարգել մեր մեծերին, ուսուցիչներին, հոգևոր առաջնորդներին: Նրանք էլ իրենց հերթին պարտական են իրենց ենթականերին մարմնական կամ հոգևոր հոգ տանել: Պատվիրանի դեմ կմեղանչենք, եթե արհամարհենք մեր խնամողներին, նրանց վերաբերվենք կոշտ ու դիմադարձ, չհնազանդվենք ու մերժենք օգնությունը:
5. Մի՛ սպանիր:
Մարդու կյանքը սուրբ է: Սկզբից ի վեր այն պատճառն է Աստծո արարչական գործունեության և միշտ մնում է նպատակաուղղված իր Արարչին: Աստված Տերն է մարդու կյանքի սկզբից մինչև վերջ: Դրա համար էլ ոչ մեկը չի կարող կյանքին վերջ տալ կամ էլ վնասել: Հիսուսը Լեռան քարոզում ասում է. մի՛ սպանիր, ու ավելացնում դրան արգելքը՝ բարկության, ատելության ու վրեժխնդրության մասով (Մատթ 5, 21): Հինգերորդ պատվիրանով Աստված արգելում է սպանությունը ընդհանրապես, ինքնասպանությունը ու ուրիշի կյանքի վնասումը, ատելությունը, վիրավորանքները, ծեծելը, ինչպես նաև ատելությունը, նախատինքը, բարկությունը, նախանձը, ծաղրանքը: Հովհաննես առաքյալը ասում է. «Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է. և գիտեք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի» (1Հովհ 3, 15): Մարդու կյանքը թանկ է և ունի իր արժանապատվությունը արդեն իսկ իր մոր արգանդում: Եկեղեցին իր սկզբից ընդդեմ է եղել վիժումին (աբորտի) ու արգելում է ամեն տեսակի այդ գործողության իրականացումը, բացառությամբ այն դեպքի, եթե մոր կյանքը վտանգի է ենթարկված: Այս պատվիրանը արգելում է նույնպես բարեմահությունը (էֆթանազյա)։ Միայն Տերը կարող է վերջ դնել մարդու կյանքին, իսկ ամեն տեսակ արհեստական գործողությունները, որոնք տանում են մահվան, Աստված արգելում է, որովհետև դրանք իրենց էությամբ սպանություն են:
6. Մի՛ շնանար:
«Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ 1, 27), այսպես է ասում Աստվածաշունչը: Երկուսն էլ ստեղծված են Աստծո պատկերով, երկուսն էլ անձնավորություն են, ունեն միևնույն արժանապատվությունը ու իրենց սեռական ինքնությունը: Մարդու սեռականությունը իր ազդեցությունն է գցում նրա բոլոր ոլորտների վրա, որը կազմում է հոգու ու մարմնի միություն: Ամենքը պարտական են ճանաչել ու ընդունել իրենց սեռական առանձնահատկությունները: Ամեն մարդ կոչված է ողջախոհության ըստ իրենց կյանքի պայմանների (ամուսնացած թե ազատ, կուսակրոն և այլն): Այս էլ իր հերթին պահանջում է լինել պարկեշտ ու ապրել մաքրության առաքինությամբ՝ ըստ վերևում նշված աստիճանի: Այս պատվիրանով Աստված արգելում է անմաքուր բաների վրա մտածելը, զննելը, կարդալը (հանդես), լսելը, դիտելը (ֆիլմ) և հատկապես սեռական հարաբերությունները նույն սեռի ներկայացուցիչների միջև ու սեռական հարաբերությունները, որ դուրս են ամուսնությունից, ինքնագոհացումը: Աստված անխախտելի հաստատեց ամուսնությունը, դրա համար էլ այդ միությունը ոչ մի մարդկային իշխանություն ու ոչ էլ մի պատճառ չեն կարող քանդել, բացի մահից: Վերևում նշված արգելված գործողությունները ըստ իրենց էության կործանիչ դեր են կատարում ամուսնության, իսկ ամեն մարդ պարտական է կազմակերպել իր սեռական կյանքը:
7. Մի՛ գողանար
Աստված ստեղծեց բարիքներ և այն շնորհեց մարդուն օգտագործելու ու վայելելու համար: Մարդը ինչ որ ունի օրինավոր կերպով, այն իր սեփականությունն է: Օրինավոր կերպով բարիքներ կարելի է ստանալ արդար աշխատանքով, ժառանգությամբ, նվերով և այլն: Յոթերորդ պատվիրանով Աստված հրամայում է պահպանել հասարակական բարիքները, ճիշտ օգտագործել անձնական սեփականությունը ու հարգել ուրիշինը: Սեփականատերը պետք է օգտագործի իր ունեցվածքը ըստ Աստծո կամքի, նկատի առնելով Աստծո փառքը, հանրության օգուտը, քրիստոնեական արդարությունը և եղբայրասիրությունը: Յոթերորդ պատվիրանը արգելում է գիտակցաբար վնաս հասցնել ուրիշի ունեցվացքին կամ այն հափշտակել (գողանալ), առևտրի մեջ խաբել, վաշխառություն անել, կաշառակերությամբ զբաղվել: Ով ինչ կերպով էլ վնասում է ուրիշի սեփականությունը, պարտական է այն հատուցել: Այս պատվիրանը նույնպես կոչ է անում օգնության ձեռք պարզել աղքատներին ու կարիքավորներին: Հիսուս Քրիստոսը հաճեցավ աղքատ լինել, չնայած իր աստվածային ծագումին, և այդպես, իր կյանքով թե քարոզչությամբ հայտնեց իր սերը աղքատների նկատմամբ: Պողոս առաքյալը այսպես է ներկայացնում. «Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։» (2Կորն 8, 9):
8. Սուտ վկայություն մի՛ տուր քո մերձավորի մասին:
Հին Կտակարանը վկայում է, որ Աստված աղբյուրն է ամենայն ճշմարտության, Նրա խոսքը ճշմարիտ է: Աստծո ճշմարտությունը հայտնվում է ամբողջությամբ Հիսուս Քրիստոսի մեջ (տե՛ս Հովհ 14,6): Մարդը իր բնությամբ ուղղված է ճշմարտությանը, իսկ նրա բարոյական պարտականությունն է հաղորդել ճշմարտությունը և այն վկայել: Ճշմարտախոսությունը և ազնվությունը առաքինություններ են, բոլորս պարտավոր ենք այն օգտագործել: Ութերորդ պատվիրանով Աստված արգելում է ստախոսությունը, բամբասանքը, զրպարտությունը, սուտ վկայությունը, կեղծավորությունը, գաղտնիքի ոչ օրինավոր հայտնումը, սուտ խոստումը: Որպեսզի խուսափենք այս պատվիրանի դեմ մեղքերից, հարկավոր է նախապես մտածել ասելիք խոսքերի վրա, որ զերծ մնանք կեղծիքից ու չվնասենք ուրիշի բարի անվանը:
9. Քո մերձավորի կնոջը մի՛ ցանկանա:
«Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ» (Մատթ 5, 28): Այս պատվիրանը ուղղված է, ինչպես կոչում է Հովհաննես առաքյալը, ,,մարմնի ցանկության դեմ”: Այդ մարմնի ցանկությունը Պողոս առաքյալը նմանեցնում է մարմնի ընդդիմությանը հոգու դեմ: Այսպիսի ցանկությունը հետևանքն է սկզբնական մեղքի: Ցանկությունը ըստ իր էությամբ մեղք չէ, սակայն անմաքուր ցանկությունը մեղքի է դրդում: Իններորդ պատվիրանով Աստված արգելում է բոլոր անմաքուր մտքերն ու ցանկությունները և կոչ է անում մաքուր կյանքի, ողջախոհության, սեռական հասունության ու զգաստության:
10. Քո մերձավորի ունեցվածքին մի՛ ցանկանա:
Տասերորդ պատվիրանը նախորդի շարունակությունն է ու ամբողջացնում է այն: Այստեղ խոսքը վերաբերվում է ուրիշի սեփականությունը ցանկանալուն ու անզուսպ ընչաքաղցությանը: Տասներորդ պատվիրանը արգելում է չար նախանձը, տխրությունը ուրիշի ունեցվածքի ու հաջողության վրա: Հիսուսը երանի անվանեց հոգով աղքատներին, որովհետև նյութական բարիքներից ազատությունը նպաստում է հոգևոր կյանքին: Իսկ մարդու մեծագույն ցանկությունն է տեսնել Աստծուն: Դրա համար էլ մարդը պիտի կանոնավորի իր ցանկությունները ու ընտրի լավագույն ճանապարհը, որը կտանի իրեն Աստծո արքայություն:
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աստված – անսահման կատարյալ Անձ, հավերժ ու բարձրագույն իրականություն, տիեզերքի Արարիչը: Աստվածաշունչը ասում է, թե ”Հոգի է Աստված” (Հովհ. 4.24), կամ` «Աստված Սեր է» (Ա Հովհ. 4.8): Աստված հավիտենական է, միշտ եղել է ու միշտ պիտի լինի, անփոփոխ, ամենազոր ու ամենակարող: Աստված միակն է ու հայտնվում է իր երեք անձերով՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի:
Հայր Աստված Սուրբ Երրորդության առաջի Անձն է: Աստվածաշունչն է, որ Արարչին ու Տիրոջը տիեզերքի կոչում է Հայր: Աստված մեր Հայրն է, Հայրը բոլոր մարդկանց, այդպես սովորեցնում է մեզ Հիսուսը: Հայրը գթասիրտ է, բարի, զորեղ ու ամենակարող: Աստված մեր Հայրն է, այդ բարի ավետիսն է, որ Հիսուսը մեզ հայտնեց:
Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, Սուրբ Երրորդության երկրորդ Անձը: Հիսուս Քրիստոսը, Աստծո Միածին Որդին, մեզ համար մարդ եղավ և մեռնելով խաչի վրա փրկեց մարդուն հավիտենական մահից: Հարություն առավ երրորդ օրը, իսկ իր երկինք համբարձումից հետո ուղարկեց Սուրբ Հոգուն: Քրիստոսը միաժամանակ Մարդ է ու Աստված, իր աստվածությամբ հավասար Հոր ու Սուրբ հոգու հետ:
Սուրբ Հոգի – Սուրբ Երրորդության երրորդ Անձն է: Սուրբ Հոգին Հոր և Որդու հետ միասին ընդունում է փառք ու պատիվ, Աստվածային երկու Անձերի հետ սիրո միասնություն է: Հիսուսը կոչում է Սուրբ Հոգուն Մխիթարիչ ու ուղարկում Եկեղեցուն, որ զորացնի այն, սրբացնի, սովորեցնի ու առաջնորդի: Հիսուսի գործը Սուրբ Հոգին է շարունակում:
Սուրբ Երրորդություն – Հայրը Որդին ու Սուրբ Հոգին երեք Անձինքն են Սուրբ Երրորդության, իրար հավասար են իրենց աստվածությամբ, իրար հանդեպ գտնվում են հավիտենական սիրո մեջ։
Մարիամ Աստվածածին – Հիսուս Քրիստոսի Մայրն է: Հղիացավ Սուրբ Հոգուց և ծնեց Որդուն Աստծո, դրա համար էլ կոչվում է Աստվածածին: Գաբրիել Հրեշտակապետը նրան անվանեց օրհնյալ ու շնորհոք լի: Աստված ընտրեց Մարիամին, զերծ պահեց սկզբնական մեղքից, դրա համար էլ կոչվում է Անարատ հղիացած: Եկեղեցին իր սկզբից մինչև այսօր Նրա բարեխոսությանն է դիմում, որովհետև Մարիամի խնդրանքը իր Որդին երբեք չի մերժի:
Հրեշտակներ – Անարատ ու մաքուր, անմարմին անձիք են` հոգի, օժտված են ազատ կամքով ու խելքով: Աստծո ծառաներն են, վայելում են Աստծո տեսությունը, շատ անգամ մարդուն ներկայանում են որպես պատգամավորներ ու մարդկանց պաշտպաններ, այս վերջիններս կոչվում են պահապան հրեշտակներ:
Սատանա – Ամեն հրեշտակ չէ որ հնազանդվեց Աստծուն։ Նրանք, որոնք չհնազանդվեցին իրենց Տիրոջը ու ընդիմացան՝ չպահպանեցին իրենց սկզբնական բարի էությունը ու դժոխքի սկիզբ տվին: Սատանան ու մյուս չար հոգիները թշնամի են Աստծուն ու մարդկանց, նրանց գլխավոր նպատակն է մեղքի միջոցով մարդուն տանելը մահի: Իրականում հարկավոր չէ չարին վերագրել զորություն, նա ավելի շատ խորամանկ է, քան զորեղ: Աստված չարի դեմ է ու Իր ապահով հաղթանակը հաստատեց Քրիստոսի միջոցով:
Մարդ – Աստծո արարածն է, բաղկացած է մարմնից ու հոգուց, ունի կամք ու միտք: Մարդը ստեղծված է Աստծո պատկերով, բարձր է իր արժանապատվությամբ, իր մեջ կրում է աստվածային հատկություններ։ Նրան հատուկ է նույնպես հավիտենական կյանքը, այսինքն կամ պիտի վայելի հավիտենական երջանկություն, կամ էլ պիտի ընդմիշտ զրկված լինի Աստծո ներկայությունից ու տառապի: Մարդը իր կյանքում ունի նպատակ, այն է փառաբանել Աստծուն, սիրել ու ծառայել Նրան ու այդպես փրկել իր հոգին:
Եկեղեցի – Եկեղեցին հիմնել է Հիսուս Քրիստոսը իր երկրային կյանքի ժամանակ: Եկեղեցին տիեզերական է, սուրբ, միասնական ու առաքելական: Սուրբ Հոգին բնակվում է Եկեղեցու մեջ. շարունակում է Հիսուս Քրիստոսի գործը և առաջնորդում լիակատար ճշմարտությամբ: Եկեղեցու անդամները նրանք են, ովքեր հավատացել են Հիսուս Քրիստոսի Ավետարանին, մկրտվել են «Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» և միության մեջ են Եկեղեցու ու միմյանց միջև: Հիսուսը Եկեղեցու առաջնորդ քահանայապետ կարգեց Պետրոս առաքյալին: Պետրոսի իրավահաջորդը սրբազան Պապն է:
Մահ – Մահը հոգու բաժանումն է իր մարմնից: Հոգին է, որ կենդանի ու գործուն է պահում մարմինը: Կյանքում միակ հաստատ բանն այն է, որ ամեն մարդ պետք է մահանա: Բայց մարդն իր մահվան ժամը չի կարող իմանալ։ Մահից հետո հոգին ներկայանում է Աստծո դատարանին։ Այնտեղ, ըստ իր արժանիքների և ըստ Աստծո արդարության ու ողորմության, ստանում է իր վարձը՝ արժանանալով Աստծո Արքայության, քավարանի կամ դատապարտվելով դժոխքի:
Արքայություն – Տեղ ու վիճակ է, այնտեղ է Աստծո տունը և այնտեղ մենք կարող ենք կատարյալ երջանիկ լինել: Աստված բոլոր մարդկանց կոչում է հավիտենական երջանկության իր արքայության մեջ։ Սակայն նրանք, ովքեր չեն կամենում մաքրվել իրենց մեղքերից, չեն կարող այնտեղ մտնել:
Քավարան – Նույնպես հետմահու տեղ կամ վիճակ է, այնտեղ հոգիները տանում են իրենց հանցանքների պատիժը: Սակայն այդ պատիժը ժամանակավոր է, ու մաքրվելուց հետո հոգիները կմտնեն արքայություն: Եկեղեցին միշտ աղոթում է այդ հոգիների համար, որ կրճատվեն նրանց տառապանքները ու շուտ հասնեն դրախտին:
Դժոխք – Հավիտենական դատապարտություն է, որտեղ են գտնվում Աստծուց բաժանված հոգիները ու տանջվում: Դժոխքում հոգիները իրենց հանցանքների ու չզղջալու պատճառով ընդմիշտ բաժանված են Աստծուց: Քրիստոսը դժոխքի իրականությունը արտահայտում է հետևյալ կերպով. «Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար» (Մատթ 25, 41):
Աղոթք – Աստծուն սիրող և հավատացող յուրաքանչյուր անձի Աստծուն ուղղած խոսքերն են։ Ինչպես նաև Աստծո հետ հանդիպում է, խոսակցություն ու սիրով Նրա հետ միացում է խաղաղություն ու երջանկություն գտնելու համար: Ավետարանում շատ անգամ հանդիպում ենք Հիսուսին աղոթելիս: Նրա ամենահաճախակի աղոթքները գոհության ու փառաբանության աղոթքներ են: Աղոթելը մեզ հարկավոր է Աստված պաշտելու, փառաբանելու, շնորհակալ լինելու, խնդրելու համար:
Հավատք – Իր ներքին էությամբ հանձնվելն է Քրիստոսին սիրով ու վստահությամբ: Հավատալ` նշանակում է հաստատակամ ու առանց տարակուսանքի ընդունել Աստծո էությունը և ցուցադրել կամքի ու մտքի հնազանդում Նրա հանդեպ: Հավատքը Աստծո պարգևն է, ս. Գիրքը ասում է, որ առանց հավատքի չենք կարող փրկվել: Հավատալ հարկավոր է գիտակցաբար, հավատի կամ անհավատության միջև երրորդի ընտրությունը անհնար է: Հավատքը պահանջում է, որ մարդը պատրաստ լինի պատասխանել Աստվածային հրավերին: Եկեղեցին կոչ է անում խնամել հավատը: Հավատքը մեծանում է, երբ մենք բոլորս ավելի լավ ենք լսում Աստծո խոսքը և աղոթքի միջոցով նրա հետ ենք կենդանի հաղորդակցության մեջ: Հավատքը թերի կլինի, քանի դեռ այն չի դրսևորվել սիրո գործերում:
Հույս – Հավատքի ու սիրո հետ մեկտեղ աստվածաբանական առաքինություն է, որը մեզ անընդհատ և համառորեն տանում է դեպի այն, ինչին մենք ի սկզբանե նախատեսված ենք. փառաբանել և ծառայել Աստծուն: Քրիստոնեական հույսը սահման չունի, այն հիմնված է Աստծո գթության ու բարության վրա, որոնք անվերջ ու անսահման են: Հույսը լիակատար վստահությունն է այն բանի, ինչ Աստված խոստացել է մեզ աշխարհի ստեղծման ժամանակ, մարգարեների միջոցով և հատկապես Հիսուս Քրիստոսի միջոցով, նույնիսկ եթե մենք դա դեռ չենք տեսնում: Որպեսզի մենք համբերությամբ Հուսանք ճշմարտության կատարմանը, որպեսզի ստանանք Սուրբ Հոգին։
Սեր – Աստվածաբանական առաքինությունների մեջ ամենաբարձրն է, հորդորում է մարդուն սիրել Աստծուն և սիրել մարդկանց Աստծո համար: Այն Աստծո սերն է, որ բարձրացնում է մարդուն, որպեսզի միանա Աստծո հետ և լինի երջանիկ: Սերը պարտադրում է սիրել Աստծուն ամենից ավելի: Հիսուս սովորեցնում է սիրել Աստծուն ամբողջ հոգով, սրտով, մտքով ու ամբողջ զորությամբ, որովհետև Աստված մեր Արարիչն է, Ամենաբարձրը, Նա սիրել է մեզ ու իր սիրո մեջ ստեղծել մեզ: Մերձավորին, մարդուն սիրելը երբեք չի բաժանվում Աստված սիրելուց: Հիսուսը ասում է, որ սիրո պատվիրանների վրա են հենված ամբողջ Օրենքը և մարգարեները: Սերն այն ուժն է, որի շնորհիվ մենք նախապես սիրված ենք Աստծո կողմից, սերը ամենաբարձր էներգիան է, որը ոգևորում է մեզ և աստվածային կյանքով լցնում և ուժ տալիս մյուս առաքինությունների համար:
Մեղք – Այն, ինչ մտածում ենք, անում ու ցանկանում ընդդեմ Աստծո կամքի, անվանվում է մեղք: Մեղքը չարություն է, որ մարդը կատարում է իր անձի, մարդու ու Աստծո հանդեպ: Կա մահուչափ (ծանր) ու ներելի մեղքեր: Մարդուն մեղքից կարող է մաքրել միայն Աստված: Առաջին մարդ էակների, Ադամի ու Եվայի գործած մեղքը կոչվում է սկզբնական մեղք, որը տարածվում է ամբողջ մարդկության վրա: Մկրտությունը ջնջում է սկզբնական մեղքը ու վերահաստատում մարդու և Աստծո միությունը:
Շնորհ – Աստծո բարյացակամ օգնությունն ու պարգևն է: Շնորհն այն ամենն է, ինչ Տերը տալիս է մեզ, և մենք դրան արժանի չենք: Աստծո շնորհը հարկավոր է մարդուն իր կյանքի ու գործունության ընթացքում, ինչպես նաև փրկության հասնելու համար: Շնորհը օգնում է մեզ ճանաչել, ցանկանալ և կատարել այն, ինչը մեզ տանում է դեպի լավը, դեպի Աստված, դեպի երկինք: Հատկապես շնորհը Տրվում է մարդկանց խորհուրդների միջոցով: Այս շնորհը մեզ, առաջին հերթին մկրտության միջոցով, դարձնում է Աստծո զավակներ, երկնքի Թագավորության ժառանգներ: Աստծո շնորհը մեզ տանում է Սուրբ Երրորդության կյանքին մասնակցելու, Հոր, Որդու և Սուրբ Հոգու սիրո երկխոսության մեջ լինելու: Նա մեզ հնարավորություն է տալիս ապրել Աստծո սիրո մեջ և գործել այդ սիրուց ելնելով։
Փորձություն – Փորձությունը վատ կամ չար գործերի մղող միտք, փափագ կամ ներքին գրգիռ է, որ առաջ է գալիս մեր հոգու թշնամիներից՝ դևերից, վատ ընկերներից, կրքերից ու մոլություններից և աշխարհի հրապույրներից։ Փորձությունը շատ անգամ առաջ է գալիս առանց մեր ցանկության: Նման դեպքերում այն մեղք չէ, քանի դեռ մեր ազատ կամքով հավանություն չենք տվել այն բանին, ինչի համար կամ ինչի շուրջը ձգտում է ծավալվել այն։ Սակայն մեղք է դառնում, երբ մտքով ախորժելի է ընկալվում, հավանություն ենք տալիս և կամքով ցանկանում ենք գործի վերածել այն։
Աստվածաշունչ – Սուրբ Գիրքը կամ Աստվածաշունչը Աստծո ներշնչմամբ գրված գրքերի հավաքածու է։ Աստվածաշունչը մարդկության պատմության մեջ Աստծո փրկարար միջամտությունների միջոցով ու Նրա շնորհիվ մարդկության Փրկության պատմությունն է: Աստված գործածել է մարդկանց՝ Իր խոսքն ու կամքը հաղորդելու համար. ուստի Նա է Սուրբ Գրքի իսկական հեղինակը։ Սուրբ Գիրքը բաղկացած է երկու մասերից՝ Հին Կտակարան և Նոր Կտակարան։ Հին Կտակարանը պատմում է Իսրայելի ժողովրդի հետ Աստծո դաշինքի մասին, որն էլ դարձավ Աստծո ընտրյալ ժողովուրդը։ Նոր Կտակարանը պատմում է Աստծո դաշինքի մասին բոլոր նրանց հետ, որոնք հավատում են Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին և Նրա Ավետարանին, առանց որևէ մի խտրականության։
Եկեղեցու խորհուրդները – Դրանք ծիսական արարողություններ են, որոնց միջոցով մարդուն հաղորդվում է Աստծո փրկարար և սրբարար շնորհը, եթե նա դրանից զուրկ է, կամ ավելացվում է այն, եթե նա արդեն շնորհի վիճակի մեջ է գտնվում։ Շնորհը միշտ կարող է աճել՝ ձգտելով կատարելության։ Եկեղեցու Սուրբ Խորհուրդները յոթն են, և բոլորն էլ հաստատվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից:
Ծես – Ծես են կոչվում հասարակական պաշտամունքի համար կանոն դարձած և Եկեղեցու կողմից հաստատված աղոթքներն ու արարողությունները՝ ըստ իրենց համար սահմանված կարգի։ Ծեսը կարևոր է կարգ ու միանմանություն ապահովելու, վայելչություն հաղորդելու համար աստվածային պաշտամունքներին, ինչպես նաև շարժելու մարդու ներքին ջերմեռանդությունը և միմյանց բարի օրինակ լինելու համար։
Ծիսական տոներ – Ծիսական տարվա մեծ տոները Հիսուսի կյանքի գլխավոր դեպքերի հիշատակություններն են: Դրանք են՝ Ծնունդ, Մկրտություն, Զատիկ, Համբարձում և այլն: Ապա Հոգեգալուստ, և հետո՝ Աստվածամոր, Հրեշտակների և նշանավոր Սրբերի տոները։ Տերունական կոչված տոները նրանք են, որոնք վերաբերում են Հիսուսին, Սուրբ Խաչին, Եկեղեցուն կամ Սուրբ Աստվածածնին, իրենց նախատոնակներով և ութօրյաներով հանդերձ։ Տերունական են նաև տարվա բոլոր կիրակի օրերը: Ծիսական տարվա մեջ ննջեցյալներին հատկացված են հինգ մեծ տոներին անմիջապես հաջորդող օրերը, որ կոչվում են Մեռելոց։ Այդ մեծ տոներն են՝ Հայտնություն, Զատիկ, Վարդավառ, Վերափոխում և Խաչվերաց, որ կոչվում են հինգ Տաղավար տոներ։
Պահք – Եկեղեցու իր կողմից սահմանված օրերին հանձնարարում է պահք կամ ծոմ պահել։ Դա երկու նպատակ ունի: Առաջինը վերաբերում է մեր մարմնին, ճգնողությամբ մարմինը մաքրելու, կրքերը սանձելու, կամքը հզորացնելու նպատակով: Երկրորդը՝ վերաբերում է մեր հոգիները բարի գործով հարստացնելուն ու ամրապնդելուն: Ծոմը որոշակի ժամանակով կերակուրներից լիակատար հրաժարումն է: