Անիի Ավերակներ — Les ruines d’Ani
Մարի-Ֆելիսիտե Բրոսեն (Marie-Félicité Brosset, 1802—1880) հայտնի է որպես վրացագետ և հայագետ։ Նրա բեղուն գրչին են պատկանում պատմագիտական, աշխարհագիտական, հնագիտական և բանասիրական հարյուրավոր ուսումնասիրություններ, որոնցից շատերը բազմահատոր են:
1848 թ. այցելել է Վրաստան ու Հայաստան պատմական հուշարձաններ ուսումնասիրելու նպատակով: Էջմիածնի վանքում մնացել է մոտ վեց շաբաթ, ուսումնասիրել է հայերեն ձեռագրեր, իր կողմից ծանոթագրություններ ավելացնելով ֆրանսերեն է թարգմանել մատենադարանապետ Հովհ. Շահխաթունյանցի կազմած ձեռագրացուցակը, որ լույս է տեսել 1848 թվականին։ 1860-1861 հրատարակել է Անիի արձանագրություններ (Les ruines d’Ani, capitale de l’Arménie sous les rois Bagratides, aux Xe et XIe s.: histoire et description. Atlas), որ նրան է հանձնել արևելագետ Հերման Աբիխը իր գիտական հետազոտությունից հետո։ Բրոսեն դրանք հրատարակել է՝ ֆրանսերեն ծանոթագրելով։ Բրոսեն հայագիտությանն ընձեռեց իր ժամանակին ճոխ և նոր նյութեր, որոնք առավել ևս արժեքավոր են, քանի որ դրանք այժմ թերևս գոյություն չունեն, կամ եթե մնում են, բայց անհաս են վիմագրական ժառանգությունն ուսումնասիրողներից:
Ներկայացնում ենք «Անիի Ավերակներ» նկարագրության էջերը:
Թողնել պատասխան