ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ — ԱՐԹՆԱՑՈՒՄ
Վահան Տերյան (1885-1920) – նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան ու այնուհետեւ 1906թ ընդունվում Մոսկվայի համալսարան…
Ռուսական առաջին հեղափոխության նախապատրաստման և վերելքի տարիներին ակտիվորեն մասնակցել է ուսանողական հուզումներին ու ցույցերին, հաղորդակից դարձել գիտական սոցիալիզմի գաղափարներին։
1917թ բանաստեղծը մտել է բոլշևիկյան կուսակցության շարքերը, ընտրվել Համառուսական կենտգործկոմի անդամ և աշխատանքի անցել Ազգությունների ժողովրդական կոմիսարիատում՝ վարելով հայկական գործերի բաժինը։ Վախճանվում է Օրենբուրգում 1920թ. ծանր հիվանդության պատճառով, ընդամենը 35 տարեկան հասակում։
Տերյանը, չնայած իր կոմունիստական հայացքների, հայկական հարցի շուրջ ունեցել է վիճաբանություն Ռուսաստանի կոմունիստական ղեկավարության հետ: «Արթնացում» բանաստեղծությունը արտացոլում է Տերյանի ունեցած գաղափարախոսությունների սկզբունքային տարբերությունները և նրա “կարոտը Կենդանի Աստծուն”:
ԱՐԹՆԱՑՈՒՄ
Խենթ մարտիրոսներ, պայծառ հերոսներ,
Ձեր կարմիր ճամփան քարերի միջից
Ցրեց իմ հոգու տենչերը չնչին,
Բացեց իմ հոգում ուրիշ փարոսներ:
Իմ ջլատ հոգու վիշտը քարացավ,
Ես խորն զգացի իղձը ձեր հոգու,
Կյա՜նք ձեր անունին, որ այս ահարկու
Գիշերին բերիք նոր լույսի համբավ:
Բարի կուռքերն են մեզ շրջապատում,
Կենդանի Աստված, ես Քեզ եմ կանչում,
Ինձ Քո կարոտն է անդադար տանջում,
Բարի կուռքերին ես չեմ հավատում:
Թողնել պատասխան