Հոգևոր բանաստեղծություն — Մինաս Գրիգորենց
Մինաս Գրիգորենց (Գրիգորյան) ծնվել է 1956 թ., Վրաստանի Ախալցխայի շրջանի Խաշուտ (Աբաթխև) գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է հարևան՝ Ծինուբան գյուղի հայկական դպրոցում: 1979 թ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, ու հետագայում աշխատել որպես ինժեներ-էլեկտրոտեխնիկ:
Մասնագիտական աշխատանքի հետ զուգահեռ Մ. Գրիգորենցը զբաղվել է գրականությամբ: Ազատ ստեղծագործող է: Պոետի ստեղծագործական հիմնական մոտիվներն են՝ սերը, հայրենիքը, բնությունը, մայրը, հոգևոր կյանքը։ Նրա ստեղծագործությունները հավատքի ու արդարության համար հոգու կանչի, հարենիքի ու ժողովրդի հանդեպ ունեցած սիրո արտացոլանքն են: Մինաս Գրիգորենցի առաջին գիրքը տպագրվել է 2014 թ. վրաց – հայերեն տպագրությամբ, այնուհետև տպագրել է ևս չորս գիրք: Նրա ստեղծագործություններն ուրույն տեղ են գտել նաև «Կամուրջ», «Ալմանախ», «Գրական մեղեդիներ» և այլ հրատարակչություններում։ Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Նորից քո կամքով վերափոխվեցի
Իմ մեջ ես հաստատ, իմ մեջ մութ չկա,
Լույս ես իմ հոգում,արցունքս վկա,
Ճրագդ թող անշեջ քո կամքով Արքա:
Աղաչում եմ քեզ տուր ինձ, Արարիչ
Այն ինչը որ քո սերմով է բուսած,
Բարի պտուղիդ սիրտս է փափագում,
Հոգիս էլ թող քեզ վայել ծառա:
Թող սերմը բարի մեր մեջ արարվի,
Բյուրը դառնա մեկ, իսկ մեկը անվերջ,
Որ կոչմանը մեր դառնանք արժանի,
Կամ էլ չքայլենք անվայել մարդին:
Քայլս անվստահ թող միշտ խափանվի,
Լինեմ միշտ սերմիդ արժանի կրող,
Ինձանով հողում բարի սերմանվի,
Միայն թե բարին աշխարհում հաղթի:
* * *
Տեր, ինձ ներիր թէ սխալվեմ,
Ինձ խնայիր, եթե ընկնեմ.
Մարդ եմ, մեղսոտ ու մեղավոր
Կավահող եմ, հավերժ անզոր…
Աղաչում եմ, Տեր, ինձ ներիր,
Սիրուդ մաքուր ջրով բուժիր.
Երբ աչքերս մի օր կոցվեն
Քո հարության լույսով բացվեն…
Հոգուս աչքերը կուրացած
Դու բաց արա, գթած Աստված…
* * *
Քո պատգամներով ինչպե՞ս սփոփվեմ,
Աղոթանվեր շուրթերով միայն
Մեղքերիս ծովը ո՞նց ցամաքեցնեմ
Ինչպես աղոթեմ, որ մեղքս ներվի,
Որ ձայնս քեզ մոտ լինի լսելի…
Ջանում եմ, Հայր մեր, ջանում եմ անվերջ,
Որ շահեմ մի քիչ, կամքդ երկրասեր…
Սակայն չեմ տեսնում լույսդ ուղեցույց,
Որ ինձ անսխալ ճանապարհ հանի:
Մտատանջ հոգով, տեսքով այլայլված
Արժանահատույց վերջիս սարսափից,
Աղերսում եմ քեզ` ներիր ինձ, իմ Տեր:
* * *
Ինձ տուր իրավունք՝ աղերսեմ քեզ, Տե՛ր,
Թեկուզ մեղավոր իմ վերջին շնչում,
Կցորդ դարցրու բարի շողերիդ,
Ուղղորդի՛ր ինձ քեզ, չարիքից հեռու…
Եվ լույսով կամքի կիրքս լվացի,
Մեղանչած հոգուս զղջում պարգևի,
Սխալմունքներս մարդկային էության,
Անկայուն չափիս պատճառ համարի…
Հակառակագործ, զույգ էությունս
Լուծորդիր այնպես, որ լույսը հաղթի,
Աչքերիս՝ այս զույգ անլույս ընդերքին,
Քո անշեջ լույսի կայծը պարգևի…
Երբե՛ք, ձեռագործ կուռքերի փայլից,
Հայացքս ի քեզ ճամփից չշեղվի,
Խոսքիս անբարո ծնունդի պահին
Անչափ պարտքերիս կշիռը հիշեմ…
Մաքրվի՝ անսահման թույնից ամեհի
Բաձունքիդ անվայել հոգիս մեղավոր,
Մաքրության տենչով սիրտս լիացնեմ,
Հոշոտված անձիս փրկելու հույսով…
Լուսավոր որդուդ տեսքից փառավոր
Այտուցներս անտես, անհետ վերանան,
Ամոթի կսկիծն սիրտս լցնելով՝
Անարժան անձս հավետ բժշկեմ…
* * *
Ամենազոր դու տիրակալ, մաքրամաքուր օվկիան կյանքի,
Զուլալ ու ջինջ քո բյուրեղից աղաչում եմ տուր ինձ բաժին,
Սերմը բարի քո էության իմ հոգու մեջ դու սերմանիր,
Տիեզերքի քո կենարար սուրբ առվակով ինձ ոռոգիր:
Կենսահյութս քեզնով լցրու, անմեղության բնույթ տուր ինձ,
Քո մաքրությամբ ամբարիր իմ մեղկ կերտվածքը խեցեգործ,
Ինձ ազատիր այս զզվելի ադամական ցոփ մեղքերից,
Որ մեկ վայրկյան գեթ միանամ սրբությանդ ստեղծագործ:
Ես` քո ծառան հավատացյալ՝ անպաշտամունք,
Լույս դրախտիդ հույսով ապրող՝մարդ մեղսավոր,
Դու ծնեցիր ինձ երկունքով ամպրոպաշունչ,
Որ դիմանամ քո շանթերին հազարավոր
Դու Օմեգա անծայրածիր ու անվախճան,
Ներողամիտ ու բարեգութ սուրբ Արարիչ,
Աստվածային քո բնույթից ծնված որդուդ
Ուղարկեցիր, որ մարդանար՝ դառնար Փրկիչ:
Դառն էր բաժին թասը որդուդ ու ահավոր,
Բայց նա կրեց խաչը մեղքի ողջ մարդկության,
Մատաղ եղավ, մեր մեղքերի համար բոլոր,
Ու ավետեց վեհ հրաշքը սուրբ հարության:
Տեր իմ, հանուն որդուդ թափած փրկիչ արյան,
Հեռու պահիր մեզ մեղքերից դժոխային,
Մենք թաղվել ենք մեղքի ծովում, անօգնական
Ու մեկնել մեր անզոր ձեռքը՝ հզոր խաչին:
Արարումիդ վեհ զորությամբ,
Մարդ ենք ծնվել քո իսկ կամքով,
Գոնե մի քիչ մեզ մարդ թողնես
Լուսավորվենք քո սուրբ հոգով…
* * *
Լեզուս ձայնավոր, հեցուկը կավից,
Մարդ լինել անարգ հողից ամփոփված,
Որ ետ է մղում իմ ծնված օրից,
Ասա ինձ փրկիչ ինչպե՞ս մարդ մնամ…
Հոգուս լույսերը ինչպե՞ս վառ թողնեմ
Առանց քո հզոր լույսի կցորդի,
Իմ հոգին նույնպես կցորդիր փրկիչ
Քո անվերջ հզոր հոգու լույսերին…
Երեսս հողին, աչքերս վշտաբեկ,
Իմ արցունքներով հողին հեղեղեմ,
Մենակ թե ներիր, ներիր ինձ իմ տեր
Քեզանից հեռու դու ինձ չվանես…
Անառակ հոգիս ակոսիր իմ տեր,
Ու նորից այնտեղ կանաչացրու,
Որ մաքուր հոգով դիմեմ քեզ նորեն,
Արժանի լինեմ խոսքիս իմաստին…
Գեհենի հրով հողը այրվի,
Իմ արցունքներով նորից զովացնեմ,
Քո կամքով հաղթեմ անտես հրեշին,
Որ վերջում իմ տեր քո գրկում հանգչեմ…
* * *
Ինչքա՞ն ամփոփեմ, որ մեղքս ներվի,
Քո պատգամներով ինչպե՞ս արարվեմ,
Աղոթանվեր շուրթերով միայն
Մեղքերիս ծովը ինչպե՞ս ցամաքի:
Ջանում եմ Հայր Տեր, ջանում եմ անվերջ,
Որ շահեմ մի քիչ, որ մեղքս ներվի,
Սակայն չեմ տեսնում քո լույսին շիտակ
Որ ինձ անսխալ ճանապարհ հանի:
Սարսափած տեսքով, մտատանջ հոգով,
Արժանահատույց վերջիս սարսափից,
Աղերսում եմ քեզ` ներիր ինձ իմ Տեր,
Շուրթերիս աղոթքը սրտիս փոխանցիր:
Ճանապարհս զույգ, իսկ ես վարանված
Ինչպե՞ս ընտրեմ պատշաճ զարթուղի,
Օգնի՛ր ինձ, իմ տեր, օգնի՛ր անբանիս,
Որ հերկս լինի առանց խոտանի…
* * *
Տեր ինձ ներիր ու խնայիր, եթե հանկարծ ես սխալվեմ,
Քանզի մարդ եմ ո՞նց հաղթեմ ես սիրո հզոր ծով կարոտին,
Աղաչում եմ մեղքս ներիր զուլալ կամքով աստվածային,
Որ անօրենք ես չլինեմ մաքուր սիրուս ծովի միջին…
Եվ աչքերս չոր, մոխրացած իրենց հոգու ցավի ուժով
Նոր կյանք առնեն, որ արտասվեն անվերջ չափով,
Արտասուքիս սառ ջրերով սառ աղբյուրներ թող միշտ ծնվեն,
Որ լվացեն չարը բարուց, որ անօրենք սեր չլինի,
Եթե մաքուր, զուլալ սեր է օրենքը թող անզոր լինի…
Եվ իմ լեզուն հողից ծնված, լռի կամքով աստվածային,
Մանուկ հոգիս մանուկ ծնված, մանկան լեզվով դեռ կխոսի,
Իր մանկացած մաքուր ձայնով, զուլալ ու ջինջ թոթովանքով,
Առանց օրենք, առանց ամոթ, բարձրից էլ բարձր ձայնով,
Ի լուր մարդկանց, լուր աշխարհի կասի, որ քէզ սիրում եմ ես:
* * *
Հոգիս է դատվում, մարմինս է դատավոր,
Մարմինս է դատվում, դատավոր է հոգիս,
Կռիվ է իմ մէջ ինքնամարտ դաժան,
Մարմինս ունի ցանկություն այսպես,
Հոգիս էլ մոլոր ուզում է այնպես…
Դիմում եմ Արքա, ես քեզ ծնկաչոք,
Միջնորդիր, լուծիր, տուր ինձ հաղթություն,
Ինք իմ միջև կցորդիր այնպես,
Որ քայլս երբեք չլինի երկկողմ:
Բաց մեղքերս իմ լույս արքա
Դյուրամեր են քո լույսի տակ,
Արժանի եմ արդյոք նրան,
Օգնիր գտնեմ ես ճանապարհ…
* * *
Կործանվում է հզոր շենս,
Օտարազգի չարքի դավից,
Ողբում է լուռ, չի ճանաչում
Զոմբիացված որդիներին…
Հրեշը նենգ եկավ տիրեց,
Եվ մխրճվեց մարդկանց կյանքին,
Արդեն չկա սեր ու հարգանք,
Սուրբ խորանը դարձել է բույն …
Ծերունին է ողբում թաքուն,
Այս անհագուրդ դաժան չարքից,
Նախնյաց սուրբ ու բարի ոգին,
Լքել է մեր սուրբ տաճարին…
Բռնակալը առանց խորհուրդ,
Սուրբ Նշխարին նզովք խառնած,
Հաղորդության գաղտնիքը հին,
Շպրտում է նորից մարդկանց …
Մեր հավատքին կրոն խառնել,
Պիղծ ու անհագ մարդ է որսում,
Մանուկ ու ծեր չի խնայում,
Այս ո՞ւր հասավ շենս նախկին…
Աղոթում եմ երկինքն ի վեր,
Աստվա՛ծ, հասիր մեզ օգնության,
Ազատի՛ր մեզ այս չարիքից:
Հետ բեր հզոր գյուղս՝ նախկին…
* * *
Ոչ ոք չգիտի, ինչո՞վ է հարուստ,
Երկրային ոսկին այստեղ կմնա,
Կշեռքի նժարին դրել եմ հոգիս,
Այն կողմին ծանր մեղքերը մնաց …
Ոչ ոք չգիտի, երբ կգա վերջը,
Այն ինչ հիմա է, այլևս անցավ.
Մարդն էլ վարկյան է, գնում է անցյալ,
Անցնելով թողնում լոկ ստվեր անձայն …
Բարի լու՜յս ասեք ամեն նոր օրվան,
Անցնում է, որ գա, նրան է տրված,
Գալիս է, տանում բեռն ամենատես ,
Որում մեր կյանքի արարքն է լցված …
Մեզանից միայն բարին են ուզում ,
Անհեգնանք ժպիտ, թեկուզ մեկ ցորեն ,
Արցունք զղջումի… աղոթք ու օրհնանք ,
Մեր մարդ կոչումին վայելուչ կեցվածք …
Բարո՜վ գնացիր, թե արարել ես,
Բարիքդ աշխարհին նոր շունչ կբերի,
Արարչի կամքով դու այն կտեսնես,
Քո սերունդների օրհնյալ օրերից …
* * *
Շնորհակալ եմ, վե՛հ Արարիչ,
Շնորհակալ եմ քո տվածից,
Մարդ ծնվածիս ու մինչ օրս՝
Այս աշխարհում «մարդ» չափումիս մնացածիս…
Ազգս դարձավ քեզ ճանաչող՝
Առաջինը բազումի մեջ,
Թեկուզ լինենք մենք մեղանչող,
Չմոռանաս, հիշի՛ր մեզ Տեր…
Զավակներին հերոս ազգիս
Դարձիր փրկիչ կրակի մեջ,
Թող զորանան քո հոտի մեջ,
Սերմ են դարձել աշխարհի մեջ…
Հավերժ օրհնանք տուր Տեր նրանց,
Թող քո շուքով զգոն մնան,
Չարք, արհավիրք հեռու գնան,
Հաղթանակով վերադառնան…
* * *
Աղաչում եմ քեզ, ամենակա՛լ,
Երկինք — երկրի մեծ Տիրակա՛լ,
Քո մեծ կամքից աստվածային,
Տուր ինձ չնչին, փոքրիկ բաժին,
Գուցե այնժամ կարողանա՞մ
Մարդ կոչումիս արժանանալ…
Քանի հազար, հազարների
Մեղքերով է ծնվել աշխարհն,
Որ քո կամքով արարված էր՝
Որպես այգի Եդեմական,
Մարդուկներիս նողկ մեղքերով
Վերափոխվեց այգին քո, Տե՛ր,
Որ քո որդու աստվածային
Արյունն անգամ չի մաքրում այն,
Ներիր ինձ Տե՛ր, ներիր լեզվիս,
Որ նույնիսկ քեզ ցավ է տալիս,
Իմ մարդկային լեզուն շատ չար
Ինչեր, ինչեր դուրս չի տալիս…
Հոգուս լեզուն աչքերիս մեջ
Ամաչելուց լաց է լինում,
Իսկ թևերս խոր ամոթից
Ոչ թե ճախրում, այլ թևաթափ
Կուչ են գալիս:
Մարմինս նողկ, հյուսված կավից,
Որ գնում է դեպի ակունք,
Դեռ չի ապրել առանց մեղքի
Եվ ոչ մի օր, հազա՜ր ամոթ:
Ամենազոր Տե՛ր-տիրակալ,
Աղաչո՛ւմ եմ քեզ ծնկաչոք,
Ծովից էլ ծով իմ մեղքերին
Ներիր, որ ես ապրեմ նորից…
* * *
Մինաս Գրիգորենցի հոգևոր բանաստեղծոթյուները
Մինաս Գրիգորենցի պաշտոնական կայքը
Թողնել պատասխան