Հովվի տկարություններն ու աստվածային շնորհը
Զրույցը խորհուրդների ժամանակ եկեղեցու հովիվների միջոցով բաշխվող աստվածային շնորհի շուրջ է, կարևոր և արդիական մի նյութ, որը կարծում ենք կհետաքրքրի ընթերցողին:
Ժողովողը, երբ ասել է. «Երկրի վրա չկա արդար մի մարդ, որ բարի գործ անի և չմեղանչի» (Ժող. 7:21): Նոր Կտակարանում նույնն է գրում նաև Հովհաննես Ավետարանիչը: Ահա նրա խոսքերը. «Եթե ասենք` «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ» (Ա Հովհ., 1:8): Այսպես է ասում նաև Հակոբոս առաքյալը. «Բոլորս էլ շատ ենք մեղանչում» (Հակ. 3:2):
Նույնիսկ առաքյալները, մարգարեները, արդար այրերը, հինկտակարանյան նախահայրերը, նրանք էլ հեռու չէին մեղքից, նրանք էլ երկմտեցին, սայթաքեցին, ուրացան Քրիստոսին` ժամանակ առ ժամանակ բռնվելով կրքերով և շատ ուրիշ թուլություններով ու մեղքերով:
Այսպես, հավատքով ամուր և աստվածատես Մովսեսն ինքը երբեմն ընկնում էր թերահավատության մեջ` դառնալով նույնիսկ դրա զոհը (Թվեր 20: 1-12): Արիակամ Հոբը, չկարողանալով պայքարել փորձությունների դեմ, անտանելի բորոտության սարսափելի չարչարանքների ժամանակ անիծեց իր ծննդյան և սաղմնավորման օրը (Հոբ 3: 1-2): Դավիթը Մարգարե և թագավոր, մեղավոր էր քետացի Ուրիայի մահվան մեջ, նրա կնոջ հետ շնացավ, համաժողովրդական մարդահամարից հետո հպարտացավ իր թագավորության հզորությամբ, շատ մարդկային արյուն թափեց, որի համար էլ զրկվեց Տիրոջ տաճարի կառուցողը լինելու պատվից ( Բ Թագ. 12: 1-17, 24: 1-16): Պետրոս առաքյալը երեք անգամ ուրացավ Քրիստոսին` իր Տիրոջը (Մատթ. 26: 9-75): Իսկ Սուրբ Պողոսը` շնորհի այդ ամենամաքուր անոթը, իր մասին ասում է. «Որովհետև ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որ չեմ կամենում» (Հռոմ. 7:19):
Ուրեմն եթե հավատի սյուներն են ժամանակ առ ժամանակ տատամսել, եթե արդար մարդկանց հոգիներն են երբեմն փոթորկվել մեղավոր մտքերով, կասկածներով, փոքրոգությամբ ու թուլություններով, մի՞թե հնարավոր է, որ թուլություններ և արատներ չլինեն ուղղափառ հովիվների սրտերում: Չէ՞ որ նրանք հրեշտակներ չեն: Նրանք պարզ, սովորական մարդիկ են` մեղավոր հակումներին ենթակա այնքանով ու այն չափով, որքանով որ ենթակա է ողջ մարդկությունն ընդհանրապես:
Անդրադառնանք սկզբից Սուրբ Գրքին: Գրեթե յուրաքանչյուր սրբազան գրքում կան օրինակներ, երբ Աստվածային շնորհը տրվում է ոչ միայն արժանավոր, այլև անարժան անձերի միջոցով: Հիշենք, օրինակի համար, Բաղաամ մոգին: Չէ՞ որ նա սրբապիղծ, եսասեր և շահամոլ մոգ էր: Նա, ագահությունից դրդված, գնաց մովաբացիների Բաղակ արքայի մոտ` անիծելու Իսրայելի ժողովրդին: Նրան գայթակղում էին հարուստ նվերները, որոնք ուղարկվել էին նրան գթաշարժելու, մովաբացիներին օրհնելու, իսկ իսրայելացիներին նզովելու համար: Սակայն, երբ նա Տիրոջ հրահանգով հրեա ժողովրդին նզովելու փոխարեն օրհնեց, ափսոսաց, որ չկատարելով Բաղակի ցանկությունը` նրանից չի ստանա խոստացված ընծաները, և նա իսրայելացիների համար կործանարար խորհուրդ տվեց թագավորին. նրանց ամեն կերպ գայթակղել և մղել կռապաշտության և անառակության (Թվեր 23:6):
Հարց է առաջանում, ի՞նչը կարող է ավելի նողկալի և ատելի լինել, քան մոգի այս արարքը: Սակայն, Աստված անգամ նրա միջոցով հոգևոր օրհնություն տվեց անշնորհակալ հուդայացիներին և նրա բերանով, ի լուր բոլոր հավաքվածների, ազդարարեց Քրիստոսի հայտնության մարգարեությունը:
Իսկ Կայիափա քահանայապե՞տը: Չէ՞ որ նա էր հետամտում Քրիստոսի մահը, դատապարտեց Նրան և չարչարանքների մատնեց: Հետևաբար, աստվածային և մարդկային օրենքներով նա քահանայական պաշտոնին արժանի չէր: Աստված, սակայն, խոսում էր նրա միջոցով` մարգարեության շնորհ տալով նրան: Օրինակի համար մենք գիտենք, որ նա կանխատեսեց Քրիստոսի մահը ոչ թե իր սեփական մեղքերի, այլ մարդկանց մեղքերի համար, ինչպես այդ մասին վկայում է սուրբ Հովհաննեսը. «Դուք ոչինչ չգիտեք, ոչ իսկ խորհել եք, թե մեզ համար ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի» (Հովհ. 11: 50-51):
Իսկ Դավիթ թագավո՞րը: Որքա՜ն հանցանքներ նա գործեց: Որքա՜ն մարդկային արյուն հեղեց, որքա՜ն հաճախ էր ընկնում շնության մեղքի մեջ, որքա՜ն հաճախ էր նրան տիրում հպարտության և սնափառության ոգին, և որքա՜ն հաճախ էր նա խախտում Արարչի պատվիրանները: Եվ, չնայած այդ ամենին, աստվածային շնորհը նրան ավելի էր տրվում, քան տասներկու փոքր մարգարեներից որևէ մեկին: Նա մեծ մարգարե էր և Աստծո շնորհի մեծագույն անոթ: Թովմաս առաքյալը չէր հավատում Քրիստոսի հարությանը, սակայն դրա համար աստվածային շնորհից չզրկվեց:
Այսպիսի տեղեր և օրինակներ շատ ու շատ են Աստծո խոսքում, և այս օրինակները բոլորին և ամեն մեկին առանձին-առանձին համոզում են, որ աստվածային շնորհը հաճախ է տրվում մեղավորներին, արատավորներին, ուրեմն նաև` անարժան անձանց: Եվ եթե այսպես է, իսկ բերված օրինակներից հետո դրանում կասկածել այլևս անկարելի է, ուրեմն աստվածային շնորհը կարող է տրվել նաև անարժան ուղղափառ քահանաների միջոցով, ինչպես սուրբ Մյուռոնն է լցվում և անցնում անմաքուր անոթների միջով: Մեր կատարած եզրահանգման անուղղակի ապացույցներին ենք հանդիպում նաև Պողոս առաքյալի նամակներում: Պողոս առաքյալն ասում է, որ հավատացյալներին շնորհաբաշխ ուժ պարգևելու` Եկեղեցու հովիվների իշխանությունն ու իրավունքն Աստծուց է բխում. «Այսպիսի մի վստահություն ունենք առ Աստված` Քրիստոսի միջոցով, մենք անձամբ մեզնից որևէ բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողությունը, որը և կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտոնյաներ լինելու» (Բ Կորնթ. 3: 4-7): «Այսուհետև այս գանձերն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի զորության գերազանցությունը Աստծուց լինի և ոչ մեզնից» (Բ Կորնթ. 4:7): «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթ. 12:9): Ուրեմն, եթե աստվածային իմաստությունը հայտնվում է ոչ թե իմաստուններին, այլ մանուկներին, եթե աստվածային զորությունը տկարության մեջ է ամբողջանում, և եթե աստվածային շնորհը կավե ամանների մեջ էլ է հայտնվում, ապա ավելի քան պարզ է, որ կարող է տրվել նաև անարժան հովիվների միջոցով աստվածային շնորհը, քանի որ սուրբ առաքյալի այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են` «տկարության մեջ է ամբողջական դառնում», «կավե ամաններ», կարող են վերաբերել միայն անարժան, այլ և ոչ երբեք բարի, խելացի և արժանավոր հովիվներին:
Մարկոս եգիպտացին երեսուն տարի փակված ապրում էր իր խցում: Մոտակայքում ապրող մի քահանա միշտ գնում էր նրա մոտ և Սուրբ Հաղորդություն տանում: Սատանան, տեսնելով մեծ ճգնավորի այս տեսակ անսասան համբերությունը, մտքին դրեց փորձել նրան: Եվ ի՞նչ արեց նա: Մի դիվահարի միտք տվեց նրա մոտ գնալ` իբր թե աղոթելու համար: Չար ոգով բռնվածը, գնալով Երանելի Մարկոսի մոտ, բացականչեց. «Քո երեցը նողկալի արատներ ունի, նրան այլևս թույլ մի՛ տուր քեզ մոտ մտնել»: Սուրբը նայեց նրան և ասաց. «Զավա՛կս, բոլորն անմաքրությունը դուրս են շպրտում, իսկ դու այն բերել ես ինձ մոտ: Սուրբ Գրքում գրված է. «Մի՛ դատեք, որ չդատվեք» (Մատթ. 5:16): Ի դեպ, եթե քահանան նույնիսկ այդպիսի մեծ մեղավոր է, ինչպես դու ես ասում, ապա Աստված ամեն դեպքում կփրկի նրան, քանզի գրված է. «Միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք» (Հակոբ. 5:16): Այս խոսքերից հետո սուրբն աղոթեց, դուրս քշեց նրանից դևը և նրան առողջ արձակեց: Իսկ երբ սովորականի պես եկավ երեցը, սուրբը նրան ուրախությամբ ընդունեց: Ամենաբարի Աստված, տեսնելով սուրբի անհիշաչարությունը, նրան հրաշք ցույց տվեց. «Քանզի, երբ քահանան սկսեց հողորդություն տալ, ես տեսա, – պատմում էր սուրբը, որ Աստծո հրեշտակն իջավ երկնքից և ձեռքը դրեց երեցի վրա, և նա դարձավ ինչպես մի հրե սյուն»: Եվ երբ ես զարմանքով նայում էի այդ հայտնությանը, լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. «Ո՛վ մարդ, ինչո՞ւ ես դու այս բանի վրա զարմանում, եթե երկրավոր թագավորն էլ է իր մեծատոհմիկներին արգելում անմաքուր ներկայանալ իրեն, այլ բարեվայելչություն է նրանցից պահանջում, ապա առավել ևս աստվածային զորությունն է պահանջում: Մի՞թե այն չի մաքրագործի սուրբ Խորհուրդների պաշտոնյաներին` երկնային փառքի առջև կանգնածներին»:
Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, այդ մեծ սխրագործը, սուր մտքի տեր և սուրբ կյանքով ապրած մի մարդ, իր հակառակորդներին այսպես էր պատասխանում առաջադրված հարցի կապակցությամբ. «Այսպես դատի՛ր: Դու երկու մատանի ունես, մեկը` ոսկյա, իսկ մյուսը` երկաթյա, և երկուսի վրա էլ փորագրված է միևնույն թագավորական կնիքը, և երկուսով էլ դու կնքել ես մեղրամոմը: Ինչո՞վ է մեկ կնիքը տարբերվում մյուսից: Ոչնչով: Ճանաչիր կնիքի` մեղրամոմի վրա թողած դրոշմը, և եթե դու իմաստուն ես մյուսներից, ուրեմն ասա` ո՞ր մատանունն է` ոսկյա՞, թե երկաթյա: Քանզի չնայած որ նյութը տարբեր է, սակայն դրոշմների միջև տարբերություն չկա: Թող այդպես էլ քեզ մկրտողն ու խոստովանեցնողը լինի ցանկացած քահանա, քանզի չնայած մեկը մյուսին գերազանցում է իր կյանքով, սակայն մկրտության, (հավասարապես և մյուս խորհուրդների) ուժը միևնույնն է, ուստի քեզ դեպի կատարելություն կարող է առաջնորդել միևնույն հավատքով դաստիարկված ցանկացած քահանա»:
Մեր քննարկած հարցի շուրջ ճիշտ նույն մտքերն է արտահայտում նաև եկեղեցու այնպիսի նշանավոր հայր, ինչպիսին է Սուրբ Հովհան Ոսկեբերանը: Ահա նրա խոսքերը. «Աստվածային շնորհը գործում է նաև անարժանների միջոցով: Աստված գործում էր նաև Բաղաամի` գարշելի մի մարդու միջոցով: Ցույց էր տալիս ապագան և՛ Փարավոնին, և՛ Նաբուգոդոնոսորին: Կայիափան էլ էր մարգարեանում` ինքն իսկ չիմանալով, թե ի՞նչ էր ասում, և ուիշներ ևս Քրիստոսի անունով դևեր քշեցին, չնայած իրենք Քրիստոսի կողմնակիցները չէին, որովհետև այդ ամենը լինում է ոչ թե կատարողների, այլ ուրիշների համար»:
Մի ուրիշ տեղում էլ Ոսկեբերան հայրապետն ասում է. «Կայենի հետ Աստված խոսում էր հանուն Աբելի, սատանայի հետ` հանուն Հոբի, Փարավոնի հետ` հանուն Հովսեփի, Նաբուգոդոնոսորի հետ` հանուն Դանիելի, հայտնություն ստացան նաև մոգերը: Պատահում է, որ իշխանավորները լինում են չար և անզուսպ, իսկ ենթակաները` բարի և զուսպ: Աշխարհականներն ապրում են առաքինի կյանքով, իսկ հոգևորականները` արատավոր: Եվ եթե շնորհը միշտ արժանավորներին փնտրեր, ապա չէր լինի ո՛չ մկրտություն և ո՛չ էլ Սուրբ Հաղորդություն: Բայց այժմ Աստված գործում է նաև անարժանների միջոցով, և մկրտության շնորհն ամենևին էլ չի տուժում քահանայի վատ կյանքից, որը կկանգնի Աստծո Ահեղ դատաստանի առաջ, և Տերն Ինքը կդատի նրան` ըստ նրա գործերի: Սա ասում եմ, որպեսզի առաջիկայում որևէ մեկը, հետևելով քահանայի կյանքին, չկասկածի նրա կատարած խորհուրդների վավերականությանը: Մարդն իր կողմից ոչ մի բան չի դնում դրանց մեջ, այլ ամեն ինչ աստվածային զորության արդյունքն է: Նա մեզ վրա ազդում է Սուրբ Խորհուրդներով»:
Այսպիսով, և՛ Սուրբ Գիրքը, և՛ սրբազան Ավանդությունը, և՛ առողջ մարդկային բանականությունը հավասարապես համոզիչ կերպով, վկայում են, որ Աստվածային կենարար շնորհը մարդկանց տրվում է նաև անարժան հովիվների միջոցով:
Եվ վերջին օրինակը: Հողագործը ցորենը միշտ ցանում է կեղտոտ, կոշտ ձեռքով, սակայն չնայած դրան, արտերը` Աստծո օրհնությամբ ծածկվում են առատ հունձքով: Այդպես էլ հովիվն է: Նա իր անձնական կյանքում կարող է լինել կոպիտ ու վատ մարդ, սակայն նրա հոգեխնամ առաքելության արդյունքները կարող են փրկարար, հրաշալի և նախանձելի լինել ուրիշների համար, բնականաբար միայն Աստծո օգնականությամբ:
Արդարացի՞ է արդյոք այսքանից հետո պնդել, որ քահանան չի կարող ներել մեղքերը, քանի որ ինքը նույնպես մեղավոր է: Եթե Աստված Ինքն է նրան այդպիսի իշխանություն տվել, ապա մարդիկ ինչպե՞ս կարող են այն վիճարկել: Մենք չպետք է նայենք, թե հովիվը արժանավոր է կամ անարժան, չէ՞ որ ինքը չէ արձակողը, այլ նրա միջոցով Աստված Ինքնէ գործում:
Եվս մեկ անգամ կրկնում ենք. աստվածային շնորհը հավատացյալ մարդուն միշտ տրվում է նրա հավատքի չափով, նույնիսկ, անկախ այն բանից, խորհրդակատար հովիվն արժանավո՞ր է, թե՞ անարժան: Մարդն ինքը տկար է, սակայն նրա միջոցով տրվող աստվածային շնորհը մշտապես սուրբ է և մաքուր:Հատվածներ՝ «Հովվի տկարություններն ու աստվածային շնորհը», Սուրբ Էջմիածին, 2010 թ:
Հատվածներ՝ «Հովվի տկարություններն ու աստվածային շնորհը», Սուրբ Էջմիածին, 2010 թ:
Թողնել պատասխան