Գրիգոր Լուսավորիչ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Գրիգոր Պարթեվ (239–325/326), Հայոց առաջին եպիսկոպոսապետ 302-ից, համաքրիստոնեական տոնելի սուրբ: Ըստ հին տեղեկությունների, Պ․ սերել են Պարթեաց Արշակունիների տոհմաճյուղերից՝ Սուրենյան և Կարենյան Պահլավիկներից։ Գրիգորը Հայաստանում քարոզել է Ավետարանը և նախապատրաստել ողջ ժողովրդին քրիստոնեություն ընդունելու: Այնուհետև, անսալով աղաչանքներին, բժշկել է արքային և մյուս ընկնավորներին: Ապաշխարած ու դարձի եկած Տրդատ Գ Մեծը հրամայել է, որ դադարեցվի քրիստոնյաների հալածանքը, և ժողովուրդը համարձակ պաշտի Քրիստոսի սուրբ հավատը:  Հայ եկեղեցին ս. Գրիգոր Լուսավորչին դասել է ավագ սրբերի կարգը: Նրան անվանում են «Հայոց Մկրտիչ», «Երկրորդ Լուսավորիչ Հայոց» (Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից հետո): Նրա մասին հորինվել են բազմաթիվ երգեր, շարականներ, ներբողներ, տաղեր, հյուսվել ավանդություններ: 

 

Գրիգոր Լուսավորչի աղոթքը

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս եւ հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ, հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ խորհուրդները եւ լցրեց իմ սիրտը: Այժմ երկրպագում եւ աղաչում եմ՝ ծունկի գալով հայցում՝ վկայելով Քո բարերարության մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը եւ պահի՛ր այն Քո գանձի մեջ, որպեսզի դարձյալ տաս ինձ այն Օրը:
Մի՛ բարկանա ինձ վրա, Մարդասե՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առավել առատացավ շնորհն իմ մեջ, քանի որ լեզուս տկարացավ՝ չկարողանալով խոսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաեւ իմ միտքը՝ չտանելով նրա ալիքների բազմությունը:
Օրհնված Հորդ կերպարա՛նք եւ ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դեպի ինձ եկող շնորհի հոսանքները, քանզի ինչպես բորբոքված հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Հետո այնտեղ դարձյալ պարգեւի՛ր ինձ այն եւ պահի՛ր ինձ Քո արքայության մեջ, մի՛ հիշիր իմ անօրենությունները, հանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, եւ Հայտնության Օրն իմ օթեւանը թող օրհնվի Քո Հոր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցվածերը, քանզի միայն Դու ես ինձ կյանք տվողը:
Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն:

(? հեղինակ)
Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» N 49

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։