Ներսես Լամբրոնացի

Միածին Որդուն

Այլ ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս: Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք: Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք: Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք: Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր: Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների:

Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող: Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր, խարխափում ենք խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից, հաստատի՛ր: Դո՛ւ ես յույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն: Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչ քահանա Քո Արյամբ գնված Քո հոտը:

Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնությունը Քո օթևաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և խոստացար: Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:

Սուրբ Հաղորդություն ստանալուց հետո

Դու, որ մեր տկար բնության փորձառությունը ունեցար, ո՜վ մեր քահանայապետ Հիսուս, Քեզ ենք նայում: Դու, որ մեզ համար մեղքի պատարագ եղար, որպեսզի մենք քեզ համար արդար լինենք, Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք քեզ համար երկնավոր լինենք, Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք Քեզ ճաշակելով սրբվենք, տո՛ւր վշտերով լեցուն քո մարմինը, որպեսզի բոլոր սրտերը քեզ ճաշակեն և սրբվեն: Մատռվակի՛ր վտակի պես կաթկթող քո անմեղ արյունը, որպեսզի մարդիկ անմեղությամբ հագենան: Երկարի՛ր փրկարար խաչդ` այս աշխարհի ծովում լողացողներիս, մեզ վեր` դեպի Քեզ բարձրացնելու համար: Շնորհքի կարոտ ենք, սփռի՜ր, հոգնած ենք մեղանչելուց, քավի՛ր, խավարի մեջ ենք խարխափում, ճառագայթի՛ր. մեր հավատքից տապալվել ենք, հաստատի՛ր:

Դո՛ւ ես հույսը, Դո՛ւ ես լույսը, Դո՛ւ ես կյանքը, Դո՛ւ ես քավությունը, Դու ինքդ ես անմահությունը, Քե՛զ ենք սպասում, քո շնորհի կռթնածներս, Քեզնից փրկություն ստանալու կարոտ ենք Քո մարմնին միացածներս: Քե՛զ որպես քավիչ քահանա ունենք. մենք` Քո արյունով գնված հոտդ:

Նայի՛ր բոլորիս, սփոփիր մեր տարակուսանքները Քո փրկագործությամբ, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունները Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնած հոգիները Քո օթևանների մեջ, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և նույնը մեզ խոստացար: Եվ արժանացրո՛ւ մեզ` քեզ պատկանողներիս, որ փառավորենք Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին` հավիտյանս հավիտենից. Ամեն: