Ախթալայի սուրբ Աստվածածին վանք
ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա: Վաղ միջնադարում բնակավայրը կոչվել է Ագարակ, XII–XIII դդ.՝ Պղնձահանք, իսկ Ախթալա անվանումն ստացել է ուշ միջնադարում: Ա. Ս. Ա. վ. եղել է Հս. Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը, XII–XIII դդ. կատարել է հոգևոր, կրթ. ու մշակութ. զգալի դեր: Վանքի տարածքը շրջապատված է X դ. Կյուրիկյան Բագրատունիների օրոք կառուցված ամրոցի բրգավոր պարսպապատերով, որոնք ձգվում են հս-ից հվ., հրվանդանի ամբողջ պարագծով: Գլխ. մուտքը հս-ից է: Այն թաղակապ ձգված սրահ է, որից արլ. բարձրանում է շրջանաձև հատակագծով եռահարկ բրգաձև աշտարակը: XIII դ. Իվանե Ա Զաքարյանը վանքը վերածել է քաղկեդոնիկ մենաստանի: Պղնձահանքը դարձել է Գուգարքի վրացադավան հայերի կրոն. կենտրոն, հայ-վրաց. կրթարան: Ա. Ս. Ա. վ-ում XIII դ. գործել է Սիմեոն Պղնձահանեցին: Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկ. և վրաց. մատենագրություն: Պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի վկայությամբ, Իվանե Ա Զաքարյանն այստեղ է պահել իշխան Վասակ Պռոշյանի ընծայած՝ Օրբելյանների «Աստվածընկալ Սուրբ Խաչը», որն էլ Իվանե Ա 1216-ին նվիրել է Նորավանքին: Պատմիչներ Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, 1227-ին Ա. Ս. Ա. վ-ում՝ իր իսկ կառուցած եկեղեցու դիմաց է թաղվել Իվանե Ա-ն: 1250-ին վանքում, հոր կողքին է թաղվել նաև Իվանեի որդի Ավագ Զաքարյանը: Ա. Ս. Ա. վ-ի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին (XIII դ.) գտնվում է ամրոցի կենտրոնում և ունի մեկ զույգ ութանիստ մույթերով գմբեթավոր հորինվածք: Եկեղեցու աղոթասրահն արլ-ում ավարտվում է Ավագ խորանով, որի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներն են: Գմբեթը (չի պահպանվել) բարձրացել է երկու մույթի և խորանի եզրապատի հետ համատեղված որմնամույթերի միջև գցված կամարների վրա: Եկեղեցու ճակատների հարդարանքում առանձնանում են զույգ պատուհանների միջից բարձրացող մեծադիր քանդակազարդ խաչերն ու շքամուտքերը: Արլ. ճակատը մշակված է եռանկյունաձև խորշերով: Ս. Աստվածածին եկեղեցուն արլ-ից կցված են սրահ և փոքր, արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով թաղածածկ, ուղղանկյուն խորանով եկեղեցի (XIII դ.): Վանքի բակի հս-արմ. կողմում կանգուն է միանավ, թաղածածկ եկեղեցին (XIII դ.)՝ արլ. ճակատից դուրս եկող կիսաշրջանաձև խորանով: Վանքն ունեցել է բնակելի և տնտ. շինություններ, որոնցից պահպանվել են արլ. պարսպապատին հարող կրկնահարկ կառույցի պատերը: 1976–78-ին Ա. Ս. Ա. վ. մասնակի վերանորոգվել է:
Ս. Աստվածածին եկեղեցու ներսն ամբողջությամբ (բացի հս-արմ. մասից) նկարազարդված է: Պատերը, մույթերը, կամարները, խորանը ծածկված են Հին ու Նոր կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ բարձրարվեստ որմնանկարներով (XIII դ.): Խորանի գմբեթարդին Աստվածածինն է՝ գահին նստած, նրանից ցած՝ «Հաղորդություն» տեսարանն է, ներքևում՝ երկու շարքով, ողջ հասակով սրբերը (Բարսեղ Մեծը, Հռոմի Սեղբեստրոս պապը, Հակոբ Մծբնացին, Գրիգոր Ա Լուսավորիչը, Եվսեբիոս Կեսարացին ևն): Հս. պատի վերին մասում Աստվածածնի պատկերագրության երեք դրվագներն են, եկեղեցու հվ-արմ. կողմը նվիրված է ս. Հովհաննես Մկրտչին: Սյուներին, միջնապատերին, կամարներին տարբեր սըրբերի դիմապատկերներն են, որոնց շարքում առավել տպավորիչ են սյունակյացները: Արտակարգ բազմազան են զարդանկարները: Տարբեր տոնայնությամբ ու հնչեղ գույները, կապույտ ֆոնի հետ զուգակցված, ուժեղացնում են որմնանկարների հանդիսավորությունը և ճոխությունը: Որմնանկարների ստորին շերտը, ավետարանական թեմաներով, անմիջական աղերս ունի XI դ. հայկ. մանրանկարչության, հատկապես «Մողնու Ավետարան»-ի պատկերազարդման հետ: Այդ նմանությունն արտահայտվում է ոչ միայն որմնանկարների պատկերագրության մեջ, այլև մանրամասներում (դեմքերում, հագուստում ևն): Իսկ որմնանկարների վերին շերտը ոճով մոտ է բյուզ. արվեստին: Հայկ. մանրանկարչության հետ ոճական ընդհանրությունները, վրաց. և հուն. արձանագրությունները վկայում են, որ Ա. Ս. Ա. վ-ի որմնանկարները կատարել են քաղկեդոն. հայ նկարիչներ: Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.2, 3-րդ պատկերը:
Աղբյուրը՝
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան
Թողնել պատասխան