ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ

Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս

Ամեն ինչ տեսնող Աստված, մեղանչեցի Քո առջև խորհրդով, խոսքով և գործով, ջընջի՛ր իմ հանցանքների ձեռագիրը և գրի՛ր անունս Կեանքի Գրքում: Գաղտնիքնե՛ր քննող, մեղա՜ Քեզ կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի սուրբ Ավազանի ծնունդից մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով: Ամենախնա՛մ Տեր, Քո սուրբ երկյուղը պահապան դի’ր աչքերիս՝ այլևս անպատկառ չնայելու, ականջներիս՝ չախորժելու լսել չար խոսքեր, բերանիս՝ սուտ չխոսելու, սրտիս՝ չարը չխորհելու, ձեռքերիս՝ անիրավություն չգործելու, և ոտքերիս՝ անորենության ճանապարհով չգնալու, այլ ուղղի՛ր սրանց ընթացքը` միշտ լինելու ըստ Քո պատվիրանների: Մոլորյալներին դարձի՛ բերող, ե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերիս համար և գործեմ արդարություն: Անմահությա՛ն աղբյուր, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ: Արդա՛ր Դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ներսես Շնորհալի

Զղջման աղոթք

Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:
Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:
Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա: Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ և բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին են համբավում իմ՝ եղկելիիս ու ողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ և անթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և երանիների լույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ եմ ցույց տալիս և լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբ ապրում, փայլում եմ երկյուղածությամբ և ընթանում արդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսում, գիտեմ արդարությունը և անօրենություն եմ գործում:
Չեմ կարող, Տե՛ր, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին, սակայն ես զարհուրում ու դողում եմ և երկնչում եմ իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելով խաբվեցի որսողից և արդ, ի՞նչ կլինեմ եղկելիս, որ տարակուսած եմ կյանքից:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:
Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով, չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալու Քո կամարարների հետ:
Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դող տանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Եփրեմ Ասորի

Աղօթք ապաշխարութեան

Տէ՛ր երկնքի եւ երկրի Յիսուս Քրիստոս, իշխա՛ն կեանքի եւ մահուան, դատաւո՛ր կենդանիների եւ մեռեալների, յո՛յս եւ ապաւե՛ն իմ հոգու, Քեզ եմ մատուցում իմ աղօթքի երկրպագութիւնը եւ աղերսները: Լսի՛ր ինձ եւ քաւի՛ր իմ մեղքերը, որ միա՛կդ ես առանց մեղքերի, որ միա՛կդ ես սուրբ եւ սուրբերի մէջ բնակւում, որ միա՛կդ ես գթած ու ողորմած: Ողորմի՛ր ինձ, Ստեղծի՛չ իմ, եւ օրհնի՛ր ինձ: Հաշտուի՛ր ինձ հետ, կենսատո՛ւ իմ, եւ արքայութեանդ էջ յիշի՛ր ինձ, ինչպէս աւազակին: Դարձի՛ր դէպ ինձ, Փրկի՛չ իմ Աստուած, եւ դարձրո՛ւ ինձանից Քո ցասումը: Բարկութեամբդ մի՛ խրատիր ինձ եւ Քո ցասումով մի՛ յանդիմանիր:

Մի՛ բարկացիր ինձ վրայ յաւիտեան եւ մի՛ յիշիր իմ չարիքները եւ մի՛ պարտաւորիր ինձ ըստ իմ անօրէնութիւնների: Մի՛ վարուիր ինձ հետ ըստ իմ մեղքերի եւ մի՛ հատուցիր ինձ ըստ իմ անօրէնութեան: Մի՛ զրկիր ինձ Քո երեսից եւ մի՛ դատապարտիր ինձ, քանի որ ես ինքս գիտեմ, որ յանցաւոր եմ իմ մանկութիւնից եւ անպատասխան եմ Քո առջեւ:

Բայց Դո՛ւ, Թագաւո՛ր հզօր եւ անոխակալ, որ մեղաւոր կնոջ յանցանքները ներեցիր, ների՛ր իմ՝ մեղաւոր եւ անօրէն Քո ծառայի, պարտքերը: Քանզի Քո առատ բարերարութիւնն այնժամ է երեւում, երբ ողորմում ես ինձ, որ արժանի չեմ Քո ողորմութեանը, երբ ինձ ցոյց ես տալիս գթութիւնդ, որ արժանի եմ բիւր տանջանքների, քանի որ իմ բոլոր օրերն անցկացրեցի չարութեան մէջ եւ չմնացի Քո հրամանով:

Արդ, քաղցրացի՛ր իմ նկատմամբ, բարի եւ քա՛ղցր Թագաւոր, հաշտուի՛ր բազմամեղիս հետ եւ մի՛ դարձրու Քո երեսն ինձանից եւ բարկութեամբ մի՛ հեռացիր Քո ծառայից: Մի՛ անարգիր ինձ եւ մի թող ինձ, իմ Փրկի՛չ Աստուած, քանի որ թէպէտ ես Սուրբ Հոգուդ տաճարն ապականեցի անառակ վարքով, բայց գթա՛ ինձ, Ստեղծի՛չ իմ՝ ողորմած եւ անյիշաչար, եւ մի՛ ապականիր իմ հոգին գեհենի հրու յաւիտենական այրմամբ: Ներողամի՛տ եղիր իմ հանդէպ, մարդասէ՛ր, եւ շնորհի՛ր ինձ ապաշխարութեան ժամանակ եւ արցունքով զղջում եւ զօրացրո՛ւ սիրտն իմ՝ իմաստութեամբ խորհելու Քո օրէնքների մասին օր ու գիշեր, բարութիւն եւ արդարութիւն գործելու Քո առջեւ:

Բարձրացնում եմ դէպի Քեզ իմ աչքերը եւ իմ ամբողջ սրտով կանչում Քեզ, Տէ՛ր Քրիստոս, Միածի՛ն Որդի Աստուծոյ, որ, Քո մարդասիրութիւնից յաղթուելով, կամովին խոնարհուեցիր անճառ փառքիցդ եւ առար ծառայի կերպարանք, խաչի ու մահուան չարչարանքներին համբերեցիր Քո ստեղծածների փրկութեան համար:

Արդ, որ այսպիսի սէր ունես մարդկանց հանդէպ եւ կամենու ես, որ ամէն մարդ ապրի եւ ճշմարիտ գիտութեանը դառնայ, գթա եւ ինձ՝ բազմամեղիս մարդասէ՛ր Տէր, եւ կամեցի՛ր իմ փրկութիւնը եւ արա ինձ ողորմութիւն, որ առաւել ողորմելի եմ, քան բոլոր մարդիկ: Քանի որ Քեզ չսիրեցի իմ ողջ սրտով եւ իմ ողջ զօրութեամբ չպահեցի Քո պատուիրանները, այլ ունայնութեամբ անցկացրեցի իմ օրերն ու կատարեցի իմ սրտի կամքը: Իմ օրերը պակասեցին, եւ իմ անօրէնութիւնները շատացան, եւ ինձ համար չկայ յոյս փրկութեան եւ տեղ ապաւինութեան Քեզանից բացի, քանի որ միայն Քո բարերարութեանն եմ յուսացած եւ Քո առատ ողորմութեանն ապաւինած:

Եւ արդ, արտասուքների բխմամբ աղաչում եմ Քեզ՝ քանի դեռ իմ դարձի ժամանակը չի հասել, քանի դեռ իսպառ կորուսեալ չեմ, շնորհի՛ր ինձ ապաշխարութիւն եւ իմ վախճանից առաջ արձակի՛ր ինձ իմ մեղքերի կապանքներից եւ անտեսի՛ր իմ անթիւ անօրէնութիւնները:

Որ ամէն բարու տէր եւ մեղքերը ներող իշխան ես, ծածկի՛ր իմ բոլոր յանցանքները Քո բարեգթութեամբ եւ մխիթարի՛ր իմ վշտացած ու տարակուսած հոգին եւ առաջնորդի՛ր ինձ ասուհետեւ ըստ Քո կամքի՛ ապրել իմ պանդխտութեան մնացած ժամանակը. եւ մի՛ թող ինձ իմ անձի կամքով [ապրել], մինչեւ տանես բնակեցնես երկնքիդ արքայութեան օթեւաններում:

Լսի՛ր, Տէ՛ր, Քո անարժան ծառայի աղօթքներն ու խոնարհեցրո՛ւ Քո ունկն իմ պաղատանքներին, որ ասացիր. «Փնտրէ՛ք եւ կգտնէք, բախեցէ՛ք, եւ կբացուի» ինձ համար: Եւ այժմ բա՛ց իմ առջեւ, Տէ՛ր, Քո ողորմութեան Դուռը, որ ողբալով կանչում եմ Քեզ, եւ մի՛ անտեսիր իմ մեղաւոր անձի աղաչանքները, որ չեկար կանչելու արդարներին, այլ՝ մեղաւորներին ապաշխարութեան:

Եւ արդ, խոնարհուած հոգով, փշրուած սրտով, ամօթալից երեսով պաղատում եմ Քո անոխակալ տէրութեանը եւ ատեան դնելուց առաջ աղաչում եմ եւ նախքան դռան փակելը եւ անփոփոխելի վճիռ սահմանելն իմ արտասուքը Քո առջեւ հեղում, ողորմա՛ծ Տէր, քա՛ղցր եւ անյիշաչա՛ր եւ ներողամի՛տ՝ արարածներիդ հանդէպ: Յիմար կոյսերի հետ մի՛ դատապարտիր ինձ՝ փակելով ողորմութեանդ դուռը, եւ չար ու վատ ծառայի հետ մի՛ առաքիր ինձ արտաքին խաւարն, ուր աչքերի լաց է եւ ատամների կրճտում: Մի՛ հեռացրու ինձ Քո սիրելիների դասից եւ տարագիր մի՛ արա երանաւետ յաւիտենական կեանքից: Անբաժին մի՛ հանիր ինձ հայրենի ժառանգութիւնից, որ պատրաստել ես Քո սուրբերի համար աշխարհի սկզբից, եւ մի՛ զրկիր ինձ երկնաւոր հարսնարանից:

Եւ յանուն Քո մեծ ու փառաւորեալ թագաւորութեան դատաստան մի՛ մտիր Քո ծառայի հետ եւ մի՛ հատուցիր ինձ ըստ իմ բազում անօրէնութիւնների: Այլ շնորհի՛ր ինձ աջակողմեան դասի արժանաւոր եւ կատարեալ հոգիների հետ լուսեղէն ամպերին [բազմած] բարձրանալ օդի միջով Քեզ ընդառաջ եւ Քո սիրելիների եւ կամարարների հետ ուրախացրո՛ւ յարազուարճ ուրախութիւններում եւ առատապարգեւ փառքովդ փառաւորի՛ր ինձ արդարների երամներում՝ նրանց հետ բնակեցնելով Քո երկնային արքայութեան մէջ՝ Վերին Երուսաղէմում: Որպէսզի, նրանց հետ ձայնակցելով, փառաւորեմ Քեզ Հօր եւ Սուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Եփրեմ Ասորի

Զղջման աղոթք

Տե՜ր իմ, Դու քաղցր և ողորմած կոչվեցիր մեղավորիս համար, քանզի Դու էիր, որ ասացիր. «Անօրենի հետ կանգնելիս այլևս չեմ հիշի նրա բոլոր անօրենությունները, որ արեց»։ Եւ արդ, Տեր, ահա, Քո առջև ընկնելով` աղաչում և խնդրում եմ պաղատելով: Մի հիշիր իմ բազում մեղքերը և մի հանդիմանիր կամա թե ակամա գործած իմ անօրենությունները, որոնցով մեղանչեցի` գիտությամբ թե անգիտությամբ, խոսքով թե գործով և թե անտեղի մտածումով ու մեղքերի ամբողջ ծուլությամբ: Քանզի, Դու Տե՜ր, սովոր ես գթալ և թողություն շնորհել մեր բազում մեղքերին: Այլև առատաբուխ շնորհիցդ հագեցրու քաղցյալիս և լիացրու ծարավյալիս, որ ամեն ժամ բաղձում եմ Քեզ նայել, փափագում Քո շնորհներին և հանապազ կարոտում Քո ողորմությանը: Մի պատժիր հանցապարտների հետ, մի դատիր դատապարտյալների հետ, այլ ընդունիր Քո կամքը կատարողների հետ և պատվիր Քո պատվիրանները պահողների հետ: Քանզի եթե առանց ներելու քննես իմ հանցանքները, անիմաստ է ինձ համար հարության խոստումը, որովհետև գեհենի հուրն է իմ ժառանգությունը, քանզի եթե դատես իմ հանցավորությունը, ապա երանի կտամ մորից չծնվածներին: Այլ, նայիր, Տեր, իմ խնդրանքներին ու պաղատանքներին և մի մերժիր ինձ Քո ողորմությունից, քանզի մարմինս մշտապես պղծել և հոգիս շարունակ աղտոտել եմ ոչ միայն չար գործերով, այլև գարշելի մտքերով:

Եւ արդ, Տեր, մաքրիր ինձ մեղքերից, սկզբից ի վեր գործածս իմ անօրենություններից, սրբիր, ինչպես պոռնիկին, արդարացրու, ինչպես մաքսավորին արդարացրիր, ողորմիր ինձ, ինչպես քանանացուն, շնորհիր ինձ ողորմություն, ինչպես ավազակին և բնակեցրու ինձ Քո սուրբերի դասերում և Քո անունը սիրողների խորաններում:
Եւ Քեզ փա՜ռք հավիտեանս. ամեն:

Մեսրոպ Վարդապետ

Զղջումի ներգործութիւն

Աստուա՛ծ իմ, սաստիկ ցավում եմ Քեզ վշտացնելուս համար, որովհետեւ անսահմանորէն բարի ես ու սիրելի, եւ Դու կատես մեղքը: Քո սուրբ շնորքներով հաստատապես առաջադրում եմ այսուհետեւ չմեղանչել եւ մեղքի առիթներէն խուսափել: Այս զղջումով նախընտրում եմ ապրել Քո կամքով: Ամեն: