Վարդարանի աղոթքը ընդգրկում է 20 իրադարձություն որոնք կոչվում են նաեւ խորհուրդներ: Այս խորհուրդներից 5-ը վերաբերվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ու մանկության իրադարձություններին, 5-ը Հիսուսի նշաններին ու դեպի խաչը ճանապարհին, 5-ը Հիսուսի չարչարանքներին, 5-ը Հիսուսի ու Մարիամի հավերժական փառքին երկնքում: Այսպիսով, Վարդարանի աղոթքը կազմված է 4 մասից, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 5-ական թեմա մտորելու համար, որոնք կոչվում են խորհուրդներ: Հետևապես, Վարդարանի աղոթքը միաժամանակ խորհրդածություն է և աղաչանք: Վարդարանի կողմից ներկայացված ավետարանական տեսարանների միջով Մարիամի ընկերակցությամբ անցնել՝ նշանակում է հաճախել Մարիամի «դպրոցը», Քրիստոսին ընթերցելու համար, Նրա գաղտնիքների խորքը ներթափանցելու համար, Նրա պատգամը հասկանալու համար։ Աստվածամորն ուղղված տևական պաղատանքը հենվում է այն վստահության վրա, որ իր մայրական բարեխոսությունը կարող է ազդել Իր Որդու սրտին։ Վարդարանի մեջ, Մարիամը՝ Սուրբ Հոգու սրբավայրը, մինչ աղաչանքներ է ընդունում մեզնից, մեր համար կանգնում է Հոր առջև, ով իրեն լիացրել է շնորհներով, և Որդու առջև, ով իր արգանդից է ծնվել, և աղոթում է մեր հետ և մեր համար։

 

 ԻՆՉՊԵՍ ԱՂՈԹԵԼ ՎԱՐԴԱՐԱՆԸ

Վարդարանը բաղկացած է երեք ավանդական խորհուրդներից (ուրախ, վշտալի և փառահեղ) և մեկ նոր խորհրդից (լուսավոր), որոնցից յուրաքանչյուրը կազմված է հինգ տասնյակից: Մեկ տասնյակը կազմված է մեկ «Հայր մերից», տասը «Ողջոյն քեզ, Մարիամ» և «Փառք Հորը…» աղոթքներից:

Վարդարանը սովորաբար աղոթում են հետեւյալ հերթականությամբ. սկզբում՝ «Հավատամք», «Հայր մեր», երեք անգամ «Ողջոյն քեզ, Մարիամ», «Փառք Հոր…»:

1) Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի և երկրի, երևելեաց և աներևութից։ և ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ. ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ և ո՛չ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր. որով ամենայն ինչ եղև յերկինս և ի վերայ երկրի, երևելիք և աներևոյթք։ Որ յաղագս մեր մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն սրբով. որով էառ զմարմին, զհոգի և զմիտ, և զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս և ո՛չ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնով՝ նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեանն ո՛չ գոյ վախճան։ Հաւատամք և ի սուրբ Հոգին, յանեղն և ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս և ի մարգարէս և յաւետարանս. որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն, և բնակեցաւ ի սուրբսն։ Հաւատամք և ի մի միայն ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցի. ի մի մկրտութիւն, յապաշխարհութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց. ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց՝ յարքայութիւնն երկնից, և ի կեանսն յաւիտենականս։
2) Հա՛յր մեր, որ յերկինս ես, սո՛ւրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ՛ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս` եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:
3) Ողջոյն քեզ, Մարիամ, լի շնորհոք, Տէրն ընդ քեզ. օրհնեալ ես դու ի կանայս եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո՝ Յիսուս։ Սրբուհի Մարիամ, մայր Աստուծոյ, բարեխօսեա՛ վասն մեր՝ մեղաւորացս, այժմ եւ ի ժամու մահուան մերոյ. Ամէն:
4) † Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ով իմ Հիսուս, ների՛ր մեր մեղքերը, փրկի՛ր մեզ դժոխքի կրակներից, բոլոր հոգիները երկինք առաջնորդի՛ր, հատկապես նրանց, որոնք ավելի շատ կարիք ունեն քո ողորմությանը:

 

ԱՂՈԹԵԼՈՒ ԿԱՐԳԸ

external

ՎԱՐԴԱՐԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

   Վարդարանի ուրախութեան խորհուրդները
1. Ավետում (Ղուկ. 1,26-38)
2. Մարիամի այցը Եղիսաբեթին (Ղուկ. 1,39-56)
3. Հիսուս Քրիստոսի Ծնունդը (Ղուկ. 2,1-21)
4. Տեառնընդառաջ (Ղուկ. 2,22-40)
5. Տասներկուամյա Հիսուսի գտնելը տաճարում (Ղուկ. 2,41-52)

   Վարդարանի լոյսի խորհուրդները
1. Մկրտությունը Հորդանանում (Ղուկ. 3,21-22)
2. Կանայի հարսանիքը (Հով. 2,1-12)
3. Թագավորության հռչակումը (Մարկ. 1,15)
4. Հիսուսի Պայծառակերպությունը (Ղուկ. 9,28-36)
5. Սուրբ Հաղորդության հաստատումը (Ղուկ. 22,14-20)

  Վարդարանի տրտմութեան խորհուրդները
1. Հիսուսի աղոթքը եւ տագնապը Ձիթենյաց պարտեզում (Ղուկ. 22,39-46)
2. Խարազանումը սյան մոտ (Մատթ. 27,24-26)
3. Հիսուսին թագադրում են փշե պսակով (Մատթ. 27,27-31)
4. Հիսուսին տանում է խաչելության (Հով. 19,16-27)
5. Հիսուսի խաչելությունը (Հով. 19,28-37)

   Վարդարանի փառավորութեան խորհուրդները
1. Հիսուս Քրիստոսի Հարությունը (Հով. 20,1-10)
2. Հիսուսի Համբարձումը Երկինք (Ղուկ. 24,50-53)
3. Սուրբ Հոգու գալուստը (Գործ. 2,1-13)
4. Տիրամոր վերափոխումը Երկինք
5. Տիրամայրը Երկնքի և Երկրի Թագուհի (Հայտ. 12,1)

ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
(Երկուշաբթի – Շաբաթ)

    

1. Կ’ուրախանանք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ Գաբրիէլ Հրեշտակապետը աւետեց քեզի թէ Յիսուսի մայրը պիտի ըլլաս:
2. Կ’ուրախանանք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ այցելութեան գացիր քու ազգականիդ՝ Եղիսաբեթին:
3. Կ’ուրախանանք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ ծնար Աստուծոյ Որդին, Բեթղեհէմի քարայրին մէջ:
4. Կ’ուրախանանք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ ընծայեցիր Երուսաղէմի Տաճարին մէջ:
5. Կ’ուրախանանք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ երեք օր փնտրելէ ետք, գտար քու Որդիդ Երուսաղէմի Տաճարին մէջ:

 

ԼՈՅՍԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
(Հինգշաբթի)

    

1. Կը լուսաւորուինք քեզմէ, ո՜վ Ս. Կոյս Մարիամ, որովհետեւ ներկայ եղար քու Որդիիդ մկրտութեան Յորդանան գետին մէջ:
2. Կը լուսաւորուինք քեզմէ, ո՜վ Ս. Կոյս Մարիամ, որովհետեւ դուն միջնորդեցիր Յիսուսի քով՝ կատարելու իր առաջին հրաշքը Կանայի հարսանիքին:
3. Կը լուսաւորուինք քեզմէ, ո՜վ Ս. Կոյս Մարիամ, որովհետեւ ապրեցար քու Որդիիդ առաքելական կեանքը, որուն ընթացքին Ան աւետեց Աստուծոյ Արքայութիւնը:
4. Կը լուսաւորուինք քեզմէ, ո՜վ Ս. Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ՝ Յիսուս Քրիստոս իր աոաքեալներուն առջեւ պայծաոակերպեցաւ Թափոր լերան վրայ:
5. Կը լուսաւորուինք քեզմէ, ո՜վ Ս. Կոյս Մարիամ, որովհետեւ ականատես եղար քու Որդիիդ հաստատած Ամենասուրբ Հաղորդութեան խորհուրդին Վերնատան մէջ՝ Վերջին Ընթրիքին:

 

ՏՐՏՄՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
(Չորեքշաբթի – Ուրբաթ)

    

1. Կը տրտմինք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ մեզի համար, արիւնով քրտնեցաւ Գեթսեմանիի պարտէզին մէջ:
2. Կը տրտմինք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ մեզի համար, սիւնին վրայ ձաղկուեցաւ:
3. Կը տրտմինք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ մեզի համար, փուշով պսակուեցաւ:
4. Կը տրտմինք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ մեզի համար, խաչափայտը իր ուսերուն վրայ առաւ:
5. Կը տրտմինք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ մեզի համար, խաչուեցաւ երկու աւազակներու միջեւ:

 

ՓԱՌԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
(Երեքշաբթի – Կիրակի)

    

1. Կը փառաւորենք քեզ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ յարութիւն առաւ մեռելներէն:
2. Կը փառաւորենք քեզ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ երկինք համբարձաւ:
3. Կը փառաւորենք քեզ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ Սուրբ Հոգին՝ հրեղէն լեզուի նման, իջաւ առաքեալներուն վրայ:
4. Կը փառաւորենք քեզ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ երկինք վերափոխուեցար հոգւով եւ մարմնով:
5. Կը փառաւորենք քեզ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ փառքով պսակուեցար Ամենասուրբ Երրորդութենէն:

 

Ո՛ՂՋ ԼԵՐ, ԹԱԳՈՒՀԻ

Ո՛ղջ լեր, թագուհի, մայր ողորմութեան. մեր կեանքը, քաղցրութիւնը եւ յոյսը, ո՛ղջ լեր: Քեզի կ՚աղաղակենք, Եւայի աքսորական որդիներս: Քեզի կը հառաչենք հեծելով ու լալով արցունքի այս հովիտին մէջ: Եւ արդ, ո՜վ մեր բարեխօսը, մեզի՛ դարձուր քու բարեգութ աչքերդ. եւ ցոյց տուր մեզի քու որովայնիդ օրհնեալ պտուղը՝ Յիսուս: Ո՜վ գթած, ո՜վ բարեգութ, ո՜վ քաղցր կոյս Մարիամ:

Բարեխօսէ՛ մեզի համար, սո՛ւրբ Աստուածածին, որպէսզի արժանի ըլլանք Քրիստոսի խոստումներուն ամէն:

 

ՔՈՒ ՀՈՎԱՆԻԻԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ

Քու հովանիիդ պաշտպանութեան կ՚ապաւինինք, սուրբ Աստուածածին, մեր կարօտութիւններուն մէջ անտես մի՛ ըներ մեր աղաչանքները, այլ փրկէ՛ մեզ ամէն վտանգներէ, մի՛շտ փառաւորեալ եւ օրհնեալ Սուրբ Կոյս. ամէն:


external

ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՊՍԱԿԸ

Աստծո ողորմության պսակը աղոթում են Վարդարանի հատիկների վրա: Սկզբում «Հայր մեր», «Ողջոյն քեզ, Մարիամ», «Հավատամք», «Փառք Հոր…»: Այնուհետեւ հինգ տասնյակների վրա՝ «Հայր հավիտենական…» (աղոթում են մեկ անգամ) և «Հանուն Իր դառը չարչարանքների…» (ասում են տաս անգամ):

— Հայր հավիտենական, Քեզ եմ ընծայում Քո սիրեցյալ Որդու եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն և Արյունը, Հոգին եւ Աստվածայնությունը, մեր եւ ողջ աշխարհի մեղքերի քավության համար:

— Հանուն Իր դառը չարչարանքների ողորմի՛ր մեզ եւ ողջ աշխարհին:

Վերջում երեք անգամ.
— Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ, ողորմեա մեզ և ողջ աշխարհին:


ՀԻՍՈՒՍ,
ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ՔԵԶ