ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԱՆՈԹՆԵՐՆ ՈՒ ՍՊԱՍՆԵՐԸ

Եկեղեցիներում ս. Պատարագի և այլ աստվածապաշտության կարգ կատարելու ժամանակ օգտագործվում են սրբազան անոթներ և զանազան առարկաներ,  գործի է դրվում հետևյալ անհրաժեշտ եկեղեցական սպասքը.

Սկիհ
Սկիհը Սուրբ Պատարագի ժամանակ օգտագործվող այն սրբազան բաժակն է, որի մեջ սպասի գինին ու հացը պատարագի միջոցով սրբագործվում է և տեսակով հացի և գինու դառնում է ճշմարիտ մարմին և արյուն Քրիստոսի: Սկիհը նշանակում է Հիսուսի չարչարանքի բաժակը և այն բաժակը, որից Հիսուս Խորհրդավոր ընթրիքի ժամանակ հաղորդեց առաքյալներին վերնատանը: Հայկազյան բառարանում կարդում ենք. «Բաժակ ի պէտս սուրբ խորհրդոյ պատարագի»: Սկիհը խորհրդանշում է Հիսուսի չարչարանքների բաժակը և այն գավաթը, որով Հիսուս, օրհնելով գինին Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, տվեց առաքյալներին հաղորդվելու՝ ասելով. «Բոլորդ էլ խմե՛ք սրանից. սա Իմ արյունն է, որով Նոր Ուխտ է կնքվում Աստծո հետ և որը շատերի համար թափվում է իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս 26.28; Մարկոս 14.24; Ղուկաս 22.20; Ա Կորնթացիներ 11.25):

Մաղզմա
Մաղզման արծաթյա կամ ոսկե բոլորակ ափսե է կամ սկիհի ծածկոց, որի վրա դրվում է սպասի նշխարը: Մաղզման նշանակում է Փրկչի ծննդյան մսուրը և այն գերեզմանը, որի մեջ թաղվեց Նրա Սուրբ մարմինը: Եթե հաղորդության բաժակը կամ սկիհը Հիսուսի արյան սրբագործման անոթն է, ապա նրա ծածկոցը՝ մաղզման, խորհրդանիշն է զոհի սեղանի, որի վրա զոհաբերվեց աստվածային գառը՝ Հիսուս Քրիստոսը:

Մասնատուփ
Արծաթյա կամ ոսկե փոքրիկ տուփ է, որի մեջ պահվում է , որի մեջ քահանաները պահում են սրբագործված նշխարը՝ հոգևոր այցելությունների ժամանակ հիվանդներին հաղորդություն տալու համար:

Բուրվառ և խնկաման
Հին ժամանակ խունկ ծխելու համար գործի էր դրվում խնկանոցը, որ մի փոքր կրականու տեսք ուներ առանց շղթաների, վրայից ծածկված մի ծակոտկեն խուփով: Բուրվառը, ինչպես հայտնի է, գործածվում էր հին ուխտի ժամանակ, և մենք այնտեղից ենք վերցրել նրա գործածությունը: Բուրվառը խունկ ծխելու աման է, րանով ծիսական նպատակների համար ծխարկում են անուշահոտություններ: Հայ քրիստոնյաների տարբերակում այն կախված է շղթաներից և զարդարված է մանր բոժոժներով։ Այն օգտագործվում է քրիստոնեական տարբեր եկեղեցիների կողմից, ինչպիսին են Հայ առաքելական եկեղեցին, ուղղափառ եկեղեցիները, Կաթողիկե եկեղեցին, Անգլիական եկեղեցին։ Բուրվառն օգտագործվում է տերունական և սրբերի պատկերների առաջ և ժողովրդին խնկարկելու համար։

Խաչվառ կամ վառ
Խաչվառը խաչագլուխ և ձողաբարձ դրոշակ է, որի վրա նկարված է լինում խաչելության և Աստվածածնի պատկերները: Խաչվառը տանում են եկեղեցական մեծ հանդեսների ժամանակ. Օրինակ՝ անդաստանի, թափորի, հուղարկավորության և այլն:

Քշոց
Քշոցը արծաթյա բոլորաձև ճոճանակ է՝ եզրերը բոժոժներով զարդարած, երկու կողմերը քանդակած կամ նկարված են վեցթևյա սերովբեներ: Քշոցը հագցված է լինում երկար ձողի վրա, որից բռնելով՝ սարկավագները պատարագի ժամանակ շարժում են Սուրբ խորհրդի վրա: Քշոցը հրեշտակների հովանավորության նշանն է, սերովբեների սավառնելը և Սուրբ Հոգու իջնելը պատարագի նվերների վրա:
Քշոցը գործածվում է պատարագի հետևյալ դեպքերին.
ՙՍուրբ Աստված՚ երգելիս,
Սուրբ խորհրդի վերաբերման ժամանակ,
ՙՔրիստոս ի մեջ մեր հայտնեցավ՚ ասելիս
ՙՍուրբ սուրբ երգելիս՚
ՙՀոգի Աստծո՚, ՙՀայր մեր՚ և ՙմիայն սուրբ՚ ասելիս:
Բայց գործի են դրվում նաև եկեղեցական ուրիշ հանդեսների ժամանակ. օրինա` սրբալույս մյուռոնը և սրբերի մասունքները վերաբերելիս, թափորին, Խաչվերացի երեկոյին, ՙԱյսօր դասք հրեշտակաց՚ երգելիս և այլն:

Խաչ
Խաչը քրիստոնեական կրոնի խորհրդանիշն ու նյութական ձևն է կամ պատկերը կենարար Սուրբ խաչափայտի, որի վրա մեր Տեր Հիսուսը խաչվեց մարդկային ազգի փրկության համար: Հայկական խաչը պարզ քառաթև ձև ունի, որպիսին էր և Քրիստոսի խաչափայտը: Խաչերի տեսակներն ու կիրառության կերպերն են. ձեռքի կամ ձեռաց խաչ, որն օգտագործում են բոլոր եկեղեցականները՝ ծիսակատարությունների ժամանակ և հանդիսավոր առիթներով: Խաչեր, որոնք դրվում են սրբազան խորանների վրա: Կան նաև եկեղեցական թափորների առջևից տարվող խաչեր, որոնք կոչվում են խաչվառ: Կաթողիկոսները որպես գնահատանք քահանաներին, վարդապետներին հատուկ կոնդակով պարգևատրում են լանջախաչով, որը եկեղեցականներին շնորհվող պատվո նշան է: Լանջախաչերի օգտագործումը Հայ եկեղեցի է մտել XIX դ.:

Մյուռոնաշիշ
Մյուռոնաշիշը արծաթյա կամ ոսկե անոթ է, որ շինվում է աղավնու նմանությամբ՜ ի նշան Սուրբ Հոգու աղավնակերպ իջնելուն: Նրա մեջ պահվում է եկեղեցու Սուրբ մյուռոնը:

Պատկեր
Եկեղեցին պատկերներ գործածելու սովորությունը մտցրել է հին ժամանակներից սկսած՝ ցանկանալով նորադարձ հավատացյալների սրտում տպավորել սրբացած անձանց առաքինի գործերը: Սրբապատկերը (հուն.՝ εἰκών – պատկեր, կերպար) Եկեղեցու կողմից հաստատված Աստծո, Տիրամոր ու սրբերի պաշտամունքային պատկեր է: Ըստ քրիստոնաեական գաղափարախոսության՝ սրբապատկերը աստվածության որևէ մաս չի պարունակում, այլ նյութ է, որը հնարավորություն է տալիս «օրինակ» վերցնելու «նախատիպից» (Հիսուսից, Աստվածամորից կամ պատկերված որևէ սրբից) կամ հաղորդակցվելու նրա հետ: Սրբապատկերները զարդարում են Խորանը, եկեղեցու դասի, տաճարի և գավթի որմերն ու սյուները։ Ընդունված է, որ սրբապատկերների առաջ սովորաբար մոմ են վառում և աղոթում։

Աշտանակ և ջահ, կերոն և մոմ
Աշտանակը և ջահը լինում են մեծ և փոքր և գործածվում են իբրև մոմակալներ լուսավորության համար: Կերոն կոչվում են այն մեծ մոմերը, որոնք գործածվում են ավետարանը կարդալիս և մեծ հանդեսներին: Դրանք կոչվում են նաև յուղաբերից մոմեր, որովհետև գործի են դրվում նաև յուղաբեր ավետարանը կարդալիս: Մոմերի գործածությունը ընդունված էր հին ուխտի աստվածապաշտության ժամանակ, թե’ վկայության խորանում և թե’ Սողոմոնի տաճարում, ինչպես լուսավորության նպատակով, նույնպես և հանդեսին շուք և պայծառություն տալու համար:

Կանթեղ
Կանթեղը արծաթից, գունավոր մետաղներից կամ կավից պատրաստված կիսակլոր աման, որի մեջ դրվում է ձեթով լցված ապակե հարմարանք, ներսում՝ բամբակից կամ թելից պատրաստված պատրույգ: Հայ եկեղեցում կանթեղը հիմնականում վառվում է եկեղեցու սուրբ խորանից կախված վիճակում, ինչպես նաև վառվում են սրբապատկերների դիմաց, լուսավորելու նպատակով հաճախ մի քանի կանթեղներ դրվել են ջահերի վրա։  Հայաստանի տարածքում զարդարուն և հասարակ միջնադարյան կանթեղներ են հայտնաբերվել Անիի, Գառնիի, Դվինի և այլ հնավայրերի պեղումներից։

Տապանակ
Տապանակը (Tabernaculum) փակ արկղ է, որտեղ պահվում է Պատարագի ժամանակ նվիրված սուրբ նշխարը՝ Քրիստոսի մարմինը հավատացյալների հաղորդության համար: Ըստ իր նշանակման, դա առավել սուրբ առարկա է քրիստոնեական տաճարում: Այն օգտագործվում է Կաթոլիկ, Ուղղափառ և Անգլիկան եկեղեցիներում։  Այն սովորաբար պատրաստվում է մետաղից, քարից կամ փայտից, փակ վիճակում տեղադրվում է խորանի վրա կամ հարակից պատին է կցվում է:

Աղբյուրը՝
Կարգ Աստվածապաշտության Հայաստանյաց Ս. Եկեղեցու, Թիֆլիս 1907:
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան 2002: