Սիմեոն Երևանցի
Սիմեոն Երևանցի (1710, Երևան –26.7.1780, Վաղարշապատ, ամփոփվել է Ս. Գայանե վանքի գավթի հվ. կողմում), Ամենայն հայոց կաթողիկոս 1763-ից: Ուսանել, ապա դասավանդել է Էջմիածնի Մայր աթոռի դպրոցում: Եղել է Էջմիածնի նվիրակ Կ. Պոլսում և Մադրասում: Սիմեոն Ա Երևանցին ծավալել է շինարարական և կրթական լայն գործունեություն: 1766-ին պարսպապատել է տվել Էջմիածնի վանքը, Էջմիածնի վանքի պարսպի ներսում կառուցել նոր սեղանատուն, վանական դպրոցի նոր շենք, նորոգել է Վեհարանը, տաճարի տանիքը և սյուներից մի քանիսը: Աշխուժացրել է Էջմիածնի դպրոցի գործունեությունը, հիմնել Էջմիածնի տպարանը (1771) և թղթի գործարան (1776): Սիմեոն Ա Երևանցին հեղինակ է կրոնական, փիլիսոփայական, պատմական բնույթի մի շարք երկերի:
Աղոթք՝ ուղղված Սուրբ Երրորդությանը
Սկսելուց առաջ երեք անգամ խաչակնքի՛ր դեմքդ
Օրհնյալ ես, Հա՛յր Սուրբ, Աստված ճշմարիտ:
Օրհնյալ ես, Որդի՛դ Սուրբ, Աստված ճշմարիտ:
Օրհնյալ ես, Հոգի՛դ Սուրբ, Աստված ճշմարիտ:
Օրհնյալ ես, Ամենասո՛ւրբ Երրորդություն եւ մի Աստվածություն, Արարիչ եւ Նախախնամող բոլոր երեւելի եւ աներեւույթ արարածների, Քավիչ եւ Ներող բոլոր մեղավորների, Փրկիչ եւ Կեցուցիչ Քեզ դիմող բոլոր նեղվածների եւ վտանգվածների: Որին եւ ես՝ Քո ամենաթշվառ ծառան, հավատում, խոստովանում եւ երկրպագում եմ: Ումից հույս ունեմ իմ մեղքերին թողություն ստանալ եւ հո գուս ու մարմնիս՝ փրկություն: Եվարդ, Ամենասուրբ Երրորդությանդ եւ մի Աստվածությանդ առջեւ խոնարհված, մեծ հառաչանքով աղաչում եմ Քեզ, իմ անոխակա՛լ Տեր, համարձակություն տո՛ւր ինձ՝ Քեզ՝ կյանքի աղբյուրիդ մոտենալու եւ Քեզանից ողորմություն գտնելու: Բազում մեղքերիս համար ինձ վրա մի՛ բարկացիր եւ մի՛ հիշիր Քո հանդեպ կատարած իմ անթիվ չարիքները: Դատաստանի մեջ մի՛ մտիր ամենամեղավոր ծառայիս հետ, որ ինքս իմանալով ամեն ինչում իմ հանցավոր լինելը եւ գիտենալով Քո անհիշաչարությունը, ահա Քեզ եմ դիմում, Ո՛վ իմ Աստված: Ուրեմն, ողորմությամբ նայի՛ր Քո ծառային եւ քաղցրությամբ ասա՛. ի՞նչ կկամենաս, որ անեմ քեզ համար: Արդարու թյամբ դատելով, սակայն, իմ անօրենությունները մեկ առ մեկ, եթե կամենաս քննել, ես ինչպե՞ս կարող եմ Քո առջեւ կանգնել, կամ էլ ինչպե՞ս կարող եմ արդարացնել ինձ, որովհետեւ, Ո՛վ ինձ Ստեղծող, գիտես իմ ամենասխալ բնությունը եւ անգամ վկայեցիր ամենաճշմարիտ բերանովդ, թե «Չար է մարդու արարքը, եւ ընդաբույս է չարությունը», եւ թե «Մարդու միտքը չարի խնամքին է տրված»: Ես գիտեմ նաեւ ու վկաեմ Քո ճշմարտությանը, Քո ծառա Դավթի խոսքերի համաձայն՝ «Անօրենությամբ հղացա, եւ մեղքերի մեջ ծնեց ինձ իմ մայրը»: Ուրեմն, ի սկզբանե անօրինությամբ հղացվածը եւ մեղքի մեջ ծնվածն ինչպե՞ս կարող է Քո առջեւ արդարանալ եւ ինչպե՞ս կարող է ապրել, եթե Դու Քո ողորմությամբ չօգնես, ինչպես եւ Դավիթն է ասում. «Եթե Տերն ինձ չօգներ, ապա իմ անձը դժոխքում պիտի բնակվեր: Եվերբ սխալվում եւ ուզում էի սայթաքել, Նրա ողորմությունն էր ինձ օգնում»: Ահա Քո այս ողորմությունն է, որ մեղավորներին Քեզ մոտենալու հույս եւ համարձակություն է տալիս: Այս ողորմածությունն է, որ բացում է մեղքով համրացածների լեզուները՝ Քեզ դիմելու եւ Քեզանից փրկության միջոց գտնելու: Այս ողորմությունն է, որ Քո բարկությու նը քաղցրություն է դարձնում: Ուրեմն, իմ արդար եւ ողորմած Տե՛ր, եւ ես՝ Քո անօրեն ծառան, Քո այս ողորմությանն ապավինած՝ Քեզ եմ մոտենում եւ այս ողոր մությամբ, իբրեւ վահան, ամրափակում ինձ արդարությանդ ահից եւ իբրեւ փախստական, ընկնում ողորմած Աստծուդ աթոռի առաջ եւ խնդրում, որպեսզի Քո արդարությամբ ինձ չմատնես, այլ ողորմությամբդ հանձն առնես պատսպարել ինձ, ոչ թե Քո արդարությամբ ինձնից երեսդ դարձնես, այլ դրանք չտեսնելու համար Քո ողորմությամբ իմ մեղքերի՛ց երեսդ դարձնես եւ հորդորական ու գթալիր խոսքերով ասես. ի՞նչ կկամենաս, որ անեմ քեզ համար: Ես էլ, գլուխս խոնարհելով, կասեմ, լսի՛ր իմ ՝ Քո ծառայի աղաչանքները եւ քաղցրությամբ կատարի՛ր խնդրանքներս, որոնք ահա Քեզ եմ մատուցում, որպեսզի եւ ես՝ ողորմելիս, ողորմած իմ Աստծուց ողորմություն ստանալով՝ փառավորեմ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն:
Հատուկ աղոթք՝ աղոթողի համար
Եվ արդ, ես՝ հետինս եւ ամենաանարգս, ամենաթշվառս, ամեն ինչում հանցավորս, միշտ սխալականս եւ ամոթալիս, որ նույնիսկ արժանի չեմ երկինք նայելու եւ զգալի արեգակի լույսը տեսնելու, կամենում եմ համարձակվել եւ ներկայանալ Քո ամենատես աչքերին, Ո՛վ ինձ ստեղծող Աստված, Դու, որ ամենագետ ես եւ գաղտնատես եւ տեսնում ես մարդկանց անգործությունները: Գիտեմ նաեւ այս ու հավատում եմ, որ Դո՛ւ երկայնամիտ, ողորմած եւ ներող Աստված ես եւ չես կամենում մեղավորի մահը, այլ՝ նրա դարձն ու փրկվելը: Ուստի փղձկյալ սրտով, կորագլուխ անձամբ եւ արտասվաթոր աչքերով, գետնին ընկած բախում եմ Քո ամե նառատ ողոր մու թյան դուռը՝ բռնելով նրա բռնակներից, եւ վստահում Քո անսուտ հրամաններին, թե «Խնդրեցե՛ք, եւ կտրվի, հայցեցե՛ք, եւ կգտնեք, բախեցե՛ք, եւ կբացվի ձեր առջեւ»: Ահա՛, հառաչանքներով խնդրում եմ, կողկողալով բախում եւ հայցում Քեզանից, մարդասե՛ր Աստված, լսի՛ր Քոծառայի աղաչանքները, որ կանխավ վերառաքում եմ Քեզ՝ իմ թշվառ անձի համար: Վա՛յ ինձ, վա՛յ ինձ եւ վա՛յ իմ անօրեն անձին, որովհետեւ չգիտեմ, թե ինչ երեսով պիտի համարձակվեմ կանգնել Քո առջեւ, Ո՛վ իմ Աստված, Ում միշտ մեղքերով բարկացրել եմ եւ արդեն իսկ այդ նույն բարկության ներ քո եմ: Ի՛նչ պիտի ասեմ կամ ինչպե՛ս Քեզանից իմ մեղքերին թողություն պիտի խնդրեմ, որ ահա կրկին նույն մեղքի մեջ եմ ընկղմված, քանի որ հավաստիորեն գիտեմ ՝ արժանի եմ Քո սարսափելի այն խոսքին, թե «Երբ բարձրացնես քո ձեռքերը դեպի ինձ, Ես երեսս կդարձնեմ քեզանից եւ նույնիսկ եթե հաճախ աղոթես, չպիտի լսեմ: Ինձ համար քո նվերները պիղծ են, հագեցել եմ քեզանից, որովհետեւ քո ձեռքերը լի են արյամբ»: Հիրավի, ինձ նման անօրենների մասին ասացիր Եսայու միջոցով, եւ ես խոստովանում եմ, Տե՛ր, որ ոչ միայն արժանի եմ, որ ինձանից Քո երեսը թեքես ու ինձ չլսես, այլեւ, անգամ, եթե ինձ ողջողջ դժոխքն իջեցնես՝ արժանի եմ: Քանզի ես ինքս գիտեմ, որ ամեն ինչում մեղավոր եմ եւ արժանի դատապարտության, որովհետեւ ոչ միայն ձեռքերս են լի արյամբ, այսինքն՝ հափշտակությամբ, զրկողությամբ եւ այլ բաներով, որ ձեռքերին են վերաբերում, այլեւ ամբողջ անձս է լի անօրինությամբ եւ բոլոր մեղքերով, ուստի իմ մարմնին բժշկություն չկա, իմ ոսկորներին՝ խաղաղություն, եւ ոտքից մինչեւ գլուխ առողջություն չկա, քանի որ «Իմ անօրինություններն իմ գլխից ավելի վեր բարձրացան եւ որպես ծանր բեռ՝ ծանրացան ինձ վրա», որոնք ահա մոտեցել են ինձ՝ դժոխքի եւ հավիտենական հրի մեջ ընկղմելու, եթե Դու, Ո՛վ Տեր, ինձ չօգնես: Գիտե՛մ, գիտե՛մ, Ո՛վ Աստված իմ, որ Դու ամենասուրբ ես, ատում ես մեղքը եւ գարշում մեղավորներից ու այդ պատճառով նրանց աղոթքները չես լսում, այլ ինչպես որ ասում ես, դարձնում ես Քո երեսը: Նույնպես երանելի Դավիթն էր ասում, թե «Իմ սրտում մեղք էի տեսնում, մի՞թե, Տե՛ր, ինձ լսեցիր»: Իսկ երբ մեղքն ատեցի ու անարգեցի, Աստծո օրենքները սիրեցի, սրա համար Տերն ինձ լսեց եւ իմ խնդրանքներն ունկնդրեց: Սակայն, Ո՛վ անոխակալ, ներող, գթած, երկայնամիտ եւ անհիշաչար Աստված, գիտեմ նաեւ եւ Քո Սուրբ Գրքերից լսել եմ, որ Քո բարկության ժամանակ նաեւ ողորմությունն ես հիշում եւ այս կյանքում հաճախ ես ողորմություն ի գործ դնում ՝ ինչպես հայտնի է նինվեացիների, Իսրայելիեւ ուրիշ շատ-շատերի դեպքում: Եվ Քո այդ նույն Սուրբ Գրքերը Քեզ հիշելիս բազմիցս Ողորմած եւ Գթած անուններով են փառաբանում Քեզ, ինչպես Դավիթն է ասում. «Դու Տեր ողորմած ես եւ գթած, երկայնամիտ ու բազումո ղորմ Քեզ դիմող բոլորի հանդեպ»: Մի՞թե հայտնի չէ, Ո՛վ Աստված, քանի որ արդար ես, ուստի բարկանում ես մեղավորների վրա եւ քանի որ ողորմած ես, իսկույն կորստյան չես մատնում, այլ համբերելով ներում ես եւ սպասում դարձին, ինչպես Դավիթն է վկայում. «Տերը մեզ վրա մինչեւ վերջ չի բարկանում եւ հավիտյան ոխ չի պահում»: Քո օրհնյալ բերանով Դու իսկ ասացիր, թե «Մի՞թե մեղավորի մահն եմ կամենում. ո՛չ, այլ նրա դարձն ու ապրելն եմ կամենում», եւ թե «Մեղավորը որ պահին հոգվոց հանի՝ կապրի»: Ահա՛ աներկբայելի հույս, ապաստանի վայր եւ բոլոր մեղավորների ապավինության հարկ: Օրհնյալ է Քո ողորմությունը, գովյալ է Քո գթությունը եւ բարեբանյալ է Քո մարդասիրությունը, Ո՛վ Աստված մեր, քանի որ բարկության ժամանակ ողորմություն ես գործածում, դատելիս՝ փրկության հնարներ ցույց տալիս, պատժելիս՝ ազատության ճանապարհ սովորեցնում: Եթե այսպես է, ապա ի՞նչ իմաստ կա այժմ երկարապես ճառելու իմ մեղքերի քանակի մասին կամ էլ դրանք մեկ առ մեկ Քո առջեւ բացելու, որ մարդկանց անգործությունները տեսնում ես եւ Քո Գրքում բոլորին գրել ես: Եվ մանավանդ ես՝ մեղավորս, ինքս ահա խոստովանեցի ամեն ինչում իմ մեղավոր լինելը, որի պատճառով Քո բարկության ներքո եմ եւ դատապարտության արժանի: Այժմ, Ո՛վ ողորմած Աստված իմ, Քո ձեռքի գործ եւ Արարչիդ պատկեր եւ Քո արյամբ վերստին գնվածիս կթողնե՞ս իսպառ կորչելու: Քավ լիցի, ողորմա՛ծ Աստված իմ, որովհետեւ բոլորին կյանք ես կամենում:
Ուրեմն, աղաչում եմ Քեզ, մարդասե՛ր Աստված, ողորմա՛ծ Աստված, երեսս գետնին խոնարհած, աղաչում եմ: Արտասուքով թրջում եմ Քո ոտքերի պատվանդանի հողը եւ հառաչանքներով խնդրում, որպեսզի երբ մոտենամ Քո ողորմության աղբյուրին, բարկությամբ չխրատես եւ սրտմտությամբ չհանդիմանես, ու ինձ՝ ամենապարտավոր ծառայիս հետ, որ ամեն ինչում ափի բերան եւ անպատասխան եմ Քո առջեւ, դատաստանի չմտնես: Այլ քաղցրությամբ նայի՛ր ինձ եւ լսի՛ր իմ աղաչանքները, որ անմաքուր բերանով Քեզ եմ մատուցում: Անառակ որդու նման մեղանչեցի երկնքի եւ Քո առաջ: Սիրով ընդառաջ ելի՛ր, գթությամբ գրկի՛ր եւ համբուրի՛ր Քո ողորմությամբ: Թո՛ղ ինձ իմ բոլոր հանցանքները, որոնք Դու ավելի լավ գիտես, քան ես, եւ Քո օրհնյալ բերանով ասա, թե՝ քո մեղքերը ներված թող լինեն: Մարդասե՛ր Աստված, Դու ասացիր, թե ասա քո անօրենությունները, որպեսզի արդարանաս: Ահա ասացի եւ ասում եմ. միշտ մեղանչեցի եւ անօրինացա Քո առաջ, մեղանչեցի, Տե՛ր, եւ Քո առաջ չարը գործեցի: Ուրեմն, արդարացրո՛ւ ինձ, Ո՛վ Դու ճշմարտախոս Աստված: Մարդասե՛ր Աստված, Դու ասացիր, թե մեղավորը եթե դառնա դեպի Ինձ, Ես կգթամ նրան եւ նրա բոլոր մեղքերը ծովի մեջ կընկղմեմ: Ուրեմն, Ո՛վ գթած Աստված, անլուծանելի պահի՛ր Քո հրաման-խոսքերը, գթա՛ մեղավոր ծառայիս, որ Քեզ եմ դիմում, եւ Քո անհուն ողորմության խորքերն ընկղմի՛ր իմ բոլոր մեղքերը: Մարդասե՛ր Աստված, Դու ասացիր. «Ես եմ, որ իբրեւ մեգ ջնջում եմ քո մեղքերը եւ քո անօրինություններն այլեւս չեմ հիշելու»: Ուրեմն, հավաստի՛ր ինձ Քո խոսքը, Ո՛վ Դու անսուտ Աստված, ջնջի՛ր իմ բոլոր մեղքերն ու անհայտացրո՛ւ, կտրի՛ր եւ իսպառ չորացրո՛ւ իմ մեղքերի արմատը, որպեսզի իմ մեջ այլեւս չերեւան ու չբարկացնեն Քեզ: Մարդասե՛ր Աստված, Դու ասացիր՝ «Եթե ձեր մեղքերը ձանձախարիթ լինեն, ձյան պես սպիտակ կդարձնեմ»: Իմ հանդեպ կատարի՛ր Քո խոսքերը, Ո՛վ կարող Աստված: Մեղքերով սեւացածիս սպիտակեցրո՛ւ եւ մաքրի՛ր բոլոր աղտեղություններից: Ի՛մ Տեր եւ Աստված, Հիսուս Քրիստոս, Քո փրկագործության ժամանակ Դու ասացիր, թե «Չեկա կորստյան մատնելու, այլ ապրեցնելու», եւ թե «Չեկա արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին»: Արդարացրո՛ւ Քո խոսքերը, Տե՛ր իմ: Մեղքով մեռածիս կյանք պարգեւի՛ր եւ որին Քո պատվական արյամբ գնեցիր՝ մի՛ թող կորչի: Մեղքի կապանքներից եւ դժոխային գործերի բանտից ամենամեղավորիս սիրով դեպի Քեզ կանչի՛ր եւ կենդանացրո՛ւ, ինչպես Քո սիրելի Ղազարոսին, եւ Քո շնորհով ուրախացրո՛ւ իմ հոգին ու մարմինը, ինչպես Ղազարոսի քույրերին: Տե՛ր իմ Հիսուս, Դու ասացիր, թե «Եկե՛ք դեպի Ինձ բոլոր հոգնածներդ եւ ծանրաբեռն վածներդ, եւ Ես կհանգստացնեմ ձեզ»: Քո խոսքե րն իմ հանդեպ ի րականացրո՛ւ: Ահա ես՝ պես-պես մեղքերով հոգնածս եւ անօրինությամբ ծանրաբեռն վածս, Քեզ եմ դիմում, վերցրո՛ւ իմ մեղքերի ծանրությունը եւ թեթեւացրո՛ւ ինձ՝ տառապյալիս, Ո՛վ Դու հոգնածների հանգիստ եւ մեղավորների Քավիչ:
Ո՛վ իմ Տեր Հիսուս Քրիստոս, Գա՛ռդ Աստծո եւ աշխարհի մեղքերը վերացնող, Դու ա՛յս բանի համար այնքան սարսռելի չարչարանքներ կրեցիր եւ հեղելով Քո պատվական եւ անգին արյունը՝ պատարագվեցիր խաչի վրա, որպեսզի մեզ փրկես մահից ու դժոխքից, հավիտենական մահից եւ կյանք պարգեւ ես:
Արդ, Քո նույն սոսկալի չարչարանքներն ու պատվական արյունը միջնորդ եմ դարձնում Քո առաջ եւ աղաչում. որովհետեւ ես Քո կողմից փրկվածներից ու կյանք պարգեւվածներից մեկն եմ, այնպես արա, որպեսզի մեղքի մեջ չմեռնեմ ու հավիտյան կորչեմ եւ Քո սուրբ արյան հեղումն ինձ համար իզուր լինի: Ուրեմն, Քո պատվական արյան համար խնայի՛ր ինձ, Ո՛վ իմ Տեր, ների՛ր ինձ իմ բոլոր մեղքերը, որոնք մինչեւ այժմ հի մարաբար գործել եմ, եւ այսուհետ մաքուր սիրտ եւ ուղիղ հոգի նորոգի՛ր իմ մեջ, որպեսզի այլեւս մեղք չգործեմ: Տո՛ւր ինձ Քո սուրբ երկյուղը եւ դեպի այն ուղղիր իմ հոգին, մարմինն ու միտքը, որպեսզի միշտ Քո սպառնալիքներից եւ դատաստանից երկյուղեմ, խորշեմ ու հեռանամ մեղքերից եւ բոլոր թյուր ճանապարհներից, միշտ զգույշ լինեմ Քո օրենք նե րի եւ պատվի րաննե րի հանդեպ, եւ հանապազ ի մտի ունենամ իմ մահվան սոսկալիօրը եւ Քո ահավոր դատաստանը: Տե՛ր իմ, իմ հո գին, միտքը, խղճմ տանքն ու մարմնիս բոլոր զգայարանները մաքուր պահի՛ր Քեզ անհաճո ամեն բանից՝ չար մտածմունքներից, աղտեղի խորհուրդներից, արատավոր նայվածքներից, մեղսառիթ լուրերից, դատարկ եւ անպատշաճ խոսակցություններից, զարտուղի ընթացքից եւ բոլոր մեղսածին շարժումներից: Աղաչում եմ Քեզ, ի՛մ Տեր եւ Աստված Հիսուս Քրիստոս, փրկի՛ր ինձ եւ պահպանի՛ր բոլոր թշնամիներից եւ նրանց որոգայթներից, հոգեւոր եւ մարմնավոր բոլոր փորձություններից եւ, մանավանդ, ներկա վշտերից ու փորձանքներից (եթե որեւէ վիշտ ունես, հատկապես դա հիշիր): Ինձ հետ եղի՛ր հանապազ օգնելու եւ փութա՛ ընկերանալու ինձ ամեն ժամ ՝ առավոտյան եւ գիշերը, տանըեւ ճանապարհին, նստելիս, ննջելիս եւ արթնանալիս, աշխատելիս եւ հանգստանալիս, որպեսզի երբե՛ք չսասանվեմ: Քանի որ իմ մոր արգանդից Քո առջեւ ընկա, մանկությունիցս ի վեր Դո՛ւ ես իմ հույսն ու ապավենը, Դո՛ւ ես իմ հույսը ծերության ժամանակ եւ Դու ես իմ հույսն ու ապավենը իմ մահվան եւ Քո մյուս անգամ գալստյան ժամանակ: Դո՛ւ ես եւ ուրիշ ոչ ոք: Ի՛մ Տեր եւ Աստված Հիսուս Քրիստոս, ահա ես հոգով, մտքով, մարմնով եւ ամեն ինչով ինձ հանձնում եմ Քո անհուն ողորմությանն ու խնդրում, որպեսզի ինձ չզրկես Քո շնորհ նե րից, չմեր ժես Քո խնամքից եւ չթողնես ինձ իմ կամքով գնալ, այլ Քո շնորհների մեջ պահես, Քո խնամքի տակ կառավարես եւ Քո կամքով ինձ առաջնորդես: Ինչպես Քո օրհնյալ կամքին է հաճելի, այնպես առաջնորդես ինձ կատարյալ լինելու եւ շարժվելու, որքան որ այս կյանքում կլինեմ: Իսկ իմ կյանքի օրերի ավարտին, Տե՛ր իմ, աղաչում եմ Քեզ անարատ ծնողիդ միջ նորդությամբ, սուրբ Հովհաննես Կարապետի, սուրբ Ստեփաննոս Նախավկայի եւ Քո սուրբ առաքյալների ու մեր լուսավորիչներ՝ սուրբ Թադեոսի, Բարդուղիմեո սի, եւ Գրիգորի, բոլոր երկնավոր եւ երկրավոր Քո սրբերի աղոթքներով ու բարեխոսությամբ, Քոսուրբ նշանների՝ Քոկենսատու սուրբ Խաչի, կողամուխ Քո սուրբ Գեղարդի, սոսկալի սուրբ Բեւեռների եւ Փշեղեն Քո Պսակի եւ Քո չարչարանքների մյուս սուրբ գործիքների շնորհներով եւ միջնորդությամբ տո՛ւր ինձ արթուն մտքով, կատարյալ դիտավորությամբ, ճշմարիտ հավատքով, աներկբա հույսով, առաքինի գործով, ստույգ խոստովանությամբ, ջերմագին զղջմամբ, Քո սուրբ եւ կենարար մարմնի ու արյան հաղորդությամբ գալ առՔեզ եւ արժանանալ Քո ամենացանկալի տեսությանն ու Քո երջանիկ սրբերի եւ սիրելիների հետ փառավորել Քեզ Հոր եւ Սուրբ Հոգուդ հետ հավիտյանս հավիտենից. Ամեն:
Տե՛ր իմ Աստված, ղերսական խոսքերիս ավարտին հայցում եմ նաեւ, որպեսզի սա Քո շնորհների տուփ լինի՝ դեղ տալու նաեւ ուրիշների վերքերին: Որպեսզի ովքեր սրտի զղջմամբ սրանով Քեզ՝ բարիքների աղբյուրիդ մոտենան, լսես նրանց աղա չանքները՝ տալով նրանց պիտանին, որպեսզի բոլորի բերանները Քեզ հանապազ փառավորեն:
Առավոտյան ժամի աղոթք
Տե՛ր, եթե իմ շուրթերը բացես, իմ բերանը Քո օրհնությունը պիտի երգի:
Օրհնյալ համագո եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդությունդ՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. Ամեն:
Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ, գոհանում եմ Քեզանից, օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ ինձ՝ Քո մեղավոր եւ անարժան ծառային, այս գիշեր բոլոր վտանգներից ու փորձություններից պահեցիր եւ խաղաղությամբ հասցրեցիր առավոտվա այս ժամին ու Քո ողորմության լույսը տեսնելու արժանացրեցիր: Այժմ աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ, նույն ամենազոր Քո Աջով ինձ պահի՛ր նաեւ այս ցերեկ եւ փրկի՛ր վնասաբեր բոլոր պատահարներից, երեւելի եւ աներեւույթ թշնամիներից եւ բոլոր մեղսառիթ խորհուրդներից՝ խոսքերից եւ գործերից: Իմ ընթացքն ուղիղ դարձրո՛ւ, որպեսզի մեղքերն ինձ չտիրեն: Ինձ առաջնորդի՛ր բարի խորհուրդների, ճշմարիտ խոսքերի, անմեղածին եւ օգտակար գործերի: Ինձ՝ սխալական Քոծառային, բոլոր գործերում Դո՛ւ եղիր առաջնորդ եւ վերակացու ու ամեն ժամանակ փրկի՛ր դեւի գայթակղություններից: Իմ ձեռքի գործերը կատարյալ դարձրո՛ւ եւ ինձ հաջողություն պարգեւի՛ր: Իմ հոգու եւ մարմնի պետքերը Դո՛ւ պատրաստիր եւ առանց մեղքերի եւ փորձանքների՝ խաղա ղու թյամբ հասցրո՛ւ երեկոյան ժամին, որպեսզի այն ժամին եւս փառավորեմ Սուրբ Երրորդությանդ, որին միշտ վայելէ փառքհավիտյանս հավիտենից. Ամեն:
Երեկոյան ժամի աղոթք
Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ, գոհանում եմ Քեզանից, օրհնում եւ փառավորում Քո Սուրբ Անունը, որ անարժան եւ մեղավոր Քո ծառային այսօր ցերեկը պահեցիր եւ խաղաղությամբ երեկոյան այս ժամին հասցրեցիր: Այժմ աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ, որ ցերեկն ստեղծեցիր աշխատելու, իսկ գիշերը՝ մեր տկար բնության հանգստանալու համար, արդ, Քո ծառան թող մարմնով ննջի, իսկ հոգով եւ մտքով արթուն մնա: Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ, ահա ես ննջում եմ եւ անկենդան ընկած մի դի եմ ու չգիտեմ, թե ե՛րբ եւ ինչպե՛ս պետք է արթնանամ: Դրահամար էլ հոգիս, մարմինս եւ իմ բոլոր պարագաները Քո անհուն ողորմությանն եմ հանձնում եւ խնդրում, որ Դու Քո ամենազոր Աջով դրոշմես Քո ծառայի տեղն ու հարկը, ելքն ու մուտքը, որ կարողանամ ապահով, աներկյուղ, խաղաղությամբ եւ առանց փորձանքների ննջել: Պահպանի՛ր ինձ հոգեւոր եւ մարմնավոր բոլոր թշնամիներից եւ փրկի՛ր նրանց որոգայթներից, խավարում շրջող իրերից, գիշերային երկյուղից, դիվական ցնորքներից եւ զարհուրեցնող տեսիլքներից: Մաքրի՛ր իմ միտքը բոլոր թյուր մտածումներից, աղտեղի խորհուրդներից եւ բոլոր մեղսածին շարժումներից: Քո հանցավոր ծառայի վրա պահապան եւ վերակացու կարգի՛ր Քո երկնային զինվորների բանակներին եւ իմ պահապան հրեշտակիդ հետ, Քրիստոսիդ ամենահաղթ Խաչի նշանը, որոնցով այս գիշեր ապահով եւ աներկյուղ ննջեմ եւ խաղաղությամբ առավոտյան ժամին հասնեմ, որպեսզի այդ ժամին էլ փառավորեմ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, որին միշտ վայելէ փառք եւ երկրպագություն հավիտյանս հավիտենից. Ամեն:
Աղոթք ընդհանուր ննջեցյալների եւ մանավանդ ընտանիքների եւ երախտավորների համար
Ո՛վ բազմագութ Աստված, աղաչում եւ խնդրում եմ Քեզ նաեւ մեր ազգի բոլոր հին եւ նոր, հավատով եւ հույսով ի Քեզ ննջածների համար: Մանավանդ, Քեզ մոտ ննջող իմ մարմնավոր եւ հոգեւոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների, բարեկամների, բարու մեջ կրթող հոգեւոր վարդապետների, ուսուցիչների, մեր բոլոր աշխատավորների եւ երախտավորների համար, որպեսզի Քո գալստյան մեծ օրը ողորմությամբ հիշես եւ թողություն շնորհես նրանց բոլոր մեղքերին ու սխալնե րին եւ Քո աջակողմյան դասի սրբերի հետ դասես եւ թույլ տաս լսել Քո երանավետ խոսքը, թե՝ «Եկե՛ք, իմ Հոր օրհնածներ»: Եվ, ըստ մեր հանդեպ կատարած նրանց երախտիքների՝ մեկի փոխարեն բյուրապատիկ հատուցես նրանց հոգիներին, իսկ մեզ նրանց պարտքերից անպարտ դարձնես: Քեզ փառք հավիտյանս հավիտենից. Ամեն:
Աղոթք թշնամիների եւ չարակամների համար
Արդ, Ո՛վ ողորմած եւ բազմագութ Աստված իմ Հիսուս Քրիստոս, ինչպես հարկն է եւ մեր բնության օրենքն է պահանջում, իմ ընտանիքի անդամների եւ բարերարների համար Քեզանից բարություն եւ ողորմություն խնդրեցի: Այժմ աղաչում եմ Քեզ նաեւ իմ թշնամիների համար, ինչպես Դու իսկ ասացիր Քո օրհնյալ բերանով, թե «Բարի գործեք ձեզ ատողներին»: Ուրեմն, Քո առաջ խոնարհված խնդրում եմ Քո ամենառատ ողորմությունը, որպեսզի ողորմես նաեւ իմ բոլոր թշնամիներին, ատողներին, չարակամներին, վնասատուներին եւ բոլոր նրանց, ովքեր իմ ՝ Քո ծառայի մասին չարիքներ են խորհում եւ խոսում, գործում եւ կամենում գործել: Իմ պատճառով մի՛ բարկացիր նրանց վրա, ովքեր թե՛ իրավամբ եւ թե՛ անիրավ կերպով բամբասում, վատաբանում եւ հայհոյում են ինձ, այլ ների՛ր եւ թո՛ղ նրանց մեղքերը, որովհետեւ նրանք մեղանչում են ի՛մ հանդեպ, որ հիրավի մեղավոր եմ եւ արժանի ամեն տեսակ բամբասանքների եւ նախատինքների, իսկ ես՝ Քո՛ հանդեպ եմ մեղանչում, որ արդար ես ամենինչում եւ միշտ բարերար իմ հանդեպ: Ուրեմն, եթե նրանք արժանի են Քո բարկությանը, ապա բյուրապատիկ ես եմ բարկության որդի եւ պատիժների արժանի ավելի, քան նրանք: Սրա համար աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ, որ բոլոր բարությունների աղբյուր ես եւ անհուն ողորմության ծով, որպեսզի ողորմես նրանց եւ նրանց հետ՝ նաեւ ինձ, եւ ներես իմ բոլոր սխալները, որ ունեմ, եւ չարից դարձնես՝ փոխելով դեպի բարին, որպեսզի բոլո րս զգաստանալով՝ Քո կամքի համաձայն գնանք եւ փառավորենք Քեզ՝ Հոր եւ Սուրբ Հոգուդ հետ: Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. Ամեն:
Ողբերգական աղոթք ողջ ազգիս եւ Հայոց եկեղեցիների համար
Եվ արդ, Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս, ես՝ ամենասխալ, բազում չարիքներով եւ անօրինությամբ լցված Քո ծառան, արդեն կորագլուխ անձամբ խոնարհ վածեւ մեծակական ողբով ի խորոց սրտի հառաչում եմ առամենագթածդ Աստված եւ աղաչում: Մեր ողորմելի եւ անտերացած ազգի համար Քեզ եմ կանչում, Ո՛վ ողորմելիների ողորմած եւ անտերների Տեր, անճարների ճար, անօգնականնե րի օգնական, անհույսների հույս եւ ապավեն, նեղյալների եւ վշտացածների հանգիստ եւ մխիթարություն: Մեծ թախանձանքով առ Քեզ եմ գոչում, բացի՛ր, Տե՛ր, Քոաչքերը եւ տե՛ս մեր ողորմելիությունը, տե՛ս, թե Քո փոքրիկ հոտն ինչպես է ցրվել եւ տարագրվել ամբողջ աշխարհով, մատնվել օտար տերերի եւ թշնամիների ձեռքը, զրկվել իր բնակության բնիկ տեղերից եւ հայրենիքից: Ա՛խ, նրանք նման են ծովի ալիքների վրա առանց ղե կավարի ղե կաբեկ տատանվող նավի եւ անապատում առանց հովվի մոլորված ոչխարների, ո՛չ Մովսես ունեն, որ առաջնորդի, եւ ո՛չ էլ Հեսու, որ թշնամիների դեմ ելնի: Ո՛չ Դավիթ ունեն, որ նրանց համար հաճելի պատարագ մատուցի Քեզ եւ Քո բարկության սուրը ետ դարձնի: Մարգարե, թագավոր, իշխան եւ առաջնորդ եւ ո՛չ էլ որեւէ տեղից օգնություն ունեն: Մեր իշխաններն ու ազա տազունները, ունեցվածքից եւ իշխանությունից զրկված եւ ուրիշների իշխանության տակ ընկած, ծառայում են ողորմելիաբար: Մեր հասարակ ժողովուրդը, այլազգիների ծանր լծի եւ հարկի տակ, իր կյանքի ապրուստը հազիվ է հայթայթում եւ գտնում, երբ ուրիշներն են ուտում եւ վայելում նրանց սերմանածն ու վաստակածը: Քո անվամբ եւ Քո սիրելի սրբերի հիշատակին կառուցված, Սուրբ Հոգուդ օծմամբ կնքված եւ ամենահաղթ Խաչիդ նշանով պսակված վայելչագեղ եկեղեցիներն ու պայծառաշեն վանքերը, որոնց մեջ Աստծո Գառն էր աշխարհի փրկության համար պատարագվում, որոնց մեջ Քո սրբագործ եւ հոգեկեցույց խորհուրդներն էին կատարվում, որոնցից օրհնությունների եւ փառաբանությունների ձայներ, հոգեւոր բուրմունք, հաճելի ընծաներ եւ հաշտարար աղոթքներ էին վերառաքվում, ահա՛, մեծ մասամբ ամայացել են եւ ապականվել, գողերի եւ գազան ների օթեւան դարձել: Հիրավի, թշնամին Քո փափագածի հանդեպ ոտնձգություն արեց: Հեթանոսները մտան Քո ժառանգությունը եւ պղծեցին Քո սուրբ տաճարը: Նրանց սրահներն ու սրբությունները ապականություն դարձան, նրանց ճանապարհները սգավոր դարձան, նրանց տարեկան տոների երթեւեկը դադարեց: Լռեցին նրանցից ելնող օրհնությունների եւ փառաբանու թյուննե րի ձայ նե րը: Այնտեղ գազաններն ու հափշտակողներն են ելումուտ անում: Սքանչելի դամբարաններն ու նրանց մեջ գտնվող Քո սրբերի բժշկարար նշխարները անսուրբերի եւ պիղծերի ոտքերի կոխան են դարձել: Դրանց քահանաներն ու պաշտոնյաները հալածվել եւ ամենուր փախստական են դարձել, շատերն էլ գերվել, սպանվել եւ անհայտ կորել: Ուստի մենք՝ մնացածներս, մեր դրացիների համար նախատինք եղանք եւ թշնամիների կատակներում ծաղրի ենթարկվեցինք: Արդ, այս բոլորը մեզ վրա եկել եւ գալիս են մե՛ր մեղ քերի պատճառով: Քանի որ մեղանչեցինք, անօրինացանք, եւ ապստամբեցինք Քո դեմ, այդ պատճառով էլ Դու թույլ տվեցիր, որ բոլոր այս չարիքները գան մեզ վրա, տիրեն մեզ եւ մատնեն թշնամիների, ապստամբ տերերի ձեռքը, այնպես որ, մեր մեղքերի համար ամբողջ երկրում տառապում ենք այսօր: Ուրեմն, Քեզ, մեր Աստծուն՝ արդարություն, իսկ մեր երեսներին՝ ամոթ: Արդ, այժմ ո՞ւմ պիտի դիմենք, Ո՛վ Աստվածմեր, եւ ո՞ւմ պիտի պատմենք մեր ցավերը, եթե ոչ նույն Բարկացողիդ, որ ինչպես արդարությամբ խրատեցիր եւ պատժեցիր մեզ, նույն պես կարող ես նույն ողոր մու թյամբդ վերստին բժշկել եւ մխիթարել: Դրա համար ահա, ընկնում եմ անոխակալ Աստծուդ առաջ, եւ անառակի պես գոչում. մեղանչել ենք երկնքի եւ Քո առաջ, մեղանչել ենք Ստեղծողիդ առաջ, մեղանչել ենք Քո, մեր Բարերարիդ եւ Աստծուդ առաջ: Աղաչում եմ Քեզ, անոխակալ Աստված, հրաժարվի՛ր Քո բարկությունից եւ Քո ցասու մից, մի՛ հի շիր մեր առաջին մեղքերը, Քոողորմությունը շուտափույթ թող գա մեզ վրա, որովհետեւ շատ ենք աղքատացել: Զարթնի՛ր, Տե՛ր, զարթնի՛ր, արի՛ եւ մի՛ մերժիր մեզ իսպառ: Մի՛ մոռացիր մեր աղքատությունը եւ նեղությունները: Արի՛, Տե՛ր, օգնի՛ր եւ փրկի՛ր մեզ Քո անվան համար, որ դրված է մեզ վրա: Հանուն Քո անվան՝ իսպառ մի՛ մատնիր մեզ, մի՛ դրժիր Քո ուխտը եւ մի՛ հեռացրու Քո ողորմությունը մեզանից, որովհետեւ Դու ես միայն մեր Տեր եւ Թագավոր, Դու ես միայն մեր Փրկիչն ու օգնականը, Դու ես միայն մեր ապավենն ու հույսը, որովհետեւ Քեզանից բացի որեւէ մեկին չենք ճանաչում եւ հանապազ Քո անունն ենք տալիս: Տե՛ս մեր ազգի տառապանքնե րը, օգնության հասի՛ր եւ այցելի՛ր: Եվ ինչպես Աբրահամի, Իսահակի, Հակոբի եւ Քո Դավիթ ծառաների համար գթում էիր հին ժողովրդին, այժմ էլ Քո անարատ ծնող Սուրբ Աստվածածնի, Սուրբ Հովհաննես Կարապետի եւ Քո Մկրտչի, Սուրբ Ստեփաննոս Քո Նախավկայի, Քո սուրբ առաքյալների եւ մարգարեների եւ մեր Թադեոս ու Բարդուղիմեոս սուրբ առաքյալների եւ հատուկ մեր լուսավորիչների, Սուրբ Գրիգոր բազմաչարչար Քո վկայի եւ Քո ընտրյալ նրա որդիների, թոռների ու ծոռների, սուրբ Հռիփսիմյանց եւ Գայանյանց Քոհաղթող վկաների, այլեւ սուրբ հայրապետների եւ վարդապետների, ճգնավորների, մարտիրոսների, կույսերի եւ Քո բոլոր հին ու նոր, հայտնի եւ անհայտ սրբերի բարեխոսությամբ, այլեւ Քո երկնավորների՝ Գաբրիելի եւ Միքայելի եւ ամբողջ անմարմին դասե րի բարե խոսու թյամբ գթա՛ Քո նոր ժողովրդին եւ փոքր հոտին: Որովհետեւ եթե մեր բազում մեղքերի եւ անօրինությունների պատճառով առժամանակ թողե ցիր մեզ, երեսդ դարձրեցիր մեզանից եւ Քո պատվական արյան համար տրտմեցիր, ապանաեւ Քոսիրելիների արդարության համար դարձի՛ր եւ Քո մեծ ողորմությամբ ողորմի՛ր մեզ, ցո՛ւյց տուր Քո երեսը եւ ուրախացրո՛ւ մեզ: Ինչպես ասացիր Եսայի մարգարեի մի ջոցով: Լսելի՛ արա մեզ այն երանավետ ձայնը, լուսավորի՛ր Հայաստանյայց Եկեղեցիդ եւ ուրախ եղի՛ր, որովհետեւ հասել է Քո լույսը: Ահավասիկ խաղաղությունը իբրեւ գետ դարձնում եմ դեպի քեզ եւ քո մանուկներին իրենց ուսերի վրաբարձրացրած հեռուներից կբերեն: Հիրավի, այսպիսի Ամենակարող Աստծո ողորմությանն ենք մնացել ապավինած, ողորմա՛ծ Աստված: Ուրեմն, հաշտվի՛ր Քո մնացած ժողովրդի հետ: Փրկի՛ր մեզ մեծ հրաշքներով, ժողովի՛ր մեզ Քո սիրո գոգը եւ մխիթարի՛ր մեզ Քո սուրբ անվան փառքի համար, որ դրել ես մեզ վրա:
Այլեւ աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ, մեր ամայացած եւ անշքացած վանքերի ու եկեղեցիների համար: Լսի՛ր մեզ, որ ահա նեղված սրտով դիմում ենք Քեզ: Մի՛ հիշիր մեր մեղքերը, որով բարկացրեցինք Քեզ, այլ հիշի՛ր Քո սրբերին, որոնց անուններով կառուցվեցին մեր եկեղեցիները, հիշի՛ր նրանց սուրբ եւ մաքուր նշխարները, որոնք ամփոփված են նրանց մեջ, եւ սրբությունները, որոնց վրա Քո անունն է գրված: Ոչ թե իմ արդարության համար եմ այս աղերսներն ուղղում Քեզ, այլ Քոբազում գթության եւ Քո սիրելի սրբերի ու սրբությունների սիրո համար: Աղաչում եմ Քեզ, ողորմած Աստված, գթած Աստված, Քո անհուն ողորմության համար, ի սեր Քո սուրբ եկեղեցիների եւ սրբությունների, Քեզ հաճելի սրբերի բարեխոսությամբ եւ նրանց չարչարանքների, պատվական արյան, մաքուր նշխարների եւ դամբարանների միջնորդությամբ ողորմի՛ր եւ այցելի՛ր մեզ: Ինչպես տառապեցրեցիր Քո բարկությամբ, նույնպես բժշկի՛ր եւ մխիթարի՛ր Քո ողորմությամբ: Որովհետեւ ինչպես մեր մեղքերի պատճառով մեր աչքերը ամայություն եւ ապականություն տեսան, այնպես էլ, հանուն Քո սիրելի սրբերի, վերստին տեսնելու արժանացրու նրանց վերանորոգությունն ու պայծառությունը: Եվ ինչպես որ նրանցից դադարեցին եւ լռեցին օրհնության եւ փառաբանության ձայները, այնպես արա, որ Քո անվան փառքի համար վերստին զորանան եւ բարձրանան, որպեսզի բոլորն իմանան, որ Քո անունը դրված է մեր եւ նրանց վրա, որը եւ մենք տեսնելով ՝ փառք եւ գոհություն առաքենք դեպի երկինք՝ Հոր եւ Սուրբ Հոգուդ հետ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. Ամեն:
Հայ ազգի համար կատարվող հատուկ բարերարությունների համար
Ողորմած Աստծուդ վերակրկնելով իմ պաղատանքները՝ խնդրում եմ եւ մեր ազգի մնացորդի, այսինքն՝ վանքերի, եկեղեցիների, եկեղեցականների եւ ամբողջ մեր ժողովրդի համար, որոնց ցայսօր հաստատուն եւ բարեկարգ ես պահել: Մեծ թախանձանքով աղաչում եմ, որ հետ այսու եւս, Քո սուրբ անվան փառքի համար, խնամքիդ տակ պահես: Մի՛ նայիր իմ մեղքերին ու անարժանություններին, այլ նայի՛ր Քո անսպառ սիրուդ եւ անբավ մարդասիրությանդ, եւ ըստ իմ սխալական բնության եւ տկար մտքի, ինչ որ խնդրում եմ, Դու կատարի՛ր իմ խնդրանքը Քո ամենագետ եւ անսխալ իմաստությամբ, Դո՛ւ որ ավելի լավ գիտես մեր պետքերն ու օգուտները, քան մենք, որ խնդրում ենք եւ գիտենք: Արդ, նախքան իմ խնդրելը՝ իբրեւ աղերս, Քո՝ իմ Աստծուդ առաջ դնելով գլխավոր եւ մեծամեծ բարերարություն ներդ, որոնք արել ես հատկապես հայոց ազգիս, հիշում եմ մեծ շնորհակալությամբ, որովհետեւ եթե ոչ մեր արժանավորության համար, գոնե նրանց խնայելով գթաս մեզ եւ ողորմես: Արդ, նախ հիշեցնեմ Քեզ, Ո՛վ Տեր իմ Հիսուս Քրիստոս, քոյակերտ եւ քոյահաստատ Աթոռդ, որովհետեւ հավատքի եւ հոգու մեր ծնող Սուրբ Էջմիածինը, որը Քո իջմամբ հիմնարկեցիր, Քո աստվածայինլույսով ձեւակերպեցիր, եւ ամե նի մաստ ճարտարապետ, Դո՛ւ կառու ցեցիր եւ հաստատեցիր: Սուրբ Էջմիածինն եմ ասում, որը որպես միակ պայծառագույն արեգակ՝ ծագեցրեցիր Արարատյան դաշտի վրա, եւ որպես միակ լուսատու եւ պատվական ակն՝ փայլեցրեցիր Վաղար շապատ քաղաքի վրա: Որն իբրեւ Քո անսպառելի շնորհ նե րի միակ շտեմարան՝ կառուցեցիր Հայկազյան ազգի մեջ եւ իբրեւ հոգեպարար պարգեւների միակ մշտաբուխ աղբյուր՝ բխեցրեցիր Թորգոմյան վիճակի համար, որով ցանկալի եւ նախանձե լի դարձրեցիր նրան բոլոր ազգերի եւ երկրների աչքում: Նաեւ այս միակ, գերազանցագույն եւ անհամեմատ պարգեւը, առանձնահատուկ սիրով մեզ՝ հայ ազգիս եւ Քո փոքր հոտիդ շնորհեցիր: Եվ ոչ միայն այս, այլեւ բազում եղանակներով, հատուկ սիրով ուրիշ ազգերի մեջ առանձնացրեցիր մեր ազգը, որովհետեւ թեպետ յուրաքանչյուր ազգ եւ ժողովուրդ Աթոռներ եւ եկեղեցիներ ունեն, սակայն նրանք լուսաձեւ եւ աստվածակերտ չեն Սուրբ Էջմիածնի մեր Աթոռի պես: Ուրիշ հավատացյալ ազգերի հովվապետերն ու լուսավորիչները թեպետ սուրբ են, սակայն տասնհինգ տարի բազմատեսակ չարչարանքների փորձության բովով չեն մաքրվել, պարզվել եւ մահից ազատվել, ինչպես մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Թեպետ ուրիշ ազգեր անմարմին եւ աստվածային Բանի մարմնացու ցիչ՝ գիր եւ տառունեն, սակայն մեր գրերի նման հատուկ Քեզանից չեն շնորհված եւ Քո մատով չեն գծված: Թեպետ բազում ազգերի կանչեցիր դեպի Քեզ եւ հավատացյալներ դարձրեցիր, սակայն Քո սրբազան առաքյալների եւ աշակերտների քարոզո թյամբ եւ վարդապետությամբ այդ արեցիր, իսկ հայոց ազգին (որովհետեւ հատուկ Քեզ սիրելի էր) չբավարարվեցիր աշակերտներով եւ քարոզությամբ Քոնը դարձնել, այլ, կարծես թե անաշխատ եւ ամենակարող Աստվածդ, աշխատեցիր եւ այնքան հոգացիր, մինչեւ որ բռնու թյամբ եւ անօրինակ հրաշքներով դեպի Քեզ կանչեցիր եւ Քեզ սեփական ժողովուրդ դարձրեցիր: Ուրիշ ազգերի վրա թեեւ թագավորներ եւ մարմնավոր իշխողներ կարգեցիր, սակայն մեզ՝ հայոց ազգի եւ Քո փոքր հոտի համար Դու Ի՛նքդ եղար Թագավոր, Տեր եւ Իշխան՝ ավանդելով մեզ, թե՝ «Իմ եւ իմինների թագավորությունն այս աշխարհից չէ», եւ ըստ Քո հարազատ սուրբ Պողոսի՝ «Ովքեր քրիստոնյա են, իրենց մարմինները խա՛չ պիտի հանեն»: Եթե այլազգիների ձեռքով երբեմն տանջում եւ խրատում ես մեզ, այն եւս Քո հայրական եւ հատուկ սիրո նշաններն են, որովհետեւ ում սիրում ես, խրատում եւ հանդիմանում ես, որոնք Քո հատուկ եւ գերազանցագույն սիրո եւ գթության նշաններն ու քարոզներն են, որ ունես մեր խեղճ հայոց ազգի հանդեպ: Հիրավի, Ո՛վ Տեր իմ, ինչպես մեր հանդեպ վարվեցիր, ուրիշ ազգերի եւ ժողովուրդների հետ նույնկերպ չվարվեցիր: Արդ, Քո այսքան բարերարությունների փոխարեն ոչինչ չունենք Քեզ հատուցելու, այլ միայն շնոր հակալությամբ հանդերձ հավիտյանս հավիտենից փառք եւ գոհություն պիտի մատուցենք Քեզ՝ անկարոտ Աստծուդ:
Արդ, որ ավելի մեծ եւ ավելի գերազանց գործեր արեցիր, փոքրերն ու ավելի դյուրինները մի՛ խնայիր մեզանից, Ո՛վ բարերար եւ ողորմած Աստված, ում համար ամեն ինչ հնարավոր է եւ դյուրին: Ուրեմն, աղաչում եմ Քեզ, Ո՛վ բարերար եւ ողորմած Աստված, քոյահաստատ մեր Աթոռը եւ Մայրը՝ Սուրբ Էջմիածինը (որը իբրեւ հատուկ փառք, պարծանք եւ մխիթարություն մեզ՝ հայ ազգիս եւ լուսավորչակրոն հոտիս շնոր հե ցիր), ըստ Քո անսուտ խոստման, անխախտելի վեմիդ վրա հաստատուն եւ անշա՛րժ պահիր: Ի մխի թարու թյուն, ի զվարճություն մեզ եւ մեր եկեղեցիների մինչեւ աշխարհի վերջը Քո Սուրբ Հոգու մշտազեղ եւ հոգեպարար շնորհներն անպակա՛ս արա նրանից: Նրան, որ հաստատել ես մեր մեջ, Քո սուրբ անվան փառքի համար օրըստօրե զորացրո՛ւ, պայծառացրո՛ւ եւ փայլեցրո՛ւ երկրի բոլոր ծագերում: Քո ճշմարիտ խոստումի համաձայն՝ Քո ոտքերի սուրբ Տեղը բոլորի աչքերում միշտ փառավորի՛ր: Փշրի՛ր Քո ամենակարող զորությամբ եւ խորտակի՛ր նրանց, ովքեր կհարվածեն այն վեմին: Կուրացրո՛ւ նրանց աչքե րը, ովքեր նենգությամբ նայում են նրան: Զարդարուն եւ պե՛րճ պահիր նրան միշտ քոյաընտիր Հայրապետներով, շնոր հափայլ եպիսկոպոսներով եւ վարդապետներով եւ բոլոր հավատացյալներով: Ներկա մեր Հայրապետին (այս անուն) ՝ Կաթողիկոսին, Քեզ հաճելի նրա բոլոր գործերում եւ ընթացքներում ամեն ժամ օգնական եւ ձեռն հաս եղի՛ր: Քո սուրբ տան պայծառության եւ Քոծառաների մխիթարության համար նրան երկար տարիներ խաղաղությամբ պահի՛ր:
Եվ մեր Սուրբ Աթոռի հետ պահի՛ր նաեւ մեր մյուս բոլոր վանքերն ու եկեղեցիները՝ առաջնորդներով, վարդապետներով, քահանաներով եւ իշխաններով, ժողովրդով եւ նրանց բոլոր հավատացյալներով հանդերձ, շինության, բարե կարգության եւ խաղաղու թյան համար՝ զերծ եւ անաղարտ բոլոր օտար եւ թյուր աղանդներից: Քո ամենահաղթ զորություն սուրբ Խաչի անպարտելի նշանը, երկնային զինվորությունների բանակները եւ Քոբոլոր սրբերի դասերը մեր եկեղեցիների եւ նրա հավատացյալների վրա ողջ գիշեր եւ ողջ ցերեկ պահապան կարգի՛ր եւ փրկի՛ր բոլոր հոգեւոր եւ մարմնավոր թշնամիներից եւ փորձություններից, որպեսզի նրանց մեջ Քո անունը հավիտյան փառավորվի:
Տե՛ր Աստված մեր, մեր հոգեւոր հովիվներին եւ առաջնորդներին քոյաշունչ իմաստությունը եւ քոյապատվեր հեզությունն ու խոնարհությունը տո՛ւր, որպեսզի կամքիդ համաձայն Քո հոտը հովվելով, Հովվապետիդ երեւալու ժամանակ համարձակությամբ կարողանան ասել՝ ահա ես եւ իմ հավատացյալները, եւ Քեզանից փառքի պսակը ընդունել: Նրանց զորությամբ եւ արիությամբ սպառազինի՛ր, որպեսզի կարողանան դիմակայել ոչխարամորթ գայլերին եւ մեր եկեղեցիների ու հավատքի ապականիչներին: Մեր քահանաներին զգաստություն եւ մաքրություն տո՛ւր, որպեսզի կարողանան արժանապես ծառայել Քո սուրբ խորհրդին եւ լինել համարձակ միջնորդ Աստծուդ եւ ժողովրդի՝ նրանց աղոթքը մատուցելու Քեզ եւ Քո ողորմությունն իջեցնելու նրանց մոտ, որոնք էլ Քո կամքի համաձայն շահելով Քո տված մնասը՝ Քեզանից բազմապատիկն առնեն: Տե՛ր, սարկավագներին, դպիրներին, մեր եկեղեցիների ողջ հավատացյալներին պարկեշտություն եւ ուսման սեր պարգեւի՛ր, որպեսզի յուրաքանչյուրը, ինչ կոչման կանչված է, նրանում անարատ մնա, արժանապես ծառայի Քո Սուրբ Եկեղեցուն եւ Քո կողմից կոչվի բարի, ազնիվ եւ հավատարիմ ծառա: Տե՛ր, Քո փառքի եւ հաճույքի համար ընդունի՛ր աշխատավորների արդյունքը եւ Քո Սուրբ Եկեղեցուն տրվող նվերները, եւ նրանց փոխարե նը ըստ հո գու եւ ըստ մարմնի բազմապատիկը տո՛ւր եւ արժանի՛ արա այն երանությանը, որ ողորմածներն են ժառանգում:
Տե՛ր, մեր ժողովրդի իշխաններին եւ գլխավորներին Քո հանդեպ բարեպաշտություն եւ սերտ հավատ, միմյանց հանդեպ՝ սեր եւ միաբանություն, աղքատների ու փորձանքի մեջ եղողների հանդեպ՝ գութ եւ խնամածություն տո՛ւր: Քաղցր եւ սիրելի դարձրո՛ւ նրանց բոլոր իշխողների եւ բռնավորնե րի աչքում, որպեսզի Քո Եկեղեցուն պարծանք եւ ուրախություն լինեն, հասարակությանը՝ ձեռնտու եւ մխիթարություն, հաճելի ծառաներ Քեզ եւ Քեզնից Քո բոլոր սրբերի հետ վարձ ստանան:
Տե՛ր, հիշի՛ր մեր ամբողջ ազգին՝ Քոփոքրիկ հոտին, ամենքին, ուր էլ որ լինեն՝ մեծերին եւ փոքրերին, տղամարդկանց եւ կանանց. եւ Քո մեծ ողորմածությամբ այցելի՛ր բոլորին: Թո՛ղ բոլորը սիրով եւ խաղաղությամբ, լուսավորչավանդ հավատով եւ առաքինի գործով, ապահով կյանքով եւ բարվոք կենցաղավարու թյամբ ապրեն: Բոլորին ձեռնտու եւ օգնական եղի՛ր ամեն ժամանակ՝ նն ջելիս եւ արթնանալիս, տանըեւ ճանապարհին, ծովում եւ ցամաքում, առնելիս եւ տալիս, աշխատելիս եւ վաստակելիս, եւ նրանց բոլոր օգտակար եւ անմեղածին գործերը հաջողի՛ր ու բարի ավարտի հասցրո՛ւ:
Այլեւ հիվանդներին եւ ցավագարներին առողջացրո՛ւ, տրտմյալներին եւ վշտացածներին սփոփի՛ր եւ ուրախացրո՛ւ: Բանտարկյալներին եւ գերյալներին ազատի՛ր: Տկարներին փրկի՛ր: Կարիքավորների հոգեւոր եւ մարմնավոր կարիքները բավարարի՛ր: Բոլոր անճարներին եւ անօգնականներին օգնության հասի՛ր եւ այցելի՛ր: Մեղքի մեջ անդարձներին եւ համառներին դարձրո՛ւ իրենց չար ճանապարհներից եւ Քո մեծ ողորմությամբ բոլորին ողորմի՛ր եւ խաղաղության մեջ պահի՛ր, որպեսզի բոլորին ողորմելով ՝ միշտ բոլորից փառավորվես: Այլեւ խնդրում եմ Քեզանից, Տե՛ր եւ Աստված իմ, որպեսզի ամբողջ աշխարհին խաղաղություն տաս, թագավորներին՝ հաշտություն, ենթականերին՝ սեր եւ հնազանդություն, քաղաքներին, գավառներին եւ գյուղերին՝ շենություն եւ ապահովություն, այգիներին եւ անդաստաններին՝ պտղաբերություն, եւ բոլոր բարիքներին՝ լիություն եւ առատություն: Այլեւ Քո ողորմածությամբ ամբողջ աշխարհից եւ ազգերից եւ մանավանդ հայոց երկրից եւ ազգից ողջ ցասումն ու զանազան ձախորդությունները՝ հիվանդություններն ու պես-պես ցավերը, սովը, սուրը, մահտարաժամը եւ մյուս բոլոր վշտաբեր ու վնասաբեր պատահարները, որոնք Քո ամենազոր հրամանով շարժվելով մեր մեղքերի համար գալիս են մեզ վրա, վերացրո՛ւ, որպեսզի ամեն ինչում եւ ամենքի մեջ Քո անունը փառավորվի հավիտյանս հավիտենից. Ամեն:
Աղոթք՝ ուղղված ամենասուրբ Մարիամ Աստվածածնին
Տեր Աստծո եւ քո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի ողորմության դուռը վշտագնյալ անձամբ այսքան բախելուց հետո այժմ լալագին դեմքով քեզ եմ դիմում, քո մաքուր ոտքերին փարվում եւ մայրական ողորմությանդ դուռը բախում, ո՛վ ամենօրհնյալ Սուրբ Աստվածածին Մարիամ: Ինչ որ քո Որդուց խնդրեցի, խնդրում եմ նաեւ քեզանից: Ինչ որ հուսացի Նրանից ստանալ, հույս ունեմ նաեւ քեզնից ընդունել, քանզի դու հարս եղար ամենակալ Հայր Աստծո, Ով ամենակարող եւ ամենաբավ է: Մա՛յր եղար Աստծո Որդուն, Ով ամեն ինչում ողորմած է եւ մարդասեր: Բնակարան եղար Աստծո Հոգու, Ով ամեն ինչով հարուստ է եւ առատ: Միանգամայն շտեմարան եւ գանձարան եղար Ամենասուրբ Երրորդությանը, Ով ամենայն բարության աղբյուր է եւ երկնավորների ու երկրավորների լցուցիչ: Արդ, ո՛վ Սուրբ Մարիամ Աստվածածին, Հայր Աստված այնքան սիրեց քեզ, որ մինչեւ անգամ Իր Միածին Որդուն, որով արարել է բոլոր արարածներին, քեզ շնորհեց եւ քո Որդին դարձրեց, ու ի՞նչ պիտի խնայի քեզանից: Որդին Աստված այնքան սիրեց քեզ, որ մինչեւ անգամ բնակվեց քո արգանդում եւ բազմեց քո գրկում, եւ Նա, Ով բոլորի կերակրիչն էր՝ կերակրվեց քո ստինքներից: Նա, Ով քո Աստվածը եւ Տերն էր, եղավ քո Որդին եւ քեզ Մայր կոչեց, եւ ի՞նչ պիտի խնդրես Նրանից, որ խնայի քեզանից: Հոգին Աստված, որ այնքան սիրեց քեզ եւ անգամ Իր էակցին քե՛զ վստահեց, եւ Ինքը, որ ամեն ինչի զարդարիչն է, իջավ քեզ վրա եւ Իր անսպառելի շնորհների օթարան դարձրեց քեզ: Էլ ի՞նչ է քեզ պակասում, որ դու չունես: Քանի որ ճշմարտապես հավատում եմ, որ ըստ հրեշտակի խոսքի, Տերը եւ ամեն ինչի շնորհատուն քեզ հետ է, քո Որդին է եւ քո գրկում է: Ինչ որ քո Որդին ունի՝ քոնն է, եւ ինչ որ խնդրես Նրանից՝ չի խնայի: Դու ում կամենաս, կարող ես տալ, ինչպես քո որդին է ասում Սողոմոնի բերանով, թե. «Խնդրի՛ր, մայր իմ, որովհետեւ ինչ էլ որ խնդրես, չեմ դարձնի իմ երեսը»: Ուրեմն, ո՛վ Սուրբ Մարիամ Աստվածածին, արարածները Աստծուց հետո քեզնի՛ց են ակնկալիք սպասում: Դու ես տրտմածների ուրախությունը, փորձանքի մեջ եղողների փրկիչը, հավատացյալների օգնականն ու մխիթարությունը եւ մեղավորների հույսն ու ապավենը: Այս մտքով էլ քո սիրելի Որդին խաչի վրա քեզ կտակեց Իր հավատացյալներին՝ Հովհաննեսի միջոցով , ասելով, թե. «Ո՛վ դու կին, ահա՛ քո որդին», եւ իմ հավատացյալները քոնն են եւ այսուհետեւ քեզ են հանձնվում: Հովհաննեսի անունով մեզ՝ հավատացյալներիս, նույն պես ասաց, թե. «Ահա ձեր մայրը», ինչ որ ցանկանաք՝ այսուհետեւ նրանից խնդրեցեք: Արդ, ո՛վ ողորմության Մայր՝ Սո՛ւրբ Մարիամ Աստվածածին, եւ ես մեկն եմ քո սիրելի Որդուն հավատացողներից, որ հոգով եւ մարմնով ողորմելի եւ ամեն ինչում թերի լինելով ՝ կարոտ եմ քո մայրական գթությանը, նեղված եւ վշտացած հոգեւոր եւ մարմնավոր թշնամիներից՝ կարոտ եմ քո օգնությանը: Մեղավոր եւ ամեն ինչում հանցավոր՝ կարոտ եմ քո ձեռնտվությանն ու հուսատրությանը, որի համար, ո՛վ Սուրբ Աստվածածին, ընկնում եմ քո առաջ եւ աղաչում քեզ՝ ուրախացրո՛ւ քո տառապյալ ծառային եւ մխիթարի՛ր: Քո աննվազելի շնորհներով լցրո՛ւ իմ հոգու եւ մարմնի դատարկությունը: Քո չտկարացող զորությամբ փրկի՛ր ինձ հոգեւոր եւ մարմնավոր թշնամիներից ու բոլոր փորձություններից: Քո սուրբ եւ անարատ կուսությամբ սրբի՛ր եւ մաքրի՛ր ինձ իմ բոլոր մեղքերից, եւ մեղավոր ծառայիս համար միջնորդ ու բարեխոս եղի՛ր առ Միածին քո Որդին, որպեսզի ընդունի իմ աղաչանքները, որ մատուցեցի Նրան, եւ կատարի իմ խնդրանքները: Ների սխալներս եւ թողություն շնորհի իմ բոլոր մեղքերին, վերստին ինձ ընդունի Իր սիրո եւ խնամքի մեջ, եւ որքան կենդանի եմ, Իր կամքին համաձայն պահի, եւ այս կյանքից հետո արժանացնի Իր օրհ նյալ տեսու թյանը: Որովհետեւ անկեղծ հավատում եմ, ո՛վ Մայր ողորմության, որ եթե մի անգամ քո սիրելի Որդուն ինձ համար դիմես, լիովին ուրախություն է եւ ամեն ինչում ապահովություն: Եթե մի անգամ մաքուր ստինքներդ ցույց տաս Նրան, կատարյալ փրկություն է ինձ եւ ամեն ինչում ազատություն: Եվ եթե քո սուրբ արտասուքներից մեկ շիթով (որ հեղեցիր նրա խաչելության ժամանակ) հիշեցնես Նրան, իմ բոլոր մեղքերին թողություն է եւ բոլորովին կյանք հավիտենական: Այն բաները, որոնք քեզ՝ ողորմության առատագութ Մորդ ամեն ինչում դյուրին եւ կարելի են, ինձ՝ քո ողորմելի ծառային, ամեն ինչում պիտանի են եւ հարկավոր: Եվ ես քեզնից ողորմություն գտնելով կփառավորեմ քո Միածին Որդուն՝ Հոր եւ Սուրբ Հոգու հետ եւ ողորմության Մորդ գոհությամբ կբարեբանեմ հավիտյանս հավիտենից. Ամեն:
Աստծո սրբերին եւ հայոց ազգի հատուկ լուսավորիչներին եւ երախտավորներին
Իմ մեղավոր անձի եւ խեղճ ազգիս համար ամենագթած եւ ողորմած Աստծուն մատուցած այսքան հառաչանքներից, աղոթքներից ու պաղատանքներից հետո այժմ մեծակական ողբով եւ լալագին աչքերով ձեզ եմ դիմում եւ ձեր սիրո ու գթության դռներն եմ բախում, ո՛վ դուք՝ Աստծո երջանիկ սրբեր եւ մեր հատուկ բարեկամներ, ո՛վ դուք՝ Քրիստոսի սիրելիներ եւ մեր ճշմարիտ բարերարներ, ո՛վ դուք՝ Աստծո հաճելի ծառաներ եւ մեր սրտացավ տերեր, Քրիստոսի համարձակ եւ հավատարիմ խորհրդակիցներ, բազմերախտ հայրեր ու գթառատ ծնողներ, ո՛վ մեր ազգի հարազատներ, նախածանոթ ներ, դաստիարակներ եւ լուսավորիչներ: Ձեզ են ուղղված հառաչանքներս, Քրիստոսի սրբազան առաքյալներ՝ սուրբ Բարդուղիմեոս եւ Թադեոս, սուրբ Գրիգոր Լուսավորիչ, մեր Սուրբ Լուսավորչի սուրբ եւ սրբածին Որդիներ, Թոռներ եւ շառավիղ ներ՝ Արիս տակես, Վրթանես, Հուսիկ, Գրիգորիս եւ Դանիել, սուրբ Ներսես, Իսահակ, Մեսրոպ եւ Հակոբ հայրապետներ, Քրիստոսի սուրբ եւ անա րատ հարսներ՝ Հռիփսիմյանք եւ Գայանյանք: Մեր սուրբ թագավորներ՝ Աբգար եւ Տրդատ, սուրբ Ոսկյանք, Սուքիասյանք եւ Վարդանանք: Դուք մեր երկրից եւ ազգից եք եւ մեր երկրում նահատակվեցիք, որովհետեւ դուք՝ որպես Մովսես եւ Հեսու, մեզ ազատեցիք անմարմին փարավոնից եւ նրա եգիպտական գործերից: Դո՛ւք բերեցիք մեզ ի վերուստ տրված աստվածային կտակարանների պատգամները: Դո՛ւք լուսավորեցիք մեզ հավատով եւ աստվածպաշտությամբ: Դո՛ւք մեզ աստվածածանոթ դարձրեցիք եւ բացեցիք մեր բերանները՝ աղոթելու առԱստված: Դո՛ւք մեր ազգի փրկության համար այնքան սարսռելի չարչարանքներ կրեցիք եւ հեղեցիք ձեր պատվական ու սուրբ արյունը, եւ Աստծուն արժանի պատարագ ընծայեցիք ու Նրան մեզ հետ հաշտեցրեցիք: Դո՛ւք ձեր վարդագույն արյամբ ներկեցիք մեր երկրի հողն ու քարերը, եւ դրանք տվեցիք մեզ՝ մեր հոգիների եւ մարմինների բժշկության համար: Մեր երկրում ամփոփված են ձեր հրաշագործ եւ կենդանի նշխարներն ու մարմինները, որոնց վրա ձեր անունով կառուցվեցին հրաշալի եւ աստվածազարդ տաճարներ ու եկեղեցիներ, որոնցից տեսակ-տեսակ շնորհներ եւ զորություններ էին ելնում եւ դեռ ելնում են: Հավատով դրանց դիմողները հոգու եւ մարմնի պես-պես բժշկություններ ու շնորհներ են ստացել եւ ստանում են: Սրանք Աստված հայոց ազգին տվեց իբրեւ հատուկ պարծանք եւ ապավինության վայր: Արդ, ո՛վ մեր բազմերախտ հայրեր եւ մեր հոգիների ու մարմինների լուսավորիչներ, զարթնե՛ք եւ տեսե՛ք ձեր անունով կառուցված վանքերի ու եկեղեցիների խեղճությունը: Նայե՛ք տարբեր թշնամիների կողմից նրանց կրած տառապանքներին: Նրանց մեծ մասը ամայացել եւ անշքացել է: Նրանց վրա կառուցված ձեր բազմահրաշ դամբարաններն անպատվվել ու անարգվել են, իսկ մեր ազգն էլ՝ ամեն տեղից անտեր ու անօգ նական, մատնվել խստասիրտ տերերի ձեռքը:
Արդ, էլ ո՞ւմ պիտի դիմենք, ո՞ւմ պիտի պատմենք մեր վիշտն ու տառապանքը եւ կամ մեզ համար ո՞ւմ պիտի ուղարկենք Աստծո մոտ՝ որպես միջնորդ եւ բարեխոս, եթե ոչ ձեզ՝ մեր հատուկ բարեկամներին ու ծանոթներին, Աստծո հաճելի ծառաներին եւ սիրելիներին: Քանիոր մինչ Աստված բարկանում էր հին ժողովրդի վրա, նրանք Աբրահամին, Մովսեսին, Դավիթին եւ իրենց մյուս նախնիներին էին հիշում եւ որպես միջնորդ ուղարկում Աստծո մոտ, ինչպես հայտնի է երեք մանուկների եւ շատ ուրիշների դեպքում, ու Աստված էլ նրանց նախնիների սիրո եւ միջնորդության համար բարկությունից դառնում եւ ներում էր ժողովրդին, ինչպես Դավիթն է վկայում, թե «Աստված ասաց՝ նրանց կոչնչացնեի, եթե ընտրյալ Մովսեսն Իմ առաջ չլիներ», որովհետեւ Մովսեսը Տիրոջ մոտ գնաց եւ ցրեց Նրա բարկությունը՝ ասելով. «Եթե պիտի թող նես Քո ժողովրդի մեղքերը, թո՛ղ, ապա թե ոչ՝ ինձ էլ ջնջի՛ր Քո Կյանքի Գրքից»: Եվ Աստված Ինքն է բազմիցս ասում ժողովրդին, թե «Իմ սիրելի Աբրահամի եւ Մովսես ու Դավիթ իմ ծառաների համար ձեզ ողորմեցի»: Արդ, ո՛վ մեր ազգի Աստծո սրբեր, դո՛ւք էլ Աբրահամ, Մովսես եւ Դավիթ եք, որովհետեւ Աստված այս փոքր հոտի վրա ձե՛զ իշխան, առաջնորդ, վերակացու եւ հովիվ կարգեց, ուստի դո՛ւք եք պարտավոր հոգալ, միջնորդել եւ աղոթել մեզ համար առ Աստված, ինչպես նրանք էին անում իրենց ժողովրդի համար: Ո՛վ երանելիներ, քանի որ դուք այս կյանքում մեզ համար այնքան տքնեցիք՝ քարոզելով, պահեցողությամբ, աղոթելով, պեսպես նեղություններ եւ զանազան չարչարանքներ կրելով, մինչեւ անգամ ՝ ձեր արյունը հեղելով: Այժմ դուք, ազատված աշխարհի տառապանքներից, փառավորված եք երկնքում եւ Աստծո մոտ համարձակություն ունեք, ուստի առավել եւս պարտավոր եք հոգալ մեր մասին, օգնել եւ միջնորդ ու բարեխոս լինել առԱստված եւ Նրա սերն ու քաղցրությունը շարժել մեր հանդեպ: Ուրեմն, ձեր ոտքերի առջեւ եմ նետում իմ թախծյալ անձը, անարժան բերանովս համբուրում ձեր սուրբ եւ շնորհատու նշխարները, լիզում ձեր հրաշագործ եւ խնդրակատար դամբարանների հողը եւ արտասվաթոր աչքերով հայցում ձեզանից, ո՛վ Քրիստոսի սիրելիներ եւ մեր հատուկ ծանոթներ ու բարեկամներ: Ո՛վ մեր բազմերախտ հայրեր եւ գթաշատ ծնողներ, աղաչում եմ ձեզ, նայեցե՛ք մեր խեղճությանն ու տառապանքներին, մեր վանքերին ու եկեղեցիներին, ողորմեցե՛ք ու օգնեցե՛ք մեզ: Եթե մեր մեղքերի պատճառով չեք խնայում մեզ, գոնե խնայեցե՛ք ձեր պատվական նշխարների եւ սուրբ դամբարանների համար, որոնք կոխոտվում եւ ծաղրվում են թշնամիներից եւ անսուրբ մարդկանցից: Եթե մեր անօրինությունների պատճառով մեզ բարձիթողի եք արել, գոնե մեզ համար կրած ձեր կսկծալի եւ սարսռելի չարչարանքները եւ մեզ համար հեղած ձեր պատվական արյունը մտաբերե՛ք, հիշեցե՛ք եւ ողորմեցե՛ք մեզ: Մանավանդ դո՛ւ, ո՛վ մեր բազմերախտ Հայր, մեր գթառատծնող եւ մեր հոգիների ու մարմինների լուսավորիչ սո՛ւրբ Գրիգոր, հիշի՛ր մեր փրկության համար քո երկամյա անտանելի եւ անօրինակ չարչարանքներն ու վիրապում թունավոր էակների մեջ տասներեքամյա անըմբռնելի տառապանքներդ, անհանգիստ տքնություններդ եւ անդադար հսկումներդ: Քեզ մոտ ա՛ռ մեր սրբազան առաքյալներին եւ լուսավորիչներին, որոնցից նաեւ դու շառավիղեցիր, Քրիստոսի սուրբ եւ մաքուր օրիորդներին, ովքեր քեզ հետ հանդիսակից եւ պսակակից եղան, իսկ մեզ՝ ավետաբեր եւ լուսաբերներ, քո սուրբ եւ բարեբողբոջ որդիներին եւ թոռներին, ովքեր աստվածատունկ որթից ընձյուղվելով ՝ քո բանավոր այգին մշակեցին եւ Սուրբ Հոգու կենդանարար ջրով ոռոգեցին: Քեզ մոտ ա՛ռ մեր սուրբ թագավորներին եւ սուրբ զորավարներին, ովքեր քեզ հետեւելով ՝ քո կողմից քարոզված հավատքի համար սպառազինվեցին հոգեւոր ու մարմնավոր թշնամիների դեմ եւ քո ժողովրդի համար հանդես ելան ու նահատակվեցին: Դուք, որ բոլորդ միաբանված մտնում եք Աստծո մոտ, ձեր մշտանվեր եւ անդառնալի աղոթքներով միջնորդ եւ բարեխոս եղե՛ք Նրա մոտ եւ խնդրեցե՛ք, որպեսզի ողորմի եւ այցելի մեզ, վերանորոգի մեր ազգի եւ եկեղեցիների հնությունը, ցիրուցան եղած իր հոտը խնամքի իր գոգում եւ մեր սուրբ եկեղեցիների ծոցում ժողովի: Ի՛նքը հովվի եւ պահպանի մեզ բոլոր հոգեւոր եւ մարմնավոր թշնամիներից եւ վերակացու լինի իր ամենազոր զորությամբ: Եվ մանավանդ ինձ՝ ձեր ծառային, օգնական եղե՛ք եւ փրկեցե՛ք բոլոր փորձանքներից եւ մանավանդ ներկա փորձանքներից: ԵվԱստծուց խնդրեցե՛ք, որ իմ բազմատեսակ մեղքերին թողություն շնորհի եւ որքան կենդանի եմ, Իր կամքին հաճելի պահի: Եվայստեղից հետո, ձեր միջնորդությամբ, արժանացնի Իր օրհնյալ տեսությանը, որպեսզի ես էլ ձեզ հետ փառավորեմ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, հավիտյանս հավիտենից. Ամեն:
Աստծո բոլոր սրբերին
Ո՛վ Աստծո բոլոր սրբեր, հաճելի ծառաներ եւ Նրա կամքի հարազատ կատարողներ, անարատ տաճարներ, մաքուր բնակարաններ եւ Ամենասուրբ Երրորդության բերկրալի անդորրություններ: Մարմնով անմարմիններ եւ երկրի վրա հրեշտականմաններ, Ադամի տոհմից ծնվածներ, սակայն երկնքում ապրողներ եւ հրեշտակներին դասակցվածներ: Երկրի վրա հալածվածներ, նեղվածներ եւ չարչարվածներ, իսկ երկնքում ՝փառավորվածներ, պսակվածներ եւ Քրիստոսի հետ թագավորածներ: Հավատացյալ ների պարծանք եւ հրեշտակների ուրախություն, աշխարհի լուսավորիչներ եւ վերին գավառի զարդեր, երկրավորներիս համար ապավեններ ու օգնականներ, երկնային զորքերին՝ զինակիցներ եւ պարակիցներ: Մեղավորների հույս եւ ակնկալություն ու առ Աստված համարձակ բարե խոսներ: Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Սուրբ Ստեփաննոս Նախավկա, սուրբ առաքյալներ եւ մարգարեներ, սուրբ հայրապետներ ու վարդապետներ, սուրբ մարտիրոսներ եւ ճգնավորներ, սուրբ կույսեր ու միանձնուհիներ եւ բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբեր: Առ Քրիստոս ձեր սիրո եւ մեր հանդեպ ունեցած ձեր սիրո ու ազգակցու թյան, հանուն Քրիստոսի անվան եւ մեր փրկության ձեր կրած սոսկալի չարչարանքների, ձեր հեղած պատվական արյան, եւ ձեր ունեցած ու ունալիք երախտիքնե րի եւ բարե րարու թյունների՝ աղաչում եմ ձեզ, ողորմեցե՛ք ձեր տառապյալ ծառայիս, եւ տկարու թյանս ժամանակ օգնու թյան հասե՛ք, որովհետեւ դուք փորձառու եք եւ գիտեք իսկ, որ մեր բնությունը սխալական է եւ դյուրասայթաք, մեր մարմինը՝ դյուրախաբ, մեղսասեր եւ հոգուն վնասակար ամեն ինչ անհագ ցանկացող: Այս աշխարհն ամեն ինչում որոգայթավոր է եւ լի սոսկատեսիլ ու թունավորված հրապույրներով: Այն բազմատեսակ պատրանքներ, խաբեություններ ունի եւ ամեն տեսակ փորձու թյուն նե րի տուն է, իսկ դրդող եւ հորդորող թշնամին՝ միշտ առընթեր: Արդ, ո՛վ երանելիներ եւ փառավորվածներ, դուք այս ամենը տեսաք եւ փորձ ունեցաք, սակայն Աստծո շնորհներով զորացած՝ բոլոին ոտնակոխ արեցիք եւ քաջությամբ հաղթեցիք ու նրանց որոգայթները փշրելով՝ փրկվեցիք եւ ելաք երկինք ու հավիտենական հանգիստ առաք: Ուրեմն, դուք, որ փորձառու եք, կարող եք փորձության մեջ եղողներիս օգնական լինել, որի համար աղաչում եմ ձեզ, ո՛վ Աստծո սրբեր, օգնեցե՛ք ինձ՝ փորձության մեջ եղող եւ մեղավոր ձեր ծառային, փրկեցե՛ք բոլոր որոգայթներից ու փորձություններից, հոգեւոր եւ մարմնավոր թշնամիներից եւ պաշտպանեցե՛ք ինձ բոլոր մեղսառիթ պատահարներից եւ ընդհանրապես հոգեվնաս ընթացքից: Բարեխոսեցե՛ք առ Աստված, որպեսզի ների իմ բոլոր սխալները, թողնի իմ բոլոր մեղքերը եւ, որքան մարմնի մեջ եմ, պահպանի Իր կամքի համաձայն: Եվ այս կյանքից հետո թող արժանացնի Իր քաղցր եւ օրհնյալ տեսությանը, որպեսզի ձեզ հետ նաեւ ե՛ս փառավորեմ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից. Ամեն:
Երկնային զինվորություններին
Արդ, ձեզ է ուղղված աղաչանքս, ո՛վ երկնայիններ եւ անմարմիններ, հրեղեններ եւ հոգեղեններ, արփիափայլներ եւ լուսատեսիլներ, մաքուր եւ անարատ մտքեր, Աստծուն սրբաբանող եւ Ամենասուրբ Երրորդության անդադար փառաբանող սրբեր, որ միշտ Նրա փառքի Աթոռի առջեւ եք եւ Նրա հրամանի անվրիպելի սպասավորներն եք: Դուք աշխարհի վերակացուներ ու պահապաններ եք եւ մարդկանց համար անդադար միջնորդներ ու բարեխոսներ: Դուք ունեք Աստծուց գրված, մեղավորների համար Նրան ուղղված ձեզ հատուկ պաղատանքներ, ասելով, թե՝ «Ողորմի՛ր, Դո՛ւ ես ստեղծել, կորստյան մի՛ մատնիր եւ Քո ձեռքի գործն անտես մի՛ արա»: Արդ, ո՛վ երջանիկներ եւ փառավորյալներ, Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետեր եւ Հրեշտակներ եւ Դո՛ւ՝ անարժան ծառայիս պահապան եւ վերակացու հրեշտակ: Այժմ, խոնարհյալ անձամբ եւ ամոթխած դեմքով, աղաչում եմ ձեզ: Վերակացու եւ պահապան եղե՛ք մեղավոր ծառայիս եւ օգնեցե՛ք ինձ ամեն ժամ: Փրկեցե՛ք ինձ հոգեւոր եւ մարմնավոր թշնամիներից, բոլոր վտանգներից եւ փորձություններից, մանավանդ ներկա փորձություններից (եթե ունես): Ինչպես ձեր սովորությունն է, մեղավորիս աղոթքներն ու պաղատանքները մատուցե՛ք առ Աստված եւ ինձ համար Նրան բարեխոսեցե՛ք՝ ասելով . «Ողորմի՛ր, Դու ես ստեղծել, կորստյան մի՛ մատնի՛ր», որպեսզի ձեր խնդրանքներով ների իմ սխալները, ջնջի հանցանքներիս ձեռագիրը եւ ինձ գրի Կյանքի Գրքում: Եվ այստեղից հետո ձեր միջնորդությամբ ինձ կանգնեցնի աջակողմյան դասում եւ կանչի դեպի Իր հավիտենական արքայությունը, որպեսզի ձեզ հետ փառավորեմ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից. Ամեն:
Փրկչական Սուրբ Խաչին
Մեծ երկյուղածությամբ, սարսափած անձամբ եւ ճշմարիտ հավատով այժմ խոնարհված ծնրադրում եմ քեզ սուրբ եւ ամենազոր Խաչի եւ մեր Քրիստոս Աստծո անպարտելի նշանի եւ տառապյալ քո ծառայի համար օգնություն հայցում քեզանից, որ ունես բոլոր բարությունները եւ ամենաբավական ու ամենակարող ես, քանի որ դո՛ւ, ո՛վ փառաբանելիեւ ամենասուրբ Խաչ, աթոռն ես ամենահարուստ եւ ամենո ղորմ այն Թագավորի, որ երկնքում, լուսեղեն աթոռին բազմած, թեպետ միշտ բաշխում էր եւ այժմ էլ առատապես բարիքներ էր բաշխում Իր բոլոր արարածներին ու ամենքին, ըստ իրենց կարիքների, բավարարում, սակայն փեսայության եւ Իր սրտի ուրախության օրը, երբ բազմեց Քո վրա, այնքան սիրեց, հավանեց Քեզ ու զվարճացավ, որ նույնիսկ ասաց, թե. «Հավիտյանս հավիտենից այս է իմ հանգիստը, սրա վրա կբնակվեմ, որովհետեւ սա ինձ հաճելի եղավ»: Եվ մեծ ուրախությունից չբավարարվեց այն ընդհանուր բարիքներով, որ միշտ Իր արարածների վրա էր հեղում, այլ բացելով Իր մարմնի, այսինքն՝ ձեռքերի, ոտքերի եւ կողերի աստվածային գանձարանի դռները՝ յուրաքանչյուր ակունքից տեսակ-տեսակ բարիքների եւ շնորհների առատահոս աղբյուր բխեցրեց եւ տարածելով Իր ամեն առատ ձեռքերը՝ հեղեց եւ անչափապես բաշխեց բոլորին: Մինչեւ իսկ Իր կենդանարար մարմինն ու արյունը չխնայելով ՝ մեզ տվեց ուտելու եւ ըմպելու համար՝ կանչելով բոլորին, թե. «Եկե՛ք, կերե՛ք իմ հացից եւ խմե՛ք իմ գինին, որքան որ բազմած եմ ողորմության եւ ուրախության այս աթոռին անխնա տալիս եմ»: Արդ, ո՛վ հանգստյան վայր եւ Աստծո ողորմության սիրելի աթոռ: Եվ ես մեկն եմ քո եւ քեզ մոտ բազմած Թագավորի հավատացյալներից եւ երկրպագողներից, որ աղքատ եմ, քաղցած, ծարավ եւ կարոտ ամեն ինչի, որի համար աղաչում եմ քեզ, որ ինձ ողորմես եւ այդքան անպատմելի բարիքներից (որոնցով լիացան երկնավորներն ու երկրավորները) մի մաս էլ ինձ՝ ողորմելիիս մատուցես, որ բավակա՛ն է իմ հոգու եւ մարմնի բոլոր կարիքները բավարարելու համար: Դո՛ւ անոթ, տուփ եւ բժշկարան ես այն Բժշկապետի, Ով Իր աստվածահրաշ զորությամբ մեր ամբողջ բնությունը անմարմին օձի թույնից ստացած մահաբեր հիվանդություններից եւ զանազան ցավերից բժշկեց ու առողջացրեց եւ հավիտենական կենդանություն շնորհեց: Բոլոր հոգեկեցույց եւ ամենազորեղ դեղորայքները քեզ մոտ են ամփոփված եւ ամբարված: Ահա եւ ես, որ Քո ծառաներից եւ Քո վրա բազմած Բժշկապետի կողմից բժշկվածներից մեկն եմ, վերստին վիրավորվել եմ նույն հին թշնամուց եւ այդ նույն չարի թույնից ախտավորվել պեսպես ցավերով ու հիվանդություններով կարոտ եմ քո շնորհներին, որի համար աղաչում եմ քեզ, ով ամենաբավական բժիշկ, որպեսզի այդքան ամենատարբեր բժշկարար Քո շնորհներից մի շիթ ցողես ինձ վրա, որ բավական է հոգիս եւ մարմինս բժշկելու եւ ինձ հավիտենական կենդանություն տալու համար: Դո՛ւ ես հաղթության գավազանը եւ անպարտելի զենքը մեր ամենազոր Փրկիչ Հի սուս Քրիստոսի, Ով քեզանով պատռեց աշխարհի մեղքերի ծովը, փարավոնացյալ թշնամուն նետեց դժոխքի անդունդը, Իր պատկերը նրա չար ծառայությունից ազատեց եւ վերին Երուսաղեմ հանեց: Քեզանով ջախջախեց աներեւույթ վիշապի եւ անմարմին Գողիաթի գլուխը եւ իր ժողովրդին նրա խրոխտանքներից եւ բռնությունից ազատեց: Արդ, ինձ էլ, որ մեկն եմ իմ ամենազոր Փրկչի ծառաներից եւ քո միջոցով Նրա կողմից փրկվածներից, վերստին նույն թշնամին իր ամենաչար հնարքներով գերեց եւ իր չար գործերին ծառա դարձրեց ու միշտ խրոխտալով ինձ վրա՝ ցանկանում է ինձ հավիտյանս ծառայեց նել եւ դժոխքինը դարձնել: Որի համար աղաչում եմ քեզ, ո՛վ ամենազոր Սուրբ Խաչ, խորտակի՛ր իմ թշնամու բռնությունը եւ ազատի՛ր ինձ նրա ծառայությունից: Քո հովանու ներքո պահելով ինձ բոլոր նրանց հետ, ովքեր պիտի փրկվեն, դեպի երկինք՝ դեպի հավիտենական ազատություն եւ անտրտում ուրախություն տա՛ր: Ո՛վ ամենացանկալի եւ բոլորի համար երկրպագելի Սուրբ Խաչ, դու ես աստվածների Աստծո, թագավորների Թագավորի եւ բոլոր արարածների Արարչի եւ Նախախնամողի կնիքը, նշանը, դրոշմը, քանի որ քեզանով է Աստված կնքում եւ նշում յուրայիններին եւ բաժանում օտարներից: Քեզանով է ճանաչում յուրայիններին եւ ճանաչվում նրանցից: Քեզանով գրեց Ադամի եւ նրա սերունդների ազատության գիրը: Քեզանով նոր Իսրայելի սրտում հաստատեց իր նոր ուխտն ու օրենքը: Քեզանով որոշեց ավերել դժոխքը եւ ազատել հոգիները: Քեզանով դատավճռեց սատանայի եւ նրա բռնության կործանումը: Քեզանով հրամանագրեց երկնավորների եւ երկրավորների խաղաղությունը: Քեզանով դրոշմելով՝ յուրայիներին ազատում եւ պահպանում է հանկարծամահ սատակումից ու հավիտենական մահից եւ երկինք հանում եւ գրում Կյանքի Գրքում: Եվ գալիք ժամանակներում քեզ որպես նախագնաց իր առջեւ բռնած՝ Հոր փառքով դատաստանի պիտի գա՝ բոլո րին դատելու: Եվ քեզանով պիտի կնքի ամենահաստատուն եւ անսխալական այն վճիռը, թե. «Արդարները կգնան հավիտենական կյանք, իսկ մեղավորները՝ հավիտենական տանջանք»:
Արդ, ո՛վ ամենաբարելի սեղան եւ ողորմության աթոռ, ո՛վ բազմատեսակ շնորհների օթարան եւ բոլոր ցավերի բժշկարան, ո՛վ ահարկու զենք եւ ամենազոր գավազան, ո՛վ ամենապաշտելի նշան եւ ամենաթագավոր Աստծո անլուծանելի կնիք եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչ, այս բոլորը եւ առավել քան այս բյուրապատիկ պարգեւներն ու բարու թյուն ները, բժշկություններն ու կենդանա րարու թյուն նե րը, ազատություններն ու փրկագործությունները, աստվածային տնօրինություններն ու ներգործությունները քեզանով եւ քո միջոցով բաշխվեցին եւ բաշխվում են, գործվեցին եւ գործվում են, կատարվեցին եւ կատարվում են, որոնց գործի քը՝ միջնորդն ու շտեմարանը, դու ես, ո՛վ ամենասիրելի Խաչ մեր Քրիստոս Աստծո: Արդ եւ ես՝ ամենաթշվառս եւ ամենաողորմելիս, մեկն եմ քեզանով փրկված եւ բարիքներ ստացած եւ քեզանով դրոշմված եւ քեզ երկրպագող ծառաներից, որովհետեւ քեզանով վերածնվելով կենդանացա ու մեղքի հնությունից եւ մահաբեր ծառի մեռելությունից նորոգվեցի: Քեզանով դրոշմվեցի եւ կոչվեցի լինել Քրիստոսինը եւ հավիտենական կյանքի ժառանգորդը: Քեզանով դրոշմվելո՛վ բաժանվեցի օտարներից եւ Քրիստոսի՝ ճշմարիտ հովվի, ոչխար եւ հավատացյալ անդամագրվեցի: Քեզանով եմ կնքում եւ նշան հանում իմ դեմքը եւ միշտ ամրափակում հո գուս եւ մարմնիս բոլոր զգայարանները: Քեզանով եմ պարծենում միշտ եւ ամեն ժամ Դու ես իմ հույսն ու օգնականը: Եվայժմ ընկնում եմ ամենազոր սուրբ նշանիդ առաջ եւ խոնարհվելով երկրպագում, հոգուս շրթունքներով համբուրում պատվանդանիդ հողը եւ աղաչանքներով խնդրում, որպեսզի սուրբ եւ ահեղ անունդ ու սոսկալիկնիքդ անջնջելի եւ անբաժանելի պահես քո ծառայի հոգուց եւ մարմնից եւ քո հովանու ներքո՝ պահպանես ինձ հոգեւոր եւ մարմնավոր վտանգներից: Երկրպագում եմ նաեւ քեզ հետ քո սրբերին, հրաշագործ գործակիցներին աստվածակիր եւ կողամուխ սուրբ Գեղարդին, սոսկալի սուրբ Բեւեռներին, աստվածաշոշափ փշե սուրբ Պսակին եւ մեր Քրիստոս Աստծո պատվական արյամբ ներկված նշաններին եւ մեր Քրիստոս Աստծո չարչարանքնե րի Գործիքներին: Դուք բոլորդ, որ շնորհների շտեմարան եք, բարիքների աղբյուր, փրկության գործիք, ամենազոր նշաններ եւ թշնամու դեմ չտկարացող սրեր, ո՛վ շնորհատու եւ փրկագործ սուրբ նշաններ, ձեզ բոլորիդ խոնարհվելով մեծ երկյուղով եւ պատկառանքով երկրպագում եմ եւ աղաչում, ո՛վ շնորհատու եւ փրկագործ սուրբ նշաններ, ձեր ծառային միշտ օգնականներ, պահապաններ, հո վանա վորներ եւ վերակացուներ եղե՛ք ցերեկը եւ գիշերը, ննջելիս եւ արթնանալիս, նստելիս եւ գնալիս, գործելիս եւ հանգստանալիս եւ ամեն ժամ, որպեսզի ձեր հովանավորությամբ ամրափակվելով եւ պարսպվելով՝ պաշտպանված եւ փրկված լինեմ բոլոր մեղ քերից, դեւերի փորձություններից, մարդկանց անիրավություններից, չարախոհ եւ զրախոս լեզուներից, մարդակերպ գազաններից, թունավոր եւ վնասատու կենդանիներից, երեւելի եւ աներեւույթ թշնամիներից, հոգեւոր եւ մարմնավոր վտանգից եւ բոլոր տեսակի որոգայթներից եւ չարահնար պատահարներից: Եվ երբ հիշեմ ձեր սոսկալի անունները եւ խաչակնքեմ թող հալածվեն եւ չքանան, կորչեն եւ անհետանան բոլոր հնարքները՝ երեւույթները, ազդեցությունները, ծուղակները եւ չարի որոգայթները: Եվ որքան ու որ ժամին էլ վեր կենան հո գով եւ մարմնով ինձ խաբելու եւ նենգելու, պարսպված եւ կնքված թող տեսնեն ձեր ամենասոսկալի անվամբ եւ ամոթահար ու գլխիկոր ետ դառնան: Եվ որքան կենդանի եմ ՝ ձեր սուրբ եւ հրաշալի անվամբ պաշտպանված եւ փրկված թող մնամ թշնամիների բոլոր որոգայթներից եւ բոլոր մեղսառիթ ըն թացքներից, իսկ այստեղից հետո ձեզանով կնքված ներկայանամ Քրիստոս իմ Աստծո առաջ, դասվեմ աջակողմյանների հետ ու լսեմ այն օրհնաբանյալ ձայնը, թե՝ «Եկե՛ք, իմ հոր օրհնվածներ եւ ժառանգեցե՛ք հավիտենական կյանքը»: Այնժամ ես կփառավորեմ իմ Քրիստոս Աստծուն՝ Հոր եւ Սուրբ Հոգու հետ, եւ ձեզ՝ սուրբ եւ փրկագործ նշաններ, գոհությամբ կփառաբանեմ հավիտյանս հավիտենից. Ամեն:
Աղոթք՝ ուղղված Սուրբ Երրորդությանը
Արդ, ո՛վ ամենօրհնյալ Սուրբ Երրորդություն եւ մի Աստվածություն, քանի որ Դո՛ւ ես սկիզբն ու ավարտը, առաջինն ու վերջինը, ամեն ինչի ստեղծողն ու ավարտին հասցնողը, որի աղերսանքների փոքրիկ եւ լումայաչափ այս խոսքերը Քեզանով սկսելով՝ Քեզանով ավարտում եմ՝ սրանում խոստովանելով Քո հանդեպ ունե ցած իմ ճշմարիտ դավանությունն ու հավատը: Ուրեմն, ճշմարիտ հավատով խոստովանում եւ հավատում եմ, աներկբա հույսով հուսա՛մ եւ անարատ սիրով սիրում եմ Քեզ, Սուրբ եւ անբաժանելի Երրորդությանդ՝ անսկիզբն եւ անվախճան, մի Աստված՝ անուր, աներբ, անժամանակ եւ հավիտենական: Երկնավոր եւ երկրավոր բոլոր արարածներին ոչնչից միակ Ստեղծող: Բոլոր տերերի եւ թագավորների միակ Տեր եւ Թագավոր: Ամբողջ աշխարհի միակ Նախախնամող եւ Կառավարիչ, բոլոր բարիքների եւ արարածների Զարդարիչ եւ Աղբյուր: Ողջերի եւ մահացածների միակ Դատավոր: Արդարների միակ պսակիչ եւ մեղավորների դատապարտիչ, ում միա՛յն կարելի է ծնրադրել եւ երկրպագել հավիտյանս հավիտենից:
Հավատում եմ նույն եւ միակ Աստվածությանդ՝ բաժանված երեք անձերի՝ առանձին դեմքերով ՝ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու: Ո՛չ թե երեք Աստված, այլ մի Աստված, մի Էություն, մի բնություն, մի կամք, մի տերություն եւ մի իշխանություն: Ոչ թե ձեզանից մեկը մեծ է եւ առաջ, եւ մեկը կրտսեր ու հետո, այլ որքան Հայրդ Հայր է, Քեզ հետ եւ Որդիդ Որդի է եւ Սուրբ Հոգիդ՝ Հոգի. էակից, բնութենակից եւ փառակից իրար:
Հավատում եմ Քեզ, Հայր՝ Աստված ճշմարիտ, անեղ, անծին եւ անսկիզբ, անսկզբնաբար եւ անժամանակորեն Որդուդ ծնող եւ Սուրբ Հոգուդ բխող:
Հավատում եմ Քեզ, Միածին Որդի՝ Աստված ճշմարիտ, անեղապես եւ անսկզբնաբար Հորից ծնված հավիտյաններից առաջ: Իսկ ժամանակի մեջ Հոր կամքով եւ Սուրբ Հոգուդ հավանությամբ՝ Քո սեփական անձով իջար երկիր՝ Աստվածածին Սուրբ Կույս Մարիամի մեջ եւ նրա ամենամաքուր արյունից Քեզ համար մարմին վերցրեցիր եւ անճառապես միավորեցիր Քո Աստվածության հետ: Ապա, Դու, որ ճշմարիտ եւ կատարյալ Աստված էիր, Նույնդ եւ եղար ճշմարիտ ու կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով եւ մարմնով: Մեկ անձ, մեկ դեմք, մեկ կամք եւ մեկ բնություն՝ անշփոթաբար միավորված երկու՝ աստվածային եւ մարդկային բնություններից: Ուստի եւ կոչվեցիր մեկ Քրիստոս, այսինքն՝ Աստված եւ Մարդ: Անարատ Կույսի արգանդում իննամսյա ժուժկալությունից հետո, անսերմ հղացմամբ եւ անապական ծննդյամբ ծնվեցիր Քո առյալ մարմնով: Երեսուն տարի հետո եկար Հորդանան գետը՝ Հովհաննեսից մկրտվելու: Հոր վկայությամբ եւ Սուրբ Հոգու իջմամբ դավանվեցիր Ճշ մարիտ Աստված եւ Աստծո Որդի:
Ապա Դու՝ մեր նույն Քրիստոս Աստվածդ, սկսեցիր տնօրինական խորհուրդդ իրականացնել. խոնարհաբար շրջեցիր երկրի վրա, փրկություն քարոզե ցիր, իբրեւ մարդ՝ մարմնով հոգնեցիր, քաղցեցիր, ծարավեցիր, իսկ իբրեւ Աստված՝ մեծամեծ հրաշքներ գործեցիր: Հետո, մեր փրկության համար, կամավոր եկար չարչարվելու եւ Դո՛ւ, միշտ կենդանի եւ անչարչարելի Աստված՝ նույն ստեղծված մարմնովդ, չարչարվեցիր, խաչվեցիր, մեռար եւ թաղվեցիր, մարմնովդ դրվեցիր գերեզ մանում, իսկ հոգովդ դժոխք իջնելով ՝ ազատեցիր հոգիներին: Երեք օր հետո մեռելներից հարություն առար մարմնով եւ երեւացիր աշակերտներիդ: Քառասուն օր հետո նույն այդ մարմնով համբարձվեցիր երկինք եւ նստեցիր Քո Հոր աջ կողմում, Ումից երբե՛ք չբաժանվեցիր: Ի՛մ Քրիստոս Աստված, քանի որ թեպետ Կույսի արգանդում բնակվում էիր, ծնվում այրի մեջ, խոնարհաբար շրջում երկրի վրա, չարչարանքներ կրում, խաչին էիր բեւեռված եւ Քո վերցրած մարդկությամբ ինչպես մեռյալ գերեզման էիր իջնում, սակայն Քո Աստվածությամբ՝ Հորից եւ Սուրբ Հոգուց անբաժան, երկնքում բազմած էիր քրովբեական աթոռին եւ երկրպագվում էիր բոլոր արարածներից, ինչպես եւ այժմ Աստվածությամբդ ու մարդկությամբդ երկրպագվում ես հավիտյանս հավիտենից: Ուստի, ինչպես Քո Աստվածությունն սկիզբ չունի, նույնպես եւ Քո մարդկությունը վախճան չունի, որովհետեւ Հիսուս Քրիստոս երեկ եւ այսօր նույնն է եւ հավիտյան: Այլեւ հավատում եմ, որ նույն մարմնովդ ժամանակների վերջում Հոր փառքով պիտի գաս կենդանիներին եւ մեռելներին դատելու, որ եւ ամբողջ մարդկության հարությունն է: Եվ յու րաքանչյուրին ըստ գործերի պիտի հատուցես՝ արդարներին՝ հավիտենական կյանք, իսկ մեղավորներին՝ հավիտենական տանջանք:
Հավատում եմ Քեզ, Սուրբ Հոգի, ճշմարիտ Աստված՝ բխած Հորից անսկզբնապես եւ անժամանակաբար: Իջնելով Հորդանան եւ վերնատուն՝ հայտնեցիր Քո Էակցի՝ մեր Քրիստոս Աստծո Աստվածությունը, մխիթարեցիր առաքյալներին եւ լցրեցիր անճառելի շնորհներով: Խոսեցիր օրենքների, մարգարեների եւ Ավետարանների մեջ: Եվ միշտ զանազան շնորհներով եւ հեգեւոր պարգեւներով լցնում եւ զարդարում ես Քո հավատացյալների եկեղեցին:
Արդ, այս է իմ հավատը՝ որով հավատում, խոստովանում եւ երկրպագում եմ Քեզ Ամենասուրբ Երրորդություն եւ մի Աստվածություն՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի եւ երեք անձերից մեկին՝ մարդկային բնության փրկության համար ժամանակների լրումին մարդացած Աստծո Որդուն:
Հավատում եմ նաեւ մեկ, Սուրբ Կաթուղիկե եւ Առաքելական Եկեղեցուն՝ հիմնված Քո Քրիստոս՝ միակ Վեմիդ վրա: Որում Հոր հետ հաշտության եւ աշխարհի մեղքերը վերացնելու համար պատարագվում ես Դու՝ Աստծո Գառ: Որում հանուն Ամենասուրբ Երրորդության մկրտվում ենք եւ ծնվում հավիտենական կյանքի որդեգրության համար: Որում Սուրբ Հոգուդ ներգործությամբ կատարվում են Քեզնից ավանդված սրբարար եւ հոգեկեցույց յոթ խորհուրդները: Որոնցից երեքը, այսինքն՝ Մկրտությունը, Դրոշմը եւ վերջին Օծումը, ըստ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու ավանդության, վերստին ծնունդ են խորհրդանշում, իսկ չորսը, այսինքն՝ Ապաշխարությունը, Կարգը, Պսակը եւ Հաղորդությունը՝ ծնունդ են ամեն ժամանակ, որոնցով սկզբնական եւ ներգործական, մահացու եւ ներելի մեղքերից ազատվում եւ արդարանում ենք: Թշնամու դեմ զորանում եւ արիանում ենք, պաշտպանվում նրա որոգայթներից, լուսավորվում եւ կատարելագործվում, եւ հոգով միավորվում ենք միակ ու միշտ կենդանի գլուխ Քրիստոսի շուրջ: Եվ այս սուրբ եկեղեցում տոնում ենք երկնավոր եւ երկրավոր Քոբոլոր սրբերի եւ սիրելիների տոները: Հավատում ենք, որ ինչքան այս կյանքում ենք, եկեղեցում կարող ենք խոստովանությամբ, ապաշխարությամբ եւ բոլոր տոնելի սրբերի բարեխոսությամբ մեղքերի թողություն ստանալ: Հավատում ենք եկեղեցու միջոցով մտնել վերին Սիոն՝ երկնքում գրված անդրանիկների եկեղեցի: Այլեւ հավատում եւ խոստովանում եմ Ամենասրբուհի Կույս Մարիամ Աստվածածնին: Անսերմն հղացողին եւ անարատ ծնողին, եւ ծննդից հե տո նույն անա պական կուսությամբ մնացածին, Ով այս հավատով Քրիստոսին հավատացողների համար համարձակ միջնորդ եւ բարեխոս է առ յուրածին Որդին:
Արդ, դավանական խոսքիս ավարտին աղաչում եմ Քեզ՝ Սուրբ Երրորդություն եւ մի Աստվածություն, եւ խնդրում Քեզանից, Ով ամենառատ ողորմություն, որպեսզի այս կյանքում Քո անարժան ծառային այս հավատից անշեղ եւ հաստատուն պահես եւ զգաստություն ու արիություն տաս, որպեսզի այս նույն հավատքը կենդանի պահելու համար ձեռք բերեմ առաքինի եւ Քեզ հաճելի գործերը: Եվ սրանից հետո թողնես ինձ այս նույն կենդանի հավատով գալ դեպի Քեզ եւ Քեզանից ընդունել Քո հավիտենական կյանքը, եւ Քո բոլոր սրբերի հետ փառավորել Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից. Ամեն: