isaacsyr

Իսահակ Նինվեցի

Իսահակ Նինվեցի կամ Իսահակ Ասորի (ասորերեն՝ ܡܪܝ ܐܝܣܚܩ ܕܢܝܢܘܐ, մոտ 640 Բեիթ Կատրայա — մոտ 740, Ռաբբան Սաբոր), Արևելքի Ասորական Եկեղեցու գործիչ, ականավոր աստվածաբան, Նինվեի եպիսկոպոս։ Հայտնի է, որ երիտասարդ տարիքում եղել է Նինվեի մերձակայքում գտնվող Մար Մաթեոսի վանքի վանական։ Մոտ 660 կամ 670 թվականներին նա դառնում է Նինվեի եպիսկոպոս, սակայն հինգ ամիս անց հրաժարվում է այդ պաշտոնից և հաստատվում Ռաբբան Սաբոր վանքում, որտեղ էլ զբաղվում է ուսուցչությամբ և իրեն նվիրում ճգնակեցական կյանքի։ Իսահակ Նինվեցին թողել է հարուստ աստվածաբանական ժառանգություն։ Նրա իր աշխատություններում հիմնականում զարգացրել է խորհրդաբանական և վանական աստվածաբանության ավանդույթները։ Այս առումով նրա աստվածաբանական հայացքների վրա վճռորոշ ազդեցություն են ունեցել Դիոնիսիոս Արիոպագացու աշխատությունները։

Աղոթք  առ Յիսուս Քրիստոս

Տէ՜ր Յիսուս, Աստուած մեր,
որ արտասուեցիր Ղազարոսի վրայ եւ նրա վրայ հեղեցիր
անձկութեան ու կարեկցանքի արցունքները,
ընդունի՛ր արցունքներն իմ դառնութեան:
Քո ցաւերով մեղմիր իմ ցաւերը:
Քո վէրքերով բժշկիր իմ վէրքերը:
Քո արեամբ մաքրիր իմ արիւնը:
Իմ մարմնում տարածիր կենարար Մարմնիդ բուրմունքը:
Որպէսզի լեղին, որ տուեցին Քեզ խմելու […]
քաղցրութեան փոխի հոգուս դառնութիւնը: […]
Խաչափայտին տարածուած Մարմինդ
թող դէպի Քեզ ձգի դեւերի կողմից չարչրկուած հոգիս: […]
Գամերով ծակուած սուրբ ձեռքերդ
թող դուրս քաշեն ինձ կորստեան անդնդից,
եւ, խոստմանդ համաձայն, ինձ կրկին դէպի Քեզ առաջնորդեն:
Ապտակներ ստացած ու թքով ծածկուած դէմքդ
թող փայլեցնի ի՛մ իսկ անարդարութիւններով կեղտոտուած երեսս:
Խաչի վրայ Հօրդ աւանդած հոգիդ
թող ինձ դէպի Քեզ առաջնորդի շնորհիդ մէջ:
Ո՛չ զղջացած սիրտ ունեմ, որ ճանապարհ ընկնեմ Քեզ փնտրելու,
ո՛չ ապաշաւ, ո՛չ գորով: […]
Արցունքներ չունեմ Քեզ աղօթելու համար:
Հոգիս մառախլապատ է, […] սիրտս՝ ցրտաշունչ, […]
ես ընդունակ չեմ Քո հանդէպ սիրոյ արցունքներով այն ջերմացնելու:
Բայց Դու, Տէր Յիսուս Քրիստոս, Աստուած իմ,
տո՛ւր ինձ անմնացորդ զղջումը,
ապաշաւը սրտի,
որպէսզի ամբողջ հոգովս ճանապարհ ընկնեմ Քեզ փնտրելու:
Առանց Քեզ, ես զուրկ կը լինէի իրականութեան որեւէ հիմքից:
[…]
Հայրը, որ յաւիտենութեան մէջ ծնեց Քեզ Իր ծոցում,
թող նորոգի ինձնում Քո պատկերը:
Լքեցի Քեզ: Դու մի՛ լքիր ինձ:
Հեռացայ Քեզնից: Դու փնտրիր ինձ:
Առաջնորդիր ինձ դէպի Քո արօտը, Քո հօտի ոչխարների մէջ:
Նրանց հետ միասին, կերակրիր ինձ խորհուրդներիդ թարմ խոտով,
խորհուրդներիդ, որոնց օթեւանն է մաքուր սիրտը,
սիրտը, որն իր մէջ կրում է յայտնութիւններիդ պայծառ փայլը:
[…]
Թող որ մենք արժանի լինենք այդ պայծառութեանը,
մարդասիրութեանդ շնորհիւ եւ շնորհիդ օգնութեամբ,
ո՜վ Յիսուս Քրիստոս, Փրկիչ մեր,
յաւիտեանս յաւիտենից: Ամէն: