external

Եփրեմ Ասորի

Եփրեմ Ասորի (արամերեն / ասորերեն` ܐܦܪܝܡ ܣܘܪܝܝܐ, Mor/Mar Afrêm Sûryāyâ; հունարեն` Ἐφραίμ ὁ Σῦρος;  306, Մծբին  — հունիսի 9, 373, Եդեսիա, նշանավոր ասորի քրիստոնյա գրող, աստվածաբան, եկեղեցու հայր, ընդհանրական եկեղեցու՝ այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցու սուրբ։ Ապրել և գործունեություն է ծավալել Հայոց Միջագետքի Մծբին քաղաքում։ Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից է, Հայ Առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով։ Գրել է շատ աղոթքներ և հոգևոր երգեր: Եկեղեցին դարեր շարունակ բարձր է գնահատել սրբի ավանդը: Նա գրել է ասորերեն, բայց նրա մեկնությունները շատ վաղ թարգմանվել են հունարեն, հայերեն, լատիներեն նաև սլավոնական լեզուներով: 

ԵփրեմԱսորի

«Զորավոր աղոթք»

Ա (1)
Տե՛ր, տե՛ս իմ տառապանքները և բազմամեղ հոգուսցավերը, դարձի՛ր, ների՛ր և դեպի Քե՛զ առաջնորդիր, ինչպես որ ասացիր. «Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ»:

Բ (2)
Ողորմի՛ր ինձ` լքվածիս, օգնի՛ր եղկելիիս, ճառագայթի՛ր խավարյալիս, ռաջնորդի՛ր մոլորյալիս, որ լի եմ մեղքերով ու անթիվ հանցանքներով և տարուբերվելով ծփում եմ անօրենության հորձանուտում:

Գ (3)
Ձե՛ռք մեկնիր ինձ, ինչպես Պետրոսին. մաքսավորի պես արդարանալ եմ աղերսում:

Դ (4)
Շնորհի՛ր, ինչպես ավազակին, բա՛ց արա ինձ կենաց ճանապարհի և մեծ արքունական առագաստի դուռը:

Ե (5)
Ո՜վ խորք մեծության և իմաստության, ընդունի՛ր բռնվածիս, որ մեղքերով ընկել եմ ծովի խորքը: Պահպանի՛ր ու զորացրո՛ւ ինձ, որ Քո կամքը գործեմ, զօր ու գիշեր սգամ և լամ իմ ողջ անօրինության ու հեղգության համար:

Զ (6)
Աղբյո՛ւրդ կենդանության, հագեցրո՛ւ ծարավ հոգիս Քո առատաբուխ վտակից, որ ցամաքած տոչորվում եմ իմ բազում անօրենություններից: Ցնցի՛ր քարացած սիրտս և ինձնից ապաշխարության արտասուք քամիր:

Է (7)
Գա՛նձդ ամենայն բարության, դույզնինչ շնորհի՛ր ինձ Քո առատ բարիքներից, որոնցից չարաչար աղքատացած ու մերկացած եմ. զգեստավորի՛ր ու կերակրի՛ր ինձ ապաշխարության արցունքներով:

Ը (8)
Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու. լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս, բա՛ց արա սրտիս աչքերը և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղի ու սիրո մեջ:

Թ (9)
Տե՛ր, մի՛ դատիր և մի՛ դատապարտիր ինձ ըստ իմ անբավ զազիր գործերի և մի՛ կարգիր ինձ նրանց հետ, ովքեր զայրացրին Քեզ, այլ փառավորի՛ր փառավորյալների հետ և պսակի՛ր պսակյալների հետ ուրախացրո՛ւ բերկրյալների հետ:

Ժ (10)
Արժանի չեմ, Տե՛ր, բայց հույս եմ դնում Քո ողորմության վրա, քանզի շներն էլ կերակրվում իրենց տիրոջ սեղանից ընկած կերակրի փշրանքներով: Շո՛ւն կոչիր ինձ, Տե՛ր, որպեսզի գամ Քո ետևից: Հովի՛վ բարի, փնտրի՛ր ինձ` մոլորյալիս: Նավապե՛տ իմ Հիսո՛ւս, փրկի՛ր ինձ մեղքերիս ալեծուփ բազմությունից և տո՛ւր ինձ խաղաղության նավահանգիստը:

ԺԱ (11)
Տո՛ւր ինձ, Տե՛ր, սուգ և արտասուք, զորացրո՛ւ մարմինս, կաղկեցրո՛ւ իմ քարացած սիրտը և հավաքի՛ր մտքերս դեպի Քեզ: Ջնջի՛ր հանցանքներիս բազմությունը և շնորհի՛ր ինձ իմ [հոգու] շահը: Ընդունի՛ր և մի՛ անտեսիր սրտիս հառաչանքները:

ԺԲ (12)
Իմաստությո՛ւն տուր ինձ, Տե՛ր, և հաստատի՛ր, իմ սրտում Քո ահն ու երկյուղը: Լուսավորի՛ր խորհուրդներս, կարո՛ղ դարձրու մարմինս հարաժամ ուժկալությամբ մնալու Քո պատվիրանի մեջ:

ԺԳ (13)
Բա՛ց արա, Տե՛ր, սրտիս աչքերը և լուսավորի՛ր միտքս Սուրբ Հոգովդ: Պարգևի՛ր ինձ առողջ խորհուրդներ և առաքինի վարք, որ հանապազ ողբամ և ահ ու դողով ամեն ժամ Քո առջև մնամ անզբաղ:

ԺԴ (14)
Ո՜վ բարերար և մարդասեր Տեր, առանց չարչարանքների և ժուժկալության ինչպե՞ս ազատվեմ իմ մեղքերի բազմությունից, քանզի մարմնով տկար եմ և հոգով` խավար: Ողորմի՛ր, Տե՛ր, և, օգնի՛ր ինձ ըստ Քո կամքի:

ԺԵ (15)
Անոխակա՛լ Տեր, մի՛ անտեսիր ինձ բազում չարիքներիս պատճառով, այլ դարձի՛ր դեպի ինձ, բոլոր ցանկություններս դարձրո՛ւ դեպի Քեզ, որպեսզի միայն Քեզ սիրեմ ամբողջ սրտով և պարզ, անպաճույճ մտքով:

ԺԶ (16)
Քո անխուսափելի գալուստը պատկերի՛ր աչքերիս առջև, Տե՛ր, և դողացրո՛ւ մարմինս որ անդադար լամ ու սգամ Քո ահեղ դատաստանի երկյուղից, և մի՛ փակիր Քո արարչական սիրո գութը Քո ստեղծածից, որ մեռած է մեղքերով:

ԺԷ (17)
Տո՛ւր ինձ, Տե՛ր, ամենայն ժամ բարին գործել և խափանի՛ր իմ չար մտքից բոլոր չարիքները, ե՛տ պահիր ինձ պիղծ ու անխրատ ընթացքից ու չար սովորությունից և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղի ու սիրո մեջ:

ԺԸ (18)
Արեգա՛կդ արդարության` փրկի՛չ իմ և ազատի՛չ Հիսո՛ւս Քրիստոս, Քո լույսին եմ ապավինում. լուսավորի՛ր ու ջերմացրո՛ւ սիրտս: Հրկիզի՛ր իմ չար խորհուրդները և հալեցրո՛ւ մեղքերիս սառնամանիքը: Գարո՛ւն շնորհիր հոգուս, Տե՛ր, որ [այն] ծաղկի և պտղաբերի արդարության պտուղը:

ԺԹ (19)
Ազատի՛չդ Քրիստոս, ազատի՛ր ինձ ձմեռային մեղքերի դառնաշունչ հողմերից, պայծառացրո՛ւ և ջերմացրո՛ւ խավարած ու սառած հոգիս և ցողի՛ր Քո շնորհի ջերմության ցողը սրտիս խորհուրդների անդաստանում:

Ի (20)
Տե՛ր, փչի՛ր Սուրբ Հոգուդ շնչի հարավային քաղցր զեփյուռը իմ խստացած և թանձրացած սրտի վրա և Քո որոտընդոստ փայլատակմամբ զարթնեցրո՛ւ իմ սառնացած ու ցամաքացած միտքը:

ԻԱ (21)
Բա՛ց արա, Տե՛ր, սրտիս փակված դուռը և ծագեցրո՛ւ իմ ներսում Քո արդարության ճառագայթների լույսը: Սրբի՛ր մեղքի աղտերից և բժշկի՛ր հոգուս վերքերը: Ամրացրո՛ւ Քո երկյուղով և զորացրո՛ւ որ արդարություն գործեմ ամենայն ժամ:

ԻԲ (22)
Արտասուքի աղբյո՛ւր դարձրու գլուխս, Տե՛ր, լվա՛ իմ հոգու թարախը, սրբի՛ր զգայարաններս: Եվ չար գործերս փոխարկի՛ր զղջման, որպեսզի ջերմ սիրով ու զգաստ մարմնով ապրեմ ըստ Քո պատվիրանների:

ԻԳ (23)
Տե՛ր, մեկնի՛ր Քո ձեռքը նավաբեկյալիս, որ ընկղմված եմ չարիքների խորքերը, փրկի՛ր ինձ մեղքերիս ալիքների մրրկածուփ բռնությունից: Սանձի՛ր, Տե՛ր, և կասեցրո՛ւ իմ անսանձ միտքը կենցաղի զբաղմունքներից և ունայնություններից:

ԻԴ (24)
Տե՛ր, հագեցրո՛ւ հոգուս ծարավը Քո առատաբուխ շնորհով և մի՛ անտեսիր սրտիս տոչորումը: Պապակում եմ չարիքներիս տապից. զովացրո՛ւ և լվա՛ իմ ապականված ու հոտած շուրթերը Քո ողորմության ջրով:

ԻԵ (25)
Ծագեցրո՛ւ իմ սրտում, Տե՛ր, Քո շնորհների լուսավորությունն ու խաղաղությունը: Հալածի՛ր մտքիցս մեղքերի ցավագին գիշերը և արի վա՛րք շ նորհիր մարմնիս` առաքինությամբ ապրելու Քո կամքի համաձայն: Հանի՛ր իմ սրտից մեղքերի փուշը, քանզի հոգիս վիրավորվում է, չարաչար, և իմ սրտում բարի՛ն սերմանիր, որ աճեցնի և արդարություն պտղաբերի:

ԻԶ (26)
Հալածի՛ր, խավարն իմ հոգուց, Տե՛ր, և հագցրո՛ւ Քո արդարության ճառագայթների լույսը: Զարդարի՛ր սիրտս երկյուղով, զղջմամբ ու արտասուքով, որ երկնչեմ Քո դատաստաններից և պահեմ բոլոր պատվիրաններդ:

ԻԷ (27)
Արթնացրո՛ւ ինձ, Տե՛ր, մեղքերիս քնի ահավոր խորությունից և զգաստացրո՛ւ իմ երերուն մարմինը բոլոր բարի գործերի մեջ, որ միշտ բարին խորհեմ և մեծ երկյուղով Քո կամքը գործեմ ամենայն ժամ:

ԻԸ (28)
Ազատի՛ր ինձ, Տե՛ր, մեղքերի ծառայությունից և դասի՛ր Քո ծառաների շարքում, ովքեր սիրեցին Քեզ և պահեցին Քո պատվիրանները: Տո՛ւր իմ սրտին նրանց երկյուղը և ուսուցանի՛ր որ գնամ նրանց շավղով:

ԻԹ (29)
Թեթևացրո՛ւ մարմնիս կարիքները և առատացրո՛ւ իմ մեջ Սուրբ Հոգուդ շնորհները որ լինեմ տաճար և բնակարան Քո աստվածային փառքի, անհագորեն սիրեմ Քեզ ու ատեմ ամենայն ցանկություն և այս աշխարհի սերը, որով եղավ հոգուս կորուստն ու մահը:

Լ (30)
Ողորմի՛ր, Տե՛ր, այս անբնակ անապատում ապրողիս, ինչով և արժանացրո՛ւ ինձ միավորվել առաջին սուրբ հայրերի հետ և արի ու զգաստ ժուժկալությամբ ժառանգել խոստացված պարգևները:

ԼԱ (31)
Առաջնորդի՛ր ինձ, Տե՛ր, նեղ և նուրբ ճանապարհով, ինչպես որ առաջնորդեցիր Քո սրբերին և զորացրո՛ւ տկարիս, որ ժուժկալությամբ, համբերությամբ ու ջերմեռանդ սրտով ընթանամ Քո ճանապարհով:

ԼԲ (32)
Տե՛ր, նայի՛ր, իմ նեխած ու թարախած հոգուն և լվա՛ աստվածային ջրով: Համեմի՛ր Քո հոգևոր աղով, օծի՛ր անուշահոտ սուրբ յուղովդ և կատարյալ առողջություն ընձեռի՛ր:

ԼԳ (33)
Նվազեցրո՛ւ, աչքերիս քունը, Տե՛ր, և իմ գլխից թոթափի՛ր նիրհը, որ ծուլությամբ ծանրացած՝ պաշարում է մարմինս: Ամեն ժամ ինձ արթուն և պատրա՛ստ դարձրու, որ զգաստությամբ և արդարությամբ վարեմ իմ կյանքը:

ԼԴ (34)
Տե՛ր, տե՛ս, որովայնիս ընդվզումը, որ իմ դեմ զորացած՝ շարունակ ցանկանում է կերակուր, ըմպելիք ու համեղ խորտիկներ: Սակայն Դու, հատի՛ր մարմնիս տենչերը Տե՛ր ամենակարող:

ԼԵ (35)
Եվ քանի որ ցնորված, միտքս պղտոր ու մոլոր շրջում է երկրային կենցաղի հոսանքներում, Դու, լուսավորիր հոգուս աչքերը, որ անզբաղ ու աներկմիտ, արի և զգաստ ջերմեռանդությամբ գամ Քո աստվածային սիրո ետևից:

ԼԶ (36)
Տե՛ր, հալածի՛ր, մտքիս խորհուրդներից բոլոր չար ու երկրաքաշ մտածումները, բարիքների արմատը ամուր տնկի՛ր իմ սրտում և հոգուս մեջ պատկերի՛ր շնորհների պտուղը:

ԼԷ (37)
Աղաչում եմ, բարերար և ողորմա՛ծ Տեր, արթուն ու զգա՛ստ պահիր ինձ, և ուսուցանի՛ր գնալ Քո բարի ճանապարհով, որ արժանի լինեմ Քո մեծ փառքին:

ԼԸ (38)
Եվ քանի որ ճաշակելու ցանկությունը ամբողջապես զբաղեցնում է միտքս, հալածի՛ր նձնից որկրամոլությունը, որից շարունակ խաբվեցի, և կերակրի՛ր Քո սուրբ երկյուղով:

ԼԹ (39)
Առաքի՛ր Քո սերովբեներից մեկին, Տե՛ր, որ բերելով հրե կայծակը՝ մոտեցնի իմ շուրթերին և դուրս հանի անօրենություններս, սրբի մեղքերս, մաքրի խորհուրդներս, ջնջի իմ աղտեղությունները և լուսավորի միտքս, որպեսզի հավիտենական կյանքը ժառանգեմ:

Խ (40)
Տե՛ր, Սուրբ Հոգուդ ուրախարար բաժակով արբեցրո՛ւ եղկելիիս, որ ծարավի եմ Քեզ, հագեցրո՛ւ և զվարթացրո՛ւ Քո սիրո եռանդով, լուծի՛ր ու ոչնչացրո՛ւ իմ հանցանքների դառնության մրուրը:

ԽԱ (41)
Առաքի՛ր, Քո լույսը, Տե՛ր, և լուսավորի՛ր միտքս ու խորհուրդներս Քո գիտության լույսով, հալածի՛ր մտքիս խավարը և իմ տկար անձը զորացրո՛ւ հոգուս ջանքերով ու վաստակներով:

ԽԲ (42)
Տե՛ր, առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին որպես վերակացու և պահապան իմ անձին` իբրև իշխանություն, որ գնամ իժի ու քարբի վրայով և ոտնակոխ անեմ թշնամու ամենայն զորություն: Եվ պահիր ինձ, Տե՛ր, որպես աչքի բիբ Քո թևերի հովանու ներքո:

ԽԳ (43)
Երբ ճանապարհ ընկնեմ, ինձ մի՛ թող մենակ, Տե՛ր, այլ առաքի՛ր իմ ետևից Քո օգնականությունը` օր ու գիշեր պահելով ինձ սատանայի բոլոր փորձություն ներից, և իմ անկայուն և թույլ մտքին մի՛ թող մեղանչել, այլ` լալ ու կոծել մեղքերիս ու անօրենություններիս համար:

ԽԴ (44)
Պահի՛ր ինձ, Տե՛ր, խոսքերից և գործերից, տեսումներից ու գերիչ խորհուրդներից. և Քո դատաստանի երկյուղը տպավորի՛ր սրտիս մեջ, որ անզբաղ հոժարությամբ ձգտեմ պահել Քո պատվիրանները:

ԽԵ (45)
Փակի՛ր, Տե՛ր, դուռն իմ մեղքերի և բա՛ց ինձ համար լուսո և արդարության դուռը, որպեսզի երկյուղալից սիրով գամ ինձ Ստեղծողիդ ետևից, որ ասացիր. «Եկե՛ք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ», նաև՝ «Ով փնտրում է, ստանում է, ով հայցում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրան»:

ԽԶ (46)
Տե՛ր նայի՛ր, մերկությանը իմ անձի, որ կողոպտեց թշնամին, և այժմ խայտառակ ու ամոթալից եմ Քո առջև: Մարդասիրի՛ր և հարսանյաց հանդե՛րձ հագցրու ինձ, մտցրո՛ւ և ուրախացրո՛ւ Քո ընտրյալների պատվի մեջ:

ԽԷ (47)
Հագցրո՛ւ ինձ, Տե՛ր, առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքերիս պատճառով, ցո՛ւյց տուր Քո անոխակալությունն իմ հանդեպ և լուսափայլ ողորմությամբդ զարդարի՛ր իմ մերկությունը:

ԽԸ (48)
Լսի՛ր, անառակիս աղաղակը, Տե՛ր, որ ամոթալից կանգնած եմ Քո առջև: Հայրենի գանձը վատնած` կորչում եմ սովամահ: Անբան խոզերի պես կերակրվեցի ու նմանվեցի նրանց:

ԽԸ (49)
Մի՛ մերժիր ինձ, Տե՛ր, Քո հայրական գութը, համարձակվում եմ [ապավինել] Քո սիրո խնամքին: Ծնողիցդ հեռացա և որդիությունս ուրացա: Հա՛յր, մեղա՜ երկնքի և Քո առաջ, արժանի չեմ Քո որդին կոչվելու: Դարձրո՛ւ ինձ Քո վարձկաններից մեկը:

ԽԹ (50)
Զարդարի՛ր ինձ, Տե՛ր, Քո մեծ երկյուղով և անառակությունից վերադարձրո՛ւ արդարության, աղտեղությունից` սրբության, ծուլությունից` զգաստության, որ ժուժկալությամբ և համբերությամբ գնամ Քո ուղիղ ճանապարհով:

ԾԱ (51)
Կասեցրո՛ւ ինձ, Տե՛ր, իմ չարաչար խորհուրդներից և մտքիս ու մարմնիս կամքը գործելուց, Քո գալստյան ահեղ օրը պատկերի՛ր աչքիս առջև, Տե՛ր, որ դողամ ու սարսեմ Քո դատաստանից:

ԾԲ (52)
Տե՛ր, պայծառացրո՛ւ, հոգուս լապտերը ինչպես իմաստուն կույսերին, և շնորհի՛ր արթնությամբ պատրաստվել դիմավորելու երկնավոր Փեսայիդ, որպեսզի հիմար կույսերի պես չմնամ դրսում:

ԾԳ (53)
Ճանաչեցրո՛ւ ինձ, Տե՛ր, Քո ճանապարհը և ուսուցանի՛ր արդարությունդ: Մարմինս հեռացրո՛ւ չար խորհուրդներից, Տե՛ր, և հաստատի՛ր բարի երկյուղի մեջ, որ մշտապես սուրբ և անարատ ապրեմ Քո առջև:

ԾԴ (54)
Ջնջի՛ր, իմ անօրենությունները, Տե՛ր, ամրացրո՛ւ միտքս բարի հույսով և Քո երկյուղով` սիրով լցված սպասելու և ակնկալելու Քո մեծ գալստյանը:

ԾԵ (55)
Զորացրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով հնազանդվեմ պատվիրաններիդ, դողամ ու սարսեմ Քո դատաստաններից, փնտրեմ Քո երեսի արդարությունն ու իրավունքը և շնորհիդ պարգևները ստանամ:

ԾԶ (56)
Արձակի՛ր ինձ մեղքերիս կապանքներից, Տե՛ր, վերստին նորոգի՛ր մեղքով հնացածիս և լուսավորի՛ր մարմնիս ցանկությունից խավարյալիս, որպեսզի ընթանամ խաղաղության ճանապարհով, և աչքերս տեսնեն փրկությունդ, որ պատրաստեցիր Քո սրբերի համար:

ԾԷ (57)
Բժշկի՛ր, Տե՛ր, անբուժելի հիվանդությունս, որ կարկամյալ դրված եմ մեղքերիս մահճում ու դեգերում եմ երկրորդ Սիլովամի դռան առջև, որպեսզի սպասեմ և ակնկալեմ Քո մեծ գալուստը:

ԾԸ (58)
Հրամայի՛ր, Տե՛ր, որ անդամալույծի պես առողջանամ, մի կողմ նետեմ ցավերիս անկողինը, Տիրոջ տանը շրջեմ Քո կամարարների հետ և Աստծո գավթում ծաղկեմ ու չմեղանչեմ: Խորտակի՛ր, Տե՛ր, սատանայի բռնությունը, հատի՛ր ու դե՛ն նետիր նրա զորությունը, արգելի՛ր նրա հարձակումն ինձ վրա, որպեսզի, մարմինս ընդունայն վարելով՝ չտանի ընդարձակ ճանապարհով, որը կորստյան ու ապականության է մատնում:

ԾԹ (59)
Իմ զբաղված ու մոռացկոտ մտքին հիշեցրո՛ւ, Տե՛ր, Քո ահավոր գալուստն ու անաչառ դատաստանը, արդարների պատիվն ու փառքը և մեղավորների աններելի տանջանքները: Նրանցով զարհուրեցնելով՝ դողացրո՛ւ իմ մարմինը, որ աչքիս առջև մահը տեսնեմ շարունակ:

Կ (60)
Տե՛ր, բևեռի՛ր, մարմինս Քո երկյուղով ու Քո պատվիրանների սիրով և [տո՛ւր ինձ] երկյուղած լսել և անձանձիր կատարել նրանցում հրամայվածները, մերկանալ մեղքերից ու այս կենցաղի    ցանկություններից և պայծառանալ առաքինի վարքով:

ԿԱ (61)
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, սատանայի գաղտնաձիգ նետերից, որ, բազում մեքենայություններով պատելով՝ պաշարում է ինձ: Հափշտակելով միտքս` գերեվարում է մեղքերի ցանկությամբ՝ թշնամիներիս կողմից ենթարկելով ինձ ծաղր ու ծանակի:

ԿԲ (62)
Ամրացրո՛ւ ինձ Քո երկյուղով, Տե՛ր, զորացրո՛ւ տկարիս Քո զորությամբ, առողջացրո՛ւ հոգուս հիվանդությունը, բժշկի՛ր մարմնիս ցավերը և հաստատի՛ր իմ սրտում Քո սիրո ջերմությունը, որ չարչարակից լինեմ Քո սրբերին:

ԿԳ (63)
Տե՛ր, ե՛տ դարձրու սատանայից գերնածիս և մեղքերով եգիպտական դառն ու խիստ տանջանքների վաճառվածիս, փրկի՛ր բռնակալ չար սպասավորներից՝ դևերից, դո՛ւրս բեր մեղքի եղեգնուտներից և տա՛ր Ավետյաց երկիրը:

ԿԴ (64)
Տե՛ր, ընկղմի՛ր, իմ թշնամուն փարավոնի զորության պես, քանզի սպառնալով խրոխտանում է իմ դեմ և հետապնդելով վերադարձնում է դեպի առաջին հանցանքը` որպեսզի իր իշխանության ներքո ծառայեմ մեղքին ու անօրենությանը:

ԿԵ (65)
Խաղաղեցրու ինձ, Տե՛ր, խորհուրդներիս խռովահույզ ալիքների ծփանքից, ազատի՛ր մեղքերիս բազմության հորձանքից և կառավարի՛ր միտքս, որպեսզի այն ժամանի Սուրբ Հոգուդ ապահով ու խաղաղ նավահանգիստը:

ԿԶ (66)
Տե՛ր պատսպարի՛ր ինձ քարանձավում կամ անապատ վայրում, ուր և թող առաջնորդի ինձ ողորմությունդ, որ հանդիպեմ Քո անվան մեծ փառքին, ստանամ Սուրբ Հոգուդ աղավնակերպ թևերը՝ թռչելու, բարձրանալու և խառնվելու արդարների երամի հետ:

ԿԶ (67)
Հասցրո՛ւ ինձ, Տե՛ր, Քո արդարների օթևանը և պարգևի՛ր ինձ սուրբ հայրերի ճգնության բնակավայրը, անտեսի՛ր հանցանքներս և պայծառացրո՛ւ` դասելով Քո սրբերի և Քո անվան սիրելիների հետ:

ԿԶ (68)
Տե՛ր, հաստատի՛ր իմ հոգում լույսի խաղաղությունն ու պայծառությունը, որպեսզի չխոտորվեմ աջ կամ ձախ և չդատապարտվեմ Քո գալստյան օրը` երբ կպահանջվի մեզնից վերջին նաքարակիտը:

ԿԷ  (69)
Մի՛ մերժիր ինձ Քո բազմագութ ողորմությունները: Ամրացրո՛ւ Քեզ ապավինածիս` աներկյուղ պահելով սատանայի բոլոր որոգայթներից, որ գերեվարելով միտքս չտանի իմ  զբաղմունքի և չար ծառայության:

Հ (70)
Ուսուցանի՛ր ինձ, Տե՛ր, արդարություն գործել, ճշմարտություն խոսել, սիրել սրբությունը և ատել աղտեղությունը, խոտորվել չարից և գնալ բարի ճանապարհով:

ՀԱ  (71)
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, որսացողներից, որ հարձակվում են վրաս` բռնելու մեղքով և անժուժկալ ծուլությամբ, մոռացնելու հանցանքներս և թույլ չտալու հիշել հատուցման օրն ու սարսափելի պատասխանը, որ ասում է. «Հեռո՛ւ գնացեք Ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական հուրը»:

ՀԲ (72)
Տե՛ր, կանգնեցրո՛ւ ինձ գլորումից, Սուրբ Հոգուդ թևերով վե՛ր հանիր բազում մեղքերիս խոր անդունդից և բարձրացրո՛ւ վայելուչ աղոթքների, մտքի նորոգության ու լուսավորության, մեղքերի ջնջման և Քո սուրբ պատվիրանների կատարման:

ՀԳ (73)
Տե՛ր, փնտրի՛ր ինձ, որ Քո եղծյալ ու կորուսյալ պատկերն եմ, և ծածկվել եմ մեղքերի աղբ ու տիղմի տակ. դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով ու դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ես ընկա:

ՀԴ (74)
Տեսությա՛ն եկ, Տե՛ր, հիվանդացած հոգուս, դի՛ր ձեռքդ ինձ վրա, և բժշկի՛ր` ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ արդարության տունդ»:

ՀԵ (75)
Տե՛ր, ե՛կ, փնտրելու մոլորվածիս, որ դեգերելով շրջում եմ Քո պատվիրանների գավթից դուրս, գազաններից հոշոտված ու մեղքերով քարկոծված` վիրավորվում եմ դևերից: Բռնի՛ր ու տա՛ր հայրենի փարախը և խառնի՛ր Քո հոտի գառների հետ:

ՀԶ (76)
Հետևի՛ր ինձ, Տե՛ր, որ ճողոպրում եմ Քեզնից, փութով հասի՛ր ու բռնի՛ր Քո կանչի դեմ ապստամբածիս և դի՛ր Քո սիրո անխզելի կապանքների բանտում:

ՀԷ (77)
Տե՛ր, մի՛ թող ինձ, հեռանալ Քո պատվիրանների սիրուց և առաքինի վարքից, այլ հորդորի՛ր առավելանալ արդարության բոլոր գործերում, առանց մեղքի և խափանման ծառայել Քեզ` կյանքիս բոլոր օրերը սրբությամբ և արդարությամբ [վարելով] Քո առջև:

 ՀԸ (78)
Մի՛ մատնիր ինձ, Տե՛ր, մեղքերի տենչանքին, աչքերի քնին ու մտքի ցանկությանը, այլ պարսպի՛ր երկյուղով և փրկի՛ր ամենահնար չար դևերից և աշխարհիկ զբոսանքներից:

ՀԹ (79)
Մի՛ հապաղիր տալ ինձ հոգու փրկություն և սիրո ջերմություն, կերակրի պարկեշտություն և մարմնի ժուժկալություն, հորդաբուխ արցունքներ ու անդադար աղոթք, խոնարհություն, հնազանդություն և հուսալից համբերություն:

Ձ (80)
Հաղթի՛ր, իմ հակառակամարտին Տե՛ր, և զորացրո՛ւ ինձ որ դիմակայեմ իմ դեմ պատերազմողին: Հագցրո՛ւ ինձ հավատի զրահը, որ պահքով և աղոթքով սրբեմ ցանկության աղտերն ու մարմնական խորհուրդները և ստանամ փրկական շնորհները:

ՁԱ (79)
Տո՛ւր ինձ, Տե՛ր, ապաշխարհության վայր, ճգնության օթևան, խաղաղության հոգի և արդարության ճանապարհ, ամրության սպառազինություն, հաստատության հույս և հարատև երկյուղ:

ՁԲ (82)
Դո՛ւրս բեր ինձ, Տե՛ր, խորաթռիչ ծովահեղձ ցանկական կենցաղի մեղքերի անվերջ ընթացքից և շնորհի՛ր ինձ աչքերի լույս և մտքի տեսություն, կյանքի հանդարտություն, շնորհների մերձեցում, արդարության արահետ:

ՁԳ (83)
Տե՛ր, շնորհի՛ր ինձ, լաց ու արտասուք, որ սգամ մեղքերիս համար, [նաև՝] սրտաբեկ երկյուղ և, հոգեմաշ սարսափ ու դող` տանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ:

ՁԴ (84)
Արիացրո՛ւ ինձ, Տե՛ր, որպեսզի պահեմ պատվիրանները, լինեմ ժուժկալ, հաղթեմ բանսարկուի դեմ պատերազմում, մարմնով մեռնեմ, [մեղքի համար] և պայծառանամ ճգնության մեջ:  Լցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով ու զղջմամբ, արտասուքներով ու հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ ու բոլոր առաքինություններով: Ջնջի՛ր մեղքերիս բազմությունը, Տե՛ր, և թոթափի՛ր հանցանքներիս դառը մրուրը, պարարի՛ր սիրտս Սուրբ Հոգուդ արբեցմամբ և իմ փշաբեր մարմինը լցրո՛ւ շնորհներով, աճեցրո՛ւ և պտղաբե՛ր դարձրու:

ՁԵ (85)
Ցո՛ւյց տուր Քո ծառային, Տե՛ր, Քո շնորհները` գութն ու ողորմությունը, ինձ տաճա՛ր դարձրու, որ` բնակարան լինեմ Ամենասուրբ Հոգուդ, և մի՛ [թող], այլևս, որ ծառայեմ մեղքին ու ապականությանը:

ՁԶ (86)
Տե՛ր, բժշկի՛ր ինձ հպարտությունից ու ամբարտավանությունից, սնափառությունից և փառասիրությունից, մարդահաճությունից ու ոխակալությունից, բարկությունից ու ատելությունից և բոլոր չարիքներից:

ՁԷ (87)
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարանքից, [քանզի], ինձ՝ խավարիս, լույս կարծելով՝ բարին են համբավում. եղկելիիս՝ երանելի և ողորմելիիս առաքինի են հռչակում, այնինչ ողբալի եմ ես ու անթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների ու երանիների կոչերից, քանզի չգիտեն մեղքերս և չեն ճանաչում խաբեությունս. ինձ սուրբ եմ ցույց տալիս, սակայն լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ, բայց ապրում եմ անառակությամբ, փայլում եմ երկյուղածությամբ, բայց՝ ընթանում մարդահաճությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ եմ խոսում, գիտեմ արդարությունը և գործում եմ անօրենություն:

ՁԸ (88)
Քավի՛ր ինձ, Տե՛ր, բամբասկոտության մեղքից, մոռացված հանցանքներից ու բոլոր սխալներից, ների՛ր ինձ անժուժկալության և ծուլության, որկրամոլության ու դատարկաբանության համար, մաքրի՛ր աղտեղության ցանկությունը, հայհոյությունն ու բոլոր չար բծերը:

ՁԹ (89)
Տե՛ր, կանգնեցրո՛ւ ինձ հաստատուն և անշարժ` պատերազմի փորձության մեջ աներկյուղ, քաջ ու ամուր հավատով և ջերմագին սիրով [զորանալու] ինձ վրա եկող դևերի դեմ: Զինի՛ր ինձ Քո ամրակուռ զենքով, որ պատերազմեմ ու հաղթեմ հակառակորդ թշնամուն, որ կամենում է որսալ ինձ իսպառ:

Ղ (90)
Հանի՛ր մեղքերի խորխորատն ընկղմվածիս և բե՛ր դեպի Քո պատվիրանների լույսը, Քեզ մո՛տ կանչիր Քեզնից հեռացածիս ու ների՛ր իմ անառակ գործերը, զորացրո՛ւ Քեզ ապավինողիս ու մխիթարի՛ր Քեզ դավանողիս, որսա՛ պատվիրաններիդ կապից արձակվածիս և կապի՛ր Քո սիրո ծառայության լծով:

ՂԱ (91)
Տե՛ր, միավորի՛ր ինձ հետ Քո սիրո գութը, և արձակի՛ր բանտարգել կապվածիս, խզի՛ր մեղքերիս կապանքները և ինձ առաջնորդի՛ր արդարության ճանապարհով, օթևաննե՛ր պատրաստիր [ինձ համար] և պսակի՛ր Քո սուրբ վկաների հետ:

ՂԲ (92)
Տե՛ր, ինձ հաղո՛րդ դարձրո՛ւ Քո աստվածային սիրուն` որ սիրեմ պատվիրաններդ և գնամ Քո ճանապարհով, չարչարվեմ մինչ ի մահ Քո անվան համար, մտնեմ Քո փառքի մեջ, դասվեմ սրբերիդ շարքում և մշտապես ուրախանամ Քո կամարարների հետ:

ՂԳ (93)
Գթա՛, Տե՛ր, մեղանչած ու եղկելի անձիս, խափանի՛ր անառակ ցանկություններս, սրբի՛ր մեղքերիս աղտն ու քավի՛ր իմ անօրինություններս, բժշկի՛ր վիրավորված իմ հոգին ու առողջացրո՛ւ հիվանդացած մարմինս, ցրի՛ր ինձանից չարը, ժողովի՛ր բարին և լցրո՛ւ պակասություններս:

ՂԴ (94)
Ընկնում եմ Քո առաջ, Տե՛ր, և թողություն հայցում մեղքերիս համար, ընդունի՛ր պաղատանքներս և քավի՛ր անթիվ հանցանքներս. պայծառացրո՛ւ միտս և լուսավորի՛ր իմ խորհուրդներս, կարո՛ղ դարձրու մարմինս անդադար մնալ Քո սուրբ Անվան փառաբանության մեջ:

ՂԵ (95)
Տե՛ր, կանգնեցրո՛ւ մեղքով ընկածիս և դարմանի՛ր ինձ, որ խոցված եմ թշնամուց: Վերցրո՛ւ մեղքերիս ցավը և վերացրո՛ւ հանցանքներիս կսկիծը, հափշտակի՛ր դառը մահճից ու ազատի՛ր անողորմ տանջանքներից, հեռո՛ւ տար մարմնական հղփություններից և դասի՛ր ճգնավորների կարգում:

ՂԶ (96)
Վերակացու և պահապա՛ն եղիր անձիս, ով Տե՛ր իմ Հիսուս, պահի՛ր

ինձ դևերից և փրկի՛ր մարդկային փորձանքներից: Հաղթի՛ր հակառակվողներին և ինձ հաստատո՛ւն դարձրու, որ պատերազմողների մեջ քաջ և ընտիր լինեմ. գործակցի՛ր ինձ հետ, որ լինեմ մեղքերի քավարան, համբերեմ վշտերին և առաքինագործությամբ մերձենամ Քո աստվածային շնորհներին:

ՂԷ (97)
Վա՜յ ինձ, Տե՛ր, վա՜յ ինձ, քանզի կործանվեցի մեղքերով ու աղտեղացա իմ մտքերով, ունայնացա բարիքներից ու ցամաքեցի սիրուց, խավարեցի լալուց և դադարեցի [առաջ] ընթանալուց: Չունեմ լացող և արտասվող աչքեր, ծփում եմ տարակուսած, որովհետև չունեմ բարու հույս և ակնկալություն:

ՂԸ (98)
Տե՛ր, հաստատի՛ր սասանված անձս, որ լի եմ մեղքերով ու անթիվ հանցանքներով և այրված ու տրոհված եմ իմ բոլոր անդամներով` ապականված ոտքից գլուխ, և չկա բժշկության հնար Քեզնից բացի, Տե՛ր իմ Հիսուս: Մի՛ գարշիր չարահոտ ախտացածիցս, այլ խոնարհվի՛ր վիրավորվածիս վրա ու դարմանի՛ր:

ՂԹ (99)
Տե՛ր, բերանս հեռացրո՛ւ, բամբասելուց և լեզուս` չար խոսելուց, ականջներս` չար լուրերից, ձեռքերս` հափշտակելուց և ոտքերս` անառակ ընթացքից. և զգաստացրո՛ւ բոլոր անդամներս, որ միշտ Քո կամքը կատարեմ:

Ճ (100)
Մեղա՜ Քեզ, Տե՛ր, մեղա՜ որ խախտեցի Քո պատվիրանները, ելա կենաց լույսից և մտա մեղքի խավարի մեջ` աղտեղություն ցանկանալով: Հեռացա Քո սիրուց, բռնվեցի չարի կողմից և կորստյան որդի եղա. ողորմի՛ր ինձ` բազմամեղիս, քանզի միայն Դու ես մարդասեր:

ՃԱ (101)
Քեզ եմ ապավինում, Տե՛ր, որ քավարան ես մեղավորների և դարան` հալածվածիս համար: Փախուստի՛ մատնիր իմ թշնամուն: Չունեմ այլ օգնական, Դու ես միայն անձիս պահապանը: Փրկի՛ր ինձ վտանգից, ազատի՛ր որոգայթներից և արժանացրո՛ւ լինել հավերժի որդի:

ՃԲ (102)
Ողորմի՛ր ինձ, Տե՛ր կենաց և քավի՛չ մեղքերի, կատարի՛չ խնդրվածքների և արձակի՛չ կապվածների, պարգևաբա՛շխ և շնորհատու:

ՃԳ (103)
Տե՛ր, լսի՛ր, աղաչանքներս և ընդունի՛ր իմ պաղատանքները, քավի՛ր հանցանքներս ու կատարի՛ր խնդրվածքներս, արձակի՛ր կապանքներս և բժշկի՛ր հոգիս, առողջացրո՛ւ մարմինս, ուղղի՛ր իմ ընթացքը, և թող արագորեն ժամանեմ օթևանը Քո սրբերի:

ՃԴ (104)
Հալածի՛ր, Տե՛ր, բազում ախտաժետություններս, մարմնիս ցավերն ու հոգուս աղտերը, գլխիս քունը և որկորիս հագեցումը: Խորհուրդներս պահի՛ր անզբաղ, սիրտս` սուրբ, միտքս` լուսավոր, ու զգաստ, ցանկությունս` դեպի Քեզ և հոժարությունս` օր ու գիշեր աղոթքի մեջ:

ՃԵ (105)
Տե՛ր, վտակների աղբյո՛ւր բխեցրու իմ գլխից և ոռոգի՛ր մտքերիս անդաստանը, լվա՛ հանցանքներիս աղտն ու սրբի՛շարավը, հանի՛ր մեղքերիս փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Տե՛ր, աճեցրո՛ւ, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:

ՃԶ (106)
Տե՛ր, Քեզ մո՛տ կանչիր, մեղանչած անձիս, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից ու զարհուրում իմ գործերից. Քո առջև չունեմ համարձակություն, որովհետև ինքս եմ ինձ [մատնել] կորստյան: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ և ողորմի՛ր ինձ, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ ես:

ՃԷ (107)
Չեմ կարող, անհույս լինել, Տե՛ր, քանզի ողորմած ես ու գթած և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորներին, սակայն զարհուրելով դողում եմ, երկնչում իմ անհամար մեղքերից, քանզի խաբվեցի պատրողից ու գերվեցի որսացողից. արդ ի՞նչ կլինեմ ես՝ եղկելիս, որ վտարված եմ Կյանքից:

ՃԸ (108)
Տե՛ր, մեղքերիս համար սգացող և արտասվո՛ղ դարձրո՛ւ ինձ, քանզի ծանրաբեռնված եմ անօրենությամբ և հագեցած` աղտեղի խորհրդով: Շատ ներեցիր ինձ, քանզի չպատժեցիր մարմնի մեջ. արդ, սարսելով դողում եմ, թե [արդյոք] ինձ համար [աններելի] չե՞ն մնա այսպիսի չարիքները: Աղաչում եմ, բարերա՛ր Տեր, մի՛ կանչիր ինձ ատյան և մի՛ մատնիր տանջանքների, այլ փրկի՛ր գեհենի հրից, ու ազատի՛ր վտանգներից, ողորմի՛ր և ազատի՛ր ինձ, քանզի միայն Դո՛ւ ես մարդասեր:

ՃԹ (109)
Վա՜յ ինձ, Տե՛ր, քանզի տարակուսանքի ծփանքն է ինձ պատում և ալեկոծում սիրտս: Չգիտեմ, թե ինչ աղոթեմ: Սաղմոսում եմ ու չեմ հասկանում, շուրթերս են լոկ բարբառում, իսկ միտքս ճողոպրելով այս ու այն կողմ է հածում. չի ենթարկվում իմ կամքին ու, չի հանդարտվում, աներևույթ շրջում է և անորսալի մնում. չարչարվում եմ ու չեմ օգտվում. պղնձի ու ծնծղայի ձայնի պես թափուր և ունայն եմ համարվում և անպտուղ լինում բոլոր բարիքներից:

ՃԺ (110)
Տե՛ր, ընդունի՛ր, մոլորվածիս, որ լեռներն եմ փախել՝ հանցանքի պատճառով տիրոջից հալածված չար ծառայի պես: Եվ հրաժարված եմ սուրբ եղբայրներից, հեռացած` սուրբ ծառայությունից, քանզի մեղքն էի սիրում և նախատինք էի կրոնավորների համար: Անհագորեն զրկում էի ու խախտում պատվիրանները, անգութ էի աղքատների և հակառակվող` սպասավորների հանդեպ, անողորմ էի հիվանդների և անմխիթար` նեղվածների նկատմամբ, անգամ արժանի չէի ճգնավորների մեջ լինելու:

ՃԺԱ (111)
Տե՛ր, իջեցրո՛ւ, Սուրբ Հոգուդ շնորհները ինձ վրա, որ միայնակ եմ պատերազմի մեջ` առանց օգնականի: Սրբի՛ր, Տե՛ր, հոգուս տաճարը և ինձ հետ եղիր երեկոները: Բա՛ց իմ հոգու աչքերը և լուսավորի՛ր միտքս ու խորհուրդներս: Զորությո՛ւն տուր ինձ, Տե՛ր իմ Հիսուս, և ընդունի՛ր օրհնաբանությունս: Արթնացրո՛ւ ինձ գիշերվա խոր քնից` գոհանալու և օրհնելու Քեզ, որ քավեմ իմ մեղքերը: Սուգ և արտասուք շնորհիր ինձ՝ լալու, սգալու և  անդադար աղոթելու Քո առջև:

ՃԺԲ (112)
Տե՛ր, դատի՛ր, ինձ դատապարտողին, որ հանդգնում է զորաժողով գումարել՝ մարտնչելով իմ դեմ ցանկությամբ և անժուժկալությամբ, ծուլությամբ ու որկրամոլությամբ, փառասիրությամբ և մարդահաճությամբ, բարկությամբ ու ատելությամբ չարահավանությամբ ու հայհոյությամբ, սնափառությամբ ու սնապարծությամբ, հպարտությամբ և ամբարտավանությամբ, խոսքով ու գործով, մտքով ու խորհուրդներով՝ ինձ ընկղմելով չարիքների խորքը:

ՃԺԳ (113)
Քո շնորհները սփռի՛ր անդամներիս վրա, Տե՛ր, լցրո՛ւ, մարմինս արիությամբ ու ժուժկալությամբ և հոգիս` երկյուղով ու դողությամբ, սիրտս` սիրով ու արդարությամբ, միտքս` Քո լույսով ու իմաստությամբ, խորհուրդներս` Քո գիտության հանճարով. [զորացրո՛ւ] ոտքերս` գնալու արդարության շավղով, ձեռքերս՝ բարին գործելու, բերանս` գոհությամբ և օրհնությամբ անդադար Քեզ սաղմոսելու, աչքերս` հորդաբուխ արտասվելու, հոտոտելիքս` կյանքի գիտության բույրը զգալու, և ունկերս` լսելու ավետյաց ձայնը, որ ասում է. «Թողնվա՛ծ լինեն քեզ քո բոլոր մեղքերըե:

ՃԺԴ (114)
Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի հանդուրժես չարագործին, որ չի հագենում իմ կորստյամբ, այլ հանապազ չարիքներ է հարուցում և օտարացնելով խափանում է ինձ բարուց և առաքինություններից, հեռացնում է սրբությունից և դուրս հանում հավիտենական կյանքից: Խավարեցնում է աչքերիս լույսը և ապականելով գերում միտքս՝ ինձ մղելով հանցանքների չար ծառայության, և մատնում է անօրեն դահիճների ձեռքը, տանում դեպի չարչարանքի վայրը և նետում մահվան կապանքների բանտը, դնում է խավարասեր սպասավորների մեջ ու կապում մեղքերի պարաններով: Արդ, ի՞նչ կլինեմ ես` եղկելիս, եթե չօգնես ինձ, Տե՛ր:

ՃԺԵ (115)
Նայի՛ր, Տե՛ր, ողորմելիիս ու ողբալիիս, պաղատելիիս ու եղկելիիս, ողորմի՛ր ինձ` անօրինացածիս, և շնորհի՛ր ինձ հորդ արտասուք գիշերը և շնորհներիդ շողը՝ առավոտյան: Բա՛ց իմ սրտի խավարած աչքը և բժշկի՛ր հիվանդ հոգիս, ընդունի՛ր մեղավորիս դարձը և մի՛ բարկացիր բազմամեղիս վրա, Տե՛ր իմ Հիսուս: Ջնջի՛ր անթիվ չարիքներս և տո՛ւր բարի շնորհները:

ՃԺԶ (116)
Տե՛ր, համարձակվում եմ, աղոթել Քեզ, և չգիտեմ Քո կամքը, խնդրում եմ ու չեմ ճանաչում հուգուս համար օգտակարը: Ողորմա՛ծ Տեր, հայտնի՛ր ինձ, Քո բարի կամքը և ուսուցանի՛ր պահել Քո պատվիրանները: Տո՛ւր ինձ բարին, որ չեմ խնդրում և չգիտեմ, ու եթե բարին չեմ գործում, բարի՛ք արա ինձ. եթե չեմ խնդրում ողորմություն, Դու ողորմությո՛ւն շնորհիր ինձ. կանչի՛ր Քեզ մոտ, եթե հեռանում եմ Քեզնից, ու եթե չեմ ուզում գալ, բռնավորի՛ր ու տա՛ր Քեզ մոտ. կամենում եմ թե ոչ, ե՛տ դարձրու ինձ. ու եթե բռնվում եմ մեկի կողմից, ինձ ազատի՛ր. եթե զբաղվում եմ երկրավոր բաներով, հոգևոր խորհուրդներո՛վ զբաղեցրու ինձ. եթե ցրվում եմ` այս ու այն կողմ գնալով, մի՛ թող ինձ, մինչև որ բռնելով տանես Քո փառքի օթևանը:

ՃԺԸ (118)
Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, Դո՛ւ ես իմ օգնականը, Քո ձեռքում եմ ես: Դո՛ւ գիտես իմ օգուտը, օգնի՛ր ինձ, մի՛ թող մեղանչել Քո հանդեպ, քանզի ես մոլորված եմ չար դևերի կողմից: Մի՛ թող հետևել սեփական կամքիս ու կորչել իմ մեղքերի մեջ, այլ գթա՛ ինձ՝ Քո ձեռքի ստեղծածին: Մի՛ գցիր ինձ, Տե՛ր, քո աչքից և Սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից:

ՃԺԹ (119)
Քեզ եմ ապավինել, բժշկի՛ր հոգիս, քանզի մեղանչեցի Քո դեմ: Տե՛ր, Քո աչքի առջև են ինձ չարչարողները, և չունեմ հանգիստ՝ Քեզանից բացի: Ապրեցրո՛ւ ինձ ըստ Քո մեծ ողորմության, քանզի բոլորը հարձակվել են վրաս՝ ձգտելով կործանել իմ անձը: Փրկի՛ր ինձ, որ ամենակարող ես ու ամենազոր:

ՃԻ (120)
Տե՛ր իմ, մի՛ նայիր եղկելի սրտիս ու զազրասեր մարմնիս, քանզի հող եմ ու մոխիր, սիրում եմ երկրավորները ու չեմ տենչում նայել երկնայիններին, այլ միշտ հեշտանում եմ չարիքների մեջ՝ չտեսնելով անվախճան փառքը: Եվ չեմ հիշում առաջին երանելի սուրբ հայրերին, այլ թավալվում եմ այս աշխարհի տիղմի մեջ և մաքրվելով չեմ բարձրանում` դասվելու առաքինիների կարգում: Եվ քանզի մոռանում եմ դատաստանի երկյուղը, չեմ դողում ահեղ, սոսկալի, դառը տանջանքներից, որ պահված են մեղավորների համար, և ծուլանում եմ` անհոգ լինելով կյանքի փրկության հանդեպ, Դու շնորհի՛ր ինձ անդադար սուգ ու կոծ և ապաշխարության արտասուք:

ՃԻԱ (121)
Մի՛ հանդիմանիր ինձ, Տե՛ր, ահեղ մեծ օրը, մի՛ կանգնեցրու հրապարակում՝ բացահայտված ու ամոթահար, և մի՛ խայտառակիր ինձ: Մի՛ կշտամբիր դատաստանի ատյանում և մի՛ թող ինձ լսել «չեմ ճանաչում»-ը և ահավոր բարբառը. «Գնացե՛ք  Ինձնից դեպի գեհենի հուրը»: Ինձ մի՛ վտարիր ծույլ ու չար ծառայի պես ու մի՛ մատնիր անօրեն կապողի ձեռքը, կերակուր մի՛ դարձրու թունավոր որդերին բորբոքված հնոցում և մի՛ նետիր տարտարոսի սառնամանիք խավարը: Այլ փրկի՛ր ինձ հրի սաստիկ կայծակներից, բոցեղեն գետերի արշավանքից, սաստիկ, լալագին ու խիստ տանջանքներից և տարակուսական ողբերից, ատամների կափկափումից ու սարսռալի կսկիծներից, խավարային բոցով տոչորվելուց և համատարած հրի մեջ դժնդակ ու դառնաղետ կերպով խորովվելուց. կողկողաձայն ու անդադար վայից փրկի՛ր ու ազատի՛ր ինձ, Տե՛ր:

ՃԻԲ (122)
Տե՛ր, բազմացավ անօրենությունն ինձ վրա աղի կամ կապարի բեռի պես. բազում է ախտը իմ հոգում, անզգույշ եմ մարմնի մեղքերում և լցված եմ զանազան չարիքներով: Բայց առավել վատթար է անզեղջություս, որ դառն է բոլոր չարիքներից: Քանզի աղոթելիս ձանձրանում եմ ու սաղմոսելիս չեմ ըմբռնում, ծուլանում եմ երանությունը խնդրելիս և դատարկվում շնորհների երկյուղից` տկարանում եմ մարմնով, ու սիրտս աղե արձան է լինում, ներսումս չի ծագում անշեջ լույսը,

ՃԻԳ (123)
Տե՛ր, շնորհի՛ր ինձ սրբության ու սգի երկյուղ և արցունքի աղբյուրնե՛ր հորդորիր իմ մեջ, թեթևացրո՛ւ բեռներիս ծանրությունը և իմ մեջ աճեցրո՛ւ սուրբ աղոթքը: Շտապի՛ր ու ե՛կ փնտրելու մոլորյալիս, Տե՛ր, որ մերձեցել եմ կորստյան վախճանին, քանզի խավարեցի լույսից ու խափանվեցի պատվիրաններիդ սիրուց, հաղթվեցի չար թշնամուց, և Քո երկյուղը նվազեց իմ մեջ: Տապալվեցի չարի չար խորհուրդներից ու ցամաքեցի Քո սիրո արցունքների շնորհից, խաբվեցի ունայն խոսքերից, մոլորվեցի մտքի լուսավորությունից, աղտեղացա մեղքերով ու մոռացա վախճանի օրը:

ՃԻԴ (124)
Տարակուսում եմ` անհուսության մեջ, որ չկա հնար ապաշխարության, քանզի տկարացել եմ մարմնով և ծերանալով նվաղել: Սակայն Քեզ եմ ապավինում, Տե՛ր Հիսուս, որ ազատիչ ես հանցանքներից. օգնությա՛ն հասիր ծանր բեռներով ընկղմվածիս ու ազատի՛ր չարիքներից:

ՃԻԵ (125)
Տե՛ր, ընդունի՛ր, ունայնախոս աղոթքներս, որ դատապարտված կանգնած եմ Քո առջև՝ զգաստությունից ծուլացած, մտքի լույսից խոտորված ու երկյուղից ունայնացած: Բերանս անկապ բաներ է բարբաջում, աչքս նայում է ապշահար, և միտքս` թափառում: Չեմ աղոթում անզբոս մտքով ու չեմ խնդրում ողջ սրտով, չեմ կանչում Քեզ հավատով ու չեմ գոչում երկյուղով, արցունքներով չեմ հայցում և չեմ դողում ու սարսում պատասխանատվության օրվա համար: Եվ այժմ, Տե՛ր, մի՛ հանդուրժիր ծուլությունս, այլ անհապաղ նետի՛ր ապաշխարության մաքրագործող հրի մեջ` սրբելով ու զատելով մեղքերից: Տո՛ւր ինձ աղոթքի մեծ ջերմեռանդություն ու հորդաբուխ արտասուք և իմ մեջ պատկերի՛ր նախկին լուսավոր կերպարանքը:

ՃԻԸ (126)
Տե՛ր, ողորմի՛ր, բազմամեղիս, ապաշխարության դարձի՛ բեր վտարանդի գերուս և մտցրո՛ւ արքունական փառքի մեջ: Առաջնորդի՛ր Քեզ մոտ գալ վերնային ճանապարհով, որովհետև եթե Դու չառաջնորդես, ես գալ չեմ կարող, քանզի Դու իսկ ասացիր.  «Ոչ ոք չի կարող գալ Ինձ մոտ, եթե Հայրս չձգի նրանե: Եվ արդ, Տե՛ր իմ գթած, մի՛ հիշիր բազում պիղծ մեղքերս և մի՛ անտեսիր Քո ծառային, մի՛ թող ինձ մնալ նույն չարիքի մեջ ու դեգերել աշխարհիկ կյանքում, այլ, ինչպես փախած ծառայի ետևից ընթանալով՝ այնպես ինձ ե՛տ բեր, թողությո՛ւն տուր հանցանքներիս և հաղո՛րդ դարձրու Քո սուրբ կամարարներին:

ՃԻԷ (127)
Տե՛ր, Քո բարկության ցասումը. ե՛տ դարձրո՛ւ ինձնից, որ տրտմեցրի Քեզ իմ բազում մեղքերով: Ողորմի՛ր Քո դեմ ապստամբածիս, ցրի՛ր մեղքերիս սաստիկ դիզված կույտերը և միտքս բևեռի՛ր Քեզ ծառայելու քաղցր լծին:

ՃԻԸ (128)
Տե՛ր, պարգևի՛ր ինձ, Դավթի լացն ու Երեմիայի ողբը, Պետրոսի հառաչումը և պոռնիկ կնոջ արցունքների հորդառատ վտակը, որպեսզի օր ու գիշեր լացեմ անդադար, որ արժանանամ սրբվելու ախտից ու թարախից, ազատվեմ որդնած վերքերից, թեթևանամ բազմաբեռ չարիքներից և դասվեմ Քո սրբերի շարքում:

ՃԻԹ (129)
Մի՛ հապաղիր ողորմել ինձ, Տե՛ր. առանց Քո ազդման բարին երբեք չի գործում իմ մեջ, և սերմանվածը չի բուսնում հոգուս անդաստանում, քանզի իմ մեջ գցված Քո խոսքի սերմը քաղեց չար թշնամին, և բուսածը չորացավ տապից, իսկ մյուսը, փշերի մեջ ընկնելով, խեղդվեց ու չորացավ: Տե՛ր, լծի՛ր աչքերս, ինչպես մշակն ամոլին, որ անդադար արտասվագոչ  պաղատեմ Քեզ, արժանի լինել ողորմությանդ:

ՃԼ (130)
Տե՛ր, խաղաղությո՛ւն շնորհիր, Քո սուրբ Եկեղեցուն. և [տո՛ւր] բոլոր հավատացյալներին` թագավորներին և իշխաններին, զորքերին ու զորավորներին՝ ռազմի դաշտում հաղթել անօրեն բռնավորներին:

ՃԼԱ (131)
Ողորմի՛ր, Տե՛ր, Եկեղեցու առաջնորդներին, հայրապետներին, վարդապետներին, երեցներին, սարկավագներին, դպիրներին և Եկեղեցու ուխտի բոլոր մանուկներին` որ ամեն ժամ կատարեն իրավունքը և արդարությունը, հովվեն Քո ժողովրդին, տքնեն նրանց հոգիների համար` ասելով. «Ահավասիկ ես և իմ մանուկները, որ տվեցիր ինձե:

ՃԼԲ (132)
Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՛ր կարիքավորներին ու նեղյալներին, վտանգվածներին և տարակուսյալներին, որբևայրիներին ու հավատացյալ ընտանիքներին, ողջերին ու նջջեցյալներին և նրանց, որ ընծա են բերում Եկեղեցուն. ողորմի՛ր աղքատներին և կերակրողներին, ողորմածներին ու երկյուղածներին, անտուններին ու հիվանդներին, նավորդներին և ճամփորդներին, խոստովանողներին, ու ապաշխարողներին, նաև անդարձ մեղավորներին՝ նրանց բերելով ապաշխարության:

ՃԼԳ (133)
Ողորմի՛ր, Տե՛ր, մեր եղբայրներին, ծնողներին ու իմ բոլոր արյունակից մերձավորներին, կրոնավորներին ու միանձնյա ճգնավորներին, նրանց, ովքեր մեզ ողորմություն պարգևեցին և ովքեր հանձնարարեցին մեր աղոթքներում հիշել իրենց. ողորմի՛ր, Բարերա՛ր, և տո՛ւր ըստ յուրաքանչյուրի կարիքի: Առատապես բաշխի՛ր Սուրբ Հոգուդ շնորհները նրանց բոլորին և զարդարի՛ր ու միավորի՛ր Քո Աստվածության սիրո մեջ:

ՃԼԲ (134)
Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունի՛ր աղաչանքներս, կատարի՛ր խնդրվածքներս և նրանով զորացրո՛ւ ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, և Քո պատվիրաններում, որոնք սովորեցի: Տո՛ւր ինձ նրանով զորություն և ժուժկալություն, զգաստություն առողջություն և պահպանություն իմ անձին օր ու գիշեր և ամեն ժամ` ննջելիս ու արթնանալիս, ընթանալիս և կանգ առնելիս, գործերում և տքնություններում, աղոթքի ու պահքի մեջ, նաև՝ Քո կամքը կատարելիս: Այն թող ամուր բերդ լինի ինձ և հզոր աշտարակ` թշնամու առաջ: Զարդարի՛ր ինձ սրանով` իբրև հոգեղեն զարդով և իմանալի լույսով: Եվ Գաբրիելի ահեղ բարբառի օրը` սուրբ Խաչդ երևալիս, լուսավորի՛ր խավարած հոգիս` լույսով բարձրանալու անմահ Փեսայիդ ընդառաջ՝ խառնվելու հայրապետների երամներին, մարտիրոսների դասերին և հրեշտակների գնդերին:

ՃԼԵ (135)
Սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Կարապետի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, սուրբ Գրիգոր Լուսավորչի և Քո բոլոր սուրբ վկաների բարեխոսությամբ լսի՛ր ինձ` եղկելիիս, և ողորմի՛ր մեղավորիս: Փնտրի՛ր կորածիս, ձե՛ռք մեկնիր գլորվածիս, առաջնորդի՛ր մոլորվածիս, խավարից դեպի լո՛ւյս հանի՛ր ինձ և ազատությո՛ւն շնորհիր հոգուս: Հաստատի՛ր Քո սիրո մեջ և բևեռի՛ր Քո երկյուղին: Մաքրի՛ր հոգուս տաճարը և օթևանի՛ր ինձ մոտ: Փակի՛ր մեղքերիս դուռը և շուրջբոլորս պարսպապատի՛ր իմ ոսոխից, փրկի՛ր չար ու անիրավ մարդուց, առաքինության գործերով զարդարի՛ր և պարգևի՛ր Քո անճառ երանությունը: Ողորմի՛ր մեզ` ողջերիս, և պայծառացնելով լուսավորի՛ր մեր ննջեցյալների հոգիները:

ՃԼԸ (136)
Քեզ մոտ բարեխոս ունենք առաքյալներին, մարգարեներին և բոլոր սուրբ մարտիրոսներին, հայրապետներին ու վարդապետներին: Լսի՛ր նրանց աղաչանքները և ազատի՛ր ինձ իմ մեղքերից, տնկի՛ր իմ մեջ շնորհների հոգին և հորդորի՛ր բարին գործել: Բռնադատի՛ր ինձ ծուլանալիս, խափանի՛ր չար գործերս և իմ մեջ սերմանիր բարիքների պտուղը: Քաջալերի՛ր ինձ նեղության մեջ, մխիթարի՛ր վշտի պահին, արժանի՛ դարձրու, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս, խաչակից լինել Քեզ մինչ ի մահ, որպեսզի հրաժարվեմ այս աշխարհի հեշտություններից, դասկից լինեմ երանելիներին, հաղորդ լինեմ  ավազակին և անմահ կյանքը վայելեմ դրախտում:

ՃԼԷ (137)
Վախճանիս օրը բարի հրեշտա՛կ առաքիր ինձ մոտ որպեսզի քաղցրությամբ ավանդեմ հոգիս: Առաջնորդի՛ր իմ հոգին ընթանալու սրբերի ուղիղ ճանապարհով, և կործանի՛ր դարանակալ գազանին: Անխռո՛վ անցկացրու խավարային օդի միջով և ազատի՛ր գազանի չար ժանիքներից: Փրկի՛ր, աներկյո՛ւղ պահիր և բնակեցրո՛ւ սրբերի կայանում, սպասեմ և ակնկալեմ Քո Գալուստը:

ՃԼԸ (138)
Երբ Դու գաս երկնքից ահեղ փառքով ու հրեշտակների անթիվ դասերով, ողջ տարերքը, երկնայինները և երկրայինները զարհուրելով կդողան, Քո զորությանը նայելով` կսարսեն անմահ Թագավորիդ, անճառ Դատաստանիդ և աններելի պատուհասիդ ահեղ փառքից: Այն օրը ի՛նձ էլ ընդունիր, Տե՛ր, Քո արդարների և կատարյալների հետ, կարգի՛ր աջակողմյան դասում, պսակի՛ր Քո սրբերի հետ, շնորհի՛ր հավիտենական կյանքը և պարգևի՛ր Քո անճառ բարիքները: Եվ փա՜ռք Քեզ` Արարողիդ և ինձ բարիքներ Պարգևողիդ:

ՃԼԹ (139)
Տե՛ր, Քո գալստյան մեծ օրը հիշի՛ր, մեր ննջեցյալների հոգիները, երբ գաս երկնքից անճառ փառքով, ահեղ ու սոսկալի զորքերով, հրանյութ և հոգեղեն հրեշտակներով: Ահավոր հուրն ընթանալով` տարածվում է Քո առջև, կիզում լեռները, հալեցնում բլուրները և տապալում բոլոր արարածներին: Ողորմի՛ր ինձ, Մարդասե՛ր, այն ահեղ օրը, քանզի գինն եմ Քո սուրբ Արյան: Երբ ցամաքեցնես աղբյուրներն ու դադարեցնես գետերի ընթացքը, սպառես ծովի ջրի անբավությունը և խավարեցնես լուսատուները, երբ ահավոր փողը հնչի ողջ տիեզերքով ու զարթնեցնի բոլոր մեռյալներին, սասանի ողջ աշխարհը, և բոլոր արարածները, հառնելով կանգնեն Քո Աստվածության առջև, այնժամ կդնես Քո դատողական աթոռը և Քեզ հետ կբազմեցնես տասներկու առաքյալներին: Եվ կդատես անաչառ դատաստանով և ամենքից արդարություն կպահանջես, կպատվես Քո կամարարներին ու կպատժես Քո կանչի ձայնից ապստամբածներին, կփառավորես արդարներին և կպսակես մարտիրոսներին ու սուրբ վկաներին, կզարդարես իմաստուն սուրբ կույսերին և առագաստի դուռը կփակես հիմար կույսերի առջև՝ հալածելով փառքից ու երանություններից: Եվ կընտրես Քո ոչխարներին ու Քեզանից կվանես այծերին՝ առաքելով գեհեն, ուր աչքերի լաց է, ահեղ տանջանքների դառնագին կսկիծ և ատմների կրճտում չար հրեղենների ու թունավոր, կտտող որդերի պատճառով: Այնժամ ի՛նձ էլ գթա, մարդասե՛ր Տեր և բարերար Փրկի՛չդ իմ, Հիսո՛ւս Քրիստոս, և Քո ողորմությամբ գթա՛ մեր ննջեցյալների հոգիներին, ովքեր հավատով ի Քեզ ննջեցին, որոնց, հարություն տալով, կանգնեցրո՛ւ Քո ահավոր մեծ դատաստանի առջև` այն ահեղ տիեզերական հրապարակում: Երբ ատյանում հայնի դառնան անթաքչելի բարի և չար գործերը, այն ահեղ օրը թողությո՛ւն շնորհիր Քեզ հուսացողներին, ովքեր Քո սուրբ անվան համար ննջեցին երկրում, որոնց գնեցիր Քո պատվական Արյամբ: Ջնջի՛ր [Քո անվամբ] բոլոր մկրտվածների [մեղքերի] ձեռագիրը և թո՛ղ բոլոր հավատացյալների հանցանքների կամավոր և ակամա պարտքերը, դասի՛ր Քո աջ կողմում և բոլոր հավատացյալների ունկերին ավետի՛ր երանելի ձայնը՝ ասելով. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛րդ, ժառանգեցե՛ք հավիտենական բարիքները»:

ՃԽ (140)
Արդ, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս` բարերար, ողորմած, մարդասեր, անոխակալ և անհիշաչար, ընդունի՛ր իմ աղոթքներն ու խնդրվածքները, որ պաղատում և հայցում եմ Քեզանից ինձ ու բոլոր հավատացյալների համար: Երես մի՛ թեքիր աղերսողիցս, այլ խոնարհվի՛ր դեպի աղաչանքներս և լսի՛ր ինձ, Մարդասե՛ր, ցո՛ւյց տուր իմ հանդեպ Քո ընտանի մարդասիրության ողորմությունը և խնայի՛ր ինձ՝ Քո մեղանչած ծառային: Կարգի՛ր Քո աջակողմյան դասում և մի՛ դասիր ձախակողմում` ուլերի հետ, որոնք զայրացրին Քեզ, և մի՛ պահանջիր ինձնից հանցանքներիս անհամար պարտքերը: Եվ այնժամ մի՛ դատապարտիր մեղավորիս, և անաչառ ատյանում թող հայտնի չդառնան ամբարիշտիս ծածուկ հանցանքները հրեշտակներին ու հրեշտակապետերին և Քեզ սիրող բոլոր սրբերին: Այլ հաղթվելով Քո մարդասիրությամբ՝ այցելությո՛ւն արա Քո մեղանչած ծառայիս և մի՛ հատուցիր ինձ ըստ իմ չար գործերի: Մի՛ հրամայիր կապված ոտքերով ու ձեռքերով հանել արտաքին խավարը, ուր աչքերի լաց է և ատամների կրճտում, այլ ըստ Քո գթության, բարերարության և անհիշաչարության, ողորմի՛ր ինձ` բազմամեղիս: Այն օրը ազատի՛ր հավիտենական ամոթից և փրկի՛ր ինձ անվախճան տանջանքներից ու աններելի պատուհասից: Բա՛ց արա ինձ Քո ողորմության դուռը և մի՛ փակիր դուռը Քո արքայության, Տե՛ր իմ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ Հիսուս Քրիստոս: Այն օրը արժանացրո՛ւ ինձ` անարժանիս, լույսի երանությանը և կատարյալ պարգևներին, անսպառ հավիտենական ուրախությանը, սրբերի ու արդարների բարի վարձքին՝ մշտապես վայելելու երանելիների փառքը. որպեսզի արժանապես մտնեմ անմահ Փեսայիդ առագաստը և բոլոր սրբերիդ հետ ժառանգեմ անսպառ բարիքները մաքուր, հստակ, սուրբ սրտով և համարձակ երեսով. [որ] միշտ Քեզ տեսնեմ հրեշտակների հետ և [Քեզ] սիրող սրբերի հետ գոհանալով, վայելեմ Երրորդությանդ անհաս, անճառելի և անեզրական լույսը: Եվ [ինձ] զուգահավասա՛ր դարձրու Քո սրբերին, որ միշտ արժանապես օրհնաբանեմ, և հանապազ պայծառացրո՛ւ Քո աստվածային անստվեր լույսով: Եվ ես անդադար երգով կփառավորեմ, կբարեբանեմ և կօրհնեմ Ամենասուրբ Երրորդությանդ այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն: