external

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, միստիկ բանաստեղծ, աստվածաբան, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։  Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նա սրբացվել է: Գրիգոր Նարեկացին դասվել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։: Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» (ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։

Աղոթք Տիրամորը

Եւ արդ, այսքան յուսահատութիւնների եւ ահարկու սրտաբեկութեան,
Ահաբեկիչ սաստկութեամբ աստուածային բարկութեան ենթարկուելուց յետոյ,
Թախծալից ոգով, իսպառ տագնապած`
Քեզ եմ աղաչում, սուրբ Աստուածածին,
Հրեշտակ մարդկանց մէջ, մարմնատեսիլ քերովբե,
Երկնաւոր արքայուհի,
Անխառն, ինչպէս օդ, մաքուր, ինչպէս լոյս,
Անշաղախ` նման բարձր արուսեակի պատկերին պայծառ,
Գերազանց, քան սրբութիւնների բնակարան անկոխելի,
Խոստացուած դու վայր երանաւետ, Եդեմ շնչաւոր,
Անմահ կենաց ծառ` բոցեղէն սրով պարունակուած,
Բարձրեալ Հօրից զօրացած եւ հովանաւորուած,
Հանգստութեամբ Հոգու պատրաստուած եւ մաքրագործուած,
Բնակութեամբ Որդու յարդարուած եւ տաղաւարուած,
Հօր համար միածին եւ քեզ` անդրանիկ,
Որդիդ` ծնունդով եւ տէրդ` արարչութեամբ,
Անաղտ մաքրութեանդ հետ ե՛ւ անբիծ բարի,
Անարատ սրբութեանդ հետ ե՛ւ բարեխօս խնամակալ,
Ընդունի՛ր աղօթքն այս աղերսալից քեզ դաւանողիս,
Եւ այն ընծայիր Աստծուն իբրեւ պաղատանքը քո,
Խառնելով նրան` մեծիդ մատուցուած իմ պաղատալից ներբողն առաջին.
Հիւսիր, միացրու դառն հեծութիւնն իմ մեղաւորի
Քո երանելի եւ նուիրական խնդրուածքի հետ,
Կեանքի տունկդ դու օրհնուած պտղի,
Որպէսզի քեզնից միշտ բարերարուած
Եւ ապաւինած մաքուր մայրութեանդ ու լուսաւորուած`
Ապրեմ ես Քրիստոս Որդուդ Միածին եւ Տիրոջդ համար:

Օգնի՛ր թեւաւոր քո աղօթքներով, ո՜վ խոստովանուած մայրդ ողջերի,
Որ երբ դուրս ելնեմ այս երկրի հովտից,
Առանց տանջալից չարչարանքների գնամ դէպի կեանք,
Դէպի պատրաստուած օթեւաններդ:
Թող թեթեւ լինի վախճանն իմ, զի ես ծանրացել եմ խիստ անօրէնութեամբ,
Օրն իմ տագնապի դարձրու ինձ համար տօն ուրախութեան,
Դու, որ բուժեցիր երկունքն Եւայի:
Խնդրի՛ր, աղաչիր ու բարեխօսիր,
Զի անճառելի մաքրութեանդ համար հաւատում եմ ես` խօսքդ կընդունուի:
Արցունքով օգնիր դու վտանգուածիս, գովեա՜լդ կանանց մէջ.
Ծնկաչոք խնդրիր հաշտութեանս համար, ծնո՜ղդ Աստծոյ.
Հոգատար եղիր թշուառիս հանդէպ, խորա՜ն բարձրեալի.
Ձեռք տուր ընկածիս, տաճա՜ր երկնային.
Եւ փառաւորիր Որդուդ քեզանով,
Որ աստուածօրէն հրաշագործէ ինձ ի քաւութիւն եւ ողորմութիւն,
Ո՜վ դու Աստծոյ աղախին եւ մայր:

Բարձրանայ պիտի պատիւդ ինձանով
Եւ փրկութիւնն իմ` ցոյց տրուի քեզնով:
Եթէ ինձ գտնես, Տիրամա՜յր,
Թէ ինձ ողորմես, սրբուհի՛,
Թէ կորուսեալիս շահես, անարա՛տ,
Եթէ խրտնածիս խնամարկես, երջանի՛կ,
Եթէ ամօթահարիս առաջ տանես, բարեշնո՛րհ,
Եթէ միջնորդես յուսահատուածիս համար, մի՜շտ սուրբ կոյս,
Եթէ մերժուածիս ընտանեցնես,
Աստծո՛ւց մեծարուած,
Եթէ ցոյց տաս ինձ գթութիւնդ, լուծի՛չդ անէծքների,
Եթէ տատանեալիս ամրապնդես, հանգի՛ստ,
Եթէ հուզումներս ու խռովքներս հանդարտեցնես, խաղաղարա՛ր,
Եթէ մոլորեալիս մի ճար գտնես, գովեա՜լ,
Եթէ ինձ համար մտնես ասպարեզ, մահվա՛ն նահանջիչ,
Եթէ դառնութիւնս անուշացնես, քաղցրութի՜ւն,
Եթէ բաժանման արգելքը քանդես, հաշտությո՛ւն,
Եթէ անմաքրութիւնս վերացնես, եղծմա՛ն ընդոտնիչ,
Եթէ փրկես ինձ` մահուան մատնուածիս, կենդանի՜ լոյս,
Եթէ իմ լացի ձայնը կտրես, բերկրությո՛ւն,
Եթէ խորտակուածիս կազդուրես, կեանքի՛ դարման,
Եթէ կործանուածիս մի ակնարկ գցես, հոգելի՛ց,
Եթէ ողորմութեամբ ինձ պատահես, նուիրակա՛ն կտակ,
Օրհնեա՛լդ միայն երջանկալեզու անբիծ շուրթերից,
Ահա՛ կաթիլ մի կուսութեանդ կաթից
Մեջս անձրեւելով` կեանք է տալիս ինձ,
Ո՜վ դու մայր բարձրեալ Տիրոջդ-Յիսուսի,
Երկնի եւ համայն երկրի արարչի, որին ծնեցիր դու անճառօրէն,
Բովանդակ մարմնով եւ ամբողջովին իր աստուածութեամբ,
Որ փառաւորուած է Հօր եւ սուրբ Հոգու հետ
Էութեամբ համակ եւ անքննութեամբ մեր բնութեան հետ միացած,
Ամենայն է նա եւ ամէն ինչում,
Երրորդութիւնից մէկը,
Նրան փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ Ձ)

 

Բժշկության աղոթք

Կեսգիշերային այս լռության մեջ
Նշանդ օրհնյալ՝ ձեռքիս մատներով
Քեզ եմ կարկառում, ո՜վ ամենատես,
Որ անգիտության խավարով երբեք չես աղոտանում
Այլ բնակվում ես ու հանգչում ես միշտ
Անմատույց լույսի ջինջ ոլորտներում:
Գոհաբանությամբ աղաչում եմ քեզ՝
Ա՛ռ վշտահարիս հզոր թևերիդ պաշտպանության տակ,
Փրկի՛ր ներխուժող խուռնամբոխ պղտոր այս ցնորքներից,
Մաքրի՛ր լիովին զգայարանը սրտիս տեսության,
Կենացդ փայտով ամրապնդի՛ր ինձ
Այս տխրաթախիծ անուրջների դեմ,
Արյամբդ ցողի՛ր իմ կացարանի շուրջն ամբողջությամբ,
Կողիդ կենարար սուրբ կաթիլներով
Սրսկի՛ր ճամփան իմ ելումուտի,
Քառաթևդ թող լինի մշտապես երդիս պահապան,
Վեր հառած աչքիս տեսության հանդեպ
Թող որ պատկերվի խորհուրդը միայն
Ամենափրկիչ տառապանքներիդ,
Չարչարանքների քո գործիքը թող
Սեմիս ճակատին դրոշմվի ամուր,
Հավատքը հույսիս՝ կախվի հանապազ ծառիցդ օրհնության:
Սանձի՛ր սրանցով, տե՛ր, հոգեսպանին.
Թող որ մուտք գործի պաշտպանը լույսի ինձ մոտ անխափան.
Թեթևացրո՛ւ բեռը պարտքերիս՝
Անլուր ցավերիս ծանրությամբ հանդերձ:
Եվ ահա մահճում, ամփոփված մտքիս լռարանի մեջ,
Մտաբերելով պտուղները դառն հուսահատության՝
Խոստովանում եմ ամենագետիդ
Անօրեն ու չար գործերս բոլոր:

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ ՂԱ)

 

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ

Սրտիս դառնահեծ հառաչանքների
Վայն ու ողբաձայն աղաղակները
Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես.
Եվ իմ սասանված մտքի ճենճերող
Իղձերի պտուղ նվերն այս դրած
Անձս տոչորող թախծի կրակին՝
Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ։
Սակայն կնայես նրան, ո՜վ գթած,
Ու կհոտոտես ավելի սիրով,
Քան պատարագն այն բոլորանվեր,
Որ մատուցվում էր ծխով թանձրաբարդ.
Ընդունի՛ր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի
Բարեհաճորեն, ոչ թե բարկությամբ։
Մտքիս խոհածուփ սենյակի խորքից
Սրտիս անձկությամբ ելած կամավոր նվերն իմ այս թող,
Որպես բանական՛ զոհաբերություն,
Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ,
Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ։
Աղերսախառն այս դատի մտնելն իմ քեզ հետ, ո՜վ հզոր,
Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ,
Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր
Ամբարշտացած Հակոբի ցեղի,
Ըստ մարգարեի ամբաստանության,
Կամ թե սաղմոսի առակում հիշված
Անիրավությունն այն Բաբելոնի.
Ընդունելի թող լինի կամքին քո,
Ինչպես Սելովի խնկաբուրումն այն` Դավթի խորանում,
Կերտված ի հանգիստ սուրբ տապանակի,
Որն իր վերստին գերեդարձությամբ
Ասես նաև իմ կորուսյալ հոգու
Վերագտնումն է խորհրդանշել։ Հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության՝
Ձայնը ահավոր քո դատաստանի,
Երկնելով իմ դեմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում.
Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ
Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի,
Եվ չար ու բարի խորհուրդներն ահա խմբված բազմությամբ,
Սպառազինված զենք ու սուսերով՝
Բախվում են իրար ոսոխների պես,
Դարձնելով համակ ինձ մահվան գերի,
Ըստ հին դիպվածի, երբ շնորհը քո դեռ ինձ չէր հասել։
Առաքյալներից Պողոսը ընտրյալ
Մովսեսի օրենքն համեմատելով այդ շնորհի հետ՝
Գերադասում է փրկագործումը Քրիստոս Աստծո։
Բայց եթե, ինչպես Գիրքն է վկայում,
«Մոտ է տիրոջ օրն», երբ արդարության ժամադրավայր
Հովսափաթի այն նեղանձուկ հովտում
Եվ հեղեղատի ափին Կեդրոնի
Փոքր հանդեսներում՝ երկրային կյանքի օրինակներով
Հանդերձյալները պիտի պատկերվեն,
Ապա ուրեմն հասել է արդեն նաև ինձ վրա
Դատաստանն արդար մարմնացած Աստծո,
Որը գտնելով ինձ վնասապարտ՝
Իմ բազմատոկոս զանազանակերպ մեղանչումներով,
Որոնք ուղղախոս ամբաստաններ են,
Պիտի դատի ինձ ավելի սաստիկ,
Քան մի ժամանակ նրա բարձրացած ձեռքն հարվածելով՝
Եդովմայեցի ու փղշտացի
Եվ այլ բարբարոս ազգերի պատժեց.
Քանի որ նրանց պատուհասները կարճատև եղան,
Մինչդեռ պատիժն իմ ո՛չ սահման ունի և ո՛չ էլ վախճան.
Ահ, գուբ, որոգայթ անճողոպրելի,
Ըստ մարգարեի ու առակողի,
Դռանս հասած, տագնապելով ինձ,
Գծագրում են այստեղ իսկ ամոթն հավիտենական։
Արդ, դու, միայն դու կարող ես դեղեր հրաշագործել՝
Կյանք տալու համար այն հոգիներին.
Որոնք մատնվել են ամենավարան
Վտանգների ու տարակուսանքի,
Ամենաքավի՜չ, անպատում փառքով հավիտյան գովյալ՝
Անհասանելի քո բարձունքներում։

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ Ա)

 

Աղոթք դիվաց դեմ պայքարի

Դո՛ւ, որ այսքան շատ հրաշքներ ես գործել,
Հայր ամենաստեղծ, անուն ահավոր, ձայն սարսափելի,
Կոչումն ընտանի, խոսք համբուրելի, ազդումն սքանչելի,
Հրաման սոսկալի, էություն անքննելի, գոյություն անճառելի,
Իսկություն անբավելի, զորություն անզննելի, կամք ամենաբարի,
Տերություն անսահմանելի, մեծություն անչափելի, բարձրություն անբովանդակելի,
Քանակություն անկշռելի, առավելություն անհասանելի,
Պատճառ Որդու՝ հայրությամբ, այլ ո՛չ նախադաս լինելով.
Քո միջոցով և անպարագիր քո զորության շնորհիվ
Սաստի՛ր տառապեցնող ու դիվական տենդիս ջերմությունը,
Որ սպրդելով` մեղքի հետ մտավ ներս, որպեսզի փախչի մարդուց,
Զարհուրելով երկնավոր գառիդ սխրալի և առատահոս արյան վտակից,
Որով սրսկվեցինք թեպետ մի անգամ,
բայց մաքրվեցինք մշտնջենապես:

Եվ արդ, արարչակերտ այս խորհրդի պատկառելի խոնարհությունից
Թո՛ղ ամաչի սատանան իր հրեշտակների չար գործերի համար,
Տանջվի՛ թող և հալածվի, հեռանալով ու արտաքսվելով
Քո բնակարանն եղող մարմնի խորանից դեպի խավարն արտաքին:
Եվ ջնջի՛ր, սրբիր, դու մեր դեմքերից արցունքն ողբագին
Եվ հեծեծագին հառաչանքները մեր սրտերից հա՛ն,
Հիշելով հարվածները քստմնափուշ,
ժանտատեսիլ և մահառիթ այն բևեռների,
Որոնցով գամվեց Միածինը քո` խաչի
աշտարակի վրա` թող չարը ցավի գա
Եվ կողքը հերձող սայրասուր սլաքի ուժգին բախումից,
Որից խորապես մեծ վերք ընդունեց,
Նախապատճառը մահվան թող իսպառ սատակի՛, կորչի՜:
Եվ քանզի հոգին ավանդելիս իր գովյալ գլուխը խոնարհեց քո գիրկը,
Բարձրյա՜լ,
Ուստի ապստամբությունն անբարի բարքի տեր Բելիարի
Թո՛ղ ի կոր կործանվի, ըստ ամենայնի կորուստի մատնված:
Եվ դարձյալ, քանզի անմահ իսկությունն
թաղվեց ու ծածկվեց երկրի արգանդում,
Ապա, ուրեմն դրանով թող որ գոռոզի
հոխորտ հպարտությունը
Մահվան դժոխքի մթաստվեր ու խոր հատակը դիտի,
Եվ թող որ հիշի առաջին հարվածն անբժշկելի,
Որով մահացավ դիմադրությունը թունոտ վիշապի՝
Ամենազորի կենարար չարչարանքների գնով:

Ի փառս քո և ի գովեստ Որդուդ ու Սուրբ Հոգուդ է
Խոստովանությունն այս, Հա՜յր ողորմության,
Քանզի խորախորհուրդ ձեր միության մեջ
Մեկդ մյուսի զորությանը կարոտություն չունի:
Ուստի և մենք փառավորելով Բանդ անսկիզբ ու մարմնացած՝
Փառավորած կլինենք նույնպես Հորդ անժամանակ:
Եվ քեզ` միակ Սուրբ Երրորդությանդ,
Հավասարապատիվ տերությանդ, Համաբուն, անբաժան ինքնությանդ՝
Օրհնաբանություն, գոհություն, զորեղություն
Եվ անճառ վայելչություն մեծության բարեվիճակ հարթության,
Զուգակշիռ հավասարության` հավիտյանս. ամեն:

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ ԻԸ)

 

Աղոթք Արարչին

Աստվա՜ծ անսահման, անբացատրելի հարազատ ծնունդ միակ Աստուծո,
Արարիչ բոլոր արարածների, Քրիստոս թագավոր,
Լույս` խավարի մեջ` մթնած սրտերի.
Մեզ հետ` մարդ կատարյալ և առաքչիդ հետ` իսկական Աստված,
Որ մեր բնությամբ քոնն ես ծանուցում հրաշապես:
Օրհնյա՜լ է Հայրդ երկնավոր և անճառ,
Որ առաքեց քեզ երկնից և որին փառակից ես դու արարչությամբ.
Տարագիր գերուս փրկության համար նա այնքա՛ն հոգաց,
Որ մինչև անգամ քեզ մատնեց մարդկանց:
Իսկ դու, որ կարող էիր առանց վշտի ավարտել խորհուրդը տնօրինության,
Հաճեցար մահվան բաժակը ըմպել մեղապարտիս հետ`
Անթերի մարդկությամբ և անպակաս աստվածությամբ:
Եվ Սուրբ Հոգին քո կենդանարար, ինչպես որ քո,
այնպես և իսկակից է Հորդ,
Եվ էությամբ համապատիվ` ծնողիդ հետ և՛ ծնվածիդ:
Մի Երրորդություն կատարյալ`
անբաժանելի և անանջատ երեք դեմքով:
Անսկիզբ և անժամանակ, բացարձակ բարերար,
Համակ կենդանարար, ամբողջապես խաղաղարար,
Ստեղծիչ գոյությանց և հորինող ամենայնի,
Անքակտելիորեն և մի բնությամբ փառավորված:

Իսկ եթե գթած երկնավոր Հայրը հզոր` մեկն է էությունից`
Մահապարտիս հանցանքների համար զոհաբերեց իր անքնին ծոցի ծնունդը միակ,
Չխնայելով իրեն համապատիվ սիրելի Որդուն,
Այլ կամովին նվիրեց նրան մահվան զենքերով չարչարողներին,
Ըստ Զաքարիայի մարգարեության,
Թե` «Պիտի զարթնի սուրը հովվի վրա,
Եվ պիտի զարկվի հոտապետն ինքը,
Ու ոչխարների հոտը ցրվիե,
Ինչպես նախագրողի օրինակը նուրբ և ուխտը խորանի,
Եվ նվիրումն արյան սպանդի,
Եվ խորհուրդն աբրահամյան պատարագի,
Որոնք կանխապես նկարագրեցին փրկությունն հեգիս` կեցուցչիդ
Ակնարկում է ամաղեկացոց դեմ պատերազմի
միջոցին Մովսեսի բազկատարած կանգնելը, որը համարում
է օրինակ` Հիսուսի խաչելության:
Ուրեմն էլ ինչո՞ւ ես տխրում, ա՛նձն իմ,
Որ քո իսկ գործով և հոժարությամբ ես կործանվել դու
Եվ ո՛չ Աստուծո կամեցողությամբ.
Կամ ինչո՞ւ ես դու խռովում, սիրտս`
Մտատանջվելով սատանայական հուսահատությամբ:
Հուսա՛ Աստծուն և խոստովանիր,
Եվ նա քեզ համար կհոգա անշուշտ`
Դավթյան սաղմոսի և մարգարեի
կենսախրախույս խոսքի համաձայն:

Իսկ ստեղծողի խնամակալության չափն ու եղանակը ավելի վեր է,
Քան հրեշտակների և մարդկանց մտքի կշռության սահմանն,
Ու թե բյուր անգամ կրկնվի` դարձյալ չափել չի լինի,
Զի բարձրյալ Տիրոջ և՛ բավարարելն է անճառելի:
Մանավանդ որ նա`
մեկը օրհնված համագոյական Երրորդությունից`
Ուղարկեց մյուսին այն օրհնաբանված,
Որը և մեռավ ի հաճություն իր առաքչի կամքին:
Մյուս երրորդն ահեղ երկուսի հավանությամբ
Բարեմաղթում է մեծաջան բաղձանքով:
Իսկ միևնույն բարի իրագործումների մեջ
Նրանց համամիտ միակամության ապացույցներն են`
Հոգին` կենդանու և բանը` բանականի,
Պայծառությունը` փառքի և կերպարանքն` էությանը:
Փույթ` ապրեցնելու, սթափ` ողորմելու,
Օգնության ձեռք կարկառելու և փրկելու` պատրաստ,
Առատատրությամբ` հորդ, շատությամբ` զեղուն,
Անբավությամբ` լի, աննվազությամբ` փարթամ,
Երկայնամտությամբ` ճոխ և անհասությամբ` բարձր,
Մի Երրորդություն կատարյալ եռանձնյա,
Օրհնյալ հավիտյանս. ամեն:

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ ԽԴ)

 

Աղոթք Բժշկության

Բժշկության հմտության ամենափորձված հնարավորությամբ
Անախտական կյանքի դու պատճառ,
երկնային զորեղ թագավոր` Տե՜ր Հիսուս Քրիստոս,
Աստված` իմանալիների բոլոր և տեսանելիների:
Ահա՛ իմ մեջ ես դու, ինչպես մագարեն է ասում, նոր կցորդությամբ,
Ուստի և ես միացած քեզ հետ խոսքի դաշինքով այս բարեզարդ`
Թո՛ղ լուսավորվեմ կրկին ողջացած` շնչով ու մարմնով,
Ըստ ամենայնի կարող և անդրդվելի:

Սպեղանիների կարիք չես զգում դու
Հոգուս վերքերին փաթաթաններ պատրաստելու համար,
Ո՛չ ժամանակի, ո՛չ միջնորդի և ո՛չ էլ երկարաձիգ օրերի,
Ո՛չ փոփոխական դեղեր տալու և ո՛չ անդամահատման,
Ո՛չ էլ խարելու, վիրահատության.
Եվ այլ երկրավոր դարմանումների,
Որոնք ենթակա են հաճախ վրիպանքի և
ամենասխալ տարակուսության:
Բայց քեզ` հոգիների և մարմինների Արարչիդ
Ամենայն ինչ լուսավոր է, ամենայն ինչ ակներև,
Ամեն ինչ գրված, ամեն ինչ դյուրին և հնարավոր,
Խորհուրդը գլխավորված է, խոստումը լցված, կամքը կատարված,
Քո կտակն Ավետարան է, քո վճիռն` ազատություն, մատյանդ` շնորհ:
Չես կաշկանդված դու օրենքներով, ոչ էլ կանոններով շրջափակված.
Արգելակված չես նվաստությամբ, ոչ էլ հպատակությամբ խոնարհված.
Չես պարփակված փոքրկությամբ, ոչ էլ սահմաններով չափված.
Չես վրիպած բարությունից, ոչ էլ ցասումից այլայլված.
Չես սխալված խստությունից, ոչ էլ խռովությունից վրդովված.
Չես դղրդված անգիտությունից, ոչ էլ ողորմությունից` փոփոխված.
Չես իջել բարձրությունից, ոչ էլ օգնությունից ընկրկած,
Ոչ էլ փրկությունից տկարացած:
Սկիզբն ու լրումն ես դու ամեն ինչի, և
ամենայն ինչ քեզանից է:
Փա՜ռք քեզ և երկրպագություն հավիտյանս. ամեն:

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ ԽԳ)

 

Աղոթք փրկության

Տե՜ր Աստված գթության, փրկության և ողորմության,
Քավության և նորոգության, բժշկության և առողջության,
Լուսավորության և կենդանության, հարության և անմահության,
Հիշի՛ր ինձ, երբ գաս քո արքայությամբ,
Ահավոր, հզոր, բարերար և ամենաստեղծ,
Կենդանի, գովյալ, ամենակատար
Եվ մերձ համորեն արարածների հեծություններին:
Ես էլ եմ ահա՛ պաղատում քեզ խաչակցիդ հետ,
Որը քեզ համար ո՛չ բռնված էր և ո՛չ էլ կապված,
Ո՛չ կախված և ո՛չ բևեռված,
Ո՛չ խոշտանգված էր մեծիդ անունով և ո՛չ
անարգված, Ո՛չ լլկված և ո՛չ արհամարհված,
Ո՛չ խորտակված և ո՛չ մահացած,
Այլ արքայությանը` արդարների համար
պահված լույսին արժանի համարված:
Եվ դու հաստատուն ուխտի խոստումով «Ամենե-ի երդմամբ,
Հայտնելով տրված բարիքների անփոփոխությունը,
Փառավորեցիր նրան և փրկության հույս
ներշնչեցիր ինձ` իսպառ լքվածիս:
Օրհնյա՜լ, օրհնյա՜լ և դարձյալ օրհնյալ,
Ընդունելով և ինձ նույն հավատքով`
Փրկի՛ր կործանումից և բաձրացրո՛ւ, ո՜վ բարերար.
Բժշկիր հիվանդությունների ախտերից, ողորմա՜ծ.
Մահվան եզերքից ինձ կյանքին դարձրու, ո՜վ կենդանություն.
Քոնն եմ նաև ես, ուստի նրա հետ
ապրեցրո՛ւ և ինձ, ապավինությո՜ւն.
Կենդանության շունչ ընծայիր դու ինձ` հոգով մեռածիս,
Հարությո՜ւն, դու կյանք և անմահություն,
Անպակաս բարություն, անսպառ շնորհ, անփոփոխ ներողություն,
Աջ ամենազոր, ձեռք ամենիշխան, մատ ամենամերձ:
Կամեցիր դու, Տեր, և պիտի փրկվեմ.
Ակնարկիր միայն գթությամբ, և պիտի արդարանամ.
Ասա՛ դու խոսքով, և իսկույն պիտի դառնամ անարատ:
Մոռացի՛ր թիվը իմ չարիքների`
Եվ անմիջապես համարձակություն պիտի առնեմ ես.
Առատաձեռնի՛ր, և շուտով պիտի պատվաստվեմ քո մեջ,
Փառավորյալդ ամեն ինչի մեջ հավիտյանս. ամեն:

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ ԽԲ)

 

Աղոթք ընդեմ ամենայն չարաց

Ընդունի´ր սիրով, Տեր Աստված հզոր, աղաչանքներն իմ դառնացած սրտի.
Քաղցր գթությամբ մոտեցիր դու ինձ` ամոթահարիս.
Փարատիր, ամենապարգև՛, ամոթալի տխրություններս,
Վերցրո´ւ ինձնից, ողորմա´ծ, անտանելի ծանրություններս,
Հեռացրո´ւ, հնարագետ, սովորություններս մահացու.
Խափանի´ր, մի´շտ հաղթող, հրապույրները խաբողի.
Վանի´ր, վերնային, մառախուղը մոլորեցնողի.
Կասեցրո´ւ, կեցուցիչ, ընթացքը կորուսչի.
Ցրի´ր, ծածկատե´ս, չար հնարքները կապկապողի.
Խորտակիր, անքնի´ն, հարձակումները մարտնչողի.
Տյառնագրի´ր անունովդ լուսացույց երդն իմ հարկի.
Պարփակիր քո ձեռքով առաստաղը տաճարիս.
Գծագրիր քո արյունով սեմը սենյակիս մուտքի.
Դրոշմիր քո նշանը աղոթյալիս ճանապարհին,
Ամրացրու քո աջով խշտյակն իմ հանգստի.
Զերծ պահիր թակարդներից ծածկարանն իմ անկողնի.
Պահպանիր քո կամքով տառապած հոգիս.
Անխարդախ արա´ քո շնորհած շունչը մարմնիս.
Կանգնեցրո´ւ շուրջն իմ` պարը երկնային քո զորքերի,
Որպես դիմամարտ` դևերի գնդին:
Տո´ւր հանգիստ բերկրալի մահահանգույն
նիրհիս խորին գիշերում`
Բարեխոսությամբ սուրբ Աստվածածնիդ և բոլոր ընտրյալների:
Տեսությանս պատուհանները, որոնք մտքի զգայարաններ են,
Ամփոփիր այնպես ու պարուրիր,
Որ պաշտպանվեն միշտ անսասանելի
Կենցաղական հոգսերից բոլոր, անրջական երազներից,
Խռովահույզ ծփանքներից ու ցնորքներից խենթ ու խոլական
Ու հիշատակով աներկբա հույսիդ մնան անվնաս:
Որպեսզի երբ սթափվեմ իմ ծանր քնից,
Ամենազգաստ արթնությամբ և հոգենորոգ զվարթությամբ քո դեմ արձանացած,
Աղաչանքն այս իմ` հավատքի բուրմամբ,
Ո՜վ ամենօրհնյալ թագավոր անճառ փառքերի,
Երգակցելով երկնագումար փառաբանող խմբին`
Քո բարձունքն ի վեր՝ առաքեմ առ քեզ:
Զի փառավորյալ ես դու արարածներից բոլոր
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ ԺԲ)

 

Աղոթք հույսի

Աստուա՜ծ յաւիտենական, բարերար եւ ամենակալ,
Ստեղծող լոյսի եւ յօրինող գիշերի,
Դու կեանք` մահուան մէջ եւ լոյս` խաւարում,
Յոյս` սպասողների եւ համբերութիւն տարակուսեալների.
Որ ամէնարուեստ քո իմաստութեամբ ստուերը մահուան փոխում ես այգի,
Աննուազ ծագում եւ անմայրամուտ արեգակ,
Զի գիշերուայ մութն անզօր է իսպառ քողարկել փառքը քո տէրունական,
Որին ծնրադրում են արարածներն ու երկրպագում`
Երկնաւորներն ու երկրաւորներն եւ սանդարամետականները բոլոր:
Դու լսում ես հեծեծանքները կապեալների, ունկնդրում խոնարհների աղօթքին
Եւ ընդունում ես նրանց խնդրանքները,
Աստուած իմ եւ թագաւոր իմ, կեանք իմ եւ ապաւէն իմ,
Յոյս իմ եւ վստահութիւն իմ,
Տէ՜ր Յիսուս Քրիստոս, Աստուած բոլորի,
Սրբերի սրտում հանգչող սո՛ւրբդ դու,
Մխիթարութիւն վշտերի եւ քաւարան մեղաւորների,
Որ գիտես ամէն ինչ` նրանց լինելուց առաջ:
Ուղարկի՛ր պաշտպան զօրութիւնն աջիդ
Եւ գիշերային երկիւղից ու չար դեւից ինձ փրկիր,
Որպէսզի յիշատակը սոսկալի եւ սուրբ քո անուան
Միշտ համբուրելով հոգուս շուրթերով`
Ըղձական շնչով ապրեմ պահպանուած բոլոր նրանց հետ,
Որոնք անդադար ի բոլոր սրտէ քեզ են կանչում, Տէ՜ր:

Եւ դրոշմից խաչի քո նշանի,
Որ աստուածային արեամբդ ներկելով դու նորոգեցիր,
Եւ մկրտելով մեզ որդեգրեցիր,
Եւ նկարեցիր ու յօրինեցիր պատկերիդ փառքով, —
Պարգեւներով այդ աստուածային թող ամօթահար լինի սատանան,
Մեքենայութիւնները քանդուեն թող ու որոգայթները վերացուեն,
Մարտնչողները պարտուեն թող որ, եւ թող չլինեն զէնքեր սայրասուր,
Մշուշը ցնդի, մութը փարատուի, մառախուղն անցնի:
Բազուկդ հովանի լինի թող եւ աջդ կնքի.
Քանզի գթած ես դու եւ ողորմած,
Եւ քո անունով են կոչւում ծառաներդ
Եւ քեզ` Հօր ու սուրբ Հոգուդ հետ յաւե՜րժ փառք, իշխանութիւն:

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ ՂԴ)

 

Աղոթք վստահության

Երկնաւո՛ր արքայ, բարձրեալ թագաւոր,
Տէ՜ր դու բոլորի եւ ամէնքի յոյս,
Արարիչ տեսանելիների եւ հոգեղէնների հաստիչ,
Պատճառ եղածների եւ կազմող լինելիների,
Տուիչ լոյսի, առիթ առաւօտի, պատրաստիչ վաղուայ,
Երեւացնո՛ղ երեկոյի, յօրինող խաւարի,
Արուեստաւոր բարեհնար, իմաստութեան գործիչ,
Քաւարան օրհնեալ, հալիչ մեղքերի, հալածիչ ցաւերի,
Լուծիչ դառնութեան, պահպանարան հանգստի,
Հնարիչ նիրհի, կարգաւորիչ քնի, պարգեւիչ նինջի,
Կարգաւորիչ շնչառութեան, զգայութեան տեւողութիւն,
Ցրիչ ցնորքների, բարեկարգիչ անուրջների, փոխարկող զարհուրանքի,
Փոփոխիչ տխրութիւն, խափանիչ խայթումների,
Կասկածների փարատիչ, ծփանքների հանդարտիչ,
Ահաբեկութիւն խարդախների, դեւերի հարուածիչ,
Ախտերի փախուցիչ եւ ընկղմիչ գայթակղութիւնների:
Պաշտպանի՛ր ձեռքովդ երկնաստեղծ,
Զօրացրո՛ւ աջովդ բարձրացած,
Ամփոփի՛ր թեւերովդ ամենակալ,
Ծածկի՛ր խնամքովդ աստուածային,
Ամրացրո՛ւ վերնայիններիդ վերակացութեամբ,
Շուրջանակի պարսպիր անմահներիդ գումարտակներով,
Ընդդիմամարտին իմ վանիր զուարթուններիդ զինուորներով,
Պատսպարի՛ր սասանեալիս աստուածածնիդ մաղթանքներով,
Անդրանիկներիդ բանակներն ինձ բարի պահապան կարգիր:
Բաց արա աչքերիս հետ նաեւ տեսանելիքները մտքիս,
Զգաստացրու շնչիս հետ նաեւ դանդաղութիւնը ծանրաբեռն իմ կրքերի,
Վերացրու թանձրամած յիմարութիւնն իմ զգայարանքների, Տէ՛ր,
Վերցրու թանձրութիւնն իմ ծածկոյթի, միա՛կ բարեգործ:
Լոյսը բացուելիս` ողորմութիւնդ էլ ծագիր ինձ վրայ,
Եւ արեւի հետ` քո արդարութեան արեգակը թող մտնի սիրտս նեղ.
Փառքիդ ճառագայթը մտքիս խորհրդարանում թող ջահաւորուի.
Եւ խաչակնքումը խաչիդ` մարմնիս եւ հոգուս մէջ թող տարածուի՜  համասփիւռ:
Քեզ եմ յանձնում այսօր քո յօրինած տաղաւարը`
Այնտեղ բնակուող պահապան հոգուս հետ միասին.
Զի դու ես Աստուած անքնին,
Ամենակարողդ ամէնքի համար եւ ամէն բանում բովանդակապէս,
Օրհնեա՜լ յաւիտեանս. ամէն:

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ ՁԴ)

 

Աղոթք գոհության

Բարեբանեալ Աստուա՛ծ, երկնաւոր, միա՜կ արարիչ,
Տէր ամենակալ, մեծութիւն ահեղ, գթութիւն օրհնաբանելի,
Ողորմութիւն խոստովանելի, բարերարութիւն երկրպագելի,
Խնամակալութիւն պաշտելի, մարդասիրութիւն տօնելի,
Պահպանութիւն խնկելի, բարձրեալ անքննելի,
Մերձաւոր կամարար, ապաւէն անկասկածելի,
Մխիթարիչ սրտերի, փարատիչ վշտերի, ապաքինիչ ցաւերի,
Վստահութեան վախճան, վերացումն պարտքերի,
Փոխարկիչ կարիքների, կարգաւորիչ կրքերի,
Հարմարիչ խօսքերի, սանձահարիչ լեզուի,
Պարփակումն շնչի, հաստատիչ հագագի,
Ամփոփիչ խորհուրդների, կրթարան կամքի,
Հանգստացնող հուզմունքների, հանդարտիչ մրրիկների,
Եւ խաղաղութի՜ւն դու ծփանքների,
Որ բռնում ես իմ` իշխանականիս թեւերը ամէն ուղղութեամբ թռչող
Եւ իմաստութեամբ նուաճելով` դէպի քեզ դարձնում:
Երախտաւո՛րդ միշտ գովաբանուած,
Դու, որ անհպարտ եւ երկայնամիտ հեզութեամբ համբեր`
Անճառ հրաշքով տենչում ես հանգչել մաքուրների մէջ.
Թագաւո՛ր բոլոր արարածների, ըստ ամենայնի ճանաչուած, գթած,
Սկզբնահայր եւ նախաշաւիղ` սիրոյ ընթացքի
Կեանքի՛ ճանապարհ,
Որ քաղցրութեա՜մբ ես առաջնորդում երկնային լոյսիդ դիմողիս.
Պաշտպա՛ն վստահելի,
Որ չես թողնում ինձ` սայթաքողս երբէք ի վայր տապալուեմ.
Յոյսի՛ կերպարանք,
Որ ճշմարտագոյն գրաւականով երեւում ես պարզ քեզ խնդրողներին.
Ապահո՛վ ապաւինութիւն,
Որ չես մատնում երբէք դատապարտութեան պատժին.
Ազատությո՛ւն շնորհաձիր,
Որ տալիս ես լիապէս առանց փրկանքի ու փոխհատուցման.
Աննախա՛նձ առատաձեռնութիւն,
Որ ճոխացնում ես հողանիւթս անարգ քո ամենասքանչ փառաւորութեամբ.
Պայծառությո՛ւն անստուեր,
Որ բարձր ու վսեմ ճառագայթներով պարածածկելով թշուառիս`
դարձնում ես կրկին բարգաւաճ.
Քաւի՛չ մեղքերի ամենատեսակ,
Որ փրկութիւնից մերժուածիս նախկին պայծառութեամբ
նորոգելով` դարձնում ես վերստին վայելուչ.
Մեծակարո՛ղ դիւրահաս,
Որ բոլոր անբաւ բարձրութիւններիցառաջ ես անցնում.
Ապահո՛վ ճամփա` դէպի խոստացուած վայելքներ տանող.
Անձկալի՛ երանութիւն,
Որի համար հաճելի է թողնել շունչս կենդանութեան, որպէսզի
գտնեմ քեզ, մի՜շտ կենդանի.
Կամք անփոխելի, գովեա՜լ զօրաւոր` քաւելու գերուս.
Կեանքի անսխալ դեղ-սպեղանի,
Որ իսպառ եղծուած մեռելներին իսկ կեանքի ես կոչում սքանչելապէս.
Աներկբայելի՛ դու ամենաստեղծ,
Որ հրով կիզուածին, հողմով հոսածին եւ գազանների
ժանիքներով հոշոտուածին
Մի ակնթարթում միեւնոյն մարմնով անպակաս դարձեալ
կկենդանացնես.
Անզուգակա՛ն համարձակութիւն,
Որի համար աստուածանուէր պարծանքով պարծենալն է իրաւացի:

Զուարթ քաղցրութեամբ նայիր ինձ վրայ երկնքիցդ, Տէ՜ր,
Ինձ, որ նեղուած եմ ամենակործան վտանգների մէջ,
Եւ հանգստացրո՛ւ սիրտս դիւրապէս` իր բազմատագնապ հեծութիւններից:
Վրաս յարձակուող սատակիչներին`
Դիւական դժնեայ հնարքներով սպառազինուած թշնամիներ լինեն նրանք,
Թէ տգեղագոյն եւ քեզ ատելի այլանդակ մեղքեր,
Եւ կամ սպառիչ ու կորստաբեր ցաւ ու ախտերի հետքեր մնացորդ,
Մերժե՜ս, դուրս հանես, կտրես, խափանես, հալածես հեռու,
Վռնդես իսպառ եւ անդառնալի կերպով կորստեան մատնես վերստին.
Եւ կառուցես, կանգնես դու կեանքի որպէս նպատակ ամուր մահարձան`
Նշանը խաչիդ քեզ ապաւինածիս, ո՜վ փրկութիւն.

Եւ ահաւոր քո մեծութեան այս անպարտելի եւ անպատիր եւ
անհերքելի հրաշքների շնորհիւ
Թող քանդուեն բոլոր սատանայական որոգայթները գաղտնածածուկ.
Մեքենայութիւնները մերկացուեն եւ չքուեն գայթակղութիւնք,
Թակարդ լարողները խայտառակուեն,
Թող երեւան գան խայծերն ու ծուղակները նենգաւորի,
Վերանան ցանցի ծածկոյթները, որոմների ծիլերը վառուեն,
Եւ թո՛ղ նզովուեն չարաբանութիւններըբռնաւորի,
Թող կտրուի լարը խաբեութեան ի մահ որսացողի,
Թող կորչեն բանսարկութիւնները պատրողի,
Թող պակասեն զէնքերը զրպարտչի,
Թող ընկնեն սրերը մահաբերների ձեռքից,
Թող սուզուեն սարքերը սադրողի,
Թող արձակուեն պարանները տագնապեցնողի:
Թող այլայլուի կերպարանքը սուտ` կեղծաւորի,
Թող սանձահարուեն խիստ յարձակումները խրոխտների,
Թող ցրուեն միաբանութիւններն ուտիչների,
Թող տրոհուեն տոհմերն աւազակների,
Թող քայքայուեն բոյլերը բարբարոսների,
Թող քանդուեն ամրոցներն ապստամբների,
Թող արգելակուեն ամպրոպներն հանդուգնների,
Թող փարատուեն անձրեւները փորձողի,
Թող հալուի եւ ցամաքի եղեամն աղանդաւորի:
Թող խորտակուի եղջիւրը գոռոզի,
Թող մանրուեն ձողափայտերը կուռքերի դրոշների,
Թող փշրուեն ամբարհաւաճութիւններն հպարտացողների,
Թող նահանջեն գրոհները ճակատողների,
Թող քանդուի՛ միաբանութիւնը Բելիարի թէ՛ անմարմին եւ թէ՛
մարմնաւոր զօրքերի,
Մի արահետով եկողները թող եօթ ճամփաներովփախչեն շուարած.
Այն գուբը, որ ինձ համար փորեցին, իրե՛նք թող ընկնեն:
Թող ձանձրացողի ձմեռներն ամառուան փոխուեն,
Թող կտրուի կցորդիչ կապը մշտաջան աւազակի,
Շողոքորթի համբոյրն իմ ճակատին թուայ թող նողկալի,
Թող ընդհատուեն եւ հեռանան նետաձգութիւնները նեղչի,
Թող սասանման մէջ մնայ խարդախի նաւը մշտապէս
Եւ խածանողի ատամները թող արմատից քաշուեն:

Շնորհիւ օրհնեալ քո կենաց փայտի, որին պրկուեցիր, Աստուա՜ծդ անբռնելի,
Բեւեռներիդ յիշատակով, որոնցով մահուան գործիքի վրայ
գամուեցիր, արարի՛չդ երկնի եւ երկրի,
Արեամբդ տէրունական, որով որսացիր հսկայ վիշապին,
կարթելով նրան,
Դառն լեղիով, որը խմելով` ի դուրս թափեցիր կորուսչի տուած
թոյնը մահաբեր,
Քո սարսափելի չարչարանքների բաղձալի պատմութեամբ,
Որով լրբութիւնն հակառակորդի լռեցնելով` ամաչեցրիր նրան,
Անմեկնելուդ ըստ ամենայնի անհասկանալի անունով,
Որից դողում են ու դատապարտւում` սոսկալով սաստիկ սարսափումով
Երեւելի եւ աներեւոյթ էութիւններն ամէն, —
Շնորհիդ պարգեւներն այս բոլոր խոստովանողիս համար
Պաշտպանութիւն, բժշկութիւն եւ քաւութի՜ւն լինեն:
Իսկ մահաբեր ու դառնաթոյն այն օձի համար,
Որի միջոցով տեղի ունեցաւ չարութիւնը տիեզերադաւ`
Սատակման պատճառ թող լինեն նրանք.
Նոյն ինքը դրանցով` կորուստի եւ անբուժելի հարուածի
Տանջանքներին մատնուի թող, կապուի եւ բռնուի:
Ստեղծողիդ ողորմութիւնն ինձ հետ թող լինի,
Եւ շունչն իմ ոգու միանայ քեզ հետ անբաժանօրէն ամրապինդ կերպով:
Եւ ով որ կարդա այս աղերսաձայն մաղթանքների աղօթքները խնդրողական,
Ծեր թէ երեխայ, կոյս թէ երիտասարդ եւ կամ աղախին,
Ամէն ոք, ով որ աստուածասիրաբար ի քեզ պաղատի,
Թող որ անխտիր, հաւասարապէս երանութեան մա՛սը ընդունեն քեզնից,
Եւ ազատուելով իրենց պարտքերից, արատներից զերծ`
Վերահաստատուեն նոր մաքրութեան մէջ.
Իրենց հոգու մէջ անփոփոխ կերպով նկարելով քո պատկերը դարձեալ:
Ուստի, տիրապէս` կարող, զօրաւոր, անպատում, անհաս, անիմանալի,
Տե՛ս ահա, լսիր հառաչանքներն իմ այս հեծեծագին եւ աղերսաձայն,
Որոնք բոլորի շուրթերից քեզ են ընծայաբերւում`
Ի սէր բարերար երկնաւոր քո Հօր եւ քո սուրբ Հոգու
Կենդանատուիդ եւ փառակցին քո,
Աստուածածնի բարեխօսութեամբ եւ աղաչանքով բոլոր սրբերի:
Քանզի բոլորին դո՛ւ ստեղծեցիր եւ ամենայն ինչ քեզանով եղաւ,
Եւ ամէն ինչի դու ինքդ ես տիրում:
Եւ քեզ, որ մէկն ես անժամանակ
Երրորդութեան իսկութիւնից,
Հաւասարապէս փառաւորուած ընդմիշտ,
Փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ Ղ)

 

Աղոթք փառաբանության

Արեգա՛կ արդար, օրհնեալ ճառագայթ, պատկեր լուսեղէն,
Փափագ անձկալի, անքնին բարձրեալ, անպատում զօրեղ,
Բարու բերկրութիւն, յուսատու տեսիլ, գովեալ երկնաւոր,
Թագաւոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանեալ կեանք,
Եղկելուս բազմավրէպ եւ սխալներով լի այս շարադրանքի
Պակասները դո՛ւ լրացրու խօսքով քո ամենազօր
Եւ այն մատուցիր որպէս հաճելի աղերս բարձրեալ Հօրդ:
Դու ինձ համար անէծքների փորձութեան ենթարկուեցիր`
Կերպարանքովդ նմանուելով ինձ, կենա՜ց օրհնութիւն,
Բարեխնամ տեսուչ երկնայինների եւ ողջ երկրայնոց:
Զի թէ յանձն առար մեռնել ինձ համար, Աստուա՜ծ բոլորի,
Ո՛րքան աւելի պիտի ուզենաս կարեկցել եւ այժմ ինձ,
տառապալից տագնապահարիս,
Ազգակցիդ մեզ` մեզնից մարմնացեալ,
Մեղապարտիս հետ միշտ աղօթելով  Հօրդ համապատիւ:

Եւ պատուական արեանդ միջնորդութեամբ,
Որ մատուցւում է միշտ առաքչիդ կամքին ի հաճութիւն`
Թող վերացուեն վտանգները մեղաւոր դատապարտեալիս,
Պարտքերը զիջուեն, ամօթը փարատուի,
Մոռացուեն խայտառակութիւններն ու դատավճիռն ի բարին փոխուի,
Սատակեն որդերն, ու լացը վերանայ,
Դադարի կրճտումն ատամների թող, ողբերն սպառուեն,
Արտասուքները ցամաքեն թող որ, սուգը հեռանայ,
Խաւարն հալածուի, ու հուրը սաստիկ մարի, մոխրանայ,
Եւ բազմապիսի տանջարաններն ի բաց մերժուեն:

Եւ թող բոլորին կեանք կամեցողիդ ու պարգեւողիդ գթութի՜ւնը գայ,
Թող լոյսդ ծագի, փրկութիւնդ փութայ, օգնութիւնդ հասնի,
Այցելութիւնդ ժամանի, եւ ողորմութեանդ ցողը կանխահաս
Թող որ շտապի` յոյժ թշուառութեամբ մահուան վիհն ընկած
Իմ ոսկորների պապակ անդաստանը ոռոգելու:
Կենարար արեանդ բաժակն երկնաւոր, որ պատարագւում է միշտ, անսպառ
Յանուն ննջեցեալների հոգու փրկութեան եւ կենաց,
Թող ծաղկեցնի եւ պտղաբերի լուսաւոր օրուանդ համար
մշակուած դաշտն իմ մարմնեղէն,
Որպէսզի նրա մեղքով իսպառ մահացած հոգիս,
Քո շնորհիւ, գթա՜ծ, քո մէջ զօրացած,
Եւ մեղքերից ազատ, անմահ կենդանութեամբ
Նորոգուեմ արդարների յարութեան օրը`
Հօրիցդ օրհնուած, որի հետ փառք քեզ եւ քո սուրբ Հոգուն
Եւ բարեբանութիւն վայելչական գոհութեամբ,
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ ՂԵ)