frantsisk

Ֆրանչիսկոս Ասսիզեցի

Ֆրանչիսկոս Ասսիզեցի (իտալ.՝ Francesco d’Assisi, Ջիովաննի դի Պիետրո Բերնարդոնե, իտալ.՝ Giovanni di Pietro Bernardone; ենթադր. 1182, Ասսիզի, Պերուջա, Ումբրիա, Իտալիա — հոկտեմբերի 3, 1226, Պորցյուկուլա, Ասսիզի, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), կաթոլիկ աշխարհի մեծագույն սրբերից, իր անվամբ կոչված Ֆրանցիսկյան միաբանության հիմնադիրը։  Հին վանականությունը աշխարհից իր հրաժարմամբ առանձին վանականից աղքատության ուխտ էր պահանջում, բայց դա չէր խանգարում, որ մենաստաններն ու վանքերը խոշոր հողատերեր դառնային, իսկ վանահայրերը շքեղությամբ և հարստությամբ մրցեին եպիսկոպոսների և իշխանների հետ։ Ֆրանչիսկոսը շեշտը դրեց ավետարանական աղքատության գաղափարի վրա. աշխարհից հրաժարիմքի բացասական ընկալումը նա դարձրեց դրական, կենսական տեսլական, ինչը բխում էր աղքատ Քրիստոսի օրինակին հետևելու գաղափարից։

Աղոթք Խաղաղութեան

Տէր Աստուած իմ,
ինձ խաղաղութեանդ գործիք դարձրու.

ուր ատելութիւն կայ, ես սէր տարածեմ.
ուր վիրաւորանք կայ, ես ներում հասցնեմ.
ուր տարաձայնութիւն կայ, ես միութիւն հաստատեմ.
ուր սխալ կայ, ես ճշմարտութիւնը բերեմ.
ուր կասկած կայ, ես հաւատքը տանեմ.
ուր յուսահատութիւն կայ, ես յոյսը սփռեմ.
ուր խաւարը կայ, ես Քո լոյսը շողացնեմ.
ուր տրտմութիւն կայ, ես բերկրանք տարածեմ:

Ո՜վ Աստուածային Փրկիչ,
տո՛ւր ինձ Քո շնորհը, որպէսզի
չբաղձամ այնքան մխիթարուել՝ որքան մխիթարել,
այնքան հասկացուել՝ որքան հասկանալ,
այնքան սիրուել՝ որքան սիրել:

Արդարեւ, տալով ենք ստանում,
ինքներս մեզ մոռանալով ենք հասկացողութիւն գտնում,
ներելով ենք ներւում,
մահանալով ենք յարութիւն առնում յաւիտենական կեանքին:

Ամէն:

Թարգմանությունը՝ mashtoz.org

Փառաբանության աղոթք

Բարձրյալ, Ամենազոր, բարի Աստված,
Քոնն են փառաբանումը, մեծարումը, գովք և օրհնություն,
Միայն Քեզ են, Բարձրյալ, պատշաճում դրանք,
Եվ արժանի չէ ոչ ոք քո անունը տալու։

Փառաբան լեր, Տեր,
Արարյալներովդ ամեն,
Նախ և առաջ Լուսատու Արեգակով,
Որ եղբայրն է մեր տեր,
Եվ որը ցերեկն է, որով լուսավորում ես Դու մեզ։
Եվ նա գեղեցիկ է և, շողշողալով փայլն իր վիթխարի,
Քո էությունն է կրում, Բարձրյալ։

Փառաբան լեր, Տեր, լուսնյակի և աստղերի համար, որ քույրերն են մեր։
Դու արարեցիր դրանք երկնքում՝ պայծառ, գեղեցիկ և հրաշափառ։
Փառաբան լեր, Տեր, վասն քամու, ով եղբայրն է մեր,
Եվ օդի ու ամպի, և երկնային բիլի ու տարափի ամեն,
Որոնցով Դու քո արարյալներին ես պահում։

Փառաբան լեր, Տեր, մեր քույր ջրի համար,
Ողջ օգտավետ է նա, խոնարհ, անբասիր և ախորժելի։

Փառաբան լեր, Տեր, կրակի համար, ով եղբայրն է մեր,
Որով գիշերը լուսավոր ես դարձնում,
Եվ սիրուն է նա, զվարթ, ուժեղ և ժիր։

Փառաբան լեր, Տեր, մեր քրոջ համար՝ վասն Մայր-Երկրի,
Ով պահում է մեզ, կառավարում է
Եվ պտուղներ է տալիս զանազան, երփներփին ծաղիկներ և բույսեր։

Փառաբան լեր Դու վասն ամենայնի, ինչ ի սեր քո ներողամիտ է, Տեր,
Եվ հիվանդանում է և կարիքի մեջ է մտնում,
Երանի՝ ովքեր մնում են ընդմեջ խաղաղության,
Քանզի նրանք, Բարձրյալ, Քեզանից են պսակն ընդունելու։

Փառաբան լեր, Տեր, վասն մարմնական մահի, որ եղբայրն է մեր,
Որից չի խուսափելու ապրող ոչ ոք,
Եղուկ՝ ովքեր մահացու մեղքերի մեջ են հոգին տալիս,
Երանի՝ ովքեր Սուրբ Կամքին են քո հնազանդում,
Երանի՝ ովքեր մահը գտանում են՝ հանց նվիրյալ կամքիդ,
Քանզի երկրորդ մահը նրանց ոչ մի ցավ չի պատճառելու։

Գովաբանենք և փառք ասենք Տիրոջը և երախտիք բարբառենք նրան,
Եվ ծառայենք նրան, և մեծ խոնարհությամբ։

Թարգմանությունը՝ Հակոբ Մովսեսի