external

Հովհաննես Գառնեցի

Հովհաննես Գառնեցի (1180 – 1245) – XIII դարի հայ աստվածաբան։ Եղել է վարդապետ։ Հայտնի է դարձել իր «Աղօթամատուց Յովհաննու վարդապետի Գառնեցւոյ» աշխատանքի շնորհիվ, երբեմն կոչվում է նաև «Գիրք աղօթից»։ Ժամանակակիցները նկարագրել են այդ աղոթքները, որպես հրաշագործ։ Մասնավորապես, հայտնի են շաբաթվա յոթ օրերի աղոթքները, որտեղ յուրաքանչյուր աղոթք սկսվում է իր անվան համապատասխան տառով (Յ, Ո, Վ, Ա, Ն, Ե, Ս)։ Գրքում կան նաև մի քանի աղոթքներ ճանապարհորդների համար։ Բացի այդ, մինչև մեր օրերը հասել է «Խրատք առ միանձինս» աշխատանքը։ Կիրակոս Գանձակեցին իր «Պատմություն Հայոց» մեջ մի ամբողջ գլուխ նվիրել Հովհաննես Գառնեցուն։

Աղոթք մեր Տեր Հիսուս Քրիստոսին

Գառն Աստծու, Տեր իմ և Աստված իմ, Հիսուս Քրիստոս, որ զոհվեցիր խաչի վրա և վերացրիր աշխարհի մեղքերը, մեղսագործ ծառաս քո և ամեն հանցանքով ծանրաբեռնվածս ընկնում եմ քո առջև ու աղաչում քեզ, Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ` մեղավորիս, ինչպես ողորմեցիր ամբողջ աշխարհին, քանի որ դու ես աշխարհի հույսն ու լույսը, ճանապարհ, ճշմարտություն և կյանք: Մեղքով մեռած քո ծառայիս, որ քո անոխակալ մարդասիրության առջև եմ, հանցանքով անօրինացածիս մի՛ անտեսիր, այլ ողորմի՛ր ինձ հանուն բոլոր տնօրինական չարչարանքներիդ, որ կրեցիր բազում համբերությամբ:

Հիշի՛ր, ամենակեցույց Տեր, հայրական ծոցից իջնելդ և սուրբ կույս Մարիամից մարմնանալդ:
Հիշի՛ր, ամենօրհնյալ Տեր, իբրև մարդ քո շրջելը մեղավոր մարդկանց մեջ:
Հիշի՛ր, ամենասուրբ Տեր, քո մկրտվելը Հորդանանում Հովհաննեսի ձեռքով:
Հիշի՛ր, ամենագետ Տեր, դպիրներից ստացած նախատինքն ու փորձանքները` փարիսեցիներից:
Հիշի՛ր, կանխատես Տեր, Հուդայից մատնվելն ու քահանաներից ծաղրվելը:
Հիշի՛ր, ամենազոր Տեր, պարտեզում բռնվելն ու կապկպվելը խուժանից:
Հիշի՛ր, ամենակարող Տեր, Կայիափայի առջև լինելն ու Աննայից հարցաքննվելը:
Հիշի՛ր, անոխակալ Տեր, ծառայից ապտակվելն ու կատաղիների կռուփը:
Հիշի՛ր, ներողամիտ Տեր, եբրայեցոց թուքն ու ծեծելը եղեգնով:
Հիշի՛ր, արքաների արքա, Պիղատոսի ատյանում կապանքներով կանգնելն ու նրանից գանահարվելը:
Հիշի՛ր, անմատչելի լույս, կարմիր քղամիդն ու փշե պսակը:
Հիշի՛ր, անհիշաչար Տեր, այն ժամը, երբ ուսիդ առար կենսաբեր խաչափայտը:

Հիշի՛ր, բարձրյալ, քո բարձրանալը կենդանարմատ փայտին և գամերով ամրանալը:
Հիշի՛ր, մի՛ մոռանար ծարավից նեղվելը և լեղի ու քացախ ճաշակելը:
Հիշի՛ր, մի՛ մոռանար «Էլի, Էլի» ձայնը, և զինվորից խոցվելը:
Հիշի՛ր, մի՛ մոռանար վարդագույն սուրբ արյանդ հոսելը և աստվածացած գլխիդ խոնարհվելը:
Հիշի՛ր, կենդանիդ հավիտենից, եռօրյա թաղումն ու աստվածորեն հարություն առնելը և հրաշափառորեն համբարձվելը:
Հիշի՛ր, հիշի՛ր կորսվածիս, հիշատակդ հավիտենից, քանի որ մեղավորիս համար հանձն առար այս ամենը, բոլորագութ Տեր:

Արդ, այս ամենն ունեմ քո առջև միջնորդ ու բարեխոս, բազումողորմ, ողորմի՛ր ինձ և թո՛ղ իմ բոլոր հանցանքները և սրբիր մեղքերից, ազատի՛ր գեհենի անվախճան վշտերից և ինձ տեղ տուր քո արքայության մեջ, չէ՛ որ դու մարդասեր Տեր ես: Եվ քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
թիւն, օգնութիւն, հաշտութիւն և օրհնեալ արքայութիւն: Եւ քեզ ընդ Որդւոյ և ընդ Սուրբ Հոգւոյդ վայել է փառք և պատիւ յաւիտեանս. ամէն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի

Աղոթք սուրբ Աստվածածնին

Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար: Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը` քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին: Ինձ համար աղաչիր քո անդրանիկին, կանգնի՛ր նրա առջև` սուրբ ստինքներդ ցույց տալով, նրա առջև միջնորդ ու բարեխոս դարձրու իր մանկությունը, կաթով սնվելը որպես մանուկ, ուսիդ առնելը, գրկով գգվելը, շրթներով համբուրելը, ողջագուրելն իբրև մանկան, քո գնալգալը նրա հետ Եգիպտոս և Նազարեթ և ամենուր, նրա համար տրտմությամբ տառապելը չարչարանքի ժամին, քեզ Հովհաննեսին հանձնարարելը, երբ խաչի վրա վշտով գամված էր, և քո դառն արտասուքը, որ վտակի պես հեղում էիր, երբ տեսար նրան խաչի վրա վտանգված: Քանի որ մատնվեց դատաստանի` տառապում էիր կսկիծով չարաչար տանջանքների համար, սաստիկ ծարավելուն, լեղի ու քացախ ճաշակելուն, քրքմնագույն արյան իջնելը տեսնելով, խաչից արնաներկ մարմինն իջեցնելիս, դիազարդած սուրբ գերեզման դնելիս:

Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք` [հիշեցնելով] նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ներե բազմամեղիս, և ջնջե իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմե դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի

Աղոթք Տեր Աստծուն

Ցավագնածս մեղքով և մեղքերի ու հանցանքների  քավություն  ցանկացողս խնդրում եմ քեզ, բարերար և բարեգութ Տեր, հավետ մի՛ բարկանա իմ դեմ, բարերա՛ր, իմ բազում մեղքերի համար և իսպառ մի՛ զայրանա մեղքով ցնորվածիս, ներողամիտ Տեր: Հիշի՛ր, որ հեշտ տապալվող մարմին եմ, երևացող պատրանքները խաբեցին պակասամիտիս, և չարիքի ցանկությունը կուրացրեց հոգուս աչքերը. մոռացա քո գութն իմ նկատմամբ և վատնեցի քո ողորմության պարգևները, վանեցի քո անմահարար սերը և արհամարհեցի Արարչիդ խնամակալությունը, շեղվեցի քո օրենքներից,  Տե՛ր,  և  ապստամբեցի  հզորիդ պատվիրանների դեմ: Դրա համար մերժեցիր մեղուցյալիս և վար զարկիր ներքև ընթացողիս: Չկա ուրիշ տեղից ինձ փրկություն բացի քեզնից, իմ Տեր: Դու ստեղծեցիր ինձ, դի՛ր քո ձեռքը վիրավորված ոգուս վրա. մեղա քեզ, փրկությունդ հավիտենից, մի՛ շրջիր երեսդ ինձնից և բարկությամբ մի՛ շեղվիր քո անպիտան ծառայից: Ցո՛ւյց տուր երեսդ [ինձ]` քո ծառային և քա՛ղցր նայիր ամենատես աչքովդ, փրկի՛ր եղկելիիս հավերժական հրից և ազատի՛ր բորբոք հրից: Տարակուսածիս արժանի արա հասնելու անանց փառքին և փառաբանելու ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի

Աղոթք Տիրոջը գիշերվա համար

Աղաչում եմ քեզ, ամենակալ Տեր Աստվա՛ծ, գոհանում եմ քո անհաս մարդասիրությունից, որ քո անարժան ծառային արժանացրիր հասնելու գիշերվա այս ժամին: Դու ես տերը ցերեկի և գոյացնողը գիշերի, դու պահպանի՛ր ինձ ցնորական կասկածներից և երևելի ու աներևույթ թշնամիների երկյուղից և ամրացրու դևերի դառնությունից ու բելիարի բռնությունից, սատանայի սաստից,  մղձավանջների  ծանրությունից, շինվածքների փլչելուց, մարդկանց նենգությունից, կախարդների աղանդից, մոլար մտքերից, աղտեղի  մտածումներից,  ցանկական  ցավերից, քնի զարհուրանքներից, դառն երազներից, չարի արհավիրքներից, խառնաշփոթ անուրջներից և բոլոր ուրիշ չար բաներից պահպանիր  քո ծառային`  ամենակեցույց  շնորհովդ: Եվ քո բազմահնար ողորմությամբ շրջապատելով` անկողինս ամրացրո՛ւ բոլոր կողմերից աջից ու ձախից, հյուսիսից ու հարավից, արևելքից ու արևմուտքից, երկինքն ի վեր և երկրին խոնարհ, առաքիր հրեշտակների խմբերը, Տե՛ր, բնակատեղը ծառայիդ: Տո՛ւր ինձ լուսավոր միտք և օգտակար մտածմունք, տո՛ւր ինձ, Տե՛ր, մտքի արթնություն և զգայարանների զգաստություն, որպեսզի զվարթ մտքով ու արթուն խոհերով հանգստանամ և գոհությամբ փառավորեմ ամենասուրբ տերությանդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի

Աղոթք երկնային զորքի միջնորդությամբ

Սրբեր և սիրվածներ ամենասուրբ Երրորդությունից,  սպասավոր  հոգիներ, Գաբրիել, Միքայել, Ուրիել, Ռափայել` հրեշտակներ ու հրեշտակապետներ, պետություններ և իշխանություններ, զորություններ և տերություններ, սերովբեներ և քերովբեներ, հոգեղեն աթոռներ, հրեղեններ, բոցեղեններ, լուսեղեններ և մնացած բոլոր այլ երկնայիններ, որոնց առջև ընկնում և երկրպագում եմ ձեզ  զարդարող  Տեր  Աստծուն,  և  ձեզնից խնդրում եմ հայցել Տիրոջից իմ հանցանքների թողություն և մեղքերի քավություն: Քանի որ ձեզ տրված է համարձակություն բարեխոսելու բոլոր մեղավորների համար: Որովհետև դուք սուրբ եք և մնում եք ամենասրբի մոտ: Դուք անմարմին եք և անմեղանչական, իսկ ես մարմնավոր եմ և մեղանչական: Դուք անմահ եք և լույսի մեջ բնակվող, իսկ ես` մահկանացու և մեղքի խավարով ծածկված: Դուք թեթևընթաց եք և մտքից արագ, իսկ ես` մեղքով ծանրացած և հանցանքով մոլոր: Դրա համար աղերսում եմ ձեզ, աղաչեցեք ինձ համար Տիրոջը, թողություն հայցեցեք բազում հանցանքներիս, քանի որ մարդասերն ինքն իսկ համաձայն է կորուսյալիս փրկության: Տարագրվածիս խնդրանքը մի՛ մատնեք անուշադրության, այլ մեղուցյալիս աղաչանքը միացնելով ձեր ամենամաքուր մաղթանքներին` մատուցեցեք կորածիս որոնողին, որ իմ փրկությամբ Տերը ձեզ ուրախություն տա երկնքում, իսկ ես, ձեր միջնորդությամբ մեղքերից սրբվելով և բոլոր հանցանքներից ազատվելով, փառավորեմ ձեզ հետ ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի

Աղոթք ճանապարհի համար

Առաջնորդ  կյանքի  և  ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, և իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, և Մովսեսին` Սինա լեռը, և ժողովրդին` պարգևների երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Եմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ և մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամուց և բարով առաջնորդիր այնտեղ, ուր դիմում ենք, քանի որ դու ես ճանապարհ և ճշմարտություն և կյանք, և քեզ վայել է փառք և երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի

Աղոթք Որդի Աստծոն

Աստծու Որդի, ճշմարիտ Աստված, որ մեր` մարդկանց  փրկության  համար մարդու որդի եղար. Որդի Աստծու, որ քո անհաս մարդասիրության համար խոնարհվեցիր քո անճառ փառքից, և որոնելու ելար Ադամի այս տան կորցրած պատկերիդ և քո տնօրինական տանջանքների հետ երկրում փրկություն իրագործեցիր, և ազատեցիր մահի և մեղքի ծառայությունից, և հողեղեններիս հրավիրեցիր արդարության և քո փառքին, և մահկանացու այս բնությունը հաղորդ ու ժառանգակից դարձրիր երկնային անմահական զորքերին: Եվ այժմ, Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, այս բոլոր բարությունները, մարդասիրապես շնորհելով, ստեղծեցիր, իմ ծովացած մեղքերի պատճառով միայն ե՛ս չլինեմ զրկված անհատույց պարգևներիցդ, և իմ հանցավոր խոսքերի համար միայն ես զուրկ չմնամ այդպիսի փրկությունիցդ, այլ ինչպես ելար կորսված ոչխարի որոնման և գտնելով` առար ուսիդ, ինձ` կորսվածիս փնտրող եղիր, և ինչպես ողորմեցիր քանանուհուն և խնդրանքը կատարեցիր, կատարի՛ր և իմ խնդրանքը, որ իմ մեղքերի համար պաղատում եմ: Եվ ինչպես քո բերանի խոսքով սրբեցիր բորոտին, սրբիր և ինձ իմ բոլոր սխալներից: Եվ ինչպես անդամալույծին առողջացրիր, առողջացրո՛ւ և ինձ` չարիքով լցվածիս: Եվ ինչպես հիվանդներին բուժեցիր, բուժի՛ր և ինձ` ցանկությամբ հիվանդացածիս: Եվ ինչպես դևերին մարդկանցից հալածեցիր, հալածի՛ր և ինձնից իմ կյանքի թշնամուն: Եւ ինչպես կույրերին լուսավորեցիր, լուսավորի՛ր և ինձ` մեղքով խավարածիս: Եվ ինչպես մեռելներին հարություն տվիր, հարություն տուր և ինձ` հանցանքով մահացածիս: Եվ ինչպես ծովի ալիքները սանձեցիր` սաստելով հանդարտեցրու և իմ մեղքի ալիքները: Եվ ինչպես անապատում սովյալներին կերակրեցիր` կերակրի՛ր և ինձ` ճշմարիտ սովյալիս, քո առատ ողորմությունից:
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, որ ուզում ես` ամեն մարդ լինի և գա ճշմարտության գիտության, ուստի քո անձը փրկանք տվիր բյուրերի փոխարեն. հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, որ [մարդկանց համար] իջար քո հայրական ծոցից անճառ ծնունդով Սրբուհուց, խանձարուրով պատած մսուր դրվելուդ, կաթով կերակրվելուդ, բազուկներով բարձրացվելուդ, գրկով գգվելուդ, հողեղեն շրթունքներով համբուրվելուդ, և տաճարին ընծայվելուդ [համար], հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, Հորդանան մտնելուդ, Հովհաննեսից մկրտվելուդ, Սուրբ Հոգու իջնելուն, Հորից վկայվելուդ և անապատում փորձվելուդ համար, հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, աստվածահրաշ սքանչելագործելուդ, աստվածությունդ հայտնելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, Վերնատանը բազմելուդ, առաքյալներին լվանալուդ, պատարագի նոր ուխտը հաստատելուդ և Հուդայից մատնվելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, հրեաների խուժանից բռնվելուդ, կապվելուդ, լաթով պատվելուդ, շփվելուդ, հայհոյվելուդ, կռփահարվելուդ, ծեծվելուդ, թքով անպատվվելուդ, ծաղրվելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:
Ատյանում լինելուդ, դատավորից դատվելուդ, Հերովդեսից հարցաքննվելուդ, դպիրներից նախատվելուդ, քահանաներից կշտամբվելուդ, ժողովրդից պարսավվելուդ և զինվորներից տարվելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:
Կենսաբեր փայտին բարձրացվելուդ, Գողգոթայում կանգնելուդ, կամավոր բարձրանալուդ և բևեռներով գամվելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, աստվածախառն մարմնիդ մերկանալուն, կարմիր քղամիդով զարդարվելուն, պատմուճանով ծածկվելուն, հանդերձներից բաժանվելուն, փշով պսակվելուն համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, քրտնաջան ծարավելուդ, լեղի և քացախ ճաշակելուդ, բարձրաձայն Հորը դիմելուդ, «Էլի, էլի» գոչելուդ և աստվածեղեն հոգիդ ավանդելուն համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, խաչից իջնելուդ, Հովսեփի ձեռքով պաստառակալվելուդ, գերեզման իջնելուդ, մատանիով կնքվելուդ, դժոխքն ավերելուդ, մեռելներից հառնելուդ, աշակերտներին օրհնելուդ և փառքով Հոր մոտ համբառնալուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, ինձ, ըստ իմ գործերի, մի՛ հատուցիր, ինձ մի՛ զրկիր քո ողորմությունից և մի՛ անտեսիր քո ձեռքի գործերը, և մի՛ զրկիր ինձ քո երանավետ խոստումներից, մի՛ մոռացիր քո ողորմությունը, ինձ մի՛ ուղարկիր հավիտենական տանջանքի, այլ հիշի՛ր ինձ, Տե՛ր, և ողորմիր ինձ, Տե՛ր, մի՛ տոչորեցրու ինձ հրեղեն տապակի մեջ, ինձ մի՛ գանահարիր գեհենով և ինձ վրա մի՛ բեր բորբոքած բոցը: Հիշի՛ր, հիշի՛ր, հիշատակդ հավիտենից, Տեր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, և նայիր ինձ քաղցրությամբ: Եվ հանուն քո Հոր երեսի փառքի, և հանուն Սուրբ Հոգուդ փառակցության, և հանուն սուրբ Աստվածածնի և քո բոլոր երկնավոր ու երկրավոր սրբերի սիրո և բարեխոսության, ինձ ազատի՛ր աններելի տանջանքներից ու գեհենի դառն վշտերից և ինձ արժանի արա երկնքի արքայությանդ, իսկ քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ փառք, իշխանություն և պատիվ հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի

Աղոթք Սուրբ Հոգուն

Հոգի՛ Աստծու, Աստվա՛ծ ճշմարիտ, Հոգի՛ իմաստության և գիտության, Հոգի հանճարի և զորության, Հոգի ճշմարտության և աստվածպաշտության, և մխիթարիչ, Հոգի համագոյակից և հավասար Հորն ու Որդուն, աղաչում եմ քեզ, որ արարչության ժամանակ շրջելով համասփյուռ ջրերի վրա՝ գոյացրիր բոլոր արարածները, ինձ և՛ս արա նոր նորոգություն: Հոգի Սուրբ Աստված, աղաչում եմ քեզ, որ Բեսելիելին ու Եղիաբին լցրիր իմաստությամբ՝ կերտելու վկայության խորանի մնայուն հորինվածքը, ինձ ևս լցրու իմաստությամբ՝ քո կամքին մնալու: Աղաչում եմ քեզ, որ շնորհեցիր մարգարեներին նախապես պատմել Միածնիդ աշխարհ գալը, ինձ կանխատեսությո՛ւն տուր` մշտապես իմանալու և կատարելու  բարին: Աղաչում եմ  քեզ, որ մկրտության օրը երկնքից իջնելով` հայտնեցիր քո էակցի Աստված լինելը և Հայր կոչելով որդիությունդ` ի հաճույս քո դրոշմի՛ր ինձ: Աղաչում եմ քեզ, որ Պենտեկոստեի օրը երրորդ ժամին իջար երկնքից առաքյալների դասի  մեջ և հրազինված  մաքրազարդելով` նրանց առաքեցիր քարոզելու տիեզերքի ոլորտներում, գաս և ինձ մոտ` բնակվելու ինձ մոտ և սրբելու իմ հոգու աղտեղությունը: Աղաչում եմ քեզ, որ երբ Պետրոսը խոսում էր Կուռնելիոսի տանը` իջար լսողների հոգիներին, իջնես և ինձ մոտ և ինձ դարձնես բնակարան քեզ: Աղաչում եմ, որ սկզբից մինչև հիմա և մինչև գալոց ապառնիները ամեն ինչ ամենով լցնես, ինձ ևս չանտեսես անբավ բարությունիցդ (զրկելով), այլ քո սրբարար զորությամբ սրբի՛ր իմ բոլոր հանցանքներից: Ողորմի՛ր և բոլոր ննջեցյալներին, որ Աբելից մինչև այսօր [եղել են], ո՛ւմ հարկ է` ողորմել նրանց: Ողորմի՛ր բոլոր կենդանիներին, որ կան, և որ այսուհետև լինելու են կենդանի` անբան թե բանավոր: Ճանապարհ ընկածներին պահի՛ր, նավորդներին ուղղություն տուր, վտարանդվածներին սփոփիր, արժանահաս պատուհասները ետ դարձրու, խրտնածներին պատսպարի՛ր, խփվածներին կյանքի կոչիր, Բելիարին բեկիր, սատանային սանձիր, դևերին դեգերել տուր, նրանց հնարքները հերքիր, նրանց խաբեությունը խափանիր, գերիներին ազատիր, կապվածներին արձակիր, գլորվածներին կանգնեցրու, ընկածներին հաստատիր, կոտրվածներին բժշկիր, վիրավորներին կապիր:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի

Աղոթք Հայր Աստծուն

Երկնավո՛ր  Հայր,  ճշմարի՛տ  Աստված, հանդերձյալ աշխարհի Հայր, գթությունների Հայր և բոլոր մխիթարությունների Աստված, ամենակալ տերությունիցդ և անբավ մարդասիրությունիցդ հայցում ենք` նայի՛ր անեղ ձեռքերիդ գործիս և խնայի՛ր` ում որ փչելով կենդանացրիր: Որոնի՛ր մոլորյալիս և քո գթությամբ գտի՛ր կորսվածիս: Կարո՛ղ Տեր, կանգնեցրու կործանվածիս և դարձրու դառն մեղքով դատապարտվածիս: Հո՛ւյս հարության, բարձրացրո՛ւ հանցանքով հուսահատված անկյալիս: Տե՛րդ տերերի, մեծ ուրախություն տուր տրտմածիս, քանի որ չարի չարաչար չարությամբ չարչարվեցի և վիրագի կարեվեր վերքերով վիրավորվեցի: Խորամանկ խարդավանողը խորապես խո ցեց, և անբարի Բելիարը բեկեց բնավին: Բանսարկուի բամբասանքից բանդագուշեցի և խաբողի պարանով պարտավորվեցի: Չարասերի չարաչար չարիքներին չափ չկա, և բավ չէ Բարձրյալիդ բարկացնողիս բամբասանքը: Ընկա կամովին կորստյան կեղտի դարանը և սաստիկ սասանմամբ սուզվեցի սատանայի խորշում: Իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից վեր, և հարվածով խփեցին ինձ մեղքի փշերը:

Եվ հիմա, երկնավոր Հայր, ընկնում եմ քո առաջ և աղաչում, մեղա երկնքի և քո առաջ, արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ քո վարձկաններից մեկը դարձրու: Տո՛ւր ինձ հայրական համբույր և պարգևիր ինձ առաջին ճոխության պատմուճանը, և կոշիկը շնորհալից, և մեծարանքի մատանին: Շնորհիր ինձ պարարակ եզը, անմահական ճաշակումն ու անապական բաժակը, որ վայրի խոզերը և նրանց տերերը չկարողանան իմ մեջ խոցելի բան գտնել: Եվ ինձ սրբելով բոլոր սխալներից` արժանավորիր համարձակաձայն բարբառով մշտապես դիմելու քեզ և ասելու.

Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, կամքը քո լինի` ինչպես երկնքում և երկրի վրա, մեր հանապազորդ հացը տուր մեզ այսօր, և թող մեր պարտքերը, ինչպես և մենք թողնում ենք մեր պարտապաններին, և մի՛ տանիր մեզ փորձության, այլ փրկի՛ր չարից, քանի որ քոնն են արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի

Կենսաբեր սուրբ Խաչին

Ողջո՛ւյն քեզ, փա՛յտ փրկության, հավատի վահան, անհաղթելի զենք, երկսայրի սուր թշնամու դեմ, որ քեզ վրա բազմեց Փրկիչը աշխարհի: Դու ես Խաչը տերունական, պահի՛ր իմ անձը թշնամուց: Հանուն կյանքի օրհնության փայտիդ, որին պրկվեցիր Աստվածդ անըմբռնելի բևեռներիդ հիշատակով, որով մահվան գործիքին կպար Արարիչդ երկնքի և երկրի, տերունական արյունովդ, որով վիշապին մեծ կարթով որսացիր, լեղիի դառնությամբ, որ խմեցիր, որով կորուսիչի դեղատվությունը մեկուսացրիր` սարսափելի տանջանքների պատմության ըղձական ճառերով, որով հակառակողի լրբությունն ըմբերանելով` ամաչեցրու բոլորովին անհասանելիիդ և անթարգմանելիիդ անհաս անունով, որից դողում դատապարտվում են բոլոր երևացող  և աներևույթ բնությունները սաստիկ սարսափմամբ սոսկալով: Այս ամենը լինեն պարգև խոստովանողիս ի պաշտպանություն, ի բժշկություն և ի քավություն: Եվ մահաբեր դառնաթույն օձին և նրան ազդած տիեզերադավ չարությունը. սատակում բերի նրան նույն ինքը, կորստի և անբուժելի հարվածի, սրանով մատնվի տանջանքի, կապվի և բռնվի: Եվ Ստեղծողի ողորմությունը լինի ինձ, և իմ հոգու շունչը կամովին քեզ հետ միավորվի անբաժանորեն: Եվ ով որ ընթերցի մաղթանքի գոչման այս ձայնի աղերսը, հայցման աղոթքը, ծերերին ու մանուկներին, երիտասարդի և կույսի, և թե աղախինների, չպաշտվի աստվածասիրաբար, հավասարապես, անաչառությամբ, քեզնից կընկալվի մասն երանության, ազատության` պարտքերից, վերստին հաստատվելով նորոգ մաքրության անարատությամբ, դարձյալ նկարելով քո կերպարանքը անփոփոխելի: Ահա տիրապես հնարավոր, զորեղ, անպատում, անհաս, անիմանալի կլինես այստեղ այս հեծության հառաչանքի կողկողանքին, որ բոլոր շրթունքներից ընծայվելով՝ քեզ է մատուցվում, քո երկնավոր Հոր և բարերարի համար, և փառակից և կենդանատու սուրբ Հոգուդ, և սուրբ Աստվածածնիդ բարեխոսությամբ ու բոլոր սրբերի խնդրանքով, քանի որ դու ստեղծեցիր ամբողջը, և քեզնից եղան բոլորը, և դու տիրում ես ամենին, և քեզ փառք բոլորից, մեկդ անժամանակ Երրորդության իսկությունից` փառավորապես զուգակցած անբավ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի

Շաբաթվա յոթ օրերի աղոթք

Կիրակի օրվա

Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից: Տեր և Աստված իմ, որ այս օրը լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը` գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից: Բայց դու, Տեր, գթած և մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայությունդ սուրբ առաքյալներին և բոլոր քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները և նրանց հետ փառավորելու Երրորդությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

Երկուշաբթի օրվա

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այսօրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր:
Ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ. Ասա՛այդ խոսքովդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» բազում:
Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից [վեր], և իմ հանցանքների բազմությունը ծածկեց ինձ:
Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս:
Հեռացրու ինձնից հանցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Տերությունդ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Երեքշաբթի օրվա

Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորիններիս ստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա, ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով, ընկնում եմ քո առջև ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով թառամածիս և բարի արգասիքներից անպտուղիս, նայի՛ր, Տեր, անմեղ մատներիդ ստեղծածիս, և անարատ ձեռքիդ գործիս մի՛ անտեսիր, այլ նախախնամական սիրովդ խնայիր խախտվածիս ու մեղքով տարակուսածիս, որովհետև նենգավորի նետերն ինձ խոցոտեցին, և իմ մեջ ծլեցին բանսարկուի փշերը, ինձ վիրավորեց ահագին վիշապը, և մահաբեր գազանի թույները թափվեցին վրաս: Այլ տեղից փրկություն չկա և ոչ` բժշկություն իմ հոգուն և մարմնին: Արդ, ամենամեղս հայցում եմ ամենազոր տերությունիցդ, բուժիր բեկված սիրտս, կապիր, մարդասեր Տեր, խոր վերքերս, և ինչպես այսօր անջատեցիր ջուրը ցամաքից, նույնպես անջատիր ինձնից բոլոր անօրինություններս և արժանացրու երկնային արքայությանդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

Չորեքշաբթի օրվա

Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ, անճառ ճառագայթ և անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող, երկնքի լուսավորներին հորինող, Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը և նրանց տեղավորեցիր երկնքում` լուսավորելու արարածներիս և ցույց տալու ժամ ու ժամանակ, օր ու տարի, և արդ, ես` լույսից զրկվածս և մեղքի խավարով պատածս, լուսաշող ողորմությունիցդ հայցում եմ` ինչպես տարրեղեն լուսավորներիդ շնորհեցիր լույս, ինձ ևս շնորհիր մի փոքր մաս ու բաժին առատ և անհամեմատելի լույսիցդ, և ինձնից փարատիր հանցանքի մեգն ու խավարը, և անանց լույսովդ առաջնորդիր ինձ երկնային արքայությունդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

Հինգշաբթի օրվա

Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո պահպանությունից և մի՛ մերժիր հանցավորիս քո պարգևները, այլ ցույց տուր ինձ քո ողորմությունը և բարության նշան տուր ինձ: Վերցրու բարկացնողիս բեռները և ազատի՛ր տառապյալիս մեղքի ուռկանից: Մի՛ բարկանար ինձ վրա, Տեր, իմ բազում անօրինությանց համար, մի՛ դատապարտիր դառնացուցչիս քո սուրբ անվան համար, այլ ձեռք մեկնիր օրինազանցիս և անդունդի խորքից հանիր մեղքով խորտակվածիս, մեղքի աղտից մաքրիր և բազմամեղիս խղճմտանքը ազատիր, կորստյան որդուս լույսի որդի դարձրու և արդարությունից հեռացածիս մերձավոր դարձրու քո սրբերին ու սիրելիներին, որ նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

Ուրբաթ օրվա

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք պայծառ պատվից ու փափուկ փառքից: Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար, ուստի դատապարտվածիս համար այս օրը խաչ բարձրացար, Բանդ Աստված: Եվ արդ, աղաչում եմ Քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին [կենդանության շունչ] փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր, հավիտենական տանջանքի, քանի որ Քոնն եմ, Տեր, և հույսս Դու ես, և Քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից: Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին, որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ Ամենազոր Տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

Շաբաթ օրվա

Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարել[ագործել], որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով` չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա: Արդ, ահա ես` ամենամեղս, ընկած աղաչում եմ քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս, և խնդրում եմ քեզնից լույսի Հորդ երեսի փառքի և սուրբ Հոգուդ փառակցության համար, և քո կամավոր չարչարանքի համար, և կենդանարար արմատով փայտի ու սուրբ գամերի համար, և քո քրքմագույն, ազատարար սուրբ արյան հեղման համար, և եռօրյա թաղման ու հրաշալի հարության համար, և սուրբ Մարիամ Աստվածածնի կուսական կաթի համար, քո երկնային և երկրավոր բոլոր սրբերի սիրո ու բարեխոսության համար, սրբիր ինձ իմ բոլոր մեղքերից և ազատիր գեհենի դառն վշտերից և քո անպիտան ծառայիս արժանացրու քո խոստացած բարիքին` քո սրբերի հետ, որ նրանց հետ հանգչելով` փառավորեմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես Վարդապետ Գառնեցի