Երանելի Օգոստինոսի Կարճ Սաղմոսարանը
ՈՂՋ ՍԱՂՄՈՍԱԳԻՐՔԸ ՄԻ ՍԱՂՄՈՍԻ ՄԵՋ
«Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ վրա, Տիրոջ ողորմությունը կպարուրի նրանց» (Սաղմոս 31.10):
Երանելի Օգոստինոսը Աստվածաշնչի 150 սաղմոսներից ընտրաքաղելով ու վերաշարադրելով դրանք, ինչպես նաև բացահայտելով կամ պարզապես մատուցելով դրանց իմաստը, հյուսեց սույն կարճ սաղմոսարանը իր մոր՝ սրբուհի Մոնիկայի համար, ում անդադար աղոթքներով դարձի եկավ ինքը՝ անառակ որդին։
(նշված թվերը սաղմոսների համարներն են)
Ամենակարող Տեր Աստված, հավիտենական փառքի Թագավոր, Դու գիտես, որ միայն այն մարդն է երանելի, որը արհամարհելով մեղավորների ճանապարհը՝ Քո օրենքի պատվիրանների մասին է միայն գիշեր-ցերեկ խորհում (1.1-2)։
Սովորեցրու ինձ՝ մեղավորիս, ի սրտե, երկյուղով ու դողով հավատարմորեն ծառայել Քեզ (2.11): Եվ երբ իմ ձայնով (3.5) խոնարհաբար կանչեմ Քեզ, լսիր (4.2) և ողորմածաբար ականջ դիր իմ խոսքերին (5.2) և զայրույթով մի՛ լքիր ինձ՝ մեղավորիս (6.2), որպեսզի չհափշտակի հին թշնամին և առյուծի նման հոշոտի ինձ, և չգտնվի մեկը, որ փրկի ինձ և պահապանի (7.3):
Սակայն Դու, Տե՛ր, — ի՜նչ հրաշալի է Քո անունը ողջ աշխարհում, և Քո փառքը որքա՜ն վեր է երկնքից (8.2), — արա այնպես, որ թշնամիներս, ետ դառնալով, թուլանան ու կորչեն Քո առջևից (9.4), որպեսզի չկարողանան բռնել իմ հոգին կրակե ցանցով, և հուրը, ծծումբն ու փոթորիկի շունչը (10.6) ինձ չոչնչացնեն։
Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար ե՛լ (11.6), նայիր և լսիր ինձ, Տե՛ր (12.4), որովհետև Դու աղքատի մտածմունքն ես և նրա հույսը (13.6):
Տո՛ւր ինձ, Աստվա՛ծ իմ, ընթանալ անբասիր և արդար գործեր կատարել (14.2). թող իմ ժառանգության բաժինը Քո ողորմածության շնորհը լինի (15.5):
Պահպանիր ինձ աչքի բբի պես, Քո թևերի հովանու տակ ծածկիր ինձ (16.6), որովհետև Դու իմ զորությունն ես, իմ պահպանիչը և իմ ապավենը (17.2-3):
Իմ մեղքերի գաղտնիքներից մաքրիր ինձ և օտարներից պահպանիր Քո ծառային, Տեր (18.13-14): Առաքիր ինձ օգնություն սրբարանից (19.3) և իմ սրտի ցանկացածը իրագործիր (20.3):
Ազատիր ինձ առյուծի բերանից (21.22) և արդարության ճանապարհով առաջնորդիր ինձ (22.3), որպեսզի ես կարողանամ բարձրանալ Քո լեռը և կանգնել Քո սուրբ վայրում, մաքուր ձեռքերով և անբիծ սրտով (23.3-4):
Իմ մանկության և տհասության մեղքերը մի՛ հիշիր (24.7): Մի՛ կործանիր ինձ ամբարիշտների հետ (25.9) և ինձ իմ նեղողների ձեռքը մի՛ մատնիր Տեր (26.12), այլ ողորմածահար լսիր պաղատանքիս ձայնը և ականջ դիր Քո սուրբ անվան փառքը օրհնաբանողիս (28.2) և ողորմիր ինձ (29.11)։
Լսիր ինձ, քանզի հույսս դրի Քեզ վրա, Տե՛ր, թող հավետ ամոթով չմնամ (30.2), և ներիր իմ մեղքերի ամբողջ ամբարշտությունը (31.5)։
Թող ողորմությունդ, Տե՛ր, լինի ինձ վրա, ինչպես որ իմ հույսը դրեցի Քեզ վրա (32.22): Իմ բոլոր նեղություններից փրկիր ինձ (33.5). և ասա ինձ, թե՝ «Քո փրկությունը Ես եմ» (34.3), քանզի ես թևերիդ հովանուն պիտի ապավինեմ (35.8)։
Տուր ինձ իմ սրտի ուզածները (36.4) և ուշ դարձրու, որ ինձ օգնես (37.23): Փրկիչ Տե՛ր, ցույց տուր ինձ, թե ե՞րբ է իմ վախճանը, և որքան է կյանքիս օրերի թիվը, որպեսզի իմանամ, թե ինչքան կորուստ եմ ունեցել (38.5):
Լսիր, Տե՛ր, իմ աղոթքը և հանիր ինձ տառապանքի փոսից, ցեխից, տիղմից ու ոտքերս հաստատիր ժայռի վրա և ուղղիր իմ քայլերը (39.2-3)։
Փորձանքի օրը փրկիր ինձ (40.2), Տե՛ր, որպեսզի մտնեմ Աստծո տան սքանչելի հարկի տակ (41.5)՝ ցնծության ու օրհնության ձայնով, քանի որ Դու ինձ ուժ տվողն ես, Աստվա՛ծ (42.2)։
Մի՛ շեղիր իմ շավիղը Քո ճանապարհից (43.19), որպեսզի սիրեմ արդարությունը և ատեմ անօրենությունը (44.8)։ Եղիր ինձ համար ապավեն և զորություն (45.2), քանզի Դու մեծ Թագավոր ես ամբողջ երկրի վրա (46.3):
Աստվա՛ծ մեր, հավիտյանս հավիտենից (47.15), փրկիր իմ հոգին, երբ դժոխքն ինձ ընդունելու լինի (48.16)։ Երբ Դու գաս դատելու Քո ժողովրդին (49.3-4), ողորմիր ինձ, Աստվա՛ծ, Քո մեծ ողորմությամբ և Սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից։ Գթառատ Տեր, այդ ժամին երեսդ շուռ տու իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջիր ինձնից: Իմ մեջ մաքուր սիրտ հաստատիր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգիր իմ որովայնում (50.3,11-12), որպեսզի ես պտղաբեր ձիթենու նման ընդունելություն գտնեմ Քո տանը (51.10) ու ցնծամ Հակոբի հետ, և Իսրայելի հետ ուրախ լինեմ (52.7):
Աստվա՛ծ, Քո անվամբ փրկիր և զորությամբ արդար հանիր ինձ (53.3): Խնդրանքներս մի՛ անտեսիր (54.2), այլ ողորմի՛ր ինձ (55.2)։
Ուղարկիր ողորմությունդ և ճշմարտությունդ, Աստվա՛ծ, և նախատելի դարձրու ինձ ոտնահարողներին (56.4), փշրիր նրանց ատամներն իրենց բերանում և կոտրատիր ժանիքները առյուծների (57.7):
Դու, Աստվա՛ծ իմ, պաշտպանն ու ապաստանը իմ (58.18), Քո Աջով պահպանիր ինձ (59.7), և ես կծածկվեմ Քո խորանում ու թևերիդ հովանու տակ (60.5), երբ յուրաքանչյուրին հատուցես ըստ իր գործերի (61.3)։
Հոգիս ծարավ է Քեզ (62.2). թաքցրու ինձ չարագործների ամբոխից (63.3)։ Երբ Քեզ մոտ գա ամեն մարմին (64.3), մի՛ վանիր Քո ողորմությունն ինձնից (65.20), այլ ցույց տուր երեսդ և գթա ինձ (66.2):
Աստվա՛ծ, որ մեր կենարար Աստվածն ես, բարեհաջող արա իմ ուղին (67.21), որ ջրերի հորձանքները չկլանեն ինձ, և անդունդներն ինձ չընկղմեն (68.16)։
Օգնականն ու փրկիչն իմ Դու ես (69.6). Տե՛ր իմ, մի՛ ուշացիր, քանի որ, Տե՛ր, հույսս Քեզ վրա դրի, թող հավետ ամոթով չմնամ (70.1):
Երբ սկսես դատել Քո ժողովրդին (71.2), իրենց անձը Քեզնից հեռացնողները պիտի կորչեն (72.27) և այնժամ թող ես ամոթով ետ չդառնամ (73.21), քանզի Դու, արդար Դատավոր, ցածրացնում ես մեկին և մյուսին` բարձրացնում (74.8): Դու ահավոր ես, և ո՞վ կարող է կանգնել Քո առջև (75.8): Դու ես, հրաշագործ Աստվածը (76.15)։
Ինչպես որ հացով կերակրեցիր Քո ժողովրդին և անապատում իրենց ցանկացածը տվեցիր նրանց (77.19,29), այնպես էլ ինձ՝ սովյալիս, թող հագեցնի Քո բարությունը, և թող ողորմությունդ շուտով հասնի ինձ (78.8)։
Սգո հաց առաքիր լացի ժամանակ (79.6), ժայռերից հոսող մեղրով հագեցրու (80.17), որպեսզի ես ստանամ ներքին քաղցրություն։ Աստվա՛ծ (81.8), որ քննում ես գործերը արդարների և մեղավորների, Դու, որ միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա (82.19), լսիր իմ աղոթքը, ողորմիր ինձ և օրհնիր ինձ (83.10)։ Օրենսդի՛ր, ներիր իմ անիրավություններն ու ջնջիր իմ բոլոր մեղքերը և փրկիր (84.3), Աստվա՛ծ իմ, Քո ծառային, որ հույսը դրել է Քեզ վրա (85.2):
Աստվա՛ծ, որ հաստատում ես Քո եկեղեցին սուրբ լեռան վրա (86.2), թող աղոթքս հասնի Քեզ, Տե՛ր, ականջդ թող մոտենաս խնդրանքներիս (87.3):
Թող Քո ձեռքը լինի ինձ հետ (88.22), որպեսզի երեկոյան չթառամեմ, չչորանամ և չընկնեմ (89.4): Եվ փրկիր ինձ որսորդի թակարդից և ցերեկվա սլացող նետից (90.3,6), որպեսզի ես, լինելով Տիրոջ տանը տնկված, ծաղկեմ արմավենու նման և բազմանամ Լիբանանի մայրիների պես (91.13-14) երկար օրեր (92.5):
Եղիր իմ ապավենը, օ իմ հույսի օգնականը, Աստվա՛ծ իմ (93.22), մեծ Թագավոր ողջ աշխարհի (94.3)։ Երբ սկսես դատել տիեզերքն արդարությամբ (95.13), և բոլոր ժողովուրդներին Քո ճշմարտությամբ, այնժամ թող բերկրեմ հավիտենական լույսով, որ ծագում է արդարների համար (96.11), որպեսզի Քո աջն ու սուրբ բազուկը փրկի ինձ (97.1):
Ո՜վ բազմողդ քերովբեների վրա (98.1), արա այնպես, որ ես, աղաղակեմ Քո առջև (99.2) իմ տան մեջ` սրտիս անարատությամբ։ Եվ ծուռ սիրտ ունեցողը թող ինձ չմոտենա, այլ թող աչքերս սևեռվեն երկրի հավատացյալներին, և թող ապրեմ նրանց հետ` գնալով անբիծ ճանապարհով, երբ Դու դադաստանով Քո քաղաքից վերացնես բոլոր անօրենություն գործողներին (100.2,4,6,8)։
Տե՛ր, լսիր իմ աղոթքը, աղաղակս թող հասնի Քեզ։ Մի՛ շրջիր երեսդ ինձնից, նեղությանս օրը ինձ մոտեցրու ականջը Քո (101.2-3): Ողորմած եղիր իմ հանդեպ, իմ բոլոր գործերում փրկիր կյանքս ապականությունից, հագեցրու բարությամբ ցանկությունը իմ (102.4-5):
Դու, որ նայելով երկրին՝ դող ես պատճառում նրան (103.32), Դու, որ Եգիպտոսից հանեցիր Քո ժողովրդին ցնծությամբ և Քո ընտրյալներին՝ ուրախությամբ (104.43), օգնիր ինձ պահել իրավունքը և ամեն ժամ արդարություն գործել (105.3). հանիր ինձ խավարից և մահվան ստվերից (106.10), որպեսզի պատրաստ սրտով գոհություն մատուցեմ և սաղմոս երգեմ Քեզ (107.2):
Տուր ինձ նշան բարության իմ փրկության համար, ինչպես վայել է անվանդ (108.21), քանզի քաղցր է ողորմությունը Քո (109.3). և թող Քո սրբերի վայելչությամբ արդարների ժողովում (110.1), հավաքույթի մեջ իմ արդարությունը մնա հավիտյանս հավիտենից, և իմ եղջյուրը բարձր լինի փառքով (111.9):
Եվ երբ Դու կպատվիրես ինձ՝ աղքատիս, բարձրանալ գետնից և տառապյալիս վեր կքաշես աղբանոցից (112.7), ես կօրհնեմ Քեզ այսուհետև մինչև հավիտյան (113.26). և թող ողջերի երկրում հաճելի լինեմ Քո առջև (114.9)։
Քանդիր իմ կապերը (115.7), և թող Քո ողորմությունը հաստատվի ինձ վրա (116.2): Երբ նեղության ժամանակ կանչեմ Քեզ, Տե՛ր, լսիր ինձ (117.5)։
Տե՛ր, իրավունքիդ ճանապարհի օրենսգետն ինձ դարձրու, որ ամեն ժամ հետևեմ դրան։ Իմաստուն դարձրու ինձ, որ քննեմ Քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն (118.33-34)։ Մոլորվեցի կորուսյալ ոչխարի պես (118.176), փնտրիր և փրկիր ինձ (119.2): Հսկիր իմ մուտքն ու ելքը որպեսզի իմ ոտքերը հասնեն ու կանգնեն (120.8) դռներին Քո Երուսաղեմի (121.2):
Աչքերս դեպի Քեզ բարձրացրի, Տե՛ր, Դու, որ բնակվում ես երկնքում (122.1), փրկիր ինձ որսորդի որոգայթից (123.7), որպեսզի ես իմ ձեռքերը անօրենության չերկարեմ (124.3): Թող իմ բերանը լցվի խնդությամբ և իմ լեզուն ցնծությամբ (125.2): Մի՛ թող ինձ ամոթով մնամ (126.5) և օրհնիր ինձ Սիոնից, որպեսզի ես տեսնեմ բարությունը Երուսաղեմի (127.6), և թող ամոթաբար լինեն նրանք, ովքեր ատում են Սիոնը (128.5)։
Թող Քո ականջները լսեն ձայնն իմ աղոթքի (129.2), Քո ծառայի, ո՛վ Տեր։ Թող սիրտս չգոռոզանա և աչքերս վերևից չնայեն, այլ թող կենան խոնարհությամբ (130.1-2), մինչև Հակոբի Տեր Աստծո համար խորանի տեղ չգտնեմ (131.5):
Այնտեղ, ուր Դու պատրաստեցիր օրհնությունն ու կյանքը հավիտենական (132.3), այդտեղ ես կբարձրացնեմ իմ ձեռքերը դեպի սրբություն և կօրհնեմ Քեզ (133.2)՝ Նրան, Ով պիտի դատի Իր ժողովրդին և մխիթարի Իր ծառաներին (134.14):
Աստվա՛ծ աստվածների և Տեր տերերի (135.2-3), լալիս եմ (136.1) և երկրպագում եմ Քո սուրբ տաճարի առջև (137.2). փորձի՛ր ինձ, Աստվա՛ծ, ու ճանաչիր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչիր իմ շավիղները, և տե՛ս, եթե իմ ճանապարհին անօրենություններ կան, առաջնորդիր ինձ Քո հավիտենական ճանապարհներով (138.23-24):
Հեռու պահիր ինձ, Տե՛ր, մեղավորից և անիրավ մարդուց պահպանիր ինձ (139.5): Տե՛ր, թող աղոթքս Քեզ ուղղվի որպես խունկ (140.2): Տե՛ր, բանտից հանիր ինձ, որ գոհություն մատուցեմ Քո անվանը (141.7):
Տե՛ր, լսիր աղոթքն իմ, Քո ճշմարտությամբ ականջ դիր իմ խնդրանքին և ծառայիդ հետ դատաստան մի՛ տես։ Լսի՛ր ինձ փութով, Տե՛ր, քանզի շունչս պակասեց իմ ներսում (142.1,2,7): Դո՛ւ ես իմ Աստվածը, Ողորմությունս, Ապավենս, Պաշպանիչս (143.1-2)։
Դու մեծ ես ու անչափ օրհնյալ և Քո մեծությունը սահման չունի (144.3): Շնորհի՛ր արդարություն զրկյալին, արձակի՛ր բանտարկյալին, բա՛ց աչքերը կույրերի (145.7-8), և կառուցիր Երուսաղեմը, Տե՛ր (146.2):
Երբ ամրապնդես դռների նիգերը, թող ես էլ բնակվեմ այնտեղ Քո որդիների հետ (147.2): Ինչպես որ գովում են Քեզ հրեշտակները և Քո բոլոր զորությունները երկնքի Արքայությունում (148.2), նույնպես էլ ես սուրբերի ժողովում փառքով ուրախանալով նրանց հետ (149.2-3)։ Թող գովաբանեմ և փառավորեմ լսելի բառերով (150.5) Քո սուրբ և փառավորյալ անունը անվախճան հավիտյաններում։ Ամեն:
Թողնել պատասխան