Առաւօտ լուսոյ
Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գըտող զիս արա:
Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:
Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:
Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:
Էդ Հայր անսկիզբն,
Էակից Որդի,
Է միշտ սուրբ Հոգի:
Ընկալ զիս, գըթած,
Ընկալ, ողորմած,
Ընկալ, մարդասէր:
Թագաւոր փառաց,
Թողութեանց տուող,
Թող ինձ զյանցանս:
Ժողովող բարեաց,
Ժողովեա եւ զիս
Ժողովս անդրանկաց:
Ի քէն, Տէր, հայցեմ,
Ի մարդասիրէդ,
Ինձ բժշկութիւն:
Լեր կեանք մեռելոյս,
Լոյս խաւարելոյս,
Լուծանող ցաւոյս:
Խորհրդոց գիտող,
Խաւարիս շնորհեա
Խորհուրդ լուսաւոր:
Ծնունդ Հօր ծոցոյ,
Ծածկելոյս ստուերաւ
Ծագեա զլոյս փառաց:
Կենարար փրկիչ,
Կեցո զմեռեալս,
Կանգնեա զգլորեալս:
Հաստեա հաւատով,
Հաստատեա յուսով,
Հիմնեցո սիրով:
Ձայնիւս աղաչեմ,
Ձեռօքս պաղատիմ,
Ձիր բարեաց շնորհեա:
Ղամպարամբ լուսոյ,
Ղեկավար ճարտար,
Ղօղեալս ամրացո:
Ճառագայթ փառաց,
Ճանապարհ ինձ ցոյց,
Ճեպել ի յերկինս:
Միածինդ Հօր,
Մոյծ զիս յառագաստ
Մաքուր հարսանեացդ:
Յորժամ գաս փառօք
Յահագին աւուրն,
Յիշեա զիս, Քրիստոս:
Նորոգող հնութեանց,
Նորոգեա եւ զիս,
Նորոգ զարդարեա:
Շնորհատու բարեաց,
Շնորհեա զքաւութիւն,
Շնորհեա զթողութիւն:
Ուրախացո, Տէր,
Ոգւոյս փրկութեամբ,
Ոյր վասն եմ ի սուգ:
Չար մշակողին,
Չար սերմանց նորին
Չորացո զպըտուղն:
Պարգեւիչ բարեաց,
Պարգեւեա իմոց
Պարտեացս թողութիւն:
Ջուր շնորհեա աչացս,
Ջերմ հեղուլ զարտօսր,
Ջնջել զյանցանս:
Ռետինդ քաղցու,
Ռամ հոգւոյս արբո,
Ռահ ցոյց ինձ լուսոյ:
Սէր անուն Յիսուս,
Սիրով քով ճըմլեա,
Սիրտ իմ քարեղէն:
Վասըն գըթութեանդ
Վասն ողորմութեանդ,
Վերստին կեցո:
Տենչալւոյդ տեսլեամբ
Տուր ինձ յագենալ,
Տէր Յիսուս Քրիստոս:
Րաբունդ երկնաւոր,
Րոտեա զաշակերտս
Րամից երկնայնոց:
Ցօղ արեան քո, Տէր,
Ցօղեա ի հոգիս,
Ցընծասցէ անձն իմ:
Իիւծեալըս մեղօք,
Իիւծեալ աղաչեմ,
Իիւսել ինձ բարիս:
Փրկիչ բոլորից,
Փութա զիս փրկել
Փորձութեանց մեղաց:
Քաւիչ յանցանաց,
Քաւեա զօրհնաբանս,
Քեզ երգել զփառս:
Սուրբ Աստուածածնին բարեխօսութեամբ.
Յիշեա, Տէր եւ ողորմեա:
Ներսես Շնորհալի
Ներսես Շնորհալու մասին
ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ, Ներսես Դ Կլայեցի, սուրբ Ներսես Շնորհալի, Երգեցող մոտ 1100, Ծովք բերդ (Ծոփաց նահանգի Անձիտ գավառ) – 13.8.1173, Հռոմկլա], հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս, իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Մեծացել է Գրիգոր Բ Վկայասերի, այնուհետև Բարսեղ Ա Անեցու խնամքի ներքո, հիմնավոր կրթություն ստացել Քեսունի մոտ գտնվող Շուղրի Կարմիր վանքի դպրոցում: 16 տարեկանում ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերանվանվել Ներսես (հայտնի չէ ավազանի անունը): Մինչև կաթողիկոս դառնալը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: Իր կաթողիկոսության տարիներին Ներսես Շնորհալին սերտ կապեր է պահպանել Հայաստանի բոլոր նշանավոր վանքերի և արևելյան վարդապետների հետ, թղթակցել նրանց հետ դավանական, եկեղեական, ազգային, ինչպես նաև գրական ու գիտական բազում խնդիրների շուրջ: Ներսես Շնորհալին միջեկեղեցական ճանաչում և համբավ է վայելել իր բացառիկ գիտականությամբ, աստվածաբանական պատրաստվածությամբ, առաքինազարդ վարքով, սրբակեցությամբ: Համարվել է ավետարանական ոգով եկեղեցիների միության և համագործակցության ջատագով, եկեղեցու մեծ վարդապետ համաքրիստ. մտքի և մշակույթի պատմության մեջ: Ներսես Շնորհալին հայ ամենաբազմարդյուն և բազմավաստակ մատենագիրներից է, համաքրիստոնեական չափանիշով մեծ մատենագիր: Նրա մատենագրական ժառանգությունը գրեթե անկորուստ հասել է մեզ: Գործերի մեծ մասը տպագրվել է, թարգմանվել տասնյակ լեզուներով և բազմիցս վերահրատարակվել: Նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ աստվածաբանական, դավանական,մեկնողական, ծիսապաշտամունքային, պատմական., փիլիսոփայական, մանկավարժական բնույթի երկերը, բանաստեղծություններն ու պոեմները, նամակներն ու քարոզները, աղոթքներն ու շարականները հայոց «արծաթե դարի» և Կիլիկյան Հայաստանի պատմության առաջին շրջանի հոգևոր-մշակութային, կրոնաաստվածաբանական մնայուն արժեքներից են, որտեղ արտահայտված են ժամանակի ազգային-քաղաքական տրամադրությունները, Հայոց պետության և Հայ եկեղեցու գաղափարախոսությունը, վերջինիս ինքնանկախության, ազգային նկարագրի, ուղղափառության պաշտպանությունը: Հայ եկեղեցին ս. Ներսես Շնորհալու հիշատակը տոնում է Խաչվերացի հինգերորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը՝ «սրբոց թարգմանչաց վարդապետաց» հետ:
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան