ԱԽԱԼՑԽԱՅԻ ԵՐԵՎՄԱՆ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Երևման Սբ. Խաչ կամ Սբ. Նշան եկեղեցին Վրաստանի Սամցխե գավառում է, Ախալցխա քաղաքի Ռաբաթ կոչվող հին թաղամասում, տեղանքի վրա գերիշխող բլրի գագաթին, ամրոցից՝ հյուսիս2: Ընդունված տեսակետի համաձայն՝ հիմնադրվել է միջնադարում և, բազմաթիվ վերակառուցումներից հետո, գործել մինչև XX դարը (նկ. 1): Կա նաև տեսակետ, որ այս եկեղեցին հիմնել է Ներսես Շինող կաթողիկոսը՝ VII դարում3: Հավանաբար նման եզրահանգման համար հիմք է ծառայել Վարդան աշխարհագրի հետևյալ հաղորդումը. «…անդ (յԱխալցխա) է օծեալ խաչն սուրբ հայրապետին Ներսիսի, որ այժմ Մաճառաց ասի»4: Ըստ Ս. Էփրիկյանի՝ եկեղեցին բնորոշ է միջնադարին. «…կառուցուած է բարձր բլրան վրայ, Հայոց միջին դարու եկեղեցեաց ձեւերով, ոչ այնչափ սրածայր կաթողիկէ, որ բաւական հնութեան նշան է»: Նրա գրքում զետեղված է բավականին ուշագրավ, մեզ անհայտ սկզբնաղբյուրից վերցված փորագրանկար (նկ. 2), որում կան ինչպես միջնադարյան, այնպես էլ ուշ շրջանի վերանորոգումների տարրեր5: Ցավոք, հեղինակը չի նշում, թե ո՞վ է այս նկարի հեղինակը և ե՞րբ է այն կատարվել:
Դարեր ի վեր կանգուն եկեղեցու գմբեթը կործանվել էր 1828 թ. օգոստոսի 15-ին, ռուսթուրքական պատերազմի ժամանակ՝ թնդանոթների արկերի հարվածներից6: Հիմք ընդունելով եկեղեցու գմբեթի ավերման մասին պատմական վկայությունը, կարելի եզրակացնել, որ փորագրանկարը կատարվել է նախքան ռուսթուրքական պատերազմը:
1866 թ. եկեղեցին վերակառուցվել է Ազնիւաւորան (իմա՝ Ազնավուրյան) եղբայրների հովանավորությամբ7: Եկեղեցուն արևմուտքից կցվել է ընդարձակ աղոթասրահ և զանգակատուն (նկ. 3)8:
ԻՐԱՎԻՃԱԿԸ: 2010 թ. ապրիլ ամսին, ըստ ֆեյսբուքում տարածված տվյալների, Վրաստանի պատկան մարմինների թույլատվությամբ և Կովկասի կաթոլիկ համայնքի հովվապետի նախաձեռնությամբ ձեռնարկվել են Ախալցխայի հին եկեղեցին փլատակներից մաքրելու աշխատանքներ9: Ի հակադրություն հուշարձանների վերականգնման Վրաստանում գործող կարգի, երբ յուրաքանչյուր պատմամշակութային արժեք նախօրոք մանրամասն հետազոտվում է, այս դեպքում, պեղումներ կազմակերպելու փոխարեն, նախաձեռնողը շուկայում վարձակալել էր բանվորներ և հանձնարարել՝ հեռացնել եկեղեցու ներսում և արևելյան ճակատի առջև կուտակված մշակութային հզոր շերտը, ինչը կատարվել էր առանց հնագետի հսկողության: Հողային աշխատանքների արդյունքում բացել էին՝ արևելյան պատն՝ արտաքուստ, եկեղեցու խորանը, ավանդատներն ու հարակից տարածքները, ինչպես նաև որմնապատի մեջ ագուցված՝ խորանի պատին՝ երեք, հյուսիսային ավանդատան պատին՝ մեկ, XIV-XV դդ. բնորոշ չորս խաչքար` երեքն արձանագիր (նկ. 4): Նախաձեռնողները հայերեն արձանագրությամբ խաչքարերի ի հայտ գալուց անակնկալի եկած և տեղի հայ համայնքի ընդվզման պատճառով՝ աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել էին: Օգտվելով առիթից, մենք տեղում ուսումնասիրեցինք հուշարձանը, որն այժմ լիովին աղճատված է10:
Նկար 2. Երևման Սբ. Խաչ եկեղեցին հյուսիսարևելքից (նկարն արտատպված է Ս. Էփրիկյանի գրքից, էջ 59): | Նկար 3. Երևման Սբ. Խաչ եկեղեցու հատակագիծը (չափագրությունը՝ Հ. Սանամյանի, 2010 թ.): |
«Բեղումները», ինչպես հետագայում հողային աշխատանքները բնորոշեց վրաց պաշտոնական կողմը, կատարվել էին առանց մասնագետի հսկողության, հուշարձանների վերականգնման միջազգայնորեն ընդունված սկզբունքների էական խախտումներով: Բանվորները քանդել էին մշակութային հորիզոնները (եկեղեցու արևելյան պատի տակ կուտակված հողերի մեջ հստակ երևում էին խեցեղենի բեկորներ և ոսկորներ, նկ. 5) տեղահանել և իրար վրա անփութորեն լցրել որմնաքարեր (նկ. 6): Սրանց մեջ կար նաև միջնադարյան խաչքարի մեկ բեկոր (նկ. 101): Նման սկզբունքով հողային աշխատանքների կատարումը վկայում է, որ եկեղեցին փլատակներից մաքրելու նպատակը հուշարձանի գիտական վերականգնումը չէր: Իրադարձությունները հաստատեցին ժողովրդի մեջ շրջանառվող այն լուրը, թե վրաց պատկան մարմինները որոշել են քանդել հայկական հինը և տեղում կառուցել վրացական կաթոլիկ նոր եկեղեցի: Եվ, իրոք, 2012 թ. հոկտեմբերի 6-ին, համալիրը վերակառուցվելուց հետո, այն վերաբացվեց որպես վրաց կաթոլիկ եկեղեցի: Ընդ որում, հերթական անգամ, շինարարական աշխատանքներն իրականացվեցին այնպես, որ եկեղեցու վրայից «անհետացան» հայկական արձանագրություններն ու խաչքարերը:
Մեր այցելության ժամանակ՝ 2010 թ., եկեղեցական համալիրը կիսակործան էր: Հուշարձանախումբը բաղկացած էր միջնադարյան եկեղեցուց (VII-XIII դդ.), աղոթասրահից, զանգակատնից (1881 թ.), գերեզմանոցից (XIV-XX դդ.) (նկ. 1, 3):
Նկար 4. Երևման Սբ. Խաչ եկեղեցին փլատակներից մաքրելուց հետո (2010 թ. լուսանկարներ):
ԵԿԵՂԵՑԻՆ: Համալիրի արևելյան մասում էր կիսակործան, արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև հատակագծով կառույցը: Այն պատկանում է կենտրոնագմբեթ սրահավոր հորինվածքով եկեղեցիների տիպին11: Ուղղանկյուն հատակագծով խորանի աջ և ձախ կողմերում քառանկյուն հատակագծով փոքր ավանդատներ էին (նկ. 3): Կառուցված է եղել տեղական՝ կարմրավուն, դեղնավուն և կապտականաչավուն կոփածո քարերից, իսկ լիցքում օգտագործել են նաև գետաքարեր՝ ամրակցված կրաշաղախով: Հարավային ավանդատան մեջ կավածեփ հարթակ էր՝ կենտրոնում, փոսիկի մեջ ամրացված կարասի հատակամաս, որը, հավանաբար, օգտագործվել էր այրված մոմերի մնացորդները վերամշակելու համար: Ինչպես հատակամասը, այնպես էլ մերձակա պատերը մրոտված էին (նկ. 7): Հյուսիսային պատի մեջ մկրտության փոքր և պարզունակ ավազան էր (նկ. 8):
Նկար 5. Մշակութային ավերված հորիզոնների հողը (2010 թ. լուսանկար): | Նկար 6. Եկեղեցու փլատակներից հանված որմնաքարերը (2010 թ. լուսանկար): |
Նկար 7. Հարավային ավանդատան հատակին ամրացված կարասը (2010 թ. լուսանկար): | Նկար 8. Մկրտության ավազանը (2010 թ. լուսանկար): |
Եկեղեցու գմբեթը, գմբեթակիր կամարները, աղոթասրահի թաղերը խոնհարված էին: Բեմն ավերված էր: Երեսապատի քարերը մեծ մասամբ թափված էին: Եկեղեցին դարերի ընթացքում քանիցս վերակառուցվել էր, որի հետևանքով ձևափոխվել էին արևելյան պատը, որը շարվել էր թեքությամբ, ուղղանկյունաձև խորանը, աղոթասրահի՝ գմբեթակիր որմնամույթերից հյուսիս և հարավ, անհավասարաչափ լայնությամբ հատվածները: Մուտքը չէր պահպանվել: Ամենայն հավանականությամբ այն արևմուտքում է եղել և, հետագայում, եկեղեցուն կցված աղոթասրահի կառուցման ժամանակ, վերափոխվել էր ու դարձել եկեղեցու արևմտյան խաչաթևի լայնությամբ կամարակապ բացվածք: Վերակառուցման արդյունք են նաև աղոթասրահի ուղղանկյունաձև, հյուսիսհարավ ձգվածությամբ սենյակները, որոնք կամարակապ բացվածքներով արևմուտքից միանում էին աղոթասրահին, իսկ հյուսիսից և հարավից՝ եկեղեցու արևմտյան խաչաթևին: Պատերի շարվածքում` արատաքուստ և ներքուստ, ագուցել էին խաչքարեր ու տապանաքարեր (նկ. 9), հատակը սալապատել՝ օգտագործելով նաև վրացերեն արձանագիր տապանաքարեր12:
Նկար 9. Երևման Սբ. Խաչ եկեղեցու պատերին ագուցված խաչքարեր և տապանաքարեր (2010 թ. լուսանկարներ): |
Հավանաբար, վերանորոգումներից մեկի ժամանակ եկեղեցին ներքուստ և արտաքուստ պատվել էր կրասվաղով, որի հետքերը պահպանվել էին հարավային ճակատի որմնաքարերի և արձանագիր խաչաքանդակի վրա (նկ. 91): Ներկայացնենք եկեղեցու պատերին ագուցված տապանաքարերից մի քանիսը.
1. Կարմիր բազալտից կերտած ուղղանկյունաձև, հարթ ճակատով սալատապան: Մակերեսին մարդակերպ ուրվագծային պատկեր է, որի կրծքին փորագրված է վարդյակ՝ հավերժության խորհրդանշան: Չափերը՝ 62×32 սմ: Ագուցված էր մկրտության ավազանին մերձակա, եկեղեցու գմբեթակիր՝ հյուսիսային որմնամույթի արևելյան ճակատին (նկ. 92):
2. Համանման սալատապան չափերը՝ 77×42 սմ: Ագուցված էր մկրտության ավազանին մերձակա, եկեղեցու գմբեթ ակիր՝ հյուսիսային որմնամույթի հարավային ճակատին (նկ. 93): Եկեղեցու հարավային պատի վերնամասում, պատուհանից ձախ, ագուցված էր մի խաչքար, որը հարդարված է եղել միանման, զույգ մեծ խաչերով: Հորինվածքի ձախակողմյան հատվածի քանդակները կոտրված են: Աջակողմում պահպանվել էր ականթի տերևների վրա բարձրացող մեծ խաչը, որի հորիզոնական թևերից վեր խաղողի ողկուզաքանդակներ էին, իսկ վար՝ պարզ, փոքր խաչեր: Աջ եզրագոտու վրա պահպանվել էր արձանագրություն (8 տող), որի մի հատվածը հնարավոր եղավ վերծանել13 (նկ. 94).
… / ՍԱՐ/ԳՍ/ԻՆ / ԵՒ / Ծ/Ն(Ո)/Ղ/ԱՑ:
Խաչքարից հինգ շարք ցած, պատուհանի եզրին տեղադրված էր բազալտե տապանաքարի բեկոր, որի վրա փորագծված էր ուղղանկյունաձև իրանով և շրջանաձև գլխով մարդու պատկեր (նկ. 94): Հարավային պատին ագուցված արձանագիր մյուս խաչքարը (նկ. 91) հրատարակել է Սամվել Կարապետյանը14: Աղոթասրահի հյուսիս-արևելյան անկյունում կուտակված էին խաչքարերի և քանդակազարդ որմնաքարերի մոտ մեկ տասնյակ բեկորներ:
Նկար 10. Խաչքարի բեկոր՝ հայտնաբերված փլատակները մաքրելիս (2010 թ. լուսանկար): |
ՆՈՐԱՀԱՅՏ ԿՈԹՈՂՆԵՐ: Եկեղեցու խորանը փլատակներից մաքրելու ժամանակ, արևելյան որմնապատի ստորին մասում, ներքուստ բացվել էին արձանագիր երեք խաչքարի բեկորներ: Դրանք թերի էին, արձանագրությունները՝ մասամբ եղծված: Ամենայն հավանականությամբ, խորանի պատին շարված այս խաչքարերն օգտագործվել էին հետագա վերակառուցման ժամանակ, իսկ սրանց վերնամասերը ջարդել էին՝ շարքի քարերին հարմարեցնելու նպատակով:
1. Հարավային ավանդատան պատից 110 սմ հյուսիս, որմի մեջ ագուցված էր գորշ ավազաքարից կերտված խաչքար (չափերը՝ պահպանված մասի բարձրությունը՝ 105, լայնքը՝ 90, հաստությունը՝ 21 սմ): Այն ճաքել էր, բաժանվել երկու մասի, իսկ վերին կեսը բացակայում էր (նկ. 111): Դատելով պահպանված հատվածից, եղել է գեղաքանդակ, մեծ խաչքար՝ եզերված ոլորահյուս երկայնական եզրագոտիներով: Երկճյուղ, եռաբողբոջ թևերի ծայրերով կենտրոնական մեծ խաչը կանգնեցված էր ականթի տերևներով զարդարված հիմքի վրա: Ստորին թևի երկու կողմում քանդակված էին համանման խաչեր, կանգնեցված «Ադամի գերեզմանի»՝ սեղանաձև հիմքերից վեր ընձյուղվող ձողերի վրա: Մեծ խաչի ստորին մասում քանդակված էր շրջանի մեջ վերցված, միմյանց հյուսված հավասարասրուն եռանկյունիներից կազմված վեցաթև աստղ, որը փորագրողը կոչում է Դավթի նշան՝ «նշան Դավթայ»: Սրա կենտրոնում փոքր խաչ էր, որը, թերևս, խորհրդանշում է Դավթից սերող Քրիստոսին: Վարդյակի ներքո, քարի լայնքով փորագրված է հայերեն քառատող արձանագրություն (նկ. 112).
ՆՇԱՆ ԴԱ(ՒԹԱ)Յ Բ/(ԱՐԷ)/Խ(ԱՒ)Ս Տ(Է)Ր Դ(Ա)ՒԹ(Ի)Ն, ՀՕՐ(Ն) Ս…Յ/ …ՆԹ ԹՈՐՎ[ԱՐ]Դ(ԻՆ) ԵՒ ԶԱ/ՒԱ(ԿԱ)Ց ԻՒՐՈՑ:
Շրջանի մեջ վերցված, միմյանց հյուսված հավասարասրուն եռանկյունիներից կազմված վեցաթև աստղ՝ կենտրոնում փոքր խաչ՝ հայտնի է նաև Հայաստանի այլ տարածաշրջաններում15: Սակայն նշվածը եզակի է իր արձանագրությամբ, որը մեզ հայտնի միակ օրինակն է: Արձանագրությունը հստակեցնում է զարդաքանդակի իմաստը: Սա վեցաթև աստղը Դավթի նշան կոչելու հնագույն վկայություններից է16: Համաքրիստոնեական նշանակություն ունեցող այս խաչքարի բեկորն այժմ դրված է եկեղեցու բակում, նորակառույց պատի տակ: Լուսանկարից հստակ երևում է, որ վերականգնման քողի տակ բեմից հանված խաչքարի պահպանված հատվածը ջարդոտել էին: Այնուհետ բեկորները միացրել էին, սակայն առանց այդ էլ վնասված խաչքարի վրայի բազմաթիվ քանդակազարդեր խեղվել են (նկ. 113):
2. Գորշ բազալտից կերտված մյուս խաչքարից պահպանվել էր ստորին կեսը (պահպանված մասի չափերն են՝ բարձրությունը՝ 62, լայնությունը՝ 32, հաստությունը՝ 24 սմ): Ռելիեֆ եզրագոտու մեջ պատկերված էր երկճյուղ թևերին եռաբողբոջ ծայրերով խաչ, որի վրա պահպանվել էին կարմիր ներկի հետքեր: Ստորին թևի տակ ականթի տերևներից ձևավորված քնարաձև հիմքն էր (նկ. 12): Արձանագրությունն սկսվում էր խաչի ստորին թևի աջ ու ձախ կողմերից և ավարտվում ականթի տերևների ստորին մասում (7 տող): Պատվիրատուի անվան սկզբնամասը կոտրված էր, սակայն արձանագրությունը հիմնականում ընթեռնելի էր.
[ԵՍ ԱՌ]ԱՔ(Է)ԼՍ ԿԱ/ՆԿԵՑԻ/ ԶԽԱՉ/Ս/ ՅԻՇԱՏԱԿ Ի(Ն)Ձ /ԵՒ ԾՆՈՂԱՑ/ ԻՄ(Ո)Ց:
Այս խաչքարի ճակատագիրն այժմ, եկեղեցու վերակառուցումից հետո, անհայտ է:
3. Երրորդ խաչքարը կերտված է կարմրավուն բազալտից: Վերնամասը կոտրված է: Այն ամրացված էր պատվանդանին կամ դրվել էր որմնաքարի վրա, փոքր-ինչ ներս ընկած դիրքով: Կենտրոնի՝ գրեթե ամբողջությամբ պահպանված մեծ խաչն ունի երկճյուղ, եռաբողբոջ ծայրերով թևեր: Խաչը քանդակված է քնարաձև՝ հնգաթև ականթի տերևներից ձևավորված հիմքի վրա: Սրա ներքո երկու միմյանց հետ ոլորահյուս վարդյակ է՝ կենտրոնում վեցաթև ծաղկեպսակ: Մեծ խաչի չորս կողմում փորագրված են փոքր, պարզունակ խաչեր: Խաչքարի եզրագոտին ոլորահյուս է, ուղիղ անցումներով, որոնք կազմում են վերից վար ձգվող շեղանկյունիների հաջորդական շարքեր: Շեղանկյունիների ներսում քանդակված են ռոմբաձև, ռելիեֆ զարդեր (նկ. 141): Խաչքարի պահպանված հատվածի չափերն են՝ բարձրությունը՝ 94, լայնքը՝ 63, հաստությունը՝ 31 սմ, պատվանդանի լայնքը՝ 70 սմ է, բարձրությունը՝ 40 սմ: Արձանագրությունը քանդակված է եզրագոտու ստորին հատվածում: Տառերը զատորոշված են տողամիջյան գծերով: Արձանագրությունն սկսվում է ձախ եզրագոտուց (6 տող) և շարունակվում աջ կողմում (ևս 6 տող): Պատվիրատուի անունը եղծված է (նկ. 142). (…)/ԵՍ Կ/ԱՆԿ(Ն)/ԵՑԻ /ԶՍ(ՈՒՐ)Բ /ԽԱՉՍ/
Վ(Ա)Ս(Ն) /ԵՂԲ/ԱՒՐ Ի/ՄՈ(Յ): / ԹՎ(ԻՆ) /: ՊԻԵ: (1376):
Այս խաչքարն Ախալցխայում հայտնաբերված հնագույն արձանագիր կոթողն է: Եկեղեցու վերականգնման ժամանակ այն անփութորեն դուրս էր նետվել (նկ. 143): Այժմ անհասկանալիորեն հայտնվել է Ախալցխայի բերդի տարածքում՝ վնասված վիճակում (նկ. 144):
4. Հարավից հաշված չորրորդ նորահայտ խաչքարն ամրացված էր հյուսիսային ավանդատան արևելյան պատին: Այն կերտված է տեղական, թերևս Ծուղրութի բազալտից: Ամբողջովին կրապատ էր: Մեծ խաչի եռաբողբոջ ծայրերով թևերի վերին մասում և կենտրոնում փորագրված են պարզ խաչեր: Եզրագոտին ռելիեֆ կիսագլան է (նկ. 131): Չափերն են՝ բարձրությու-նը՝ 83/84, լայնքը՝ 46/47 սմ: Ամբողջական, սակայն հողմնահարված այս խաչը թերևս պատկանում է XIII դ.:
Ներկայումս այս խաչքարը ամրացված է եկեղեցու պատին՝ ներքուստ (նկ. 132):
Նկար 11. Երևման Սբ. Խաչ եկեղեցու խորանին ագուցված արձանագիր խաչքար: 1. խաչքարը նախնական տեսքով, 2010 թ. լուսանկարներ, 2. խաչքարի գրչանկարը, 3. խաչքարի տեսքը «վերականգնումից» հետո (2013 թ. լուսանկար): |
Նկար 12. Երևման Սբ. Խաչ եկեղեցու խորանին ագուցված արձանագիր խաչքար: 1. խաչքարը նախնական տեսքով 2. խաչքարի գրչանկարը (2010 թ. լուսանկարներ): |
Նկար 13. Երևման Սբ. Խաչ եկեղեցու հյուսիսային ավանդատան որմնաշարում ագուցված խաչքար: 1. խաչքարը նախնական տեղում (2010 թ. լուսանկար) 2. տեղահանված խաչքարը (2013 թ. լուսանկար): |
Նկար 14. Երևման Սբ. Խաչ եկեղեցու խորանին ագուցված արձանագիր խաչքար: 1. խաչքարը նախնական տեսքով (2010 թ. լուսանկար) 2. խաչքարի գրչանկարը, 3. խաչքարը եկեղեցու վերակառուցման ժամանակ, ջարդված խաչքարը բերդի տարածքում (2013 թ. լուսանկարներ): |
ԱՂՈԹԱՍՐԱՀԸ: Ամենայն հավանականությամբ 1866 թ. վերակառուցման ժամանակ17 եկեղեցուն արևմուտքից կցվել է ուղղանկյուն հատակագծով մի ընդարձակ սրահ (նկ. 15): Այն կաթոլիկ ճարտարապետությանը բնորոշ շինություն է՝ մուտքերի աջ և ձախ որմերին եկեղեցի մտնողների համար ձեռքերը լվանալու համար քարե փոքր ավազաններով (նկ. 154, 6): Ներքուստ պատերի հարթությունները մշակված են որմնամույթերով, որոնք միմյանց են միանում որմնակամարներով: Աղոթասրահն արևելյան կողմից եռակամար բացվածքով միանում է եկեղեցու արևմտյան խաչաթևին: Հարավային և արևմտյան ճակատներին բացված է մեկական մուտք, իսկ հյուսիսային, արևմտյան և հարավային պատերին՝ երեքական լայն լուսամուտ: Կառուցված էր տեղական կոփածո քարերից, իսկ որմնամույթերը, որմնակամարները, բացվածքների եզրերը և ճակատները շարված էին բաց գորշավուն, սրբատաշ բազալտ քարերից (նկ. 153, 5): Ներքուստ՝ մույթերի շարվածքում, օգտագործել էին վրացատառ արձանագրությամբ տապանաքարեր (նկ. 16): Դրանցից մեկի արձանագրությունն է.
ქ. მოიხსენე უფალ // Ք. հիշիր տեր სიმონათ ოვანეს // Սիմոնենց Օվանես/ին/ ვნც წაიკ თხოს// ով կարդա… Աղոթասրահի երկթեք տանիքը քանդված էր:
Նկար 15. Երևման Սբ. Խաչ եկեղեցու աղոթասրահը: 1-2 ներքին տեսքը, 3. հյուսիսային ճակատը, ձեռքեր լվանասլու ավազան, 5. արևմտյան ճակատը, 6. հարավային մուտքը՝ ներքուստ (2010 թ. լուսանկարներ): |
Նկար 16. Երևման Սբ. Խաչ եկեղեցու աղոթասրահի պատերին ագուցված վրացատառ արձանագրություններով տապանաքարեր (2010 թ. լուսանկարներ): |
ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆԸ: Կառուցվել է աղոթասրահի արևմտյան ճակատին կից, հարավային մուտքի դիմաց: Երկհարկանի կանգուն կառույց է: Կամարներով իրար միացած չորս հզոր մույթերի վրա հանգչում է ութանիստ «թմբուկը», որի վրա բարձրանում է ութսյունանի զանգաշտարակը (ռոտոնդան, նկ.171): Իրականացվել է սրբատաշ քարերից՝ կրաշաղախով: Հարավային ճակատին կարմիրով ներկած, վրացատառ արձանագրություն է, ըստ որի այն կառուցել են Ազնավուրյանները, 1881 թ. (նկ. 172):
1881 აღაშენა სამრეკყლ)ო ესე ელისაბეთ ზურსცაროვის // 1881. Կառուցեց զանգակատունն այս Էլիսաբեթը` Զուրկարովի ასული აზხხნაუროვის ქსე)რივმა //դուստր Ազնաուրովի այրին ეის და მშო(ბჰშელ // իր և ծնող ….18:
ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ: Եկեղեցական համալիրի հարավային և արևմտյան մասում տարածվում է ընդարձակ գերեզմանոցը (նկ. 18): Այստեղ կան խաչքարեր, սալատապաններ, խորանարդաձև տապանաքարեր, մի մասը՝ հայերեն և վրացերեն արձանագություններով, խոյատապաններ (XIV-XX դդ.):
ԽԱՉՔԱՐԵՐ: 1. Եկեղեցու արևմտյան մասում է, գերեզմանոցում: Փոքր-ինչ առաջ դրված քիվով գեղաքանդակ խաչքարի քիվի վրա քանդակված է երկճյուղ, եռաբողբոջ ծայրերով երեք խաչ: Եզրագոտին կազմված է ութաթև վարդակների վերից վար ձգվող շարքերից, որոնց կենտրոնում քանդակված են ութաթերթ ծաղիկներ: Կենտրոնում ականթի տերևներով ավարտվող, քնարաձև հիմքի վրա կանգնած է երկճյուղ թևերով, եռաբողբոջ ծայրերով ավարտվող ձգված խաչ: Սրա վերին թևի երկու կողմում քառակուսիներ են՝ ներգծված վադակներով, իսկ կենտրոնում և հորիզոնական թևերի աջ և ձախ կողմերում փորագրված են պարզունակ խաչեր (նկ. 192): Ըստ Ս. Կարապետյանի՝ թվագրվում է XIV-XV դդ. 19: Ըստ 1950 թ. լուսանկարի՝ կանգնեցված է եղել աղոթասրահի հարավային մասում, արտաքուստ (նկ. 191): Հետագայում խաչքարը տեղափոխել և օգտագործել են որպես տապանաքար՝ վրացախոս ննջեցյալի համար: Խաչի ներքո ագուցվել է վրացատառ արձանագրությամբ մարմարե սալիկ, որի վրա նշված են 1831-1912 թվականները20:
2. Խաչքարն ընկած էր մեջքի վրա, եկեղեցուց հարավ, գերեզմանոցում: Գեղաքանդակ, կարմրավուն քարից խաչքարի մակերեսն ամբողջովին ծածկված էր քարաքոսներով: Երկայնական կողերով ձգվում էր պարանահյուս եզրագոտին: Կենտրոնում, քնարաձև հիմքի վրա, պատկերված էր եկրճյուղ թևերին եռաբողբոջ ծայրերով ձգված խաչ: Չափերը՝ բարձրությունը՝ 160, լայնքը՝ 90, հաստությունը՝ 26 սմ: Արձանագիր հատվածը եղծված էր (նկ. 201): Խաչքարի ոճը բնորոշէ XIV-XV դդ.: Այժմ այն տեղաշարժված է, սակայն եկեղեցական համալիրի տարածքում է:
3. Աղոթասրահից արևմուտք, դեռևս 1950 թ., այսինքն խորհրդային կարգերի օրոք ծավալված հակակրոնական արշավից շուրջ երկու տասնամյակ անց, երբ այլևս պետականորեն դադարեցվել էին պաշտամունքային կառույցների ավերումը, կանգնած էր ևս մեկ գեղաքանդակ խաչքար (նկ. 193): Սրա ջարդոտվածբեկորները հայտնաբերել են 2012 թ. վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների ժամանակ: Այժմ դրանք դրված են եկեղեցու հարավային մասում կառուցված պատի տակ: Գեղաքանդակ խաչքարը ժամնակին ամրացված է եղել պատվանդանի վրա, ինչիմասին վկայում է պոչուկը: Վերին և երկայնական կողերին ձգվում է ոլորահյուս եզրագոտին՝ կենտրոնում, ականթի տերևներով ավարտվող քնարաձև հիմքի վրա պատկերված է նրբագեղ, եկրճյուղ թևերին եռաբողբոջ ծայրերով ձգված խաչ: Սրա հորիզոնական թևերից վեր և վար պատկերված են համանման, փոքր խաչեր: Քնարաձև հիմքի ստորին մասին քանդակված է շրջանի մեջ վերցված, միմյանց հյուսված հավասարասրուն եռանկյունիներից կազմված վեցաթև աստղ՝ կենտրոնում փոքր խաչ (նկ. 194):
4. Ախալցխայի բերդի արևմտյան մասում, բլրի թեք լանջին ընկած է գեղաքանդակ, խիստ հողմնահարված, վերին ձախ եզրից կոտրված մի խաչքար, որի չափերն են՝ բարձրությունը՝ 154, լայնքը՝ 72, հաստությունը՝ 30 սմ: Սրա ստորին մասում փորագրված արձանագրությունն սկսվում է վարդակից աջ և շարունակվում ձախ մասում (յուրաքանչյուր կողմում 5 տող): Տողերն իրարից առանձնացված են ընդլայնական գծերով.21
5. Մեկ այլ խաչքար էլ ամրացված է եղել ամրոցի աշտարակներից մեկի պատին22: Վերականգնման պատրվակի տակ այս խաչքարը տեղահանել են (նկ. 24): Սրա հետագա ճակատագիրը մեզ անհայտ է:
Երևման Սբ. Խաչի վերականգնման և տարածքի բարեկարգման ժամանակ կատարված հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մոտ մեկ տասնյակ խաչքարի բեկորներ: Սրանցից առանձնանում է ձվաձև պատյանով եզերված, երկճյուղ թևերին գնդաձև ծայրերով խաչքանդակը, որի թևերի վրա փորագծված են միմյանց մեջ ներգծված անկյուններից կազմված եղևնազարդ: Հորիզոնական թևից վեր փորագծված են փոքր, պարզունակ խաչեր, իսկ ստորին թևի եզրերից բարձրացող սյուները վերածվում են խաչաքանդակների:
Սրանց երկու կողմերում և մեծ խաչի կենտրոնում նունպես փորագրված են պարզունակ խաչեր (նկ. 202): Իր ոճական առանձնահատկություններով այս խաչքարը հատուկ է X-XI դդ., և դրանով իսկ, փաստորեն հիմնավորում է եկեղեցու՝ վաղ միջնադարում հիմնարկված լինելը:
Նկար 17. Երևման Սբ. Խաչ եկեղեցու զանգակատունը և կառուցողական արձանագրությունը (2010 թ. լուսանկարներ): |
Նկար 18. Հատվածներ Երևման Սբ. Խաչ եկեղեցու գերեզմանոցից (2010 թ. լուսանկարներ): |
Նկար 19. Երևման Սբ. Խաչ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարերը և դրանց ժամանակակից վիճակը. 1, 3 խաչքարերի տեսքը 1950 թ. (լուսանկարները՝ Ա. Այվազյանի) 2. N1 խաչքարի ժամանակակից տեսքը (2010 թ. լուսանկար) 4. N 2 խաչքարի ժամանակակից տեսքը (2013 թ. լուսանկար): |
Նկար 20. Խաչքարեր Երևման Սբ. Խաչ եկեղեցու գերեզմանոցում (1. 2010 թ. լուսանկար, 2. 2013 թ. լուսանկար): |
Նկար 21. Խոյատապաններ Երևման Սբ. Խաչ եկեղեցու գերեզմանոցում, XV-XVI դդ. (2010 թ. լուսանկարներ): |
ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐ: Խորանարդաձև, վերին մասը դագաղաձև լայնացող, բազալտե տապանաքար, չափերը՝ 153x61x42 սմ: Վերին մասում քանդակված է երեք ուղղահայաց գծերով տարանջատված, խաչազարդ խույր: Սրա տակ գավազան է, խաչ և բացված էջերով գիրք, ինչը ենթադրում է հանգուցյալի ուսումնատենչ լինելը (նկ. 22): Սրանց ներքո եղծված՝ միտումնավոր քերված արձանագրություն է (4 տող), որն ընթերցվում է հատվածաբար.
ԱՅՍ Է Տ(Ա)ՊԱՆ … / …ՍՏԵՓԱՆՆՈՍԻՆ / … Ս… /…:
Նկար 22. Տապանաքար Երևման Սբ. Խաչ եկեղեցու գերեզմանոցում, XIX դար (2010 թ. լուսանկարներ): |
Ուշագրավ են նաև խոյաձև, հսկա տապանաքարերը (նկ. 211, 2), որոնք ժամանակին կանգնեցված են եղել եկեղեցու հարավային հրապարակի մուտքի մոտ23: Ս. Կարապետյանը գրում է, որ 1988 թ. դրանցից տեղում պահպանվել է միայն մեկը24: Իրականում, 2010 թ. մեր այցելության ժամանակ, երկու տապանաքարն էլ գերեզմանոցում էին, թեև դրանցից մեկը տեղափոխել էին երկաթե ցանկապատի մոտ: Այժմ խոյաձև արձան-տապանաքարերը դրվել են համալիրի հարավային մուտքի մոտ: Լ. Զագուրսկին, որը 1872 թ. շրջագայել և հանգամանալից ուսումնասիրել է Ախալցխայի գավառը, գրել է, որ հայկական եկեղեցիներում գառան արձաններ (իմա՝ խոյատապաններ) կան և որ գառը հայոց մեջ անմեղության խորհրդանիշ է, հետևաբար դրանց արձանները դրվում էին մանուկների գերեզմանների վրա25:
Գերեզմանոցում կան նաև հարթ, անմշակ սալատապաններև խորանարդաձև տապանաքարեր: Սրանց մի մասի վրա կան հայատառ, վրացատառ և ռուսատառ արձանագրություններ: Դրանց մի մասը 2012-2013 թթ., հուշարձանը որպես վրաց կաթոլիկ եկեղեցի վերակառուցելու և տարածքի բարեկարգման արդյունքում տեղաշարժվել է իր տեղից:
Նկար 23. Հայազգի սպա Պետրոս Բեժանովի գերեզմանը Երևման Սբ. Խաչ եկեղեցու արևմտյան պատի տակ (2010 թ. լուսանկարներ) |
Տպավորիչ է Ախալցխայի բերդի գրավման ժամանակ, 1828 թ. օգոստոսի 15-ին զոհված քաջարի սպա Պետրոս Բեժանովի (Բեժանյանի) գերեզմանը, որը գտնվում է աղոթասրահի արևմտյան պատի տակ: Հայազգի քաջի գերեզմանի վրա ժամանակին եղել է ռուսերեն և վրացերեն ընդարձակ արձանագրություններով մարմարե կոթող, որը հրատարակել է ակադեմիկոս Բրոսսեն26: Այդ արձանագիր տապանաքարը ոչնչացված է: Պահպանվել է միայն քանդակազարդ պատվանդանը, որը նույնպես պատրաստված է մեծ խնամքով (նկ. 23):
ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԸ: Եկեղեցու՝ VII դարում հիմնարկման մասին են խոսում հարավային զույգ, գմբեթակիր, կտրվածքում խաչաձև մույթերը, որոնք օրգանապես կապակցված չեն եկեղեցու լայնական պատերին, ի հակադրություն հյուսիսային գմբեթակիր որմնամույթերի: Հանրահայտ է, որ հատակագծում խաչաձև մույթերը բնորոշ են Հայաստանի վաղ միջնադարյան եռանավ կամ գմբեթավոր բազիլիկներին: Ամենայն հավանականությամբ նախկինում եկեղեցին ունեցել է գմբեթավոր բազիլիկ հորինվածք, որն ավելի բնորոշ է VII դարին:
Եկեղեցու տարածքում հայտնաբերված X-XI դդ. բնորոշ խաչքարի առկայությունը հիմնավորում է հոգևոր կառույցի առկայության և սրա շրջակայքում ձևավորված գերեզմանոցի մասին: Հաջորդ վավերագիրը՝ Ս. Էփրիկյանի գրքում հրատարակված փորագրանկարն է27: Սրա քննությունը բացահայտում է Երևման Սբ. Խաչ եկեղեցու տիպը (գմբեթավոր սրահ) և ծավալատարածական հորինվածքը՝ տասնվեց նիստանի գմբեթը, տրամատավոր քիվերը, պատուհանների շրջանակները և ճակատների ձևավորումը խաչազարդ քարերով, որոնք բնորոշ են զարգացած միջնադարին: Այս նկարը հիմնավորում է այն տեսակետը, որ եկեղեցին կառուցվել, կամ հիմնովին վերակառուցվել է XIII դ., Զաքարյանների տիրապետության շրջանում:
Ըստ Մ. Բրոսսեի, եկեղեցու արևել յան ճակատին ագուցված են եղել XV դարի (1451, 1454, 1475, 1491 թթ.) արձանագրություններ28: Բացի այդ, եկեղեցու խորանում և հարավային ճակատի մոտ 2010 թ. մենք վավերագրել ենք XIV-XV դդ. թվագրվող խաչքարեր, որոնք եկեղեցու անընդմեջ գործունեության վկայություններից են: Հավանական է, որ եկեղեցին մեծապես վնասվել է 1416 թ. Ատրպատականի խան Կարա-Յուսուֆի ավերիչ արշավանքի հետևանքով: Գուցե դրանից հետո կատարվել են վերանորոգման աշխատանքներ և, հենց այս ժամանակ էլ, խորանում ագուցվել են մեր ներկայացրած XIV դ. խաչքարերը, պատերի վրա՝ Մ. Բրոսսեի հրատարակած արձանագիր խաչքարերը, հարավային պատի խաչքարերն ու տապանաքարը:
Ռուս-թուրքական պատերազմի արդյունքում ավերված եկեղեցին 1866-1881 թթ. հիմնովին վերակառուցում է տեղի հայ կաթոլիկ համայնքը՝ Ազնավուրյանների հովանավորությամբ: Արևմուտից եկեղեցուն կցվում է ընդարձակ աղոթասրահ, որի կառուցման ժամանակ հիմնովին վերակառուցվում է եկեղեցու արևմտյան հատվածը: Արևմտյան ճակատն ընդարձակվում է, վերափոխվում աղոթասրահի լայնությամբ եռակամար բացվածքի, որով նորակառույց աղոթասրահը հաղորդակցվելէ եկեղեցուն և ավագ խորանին: Այս շինարարության ժամանակ օգտագործել են նաև միջնադարյան տապանաքարեր: 1881 թ. կառուցված զանգակատունը դրվել է նորակառույց աղոթասրահի հարավային մուտքի առանցքին համաչափ: Այն իր ծավալով ծածկում է հարավային ճակատի մուտքից աջ ու ձախ գտնվող դեկորատիվ խորշերը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ աղոթասրահը կառուցվել է մինչև 1881 թ., թերևս 1866 թ.: Հետևապես հիմնավորված չէ աղոթասրահը 1903 թ. կառուցված լինելու տեղեկությունը: Թերևս այն վերաբերում է աղոթասրահի վերանորոգմանը:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: Եկեղեցու պատերի մեջ ագուցված արձանագրությունները վկայում են, որ բազմիցս վերակառուցված եկեղեցին պետք է որ հիմնարկված լիներ առնվազն XI-XIII դդ.: Սրա շուրջը գոյացել է պատմական գերեզմանոցը` արձանագիր տապանաքարերով և խաչքարերով: Եկեղեցին իրավամբ միջնադարով են թվագրել Մ. Բրոսսեն և Լ. Զագուրսկին, որոնք զարմանք են արտահայտել, թե ինչպես է, որ նման վաղ եկեղեցին պատկանում է կաթոլիկ համայնքին: Վերջինիս գոյությունը XI-XIII դարում ավելի քան վիճահարույց է: Ավելին, միայն XVIII դարում է լայն թափ ստացել հայերի կաթոլիկացման գործընթացը, որի արդյունքում հայ առաքելական մի շարք եկեղեցիներ, այդ թվում՝ նաև Երևման Սբ. Խաչն անցել են հայ կաթոլիկներին: Եվ դա առաջացրել է առաքելական հոգևորականների բողոքը: Այսպես, Սիմոն կաթողիկոսն ակնկալում էր. «Եվ երեք եկեղեցիները, որ կան Ախալցխայում, հանձնվեն հայ քահանաներին»29: Մեկ այլ աղբյուր վկայում է. «… ախթարմայքն (կաթոլիկ հայերը՝ Հ.Ս.) զեկեղեցիսն Ախլցխայու ի խղճալի ժողովրդէն մերմէ բռնութեամբ առեալ էին և իւրացուցեալ, և զնոսա յարտաքս թողեալ…: Որոյ աղագաւ և գրեց սմա, գրել Սուլեյման փաշային, զի մի եկեղեցին յախթարմայիցն առեալ, հայոց տացէ»30: Ախալցխայի գրավումից ընդամենը մի քանի տարի անց, ռուսական կայսերական պաշտոնական տվյալների համաձայն, քաղաքում կար մեկ վրացական, մեկ կաթոլիկ և երեք հայկական գործող եկեղեցի31:
Միջնադարում եկեղեցու հայկական լինելը բացահայտ է: Այժմ քննարկենք, թե XVIII-XX դդ. ո՞ւմ է պատկանել Երևման Սբ. Խաչ եկեղեցին` կաթոլիկ հայերին, թե՞ վրացիներին: Ախալցխայի հայ կաթոլիկ համայնքը վկայվել է դեռևս 1728 թ., երբ Մխիթար Աբբա Սեբաստացու աշակերտ Հայր Հակոբոս Բուզայանի քարոզին ունկնդրել է շուրջ երկու հազար հավատացյալ32: Լ. Զագուրսկին 1872 թ. իր շրջագայությունների մասին գրում է. «…Ախալցխայի կաթոլիկ համայնքը հիմնել են հայերը: Այս ենթադրության օգտին է վկայում այն, որ կաթողիկե եկեղեցիներում արարողակարգը կատարվել և այժմ էլ կատարվում է հայերեն»33: Եկեղեցու հայ կաթոլիկներին պատկանելու, այստեղ հայերեն պատարագ մատուցելու մասին բազմաթիվ են XIX դ. հայ պարբերականների հաղորդումները: 1880 թ. եկեղեցու հոգևոր հովիվն էր հայր Սիմօնը, որը վերաբացեց Երևման Սբ. Խաչի դպրոցը: Ուշագրավ է, որ այս եկեղեցու ծխականները, մինչև 1880 թ., դպրոցի՝ շուրջ եռամյա անգործության տարիներին, փորձել են իրենց որդիներին ուղարկել ոչ թե վրացական կամ ռուսական, այլ հայոց լուսավորչական Կարապետյան դպրոց, սակայն կաթոլիկ քահանաներն ընդիմացել են, քանզի երկյուղել են հայ մանուկների հավանական դավանափոխությունից և առաքելական եկեղեցու գիրկը վերադառնալուց34:
Անդրկովկասի կաթոլիկ եկեղեցիները են թարկվել են Սարատովի լատին եպիսկոպոսին: Այստեղ հրատարակված Ռուսաստանի կաթոլիկ համայնքների պաշտոնական տոնացույցգրքի՝ “Церковный римско-католическiй указатель святой литургiи, и священныхъ молитвъ для Тираспольской епархiи на 1872 год” կազմի վրա դրոշմված են լատին և հայ-կաթոլիկաց թագերն ու գավազանները, քանզի ընդունված էր, որ հայ կաթոլիկներն առանձին եկեղեցի և առանձին ժողովուրդ են35: Ի թիվս Ռուսական կայսրությունում եղած բոլոր կաթոլիկ եկեղեցիների և քահանաների ցուցակի, առանձին գլխով ներկայացված են Անդրկովկասի հայ-կաթոլիկաց չորս վիճակի եկեղեցիների և քահանաների անունները: Նրանք ենթարկվում էին Անդրկովկասի հայ կաթոլիկաց հոգևոր կառավարությանը, որն Ախալցխայում էր: Այս գրքում հստակ նշվում են Ախալցխայի կաթոլիկ եկեղեցիներն ու քահանաները՝ բոլորն էլ հայեր. 1883 թ. Երևման Սբ. Խաչ եկեղեցու կառավարիչն ու ավագ քահանան Սիմօն վարդապետ Ասլանեանն էր, օգնականը՝ քահանա տէր Յովսեփ Խուցինեանը36: Բացի Երևման Սբ. Խաչ եկեղեցուց, 1883 թ. Ախալցխայում գործել է ևս երեք հայ կաթոլիկ եկեղեցի՝ 1750 թ. հիմնարկած Սբ. Հովհաննես Մկրտիչը (ավագ քահանա տէր Պօղոս Ղազարեան, օգնական՝ քահանա տէր Արիստակէս Շահանեան), 1836 թ. կառուցված Սբ. Աստվածածինը (ավագ քահանա տէր Ակոբ Աբգարեան-Չթճեան, օգնականներ՝ քահանաներ տէր Պետրոս Ղազազեանց և տէր Անտոն Ակոբեան) և 1691 թ. Մեպիսեան եղբայրների կառուցած Սբ. Խաչը (ավագ քահանա տէր Թովմաս Չիլինկարեան, օգնական՝ Սիմոն քահանա Շահինեան): Բոլորը միասին ունեին 3376 ծխական37, որոնք հիմնականում եկել էին Արևմտյան Հայաստանից և խոսում էին հայերեն38:
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Ախալցխայի կաթոլիկ ծխականների քանակը 1885 թ. կազմել է 2909 մարդ39: Ընդամենը վեց տարի անց՝ 1891ին հայ կաթոլիկների թիվը նվազելով հասել է 2875-ի: Հայ-կաթոլիկների թվաքանակի նվազման այս միտումը, մեր կարծիքով, արդյունք էր կաթոլիկ հայերի վրացացման: Ուշագրավ է Լ. Զագուրսկու այն հաղորդումը, որ լատին միսսիոներները հայ կաթոլիկներից փորձում էին խլել հայ անունը: Վիրախոս կաթոլիկների՝ Մեծ պահոց ավագ Շաբաթվա պատարագները լատիներենից թարգմանված վրացերենով կատարելու խնդրագրին Սարատովի եպիսկոպոսը պատասխանել է «… վրաց լեզուով՝ անհիմն է և այդ սովորութիւնը հայ-կաթօլիկաց եկեղեցիներում երբէք գոյութիւն չէ ունեցած, այլ ընդհակառակը այդ աղօթքները յիշեալ եկեղեցիներում մտցրած է կարդալ միայն հայոց լեզուով… այլև ապագային չը ձանձրացնել ինձ համանման անհիմն խնդիրներով»40:
1890 թ. օգոստոսին Սբ. Վերափոխման տոնի քարոզը կատարել է Տեր Պողոս Ղազազյանը41: Այն փաստը, որ Երևման Սբ. Խաչ եկեղեցու տոնակատարություններին, պատարագներին և քարոզներին մասնակցում էին նաև տարբեր հասակի և սեռի հայ լուսավորչականներ42, հիմնավորում է, որ պատարագները միշտապես կատարվել են հայերեն և եկեղեցին եղել է հայկական: Մյուս խոսուն վկայությունն այն է, որ 1880 թ. Ախալցխայի հայ կաթոլիկ համայնքը, անսալով դժվարությունները, հանգանակություն է կատարում Հայաստանի սովյալներին օգնելու համար: Ընդ որում՝ թղթակից Քերովբ Տեր-Պողոսյանցը հստակ գրում է. «… մենք՝ Ախալցխայի հայ-կաթօլիկներս»43:
Վրացախոս հայ կաթոլիկների՝ եկեղեցական արարողակարգը հայերեն կատարելու մասին վկայում է նաև Ս. Էփրիկյանը: Նա գրում է.
«Երկար ժամանակ Վրաց հետ խառն ապրելով քաղաքիս բնիկ Հայ-կաթոլիկները, և մոռանալով իրենց մայրենի լեզուն, այժմ մեծաւ մասամբ վրացերէն կը խոսին, թէ և իրենց եկեղեցիների մէջ միշտ հայերէն կը կատարուին ժամերգութիւնք և այլ աստուածային պաշտամունք»44:
1893 թ. Ախալցխա քաղաքի մերձակայքի ավերակ վանքի շրջակայքում հողաշինական աշխատանքների ժամանակ ի հայտ են եկել հայերեն արձանագրություններ և խաչքարեր: Այն ժողովրդի համար դարձել էր ուխտավայր45: Աղբյուրները նորաբաց վանքի մասին այլ տվյալներ չեն հաղորդում: Դատելով քաղաքին մոտ լինելու մասին վկայությունից, կարելի է ենթադրել, որ այն այժմ էլ տեղաբանակ հայերի ուխտավայր համարվող, այսպես կոչված «Քուր ու ախպոր» կիսակործան վանքն է, որի երեսապատի քարերն ամբողջությամբ բացակայում են: Առանց որևէ լուրջ հիմնավորման, վրաց հոգևորականներն այս եկեղեցին նույնպես յուրացրեցին՝ պետական ցուցակներում 2013 թ. գրանցեցին որպես վարցական եկեղեցի և կատարեցին վերաօծման պատարագ:
1236 թ. Սարգիս Աթաբեկի առաջնորդությամբ Ախալցխան` «Իշխանաց երկիրը» դառնում է ինքնիշխան և շուրջ չորս հարյուր տարի՝ մինչև 1625 թ., իր անկախության համար հերոսաբար պայքարում էր մի կողմից լազերի, մյուս կողմից վրաց թագավորների և Օսմանյան կայսրության աշխարհակալ բանակների դեմ: Երևման Սբ. Խաչ եկեղեցին և նորահայտ խաչքարերն անաչառ վկայություններ են միջնադարում Ախալցխայի հայկական բազմամարդ համայնքի մասին: Կարելի է ենթադրել, որ շուրջ չորս դար տևած Ախալցխայի ինքնիշխանության կենսունակությունը պայմանավորված էր հայ ստվարաքանակ բնակչությամբ: Եվ այս հանգամանքն է եղել այն ոգեշնչող ուժը, որը դարձել է Ախալցխայի չորսդարյա անկախության հիմքը: Մեր կարծիքով հայ համայնքն այն հզոր ազդակն էր, որի վրա խարսխվել էր ինքնիշխանության գոյամարտը: Այլապես ինչպե՞ս կարելի է մեկնաբանել, որ թուրքերի և լազերի դեմ մղվող օրհասական պայքարում անգամ ախալցխացիները ոչ միայն չմիացան, այլև հաջողությաբ դիմակայեցին վրաց արքունիքի՝ գավառին տիրելու նկրտումներին:
Նկար 24. Ախալցխայի բերդի աշտարակի ագուցված ոչնչացված խաչքարը (1. 2006 թ. լուսանկար, 2. 2012 թ. լուսանկար): |
ԱՄՓՈՓՈՒՄ: Ցանկացած եկեղեցու վերականգնում և վերաբացում ուրախալի երևույթ է, եթե այդ կատարվում է ազնիվ նպատակներով՝ Աստծո տաճարը հավատացյալների առաջ բացելու, հինը պահպանելու և նորացնելու մղումով: Սակայն Ախալցխայի Երևման Սբ. Խաչ եկեղեցու դեպքում խախտվել են հուշարձանների վերականգնման միջազգային նորմերը: Դեռևս 1964 թ.՝ «Վենետիկյան խարտիայում» հաստատագրվել է, որ հուշարձանի ամբողջական վերականգնումը կարող է կատարվել միայն հավաստի նյութերի առկայության դեպքում, պահպանելով պատմական վերակառուցումների բոլոր շերտերը: Սակայն, չունենալով հավաստի հիմնավորումներ, Երևման Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է ամբողջապես: Հուշարձանը կառուցել են նոր նյութերով՝ երկաթբետոն, ուղղանկյունաձև սղոցած քարի բլոկներ: Խախտված է Ս. Էփրիկյանի գրքում հրատարակված եկեղեցու միակ հին նկարում պատկերված ծավալատարածական հորինվածքը՝ ճակտոնների բարձրությունները և համաչափությունները, 16 նիստանի թմբուկը փոխարինվել է ութանիստ, կարճ թմբուկով, ձևափոխել են պատուհանները, տանիքների և վեղարի քարե ծածկասալերը փոխարինվել են կղմինդրներով, աղոթասրահի ծածկն իրականացրել են մետաղական կոնստրուկցիայով: Ավելին, ամբողջովին ապամոնտաժել են որմնապատերի պահպանված հատվածները, ինչի հետևանքով հուշարձանը զգալիորեն կորցրել է իր պատմաճարտարապետական արժեքը: Սակայն ամենից ցավալին հայ մշակութային արժեքների անթաքույց ոչնչացումն է՝ տեղահանվել են ճակատին և բեմում ագուցված բոլոր խաչքարերը: Դրանք որպես շինաղբ դուրս են նետվել, որի արդյունքում ջարդոտվել են, իսկ հայերեն արձանագրությունները վնասվել կամ ոչնչացվել: Այնուհետև դրանց մի մասը, տեղահանելով, ամրացրել են եկեղեցում, նոր կառուցված պատին, մյուս մասը իսպառ ոչնչացրել: Դրանց հետևանքով եկեղեցին զրկվել է հայկական ճարտարապետության կոթող լինելու անառարկելի վկայություններից: Եվ այստեղ նորից բախվում ենք ուրիշի արժեքները սեփականացնելու Վրաստանի որդեգրած քաղաքականությանը: Եթե Ադրբեջանում և Թուրքիայում դրանք պարզապես ոչնչացվում են, ապա Վրաստանում վերականգնման քողի տակ դրանք ձևափոխվում են, զրկվում հայ ազգային ճարտարապետությանը բնորոշ տարրերից: Այս քաղաքականությունն Ախալցխայում իրականացվում է առանձնակի հետևողականությամբ, որով վրացի ազգայնամոլները փորձում են արմատախիլ անել այն ամենը, ինչը վկայում է հայերի գործունեությունն այստեղ՝ նախքան Կարնո գաղթը: Թվարկենք դրանցից մի քանիսը՝ Ախալցխայի բերդի աշտարակի ճակատից, վերականգնման քողի տակ, հանվել է հայկական խաչքարը (նկ. 24), բերդի մուտքի աշտարակի հիմքում ամրացված գեղաքանդակ, հայերեն արձանագրությամբ խաչքարերի46 մակերեսները տաշվել հղկվել են (նկ. 25): Ախալցխայի երկրագիտական թանգարանում չկա որևէ վկայություն հայերի 1918-1921 թթ. հերոսամարտի մասին: Եթե նույնիսկ այդ մասին խոսում են, ապա դա վերագրում են վրացիներին: Հայերի համար արգելված է Մարդայի Սբ. Նշան եկեղեցու գործարկումը, այն դեպքում, երբ հայ համաǔնքի հանգանակությամբ դրա կառուցումը փաստված է արխիվային բազմաթիվ փաստաթղթերով: Եվ ամեն անգամ կիրառվում է մտացածին նույն հիմնավորումը, թե վիճահարույց է այդ եկեղեցիների հայկական լինելը, քանզի տեղում, ավելի վաղ եղել են, իհարկե չպահպանված, վրացական եկեղեցիների հիմքեր:
Հարավային Կովկասում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին բազմիցս հայտարարել է, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի պահպանեն Երևման Սբ. Խաչ եկեղեցում եղած հայկական բոլոր հուշարձաններն ու կոթողները: Սակայն խորանի շարվածքում բացված չորս խաչքարը, եկեղեցու արտաքին պատին ագուցված խաչքանդակները՝ բոլորն էլ հայերեն արձանագրությամբ, այլևս իրենց տեղում չեն: Այպիսով, վրաց պատկան մարմինների թողտվությամբ, խախտելով միջազգային նորմերը, քանդել են ևս մեկ հայկական եկեղեցի, արմատախիլ արել հայկական կոթողները և հնի տեղում կառուցել միանգամայն նորը:
***
Եկեղեցու բակում միմյանց կողքի հաշտ ու խաղաղ ննջում են եկեղեցու իրական տերերը՝ Սաաթաբագոյի ժամանակ այստեղ ապրող հայն ու վրացին: Եվ դժվար է պարզել անգիր տապանաքարերի տակ ննջողների ազգային պատկանելիությունը: Մի բան որոշակի է՝ նրանք ավելի իմաստուն էին և հստակ գիտակցում էին, որ հայ և վրաց ժողովուրդների բարեկեցությունը խարսխված է նրանց բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա: Այժմ, հայկական կոթողները միտումնավոր ավերողները թերևս պետք է անսան իրենց նախնիների կանչին, զղջան և դադարեցնեն հայկական արժեքների ոչնչացման քաղաքականությունը:
Ծանոթագրություններ
2. Աշխարհագրական կոորդինատները (ըստ տեղում վերցրած JPS Garmin սարքի). լայնությունը՝ 41,64,67, երկարությունը՝ 42,97,37, բարձրությունը ծովի մակարդակից՝ 1007 մ (ըստ GOOGL-ի՝ լայնությունը՝ 41,38,488, երկարությունը՝ 42,58,85, բարձրությունը ծովի մակարդակից՝ 1052 մ):
3. Գեղամեանց Յ. 1879, Նամակ Ախալցխայից, Փորձ, N 1, էջ 443; Սամվել Կարապետյան, 2008. Ախալցխա (Սամցխե նահանգ) //ՀՃՈՒ հ/կ (RAA) գիտական ուսումնասիրություններ, գիրք ԺԱ, Երևան, էջ 150:
4. Էփրիկեան Ս. 1903-1905, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վենետիկ, էջ 61: Էփրիկյանն այս հաղորդումը վերագրում է Մարդա թաղամասի նորակառույց Ս. Վարդանանց եկեղեցուն, որի տարածքը նույնպես կոչվել է Սբ. Նշան:
5. Նույն տեղում, էջ 59-60:
6. Նուրիխան Մ. 1880, Ախալցխայի պատերազմներն (1827-1828), «Բազմավեպ»; Սամվել Կարապետյան, 2008, էջ 150:
7. Մշակ, N 70, 23 ապրիլի, 1883:
8. Սամվել Կարապետյան, 2008, էջ 151: Աղոթասրահի՝ արևմուտքից եկեղեցու ընդարձակման նպատակով կցված ընդարձակ շինությունը 1903 թ. կառուցված լինելու վարկածը կասկածելի է, քանզի որոշակի է, որ 1881 թ. կառուցված զանգակատունը կցվել էր աղոթասրահին: Վերջինը, մեր կարծիքով, ոչ թե կառուցվել, այլ վերակառուցվել է 1903 թ.:
9. http://akhaltskha.net/news/ 2010-04-21-205.
10. 2010 թ. ապրիլի 20-25-ը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը՝ հնագետ Հակոբ Սիմոնյան, ճարտարապետ Հովհաննես Սանամյան, շինարար-ճարտարագետ Երվանդ Սիմոնյան, արվեստագետ Տիգրան Սիմոնյան, մեկնեց Ախալցխա: Գործուղման նպատակն էր ուսումնասիրել Երևման Ս. Խաչ եկեղեցին, ՀՀ մամուլի և հեռուստալիքների բարձրացրած՝ կառույցը փլատակներից մաքրելու և որպես Վատիկանին ենթակա կաթոլիկ եկեղեցի կառուցելու մասին հարցերը տեղում ճշտելը:
Տես՝ http://hetq.am/arm/news/44949/haykakan-evs-mek-ekexecu-apagan-anorosh-e.html.
11. Ս. Կարապետյանի հրատարակած եկեղեցու հատակագիծը, տես՝ Սամվել Կարապետյան, 2008, էջ 154, «կանոնավորված» է: Իրականում, հետագա անփույթ վերականգնումների հետևանքով, եկեղեցու հատակագիծը դարձել էր սեղանաձև:
12. Վրացատառ արձանագիր կոթողների առկայությունը, մեր կարծիքով, քաղաքական և տնտեսական ազդակներից զատ, թերևս, պայմանավորված է եղել հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև այն ժամանակ եղած անհաշտ թշնամանքի: Հայ առաքելական եկեղեցու անհանդուրժողականությունն այն հիմնապատճառներից էր, որից դրդված կաթոլիկ հայերն ուծացվում և դառնում են վրացի. նախ՝ սկսում են խոսել և գրել վրացերեն՝ պահպանելով եկեղեցական արարողակարգը, ապա՝ աստիճանաբար կորցնում հայ լինելու ինքնագիտակցությունը:
13. Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Հասմիկ Կարապետյանին՝ արձանագրությունների վերծանմանը ցուցաբերած օգնության և Նանար Քալանթարյանին՝ գրչանկարները պատրաստելու համար:
14. Սամվել Կարապետյան, 2008, էջ 158-159: Որպես սկզբունք հոդվածում ներկայացնում ենք միայն մինչ այժմ չհրատարակված կոթողներն ու արձանագրությունները:
15. Ախալցխայում մինչ այժմ փաստվել է հինգ նմանատիպ խաչքար՝ վեցաթև աստղերի կենտրոնում խաչի զարդաքանդակներով, տե՛ս նաև Ս. Կարապետյան, 2008, էջ 169, 178, 179: Նկատի ունենալով նման զարդաքանդակներով խաչքարերի կենտրոնացումը Սամցխեում, մենք այն անվանում ենք Ախալցխայի ոճ:
16. Ըստ Վիկիպեդիայի “Первое свидетельство того, что гексограмма использовалась в качестве специфически еврейского символа, датируется 1354 годом. Лишь в конце XVIII в. Моген Давида стал изображаться на еврейских надгробиях”.
17. Էփրիկեան Ս. 1903, էջ 61:
18. Վրացերեն արձանագրությունների վերծանումը և թարգմանությունները կատարել է Պավել Չոբանյանը, որին հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:
19. Ս. Կարապետյան, 2008, էջ 157:
20. Ս. Կարապետյանի հրատարակությունում 1912-ի փոխարեն նշվել է 1812 թվականը (որը, թերևս, վրիպակ է), երբ, ըստ նրա, խաչքարին ագուցել են վրացերեն արձանագիրությամբ մարմարե սալիկ, տեղափոխել և օգտագործել որպես տապանաքար, տես՝ Սամվել Կարապետյան, 2008, էջ 157: Արխիվային լուսանկարը վկայում է, որ նշված խաչքարը տեղափոխվել և որպես տապանաքար օգտագործվել է 1950 թ. հետո, որի ժամանակ էլ ագուցվել է վրացատառ սալիկը՝ 1912 թ. մահացածի հիշատակը հավերժացնելու համար:
21. Խաչքարի լուսանկարը և արձանագրությունը հրատարակել է Սամվել Կարապետյանը, տես՝ Ս. Կարապետյան, 2008, էջ 181:
22. Նույն տեղում, էջ 176:
23. Загурский Л. 1873. Поездка в Ахалцихский уезд в 1872 г. // Записки Кавказского отдела императорского русского географического общества, кн. VIII, Тифлис, с. 20.
24. Սամվել Կարապետյան, 2008, էջ 156:
25. Загурский Л. 1873, с. 19.
26. Raports E(II)sur un voyage archeologique dans la Georgie et dans L Armenie execute (en 1847-1848) par M. Brosse, Livre 2, St.-Pb.: rosse M. 1850, p. 140-142.
27. Էփրիկեան Ս. 1903, էջ 59:
28. Brosse M. 1850, էջ 140:
29. Սիմոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Երևան, 2003, էջ 345:
30. Դիվան Հայոց Պատմութեան, գիրք Ը, Թիֆլիս, 1910, էջ 311; Ս. Կարապետյան, Ախալցխա, 2008, էջ 150:
31. Статистическое описание Закавказского края, съ присовокупленiемъ статьи: Политическое состоянiе Закавказского края въ исходъ XVIII въка и сравненiе онаго съ нынъшнимъ. Составилъ Орестъ Евицкiй. Санкт-Петербургъ, Типографiя Штаба Отдъльнаго Корпуса Внутренней Стражи, 1835, с. 187.
32. Էփրիկեան Ս. 1903, էջ 58:
33. Поъздка въ Ахалцихской уъезд въ 1982 г. Л. Загурского, 1873, с. 20.
34. Մշակ, N 65, 17 ապրիլի, 1880:
35. Տես՝ Մշակ, N 70, 23 ապրիլի, 1883:
36. Նույն տեղում;
37. Նույն տեղում;
38. Մշակ, N 2, 23 հունվարի, 1874:
39. Արձագանք, N 26, 1885, էջ 367:
40. Նոր դար, N 72, 1 մայիսի, 1884:
41. Մշակ, N 65, 17 ապրիլի, 1880; Մշակ, N 94, 21 օգոստոսի, 1890:
42. Նույն տեղում; Մշակ, N 94, 21 օգոստոսի, 1890 և այլն:
43. Մշակ, N 72, 3 մայիսի, 1880:
44. Ս. Էփրիկյան,Պատկերազարդ բառագիրք հայոց, 1903-1905, էջ 59:
45. Նոր դար, 1894, N 69, ապրիլի 28:
46. Հոդվածում հրատարակված լուսանկարների հեղինակներն են. Հակոբ Սիմոնյանը (2010 թ. լուս.) Էդուարդ Այվազյանը (2013 թ. լուս.) և Սամվել Կարապետյանը (2008 թ. լուս.):
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Ալիշան Ղ., 1901, Հայապատում, Վենետիկ: 2. Արձագանք, N 26, 1885, էջ 367:
- Գեղամեանց Յ., Նամակ Ախալցխայից, Փորձ, N 1:
- Դիվան Հայոց Պատմութեան, գիրք Ը, 1910, Թիֆլիս:
- Սիմոն կաթողիկոս Երևանցի, 2003, Ջամբռ, Երևան:
- Էփրիկյան Ս., 1903-1905, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վենետիկ:
- Սամվել Կարապետյան, 2008, Ախալցխա (Սամցխե նահանգ) //ՀՃՈՒ հ/կ (RAA) գիտական ուսումնասիրություններ, գիրք ԺԱ, Երևան:
- Մշակ, N 2, 23 հունվարի, 1874:
- Մշակ, N 65, 17 ապրիլի, 1880:
- Մշակ, N 70, 23 ապրիլի, 1883:
- Մշակ, N 94, 21 օգոստոսի, 1890:
- Նոր դար, N 72, 1 մայիսի, 1884:
- Նոր դար, N 69, ապրիլի 28, 1894:
- Նուրիխան Մ. 1880, Ախալցխայի պատերազմներն (1827-1828), «Բազմավեպ»:
- Dubois de MontpereuxF. 1850, Autour du Caucase, tom II, Paris, 1839;
- Raports E(II)sur un voyage archeologique dans la Georgie et dans L Armenie execute (en 18471848) par M. Brosse, Livre 2, -Pb.:
- Загурский Л. 1873. Поездка в Ахалцихский уезд в 1872 г. // Записки Кавказского отдела императорского русского географического общества, кн. VIII, Тифлис.
- Статистическое описание Закавказского края, съ присовокупленiемъ статьи: Политическое состоянiе Закавказского края въ исходъ XVIII въка и сравненiе онаго съ нынъшнимъ. Составилъ Орестъ евицкiй. Санкт-Петербургъ, Типографiя Штаба Отдъльнаго Корпуса Внутренней Стражи,
- http://hy.wikipedia.org: http://akhaltskha.net/news/ 2010-04-21-205:
- http://hetq.am/arm/news/44949/haykakan-evs- mek-ekexecu-apagan-anorosh-e.html:
- http://news.am/arm/news/40613.html:
ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆ
Պատմ. գիտ. թեկնածու, ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն, Երևան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՆԱՄՅԱՆ
ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն, Երևան:
Հակիրճ: Ախալցխայի Երևման Սբ. Խաչ եկեղեցու խորանի որմնապատի շարվածքում 2010 թ. բացվել են հայերեն արձանագրությամբ խաչքարեր: Նորահայտ արձանագրությունները հիմնավորում են դեռևս ժամանակին ակադեմիկոս Բրոսսեյի առաջադրած այն թեզը, որ Սբ. Խաչ հայկական եկեղեցին հիմնարկվել է միջնադարում: Որոշակի է, որ XI-XIII դդ. Կովկասում կաթոլիկ համայնքներ չկային1, հետևաբար ակնհայտ է, որ Սբ. Խաչը կառուցվել է որպես հայ առաքելական եկեղեցի: XVII-XVIII դդ. այն վերակառուցվել և օգտագործվել է որպես հայ կաթոլիկ համայնքի հոգևոր կենտրոն: Հուշարձանների վերականգնման միջազգային նորմերի բացահայտ խախտումով վերակառուցելուց հետո, այն 2012 թ. վերաօծեցին որպես վրաց կաթոլիկ Սբ. Ռոզեյրիի եկեղեցի: Շինարարության հետևանքով այստեղ եղած հայկական խաչքարերը և արձանագրությունները կա՛մ տեղահանվեցին, կա՛մ վնասվեցին, առանձին դեպքերում՝ պարզապես անհետացան:
Հայերեն արձանագիր խաչքարերի առատությունն ինչպես եկեղեցու, այնպես էլ բերդի շրջակայքում վկայում է, որ միջնադարից ի վեր Ախալցխայում եղել է հայկական հզոր համայնք, և մտացածին է 1830 թ., այսինքն՝ Կարնո գաղթից հետո միայն Սամցխեում հայերի բնակեցման մասին առասպելը:
***
АХАЛЦИХСКАЯ ЦЕРКОВЬ ЕРЕВМАН СУРБ ХАЧ
(ЯВЛЕНИЯ СВЯТОГО КРЕСТА)
Акоп Симонян, кандидат ист. наук, Научно-исследовательский центр историко-культурного наследия Министерства культуры РА, Ереван, haksimon@gmail.com
Оганнес Санамян, Научно-исследовательский центр историко-культурного наследия Министерства культуры РА, Ереван, hovhannessan@yahoo.com
Резюме
Во время очистки отвалов в 2010 г. в кладке восточной стены алтаря церкви Еревман Сурб Хач были обнаружены хачкары XIV в. с армянскими надписями. Новонайденные надписи подтверждают гипотезу, выдвинутую еще в середине XIX в. академиком М. Броссе, что армянская церковь Сурб Хач была построена в средневековье.
Общеизвестно, что в XI-XIII вв. на Южном Кавказе отсутствовали общины католического вера исповедования. Из этого следует, что Сурб Хач была воздвигнута как армянская апостольская церковь. В XVII-XVIII вв. она была переделана в армянскую католическую церковь. В 2012 г. с вопиющими нарушениями международных канонов реставрации древних памятников она была перестроена в духовный центр грузинских католиков и переименована в церковь Св. Розейрии. Во время реставрационных работ все армянские хачкары и камни с армянскими надписями на кладке стен церкви были изъяты, повреждены, либо уничтожены. Среди них уникальный хачкар общехристианского значения, на котором древнейшее изображение гектограммы и армянская надпись 1381 г. с упоминанием Моген Давида, как символа царя Давида.
Многочисленные средневековые хачкары с армянскими надписями, которые находились как на территории церкви Сурб Хач, так и в близлежащей крепости, свидетельствуют о том, что в Ахалцихе с древнейших времен существовала многочисленная армянская община. Отдельные грузинские ученые и политики считают, что армяне в Самцхет появились после 1830 г., из-за депортации армян из Карина (Эрзерума) в ходе первой русско-турецкой войны. Эта версия лишена какого-либо основания.
***
CHURCH OF YEREVMAN SURB KHACH
(REVELATION ST. CROSS) IN AKHALTSKHA
Hakob Simonyan, PhD of Art and History, Scientific Research Center for the Historical and Cultural Heritage under the Ministry of Culture of RA, Yerevan, haksimon@gmail.com
Hovhannes Sanamyan, Scientific Research Center for the Historical and Cultural Heritage under the Ministry of Culture of RA, Yerevan, hovhannessan@yahoo.com
Summary
In 2010 in the wall masonry of the sacristy of Church Yerevman Sb. Khach (Revelation St. Cross) in Akhaltskha, kachkars (cross-stones) with Armenian inscriptions were revealed. The newly found lithography confirms the idea proposed by the academician M. Brosset in the XIX c. that the Armenian Church Sb. Khach was founded in the mediaeval ages. It is certain that in the XI-XIII centuries there were no Catholic communities in the Caucasus; therefore it is obvious that Sb. Khach was built as an Armenian Apostolic Church. In the XVII-XVIII cc. it was restored and functioned as a religious center for the Armenian Catholic community. But completely ignoring the international norms for restoration of the monuments the once again rebuilt church was re-anointed as Georgian Catholic church of St. Rozeyri.
During the restoration work all the Armenian khachkars and Armenian inscriptions in the masonry of the church walls were taken away, damaged or in some cases, simply disappeared. Among them was a unique khachkar of Christian significance on which the oldest image of the hectogram and an Armenian inscription of 1381, mentioning the name of Mogen David as the symbol of King David was cut.
The presence of a great number of Armenian kachkars both in the church and around the fort not far from the church, are evidence that since the middle ages there existed a strong Armenian community in Akhaltskha, and the myth that Armenians came to Samtskhe only after the agreement signed in the city of Karin in 1830, is fictitious.
Թողնել պատասխան