ԵԶԵԿԻԷԼԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ
ԵԶԵԿԻԷԼԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՍԻԼՔԸ
(1.1-7.27)
Բուզիի որդի Եզեկիէլ քահանայի տեսիլքը, որ նա տեսաւ քաղդէացիների երկրում, Քոբար գետի ափին
1
ԱՍՏԾՈՒ ԳԱՀԸ
1 Երեսուներորդ տարում, չորրորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, ես Քոբար գետի ափին գերեվարուածների մէջ էի: Երկինքը բացուեց, եւ ես Աստծուն տեսայ մի տեսիլքի մէջ: 2 Ամսուայ հինգերորդ օրն էր. դա Յովակիմ[862] արքայի գերութեան հինգերորդ տարին էր: 3 Աստուած խօսեց Բուզիի որդու՝ Եզեկիէլ քահանայի հետ, քաղդէացիների երկրում, Քոբար գետի ափին:
4 Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ, ու տեսայ, որ ահա հիւսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ ամպ էլ՝ նրա հետ: Շուրջը լոյս էր, որից հուր էր փայլատակում: Նրա մէջ թանկարժէք քարերի տեսքը կար, միջից՝ ճառագայթներ: 5 Դրա մէջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային: Եւ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունէին: 6 Ամէն մէկը չորս դէմք ունէր, ամէն մէկը՝ չորս թեւ: 7 Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թեւաւոր. կճղակները նման էին հորթերի կճղակների, եւ դրանցից կայծեր էին թափւում, ինչպէս պղնձի փայլատակումներից: Նրանց թեւերն արագաշարժ էին: 8 Նրանց թեւերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային: Նրանց երեսները չորսն էին: Չորսի թեւերն էլ կցուած էին միմեանց: 9 Գնալիս երեսները յետ էին դարձնում. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում: 10 Նրանց չորսի էլ դէմքի տեսքը աջից մարդու եւ առիւծի կերպարանք ունէր, իսկ ձախից՝ եզան եւ արծուի կերպարանք. այս էր նրանց տեսքը: 11 Նրանց չորսի թեւերը տարածուած էին վերեւից. իւրաքանչիւր երկուսն իրար էին կցուած ու վերեւից զոյգ-զոյգ ծածկում էին նրանց մարմինները: 12 Եւ իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում. դէպի ո՛ր կողմը որ հողմը[863] փչում էր՝ նրանք այն կողմն էին գնում եւ ընթանալիս յետ շուռ չէին գալիս: 13 Կենդանի էակների մէջ բորբոքուած հրի պէս մի պատկեր կար, ասես շարժուող լապտերների պատկեր լինէր. կրակի լոյս կար, եւ այն կրակից փայլատակումներ էին սփռւում: 14 Եւ կենդանի էակներն արագ էին ընթանում ու թեթեւ պտտւում էին, արեգակի[864] պէս:
15 Եւ ահա երկրի վրայ, չորս կենդանի էակների յետեւից մի անիւ էի տեսնում. անիւների կերպարանքն ու դրանց կառուցուածքը ոսկեքարի տեսքն ունէին: 16 Թէ՛ չորսի տեսքը, թէ՛ նրանց պատկերն ու կառուցուածքը այնպէս էին, որ կարծես թէ անուի մէջ անիւ էր պտտւում: 17 Նրանք իրենց դէմքերի չորս ուղղութեամբ էլ ընթանում էին ու յետ շուռ չէին գալիս: Բարձր էին: 18 Նայում էի նրանց ու տեսնում, որ նրանց թիկունքները, չորս կողմերում էլ, լիքն էին աչքերով: 19 Կենդանի էակներն ընթանալիս՝ անիւներն էլ նրանց հետ էին գնում, իսկ երբ երկրից բարձրանում էին, անիւներն էլ էին բարձրանում: 20 Դէպի ո՛ր կողմը որ գնում էին ամպն ու հողմը՝ կենդանի էակներն էլ էին ընթանում, եւ անիւները նրանց հետ բարձրանում էին, որովհետեւ այն անիւների մէջ կենդանի ոգի կար: 21 Երբ նրանք ընթանում էին, անիւներն էլ էին գնում, կանգնելիս կանգ առնում, երբ երկրից նրանք բարձրանում էին, անիւներն էլ էին նրանց հետ բարձրանում, որովհետեւ այն անիւների մէջ կենդանի ոգի կար: 22 Եւ կենդանի էակների գլխավերեւում երկնակամարի նման մի բան կար, որ բիւրեղի տեսք ունէր ու վերեւից տարածւում էր նրանց թեւերի վրայ: 23 Իսկ երկնակամարի ներքեւում նրանց թեւերը պարզուած սաւառնում էին իրար հետ. իւրաքանչիւրը երկուական թեւ, որ ծածկում էր իրենց մարմինները: 24 Երբ նրանք սաւառնում էին, լսում էի նրանց թեւերի ձայնը, ինչպէս յորդ ջրերի ձայն, ինչպէս Սադայ[865] Աստծու ձայնը: Իսկ երբ շարժւում էին, լսւում էր նրանց խօսքը, ինչպէս բանակի ձայնը: Երբ նրանք կանգ էին առնում, թեւերն էլ դադար էին առնում: 25 Եւ ահա, երբ նրանք կանգ էին առնում ու իրենց թեւերը բարձրացնում, նրանց գլխավերեւի երկնակամարից մի ձայն էր լսւում:
26 Նրանց գլխավերեւի երկնակամարից է՛լ աւելի վեր կար գահի պէս մի բան, որ շափիւղայ ակի էր նմանւում, իսկ գահի վրայ՝ մարդու կերպարանքով մի բան: 27 Այդ կերպարանքի մէջ բազմագոյն ակի պէս մի պատկեր էի տեսնում, նրանից աւելի ներքեւ՝ շուրջանակի կրակի պատկեր, մէջքից վեր՝ արեգակի նմանութեամբ, իսկ մէջքից ներքեւ՝ կրակի: Եւ լոյսը, որ նրա շուրջը բոլորակ էր կազմել, ունէր ծիածանի տեսք, որ անձրեւային օրերին ամպերի մէջ է ձգւում: 28 Եւ այսպէս նրա շուրջը լոյսի ահագին մի տեսիլք կար:
2
ԱՍՏՈՒԱԾ ԵԶԵԿԻԷԼԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ՄՕՏ
1 Այս տեսիլքը նման էր Տիրոջ փառքին: Երբ այն տեսայ՝ երեսս ի վայր ընկայ եւ լսեցի մի ձայն, որ խօսում էր ինձ հետ ու ասում. «Մարդո՛ւ որդի, ոտքի՛ կանգնիր, խօսելու եմ հետդ»: 2 Եւ Հոգին եկաւ վրաս, բարձրացրեց ինձ ու կանգնեցրեց ոտքերիս վրայ: 3 Ու լսում էի, որ նա խօսում էր հետս ու ասում. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկելու եմ այդ դառնացուցիչ Իսրայէլի տունը. նրանք իրենք եւ նրանց հայրերը դառնացրել են ինձ, անարգել են ինձ մինչեւ այսօր: 4 Ում մօտ որ ես քեզ ուղարկում եմ՝ պնդերես ու խստասիրտ որդիներ են. կ՚ասես նրանց. “Այսպէս է ասում Տէր Աստուածը”: 5 Եթէ պատահի, որ լսեն կամ սարսափեն[866] (քանի որ դառնացնողների տուն են) եւ կամ ամբողջովին ընդունեն, որ դու նրանց մարգարէն ես, - 6 դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, նրանցից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետեւ զայրանալով պիտի զայրանան ու քեզ վրայ պիտի յարձակուեն, քանի որ կարիճների մէջ բնակուելիս պիտի լինես դու: Նրանց խօսքերից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետեւ դառնացնողների տուն են: 7 Նրանց իմ խօսքերը կ՚ասես. արդեօք պիտի լինի՞, որ լսեն կամ սարսափեն, քանի որ դառնացնողների տուն են, - 8 դու էլ, մարդո՛ւ որդի, անսա՛ այն խօսքերին, որ ասում եմ քեզ. դառնացնողների տան պէս դառնացնող մի՛ լինի, բա՛ց բերանդ ու կե՛ր, ինչ որ իբրեւ կերակուր տալիս եմ քեզ»: 9 Եւ տեսայ, որ ահա մի ձեռք էր երկարել դէպի ինձ ու դրա մէջ մի մագաղաթ կար: Բացեց այն իմ առաջ, ու դրա վրայ, ներքեւում ու վերեւում, գրուած էին ողբեր, աղաղակներ ու վայեր:
3
1 Եւ ասում էր ինձ. «Մարդո՛ւ որդի, ինչ որ դրա մէջ գտնես՝ կե՛ր. մանր-մանր կե՛ր այդ մագաղաթը եւ գնա՛ ու խօսի՛ր իսրայէլացիների հետ»: 2 Բաց արեց բերանս ու իբրեւ կերակուր դրեց այդ մագաղաթը եւ ասաց ինձ. 3 «Մարդո՛ւ որդի, բերանդ թող ուտի, ու որովայնդ լցուի այդ մագաղաթով, որ քեզ տրուեց»: Կերայ այն, եւ բերանիս մեղրի քաղցրութիւն տուեց: 4 Եւ ասաց ինձ.«Մարդո՛ւ որդի, դու գնա՛ ու մտի՛ր Իսրայէլի տուն. նրանց մօտ իմ պատգամները պիտի հաղորդես, 5 որովհետեւ դու խրթնախօս եւ ծանրալեզու մի ժողովրդի մօտ չէ, որ ուղարկւում ես, այլ Իսրայէլի տուն, 6 ո՛չ բազում օտար կամ այլալեզու ժողովուրդների մօտ, ո՛չ էլ խրթին լեզու ունեցողների, որոնց խօսքը չես էլ լսում: Եթէ այդպիսիների մօտ էլ ուղարկէի քեզ, նրա՛նք անգամ պիտի լսէին քեզ: 7 Սակայն Իսրայէլի տունը պիտի չուզի քեզ լսել, որովհետեւ չի ուզում ինձ անսալ. ամբողջ Իսրայէլի ցեղը հակառակորդներ ու խստասիրտներ են: 8 Եւ ահա ես քո դէմքը կարծրացրել եմ նրանց դէմ. քո յաղթանակն էլ պիտի զօրացնեմ ընդդէմ նրանց հակառակութեան: 9 Եւ քո յաղթանակն ամէն ժամ վէմի պէս հաստատուն պիտի լինի: Մի՛ վախեցիր նրանցից ու մի՛ սարսափիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ նրանք դառնացնողների տուն են»:
10 Եւ Տէրն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր խօսքերը, որ ասացի քեզ, ականջներո՛վդ լսիր ու սրտիդ մէ՛ջ պահիր: 11 Եւ գնա՛ ու մտի՛ր քո ժողովրդի գերեալ զաւակների մէջ: Նրանց հետ կը խօսես ու կ՚ասես. “Այսպէս է ասում Տէր Աստուածը”, լսեն նրանք, թէ չլսեն»:
12 Եւ Հոգին ինձ բարձրացրեց, ու ետեւիցս մեծ շարժման ձայն լսեցի. ասում էին. «Օրհնեալ է Տիրոջ փառքը՝ իր բնակատեղիում»: 13 Ու տեսայ, որ դա ձայնն էր միմեանց հետ սաւառնող կենդանի էակների թեւերի, ձայնը նրանց հետ պտտուող անիւների եւ ձայնը շարժման: 14 Տիրոջ Հոգին բարձրացրեց, բարձրացրեց ինձ, ու համբառնալով գնում էի՝ հետեւելով իմ հոգու մղումին: 15 Տիրոջ ձեռքն ինձ վրայ զօրաւոր եղաւ: Վերացած՝ մտայ գերեալների մէջ ու շրջեցի Քոբար գետի բնակիչների մօտ, որոնք այնտեղ էին: Ու դադար առնելով եօթը օր նստեցի նրանց մէջ:
ՏԷՐԸ ԵԶԵԿԻԷԼԻՆ ՊԱՀԱԿ Է ԿԱՐԳՈՒՄ
(Եզեկ. 33.1-9)
16 Եօթը օր յետոյ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 17 «Մարդո՛ւ որդի, ես քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես[867] նրանց: 18 Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, դու այլեւս չես զգուշացնելու նրան, ոչ էլ ասելու ես անօրէնին, որ զգուշանայ, յետ դառնայ իր չար ճանապարհից ու ապրի: Այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, եւ նրա արիւնը քեզնից եմ պահանջելու: 19 Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրէնութիւնից եւ իր ճանապարհից, - այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, իսկ դու քեզ փրկելու ես: 20 Եւ երբ արդարն էլ իր արդար գործերից շեղուի ու յանցանքներ գործի, նրա գլխին տանջանքներ եմ բերելու. ինքը մեռնելու է, որովհետեւ նրա կատարած արդար գործերը չեն յիշուելու: Բայց քանի որ դու նրան չես զգուշացրել, նրա արիւնը քեզնից եմ պահանջելու: 21 Ապա եթէ դու զգուշացնես արդարին, որ նա մեղք չգործի, արդարն ապրելով պիտի ապրի, որովհետեւ զգուշացրել ես նրան. դու էլ քեզ պիտի փրկես»:
ԵԶԵԿԻԷԼԸ ԼՌՈՒԹԵԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱԾ ԱՍՏԾՈՒ ԿՈՂՄԻՑ
22 Այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրայ հանգչեց, ու նա ասաց ինձ. «Վե՛ր կաց, դու էլ այն դաշտը ելի՛ր, այնտեղ քեզ հետ խօսելու եմ»: 23 Վեր կացայ ելայ այն դաշտը: Ահա այնտեղ էր իջել Տիրոջ փառքը, ինչպէս այն տեսիլքն ու փառքը, որ տեսել էի Քոբար գետի ափին: Երեսս ի վայր ընկայ: 24 Եւ Հոգին եկաւ վրաս ու ինձ ոտքերիս վրայ կանգնեցրեց: Խօսեց հետս ու ասաց. 25 «Մտի՛ր ու փակուի՛ր քո տանը: Մարդո՛ւ որդի, ահա քեզ վրայ կապանքներ են դրուած, ու քեզ դեռ կապելու են դրանցով. եւ դու դուրս չես գալու դրանց միջից: 26 Լեզուդ էլ կապելու եմ քո քիմքին, ու համր ես լինելու: Դու նրանց համար յանդիմանող մի մարդ չես լինելու, որովհետեւ նրանք դառնացնողների տուն են: 27 Ու երբ հետդ խօսեմ, բաց եմ անելու քո բերանը, եւ դու ասելու ես նրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը”: Ով որ լսելու է, թող լսի, իսկ ով որ արհամարհելու է, թող արհամարհի, քանի որ նրանք դառնացնողների տուն են»:
4
ԵԶԵԿԻԷԼԸ ՅԱՅՏՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ համար մի աղի՛ւս առ, այն դի՛ր քո առաջ: Դրա վրայ կը նկարես Երուսաղէմ քաղաքը, 2 շուրջը կը հաստատես նրա պաշարումը: Նրա շուրջը մարտական աշտարակներ կը շինես, կը շրջապատես պատնէշներով, շուրջը բանակներ կը կանգնեցնես ու նետաձիգներ կը դնես չորս կողմը: 3 Քեզ համար երկաթէ մի վահան կ՚առնես եւ այն, իբրեւ երկաթէ պարիսպ, կը կանգնեցնես քո ու քաղաքի միջեւ: Դէմքդ էլ կ՚ուղղես դէպի այն, կը պաշարես այն, ու սա պաշարման մէջ կը լինի: Իսրայէլի զաւակների նշանն է դա:
4 Դու կը ննջես քո ձախ կողքի վրայ ու Իսրայէլի տան անիրաւութիւններն էլ կը դնես վրադ, ըստ այն օրերի թուի, որ ննջելու ես դրա վրայ. հարիւր իննսուն[868] օր կը կրես նրանց անիրաւութիւնները: 5 Ես քեզ եմ տուել նրանց երկու անիրաւութիւնները, օրերի թուով՝ հարիւր իննսուն օր: Եւ դու կը կրես Իսրայէլի տան անիրաւութիւնները, 6 կ՚ամբողջացնես բոլորը միասին: Դարձեալ կը ննջես, աջ կողքիդ վրայ, եւ Յուդայի տան անիրաւութիւնները կը կրես քառասուն օր. իւրաքանչիւր տարուայ դիմաց մէկ օր եմ սահմանել քեզ:
7 Դէմքդ կ՚ուղղես դէպի Երուսաղէմի պաշարումը, կը զօրացնես բազուկներդ եւ նրա վրայ մարգարէութիւններ կ՚անես: 8 Իսկ ես ահա քեզ վրայ կապանքներ եմ դրել, ու դու մի կողքիցդ միւսին չես դառնալու, մինչեւ չվերջանան արգելափակմանդ օրերը:
9 Իսկ դու քեզ համար ցորեն ու գարի ա՛ռ, ոսպ ու ոլոռ, կորեկ ու հաճար, դրանք դի՛ր խեցէ մի ամանի մէջ եւ քեզ համար հա՛ց պատրաստիր: Ու ըստ կողքիդ վրայ քո քնելու օրերի թուի՝ հարիւր իննսուն օր կ՚ուտես այն: 10 Կերակուրդ կշռով կ՚ուտես. օրը քսան սիկղ[869] որոշուած ժամերին կ՚ուտես դրանից: 11 Ջուրն էլ չափով կը խմես. մի փարչի վեցերորդ մասը որոշուած ժամերին կը խմես: 12 Կերակուրդ գարուց պատրաստուած նկանակի ձեւով կ՚ուտես. մարդկանց կղկղանքի վրայ կ՚եփես այն, նրանց աչքի առաջ: 13 Ու կ՚ասես. “Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. իսրայէլացիներն այսպէս են ուտելու իրենց հացը՝ իրենց պղծութեամբ, այն այլազգիների մէջ, ուր ցրելու եմ նրանց”: 14 Եւ ես ասում եմ. «Քա՛ւ լիցի, Իսրայէլի Տէ՛ր Աստուած, եթէ հոգիս երբեւէ ապականուի պղծութիւնների մէջ. ես մեռելոտի կամ գազանից յօշոտուած անասունի միս ծննդիցս ի վեր մինչեւ այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որեւէ պիղծ միս չի մտել»: 15 Եւ ասաց ինձ. «Ահա քեզ մարդու կղկղանքի փոխարէն արջառի քակոր եմ տուել. դրա վրայ կ՚եփես հացդ»:
16 Եւ Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա ես վերացնում եմ Երուսաղէմում հացի պաշարը. թող հացը կշռով ու կարօտով ուտեն, ջուրն էլ չափով ու կարօտութեամբ խմեն, 17 որպէսզի կարօտ մնան հացի ու ջրի: Ու թող կործանուեն մարդն ու իր եղբայրը, հալումաշ լինեն իրենց անիրաւութիւնների մէջ»:
5
ԱՍՏՈՒԱԾ ՊԱՏԺԵԼՈՒ Է ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻՆ
1 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, յեսանով սրուած սուսեր ա՛ռ՝ վարսավիրների ածելուց աւելի սուր, ձե՛ռքդ առ այն, քաշի՛ր գլխիդ ու մօրուքիդ վրայով, ապա կշեռքն ա՛ռ ու կշռի՛ր այդ մազերը: 2 Մազի մէկ չորրորդ[870] մասը հրով կ՚այրես քաղաքի մէջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մէկ չորրորդ մասն էլ սրով կը կտրատես կը փռես քաղաքի շուրջը, իսկ մէկ չորրորդ մասն էլ քամուն կը տաս. ես սուր կը քաշեմ դրանց յետեւից: 3 Դրանցից մի փոքր մաս կ՚առնես, կը ծրարես ու կը դնես թիկնոցիդ մէջ: 4 Դրանցից էլի կը վերցնես կը գցես կրակի մէջ, կ՚այրես դրանք կրակի մէջ, եւ այնտեղից կրակ դուրս կը գայ:
5 Ու կ՚ասես բոլոր իսրայէլացիներին. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այս այն Երուսաղէմն է, որ դրել եմ հեթանոսների եւ նրանց շուրջը գտնուող երկրների մէջ: 6 Քանի որ իմ դրած կանոնները փոխեցին հեթանոսների անիրաւութեան հետ, իմ հրամանները՝ իրենց շուրջը գտնուող երկրների օրէնքների հետ, մերժեցին իմ օրէնքներն ու իմ օրէնքներով չշարժուեցին, - 7 դրա համար այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Քանի որ պատճառները գալիս են այն ազգերից, որոնք ձեր շուրջն են, եւ դուք իմ օրէնքներով չշարժուեցիք, իմ դրած կանոնները չկատարեցիք, չգործեցիք նաեւ ըստ ձեր շուրջը գտնուող հեթանոսների օրէնքների, - 8 ուստի Ամենակալ Տէրն այսպէս է ասում. ահա ես ձեզ դէմ եմ ու ձեր դատաստանը պիտի անեմ ազգերի առաջ 9 եւ ձեր պղծութիւնների պատճառով ձեզ պիտի անեմ այն, ինչ երբեք չեմ արել ու այլեւս դրա պէս ոչինչ չեմ անելու: 10 Դրա համար, Երուսաղէ՛մ, քո մէջ հայրերը պիտի ուտեն որդիներին, որդիներն էլ՝ հայրերին: Քո դատաստանն եմ անելու եւ չորս հողմերին եմ ցրելու քո բոլոր մնացորդներին: 11 Քանի ես կենդանի եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ նրա համար, որ իմ սրբութիւնները պղծեցիք ձեր բոլոր գարշելի կուռքերով ու պիղծ պաշտամունքներով, - ես մերժելու եմ ձեզ, աչքս էլ ձեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ ձեզ: 12 Ձեր մէկ չորրորդ մասը համաճարակից է սպառուելու, քո մէջ մէկ չորրորդ մասը սովից է մեռնելու, միւս չորրորդ մասը չորս հողմերին եմ ցրելու, իսկ մէկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից է ընկնելու. սուր եմ քաշելու նրանց յետեւից: 13 Եւ այսպէս նրանց վրայ իմ բարկութիւնը յագուրդ է ստանալու, ու ես մխիթարուելու եմ: Եւ պէտք է իմանան, որ ես՝ Տէրս, խօսեցի իմ վրէժխնդրութեամբ՝ յագուրդ տալու համար իրենց վրայ իմ բարկութեան: 14 Երուսաղէ՛մ, ես քեզ անապատի եմ վերածելու, քեզ դարձնելու եմ քո շուրջը գտնուող հեթանոսների նախատինքի առարկան, քո շուրջը եղող գիւղերն էլ աւերակների եմ վերածելու բոլոր անցորդների աչքերի առաջ, 15 եւ դուք ողբալի ու եղկելի էք լինելու, ծաղր ու ցուցանք՝ ձեր շուրջը եղող ազգերի մէջ, երբ ես սրտմտութեամբ ու վրէժխնդրութեան ցասումով ձեզ հետ դատաստան տեսնեմ: 16 Ես՝ Տէրս եմ ասում սա. երբ ես սովի չար նետերս արձակեմ ձեզ վրայ՝ կ՚ոչնչանաք: Դրանք կ՚արձակեմ ձեզ վրայ, սով կը բերեմ ձեր գլխին, կը վերացնեմ ձեր հացի պաշարը, 17 ձեր դէմ սով ու վայրի գազաններ կ՚ուղարկեմ եւ կը պատժեմ ձեզ. մահն ու արիւնը կ՚անցնեն ձեր վրայով, ձեր շուրջն էլ սրածութիւն կ՚անեմ, որովհետեւ ես՝ Տէրս եմ ասում դա”»:
6
ԸՆԴԴԷՄ ԿՌԱՊԱՇՏՆԵՐԻ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, դէմքդ ուղղի՛ր դէպի Իսրայէլի այդ լեռները, մարգարէութի՛ւն արա դրանց վրայ եւ ասա՛. 3 “Իսրայէլի՛ լեռներ, լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում Ամենակալ Տէրը լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. ‘Ահա սուր եմ քաշում ձեզ վրայ, ու ոչնչանալու են ձեր բարձրադիր սրբավայրերը, 4 կործանուելու են ձեր խորանները, խորտակուելու են ձեր մեհեանները. ու գետին եմ փռելու ձեր սպանուածներին ձեր կուռքերի առաջ: 5 Ձեր կուռքերի առաջ վիրաւոր դիաթաւալ եմ անելու իսրայէլացիներիդ ու ձեր ոսկորները փռելու եմ ձեր խորանների շուրջը, 6 ձեր բոլոր բնակավայրերում: Քաղաքներն աւերուելու են, բարձրադիր սրբավայրերը՝ ոչնչանալու, որպէսզի ջնջուեն ու պակասեն ձեր խորանները, խորտակուեն ու վերջ գտնեն ձեր կուռքերը, վերանան ձեր մեհեանները, ջնջուեն ձեր ձեռքերի գործերը, 7 ու ձեր մէջ սպանուածներ ընկնեն: Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը:
8 Սակայն ազգերի մէջ ձեզանից սրից ազատուածներ եմ թողնելու՝ օտար երկրներում ցիր ու ցան: 9 Ու ազգերի մէջ, ո՛ւր էլ որ գերուած լինեն նրանք, ձեր ազատուածները պիտի յիշեն ինձ, որ երդուեցի վրէժխնդիր լինել շնացած ու իմ դէմ ապստամբած նրանց սրտին, պոռնկացած աչքերին՝ նրանց չար վարքի համար: Նրանք պիտի ծեծեն իրենց երեսները այն չարիքների համար, որ արել են իրենց բոլոր կռատներում, իրենց ողջ կեանքի ընթացքում: 10 Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, եւ իզուր չէ որ ասել եմ, թէ այս բոլոր չարիքները նրանց հատուցելո՛ւ եմ’”: 11 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Ձեռքերով ծա՛փ զարկ, ոտքերով դոփի՛ր ու վա՜շ-վա՜շ ասա Իսրայէլի տան գարշելի գործերի ու չարիքների համար, որովհետեւ սրից, համաճարակից ու սովից են ընկնելու: 12 Ով որ հեռու է՝ համաճարակից է մեռնելու, իսկ ով մօտ է՝ սրից է ընկնելու. մնացածն ու պաշարուածը սովից են մեռնելու: Այսպիսով ես յագուրդ եմ տալու բարկութեանս: 13 Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ ձեր սպանուածներն ընկնեն ձեր կուռքերի առաջ, ձեր խորանների շուրջը, բոլոր բլուրների ու լեռների գագաթների վրայ, ինչպէս նաեւ բոլոր սաղարթախիտ ծառերի, հաստատուն կաղնիների տակ գտնուող կռատներում, ուր խունկ էիք ծխում ձեր բոլոր կուռքերին: 14 Ես ձեռքս իջեցնելու եմ բոլորի վրայ եւ երկիրը մատնելու եմ կործանման ու ոչնչացման, Դեբլաթի անապատից մինչեւ ձեր բոլոր բնակավայրերը: Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը”»:
7
ԻՍՐԱՅԷԼԻ ՄՕՏԱԼՈՒՏ ՎԱԽՃԱՆԸ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, կ՚ասես. 2 այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Իսրայէլացիների երկրիդ վախճանը հասել է, վախճան է հասել երկրիդ չորս կողմերին էլ. 3 ահա հասել է քո վախճանը: Բարկութիւնս ուղարկելու եմ քեզ վրայ ու քո բռնած ճանապարհին համապատասխան՝ վրէժ եմ լուծելու քեզնից, հատուցել եմ տալու քեզ՝ քո բոլոր գարշելի արարքների համար: 4 Աչքս չի խնայելու քեզ, ոչ էլ ողորմելու եմ, որովհետեւ քո վարքին համապատասխան հատուցել եմ տալու քեզ, եւ քո գարշելի գործերը երեւալու են քո մէջ: Պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը”: 5 Այսպէս է ասում Տէր Աստուած. “Ահա մի չարիք, մի չարիք է վրայ հասել. 6 եկել է վախճանը, թեւածում է քեզ վրայ: 7 Ահա տագնապն է համակել քեզ, դու որ բնակուել ես այդ երկրում: Հասել է ժամանակը, մօտեցել՝ օրը, սակայն ոչ իրարանցումով, ոչ երկունքով: 8 Այլ այժմ, շուտով թափելու եմ քեզ վրայ զայրոյթս, ի կատար եմ ածելու սրտմտութիւնս, դատաստան եմ տեսնելու քեզ հետ՝ ըստ քո բռնած ճանապարհի, հաշիւ եմ պահանջելու քո բոլոր պիղծ պաշտամունքների համար: 9 Աչքս չի խնայելու քեզ, ոչ էլ ողորմելու եմ, որովհետեւ ըստ քո բռնած ճանապարհի հատուցել եմ տալու քեզ, ու քո գարշելի գործերը երեւալու են քո մէջ: Պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը, որ հարուածում եմ քեզ: 10 Ահա եւ Տիրոջ օրը. ահա հասել է վերջը: Եկել է տագնապը, դալարել է գաւազանը. գլուխ է բարձրացրել ամբարտաւանութիւնը: 11 Խորտակելու եմ անօրէնի չարութիւնը, սակայն ոչ իրարանցումով ու փութով: Նրանց խելքը գլուխներին չէ, ոչ էլ գեղեցկութիւն կայ նրանց մէջ: 12 Հասել է ժամանակը, ահա եկել է օրը: Գնողը թող չուրախանայ, ոչ էլ վաճառողը ողբայ, որովհետեւ Իսրայէլի ամբողջ բազմութեան վրայ բարկութիւնն է տիրում: 13 Ով որ գնելու է, վաճառողին այլեւս չի դառնալու, ոչ էլ նրանք կենդանի կեանքով են ապրելու, որովհետեւ այս տեսիլքը նրանց ողջ բազմութեանը չի վերադառնալու, եւ ոչ մի մարդ իր կեանքի յոյսի մէջ չի հաստատուելու: 14 Փող զարկեցիք ու ամէն ինչ պատրաստեցիք: Սակայն ոչ ոք չի լինելու, որ պատերազմի գնայ, որովհետեւ բարկութիւնս իջել է Իսրայէլի բազմութեան վրայ”:
ՈՉ ՈՔ ՉԻ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՊԱՏԺԻՑ
15 “Սրով պատերազմը՝ դրսից, սովն ու համաճարակը՝ ներսից: Ովքեր դրսում են լինելու՝ սրով են վերջ գտնելու, իսկ ովքեր քաղաքում՝ սովից ու համաճարակից են մեռնելու: 16 Բայց դրանցից փրկուելու են միայն նրանք, որ փրկուելու էին, ու լեռների վրայ աղաւնիների պէս անձանձրոյթ պիտի մնչեն-հեծեծեն: Բոլորին էլ կոտորելու եմ, իւրաքանչիւրին՝ ըստ իր անիրաւութեան:
17 Ամէն ձեռք թուլանալու է,
ամէն երանք՝ խոնաւութեամբ ապականուելու[871]:
18 Քուրձեր են առնելու իրենց վրայ.
մղձաւանջներ են համակելու նրանց: Ամէն երեսի վրայ ամօթ պիտի լինի, ամէն գլուխ՝ սափրուած[872]:
19 Նրանց արծաթն ընկած է մնալու հրապարակներում,
իսկ ոսկին արհամարհուելու է:
Տիրոջ բարկութեան օրը նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանալու փրկել նրանց:
Նրանց հոգիները չեն յագենալու,
ոչ էլ որովայնները՝ լցուելու են,
որովհետեւ տանջանքները նրանց են տրուել անիրաւութիւնների պատճառով:
20 Ընտիր-ընտիր զարդեր են դրել՝ գոռոզութեամբ,
եւ դրանցից սարքել են գարշելի պաշտամունքի կուռքեր:
Դրա համար էլ պղծութեան առարկայ եմ դարձնելու դրանք
21 ու մատնելու եմ դրանք օտարների ձեռքը՝ յափշտակելու,
չարագործների ձեռքը՝ աւարի ենթարկելու:
22 Եւ պղծելու են դրանք:
Երեսս շուռ եմ տալու նրանցից:
Պղծելու են իմ սրբարանը,
անխտիր մտնելու են այնտեղ, պղծելու են այն,
խառնակութիւն են անելու,
23 որովհետեւ երկիրը լցուել է նրանց արիւնալի դատաստաններով,
քաղաքներն էլ լի են անօրէնութիւններով:
24 Չար ազգեր եմ բերելու,
եւ սրանք ժառանգելու են նրանց տները:
Ջախջախելու եմ բռնութիւն գործած նրանց ամբարտաւանութիւնը:
Պղծուելու են նրանց սրբավայրերը:
25 Քաւութեան զոհ մատուցելով՝[873]
խաղաղութիւն են փնտռելու, բայց չեն գտնելու:
26 Դժբախտութիւնը դժբախտութեան վրայ է գումարուելու, գոյժը՝ գոյժի:
Մարգարէների մօտ տեսիլքներ են փնտռելու,
քահանայի մօտ՝ ցանկալի օրէնքներ,
ծերերի մօտ՝ խորհուրդներ,
բայց չեն գտնելու:
27 Սգալու է թագաւորը,
վիշտ է կրելու իշխանը,
թուլանալու են երկրի ժողովրդի ձեռքերը.
ըստ նրանց բռնած ճանապարհի վարուելու եմ նրանց հետ
եւ ըստ նրանց չարիքների պատժելու եմ նրանց:
Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը”»:
8
ԱՍՏԾՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԻԼՔԸ ԵԶԵԿԻԷԼԻՆ
(8.1-10:22)
ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ ԱՍՏԾՈՒ ՏԱՃԱՐՈՒՄ
1 Վեցերորդ տարում, հինգերորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, ես նստած էի իմ տանը, Յուդայի երկրի տան աւագներն էլ նստած էին իմ առաջ: Ամենակալ Տիրոջ ձեռքը հանգչեց վրաս, 2 ու տեսնում էի մարդու նման մի կերպարանք, մէջքից ներքեւ՝ կրակ, մէջքից վեր՝ ասես օդի մէջ տեսիլք, ասես երփներանգ ակ: 3 Ձեռքի պէս մի բան պարզեց գցեց իմ գլխի գագաթին. Հոգին բարձրացրեց ինձ երկնքի ու երկրի միջեւ, տարաւ ինձ Երուսաղէմ՝ Աստծու տեսութեան, ու կանգնեցրեց Տիրոջ տան ներքին նախադռան մօտ, որ դէպի հիւսիս է նայում, եւ ուր գտնւում էր նախանձ գրգռող կուռքը: 4 Այնտեղ էր եւ Իսրայէլի Աստծու փառքը, ճիշտ այն տեսիլքի պէս, որ տեսել էի դաշտում:
5 Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, նայի՛ր աչքերովդ դէպի հիւսիս»: Աչքերս բարձրացրի դէպի հիւսիս, եւ ահա հիւսիսային կողմում, խորանի դռան վերեւում, մուտքի մօտ, որ դէպի արեւելք էր նայում, կար նախանձի կուռքը: 6 Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թէ ի՛նչ մեծ անօրէնութիւններ է գործում այստեղ Իսրայէլի այդ տունը, որպէսզի հեռանամ իմ սրբավայրերից: Սրանցից է՛լ աւելի մեծ անօրէնութիւններ դարձեալ կը տեսնես»:
7 Եւ ինձ տարաւ գաւթի դռների առաջ. ահա պատի մէջ մի ծակ տեսայ: 8 Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, փորի՛ր այդ պատը»: Փորեցի պատը: Եւ ահա մի դուռ: 9 Ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մտի՛ր, տե՛ս անօրէնութիւններն ու չարիքները, որ դրանք այստեղ գործում են»: 10 Մտայ ու տեսայ ամէն տեսակ սողուն ու անասուն, սնոտի գարշանքներ: Տեսայ եւ դրանց շուրջը քանդակուած՝ Իսրայէլի տան բոլոր կուռքերը: 11 Իսրայէլի տան նախնիներից եօթանասուն տղամարդիկ, որոնց մէջ էր նաեւ Սափանի որդի Յեզոնիան, որ կանգնած էր նրանց առջեւ: Իւրաքանչիւրի ձեռքում՝ բուրվառ: Խնկի ծուխն էլ ամպի պէս բարձրանում դիզւում էր: 12 Եւ Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թէ Իսրայէլի այդ տան նախնիներն ինչե՛ր են անում այստեղ, խաւարի մէջ, իւրաքանչիւրն իր ծածուկ սենեակում: Նրանք ասում են, թէ Տէրը լքել է երկիրը, չի նայում երկրին»: 13 Եւ ասաց ինձ. «Էլի ուրիշ աւելի մեծ անօրէնութիւններ կը տեսնես, որ գործում են դրանք»:
14 Ու ինձ տարաւ Տիրոջ տան դռան առաջ, որ դէպի հիւսիս է նայում: Ահա այնտեղ նստած էին կանայք ու ողբում էին Թամուզին: 15 Եւ ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես այդ, մարդո՛ւ որդի. բայց դեռ սրանից է՛լ աւելի մեծ չարագործութիւններ կը տեսնես»: 16 Եւ ինձ մտցրեց Տիրոջ տան ներքնասրահը: Ահա Տիրոջ տաճարի դռների վերեւում, խորանի ու պատշգամբի միջեւ, կային մօտաւորապէս քսանհինգ մարդիկ, որոնք թիկունքները շուռ էին տուել Տիրոջ տաճարի կողմը, երեսները՝ դէպի արեւելք ու երկրպագում էին արեւին: 17 Նա ասաց ինձ. «Տեսա՞ր այդ, մարդո՛ւ որդի: Մի՞թէ փոքր բան է Իսրայէլի այդ տան անօրէնութիւնը, որ դրանք այստեղ գործում են, որպէսզի այդ երկիրը լցուի անօրէնութիւններով, ու դրանք բարկացնեն ինձ: Ահա որթատունկի ճիւղն էլ քաշում են որպէս արհամարհանքի[874] նշան: 18 Ես էլ դրանց հետ բարկութեամբ եմ վարուելու. գթասիրտ աչքով չեմ նայելու, ոչ էլ ողորմելու եմ: Ականջիս գոռան էլ, չեմ լսելու դրանց»:
9
ԵՐՈՒՍԱՂԷՄԸ ՊԱՏԺՒՈՒՄ Է
1 Նա ականջիս բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Մօտեցել է այդ քաղաքը պատժելու ժամը»: Ամէն մարդ սպանութեան գործիք ունէր ձեռքին: 2 Ահա վեց մարդ էր գալիս դէպի հիւսիս նայող բարձր դռան ճանապարհով՝ իւրաքանչիւրի ձեռքին տապար: Դրանց մէջ էր նաեւ սքեմով մի մարդ՝ մէջքին շափիւղաներով ականակապ գօտի[875]: Մտան կանգնեցին պղնձէ զոհասեղանի առաջ: 3 Եւ Իսրայէլի Աստծու փառքը, որ տաճարում էր, քերովբէներից վեր օդ բարձրացաւ: Կանչեց այն մարդուն, որ սքեմ էր հագել ու մէջքին գօտի ունէր: 4 Տէրն ասաց նրան. «Անցի՛ր Երուսաղէմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծում են ու հոգոց հանում այդ վայրերում կատարուած անօրէնութիւնների վրայ»: 5 Միւսներին էլ ինձ լսելի ձեւով ասաց. «Նրա յետեւից քաղա՛ք գնացէք ու կոտորեցէ՛ք: 6 Գթասիրտ աչքով մի՛ նայէք. մի՛ խղճաք ծերին ու մանկան, կոյսին ու երիտասարդին: Կանանց էլ կոտորեցէ՛ք-ջնջեցէ՛ք: Բայց ում վրայ որ նշան կայ՝ չմօտենա՛ք: Սկսեցէ՛ք իմ սրբարանից»: Եւ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին: 7 Եւ ասաց նրանց. «Պի՛ղծ համարեցէք այդ տունը, լցրէ՛ք այդ տունը դիակներով, ելէ՛ք, հարուածեցէ՛ք, կոտորեցէ՛ք այդ քաղաքը»:
8 Եւ ես նայեցի ու տեսայ, որ կոտորում էին նրանց: Երեսս ի վայր ընկայ, աղաղակեցի ու ասացի. «Վա՛յ ինձ, Ամենակա՛լ Տէր. ահա դու ջնջում ես Իսրայէլի այդ տան մնացորդներին՝ քո զայրոյթը Երուսաղէմի վրայ թափելով»:
9 Եւ Տէրն ասաց ինձ. «Իսրայէլի ու Յուդայի երկրի այդ տան անիրաւութիւնները սաստիկ շատացան, որովհետեւ այդ երկիրը լցուեց ժողովուրդների բազմութեամբ, այդ քաղաքն էլ՝ անօրէնութեամբ ու պղծութեամբ, որովհետեւ ասացին, թէ՝ “Տէրը լքել է երկիրը, այլեւս չի նայում երկրին”: 10 Արդ, գթասիրտ աչքով չեմ նայելու, ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ նրանց ընթացած ճանապարհի էլ պիտի հատուցեմ նրանց»:
11 Եւ ահա այն մարդը, որ սքեմ էր հագել ու մէջքին գօտի ունէր, պատասխանեց ու ասաց. «Արեցի, ինչպէս որ հրամայել էիր ինձ»:
10
ՏԷՐԸ ՆՈՐԻՑ Է ԵՐԵՒՈՒՄ ԵԶԵԿԻԷԼԻՆ
1 Ու ահա տեսնում էի, որ երկնքում, որ քերովբէների գլխավերեւում էր, շափիւղայ քարից շինուած գահի նմանուող մի բան կար: 2 Եւ ասաց սքեմ հագած մարդուն. «Մտի՛ր այդ անիւների մէջտեղը, քերովբէների տակ, բուռդ լցրո՛ւ այդ քերովբէների մէջտեղում եղող շիկացած ածուխներով ու դրանք ցանի՛ր քաղաքի վրայ»: 3 Եւ նա մտաւ իմ աչքի առաջ: Երբ մարդը մտնում էր, քերովբէները կանգնած էին տաճարի աջ կողմում. ծխի ամպն էլ լցրել էր ներքնասրահը: 4 Եւ այն քերովբէների վրայից օդի մէջ վեր բարձրացաւ Տիրոջ փառքը, որ տաճարում էր. տաճարը լցուեց ծխի ամպով, սրահն էլ լցուեց Տիրոջ փառքի լոյսով: 5 Եւ քերովբէների թեւերի ձայնը լսելի էր լինում մինչեւ արտաքին գաւիթը, ինչպէս Սադայի Աստծու ձայնը, երբ նա խօսում էր: 6 Մինչ Աստուած հրահանգ էր տալիս սուրբ սքեմ հագած մարդուն ու ասում էր՝ «Կրա՛կ առ քերովբէների մէջտեղում եղող այդ անիւների միջից», - 7 սա մտաւ ու կանգնեց անիւների մէջտեղը: Եւ քերովբէներից մէկը ձեռքը մեկնեց կրակի մէջ, որ քերովբէների մէջտեղում էր, առաւ այն ու տուեց նրա ձեռքը: Եւ նա, որ սուրբ սքեմ էր հագել, առաւ այն ու այնտեղից դուրս եկաւ: 8 Նայում էի քերովբէներին ու նրանց թեւերի տակ տեսնում մարդու ձեռքի պէս մի բան:
9 Տեսնում էի նաեւ, որ ահա չորս անիւներ կային քերովբէների մօտ, ամէն մի քերովբէի ետեւում՝ մի անիւ: Եւ անիւների տեսքը նման էր կարկեհան ակի տեսքին: 10 Չորս անիւների տեսքն էլ այնպիսին էր, որ կարծես մի անիւը միւսի մէջ անցած լինէր: 11 Եւ երբ դրանք շարժւում էին, չորս կողմերից մէկի ուղղութեամբ էին ընթանում ու յետ շուռ չէին գալիս, որովհետեւ դէպի առաջ ո՛ր կողմ որ նայում էր գլուխը՝ նրա յետեւից էին ընթանում եւ միւսները ու յետ շուռ չէին գալիս: 12 Եւ նրանց բոլորի մարմինները՝ թէ՛ ձեռքերը, թէ՛ թեւերը, ինչպէս նաեւ անիւները, չորս կողմից լիքն էին աչքերով: 13 Հէնց ինքս լսեցի, որ անիւներին դիւրաթաւալ անունն էին տալիս: 14 Եւ քերովբէներից ամէն մէկը չորս դէմք ունէր. մէկը քերովբէի դէմք էր, երկրորդը՝ մարդու, երրորդը՝ առիւծի, իսկ չորրորդը՝ արծուի: 15 Ու քերովբէները վեր բարձրացան: Սա այն գազանն էր, որ տեսել էի Քոբար գետի ափին: 16 Երբ քերովբէները գնում էին, անիւներն էլ էին ընթանում նրանց յետեւից, իսկ երբ քերովբէները իրենց թեւերը բարձրացնում էին՝ երկրից վերանալու համար, անիւները յետ չէին դառնում, որովհետեւ նրանց հետ էին: 17 Երբ քերովբէները կանգ էին առնում, անիւներն էլ կանգ էին առնում, իսկ երբ քերովբէները վեր էին բարձրանում, անիւներն էլ էին վեր բարձրանում, որովհետեւ նրանց մէջ կենդանի ոգի կար:
ՏԻՐՈՋ ՓԱՌՔԸ ԳՆՈՒՄ Է ՏԱՃԱՐԻՑ
18 Եւ Տիրոջ փառքը տաճարի մուտքի գաւթից բարձրացաւ ու նստեց քերովբէների վրայ: 19 Քերովբէներն էլ բարձրացրին իրենց թեւերը, աչքերիս առաջ համբարձան երկրից, անիւներն էլ՝ նրանց յետեւից: Եւ կանգնեցին Տիրոջ տան շեմին, որ նայում էր դէպի արեւելք. Իսրայէլի Աստծու փառքն էլ նրանց վերեւում էր: 20 Այս այն կենդանի էակն էր, որին ես տեսել էի Քոբար գետի ափին Իսրայէլի Աստծուց ներքեւ ու իմացայ, որ դրանք քերովբէներ են: 21 Ամէն մէկը չորսական դէմք ունէր, ամէն մէկը՝ ութական[876] թեւ, թեւերի տակ՝ մարդու ձեռքերի նմանութեամբ ձեռքեր: Երեսներն էլ նման էին մարդու երեսի: 22 Սրանք այն երեսներն էին, որ ես տեսել էի Քոբար գետի ափին, Իսրայէլի Աստծու փառքի ներքեւ. հէնց նրանց տեսիլքն էր, նրանք էին. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում:
11
ԵՐՈՒՍԱՂԷՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼՈՒ Է ԻՐ ԳՈՐԾԱԾ ՈՃԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
1 Հոգին բարձրացրեց ինձ ու բերեց Տիրոջ տան դռան դիմաց, որ նայում էր դէպի արեւելք: Եւ ահա սրահի դռան առաջ մօտաւորապէս քսանհինգ մարդ կար: Նրանց մէջ տեսայ Յազերի որդի Յեզոնիային եւ Բանեայի որդի Փալտիային՝ ժողովրդի առաջնորդներին:
2 Տէրն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, սրանք են այն մարդիկ, որոնք սնոտի բաներ են մտածում ու չար խրատներ տալիս այդ քաղաքում 3 եւ ասում են. “Այս տները նոր շինուած չեն, այլ այս քաղաքը մի կաթսայ է, մենք էլ՝ միս”: 4 Դրա համար էլ մարգարէութի՛ւն արա դրանց վրայ, մարգարէութի՛ւն արա, մարդո՛ւ որդի»: 5 Տիրոջ Հոգին իջաւ վրաս ու ասաց ինձ. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Այսպէ՛ս ասացիք, Իսրայէլի՛ տուն, ու ես գիտեմ ձեր հոգու խորհուրդը: 6 Դուք բազմապատկեցիք ձեր դիակներն այդ քաղաքում ու դրա ճանապարհները լցրիք սպանուածներով: 7 Դրա համար էլ այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Ձեր դիակները, որ փռել էք այդտեղ, քաղաքում, դրանք միսն են, իսկ դա էլ՝ կաթսան: Ձեզ դուրս եմ բերելու դրա միջից: 8 Դուք վախենում էիք սրից, սուր եմ բերելու ձեզ վրայ, - ասում է Ամենակալ Տէրը: - 9 Ձեզ դուրս եմ բերելու դրա միջից ու մատնելու եմ օտարների ձեռքը, 10 դատաստան եմ տեսնելու ձեզ հետ, որպէսզի սրով էլ ընկնէք: Իսրայէլի լեռների վրայ եմ ձեզ դատելու, եւ դուք պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը: 11 Դա ձեզ համար կաթսայ չի լինելու, ոչ էլ դուք դրա մէջ՝ միս: Իսրայէլի լեռների վրայ եմ ձեզ դատելու, եւ պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը: 12 Դուք իմ արդարութեան ճանապարհով չընթացաք, հրամաններս չգործադրեցիք, այլ ձեր շուրջը գտնուող ազգերի սովորութիւններով շարժուեցիք”»:
13 Մինչ ես մարգարէութիւն էի անում, մեռաւ Բանեայի որդի Փալտիան: Երեսս ի վայր ընկայ ու բարձրաձայն աղաղակեցի՝ ասելով. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ամենակա՛լ Տէր, Իսրայէլի մնացորդների վախճանը հասցրիր»:
ԱՍՏՈՒԱԾ ՊԻՏԻ ՀԱՒԱՔԻ ՑՐՈՒԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ
14 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 15 «Մարդո՛ւ որդի, քո եղբայրների, քո գերուած հարազատների, Իսրայէլի ամբողջ տան վախճանը հասել է: Երուսաղէմի բնակիչները նրանց ասել են, թէ՝ “Հեռացէ՛ք Տիրոջից, որովհետեւ այս երկիրը մեզ է տրուած որպէս ժառանգութիւն”: 16 Դրա համար ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. նրանց գցելու եմ ազգերի մէջ, սփռելու եմ ամբողջ երկրով մէկ: Մի փոքր ժամանակ սրբութիւն եմ լինելու նրանց մտած երկրում”: 17 Ուստի ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. նրանց հաւաքելու եմ ազգերի միջից, մէկտեղելու եմ նրանց ա՛յն երկրներից, ուր սփռել էի նրանց, եւ նրանց եմ տալու Իսրայէլի երկիրը: 18 Նրանք մտնելու են այնտեղ, վերացնելու են այնտեղի բոլոր գարշելի կուռքերը, ինչպէս նաեւ բոլոր անօրէնութիւնները նրա միջից: 19 Եւ ուրիշ սիրտ եմ տալու նրանց, նոր հոգի եմ պարգեւելու նրանց, հանելու եմ քարեղէն սիրտը նրանց մարմիններից 20 եւ տալու եմ մարմնեղէն սիրտ, որպէսզի պատուիրաններիս համաձայն ընթանան, օրէնքներս պահեն ու կատարեն, ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ իրենց համար՝ Աստուած: 21 Բայց գարշելի կուռքերին նուիրուած նրանց սրտի համար, նաեւ ա՛յն անօրէնութիւնների համար, որ գործել են, ա՛յն ընթացքի համար, որ ցոյց են տուել, պատիժ եմ բերելու նրանց գլխին”», - ասում է Ամենակալ Տէրը:
ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԻՑ
22 Քերովբէները բարձրացրին իրենց թեւերը, անիւներն էլ նրանց յետեւից բարձրացան, Իսրայէլի Աստծու փառքն էլ նրանց բոլորի վրայ էր, վերեւում: 23 Ու Տիրոջ փառքը քաղաքի միջից վեր բարձրացաւ, կանգ առաւ այն լերան վրայ, որ քաղաքի դիմացն էր:
24 Ու Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդէացիների երկիրը, գերիների մէջ՝ Աստծու Հոգու ցոյց տուած տեսիլքով: 25 Այսպիսով ես սթափուեցի այն տեսիլքից, որ տեսել էի, ու խօսեցի գերիների առաջ այն բոլոր բաների մասին, որ Տէրն ինձ ցոյց էր տուել:
12
ԵԶԵԿԻԷԼԸ ԱՔՍՈՐ Է ԳՈՒՇԱԿՈՒՄ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, դրանց անօրէնութիւնների մէջ ես դու բնակւում. աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, քանի որ դառնացնողների տուն են: 3 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քո գերութեան պատրաստութի՛ւնը տես, ցերեկը գերութեա՛ն գնա նրանց աչքի առաջ, քո տեղից ուրիշ տե՛ղ քոչիր նրանց աչքի առաջ, որ տեսնեն, քանի որ նրանք դառնացնողների տուն են: 4 Նրանց աչքի առաջ մէջտե՛ղ հանիր պատրաստութիւնդ, որ տեսել ես գերութեան համար: 5 Երեկոյեան նրանց առա՛ջ ելիր, ինչպէս գերին է ելնում, նրանց աչքի առաջ պատը ծակի՛ր ու դրա միջով սրանց առա՛ջ ելիր: 6 Կուզէկուզ կը գնաս ու գաղտագողի դուրս կ՚ելնես. գլխիդ շոր կը գցես, որ շուրջդ չտեսնես: Քեզ խորհրդանշան դարձրի Իսրայէլի տան համար»:
7 Եւ ամէն բան այնպէս արեցի, ինչպէս որ պատուիրել էր ինձ Տէրը. ցերեկը գերու հագուստ գցեցի վրաս, երեկոյեան իմ ձեռքով պատը փորեցի. ու նրանց աչքի առաջ գաղտագողի, կուզէկուզ էի գնում: 8 Իսկ առաւօտեան Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 9 «Մարդո՛ւ որդի, Իսրայէլի տան՝ դառնացնողների տան զաւակները չասացի՞ն քեզ, թէ՝ “Այդ ի՛նչ ես անում”: 10 Արդ, ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Տէր Աստուածը Երուսաղէմի իշխաններիդ ու առաջնորդներիդ, Իսրայէլի բոլոր զաւակներին, որ այնտեղ են բնակւում. 11 ես խորհրդանշան եմ ձեզ համար Երուսաղէմի մէջ. ինչպէս որ արել եմ քեզ՝ այնպէս էլ լինելու է նրանց հետ, որովհետեւ պանդխտութեան ու գերութեան են գնալու: 12 Իշխանն էլ նրանց մէջ կուզէկուզ է գնալու, գաղտագողի է շրջելու, պատը փորելով է դուրս գալու, դէմքը ծածկելով է գնալու եւ շուրջը չի տեսնելու: 13 Ցանցս գցելու եմ նրա շուրջ, եւ նա բռնուելու է ուռկանիս մէջ: Տանելու եմ նրան Բաբելոն՝ քաղդէացիների երկիրը, բայց նա այդ երկիրը չի տեսնելու եւ այնտեղ էլ մեռնելու է: 14 Եւ նրա բոլոր օգնականներին, որոնք նրա շուրջն են, նրա բոլոր պաշտպաններին ցրելու եմ բոլոր հողմերին ու սուր եմ քաշելու նրանց յետեւից: 15 Եւ երբ ես նրանց ցրեմ ազգերի մէջ, սփռեմ երկրներով մէկ, պէտք է իմանան, որ ես եմ Տէրը: 16 Սակայն նրանցից սակաւաթիւ մարդկանց զերծ եմ թողնելու սովից, սրից ու համաճարակից, որպէսզի պատմեն իրենց բոլոր անօրէնութիւնները ա՛յն ազգերի մէջ, ուր որ մտնեն: Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը”»:
ԴՈՂԱՑՈՂ ՄԱՐԳԱՐԷԻ ՆՇԱՆԸ
17 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 18 «Մարդո՛ւ որդի, հացդ կարօտութեա՛մբ կեր եւ ջուրդ տանջանքներո՛վ ու նեղութեա՛մբ խմիր: 19 Եւ ասա՛ այդ երկրի ժողովրդին. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմի բնակիչներին. Իսրայէլի երկրում իրենց հացը կարօտութեամբ են ուտելու, իրենց ջուրը գարշանքով են խմելու, որպէսզի իրենց երկիրն ամբողջութեամբ կործանուի, որովհետեւ նրա բոլոր բնակիչներն ամբարշտութեան մէջ են: 20 Նրանց մարդաբնակ քաղաքներն էլ աւերուելու են, նրանց երկիրն էլ ապականութեան մէջ է լինելու: Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը”»:
ՏԻՐՈՋ ԽՕՍՔԸ ԻՐԱԿԱՆԱՆԱԼՈՒ Է
21 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 22 «Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ ասացուածք է, որ ասւում է Իսրայէլի այդ երկրում, թէ՝ “Հեռու են օրերը, ու չքացել են բոլոր տեսիլքները”: 23 Ուստի ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. խափանելու եմ այդ առակը, եւ Իսրայէլի զաւակներն այլեւս այդ առակը չեն արտասանելու, որովհետեւ պիտի ասես նրանց, որ մօտ են օրերն ու կատարուելու են բոլոր տեսիլքների պատգամները: 24 Այլեւս ոչ մի սուտ տեսիլք չի լինելու Իսրայէլում, ոչ էլ հաճոյական գուշակութիւններ՝ Իսրայէլի զաւակների համար: 25 Արդարեւ, ես՝ Տէրս ասացի այս խօսքերը, ասացի ու իրագործելու եմ դրանք, չեմ յետաձգելու, որովհետեւ, ո՛վ դառնացնողների տուն, ձեր օրերին է, որ ասել եմ այդ խօսքերը եւ իրագործելու եմ դրանք”», - ասում է Ամենակալ Տէրը:
26 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 27 «Մարդո՛ւ որդի, ահա Իսրայէլի այդ տունը՝ դառնացնողների տունն ասում է. “Դրա՝ Եզեկիէլի տեսած տեսիլքը, ինչ որ դա մարգարէանում է, բազմաթիւ օրեր յետոյ, հեռաւոր ժամանակներում է կատարուելու”: 28 Դրա համար էլ ասա՛ դրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. իմ ասած խօսքերից շատ չի անցնելու, եւ ինչ որ ասել եմ՝ իրագործելու եմ”», - ասում է Ամենակալ Տէրը:
13
ԸՆԴԴԷՄ ԿԵՂԾ ՄԱՐԳԱՐԷՆԵՐԻ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, մարգարէութի՛ւն արա Իսրայէլի այդ մարգարէների դէմ, որ մարգարէանում են այնտեղ, եւ ասա՛ այդ մարգարէներին, որոնք իրենց սրտի ուզածի պէս են մարգարէանում. մարգարէացի՛ր ու ասա՛ նրանց. “Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները: 3 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. վա՛յ նրանց, որ այդպէս քմահաճօրէն են մարգարէանում, որ գնում են իրենց քմահաճոյքի յետեւից ու ոչինչ չեն տեսնում: 4 Ո՛վ Իսրայէլ, քո մարգարէներն այնպէս էին, ինչպէս աղուէսները՝ աւերակներում. նրանք հաստատուն չմնացին: 5 Հօտեր ժողովեցին Իսրայէլի քո տան վրայ, ու չհաստատուեցին այն խօսքերը, որ նրանք խօսում էին Տիրոջ անունից, 6 սուտ տեսիլքներ էին տեսնում, սնոտի գուշակութիւններ անում ու ասում էին՝ ‘Այսպէս է ասում Տէրը’”: Բայց ես՝ Տէրս, չէի ուղարկել նրանց: Եւ սկսեցին ուրիշ խօսքեր էլ մէջտեղ գցել: 7 Չէ՞ որ սուտ տեսիլքներ էիք տեսել, սնոտի գուշակութիւններ արել, երբ ասում էիք, թէ այսպէս է ասել Տէրը: Բայց ես՝ Տէրս, չէի ասել: 8 Ուստի ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ ձեր խօսքերը սուտ են, ձեր գուշակութիւնները՝ սնոտի, 9 ահա դրա համար ես իմ ձեռքը, - ասում է Ամենակալ Տէրը, - իջեցնելու եմ ձեզ վրայ, նաեւ ձեր մարգարէների վրայ, որոնք սուտ տեսիլքներ էին տեսնում ու սնոտի բաներ խօսում: Իմ ժողովրդի ժողովատեղիներում չպէտք է լինեն դրանք, ո՛չ պիտի յիշուեն Իսրայէլի տան գրքերում, ո՛չ էլ պիտի մտնեն Իսրայէլի երկիրը: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը: 10 Եւ իմ ժողովրդին մոլորեցնելու համար ասում էին՝ խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն է. բայց խաղաղութիւն չէր լինում: Ժողովուրդը պատ էր կանգնեցնում, իսկ նրանք ծեփ էին քսում, որ փլուի: 11 Տէրն ասում է այդ ծեփողներին. ‘Դա անզգամութիւն է, քանի որ փուլ կը գայ. անձրեւ կը գայ ու կ՚ողողի: Դրա որմնակալերը ռմբաքարերով կը քարկոծեմ, ու կը խորտակուեն: Հողմ կը բարձրանայ ու կը տապալի: 12 Եւ Ահա խորտակուած է պատը. այն ժամանակ ձեզ չե՞ն ասի, թէ՝ ‘Ո՛ւր է ձեր ծեփը, որով այն ծեփեցիք’’”: 13 Արդ, այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Իմ սրտմտութեամբ հողմ եմ արձակելու, որ ամէն ինչ մէջտեղից վերացնի: Իմ բարկութեամբ անձրեւ է գալու՝ ողողելու համար: Ցասումով ռմբաքար ժայռեր եմ արձակելու դրա վրայ, որ կործանուի: 14 Գետնին եմ հաւասարեցնելու այն պատը, որ ծեփում էիք, եւ այն պիտի խորտակուի: Գետին եմ տապալելու այն, ու նրա հիմքերն են երեւալու: Ընկնելու եւ վերջ է գտնելու այն՝ մեղադրուելով: Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը: 15 Սրտմտութիւնս եմ թափելու թէ՛ պատի, թէ՛ այն ծեփողների վրայ: Եւ այն պիտի խորտակուի: Եւ ասելու եմ ձեզ, որ պատն այլեւս չկայ, ոչ էլ այն ծեփող Իսրայէլի մարգարէները, 16 որոնք մարգարէանում էին Երուսաղէմի մասին, նրա համար խաղաղութիւն էին գուշակում, բայց խաղաղութիւն չկար”», - ասում է Ամենակալ Տէրը:
ԸՆԴԴԷՄ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԷՈՒՀԻՆԵՐԻ
17 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ դէմքդ քո ժողովրդի դուստրերի կողմը, որոնք իրենց սրտի ուզածի պէս էին մարգարէանում: Դու էլ մարգարէութի՛ւն արա նրանց մասին ու ասա՛. 18 “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. վա՛յ նրանց, որ մոգական բարձիկներ են կարում-կարկատում թեւի արմունկի տակի համար եւ գլխաշորեր են սարքում ամէն հասակի մարդկանց գլխի համար՝ մոլորեցնելու նրանց հոգիները, որովհետեւ մոլորուել են իմ ժողովրդի հոգիները: 19 Խելքահան էին անում նրանց, ինձ բամբասում էին իմ ժողովրդի առաջ՝ մի բուռ գարու կամ մի պատառ հացի համար, որպէսզի սպանեն մարդկանց, որոնք մահապարտ չէին, եւ կենդանի պահեն նրանց, ովքեր պէտք չէ որ ապրէին: Խօսում էին ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խօսքերից: 20 Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. “Ահա ես մոգական բարձիկների դէմ եմ, որոնց մէջ ամփոփում էիք ձեր հոգիները, եւ պատռել-պոկելու եմ դրանք ձեր թեւերից, առաքելու եմ այն մարդկանց, ում դուք մոլորեցնում էիք՝ կործանելու համար: 21 Պատառոտելու եմ ձեր գլխաշորերը: Ազատելու եմ իմ ժողովրդին ձեր ձեռքից, ու նրանք ձեր բուռը հաւաքուած չեն լինելու: Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը: 22 Այն բանի համար, որ անիրաւութեամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի մոլորեցնում), ինչպէս նաեւ նրա համար, որ զօրացնում էիք անօրէնի բազուկը, որպէսզի նա երբեք յետ չդառնայ իր անօրէնութիւնից, իր չար ճանապարհից ու ապրի, - 23 դրա համար այլեւս ունայնութիւններ չէք գուշակելու, հաճոյական գուշակութիւններ չէք անելու: Փրկելու եմ իմ ժողովրդին ձեր ձեռքից, ու պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը”»:
14
ԸՆԴԴԷՄ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ
1 Իսրայէլի աւագներից ոմանք եկան ինձ մօտ ու առաջս նստեցին: 2 Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 3 «Մարդո՛ւ որդի, այդ մարդիկ իրենց մտադրութիւնները[877] իրենց սրտի մէջ են դրել, իրենց անիրաւութիւնների պատճառած տանջանքները դրել են իրենց առջեւ: Ե՞ս եմ տալու դրանց պատասխանը: 4 Ուստի դո՛ւ խօսիր դրանց հետ ու ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Իսրայէլի տնից ամէն ոք, ով իր կռապաշտական մտադրութիւնները սրտի մէջ դնի, իր անիրաւութիւնների պատճառած տանջանքներն էլ՝ աչքի առաջ եւ գայ մարգարէի մօտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, - ես՝ Տէրս եմ նրան պատասխան տալու, ըստ այն բանի, թէ ի՛նչ ունի իր մտքում, 5 որպէսզի իրենց վարքով, օտարացած սրտով Իսրայէլի այդ տունը չխոտորեցնեն ինձնից:
6 Ուստի ասա՛ Իսրայէլի այդ տանը. “Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. դարձէ՛ք, յե՛տ դարձէք ձեր ճանապարհից, ձեր բոլոր ամբարշտութիւններից, դարձրէ՛ք ձեր երեսները դէպի ինձ: 7 Իսրայէլի այդ տնից կամ եկուորներից ու պանդուխտներից ամէն ոք, ով ինձնից օտարանայ եւ կռապաշտական մտադրութիւնները սրտի մէջ դնի, իր անիրաւութիւնների պատճառած տանջանքները դնի իր առջեւ ու գայ մարգարէի մօտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, - ես՝ Տէրս եմ նրան պատասխան տալու, ըստ այն բանի, թէ ի՛նչ ունի իր մտքում: 8 Երեսս դարձնելու եմ այդ մարդու դէմ, խայտառակելու եմ նրան եւ վերացնելու եմ իմ ժողովրդի միջից, որպէսզի իմանաք, որ ես եմ Տէրը:
9 Եւ եթէ մի՛ մարգարէ խաբուի ու մի բան խօսի, թէ իբր ես՝ Տէրս եմ մոլորեցրել այդ մարգարէին, - ձեռքս իջեցնելու եմ նրա վրայ ու ոչնչացնելու եմ նրան Իսրայէլի իմ ժողովրդի միջից: 10 Եւ պատիժ են ստանալու ինչպէս անիրաւութեան մասին հարցնողը, այնպէս էլ մարգարէն, 11 որպէսզի Իսրայէլի տունն ինձնից չմոլորուի, այլեւս չպղծուեն իրենց բոլոր յանցանքներով, իրենք ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ նրանց համար՝ Աստուած”», - ասում է Ամենակալ Տէրը:
ՈՉ ՄԻ ԲԱՆ ԱՐԳԵԼՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՍՏԾՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ
12 Աստուած խօսեց ինձ հետ ու ասաց. 13 «Մարդո՛ւ որդի, եթէ մի երկիր մեղանչելով մեղանչի իմ դէմ, ձեռքս իջեցնելու եմ նրա վրայ, խորտակելու եմ նրա հացի պաշարը, նրա վրայ սով եմ արձակելու եւ նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն: 14 Եւ եթէ այնտեղ լինեն այն երեք մարդիկ՝ Նոյը, Յոբն ու Դանիէլը, նրանք իրենց արդարութեան համար փրկուելու են», - ասում է Ամենակալ Տէրը: -
15 «Եւ եթէ չար գազաններ արձակեմ երկրի վրայ ու պատժեմ նրա բնակիչներին, եւ այն աստիճան ապականութիւն լինի, որ գազանների պատճառով այնտեղից անցնել էլ չլինի, 16 բայց այդ մարդիկ այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - թէ տղաներ ու աղջիկներ էլ ունենան՝ բոլորն էլ չեն փրկուելու[878], միայն նրանք երեքն են փրկուելու, բայց երկիրը ոչնչանալու է:
17 Եւ եթէ սրածեմ այն երկիրն ու սրին ասեմ՝ “Անցի՛ր երկրի միջով”, նրանից վերացնեմ մարդ ու անասուն, 18 բայց այդ երեք մարդիկ այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - նրանք չեն փրկելու իրենց տղաներին ու աղջիկներին, այլ իրենք երեքն են միայն փրկուելու:
19 Եւ եթէ համաճարակ ուղարկեմ այն երկիրը, սրտմտութիւնս թափեմ նրա վրայ արիւնով՝ նրա միջից վերացնելու համար մարդ ու անասուն, 20 բայց Նոյը, Յոբն ու Դանիէլը այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - թէ տղաներ ու աղջիկներ էլ ունենան նրանք՝ չեն փրկուելու, այլ նրանք երեքը միայն իրենց արդարութեամբ փրկելու են իրենց հոգիները»:
21 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Եթէ Երուսաղէմի վրայ նոյնիսկ չորս սաստիկ վրէժներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու համաճարակը՝ նրա միջից վերացնելու համար մարդ ու անասուն, - 22 նրանում ողջ մնացածները դուրս են բերելու իրենց տղաներերին ու աղջիկներին: Ահա նրանք նրանց հետ դուրս են գալու ձեզ մօտ, եւ դուք տեսնելու էք նրանց ընթացքը, նրանց մտադրութիւնները: Զղջալու էք այն չարիքի համար, որ ես բերել եմ Երուսաղէմի վրայ, բոլոր չարիքների համար, որ ես բերել եմ նրա վրայ: 23 Ու նրանք մխիթարութիւն են պատճառելու ձեզ, որովհետեւ տեսնելու էք նրանց ընթացքը, նրանց մտադրութիւնները եւ վերահասու էք լինելու, որ զուր տեղը չեմ արել այն ամէնը, ինչ արել եմ նրանց հետ», - ասում է Ամենակալ Տէրը:
15
Որթատունկի փայտի մասին
ԱՌԱԿ ՈՐԹԱՏՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, ինչի՞ կը ծառայի որթատունկի փայտը այն բոլոր ծառերի ու ճիւղերի մէջ, որ կան անտառում: 3 Միթէ նրանից մի փայտ կ՚առնե՞ն՝ որեւէ գործիք սարքելու համար, կամ նրանից մի ցից կ՚առնե՞ն՝ դրանից մի աման կախելու համար: 4 Բայց քանի որ այն հրոյ ճարակ է դառնում, քանի որ տարէցտարի կրակը նրա արգատն սպառում է, եւ որթատունկն իսպառ վերանում է, - մի՞թէ այն որեւէ գործի համար պիտանի կը լինի: 5 Թէկուզ եթէ որթատունկը ձեռք չտուած՝ ամբողջական լինի, դարձեալ ոչ մի բանի պիտանի չէ, ուր մնաց երբ իսպառ հրոյ ճարակ է դառնում. բոլորովին ոչ մի բանի պիտանի չէ: 6 Ուստի ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ինչպէս որ անտառի փայտերի միջից որթատունկի փայտը հրոյ ճարակ եմ դարձրել, այնպէս էլ Երուսաղէմի բնակիչներիդ հետ եմ վարուելու: 7 Երեսս ուղղելու եմ նրանց դէմ: Կրակից դուրս են գալու, բայց ուրիշ կրակի ճարակ են դառնալու: Ու երբ երեսս ուղղեմ նրանց դէմ, պէտք է իմանան, որ ես եմ Տէրը: 8 Եւ երկիրը կործանման եմ ենթարկելու այն բանի համար, որ յանցանքներ գործեցին”», - ասում է Ամենակալ Տէրը:
16
ԼՔԵԱԼ ԵՐՈՒՍԱՂԷՄԸ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, իրազե՛կ դարձրու Երուսաղէմին իր անօրէնութիւնների մասին եւ ասա՛. 3 “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմին. քո արմատն ու ծնունդը քանանացիների երկրից են. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի հիթիթ: 4 Քո ծննդի ժամանակ, այն օրը, երբ ծնուեցիր, ոչ ոք պորտդ չկտրեց. քեզ սնուցող ստինքը չամրացրին. ջրով չլուացուեցիր՝ փրկուելու[879] համար, ոչ էլ աղով աղուեցիր. խանձարուրների մէջ չփաթաթուեցիր: 5 Աչքս էլ քեզ չխնայեց. քեզ չզգուշացրի այն ամենից, որ կարող են քեզ պատահել: Դաշտում շպրտուած էիր քո խոտորնակ մտքերի համար: Այն օրը, երբ դու ծնուեցիր, 6 մօտովդ անցայ ու քեզ արեան մէջ թաթախուած տեսայ: Ասացի քեզ՝ ‘Կենդանացի՛ր արեանդ միջից. կեանքդ արիւնից է: 7 Աճի՛ր, քանի որ դաշտի բոյսի պէս աճեցրի քեզ’”: Աճեցիր եւ ուռճացար, եկար մտար քաղաքների այս քաղաքը: Ստինքներդ կազմաւորուեցին, մազերդ փարթամացան, բայց դու խայտառակ կերպով մերկ էիր: 8 Եւ եկայ հասայ քեզ ու տեսայ, որ ժամանակդ[880] եկել է, ինչպէս նաեւ քեզ գաղթեցնողների ժամանակը: Թեւերս տարածեցի վրադ ու ծածկեցի խայտառակ մերկութիւնդ: Երդում արեցի եւ ուխտ կապեցի հետդ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ դու իմը եղար: 9 Լուացի քեզ ջրով, մաքրեցի քեզ արիւնից ու օծեցի քեզ իւղով: 10 Պէսպէս հագուստներ հագցրի քեզ. երկնագոյնով զգեստաւորեցի, մէջքիդ բեհեզ գօտի կապեցի, վրադ սնդուս գցեցի: 11 Զարդեղէնով զարդարեցի քեզ. ձեռքիդ ապարանջաններ դրեցի, պարանոցիդ՝ քառամանեակ: 12 Քթիդ գինդեր ու ականջներիդ օղեր դրեցի, գլխիդ՝ փառապսակ: 13 Եւ դու զարդարուեցիր ոսկէ ու արծաթէ զարդերով: Հագուստդ բեհեզ էր, ընտիր կերպաս՝ ասեղնագործուած: Նաշիհ[881] կերար, իւղ ու մեղր, չափազանց գեղեցիկ եղար, փայփայուեցիր արքայական գուրգուրանքով: 14 Քո գեղեցկութեան համբաւը տարածուեց բոլոր ազգերի մէջ, որովհետեւ այն գեղեցկութիւնը, որով ստեղծել էի քեզ, կատարելապէս վայելուչ էր”, - ասում է Ամենակալ Տէրը:
ՊՈՌՆԿԱՑԱԾ ԵՐՈՒՍԱՂԷՄԸ
15 “Եւ դու քո գեղեցկութեամբ պանծալի եղար, շնացար քո հոմանիների հետ ու պոռնկութիւնդ տարածեցիր բոլոր անցորդների վրայ, որոնց հետ առաջ այդպիսի բաներ չէին պատահել: 16 Առար քո հագուստներից եւ դրանցից քեզ համար շինծու կուռքեր պատրաստեցիր: Պոռնկացար դրանց հետ, բայց այնտեղ չե՛ս մտնելու, որովհետեւ առաջ դրանք չկային ու այլեւս չեն լինելու: 17 Արծաթից ու ոսկուց զարդեղէնը, որ քեզ էի տուել, առար ու դրանից տղամարդու արձաններ պատրաստեցիր, պոռնկացար դրանց հետ: 18 Քո գեղեցիկ հագուստն առար ու նրանց վրայ գցեցիր, իմ իւղն ու խունկն էլ նրանց առաջ դրեցիր: 19 Հացն էլ, որ տուել էի քեզ, նաշիհը, իւղն ու մեղրը, որոնցով սնել էի քեզ, - որպէս անուշահոտութիւն նրանց առաջ դրեցիր: 20 Եւ դրանից յետոյ, - ասում է Ամենակալ Տէրը, - վերցրիր տղաներիդ ու դուստրերիդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, սպանեցիր ու զոհ մատուցեցիր: 21 Իբր թէ քիչ համարեցիր քո պոռնկանալը, զաւակներիս էլ նրանց քաւութեան զոհ դարձրիր, ընծայաբերեցիր: 22 Իսկ դա աւելի սաստիկ մի բան եղաւ, քան քո բոլոր պոռնկութիւններն ու պղծութիւնները: Ու չյիշեցիր քո մանկութեան օրերը, երբ մերկ էիր ու խայտառակ, արեանդ մէջ թաթախուած. այդ վիճակից էիր կենդանացել:
23 Եւ այդ բոլոր չարիքները եկան քո գլխին. վա՜յ, վա՜յ քեզ, - ասում է Ամենակալ Տէրը: - 24 Քեզ համար պոռնկութեան տուն շինեցիր, բագիններ կանգնեցրիր բոլոր հրապարակներում, 25 բոլոր ճանապարհների գլխին բարձրացրիր քո պոռնկատները, ապականեցիր դէմքիդ գեղեցկութիւնը, երանքդ բաց արիր ճանապարհի ամէն անցորդի առաջ ու սաստկացրիր պոռնկութիւնդ: 26 Պոռնկացար նաեւ քեզ սահմանակից Եգիպտոսի մեծ առնանդամ ունեցող զաւակների հետ, պոռնկացար բազմապատիկ, որպէսզի ինձ զայրացնես: 27 Արդ, ես ձեռքս իջեցնելու եմ քեզ վրայ եւ քո սննդի վրայ, քեզ մատնելու եմ քեզ ատելի այլազգիների դուստրերի ձեռքը, որոնք շեղում էին քեզ քո ճանապարհից: 28 Ամբարշտութիւն արեցիր ու պոռնկացար նաեւ Ասորեստանի զաւակների հետ, սակայն չյագեցար: Խրուեցիր պոռնկութեանդ մէջ, բայց եւ այնպէս չյագեցար: 29 Շատացրիր դաշինքներդ՝ պոռնկանալով նաեւ քանանացիների ու քաղդէացիների երկրների հետ, սակայն եւ այնպէս դարձեալ չյագեցար: 30 Ինչպէ՞ս վարուեմ քո դուստրերի հետ, - ասում է Ամենակալ Տէրը, - այնքան բաներից յետոյ, որ արեցիր պոռնիկ կնոջ պէս. բազմիցս պոռնկացար անգամ դուստրերիդ հետ: 31 Պոռնկատներ կառուցեցիր բոլոր ճանապարհների գլուխներին եւ կոթողներ էիր կանգնեցնում բոլոր հրապարակներում: Դու մի պարզ պոռնիկ կին չեղար, որ վարձ է հաւաքում, 32 որովհետեւ ամէն պոռնիկ կին չէ, որ քեզ նման շնանում է իր ամուսնու հետ, ամուսնուց դրամ առնում ու վարձ տալիս իր հոմանիներին: 33 Բոլոր պոռնիկները վարձ են առնում իրենց համար, մինչդեռ դու ինքդ էիր վարձ տալիս տարփածուներիդ եւ նուէրներով հրապուրում էիր նրանց, որ գային քեզ մօտ բոլոր կողմերից՝ քեզ հետ շնանալու: 34 Եւ քեզ հետ, բոլոր պոռնկացող կանանց համեմատութեամբ, հակառակը տեղի ունեցաւ, ու ոչ ոք քեզ չհետեւեց, քանի որ նրանք իրենք էին տղամարդկանցից վարձ առնում, մինչդեռ դու ինքդ էիր տարփածուներիդ վարձ տալիս: Ու քեզ հետ հակառակը տեղի ունեցաւ”:
ԱՍՏԾՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԱՍԻՆ
35 “Ուստի, պոռնի՛կ, լսի՛ր, Տիրոջ պատգամները: 36 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ այլասերութեամբ թափեցիր քո դրամները, ու հոմանիներիդ առաջ բացայայտուեցին պոռնկութեանդ ամօթանքը, բոլոր պիղծ մտադրութիւններդ, ինչպէս նաեւ զաւակներիդ արեան համար, որ հոմանիներիդ էիր տալիս նրանց, - 37 ահա սրանց համար ես քո դէմ եմ հաւաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակուել ես, քո դէմ եմ հանելու քո բոլոր սիրելիներին ու ատելիներին, հաւաքելու եմ նրանց եւ շրջապատել եմ տալու քեզ, յայտնելու եմ նրանց առաջ քո բոլոր չարագործութիւնները, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակութիւնները: 38 Քեզնից վրէժ եմ լուծելու իբրեւ շնացողի ու արիւն թափողի. քո առաջ եմ դնելու քո թափած արիւնը, քո առաջ եմ դնելու զայրոյթի ու նախանձի արիւնը: 39 Քեզ նրանց ձեռքն եմ մատնելու, եւ նրանք կործանելու են քո պոռնկատները, քանդելու են քո կոթողները, մերկացնելու են քեզ քո զգեստներից, առնելու են քո փառապսակը եւ թողնելու են քեզ մերկ ու խայտառակուած: 40 Եւ ամբոխին քո դէմ են հանելու, քարերով քարկոծելու են քեզ ու քեզ կտոր-կտոր են անելու իրենց սրերով: 41 Հրով են այրելու տներդ, դատաստանդ են տեսնելու կանանց բազմութեան առաջ: Վերջ եմ տալու քո պոռնկութեանը, եւ դու այլեւս վարձ չես տալու տարփածուներիդ: 42 Բարկութիւնս թափելու եմ քեզ վրայ, ու այդպիսով քո հանդէպ վրէժխնդրութիւնս վերջ է գտնելու. հանգստանալու եմ եւ այլեւս հոգ չեմ անելու: 43 Այն բանի համար, որ չյիշեցիր մանկութեանդ օրերը, այդ ամենի համար տրտմեցնում էիր ինձ, - ես էլ ահա քո բռնած ճանապարհի համար գլխիդ բերի այս բաները, - ասում է Ամենակալ Տէրը: - Այսպէս է որ ամբարշտութիւն եւ անօրէնութիւններ գործեցիր”:
ԵՐՈՒՍԱՂԷՄՆ ԱՒԵԼԻ ՎԱՏ Է, ՔԱՆ ՄԻՒՍ ՔԱՂԱՔՆԵՐԸ
44 Այս բոլորի համար է որ քո մասին առակներ են փսփսում ու ասում, թէ՝ “Ինչպիսին որ մայրն է, այնպիսին էլ աղջիկն է”: 45 Արդ, դու այն աղջկայ մայրն ես, որ վռնդեց ամուսնուն ու զաւակներին, եւ քոյրն ես քո այն քոյրերի, որոնք վռնդեցին ամուսիններին ու զաւակներին: Ձեր մայրը քետացի[882] էր, եւ ձեր հայրը՝ ամորհացի: 46 Ձեր աւագ քոյրը Շամրինն[883] է, որ իր դուստրերի հետ բնակւում է քո ձախ կողմում, իսկ կրտսեր քոյրը՝ Սոդոմը, որ իր դուստրերի հետ բնակւում է քո աջ կողմում: 47 Սակայն դու նրանց ճանապարհով չընթացար, ոչ էլ նրանց անօրէնութիւններին հետեւեցիր, այլ դու քո ընթացքի մէջ փոքր-ինչ աւելի առաջ գնացիր: 48 Վկայ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - որ քո քոյրը՝ Սոդոմը, եւ նրա դուստրերը հազիւ թէ աւելին արեցին, քան դու եւ քո դուստրերը: 49 Քո քրոջ՝ Սոդոմի անօրէնութիւնն այս էր՝ ամբարտաւանութիւն, հացով լիացածութիւն, գինու մէջ յղփացածութիւն: Մեղկ կեանք էին վարում ինքն էլ, դուստրերն էլ: Դրա մէջ էին խրուած ինքն էլ, դուստրերն էլ: Ձեռք չէին մեկնում աղքատին ու տնանկին, 50 մեծամտանում էին ու իմ առաջ անօրէնութիւններ անում: Ու երբ դա տեսայ՝ մէջտեղից վերացրի նրանց: 51 Շամրինն անգամ քո մեղքերի կէսը չգործեց: Իսկ դու բազմապատկեցիր քո անօրէնութիւնները աւելի, քան նրանք, նաեւ արդարացրիր քո քոյրերին այն անօրէնութեան մէջ, որ ինքդ էլ էիր գործել: 52 Արդ, կրի՛ր տանջանքներն այն բանի համար, որ փչացրիր քոյրերիդ, որ անօրէնութիւններ գործեցիր աւելի շատ, քան նրանք, որ աւելի արդարացրիր նրանց, քան քեզ: Արդ, ամաչի՛ր եւ կրի՛ր քո անարգանքն այն բանի համար, որ քո քոյրերին աւելի արդարացրիր, քան քեզ”:
ՍՈԴՈՄՆ ՈՒ ՍԱՄԱՐԻԱՆ ԿԸ ՎԵՐԱԿԱՆԳՈՒԵՆ
53 Գերութիւնից յետ եմ դարձնելու նրանց՝ քո քոյր Սոդոմին ու նրա դուստրերին, յետ եմ դարձնելու քո քոյր Շամրինին ու նրա դուստրերին. նրանց հետ քեզ էլ եմ յետ դարձնելու, 54 որպէսզի կրես քո տանջանքները եւ անարգուես այն ամենի համար, ինչ կատարել ես, որ ինձ բարկացնես: 55 Քո քոյրը՝ Սոդոմն ու նրա դուստրերը վերստին հաստատուելու են այն վիճակի մէջ, որ էին ի սկզբանէ. Շամրինն ու նրա դուստրերն էլ վերստին հաստատուելու են այն վիճակի մէջ, որ էին ի սկզբանէ. դու եւ քո դուստրերն էլ հաստատուելու էք նոյն վիճակի մէջ, որ էիք ի սկզբանէ: 56 Եւ քանի որ քո քոյր Սոդոմը չէր յիշւում քո բերանում՝ քո հպարտութեան օրերին, 57 քանի դեռ չէին բացայայտուել չարագործութիւններդ, ինչպէս որ հիմա ես նախատւում Ասորիքի ու նրա շուրջ գտնուող բոլոր այլազգիների դուստրերի առաջ, - 58 ուրեմն քաղի՛ր քո ամբարշտութիւնների ու անօրէնութիւնների պտուղները”», - ասում է Տէրը:
ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏ
59 «Ամենակալ Տէրն այսպէս է ասում. “Քեզ հետ վարուելու եմ այնպէս, ինչպէս դու ես վարուել, ինչպէս որ անարգել ես ամէն բան ու զանց առել իմ ուխտը: 60 Բայց ես յիշելու եմ ուխտս, որ երիտասարդութեանդ օրերին կապել էի քեզ հետ, յաւիտեան հաստատ եմ պահելու այդ ուխտը: 61 Յիշելու եմ նաեւ քո ընթացած ճանապարհը, եւ դու ամօթահար ես լինելու, երբ միտքդ բերես քոյրերիդ՝ աւագներին ու կրտսերներին: Նրանց տալու եմ քեզ փորձութեան համար եւ ոչ թէ որպէս դաշնակից: 62 Հաստատ եմ պահելու քեզ հետ իմ ուխտը, եւ պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը: 63 Որպէսզի յիշես ու ամաչես ու քո կրած անարգանքների պատճառով այլեւս չհամարձակուես բերանդ բաց անել, քաւութիւն պիտի տամ այն բոլոր չարագործութիւններիդ, որ կատարել ես”», - ասում է Ամենակալ Տէրը:
17
Առակ արծիւների մասին
ԱՐԾԻՒԸ ԵՒ ՈՐԹԱՏՈՒՆԿԸ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, մի պատմութի՛ւն պատմիր, մի առա՛կ բեր Իսրայէլի այդ տան մասին եւ ասա՛. 3 “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
Մի արծիւ կար, մեծ, լայնատարած թեւերով,
մագիլներով լեցուն:
Մտածեց Լիբանան մտնել,
ընտիր-ընտիր մայրիներից մատաղ տունկեր վերցրեց
4 ու քանանացիների երկիրը տարաւ,
դրանք տնկեց պարսպապատ քաղաքում:
5 Վերցրեց նաեւ երկրի սերմից, մանր-մանր ցանեց դաշտի երեսին,
կարգադրեց, որ առատօրէն ջրեն այդ դաշտը:
6 Բուսաւ ու եղաւ վտիտ,
տեսքով փոքր որթատունկ.
վրան ոստեր երեւացին:
Նրա արմատները տակն էին:
Որթատունկը մեծացաւ,
ողկոյզներ տուեց,
իր շիւերն արձակեց:
7 Ապա երեւաց մի ուրիշ մեծ արծիւ՝ մեծաթեւ ու բազմամագիլ:
Եւ ահա այս որթատունկը սրան փաթաթուեց,
արմատները սրա կողմը ձգուեցին,
ճիւղերն էլ՝ սրա տակ:
Ուղարկեց, որ այդ ամբողջ տունկը ջրեն:
8 Գեղեցիկ դաշտում առատ ջրով պիտի ուռճացուէր՝
ոստեր արձակելու, պտղաբերելու եւ մեծ որթատունկ դառնալու համար”:
9 Այս մասին ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
Արդեօք որթատունկն ուռճանալո՞ւ է:
Չէ՞ որ նրա նուրբ արմատներն ու պտուղները նեխելու են,
ու նրա ոստերը՝ չորանալու:
Ո՛չ մեծ բազուկ է պէտք գալու
եւ ո՛չ էլ շատ մարդ՝
ձեռք գցելու եւ այն արմատախիլ անելու համար:
10 Արդ, որթատունկն ուռճանալո՞ւ է:
Չի՛ փարթամանալու:
Չէ՞ որ խորշակը երբ մօտենայ,
չորանալու է ամբողջ բոյսը՝ իր ոստերով”»:
ԱՌԱԿԻ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ
11 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 12 «Մարդո՛ւ որդի, ասա Իսրայէլի այդ տանը՝ դառնացնողների տանը. չգիտէ՞ք, թէ այդ ի՛նչ բան էր, որ ձեզ ասացի: Երբ բաբելացիների թագաւորը Երուսաղէմ գայ, սրա թագաւորին ու իշխաններին պիտի վերցնի ու տանի նրանց իր մօտ՝ Բաբելոն: 13 Թագաւորի զաւակներից մէկին պիտի առնի, ուխտ պիտի դնի նրա հետ եւ նրան հաւատարմութեան երդում անել պիտի տայ: Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպէսզի թագաւորութիւնը տկարանայ, 14 բոլորովին ոտքի չկանգնի, նրա ուխտը պահի ու հաւատարիմ մնայ դրան: 15 Պիտի ապստամբի նրա դէմ՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպէսզի իրեն ձիեր ու բազում զօրք տան: Բայց յաջողութիւն ունենալո՞ւ է: Փրկուելո՞ւ է նա, ով այսպիսի հակառակ բաներ է անում, դրժում է ուխտը: Փրկուելո՞ւ է: 16 Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - որ ճիշտ այն տեղում, ուր թագաւորը նրան թագաւոր դարձրեց, ուր անարգեց ինձ տուած հաւատարմութեան երդումը եւ դրժեց նրա հետ իմ կնքած ուխտը՝ հէնց Բաբելոնում մեռնելու է: 17 Ոչ էլ Փարաւոնն իր մեծ զօրութեամբ, բազում գնդերով պատերազմելու է նրա դէմ: Բաբելոնի թագաւորը պատնէշներ ու մարտկոցներ է սարքելու, որպէսզի ոչնչացնի շատերին այն բանի համար, 18 որ անարգեց երդումը, դրժեց ուխտը: Եւ ահա մատնել եմ նրա՝ Բաբելոնի թագաւորի ձեռքը, այս բոլորը բերել եմ նրա գլխին: Մի՞թէ փրկուելու է:
19 Այս մասին ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
Վկայ եմ ես, -ասում է Ամենակալ Տէրը, -
ըստ իմ ուխտի, որ դրժել է,
եւ ըստ իմ երդման, որ անարգել է,
հատուցել եմ տալու նրան:
20 Նետելու եմ նրա վրայ ուռկանս,
եւ նա բռնուելու պաշարուելու է իմ կողմից:
Բերելու եմ նրան Բաբելոն, այնտեղ էլ դատաստան եմ տեսնելու հետը այն անիրաւութիւնների համար, որ գործել է իմ նկատմամբ: 21 Նաեւ բոլոր խուսափածները նրա բոլոր պատերազմներում սրով են ընկնելու, իսկ բոլոր մնացորդներին չորս հողմերին եմ ցրելու: Եւ պէտք է իմանաք, որ ես՝ Տէրս եմ ասել”»:
ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
22 «Այս մասին այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
“Բարձրաւանդակի ընտիր-ընտիր մայրիներից մէկն առնելու եմ,
դրա կատարի ճիւղերից վերցնելու եւ խորն եմ տնկելու բարձր լերան վրայ
23 եւ այն կախելու եմ Իսրայէլի բարձր, երեւացող լեռից:
Տնկելու եմ, եւ ոստեր է արձակելու այն,
պտուղ է տալու,
դառնալու է մի մեծ մայրի:
Նրա տակ հանգստանալու,
նրա հովանու տակ օթեւանելու են բոլոր գազաններն ու թռչունները:
Նրա ճիւղերը հաստատ են մնալու նրա վրայ:
24 Եւ դաշտի բոլոր ծառերը պէտք է իմանան,
որ ես՝ Տէրս եմ որ խոնարհեցնում եմ բարձրացած ծառը
կամ բարձրացնում խոնարհուած ծառը,
չորացնում եմ դալար ծառը
կամ դալարեցնում չորացած ծառը:
Ես՝ Տէրս եմ ասել սա, եւ անելու եմ”»:
18
ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, ի՞նչ է նշանակում այն առածը, որ ասում են իսրայէլացիներիդ մէջ, թէ՝ “Հայրերն ազոխ են կերել, զաւակների ատամներն է առել”: 3 Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - Իսրայէլում այդ առածն այլեւս չի ասուելու, 4 որովհետեւ բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպէս հօրը, այնպէս էլ զաւակինը. ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի: 5 Բայց եթէ մէկն արդար է, գործադրում է օրէնքներս ու արդարութիւնը, 6 լեռների վրայ զոհաբերուածը չի ուտում, աչքը չի գցում Իսրայէլի տան կուռքերին, չի պղծում իր ընկերոջ կնոջը, իր կնոջն էլ դաշտանի ժամանակ չի մօտենում, ոչ մի մարդու հանդէպ բռնութիւն չի գործադրում, 7 պարտապանի աւանդը վերադարձնում է, յափշտակութիւն չի կատարում, իր հացը տալիս է քաղցածներին ու մերկին հագցնում է, 8 իր դրամը փոխ չի տալիս ու տոկոսով յետ չի պահանջում, ձեռք է քաշում անիրաւութիւնից, արդար դատաստան է տեսնում մարդու եւ նրա ընկերոջ միջեւ, 9 իմ հրամաններով է շարժւում, որպէսզի օրէնքներս պահի ու գործադրի, - այդպիսին արդար է, ապրելով պիտի ապրի, - ասում է Ամենակալ Տէրը:
10 Իսկ եթէ մէկը այլասերուած, արիւն թափող զաւակ է ծնել, մեղքեր է գործել, 11 իր արդար հօր ճանապարհով չի ընթացել, լեռների վրայ զոհաբերուածն է կերել, 12 պղծել է իր ընկերոջ կնոջը, բռնադատել աղքատին ու տնանկին, յափշտակութիւն կատարել, աւանդը չի վերադարձրել, աչքը գցել է չաստուածների պաշտամունքին, 13 անօրէնութիւն է գործել, իր դրամը փոխ է տուել եւ վաշխով ու տոկոսով յետ պահանջել, - այդպիսին, որ այս բոլոր անօրէնութիւններն է գործել, անշուշտ մեռնելու է, եւ նրա արիւնն իր գլխին է գալու:
14 Եւ եթէ զաւակը ծնուի, տեսնի իր հօր գործած բոլոր մեղքերը, վախենայ եւ նոյն բաները չանի՝ 15 լեռների վրայ զոհաբերուածը չուտի, աչքը Իսրայէլի տան կուռքերին չգցի, 16 իր ընկերոջ կնոջը չպղծի, ոչ ոքի չբռնադատի, աւանդը չիւրացնի, յափշտակութիւն չկատարի, իր հացը տայ քաղցածներին ու մերկերին հագցնի, 17 անիրաւութիւնից ձեռք քաշի, վաշխ ու տոկոս չառնի, արդարութիւն գործի, իմ հրամաններով շարժուի, - այդպիսին իր հօր անիրաւութիւնների համար չի՛ մեռնելու, այլ ապրելով ապրելու է: 18 Բայց նրա հայրը, եթէ սաստիկ նեղել է, յափշտակել է ու կողոպտել եղբօրը, հակառակ գործեր կատարել իմ ժողովրդի մէջ, - մեռնելու է իր անիրաւութեան համար:
19 Ասում էք, թէ՝ “Ինչպէ՞ս է որ հօր անիրաւութիւնը որդուն չի պարտաւորեցնում”: Քանի որ որդին ողորմածութիւն է արել ու արդարութիւն գործել, իմ բոլոր օրէնքները պահել ու գործադրել է, - ապրելով պիտի ապրի: 20 Ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի, իսկ որդին հօր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրաւութիւնները: Արդարի արդարութի՛ւնն է իր վրայ ընկնելու, անօրէնի անօրէնութիւնը՝ իր վրայ»:
ՅՈՐԴՈՐ ԲԱՐԻՆ ԳՈՐԾԵԼՈՒ
21 «Անօրէնը եթէ յետ կանգնի իր գործած անօրէնութիւններից ու պահի իմ բոլոր պատուիրանները, արդարութիւն գործի ու ողորմածութիւն անի, - ապրելով ապրելու է ու չի մեռնելու: 22 Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրաւութիւնները չեն յիշուելու, այլ իր գործած արդարութեան համար նա ապրելու է: 23 Մի՞թէ ես մեղաւորի մահն եմ տենչում, - ասում է Տէր Աստուածը, - եւ ոչ թէ այն, որ նա չար ճանապարհից յետ դառնայ ու ապրի: 24 Իսկ եթէ արդարն իր արդարութիւնից շեղուի, անարդարութիւն գործի, ըստ անօրէն մարդու կատարած բոլոր անօրէնութիւնների՝ նրա կատարած բոլոր արդար գործերն էլ չեն յիշուելու: Այն մեղքերի համար, որոնց մէջ նա ընկել է, եւ այն յանցանքների համար, որ գործել է, - դրանց մէջ էլ մեռնելու է:
25 Ասում էք, թէ Տիրոջ ճանապարհը ճիշտ չէ: Արդ, լսեցէ՛ք, ո՛վ իսրայէլացիներ: Մի՞թէ իմ ճանապարհն է, որ ճիշտ չէ: Չէ՞ որ ձեր ճանապարհները ճիշտ չեն: 26 Եթէ արդարն իր ճանապարհից շեղուի ու անիրաւութիւն գործի, մեռնելու է իր գործած անօրէնութեան մէջ: 27 Իսկ եթէ անօրէնը յետ կանգնի իր անօրէնութիւնից, օրէնքներս կատարի, արդարութիւն անի, - ինքն իր հոգին փրկելու է, 28 որովհետեւ տեսել ու յետ է դարձել իր կատարած բոլոր ամբարշտութիւններից: Ապրելով ապրելու է ու չի մեռնելու:
29 Բայց Իսրայէլի այդ տունն ասում է, թէ Տիրոջ ճանապարհը ճիշտ չէ: Մի՞թէ իմ ճանապարհն է, որ ճիշտ չէ, ո՛վ տունդ Իսրայէլի: Չէ՞ որ քո ճանապարհները ճիշտ չեն: 30 Ուստի Իսրայէլի այդ տանը, իւրաքանչիւրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատաստան անելու, - ասում է Ամենակալ Տէրը: - Դարձէ՛ք, յե՛տ կանգնեցէք ձեր բոլոր ամբարշտութիւններից, եւ անիրաւութեան համար տանջանքների չէք մատնուի: 31 Դէ՛ն նետեցէք ձեզնից ձեր բոլոր ամբարշտութիւնները, որ կատարել էք իմ հանդէպ. ձեր մէջ նոր սիրտ ու նոր հոգի դրէք, կատարեցէ՛ք իմ բոլոր պատուիրանները: Ինչո՞ւ մեռնես, ո՛վ տունդ Իսրայէլի, - ասում է Տէրը: 32 Յիրաւի, ես մեղանչածի մահը չեմ տենչում, - ասում է Ամենակալ Տէրը, - այլ նա թող յետ կանգնի իր չար ճանապարհներից ու փրկի իր հոգին: Արդ, եկէք ե՛տ դարձէք եւ ապրեցէ՛ք»:
19
Ողբ Իսրայէլի իշխանի վրայ
1 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Իսրայէլի իշխանի վրայ: Ասա՛.
2 Ինչպէ՞ս եղաւ, որ մայրդ յայտնուեց առիւծների մէջ,
կորիւնդ առիւծների մէջ բազմացրեց իր կորիւններին:
3 Նրա կորիւնների մէջ մի կորիւն հասակ նետեց, առիւծ դարձաւ,
սովորեց յափշտակել ու խլել, եղաւ մարդախողխող:
4 Նրա մասին լսեցին ազգեր,
բռնեցին նրան՝ սպանելու համար,
դնչակալով տարան Եգիպտացիների երկիրը:
5 Մայր առիւծը տեսաւ, որ կորիւնը բաժանուեց իրենից,
յոյսը կտրեց եւ իր կորիւններից մի ուրիշ կորիւն առիւծ դարձրեց:
6 Սա շրջում էր առիւծների մէջ:
Առիւծ դարձաւ, սովորեց յափշտակել ու խլել,
եղաւ մարդախողխող:
7 Յանդգնութեամբ որս էր անում, քաղաքներ կործանում,
իր մռնչոցով երկիրն ամբողջովին աւերում:
8 Շրջակայ երկրներից ազգեր ելան նրա դէմ,
թակարդներ լարեցին նրա շուրջ՝ սպանելու համար,
9 դնչակալ հագցրին,
վանդակի մէջ տարան բաբելացիների թագաւորի մօտ
ու բանտ դրեցին,
որպէսզի Իսրայէլի լեռների վրայ նրա ձայնն այլեւս չլսուի:
10 Քո մայրը մի որթատունկ էր,
նռնենու մի ծաղիկ՝ տնկուած հոսող ջրերի վրայ:
Նրա տունկն ու պտուղն ուռճացան
շնորհիւ առատ ջրերի:
11 Նրա հզօր մականն իշխեց ազգի իշխանների վրայ.
իր հասակով նա բարձրացաւ ծառաստանների մէջ:
Տեսաւ իր մեծութիւնը բազմաթիւ ճիւղերի մէջ,
12 բարկութիւնից ջարդուեց ու գետին տապալուեց:
Խորշակը չորացրեց նրա ճիւղերը:
Այսպիսով նրանից վրէժ լուծուեց,
ու չորացաւ նրա հզօր մականը:
Կրակն էլ ճարակեց այն:
13 Եւ հիմա այն տնկեցին անապատում,
անջրդի հողի վրայ:
14 Կրակ ելաւ նրա ընտիր-ընտիր բներից
ու ճարակեց այն:
Եւ նրանում հզօր մական չմնաց:
Ազգը ողբի առակ է դարձել,
ողբ էլ պիտի լինի»:
20
ԻՍՐԱՅԷԼԻ ԱՆՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ
Իսրայէլի տան աւագներին
1 Եօթներորդ տարում, հինգերորդ ամսին, ամսուայ տասներորդ օրը, Իսրայէլի տան աւագներից մարդիկ եկան՝ հարցում անելու Տիրոջը, ու նստեցին իմ առաջ:
2 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 3 «Մարդո՛ւ որդի, խօսի՛ր Իսրայէլի այդ տան աւագների հետ ու ասա՛ դրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. հարցում անելո՞ւ էք գալիս ինձ մօտ: Վկայ եմ ես, ձեզ չեմ պատասխանելու”, - ասում է Ամենակալ Տէրը: 4 Պատժե՞մ դրանց, մարդո՛ւ որդի. դրանց հայրերի մեղքերի վկայութիւնը դի՛ր դրանց առաջ: 5 Եւ ասա՛ դրանց. “Այսպէս է ասում Տէր Աստուածը. այն օրից, երբ աչքս քաղցրացաւ Իսրայէլի այդ տան վրայ, երբ յայտնուեցի Յակոբի այդ տան զաւակին, երբ յայտնուեցի Եգիպտացիների նրանց երկրում, ձեռք մեկնեցի նրանց ու ասացի. ‘Ես եմ ձեր Տէր Աստուածը’, - 6 այն օրը ձեռք պարզեցի նրանց՝ դուրս բերելու համար Եգիպտացիների երկրից դէպի այն երկիրը, որ նրանց համար էի պատրաստել, մի երկիր, ուր կաթ եւ մեղր է բխում, որ աւելի քաղցր է, քան ուրիշ որեւէ երկրինը: 7 Եւ ասացի նրանց. “Իւրաքանչիւրը թող դէ՛ն նետի իր աչքերից գարշելի կուռքերը. եգիպտացիների ճանապարհով ընթանալով՝ մի՛ պղծուէք: Ես եմ ձեր Տէր Աստուածը”:
8 Սակայն նրանք ապստամբեցին իմ դէմ, չուզեցին ինձ անսալ: Իւրաքանչիւր ոք իր աչքերից գարշելի կուռքերը դէն չնետեց: Եգիպտացիների ճանապարհը չթողեցին: Ես էլ ասացի, որ սրտմտութիւնս եմ թափելու նրանց վրայ՝ եգիպտացիների մէջ յագեցնելու համար նրանց դէմ զայրոյթս: 9 Բայց դա արեցի, որպէսզի անունս երբեք չպղծուի այն ազգերի մէջ, որոնց մէջ էին գտնւում դրանք: Յայտնուեցի նրանց մէջ՝ Եգիպտացիների երկրից դուրս բերելու համար նրանց: 10 Եւ նրանց դուրս բերեցի Եգիպտացիների երկրից, բերեցի անապատ, 11 տուեցի նրանց պատուիրաններս, ցոյց տուեցի նրանց օրէնքներս, որոնք գործադրելու դէպքում մարդ դրանցով կ՚ապրի: 12 Շաբաթ[884] օրերս էլ տուեցի նրանց, որպէսզի նշան լինեն իմ ու նրանց միջեւ, եւ որպէսզի նրանք իմանան, որ ես եմ Տէրը, որ սրբագործում եմ նրանց: Եւ այն անապատում ասացի Իսրայէլի տանը. “Իմ հրամաններո՛վ շարժուեցէք”, բայց չշարժուեցին: Ասացի. “Պահեցէ՛ք ու գործադրեցէ՛ք օրէնքներս, որոնք գործադրելու դէպքում մարդ դրանցով կ՚ապրի”:
13 Սակայն Իսրայէլի տունն ինձ դառնացրեց անապատում: Իմ հրամաններով չշարժուեցին, զանց առան օրէնքներս, որոնք եթէ մէկը գործադրէր՝ դրանցով կ՚ապրէր: Շաբաթ օրերս սաստիկ պղծեցին: Ու ասացի, որ անապատում սրտմտութիւնս թափելու եմ նրանց վրայ՝ ոչնչացնելու համար նրանց: 14 Եւ դա արեցի, որպէսզի անունս երբեք չպղծուի այն ազգերի առաջ, որոնց միջից, նրանց աչքերի առջեւ, դուրս բերեցի սրանց: 15 Եւ անապատում ձեռքս բարձրացրի նրանց վրայ՝ ամենեւին չտանելու համար նրանց այն երկիրը, որ յատկացրել էի նրանց, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որ աւելի քաղցր է, քան ուրիշ որեւէ երկրինը: 16 Այն բանի համար, որ զանց առան օրէնքներս, իմ հրամաններով չշարժուեցին, շաբաթներս պղծեցին եւ իրենց սրտի մտադրութիւնների յետեւից գնացին, - 17 աչքս խնայեց նրանց ու չջնջեց նրանց, անապատում վերջ չտուեցի նրանց: 18 Ու ասացի նրանց անապատում. “Ձեր հայրերի կրօնով մի՛ առաջնորդուէք, նրանց օրէնքները մի՛ պահէք, նրանց վարքով մի՛ խառնակուէք ու մի՛ պղծուէք: 19 Ես եմ ձեր Տէր Աստուածը, իմ հրամաններո՛վ շարժուեցէք, իմ օրէնքնե՛րը պահեցէք ու գործադրեցէ՛ք դրանք, շաբաթներս սո՛ւրբ պահեցէք, 20 եւ դա նշան կը լինի իմ ու ձեր միջեւ: Կ՚իմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը”:
21 Նրանց զաւակներն էլ դառնացրին ինձ, իմ հրամաններով չշարժուեցին, հոգ չտարան գործադրելու օրէնքներս, որոնք գործադրելու դէպքում մարդ դրանցով կ՚ապրի: Շաբաթներս էլ էին պղծում: Ես էլ ասացի, որ սրտմտութիւնս եմ թափելու նրանց վրայ անապատում՝ յագեցնելու համար նրանց դէմ զայրոյթս: 22 Բայց ես նրանց վրայից յետ քաշեցի ձեռքս, եւ դա արեցի, որպէսզի անունս երբեք չպղծուի այն ազգերի մէջ, որոնց միջից, նրանց աչքերի առջեւ, դուրս բերեցի սրանց:
23 Այն անապատում ես ձեռքս նրանց վրայ բարձրացրի՝ ազգերի մէջ նրանց սփռելու, երկրներով մէկ ցիրուցան անելու համար, քանի որ 24 օրէնքներս չգործադրեցին, պատուէրներս զանց առան, շաբաթներս պղծեցին, եւ իրենց աչքներն էլ իրենց հայրերի մտադրութիւնների վրայ էր: 25 Այդ էր պատճառը, որ նրանց տուեցի հրամաններ, որ բարի չէին, եւ օրէնքներ, որոնցով չէին կարող ապրել: 26 Նզովելու եմ նրանց՝ իրենց ընծաներով հանդերձ, այնպէս եմ անելու, որ ոչնչացնեմ նրանց բոլոր անդրանիկ ծնունդներին: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»:
ԱՍՏՈՒԱԾ ՎԵՐՋ Է ԴՆԵԼՈՒ ԻՍՐԱՅԷԼԻ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԵԱՆԸ
27 «Ուստի խօսի՛ր Իսրայէլի այդ տան հետ, մարդո՛ւ որդի, ու ասա՛ դրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ձեր հայրերը սաստիկ բարկացրին ինձ իմ հանդէպ իրենց գործած մեղքերով. 28 նրանց տարայ այն երկիրը, որ երդուել էի նրանց տալ: Այնտեղ տեսան նրանք բոլոր բարձր բլուրները, սաղարթախիտ ծառերը, զոհեր մատուցեցին իրենց աստուածներին, իրենց զոհաբերութիւնների կարգը կատարեցին, ծխեցին իրենց անուշահոտ խունկը, ընծայաբերեցին իրենց նուէրները: 29 Եւ ասացի նրանց. “Այդ ի՞նչ աբբանա՝ բարձրադիր սրբավայր է, ուր դուք մտնում էք”: Եւ այն կոչուեց աբբանա[885]: Ու այդպէս է կոչւում մինչեւ այսօր:
30 Դրա համար էլ ասա՛ Իսրայէլի տանը. “Այսպէս է ասում Տէր Աստուածը. ձեր հայրերի անօրէնութեամբ ապականւում էք, նրանց գարշելի կուռքերի հետ պոռնկանում, 31 նուէրներ մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում էք աստուածներին՝ կրակի միջով անցկացնելով նրանց: Մինչեւ օրս պղծւում էք ձեր բոլոր մտածումների մէջ: Եւ ես ձեզ պատասխա՞ն եմ տալու, ո՛վ տունդ Իսրայէլի: Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - ես ձեզ պատասխան չեմ տալու:
32 Եւ եթէ այդ բանը ձեր մտքով անցնում է, չի լինելու այնպէս, ինչպէս դուք էք ասում, թէ՝ “Մենք կը լինենք հեթանոսների կամ երկրի այն ազգերի նման, ովքեր ծառեր ու քարեր են պաշտում”:
ԱՍՏՈՒԱԾ ՊԱՏԺՈՒՄ Է ԵՒ ՆԵՐՈՒՄ
33 “Ուստի վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - հզօր ձեռքով, բարձրացած բազկով ու յորդացող ցասումով եմ թագաւորելու ձեզ վրայ: 34 Հանելու եմ ձեզ ազգերի միջից, դուրս եմ բերելու այն երկրներից, ուր դուք ցրուած էք, - հզօր ձեռքով, բարձրացած բազկով ու յորդացող ցասումով: 35 Բերելու եմ ձեզ ազգերի անապատը, դատի եմ նստելու ձեզ հետ երես առ երես, 36 ինչպէս որ այն անապատում դատի նստեցի ձեր հայրերի հետ, երբ նրանց դուրս հանեցի Եգիպտացիների երկրից: Այդպէս եմ դատելու ձեզ, - ասում է Տէրը, Ամենակալն Աստուած: 37 Ձեզ անց եմ կացնելու մականիս տակով, մտցնելու եմ իմ հետ ուխտ կապածների թուի մէջ 38 ու զատորոշելու եմ ձեր միջից ամբարիշտներին եւ ապստամբներին, որպէսզի նրանց հանեմ իրենց բնակած վայրերից, ու նրանք չմտնեն Իսրայէլի երկիրը: Պէտք է իմանաք, որ ես եմ Տէր Աստուածը:
39 Իսկ դուք, ո՛վ տունդ Իսրայէլի, այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. նախ իւրաքանչիւրդ մի կո՛ղմ նետեցէք ձեր ընթացքը, ապա եւ լսեցէ՛ք ինձ, իմ սուրբ անունը մի՛ պղծէք ձեր նուէրներով, ձեր վարք ու բարքով, 40 որովհետեւ իմ սուրբ լերան վրայ, Իսրայէլի բարձր լերան վրայ, - ասում է Տէր Աստուած, - իսպառ ինձ է ծառայելու Իսրայէլի այդ ամբողջ տունը, այնտեղ եմ ընդունելու, այնտեղ եմ ուշադիր նայելու ձեր ընծաներին, ձեր բոլոր երախայրիքներն ընդունելու եմ ձեր սուրբ ընծաներով հանդերձ, նաեւ անուշահոտութիւնները՝ 41 ձեզ դուրս բերելու համար ժողովուրդների միջից եւ ընդունելու համար ձեզ այն երկրներից, ուր սփռուած էիք: Ու ձեր մէջ, ժողովուրդների դէմ յանդիման, սրբանալու եմ: 42 Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը, երբ ձեզ տանեմ Իսրայէլի երկիրը, մի երկիր, որը երդուել եմ տալ ձեր հայրերին: 43 Եւ այնտեղ յիշելու էք ձեր բռնած ճանապարհն ու վարք ու բարքը, որոնցով պղծուեցիք դուք: Ձեր երեսներն էք ծեծելու ձեր գործած բոլոր անիրաւութիւնների համար: 44 Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը. այդպէս եմ անում, որպէսզի անունս չպղծուի ձեր չար ճանապարհների, ձեր ապականուած վարք ու բարքի պատճառով”», - ասում է Ամենակալ Տէրը:
ԿՐԱԿ ՀԱՐԱՒՈՒՄ
45 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 46 «Մարդո՛ւ որդի, դէմքդ ուղղի՛ր դէպի Թեման, նայի՛ր Դադոնի կողմը եւ մարգարէութի՛ւն արա Նագեբ իշխանի անտառի մասին: 47 Եւ կ՚ասե՛ս Նագեբի անտառին. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ահա ես քեզ վրայ կրակ եմ թափելու, եւ քեզանում ամէն ծառ՝ դալարն էլ, չորն էլ, նրան ճարակ է դառնալու. բորբոքուած բոցը չի հանգչելու, եւ նրա մէջ այրուելու են բոլոր մարդիկ՝ արեւելքից մինչեւ հիւսիս: 48 Եւ ամէն ոք պէտք է իմանայ, որ ես՝ Տէրս եմ վառել այն. եւ դա չի հանգչելու”»: 49 Ու ասում եմ. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր Աստուած»: Նրանք ինձ ասում են. «Չէ՞ որ դա առակ է, որ դու պատմում ես»:
21
ԱՍՏԾՈՒ ՍՈՒՐԸ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Դրա համար մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, ու դէմքդ ուղղի՛ր Երուսաղէմի վրայ, նայի՛ր նրանց սրբավայրերին: Մարգարէութիւն կ՚անես Իսրայէլի երկրի վրայ 3 եւ կ՚ասես Իսրայէլի երկրին. “Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ահա ես քո դէմ եմ: Մերկացնելու եմ սուրս իր պատեանից եւ քո միջից ոչնչացնելու եմ անիրաւին[886] ու անօրէնին: 4 Եւ քանի որ քո միջից ոչնչացնելու եմ անիրաւին ու անօրէնին, ուստի իմ սուրն իր պատեանից դուրս է գալու բոլոր մարդկանց վրայ՝ արեւելքից մինչեւ հիւսիս: 5 Եւ ամէն մարդ պէտք է իմանայ, որ ես՝ Տէրս եմ մերկացրել սուրս իր պատեանից, ու յետ տեղը չի դրուելու: 6 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մէջքդ խոնարհած՝ հեծեծի՛ր, ցաւագի՛ն հեծեծիր նրանց առաջ: 7 Եւ եթէ քեզ հարցնեն՝ “Ինչո՞ւ ես հեծեծում”, կ՚ասես. “Որովհետեւ մի բօթ լսեցի, եւ այն վրայ է հասնելու. բոլոր սրտերը կոտրուելու են, բոլոր ձեռքերը՝ թուլանալու, բոլոր անդամները՝ չորանալու, բոլոր շնչերը՝ կտրուելու, բոլոր զիստերը՝ խոնաւութեամբ ապականուելու: Ահա վրայ է հասնում, եւ այդպէս էլ լինելու է”», - ասում է Տէրը, Ամենակալն Աստուած:
8 Աստուած դարձեալ խօսեց ինձ հետ ու ասաց. 9 «Մարդո՛ւ որդի, կը մարգարէանաս ու կ՚ասես. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
Սո՛ւր, սո՛ւր, սրուի՛ր ու զայրացի՛ր,
10 որպէսզի մեծ կոտորած անես:
Սրուի՛ր ու սրբուի՛ր,
պատրաստուի՛ր կոտորելու,
կոտորի՛ր, արհամարհի՛ր,
որդեա՛կ իմ, կտրի՛ր ամէն ծառ”»:
11 Եւ Տէրը տուեց սուրը՝ ձեռքում պատրաստ բռնելու:
Սուրը սրուած է եւ պատրաստ՝
ջարդարարի ձեռքը տալու համար:
12 Աղաղակի՛ր, ճի՛չ բարձրացրու, մարդո՛ւ որդի,
որովհետեւ այն սուրը կախուել է իմ ժողովրդի,
Իսրայէլի իշանների վրայ:
Նրանք պանդուխտ են լինելու,
քանի որ սուրը կախուել է իմ ժողովրդի վրայ:
Ուստի ձեռքերովդ ծա՛փ զարկ,
որովհետեւ արդարացաւ ասածս:
13 Եւ ի՞նչ է, փրկուելո՞ւ է ազգը:
«Դա չի՛ լինելու», - ասում է Տէր Աստուածը:
14 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի,
մարգարէացի՛ր,
ձեռքերովդ ծա՛փ զարկ:
Դո՛ւ էլ սուր վերցրու,
որովհետեւ երրորդ սուրն սպանուածներինն է լինելու.
սուրը ծանրացել է սպանուածների վրայ
ու զարհուրեցնելու է նրանց,
15 որպէսզի նրանց սրտերը թուլանան,
նրանց բոլոր դռներին տկարները բազմանան,
որովհետեւ մատնուած են սրի քաշուելու:
Սուրը գեղեցկացել է փայլով
ու սպանելու համար պիտանի դարձել:
16 Շրջի՛ր, աջ ու ձա՛խ պտտուիր,
միեւնոյնն է, ո՛ւր էլ որ շուռ գաս՝
17 ես էլ այնտեղ եմ լինելու,
ծափ եմ զարնելու եւ թռչկոտելու եմ,
բարձրացնելու եմ ձայնս.
ես՝ Տէրս խօսեցի»:
ԲԱԲԵԼՈՆԻ ԹԱԳԱՒՈՐԻ ՍՈՒՐԸ
18 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 19 «Մարդո՛ւ որդի, քեզ համար երկո՛ւ ճանապարհ ընտրիր, ուր պիտի մտնի բաբելացիների արքայի սուրը, որովհետեւ երկուսն էլ նոյն աշխարհից են դուրս գալիս: Քաղաք տանող ճանապարհի գլխին ուղեցոյց նշա՛ն պատրաստիր: 20 Ճանապարհի սկզբին հաստատուի՛ր, պատրաստի՛ր, ճանապա՛րհ հարթիր, որ սուրը հասնի Ռաբոթ, ամոնացիներին, նաեւ Հրէաստանի վրայ, նաեւ Երուսաղէմի վրայ, որ նրա մէջ է:
21 Բաբելացիների արքան գալու կանգնելու է հին ճանապարհի վրայ, երկու ճանապարհների գլխին՝ գաւազան գցելու[887], կուռքերին հարցեր տալու, լեարդի վրայ գուշակութիւն անելու: 22 Նրա աջ ձեռքից հմայութիւններ են դուրս եկել՝ Երուսաղէմի դէմ պատնէշներ կանգնեցնելու, լիաբերան գոչելու, աղաղակ բարձրացնելու, դարպասները խոյահարելու, հող թափելու եւ մարտկոցներ շինելու»:
ԳՐՈՀ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԴԷՄ
23 «Եւ դա երուսաղէմացիներին այնպէս է երեւալու, կարծես մէկն իրենց առաջ հմայութիւններ է անում. շաբաթուայ ընթացքում եօթն անգամ կրկնուելու է: Սակայն նա՝ բաբելացիների թագաւորն զգուշացնելու է սրանց, որ յիշեն իրենց անօրէնութիւնները»:
24 Ուստի այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. «Նրա համար, որ սպառնացել էք ձեր անիրաւութիւններով, յայտնի են դարձել ձեր ամբարշտութիւնները, երեւան են եկել ձեր մեղքերը ձեր բոլոր ամբարշտութիւններով եւ ձեր ընթացքով, - այն բանի համար, որ դուք ինքներդ էք յիշեցրել, դրանց պատճառով էլ ոչնչանալու էք: 25 Դու էլ, Իսրայէլի պիղծ ու անօրէն իշխանդ, որի վախճանը եկել է անիրաւութեան ժամանակ,- 26 այսպէս է ասում քեզ Տէր Աստուած. “Վերցրո՛ւ խոյրդ, հանի՛ր պսակդ, որովհետեւ այդ այդպէս չի վերջանալու: Դու բարձրացածին խոնարհեցրել ես, խոնարհին՝ բարձրացրել: 27 Եւ հիմա ես[888] անիրաւութիւնը միւս անիրաւութիւնների վրայ եմ բարդելու: Այդ այդպէս չի մնալու, մինչեւ որ գայ նա, ում վայել է, եւ ես տալու եմ նրա ձեռքը”»
ԳՐՈՀ ԱՄՈՆԱՑԻՆԵՐԻ ԴԷՄ
28 Ամոնացիներին: «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր ու ասա՛. “Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած ամոնացիներին՝ նրանց նախատինքների համար.
Սուր սուսերը հանուած է սպանելու համար,
մերկացուած՝ վերջ տալու համար:
29 Զարթնի՛ր, որովհետեւ փայլում ես սին տեսիլքով,
սուտ հմայութիւններ ես անում՝ նրանց դէպի քեզ,
անօրէն վիրաւորների վզին քաշելու համար.
սրանց վախճանը հասել է՝
անիրաւութեան ժամանակի վախճանը:
30 Յե՛տ դարձիր, մի՛ իջեւանիր այնտեղ, ուր ծնուել ես.
դարձեալ քո երկրում եմ քեզ դատելու,
31 քեզ վրայ թափելու եմ բարկութիւնս:
Իմ զայրոյթի հուրը փչելու եմ քեզ վրայ,
մատնելու եմ քեզ ձեռքը բարբարոս մարդկանց,
որոնք պղծութիւն են գործում:
32 Եւ հրոյ ճարակ ես դառնալու,
արիւնդ թափուելու է քո երկրում,
յիշատակդ էլ չի գտնուելու:
Ես՝ Տէրս խօսեցի”»:
22
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՈՃԻՐՆԵՐԸ
Իսրայէլացիներին
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, եթէ դատելու ես, դատի՛ր արիւնահեղութեան քաղաքը, 3 խայտառակի՛ր նրա բոլոր անօրէնութիւնները եւ ասա՛. “Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ո՛վ քաղաք, որ արիւն է թափում իր մէջ, երբ իր ժամանակն է հասնում, իր ներսում խորհուրդներ է որոճում՝ ինքն իրեն ապականելու համար նրանց արիւնով: 4 Իզուր արիւն թափեցիր ու թաթախուեցիր, քո որոճացած խորհուրդներով ապականուեցիր: Քո օրերը մօտեցրիր եւ քո կեանքի վախճանին մօտեցար: Դրա համար է որ քեզ յանձնեցի նախատինքին ազգերի, ամօթանքներին բոլոր աշխարհների, 5 որոնք մօտ էին քեզ կամ քեզնից հեռու, որպէսզի այպանեն քեզ ու ասեն. “Դու՝ անուանի քաղաքդ, պղծութեան մատնուեցիր, որովհետեւ յաճախակի անօրէնութիւններ գործեցիր”:
6 Ահա Իսրայէլի այդ տան իշխանները. քո մէջ իւրաքանչիւրն իր ազգի մերձաւորների հետ էր խառնակւում, որ արիւն թափէր. 7 քո մէջ հօրն ու մօրն էին անարգում, եկուորի ու պանդխտի հետ անիրաւութեամբ էին վարւում, որբին ու այրուն բռնադատում, 8 սրբութիւններս արհամարհում էին ու շաբաթներս պղծում քո մէջ: 9 Աւազակ մարդիկ կային քո մէջ, որ արիւն թափէին քո մէջ, լեռների վրայ էլ զոհեր մատուցէին քո մէջ եւ անմաքուր գործեր անէին: 10 Իրենց հօր ամօթն էին մէջտեղ հանում քո մէջ եւ պղծութեամբ դաշտանաւոր կնոջ էին բռնաբարում քո մէջ: 11 Իւրաքանչիւրն իր ընկերոջ կնոջն էր պղծում, իւրաքանչիւրն ամբարշտութեամբ իր հարսին էր պղծում, իւրաքանչիւրն իր քրոջը՝ իր հօր դստերն էր բռնաբարում քո մէջ: 12 Կաշառք էին վերցնում քո մէջ, որպէսզի արիւն թափէին, վաշխ ու տոկոս էին առնում քո մէջ: Եւ ես վերջ եմ տալու քո չարագործութիւններին՝ ըստ քո գործած բռնութեան, որովհետեւ մոռացել ես ինձ”, - ասում է Տէր Աստուած:
13 “Ահա ծափ եմ զարնելու քո կատարած գործերին ի տես եւ ի տես քո մէջ կատարուած արիւնահեղութեան: 14 Պիտի դիմանա՞յ քո սիրտը, պիտի զօրանա՞ն քո ձեռքերն այն օրերին, երբ դրանք գլխիդ բերեմ: Ես՝ Տէրս եմ ասում, եւ անելու եմ: 15 Սփռելու եմ քեզ ազգերի մէջ, ցիր ու ցան եմ անելու երկրներով մէկ, եւ քո միջից պղծութիւնը պակասելու է: 16 Դա եմ ժառանգութիւն թողնելու քեզ ազգերի մէջ, եւ պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը”»:
ԱՍՏԾՈՒ ԶՏՈՂ ՓՈՒՌԸ
17 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 18 «Մարդո՛ւ որդի, ահա Իսրայէլի այդ տունն ինձ համար խառնուեց, ինչպէս հալոցում խառնւում են պղինձն ու երկաթը, անագը, կապարն ու արծաթը: 19 Ուստի ասա՛. “Այսպէս է ասում Տէր Աստուած. այն բանի համար, որ դուք բոլորդ էլ միախառնուեցիք, դրա համար ես ձեզ հաւաքելու եմ Երուսաղէմում, 20 ինչպէս որ մէկը հալոցում արծաթն ու պղինձը, երկաթն ու կապարը կը հաւաքի՝ նրա վրայ կրակ փչելու եւ ձուլելու համար: Նոյն ձեւով էլ ձեզ եմ հաւաքելու իմ բարկութեամբ 21 հաւաքելու եւ ձուլելու եմ ձեզ. ձեզ վրայ իմ բարկութեամբ հուր եմ փչելու, ու դուք ձուլուելու էք նրա մէջ. 22 ինչպէս որ արծաթն է ձուլւում քուրայում, այնպէս էլ դուք էք ձուլուելու դրա մէջ: Եւ պիտի իմանաք, որ ես՝ Տէրս եմ սրտմտութիւնս թափել ձեր վրայ”»:
ԻՍՐԱՅԷԼԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԵՂՔԸ
23 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 24 «Մարդո՛ւ որդի, ասա՛ դրան. “Դու այն երկիրն ես, որ չես թրջւում. քեզ վրայ անձրեւ չի կաթել զայրոյթի օրը: 25 Դու այն երկիրն ես, որի իշխաններն այնտեղ յափշտակելիս ու կողոպտելիս առիւծների պէս էին մռնչում. բռնութեամբ տնանկների մարմիններն էին յօշոտում եւ անիրաւութեամբ պատիւներ խլում: Եւ այրիները բազմացան քո մէջ: 26 Նրա քահանաներն անարգում էին օրէնքներս ու պղծում սրբութիւններս. սուրբը պիղծից չէին տարբերում, արատաւորը անարատից չէին ջոկում. իմ շաբաթներին աչք էին փակում եւ պղծում էին շաբաթներս իրենց մէջ: 27 Նրա իշխանները յափշտակիչ գայլերի պէս էին նրա մէջ՝ յափշտակելու եւ կողոպտելու, արիւն թափելու եւ մարդկանց կորստի մատնելու համար, որպէսզի իրենց սաստիկ ագահութեանը յագուրդ տային: 28 Նրա մարգարէները, որոնք կոծկում էին այդ մեղքերը, ընկնելու են, նրանք, որ սնոտի բաներ էին գուշակում, ստութիւններ տենչում եւ ասում էին, թէ այսպէս է ասում Ամենակալ Տէրը, մինչդեռ Տէրը նման բան չէր կարող խօսել: 29 Երկրի ժողովրդին տառապեցնում էին անիրաւութեամբ, յափշտակում ու կողոպտում. աղքատին ու տնանկին բռնադատում էին. պանդխտի հետ անիրաւութեամբ էին վարւում: 30 Նրանց միջից մի մարդ փնտռեցի, որ ուղիղ ընթանար, զայրոյթիս պահին առջեւս յօժարակամ կանգնէր, որպէսզի չջնջէի նրանց, բայց չգտայ: 31 Եւ նրանց վրայ թափեցի սրտմտութիւնս իմ զայրոյթի հրով՝ նրանց վրայ բարկութիւնս ի կատար ածելու համար: Ըստ նրանց բռնած ճանապարհի էլ նրանց գլխին բերեցի”», - ասում է Տէր Աստուած:
23
ՄԵՂԱՒՈՐ ՔՈՅՐԵՐԸ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, երկու կանայք կային՝ մի մօր դուստրեր. 3 իրենց երիտասարդ հասակում պոռնկացան Եգիպտոսում: Այնտեղ ճմռթուեցին նրանց ստինքները, այնտեղ նրանք զրկուեցին իրենց կուսութիւնից: 4 Աւագ դստեր անունը Ոողա էր, քրոջ անունը՝ Ոողիբա: Նրանք իմը եղան եւ տղաներ ու աղջիկներ ծնեցին. սրանց անուններն էին, Շամրինինը՝ Ոողա, Երուսաղէմինը՝ Ոողիբա:
5 Ոողան, իմը լինելով, պոռնկացաւ, աչքը գցեց իր հոմանիների՝ ասորեստանցիների վրայ, որոնք նրա մօտ էին. 6 դրանք ծիրանի ու կարմիր հագածներ, իշխաններ ու զօրագլուխներ, երիտասարդներ, ամէն ինչով ընտրեալներ, երիվարներ հեծած սպառազէններ էին: 7 Ոողան իր պոռնկութիւնը տարածեց նրանց վրայ, Ասորեստանի բոլոր ընտրեալ զաւակների վրայ, բոլոր նրանց վրայ, որոնց յետեւից գնացել էր իր բոլոր մտածումներով, ու պղծութիւն արեց: 8 Եգիպտացիների երկրից բերած իր պոռնկութիւնը չթողեց նա, որովհետեւ նրանց հետ խառնակւում էր իր երիտասարդ ժամանակից. նրանք էին սրան զրկել կուսութիւնից, իրենց պոռնկութիւնը թափել նրա վրայ: 9 Դրա համար նրան մատնեցին իր հոմանիների ձեռքը, ասորեստանցիների ձեռքը, որոնց յետեւից էր գնում նա: 10 Նրանք մէջտեղ հանեցին սրա խայտառակութիւնը, վերցրին նրա տղաներին ու աղջիկներին, իրեն սրով սպանեցին: Եւ կատարուեց կանանց խօսքը. նրանից վրէժ լուծեցին նրա դուստրերի միջոցով:
11 Այս բանը տեսաւ նրա քոյր Ոողիբան, իր ապականուած ցանկասիրութեան մէջ աւելի առաջ գնաց, քան քոյրը, նաեւ պոռնկութեան մէջ աւելի առաջ, քան քոյրը: 12 Գնաց ասորեստանցի իշխանների ու զօրավարների յետեւից, որոնք նրա մօտ էին. դրանք ազնիւ ծիրանիներ հագածներ, երիվարներ հեծած սպառազէններ, ամէն ինչով ընտրեալ երիտասարդներ էին: 13 Տեսայ, որ պղծութիւն էին անում. երկուսի էլ ճանապարհը նոյնն էր: 14 Սա խրուեց իր պոռնկութեան մէջ: Երբ պատերին քաղդէացի տղամարդկանց պատկերներ էր տեսնում՝ նկարուած քերիչներով, 15 մէջքներին տեսակ-տեսակ գօտիներ, գլուխներին՝ ներկուած խոյրեր (խայտաբղէտ գոյներ էին ցոլանում բոլորից էլ, ինչպէս լինում են Բաբելոնի զաւակները քաղդէացիների երկրում, իրենց երկրում), - 16 աչք էր դնում նրանց վրայ՝ իր աչքերի հայեացքով, սուրհանդակներ ուղարկում քաղդէացիների երկիրը, նրանց մօտ: 17 Նրա մօտ եկան Բաբելոնի զաւակները նրա անկողնում հանգչելու, պղծեցին նրան իր պոռնկութեան մէջ: Նա խառնակուեց նրանց հետ. մարմինը յագեցաւ նրանցից: 18 Բացայայտեց իր պոռնկութիւնը եւ պատմեց իր ամօթը: Եւ ես հեռացայ նրանից, ինչպէս հեռացել էի նրա քրոջից: 19 Բայց դու սաստկացրիր պոռնկութիւնդ, որ յիշեցնում էր երիտասարդութեանդ օրերը, երբ պոռնկութիւն էիր անում Եգիպտոսում: 20 Աչքդ գցեցիր էշերի ու ձիերի անդամներ ունեցող քաղդէացիների վրայ: 21 Պատժելու եմ քեզ այն անիրաւութիւնների համար, որոնք գործեցիր երիտասարդութեանդ օրերին քո օթեւանում, Եգիպտացիների երկրում, ուր ճմռթուեցին ստինքներդ, ու խախտուեց կուսութիւնդ»:
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՊԱՏԻԺԸ
22 «Ուստի, ո՛վ Ոողիբա, այսպէս է ասում Տէր Աստուածը. “Ահա քեզ վրայ ոտքի եմ հանելու հոմանիներիդ, որոնցից յագեցաւ ու զզուեց մարմինդ, 23 նրանց բերելու եմ, շրջապատել եմ տալու քեզ, բերելու եմ նրանց՝ Բաբելոնի զաւակներին ու բոլոր քաղդէացիներին, Փակուդին, Սուէին ու Կուէին, Ասորեստանի բոլոր զաւակներին էլ նրանց հետ՝ ընտիր երիտասարդներին, իշխաններին, զօրավարներին, երիվարներ հեծած անուանի սպառազէններին: 24 Բոլորն էլ քեզ վրայ են գալու հիւսիսից, ազգերի մի բազմութիւն՝ կառքերով ու անիւներով, սաղաւարտաւորներ ու վահանաւորներ: Շուրջդ պահակներ են դնելու: Քեզ դատելու եմ նրանց առաջ, եւ նրանք վրէժ են լուծելու քեզնից իրենց դատաստանով: 25 Քո դէմ պիտի ուղղեմ նաեւ քո հանդէպ ունեցած իմ վրէժխնդրութիւնը. նրանք քեզ հետ վարուելու են իմ զայրոյթի չափով. կտրելու են քիթդ ու ականջներդ եւ ինչ որ մնայ քեզնից, սրով կոտորելու են. վերցնելու են տղաներիդ ու աղջիկներիդ, իսկ մնացածներին հրով են ոչնչացնելու: 26 Վրայիցդ հանելու են հագուստներդ ու քեզանից վերցնելու են պարծանքիդ զարդերը: 27 Այսպիսով առջեւդ եմ դնելու ամբարշտութիւնդ ու պոռնկութիւնդ, որոնցով զբաղւում էիր Եգիպտացիների երկրում: Եւ աչքդ այլեւս չես բարձրացնելու դէպի նա, այլեւս չես յիշելու Եգիպտոսը”:
28 Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. “Ահա քեզ մատնելու եմ ատելիներիդ ձեռքը, որոնցից յագեցաւ ու զզուեց մարմինդ: 29 Քեզ հետ վարուելու են ատելութեամբ, վերցնելու են ամբողջ վաստակդ ու աշխատանքդ: Մերկ ես լինելու եւ խայտառակուած: Մեջտեղ է գալու պոռնկութեանդ ամօթը: Քո ամբարշտութիւնն ու պոռնկութիւնն են գլխիդ բերելու դա, 30 մինչ պոռնկութիւն էիր անում ազգերի հետ, պղծւում նրանց մտածումներում: 31 Քրոջդ ճանապարհով ընթացար, եւ նրա բաժակը քո ձեռքն եմ տալու”:
Այսպէս է ասում Տէր Աստուած.
32 “Քրոջդ բաժակն ես ըմպելու,
մի խոր ու լայն բաժակ:
Ծաղր ու ծանակ ես դառնալու,
կատարելապէս հարբելու ես:
33 Բոլորովին թուլանալու ես:
Ըմպելու ես քո պոռնկութեան,
Շամրին քրոջդ բաժակը
եւ քամելու ես ցմրուր:
34 Մազերդ ես փետելու եւ ստինքներդ ծեծելու:
Տօներն ու ամսագլուխները վերացնելու եմ քեզանից.
այդ ե՛ս խօսեցի”, - ասում է Ամենակալ Տէրը: -
35 Ուստի այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Այն բանի համար, որ ինձ մոռացար, յետեւդ գցեցիր, դո՛ւ էլ կրիր ամբարշտութեանդ ու պոռնկութեանդ պատիժը”»:
ԱՍՏԾՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԸ ԵՐԿՈՒ ՔՈՅՐԵՐԻՆ
36 Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, երբ դատես Ոողային ու Ոողիբային, նրանց կը պատմես իրենց անօրէնութիւնները: 37 Նրանք շնացան, եւ արիւն կայ նրանց ձեռքերին: Նրանք իրենց մտքում էլ էին շնանում: Իրենց ծնած զաւակներին բոցի միջով էին անցկացնում: 38 Այն աստիճան բաներ արեցին իմ դէմ, որ նոյն օրն իսկ սրբութիւններս էին պղծում, շաբաթներս ապականում՝ 39 կուռքերին զոհաբերելու համար իրենց որդիներին: Նոյն օրը մտնում էին իմ սրբավայրերը եւ պղծում էին դրանք: Այսպէս էին վարւում իմ Տան մէջ: 40 Հեռուից եկած մարդիկ էլ, որոնց որպէս սուրհանդակներ էին ուղարկել, հէնց որ գալիս էին, բաղնիք էիր մտնում, ծարիրով ու սնգոյրով շպարւում էիր, 41 զարդեղէնով զարդարւում ու նստում էիր զարդարուած գահաւորակի վրայ: Սեղան էիր գցում նրանց առջեւ, իմ խունկն ու իւղը վերցնում էիր եւ զուարճանում նրանց հետ: 42 Նրանք ներդաշնակ ձայնով նուագում էին: Այդ մարդկանց կողքին՝ անապատից եկած ուրիշ բազմաթիւ գինեմոլ մարդիկ էլ կային: Ապարանջաններ էիր դնում նրանց ձեռքերին, պարծանքի պսակներ՝ նրանց գլխին:
43 Ես ասում էի՝ “Պոռնկական գործերով թող նրանց հետ չշնանայ”, բայց նա պոռնկանում էր. 44 եւ նրա մօտ էին մտնում, ինչպէս պոռնիկ մի կնոջ մօտ: Նոյն ձեւով մտնում էին նաեւ Ոողայի ու Ոողիբայի մօտ՝ անօրէնութիւն գործելու: 45 Նրանք, որ արդար մարդիկ էին, վրէժ են լուծելու սրանցից, շնացածների հանդէպ լուծուող վրէժ եւ արեան վրէժ, որովհետեւ սրանք շնացողներ էին, եւ իրենց ձեռքերն արիւնոտ էին”:
46 Այսպէս է ասում Տէր Աստուածը. “Զօ՛րք արձակիր, նրանց մէջ խռովութի՛ւն գցիր ու յափշտակութիւն, 47 զօրքերի քարերով քարկոծի՛ր նրանց, խոցոտի՛ր նրանց իրենց սրերով: Նրանց տղաներն ու աղջիկները թող կոտորուեն: Իսկ նրանց տները թող հրդեհեն: 48 Ամբարշտութիւնը վերացնելու եմ երկրից, եւ բոլոր կանայք խրատուելու են ու այլեւս չեն հետեւելու սրանց ամբարշտութեան: 49 Ձեր ամբարշտութիւնը ձեր առջեւն է գալու, ապա պատիժ էք կրելու ըստ ձեր մեղքերի ու մտածումների: Ու պէտք է իմանաք, որ ես եմ Տէր Աստուածը”»:
24
ԵՐՈՒՍԱՂԷՄԸ՝ ԺԱՆԳՈՏ ԿԱԹՍԱՅ
1 Տէրը խօսեց ինձ հետ իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսուայ տասներորդ օրը եւ ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, նշա՛ն արա, գրի՛ր քեզ մօտ այն օրը, երբ բաբելացիների թագաւորը յարձակուեց Երուսաղէմի վրայ. 3 ճիշտ այդ օրից այս առակը կը պատմես դառնացնողների տանն ու կ՚ասես նրանց. “Այսպէս է ասում Տէր Աստուած.
Մի կաթսա՛յ շինիր,
շինի՛ր եւ մէջը ջո՛ւր լցրու:
4 Դի՛ր մէջը մսի բոլոր մասերը,
բոլոր յօշուած գեղեցիկ կտորները՝
ազդրն ու զիստը:
5 Ընտիր-ընտիր անասունների կտրտուած ոսկորները կ՚առնէք,
կաթսայի տակ կ՚այրէք:
Թող եռայ, շատ եռայ,
նրա մէջ թող եփուեն ոսկորները”:
6 Ահա այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
“Ո՛վ արիւնահեղ քաղաք,
կաթսայ՝ լի ժանգով.
ժանգն էլ նրա վրայից դեռ չի անցել:
Կտոր-կտոր մսեր դուրս է հանել դրանից.
վիճակ էլ չի գցել նրա վրայ,
7 որովհետեւ նրա արիւնը դեռ նրա մէջ է:
Սալաքարի վրայ եմ դրել այն,
այլ ոչ թէ գետին թափել՝
հողով ծածկելու համար,
8 մինչեւ որ իմ զայրոյթն ելնի՝
վրէժխնդրութիւն պահանջելու: Արիւնն էլ դրել եմ սալաքարի վրայ, որ չծածկուի”:
9 Դրա համար այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
“Վա՜յ քեզ, քաղա՛քդ արիւնների.
10 փայտն էլ եմ շատացնելու,
այրողն էլ բազմացնելու,
հուրն էլ բորբոքելու եմ,
որ միսը հալուի,
արգանակը թուլանայ, ոսկորները փխրուեն.
11 իր կրակի վրայ թող մնայ: Կրակը թող բորբոքուած լինի,
որ վառուի ու տաքանայ,
հալուի պղինձը,
նրա պղծութիւնն էլ՝ նրա մէջ:
Թող պակասի ու թուլանայ նրա ժանգը:
12 Բայց նրա ուժեղ ժանգը միջից թող դուրս չգայ, այլ իբրեւ ամօթանք մնայ արգանակի մէջ 13 այն բանի համար, որ պղծութեամբ էիր անում դու: Եւ դու չես մաքրուելու քո պղծութիւնից: Ինչպէ՞ս կարող ես մաքրուել, քանի դեռ չեմ յագեցրել քո հանդէպ իմ զայրոյթը: 14 Ես՝ Տէրս խօսեցի: Ու գալու է օրը, անելու եմ այդ ու չեմ խորշելու, ոչ էլ ողորմելու եմ կամ զղջալու, այլ ըստ քո բռնած ճանապարհի ու քո վարմունքի էլ պատժելու եմ քեզ”, - ասում է Ամենակալ Տէրը: - “Ուստի քեզ պատժելու եմ ըստ քո թափած արեան, ըստ քո մտածումների եմ պատժելու քեզ, ո՛վ պիղծդ ու անուանարկեալդ, որ սաստկացրել ես ինձ դառնացնելը”»:
ԵԶԵԿԻԷԼ ՄԱՐԳԱՐԷԻ ՍՈՒԳԸ
15 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 16 «Մարդո՛ւ որդի, ահա ես պատերազմով վերացնում եմ քո աչքին ցանկալի եղածը, իսկ դու չկոծես ու չողբաս, քեզնից թող արցունք դուրս չգայ, 17 որովհետեւ հեծութիւնն արեան ու սուգի մէջ է: Թող վարսերդ չհիւսուեն, ոտքերդ կօշիկների մէջ լինեն, չմխիթարուես նրանց շուրթերի խօսքերով ու չուտես մարդկանց հացը»:
18 Առաւօտեան խօսեցի ժողովրդի հետ, ինչպէս որ պատուիրել էր ինձ Տէրը: Իսկ երեկոյեան կինս մեռաւ: Յաջորդ առաւօտեան այնպէս արեցի, ինչպէս որ Նա պատուիրել էր ինձ: 19 Եւ ժողովուրդն ասաց ինձ. «Չես պատմում մեզ, թէ այդ ի՞նչ ես անում»:
20 Ու ասացի նրանց. «Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 21 “Ասա՛ Իսրայէլի տանը. այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես աւերելու եմ իմ սրբարանը՝ ձեր զօրութեան պարծանքը, ձեր աչքին ցանկալի եղածը, նաեւ այն, որին խնայում են ձեր հոգիները: Ձեզանից մնացած տղաներն ու աղջիկները սրով են ընկնելու: 22 Դուք էլ անելու էք այնպէս, ինչպէս ես եմ արել. նրանց բերանի խօսքերով չէք մխիթարուելու, 23 մարդկանց հացն էլ չէք ուտելու: Ձեր վարսերը լինելու են ձեր գլուխներին, կօշիկները՝ ձեր ոտքերին: Չէք կոծելու եւ ողբալու, հալուելու-մաշուելու էք ձեր անիրաւութիւնների մէջ, եւ իւրաքանչիւրն իր եղբօրը չի մխիթարելու: 24 Եզեկիէլը ձեզ համար մի նշան է լինելու. ինչ որ ինքն անի, նրա օրինակով դուք էլ նոյնն էք անելու: Ու երբ դա կատարուի՝ պիտի իմանաք, որ ես եմ Ամենակալ Տէրը:
25 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. չէ՞ որ այն օրը, երբ դրանցից վերացնեմ իրենց զօրութիւնը, հպարտութիւնն ու պարծանքը, իրենց աչքին ցանկալի եղածը, հոգիների հպարտութիւնը, նրանց տղաներին ու աղջիկներին, - 26 չէ՞ որ այդ օրը փրկուածը քեզ մօտ է գալու՝ քո ականջներին գոյժը հաղորդելու: 27 Այն օրը փրկուածի առջեւ բացուելու է բերանդ, խօսելու ես ու այլեւս համր չես մնալու, նրանց համար նշան ես լինելու. եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը”»:
25
Մարգարէութիւն ամոնացիների դէմ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ երեսդ ամոնացիների դէմ, մարգարէացի՛ր նրանց մասին ու ասա՛ ամոնացիներին. 3 “Լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ չարախնդացիք պղծուած սրբարանիս, ապականուած Իսրայէլի երկրի, գերութեան գնացած Յուդայի տան վրայ, - 4 այդ պատճառով ահա ես ձեզ մատնում եմ Կեդէմի[889] զաւակների ձեռքը որպէս ժառանգութիւն: Իրենց մեղքերով բնակուելու են քո մէջ, իրենց վրանները կանգնեցնելու են քո մէջ. նրանք ուտելու են քո միրգը, խմելու քո պարարտ հիւթը: 5 Ամոնացիների քաղաքը տալու եմ ուղտերին՝ արածելու, իսկ ամոնացիներին՝ արածող հօտերին: Պիտի իմանաք, որ ես եմ Տէրը: 6 Այսպէս է ասում Տէր Աստուած. “Այն բանի համար, որ ձեռքերովդ ծափ զարկիր ու ոտքերովդ դոփեցիր, հոգով ուրախացար Իսրայէլի երկրի վրայ, - 7 այդ պատճառով ահա ես ձեռքս գցելու եմ քեզ վրայ ու տալու եմ քեզ տարբեր ազգերի, որ քեզ յափշտակեն, ոչնչացնելու եմ քեզ ժողովուրդների միջից, կորստեան եմ մատնելու քեզ երկրների միջից: Ու պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը”»:
8 Մովաբի դէմ: «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Այն բանի համար, որ Մովաբն ու Սէիրն ասացին, թէ ահա ինչպէս որ ազգերն են, այնպէս էլ Իսրայէլի եւ Յուդայի տունն է, - 9 այդ պատճառով ահա ես թուլացնելու եմ Մովաբի թիկունքը քաղաքների բարձրաւանդակների կողմից, ընտրագոյն երկիրը՝ Բեթի ու Ասիմոթի տունը, որ քաղաքի աղբիւրից աւելի վերեւ է, ծովեզերքի մօտերքը: 10 Կեդէմի զաւակներին էլ, նրանց վրայ աւելացրած նաեւ ամոնացիներին, տուել եմ նրան որպէս ժառանգութիւն, որպէսզի ամոնացիների յիշատակն ազգերի մէջ չմնայ: 11 Մովաբն էլ եմ պատժելու: Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը”»:
12 Եդոմի դէմ: «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Այն բանի համար, որ Եդոմը վրէժ լուծեց Յուդայի տնից, ոխակալ եղաւ ու վրէժ պահանջեց, - 13 այդ պատճառով այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ձեռքս գցելու եմ Եդոմի վրայ, ոչնչացնելու եմ դրա մէջ մարդ ու անասուն, անապատի եմ վերածելու այն, իսկ Թեմանից սկսած հալածեալները սրից են ընկնելու: 14 Եւ Եդոմը պատժելու եմ Իսրայէլի իմ ժողովրդի միջոցով. Եդոմի հետ վարուելու են իմ զայրոյթի ու սրտմտութեան համեմատ: Պիտի ճանաչեն իմ վրէժխնդրութիւնը”», - ասում է Ամենակալ Տէրը:
15 Փղշտացիների դէմ: «Այդ մասին այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Այն բանի համար, որ այլազգիները ոխակալ եղան, վրէժխնդիր եղան սրտմտութեամբ, դաժանութեամբ սպանեցին նրանց իսպառ, - 16 այդ պատճառով էլ այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ահա ես ձեռքս գցելու եմ այդ այլազգիների վրայ, ոչնչացնելու եմ այդ կրետացիներին, կորստեան եմ մատնելու այդ ծովեզերաբնակներին 17 ու նրանց պատժելու եմ մեծամեծ կշտամբանքներով ու զայրոյթով: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը, երբ նրանց հանդէպ վրէժխնդիր լինեմ”»:
26
Տիւրոսի դէմ
1 Տասնմէկերորդ տարում, ամսուայ առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, այն բանի համար, որ Տիւրոսը չարախնդաց Երուսաղէմի վրայ ու ասաց. “Վա՜շ-վա՜շ, քանի որ կոտրուեց, կորաւ Երուսաղէմը, դէպի ինձ են դառնալու ազգերը, որովհետեւ շէն քաղաքն աւերուեց”, - 3 այդ պատճառով այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
“Ահա ես քո դէմ եմ, Տիւրո՛ս,
քո դէմ եմ դուրս բերելու բազում ազգերի,
ինչպէս որ ծովը դուրս է գալիս իր ալիքներով:
4 Նրանք կործանելու են Տիւրոսի պարիսպները,
կործանելու են նրա աշտարակները:
Հողն էլ հոսեցնելու եմ նրա վրայից
ու այն դարձնելու եմ լերկ ապառաժ:
5 Ծովի մէջտեղում նա լինելու է ուռկաններ գցելու տեղ,
որովհետեւ ե՛ս խօսեցի”,
- ասում է Տէր Աստուած: -
“Ազգերին նա աւար է դառնալու.
նրա արուարձանների բնակիչները ցամաքում սրով են սպանուելու:
6 Եւ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տէրը”»:
7 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
«Ահա ես հիւսիսից քո դէմ եմ բերելու, Տիւրո՛ս,
բաբելացիների թագաւոր Նաբուքոդոնոսորին,
որ արքայից արքայ է՝
կառքերով ու երիվարներով,
շատ ու շատ ազգերի գունդագունդ հեծեալներով:
8 Նա քո արուարձանների բնակիչներին դաշտում սրով է կոտորելու,
շուրջդ պահակ է դնելու եւ փոս փորելու,
պատնէշ ու ռազմական ամրոցներ է կանգնեցնելու,
9 իր գեղարդները քո դէմ է պահելու,
պարիսպներդ ու աշտարակներդ սրով է կործանելու:
10 Նրա հեծեալների բազմութիւնից դրանց փոշին ծածկելու է քեզ.
հեծեալների եւ նրանց անիւների ու կառքերի ձայնից
դղրդալու են պարիսպներդ,
երբ նա ներս մտնի քո դարպասներից, ինչպէս որ մէկը դաշտից քաղաք կը մտնի:
11 Իրենց երիվարների սմբակներով կոխոտելու են հրապարակներդ,
սրով կոտորելու են ժողովրդիդ,
գետին են տապալելու զօրաւոր ամրոցներդ:
12 Աւարելու են ամրոցներդ,
կողոպտելու՝ ունեցուածքդ, ինչքդ,
կործանելու են պարիսպներդ,
տապալելու՝ ցանկալի ապարանքներդ,
ծովն են թափելու քարերդ, փայտերդ ու հողդ:
13 Նա քայքայելու է քո բազմաթիւ երգիչների խմբերը,
եւ երգի ձայներ չեն լսուելու այլեւս քո մէջ:
14 Քեզ լերկ ժայռաստանի եմ վերածելու,
եւ լինելու ես ուռկաններ գցելու տեղ:
Այլեւս չես վերաշինուելու,
որովհետեւ ես խօսեցի», - ասում է Ամենակալ Տէրը: -
15 Այսպէս է ասում Տէր Աստուած Տիւրոսին.
«Չէ՞ որ քո կործանման ձայնից,
քո վիրաւորների հեծեծելուց,
քո մէջ սրի մերկանալուց դղրդալու են քո կղզիները,
16 եւ այդ ծովագնաց ազգերի բոլոր իշխաններն իջնելու են իրենց գահաւորակներից,
հանելու են գլուխներից իրենց խոյրերը,
մերկանալու են իրենց գոյնզգոյն հագուստներից,
տագնապելով տագնապելու են,
գետին են տապալուելու,
զարհուրելու են իրենց կործանման ժամանակ,
17 հոգոց են հանելու քեզ վրայ,
ողբալու եւ ասելու են.
“Ինչո՞ւ կորստեան մատնուեցիր,
քանդուեցիր ծովի մէջ, ո՛վ հոյակապ քաղաք,
որ զօրացել էիր ծովում,
դու եւ քո բնակիչները,
մինչ զարհուրեցնում էիր բոլոր բնակիչներիդ:
18 Կղզիներն իրենք են սարսափելու քո կործանման օրից.
ծովիդ կղզիները խռովուելու են քո բնաջնջման համար”:
19 Այսպէս է ասում Տէր Աստուած. «Երբ քեզ՝ քաղաքդ աւերակ դարձնեմ, ինչպէս որ լինում են ամայաբնակ քաղաքները, երբ վիհերը բերեմ քեզ վրայ, ու քեզ առատ ջրեր ողողեն, - 20 քեզ էլ եմ իջեցնելու գերեզման իջածների մօտ, յաւիտենապէս ամբոխուածների մօտ: Քեզ բնակեցնելու եմ երկրի ընդերքներում, որպէս յաւիտենական աւերակ, յաւիտենապէս խորխորատ իջածների կողքին, որպէսզի այլեւս բնակելի չդառնաս, երկրի վրայ կենդանի չմնաս: 21 Կորստեան եմ մատնելու քեզ, եւ դու այլեւս գոյութիւն չես ունենալու: Փնտռուելու ես, բայց յաւիտեան չես գտնուելու»:
27
Ողբ Տիւրոսի վրայ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տիւրոսի վրայ, ասա՛ Տիւրոսին.
3 “Դու, որ բնակուել ես այդ ծովի մուտքին,
վաճառաշահ ազգերի բազմաթիւ կղզիներով,
այսպէս է ասում Տէր Աստուածը Տիւրոսին.
4 “Դու ասում էիր՝
‘Ես եմ ինձ զարդարել իմ գեղեցկութեան զարդով,
Բէէլէմ ծովի սրտում’:
Մինչդեռ քո զաւակներն են զարդարել քեզ:
5 Սանիր լեռից բերուած մայրիներն են դարձել քեզ ատաղձ,
նոճու տախտակներ են առնուել Լիբանանից՝
քեզ համար եղեւնափայտ կայմեր պատրաստելու,
6 Բասանից բերուած կաղնուց են շինել նաւերիդ ղեկերը
եւ փղոսկրից՝ քո մեհեանները,
քետիմացիների կղզիներից բերուած նիւթերից՝
հովանաւոր ծառերով շրջապատուած ապարանքներդ,
7 Եգիպտոսից բերուած պաստառներով են գործուել բեհեզն ու դիպակը
որպէս փառաշուք թիկնոց,
ելիմացիների կղզիներից բերուած ծիրանի ու կապուտակ հանդերձն է եղել քո պաճուճանքի զարդը:
8 Քո իշխանները սիդոնացիներն են եղել,
քո նաւավարները՝ արադացիները:
Քո իմաստունները, Տիւրո՛ս, որ ապրում էին քո մէջ,
նրանք են եղել քեզ համար նաւապետներ,
9 ծեր մատենագէտներն ու իմաստունները, որ ապրում էին քո մէջ,
նրանք են զօրացրել քեզ քո խորհուրդներում:
Ծովի բոլոր նաւերն ու դրանց նաւավարները են քեզ առաջնորդել
մինչեւ ծայրագոյն արեւմուտք:
10 Լիւդացիք ու լիբիացիք են եղել քո զօրքն ու թիկունքը՝
պատերազմող ընտիր մարդիկ,
որոնք իրենց վահաններն ու սաղաւարտները քեզ մօտ են կախել,
եւ նրանք է, որ փառաւորել են քեզ:
11 Արադացիների զաւակներն է, որ իրենց զօրքերով շրջապատել են պարիսպներդ
ու պահպանել աշտարակներդ,
իրենց կապարճները շուրջանակի կախել պարիսպներիդ վրայ:
Հէնց նրանք է, որ կատարեալ են դարձրել գեղեցկութիւնդ:
12 Կարկեդոնացի վաճառականներն է, որ քո ամբողջ հարստութիւնը՝ արծաթն ու ոսկին, պղինձն ու երկաթը, անագն ու կապարը բերել են քո շուկաները: 13 Յոյներն ու նրանց շուրջը գտնուող ազգերն է, որ եղել են քո ստրկավաճառները, պղնձէ անօթներ են բերել քո շուկաները: 14 Թորգոմայ տնից մարդիկ է, որ ձիերով, հեծեալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները: 15 Ռոդոսցիները՝ քո վաճառականները, կղզիներից բերուած փղոսկրեայ ժանիքներով աշխուժացրել են քո առեւտուրը, եւ դու երթեւեկողներին, իբրեւ գին, մարդկանցով ես վճարել: 16 Շուկաներդ ճոխացել են քո հակերով. Ափեկից է եկել անուշ խունկը, Թարսիսից՝ երփներանգ նարօտը: Ռամոթն ու Կարքովն են լցրել քո շուկաները: 17 Հրէաստանն ու Իսրայէլի զաւակները՝ քո վաճառականները, ցորենով ու խնկով, դարչինով ու ընտիր-ընտիր մեղրով, իւղով ու խէժով են լցրել քո շուկաների հակերը: 18 Դամասկոսից են քո բազմահարուստ վաճառականները, քո մեծ հարստութիւնը, Քելբոնից՝ գինին, Միլիտէից՝ բուրդը: 19 Դանը եւ Յաւանը Մէոզէնից են գինի բերել քեզ՝ քո շուկաների համար, Ասէլից են բերել երկաթապատ անիւներ՝ քո շուկաների համար: 20 Քո դեդանացի վաճառականներն են ընտիր կառքեր բերել քեզ՝ ջորիներով հանդերձ: 21 Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները (նրանք էլ վաճառականներ քո ձեռքի տակ) ուղտեր, խոյեր ու գառներ են վաճառել քո մէջ: 22 Սաբան ու Ռեգման (նրանք էլ քո վաճառականները) անուշահոտ իւղեր, թանկարժէք քարեր ու ոսկի են բերել քո շուկաները: 23 Խառանը, Քանանն ու Դադանը (նոյնպէս քո վաճառականները), Սաբան, Ասուրն ու Քալմանը (քո վաճառականները) 24 Մաքլիմի ու Գալիմի վրայով քեզ ապրանքներ են բերել՝ կարմիր ու կապուտակ պարեգօտ, երփներանգ նարօտներ, պարաններով հակաւորուած ընտիր գանձեր: 25 Քո ուժեղ նոճէ նաւերով (նաւեր վաճառականութեան), որոնցով կատարւում էր քո առեւտուրը, քո հակերի հարստութեամբ լցուեցիր դու, սաստիկ ծանրացար:
26 Ծովի սրտում, յորդ ջրերում են քշել քեզ նաւավարներդ, եւ հարաւային հողմն է խորտակել քեզ ծովի սրտում: 27 Բայց քո հարստութիւնն էլ, քո զօրքերն էլ, քո ու քո խառնիճաղանջ ամբոխների վաստակն էլ, քո նաւավարներն ու նաւապետներն էլ, քո ու քո խառնիճաղանջ ամբոխների խորհրդականներն էլ, քո մէջ եղած բոլոր պատերազմող մարդիկ էլ, քո մէջ բոլոր հաւաքուածներն էլ քո կործանման օրն ընկնելու են ծովի խորքը: 28 Քո աղաղակի ձայնից նաւավարներդ սաստիկ սարսափելու են եւ իջնելու են իրենց նաւերից: 29 Քո բոլոր նաւավարները, թիավար քո առաջապահները ծովափին են կանգնելու 30 եւ աղաղակելու են քեզ, կամ փոխելու են իրենց ձայները եւ գուժելու են դառնօրէն, հող են ածելու իրենց գլխին ու մոխիրների մէջ են թաւալուելու, 31 ածիլելու ճաղատացնելու են գլուխները, քուրձեր են հագնելու եւ դառնացած սրտով լաց են լինելու քեզ վրայ: 32 Նրանց որդիները քեզ վրայ դառնօրէն կոծելու են, ողբ են ասելու ու ողբ են երգելու՝ ասելով. ‘Ո՞վ էր, որ Տիւրոսի պէս լռեց-հանգաւ ծովում’: 33 Ինչքա՞ն քեզ վաստակ գտար այդ ծովից, լիացրիր ազգերին քո հարստութեամբ, փառաւորեցիր երկրի բոլոր թագաւորներին քո շուկաների հակերով: 34 Իսկ հիմա ջարդուեցիր այդ ծովում, ջրերի խորքերում ընկան խորտակուեցին քո շուկաներն ու քո մէջ բոլոր հաւաքուածները. ընկան քո բոլոր նաւավարները. 35 տխրեցին քեզ համար կղզիների բոլոր բնակիչները, եւ նրանց թագաւորները խիստ զարհուրեցին, երեսներն արցունքով ողողեցին քեզ համար. 36 ազգերի վաճառականները սարսափահար սուլելու են ի տես քեզ: Կորստեան մատնուեցիր ու այլեւս գոյութիւն չես ունենալու յաւիտեան”», - ասում է Տէր Աստուած:
28
Տիւրոսի իշխանի դէմ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ Տիւրոսի իշխանին. “Այսպէս է ասում Տէր Աստուած. հակառակ նրան, որ գոռոզացաւ քո սիրտն, ու ասացիր՝ ‘Աստուած եմ ես, աստուածային բնակութեամբ ապրեցի ծովի սրտում’, սակայն մարդ ես դու, ոչ թէ Աստուած, թէեւ սիրտդ ներկայացնում ես իբրեւ Աստծու սիրտ: 3 Մի՞թէ դու աւելի իմաստուն ես, քան Դանիէլը, կամ մի՞թէ իմաստուններ են քեզ խրատել իրենց հանճարով: 4 Մի՞թէ քո իմաստութեամբ կամ խելքով ես քեզ համար հարստութիւն դիզել եւ իբրեւ գանձ ստացել ոսկի ու արծաթ: 5 Կամ քո իմաստութեան եւ առեւտրիդ շատութեա՞մբ ես մեծացրել հարստութիւնդ, ու սիրտդ քո հարստութեա՞մբ է փառաւորուել”:
6 Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. “Քանի որ քո սիրտը որպէս Աստծու սիրտ ես ներկայացրել, 7 դրա համար ահա ես օտար դաժան ազգեր եմ բերելու քո դէմ, եւ նրանք իրենց թուրն են իջեցնելու քեզ վրայ, քո գեղեցիկ իմաստութեան վրայ եւ քո գեղեցկութիւնը կորստեան են մատնելու, 8 կործանելու են քեզ, ու մահացու խոցուածների մահով ես մեռնելու ծովի սրտում: 9 Մի՞թէ արիւնարբուներիդ առաջ ասելու եւ կրկնելու ես՝ Աստուած եմ ես: Բայց մարդ ես դու, ոչ թէ Աստուած: 10 Եւ քո սպանուածների ու անթլփատ մեռելների առաջ ես մեռնելու օտարների ձեռքով, որովհետեւ ես խօսեցի”», - ասում է Ամենակալ Տէրը:
ՏԻՒՈՍՐԻ ԻՇԽԱՆԻ ԱՆԿՈՒՄԸ
11 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Տիւրոսի իշխանի վրայ եւ ասա՛ նրան. 12 “Այսպէս է ասում Տէր Աստուած. դու կատարեալ իմաստութեան նմուշ ես եղել, գեղեցկութեան պսակ, 13 եղել ես Աստծու դրախտի գգուանքներում, քեզ վրայ կապել բոլոր թանկարժէք քարերը՝ սարդիոն ու տպազիոն, զմրուխտ ու կարկեհան, շափիւղայ ու յասպիս, արծաթ ու ոսկի, սուտակ, ակաթ, մեղեսիկ, ոսկեքար, բիւրեղ, եղնգաքար. ոսկով ես լցրել քո մէջ գտնուած գանձարաններն ու շտեմարանները: 14 Այն օրից, երբ ստեղծուել ես ու զգեստաւորուել՝ քերովբէին օծելիս, քեզ Աստծու սուրբ լերանն եմ յանձնել, եւ հրէ քարերի մէջ ես յայտնուել: 15 Անարատ ես եղել քո օրերում, ստեղծուելուցդ ի վեր, մինչեւ որ անիրաւութիւններ են երեւան եկել քո մէջ: 16 Քո առեւտրի շատութիւնից՝ անիրաւութիւններով ես լցրել շտեմարաններդ. մեղանչել ու խփուել ես: Վարսաւոր քերովբէն իջեցրել է քեզ Աստծու լեռից, հրէ քարերի միջից: 17 Քո գեղեցկութեան մէջ՝ սիրտդ գոռոզացել է, իմաստութիւնդ ապականուել՝ քո գեղեցկութեամբ հանդերձ: Քո մեղքերի շատութեան համար գետին եմ գցել քեզ, խայտառակել քեզ թագաւորների առաջ: 18 Քո մեղքերի շատութեամբ ու առեւտրիդ խարդախութեամբ պղծել ես սրբավայրերդ: Կրակ եմ հանելու քո միջից, նա էլ ճարակելու է քեզ. քո երկրում, բոլոր ականատեսների առաջ մոխիր եմ դարձնելու քեզ: 19 Ու բոլոր նրանք, որ քեզ ճանաչեն ազգերի մէջ, տրտմելու են քեզ համար, որովհետեւ կորստեան ես մատնուել ու այլեւս յաւիտեան գոյութիւն չես ունենալու”»:
20 Սիդոնի դէմ: Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 21 «Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղի՛ր Սիդոնի կողմը, մարգարէացի՛ր նրա մասին ու ասա՛. 22 “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ահա ես քո դէմ եմ, Սիդո՛ն: Փառաւորուելու եմ քո մէջ: Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը, երբ քո դատաստանն անեմ: Եւ ես սրբանալու եմ քո մէջ: 23 Քեզ վրայ համաճարակ եմ ուղարկելու, քո հրապարակներին՝ արիւն: Ու սպանուածներ են ընկնելու քո մէջ, սրերով են շրջապատելու քեզ: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը: 24 Իսրայէլի տանն այլեւս դառն տատասկներ չեն լինելու, ոչ էլ ցաւոտ փշեր այն բոլոր մարդկանց կողմից, որոնք չորս կողմից անարգեցին նրանց: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը”»:
ԻՍՐԱՅԷԼԸ ՊԻՏԻ ԱՊՐԻ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ՄԷՋ
25 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Հաւաքելու եմ Իսրայէլի տունն այն ազգերի միջից, ուր նրանք ցրուել էին: Սրբանալու եմ նրանց մէջ, ազգերի ու ժողովուրդների առաջ: Նրանք բնակուելու են իրենց երկրում, որ տուել եմ իմ ծառայ Յակոբին: Այնտեղ ապրելու են ապահով. 26 տներ են շինելու եւ այգիներ տնկելու, ապրելու են ապահով, երբ դատաստան տեսնեմ այն բոլորի հետ, որոնք չորս կողմից անարգեցին նրանց: Եւ պիտի իմանան, որ ես եմ նրանց Տէր Աստուածը, նրանց հայրերի Աստուածը»:
29
Եգիպտոսի ու եգիպտացիների արքայ Փարաւոնի մասին
1 Տասներորդ տարում, տասներորդ ամսին, ամսուայ առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղի՛ր եգիպտացիների արքայ Փարաւոնի դէմ, մարգարէացի՛ր նրա վրայ, ամբողջ Եգիպտոսի վրայ, խօսի՛ր ու ասա՛. 3 “Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քո դէմ եմ, եգիպտացիների արքա՛յ Փարաւոն, ո՛վ վիշապդ մեծ, որ նստում ես գետերի միջեւ, որ ասում ես՝ ‘Իմն են այս գետերը, ես եմ ստեղծել սրանք’: 4 Սանձ եմ դնելու քո ծնօտներին, այդ գետի ձկները կպցնելու եմ թեւերիդ, միջիցդ քո այդ գետերը դուրս եմ բերելու[890], եւ գետիդ բոլոր ձկները կպչելու են թեւերիդ: 5 Արագօրէն ոչնչացնելու եմ քեզ, նաեւ գետիդ բոլոր ձկները: Դու կ՚ընկնես դաշտի երեսին ու չես հաւաքուի, այլեւս չես ժողովուի, քանի որ քեզ որպէս կերակուր եմ տուել երկրի գազաններին ու երկնքի թռչուններին: 6 Եգիպտոսի բոլոր բնակիչները պիտի իմանան, որ ես եմ Տէրը, քանի որ Իսրայէլի այդ տան համար եղեգնեայ գաւազան եղար, 7 ու երբ քեզ վրայ յենւում էին, նրանց ձեռքն էիր խրւում, իսկ երբ մէկը ձեռքը քեզ էր մեկնում ու յենւում էր քեզ վրայ, այն ժամանակ ջարդւում էիր ու կոտրում նրանց բոլորի մէջքը”»:
8 Դրա համար այսպէս է ասում Տէր Աստուած. “Ահա ես քո վրայ սուր եմ բերելու, քո միջից կորցնելու եմ մարդ ու անասուն, 9 եւ Եգիպտացիների այդ երկիրը լինելու է կորստեան մատնուած ու աւերակ: Պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը: Այն բանի համար, որ ասում էիր՝ ‘Այս գետերն իմն են, ես եմ սրանք ստեղծել’, 10 դրա համար էլ ահա ես կանգնած եմ քո եւ քո բոլոր գետերի դէմ, եւ Եգիպտացիների այդ երկիրն աւերածութեան, սրի ու կորստի եմ մատնելու Մակդոդից ու Սուհէնից մինչեւ եթովպացիների սահմանները: 11 Եգիպտոսի վրայով մարդու ոտք չի անցնելու, ոչ էլ անասունի կճղակ է գնալու նրա վրայով, քառասուն տարի մարդ չի ապրելու այնտեղ: 12 Այդ երկիրը կորստեան եմ մատնելու աւերակ երկրների մէջ, նրա քաղաքներն էլ՝ աւերուած քաղաքների մէջ: Ու դրանք ապականութեան մէջ են լինելու քառասուն տարի: Եգիպտացիներին ցրելու եմ ազգերի մէջ, նրանց սփռելու եմ երկրներով մէկ”:
13 Այսպէս է ասում Տէր Աստուած. “Քառասուն տարի յետոյ հաւաքելու եմ եգիպտացիներին այն ազգերի միջից, ուր ցրուած էին նրանք, 14 վերադարձնելու եմ եգիպտացիներին գերութիւնից ու բնակեցնելու եմ նրանց Պաթուրէսի երկրում, այն երկրում, որտեղից գերի էին քշուել: Եւ այնտեղ գոյութիւն է ունենալու մէկ իշխանութիւն, որ լինելու է բոլոր իշխանութիւններից աւելի խեղճացած: 15 Այն լինելու է ամենանկունն ու չի իշխելու ազգերի վրայ: Նրանց սակաւաթիւ եմ դարձնելու, որպէսզի ազգերի մէջ այլեւս չբազմանան: 16 Իսրայէլի տան ապաւէնը չեն լինելու այլեւս՝ յիշելով իրենց անօրէնութիւնը, ու չեն գնալու իրենց սրտի ուզածով: Պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը”»:
ՆԱԲՈՒՔՈԴՈՆՈՍՈՐ ԱՐՔԱՆ ՏԻՐԵԼՈՒ Է ԵԳԻՊՏՈՍԻՆ
17 Դարձեալ Եգիպտոսի մասին: Քսանեօթներորդ տարում, առաջին ամսին, առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 18 «Մարդո՛ւ որդի, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան չարչարեց իր զօրքերին եւ ուղարկեց Տիւրոսի վրայ: Բոլոր գլուխները ճաղատացել էին, բոլոր ուսերը՝ քերծուել: Տիւրոսի դէմ ինձ մատուցած ծառայութեան համար ինքն էլ, զօրքերն էլ վարձ չեն ստացել»: 19 Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային եմ տալու Եգիպտացիների երկիրը, եւ նա գերեվարելու է նրա մարդկանց բազմութիւնը, աւարի է մատնելու երկիրը, կողոպտելու նրա ունեցուածքը. եւ դա լինելու է նրա զօրքի վարձը: 20 Տիւրոսում ինձ մատուցած ծառայութեան փոխարէն նրան եմ տալու Եգիպտացիների երկիրը, տալու եմ այն ամենի դիմաց, ինչ արել է ինձ համար»: 21 Այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն օրը, երբ ամբողջ Իսրայէլի տան եղջիւրը բարձրանայ, քո բերանն եմ դնելու իմ խօսքը: Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»:
30
ՏԷՐԸ ՊԱՏԺԵԼՈՒ Է ԵԳԻՊՏՈՍԻՆ
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր ու ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուած. 3 վա՜յ, վա՜յ ձեր օրին, քանզի մօտ է Տիրոջ օրը՝ միգապատ օրը. հասել է ժողովուրդների վախճանը: 4 Սուր է գալու եգիպտացիների վրայ, ու խռովութիւն է լինելու Եթովպիայի կողմերում: Վիրաւորներ են ընկնելու Եգիպտոսում, եւ գերեվարելու են նրա բազմութիւնները, տապալելու՝ նրա հիմքերը: 5 Պարսիկները, կրետացիները, լիւդիացիներն ու լիբէացիները, բոլոր խառնիճաղանջ ամբոխները, նաեւ նրանք, որ այնտեղ իմ ուխտի զաւակներից են, - սրով են կոտորուելու”: 6 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “Խորտակուելու են եգիպտացիների պահապանները, իջնելու է նրանց ամբարտաւան զօրութիւնը, Մակդոդից մինչեւ Սուհէն սրով են ընկնելու այնտեղ”, - ասում է Ամենակալ Տէրը: - 7 “Եւ աւերուելու է երկրիրը կործանուած երկրների մէջ, նրա քաղաքներն էլ՝ աւերուած քաղաքների մէջ: 8 Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ կրակ գցեմ Եգիպտացիների երկրի վրայ: Խորտակուելու են նրա բոլոր օգնականները: 9 Այն օրը տագնապով հրեշտակներ են ելնելու իմ կողմից՝ ոչնչացնելու եթովպացիների սին յոյսերը: Խռովութիւն է լինելու նրանց մէջ՝ եգիպտացիների վախճանի օրը, քանի որ ահա այն հասել է”:
10 Այսպէս է ասում Տէր Աստուած. “Եգիպտացիների զօրքերը կորստեան եմ մատնելու բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի ձեռքով, ե՛ւ իրեն, ե՛ւ իր ազգն էլ՝ հետը: 11 Հեթանոս ազգերից չարագործներ են ուղարկուելու երկիրը կործանելու համար եւ իջեցնելու են իրենց սրերը Եգիպտոսի վրայ. երկիրը լցուելու է սպանուածներով: 12 Նրանց գետերի տեղը չոր անապատ եմ դարձնելու, երկիրը մատնելու եմ չարագործների ձեռքը, ամբողջ երկիրը այլազգիների ձեռքով մատնելու եմ կորստի, որովհետեւ դա ես՝ Տէրս եմ խօսել”:
13 Այսպէս է ասում Տէր Աստուած. “Կործանելու եմ գարշելի կուռքերը, վերջ եմ տալու մեմփացիների միջից մեծամեծներին, Եգիպտացիների երկրից էլ՝ իշխաններին. նրանք այլեւս չեն լինի: Սարսափ եմ գցելու Եգիպտացիների երկրի վրայ: 14 Կորստի եմ մատնելու Պաթուրէս երկիրը, կրակ եմ գցելու Տայեանի երկիրը, վրէժխնդիր եմ լինելու դիոսպոլացիներից: 15 Զայրոյթս թափելու եմ եգիպտացիների Սայիս ամրոցի վրայ ու կորստի եմ մատնելու մեմփացիների զօրագնդերը: 16 Կրակի եմ մատնելու Եգիպտոսը. խռովուելով խռովուելու է Սայիսը: Դիոսպոլացիների քաղաքը ճեղքուածք է տալու, եւ ջրեր են բխելու: 17 Արեգ քաղաքի ու Բուբաստի երիտասարդները սրով են ընկնելու, իսկ նրանց կանայք գերի են քշուելու: 18 Ցերեկը խաւարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ ես եգիպտացիների իշխանական մականը: Եւ այն ժամանակ կորչելու են նրա ամբարտաւան զօրքերը. մէգն է ծածկելու այն: Նրա դուստրերն էլ գերի են քշուելու: 19 Ես իմ դատաստանն եմ անելու Եգիպտոսում, ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը”»:
ՏԷՐԸ ԶՕՐԱՑՆՈՒՄ Է ԲԱԲԵԼԱՑԻՆԵՐԻ ԱՐՔԱՅԻ ԲԱԶՈՒԿԸ ՈՒԺԸ
20 Դարձեալ Եգիպտոսի մասին: Տասնմէկերորդ տարում, առաջին ամսին, ամսուայ եօթներորդ օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 21 «Մարդո՛ւ որդի, ես խորտակելու եմ եգիպտացիների Փարաւոն արքայի բազուկները, եւ բուժուելու համար այլեւս չեն փաթաթուելու դրանք, ո՛չ դեղ են դնելու դրանց վրայ եւ ո՛չ էլ զօրանալու են ձեռքը սուր առնելու համար»: 22 Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես եգիպտացիների Փարաւոն արքայի դէմ եմ. խորտակելու եմ նրա հզօր, ջղոտ ու պիրկ բազուկները, գցելու եմ սուրը նրա ձեռքից: 23 Ցրելու եմ եգիպտացիներին ազգերի մէջ, սփռելու եմ նրանց աշխարհով մէկ: 24 Զօրացնելու եմ բաբելացիների արքայի բազուկները, եւ իմ սուրն էլ տալու եմ նրա ձեռքը: Եւ նա այն քաշելու է Եգիպտացիների երկրի վրայ, աւարի է մատնելու այն եւ կողոպտելու: 25 Զօրացնելու եմ բաբելացիների արքայի բազուկները, իսկ Փարաւոնի բազուկները թուլանալու են: Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ սուրս տամ բաբելացիների արքայի ձեռքն ու բաց թողնեմ նրան Եգիպտացիների երկրի վրայ: 26 Ցրելու եմ եգիպտացիներին ազգերի մէջ, սփռելու եմ նրանց աշխարհով մէկ: Ու պէտք է իմանան բոլոր եգիպտացիները, որ ես եմ Տէրը»:
31
ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐՔԱՆ ՀԱՄԵՄԱՏՒՈՒՄ Է ՄԱՅՐԻ ԾԱՌԻ ՀԵՏ
1 Տասնմէկերորդ տարում, երրորդ ամսին, ամսուայ առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, ասա՛ եգիպտացիների արքայ Փարաւոնին ու նրա զօրքին. “Քո ամբարտաւանութեան մէջ՝ քեզ ո՞ւմ հետ ես համեմատում: 3 Ահա Ասուրը նման է մի նոճու Լիբանանում՝ գեղեցիկ ճիւղերով ու թաւ ոստերով, բարձրուղէշ. ամպերի մէջ էր նրա կատարը: 4 Ջուրը սնել էր նրան, անդունդները՝ բարձրացրել, նրա գետերը բերել էին իր տունկերի շուրջը. նա իր ստուերախիտ ճիւղերը տարածել էր ամբողջ դաշտով մէկ: 5 Դրա համար էլ նա բարձրացաւ աւելի վեր, քան դաշտի բոլոր ծառերը. տարածուել էին նրա ոստերը, բարձրացել՝ ճիւղերը շնորհիւ առատ ջրերի: 6 Ու երբ նա տարածուել էր, ճիւղերին բնակութիւն էին հաստատել երկնքի բոլոր թռչունները, իսկ նրա ոստերի տակ ձագեր հանել դաշտի բոլոր գազանները. նրա հովանու ներքոյ բնակութիւն էին հաստատել բազմաթիւ ազգեր: 7 Ճիւղերի երկարութեան շնորհիւ նա գեղեցկացել էր իր վեհութեամբ, որովհետեւ նրա արմատներն էլ առատ ջրերի մէջ էին: 8 Աստծու դրախտի եղեւնին, կաղնին ու նոճին չէին հաւասարւում նրա ճիւղերին, մայրիներն ու սօսիները չէին նմանւում նրա ոստերին: 9 Աստծու դրախտի ոչ մի ծառ գեղեցկութեամբ չէր նմանւում նրան, որովհետեւ նա ստուարախիտ ոստեր ունէր: Աստծու բերկրալից դրախտի բոլոր ծառերը նախանձում էին նրան”»:
10 Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն բանի համար, որ խիստ շատ բարձրացար, ճիւղերի ծայրերը հասան ամպերին, ես տեսայ ամբարտաւանութիւնդ, - 11 քեզ մատնեցի ժողովուրդների իշխանի ձեռքը, եւ նրանք կորստեան մատնեցին: 12 Դուրս հանեցին նրան, ժողովուրդների միջից ոչնչացրին օտար չարագործները, տապալեցին լեռների վրայ: Նրա ոստերն ընկան բոլոր ձորերը, տապալուեց նրա բունը ամբողջ երկրի դաշտերով մէկ, նրա հովանուց իջան բոլոր ազգերն ու ցեղերը եւ գետնին հաւասարեցրին նրան: 13 Ու երբ այն տապալուեց, հանգիստ առան նրա վրայ երկնքի բոլոր թռչունները, նրա բնի վրայ տեղ գտան բոլոր վայրի գազանները, 14 որպէսզի այլեւս իրենց մեծութեամբ չյոխորտան ջրասուն բոլոր ծառերը, ոչ էլ իրենց կատարներն արձակեն մինչեւ ամպերը, չմնան իրենց գոռոզութեան մէջ, ինչպէս նա, որ ջուր էր խմում: Բոլորն էլ մահուան մատնուեցին երկրի խորքերում, խորխորատ իջած մարդկանց որդիների մօտ»: 15 Այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն օրը, երբ նա գերեզման իջաւ, անդունդները նրա վրայ սգացին: Խափանեցի նրա գետերը, խցանեցի յորդ ջրերը, ու տխրեց նրա վրայ Լիբանանը. դաշտի բոլոր ծառերը նրա պատճառով լքուած մնացին: 16 Նրա կործանման ձայնից ցնցուեցին ազգերը, երբ գերեզման իջածների հետ նրան էլ իջեցրի գուբը: Եւ սանդարամետում մխիթարեցին նրան բերկրալից դրախտի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիր ու գեղեցիկ ջրարբի ծառերը: 17 Նրանք գերեզման իջան հետը՝ սրից սպանուածներով հանդերձ: Իսկ նրա զաւակները, որ բնակութիւն էին հաստատել նրա հովանու ներքոյ, զրկուելով իրենց կեանքից՝ բնաջնջուեցին:
18 Ո՞ւմ հետ ես համեմատում քեզ քո զօրութեամբ, փառքով ու մեծութեամբ՝ բերկրալից ծառերի մէջ: Իջի՛ր, ցա՛ծ իջիր երկրի խորքը՝ քո դրախտի բերկրալից ծառերի եւ սրով սպանուածների հետ՝ անթլփատ ննջեցեալների մէջ: Այսպէս են լինելու նաեւ Փարաւոնն ու նրա ամբողջ զօրքը», - ասում է Տէր Աստուածը:
32
ԵԳԻՊՏՈՍԻ ԹԱԳԱՒՈՐԸ ՀԱՄԵՄԱՏՒՈՒՄ Է ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ ՀԵՏ
1 Տասներկուերորդ տարում, տասներկուերորդ ամսին, ամսի առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, ողբա՛ եգիպտացիների արքայ Փարաւոնի վրայ ու ասա՛ նրան.
“Առիւծացար ազգերի մէջ
եւ վիշապի նմանուեցիր ծովում:
Մարտնչում էիր քո գետերի դէմ,
սմբակիդ տակ պղտորում էիր ջրերը,
ոտնակոխ էիր անում գետերը”:
3 Այսպէս է ասում Տէր Աստուած.
“Քեզ շրջապատելու եմ իմ թակարդներով
ու հաւաքուած բազմաթիւ զօրքերով:
Քեզ դուրս եմ հանելու իմ կարթով,
գետնահար փռելու եմ քեզ երկրի երեսին,
4 քեզնով լցուելու են դաշտերը:
Քեզ վրայ եմ իջեցնելու երկնքի բոլոր թռչուններին,
քեզնով յագեցնելու՝ երկրի բոլոր գազաններին:
5 Մարմինդ գցելու եմ լեռների վրայ
ու ձորերը լցնելու եմ քո արիւնով:
6 Երկիրը ողողուելու է քո աղտեղութեամբ՝
լեռների վրայ քո զօրքերի բազմութեան պատճառով:
Ձորերը լցուելու են քեզանով:
7 Երբ քո լոյսը հանգչի, երկինքը քօղով եմ ծածկելու,
խաւարեցնելու եմ նրա աստղերը,
արեգակը ծածկելու եմ ամպերով,
եւ լուսինն իր լոյսը չի տալու:
8 Քո վերեւում խաւարեցնելու եմ բոլոր լուսատուները
եւ քեզ վրայ խաւար եմ բերելու”,
- ասում է Տէր Աստուած: -
9 “Բազմաթիւ ժողովուրդների սիրտն եմ զայրացնելու քո դէմ այն ժամանակ,
երբ ազգերի հետ քեզ գերութիւնից դուրս բերեմ դէպի այն երկիրը,
որ դու չգիտես:
10 Քո պատճառով տրտմելու են բազմաթիւ ազգեր,
իսկ նրանց թագաւորները սաստիկ զարհուրելու են,
երբ սուրս թռչի նրանց դիմաց,
ու քո կործանման օրից նրանք սպասելու են իրենց կործանման”:
11 Ահա այսպէս է ասում Տէր Աստուած.
12 “Բաբելացիների արքայի սուրը հսկաների սրով հանդերձ գալու է քեզ վրայ,
եւ խորտակելու եմ քո զօրութիւնը:
Ազգերի բոլոր չարագործները գալու են ջնջելու եգիպտացիների ամբարտաւանութիւնը.
խորտակուելու է նրանց ամբողջ զօրութիւնը:
13 Ոչնչացնելու եմ նրա բոլոր կենդանիներին առատ ջրերի մէջ,
եւ դրանք չի պղտորելու մարդու ոտքը,
ոչ էլ կոխոտելու է անասունի կճղակը:
14 Ապա կանգ են առնելու նրա ջրերը,
իսկ գետերը իւղի պէս են հոսելու”,
- ասում է Ամենակալ Տէրը: -
15 “Երբ Եգիպտոսը կորստեան մատնեմ,
երկիրն էլ է ամբողջովին աւերուելու:
Երբ այնտեղից ցրեմ բոլոր բնակիչներին,
պիտի իմանան, որ ես եմ Տէր Աստուածը:
16 Ողբ է սա, եւ ողբալու են նրան.
ազգերի դուստրերն են ողբալու նրան,
ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զօրութեան վրայ”»,
- ասում է Տէր Աստուած:
17 Ողբ Փարաւոնի ու Եգիպտոսի վրայ:
Տասներկուերորդ տարում, առաջին ամսին, ամսուայ տասնհինգերորդ օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
18 «Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զօրութեան վրայ:
Ազգերը նրա դուստրերին,
երկրի խորքում մեռածներին
19 վայելչութեան ջրերից իջեցնելու են խորխորատ իջածների մօտ:
20 Իջի՛ր, ննջի՛ր անթլփատների հետ, սպանուածների մէջ:
Սրով ընկնելու են նրա հետ,
եւ վերջ է գտնելու նրա ամբողջ զօրութիւնը:
21 Եւ հսկաներն ասելու են քեզ.
“Ե՛կ, իջի՛ր անդունդների խորքերը.
ումի՞ց էիր դու լաւ:
Իջի՛ր եւ հանգրուանի՛ր անթլփատների հետ,
սրից սպանուածների մէջ”:
22 Այնտեղ են Ասուրը եւ նրա ողջ ամբոխը,
բոլորն էլ սպանուածներ:
23 Այնտեղ՝ խորխորատի խորքերում է նրանց գերեզման տրուել,
ու բոլորը հաւաքուել են նրա շիրիմների շուրջը:
Սրից էին ընկել բոլոր սպանուածներն էլ,
որոնք անդունդների խորքերը դարձրին իրենց գերեզման:
Բոլորը հաւաքուել են նրա շիրիմների շուրջը:
Սրից էին ընկել բոլոր սպանուածներն էլ,
որոնք իրենց սարսափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ:
24 Այնտեղ էր Եղամը,
նրա ողջ զօրքը նրա գերեզմանի շուրջն էր:
Երկրի խորքերն անթլփատ են իջել բոլոր սրով սպանուածներն էլ,
որոնք իրենց սարսափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ:
Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ,
սպանուածների մէջ:
25 Այնտեղ, նրա գերեզմանի շուրջն են գցուել Մոսոքն ու Թոբէլը
26 ու նրանց ամբողջ զօրքը՝ նրա բոլոր սպանուածները
(բոլորն էլ անթլփատներ, սրով սպանուած ընկածներ),
որոնք իրենց սարսաափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ:
27 Նրանք ննջել են յաւիտենապէս ընկած հսկաների հետ,
որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զէնքերով.
նրանց անիրաւութիւններն էլ դրուել են նրանց ոսկորների վրայ,
որովհետեւ զարհուրեցրել էին հսկաներին իրենց կենդանութեան ժամանակ:
28 Դու էլ ես անթլփատների մէջ գլորուել
ու ննջելու ես սրով սպանուածների մէջ:
29 Այնտեղ են Եդոմը,
նրա բոլոր թագաւորներն ու իշխանները,
որոնք իրենց զօրութեամբ հանդերձ ընկան սրի հարուածներից:
Նրանք էլ են ննջել խորխորատ իջած սպանուածների հետ:
30 Այնտեղ են հիւսիսի բոլոր իշխանները
(բոլորն էլ՝ Ասորեստանի զօրավարներ),
որոնք, սպանուած, գերեզման են իջել իրենց ահաւոր զօրութեամբ հանդերձ:
Նրանք եւս ամօթահար եւ անթլփատ ննջել են սրով սպանուածների հետ,
կրել իրենց տանջանքները խորխորատ իջածների հետ:
31 Փարաւոնը տեսնելու է նրանց եւ մխիթարուելու է
ի տես իր այն ողջ զօրքի, որ սպանուել է սրից.
այդպէս էլ կը լինի փարաւոնի եւ ամբողջ զօրքի հետ,
- ասում է Տէր Աստուած, -
32 քանզի նա իր սարսափն էր տարածել ողջերի աշխարհի վրայ:
Եւ փարաւոնը, նրա ողջ բազմութիւնն էլ իր հետ,
ննջելու է սրով սպանուած անթլփատների մէջ”»,
- ասում է Տէր Աստուած:
33
ԱՍՏՈՒԱԾ ԵԶԵԿԻԷԼԻՆ ՊԱՀԱԿ Է ԿԱՐԳՈՒՄ
(Եզեկ. 3.16-21)
Յակոբի որդիներին
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, խօսի՛ր քո ժողովրդի զաւակների հետ ու ասա՛ նրանց. “Մի երկիր կայ, որի վրայ սուր եմ բերելու: Եւ այդ երկրի ժողովուրդն իր միջից մի մարդ է ընտրելու, նրան պահակ կարգելու: 3 Սա տեսնելու է երկրի վրայ հասած սուրը, փող է փչելու եւ ազդարարելու է ժողովրդին: 4 Ժողովուրդը լաւ է լսելու փողի ձայնը, բայց չի զգուշանալու: Եւ սուրը հասնելու, բռնելու է նրան. թող նրա արիւնն իր գլխին լինի, 5 քանի որ փողի ձայնը լսել էր, բայց չէր զգուշացել: Թող նրա արիւնն իր գլխին լինի: Իսկ նա, ով զգուշացրել էր, փրկելու է ինքն իրեն: 6 Իսկ եթէ պահակը տեսնի վրայ հասած սուրը, բայց փողով նշան չտայ, ժողովուրդն էլ չզգուշանայ, - վրայ հասած սուրը բռնելու է նրանցից մէկին: Սա իր անօրէնութեան պատճառով է բռնուած լինելու. բայց սրա արիւնը պահակից եմ պահանջելու”:
7 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. քեզ պահակ եմ կարգել Իսրայէլի այդ տան վրայ, եւ դու պիտի լսես իմ բերանի խօսքերը, իմ կողմից պիտի զգուշացնես նրանց: 8 Երբ ես մեղաւորին ասեմ՝ հաստատ կը մեռնես, իսկ դու չխօսես ու չզգուշացնես ամբարշտին իր ճանապարհից, ինքը՝ անօրէնն իր անօրէնութեան մէջ կը մեռնի, բայց նրա արիւնը քեզնից կը պահանջեմ: 9 Իսկ եթէ նախօրօք ասես ամբարշտին իր ճանապարհի մասին, որպէսզի յետ դառնայ դրանից, բայց նա յետ չկանգնի իր ճանապարհից, - ինքն իր ամբարշտութեան մէջ է մեռնելու, իսկ դու քո հոգին փրկելու ես»:
ԱՍՏՈՒԱԾ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԱՄԲԱՐՇՏԻ ՄԱՀԸ
10 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայէլի այդ տանը. “Այսպէս խօսեցէ՛ք ու ասացէ՛ք՝ մեր մոլորութիւններն ու անօրէնութիւնները մեր մէջ են, եւ մենք դրանց մէջ մաշւում ենք, ինչպէ՞ս ազատուենք”: 11 Ասա՛ նրանց. “Ամենակալ Տէրն ասում է՝ կենդանի եմ ես եւ ամբարշտի մահը չեմ ուզում, այլ՝ նրա յետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը: Դարձէ՛ք, յե՛տ դարձէք ձեր չար ճանապարհից, ինչո՞ւ մեռնէք, ո՛վ տունդ Իսրայէլի”:
12 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ քո ժողովրդի զաւակներին. “Արդարի արդարութիւնը նրան չի փրկելու այն օրը, երբ մոլորուի, անօրէնի անօրէնութիւնն էլ նրան չի չարչարելու այն օրը, երբ յետ կանգնի իր բոլոր անօրէնութիւններից: Արդարը չի կարողանալու ազատուել իր մեղքերի օրը: 13 Երբ ես արդարին ասեմ՝ ապրելով ապրելու ես, իսկ նա էլ, յոյսը դնելով իր արդարութեան վրայ, անօրէնութիւն գործի, - նրա բոլոր արդար գործերը չեն յիշուելու, այլ իր կատարած անօրէնութեան համար մեռնելու է: 14 Իսկ երբ ես ամբարշտին ասեմ՝ հաստատ մեռնելու ես, բայց նա յետ կանգնի իր մեղքերից, իրաւ դատաստան եւ արդար գործ կատարի, 15 պարտապանին յետ տայ գրաւը, վերադարձնի յափշտակածը, ընթանայ կեանքի պատուիրաններով, անիրաւութիւններ չգործի, - հաստատ ապրելու է ու չի մեռնելու: 16 Նրա գործած բոլոր մեղքերը չեն յիշուելու, որովհետեւ իրաւ դատաստան ու արդար գործ է կատարել, դրա համար էլ ապրելու է”:
17 Քո ժողովրդի զաւակներն ասում են՝ Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ: Բայց իրենց ճանապարհն է, որ ուղիղ չէ: 18 Երբ արդարն իր արդար ճանապարհից շեղուի եւ անիրաւութիւններ կատարի, դրանցից էլ մեռնելու է: 19 Իսկ երբ մեղաւորը յետ կանգնի իր անօրէնութիւնից, իրաւ դատաստան ու արդար գործ կատարի, դրանցով էլ ապրելու է: 20 Ա՞յս բանի համար է, որ ասում էք՝ Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ: Ամէն մէկիդ ըստ ձեր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ տունդ Իսրայէլի»:
ԵԶԵԿԻԷԼԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ ԱՒԵՐՈՒԱԾ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԱՍԻՆ
21 Մեր գերութեան տասներկուերորդ տարում, տասներորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, Երուսաղէմից ազատուած մէկն ինձ մօտ եկաւ ու ասաց. «Քաղաքը գրաւուած է»: 22 Եւ երեկոյեան, մինչեւ նրա գալը, Տիրոջ ձեռքը ինձ վրայ էր. նա բաց արեց բերանս, մինչ դեռ առաւօտ չէր եղել: Երբ բերանս բաց արեցի, այլեւս չէի կարող լուռ մնալ:
23 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 24 «Մարդո՛ւ որդի, Իսրայէլի երկրի աւերակների բնակիչներն ասում են. “Աբրահամը մէկ հոգի էր ու երկիրը գրաւեց, իսկ հիմա մենք շատ ենք, երկիրը մեզ է ժառանգութիւն տրուել, չժառանգե՞նք այն”: 25 Ուստի ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. քանի որ արիւնով էք կերակրւում, աչքներդ գցում էք կուռքերին, արիւն էք թափում, - դեռ ուզում էք երկի՞րն էլ ժառանգել: 26 Դա ձեզ համար սուր կը լինի, որովհետեւ պղծութիւններ էք կատարել, իւրաքանչիւրն իր ընկերոջ կնոջն է պղծել: Եւ դեռ ուզում էք ժառանգե՞լ երկիրը”: 27 Ուստի ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Տէր Աստուած. ես՝ Տէրս, կենդանի եմ, ովքեր որ աւերակներում են՝ սրով են ընկնելու, ովքեր որ դաշտերի երեսին են՝ անապատի գազաններին կեր են տրուելու, իսկ ովքեր որ պարիսպների տակ են կամ քարայրերում՝ համաճարակից են կոտորուելու: 28 Երկիրն աւերակ եմ դարձնելու եւ կործանելու, եւ կորչելու է նրա զօրութիւնը, որով նա յոխորտում էր: Աւերուելու են Իսրայէլի լեռները, եւ ոչ ոք չի լինելու, որ գնայ դրանց վրայով: 29 Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը: Նրանց երկիրն աւերակ եմ դարձնելու իրենց կատարած բոլոր գարշելի գործերի համար”»:
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԼՍՈՒՄ Է ՄԱՐԳԱՐԷԻ ԽՕՍՔԸ, ԲԱՅՑ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ
30 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. քո ժողովրդի զաւակները շրջում են, քրթմնջում քո հասցէին պարիսպների մօտ, պալատների դռներին եւ մէկը միւսին, եղբայրն իր եղբօրն ասում է. “Հաւաքուենք գնանք եւ լսենք Տիրոջ կողմից ասուած պատգամները”: 31 Հիմա գալիս են քեզ մօտ, ինչպէս ժողովուրդն է հաւաքւում. եւ իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խօսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետեւ նրանց բերաններում ստութիւնն է, եւ նրանց սրտերն իրենց պղծութեանն են հետեւում: 32 Դու նրանց համար կը լինես ինչպէս քաղցրաբարբառ յօրինուած երգի ձայն. կը լսեն խօսքերդ, բայց չեն կատարի: 33 Իսկ երբ օրը գայ, ու ասեն՝ “Ահա հասել է”, կ՚իմանան, որ մարգարէ կար իրենց մէջ»:
34
ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԻՍՐԱՅԷԼԻ ՀՈՎԻՒՆԵՐԻ ԴԷՄ
Իսրայէլի հովիւներին
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր Իսրայէլի այդ հովիւների վրայ, մարգարէացի՛ր ու ասա՛ այդ հովիւներին. “Այսպէս է ասում Տէր Աստուած. ո՛վ հովիւներդ Իսրայէլի, մի՞թէ հովիւներն իրենք իրենց են արածացնում. չէ՞ որ հովիւները հօտեր են արածացնում: 3 Ահա կաթը խմում էք, բուրդը հագնում, պարարտներին մորթում: Բայց իմ հօտերը չէք արածացնում. 4 տկարացածին չէք զօրացրել, հիւանդացածին չէք բժշկել, չարչարուածին չէք փայփայել, վիրաւորուածին չէք փաթաթել, մոլորուածին յետ չէք դարձրել, կորածին չէք փնտռել, դիմացկունին տանջել էք: 5 Իմ հօտերը ցրուել են, քանի որ հովիւներ չունէին, եւ անապատի գազաններին կեր են դարձել: 6 Ցրուել են ու մոլորուել իմ հօտերը բոլոր լեռներով մէկ, բոլոր բարձր բլուրներով մէկ. երկրի երեսով մէկ ցրուել են իմ հօտերը: Եւ ոչ ոք չի փնտռել, ոչ էլ մէկը յետ է դարձրել նրանց: 7 Ուստի, հովիւնե՛ր, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները. 8 “Կենդանի եմ ես, - ասում է Ամենակալ Տէր Աստուած, - այն բանի համար, որ իմ հօտերը աւարի մատնուեցին, իմ հօտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետեւ հովիւներ չկային, հովիւներն իմ հօտերը չփնտռեցին, հովիւներն իրենք իրենց բտեցին-պարարտացրին եւ իմ հօտերը չարածացրին, - 9 դրա համար էլ լսեցէ՛ք, հովիւնե՛ր, Տիրոջ պատգամները: 10 Այսպէս է ասում Տէր Աստուած. “Ահաւասիկ ես այդ հովիւներին դէմ եմ ու հօտերս վերցնելու եմ դրանց ձեռքից, արգելելու եմ դրանց, որ արածացնեն հօտերս, եւ այլեւս դրանք չեն արածացնելու: Փրկելու եմ հօտերս դրանց ձեռքից. այլեւս նրանք կերակուր չեն լինելու դրանց համար”:
ՏԷՐԸ ՓՆՏՌՈՒՄ Է ԻՐ ՀՕՏԵՐԸ
11 Այսպէս է ասում Տէր Աստուած. “Ահա ես ինքս եմ փնտռելու հօտերս, այցելելու եմ դրանց: 12 Ինչպէս որ հովիւն է իր հօտը փնտռում այն օրը, երբ մէգ ու մառախուղ է լինում իր ցրուած հօտերի վրայ, այնպէս էլ ես եմ փնտռելու հօտերս, հաւաքելու եմ դրանք այն բոլոր տեղերից, ուր ցրուած էին մէգ ու մառախուղի օրը: 13 Դրանք դուրս եմ բերելու ժողովուրդների միջից, դրանք հաւաքելու եմ երկրներից, դրանք տանելու եմ իրենց երկիրը, 14 դրանք արածացնելու եմ Իսրայէլի լեռների վրայ, ձորերում ու երկրի բոլոր բնակավայրերում: Բերկրալից արօտավայրերում եմ արածացնելու դրանք, Իսրայէլի բարձր լեռների վրայ: Այնտեղ էլ լինելու են դրանց մակաղելու տեղերը. այնտեղ են դադար առնելու եւ հանգստանալու բարութեան ու գրգանքի մէջ: Փարթամ արօտավայրերում են արածելու դրանք, Իսրայէլի լեռների վրայ: 15 Հօտերս ես եմ արածացնելու, ես եմ հանգիստ տալու դրանց, ու պիտի իմանան, որ ես եմ Տէրը”: 16 Այսպէս է ասում Տէր Աստուած. “Կորածին փնտռելու եմ, մոլորուածին՝ յետ դարձնելու, վիրաւորուածին՝ փաթաթելու, հիւծուածին՝ զօրացնելու. գէրին ու հզօրին՝ պահելու: Բոլորին արածացնելու եմ արդարութեամբ”:
ՏԷՐԸ ՊԻՏԻ ԴԱՏԻ ԻՐ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ
17 “Դուք էլ, ի՛մ հօտեր, - այսպէս է ասում ձեզ Տէր Աստուած, - ահա ես դատելու եմ ձեզ ոչխար առ ոչխար, խոյ առ խոյ: 18 Մի՞թէ ձեզ բաւարար չէին առաջներում ձեր արածած գեղեցիկ արօտավայրերը, որ ձեզանից մնացած կերը ոտքի տակ տրորում էիք. զուլալ ջուրը խմում էիք ու մնացածը ոտքի տակ պղտորում: 19 Իսկ իմ հօտերը ձեր ոտնակոխ արածն էին ճարակում, ձեր կճղակներից պղտորած ջրերը խմում: 20 Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես դատ եմ անելու գէր եւ նիհար ոչխարների միջեւ 21 նրա համար, որ ձեր կողերով եւ ուսերով հարուածում էիք, ձեր եղջիւրներով պոզահարում ու չարչարում բոլոր թոյլերին, քշում էիք նրանց, մինչեւ որ հօտերս ցիրուցան եղան: 22 Ես փրկելու եմ հօտերս, ու այլեւս յափշտակութիւն չի լինելու: 23 Դատելու եմ խոյ առ խոյ ու նրանց վրայ մի հովիւ եմ կարգելու՝ իմ ծառայ Դաւթին, եւ նա հովուելու է նրանց: Նա է նրանց համար հովիւ լինելու, իսկ ես՝ Տէրս, լինելու եմ նրանց Աստուածը, 24 եւ իմ ծառայ Դաւիթն էլ՝ իշխան նրանց մէջ: Սա ես՝ Տէրս խօսեցի: 25 Դաւթի հետ խաղաղութեան դաշինք եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից: Եւ իմ հօտերը ապահով բնակուելու են անապատում եւ ննջելու են անտառներում: 26 Իմ լերան շուրջը նրանց օրհնութիւն եմ տալու, ձեզ էլ անձրեւ եմ տալու. եւ անձրեւներն օրհնաբեր են լինելու: 27 Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զօրութիւնը: Իրենց երկրներում նրանք խաղաղ ու ապահով են բնակուելու: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ խորտակեմ նրանց վզի լուծը: Փրկելու եմ նրանց իրենց ստրկացնողների ձեռքից, 28 ու այլեւս նրանք աւար չեն դառնալու ժողովուրդների մէջ, այլեւս երկրի գազանները նրանց չեն ուտելու: Ապրելու են ապահով: Ոչ ոք նրանց չի սարսափեցնելու: 29 Նրանց համար խաղաղութեան տունկ եմ բարձրացնելու, ու երկրի վրայ նրանք սովից չեն հիւծուելու այլեւս եւ ոչ էլ նախատինք են կրելու ժողովուրդներից: 30 Եւ պէտք է իմանան, որ ես՝ Տէր Աստուածս, իրենց հետ եմ, եւ նրանք՝ իրենք էլ՝ Իսրայէլի տունը, իմ ժողովուրդն է, - ասում է Տէր Աստուածը: - 31 Դուք էլ, ի՛մ հօտեր, իմ արօտի՛ ոչխարներ, մարդիկ էք, ես էլ՝ ձեր Տէր Աստուած”», - ասում է Տէր Աստուած:
35
ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՍԷԻՐԻ ԴԷՄ
Եդոմայեցիների մասին
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ երեսդ դէպի այդ Սէիր լեռը, մարգարէացի՛ր դրա վրայ ու ասա՛ դրան. 3 “Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քեզ դէմ եմ, ո՛վ լեռդ Սէիր: Ձեռքս գցելու եմ քեզ վրայ, անապատի եմ վերածելու քեզ, աւերուելու ես դու, 4 քաղաքներդ էլ աւեր եմ դարձնելու: Դու աւերակ ես լինելու ու պիտի իմանաս, որ ես եմ Տէրը: 5 Այն բանի համար, որ յաւէտ թշնամի եղար ու դարանակալը, նստում էիր նենգութեամբ Իսրայէլի տանը թշնամիների սրի միջոցով, երբ նա նեղութեան մէջ էր, եւ երբ անիրաւութիւնը հասել էր իր վախճանին, - 6 ահա դրա համար էլ վկայ եմ ես, - ասում է Տէր Աստուած. քանի որ դու արեամբ մեղանչեցիր, արիւնն էլ հալածելու է քեզ. այն արիւնը, որ դու ատեցիր, հէնց նոյն արիւնն էլ հալածելու է քեզ: 7 Աւերակի ու անապատի եմ վերածելու Սէիր լեռդ, դրա վրայից վերացնելու եմ մարդ ու անասուն: 8 Լեռներդ լցնելու եմ քո սպանուածներով, նաեւ բլուրներդ ու ձորերդ, եւ սրից սպանուածները ընկնելու են քո բոլոր դաշտերում: 9 Քեզ յաւիտենապէս աւերակ եմ դարձնելու, ու քո քաղաքներն այլեւս չեն վերաշինուելու: Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը: 10 Այն բանի համար, որ ասել ես, թէ երկու ազգերն ու երկու երկրներն էլ իմն են լինելու, ես ժառանգելու եմ դրանք (թէեւ Տէրն էլ այնտեղ էր), - 11 դրա համար վկայ եմ ես, - ասում է Տէր Աստուած, - եւ քեզ հետ վարուելու եմ ըստ քո թշնամութեան, ըստ քո նախանձի, որով ատել ես նրանց: Եւ դու կը ճանաչես ինձ, երբ դատեմ քեզ: 12 Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը: Լսել եմ քո հայհոյանքի ձայնը, որ ասում էիր՝ ‘Իսրայէլի աւերակ լեռները մեզ կերակուր են տրուած’: 13 Քո բերանով մեծաբանել ես իմ հասցէին, վայրախօսել իմ մասին, եւ ես լսել եմ դրանք: 14 Այսպէս է ասում Տէր Աստուած. երբ արար աշխարհ ուրախութեան մէջ լինի՝ քեզ աւերակ եմ դարձնելու 15 այն բանի համար, որ ոտնահարեցիր ժառանգութիւնն Իսրայէլի տան, որ կործանուեց: 16 Նոյնն էլ քեզ եմ անելու, եւ դու աւերակ ես դառնալու, ո՛վ լեռդ Սէիր, ամբողջ Եդոմն էլ ոչնչանալու է: Պէտք է իմանաս, որ ես եմ նրանց Տէր Աստուածը”»:
36
ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԵԴՈՄԱՑԻՆԵՐԻ ԴԷՄ
Իսրայէլի լեռների մասին
1 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր լեռների վրայ եւ ասա՛ Իսրայէլի լեռներին. 2 “Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում Տէր Աստուած. ‘Այն բանի համար, որ թշնամին ձեր մասին ասել է՝ վա՜շ-վա՜շ, յաւերժական աւերակները մեզ ժառանգութիւն եղան, - 3 դրա համար մարգարէացի՛ր ու ասա՛՝ այսպէս է ասում Տէր Աստուած. ‘Այն բանի համար, որ ձեր շուրջը գտնուող բոլոր ազգերի անարգանքին ենթարկուեցիք, տարագրուեցիք բազում ազգերի կողմից, ծաղրանքի առարկայ ու ազգերի նախատինք եղաք, - 4 դրա համար, ո՛վ Իսրայէլի լեռներ, լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները’: Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուած լեռներին ու բլուրներին, անդունդներին ու ձորերին, կործանուած աւերակներին ու լքուած քաղաքներին, որոնք աւեր են դարձել ու ոտնակոխ եղել ձեր շուրջը գտնուող ժողովուրդների կողմից, - դրա համար այսպէս է ասում Տէր Աստուած. 5 ‘Չեմ կարող իմ զայրոյթի հրով չխօսել այլազգիների մասին, նաեւ բոլոր եդոմայեցիների մասին, որովհետեւ երկիրս տարագրեցին, ոտնահարելով անարգեցին մարդկանց, աւերի ու աւարի մատնեցին նրանց: 6 Ուստի մարգարէացի՛ր Իսրայէլի երկրի վրայ ու ասա՛ լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. այսպէս է ասում Տէր Աստուած. ‘Ահա ես իմ նախանձով ու բարկութեամբ խօսեցի այն բանի համար, որ դուք հեթանոսներից նախատինք էք կրել’: 7 Ուստի այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ‘Ձեռքս բարձրացնելու եմ ձեր շուրջը գտնուող ժողովուրդների վրայ. եւ նրանք իրենք իսկ կը կրեն իրենց անարգանքը’: 8 Բայց, ո՛վ լեռներ Իսրայէլի, ձեր խաղողն ու բերքը Իսրայէլի իմ ժողովուրդն է ուտելու, որովհետեւ վերադառնալու ակնկալութիւն ունի: 9 Ահա ես նայելու եմ ձեզ. դուք մշակուելու եւ սերմանուելու էք: 10 Բազմացնելու եմ ձեր մէջ մարդ ու անասուն, առհասարակ Իսրայէլի տունն ամբողջովին: Վերաբնակեցուելու են քաղաքները, վերաշինուելու՝ աւերակները: 11 Բազմացնելու եմ ձեր մէջ մարդ ու անասուն. բազմանալու եւ աճելու են նրանք: Ձեզ էլ բնակեցնելու եմ, ինչպէս սկզբից կայիք. բարիք եմ անելու ձեզ, ինչպէս առաջ, ու պիտի իմանաք, որ ես եմ Տէրը: 12 Այնպէս պիտի անեմ, որ մարդիկ՝ Իսրայէլի իմ ժողովրդը, տիրեն ձեզ: Նրանք ժառանգելու են ձեզ. բնակավայր էք լինելու նրանց համար եւ այլեւս անզաւակ չէք մնալու նրանցից: 13 Այսպէս է ասում Տէր Աստուած. այն բանի համար, որ քեզ ասացի, թէ՝ դու մարդակեր երկիր ես ու քո ցեղից անզաւակ ես մնացել, - 14 դրա համար այլեւս մարդակեր չես լինելու եւ քո ցեղն այլեւս անզաւակ չես դարձնելու, - ասում է Տէր Աստուած: 15 Եւ ձեր մէջ այլեւս ազգերից անարգուածներ չեն լինելու, ժողովուրդներից այլեւս նախատինք չէք կրելու, ձեր ցեղն էլ այլեւս անզաւակ չի մնալու’’”», - ասում է Տէր Աստուած:
ՏԷՐԸ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԸ
16 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 17 «Մարդո՛ւ որդի, Իսրայէլի այդ տունը, որ բնակուել էր իր երկրում, իր ընթացքով, կուռքերով ու պղծութեամբ պղծել է այն. նրա ընթացքն իմ առաջն է եղել, ինչպէս դաշտանաւոր կնոջ պղծութիւնը: 18 Բարկութիւնս թափեցի դրանց վրայ այն արեան համար, որ թափել էին երկրում, նաեւ՝ որովհետեւ իրենց կուռքերով պղծել էին այն: 19 Նրանց ցրեցի ժողովուրդների մէջ, սփռեցի նրանց երկրից երկիր: Ըստ նրանց բռնած ճանապարհի ու մեղքերի էլ դատեցի նրանց: 20 Նրանք մտան հեթանոսների մէջ. ո՛ւր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը՝ ասելով նրանց, թէ Տիրոջ ժողովուրդն են իրենք, բայց ելան նրա երկրից: 21 Ես խնայեցի նրանց յանուն իմ սուրբ անուան, որ պղծեցին Իսրայէլի տան զաւակները այն ազգերի մէջ, ուր մտան իրենք: 22 Ուստի ասա՛ Իսրայէլի այդ տանը. այսպէս է ասում Տէր Աստուած. “Ո՛վ տունդ Իսրայէլի, ձե՛զ համար չէ, որ անում եմ այս բոլորը, այլ՝ յանուն իմ սուրբ անուան, որ պղծեցիք այն ազգերի մէջ, ուր մտաք դուք: 23 Եւ ես մաքրելու եմ իմ մեծ անունը, որ պղծուել է այդ ազգերի մէջ, իմ անունը, որ դուք պղծեցիք դրանց մէջ: Եւ այդ ազգերը պիտի իմանան, որ ես եմ Տէրը, - ասում է Ամենակալ Տէրը, - երբ սրբագործուեմ ձեր մէջ, դրանց աչքի առաջ: 24 Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսների միջից, հաւաքելու եմ ձեզ բոլոր ազգերի միջից ու տանելու եմ ձեզ ձեր երկիրը: 25 Ձեզ վրայ սուրբ ջուր եմ ցանելու, եւ դուք մաքրուելու էք ձեր բոլոր պղծութիւններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ: 26 Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ: 27 Եւ այնպէս եմ անելու, որ իմ արդարութեան ճանապարհով ընթանաք, օրէնքներս պահէք ու կատարէք դրանք, 28 բնակուէք այն երկրում, որ տուել էի ձեր հայրերին, ինձ համար ժողովուրդ լինէք, եւ ես ձեզ համար՝ Աստուած: 29 Ազատելու եմ ձեզ ձեր բոլոր պղծութիւններից: Դիմելու եմ ցորենին ու բազմացնելու եմ այն եւ ձեզ սովի չեմ մատնելու: 30 Շատացնելու եմ ծառերի պտուղներն ու հանդերի բերքը, որպէսզի ազգերի մէջ այլեւս սովի նախատինքը չստանաք: 31 Յիշելու եմ ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, եւ դուք զզուելու էք ձեր բոլոր անօրէնութիւններից ու գարշելի արարքներից: 32 Ձե՛զ համար չէ, որ անում եմ այս բաները, - ասում է Տէր Աստուած, - այլ թող յայտնի լինի ձեզ. ամաչեցէ՛ք ու քաշուեցէ՛ք ձեր բռնած ճանապարհից, ո՛վ տունդ Իսրայէլի: 33 Այսպէս է ասում Տէր Աստուած. “Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր անօրէնութիւններից, թէ՛ վերաշինուելու են աւերակները, թէ՛ վերաբնակեցնելու եմ քաղաքները, 34 եւ մշակուելու է աւերուած հողը, մինչ այն կործանուած էր անցորդների առաջ: 35 Եւ ասելու են. ‘Աւերուած երկիրը բերկրալից պարտէզ է դարձել, աւերակ, կործանուած ու քանդուած քաղաքները, ամրացած, բազմել են’: 36 Եւ ձեր շուրջը մնացած ժողովուրդները մէկընդմիշտ պիտի իմանան, որ ես եմ Տէրը, որ վերաշինել եմ աւերուած տեղերը, վերահաստատել կործանուածները: Ես՝ Տէրս ասացի սա, եւ անելու եմ: 37 Այսպէս է ասում Տէր Աստուած. “Ես դարձեալ այցի եմ գալու Իսրայէլի տանը՝ իրագործելու համար դրանք. բազմացնելու եմ մարդկանց՝ ոչխարների հօտերի պէս: 38 Եւ ինչպէս սուրբ ոչխարները, ինչպէս Երուսաղէմի ոչխարները՝ իրենց տօներին, այնպէս են լինելու աւերուած քաղաքները՝ հօտերով ու մարդկանցով լի: Ու պիտի իմանան, որ ես եմ Տէրը”»:
37
ՉՈՐԱՑԱԾ ՈՍԿՈՐՆԵՐԻ ՏԵՍԻԼՔԸ
Յարութեան մասին
1 Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մէջ, որ լի էր մարդկանց ոսկորներով: 2 Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը: Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին: 3 Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդեօք կը կենդանանա՞ն այդ ոսկորները»: Ես ասացի. «Տէ՛ր Աստուած, այդ դու գիտես»: 4 Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր այդ ոսկորների վրայ եւ ասա՛ դրանց. “Չորացա՛ծ ոսկորներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները: 5 Այսպէս է ասում Տէր Աստուած այդ ոսկորներիդ. ‘Ահա ես ձեզ վրայ կենդանի շունչ ե մ բերելու, 6 ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրայ միս եմ բերելու եւ մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, եւ դուք կենդանանալու էք: Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը’”»: 7 Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: Ու երբ մարգարէացայ, մի ձայն լսեցի. յետոյ շարժում եղաւ. եւ ոսկորը ոսկորի հետ մօտեցաւ բոլոր յօդերին: 8 Տեսայ, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրայ մաշկ էր ձգւում, բայց դրանց մէջ դեռ շունչ չկար: 9 Նա ասաց ինձ. «Մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր շնչի վրայ եւ ասա՛ շնչին. “Այսպէս է ասում Տէր Աստուած. ‘Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրայ, եւ նրանք կը կենդանանան’”»: 10 Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: Ու շունչ մտաւ նրանց մէջ, եւ կենդանացան: Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրայ. դա բազմախուռն մի ժողովուրդ էր: 11 Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայէլի ամբողջ տունն են: Դրանք ասում են. “Չորացան մեր ոսկորները, մեր յոյսը կտրուեց, ու մենք մեռանք”: 12 Ուստի մարգարէացի՛ր ու ասա՛ դրանց. “Այսպէս է ասում Տէր Աստուած. ‘Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները եւ հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Տանելու եմ ձեզ Իսրայէլի երկիրը: 13 Ու պիտի իմանաք, որ ես եմ Տէրը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: 14 Իմ հոգին տալու եմ ձեզ, եւ դուք կենդանանալու էք: Ձեզ դնելու եմ ձեր երկրում, եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը: Ասացի ու կատարելու եմ’”», - ասում է Տէր Աստուած:
ԻՍՐԱՅԷԼԻ ՄԻՈՒԹԻՒՆԸ
15 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 16 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ համար մի գաւազա՛ն վերցրու եւ դրա վրայ գրի՛ր՝ Յուդային, Իսրայէլի զաւակներին ու նրանց մերձաւորներին: Մի երկրորդ գաւազան էլ կը վերցնես ու վրան կը գրես՝ Յովսէփին, մի գաւազանի վրայ էլ՝ Եփրեմին եւ Իսրայէլի բոլոր զաւակներին, որ աւելացել են նրանց վրայ: 17 Եւ կը կցես դրանք, իրար հետ կապելով, այնպէս որ լինեն մէկ գաւազան, որը քո ձեռքին կը լինի: 18 Եւ եթէ այնպէս լինի, որ քո ժողովրդի զաւակները քեզ ասեն. “Չե՞ս ասի մեզ, թէ այդ ի՛նչ է քո ձեռքին”, - 19 կ՚ասես նրանց, թէ այսպէս է ասում Տէր Աստուած. “Ահա ես վերցնելու եմ Յովսէփի այդ ազգին, որ Եփրեմի ձեռքին է, նաեւ Իսրայէլի ազգին ու նրա մերձաւորներին եւ նրանց տալու եմ Յուդայի ազգին: Եւ նրանք լինելու են, ու դա լինելու է մէկ գաւազան Յուդայի ձեռքին”: 20 Իսկ այն գաւազանները, որոնց վրայ դու գրեցիր, լինելու են քո ձեռքին, նրանց աչքի առաջ: 21 Կ՚ասես նրանց, թէ այսպէս է ասում Տէր Աստուած. “Ահա ես վերցնում եմ Իսրայէլի այդ տան զաւակներին ժողովուրդների միջից, որոնց մէջ մտել էին, հաւաքելու եմ նրանց իրենց շուրջը գտնուող բոլոր ազգերի միջից ու տանելու եմ Իսրայէլի երկիրը: 22 Նրանց դարձնելու եմ մէկ ազգ՝ իմ երկրում, Իսրայէլի լեռների վրայ. որպէս թագաւոր՝ մէկ իշխան է լինելու նրանց վրայ: Այլեւս երկու ազգերի բաժանուած չեն լինելու, ոչ էլ երկու թագաւորութիւնների են բաժանուելու, 23 որպէսզի այլեւս չպղծուեն իրենց կուռքերով, իրենց գարշելի արարքներով, իրենց ամէն տեսակ ամբարշտութիւններով: Նրանց փրկելու եմ իրենց բոլոր անօրէնութիւններից, որոնց մէջ մեղանչեցին, մաքրելու եմ նրանց, եւ նրանք ինձ համար ժողովուրդ են լինելու, եւ ես իրենց համար՝ Աստուած: 24 Եւ իմ ծառայ Դաւիթն իշխելու է նրանց վրայ, լինելու է մէկ հովիւ նրանց բոլորի համար, որպէսզի նրանք իմ պատուիրաններով ընթանան, օրէնքներս պահեն ու դրանք գործադրեն: 25 Ապրելու են իրենց երկրում, որ ես եմ տուել իմ ծառայ Յակոբին, եւ ուր բնակուել են նրանց հայրերը: Նրանք էլ են բնակուելու այնտեղ, նրանց որդիներն ու որդոց որդիներն էլ՝ յաւիտեան: Իմ ծառայ Դաւիթն էլ իշխելու է նրանց վրայ՝ յաւիտեան: 26 Խաղաղութեան դաշինք եմ կնքելու նրանց հետ, եւ այդ ուխտը յաւիտենական է լինելու նրանց հետ: Հաստատելու եմ նրանց ու բազմացնելու, սրբարանս էլ դնելու եմ նրանց մէջ՝ յաւիտենապէս: 27 Բնակութեանս տեղն էլ է իրենց մէջ լինելու. ես նրանց համար Աստուած եմ լինելու, եւ նրանք ինձ համար՝ ժողովուրդ: 28 Ազգերն էլ պիտի իմանան, որ ես՝ Տէրս, կը մաքրեմ նրանց, երբ սրբարանս յաւիտենապէս լինի նրանց մէջ”»:
38
ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԳՈԳԻ ԴԷՄ
Գոգի ու Մագոգի մասին
1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղի՛ր Գոգի եւ Ռոսմեսոքի ու Թոբէլի իշխան Մագոգի երկրի դէմ եւ մարգարէացի՛ր նրա մասին, ասա՛ նրան. 3 “Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քո դէմ եմ, ո՛վ իշխանդ Ռոսմեսոքի ու Թոբէլի, 4 ես պաշարելու եմ քեզ, սանձ եմ գցելու քո ծնօտներին, հաւաքելու եմ քեզ ու քո բոլոր զօրքերը, հեծեալներին ու երիվարները, բազում ազգերի զինավառուածներին ու սպառազինուածներին, վահանաւորներին, սաղաւարտաւորներին ու սուսերաւորներին, բոլորին միասին՝ 5 պարսիկներին ու եթովպացիներին, լիբիացիներին ու լիւդացիներին, բոլորին, որ սաղաւարտակիր են ու վահանաւոր, 6 Գոմերին ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, Թորգոմայ տունը՝ հիւսիսի կողմերից, ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, բազմաթիւ ազգերի էլ՝ քեզ հետ: 7 Պատրաստուի՛ր, պատրա՛ստ եղէք դու եւ քեզ մօտ հաւաքուած ամբողջ բազմութիւնը: Դու ինձ համար առաջապահ ես լինելու: 8 Պատրաստուի՛ր, որ բազում օրեր յետոյ, երբ գայ ժամանակների վախճանը, հասնէք սրից ապահով երկիրը՝ շատ ազգերի միջից հաւաքուելով Իսրայէլի երկրում, որ ամբողջովին աւերակ է դարձել: Նոյն ազգերի միջից հաւաքուելով՝ բոլորն էլ խաղաղութեամբ են ապրելու: 9 Ելնելու ես անձրեւի պէս, հասնելու ես ամպի պէս ու ծածկելու ես երկիրը: Դու եւ քո շուրջը գտնուող, քեզ հետ եղող բոլոր ազգերն էլ բազմամարդ էք լինելու”: 10 Այսպէս է ասում Տէր Աստուած. “Այն օրը խոհեր են միտքդ գալու, 11 չար խորհուրդներ ես մտածելու եւ ասելու ես. ‘Վեր կենամ ապահով երկրի վրայ, հասնեմ անհոգութեամբ հանգստացածների, խաղաղ ապրողների, բոլոր նրանց վրայ, ովքեր բնակւում են այն երկրում, որ ո՛չ պարիսպներ ունի, ո՛չ նիգեր, ո՛չ էլ դռներ. 12 աւար առնեմ, կողոպտեմ նրանց ունեցուածքը, ձեռքս գցեմ աւերուած ու վերաբնակեցուած երկրի, բազում ժողովուրդների միջից հաւաքուած ազգի, ունեցուածք ու դաստակերտ ձեռք բերածների, երկրի սրտում ապրողների վրայ’: 13 Սաբան ու Դեդան, կարկեդոնացիների վաճառականները, բոլոր աւաններն ասելու են քեզ. ‘Արշաւում-գալիս ես աւար առնելու համար, ամբոխներ ես հաւաքել՝ արծաթն ու ոսկին վերցնելու, ունեցուածքները գերեվարելու, մեծ կողոպուտ կատարելու համար’: 14 Ուստի մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, եւ ասա՛ Գոգին. “Այսպէս է ասում Տէր Աստուած. ‘Մի՞թէ այն օրը, երբ Իսրայէլի իմ ժողովուրդը խաղաղութեամբ ապրելիս լինի, 15 դու զարթնելու ու գալու ես քո տեղից՝ հիւսիսի կողմերից, դու եւ քեզ հետ՝ երիվարներ հեծած բազմաթիւ ժողովուրդներ, բոլորն էլ բազում եւ բազում զօրագնդեր կազմած: 16 Դու վեր ես կենալու Իսրայէլի իմ ժողովրդի դէմ՝ ամպի նման ծածկելու երկիրը: Եւ դա լինելու է վերջին ժամանակներում. ես քեզ բերելու եմ իմ երկիրը, որ բոլոր ազգերն ինձ ճանաչեն, երբ սրբանամ քո մէջ, նրանց առաջ’”:
ԱՍՏԾՈՒ ՊԱՏԻԺԸ ԳՈԳԻՆ
17 Այսպէս է ասում Տէր Աստուած Գոգին. “Դու նա ես, ում մասին խօսել եմ հին օրերից, իմ ծառաներից՝ Իսրայէլի իմ մարգարէներից մէկի միջոցով, այն օրերին ու տարիներին, երբ քեզ նրանց դէմ էի բերելու: 18 Եւ այն օրը, երբ Գոգը գայ Իսրայէլի երկրի դէմ, - ասում է Տէր Աստուած, - սաստկանալու է զայրոյթս, 19 նաեւ նախանձս՝ իմ բարկութեան հրով: Ասել եմ, որ այն օրն Իսրայէլի երկրի վրայ մեծ երկրաշարժ է լինելու. 20 ծովի ձկները, երկնքի թռչունները, դաշտերի գազանները, երկրի բոլոր սողունները, նաեւ երկրի երեսին գտնուող բոլոր մարդիկ դողալու են իմ դիմաց: Ճեղքուելու են լեռները, տապալուելու են ձորերը, կործանուելու են երկրի բոլոր պարիսպները: 21 Սրի ահն եմ նրա վրայ բերելու, - ասում է Տէր Աստուած. - ամէն մարդու սուրն իր եղբօր դէմ է լինելու: 22 Նրա դատաստանն արիւնով ու համաճարակով եմ տեսնելու, անձրեւների հեղեղներով ու քարէ կարկուտներով. հուր ու ծծումբ եմ տեղալու նրա ու բոլոր նրանց վրայ, որ նրա հետ կը լինեն, բազմաթիւ ժողովուրդների վրայ, որ կը լինեն նրա հետ: 23 Այսպէս եմ ես ցոյց տալու իմ մեծութիւնը, սրբանալու եմ, փառաւորուելու ու ճանաչուելու ազգերի առաջ: Ու պիտի իմանան, որ ես եմ Տէրը”»:
39
ԳՈԳԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
1 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր Գոգի մասին ու ասա՛. “Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քեզ դէմ եմ, Գո՛գ, իշխա՛նդ Ռոսմեսոքի ու Թոբէլի: 2 Հաւաքելու եմ քեզ եւ առաջնորդելու եմ, հանելու եմ քեզ հիւսիսի կողմերից ու բերելու եմ քեզ Իսրայէլի լեռները: 3 Դէն եմ գցելու աղեղդ քո ձախ ձեռքից, նետերդ էլ՝ քո աջ ձեռքից: 4 Կործանելու եմ քեզ Իսրայէլի լեռների վրայ, եւ դու ու քո շուրջը բոլոր գտնուողներն էլ ընկնելու էք: Քեզ հետ եղած բոլոր ժողովուրդներն էլ կեր են դառնալու բոլոր գիշատիչ թռչուններին, կեր են դառնալու անապատի բոլոր գազաններին, 5 եւ դու ընկնելու ես դաշտերի երեսին, որովհետեւ ես եմ խօսել, - ասում է Տէր Աստուած: - 6 Հուր եմ ուղարկելու Մագոգի վրայ, եւ կղզիներն ապրելու են խաղաղութեամբ: Պիտի իմանան, որ ես եմ Տէր Աստուածը: 7 Անունս էլ սուրբ է ճանաչուելու Իսրայէլի իմ ժողովրդի մէջ ու այլեւս չի պղծուելու իմ սուրբ անունը: Երկրի բոլոր ազգերը պէտք է իմանան, որ ես եմ Իսրայէլի սուրբ Տէրը: 8 Ահա հասել է օրը, ու պիտի իմանաս, որ դա լինելու է, - ասում է Տէր Աստուած. - այս է այն օրը, որի մասին խօսել էի: 9 Եւ պիտի ելնեն Իսրայէլի քաղաքների բնակիչները, պիտի այրեն իրենց զէնքերը, նիզակներն ու ասպարները, նետերն ու աղեղների բեկորները, տէգերի բներն ու սուինների կոթերը. 10 եօթը տարի վառելու են իրենց կրակը. փայտ չեն վերցնելու դաշտերից, փայտ չեն կտրելու անտառներից, այլ զէնքերն են այրելու կրակի մէջ: Աւարելու են իրենց աւարառուներին, կողոպտելու՝ իրենց կողոպտիչներին”, - ասում է Տէր Աստուած:
ԳՈԳԻ ԹԱՂՈՒՄԸ
11 «Այն օրը Գոգին ես Իսրայէլում տալու եմ գերեզմանի յայտնի տեղ, ծովի կողմերից եկածների շիրիմը. ձորափերի շուրջը գերեզման են շինելու ու այնտեղ թաղելու են Գոգին ու նրա բոլոր բազմութիւններին: Եւ շիրիմը կոչուելու է ‘Գոգի հօտի գերեզման’: 12 Իսրայէլի տան զաւակներն են թաղելու նրանց, որպէսզի մաքրուի երկիրը: 13 Եօթը ամիս շարունակ թաղելու են նրանց երկրի բոլոր ժողովուրդները: Եւ նրանց համար նշանաւոր է լինելու այն օրը, երբ ես փառաւորուելու եմ, - ասում է Տէր Աստուած: - 14 Եւ նոյն գործով զբաղուող մարդիկ հաւաքուելու են, որ գնան շրջեն երկրով մէկ, թաղեն երկրի երեսին մնացածներին եւ եօթը ամիս յետոյ երկիրը մաքրեն: 15 Ամէն ոք, ով անցնի երկրով, երբ մարդու ոսկոր տեսնի, նրա մօտ մի նշան է անելու, մինչեւ որ նրանք, ովքեր թաղում են, թաղեն այն ‘Գոգի հօտի գերեզմանի’ մէջ: 16 Քաղաքի անունն էլ Գերեզման է կոչուելու. ու երկիրը մաքրուելու է: 17 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, այսպէս է ասում Տէր Աստուած. “Ասա՛ բոլոր գիշատիչ թռչուններին, դաշտի բոլոր գազաններին. ‘Հաւաքուեցէ՛ք ու եկէ՛ք, հաւաքուեցէ՛ք երկրի բոլո՛ր կողմերից իմ ողջակէզի համար, որ ես եմ զոհել, մեծ ողջակէզի, որ կատարում եմ Իսրայէլի լեռների վրայ, մի՛ս կերէք ու արի՛ւն խմեցէք: 18 Կերէ՛ք միսը հսկաների, խմեցէ՛ք արիւնը երկրի իշխանների, կերէ՛ք խոյերը, եզներն ու նոխազները, որովհետեւ բոլոր եզներն էլ պարարտ են: 19 Իմ զոհած ողջակէզների ճարպը կերէ՛ք յագենալու եւ արիւնը խմեցէ՛ք հարբելո՛ւ աստիճան: 20 Դուք կը յագենաք իմ սեղանից, հեծեալներից, երիվարներից, հսկաներից ու պատերազմող բոլոր այրերից’”, - ասում է Տէր Աստուած:
21 “Ես փառքս տալու եմ ձեզ, ու բոլոր ժողովուրդները տեսնելու են իմ արած դատաստանը, ձեռքս, որ դնելու եմ իրենց վրայ: 22 Եւ Իսրայէլի տան զաւակները պիտի իմանան, որ ես եմ իրենց Տէր Աստուածը՝ սկսած այն օրից եւ յետագայում”:
ՅԱԿՈԲԻ ՏՈՀՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ
23 “Բոլոր ժողովուրդներն էլ պէտք է իմանան, որ իրենց մեղքերի պատճառով գերեվարուեցին Իսրայէլի տան զաւակները: Այն բանի համար, որ անարգեցին ինձ, ես երես դարձրի նրանցից, նրանց մատնեցի իրենց թշնամիների ձեռքը, ու բոլորն էլ սրից ընկան: 24 Նրանց պղծութիւնների ու անօրէնութիւնների համար արեցի այդ բոլորը եւ երես դարձրի նրանցից: 25 Դրա համար էլ այսպէս է ասում Տէր Աստուած. “Այժմ յետ եմ դարձնելու Յակոբի գերեվարուածներին, ողորմելու եմ Իսրայէլի տանը, նախանձախնդիր եմ լինելու իմ սուրբ անուան համար: 26 Եւ երբ նրանք անարգանք, անիրաւութիւն ստանան իրենց կատարած անիրաւութիւնների դիմաց, նրանց խաղաղութեամբ վերաբնակեցնելու եմ իրենց երկրում. ոչ ոք չի զարհուրեցնելու նրանց: 27 Երբ նրանց վերադարձնեմ ազգերի միջից, հաւաքեմ հեթանոսների երկրներից, սուրբ եմ լինելու նրանց մէջ, ազգերի առաջ: 28 Եւ պիտի իմանան, որ ես եմ իրենց Տէր Աստուածը, երբ նրանց յայտնուեմ ժողովուրդների մէջ: Նրանց հաւաքելու եմ իրենց երկիրն ու այլեւս ոչ մի տեղ նրանցից մարդ չեմ թողնելու: 29 Ոչ էլ այլեւս երես եմ դարձնելու նրանցից, որ զայրոյթս թափեմ Իսրայէլի տան վրայ”», - ասում է Տէր Աստուած:
40
ԱՊԱԳԱՅ ՏԱՃԱՐԻ ՏԵՍԻԼՔԸ
(40.1-48.35)
Տաճարի շինուածքի մասին
1 Մեր գերութեան քսանհինգերորդ տարում, առաջին ամսին, ամսուայ տասնմէկերորդ օրը, քաղաքի գրաւման տասնչորսերորդ տարում, Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ: 2 Աստուածային տեսիլքի մէջ նա ինձ բերեց Իսրայէլի երկիրն ու դրեց մի չափազանց բարձր լերան վրայ, իսկ դրա վրայ, դէմ-յանդիման կար քաղաքի պէս մի շինուածք: Ինձ ներս տարաւ: 3 Ահա մի մարդ կար այնտեղ, որի տեսքը փայլուն պղնձի նման էր: Ձեռքին շինարարի լար ու չափաձող ունէր: Ինքն էլ կանգնած էր դռան վրայ: 4 Մարդն ասաց ինձ. «Տեսար դու, մարդո՛ւ որդի: Արդ, աչքերովդ նայի՛ր, ականջներովդ լսի՛ր եւ մտքումդ հաստա՛տ պահիր այն ամէնը, ինչ քեզ ցոյց եմ տալու, որովհետեւ քեզ ցոյց տալու համար եմ այստեղ եկել: Եւ ինչ որ ինքդ տեսնես՝ ցոյց եմ տալու Իսրայէլի տանը»:
ԱՐԵՒԵԼԵԱՆ ԴՈՒՌԸ
5 Ահա տաճարի շուրջը տեսայ փողոցներ[891]: Մարդու ձեռքին կար մի չափաձող վեց կանգուն ու մէկ թիզ երկարութեամբ: Պարսպի լայնութիւնը նա չափեց մէկ ձողի հաւասար, բարձրութիւնն էլ՝ մէկ ձողի հաւասար: 6 Մտաւ այն դռնից, որ արեւելք էր նայում եւ ունէր եօթը աստիճաններ: Չափեց դռան չորս կողմում եղած վեցական կամարների խուցերը. մէկ խուցի երկարութիւնը մէկ ձողի հաւասար էր, լայնութիւնն էլ՝ մէկ ձողի հաւասար. խուցերի միջի կամարները վեց կանգուն էին: 7 Երկրորդ խուցը լայնքով հաւասար էր մէկ ձողի, երկայնքով էլ՝ մէկ ձողի հաւասար. կամարը հինգ կանգուն էր: 8 Երրորդ խուցն էլ երկայնքով հաւասար էր մէկ ձողի, լայնքով էլ՝ հաւասար մէկ ձողի. դռան կամարը, գագաթի մօտ, ութ կանգուն էր: 9 Կամարներն էլ երկու կանգուն էին, եւ դրանք ներքին դռան կամարներն էին: 10 Դռան խուցերն իրար դիմաց էին, երեքն այս կողմից, երեքը՝ միւս: Երեքն էլ մի չափի էին, կամարներն էլ՝ մի չափի՝ այս եւ միւս կողմերից: 11 Դռան մուտքի լայնութիւնը չափեց տասը կանգուն, երկարութիւնը՝ տասներեք կանգուն: 12 Դէմ-դիմաց գտնուող խուցերի թռիչքը մի կանգուն էր. մի կանգուն՝ այս կողմից, մի կանգուն՝ միւս կողմից: Երկու կողմերի խուցերը վեցական կանգուն էին: 13 Դուռը չափեց խուցի մի պատից միւսը. լայնքով քսանհինգ կանգուն էր. դուռը դռան վրայ էր: 14 Դռան կամարի թռիչքը, դռան շուրջը գտնուող խուցերի հետ, վաթսուն կանգուն էր: 15 Արտաքին գաւթից մինչեւ ներքին դուռը կամարի թռիչքը յիսուն կանգուն էր: 16 Նեղ լուսամուտներ կային ինչպէս խուցերի վրայ, այնպէս էլ գաւթի ներքին դռան կամարներին՝ չորս կողմը: Նաեւ լուսամուտներ միւս կամարներին՝ ներսից ու դրսից: Կամարների վերեւում, այս ու այն կողմերից, արմաւենիներ կային:
ԳԱՒԻԹԸ
17 Նա ինձ ներքին գաւիթը տարաւ: Ահա տեսայ դահլիճներ՝ սիւներով շրջանակուած, որոնք շինուած էին սրահների շուրջը: Շրջանակաձեւ սիւների միջեւ երեսուն դահլիճներ կային: 18 Սիւներն իրար դիմաց էին, դռների երկայնքով, 19 նաեւ շրջանակաձեւ սիւներ կային ներսում: Նա չափեց գաւթի լայնքը արտաքին դռնից մինչեւ ներքին դուռը, որ արեւելք էր նայում. հարիւր կանգուն էր:
ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԴՈՒՌԸ
20 Նա ինձ հիւսիսային կողմը տարաւ: Ահա մի դուռ տեսայ, որ նայում էր արտաքին գաւթի հիւսիսին: Չափեց նրա երկարութիւնն ու լայնութիւնը, 21 նրա այս ու այն կողմը գտնուող խուցերը, կամարը, սիւնազարդ սրահներն ու արմաւենիները. եւ այն արեւելք նայող դռան չափն ունէր. յիսուն կանգուն երկարութիւնն էր, քսանհինգ կանգուն՝ լայնութիւնը: 22 Նրա լուսամուտները, կամարներն ու արմաւենիները արեւելք նայող դռան համեմատ էին: Եօթը աստիճաններ էին ելնում դէպի նա. ներսից կամարակապ էր: 23 Ներքին գաւթի դուռը նայում էր հիւսիսային դռանը, արեւելք նայող դռան նման: Նա գաւիթը չափեց դռնից դուռ. հարիւր կանգուն էր:
ՀԱՐԱՒԱՅԻՆ ԴՈՒՌԸ
24 Նա ինձ հարաւային կողմը տարաւ: Ահա մի դուռ տեսայ, որ հարաւ էր նայում: Չափեց այն, նաեւ խուցերը, սիւնազարդ սրահները, կամարները, որոնք նոյն չափն ունէին, ինչպէս միւսները: 25 Նրա լուսամուտներն ու շրջանակաձեւ կամարներն էլ առաջինի լուսամուտների ու կամարների նման էին. երկարութիւնը՝ յիսուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսանհինգ կանգուն: 26 Դուռը եօթը աստիճաններ ունէր, ներսում՝ կամարներ եւ արմաւենիներ այս ու այն կողմերից՝ սիւնազարդ սրահների վրայ:
ՆԵՐՍԻ ԳԱՒԻԹԸ. ՀԱՐԱՒԱՅԻՆ ԴՈՒՌԸ
27 Ներքին դուռը գաւթի դռան դիմաց էր եւ դէպի հարաւ էր նայում: Գաւիթը նա դռնից դուռ չափեց. հարաւային կողմից լայնութիւնը հարիւր կանգուն էր: 28 Ինձ տարաւ ներքին դռան գաւիթը, որ հարաւային կողմն էր նայում. չափեց հարաւ նայող դուռը, որ նոյն չափն ունէր. 29 նոյն չափին էին նաեւ խուցերը, կամարներն ու սիւնազարդ սրահները: Նրա շրջանակաձեւ լուսամուտների ու կամարների երկարութիւնը յիսուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսանհինգ: 30 Նրա շուրջը կամարներ էին, յիսուն կանգուն երկարութեամբ ու քսանհինգ կանգուն լայնութեամբ[892]: 31 Կամարներ կային եւ արտաքին գաւթում, կամարների վրայ՝ արմաւենիներ եւ սանդուղք եօթը աստիճաններով:
ՆԵՐՍԻ ԳԱՒԻԹԸ. ԱՐԵՒԵԼԵԱՆ ԴՈՒՌԸ
32 Ինձ տարաւ դէպի այն դուռը, որ արեւելեան ճանապարհին էր նայում: Այն ունէր նախորդի չափը: 33 Չափեց նաեւ խուցերն ու կամարները, լուսամուտներն ու չորս կողմի կամարները. երկարութիւնը յիսուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսանհինգ: 34 Կամարներ կային ներսի գաւթում, արմաւենիներ՝ կամարների վրայ, այս ու այն կողմերից, նաեւ եօթը աստիճաններ:
ՆԵՐՍԻ ԳԱՒԻԹԸ. ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԴՈՒՌԸ
35 Ինձ տարաւ դէպի հիւսիսային դուռը: Նոյն չափով չափեց 36 խուցերը, կամարներն ու սիւնազարդ սրահները, չորս կողմի լուսամուտներն ու կամարները. երկարութիւնը յիսուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսանհինգ: 37 Կամարներ կային արտաքին դռան վրայ, արմաւենիներ՝ կամարների վրայ, այս ու այն կողմից, նաեւ ութ աստիճաններ:
ՇԻՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԴՌԱՆ ՄՕՏ
38 Նրա թէ՛ սրահները, թէ՛ նրանց մուտքերն ու կամարները երկրորդ դռան դիմաց էին, ուր ողջակէզներն էին լուանում: 39 Դռան կամարի տակ սեղաններ կային, երկուսն այս կողմում, երկուսը՝ միւս, որպէսզի դրանց վրայ մորթէին թէ՛ մեղքերի եւ թէ՛ յանցանքների համար զոհագործուող ողջակէզները: 40 Ողջակէզները լուանալու ջրի խողովակի հարաւային կողմը, այն դռան մուտքին, որ հիւսիս էր նայում, երկու սեղաններ կային, որ արեւելք էին նայում: Իսկ երկրորդ դռան հարաւային կողմից, դռան կամարների դիմաց, նոյնպէս երկու սեղաններ կային: 41 Արեւելեան կողմում՝ ութ սեղաններ, չորսը մի կողմում, չորսը՝ միւս, հարաւային դռան դիմաց: Այնտեղ՝ ողջակիզման ութ սեղանների վրայ էին մորթում զոհերն ու ողջակէզները: 42 Կոփածոյ քարերից էին ողջակիզման չորս սեղանները, կանգուն ու կէս երկարութեամբ, կանգուն ու կէս լայնութեամբ եւ կանգուն ու կէս[893] բարձրութեամբ, որպէսզի դրանց վրայ դնէին գործիքը, որով մորթում էին զոհերն ու ողջակէզները: 43 Ներսից, չորսբոլորը, թզաչափ քանդակուած եզրեր կային եւ սեղանի վրայ ծածկ՝ անձրեւից ու տապից պատսպարելու համար: 44 Ինձ տարաւ ներքին գաւիթը: Ներքին գաւիթն ունէր երկու պատշգամբ, մէկը հարաւային դռան կողմը, որ հիւսիս էր նայում եւ հարաւ դուրս բերում, միւսը՝ հիւսիսային դռան կողմը, որ հարաւ էր նայում ու հիւսիս դուրս բերում: 45 Նա ասաց ինձ. «Այս պատշգամբը, որ հարաւային կողմն է նայում, այն քահանաների համար է, որոնք տաճարի պահպանութիւնն են կատարում, 46 իսկ հիւսիս նայող պատշգամբը՝ այն քահանաների համար, որոնք խորանի ծառայութիւնն են կատարում: Դրանք Սադոկի որդիներն են, ղեւտացիների ցեղից, որոնք կարող են մօտենալ՝ Տիրոջը պաշտամունք մատուցելու»:
ՆԵՐՍԻ ԳԱՒԻԹԸ ԵՒ ՏԱՃԱՐԸ
47 Նա չափեց գաւիթը. երկարութիւնը հարիւր կանգուն էր, լայնութիւնն էլ՝ հարիւր կանգուն. այն քառակողմ էր: Տաճարի դիմաց խորանն էր: 48 Ինձ տարաւ դէպի տաճարի սիւնազարդ սրահը: Չափեց սիւնազարդ սրահի լայնութիւնը. մի կողմից հինգ կանգուն էր, միւս կողմից՝ հինգ կանգուն, մուտքի լայնութիւնը՝ տասնչորս կանգուն, դռան գլխի խոյակներն այս ու այն կողմերից՝ երեքական կանգուն: 49 Սիւնազարդ սրահի բարձրութիւնը քսան կանգուն էր, նրա լայնութիւնը՝ տասնմէկ: Տասը աստիճաններով էին բարձրանում այնտեղ. այս ու այն կողմերից երկու սիւներ ունէր:
41
ՏԱՃԱՐԻ ՄՈՒՏՔԸ
1 Նա ինձ տարաւ տաճար եւ չափեց նրա կամարը. լայնութիւնը մի կողմից վեց կանգուն էր, երկարութիւնը միւս կողմից՝ վեց կանգուն, 2 դռան լայնութիւնը՝ տասը կանգուն, իսկ դռան խոյակներն այս ու այն կողմերից՝ հինգական կանգուն: Չափեց նաեւ դռան երկարութիւնը. քառասուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսան կանգուն: 3 Մտաւ ներքին գաւիթը: Չափեց մուտքի կամարը. երկու կանգուն էր, մուտքը՝ վեց կանգուն, իսկ մուտքի գլխի խոյակներն այս ու այն կողմերից՝ եօթնական կանգուն: 4 Չափեց դռան երկարութիւնը. քառասուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսան կանգուն տաճարի առաջ: Եւ ասաց ինձ. «Սա է սրբութիւն սրբոցը»:
ՏԱՃԱՐԻՆ ԿԻՑ ՇԻՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
5 Նա չափեց տաճարի պատը. վեց կանգուն էր, տան կողքի տարածութիւնը, շուրջբոլորը՝ չորս կանգուն, 6 մի կողմից միւսը՝ երեսուներեք կանգուն: Տաճարի որմերի եւ բոլորաձեւ կից շինութիւնների միջեւ կար մի անջրպետ, որպէսզի նրանք, ովքեր ուզենային նայել ցած, ընկնէին ու երբեք չմօտենային տաճարի որմին: 7 Վերին դռան կողմերին, պատերի կողքերի միջեւ, տան շուրջը, վերին կողմում, մի լայն տարածութիւն կար, որպէսզի տան մէջ, վերեւից ու ներքեւից ընդարձակ տեղ լինէր, որտեղով ներքին յարկերից բարձրանային միջնայարկերը, այնտեղից էլ՝ վերնայարկերը: 8 Տեսայ նաեւ տան ձեղունի բարձրութիւնը. բոլորաձեւ մի անջրպետ կար, ձողին հաւասար, որը վեց կանգուն էր: 9 Արտաքին կողմի որմի հաստութիւնը հինգ կանգուն էր, 10 ամբողջ տաճարի եւ կից շինութիւնների պատշգամբների միջեւ ընկած բաց տարածութիւնը՝ քսան կանգուն: 11 Պատշգամբների մի դուռը հիւսիսային մի դռան միջանցքում էր, մի դուռն էլ՝ հարաւային կողմում: Ընդարձակ տեղի լայնութիւնը, միջանցքը լուսաւորելու համար, շուրջանակի հինգ կանգուն էր:
ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇԷՆՔԸ
12 Բակի դիմաց գտնուող կից շինութիւնը, որ նայում էր դէպի ծովակողմ ճանապարհը, ունէր եօթանասուն կանգուն երկարութիւն. նրա պատի հաստութիւնը հինգ կանգուն էր, երկարութիւնը՝ իննսուն կանգուն:
ՏԱՃԱՐԻ ՇԷՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԸ
13 Նա չափեց տաճարի առաջը. երկարութիւնը հարիւր կանգուն էր: Խորշերը, անջրպետները եւ պատերը հարիւր կանգուն երկարութիւն ունէին: 14 Տաճարի առջեւի տարածութեան լայնութիւնը, նրա դիմացի խորշերը հարիւր կանգուն էին:
ՏԱՃԱՐԻ ՇԷՆՔԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
15 Չափեց նաեւ խորշերի դիմաց, տաճարի յետեւում գտնուող բաց տարածութեան երկարութիւնը. այդ տարածութիւնը եւ այս ու այն կողմերի խորշերը հարիւր կանգուն երկարութիւն ունէին: 16 Արտաքին տաճարը, անկիւններն ու կամարները, առաստաղները, երեք կողմերից, վանդակապատ լուսամուտներ ու լուսանցոյցներ ունէին՝ նայելու համար: Թէ՛ տաճարը եւ թէ՛ առհասարակ նրա առաստաղները, յատակից մինչեւ լուսամուտները, տախտակապատ էին: Լուսամուտները երեքտակ էին՝ նայելու համար, 17 ինչպէս ներսից, այնպէս էլ դրսից: Ամբողջ տաճարի վրայ, շուրջբոլորը, ներսից ու դրսից, 18 քերովբէներ էին քանդակուած ու արմաւենիներ. մի արմաւենին քերովբէների արանքում էր, երկու քերովբէները՝ իրար դիմաց: 19 Արմաւենիների մի կողմում քերովբէներից մէկի դէմքը մարդու դէմք էր, միւս կողմում երկրորդինը՝ առիւծի: Եւ այդպէս էր քանդակուած ամբողջ տաճարը, բոլոր կողմերից: 20 Յատակից մինչեւ առաստաղները քերովբէներ ու արմաւենիներ էին քանդակուած: 21 Սրբերն ու տաճարը թեւատարած էին ու քառանկիւնաձեւ բացուած:
ՓԱՅՏԷ ՍԵՂԱՆԸ
22 Սրբերի դէմ-յանդիման մի պատկեր կար՝ փայտէ խորանի նմանութեամբ, երեք կանգուն բարձրութեամբ, երկու կանգուն երկարութեամբ եւ երկու կանգուն լայնութեամբ, վրան՝ եղջիւրաձեւ զարդեր: Նրա թէ՛ յատակն ու թէ՛ պատերը փայտեայ էին: Նա ասաց ինձ. «Սա է Տիրոջ առջեւ եղած սեղանը»:
ԴՌՆԵՐԸ
23 Տաճարն ունէր երկու դուռ, սրբարանն էլ՝ երկու մուտք: Երկու դռներն էլ երկուական փեղկ ունէին. 24 երկու փեղկ՝ մէկ դուռը, երկու փեղկ՝ միւսը: 25 Նրանց վրայ, տաճարի մուտքերի վերեւում, քանդակուած էին քերովբէներ ու արմաւենիներ՝ ըստ սրբարանի քանդակների: Ազնիւ փայտէ մի կերտուածք կար կամարի դէմ-յանդիման, արտաքին կողմից: Նաեւ նեղ լուսամուտներ: 26 Այս ու այն կողմերից նա չափեց կամարի առաստաղները, տան կողմերն էլ՝ իրար հետ վերցրած:
42
ՍՐԲԱԶԱՆ ԵՐԿՈՒ ՇԷՆՔ ՏԱՃԱՐԻ ՄՕՏ
1 Նա դուրս բերեց ինձ արտաքին գաւիթը, դէպի արեւելք, հիւսիսի դռան դէմ-դիմաց, ու ներս տարաւ ինձ: Ես տեսայ հինգ պատշգամբներ՝ հիւսիսահայեաց միջանցքներով ու խորշերով, 2 հարիւր կանգուն երկարութեամբ ու յիսուն կանգուն լայնութեամբ, 3 նկարազարդուած ըստ ներքին սրահի դռան օրինակի: Դրանք չորս կողմը սիւներ ունեցող արտաքին բակի նման էին՝ երեք յարկերը դէմ առ դէմ դասաւորուած: 4 Պատշգամբների դէմ-յանդիման տասը կանգուն լայնութեամբ ու հարիւր կանգուն երկարութեամբ մի անցուղի կար, ճանապարհից մէկ կանգուն աւելի ներս. դրանց դռները դէպի հիւսիս էին նայում: 5 Անցուղիներ կային նաեւ վերնատներում, որովհետեւ սիւները չորս կողմում, ներքեւից վերեւ, խառն էին: Խառն էին նաեւ անջրպետները եւ շրջանաձեւ սիւները, անջրպետներն ու յենափայտերը, որովհետեւ եռայարկ էին: 6 Եւ պատշգամբների սիւների պէս սիւներ չկային. դրա համար ներքեւի կողմից միջանցքներ կային: Միջնայարկերն էլ գետնից յիսուն կանգուն բարձր էին: 7 Դրսից լոյս ունէին, ինչպէս որ արտաքին բակի պատշգամբները, որոնք նայում էին հիւսիսային պատշգամբների ճիշտ դիմացը, յիսուն կանգուն երկարութեամբ: 8 Արտաքին բակին նայող պատշգամբների երկարութիւնը յիսուն կանգուն էր, եւ դրանք իրար դիմաց էին, բոլորը միասին հարիւր կանգուն: 9 Արեւելեան մուտքի պատշգամբների դռները, որոնք արտաքին բակից մտնելու համար էին, 10 շինուած էին հարաւային կողմում առաջին անցուղու լուսամուտի համեմատ, հարաւին դէմ-յանդիման, միջանցքների ու հատուածների դիմաց: 11 Պատշգամբներն ու դրանց դիմացի անցուղիները հիւսիս տանող ճանապարհի պատշգամբի չափով էին, դրանց լայնութեամբ ու դրանց երկարութեամբ, դրանց ելքերի ու շրջանակների չափով, 12 նաեւ հիւսիսահայեաց պատշգամբների մուտքերի չափով, նաեւ հարաւահայեաց պատշգամբների մուտքերի չափով, նաեւ առաջին անցուղու մուտքի չափով, որպէսզի միջանցքներին ուղիղ լոյս տային, եւ հնարաւոր լինէր դրանց միջոցով գնալ դէպի արեւելք: 13 Նա ասաց ինձ. «Այն պատշգամբները, որ հիւսիս են նայում, նաեւ այն պատշգամբները, որ հարաւ՝ բաց տարածութեան կողմն են նայում, - դրանք սուրբ պատշգամբներ են, ուր ուտում էին Սադոկի քահանայ որդիները, որոնք կարող են մերձենալ Տիրոջ ամենասուրբ տեղերին: Այնտեղ են դնում սրբութիւն սրբոցը, մատուցում զոհերը՝ իրենց մեղքերի ու յանցանքների համար, որովհետեւ սուրբ է այդ տեղը, 14 ու ոչ ոք, բացի քահանաներից, չի մտնելու այնտեղ: Սրանք էլ այն սուրբ տեղից պէտք չէ որ դուրս գան արտաքին գաւիթը, որպէսզի ամէն անգամ որ Տիրոջ մերձենան՝ սուրբ մնան, ժողովրդին մօտենան իրենց պատմուճաններով, որոնցով պաշտամունք են մատուցում, որովհետեւ սուրբ են դրանք, այլ ժողովրդին մօտենալիս ուրիշ հանդերձներ հագնեն»:
ՏԱՃԱՐԻ ՏԱՐԱԾՈՒԹԵԱՆ ՉԱՓԵՐԸ
15 Այսպէս աւարտուեց տաճարի ներսի չափումը: Նա հանեց ինձ արեւելք նայող դռնով, չափեց տաճարի շուրջբոլորը: 16 Եկաւ կանգ առաւ հարաւային դռան մօտ, որ արեւելք էր նայում, չափեց հինգ հարիւր ձողաչափ: 17 Դարձաւ հիւսիսային կողմը, հիւսիսի դիմաց, չափեց հինգ հարիւր ձողաչափ: 18 Դարձաւ արեւմուտք, ծովի դիմաց, չափեց հինգ հարիւր ձողաչափ: 19 Դարձաւ հարաւային կողմը, հարաւի դիմաց, չափեց հինգ հարիւր ձողաչափ: 20 Չափեց տաճարի չորս կողմերի եւ պարիսպների արանքը նոյն չափով: Տաճարը սրբավայրերից եւ պարիսպներից անջրպետելու համար թողեց մի արանք, որ հինգ հարիւր կանգուն էր դէպի արեւելք եւ ունէր հինգ հարիւր կանգուն լայնութիւն։
43
ՏԷՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՏԱՃԱՐ
1 Նա ինձ դուրս բերեց եւ հանեց այն դռան մօտ, որ արեւելք էր նայում: 2 Եւ ահա Իսրայէլի Աստծու փառքը գալիս էր արեւելքի ճանապարհով. բանակի ձայնը գալիս էր բազմութեան ձայնի արձագանքի պէս: Գետինը, չորս կողմից, լուսաւորուեց փառքի լոյսով: 3 Եւ տեսիլքը, որ ես էի տեսնում, նման էր այն տեսիլքին, որ ես տեսայ, երբ քաղաքն օծելու[894] էի մտնում: Իմ տեսած կառքի տեսիլքն էլ նման էր այն տեսիլքին, որ ես տեսայ Քոբար գետի մօտ: Երեսս ի վայր ընկայ ու խոնարհութիւն արեցի: 4 Տիրոջ փառքը արեւելք նայող դռնով տաճար մտաւ: 5 Հոգին ինձ բարձրացրեց ու տարաւ ներքին գաւիթը: Ահա տաճարը լի էր Տիրոջ փառքով: Ես էլ կանգնած էի այնտեղ: 6 Ահա մի ձայն այն տաճարից խօսում էր ինձ հետ: 7 Մի մարդ կար մօտս, որ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տեսա՞ր իմ գահաւորակի տեղը, իմ ոտնահետքերի տեղը. դրանցով է յաւիտեան ապրելու անունս Իսրայէլի մէջ: Իսրայէլի տան զաւակներն այլեւս չեն պղծելու իմ սուրբ անունը, ո՛չ իրենք, ո՛չ նրանց առաջնորդներն իրենց պոռնկութեամբ, ո՛չ էլ նրանց միջի իշխանները՝ իրենց սպանութիւններով, 8 երբ շեմս դնեմ նրանց շեմերի, սեմս՝ նրանց սեմերի մօտ: Նրանք պարիսպներ են կանգնեցրել իմ ու իրենց միջեւ, իրենց կատարած անօրէնութեամբ պղծել են իմ սուրբ անունը: Խորտակելու եմ նրանց իմ բարկութեամբ եւ սպանելով: 9 Գոնէ հիմա թող իրենց պոռնկութիւնը, իրենց իշխանների սպանութիւնն ինձնից հեռու պահեն: Եւ ես յաւիտեան բնակութիւն կը հաստատեմ նրանց մէջ: 10 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, Իսրայէլի տանը ցո՛յց տուր այդ տաճարը, ու թող յետ կանգնեն իրենց մեղքերից: Ցո՛յց տուր դրա պատկերը, ձեւն ու յօրինուածքը: 11 Եւ նրանք թող տանջանքներ ստանան իրենց կատարած ամէն ինչի համար: Նկարի՛ր այդ տաճարը, նրա կառուցուածքը, ելքը, մուտքն ու կահաւորանքը: Դրա բոլոր պատուիրաններն ու օրէնքները, կանոնները ցո՛յց տուր նրանց, գրի՛ր նրանց առաջ: Ու թող պահեն իմ բոլոր օրէնքներն ու պատուիրանները, կատարեն դրանք: 12 Լերան կատարի տան պատկերը, նրա չորս կողմերի սահմանները սրբութիւն սրբոց են: Այս է տաճարի օրէնքը»:
ԶՈՀԱՍԵՂԱՆԸ
13 Զոհասեղանի չափն այս է. մի կանգուն բարձրութիւնը, մի կանգուն ու չորս մատ՝ խորութիւնը, մի կանգուն՝ լայնութիւնը, մի թիզ՝ եզրերի շուրջ գտնուող պսակը: 14 Եւ այս է զոհասեղանի բարձրութիւնը. փորուածքի սկզբից մինչեւ մեծ քաւութիւնը՝[895] ներսից երկու կանգուն, մի կանգուն լայնութեամբ, փոքր քաւութիւնից մինչեւ մեծ քաւութիւնը՝ չորս կանգուն, մի կանգուն լայնութեամբ: 15 Զոհասեղանը՝ չորս կանգուն, բնից վեր մինչեւ եղջիւրները՝ մէկ կանգուն, 16 զոհասեղանը չորս կողմերից՝ տասներկուական կանգուն, լայնութեամբ ու երկարութեամբ քառակուսի: 17 Քաւութիւնը տասնչորս կանգուն երկարութեամբ էր, տասնչորս կանգուն լայնութեամբ, չորս կողմերից էլ հաւասար. նրան շրջապատող եզրերը՝ կէս կանգուն, շրջանակը՝ մէկ կանգուն: Աստիճաններն էլ արեւելեան էին:
ԶՈՀԱՍԵՂԱՆԻ ՕԾՈՒՄԸ
18 Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այսպէս է ասում Տէր Աստուած. “Զոհասեղանը գործածելու օրուայ հրահանգները սրանք են. նրա վրայ ողջակէզ մատուցել, շուրջը արիւն ցօղել: 19 Սադոկի որդուց սերած ղեւտացի քահանաներին, որոնք պաշտամունք մատուցելու համար ինձ կը մօտենան, - ասում է Տէր Աստուած, - մեղքերի քաւութեան համար նախիրից մի զուարակ կը տաս ողջակիզելու: 20 Թող վերցնեն սրա արիւնից, դնեն զոհասեղանի չորս եղջիւրներին, քաւութեան չորս անկիւններին էլ, ցանեն յատակի շուրջը ու դրանով սրբագործեն: 21 Թող վերցնեն մեղքերի համար ողջակիզուող զուարակը եւ այրեն տաճարում առանձնացուած մի տեղում, սրբարանից դուրս: 22 Երկրորդ օրը առանց արատի այծերից երկու նոխազ թող վերցնեն՝ իրենց մեղքերի համար, սրբագործեն զոհասեղանը, ինչպէս որ զուարակով սրբագործեցին: 23 Քաւութիւնը սրբագործելը վերջացնելուց յետոյ թող նախիրներից առանց արատի մի զուարակ մատուցեն, հօտից էլ՝ առանց արատի մի խոյ. դրանք մատուցեն Տիրոջ առաջ, 24 քահանաները դրանց վրայ աղ ցանեն ու տանեն ողջակիզելու Տիրոջ համար: 25 Թող եօթը օր անընդհատ իրենց մեղքերի համար մի նոխազ մատուցեն, նախիրներից՝ մի զուարակ, հօտերից՝ առանց արատի մի խոյ, 26 ու եօթը օր սրբագործեն զոհասեղանը, մաքրեն այն: Թող մաքրեն նաեւ իրենց ձեռքերը: 27 Երբ օրերն աւարտուեն, եւ երբ ութերորդ օրը լինի, քահանաները թող սեղանի վրայ անեն ձեր ողջակէզը, եւ դա թող լինի ձեր փրկութեան համար: Ես էլ կ՚ընդունեմ ձեզ”», - ասում է Տէր Աստուածը:
44
ԱՐԵՒԵԼԵԱՆ ԴՌԱՆ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ
1 Նա ինձ յետ դարձրեց սրբարանի արտաքին դռնով, որ նայում էր դէպի արեւելք: Այն փակուած էր: 2 Տէրն ինձ ասաց. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացուելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպէսզի Իսրայէլի Տէր Աստուածը մտնի այդտեղով: Այն փակ է լինելու, 3 որովհետեւ առաջնորդ իշխանն է ներսում նստելու՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար: Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով եւ նոյն տեղով էլ դուրս է գալու»:
ՏԱՃԱՐ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
4 Նա ինձ տարաւ մի դռնով, որ դէպի հիւսիս, տաճարի դիմաց էր նայում: Տեսնում էի՝ ահա Տիրոջ տունը լի էր Տիրոջ փառքով: Երեսս ի վայր ընկայ ու խոնարհութիւն արեցի: 5 Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրտի՛դ մէջ դիր, աչքերո՛վդ տես ու ականջներո՛վդ լսիր այն ամէնը, ինչ որ քեզ կ՚ասեմ Տիրոջ տաճարի բոլոր հրահանգների ու նրա օրէնքների մասին: Դու սրտիդ մէ՛ջ կը պահես այդ տաճար մտնելու ու նրա սրբարանից ելնելու կարգը: 6 Կ՚ասես Իսրայէլի տանը՝ խռովարարների այդ տանը. “Այսպէս է ասում Տէր Աստուած. թող բաւական լինեն ձեր բոլոր անօրէնութիւնները, ո՛վ տունդ Իսրայէլի, 7 որ ձեր մէջ էք մտցրել այլազգիներին՝ սրտով անթլփատներին ու մարմնով անթլփատներին: Նրանք մտել են իմ սրբարանը եւ պղծել այն, մինչ դուք մատուցում էիք իմ հացը՝ ճարպով ու արիւնով: Դուք, որ զանց էք առնում ուխտս ձեր բոլոր անօրէնութիւններով, 8 չէք պահել ու պահպանել սրբավայրերս, այլազգիներին էք պահապան կարգել իմ սրբութիւնների սրբութեան վրայ”»:
ՂԵՒՏԱՑԻՆԵՐԸ ՀԵՌԱՑՒՈՒՄ ԵՆ ՔԱՀԱՆԱՅՈՒԹԻՒՆԻՑ
9 Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. «Ոչ մի օտարածին զաւակ՝ սրտով անթլփատ ու մարմնով անթլփատ, չի մտնելու իմ սրբարանը, ոչ մէկն այն այլազգիների բոլոր որդիներից, որ կան Իսրայէլի այդ տանը: 10 Նաեւ ղեւտացիները, որոնք ինձնից հեռացել են, երբ ժողովուրդը մոլորուել էր, մոլորուել-հեռացել իմ ճանապարհից՝ հետեւելով իրենց խորհուրդներին, - նրանք էլ են պատժուելու ըստ իրենց անօրէնութիւնների: 11 Նրանք իմ սրբարանում, այդ տան դռներին դռնապան ծառաներ են լինելու եւ տաճարի սպասաւորներ: Նրանք են մորթելու ժողովրդի ողջակէզներն ու զոհաբերութիւնները. նրանք են կանգնելու ժողովրդի առաջ՝ լինելով նրա սպասաւորները: 12 Այն բանի համար, որ իրենք սպասաւորներ էին նրանց կուռքերի առաջ, այդ անիրաւութեան համար էլ Իսրայէլի տունը տանջանքների է մատնուել: Դրա համար է որ ձեռքս բարձրացրի նրանց վրայ, - ասում է Տէր Աստուած, - եւ ըստ իրենց անիրաւութիւնների էլ նրանք պատժուելու են: 13 Թող ինձ չմերձենան նրանք, ինձ համար քահանայ չլինեն ու չդիպչեն ո՛չ Իսրայէլի զաւակների սրբութիւններին, ո՛չ էլ իմ ամենասուրբ բոլոր սրբութիւններին: Նրանք կրելու են իրենց անարգանքը իրենց արած մոլորութեան համար: 14 Նրանց պահապան են կարգել այն տան, նրա բոլոր գործերի, այն ամենի վրայ, ինչ անելու են այնտեղ»:
ՍԱԴՈԿԻ ՈՐԴԻՆԵՐԸ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՔԱՀԱՆԱՆԵՐ
15 «Իսկ ղեւտացի քահանաները՝ Սադոկի այն որդիները, որոնք պահպանել են իմ սրբութիւնները, երբ Իսրայէլի տունը մոլորուել-հեռացել էր իմ ճանապարհից, - նրանք մերձենալու են ինձ՝ պաշտամունք մատուցելու համար ինձ: Կանգնելու են իմ դիմաց եւ ինձ զոհեր, ճարպ ու արիւն են մատուցելու, - ասում է Տէր Աստուած: - 16 Նրանք մտնելու են իմ սրբարանը, մերձենալու են սեղանիս՝ ինձ պաշտամունք մատուցելու, եւ պահպանութիւն են անելու: 17 Երբ նրանք ներքին գաւթի դռնով մտնեն, պէտք է կտաւէ պատմուճաններ հագած լինեն եւ իրենց պաշտամունքը մատուցելու ժամանակ բրդեղէն հագած չպէտք է լինեն՝ սկսած ներքին գաւթի դռնից: 18 Գլուխներին կտաւէ խոյրեր են ունենալու, սրունքներին՝ կտաւէ անդրավարտիքներ: Ծանր հագնուած չպէտք է լինեն: 19 Ու երբ դուրս գան արտաքին գաւիթ՝ ժողովրդի մօտ, հանելու են իրենց պատմուճանները, որոնցով պաշտամունք են մատուցում, դնելու են դրանք սուրբ սենեակը եւ հագնելու են ուրիշ պատմուճաններ, որպէսզի ժողովրդին իրենց պատմուճաններով չսրբագործեն: 20 Գլուխները չեն ածիլելու, մազերը չեն նօսրացնելու. պինդ ծածկելու են իրենց գլուխները: 21 Ներքին գաւիթ մտնելիս ոչ մի քահանայ գինի թող չխմի: 22 Որբեւայրի կամ արձակուած կնոջն իրենց կին թող չառնեն, այլ՝ Իսրայէլի տան ծնունդ կոյսերի կամ քահանայից մնացած որբեւայրու: 23 Եւ իմ ժողովրդին թող սովորեցնեն ընտրութիւն կատարել սրբի ու պղծուածի, անարատի ու արատաւորուածի միջեւ: 24 Արեան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրէնքների դատաստան անեն եւ ըստ իմ կանոնների իրաւունք գործադրեն: Բոլոր տօներին իմ օրէնքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն: 25 Մարդու դիակի մօտ թող չգան, որ չպղծուեն, բացի հօր կամ մօր, որդու կամ դստեր, եղբօր կամ չամուսնացած քրոջ դիակից: 26 Եւ այն սրբագործելուց յետոյ պէտք է հաշուել եօթը օր. 27 ո՛ր օրը որ ներքին գաւիթը, սրբավայրը մտնեն՝ պաշտամունք մատուցելու, քաւութեան զոհ թող մատուցեն, - ասում է Տէր Աստուած: - 28 Նրանք ուրիշ ժառանգութիւն չեն ունենալու, քանի որ ես եմ նրանց համար ժառանգութիւն. Իսրայէլի զաւակների մէջ նրանց կալուածք թող չտրուի, քանի որ ես եմ նրանց համար ժառանգութիւն: 29 Նրանք են ուտելու զոհերը՝ մեղքերի համար լինեն դրանք թէ յանցանքի, ու Իսրայէլի բոլոր նուէրները նրանցն են լինելու: 30 Բոլոր առաջին պտուղները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու: Ձեր առաջին բերքը քահանային էք տալու, որպէսզի ձեր տներն օրհնի: 31 Քահանաները չեն ուտելու որեւէ մեռելոտի, լինի գազան, յօշոտած թռչուն կամ անասուն»:
45
ՀՈՂԱԲԱԺԻՆՆԵՐ
1 «Եւ երբ ձեր մէջ հողի, իբրեւ ժառանգութեան, համար վիճակ գցէք ու բաժանէք, այդ հողից Տիրոջ համար առանձնացնելու էք սուրբ նուէրը՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ ու տասը հազար ձողաչափ լայնութեամբ, այնպէս որ բոլոր սահմաններում չորս կողմերից էլ նուիրագործուած լինի: 2 Դրանից սրբարանինն է լինելու հինգ հարիւրական ձողաչափ՝ չորս կողմերից, բաց տարածութիւնների շուրջն էլ՝ յիսունական կանգուն: 3 Այս տարածքից չափուելու է քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ, տասը հազար ձողաչափ լայնութեամբ մի բաժին. այնտեղ է լինելու սրբութիւն սրբոցը: 4 Նուիրուած հողից բաժին է լինելու նաեւ այն քահանաներին, որոնք սրբատեղիում պաշտամունք են մատուցում, նաեւ նրանց, ովքեր մօտենում են ինձ պաշտամունք մատուցելու: Նրանց համար, նրանց սուրբ տան համար տեղ է առանձնացուած լինելու՝ 5 երկարութիւնը քսանհինգ հազար ձողաչափ, լայնութիւնը՝ տասը հազար: Ղեւտացիների համար էլ, որոնք ծառայութիւն են անում տաճարում, քաղաքում բնակութեան համար կալուածք է լինելու: 6 Բնակութեան համար քաղաքին տալու ես հինգ հազար ձողաչափ լայնութեամբ եւ քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ տարածութիւն՝ ըստ Իսրայէլի ամբողջ տնից սրբարանին տրուած երախայրիքների»:
ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԱԼՈՒԱԾՔԸ
7 Առաջնորդին էլ է տրուելու հող քաղաքի նստավայրում, սրբարանի դիմաց, քաղաքի բնակավայրերի դէմ-յանդիման, ծովի կողմը, ծովից էլ՝ դէպի արեւելք. երկարութիւնը՝ ըստ մէկ բաժնի սահմանների դէպի ծովակողմը, լայնութիւնը՝ ըստ հողի մէկ բաժնի սահմանների դէպի արեւելք: 8 Եւ դա նրա համար լինելու է իր կալուածքն Իսրայէլում: Եւ իշխանները չեն բռնանալու այլեւս իսրայէլացիների՝ իմ ժողովրդի վրայ. բաժանուած հողն էլ Իսրայէլի տունն է ժառանգելու սերնդից սերունդ»:
ԱՌԱՋՆՈՐԴԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
9 Այսպէս է ասում Տէր Աստուած. «Բաւական է ձեզ, ո՛վ իշխաններդ Իսրայէլի: Արդ, հեռո՛ւ վանեցէք անիրաւութիւնն ու զրկանքը, օրէնքով ու արդարութեա՛մբ վարուեցէք, հեռո՛ւ տարէք բռնութիւնն իմ ժողովրդից», - ասում է Տէր Աստուած: - 10 «Արդա՛ր չափով չափեցէք. ձեր կշեռքը թող լինի արդար, չափը՝ արդար, կապիճը[896]՝ արդար: 11 Կապիճը թող նոյնը լինի՝ տալիս թէ առնելիս: Գրիւի[897] մէկ տասներորդը մէկ կապիճ կը լինի. մէկ տասներորդ գրիւը՝ կապիճը, իր կշռով հաւասար կը լինի մէկ արդուի[898]: 12 Քսան դանգը[899], հաւասար կը լինի մէկ սիկղի, իսկ քսանհինգ սիկղը՝ ձեր մէկ մնասին[900]: 13 Եւ սա կը լինի այն նուէրը, որ դուք կը բաժանէք. գրիւի մէկ վեցերորդ մաս ցորեն, արդուի մէկ վեցերորդ մաս գարի: 14 Ձէթի վերաբերեալ հրահանգն այս է. մի քսեստ՝[901] մէկ տասներորդ սափոր իւղ (քանի որ տասը քսեստը մէկ սափոր է): 15 Տասը ոչխարից մէկը նուէր կը լինի Իսրայէլի բոլոր հօտերից՝ ձեր քաւութեան եւ փրկութեան զոհերի ու ողջակէզների համար», - ասում է Տէր Աստուած: - 16 «Երկրիդ ամբողջ ժողովուրդը պէտք է տայ այս նուէրները Իսրայէլի առաջնորդներին: 17 Առաջնորդի ձեռքով պէտք է կատարուեն ողջակէզները, զոհերն ու սպանդը՝ տօներին, ամսագլուխներին, շաբաթներին: Եւ Իսրայէլի այդ տան բոլոր տօներին նա պէտք է մատուցի զոհերն ու ողջակէզները՝ մեղքերի համար ու փրկութեան, սրբագործելու համար Իսրայէլի այդ տունը»:
ՍՐԲԱՐԱՆԻ ՍՐԲԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԸ
(Ելք 12.1-20, Ղեւտ. 23.33-43)
18 Այսպէս է ասում Տէր Աստուած. «Առաջին ամսին, ամսուայ առաջին օրը, նախրից առանց արատի մի զուարակ կ՚առնէք՝ սրբարանը սրբագործելու համար: 19 Քահանան կ՚առնի սրբագործման արիւնից, կը ցանի տան սեմերին, տաճարի չորս անկիւններին, զոհասեղանի վրայ, ներքին գաւթի դռան սեմերին: 20 Այսպէս կ՚անի ամսուայ եօթներորդ օրը՝ տաճարը սրբագործելու համար բոլոր անգիտակցաբար եւ պարզամտօրէն մեղանչածներից: 21 Առաջին ամսին, ամսուայ տասնչորսերորդ օրը, ձեզ համար զատկի օր կը լինի. եօթը օր բաղարջ կ՚ուտէք: 22 Առաջնորդն այդ օրը իր ու իր տան համար, երկրի ամբողջ ժողովրդի համար արջառներից մի զուարակ կը զոհաբերի մեղքերի թողութեան համար: 23 Տօնի եօթը օրերին ողջակէզներ կը մատուցեն Տիրոջը. եօթը զուարակ, առանց արատի եօթը խոյ՝ եօթը օր շարունակ, օր օրի, մեղքերի քաւութեան համար՝ այծերից էլ մէկ նոխազ օր օրի: 24 Զոհ մատուցուող իւրաքանչիւր զուարակի եւ խոյի հետ պէտք է բերել մէկ քսեստ ազնիւ ալիւր եւ մէկ քսեստ իւղ՝ հաց պատրաստելու համար: 25 Երրորդ ամսին, ամսուայ տասնհինգերորդ օրը, այն եօթը օրերի պէս տօն կը կատարեն մեղքերի քաւութեան համար՝ նոյնպիսի ողջակէզներով, ազնիւ ալիւրով ու ձէթով»:
46
ՅԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԱՄԱՐ
1 Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ներքին գաւթի դուռը, որ արեւելք է նայում, վեց լուր օրերին փակ կը լինի, իսկ շաբաթ օրը կը բացուի: Ամսագլխի օրն էլ կը բացուի: 2 Առաջնորդը կը մտնի արտաքին կամարի դռնով ու կը կանգնի դռան սեմին: Քահանաները նրա համար ողջակիզում կը կատարեն, զոհ կը մատուցեն նրա փրկութեան համար: Ինքը կ՚երկրպագի դռան սեմին ու դուրս կը գայ: 3 Մինչեւ երեկոյ դուռը չի փակուի: Երկրի ժողովուրդն էլ շաբաթ օրերն ու ամսագլուխներին կ՚երկրպագի դռան մուտքի առաջ, Տիրոջ առաջ: 4 Եւ այն ողջակէզները, որ շաբաթ օրերը առաջնորդը կը մատուցի Տիրոջը, կը լինեն՝ առանց արատի վեց գառ, 5 եփուած մաննա՝[902] խոյի ու գառների հետ, զոհեր ու նուէրներ՝ ըստ իր սրտի ուզածի, եւ մէկ քսեստ իւղ՝ հացի հետ: 6 Իսկ ամսամտի օրը կը մատուցի առանց արատի մի զուարակ, որ լինի հորթեր ծնած կովի ձագ (վեց գառներն ու խոյն էլ պէտք է լինեն առանց արատի): 7 Կը մատուցի նաեւ ազնիւ ալիւր՝ զուարակի հետ, ազնիւ ալիւր ու մաննա՝ խոյի ու գառների հետ, ինչպէս որ ինքը կը կամենար տալ, ազնիւ ալիւրի հետ էլ՝ իւղ: 8 Առաջնորդը մտնելիս՝ կամարի դռնով կը մտնի, նոյն դռնով էլ դուրս կը գայ: 9 Իսկ երբ երկրի ժողովուրդը տօներին մտնի Տիրոջ առաջ երկրպագելու, ով հիւսիսային դռնով մտնի, հարաւային դռնով դուրս կը գայ, իսկ ով հարաւային դռնով մտնի, հիւսիսային դռնով դուրս կը գայ: Չի վերադառնայ այն դռնով, որով մտել էր, այլ հակառակ դռնով դուրս կը գայ: 10 Առաջնորդն էլ, նրանց մէջ, մտնելիս՝ նրանց հետ կը մտնի, ելնելիս էլ նրանց հետ դուրս կը գայ: 11 Տօներին ու հաւաքոյթներին կը լինի՝ եփուած մաննա զուարակի հետ, մաննա՝ խոյի ու գառների հետ, ինչպէս ինքը կը կամենար տալ. մէկ քսեստ իւղ էլ՝ հացի հետ: 12 Ապա առաջնորդը Տիրոջը կը մատուցի խոստովանութեան ու կամաւոր փրկութեան ողջակէզները, իր համար բաց կ՚անի արեւելք նայող դուռը եւ կը մատուցի փրկութեան համար իր ողջակէզները նոյն ձեւով, ինչպէս կատարում էր շաբաթ օրերին: Ապա դուրս կը գայ եւ իր ելնելուց յետոյ կը փակի դռները:
13 Նա Տիրոջը, որպէս ողջակէզ, կը մատուցի մէկ տարեկան առանց արատի մի ամլիկ գառ, եւ դա կ՚անի ամէն օր վաղ առաւօտեան: 14 Դրա հետ, վաղ առաւօտեան, կը մատուցի նաեւ մաննա արդուի չափի մէկ վեցերորդ մասով եւ քսեստի մէկ երրորդի չափով իւղ՝ ազնիւ ալիւրին խառնելու համար: Մաննայի ընծայումը Տիրոջը յաւիտենական հրահանգ է. 15 ամէն օր վաղ առաւօտեան պէտք է մատուցուի գառը, մաննան ու իւղը, որպէս մշտնջենական ողջակէզ»:
ԱՌԱՋՆՈՐԴԻ ՈՐԴԻՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ
16 Այսպէս է ասում Տէր Աստուած. «Եթէ իշխանն իր որդիներից որեւէ մէկին պարգեւ տայ իր ժառանգութիւնից, դա նրա որդիների ժառանգական կալուածքը կը լինի: 17 Իսկ եթէ իր ժառանգութիւնից պարգեւ տայ իր ծառաներից մէկին, դա նրանը կը լինի մինչեւ թողութեան տարին, ապա նորից կը վերադարձուի իշխանին: Բայց նրա որդիների ժառանգութիւնը նրանցը կը լինի: 18 Առաջնորդը չպէտք է իր ժողովրդի ժառանգութիւնից վերցնի՝ նրան բռնադատելով, այլ իր կալուածքներից ու իր ժառանգութիւնից պէտք է աւանդ թողնի իր որդիներին, որպէսզի իմ ժողովուրդը չցրուի՝ իւրաքանչիւրն իր բնակավայրից»:
ՏԱՃԱՐԻ ԽՈՀԱՆՈՑՆԵՐԸ
19 Նա ինձ հարաւային դռնով տարաւ դէպի քահանաների սուրբ պատշգամբը, որ հիւսիս է նայում: Եւ ահա մի առանձնացուա ծ տեղ կար: 20 Նա ասաց ինձ. «Սա է այն տեղը, ուր քահանաները եփելու են զոհերի միսը՝ յանցանքների ու մեղքերի թողութեան համար: Այնտեղ են եփելու նաեւ մաննան՝ ամենեւին դուրս չգալով արտաքին գաւիթը ժողովրդին սրբագործելու համար»: 21 Նա ինձ դուրս բերեց արտաքին գաւիթը, պտտեցրեց գաւթի չորս բոլորը: Ահա տեսայ գաւիթներ ու գաւիթներ՝ սրահի չորս կողմերին: 22 Փոքր գաւիթը քառասուն կանգուն երկարութիւն եւ երեսուն կանգուն լայնութիւն ունէր: Չորսն էլ մի չափի էին, չորսի շուրջն էլ պատշգամբներ կային: 23 Խոհանոցներ էլ կային պատշգամբի տակ, չորս կողմերին: 24 Նա ինձ ասաց. «Սրանք խոհանոցներ են, ուր տաճարի սպասաւորները ժողովրդի մատուցած զոհերի միսն են եփում»:
47
ՏԱՃԱՐԻ ԱՂԲԻՒՐԸ
1 Նա ինձ բերեց տաճարի դռան առաջ: Ահա տաճարի արեւելեան կողմի վարագոյրների տակից ջուր էր դուրս գալիս եւ հոսում դէպի արեւելք, որովհետեւ տաճարի ճակատային մասը դէպի արեւելք էր նայում. իսկ ջուրը գալիս էր տաճարի հիւսիսային կողմից՝ աջից դէպի զոհասեղանի կողմը: 2 Ինձ դուրս բերեց հիւսիսային դռնով ու դրսից պտտեցրեց արտաքին դռան չորս կողմը, որ արեւելք էր նայում: Ահա ջուրը հոսում էր աջ կողմից: 3 Երբ դուրս եկայ, մարդը ելաւ իմ դիմաց. ձեռքին չափ ունէր: Իր չափով հազար ձողաչափ չափեց ու անցաւ ջրի, յորդ ջրի միջով: 4 Դարձեալ հազար ձողաչափ չափեց իր չափով ու անցաւ ջրի միջով: Ջուրը մինչեւ նրա երանքներն էր հասնում: Նա հազար ձողաչափ չափեց իր չափով ու անցաւ ջրի միջով: Ջուրը մինչեւ գօտկատեղն էր հասնում: 5 Իր չափով նա հազար ձողաչափ չափեց հոսանքը ու չէր կարողանում անցնել, որովհետեւ ջուրը հեղեղի յորձանք էր տալիս, որի միջով ոչ ոք չէր կարող անցնել: 6 Նա ասաց ինձ. «Տեսա՞ր, մարդո՛ւ որդի»: Ու ինձ յետ դարձրեց, տարաւ գետի ափը: 7 Երբ շրջում էի այնտեղ, ահա գետափին, այս ու այն կողմերին, բազմաթիւ տնկած ծառեր տեսայ: 8 Նա ասաց ինձ. «Այս ջուրը, որ դէպի արեւելք՝ գալիլիացիների կողմն է դուրս գալիս, իջնում է Արաբիա ու գալիս է մինչեւ ծով՝ ջրերի ելքը, եւ ջրերը դարձնում բուժիչ: 9 Ամէն շնչաւոր էակ, բոլոր նրանք, որոնց վրայ այս գետը գայ, ապրելու են: Այնտեղ շատ ձուկ է բազմանալու, որովհետեւ այս ջուրը հասնելով այնտեղ՝ լինելու է բուժիչ: Կենդանանալու եւ ապրելու է ամէն ոք, ում վրայ հասնի այս գետը: 10 Նրա մէջ կանգնելու են ձկնորսներ՝ Ենգադիայից մինչեւ Ենգադիք: Ուռկանները գցելու տեղեր են լինելու. նրա ձկներն էլ մեծ ծովի ձկների պէս շատ, խիստ շատ են լինելու: 11 Բայց նրա դուրս գալու, ծանծաղելու եւ յորդելու տեղերում ջրերը առողջարար չեն լինելու, այլ թողնուելու են աղ ունենալու համար: 12 Գետի մօտերքը, ափերի այս ու այն կողմերում, պտղատու ծառեր են բուսնելու, որոնք չեն ծերանալու, պտուղն էլ նրանց վրայից չի պակասելու: Հէնց սկզբից էլ դալար ճիւղեր են արձակելու, որովհետեւ գետի ջրերը սուրբ վայրերից են դուրս գալիս: Նրանց պտուղը սնունդ է լինելու, տերեւը՝ բուժիչ»:
ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
13 Այսպէս է ասում Տէր Աստուած. «Սրանք են երկիրը ժառանգելու այն սահմանները, նաեւ այն յաւելեալ բաժինը, որ ժառանգութիւն են թողնելու իսրայէլացիների տասներկու սերունդներին: 14 Այն ժառանգութիւն է ստանալու ամէն ոք, եղբօր պէս, որովհետեւ ես, ձեռքս բարձրացրած, երդուել էի ձեր հայրերին յանձնել այն: Եւ այժմ երկիրը ձեզ է հասնում որպէս ժառանգութեան բաժին: 15 Սրանք են երկրի սահմանները դէպի հիւսիս. Մեծ ծովից, որ իջնում 16 ու բաժանում է դէպի Հելլադայի, Եմաթի, Բերոթի, Սաբարսիմի ճանապարհը, Դամասկոսի ու Եմաթի սահմանների միջեւ, - լինելու են Աւնանի բնակավայրերը, որ աւրանցիների սահմաններում են: 17 Սրանք են հիւսիսային սահմանները, որ գտնւում են ծովի կողմից, Աւնանի հանգրուանից, Դամասկոսի սահմաններից եւ Եմաթից հիւսիս՝ արեւելքի դէմ-դիմաց: 18 Դրանք ընկած են աւրանցիների եւ Դամասկոսի միջեւ, գաղաադացիների եւ Իսրայէլի միջեւ, իսկ Յորդանան գետը արեւելեան կողմից սահման է ծովի եւ Արմաւաստանի[903] միջեւ: Սա արեւելքն է: 19 Հարաւային սահմաններն անցնում են Թեմանի հարաւով, Արմաւաստանից մինչեւ Մարիբոթ Կադէսի ջրերը, որ թափւում են Մեծ ծովը: Սա հարաւային բաժինն է, հարաւի կողմից: 20 Եւ Մեծ ծովի այս բաժինը, որի սահմանը հասնում է մինչեւ Եմաթի ճանապարհի դիմաց, մինչեւ նրա մուտքը, - հէնց սա էլ Եմաթի արեւմուտքն է: 21 Դուք երկիրը բաժանելու էք նրանց միջեւ. 22 վիճակ կը գցէք Իսրայէլի ցեղերի՝ ձեր եւ եկուորների ու ձեր մէջ գտնուող պանդուխտների միջեւ, որոնք ձեր մէջ զաւակներ են ունեցել: Իսրայէլի զաւակների մէջ սրանք ձեզ համար երկրածինների պէս են լինելու. ձեզ հետ են ապրելու, ժառանգութիւնից են օգտուելու Իսրայէլի ցեղերի մէջ: 23 Նրանք ձեր մէջ գտնուող պանդուխտների պէս պանդուխտներ են լինելու, եւ դուք նրանց ժառանգութիւն էք տալու», - ասում է Տէր Աստուած:
48
ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԵՕԹԸ ՑԵՂԵՐԻ ԲԱԺԻՆՆԵՐԸ
1 «Սրանք են ցեղերի սահմանները. հիւսիսից սկսած, զառիթափի կողմով, որ բաժանում է Եմաթի ճանապարհը եւ Աւնանի հանգրուանը, Դամասկոսի հիւսիսային սահմանն է՝ Եմաթի կողմից: Դրանց արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Դանի ցեղին: 2 Դանի սահմաններից դէպի արեւելք, մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Ասերի ցեղին: 3 Ասերի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Նեփթաղիմի ցեղին: 4 Նեփթաղիմի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Մանասէի ցեղին: 5 Մանասէի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Եփրեմի ցեղին: 6 Եփրեմի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Ռուբէնի ցեղին: 7 Ռուբէնի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Յուդայի ցեղին: 8 Յուդայի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ քսանհինգ ձողաչափ երկարութեամբ եւ տասը հազար ձողաչափ լայնութեամբ, թող լինի ձեր սրբավայրի հողամասը՝ իբրեւ բաժիններից մէկը, որտեղ կը լինի սրբարանը, 9 մի ընծայ՝ նուիրուած Տիրոջը, քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ ու տասը հազար ձողաչափ լայնութեամբ: 10 Քահանաների սրբատեղիներին նուիրուած հողամասը կը լինի հարաւային կողմում քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ, արեւմուտքում՝ տասը հազար ձողաչափ լայնութեամբ, արեւելքում՝ տասը հազար ձողաչափ լայնութեամբ, իսկ հիւսիսում՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ մի բաժին: Դրանց մէջտեղում կը լինի սրբարանը: 11 Այս բաժինը Սադոկի որդիներից՝ սրբագործուած քահանաներինը կը լինի, որոնք Տիրոջ Տտան պահպանութիւնն են կատարում, որոնք չմոլորուեցին իսրայէլացիների մոլորութեամբ, ինչպէս մոլորուեցին ղեւտացիները: 12 Ղեւտացիների սահմաններից ընծայուած հողերի այս բաժինն ամենասուրբ մասը կը լինի: 13 Իսկ քահանաներին սահմանակից ղեւտացիների բաժինը, կը լինի քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ ու տասը հազար ձողաչափ լայնութեամբ: 14 Դա չի վաճառուի նրանց կողմից, ոչ էլ կը մասնատուի: Հողի առաջին բերքից չի վերցուի, որովհետեւ այն Տիրոջն է նուիրուած: 15 Բայց քսանհինգ հազարից մնացած հինգ հազար լայնութեամբ հողամասը քաղաքի դրսի պատուարը կը լինի, իբրեւ բնակավայր ու ազատ տարածութիւն: Քաղաքը դրա մէջտեղում կը լինի: 16 Սրանք են նրա չափերը. հիւսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարիւր ձողաչափ, հարաւային կողմից՝ չորս հազար հինգ հարիւր, արեւելեան կողմից՝ չորս հազար հինգ հարիւր եւ արեւմտեան կողմից՝ չորս հազար հինգ հարիւր: 17 Քաղաքի ազատ տարածքը կը լինի. հիւսիսի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն ձողաչափ, հարաւի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն, արեւելքի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն եւ արեւմուտքի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն: 18 Իսկ մնացած այն տարածութիւնը, որ մօտ է սրբատեղիներին նուիրուած հողամասին, կ՚ունենայ արեւելքի ուղղութեամբ՝ տասը հազար ձողաչափ երկարութիւն, արեւմուտքի ուղղութեամբ՝ տասը հազար: Դա ընծայ կը լինի սրբատեղիներին: Նրա բերքը քաղաքի գործաւորի համար հաց կը լինի. 19 Իսրայէլի բոլոր ցեղերից քաղաքի գործաւորներն էլ կը մշակեն այն: 20 Եւ քաղաքի բնակելի վայրերից դուք, որպէս սրբավայրի ընծայ, կ՚առանձնացնէք քառակուսի մի տարածութիւն՝ քսանհինգ հազար ձողաչափ քսանհինգ հազարի վրայ: 21 Դրանից աւելացածն էլ իշխանինը կը լինի: Նոյն տեղից, իբրեւ ընծայ սրբատեղիին, քաղաքավայրում, նրա դիմաց, քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ մի բաժին կը լինի մինչեւ արեւելեան կողմի սահմանները. իսկ դրա դիմաց, արեւմտեան կողմը, քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ մի բաժին էլ կը լինի իշխանի բաժնին մօտ: Եւ դա ընծայ կը լինի սրբատեղիներին. տաճարի սրբարանը կը լինի նրա մէջտեղում, 22 որպէս ղեւտացիների ժառանգութիւն: Քաղաքի բնակատեղիից մի տարածութիւն իշխաններինը կը լինի. Յուդայի երկրի սահմանների ու Բենիամինի երկրի սահմանների միջեւ բաժին կը յատկացուի իշխանին»:
ՀԱՐԱՒԱՅԻՆ ՀԻՆԳ ՑԵՂԵՐԻ ԲԱԺԻՆՆԵՐԸ
23 «Ինչ վերաբերում է մնացած ցեղերին, ապա արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Բենիամինի ցեղին: 24 Բենիամինի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Շմաւոնի ցեղին: 25 Շմաւոնի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Իսաքարի ցեղին: 26 Իսաքարի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Զաբուղոնի ցեղին: 27 Զաբուղոնի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Գադի ցեղին: 28 Գադի սահմաններից մինչեւ հարաւ, Թեմանից ու Ռաբոթ Կադէսի ջրերից մինչեւ Մեծ ծովը կը լինի մէկ ժառանգութեան սահման: 29 Ահա սա է այն երկիրը, որ վիճակով բաժանելու էք Իսրայէլի ցեղերին, եւ սրանք են նրանց բաժինները», - ասում է Տէր Աստուած:
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԴՌՆԵՐԸ
30 «Այժմ քաղաքի ելքի ու մուտքի դռների մասին. դրանցից հիւսիսային կողմի դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են: 31 Քաղաքի դռները կը լինեն Իսրայէլի ցեղերի անուններով: Երեք դուռ հիւսիսային կողմում. մի դուռը՝ Ռուբէնի անունով, մի դուռը՝ Յուդայի եւ մի դուռը՝ Ղեւիի: 32 Արեւելքի ուղղութեամբ էլ դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են: Երեք դուռ. մի դուռը՝ Յովսէփի անունով, մի դուռը՝ Բենիամինի եւ մի դուռը՝ Դանի: 33 Հարաւի ուղղութեամբ էլ դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են: Երեք դուռ. մի դուռը՝ Շմաւոնի անունով, մի դուռը՝ Իսաքարի եւ մի դուռը՝ Զաբուղոնի: 34 Արեւմուտքի ուղղութեամբ էլ դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են: Երեք դուռ. մի դուռը՝ Գադի անունով, մի դուռը՝ Ասերի եւ մի դուռը՝ Նեփթաղիմի: 35 Ընդհանուր շրջագիծը՝ տասնութ հազար ձողաչափ: Եւ այդ օրից քաղաքի անունը կը լինի “Տէրն այնտեղ է”»:
862 - Եբրայերէն՝ Յովաքին: 863 - Յունարէն՝ հոգին: 864 - Եբրայերէն՝ փայլակի: 865 - Եբրայերէն՝ Էլ Շադա - Ամենազօր Աստուած: 866 - Եբրայերէն՝ զանց առնեն: 867 - Եբրայերէն՝ զգուշացնելու ես: 868 - Եբրայերէն՝ երեք հարիւր իննսուն: 869 - Սիկղը հաւասար է շուրջ 200 գրամի: 870 - Եբրայերէն ամենուրեք՝ մէկ երրորդ: 871 - Եբրայերէն՝ ծնկերը ջրի պէս թուլանալու են: 872 - Իբրեւ սգոյ նշան: 873 - Եբրայերէն՝ վրայ է հասնելու կործանումը: 874 - Եբրայերէն՝ քաշում են իրենց քթին: 875 - Եբրայերէն՝ մէջքին գրագրի թանաքաման: 876 - Եբրայերէն՝ չորսական: 877 - Եբրայերէն՝ կուռքերը: 878 - Մտքի ճշգրտութեան համար այս համարում հետեւել ենք եբրայերէն բնագրին: 879 - Եբրայերէն՝ մաքրուելու: 880 - Եբրայերէն՝ սիրոյ ժամանակդ: 881 - Ընտիր ալիւրից պատրաստուած նկանակ՝ հաց: 882 - Հիթիթ: 883 - Սամարիա: 884 - Հանգստեան օրերը: 885 - Եբրայերէն՝ բարձունք: 886 - Եբրայերէն՝ արդարին: 887 - Գուշակութիւններ անելու ձեւ է: 888 - Եբրայերէն՝ տակնուվրայ, տակնուվրայ, տակնուվրայ եմ անելու այն, ու այլեւս գոյութիւն չի ունենալու: 889 - Արեւելքի: 890 - Եբրայերէն՝ Քեզ գետերիդ միջից եմ հանելու: 891 - Եբրայերէն՝ պարիսպներ: 892 - Եբրայերէն՝ համապատասխանաբար քսանհինգ եւ հինգ կանգուն: 893 - Եբրայերէն՝ մէկ կանգուն: 894 - Եբրայերէն՝ կործանելու: 895 - Մեղքերի քաւութեան արարողութեանը ծառայող տապանակ ուխտի կափարիչը: 896 - Սորուն նիւթ չափելու աման: 897 - Կշռաչափ: 898 - Կշռաչափ: 899 - Կշռաչափ եւ դրամի միաւոր: 900 - Մանրադրամ: 901 - Կշռաչափ: 902 - Բառարանները բացատրում են՝ անարիւն պատարագ, նուէր, ընծայ: Ուրիշ թարգմանութիւններ պարզապէս տալիս են միս: 903 - Իսրայէլի հարաւում գտնուող Թամար քաղաքը: