ԱՌԱՋԱԲԱՆ

Հովհաննես Գառնեցին ԺԲ-ԺԳ. դդ. ճգնակյաց, հրաշագործի համբավ ունեցող վարդապետ-մատենագիր է. կա նրա տարբեր երկերը պարունակող և նրան վերաբերող բավական հարուստ ձեռագրական նյութ, որի չուսումնասիրվածության պատճառով մեր մատենագրության կարևոր դասագրքերից մեկում նա հիշված է «Մատենագիրք որոց գործք չեն յիշատակուիր» շարքում, միաժամանակ՝ նույնաբնույթ դասագրքերի մեծ մասում նրա անունն ընդհանրապես մոռացության է տրված, այսինքն՝ Հովհաննես Գառնեցու անունն ու մատենագրությունը մեր ընթերցող հասարակությանը գրեթե հայտնի չէ:

Հակառակ սրան, միջնադարում, թե՛ իր ժամանակակիցների մեջ և թե՛ հետագայում, նրա համբավը շատ բարձր էր: Ուստիև, մեր անցյալն ավելի լավ և ճշգրիտ պատկերացնելու համար, Հովհաննես Գառնեցու մատենագրական ժառանգության նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է լինի նույն այդ համբավի համեմատ: Կիրակոս Գանձակեցու Պատմության մեջ կա նրան նվիրված ծավալուն մի գլուխ՝ «ԾԴ. Վասն Յովհաննիսի Գառնեցւոյ», որի սկզբում պատմիչը գրել է. «Վասն սորա բազումք բազում ինչ պատմէին, բայց առաւել հարազատն մեր եւ սքանչելին Վարդան վարդապետն (Արևելցին - Գ. Տ-Վ.), որոյ բանքն արժանի էին հաւատարմութեան, զի նոքա սիրով կապեալ էին ընդ միմեանս: Զի մեք մարմնով զնա ոչ տեսաք վասն հեռաւորութեան, նա ի մխիթարութիւն մեզ պատմեաց ինչ ի վարուց նորա մասնաւոր եւ ասաց. թէ՝ «Ինքն իսկ Յովհաննէս ասաց մեզ...»:

Հովհաննես Գառնեցին, ինչպես մականունն է թելադրում՝ ծնունդով Գառնի գյուղաքաղաքից էր, Այրիվանքի (Գեղարդ) միաբան, ապա՝ ճգնում էր Թաթլու վանքում (Կաղզվանի մոտ): 1222ին ուխտի է գնացել Երուսաղեմ, մկրտել և քրիստոնյա է դարձրել շատ մահմեդականների, որի համար Կողոնիա քաղաքում փորձել են նրան այրել խարույկի վրա, բայց ազատվել է և գնացել Կոստանդին Ա. Բարձրբերդցի կաթողիկոսի (1221-1267 թ.) մոտ, ուր և մնացել է մինչև իր կյանքի վերջ. մահացել և թաղվել է Հռոմկլայում:

Ձեռագրերում նրա անունով կան հետևյալ գործերը. 1. Աղօթամատոյց (Աղոթագիրք), 2. Խրատ հոգեշահ ամենայն մարդոյ, 3. Պատմութիւն մուղրոյն Զանկիանու (Հայսմավուրքի մեջ), 4. Ստուգաբանութիւն եւ սրբագրութիւն Սաղմոսարանի՝ ըստ Յովհաննէս Սարկաւագի օրինակի, 5. Պատճառք Սաղմոսաց, 6. Տեսիլ ի Հռոմկլայ ի ձորն Աշորնիս, 7. Պարականոն մի շարական, 8. Տեսիլ (Հայսմավուրքի մեջ), 9. Սքանչելիք Յաճախապատում գրոց:

Հովհաննես Գառնեցու մատենագրությունը, կրկնենք՝ ուսումնասիրված չէ. Տպագրված է միայն նրա Աղոթագիրքը6, սակայն՝ առանց բանասիրականաղբյուրագիտական որևէ նախաբանի, ուստի այժմ կարող ենք միայն ենթադրել, որ այս հրատարակությունն արված է ըստ Մխիթարյանց Վենետիկի անթվական՝ ԺԷ. դարով թվագրված Հմր 1224/1269 և 1625 թ. գրված 75/1292 ձեռագրերի:

Գառնեցու աղոթքների արժեքը և կարևորությունը շեշտել է դեռևս Կիրակոս Գանձակեցին. «Տուան նմա եւ շնորհք բժշկութեան, զի ձեռն դնելով եւ աղաւթելով՝ բժշկէր զբազում ախտաժէտս: Խնդրէին ի նմանէ եւ գիր պահապան անձանց իւրեանց, եւ նա անյապաղ տայր ամենայն խնդրողացն... Եւ նա գրելով զանուն սրբոյ Երրորդութեանն եւ խորհրդական բանս աղօթից, տայր նոցա: Եւ նոցա առեալ՝ հաւատով կապէին յանձինս իւրեանց»: Ըստ այս համբավի էլ Գառնեցու աղոթքները, գուցե և իր կյանքի շրջանում, մտել են «Պահպանութեան գիր» (Հմայիլ) ժողովածուների մեջ, իսկ հետագայում՝ վերածվել են հայատառ թուրքերենի:

Ուստի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, նախաձեռնելով Գառնեցի մատենագրի հանիրավի անտեսված և չուսումնասիրված ժառանգության հետազոտությունը, որոշեց առաջին հերթին ճշգրտելով և լրացնելով վերահրատարակել նրա Աղոթամատույցը:

Ժողովածուի պատրաստության համար հիմք ընդունելով 23 աղոթք պարունակող վենետիկյան հրատարակությունը` ուսումնասիրվել է Մաշտոցյան Մատենադարանի 45 ձեռագիր, որոնցից ներկա հրատարակության համար օգտագործվել է ընդհանուր հաշվով 15ը: Նախ՝ տպագրով յայտնի աղոթքները ընդհանուր-նախնական ձևով համեմատվել են սրանցից 8ի (Հմրք 8280, 2680, 601, 5212, 718, 7194, 42, 7006) հետ, որոնցից ամբողջական համեմատության համար ընտրվել է տպագրի գրեթե բոլոր աղոթքներն ունեցող երեք ձեռագիր՝ Հմրք 8280, 42, 7006: Սրանց հետ համեմատությանը հաջորդել է ընթերցումների քննությունընտրությունը և բնագրերի ճշգրտումը:

Թե Գառնեցու ժառանգության և թե՛ ընդհանրապես միջնադարի առօրյայում գործնական կիրառություն ունեցած փոքր և մեծ ծավալ ունեցող շատ երկերի (աղոթքներ, ճառեր, քարոզներ և այլն) համար պետք է նկատի ունենալ մեր մատենագրության համար հատկանշական մի կարևոր հանգամանք. ձեռագրերում այսպիսիք հաճախ վերագրված են նույնանուն, երբեմն՝ տարանուն այլ հեղինակների: Այսպես՝ հիշված 45 ձեռագրերում կան Հովհաննես Գառնեցու անունն ունեցող և այստեղ տպագրվող 35 միավորից շա՛տ ավելի աղոթքներ, որոնց խորագիրներն ու սկզբնատողերը ստուգվել են Մաշտոցյան Մատենադարանի մատենագիտության բաժնում առկա սկզբնատողերի քարտարանով և ձեռագրական տարբեր հավաքածուների ցուցակներով: Այս ստուգումների արդյունքով անտեսված են և չեն հրատարակւում բոլոր այն աղոթքները, որոնք հիշյալ 45ից տարբեր այլ ձեռագրերում հանդիպում են Հովհան Ոսկեբերանի, երբեմն՝ Եփրեմ Ասորու կամ այլ հեղինակների անուններով10: Նախորդ տպագրում առկա 23 աղոթքներին այստեղ ավելացված են միայն նրանք, որոնք այս կամ այն չափի փաստարկումով Հովհաննես Գառնեցու գրչի արգասիքն են:

Ուսումնասիրված ձեռագրերում առկա բոլոր աղոթքների այստեսակ քննության արդյունքով պարզվեց, որ նորայայտ 4 աղոթք (Հմրք 24-27) աներկբայելիորեն Գառնեցու հեղինակությունն են: Ուրիշ 4 միավոր (Հմրք 28-31) 2680 (Բ) ձեռագրում յաջորդում են Գառնեցու խրատներին և ունեն «Նորին Յոհաննու» խորագրային սկսվածքը. ժողովածուիս մեջ սրանք ընդգրկվեցին պայմանականորեն՝ քանի դեռ այլուր 8 չեն հանդիպի այլ հեղինակների անունով: Մի քանի օրինակում առկա ևս 4 աղոթք (Հմրք 32-35) միայն երկու ձեռագրի մեջ են Գառնեցու անունով, յայտնի այլ ձեռագրերում այս աղոթքներն այլ հեղինակների անուններով արձանագրված չեն, ուստի սրանք ևս պայմանականորեն ընդգրկված են այս գրքի մեջ:

Առաջին տպագրության մեջ առկա աղոթքները, ինչպես ասացինք, հրատարակվում են տպագրի հետ երեք ձեռագրի համեմատությամբ և բազմաթիվ ճշգրտումներով, իսկ նորահայտ՝ այստեղ առաջին անգամ հրատարակվող 12 աղոթքներից 6ը (Հմրք 24, 28-31) համեմատված են 2-4 ձեռագրով, մնացյալ 6ը (Հմրք 25-30), այլ օրինակներ չունենալու պատճառով, ներկայացված են մեկական ձեռագրի հիման վրա:

Հովհաննես Գառնեցու աղոթքների գրական-գեղարվեստական նկարագիրը լիովին համապատասխանում է միջնադարում նրանց հեղինակի վայելած բարձր համբավին: Վստահ ենք, որ չենք չափազանցում՝ միջնադարյան մեր գրականության մեջ սրանք դիտելի են Գրիգոր Նարեկացու Մատյանի և Հովհաննես Սարկավագի Աղոթագրքի կողքը՝ նրանց հենքի վրա: Այս ընկալումով և զգացողությամբ էլ Աղոթագիրքը հանձնում ենք ընթերցողին. և վստահ ենք, որ շատերն են այստեղ տեսնելու ուշագրավ, ավելին՝ սրտագրավ տողեր:

ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ

 
ՄԵՐ ՍՈՒՐԲ ՀԱՅՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑՈՒ
ԱՂՈԹՔՆԵՐԸ` ԻՐ ԱՆՎԱՆ ՏԱՌԵՐՈՎ

  1. ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՂՈԹՔ

Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մութով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից: Տեր և Աստված իմ, որ այս օրը լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը` գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից: Բայց դու, Տեր, գթած և մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայությունդ սուրբ առաքյալներին և բոլոր քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները և նրանց հետ փառավորելու Երրորդությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱ

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ. Ասա՛ այդ խոսքդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից [վեր], և իմ հանցանքների բազմությունը ծածկեց ինձ: Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս: Հեռացրու ինձնից հանցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ տերությունդ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ

Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորիններիս ստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա, ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով, ընկնում եմ քո առջև ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով թառամածիս և բարի արգասիքներից անպտուղիս, նայի՛ր, Տեր, անմեղ մատներիդ ստեղծածիս, և անարատ ձեռքիդ գործիս մի՛ անտեսիր, այլ նախախնամական սիրովդ խնայիր խախտվածիս ու մեղքով տարակուսածիս, որովհետև նենգավորի նետերն ինձ խոցոտեցին, և իմ մեջ ծլեցին բանսարկուի փշերը, ինձ վիրավորեց ահագին վիշապը, և մահաբեր գազանի թույները թափվեցին վրաս: Այլ տեղից փրկություն չկա և ոչ` բժշկություն իմ հոգուն և մարմնին: Արդ, ամենամեղս հայցում եմ ամենազոր տերությունիցդ, բուժիր բեկված սիրտս, կապիր, մարդասեր Տեր, խոր վերքերս, և ինչպես այսօր անջատեցիր ջուրը ցամաքից, նույնպես անջատիր ինձնից բոլոր անօրինություններս և արժանացրու երկնային արքայությանդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ

Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ, անճառ ճառագայթ և անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող, երկնքի լուսավորներին հորինող, Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը և նրանց տեղավորեցիր երկնքում` լուսավորելու արարածներիս և ցույց տալու ժամ ու ժամանակ, օր ու տարի, և արդ, ես` լույսից զրկվածս և մեղքի խավարով պատածս, լուսաշող ողորմությունիցդ հայցում եմ` ինչպես տարրեղեն լուսավորներիդ շնորհեցիր լույս, ինձ ևս շնորհիր մի փոքր մաս ու բաժին առատ և անհամեմատելի լույսիցդ, և ինձնից փարատիր հանցանքի մեգն ու խավարը, և անանց լույսովդ առաջնորդիր ինձ երկնային արքայությունդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՎԱ

Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո պահպանությունից և մի՛ մերժիր հանցավորիս քո պարգևները, այլ ցույց տուր ինձ քո ողորմությունը և բարության նշան տուր ինձ: Վերցրու բարկացնողիս բեռները և ազատի՛ր տառապյալիս մեղքի ուռկանից: Մի՛ բարկանար ինձ վրա, Տեր, իմ բազում անօրինությանց համար, մի՛ դատապարտիր դառնացուցչիս քո սուրբ անվան համար, այլ ձեռք մեկնիր օրինազանցիս և անդունդի խորքից հանիր մեղքով խորտակվածիս, մեղքի աղտից մաքրիր և բազմամեղիս խղճմտանքը ազատիր, կորստյան որդուս լույսի որդի դարձրու և արդարությունից հեռացածիս մերձավոր դարձրու քո սրբերին ու սիրելիներին, որ նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք պայծառ պատվից ու փափուկ փառքից: Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար, ուստի դատապարտվածիս համար այս օրը խաչ բարձրացար, Բանդ Աստված: Եվ արդ, աղաչում եմ քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր, հավիտենական տանջանքի, քանի որ քոնն եմ, Տեր, և հույսս դու ես, և քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից: Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին, որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՇԱԲԱԹ ՕՐՎԱ

Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարել[ագործել], որ հանգիստը խորհրդանշեց  աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով` չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա: Արդ, ահա ես` ամենամեղս, ընկած աղաչում եմ քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս, և խնդրում եմ քեզնից լույսի Հորդ երեսի փառքի և սուրբ Հոգուդ փառակցության համար, և քո կամավոր չարչարանքի համար, և կենդանարար արմատով փայտի ու սուրբ գամերի համար, և քո քրքմագույն, ազատարար սուրբ արյան հեղման համար, և եռօրյա թաղման ու հրաշալի հարության համար, և սուրբ Մարիամ Աստվածածնի կուսական կաթի համար, քո երկնային և երկրավոր բոլոր սրբերի սիրո ու բարեխոսության համար, սրբիր ինձ իմ բոլոր մեղքերից և ազատիր գեհենի դառն վշտերից և քո անպիտան ծառայիս արժանացրու քո խոստացած բարիքին` քո սրբերի հետ, որ նրանց հետ հանգչելով` փառավորեմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ

Գառն Աստծու, Տեր իմ և Աստված իմ, Հիսուս Քրիստոս, որ զոհվեցիր խաչի վրա և վերացրիր աշխարհի մեղքերը, մեղսագործ ծառաս քո և ամեն հանցանքով ծանրաբեռնվածս ընկնում եմ քո առջև ու աղաչում քեզ, Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ` մեղավորիս, ինչպես ողորմեցիր ամբողջ աշխարհին, քանի որ դու ես աշխարհի հույսն         ու լույսը, ճանապարհ, ճշմարտություն և կյանք: Մեղքով մեռած քո ծառայիս, որ քո անոխակալ մարդասիրության առջև եմ, հանցանքով անօրինացածիս մի՛ անտեսիր, այլ ողորմի՛ր ինձ հանուն բոլոր տնօրինական չարչարանքներիդ, որ կրեցիր բազում համբերությամբ:

Հիշի՛ր, ամենակեցույց Տեր, հայրական ծոցից իջնելդ և սուրբ կույս Մարիամից մարմնանալդ:

Հիշի՛ր, ամենօրհնյալ Տեր, իբրև մարդ քո շրջելը մեղավոր մարդկանց մեջ:

Հիշի՛ր, ամենասուրբ Տեր, քո մկրտվելը Հորդանանում Հովհաննեսի ձեռքով:

Հիշի՛ր, ամենագետ Տեր, դպիրներից ստացած նախատինքն ու փորձանքները` փարիսեցիներից:

Հիշի՛ր, կանխատես Տեր, Հուդայից մատնվելն ու քահանաներից ծաղրվելը:

Հիշի՛ր, ամենազոր Տեր, պարտեզում բռնվելն ու կապկպվելը խուժանից:

Հիշի՛ր, ամենակարող Տեր, Կայիափայի առջև լինելն ու Աննայից հարցաքննվելը:

Հիշի՛ր, անոխակալ Տեր, ծառայից ապտակվելն ու կատաղիների կռուփը:

Հիշի՛ր, ներողամիտ Տեր, եբրայեցոց թուքն ու ծեծելը եղեգնով:

Հիշի՛ր, արքաների արքա, Պիղատոսի ատյանում կապանքներով կանգնելն ու նրանից գանահարվելը:

Հիշի՛ր, անմատչելի լույս, կարմիր քղամիդն ու փշե պսակը:

Հիշի՛ր, անհիշաչար Տեր, այն ժամը, երբ ուսիդ առար կենսաբեր խաչափայտը:

Հիշի՛ր, բարձրյալ, քո բարձրանալը կենդանարմատ փայտին և գամերով ամրանալը:

Հիշի՛ր, մի՛ մոռանար ծարավից նեղվելը և լեղի ու քացախ ճաշակելը:

Հիշի՛ր, մի՛ մոռանար «Էլի, Էլի» ձայնը, և զինվորից խոցվելը:

Հիշի՛ր, մի՛ մոռանար վարդագույն սուրբ արյանդ հոսելը և աստվածացած գլխիդ խոնարհվելը:

Հիշի՛ր, կենդանիդ հավիտենից, եռօրյա թաղումն ու աստվածորեն հարություն առնելը և հրաշափառորեն համբարձվելը:

Հիշի՛ր, հիշի՛ր կորսվածիս, հիշատակդ հավիտենից, քանի որ մեղավորիս համար հանձն առար այս ամենը, բոլորագութ Տեր:

Արդ, այս ամենն ունեմ քո առջև միջնորդ ու բարեխոս, բազումողորմ, ողորմի՛ր ինձ և թո՛ղ իմ բոլոր հանցանքները և սրբիր մեղքերից, ազատի՛ր գեհենի անվախճան վշտերից և ինձ տեղ տուր քո արքայության մեջ, չէ՛ որ դու մարդասեր Տեր ես:  Եվ քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

(ՀԱՎԵԼՈՒՄ)

...Քաղցր և անոխակալ, և թող իմ մեղքերը, որ գործել եմ` կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ, և հանի՛ր ինձնից քարեղեն սիրտը, և տուր մարմնեղեն սիրտ, և Սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից: Հեռացրո՛ւ ինձ ամեն տեսակ չար գործերից, որ դու ատում ես, և ինձ մոտեցրո՛ւ բարի գործերի, որ դու սիրում ես` գնալու քո աստվածային պատվիրաններին: Որովհետև թեպետ քո

առջև օրըստօրե բազմացրի իմ մեղքերը, բայց դու իմ բազում մեղքերին համարժեք մի՛ տուր ինձ և իմ անօրինության համաձայն մի՛ հատուցիր ինձ, քանի որ ես կավ եմ, իսկ դու` իմ ստեղծիչը, եւ քո ձեռքի գործն եմ: Մեղա, անօրինացա և մատնվեցի անօրեն թշնամու ձեռքը, և շեղեցի ոտքերս քո ուղիղ շավիղներից, և սիրտս չերկնչեց քեզնից: Եվ այժմ, Տեր իմ և Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոս, իսպառ մի՛ թող քո ձեռքից [ինձ, որ] քո սուրբ արյան գինն եմ: Որովհետև թեպետ ես իմ չար գործերով բարկացրի քո սուրբ անունը, և ողորմած ու անբեկանելի Աստծուդ բարկացրի աշխարհի վրա իմ չար գործերով ու անառակ վարքով, և ընկա նրանց ոտքի տակ, որ քո անունը չկանչեցին, բայց քեզ մոտ ընկա արգանդից ավազանի, և օտար աստվածներ չկան: Դու ես իմ հայրը, Հիսուս Քրիստոս, և բարիքներ տվող, և իմ մեղքերը քավող. հեռացրո՛ւ ինձնից մեղքի աղտն ու հիվանդությունները, քեզ եմ դիմում օր ու գիշեր` մեղա երկնքի և քո առջև: Աստված, քավի՛ր ինձ` մեղավորիս, բա՛ց արա դուռը, ինչպես բացիր դրախտի դուռն ավազակին, և ինձ տո՛ւր առանց նեղությունների, հստակ հայցումով ու մաքուր մտածությամբ և առաքինաջան գործով, սուրբ սրտով և հաստատուն հավատով սպասավորել քո սրբարար սեղանին: Եվ մի՛ նայիր անարժանությանս, որ քո առջև եմ ամոթալից մեղապարտ անձամբ, քանի որ դու գիտես իմ հանցանքը, որ քննում ես բոլորի սրտերն ու երիկամները, և իմ մեղքերի հաճախությունը չեմ կարող քեզնից թաքցնել, որովհետև ծածկագետ ես: Այո՛, աղաչում եմ քեզ, մարդասեր, քաղցր և անոխակալ, ներողամիտ և բազումողորմ, եթե բոլոր սրբերին քո առջև բարեխոս չունենայինք, չէինք կարող աղաչել քեզ: Բայց առավել բարեխոս ունեմ քեզ մոտ քո կամավոր տնօրինական խորհուրդը, որ ինձ` մեղավորիս համար կատարեցիր կամովին ...

  1. ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ

Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար: Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը` քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին: Ինձ համար աղաչիր քո անդրանիկին, կանգնի՛ր նրա առջև` սուրբ ստինքներդ ցույց տալով, նրա առջև միջնորդ ու բարեխոս դարձրու իր մանկությունը, կաթով սնվելը որպես մանուկ, ուսիդ առնելը, գրկով գգվելը, շրթներով համբուրելը, ողջագուրելն իբրև մանկան, քո գնալ-գալը նրա հետ Եգիպտոս և Նազարեթ և ամենուր, նրա համար տրտմությամբ տառապելը չարչարանքի ժամին, քեզ Հովհաննեսին հանձնարարելը, երբ խաչի վրա վշտով գամված էր, և քո դառն արտասուքը, որ վտակի պես հեղում էիր, երբ տեսար նրան խաչի վրա վտանգված: Քանի որ մատնվեց դատաստանի` տառապում էիր կսկիծով չարաչար տանջանքների համար, սաստիկ ծարավելուն, լեղի ու քացախ ճաշակելուն, քրքմնագույն արյան իջնելը տեսնելով, խաչից արնաներկ մարմինն իջեցնելիս, դիազարդած սուրբ գերեզման դնելիս:

Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք` [հիշեցնելով] նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ներե բազմամեղիս, և ջնջե իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմե դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ

Ռահ լույսի, և կյանքի ճշմարիտ ճանապարհ, հավերժ կենդանի Քրիստոս Աստված, դու ես լույսի դուռ և բխումն ողորմության, դու ես քաջ հովիվ և մոլորյալներին դարձնող, դու ես մեղքերը ներող և հանցանքները քավող: Քո հանցավոր ծառաս և բազմամեղս խնդրում եմ քո առատ ողորմությունից` մի՛ հիշիր իմ առաջին մեղքերը, այլ միջիններով ու վերջիններով վերացրու ինձնից: Սրբի՛ր ինձ սրբարար քո զորությամբ և ազատի՛ր անթիվ հանցանքներիցս, մաքրիր ինձ խղճմտանքիցս և արձակիր մեղքի կապերից: Թո՛ղ ինձ իմ պարտքերը, ինչպես թողիր անդամալույծին, և արդարացրու` ինչպես մաքսավորին, փրկիր ինձ աններելի տանջանքից և մոլորյալիս մտցրու քո սիրելիների խորանները, որպեսզի և ես նրանց հետ փառավորեմ քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ

Նայի՛ր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ, Հիսուս Քրիստոս: Մի՛ բարկանա ինձ վրա, Տեր իմ, իմ բազում մեղքերի համար, և մի՛ մերժիր իսպառ քո ձեռքի գործիս. ինձ չհասնի անոխակալիդ ցասումը, և մի՛ անտեսիր տարակուսածիս, Տե՛ր ներող և անհիշաչար: Հիշի՛ր, մարդասեր, մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մեղքի կապանքները պատեցին ինձ, և հանցանքի բազմությունը պաշարեց ինձ: Օգնությա՛ն հասիր կործանվածիս և փրկիր մեղքից  բռնվածիս, որից դողում եմ, դժոխքի դառնությունից փրկի՛ր ինձ, Տե՛ր իմ, և սարսում եմ անշեջ հրից, պահի՛ր ինձ` եղկելիիս, Աստված իմ. մեղքով աղտեղվածիս մաքրիր, Տե՛ր

իմ, և ինձ միացրու ի սկզբանե սրբերին, Աստվա՛ծ իմ. և մեղքերից խփվածիս հրավիրիր երկնքի անճառ արքայությունը` քո սուրբ անվան կամարարների մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ

Երկնայի՛ն Թագավոր, որ մի մեղավորի գյուտով ուրախացրիր Հորն ու Հոգուն` հրեշտակների հետ, մի՛ ուշացրու ինձ քո ողորմության գութը, գտի՛ր անդունդների խորքում մեղքով կորսվածիս և ուրախություն արա երկնավորներիդ բարձունքում, կանգնեցրու մեղքով գլորվածիս, սրբի՛ր աղտեղվածիս, դարձրո՛ւ մոլորածիս: Ինձ մի՛ թող գնալ իմ կամքով, որ ինձ չտիրեն բոլոր մեղքերս: Խնդրում եմ, Տեր, հայցում եմ, բախում, ինձ համար բա՛ց, Տեր, քո ողորմության դուռը: Չկորչի և զուր չանցնի այնքան չարչարանքդ ինձ համար, որ կրեցիր Գողգոթայում` խաչը, գամերը, ծարավը, լեղին, քացախը, տեգի հարվածները, արյանդ հեղումը, ահավոր ձայնը, ուժգին գոչումը, «Էլի, էլի» բարբառումը, նաև մյուս բոլոր վշտերը, որ կրեցիր կորուսյալիս համար: Որի առթիվ  քեզ մոտ միջնորդ ու բարեխոս ունեմ փրկարար տնօրինության կրածները. փրկի՛ր մեղուցյալիս գեհենի սպառնալիքներից և [ինձ]` անեղիդ արյան գնին լույսի առագաստ հասցրու, որ բոլոր սրբերի հետ փառավորեմ քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ

Ցավագնածս մեղքով և մեղքերի ու հանցանքների քավություն ցանկացողս խնդրում եմ քեզ,  բարերար և բարեգութ Տեր, հավետ մի՛ բարկանա իմ դեմ, բարերա՛ր, իմ բազում մեղքերի համար և իսպառ մի՛ զայրանա մեղքով ցնորվածիս, ներողամիտ Տեր: Հիշի՛ր, որ հեշտ տապալվող մարմին եմ, երևացող պատրանքները խաբեցին պակասամիտիս, և չարիքի ցանկությունը կուրացրեց հոգուս աչքերը. մոռացա քո գութն իմ նկատմամբ և վատնեցի քո ողորմության պարգևները, վանեցի քո անմահարար սերը և արհամարհեցի Արարչիդ խնամակալությունը, շեղվեցի քո օրենքներից, Տե՛ր, և ապստամբեցի հզորիդ պատվիրանների դեմ: Դրա համար մերժեցիր մեղուցյալիս և վար զարկիր ներքև ընթացողիս: Չկա ուրիշ տեղից ինձ փրկություն բացի քեզնից, իմ Տեր: Դու ստեղծեցիր ինձ, դի՛ր քո ձեռքը վիրավորված ոգուս վրա. մեղա քեզ, փրկությունդ հավիտենից, մի՛ շրջիր երեսդ ինձնից և բարկությամբ մի՛ շեղվիր քո անպիտան ծառայից: Ցո՛ւյց տուր երեսդ [ինձ]` քո ծառային և քա՛ղցր նայիր ամենատես աչքովդ, փրկի՛ր եղկելիիս հավերժական հրից և ազատի՛ր բորբոք հրից: Տարակուսածիս արժանի արա հասնելու անանց փառքին և փառաբանելու ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ

Իմ հույս Հիսուս Քրիստոս, քե՛զ եմ հույս տածում, և աղաչում եմ, որովհետև շատ են իմ հանցանքները ծովի ավազներից, երկնքի աստղերից ավելի, անթիվ, քան ալիքները, որ շարժվում են ծովում: Ահա ցույց կտամ մեղքերս և անօրինությունս, որ թաքցրի քեզնից, մեղա, Տե՛ր, մեղա, և անօրինությունս ինքս գիտեմ:

Մի՛ հիշիր իմ մեղքերը, Տե՛ր իմ, Տ՛եր, և իմ ամբարշտությունը մի՛ հաշվիր, Աստված իմ, Աստվա՛ծ:

Ըստ իմ անզգայության` մի՛ գանահարիր, Տե՛ր իմ, Տե՛ր, և մի՛ հատուցիր` ըստ իմ գործերի, Աստված իմ, Աստված:

Մի՛ մտիր դատաստան ինձ` ծառայիդ հետ, Տե՛ր իմ, Տե՛ր, և մի՛ դատիր ինձ դառն դատաստանով, Աստված իմ, Աստված:

Կշռելու մի՛ դիր մեղքիս ծանրությունը, Տե՛ր իմ, Տե՛ր, և մի՛ փնտրիր թիվը անհամար հանցանքներիս, Աստված իմ, Աստվա՛ծ:

Հարցուփորձելով մի՛ զարհուրեցրու ինձ, Տե՛ր իմ, Տե՛ր, և մանրամասն մի՛ քննիր իմ գաղտնիքները, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ:

Ահեղ ատյանում մի՛ հրապարակիր իմ գաղտնիքները, Տե՛ր իմ, Տե՛ր, և սաստելով մի՛ սպառնա ինձ, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ:

Ինձ մի՛ ասա. «Ծառա չար և վատ», Տե՛ր իմ, Տե՛ր, և մի՛ հրամայիր հրե կապանքներով կապել ձեռքերս ու ոտքերս, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ:

Ինձ մի՛ գցիր բորբոք բոցի մեջ, Տե՛ր իմ, Տե՛ր, և ծանակվածիս մի՛ ծածկիր բոցածավալ ծովում, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ:

Ինձ մի՛ տար գետը հրեղեն, Տե՛ր իմ, Տե՛ր, և կայծակների վտակով մի սպառիր ինձ, Աստվա՛ծ իմ, Աստված:

Տառապյալիս մի՛ տուր տարտարոսի ձեռքը, Տե՛ր իմ, Տե՛ր, և անվախճան որդերով մի պատուհասիր, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ:

Եղկելիիս չուղարկես արտաքին խավարը, Տե՛ր իմ, Տե՛ր, և չպարտադրես ողորմելիիս աչքերի լալն ու ատամների կրճտելը, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ:

Բազմամեղիս մի՛ առանձնացրու երանելիների խմբից, Տե՛ր իմ,Տե՛ր, և տարակուսածիս մի՛ զրկիր երանավետ փառքից, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ:

Այլ անհամեմատ մարդասիրությանդ և բազմախնամ ողորմությանդ համաձայն ողորմի՛ր ինձ` քո մեղուցյալ ծառային, և փրկիր գեհենի ավելի դառն վշտերից, և արժանի դարձրու քո խոստացած բարիքի մեջ մտնելու բոլոր սրբերի հետ և նրանց հետ փառավորելու քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՏԻՐՈՋԸ ԳԻՇԵՐՎԱ ՀԱՄԱՐ

Աղաչում եմ քեզ, ամենակալ Տեր Աստվա՛ծ, գոհանում եմ քո անհաս մարդասիրությունից, որ քո անարժան ծառային արժանացրիր հասնելու գիշերվա այս ժամին: Դու ես տերը ցերեկի և գոյացնողը գիշերի, դու պահպանի՛ր ինձ ցնորական կասկածներից և երևելի ու աներևույթ թշնամիների երկյուղից և ամրացրու դևերի դառնությունից ու բելիարի բռնությունից, սատանայի սաստից, մղձավանջների ծանրությունից, շինվածքների փլչելուց, մարդկանց նենգությունից, կախարդների աղանդից, մոլար մտքերից, աղտեղի մտածումներից, ցանկական ցավերից, քնի զարհուրանքից, դառն երազներից, չարի արհավիրքներից, խառնաշփոթ անուրջներից և բոլոր ուրիշ չար բաներից պահպանիր քո ծառային` ամենակեցույց շնորհովդ: Եվ քո բազմահնար ողորմությամբ շրջապատելով` անկողինս ամրացրո՛ւ բոլոր կողմերից` աջից ու ձախից, հյուսիսից ու հարավից, արևելքից ու արևմուտքից, երկինքն ի վեր և երկրին խոնարհ, առաքիր հրեշտակների խմբերը, Տե՛ր, բնակատեղը ծառայիդ: Տո՛ւր ինձ, Տե՛ր, լուսավոր միտք և օգտակար մտածմունք, տո՛ւր ինձ, Տե՛ր, մտքի արթնություն և զգայարանների զգաստություն, որպեսզի զվարթ մտքով ու արթուն խոհերով հանգստանամ և գոհությամբ փառավորեմ ամենասուրբ տերությանդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ԵՐԿՆԱՅԻՆ ԶՈՐՔԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

Սրբեր և սիրվածներ ամենասուրբ Երրորդությունից, սպասավոր հոգիներ, Գաբրիել, Միքայել, Ուրիել, Ռափայել` հրեշտակներ ու հրեշտակապետներ, պետություններ և իշխանություններ, զորություններ և տերություններ, սերովբեներ և քերովբեներ, հոգեղեն աթոռներ, հրեղեններ, բոցեղեններ, լուսեղեններ և մնացած բոլոր այլ երկնայիններ, որոնց առջև ընկնում և երկրպագում եմ ձեզ զարդարող Տեր Աստծուն, և ձեզնից խնդրում եմ հայցել Տիրոջից իմ հանցանքների թողություն և մեղքերի քավություն: Քանի որ ձեզ տրված է համարձակություն բարեխոսելու բոլոր մեղավորների համար: Որովհետև դուք սուրբ եք և մնում եք ամենասրբի մոտ: Դուք անմարմին եք և անմեղանչական, իսկ ես մարմնավոր եմ և մեղանչական: Դուք անմահ եք և լույսի մեջ բնակվող, իսկ ես` մահկանացու և մեղքի խավարով ծածկված: Դուք թեթևընթաց եք և մտքից արագ, իսկ ես` մեղքով ծանրացած և հանցանքով մոլոր: Դրա համար աղերսում եմ ձեզ, աղաչեցեք ինձ համար Տիրոջը, թողություն հայցեցեք բազում հանցանքներիս, քանի որ մարդասերն ինքն իսկ համաձայն է կորուսյալիս փրկության: Տարագրվածիս խնդրանքը մի՛ մատնեք անուշադրության, այլ մեղուցյալիս աղաչանքը միացնելով ձեր ամենամաքուր մաղթանքներին` մատուցեցեք կորածիս որոնողին, որ իմ փրկությամբ Տերը ձեզ ուրախություն տա երկնքում, իսկ ես, ձեր միջնորդությամբ մեղքերից սրբվելով և բոլոր հանցանքներից ազատվելով, փառավորեմ ձեզ հետ ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ

Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, որ քննում ես սրտերն ու երիկամները, երկնքի քո սրբությունից նայիր և տես եղկելիիս տարակուսած հոգին: Հանցանքներից ազատիր պարտականիս և մեղքերից մաքրիր բազմամեղիս: Քո աչքից մի՛ գցիր ինձ, Տե՛ր, և իզուր մի՛ խփիր ինձ հանցանքներիս համար: Արդ, աղաչում եմ քեզ, Տե՛ր, իմ վախճանի օրը ըստ արժանվույն արա, և խաղաղության հրեշտակ առաքիր ինձ` ծառայիդ, իմ հոգեվարքը թեթև արա և իմ հոգին խաղաղությամբ անցկացրու չարությունից դևերի, որ կան երկնի ներքո: Թող խավարեն նրանց աչքերը, որ չտեսնեն, և կործանի՛ր նրանց չարությունը, Տե՛ր: Քո սրտի սաստիկ վրդովմունքով, Տե՛ր, թող սպառվեն նրանց սպառնալիքները, բռնվի նրանց զարհուրանքը, գանահարվի նրանց ընթացքը, բռնվի նրանց բռնությունը, խափանվեն նրանց չար խորհուրդները, տոչորվեն նրանց տարափները, ջարդվեն նրանց խմբերը, կռփահարվեն նրանց գանգերը, ջնջվեն նրանց ջանքերը, և ջարդվեն բանակները, զարհուրեն զորքերը, մարեն շշունջները, պարտվեն պատերազմները, հարձակումները քարանան, անարգվեն զենքերը, աղարտվեն աղաղակները, մանրանան գործիքները, սպառվի սպառազինությունը, ցասումն իջնի, մեկնազենները մորմոքեն, ամբարտավանությունը ամաչի, քաջերն արհամարհվեն, լրբությունները լլկվեն, և նրանց ամբողջ միաբանությունը մարդասպանի հետ միանգամից ցրվի: Ա՛ռ քո զենքն ու ասպարը և հասիր օգնելու վտանգվածիս, հանիր քո սուրը և նրանց հեռացրու ինձնից, Տե՛ր իմ և Աստված իմ, զորությո՛ւն տուր քո ծառային, որ թշնամին չասի` հաղթեցի նրան: Ինձ բարության նշան արա քո խաչի նշանով, Տե՛ր, խոցոտիր նրանց սուր մեխերով, կոտրի՛ր նրանց բանակը, կարմիր քղամիդով ըմբերանիր նրանց, ապա եղեգնի հարվածներով գանահարիր նրանց, փշե պսակով նետահարիր նրանց, լեղիով ու քացախով, որ խմեցիր, կսկծեցրու նրանց, սուրբ արյանդ բխումով հերքի՛ր նրանց բազմությունը, քո սոսկալի չարչարանքով չարչարիր նրանց, «Էլի, Էլի» ձայնով հրդեհի՛ր նրանց, տեգով, որով խոցվեցիր, հեռացրու նրանց և ուրիշ տնօրինական տանջանքներով կործանի՛ր Բելիարին և նրանց ամբողջ չարությունը: Եվ ինձ` քո ծառային, Տե՛ր, անդրդվելի ու անդողալի պահիր նրանց երկյուղից, և նրանց բոլոր պատրանքներից ամրացրո՛ւ երևելիների ու աներևույթների մեջ, որ քեզնով պահպանված ու պարսպված` փառավորեմ տերությունդ հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ

Ցրի՛ր, Տե՛ր, քո սուրբ խաչի զորությամբ ինձ շրջապատած չար դևերի ընդդիմամարտությունը, կործանի՛ր նրանց:  Ողորմի՛ր ինձ` մեղապարտիս, քո ահեղ դատաստանի օրը և ինձ մի՛ տուր նրանց ժառանգություն, քանի որ կարող ես, բարերար, և ողորմիր հավիտենական զորությամբ, ասելով` «Հոգուդ խորտակումից ողջ մնա», կամ` «Թողնված լինեն քո մեղքերը», կամ` «Գնա՛ խաղաղութեամբ», սրբելով մեղքերից, չէ՞ որ դա է իսկական ողորմելը: Իսկ եթե ինձ դատես` ըստ իմ մեղքերի, անհնար է ինձ հարությունը մեռելներից. բազում են իմ անօրինությունները, բայց և անբավ է մարդասիրությունը քո, որ փրկությունն ես բոլորի: Հիշի՛ր ինձ, գթած, այցելիր, ողորմած, քանի որ քո անարատ ձեռքի ստեղծածն եմ: Իմ մեղքերով մի՛ անի և ըստ իմ անօրինության` մի՛ հատուցիր ինձ: Իմ բազում հանցանքների համար, որ գործեցի իմ ավաղելի կյանքում, ինձ մի՛ տուր գնալ հավիտենական կորստյան, այլ փրկիր ինձ անշեջ հրից և աններելի տանջանքից, հիշելով միայն աստվածային քո խոստումը, թե`«Չեկար կորցնելու մարդկանց հոգիները, այլ` ապրեցնելու»: Ինձ ցույց տուր անճառ մարդասիրությունդ և ինձ հաղորդակից արա այն ավազակին, որ մի խոսքով դրախտի ժառանգորդ եղավ: Ինձ շնորհիր իմ հայցածը, քանի որ միայն դու ես ինձ կյանք տվողը: Աղաչում եմ, քեզ, Տե՛ր, ազատիր ինձ սատանայի դառն ծառայությունից և մտցրու քո փառքի հարկերը` քո սուրբ անվան սիրելիների հետ, և մի՛ հաշվիր իմ անօրինությունը: Քեզ եմ գոչում` ըստ Դավթի. «Թե քննես իմ անօրինությունները, Տե՛ր, իսկ ո՞վ կարող է կանգնել քո առջև»: Բայց դու, մարդասեր, քո քաղցրությամբ նայիր ինձ և մի՛ հիշիր իմ զազրելի մեղքերի բազմությունը: Գիտեմ, որ արժանի չեմ քո ողորմությանը, բայց դու նաև անարժաններին սովոր ես ողորմել, որ եկար` կորած պատկերս փնտրելու, և նորոգելով փրկեցիր ու փառավորեցիր: Գթա իմ վշտահար անձին, քանի որ քեզ է տրված ապրեցնելու կարողություն, և քանի որ մեր փրկությունը քո մեծ ցանկությունն է: Գթա՛ և ինձ, որ բոլորից շատ ունեմ քո մարդասիրության սիրո և քո անճառելի քաղցրության սիրո կարիքը, և մի՛ պահանջիր իմ բյուր մեղքերի հաշիվը, որ հանցանք գործեցի` քո պատվիրանները մոռանալով: Թույլ չտաս ինձ գցել արտաքին խավարի մեջ, ուր աչքերի լալն է և ատամների կրճտելը, այլ ինձ ընդունիր քո հոտի փարախը և ինձ արժանի արա ողորմություն գտնելու քեզանից, որ քո երեսը չես դարձնում քեզ խնդրողներից, մի՛ դարձնի և ինձնից, աղաչում եմ քեզ, Տե՛ր իմ: Քո անարատ մոր և կույսի բարեխոսությամբ և աղաչանքով բոլոր քո սրբերի և երկնավորների, որոնք սկզբից ևեթ հաճո եղան քեզ, քո աստվածությանը. ընդունիր քո մեղուցյալ ծառայիս աղաչանքը և մի՛ անտեսիր ինձ քո բարերար խնամքից, բազմագութ և ողորմած, Տեր մեր Հիսուս Քրիստոս: Քանի որ թեև ինձ անհամարձակելի է խնդրանքս, բայց քեզ առավել ցանկալի է, որովհետև ողորմած ես, արժանացրու ինձ` քո սրբերի հետ մտնելու լույսի երկնային խորանները և ժառանգելու քո սրբերի համար աշխարհի սկզբից պատրաստած արքայությունդ, և նրանց հետ միշտ գոհանալով` փառավորելու քեզ ամենակալ Հոր և Սուրբ Հոգուդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ ԵՎ ԲՈԼՈՐ ՍՐԲԵՐԻՆ

Երկնային դուռ և առագաստ անմահ արքայի, Լույսի մայր և անրատ Կույս, որ մարմնով ծնեցիր Բան Աստծուն, և երանեցին քեզ բոլոր ազգերը, որ պարծանքն ես մարդկային ցեղի և միշտ բարեխոս Միածնի առջև, ընկնում եմ քո առաջ և աղաչում քեզ. քո սուրբ կաթով, որով սնեցիր անդրանիկ Որդուն, բարեխոսիր նրա մոտ, որ ինձ սրբի մեղքերից և ազատի բոլոր սխալներից: Այլև դուք, ով սրբեր և Տիրոջից սիրվածներ, սկզբնապես հրավիրվածներ և որովայնից ընտրվածներ, առաքյալներ և մարգարեներ, հայրապետներ և վարդապետներ, մարտիրոսներ և վկաներ, նահատակներ և ճգնավորներ, կույսեր և միանձններ, և բոլոր մյուս հաճոյացածներ Աստծուն` յուրաքանչյուր ազգից, որ ամբողջ սրտով սիրեցիք բոլորի Տիրոջը և տկար մարմնով անմարմինների քաջության հանդես ցուցադրեցիք. քարով քարկոծվեցիք, հրով փորձվեցիք, սրով խողխողվեցիք, ջրով խեղդվեցիք, պարաններով կապվեցիք ու կախվեցիք, փայտով խաչվեցիք, սովով հալածվեցիք, ծարավով մաշվեցիք, եղեգնով ձաղկվեցիք, գազաններով ահաբեկվեցիք, քքաջիլով ջարդվեցիք, տատասկով տանջվեցիք, գամերով բևեռվեցիք, բարձունքներից գահավիժեցիք, խորխորատներում սուզվեցիք, նետով խփվեցիք, ձեռքով կռփվեցիք, սիրելիներից մատնվեցիք, ծանոթներից ծանակվեցիք, բարեկամներից ատվեցիք, սնունդի տեղերից հալածվեցիք, նաև այլ ամեն չարչարանքով տանջվեցիք և խաչակցեցիք Քրիստոսին, որ և նրա հետ թագավորելու եք անվախճան հավերժին: Եվ այժմ, ես` անպտուղս բարիքներից և ունայնս արդարությունից, բազում մեղքերով պաշարվածս, ընկնում եմ ձեր անփուտ  ոսկորների առաջ, որ ծաղկել եք ամեն տեղ, որոնցից չի կորչի և ոչ մի մազ, աղաչում եմ ձեզ` Քրիստոսի սիրով, որ ունեք նրա նկատմամբ, նրա մոտ բարեխոս եղեք իմ բազմամեղ անձի համար, որ ինձ մաքրի իմ մեղքի աղտից և ազատի ինձ հանցանքի պարտքերից և փրկի անօրինացածիս գեհենի անեզրական տանջանքից և վշտագին դառնությունից և ինձ մասնակից ու հաղորդ դարձնի ձեր հանգստին, որ ես ևս, ձեզ հետ մնալով փառավորեմ ամենասուրբ Երրորդությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ` ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՄԱՐ

Առաջնորդ կյանքի և ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, և իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, և Մովսեսին` Սինա լեռը, և ժողովրդին` պարգևների երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Եմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ և մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամուց և բարով առաջնորդիր այնտեղ, ուր դիմում ենք, քանի որ դու ես ճանապարհ և ճշմարտություն և կյանք, և քեզ վայել է փառք և երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ

Լույս` Լույսից, աշխարհի Լույս, Քրիստոս Աստված, որ քո ողորմության լույսով լուսավորեցիր բոլոր արարածներին, և քո հավատացյալներից հալածում ես մեղքի և անգիտության խավարը և քո խնդրողներին չես անտեսում քո ողորմությամբ, բարերա՛ր, որ ավազակին մի խոսքով սրբեցիր մեղքերից և նրա համար բացիր դրախտի սրովբեափակ դուռը, և նրան խոստացար քեզ հետ մտնել հավիտենական հանգիստը: Արդ, ես նրա աղաչանքի աղոթքով դիմում եմ քեզ. հիշի՛ր և ինձ, Տեր, երբ գաս քո արքայությամբ, և բաց ինձ համար քո ողորմության դուռը` մտնելու հավիտենական հանգիստը, և քո բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ

Տե՛ր, Տե՛ր, Հայր և Աստված իմ կյանքի, ընկնում եմ քո առջև ու աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ` քո ծառայի տառապանքին և խնայիր մեղքով մոլորվածիս: Բժշկիր զարկվածիս և կանգնեցրու գլորվածիս, սպեղանի դիր խոցված ու թարախակալ հոգուս, և կապիր վիրավորվածիս վերքերը: Վերականգնի՛ր, քանզի կորա ու կործանվեցի բազում անօրինություններովս, և չարիքներս բարձրացան իմ գլխից վեր. մեղքի կապանքները փաթաթվեցին ինձ յոթնապատիկ, և իմ սխալությունները պաշարեցին ինձ, և թիվ չկա իմ անզգամությանը: Մեղա քեզ, փրկությունդ հավիտենից, վստահություն չունեմ ահավորիդ անունը կանչելու թշվառիս վրա. իմ երեսի ամոթն ինձ ծածկեց, և իմ մեղքերի փշերը խփեցին ինձ: Եվ այժմ, Տե՛ր իմ, Տե՛ր, ո՞ւմ ապավինեմ կամ ո՞ւմ դարձնեմ իմ փրկության հույս ու ապավեն: Բայց թեկուզև բազում անգամ բարկացրի Բարձրյալիդ, սակայն քեզ կդիմեմ. մի՛ մտիր դատաստան քո ծառայիս հետ, Տե՛ր իմ, և մի՛ հատուցիր` ըստ իմ գործերի, Աստված իմ:

Զայրույթով ու սպառնալիքներով մի՛ սաստիր ինձ, Տե՛ր իմ, և մի՛ ահաբեկիր բարկությամբ եղկելիիս, Աստված իմ:

Մեղապարտիս մի՛ մատնիր հավիտենական կայծակների մորմոքման, Տե՛ր իմ, և ողորմելիիս մի՛ ուղարկիր անողորմ տանջանքների, Աստվա՛ծ իմ:

Տարագրվածիս մի՛ տար տարտարոսի տագնապի, Տե՛ր իմ, և վհատվածիս չտիրանան անսպառ վշտերը, Աստված իմ:

Ինձ վրա չբարձրանա հրաբորբոք բոցը, Տե՛ր իմ, և բազմամեղիս վրա մի գցիր մթագին հնոցը, Աստված իմ:

Տառապյալիս վրա չպարեն անվախճան որդերի խմբերը, Տե՛ր իմ, և զազրագործ բազմամեղիս մի՛ դարձրու նրանց չար ժանիքների կեր, Աստված իմ:

Ծանակված ծառայիս չծածկի հրեղեն ծովը, Տե՛ր իմ, և վրդովվածիս վրա չվազի հրախառն հորձանքների վտակը, Աստված իմ:

Ինձ մի՛ ուղարկիր արտաքին խավարը, Տե՛ր իմ, և աշխարելիս չընկնեմ ապականության փոսը, Աստված իմ:

Ինձ մի՛ անջատիր երանելիների երամից, Տե՛ր իմ, և հանցավորիս չզրկես ընտրյալներին հաղորդվելուց, Աստված իմ:

Ահագին ձայնով չձայնես` «Ծառա չար և վատ», Տե՛ր իմ, և տարակուսածիս մի՛ անտեսիր հավիտենական օրհնություններից, Աստված իմ, այլ քո ողորմությամբ ողորմի՛ր ինձ և քո անհաս մարդասիրությամբ գթա՛ ինձ:

Աղաչում եմ քեզ, Տե՛ր, քո սրբարար զորությամբ սրբիր ինձ` մեղքով աղտեղվածիս և քո ազատարար իշխանությամբ ազատի՛ր ինձ գեհենի դառն վշտերից: Ինձ տեղ տուր լուսափայլ առագաստում և տարակուսածիս դասիր իմաստուն կույսերի շարքը: Տե՛ր, տո՛ւր, աղաչում եմ քեզ, խոստացած բարիքը` բոլոր ընտրյալների հետ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ Երրորդությունդ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԱՂՈԹՔ ՈՐԴԻ ԱՍՏԾՈՒՆ

Աստծու որդի, ճշմարիտ Աստված, որ մեր` մարդկանց փրկության համար մարդու որդի եղար. Որդի Աստծու, որ քո անհաս մարդասիրության համար խոնարհվեցիր քո անճառ փառքից, և որոնելու ելար Ադամի այս տան կորցրած պատկերիդ և քո տնօրինական տանջանքների հետ երկրում փրկություն իրագործեցիր, և ազատեցիր մահի և մեղքի ծառայությունից, և հողեղեններիս հրավիրեցիր արդարության և քո փառքին, և մահկանացու այս բնությունը հաղորդ ու ժառանգակից դարձրիր երկնային անմահական զորքերին: Եվ այժմ, Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, այս բոլոր բարությունները, մարդասիրապես շնորհելով, ստեղծեցիր, իմ ծովացած մեղքերի պատճառով միայն ե՛ս չլինեմ զրկված անհատույց պարգևներիցդ, և իմ հանցավոր խոսքերի համար միայն ես զուրկ չմնամ այդպիսի փրկությունիցդ, այլ ինչպես ելար կորսված ոչխարի որոնման և գտնելով` առար ուսիդ, ինձ` կորսվածիս փնտրող եղիր, և ինչպես ողորմեցիր քանանուհուն և խնդրանքը կատարեցիր, կատարի՛ր և իմ խնդրանքը, որ իմ մեղքերի համար պաղատում եմ: Եվ ինչպես քո բերանի խոսքով սրբեցիր բորոտին, սրբիր և ինձ իմ բոլոր սխալներից: Եվ ինչպես անդամալույծին առողջացրիր, առողջացրո՛ւ և ինձ` չարիքով լցվածիս: Եվ ինչպես հիվանդներին բուժեցիր, բուժի՛ր և ինձ` ցանկությամբ հիվանդացածիս: Եվ ինչպես դևերին մարդկանցից հալածեցիր, հալածի՛ր և ինձնից իմ կյանքի թշնամուն: Եւ ինչպես կույրերին լուսավորեցիր, լուսավորի՛ր և ինձ` մեղքով խավարածիս: Եվ ինչպես մեռելներին հարություն տվիր, հարություն տուր և ինձ` հանցանքով մահացածիս: Եվ ինչպես ծովի ալիքները սանձեցիր` սաստելով հանդարտեցրու և իմ մեղքի ալիքները: Եվ ինչպես անապատում սովյալներին կերակրեցիր` կերակրի՛ր և ինձ` ճշմարիտ սովյալիս քո առատ ողորմությունից:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, որ ուզում ես` ամեն մարդ լինի և գա ճշմարտության գիտության, ուստի քո անձը փրկանք տվիր բյուրերի փոխարեն. հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, որ [մարդկանց համար] իջար քո հայրական ծոցից անճառ ծնունդով Սրբուհուց, խանձարուրով պատած մսուր դրվելուդ, կաթով կերակրվելուդ, բազուկներով բարձրացվելուդ, գրկով գգվելուդ, հողեղեն շրթունքներով համբուրվելուդ, և տաճարին ընծայվելուդ [համար], հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, Հորդանան մտնելուդ, Հովհաննեսից մկրտվելուդ, Սուրբ Հոգու իջնելուն, Հորից վկայվելուդ և անապատում փորձվելուդ համար, հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, աստվածահրաշ սքանչելագործելուդ, աստվածությունդ հայտնելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ: Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, Վերնատանը բազմելուդ, առաքյալներին լվանալուդ, պատարագի նոր ուխտը հաստատելուդ և Հուդայից մատնվելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, հրեաների խուժանից բռնվելուդ, կապվելուդ, լաթով պատվելուդ, շփվելուդ, հայհոյվելուդ, կռփահարվելուդ, ծեծվելուդ, թքով անպատվվելուդ, ծաղրվելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Ատյանում լինելուդ, դատավորից դատվելուդ, Հերովդեսից հարցաքննվելուդ, դպիրներից նախատվելուդ, քահանաներից կշտամբվելուդ, ժողովրդից պարսավվելուդ և զինվորներից տարվելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Կենսաբեր փայտին բարձրացվելուդ, Գողգոթայում կանգնելուդ, կամավոր բարձրանալուդ և բևեռներով գամվելուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, աստվածախառն մարմնիդ մերկանալուն, կարմիր քղամիդով զարդարվելուն, պատմուճանով ծածկվելուն, հանդերձներից բաժանվելուն, փշով պսակվելուն համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, քրտնաջան ծարավելուդ, լեղի և քացախ ճաշակելուդ, բարձրաձայն Հորը դիմելուդ, «Էլի, էլի» գոչելուդ և աստվածեղեն հոգիդ ավանդելուն համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, խաչից իջնելուդ, Հովսեփի ձեռքով պաստառակալվելուդ, գերեզման իջնելուդ, մատանիով կնքվելուդ, դժոխքն ավերելուդ, մեռելներից հառնելուդ, աշակերտներին օրհնելուդ և փառքով Հոր մոտ համբառնալուդ համար հիշի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ:

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, ինձ, ըստ իմ գործերի, մի՛ հատուցիր, ինձ մի՛ զրկիր քո ողորմությունից և մի՛ անտեսիր քո ձեռքի գործերը, և մի՛ զրկիր ինձ քո երանավետ խոստումներից, մի՛ մոռացիր քո ողորմությունը, ինձ մի՛ ուղարկիր հավիտենական տանջանքի, այլ հիշի՛ր ինձ, Տե՛ր, և ողորմիր ինձ, Տե՛ր, մի՛ տոչորեցրու ինձ հրեղեն տապակի մեջ, ինձ մի՛ գանահարիր գեհենով և ինձ վրա մի՛ բեր բորբոքած բոցը: Հիշի՛ր, հիշի՛ր, հիշատակդ հավիտենից, Տեր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, և նայիր ինձ քաղցրությամբ: Եվ հանուն քո Հոր երեսի փառքի, և հանուն Սուրբ Հոգուդ փառակցության, և հանուն սուրբ Աստվածածնի և քո բոլոր երկնավոր ու երկրավոր սրբերի սիրո և բարեխոսության, ինձ ազատի՛ր աններելի տանջանքներից ու գեհենի դառն վշտերից և ինձ արժանի արա երկնքի արքայությանդ, իսկ քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ  փառք, իշխանություն և պատիվ հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ՍՈՒՐԲ ՀԱՅՐ ԳԱՌՆԵՑՈՒ ԱՂՈԹԱԿԱՆ ԽՈՍՔԸ` ՇԱՀԱՎԵՏ ՄԱՐԴԿԱՆՑ

Այստեղ մեզ պետք է հառաչանքի ողբ և ջերմեռանդ արտասուք, բայց դու, ո՛վ սիրելի, արթուն եղիր, զգույշ մնա և զգաստ, մի ասա այն, որ քո հոգու համար բարի չէ, և մի՛ լսիր այն, որ ընդունելի չէ Աստծուն:

Արդ, ով ուզում է հավիտենական կյանք մտնել, պիտի ատի աշխարհի կյանքը, ով բաղձա անանց փառք, այստեղ պիտի հրաժարվի անցավոր փառքից:

Ով ցանկանում է դրախտի փափկություն, այստեղ չփափկանա մարմնով:

Ով սրտանց սիրում է Տեր Հիսուսին, այստեղ անբաժան պիտի մնա նրանից անարատ սրբությամբ:

Ով շտապում է մտնել լույսի առագաստը, այստեղ պիտի վերցնի ողորմության յուղը: Ով վախենում է անվախճան որդերից, այստեղ ատամներով չպիտի խածոտի իր եղբորը:

Ով զարհուրում է բորբոք կրակից, այստեղ իր միջից պիտի մարե նախանձի ու ցանկության բոցը:

Ով սոսկում է անշեջ հրից, այստեղ թող պահքով ու աղոթքով շիջեցնի ցանկության կրակը:

Ով վախենում է աչքերի լալուց և ատամների կրճտելուց, այստեղ չցամաքեցնի արտասուքի վտակները:

Ով սարսում է աններելի տանջանքներից, այստեղ լա անդադար, գիշեր ու ցերեկ:

Ով կամենում է երկար ուղիղ ճանապարհ գնալ, այստեղ պատրաստի պաշարը` լի և առատ: Ով ուզում է անդատ ու անդատապարտ մնալ դատարանում, այստեղ չդատապարտի իր եղբորը:

Ով իր Տիրոջը բյուր քանքարի պարտք ունի, այստեղ բաշխի իր եղբորը հարյուրավորը:

Ով ուզում է դևերի չարությունից անցնել երկինք, այստեղ պիտի խնդրի իր Տիրոջից օգնություն:

Ով պայծառ պսակներ է ցանկանում, այստեղ վշտերին պիտի համբերի Հոբի նման:

Ով ուզենա ազատվել բոցածավալ ծովից, այստեղ իր աչքերը պիտի ծովացնի արտասուքով:

Ով կամենա անվնաս ոտնատակ տալ հրեղեն գետը, այստեղ բազմացնի ողորմությունը:

Ով ուզում է մտնել անվրեպ վայելչության մեջ, այստեղ չծուլանա տեսակցության գնալ հիվանդներին:

Ով տրամադիր է երանավետ ձայնը լսելու` «Ազնիվ ծառա, բարի և հավատարիմ», այստեղ իր ականջները չխցի խնդրողների առջև:

Ով ուզում է խմել կյանքի աղբյուրից, այստեղ կարոտ մնա մի գավաթ գինու:

Ով ցանկանում է կուսական պսակ, այստեղ մաքուր ու անբիծ մնա աղտեղություն տեսնելուց: Ով ուզում է մտնել անտրտում հարսանիք, այստեղ պատրաստի հարսնարանի հանդերձանք: Ով ուզենա լսել փողի քաղցր ձայնը, այստեղ կարոտյալների ձայնը չանտեսի:

Ով ախորժում է Տիրոջն ընդառաջ վերանալ օդի ամպերով, այստեղ թող ընդառաջ գնա աղքատներին:

Ով զարհուրում է իր Տիրոջ խոսքից, երբ ասում է` «Ծառա չար և վատ», այստեղ արիանա ի հաճույս Տիրոջ:

Ով ակնկալում է իր Տիրոջ գալուստը հարսանքին` այստեղ արթուն, մնա երեկոյան և կեսգիշերին, և հավախոսին և առավոտյան, այսինքն` մանկությանը, երիտասարդությանը և ծերությանը, և նրան փառք հավիտյանս. ամեն: Վերջացավ խոսքս:

Արդ, ո՛վ պատվական եղբայրներ, քրիստոնյա հավատացյալներ, մտքով իմաստուններ, իմացեք` ինչ ասացի քիչ և որ ասելու եմ համառոտ, կպահեք ձեր մեջ խորին խորհրդով և կհոգաք: Ով այստեղ չի հոգում իր մեղքերի համար, այնտեղ` գեհենի հրում, կհոգա, որ չի օգնի:

Ով այստեղ փափուկ է, այնտեղ կչարչարվի անհուն հեծությամբ:

Ով այստեղ անհագաբար լցնում է որովայնը առանց խտրության, այնտեղ կհալչի ու կմաշվի անմխիթար: Ով այստեղ զմայլվի գինով, այնտեղ կկարոտի մեղրի կաթիլի:

Ով այստեղ անառակ ու անհագ կարկաչով ծիծաղի, այնտեղ անդադար լաց կլինի ու կողբա: Ով այստեղ հպարտանում է քաջախոսությամբ, այնտեղ կպապանձվի մեծ ամոթով:

Ով այստեղ ողորմություն չանի, այնտեղ չի հանդիպի ողորմության:

Ով այստեղ սովոր է անիծելու, այնտեղ կլսի` «Անիծված գնացեք հավիտենական հրի մեջ»: Ով կրոնով կեղծավորի, այնտեղ մեջտեղից կկտրեն և մասնակից կդարձնեն անհավատներին:

Ով այստեղ խռովարար ու ոխակալ է, այնտեղ տարտարոսը կժառանգի:

Ով այստեղ չարակնի ուրիշների բարուն, այնտեղ չի ստանա աշխատանքի վարձը:

Ով այստեղ դանդաղկոտ է աղոթելիս, այնտեղ կզրկվի սուրբ աղոթարաններից:

Ով այստեղ  մեղքի խտրություն չի դնում, այնտեղ կմտնի դժոխք ու տանջանքի մեջ:

Ով այստեղ անողորմ ծեծի մարդու կամ անասունի, այնտեղ կծեծվի հրեղեն գավազանով:

Ով այստեղ չապաշխարե չարիքները, այնտեղ կփակվեն ապաշխարության դռները: Ով դադարի գթալ աղքատներին, այնտեղ նրա առջև կփակվի դուռն առագաստի:

Ով այստեղ իրեն արդար կարծի, այնտեղ կփակվի խավարի բանտում: Ով այստեղ այլոց մեղքը բամբասի, այնտեղ կդատվի դառն տանջանքով: Ով այստեղ մահվան օրը մոռանա, այնտեղ կմեռնի հավերժի մահով:

Ով այստեղ ցասկոտ ու բարկացող է, այնտեղ Աստծու բարկությունն է սպասում իրեն:

Արդ, ո՛վ անդրանիկ իմ եղբայրներ, մի՛ վստահեք աշխարհի անցավոր կյանքին և մի՛ խաբվեք այս խաբուսիկ կյանքի երևույթով:

Մի՛ դադարեք աղոթելուց և մի՛ դանդաղեք բարեգործելիս:

Ձեր բերանը մեկի մասին չար բան չխոսի, իսկ մեռած մարդու ամենևին մի՛ բամբասեք:

Ձեր մեջ հպարտության ոգի մի ցուցադրեք և մի՛ կորցրեք ձեր աղոթքի ժամանակը:

Ո՛վ սիրելի եղբայրներ, պինդ մնացեք Աստծու կամքին, հրաժարվեցեք և հեռու [եղեք] ամեն չարիքից. այստեղ ջանացեք, այստեղ ճգնեցեք և հաշտեցրեք ձեր Տիրոջը և չարի փոխարեն բարի գործեցեք, մեղքի մեջ` արդարություն, բարկանալու դիմաց` հեզություն, ոխակալության դեմ` անոխակալություն, նախանձի հանդեպ` աննախանձություն, չարության դեմ` անհիշաչարություն, դառնության դեմ` քաղցրություն, և Քրիստոսին փառք հավիտյանս. ամեն:

  1. ՍՈՒՐԲ ՀԱՅՐ ԵՎ ՎԱՆԱԿԱՆ ԳԱՌՆԵՑՈՒ ԱՍԱԾ ԱՂՈԹՔԸ

Արդ, ո՛վ իմ տառապած անձ, ծախված սատանայիցն, ինչո՞ւ չես սգում քո կորուստը, ի՞նչ հույսով քաջալերված դատարկ ես բարի գործերից, չէ՞ որ քո առջև անգյուտ կորուստն է, որովհետև իսպառ բարկացրիր Արարչին և չճանաչեցիր բարեգործին, այլ ընդդիմացար նրան, որ քեզ կամեցավ իր փառքը: Այժմ նրան ո՞վ կաղաչի քեզ հետ հաշտվելու, ողորմելի և թշվառական, ինչո՞ւ չկասկածեցիր ու չակնածեցիր նրա փառքին, ինչի՞ համար քո կորուստը կամեցար, ո՞վ համոզեց քեզ ապստամբելու քո Տիրոջ դեմ, ո՞վ կողոպտեց քո փառքը, ո՞վ աղքատացրեց քեզ քո ճոխությունից: Արդ, ո՞ւմ հավատալով ոստնեցիր հայրենի գրկից և տրտմեցրիր գութը նրա, որ քեզ սիրում էր, ուզում էր, որ միշտ իր մոտ լինեիր, իսկ դու նրան արհամարհելով` նրա թշնամիների հետ գնացիր, ո՞ւմ արեց չարություն, որ հատուցեցիր:

Վա՜յ քեզ, ո՛վ տառապյալ իմ անձ: Այս պատճառով նրա ողորմությունը ցասման է փոխվել, և նրա սիրո ջերմությունը փոխվել է ատելության, նրա ձեռքը բարձրացել է քեզ խփելու, և նրա սուրը սրված է քեզ փնտրելու: Եվ` երանի միայն այստեղ, քանի որ փոքր է այստեղի ժամանակի հարվածը, և դրանով չի վերջանա իմ մեղքերի բազմությունը, ավա՜ղ մեծ տուգանքիս, ո՞ւմ ինչով փոխանակեցի: Բնության արտասուքն ինձ բավական չէ ողբալու իմ կորուստը. կեղտոտ պատմուճանի համար զրկվեցի սուրբ հարսանիքից, մերժվեցի երանելի ցնծությունից, յուղի պակասության պատճառով զրկվեցի սուրբ առագաստից, և դռները փակվեցին, և ինչպե՞ս համարձակվեմ բախել, գուցե անարժանիս բարբառի փեսան, թեպետ ողորմած է, գուցե ինձ իրենից հեռու վտարի, կամ հրամայի կապել ու տանել արտաքին խավարի մեջ: Այո՛, վա՜յ թշվառությանս, դժվարին պատասխանին, ինձ հասնում է զրկվել մշտնջենական կյանքից և ժառանգել տարտարոսի անվախճան պատուհասը: Երանի բնավ ծնված չլինեի և չտեսնեի արեգակի լույսը, երանի թափված լինեի և դուրս ընկած իբրև վիժած, քան Փրկչի քաղցրախոս բերանից ընդունեի հրաժարման ձայնը:

Այժմ ո՞վ կաշխարե ինձ հետ իմ կորուստը կամ ո՞վ կտրտմի իմ թշվառության վրա: Աշխարհ, ինձ սգակի՛ց եղեք, անշունչ տարրեր, ողբացեք ինձ, Աստծու սուրբ հրեշտակներ, տրտմեցեք իմ կորստյան առթիվ, աղաչեցեք բարերար Աստծուն, գուցե խնայե իմ անձը, որովհետև ես չեմ համարձակվում խնդրել` բազում մեղքերիս համար ամոթահար, կամ թեև գիտեմ նրա անչափ քաղցրությունը, բայց վախենում եմ իմ մեղքերի բազմությունից, ուզում եմ մոտենալ և աղաչել, բայց ամաչում եմ ելնել Տիրոջ դեմ, որին զայրացրի բազում անգամ, վստահ եմ նրա ողորմությանը, բայց իմ խայթող մտքերը ամաչեցնում են ինձ: Չեմ համարձակվում պաղատել, այլ ակնկոր և ամաչելով պապանձվել եմ և չեմ համարձակվում բանալ իմ բերանը: Թե մի միջնորդ լիներ, որ ինձ նրանից համարձակության մուրհակ տար, թերևս կարենայի մոտենալ նրան աղոթելու: Բայց կարծում եմ, որ ինձնից զզվեցին բոլորը, որ սիրում են Աստծուն, և եթե փրկության հնար ենթադրեմ` ապավինելով նույն Իրեն, որ կարեկցաբար գթում է իր ձեռքի գործերին, որ միակ գթածն է, ողորմածը, ներողամիտը, անոխակալը, քաղցրը, անհիշաչարը և բազումողորմ բոլորի հանդեպ, ովքեր կսիրեն նրա գալուստը, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ. ամեն:

  1. ԳԱՌՆԵՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՍԱԾ ԱՂՈԹՔԸ

Օրհնյալ ես, Սուրբ Հայր, Աստված ճշմարիտ, բոլոր սխալներից սրբի՛ր մեզ` մեր ննջեցյալներով և մեղավոր անձովս: Պահի՛ր ճանապարհ ելածներին, ուղղի՛ր նավողներին, սփոփի՛ր վտանգվածներին, ե՛տ դարձրու արժանահաս պատուհասը, կյանքի՛ կոչիր հարված ստացածներին, հարվածի՛ր Բելիարին, սանձի՛ր սատանային, տոչորի՛ր դևերին, հերքի՛ր նրանց հնարքները և խորտակի՛ր նրանց բոլոր խաբեությունները, ազատի՛ր գերվածներին, արձակի՛ր կապվածներին, կանգնեցրո՛ւ գլորվածներին, հաստատի՛ր ընկածներին, բժշկի՛ր բեկվածներին, ուրախացրո՛ւ վիրավորվածներին, հավաքի՛ր ցրվածներին, լուսավորի՛ր խավարածներին, փրկի՛ր փորձության մոտեցածներին, քավի՛ր մեղք գործածներին, սրբի՛ր աղտեղվածներին, սպեղանի՛ դիր խոցվածներին և ընդհանրապես բոլորին բարեգործի՛ր, տկարներին զորացրո՛ւ, տխուրներին ուրախացրո՛ւ, տգետներին իմաստնացրո՛ւ, օտարին դարձրու ընտանի՛, հեռացածներին մոտեցրո՛ւ, հոգով և մարմնով հիվանդացածներին առողջացրո՛ւ, մեղքի մեջ ընկածներին զգուշացրո՛ւ, հակառակվածներին հաշտեցրո՛ւ, հպարտներին հնազանդեցրո՛ւ, անզգամին զգուշացրո՛ւ, չապաշխարողներին զղջա՛լ տուր, հոգով և մարմնով թմրածներին զգաստացրո՛ւ, ցասկոտներին հանգստացրու, մեղքի վարժվածներին զարհուրեցրո՛ւ, խռովածներին խաղաղեցրո՛ւ, կարծրին կակղացրո՛ւ, ամբարտավաններին հնազանդեցրու, դևերից դանդաղածներին հեշտացրո՛ւ, ցանկասերներին պարկեշտացրո՛ւ, ցանկության ցավերը թուլացրու և ընկղմվածներին փրկի՛ր, չարից բռնվածներին դարձրո՛ւ, և բոլորի առհասարակ միտքը, հոգին և մարմինը քո կամքով պահիր, հայցելով ու փնտրելով բոլորին: Տե՛ր, դիր քո երկյուղը ամեն աչքի ու մտքի առջև, խնայի՛ր, Տե՛ր, սուրբ խորանները նսեմությունից և եկեղեցին` բեկումից: Տե՛ր, տո՛ւր խաղաղություն ամբողջ աշխարհին և լիություն ամեն բարիքի, ողորմի՛ր մեզ:

  1. ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑՈՒ ԱՍԱԾ ԱՂՈԹՔԸ

Ընկնում եմ քո առաջ և աղաչում քեզ, նայի՛ր քո ծառայիս տառապանքին և խնայի՛ր մեղքով մոլորվածիս, բժշկի՛ր բեկվածիս և կանգնեցրո՛ւ գլորվածիս, սպեղանի՛ դիր խոցված և թարախակալ հոգուս, կապի՛ր խոցերը վիրավորվածիս: Վերստին կանգնեցո՛ւ, քանզի կորա, կործանվեցի բազում անօրինություններով, և չարիքներս բարձրացան իմ գլխից վեր: Մեղքի կապանքները շրջապատեցին ինձ, իմ յոթնապատիկ սխալները պաշարեցին ինձ, և թիվ չկա իմ անզգամությանը, մեղա քեզ, փրկությունդ հավիտենից: Վստահություն չունեմ ահավորիդ անունը կանչելու իմ թշվառ (հոգուն): Երեսիս ամոթն ինձ ծածկեց, եւ մեղքերիս փշերը հարվածեցին: Եվ այժմ, Տե՛ր իմ, Տե՛ր, ո՞ւմ ապավինեմ, կամ ո՞ւմ դարձնեմ ինձ հույս ու ապավեն: Բայց թեպետ բազում անգամ բարկացրի Բարձրյալին, սակայն քեզ կդիմեմ:

Դատաստան մի՛ մտիր ինձ` քո ծառայի հետ, Տե՛ր իմ, և մի՛ հատուցիր, ըստ գործերի, Աստվա՛ծ իմ:

Քո զայրույթի սպառնալիքով մի՛ սաստիր ինձ, Տե՛ր իմ, և եղկելիիս մի՛ ահաբեկիր բարկությամբ, Աստվա՛ծ իմ:

Մեղուցյալիս մի՛ մատնիր հավերժ կայծակների մորմոքման, Տե՛ր իմ, և ողորմելիիս մի՛ ուղարկիր անողորմ տանջանքների, Աստվա՛ծ իմ: Տարագրվածիս մի՛ տանիր տարտարոսի տագնապին, Տե՛ր իմ, և ինձ` վհատածիս չտիրեն անսպառ վշտերը, Աստվա՛ծ իմ:

Չբարձրանա ինձ վրա բորբոք բոցը, Տե՛ր իմ, և բազմամեղիս վրա մի՛ գցիր մթամած հնոցը, Աստվա՛ծ իմ:

Թող չպարեն տառապյալիս վրա անվախճան որդերի խմբերը, Տե՛ր իմ, և զազրագործ բազմամեղիս վրա մի բեր նրանց չար ժանիքների թույնը, Աստվա՛ծ իմ:

Ծանակված ծառայիս չծածկի ծովը հրեղեն, Տե՛ր իմ, և վրդովվածիս վրա չվազի հրախառն հորձանքների վտակը, Աստվա՛ծ իմ:

Ինձ մի՛ ուղարկիր արտաքին խավարը, Տե՛ր իմ, և աշխարելիս չընկնեմ ապականության փոսը, Աստվա՛ծ իմ:

Չանջատես երանելիների երամից, Տե՛ր իմ, և անցավորիս չզրկես ընտրյալներին հաղորդվելուց, Աստվա՛ծ իմ:

Ահագին ձայնով չգոչես` «Ծառա չար և վատ», Տե՛ր իմ, և չանտեսես հավերժի օրհնություններից շեղվածներին, Աստվա՛ծ իմ:

Այլ ողորմությամբդ հավիտենից ողորմի՛ր ինձ և անհաս մարդասիրությամբդ սրբի՛ր ինձ` մեղքով աղտեղվածիս, և քո ազատարար իշխանությամբ ազատի՛ր ինձ գեհենի դառն վշտերից: Տե՛ղ տուր ինձ լուսափայլ առագաստում և դասիր տարակուսածիս իմաստուն կույսերի շարքում: Տե՛ր, տո՛ւր, աղաչում եմ քեզ, խոստացածդ բարիքը բոլոր ընտրյալների հետ, որպեսզի նրանց հետ փառավորեմ ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս. ամեն:

  1. ՆՈՒՅՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՍԱԾ ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ

Հոգի՛ Աստծու, Աստվա՛ծ ճշմարիտ, Հոգի՛ իմաստության և գիտության, Հոգի հանճարի և զորության, Հոգի ճշմարտության և աստվածպաշտության, և մխիթարիչ, Հոգի համագոյակից և հավասար Հորն ու Որդուն, աղաչում եմ քեզ, որ արարչության ժամանակ շրջելով համասփյուռ ջրերի վրա` գոյացրիր բոլոր արարածները, ինձ և՛ս արա նոր նորոգություն: Հոգի Սուրբ Աստված, աղաչում եմ քեզ, որ Բեսելիելին ու Եղիաբին լցրիր իմաստությամբ` կերտելու վկայության խորանի մնայուն հորինվածքը, ինձ ևս լցրու իմաստությամբ` քո կամքին մնալու: Աղաչում եմ քեզ, որ շնորհեցիր մարգարեներին նախապես պատմել Միածնիդ աշխարհ գալը, ինձ կանխատեսությո՛ւն տուր` մշտապես իմանալու և կատարելու բարին: Աղաչում եմ քեզ, որ մկրտության օրը երկնքից իջնելով` հայտնեցիր քո էակցի Աստված լինելը և Հայր կոչելով որդիությունդ` ի հաճույս քո դրոշմի՛ր ինձ: Աղաչում եմ քեզ, որ Պենտեկոստեի օրը երրորդ ժամին իջար երկնքից առաքյալների դասի մեջ և հրազինված մաքրազարդելով` նրանց առաքեցիր քարոզելու տիեզերքի ոլորտներում, գաս և ինձ մոտ` բնակվելու ինձ մոտ և սրբելու իմ հոգու աղտեղությունը: Աղաչում եմ քեզ, որ երբ Պետրոսը խոսում էր Կուռնելիոսի տանը` իջար լսողների հոգիներին, իջնես և ինձ մոտ և ինձ դարձնես բնակարան քեզ: Աղաչում եմ, որ սկզբից մինչև հիմա և մինչև գալոց ապառնիները ամեն ինչ ամենով լցնես, ինձ ևս չանտեսես անբավ բարությունիցդ [զրկելով], այլ քո սրբարար զորությամբ սրբի՛ր իմ բոլոր հանցանքներից: Ողորմի՛ր և բոլոր ննջեցյալներին, որ Աբելից մինչև այսօր [եղել են], ո՛ւմ հարկ է` ողորմել նրանց: Ողորմի՛ր բոլոր կենդանիներին, որ կան, և որ այսուհետև լինելու են կենդանի` անբան թե բանավոր: Ճանապարհ ընկածներին պահի՛ր, նավորդներին ուղղություն տուր, վտարանդվածներին սփոփիր, արժանահաս պատուհասները ետ դարձրու, խրտնածներին պատսպարի՛ր, խփվածներին կյանքի կոչիր, բելիարին բեկիր, սատանային սանձիր, դևերին դեգերել տուր, նրանց հնարքները հերքիր, նրանց խաբեությունը խափանիր, գերիներին ազատիր, կապվածներին արձակիր, գլորվածներին կանգնեցրու, ընկածներին հաստատիր, կոտրվածներին բժշկիր, վիրավորներին կապիր:

  1. ՆՈՒՅՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ` ՕՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԺԱՄԻ ՊԱՏԱՐԱԳԻ ՀԱՄԱՐ

Աստվա՛ծ, մեր Աստված, կենդանարար Աստված և հավերժ կենդանի, որ քո հավիտենական ողորմությամբ լցրիր երկիրը, և քո խոսքով հաստատեցիր երկինքը, և բերանիդ շնչով գոյացրիր նրա բոլոր զորությունները, մարդն ստեղծեցիր հողից և նրան կենդանի շունչ ու ոգի փչեցիր, և դրիր փափկության դրախտի մեջ` նրան տալով անախտություն ու անմահություն, որտեղից և եղան իմ հանցանքները, որ աշխարհի հանցանքներից են, որովհետև կերա, ճաշակեցի մահվան դառնությունը և մատնվեցի կորստի ու ապականության: Իսկ դու, գթած և մարդասեր Տեր, չանտեսեցիր անեղ և անարատ ձեռքիդ գործերը և, անոխակալ քաղցրությամբդ ողորմելով, մեզ մոտ առաքեցիր քո հավասարակից Միածին Որդուն, որ եկավ և փրկեց մեզ մեր մեղքերից և իր սեփական ժողովրդին դարձրեց բարի գործերի նախանձախնդիր և մեզ հայտնեց քո ազատարար հայրական անունը, և մեզ համարձակություն շնորհեց դիմելու քեզ և Հայր կոչելու քեզ:

Եվ այժմ աղաչում եմ քեզ, երկնավոր Հայր, մեզ մասնակից և հաղորդակից արա պաղատանքին ու պատարագներին սուրբ Աբելի, Ենոքվի, Ենովսի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Սահակի, Հակոբի, Հովսեփի, Հոբի` նահապետների և բոլոր ընտրյալների, որ նրանց հետ էին:

Աղաչում եմ քեզ, երկնավոր Հայր, մեզ մասնակից և հաղորդակից արա պաղատանքին ու պատարագներին սուրբ Մովսեսի, Ահարոնի, Եղիազարի, Փենեհեզի, Ովրի, Հեսուի, Քաղբի, Եղիաբի, Եղդադի, Գեդեոնի, Բեսելիելի, Հեփթաղի և մյուս բոլոր ընտրյալների, որ նրանց հետ են:

Աղաչում եմ քեզ, երկնավոր Հայր, մեզ մասնակից և հաղորդակից արա պաղատանքին ու պատարագներին սուրբ Դավթի, Սամուելի, Սամսոնի, Եղիայի, Եզեկիելի, Եզեկիայի, Եզրի, Զորաբաբելի, Ասափի, Բարուքի և բոլոր մյուս ընտրյալների, որ նրանց հետ են:

Աղաչում եմ քեզ, երկնավոր Հայր, մեզ մասնակից և հաղորդակից արա պաղատանքին և պատարագներին սուրբ Եսայիի, Հովեսի, Ամովսի, Հովելի, Հունանի, Նաթանի, Նավումի, Միքիի, Մաղաքի և մյուս բոլոր ընտրյալների, որ նրանց հետ են:

Աղաչում եմ քեզ, երկնավոր Հայր, մեզ մասնակից և հաղորդակից արա պաղատանքին ու պատարագներին սուրբ Անգեի, Սոփոնիայի, Գադի, Աբդիայի, Դանիելի, Երեմիայի, Բարուքի, Անանիայի, Ազարիայի, Միսայելի, Հռաքսի, Ոնիայի և բոլոր այլ ընտրյալների, որ նրանց հետ են:

Աղաչում եմ քեզ, երկնավոր Հայր, մեզ մասնակից և հաղորդակից արա պաղատանքին ու պատարագներին սուրբ Ամինադարի, Խորենի, Գաղիդի, Մակարի, Սաղաթիելի, Եղիազարի, Եղիսաբեթի, Ղազարի, Մարիամի, Մարթայի և մյուս բոլոր ընտրյալների, որ նրանց հետ են:

Աղաչում եմ քեզ, երկնավոր Հայր, մեզ մասնակից ու հաղորդակից արա քո Միածնի անճառ ծննդյան բոլոր տնօրինական չարչարանքների շնորհաբաշխության. հրեշտակներով ընծայվելուն տաճարում, փախչելուն Եգիպտոս, մկրտությանը և Սուրբ Հոգու աղավնակերպ իջման, և Հայրական ձայնիդ, անապատի փորձությանն ու այլակերպությանը Թաբորական լեռան վրա, աստվածասքանչ նշաններին, բովանդակ աշակերտների լվացմանը, առաջին ազատարար պատարագին, որ Վերնատանն էր, աղոթքի ուժգին պաղատանքներին, բռնվելուն, կապվելուն, քարշվելուն, ծեծվելուն, կռփահարվելուն, խաչափայտին բարձրանալուն, խաչելությանը, կամավոր չարչարանքին, «Էլի, էլի» գոչմանը, թաղմանը, հարությանը, համբարձմանը, Սուրբ Հոգու իջմանը` առաքյալների դաս:

Աղաչում եմ քեզ, երկնավոր Հայր, մեզ մասնակից և հաղորդակից արա պաղատանքին ու պատարագներին սուրբ Աստվածածին Մարիամի, Հովհաննես Մկրտչի, Ստեփանոս Նախավկայի, մանկաբարձների, մոգերի, հովիվների, Սիմեոնի, յուղաբերների, Կղեոպյանների, Բեդղայեմի մանուկների, Նիկոդիմոսի և մյուս բոլոր ընտրյալների, որ նրանց հետ են:

Աղաչում եմ քեզ, երկնավոր Հայր, մեզ մասնակից ու հաղորդակից արա պաղատանքին ու պատարագներին տասներկու սուրբ առաքյալների և յոթանասունի, նրանց աշակերտների, վկաների, մարտիրոսների, նահատակների, խոստովանողների, ճգնավորների, կույսերի, հայրապետների, վարդապետների, թագավորների, իշխանների, զորականների և մյուս բոլոր ընտրյալների, որ նրանց հետ են:

Աղաչում եմ, երկնավոր Հայր, մեզ մասնակից ու հաղորդակից արա պաղատանքին ու պատարագներին հազարավոր և բյուրավոր սրբերի, Մարությանների, Մար Պարսամյանների, Մար Պահմոյանների, Թաթլյանների, Պողոսի, Անտոնի, Մակարի, Մեսրոպի, Սիսոյի, Բեսարիոնի, Արսենի, անապատականների, տաբենացիների, սկյութացիների, սինեացիների և մյուս բոլոր ընտրյալների, որ նրանց հետ են:

Աղաչում եմ քեզ, երկնավոր Հայր, մեզ մասնակից ու հաղորդակից արա պաղատանքին ու պատարագներին սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ռստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի, Դանիել ծերի, Ներսեսի, Խադի, Սահակի, Շաղիտայի, Եպիփանի, Եփրեմի, Բարսեղի, Մերկերիոսի, Դեմետրիանոսի, Դիոնեսիոսի, Դոմնի, Կիրակոսի, Հուղիտայի, Կիպրիանոսի, Կոգմոսի, Կաղերոսի, Կալիստրատոսյանների, Կոտրատիոսյանների, Վլավասի, Վլասինի, Վեստի, Վառվառայի, Վահանի, Վարդանանց, Թյուրսոսյանների, Թեոպոմպյանների, Թեբայեցիների, Թոթիկի, Բենիամինի և մյուս բոլոր ընտրյալների, որ նրանց հետ են:

Աղաչում եմ քեզ, երկնավոր Հայր, մեզ մասնակից ու հաղորդակից արա պաղատանքին ու պատարագներին քառասուն սրբերի, Սարգիս զորավարի, Գեորգի, Թեոդորոսի, Հռիփսիմյանների, Հիպերիքյանների, Հակովիկի, Մարուգեի, Մամասի, Մինասի, Մամբրեի, Նեքտառինոսի, Նիկողայոսի, Ուգուհիոսի, Զարմանդուխտի, Սանդուխտի, Թեկղի, Զոյի, Զենոբիայի, Զինոսի, Թալիլիոսի, Կոստանդիանոսի, Թեոդոսի, Տրդատի, Կյուրեղի, երեքի սուրբ ժողովի և մյուս բոլոր ընտրյալների, որ նրանց հետ են:

Աղաչում եմ քեզ, երկնավոր Հայր, մեզ մասնակից ու հաղորդակից արա պաղատանքին ու պատարագներին բոլոր սրբերի, որ Աբելից մինչև այսօր ընտրված են և որ այսուհետև կընտրվեն մինչև աշխարհի վերջը, ողորմի՛ր մեզ, Տե՛ր, ողորմի՛ր մեզ քո մեծ ողորմությամբ:

Թո՛ղ մեր բոլոր հանցանքները, որ ավազանի ծնունդից գործել ենք կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ: Հիշի՛ր, Տե՛ր, և բոլոր ննջեցյալներին, որ Աբելից մինչև այսօր [եղել են], թո՛ղ նրանց բոլոր սխալանքները, ով որ արժանի է թողության: Եվ շնորհիր քաղցրախառն և առողջ օդ: Նաև երկիրը պտղաբեր արա ի սնունդ քո ծառաների: Քո սիրո խնամքը առաքիր մեզ: Մանուկներին արդարությամբ սնիր, երիտասարդներին պարսպիր, ծերերին զորացրու, կարճամիտներին մխիթարիր, ցրվածներին հավաքիր, մոլորյալներին դարձրու ճշմարտությանդ գիտության, մեղք գործածներին քավի՛ր և բոլոր նեղվածներին փրկիր ամեն վշտից, քանի որ դու բարերար Աստված ես և բոլոր նեղյալների խնամող, սուրբերի և այրիների վերակացու, հիվանդների բժիշկ, անօգնականների օգնական, հուսացողների հույս, խռովվածների հանգիստ, ամեն ինչի տեսնող, որ գիտես յուրաքանչյուրի պետքն ու կարիքը: Երևացրու քո երեսը մեզ, լռեցրու քո սուրբ եկեղեցու հերձվածները, մարի՛ր խռովությունը հեթանոսների, որ պատերազմել են ցանկանում, խափանի՛ր հեթանոսների ու հերետիկոսների գայթակղությունը, հանդարտությո՛ւն տուր թագավորների և բոլոր մեծամեծների սրտերին, պահի՛ր քո բանավոր և անբան հոտը խաշնամահությունից ու մահտարաժամից, պահպանի՛ր քո ժողովուրդը ամեն ցասումից ու դիվական ախտերից, մեզ լույսի և ցերեկի որդիներ արա, մեզ բոլորիս ընդունիր երկնի արքայությունդ, տո՛ւր մեզ սուրբ սրտով, միաբանությամբ միաբերան փառավորել քեզ, ճշմարիտ Աստված, ամենակալ Հայր, հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ՆՈՒՅՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՂՈԹՔԸ ՀՈՐԸ

Երկնավո՛ր Հայր, ճշմարի՛տ Աստված, հանդերձյալ աշխարհի Հայր, գթությունների Հայր և բոլոր մխիթարությունների Աստված, ամենակալ տերությունիցդ և անբավ մարդասիրությունիցդ հայցում ենք` նայի՛ր անեղ ձեռքերիդ գործիս և խնայի՛ր` ում որ փչելով կենդանացրիր: Որոնի՛ր մոլորյալիս և քո գթությամբ գտի՛ր կորսվածիս: Կարո՛ղ Տեր, կանգնեցրու կործանվածիս և դարձրու դառն մեղքով դատապարտվածիս: Հո՛ւյս հարության, բարձրացրո՛ւ հանցանքով հուսահատված անկյալիս: Տե՛րդ տերերի, մեծ ուրախություն տուր տրտմածիս, քանի որ չարի չարաչար չարությամբ չարչարվեցի և վիրագի կարեվեր վերքերով վիրավորվեցի:

Խորամանկ խարդավանողը խորապես խոցեց, և անբարի Բելիարը բեկեց բնավին: Բանսարկուի բամբասանքից բանդագուշեցի և խաբողի պարանով պարտավորվեցի: Չարասերի չարաչար չարիքներին չափ չկա, և բավ չէ Բարձրյալիդ բարկացնողիս բամբասանքը: Ընկա կամովին կորստյան կեղտի դարանը և սաստիկ սասանմամբ սուզվեցի սատանայի խորշում: Իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից վեր, և հարվածով խփեցին ինձ մեղքի փշերը:

Եվ հիմա, երկնավոր Հայր, ընկնում եմ քո առջև ու աղաչում, մեղա երկնքի և քո առաջ, արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ քո վարձկաններից մեկը դարձրու: Տո՛ւր ինձ հայրական համբույր և պարգևիր ինձ առաջին ճոխության պատմուճանը, և կոշիկը շնորհալից, և մեծարանքի մատանին: Շնորհիր ինձ պարարակ եզը, անմահական ճաշակումն ու անապական բաժակը, որ վայրի խոզերը և նրանց տերերը չկարողանան իմ մեջ խոցելի բան գտնել: Եվ ինձ սրբելով բոլոր սխալներից` արժանավորիր համարձակաձայն բարբառով մշտապես դիմելու քեզ և ասելու.

«Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, կամքը քո լինի` ինչպես երկնքում և երկրի վրա, մեր հանապազորդ հացը տուր մեզ այսօր, և թող մեր պարտքերը, ինչպես և մենք թողնում ենք մեր պարտապաններին, և մի՛ տանիր մեզ փորձության, այլ փրկի՛ր չարից, քանի որ քոնն են արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն»:

  1. ՆՈՒՅՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՍԱԾ` ԱՂՈԹՔ ՈՐԴՈՒՆ

Որդի՛ Աստծու, ճշմարիտ Աստվա՛ծ, որ մարդկանց որդիների փրկության համար իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ կույս Մարիամից և փրկություն իրականացրիր երկրի վրա, խաչվեցիր ու թաղվեցիր, հարություն առար մեռելներից, և փառքով համբարձվեցիր Հոր մոտ, և մարդկանց որդիներին հրավիրեցիր երկինք` Հորդ որդեգրվելու, աղաչում եմ քեզ, Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս, որ այս բոլոր ազատություններն արեցիր, և բազում որդիների փառքի առաջնորդեցիր, միայն ես եմ զրկված անվախճան ուրախությունիցդ և անվերջ վայելչությունիցդ:

Քո ազատարար գալստյան և խանձարուրով պատվելուդ համար և մսուրում բազմելուդ` հիշի՛ր ինձ, Տե՛ր, և ողորմիր ինձ` ամենամեղիս:

Հանուն սուրբ Կույսի բազուկներին բարձրանալուդ և սուրբ գրկովը գգվելուդ, և սուրբ շրթունքներով համբուրելուն, և սուրբ կաթով կերակրելուն, հիշի՛ր ինձ, Տե՛ր, և ողորմիր ինձ` ամենամեղիս:

Հանուն տաճարին ընծայվելուդ և Սիմեոնի գրկով գգվելուդ, և Եգիպտոս փախչելուն, հիշի՛ր ինձ, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ. ամեն. ամեն:

Հանուն Հորդանանում մկրտվելուդ և Հոր վերևից վկայելուն, և աղավնակերպ Սուրբ Հոգու իջման. հիշի՛ր ինձ, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ. ամեն:

Հանուն անապատ տարվելուն, և քառասնօրյա պահքով պնդելուն, և փորձողին հաղթելուն, հիշի՛ր ինձ, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ. ամեն:

Հանուն աստվածահրաշ սքանչելագործելուն և քարոզության ճանապարհելուն, և մեղավորների հարկում շրջելուն, հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:

Հանուն աշակերտների հետ բազմելուն և նորընծա պատարագը մատուցելուն, և աշակերտների ոտքերը լվանալուն, հիշի՛ր, Տե՛ր, և ողորմիր:

Հանուն աղոթքի ուժգին գոչելուն և Հուդայից մատնվելուն, և հրեաների` սուսերով հարձակվելուն, հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ. ամեն. ամեն:

Հանուն քո բռնվելուն և կապվելուն, և հերարձակ քարշելուն, և ձորձապատ լինելուն, և եղեգնով ծեծվելուն, և կռփահարվելուն, և հայհոյելուն, և թքնելուն, հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ. ամեն:

Հանուն քահանաների քամահրելուն և դպիրներից կշտամբվելուն, և զինվորների զզվեցնելուն, հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:

Հանուն Պիղատոսի առջև կապանքով մնալուն և նրանից հարցաքննվելուն, և Հերովդեսից արհամարհվելուն, հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ:

Հանուն հանդերձները բաժանելուն և պատմուճանի վիճակ հանելուն, և քղամիդով զարդարվելուն, հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ:

Հանուն խաչին բևեռվելուն և կամավոր չարչարվելուն, լեղի և քացախ ճաշակելուն, տեգով կողերդ խոցելուն, ջրի և արյան ելնելուն, ժողովրդից անարգվելուն, և իշխաններից պարսավվելուն, հիշի՛ր, Տե՛ր:

Հանուն մեծ և ահավոր ձայնով գոչելուն, և «Էլի, էլին» կանչելուն, և հոգին առ Հայրն ավանդելուն, հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ. ամեն:

Հանուն խաչից իջնելուն և գերեզմանում թաղվելուն, և վեմով փակվելուն, և մատանիով կնքվելուն, և դժոխքը ավերելուն, հիշի՛ր ինձ, Տե՛ր:

Հանուն մեռելներից հառնելուն և աշակերտներին երևալուն, և աստվածապես համբառնալուն, և Սուրբ Հոգին առաքյալներին ուղարկելուն, հիշի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ` ամենամեղիս:

Եվ այժմ, Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս, անմահ և անմահների արքա, որ այս ամենը մեղավորներիս համար կրեցիր` ապրեցնելու համար մեղքով մեռածներիս և գտնելու հանցանքով կորածներիս, հիշի՛ր և ինձ` բազմամեղիս, և սրբի՛ր ինձ իմ բոլոր սխալներից, որ ավազանից մինչև այսօր գործել եմ: Եվ փրկի՛ր ինձ աններելի տանջանքներից և գեհենի վտանգներից, և ինձ արժանի արա ավազակի հետ մտնելու անանցական դրախտը հավիտյանս հավիտենից:

  1. ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑՈՒ ԱՂՈԹՔԸ` ԱՍՎԱԾ ՊԱՏԱՐԱԳԻ ԱՐՁԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Տե՛ր Աստված, օրհնյալ ես հավիտյան, օրհնի՛ր հոգով բոլորին, քո խաղաղությունը տուր ամբողջ աշխարհին, պահիր անչար և անսասան: Արարածներից վերացրու ցասումը, սովը, սրածությունն ու մահտարաժամը: Մեր եղբայրությունը պահիր ամբողջ` սիրով մնալու միաբանությամբ: Սուրբ եկեղեցուս կառուցողներին արժանացրու քո ողորմությանը: Մեր հավատի առաջնորդներին [անուն] սրբազան կաթողիկոսին, եպիսկոպոսներին, քահանաներին և վարդապետներին, աստվածաբաններին և եկեղեցու պաշտոնյաներին, առհասարակ բոլորին պահի՛ր անփորձ և անսասան այժմ և ապագայում հավիտյան: Քրիստոնյա թագավորներին զորությո՛ւն տուր, օգնակա՛ն եղիր մարդկային ցեղի հավատացյալներին, բա՛ց արքայության դռները: Ովքեր հանձնվեցին մեզ` հիշի՛ր քո գալստյանը: Մեր ծնողներին, բոլոր աշխատողներին ու երախտավորներին, հիշի՛ր և այց արա նրանց, մաս ու բաժին հանիր հանգստյան, և ովքեր եկանք աղոթեցինք` ամեն ժամ օգնական եղիր: Փրկի՛ր գեհենի հրից և անքուն որդերից, և Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ փառք և պատիվ հավիտյանս. ամեն:

  1. ԴԱՐՁՅԱԼ ԱՂՈԹՔ` ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ` ԱՍՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑՈՒՑ

Աղաչում եմ, Տե՛ր, և ընկնում քո սուրբ Նշանի առաջ, սրա բարեխոսությամբ ընդունի՛ր իմ պաղատանքը և կատարի՛ր իմ խնդրանքը, սրա զորությամբ ինձ զորացրու, Տե՛ր, կոչման մեջ, որ կանչվեցի քո պատվիրաններին, որոնց հուսացի: Սա տուր ինձ զորության և համբերության և զգաստության համար, և իմ անձի պահպանության` գիշերով ու ցերեկով և ամեն ժամի` ննջելիս և բարձրանալիս, ընթանալիս և գործելիս, դադարելիս և աշխատելիս, պահքի և աղոթքի ժամանակ և քեզ հաճո բաներ կատարելիս: Սա ինձ լինի ամրության պահապան և հզոր աշտարակ թշնամու դեմ: Սրանով զարդարիր ինձ` ի զարդ հոգեղենի և ի լույս իմանալի, երևելի օրը և Գաբրիելի բարբառին: Սուրբ Նշանիս երևալով լուսավորիր խավար հոգիս` քեզ ընդառաջ բարձրանալու, խառնվելու հայրապետների երամին և մարտիրոսների դասին, և հրեշտակների գումարին: Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ, և` Հովհաննես Կարապետի, և՛ Ստեփանոս Նախասարկավագի ու առաջին մարտիրոսիդ, և՛ սուրբ Գրիգորի` մեր Լուսավորչի և հայոց բոլոր վկաների, լսի՛ր ինձ` ողբալիիս, և ողորմի՛ր մեղապարտիս, որոնի՛ր կորսվածիս, ձե՛ռք մեկնիր գլորվածիս, առաջնորդի՛ր մոլորվածիս և խավարից լույս հանիր ինձ, ազատություն տուր իմ հոգուն, հաստատի՛ր քո սիրուն և քո երկյուղը բևեռիր, սրբիր տաճարը իմ հոգու, և ինձ մոտիկ օթևանիր, իմ մեղքերի դուռը փակիր, շուրջանակի ինձ պարսպիր, և չար մարդուց ազատիր, արդարությամբ ինձ զարդարիր, արքայությունդ ինձ պարգևիր և ողորմի՛ր իմ ողջերին, և իմ ննջեցյալների հոգիները պայծառացրած լուսավորի՛ր. և քեզ փառք հավիտյանս. ամեն:

  1. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑՈՒ ԱՂՈԹՔԸ` ԱՍՎԱԾ ԿԵՆՍԱԲԵՐ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ

Ողջո՛ւյն քեզ, փա՛յտ փրկության, հավատի վահան, անհաղթելի զենք, երկսայրի սուր թշնամու դեմ, որ քեզ վրա բազմեց Փրկիչը աշխարհի: Դու ես Խաչը տերունական, պահի՛ր իմ անձը թշնամուց: Հանուն կյանքի օրհնության փայտիդ, որին պրկվեցիր Աստվածդ անըմբռնելի բևեռներիդ հիշատակով, որով մահվան գործիքին կպար Արարիչդ երկնքի և երկրի, տերունական արյունովդ, որով վիշապին մեծ կարթով որսացիր, լեղիի դառնությամբ, որ խմեցիր, որով կորուսիչի դեղատվությունը մեկուսացրիր` սարսափելի տանջանքների պատմության ըղձական ճառերով, որով հակառակողի լրբությունն ըմբերանելով` ամաչեցրու բոլորովին անհասանելիիդ և անթարգմանելիիդ անհաս անունով, որից դողում  դատապարտվում են բոլոր երևացող և աներևույթ բնությունները սաստիկ սարսափմամբ սոսկալով: Այս ամենը լինեն պարգև խոստովանողիս ի պաշտպանություն, ի բժշկություն և ի քավություն: Եվ մահաբեր դառնաթույն օձին և նրան ազդած տիեզերադավ չարությունը. սատակում բերի նրան նույն ինքը, կորստի և անբուժելի հարվածի, սրանով մատնվի տանջանքի, կապվի և բռնվի: Եվ Ստեղծողի ողորմությունը լինի ինձ, և իմ հոգու շունչը կամովին քեզ հետ միավորվի անբաժանորեն: Եվ ով որ ընթերցի մաղթանքի գոչման այս ձայնի աղերսը, հայցման աղոթքը, ծերերին ու մանուկներին, երիտասարդի և կույսի, և թե աղախինների, չպաշտվի աստվածասիրաբար, հավասարապես, անաչառությամբ, քեզնից կընկալվի մասն երանության, ազատության` պարտքերից, վերստին հաստատվելով նորոգ մաքրության անարատությամբ, դարձյալ նկարելով քո կերպարանքը անփոփոխելի: Ահա տիրապես հնարավոր, զորեղ, անպատում, անհաս, անիմանալի կլինես այստեղ այս հեծության հառաչանքի կողկողանքին, որ բոլոր շրթունքներից ընծայվելով` քեզ է մատուցվում, քո երկնավոր Հոր և բարերարի համար, և փառակից և կենդանատու սուրբ Հոգուդ, և սուրբ Աստվածածնիդ բարեխոսությամբ ու բոլոր սրբերի խնդրանքով, քանի որ դու ստեղծեցիր ամբողջը, և քեզնից եղան բոլորը, և դու տիրում ես ամենին, և քեզ փառք բոլորից, մեկդ անժամանակ Երրորդության իսկությունից` փառավորապես զուգակցած անբավ և հավիտյանս հավիտենից. ամեն:

  1. ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱՆ. ԵՐԱՆԵԼԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑՈՒ ԱՂՈԹՔԸ ԵՐԿՆԱՎՈՐ ՀՈՐԸ

Բոլորի Արարիչ, Աստված, գթա՛ վշտացածիս, ողորմի՛ր քո առջև ընկածիս, կապի՛ր իմ վերքերը, բուժի՛ր իմ հիվանդությունը, սրբի՛ր իմ աղտեղությունը, նորոգի՛ր հնացածիս, լուսավորի՛ր խավարածիս: Ամենագութ և ողորմած, քաղցր և բարերար, մարդասեր և բոլորախնամ, ներողամիտ և անհիշաչար, լիովին գիտեմ, որ ամոթահար եմ և թիվը չգիտեմ մեղքերիս, որ ինձ շրջապատեցին բոլոր զգայություններովս, մեղանչելով ու վարանելով հոգսի ու ծափի, զբաղմունքի ու պարապության և բոլոր տեսակ-տեսակ վնասներով: Բայց ապավինում եմ քո անճառ գթությանը և աղերսում եմ, և ողբերգական ձայնով գոչում ու խնդրում եմ Բարերարիդ ողորմությունն ու անհիշաչարությունը, ո՛վ անբավություն, անհա՛սդ խորին կամքի, ների՛ր և մարդասիրիր և սահմանիր ապաշխարության տեղ:

Ողորմի՛ր կուրացած հոգուս, մարդասե՛ր, և շնորհ արա, որ վերև նայեմ թախանձանքով: Քաղցր աչքով նայիր, ողորմա՛ծ Աստված, քանի որ զանազան և բազմօրինակ մեղքերից ընկած ու քայքայված եմ և սրտիս դողով ամաչում եմ` չունենալով կարեկից մեկը: Ճարտարապե՛տ, քաղցր բժիշկ, հրամայի՛ր` իմ անդամները հաստատվեն, որովհետև աստվածային սիրուդ գթությունն անբավ է:

Ողորմի՛ր, ողորմությունների աղբյուր, ների՛ր ամեն ինչում, ներողամիտ, ջնջի՛ր հանցանքներն ու սխալներն իմ, որ ամենակարողդ ես, առողջացրու հոգուս բազմամեղ հիվանդությունը, որ իշխանդ ես կյանքի և մահու, որ երկնքի բարձունքին ես նստում, կանգնեցրո՛ւ ինձ գլորմունքից մեղքի, որով գայթակղվեցի սնոտի այս կյանքում: Արտասվագոչ ողբերգությամբ և կորացած պարանոցով անոխակալ բարերարիդ առջև հեղում եմ թշվառացած, մեղսաթավալ մարմինս, որով չվախեցա քո հրամաններից:

Աղաչում եմ, ինձ արա ողորմությանդ համաձայն, որ չհանդուրժեմ սիրտս նեղվելիս և միտքս հեղձամղձուկ լինելիս:

Խնդրում, պաղատում, հայցում եմ, առջևդ ընկած աղերսում, թաքնվում եմ, թո՛ղ, Տե՛ր, գթա՛, Տե՛ր, ների՛ր, Տե՛ր, քավի՛ր, Տե՛ր, փրկի՛ր, Տե՛ր, օգնի՛ր, Տե՛ր, պահի՛ր, Տե՛ր, ամրացրո՛ւ, Տե՛ր, կարո՛ղ դարձրու:

Աղաչում եմ` զորացրու, հույս իմ, ապրեցրո՛ւ, Աստված իմ, արժանացրո՛ւ, Տե՛ր իմ, պատիժներից ազատի՛ր, Դատավո՛ր իմ, պարգևի՛ր, Տե՛ր իմ, հաստատի՛ր, Տե՛ր, քո երկյուղով և սիրով առաջնորդի՛ր դեպի քո պատվիրանները, նավորդի՛ր աշխարհի ծովում:

Ցնորմունքից տարակուսեցի, պես-պես սնոտի բաներով գայթակղվեցի, ճանապարհից մոլորվեցի, շեղվեցի սուրբ շավղից, ընկա և գլորվեցի: Այժմ հավատով ու հույսով Արարչիդ ապավինեցի. ողորմի՛ր, Տե՛ր, բարձրացրո՛ւ և կանչիր քեզ մոտ: Եվ քեզ փառք Որդու և Սուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: