ԳՐԱԴԱՐԱՆ

external

Ֆրանչիսկոս. աղօթեցէք ինծի համար

Հեղինակ՝ Սարգիս Նաճարեան
Հրատարակչություն՝ Պէյրութ, Լիբանան
Տարեթիվ՝ 2017

Գրքի մասին. Յառաջաբանին մէջ Սարգիս Նաճարեան կ՚ըսէ, որ գիրքը հրատարակուած է Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի ընտրութեան երրորդ տարեդարձին եւ ծննդեան ութսունամեակին առիթով: Գիրքին նպատակն է պապին վարքին, գործին եւ խօսքին ընդմէջէն հայ հասարակութեան աւելի մօտէն ծանօթացնել կաթողիկէ եկեղեցւոյ պետը: Հեղինակի ըսելով, Ֆրանչիսկոս ցուցաբերեց բարենորոգչական յանդուգն կեցուածք: Չվարանեցաւ հրապարակաւ քննադատելու եկեղեցւոյ առաքելութիւնը, հեղինակութիւնը, վարկն ու համբաւը խնդրոյ առարկայ դարձնող երեւոյթները, արարքներն ու դէպքերը, ասոնց հեղինակները՝ եկեղեցական թէ աշխարհական ինչ մակարդակի վրայ ալ գտնուին անոնք:

external

Աղոթքի մասին

Հեղինակ՝ Որոգինես
Հրատարակչություն՝ Ս. Էջմիածին
Տարեթիվ՝ 2007

Գրքի մասին. Որոգինեսը պատկանում է մարդկության մեծագույն անձնավորությունների թվին: Նա Հին եկեղեցու ամենաբեղմնավոր գրողն է: Եղել է Ալեքսանդրյան ոգեկան – մշակութային մթնոլորտի հարազատ զավակը և գործել այնպիսի մի ժամանակ, երբ փիլիսոփայության մեջ ծնվում էր նորպլատոնականությունը` Պլոտինի միջոցով, երբ կրոնական փնտրտուքների շրջանակում երևան են գալիս շեշտված ճգնողական հակումներ, երբ Եկեղեցու ծոցում իշխում էին երկու աստվածաբանական ուղղություններ. ավանդականը` Իրինեոսով և Հիպպոլիտոսով, և նորը` Կղեմես Ալեքսանդրացիով և Տերտուղիանոսով: Թարգմ. ֆրանսերենից` Պ. Շահբազյանի, առաջաբանը` Եզնիկ արքեպս. Պետրոսյանի:

external

Մաշտոց

Հեղինակ՝ ծիսական ժողովածու
Հրատարակչություն՝ Ս. Էջմիածին
Տարեթիվ՝ 2001

Գրքի մասին. Մաշտոցը Հայ եկեղեցու արարողությունները բովանդակող ծիսական ժողովածու է: Այն կոչվում է նաև Ծիսարան: Մաշտոցում ընդգրկված են Հայ եկեղեցու խորհուրդների և ծեսերի կարգը, օրհնություններ, աղոթքներ, երգեր և աստվածաշնչյան ընթերցվածներ: Մաշտոցի կազմավորմանն ու հարստացմանը մասնակցել են Գրիգոր Ա Լուսավորիչը, Սահակ Ա Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին, Մաշտոց Ա Եղիվարդեցին, Գրիգոր Բ Վկայասերը, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ: Այս գրքի մեջ ընդգրկված են թարգմանություններ Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Եփրեմ Ասորու, Կյուրեղ Երուսաղեմացու կանոններից, քարոզներից և աղոթքներից, ինչպես նաև հայ հեղինակների ինքնուրույն նյութեր:

external

Երկնքի ճանապարհը

Հեղինակ՝ Մանուկ Կակոսյան Կյուրինցի
Հրատարակչություն՝ Ս. Էջմիածին
Տարեթիվ՝ 1999

Գրքի մասին.  Կրոնական ջերմ զգացումներով շարադրված այս գրքի նկատմամբ եղած հարաճուն հետաքրքրությունը տարիներ անց ստիպում է այն վերստին հրատարակել: Ժամանակի ընթերցողին հասկանալի դարձնելու նպատակով արևմտահայ ժողովրդախոսակցական ռամկաբանություններով շարադրված այս գործը, երրորդ անգամը լինելով, 1897 թ. հրատարակվում է Երուսաղեմում, լեզվական զգալի վերանայումներով՝ համապատասխան օրվա լեզվաճաշակի պահանջին: 1907 թ. դարձյալ Երուսաղեմում այն վերստին հրատարակվում է աննշան փոփոխություններով: Այս չորրորդ հրատարակությունից էլ կատարված է ներկա արևելահայերեն թարգմանությունը:

external

Խրատներ

Հեղինակ՝ Ս Մակար Մեծ
Հրատարակչություն՝ Ս. Էջմիածին
Տարեթիվ՝  2007

Գրքի մասին. Սուրբ Անտոնի վարդապետական շնորհի մերձավոր ժառանգորդը սուրբ Մակար Եգիպտացին էր: Ավանդությունները հիշատակում են սուրբ Անտոնին սուրբ Մակարի այցելության միայն երկու դեպք, բայց պետք է ենթադրել, որ այդ այցելությունները միակը չեն եղել: Հավանական է, սուրբ Մակարին մեկ անգամ չէ, որ վիճակվել է լսել սուրբ Անտոնի բազմաբառ զրույցները, դուրս գալով իր մեկուսարանից, անց էր կացնում հաճախ ողջ գիշերվա ընթացքում իրենից խրատներ ստանալու համար եկեղեցում սպասող եղբայրների հետ: Դրա համար էլ սուրբ Մակարի զրույցներում գրեթե բառ առ բառ լսվում են սուրբ Անտոնի որոշ խրատները:  Եվ չի կարելի չխոստովանել, որ այդ ջահը` սուրբ Մակարը, վառվել է այդ մեծ լուսատուից` սուրբ Անտոնից:

external

Աստվածաբանական երկեր

Հեղինակ՝ Սուրբ Մովսես Խորենացի
Հրատարակչություն
՝
 Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ.
Տարեթիվ՝ 2007

Գրքի մասին. Այս գրքույկում ամփոփված մանր երկերը անծանոթ են ընթերցողների լայն հասարակությանը: Եվ` հանիրավի, քանի որ հարյուրամյակների խորքից մեզ ավանդում են հետաքրքրական մանրամասնություններ, ասենք, հայոց հին հավատքի, Վարդավառի տոնի, Հռիփսիմյան կույսերի ոդիսականի մասին և այլն: Վերջիններիս վերաբերյալ նյութեր Խորենացին քաղել է օտար աղբյուրներից, հունարենից, և պատմում է իրողություններ, որ չենք հանդիպում Ագաթանգեղոսի Պատմության մեջ, և, ընդհակառակն, ինչ որ ունի Ագաթանգեղոսը, չի վերապատմում, այլ հղում է նրան: Ի շարս այլ նյութերի` հեղինակը հավելյալ տեղեկություններ է հայտնում մեզ նաև իր մասին:

external

Ուսումնասիրություններ և հոդվածներ

Հեղինակ՝ Գրիգոր Հակոբյան
Հրատարակչություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տարեթիվ՝ 2001

Գրքի մասին. Հատորն ընդգրկում է անվանի գրականագետ, մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր Գրիգոր Հակոբյանի (1958- 2005) ուսումնասիրություններն ու հոդվածները, որոնք նվիրված են հայ նոր և նորագույն գրականության պատմության և տեսության խնդիրներին: Գրիգոր Հակոբյանի գիտական ժառանգության մի մասն ամփոփող այս ժողովածուն առաջին հերթին տուրք է այն մարդու և գիտնականի հիշատակին, որը, գուցե մեր ժամանակների համար փոքր-ինչ տարօրինակ և արտասովոր եռանդով, իր ողջ կյանքը և ժամանակը նվիրեց հայ գրականության ուսումնասիրմանը: Հատորի վերջում զետեղել ենք Գրիգոր Հակոբյանի երկերի և հրապարակումների մատենագիտական համառոտված ցանկը:

external

Պատմագիտական ուսումնասիրություններ

Հեղինակ՝ Հակոբ Զորյան
Հրատարակչություն՝ Երևան, ԵՊՀ հրատ.
Տարեթիվ՝ 2015

Գրքի մասին. Պատմագիտական ուսումնասիրությունների սույն ժողովածուն ընդգրկում է ԵՊՀ հիմնադիր դասախոսներից մեկի՝ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հակոբ Զորյանի (1894-1942)՝ միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական հարաբերություններին ու հայ պատմագրությանը նվիրված ուսումնասիրությունները: Հավելված բաժնում տրվում են պատմաբանի հրապարախոսության առանձին միավորներ: Նման ընդգրկումով ու բովանդակությամբ Հակոբ Զորյանի կյանքն ու գործն առաջին անգամ է ներկայացվում: Հասցեագրվում է հայագետներին և ընթերցող հանրությանը: