| HTML | PDF | ePUB | TXT |

 

ԱՂՈԹՔՆԵՐ
ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Ամենասրբուհի Կույս Մարիամ Աստվածածնից հետո, Սուրբ Միքայել Հրեշտակապետը ամենափառավոր ու ամենահզոր արարածն է, որ երբևէ դուրս է եկել Արարիչ Աստծո ձեռքերից:

Ամենասուրբ Երրորդության կողմից նա ընտրվել է որպես Երկնային Արքայության Առաջին Նախարար, Երկնային Զորքերի Գերագույն Հրամանատար, Մարդկության և հատկապես Եկեղեցու Երկնային Պաշտպան: Նրա հանդեպ բարեպաշտությունը, որի արմատները հասնում են մարդկության ամենավաղ ժամանակներին, ամրապինդ մնացել ու տևել է Քրիստոնեության բոլոր դարերում, առաջին ժամանակներից մինչև մեր օրերը:

Ամբողջ Աստվածաշունչը – և՛ Հին, և՛ Նոր Կտակարանները – խոսում են նրա մասին, պատմում են նրա հզոր ուժի, նրա երևումների, նրա բարեխոսության մասին, ինչպես նաև նրա պաշտպանության մասին, որին բոլոր մարդիկ հանձնվել են Ամենակալ և Ամենակարող Արարչի Գերագույն Բարության կողմից:

Եկեղեցին երբեք չի դադարել հորդորել քրիստոնյաներին՝ բարեպաշտ մտերմություն ունենալ Միքայել Հրեշտակապետի հետ: Քրիստոնեության համատարած աշխարհի Քահանայապետներ, Հայրապետներ, Պատրիարքներ և Առաջնորդներ հորդորում են քրիստոնյաներին՝ դիմել Սուրբ Միքայել Հրեշտակապետին ի պաշտպանություն Եկեղեցու և հոգիների. Երկնային Զորքերի Հրամանատարի միջամտության կարիքն ունենք նաև մեր ժամանակաշրջանում, երբ աշխարհն ու մարդկությունը, կեղծիքի ու անիրավության վարակից թունավորված, չափազանց բռնություններից խոցված, կորցրել են բարոյական առողջությունն ու բերկրանքը:

Մեծապես սփոփիչ և մխիթարական է մտածելը, որ մեր բոլոր դժվար իրավիճակների վրա խնամքով տարածվում են Ազգերի և Եկեղեցու պահապանը հանդիսացող Մեծն Հրեշտակապետի լուսեղեն թևերը, խորհրդանշանները նրա ուժի և պաշտպանության: Այս խավարաշատ ժամանակներում, Միքայել Հրեշտակապետի հայտնությունների պատմությունը մեր համար առիթ թող հանդիսանա՝ վերագտնելու համար վստահությունն ու Հավատքի կորովը, որովհետև նա եղել է և միշտ էլ լինելու է հավատարիմ Պահապանն ու Պաշտպանը բոլոր Ազգերի ու Ժողովուրդների, որոնք դիմում են իրեն և իրեն են հանձնվում իրենց կրած նեղությունների ու հալածանքների մեջ:

Սուրբ Միքայել Հրեշտակապետի երկնային պաշտպանությանը վստահենք մեր Հայ Ազգը և մեր սիրելի Մայրը՝ Հայ Եկեղեցին, որպեսզի ուսուցանի մեզ և մեր սրտերում դրոշմի Ամենասուրբ Երրորդության փառքը, բոցավառի մեզնում ճշմարտության սերը և ավետարանական աստվածասիրության ու մարդասիրության գործադրումը: Ամենահատուկ կերպով Սուրբ Միքայել Հրեշտակապետին հանձնենք ու վստահենք Հայոց Զինված Ուժերում ծառայող մեր որդիներին, որպեսզի Մեծն Հրեշտակապետից ուսանեն մերժել բռնություններն ու դաժանությունը, մանավանդ իրենց եղբայրների հանդեպ, և գիտակցեն իրենց վսեմ ծառայությունը. լինել պաշտպանները Լույսի ու Ճշմարտության, Բարու և Առաքինության, Աստծո և իրենց խնամքին հանձնված անձանց:

Մեծն Հրեշտակապետը իր զորեղ Հրեշտակների հետ հսկում է մարդկության ճակատագրի վրա, անմնացորդ կերպով իրագործելու համար Աստծո փրկարար ծրագրերը: Մեր աղոթքն էլ թող միանա նրանց շուրթերից դեպի Աստծո գահը բարձրացող անլռելի փառաբանություններին, ամեն բան լինելով ի փառս Մեկ և Միակ Աստծո՝ Ամենասուրբ Երրորդության՝ Հոր և Որդու և Սուրբ Հոգու. Ամեն:

 

Ովքե՞ր են Հրեշտակները

Եկեղեցու Հավատքի բոլոր Դավանությունները հաստատում են, որ Աստված, ժամանակների սկզբում, ոչնչից ստեղծեց արարածների երկու տեսակները՝ հոգևորը և նյութականը, այսինքն՝ Հրեշտակներին և տեսանելի տիեզերքը, իսկ հետո ստեղծեց նաև մարդուն, որը մասնակցում է երկու տեսակներին միաժամանակ, քանի որ ստեղծված է հոգու և մարմնի միությամբ: Հրեշտակների ստեղծումը և գոյությունը Քրիստոնեական հավատքի դոգմաներից մեկն է:

Մարդու նման, հետևաբար, Հրեշտակները ստեղծվել են Աստծո կողմից, Նրա արարածներն են, միայն թե, ի տարբերություն մարդկանց, նրանք զուտ հոգևոր բնություն ունեն: Քանի որ հոգևոր արարածներ են, օժտված են բանական իմացականությամբ, մտքով և կամքով: Ինչպես նաև ավելացնենք, որ անձնավորված էակներ են և անմահ:

Աստված, ժամանակների սկզբում, Իր կամքի հրամանով ստեղծեց Հրեշտակների մի վիթխարի բազմազանություն, որոնք թեև բոլորն էլ միևնույն հոգևոր բնությունն ունեն, այնուամենայնիվ նրանցից մեկը մյուսից տարբերվում է գեղեցկությամբ և զորությամբ: Ընդգծենք, այդուհանդերձ, որ Հրեշտակներից ամենափոքրն ու ամենավերջինը աներևակայելիորեն ավելի գերազանց է, քան մարդկանցից որևէ մեկը:

Սուրբ Հովհաննես Ավետարանիչը, մտքով ու հոգով մինչև երկինք հափշտակված, ինչպես ինքն իսկ նկարագրում է Հայտնության իր գրքում, իր առաջ կանգնած մի Հրեշտակ տեսավ, որն այնքա՜ն վեհապանծ ու գեղեցիկ տեսք ուներ, որ Հովհաննես Առաքյալը կարծեց՝ թե Աստված Ինքն է, ուստի խոնարհվեց երկրպագելու նրան: Բայց Հրեշտակն իսկույն ասաց. «Ոտքի կանգնիր: Ես Աստծո ծառաներից մեկն եմ, ինչպես դու և ինչպես քո եղբայրները՝ մարգարեները, և ինչպես բոլոր նրանք՝ ովքեր պահպանում են այս գրքի խոսքերը: Աստծուն է, որ պետք է երկրպագես»:

 

Ո՞րն է Հրեշտակների պաշտոնը

«Հրեշտակ» բառը, որն հունարենում ասվում է «Անգեղոս», նշանակում է «Պատգամաբեր»: Այսինքն, մարդկությունն անհիշելի ժամանակներից այդ անունն է տվել հոգեղեն այդ էակներին, որովհետև հանձինս նրանց ճանաչել է Աստծո Պատգամաբերներին: Հրեշտակները մարդկանց հաղորդում են Աստծո փրկարար ծրագրերն ու պատգամները:

Աստվածաշնչում «Հրեշտակ» բառը եզակի թվով հանդիպում է 223 անգամ, իսկ «Հրեշտակներ» բառը հոգնակի թվով՝ 100 անգամ: Ուրիշ հարյուրավոր անգամներ հանդիպում ենք նրանց դասերից որևէ մեկի անվանը (Սերովբեներ, Քերովբեներ, և այլն): Աստվածաշնչում կարևոր մի պատմություն թերևս գոյություն չունի, որ չկատարվի Հրեշտակների գործուն մասնակցությամբ: Հին և Նոր Կտակարաններում կարող ենք բազմաթիվ պատմություններ գտնել, որտեղ Հրեշտակներն ամենայն հավատարմությամբ կատարում են իրենց պատգամաբեր առաքելությունը. Սուրբ Գաբրիել Հրեշտակապետը ավետում է Հովհաննես Մկրտչի, ապա նաև Հիսուսի ծնունդը. երկու Հրեշտակներ երևում են դեպի Հիսուսի գերեզմանը շտապող կանանց և նրանց ավետում են Հարության բարի լուրը. Հրեշտակը բռնում է Աբրահամի ձեռքը և նրան արգելում է զոհաբերել Իսահակին, իր որդուն. ուրիշ Հրեշտակներ պաշտպանում են Ղովտին, փրկում են Հագարին և իր որդուն, վտանգաշատ ուղևորության ժամանակ առաջնորդում են Տովբիթի որդուն, այս վերջին դեպքում՝ Սուրբ Ռաֆայել Հրեշտակապետը. իսկ հետո ընկերանում են նաև Առաքյալներին, Մարտիրոսներին, Սրբերին ու Արդարներին մինչև մեր օրերը և շարունակելու են ընկերանալ մարդկանց մինչև ժամանակների վախճանը և դրանից էլ անդին:

Եկեղեցու Հայրապետների ուսուցումները, միշտ Աստվածաշընչի վրա հիմնվելով, հիասքանչ կերպով նկարագրում են Հրեշտակների աշխարհը, որն անտեսանելի է մարմնի աչքերին, մանավանդ երբ դրանք պատված են բարոյական աղտերով: Հատկապես քրիստոնյա մեծագույն միստիկներից Դիոնիսիոս Արիսպագացին հափշտակության և հայեցողության մեջ տեսնում էր Հրեշտակների երկնային Նվիրապետությունը, բաժանված ինը դասերի, հիմնական երեք հարթությունների վրա:

Առաջին եռյակը Աստծուն ամենամոտ կանգնածներն են. դըրանք են Սերովբեները, Քերովբեները և Գահերը: Նրանք անմիջական կերպով մասնակցում են Աստծո Լույսին, հետևյալ կերպարանքների ներքո. Սեր (Սերովբեները), Գիտություն (Քերովբեները), Զորություն (Գահերը): Նրանց մասին բազմաթիվ անգամներ խոսվում է Աստվածաշնչում, քանի որ Մարգարեները, երբ հայտնությունների ժամանակ տեսնում են Ամենակալին, միաժամանակ՝ Աստծո գահի շուրջբոլորը տեսնում են գեղեցկագույն և զորեղ Հրեշտակների. Սերովբեներին է տեսնում Եսայի Մարգարեն (Ես 6, 16), Քերովբեներին է տեսնում Եզեկիել Մարգարեն (Եզկ 1), Գահերին է տեսնում Հովհաննես Ավետարանիչը չորս կենդանի էակների տեսքով (Հյտ 4, 45): Հրեշտակների այս եռյակը Աստծո Սրբազնասուրբ Անունը պաշտողներն են, որոնք օր ու գիշեր փառաբանում են Սուրբ և Ամենակալ Արարչին: Մարդկանցից նրանց են հետևում նրանք, ովքեր անմնացորդ կերպով նվիրվում են հայեցողական կյանքին:

Երկրորդ՝ միջանկյալ եռյակը կազմված է Տերություններից, Զորություններից և Իշխանություններից: Նրանց է վստահված Աստծո կողմից արարված տիեզերքի անմիջական կառավարումը ընդհանուր գծերով:

Երրորդ եռյակը ամենամոտն է մարդկային աշխարհին և կազմըված է Պետություններից, Հրեշտակապետներից և Հրեշտակներից:

 

Ի՞նչ տեսք ունեն Հրեշտակները

Հրեշտակների մասին խոսելիս, մեր երևակայության աչքերի դիմաց գծագրվում է խորհրդավոր երիտասարդի դասական պատկերը, գեղեցիկ դիմագծերով, երկար սպիտակ զգեստով և անպայման՝ ձյունաճերմակ հոյակապ թևերով:

Չենք կարող ասել՝ թե սխալ է նրանց այդպես պատկերացնելը, ինչպես նաև չենք կարող ասել՝ թե այդ կերպարանքը ամբողջովին այլաբանական է: Աստվածաշնչում էլ նրանք այդ կերպարանքով էին հայտնվում Նահապետներին կամ Առաքյալներին: Բայց քանի որ նրանք մարմնավոր էակներ չեն, հետևաբար առանց սխալվելու վախի կարող ենք հաստատել, որ այդ կերպարանքը նըրանք ընտրում և ընդունում են պարզապես մեր հետ հաղորդակցության մեջ մտնելու համար: Իրականում նրանց էությունը հոգեղեն է և լուսեղեն, ուստի ո՛չ կարող է պատկերացվել մարդկային երևակայության սահմաններում, ո՛չ էլ կարող է ընկալվել մարմնական տեսողությամբ:

Մշտական երիտասարդությունը խորհրդանշում է նրանց դուրս լինելը ժամանակի սահմաններից, ուր գոյություն չունի տարիքների հերթափոխ. խորհրդանշում է նաև նրանց ուժն ու կորովը և մասնակցությունը Աստվածային երանությանը: Իսկ թևերը խորհըրդանշում են նրանց մշտարթուն պատրաստակամությունը՝ գործադրելու Տիրոջ հրամանները և աննյութական թռիչքի արագությամբ օգնության հասնելու իրենց խնամքին հանձնված մարդկանց, եթե վերջիններս իրենց ազատ կամքով կամենում, խնդրում և ընդունում են այդ օգնությունը:

 

Ովքե՞ր են Պահապան Հրեշտակները

Հավատքի կետերից մեկն է նաև իրականությունը, որ մարդկանցից յուրաքանչյուրն ունի իր Պահապան Հրեշտակը: Մեր ծընընդյան առաջին վայրկյանից մինչև մեր մահը նա մեզ ընկերակցում է իր հոգևոր պաշտպանությամբ և բարեխոսությամբ: Քրիստոնեական Հավատքի համաձայն, մարդն Աստծուց իրեն Պահապան Հրեշտակ է ստանում ծնվելու պահին, քանի որ ներարգանդային կյանքի ամիսներին գտնվում է իր մոր Պահապան Հրեշտակի խնամքի ներքո:

Պահապան Հրեշտակի միջամտությունը մեր կյանքում, սակայն, կատարվում է խորհրդատվության կերպարանքի ներքո և մազաչափ անգամ չի ազդում ազատ գործելու մեր կարողության վրա: Պահապան Հրեշտակը մարդուց այսպես ասած þþերես չի թեքումþþ ո՛չ մի դեպքում, նույնիսկ եթե նա ընկնում է հաճախակի և ծանր մեղքերի մեջ. ընդհակառակը, մեղմ շշնջալով նրա խղճին, ամեն կերպ աշխատում է վերադարձնել նրան Աստծո ճանապարհների վըրա, բայց կրկնում ենք, երբեք չբռնանալով նրա ազատ կամքի վրա. զորեղ այդ էակներն ամբողջովին անզոր են առանց մեր ազատ կամքի գործակցության: Այդքա՜ն հարգանք ունեն նրանք մարդու նկատմամբ: Իրականում, Պահապան Հրեշտակն է այն ամենահավատարիմ ընկերը, որին մարդու սիրտը փափաքում է մի բնածին մըղումով: Կարևոր է մարդու համար՝ խոսել իր Պահապան Հրեշտակի հետ, և արտոնել նրան՝ առաջնորդելու իրեն դեպի Աստված:

ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԸ

 

Սուրբ Միքայել Հրեշտակապետի ծիսական տոնը Հայ Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնին հաջորդող ութերորդ շաբաթ օրը, Սուրբ Գաբրիել Հրեշտակապետի և երկնային բոլոր Զորքերի հետ միասին, իսկ Ընդհանրական Եկեղեցին համաքրիստոնեական մակարդակով նրան հատկացրել է մի առանձին տոն, որը կատարվում է Սեպտեմբերի 29ին:

Նոր Կտակարանում «Հրեշտակապետ» տիտղոսը տրվում է միմիայն Միքայելին: Հետագայում է միայն, որ այն տարածվեց Գաբրիելի և Ռաֆայելի վրա ևս, Եկեղեցու կողմից ճանաչված և մեծարված միակ երեք Հրեշտակապետների, որոնց անունը փաստացի ներկա է Աստվածաշնչում: Միքայել Հրեշտակապետը երկնային Զորքերի հրամանատարն է, որ կռվում է չարի դեմ և պաշտպանում է բարին: Նրա անունը հենց դա էլ նշանակում է. երբ սատանան և իր հետ Աստծո դեմ ապստամբած դևերի բազմությունը հակառակվում են Աստծո ծրագրերին, նրանց դեմ է դուրս գալիս և Աստծո ծրագրերի սրբությունն է պաշտպանում երկնային Զորքերի հավատարիմ Հրամանատարը, որ սրտի մի անզսպելի եռանդով գոչում է. «Մի քա Էլ», որ նշանակում է. «Ո՞վ է Աստծո նման»: Արարչին հավատարիմ Հրեշտակների բազմության գլուխն անցած, Միքայելը պատերազմ է սկսում սատանայի դեմ և նրան, իր հետ ապստամբած հրեշտակների հետ միասին, որոնք այդուհետև դառնում և կոչվում են դևեր, վտարում է Երկնքից: Եվ երբ սատանան, Աստծո դեմ ոչինչ չկարողանալով անել, փորձում է իր վրեժը լուծել Աստծո պատկերն ու նմանությունն իր մեջ կրող արարածից՝ Մարդուց, Միքայելը ստանձնում է նաև Մարդկության Պաշտպանի իր դերը, օգնելով Աստծուն հավատարիմներին հասնել Աստծո երանավետ Կյանքին:

Քրիստոնեական Հավատքի համաձայն, Միքայելն է ընդունում մահացածների հոգիները և նրանց, այսպես ասած, «կշռում է», չափելով նրանց սրտում առկա բարին ու չարը: Այդ իսկ պատճառով էլ՝ Միքայել Հրեշտակապետի խորհրդանշաններն են սուրը և կշեռքը. սուրը՝ որպես չարի դեմ պայքարող, իսկ կշեռքը՝ որպես հոգիներին Աստծո դատաստանին ներկայացնող: Շատ հաճախ նա պատկերվում է երկու խորհրդանշաններն էլ ձեռքին:

Միքայել Հրեշտակապետը Եկեղեցու կողմից նկատվում է նաև որպես մասնավոր պաշտպանը Ոստիկանության, որը պարտավոր է պայքարել չարի դրսևորումների դեմ. Ռադիոլոգների և այն բոլոր մասնագիտությունների, որոնք իրենց աշխատանքում գործածում են կշեռքը և պարտավոր են արդար լինել և հեռու մնալ խարդախությունից:

Միքայել Հրեշտակապետի անունը Աստվածաշնչում գործածված է հինգ անգամ. երեք անգամ Դանիել Մարգարեի գրքում, մեկ անգամ Հուդայի նամակում և մեկ անգամ էլ Հովհաննես Ավետարանչի Հայտնությունում: Բոլոր այդ տեղերում էլ նա անվանվում է «Մեծ Իշխան», «Երկնային Զորքերի Գլխավոր Հրամանատար»:

Սրբապատկերներում Միքայելը սովորաբար պատկերվում է ոսկեզօծ սպառազինությամբ, սատանային շղթայելիս կամ սրով խոցելիս, կամ էլ՝ կշեռքը ձեռքին. այս երկրորդ դեպքում, կշեռքի վրա պատկերվում է կա՛մ հենց մարդն ինքը, կշեռքի մի թաթին, մինչ մյուս թաթից կախված պատկերվում են դևերը, որոնք ամեն գնով ցանկանում են իրենց կողմ թեքել կշեռքը. կա՛մ էլ՝ կշեռքի երկու թաթերին պատկերվում են սպիտակ և սև քարեր, որոնք խորհրդանշում են մարդու բարի կամ չար մտքերը, խոսքերն ու գործերը: Մեր հայկական պատկերագրումներում տարածված է այն տեսարանը, երբ Միքայել Հրեշտակապետի կշեռքի մի թաթին լցված են բազմաթիվ սև քարեր, իսկ մյուս թաթին դրված է միայն մեկ սպիտակ քար, և այդ սպիտակ քարը շատ ավելի ծանր է կշռում, քան բազմաթիվ սև քարերը: Մանավանդ թե, այդ սև քարերը պարունակող թաթից կախված են պատկերվում նաև դևեր, որոնք ջանում են դատաստանն իրենց կողմ թեքել, բայց չեն կարողանում: Այդ սրբապատկերների իմաստը այն է, որ Միքայել Հրեշտակապետը, որն Աստծո փրկարար Սիրո հավատարիմ հետևորդն է, անսահմանորեն մարդասեր է և ամեն գնով փափաքում է մարդկանց փրկությունը: Այդ միակ սպիտակ քարը, որ ավելի ծանր է կշռում Միքայելի կշեռքի վրա, Մարդու ազատ կամքն է, որով նա ընդունում է Աստծո կողմից շնորհված փրկությունը:

Որպես պատմական տեղեկություն հիշենք, որ Միքայելը հայտնի էր դեռ հեթանոսական ժամանակներում, երբ մարդիկ նրան պաշտում էին որպես աստվածություն: Քրիստոնեական Հավատքի հայտնությամբ ճշգրտվեցին մեր գիտելիքները նրա մասին: Նա Միակ Աստծո ամենափառավոր Հրեշտակապետն է, մեր եղբայրն ու ընկերը, թեև իր սրբությամբ ու փառքով աներևակայելիորեն գերազանցում է մեզ, բայց մեզ մոտիկ է մնում իր սիրո զորությամբ: Հատկապես Արևելքում նրա հանդեպ մեծարանքը վիթխարի տարածում ունեցավ Քրիստոնեության առաջին դարերից ի վեր: Միայն Կոստանդնուպոլիս քաղաքում, Սուրբ Միքայել Հրեշտակապետի անունը կրող վանքերն ու եկեղեցիները Իններորդ դարում արդեն

15ն էին, իսկ ուրիշ 15ն էլ՝ նույն քաղաքի արվարձաններում: Մինչև իսկ Նեղոս գետը ձոնվել է նրա պաշտպանությանը, մինչ Ռուսական Կայսրությունում Սուրբ Միքայելին է ձոնվել Կրեմլի այն տաճարը, ուր կատարվում էին կայսերական հուղարկավորությունները: Արևմուտքում ևս, Միքայելի մեծարանքը այնքան է տարածվել, որ բավական է ասել Սուրբ Հրեշտակ, հասկանալու համար Միքայելին, ինչպես մենք գործածում ենք Նշան անունը Խաչի համար: Միքայել Հրեշտակապետի աշխարհահռչակ սրբավայրերից է Սուրբ Միքայելի Լեռ կոչվող վանքը Նորմանդիայում (Ֆրանսիա): Բայց ամենանշանավոր ու կարևորագույն սրբավայրը գտնվում է իտալական թերակղզու հարավարևելյան մասում, Գարգանոյի լեռներում, որի մասին էլ կպատմենք այժմ:

 

Միքայել Հրեշտակապետի երևումները Գարգանոյում

Սուրբ Միքայել Հրեշտակապետի երկրային գահը գտնվում է Գարգանոյի լեռներում, իտալական թերակղզու հարավային այն մասում, որը ժամանակին կոչվում էր Մեծ Հունաստան և ուր միջնադարում փոխադրվել են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները: Այդտեղ է գտնվում իրեն իսկ նվիրված Սուրբ Հրեշտակապետ Լեռը, որը նա ընտրել էր իր հրաշալի երևումների համար:

 

Առաջին երևումը

(8 Մայիս 490)

Միքայել Հրեշտակապետը Գարգանոյում առաջին անգամ հայտնվեց 490 թվականի Մայիսի 8ին:

Սիպոնտացի մի մեծահարուստ պարոնի նախիրից առանձնացել ու մոլորվել էր ամենագեղեցիկ ցուլը: Մի քանի օր ապարդյուն փնտրելուց հետո, մարդն իր ցուլն ի վերջո գտնում է Գարգանոյի մի գրեթե անմատչելի քարայրի մուտքին:

Հեռվից միայն տեսնելով և չկարողանալով մոտենալ, խիստ զայրացած, որոշում է սպանել կենդանուն և նրա ուղղությամբ արձակում է մի նետ: Եվ այդ պահին կատարվում է առաջին հրաշքը. կես ճանապարհին նետը փոխում է իր ուղղությունը և ետ վերադառնալով հարվածում է իրեն արձակողի ուսին:

Զարմացած և մի քիչ էլ սարսափահար, պարոնը վազում է Սիպոնտոսի Եպիսկոպոս Լորենցիուս Մայորանուսի մոտ, նրան պատմելով պատահարը և խնդրելով ինչ որ մի բացատրություն տալ: Եպիսկոպոսը հանրային եռօրյա պահք և աղոթքներ է պատվիրում, Աստծուց խնդրելով ակնկալված պատասխանը: Երրորդ օրը Միքայել Հրեշտակապետն ինքը հայտնվում է Եպիսկոպոսին, ասելով, որ ինքն է եղել քարայրում կատարվածի հեղինակը և որ այդ քարայրն այդուհետև լինելու է իր Սրբավայրը երկրի վրա. «Ես Միքայել Հրեշտակապետն եմ և միշտ կանգնած եմ Աստծո ներկայությանը: Այդ քարայրն իմ համար սրբազան է, իմ ընտրությունն է, և ես ինքս եմ դրա արթուն պահապանը: Այնտեղ, ուր ժայռը բացվում է, կարող են թողություն գտնել մարդկանց մեղքերը […] և այն, ինչ կխնդրեն աղոթքով, ընդունելի կլինի: Ուստի, ընծայեցեք այդ քարայրը Քրիստոնեական պաշտամունքին»:

Սուրբ Եպիսկոպոսը, սակայն, խոհեմություն նկատեց չհետևել այդ տեսիլքին, քանի որ այդ լեռնակողմում ոմանք դեռ կիրառում էին հեթանոսական զոհաբերումները, ուստի չկամեցավ գայթակղության և շփոթումի առիթ տալ ժողովրդին:

 

Երկրորդ երևումը

(12 Սեպտեմբեր 492)

Երկու տարի անց, սիպոնտացիները պաշարման ենթարկվեցին Էրուլների թագավոր Օդոակրեսի (434-493) բարբարոս զորքերի կողմից: Մի քանի անհաջող ճակատամարտերից հետո, մահն իրենց դռան առաջ տեսնելով, ամբողջ ժողովուրդը դիմեց Լորենցիուս Մայորանուս Եպիսկոպոսին: Միասին խնդրեցին և ստացան Սուրբ Միքայելի պաշտպանությունը. Հրեշտակապետը երևաց Եպիսկոպոսին և խոստացավ հաղթանակ ապահովել:

Երեք օր անց, երբ տեղի էր ունենալու վճռական ճակատամարտը, երկինքը հանկարծ մթնեց, մի սարսափելի փոթորիկ սկսվեց, ավազի հողմ ու կարկուտ: Բարբարոս հրոսակները, փայլակների հարվածներ ստանալով, սարսափահար փախան: Քաղաքը փրկվեց: Ամբողջ ժողովուրդը, Եպիսկոպոսի հետ միասին, թափորով բարձրացան Քարայրի մ ոտ, որպեսզի շնորհակալություն հայտնեն իրենց երկնային Պաշտպանին, բայց այս անգամ ևս Եպիսկոպոսը Քարայրից ներս չմտավ:

 

Երրորդ երևումը

(29 Սեպտեմբեր 493)

Հաջորդ տարին, բարեպաշտորեն տոնակատարելու համար Սուրբ Հրեշտակապետի միջամտությունը և որպեսզի նրան շնորհակալություն հայտնեին քաղաքի ազատագրման համար, Սիպոնտոսի Եպիսկոպոսը, որ դժվարանում էր հաղթահարել իր կասկածները, այցելության գնաց Հելասիուս Առաջին Քահանայապետին (490-496) և նրանից արտոնություն խնդրեց օծելու Սուրբ Միքայել Հրեշտակապետի երևման Քարայրը և որպես տարեկան տոն հաստատել Ընծայման այդ օրը: Քահանայապետը պատվիրեց Քարայր մտնել Փուլիա նահանգի Եպիսկոպոսների հետ, ապաշխարության պահք պահելուց հետո:

493 թվականի Սեպտեմբերի 28ի լույս 29ի գիշերը Միքայել Հրեշտակապետը երրորդ անգամ երևաց Լորենցիուս Մայորանուս Եպիսկոպոսին, ասելով. «Այլևս հարկավոր չէ, որ Դուք օծեք այս Քարայրը որպես եկեղեցի, […] որովհետև ես ինքս այն արդեն օծել եմ: […] Դուք արդեն կարող եք մատուցել այնտեղ Սուրբ Խորհուրդները […] »:

Հաջորդ օրն առավոտյան, մոտակա քաղաքներից հավաքված բազմաթիվ Եպիսկոպոսներ, ժողովրդի բազմության հետ միասին, թափորով ուղղվեցին դեպի Գարգանոյի բարձունքը: Մտնելով Քարայր, այն արտասովոր կերպով լուսավոր գտան: Քարեղեն մի խորան արդեն կանգնեցված էր և ծիրանագույն սավանով ծածկված: Իսկ խորանի վրա դրված էր բյուրեղյա մի Խաչ:

Եպիսկոպոսը մատուցեց առաջին Սուրբ Պատարագը, Եպիսկոպոսների ու ժողովրդի ներկայության: Քիչ ժամանակ անց, Եպիսկոպոսը մի եկեղեցի կառուցել տվեց Քարայրի մուտքին, բայց Քարայրն ինքը երբեք չի օծվել մարդկանց ձեռքով և դարերի ընթացքում հռչակվել է իր «Երկնային Տաճար» անվամբ:

Լոնգոբարդները, որոնք Վեցերորդ դարում հիմնել էին Բենէվենտոյի Դքսությունը, 663 թվականի Մայիսի 8ին Սիպոնտոսի մոտակայքում հաղթեցին սարակինոսների զորքերին և այդ հաղթանակը վերագրեցին Սուրբ Միքայել Հրեշտակապետի օգնությանը: Հիշենք, որ Բենէվենտոյի Դքսության ազատագրման համար այդ դարաշրջանում պայքարել է նաև մեր ազգակից Ներսես Պատրիկը, իր հայազգի զորախմբի հետ միասին, երբ Բյուզանդական Կայսրության կողմից առաքվել էր վերանվաճելու Իտալական թերակղզին. մի գործ, որը նա իրականացրեց լիակատար հաջողությամբ: Այդ դարաշրջանում, Իտալիայի բյուզանդական կառավարիչները մեծ մասամբ հայազգիներ էին և բանակները նույնպես մեծ մասամբ ձեվավորված էին հայ մարտիկներից:

 

Չորրորդ երևումը

(22 Սեպտեմբեր 1656)

Տասներկու դար անց, ժանտախտը անգութ մոլեգնում էր Նեապոլսում և նրա ամբողջ թագավորությունում: Ֆոջջայից հետո, ուր մահացել էր բնակչության գրեթե կեսը, սպառնալիքը տարածվում էր Մանֆրեդոնիայում:

Քաղաքի Եպիսկոպոս Ջովաննի Փուչչինելլին մեծ հավատքով դիմեց Միքայել Հրեշտակապետին, նրա Սուրբ Քարայրում, իր բոլոր քահանաների և բազմամբոխ ժողովրդի հետ միասին, հայցելով նրա հզոր օգնությունը:

1656 թվականի Սեպտեմբերի 22ի արշալույսին, նրան երևաց Սուրբ Միքայել Հրեշտակապետը մի ուժգին լույսով շրջապատված, և ասաց. «Իմացած եղեք, ո՜վ այս գառնուկների Հովիվ, որ Ես Միքայել Հրեշտակապետն եմ: Ամենասուրբ Երրորդությունից խնդրեցի, որ ամեն ոք, ով բարեպաշտորեն կգործածի իմ Քարայրից վերցված քարերը, տներից, քաղաքներից և ամեն մի վայրից կհեռացնի ժանտախտը: Գործադրեցեք և ամենքին պատմեցեք Աստվածային Շնորհը: Դուք պետք է օրհնեք այդ քարերը, նրանց վրա քանդակելով Խաչի նշանն ու իմ անունը»:

Եվ ժանտախտի դեմ հաղթանակ տոնվեց:

Մինչև օրս էլ գործածվում են Քարայրից հավատքով վերցված այդ քարերը, հայցելու համար Սուրբ Միքայել Հրեշտակապետի պաշտպանությունը:

Սա, անշուշտ, Միքայել Հրեշտակապետի ամենակարևոր Սրբավայրի հետ կապված երևումների համառօտ պատմությունն է: Սուրբ Հրեշտակապետի երևումները, սակայն, բազմաթիվ են և անհիշելի ժամանակներից շարունակվում են մինչև մեր օրերը:

 

ԱՂՈԹՔՆԵՐ

ԻՆՔՆԱՆՎԻՐՈՒՄ
ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

 

Ո՜վ Երկնային վսեմափայլ Իշխան, Եկեղեցու հավատարմագույն Պաշտպան, Սուրբ Միքայել Հրեշտակապետ. ես, թեև մեծապես անարժան եմ կանգնելու քո առաջ, այնուամենայնիվ ապավինելով քո անչափ բարությանը, իմանալով՝ թե որքա՜ն գերազանց են քո սքանչելի աղոթքներն ու բարեգործություններիդ բազմությունը, իմ Պահապան Հրեշտակի ընկերակցությամբ այսօր ներկայանում եմ քեզ և Երկնքի բոլոր Հրեշտակների ներկայությամբ, որոնց որպես վկա ունեմ քո նըկատմամբ իմ բարեպաշտության, քեզ ընտրում եմ որպես իմ հատուկ Պահապան ու Դատապաշտպան, և վճռակամ կերպով առաջադրում եմ միշտ մեծարել քեզ և քո հանդեպ մեծարանքը տարածել իմ ամբողջ կարողությամբ:

Օգնական եղիր ինձ կյանքիս ամբողջ ընթացքում, որպեսզի երբեք տհաճություն չպատճառեմ Աստծո մաքրամաքուր հայացքին ո՛չ գործերով, ո՛չ խոսքերով և ո՛չ էլ մտքերով: Պաշտպանիր ինձ ընդդեմ սատանայի փորձությունների, հատկապես Հավատքի ու մաքրության դեմ բարձրացող փորձություններից, և մահվանս պահին պարգևիր ինձ հոգու խաղաղությունը և առաջնորդիր ինձ դեպի հավիտենական Հայրենիք: Ամեն:

 

ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ
ՀՐԵՇՏԱԿԱՅԻՆ ՊՍԱԿԸ

 

Հրեշտակային Պսակը, որի մասին այժմ խոսում ենք, դա աղոթքների մի շարան է, որն ուսուցանել է Սուրբ Միքայել Հրեշտակապետն ինքը, 1751 թվականին հայտնվելով պորտուգալացի մի աստվածասեր կնոջ, Անտոնիա ԴþԱստոնակին, որին ասել է, որ կամենում է մեծարվել Ինը մաղթանքներով, որոնք համապատաս-խանում են Հրեշտակների ինը դասերին: Յուրաքանչյուր մաղթանքին պետք է հետևի մեկ «Հայր մեր», երեք «Ողջույն» և մեկ «Փառք Հոր», իսկ ամբողջ Պսակի ավարտին չորս անգամ ասվում է «Հայր մեր» աղոթքը. առաջինն ի պատիվ իր՝ Միքայելի, երկրորդն՝ ի պատիվ Սուրբ Գաբրիել Հրեշտակապետի, երրորդն՝ ի պատիվ Սուրբ Ռաֆայել Հրեշտակապետի, իսկ չորրորդն՝ ի պատիվ մեր Պահապան Հրեշտակի:

Այս բարեպաշտությունը գործադրողներին տվել է նաև յուրահատուկ խոստումներ: Առաջինն այն է, որ եթե քրիստոնյան այս աղոթքները կատարի Ամենասուրբ Հաղորդությունը ստանալուց առաջ, Միքայելը խոստացել է Աստծուց ստանալ շնորհը, որ այդ քրիստոնյային դեպի խորան ուղեկցեն Հրեշտակների ինը դասերից յուրաքանչյուրից մեկական Հրեշտակ, նրան ընկերանալով իրենց աղոթքով ու բարեխոսությամբ: Իսկ նրան, ով կաղոթի այս Պսակը ամեն օր, խոստացել է անձամբ իր և Հրեշտակների օգնությունը այս և հանդերձյալ կյանքում:

Հրեշտակները Երկնքում բաժանվում են ինը դասերի, որոնք են. Սերովբեներ, Քերովբեներ, Գահեր, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետներ, Հրեշտակներ:

 

ՀՐԵՇՏԱԿԱՅԻՆ ՊՍԱԿԸ

 

Մուտքի փառատրություն

Օրհնություն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Առաջին Մաղթանք

Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Սերովբեների երկնային Դասի, Տերը մեզ արժանի դարձնի կրելու մեզնում կատարյալ Սիրո հուրը: Ամեն:

Հայր մեր, որ երկնքում ես. սուրբ թող լինի Քո Անունը. թող գա Քո Արքայությունը. թող Քո կամքը կատարվի երկրի վրա այնպես՝ ինչպես Երկնքում է. մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր. և ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ներում ենք մեզ պարտականներին. և մի՛ տար մեզ փորձության, այլ՝ փրկիր մեզ չարից. քանի որ Քոնն է Արքայությունը և զորությունը և փառքը հավիտյան. ամեն:

Ողջույն քեզ, շնորհներով լի Մարիամ, Տերը քո հետ է: Օրհնյալ ես դու կանանց մեջ և օրհնյալ է որովայնիդ պտուղը՝ Հիսուս: Սրբուհի Մարիամ, Աստվածամայր, բարեխոսիր մեր՝ մեղավորներիս համար, այժմ և մեր մահվան պահին. ամեն: (3 անգամ)

Օրհնություն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Երկրորդ Մաղթանք

Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Քերովբեների երկնային Դասի, Տերը մեզ պարգևի մեղքի կյանքից հեռանալու և քրիստոնեական կատարելությանը հետամուտ լինելու շնորհը: Ամեն:

Հայր մեր … :

Ողջույն քեզ … : (3 անգամ)

Օրհնություն և փառք Հորը, … :

 

Երրորդ Մաղթանք

Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Գահերի սրբազան Դասի, Տերը մեր սրտերից ներս հեղի ճշմարիտ և անկեղծ խոնարհության հոգին: Ամեն:

Հայր մեր … :

Ողջույն քեզ … : (3 անգամ)

Օրհնություն և փառք Հորը, … :

 

Չորրորդ Մաղթանք

Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Տերությունների երկնային Դասի, Տերը մեզ պարգևի մեր զգայարաններին տիրելու և ապականված կրքերն ուղղելու շնորհը: Ամեն:

Հայր մեր … :

Ողջույն քեզ … : (3 անգամ)

Օրհնություն և փառք Հորը, … :

 

Հինգերորդ Մաղթանք

Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Զորությունների երկնային Դասի, Տերը մեզ արժանի նկատի պաշտպանելու մեր հոգիները սատանայի որոգայթներից ու փորձություններից: Ամեն:

Հայր մեր … :

Ողջույն քեզ … : (3 անգամ)

Օրհնություն և փառք Հորը, … :

 

Վեցերորդ Մաղթանք

Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և զմայլելի Իշխանությունների երկնային Դասի, Տերը թույլ չտա, որ ընկնենք փորձությունների մեջ, այլ՝ փրկի մեզ չարից: Ամեն:

Հայր մեր … :

Ողջույն քեզ … : (3 անգամ)

Օրհնություն և փառք Հորը, … :

 

Յոթերորդ Մաղթանք

Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Պետությունների երկնային Դասի, Աստված մեզ լցնի ճշմարիտ և անկեղծ հնազանդության հոգիով: Ամեն:

Հայր մեր … :

Ողջույն քեզ … : (3 անգամ)

Օրհնություն և փառք Հորը, … :

 

Ութերորդ Մաղթանք

Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Հրեշտակապետների երկնային Դասի, Տերը մեզ պարգևի Հավատքի և բարի գործերի մեջ հարատևելու շնորհը, որպեսզի կարողանանք հասնել Երկնքի Արքայության փառքի ձեռքբերմանը: Ամեն:

Հայր մեր … :

Ողջույն քեզ … : (3 անգամ)

Օրհնություն և փառք Հորը, … :

 

Իններորդ Մաղթանք

Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և բոլոր Հրեշտակների երկնային Դասի, Տերը մեզ պարգևի ներկա մահկանացու կյանքում նրանց կողմից պահպանվելու և ապա Երկնքի հավիտենական փառքին առաջնորդվելու շնորհը: Ամեն:

Հայր մեր … :

Ողջույն քեզ … : (3 անգամ)

Օրհնություն և փառք Հորը, … :

Հրեշտակային Պսակն ավարտելու համար հարկավոր է աղոթել «Հայր մեր»ը 4 անգամ. առաջինն ի պատիվ Սուրբ Միքայելի, երկրորդն ի պատիվ Սուրբ Գաբրիելի, երրորդն ի պատիվ Սուրբ Ռաֆայելի, իսկ չորրորդը՝ յուրաքանչյուր ոք ի պատիվ իր Պահապան Հրեշտակի:

 

ԱՂՈԹՔ

Ո՜վ Փառապանծ Իշխան Սուրբ Միքայել, երկնային Զորքերի Գլուխ և Առաջնորդ, հոգիների ավանդապահ, ապստամբ հոգիներին սանձող, Աստծո արքունիքի ընտանի սպասավոր, Հիսուս Քրիստոսից հետո՝ մեր սքանչելի զորավար, գերմարդկայնորեն վսեմ ու զորեղ. կամեցի՛ր բոլոր չարիքներից ազատել մեզ բոլորիս, որ վստահությամբ դիմում ենք քեզ, և այնպես արա՛, որ քո հզոր պաշտպանությամբ ամրապնդված՝ ամեն օր հավատարմորեն ծառայենք մեր Աստծուն:

Բարեխոսիր մեր համար, ո՜վ երանելիդ մեր Սուրբ Միքայել, որ Իշխան ես Հիսուս Քրիստոսի Եկեղեցում.

Որպեսզի կարողանանք արժանի լինել Նրա խոստումներին: Ամեն:

 

ԱՂՈԹՔ

Ամենակալ, հավիտենական Աստված, որ սքանչելի բարությամբդ ու ողորմությամբդ, մարդկության փրկությանը սպասավորելու համար՝ որպես Եկեղեցուդ Իշխան ընտրեցիր փառապանծ Սուրբ Միքայել Հրեշտակապետին. արժանի արա՛ մեզ, աղաչում ենք Քեզ, նրա բարերար պաշտպանության շնորհիվ ազատվելու մեր բոլոր թշնամիներից, որպեսզի մեր մահվան պահին նրանցից ո՛չ մեկը չչարչարի մեզ ու չխոչընդոտի, այլ՝ Սուրբ Միքայելի ուղեկցությամբ առաջնորդվենք ներկայանալու Աստվածային Վսեմությանդ ներկայությանը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի արժանիքներով: Ամեն:

 

ԴԻՎԱՀԱԼԱԾՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՍԱՏԱՆԱՅԻ
ԵՎ ԱՊՍՏԱՄԲ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ

 

Այս աղոթքը կարող է մարմնի և հոգու մեծ չարիքներից ազատել աղոթողի անձը, ընտանիքը, հասարակությունը: Կարող է կատարվել նաև ամեն օր. պարտադիր չէ քահանայի ներկայությունը, այն կարող են կատարել բոլորը. տղամարդիկ, կանայք, երեխաները: Կարող է կատարվել եկեղեցում, տանը, պարտեզում, փողոցում: Աղոթքը կարող է կատարվել առանձնաբար կամ խմբով:

Խորհուրդ է տրվում կատարել այս աղոթքը ընտանեկան վեճերի, քաղաքային խռովությունների դեպքում. – մասոնների, Աստծո և հավատքի դեմ գործողների, անզեղջ մեղավորների տներում, նրանց դարձի համար. – գործերի հաջող ընթացքի համար, Աստծո իմաստուն առաջնորդության համաձայն. – սեփական կյանքի վիճակի ընտրության հարցում կողմնորոշվելու համար. – սեփական ընտանիքում կամ ծխում Հավատքի պահպանման համար. – սեփական անձի և սիրելի անձանց սրբագործման համար:

Ամբողջ աղոթքը հարկավոր է կատարել հոտնկայս: Խաչով նշված տեղերում հարկավոր է խաչակնքվել, առանց խոսքեր արտաբերելու, հանդարտ, հանդիսավոր մեծարանքով:

Ներածական աղերս
Սուրբ Միքայել Հրեշտակապետին

Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու. Ամեն:

Ո՜վ երկնային Զորքերի փառապանծ Իշխան, Հրեշտակապետդ Սուրբ Միքայել, պաշտպանիր մեզ խավարի բոլոր զորությունների և նրանց հոգևոր չարության դեմ մղվող պատերազմում: Հասիր մեզ օգնության, մեզ՝ որ ստեղծվել ենք Աստծո կողմից և մեծ փրկագնով ազատվել ենք սատանայի բռնությունից:

Եկեղեցին քեզ մեծարում է որպես իր Պաշտպանն ու Պահապանը, և Տերը քեզ է վստահել հոգիները բոլոր նրանց, ովքեր մի օր զբաղեցնելու են երկնային գահերը: Հայցիր, ուստի, Խաղաղության Աստծուց, որ սատանային ճզմված պահի մեր ոտքերի ներքո, որպեսզի նա այլևս չկարողանա իր ստրուկները դարձնել մարդկանց, ո՛չ էլ՝ վնաս հասցնել Եկեղեցուն:

Քո աղոթքների հետ միասին, Բարձրյալին ներկայացրու նաև մեր աղոթքները, որպեսզի մեր վրա իջնեն Իր Աստվածային Ողորմությունները և դու կարող լինես շղթայելու վիշապին, հինավուրց օձին՝ սատանային, և նրան շղթայված նետես անդունդի խորքը, որտեղից այլևս չկարողանա խաբել հոգիներին: Ամեն:

Մուտք

Հանուն Հիսուս Քրիստոսի՝ մեր Աստծո և Տիրոջ, և բարեխոսությամբ Անարատ Կույս Մարիամ Աստվածածնի, Սուրբ Միքայել Հրեշտակապետի, Սուրբ Առաքյալներ Պետրոսի և Պողոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և բոլոր Սրբերի, վստահասիրտ սկսենք պայքարը սատանայի հարձակումների ու խարդախությունների դեմ:

Սաղմոս

Ոտքի է կանգնելու Տերը և ցրվելու են Նրա թշնամիները, Նրա առջևից փախչելու են Իրեն ատողները:

Անհետանալու են, ինչպես անհետանում է ծուխը, ինչպես կրակի առաջ հալվում է մոմը: Ահա այդպես վերանալու են մեղավորներն Աստծո ներկայությանը:

Ահա՛ Տիրոջ Խաչը: Փախե՛ք թշնամի ուժեր:

Հաղթեց Հուդայի տոհմի Առյուծը, Դավթի որդին:

Թող Քո ողորմությունը, ո՜վ Տեր, մեր վրա լինի:

Քանի որ մենք Քո վրա ենք հաստատել մեր հույսը:

Դիվահալածում

Հեռացի՛ր, պիղծ ոգի, սատանայական զորություն, դժոխային թշնամու ներխուժում, դիվային բոլոր զորախմբերի, հավաքների ու հրոսակների հետ միասին, Անվամբ և Կարողությամբ մեր Տեր Հիսուս † Քրիստոսի. արմատախի՛լ եղիր Աստծո Եկեղեցուց, հեռացի՛ր Աստվածային Գառան անգին Արյամբ փրկված հոգիներից:

Այսուհետև մի՛ հանդգնիր, նենգ օձ, խաբել մարդկային զարմին, հալածել Աստծո Եկեղեցուն և ցորենի նման տրորել ու մաղել Աստծո ընտրյալներին:

Քեզ դա հրամայում է Բարձրյալն Աստված, որին քո անսանձ հպարտությամբ հավակնում ես նման լինել:

Քեզ դա հրամայում է Հայրն † Աստված. քեզ դա հրամայում է Որդին † Աստված. քեզ դա հրամայում է Սուրբ Հոգին † Աստված:

Քեզ դա հրամայում է Քրիստոսը՝ Աստծո մարդացյալ † Հավիտենական Խոսքը, որը մեր մարդկային զարմի փրկության համար, մինչ մենք կորստյան էինք մատնվել քո նախանձի պատճառով, խոնարհվեց և հնազանդ եղավ մինչ ի մահ:

Քեզ դա հրամայում է Խաչի Սուրբ Նշանը † և մեր Քրիստոնեական Հավատքի բոլոր Խորհուրդների կարողությունը:

Քեզ դա հրամայում է զորեղ Աստվածածինը՝ Ամենօրհնյալ † Սուրբ Կույս Մարիամը, որն իր Անարատ Հղության առաջին պահից իսկ, իր խոնարհությամբ, իր ոտքերի տակ տրորեց քո հպարտ գլուխը:

Քեզ դա հրամայում է Մարտիրոսների արյունը † և բոլոր Սրբերի ու Սրբուհիների հզոր բարեխոսությունը:

Ուստի, անիծյալդ վիշապ, – և քո հետ միասին նաև քո դիվային բոլոր լեգիոնները, – մենք քեզ երդմնեցնում ենք կենդանի

Աստծո † Անունով, ճշմարիտ Աստծո † Անունով, սուրբ Աստծո † Անունով. դադարի՛ր խաբել մարդկային արարածներին և նրանց մեջ ներարկել հավիտենական դատապարտության թույնը. դադարի՛ր վնասել Եկեղեցուն և թակարդներ լարել նրա ազատությանը:

Հեռացի՛ր, սատանա, խաբեությունների հեղինակ և ուսուցիչ, մարդու փրկության թշնամի: Զիջի՛ր տեղը Քրիստոսին, զիջի՛ր տեղը Եկեղեցուն: Խոնարհվի՛ր Աստծո հզոր Աջի ներքո, սարսափահար դողա՛ և փախի՛ր, լսելով՝ թե մենք ինչպես ենք կանչում սուրբ և ահարկու Անունն այն Հիսուսի, որ ցնցում է դժոխքը, որին Երկնային Իշխանությունները, Զորություններն ու Տերությունները ենթակա են, որին Քերովբեներն ու Սերովբեներն անդադար օրհնաբանում են, ասելով. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Տերը, Զորությունների Աստվածը»:

Ո՜վ Տեր, լսիր մեր աղոթքը:

Եվ թող մեր աղաղակը հասնի մինչև Քեզ:

Ո՜վ Երկնքի Աստված, ո՜վ երկրի Աստված, ո՜վ Հրեշտակների Աստված, ո՜վ Հրեշտակապետների Աստված, ո՜վ Նահապետների

Աստված, ո՜վ Մարգարեների Աստված, ո՜վ Առաքյալների Աստված, ո՜վ Մարտիրոսների Աստված, ո՜վ Խոստովանողների Աստված, ո՜վ Կույսերի Աստված. Աստված, որ կարողությունն ունես պարգևելու կյանքը մահից հետո, և հանգիստը՝ հոգնությունից հետո, քանի որ Քեզնից բացի գոյություն չունի ա՛յլ Աստված, և չի էլ կարող գոյություն ունենալ, քան միայն Դու, որ տեսանելի և անտեսանելի բոլոր գոյությունների Հավիտենական Արարիչն ես. խոնարհաբար խնդրում ենք Քեզ ազատել մեզ դժոխային ոգիների ամեն տեսակ բռնություններից, թակարդներից, խաբեություններից ու ապականարար ներկայությունից, և պահել մեզ նրանցից անվնաս: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով ու մարդասիրությամբ: Ամեն:

Սատանայի խաբեություններից ազատիր մեզ, Տեր:

Եվ թող որ Եկեղեցիդ կարողանա ազատորեն ծառայել Քեզ:

Եվ Եկեղեցուդ թշնամիները թող պարտության մատնվեն:

Խնդրում ենք Քեզ, Հա՜յր, լսիր և ընդունիր մեր աղերսանքը հանուն Միածին Որդուդ՝ Հիսուսի սիրազեղ Սրտի և հանուն Նրա Կույս Մոր վշտակրությունների: Ամեն:

 

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼԻՆ

 

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, պատերազմում զորավիգ եղիր մեզ և մեր օգնականը եղիր ընդդեմ սատանայի չարության ու նենգ դարանների: Թող Աստված ենթարկի նրան: Մենք աղերսագին խնդրում ենք քեզնից, և դու, ո՜վ երկնային Զորքերի Իշխան, աստվածային զորությամբ կրկին դժոխք վտարիր սատանային և մյուս բոլոր դևերին, որոնք երկրի երեսին թափառում են կործանելով հոգիներին: Ամեն:

 

ԸՆԾԱՅՈՒՄ
ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

 

Հրեշտակային Նվիրապետությունների ազնվագույնդ Իշխան, Բարձրյալի քաջարի մարտիկ, Տիրոջ փառքը եռանդագին սիրող, ապստամբ հրեշտակների ահ ու սարսափ, բոլոր արդար Հրեշտակների մտերիմ և բերկրանք, իմ շա՜տ սիրելի Սուրբ Միքայել. ես կամենալով լինել քեզ բարեպաշտների և քեզ սպասավորողների թվում, այսօր իմ անձը քեզ եմ ընծայում որպես այդպիսին. քո հզոր պաշտպանությանն եմ հանձնում իմ անձը, իմ ընտանիքը և ինձ պատկանող ամեն բան:

Համեստ է ընծան, որ նվիրում եմ քեզ, քանի որ ես մի խեղճ մեղավոր եմ: Բայց դու բարեհաճությամբ ընդունիր իմ սրտի գորովը քո հանդեպ, և քանի որ այսօրվանից ես այլևս գտնվում եմ քո պաշտպանության ներքո, օգնական եղիր ինձ ամբողջ կյանքիս ընթացքում և Աստծուց ներում հայցիր իմ բազմաթիվ ու ծանր մեղքերին: Ստացիր իմ համար շնորհը՝ սրտանց սիրելու իմ Աստծուն, իմ թանկագին Հիսուս Փրկչին և իմ քաղցր Մայր Մարիամին. և իմ համար հայթայթիր այն օգնությունները, որոնք ինձ հարկավոր են փառքի պսակին հասնելու համար: Միշտ պաշտպանիր ինձ իմ հոգու թշնամիներից, հատկապես կյանքիս վերջին պահին: Երբ կհասնի իմ այդ վերջին պահը, ե՛կ, ո՜վ փառահեղ Իշխան, զորավիգ լինելու ինձ այդ վերջին գոտեմարտում, և քո հզոր զենքով ինձնից հեռու վանիր և դժոխքի անդունդներում շղթայիր այն օրինազանց ու հպարտ հրեշտակին, որին մի օր հաղթեցիր Երկընքում: Ամեն:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, պաշտպանիր մեզ հոգեվոր պատերազմում, որպեսզի չդատապարտվենք վերջին դատաստանում: Ամեն:

 

ԱՂՈԹՔ
ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

 

Ո՜վ երկնային Զորքերի մեծդ Իշխան, փառապանծ Հրեշտակապետդ Սուրբ Միքայել, մենք՝ քո բարեպաշտներս, քո առաջ խոնարհաբար ծունկի իջած, ողջունում ենք քեզ և սրտազեղ սիրով խնդրում ենք քո հզոր պաշտպանությունը և քո ազդու միջամտությունը Ամենասուրբ Երրորդության գահի առջև:

Փառքի այդ գահից, բարերար ցողի նման, մեր սրտերի վրա իջեցրու Աստվածային Շնորհը, որի օգնությամբ մենք կապրենք քրիստոնեավայել աստվածասեր վարքով, ստապատիր ուսուցումների դեմ կհաղթանակի Սուրբ Եկեղեցին, խաղաղություն կհաստատվի քրիստոնյա իշխանավորների միջև, կսիրվի աշխատանքը, կփարթամանան մեր դաշտերն ու այգիները, կխաղաղվեն փոթորկումները, մանուկների ուրախ ծիծաղով կլցվի մեր Հայրենիքը, երբ քո օրինակին հետևելով՝ մենք բոլորս կծառայենք Կյանքին, հեռու վանելով մահվան մշակույթն իր բոլոր դրսևորումներով:

Ո՜վ բարեգութ Հրեշտակապետ, Պաշտպան Ընդհանրական Եկեղեցու և մեր իսկ անձնական եզակի Պաշտպան, բարեխոսիր մեր համար և օգնության հասիր մեզ մեր կարիքների մեջ: Ազատիր մեզ սատանայի ծուղակներից այժմ և մեր կյանքի վերջին պահին, որից հետո քո հզոր պաշտպանության շնորհիվ հուսով ենք անձամբ քո ընկերակցությամբ ցնծագին առաջնորդվել դեպի Երկնային Արքայությունը: Ամեն:

 

ԱՂԵՐՍ
ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

 

Ո՜վ փառապանծ Հրեշտակապետ, որ նախագահում ես երկրի բոլոր Պահապան Հրեշտակներին, խնդրում եմ չթողնես ինձ մենակ:

Քանի՜ քանի՜ անգամներ եմ ես քեզ վշտացրել իմ մեծ ու փոքր մեղքերով, հանցանքներով, թերություններով, զանցառումներով … : Խնդրում եմ, հոգիս շրջապատող բազմաթիվ վտանգներում ինձնից մի՛ հեռացրու օգնական պաշտպանությունդ ընդդեմ չար ոգիների, որոնք կամենում են որսալ ինձ և որպես զոհ մատուցել խաբեբա ու շողոքորթ օձին, կասկածներ ներշնչող օձին, որը մարմնի փորձությունների միջոցով փորձում է գերել ու բանտարկել իմ հոգին:

Ինձ անպաշտպան մի՛ թող նենգ ու խորամանկ հարձակումների դիմաց մի թշնամու, որն այնքան սարսափազդու է, որքան որ դաժան է:

Այնպես արա՛, որ ես կարողանամ բացել իմ սիրտը քո քաղցր ներշնչումների առաջ, սաստկացնելով դրանք ամեն անգամ, երբ թվում է, որ ինձնում նվազում է քո սրտի զգացումներին հետևելու կամքը:

Իմ սրտի մեջ իջեցրու և արմատավորիր գոնե մի կայծ այն քաղցր ու սրբազան կրակից, որը բոցավառ հրով այրվում է քո սրտում և քո բոլոր հավատարիմ Հրեշտակների սրտում, և որն առավել վեհորեն ու մեր համար անիմանալի կերպով հրավառ այրվում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սրտում:

Այնպես արա, որ երկրային այս խեղճ ու վաղանցուկ կյանքի ավարտին ես կարող լինեմ քայլելու քո հետքերով, որոնք կառաջնորդեն ինձ դեպի հավիտենական երանության վայելումը Հիսուսի Արքայությունում. Հիսուսի, ում ես ուզում եմ հավիտյան սիրել և օրհնել: Ամեն:

 

ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

 

Ո՜վ փառապանծ Սուրբ Միքայել Հրեշտակապետ, երկնային Զորքերի Իշխան, կյանքիս ընթացքում և մահվանս պահին պաշտպանիր ինձ սատանայի բոլոր նենգություններից, և իմ համար Տիրոջից ստացիր մտքի և սրտի խոնարհության շնորհը, որպեսզի հպարտությունն ինձ չառաջնորդի դժոխք: Ամեն:

 

ՇԱՐԱԿԱՆ ՄԻՔԱՅԵԼ
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

իր տոնական օրվա համար ( 29 Սեպտեմբեր)

Ո՜վ Հիսուս,
Հոր փառքի փայլ և զորություն.
Ո՜վ Հիսուս, մեր սրտերի Կյանք.
Մենք գովաբանում ենք Քեզ
Հրեշտակների հետ միասին,
Որոնք շուրթերիդ հրամաններին ուշադիր՝
Իրենց թևերով խոնարհաբար քողարկվում են
Քո ներկայության:

Երկնային Իշխանների հազար բյուրավորներ
Կանգնած են Գահիդ շուրջբոլորը,
Մարտնչում են Անվանդ համար.

Իսկ Սուրբ Միքայելը,
Փրկության Դրոշը պարզած,
Հաղթական վեր է խոյացնում
Խաչի Սուրբ Նշանը:

Նա է, որ դժոխքի անդունդն է նետում
Հպարտ գլուխը վիշապի.
Եվ կայծակնահարում է,
գլխավորի հետ միասին
Երկնքից վտարելով ապստամբներին բոլոր:

Անհաղթելի այս Իշխանին հետևենք
Ընդդեմ հպարտության գլխի,
Որպեսզի Անարատ ու Անմահ Գառը
Հավիտենական Փառքի պսակով պարգևատրի
Հաղթանակը հավատարիմ ժողովրդի:

Հորը և Որդուն, և Քեզ, ո՜վ Սուրբ Հոգի,
Ինչպես սկզբում էր, այնպես էլ այժմ և միշտ,
Թող հավիտյան նույն փառքը, նույն գովքը տրվի: Ամեն:

 

ԳՈՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔՄԱՂԹԱՆՔ
Ի ՊԱՏԻՎ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ

 

Այս աղոթքը սահմանված է նաև խմբակային կատարման համար: Խմբից մեկն արտասանում է աղոթքմաղթանքների առաջին մասը, իսկ խումբը պատասխանում է երկրորդ մասով: Առաջին և երկրորդ մասերն իրարից անջատել ենք գծիկով:

Տեր, – ողորմիր մեզ:
Քրիստոս, – ողորմիր մեզ:
Տեր, – ողորմիր մեզ:

Յիսուս Քրիստոս, – ունկն դիր մեզ:
Յիսուս Քրիստոս, – ընդունիր մեր աղոթքը:

Ամենասուրբ Երրորդություն և Մի Աստվածություն, – ողորմիր մեզ:

Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին, – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, Աստծո սուրը, – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, Հրեշտակների Զորավար, – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, անհաղթ հոգի, – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, Աստվածային Զորությամբ զինված, – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, Աստծո ծրագրերի սրբության Պաշտպան, – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, հաղթական ընդդեմ սատանայի, – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, հզոր ընդդեմ բոլոր դևերի, – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, հզոր ընդդեմ բոլոր չարիքների, – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, հզոր ընդդեմ չարամիտ ու չարասիրտ անձանց, – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, մեր ձախորդությունների ժամանակ – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, մեր հիվանդությունների ժամանակ – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, ընտանիքների և ժողովուրդների միջև մղվող պատերազմների ժամանակ – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, Եկեղեցու պաշտպանության համար մղվող պայքարների ժամանակ – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, փորձությունների դեմ մըղվող անձնական պայքարների ժամանակ – բարեխոսիր մեր համար:

Սուրբ Միքայել Հրեշտակապետ, հոգեվարքի ու մահվան պահին մղվող պայքարների ժամանակ – բարեխոսիր մեր համար:

Սատանայի նենգ ծուղակներից – ազատիր մեզ, ո՜վ Տեր:

Աղոթք

Աստված ամենակարող և հավիտենական, որ Սուրբ Միքայել Հրեշտակապետին տվեցիր մեզ որպես Պաշտպան և Պահապան, ընդունիր մեր աղոթքը և Սուրբ Միքայել Հրեշտակապետի բարեխոսությամբ միշտ փրկիր մեզ բոլոր չարիքներից և դժոխքի կրակից: Մենք սա Քեզնից խնդրում ենք հԱնուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի: Ամեն:

 

ՍՈՒՐԲ ԳԱԲՐԻԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

 

Սուրբ Գաբրիելը մեկն է այն երեք Հրեշտակներից, որոնց անունը վստահաբար ճանաչում ենք Աստվածաշնչից, Սուրբ Միքայելի և Սուրբ Ռաֆայելի հետ միասին: Նա պատկանում է հրեշտակային Երկրորդ Դասին՝ Հրեշտակապետներին: «Գաբրիել» անունը մեկնաբանվում է երկու կերպ. բացատրություններից մեկի համաձայն այն նշանակում է «Աստծո զորություն», իսկ երկրորդ բացատրության համաձայն՝ «Նա, ով կանգնում է Աստծո առաջ». Այս երկրորդ բացատրության համար հիմք են ծառայում իր իսկ Գաբրիելի խոսքերը Հովհաննես Մկրտչի հայր Զաքարիային (հմմտ. Ղկս 1, 19):

Սուրբ Գաբրիել Հրեշտակապետը Աստվածային Հայտնու-թյուններն Ավետողն է: Աստվածաշնչյան պատմություններում նա ունեցել է երեք մեծ առաքելություն.

Առաջին անգամ նա առաքվել է Դանիել Մարգարեի մոտ, որպեսզի բացատրի նրան – միշտ անշուշտ առակավոր ու խորհըրդաբանական լեզվով – թե երբ և ինչպես է տեղի ունենալու Հին Ուխտի սպասման ժամանակների լրումը և Փրկչի գալուստը աշխարհ:

Երկրորդ անգամ նա առաքվել է Զաքարիա քահանայի մոտ, որպեսզի նրան ավետի Փրկչի նախակարապետը հանդիսացող Հովհաննես Մկրտչի ծնունդը:

Երրորդ անգամ Աստծո կողմից նրան է հանձնարարվել այն ամենավեհ պաշտոնը, որ երբևէ հանձնարարվել է մի արարածի. Մարդկության Փրկչի Ծննդյան Ավետումը Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնին:

Կարող ենք վստահասիրտ ապավինել նրա հզոր բարեխոսությանը Աստծո Գահի առջև, որպեսզի նրա օգնությամբ միշտ հաղորդ դառնանք Աստծո Մարդեղությամբ մեզ պարգևված շնորհներին, որոնք նա ինքը ավետեց մեզ: Գաբրիել Հրեշտակապետի տոնը մինչև վերջերս կատարվում էր Մարտի 24ին, մինչ ներկայումս տարածվել է երեք Հրեշտակապետներին միասին տոնելու սովորությունը, Սուրբ Միքայելի ծիսական տոնի օրը:

 

Ծիսական աղոթք

Ո՜վ Աստված, որ բոլոր Հրեշտակների միջից ընտրեցիր Գաբրիել Հրեշտակապետին, ավետելու համար Մարդեղությանդ խորհուրդը, պարգևիր մեզ, խնդրում ենք, որ նրա բարեխոսությունը երկրի վրա հայցելով՝ Երկնքում ստանանք նրա Պաշտպանության պըտուղները: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ: Ամեն:

 

ՍՈՒՐԲ ՌԱՖԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

 

«Ռաֆայել» անվանը ևս տրվում է երկու բացատրություն, թեև այս դեպքում դրանք միևնույն իմաստն են արտահայտում. առաջին բացատրության համաձայն այն նշանակում է «Աստծուց շնորհված դեղ», իսկ երկրորդի համաձայն՝ «Աստված բժշկում է»:

Ռաֆայել Հրեշտակապետն Աստվածաշնչում հիշատակվում է միայն Տովբիթի գրքում, ուր պատմվում է, թե նա ինչպես է ընկերակցում պատանի Տուբիային նրա ճամփորդության ժամանակ, օգնում է դժվարությունների պահին, բժշկում է նրա սիրելիների հիվանդությունները: Այդպիսով, Ռաֆայելի կերպարն Աստվածաշընչում ներկայանում է որպես ճամփորդող և բժշկող Հրեշտակ, թեև նա մեկն է այն 7 Հրեշտակներից, որոնք կանգնած են Տիրոջ Գահի առաջ և նրան անդադար մատուցում են ամենավառ աղոթքների խունկը (հմմտ. Տվբ 12, 15): Ավանդաբար կարծվում է, թե Ավետարանն ակնարկում է հենց Ռաֆայել Հրեշտակապետին, երբ պատմում է այն Հրեշտակի մասին, որն իջնում է հուզելու Սիլոեի ավազանի ջրերը, որպեսզի հիվանդներն իջնեն այնտեղ և բուժվեն:

Քրիստոնյա ժողովուրդը Սուրբ Ռաֆայել Հրեշտակապետին է դիմում հատկապես մարմնի հիվանդություններից Աստծո կամքի համաձայն ապաքինում գտնելու և ընտանիքի անդամների միջև սեր ու խաղաղություն հաստատելու համար: Ներկայումս Ռաֆայել Հրեշտակապետի ծիսական տոնը կատարվում է Սուրբ Միքայելի և Սուրբ Գաբրիելի հետ միասին, մինչ առաջ նրա հատուկ տոնի օրը Հոկտեմբերի 24ն էր:

 

Ծիսական աղոթք

Ո՜վ Աստված, որ Սուրբ Ռաֆայել Հրեշտակապետին որպես ճանապարհորդակից ընկեր տվեցիր Քո ծառա Տուբիային, խնդրում ենք, որ պարգևես մեզ, քանի որ մենք էլ Քո ծառաներն ենք, Երկնային Արքունիքի այս փառապանծ Իշխանի պաշտպանությունը միշտ վայելելու և նրա օգնականությամբ միշտ զորանալու շնորհը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվամբ և շնորհով: Ամեն:

ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԻՆ

 

Բոլոր Պահապան Հրեշտակների տոնը կատարվում է Հոկտեմբերի 2ին: Աստված Իր իմաստուն տնորենության համաձայն կամեցավ, որ Հրեշտակները գործուն մասնակցություն ունենան մեր մարդկային պատմությանը: Մարդկության պատմության ընթացքում կարևորագույն իրադարձությունների ժամանակ հրեշտակային հատուկ միջամտություններից բացի, Նա մեզնից յուրաքանչյուրին հատկացրել է նաև մի Հրեշտակ, որպեսզի պահպանի մեզ և առաջնորդի ճշմարիտ ու բարի խորհուրդներով: Բավական է, որ մարդիկ ունկնդրեն նրանց մեղմ ձայնը, որ շարունակ լսվում է մարդու ներաշխարհում, առանց սակայն բռնանալու մարդու ազատության վրա:

Տերն Աստված ասում է. «Քո մոտ եմ ուղարկելու իմ Հրեշտակին, որպեսզի ընկերակից լինի քեզ, առաջնորդի քեզ քո կյանքի ընթացքում և հասցնի քեզ այն երկիրը, որ պատրաստել եմ քո համար», այսինքն՝ Երկնքի Արքայությունը (հմմտ. Ել 23, 2023): Իսկ Հիսուսն ասում է. «Զգույշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհեք: Ասում եմ ձեզ, որ Երկնքում նրանց Հրեշտակները մըշտապես տեսնում են Երեսն իմ Հոր, որ Երկնքում է» (Մտթ 18, 10):

Հիշարժան է Սրբուհի Ֆրանչեսկա Հռոմայեցու բարեպաշտ մտերմությունն իր Պահապան Հրեշտակի հետ: Բացի այն, որ մտովին անդադար զրուցում էր նրա հետ, երբ նստում էր, իր կողքին միշտ մի ազատ տեղ էր թողնում իր Պահապան Հրեշտակի համար:

Սնուցենք մեր հոգևոր կապը մեր Պահապան Հրեշտակների հետ, որոնց մեր Երկնավոր Հայրը կարգել է ի պաշտպանություն մեր տկար բնության, որպեսզի մեր թշնամիների զոհը չդառնանք անվերադարձ կերպով:

 

Ամենօրյա աղոթք

Աստծո Հրեշտակ, որ իմ Պահապանն ես, լուսավորիր, պահպանիր, առաջնորդիր և ղեկավարիր ինձ, որ քեզ եմ վստահվել Աստվածային Բարության կողմից: Ամեն:

 

Աղոթք Պահապան Հրեշտակին

Պահապան Հրեշտակ իմ սիրելի, ճշմարիտ բարեկամ, հավատարիմ ընկեր և վստահելի ու ապահով առաջնորդ, ես շնորհակալություն եմ հայտնում քեզ այն անսպառ սիրո, խնամքի ու համբերության համար, որոնցով ինձ օգնել ու օժանդակել ես և անդադար օգնում ու օժանդակում ես իմ հոգևոր ու մարմնավոր կարիքներում: Ներողություն եմ խնդրում այն բազմաթիվ անգամների համար, որ քեզ տհաճություն եմ պատճառել՝ չհետևելով քո սիրալիր խորհուրդներին, ընդդիմանալով քո ողջամիտ ու փրկարար հորդորներին ու զգուշացումներին, և այսքա՜ն սակավ օգուտ քաղած լինելով քո սուրբ ներշնչումներից: Խնդրում եմ քեզ, ամբողջ կյանքիս ընթացքում շարունակիր բարեգթորեն պահպանել ինձ, որպեսզի ես կարողանամ, քո հետ միասին, գոհաբանել, փառավորել և օրհնել մեր ընդհանուր Տիրոջը՝ Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս: Ամեն:

 

Ծիսական աղոթք

Ո՜վ Աստված, որ անճառելի նախախնամությամբ՝ Քո Սուրբ Հրեշտակներին առաքում ես պահպանելու մարդկանց, պարգևիր մեզ շնորհը՝ երկրի վրա այժմ զգալու նրանց հզոր պաշտպանության արդյունքները և մի օր Երկնքում մասնակցելու նրանց երանությանը: Սա Քեզնից հայցում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի արժանիքներով: Ամեն:

 

ԱՂՈԹՔ ՁԻԹԵՆՅԱՑ ՊԱՐՏԵԶՈՒՄ
ՀԻՍՈՒՍԻՆ ՄԽԻԹԱՐԱԾ ՀՐԵՇՏԱԿԻՆ

 

Ղուկասի Ավետարանում կարդում ենք, որ երբ Հիսուսը Խաչելությունից առաջ առանձնանում է Գեթսեմանիի Ձիթենյաց պարտեզում աղոթելու և այնտեղ ենթարկվում է անասելի տագնապի տվայտանքներին, Նրան Երկնքից երևում է մի Հրեշտակ, որ մխիթարում է Նրան և ուժ տալիս (Ղկս 22, 43): Բազմաթիվ քրիստոնյաներ իրենց կյանքի դժվարին պահերին դիմում են այդ Հրեշտակի օգնությանը, քանի որ նա՝ ով Աստծուց առաքելությունը ստացավ մխիթարելու Եկեղեցու Գլխին, իշխանությունն ունի մխիթարելու նաև Նրա անդամներին, երբ նրանք որևէ հոգեկան դժվարության մեջ են գտնվում, բայց հատկապես՝ հոգեվարքի պահին: Այս բարեպաշտությունը մեծապես օգտակար է: Հավատքով և Սիրով դիմենք Ձիթենյաց պարտեզում Հիսուսին մխիթարած Հրեշտակին, որպեսզի իր մխիթարությունների հետ միասին ներշնչի մեզ քրիստոնեական անսասանելի Հույսը մեր ամբողջ կյանքի ընթացքում և մեր մահվան պահին:

Ես ողջունում եմ քեզ, ո՜վ Սուրբ Հրեշտակ, որ մխիթարեցիր հոգեվարքի տագնապի մեջ ընկղմված իմ Հիսուսին, և քո հետ միասին գովաբանում եմ Ամենասուրբ Երրորդությունն այն բանի համար, որ բոլոր Հրեշտակների միջից քեզ ընտրեց՝ մխիթարելու և զորացնելու համար Նրան, ով բոլոր վշտացածների մխիթարությունն ու զորությունն է: Հանուն այդ պատվի, որ ստացար Աստծուց, և հանուն այն հնազանդության, խոնարհության ու գորովի, որոնցով նեցուկ եղար իմ Փրկիչ Հիսուսի Սուրբ Մարդկությանը, որ վշտակրության բեռան տակ ճնշվում էր ի տես աշխարհի մեղքերի և հատկապես՝ անձամբ իմ մեղքերի, խնդրում եմ ինձ միշտ զորավիգ լինես քո հոգևոր մխիթարություններով, ե՛ւ այս պահի իմ տառապանքներում, ե՛ւ գալիք նեղություններում, բայց հատկապես՝ մահվանս պահին: Ամեն:

Աղոթքի ավարտին հարկավոր է 3 անգամ կրկնել «Օրհնություն և փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն» գովաբանությունն ի պատիվ Ձիթենյաց պարտեզում և Խաչի վրա մեր Տեր Հիսուս Քրիստոսի կրած Չարչարանքների:

 

ՇԱՐԱԿԱՆ ՀՐԵՇՏԱԿԱՅԻՆ ԻՆԸ ԴԱՍԵՐԻՆ

(գրաբար)

Անմահ Արքային անարուեստ Աթոռք,
Բազմաչեայ Քերով
բէք,
Սր
բասաց ձայնիւ Սերովբէք,
Առաջին յերկինս քահանայապետք.
Բարեխօս լերուք առ Տէր վասն Եկեղեցւոյ:

Բարձրելոյն փառաց բարձող Տէրութիւնք,
Անյաղթելի Զօրութիւնք, Վեհագոյն Իշխանութիւնք, Երկրորդին դասու քահանայապետք.

Բարեխօս լերուք առ Տէր վասն Եկեղեցւոյ:

Գերագոյն Էին Պետութիւնք վերին,
Հրեշտակապետք երկնաւորք,
Հրեշտակաց զինուորութիւնք,
Երրորդի յերկինս քահանայապետք.

Ձեզ համաձայնեալ երգեմք զփառս ի բարձունս:

 

Շարական Հայաստանեայց Եկեղեցւոյ, Ը. շաբաթ զկնի Խաչի, Տօն Ս. Հրեշտակապետացն Գաբրիէլի եւ Միքայէլի եւ ամենայն երկնային զօրաց, Շարական «Տէր յերկնից» ԴՁ

 

(աշխարհաբար)

Անմահ Արքայի անձեռագործ Գահեր,
Բազմաչյա Քերովբեներ,
Սրբասաց ձայնով երգող Սերովբեներ,
Առաջին Երկնքի քահանայապետներ.
Բարեխոսեցեք Տիրոջը Եկեղեցու համար:

Բարձրյալի փառքը կրող Տերություններ,
Անհաղթելի Զորություններ,
Վեհագույն Իշխանություններ,
Երկրորդ դասի քահանայապետներ.
Բարեխոսեցեք Տիրոջը Եկեղեցու համար:

Գերագույն Էի վերին Պետություններ,
Երկնավոր Հրեշտակապետներ,
Հրեշտակների զորքեր,
Երրորդ Երկնքի քահանայապետներ.
Ձեզ ձայնակցելով երգում ենք փառք ի բարձունս:

 

ԱՂՈԹՔ ԲՈԼՈՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ

 

Ո՜վ երանավետ Հոգիներ, որ ամբողջովին բոցավառված եք ձեր Արարիչ Աստծո հանդեպ սիրո կրակով, և հատկապես դուք՝ հըրեղեն Սերովբեներ, որ Երկինքն ու երկիրը բոցավառում եք Աստվածային Սիրով, խնդրում եմ, մի՛ լքեք իմ խեղճ ու տարաբախտ սիրտը, այլ՝ ինչպես մի ժամանակ վարվեցիք Եսայի Մարգարեի շուրթերի հետ, իմ սիրտն էլ մաքրեցեք իր բոլոր մեղքերից և նրանում տարածեցեք ձեր բոցավառ սերը, որպեսզի սիրի միմիայն Տիրոջը, փնտրի միմիայն Տիրոջը և միմիայն Տիրոջ մեջ գտնի իր հանգիստը հավիտյանս հավիտենից: Ամեն:

Բոլոր Սուրբ Հրեշտակներ, բարեխոսեցեք իմ համար: Ամեն:

 

֍֍֍

Թարգմանեց և հրատարակության պատրաստեց՝

ՄԱՇՏՈՑ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ

Աղոթքներ Սուրբ Միքայել Հրեշտակապետին. – Երևան:

ՀՏԴ 23/28 ԳՄԴ 86.37

Ա 490

ՀՏԴ 23/28 ԳՄԴ 86.37

ISBN 978-9939-9019-0-9

Գրքույկում համառոտ կերպով հավաքված են եկեղեցական ավանդությանը մաս կազմող պատմություններ Սբ. Միքայել Հրեշտակապետի երևումների մասին, որոնց կցված են նաև մի շարք μարեպաշտական աղոթքներ:

Նախատեսված է Քրիստոնյա լայն հասարակության համար:

© Ընդհանրական Հրատարակչատուն, 2010 endhanrakan.hrat@mashtoz.org

Ընդհանրական Հրատարակչատունը, լավագույն կերպով շարունակելու համար իրենց ծառայությունը, կարիքն ունեն նաև քո գիտակից մասնակցությանը:

Մեր հաշվեհամարն է. «Կոնվերս Բանկ» հ/հ 19300 340285 90100

Ստացող՝ Ընդհանրական ՍՊԸ Նպատակ՝ Հրատարակչություն

www.mashtoz.org

 

֍֍֍

www.hycatholic.ru