Դադիվանք
Դադիվանքն Արցախի հնագույն հոգևոր-մշակութային կենտրոններից է, որը հիմնադրվել է 1-ին դարում Քրիստոնեությունը քարոզելու համար նահատակված Դադիի մասունքների վրա։ 5-րդ դարից Դադիվանքը հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ, իսկ համալիրի պահպանված կառույցները 9-13-րդ դարերի են: Վանական համալիրը ներառում է 2 ժամատուն, 4 եկեղեցի, միաբանական խցեր, գործատուն, գրատուն, և այլն։ Դադիվանքի անվանումը կապված է Թադեոս առաքյալի 70 աշակերտասերներից մեկի՝ Դադիի հետ, ով եկել էր Քրիստոնեությունը տարածելու: Արցախի Վերին Խաչեն գավառում սպանվելուց հետո, Դադիին թաղել են, իսկ գերեզմանի վրա հետագայում կառուցել սրբավայրը:
Սուրբ Դադիի մասունքները հայտնաբերվել են 2007 թվականի հուլիսին, երբ պեղումներ էին կատարվում տարածքում: Դադիվանքը նաև կոչվել է Խութավանք: Այս անվանումը համալիրը ստացել է բլրակի՝ խութի վրա կառուցված լինելու համար: Դադիվանքի կենտրոնական եկեղեցին Սուրբ Կաթողիկեն է, որը 1214 թվականին կառուցել է իշխանի կինը՝ Արզուխաթունը: Իշխանուհին եկեղեցին կառուցել է ամուսնու և երկու որդիների հիշատակին։ Ուշագրավ է եկեղեցու մուտքի վերևում արված քանդակը: Կաթողիկեն հարդարված է եղել հարուստ որմնանկարներով: Դրանցից մեկում Քրիստոսն Ավետարան է մեկնում Դավիթ Սքանչելագործին, իսկ Աստվածածինը՝ խաչազարդ ուրար։ Պատմական աղբյուրների համաձայն, Սքանչելագործը Ծար-Ջերմուկում՝ Բաղնիք-արքունաքում է գործել: Քրիստոսը Դավիթ Ծարեցուն երևացել է և ասել. «Վերափոխիր աշխարհը, բուժիր մարդկանց»: Նա հանքային ջրով բուժել է հիվանդներին։ Եկեղեցու պատին Արզուխաթունը հենց այս տեսիլքն է պատկերել: Կա վարկած, որ որմնանկարն արվել է 12-րդ դարի 2-րդ քառորդին, երբ Արզուխաթունը ողջ էր: Ավելին, պատմական աղբյուրներում որպես բարձրարժեք որմնանկարի հեղինակ հենց Արզուխաթունն է հիշատակվում:
Կաթողիկե եկեղեցուն համահունչ երկհարկանի զանգակատունը 13-րդ դարի է: Զանգակատանը մինչև օրս պահվում է երկու բարձրարժեք խաչքար, որոնք նմանը չունեն: Խաչքարերը դրել է վանքի առաջնորդ Աթանասը` 1283 թվականին: Ավանդույթը պատմում է, որ խաչքարերի նախշերի համար որպես օրինակ են վերցվել իշխանուհի Արզուխաթունի գործվածքները: Կաթողիկեին կից է թաղակապ գավիթով, ուղղանկյուն բեմով եկեղեցին, ապա միանավ եկեղեցին և կից 13-րդ դարի գավիթն է, առանձին ևս մեկ փոքր եկեղեցին քիչ հեռու է գտնվում: Վանքի օժանդակ կառույցներն են՝ ժամատունը, Գրիգորի սեղանատունը, հյուրատունը, գրատունը և սենյակները։
Վանքի տարածքում է Հասան-Ջալալի ապարանքը, որի առաջին հարկում հնձանն ու մառանն են։ Դադիվանքում է գտնվում նաև հրաշքների պատը: Ավանդույթի համաձայն, այս պատը մեծ զորություն ունի: Այն պարզապես կարող է պահել իր վրա փակցված քարը: Եթե մարդ հավատով է քար կպցնում պատին, ապա քարը կպնում է, իսկ նպատակն ու երազանքը՝ կատարվում: Շատերն են մինչև օրս հավատում այս հրաշքին, և Դադիվանք այցելելիս անպայման գնում հրաշագործ պատի մոտ: Դադիվանքը շատ է տուժել թշնամիների հարձակումներից: 7-րդ դարում արաբական արշավանքների ժամանակ վանքը կողոպտվել է, 12-րդ դարում թուրք-սելջուկները ավերել են այն: Այդ շրջանում վանքը ամրոցի դեր է կատարել։ 12-րդ դարում Դադիվանքում մի որոշ ժամանակ ապրել է հայ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական Մխիթար Գոշը: Նա Դադիվանքում աշխատել է իր հանրահայտ «Դատաստանագրքի» վրա:
Խորհրդային Միության ստեղծումից հետո, երբ տարածքները հանձնվեցին Ադրբեջանի իշխանությանը, Դադիվանքը չէր գործում: Ադրբեջանի իշխանությունները վանքի տարածքում գյուղ էին հիմնել, որի բնակիչներն ապրել են նաև վանքի եկեղեցիներում ու շենքերում: Նրանք զգալիորեն վնասել են Կաթողիկեի որմնանկարները: Դադիվանքն ազատագրվել է 1993 թվականի մարտի 31-ին: 1994 թվականին վանքը վերաօծվել է, իսկ 1999- ից մեկնարկել են վերանորոգման աշխատանքները:
Թողնել պատասխան