Սուրբ Սոֆիայի տաճարը իբրև մզկիթ
Սուրբ Սոֆիայի տաճարը (հուն. Αγία Σοφία, «Սուրբ իմաստություն») կառուցվել է մ.թ. 537 թվականին Կ. Պոլսում՝ որպես հունական ուղղափառ քրիստոնեական տաճար: Իր ստեղծման օրվանից մինչև 1453 թվականը այն եղել է բյուզանդական ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց:
1453 թվականին օսման Մեհմեդ Նվաճողը Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել է օսմանյան մզկիթի: Զանգերը, խորանը, իկոնոստասը և շատ մասունքներ ոչնչացվել են, Հիսուսին, Մարիամին, քրիստոնյա սրբերին և հրեշտակներին պատկերող խճանկարները նույն ճակատագրին են արժանացել, ապա սվաղով ծածկվել են: Այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը: Այնուհետև այն աշխարհիկացվել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքի կողմից և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան:
2020 թվականի մայիսի 29-ին Ստամբուլի գրավման 567-րդ տարեդարձի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանից հատվածներ է կարդացել: Այս պատճառով Հունաստանի կողմից քննադատության է արժանացել: Հունիս ամսին Թուրքիայի Կրոնական հարցերի վարչությունը հայտարարել է, որ «մենք ուրախ կլինենք բացել Սուրբ Սոֆիան երկրպագության համար» և եթե դա տեղի ունենա, ապա «մենք մեր կրոնական ծառայությունները կմատուցենք, ինչպես մյուս մզկիթներում»:
Վերջին տասնամյակների ընթացքում եղել են բազմաթիվ քաղաքական փորձեր տաճարը նորից մզկիթի վերածելու: Վերջնականապես 2020 թվականի հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը ստորագրել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան կարգավիճակից մզկիթի վերածելու որոշումը: Այսպես, 86 տարի անց Սուրբ Սոֆիայի տաճարը զրկվում է թանգարանի կարգավիճակից և հուլիսի 24–ից բացվում է որպես մզկիթ։ «Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելը դեպի հզոր Թուրքիան ուղղված քայլ է, իսկ մնացած երկրների կարծիքը նշանակություն չունի», ասել է Էրդողանը:
Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխությունը մեծ դժգոհություն է առաջացրել աշխարհում, իսկ շատ կրոնական ու քաղաքական գործիչներ հայտնել են իրենց բողոքը ու մտահոգությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անդրադարձը Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու վերաբերյալ։ Կաթողիկոսը մասնավորապես ասել է. «Հակառակ համաքրիստոնեական տարբեր կազմակերպությունների, եկեղեցապետերի ու քաղաքական առաջնորդների կոչերին՝ թուրքական կառավարությունն ընդունեց միակողմանի ու դատապարտելի որոշում՝ դրանով իսկ խախտելով Թուրքիայում ազգային կրոնական փոքրամասնությունների իրավունքները։ Ցավով ենք նշում, որ միլիոնավոր քրիստոնյաների կոչերն ու անհանգստություններն անտեսվեցին, հաշվի չառնվեց նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային մշակութային գանձարանում ներառնված լինելու փաստը»։
Ինչպես տեղեկացնում է ”Ազատություն” ռադիոկայանը, Հռոմի Ֆրանցիոկոս Պապը ափսոսանք է հայտնել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանության որոշման կապակցությամբ: Կաթոլիկ եկեղեցու Հովվապետը ասել է, որ անձնական ցավ է ապրել՝ տեղեկանալով Անկարայի այս որոշման մասին:
Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը անտրադարձել է Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը: Պատրիարք Կիրիլը իր անհանգստությունն է հայտնել «թուրք որոշ քաղաքական գործիչների կոչերի առիթով՝ վերանայելու Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը, քրիստոնեական մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկի»: Նա այդ քայլն անվանել է սպառնալիք քրիստոնեական քաղաքակրթությանը, հոգևորականությանն ու պատմությանը:
Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը ”Ակօս” պարբերականի փոխանցմամբ Տասներկու առաքելոց ուղղափառ եկեղեցում իր ելույթի ժամանակ մտավախություն է հայտնել, թե «Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու քայլը աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներին իսլամի դեմ կտրամադրի»: Նա ընդգծել է, որ հատկապես հիմա, երբ մարդկությունը համաճարակի դեմ է պայքարում, իրարից հեռանալու փոխարեն միասնության կարիք կա:
Ինչպես տեղեկացնում է ”Իրատես” թերթը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչով դիմել է Թուրքիային՝ վերանայել Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցչի խոսքով, Սուրբ Սոֆիան անհամաձայնության և անհնազանդության խորհրդանիշ է դառնալու:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հերթին կոչ է անում Թուրքիային Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը չդարձնել մզկիթ՝ նշելով իրավական պարտավորությունները: Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է. «Այա Սոֆիան ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես թանգարան: Սա ենթադրում է մի շարք իրավական պարտավորություններ: Այսպիսով, պետությունը պետք է ապահովի, որ այս տարածքում գտնվող իրերի բացառիկ համընդհանուր արժեքը որևէ կերպ չփոխվի»:
Թողնել պատասխան